Ինֆոքոմ

Երբ հարցը հասնում է Երուսաղեմին, իսրայելա-պաղեստինյան հակամարտությունը մտնում է փակուղի․ Հայկ Քոչարյան

Երբ հարցը հասնում է Երուսաղեմին, իսրայելա-պաղեստինյան հակամարտությունը մտնում է փակուղի․ Հայկ Քոչարյան

Իսրայելա-պաղեստինյան հակամարտության նոր էսկալացիան վերջին օրերին դարձյալ աշխարհի ուշադրության կենտրոնում է։  Հակամարտության վերջին սրումը սկսվել է մայիսի 7-ին Ալ-Աքսա մզկիթի մոտ պաղեստինցիների և իսրայելական ոստիկանության միջև բախումներով։ Ըստ Reuters-ի՝ բախման պատճառ է դարձել Իսրայելի դատարանի որոշմամբ պաղեստինցի ընտանիքների՝ այդ տարածքից վտարման հնարավոր որոշումը։  Ինչպե՞ս է առաջացել այս հակամարտությունը, ո՞րն է վերջին զարգացումների պատճառը, և ի՞նչ հնարավոր հետևանքների կարող է հանգեցնել նոր իրավիճակը։    Սկիզբը Արաբագետ Հայկ Քոչարյանն ասում է, որ խնդիրը ծագում է այն ժամանակ, երբ հրեական ներկայությունը տարբեր դրսևորումներով սկսում է կազմակերպվել Պաղեստինում։ Հրեական ներգաղթի արդյունքում 20-րդ դարի սկզբից սկսած՝ 1931 թվականից, Պաղեստինում հրեական բնակչության ավելացել էր 2 անգամ և կազմում էր ընդհանուր բնակչության 17%-ը։ 1933 թվականին՝ Գերմանիայում Ադոլֆ Հիտլերի իշխանության գալուց հետո, հրեաների ներգաղթը դեպի Պաղեստին եռապատկվեց։ Իսկ արդեն 1947 թվականին ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայի որոշմամբ Պաղեստինը բաժանվեց հրեական և արաբական հատվածների՝ սկիզբ դնելով Իսրայել պետությանը։ Հայկ Քոչարյանի խոսքով՝ 1947-1948 թվականներից էլ սկսվում է հակամարտության ակտիվ փուլը․ «Եթե տիպաբանորեն բաժանենք, խնդիրը ավելի շատ դառնում է իսրայելա-պաղեստինյան հակամարտություն՝ կոնտեքստում ունենալով իսրայելա-արաբական հակամարտությունը, և հաջորդ փուլերը, ըստ էության, փորձ էին Իսրայելի կողմից՝ լոկալիզացնելու խնդիրը ու դարձնելու իսրայելա-պաղեստինյան և ոչ իսրայելա-արաբական հակամարտություն»։ 1967 թվականի հունիսի 5-ին սկսված և վեց օր տևած պատերազմից հետո էլ Իսրայելին հաջողվեց գրավել արաբական երկրներին պատկանող ընդարձակ տարածքներ։ Արաբագետի խոսքով՝ արդեն 2000-ականներին Իսրայելի վարչապետ դարձած Բենիամին Նեթանյահուն կոշտ գծի կողմնակից էր և դեմ էր զիջումների գնալուն․ «Նեթանյահուն «ոչմիթիզական» կոնցեպտի հետևորդն էր, եթե մեր տերմիններով խոսենք։ Նա չէր ընդունում հողեր զիջելը, ընդհակառակը, ամեն ինչ արեց, որ խնդիրը տրանսֆորմացվի այլ մանր խնդիրների, և արդյունքում Միացյալ Նահանգների վարչակազմերի տարբերությունները, վերջին շրջանում ունեցած վերաբերմունքը բավականին լուրջ հնարավորություններ տվեցին այդ գիծը առաջ տանելու, այսինքն՝ լավացնելու հարաբերությունները արաբական երկրների հետ։ Փորձ էր արվում ցույց տալու, որ հակամարտությունը չի վերաբերում արաբական երկրներին։ Այս ամբողջը որոշակիորեն սեղմեց պաղեստինյան խնդիրը, բայց խնդիրը չվերացավ»։ Հայկ Քոչարյանն ասում է՝ բոլոր այն նախաձեռնությունները, որոնցով հանդես են եկել Վաշինգտոնը, Եվրամիությունը, արաբական երկրները, տապալվել են, որովհետև երբ հարցը հասնում է Երուսաղեմին, իսրայելա-պաղեստինյան հակամարտության լուծումը փակուղի է մտնում․ «Բոլոր ներգրավված կողմերի համար Երուսաղեմն իրենցն է։ Իսրայելի համար միասնական Երուսաղեմը իրենց մայրաքաղաքն է՝ ներառյալ արևելյան հատվածը, պաղեստինցիների համար Երուսաղեմն իրենց մայրաքաղաքն է։ Կան կրոնական և դիցաբանական շատ հարցեր։ Երկու ժողովուրդների համար էլ Երուսաղեմը կարևոր սրբատեղի է։ Քանդված Տաճարի պատը հրեաների համար կարևոր սրբատեղի է։ Երուսաղեմում է նաև Ալ-Աքսա մզկիթը, որը Մեքքայից և Մեդինայից հետո հաջորդ սրբավայրն է մուսուլմանների համար»։ Քոչարյանի խոսքով՝ Երուսաղեմը նաև այլ շերտեր ունի․ «Կա քրիստոնեական Երուսաղեմ, բայց քրիստոնեական Երուսաղեմն էլ իր հերթին ունի հայկական Երուսաղեմ։ Այսինքն, քրիստոնեական, մուսուլմանական կամ հրեական ասելով, մենք ոչինչ չենք հասկանում, որովհետև հրեականն էլ ունի իր ուլտրաօրթոդոքս արտահայտման ձևը, կա լիբերալ շերտը։ Նույնը կա մուսուլմանական հատվածում։ Այդ խնդիրը լուծում չունի, քանի դեռ հաշվի չեն առնվում ներգրավված բոլոր շերտերի շահերը, որոնք իրար շատ հակասող են»։   Հակամարտության վերջին սրումը Արաբագետն ասում է, որ այսօր կատարվողը նույնպես կապված է Երուսաղեմի հետ, սակայն հակամարտության նոր սրումը որակական շատ տարբերություններ ունի նախորդ դեպքերի համեմատ։ «Նախորդ շրջանում, երբ խնդիրը հասնում էր ինթիֆադայի (ապստամբություն), տեսնում էինք արաբական երկրների մեծամասնության ներգրավվածությունը, բացահայտ աջակցությունը թե՛ հռետորաբանությամբ, թե՛ միջամտության փորձերով։ Բախումներից մոտ մեկ շաբաթ անց նոր տեսնում ենք Արևմտյան ափի ներգրավվածությունը (Արևմտյան ափում Պաղեստինի՝ միջազգայնորեն ճանաչված իշխանության նստավայրն է՝ Մահմուդ Աբասի գլխավորությամբ։ Կոնֆլիկտի վերջին սրումը, սակայն, կապված է Գազայի հատվածում իշխանության եկած «ՀԱՄԱՍ» շարժման հետ, որը մի շարք երկրներում ահաբեկչական կազմակերպություն է համարվում)։ Այսինքն՝ փորձ է արվում խնդիրը լոկալիզացնել Գազայի հատվածում, իսկ այդ հատվածը վերահսկող «ՀԱՄԱՍ» շարժումը հայտնի է իր ծայրահեղ մոտեցումներով և չի ուզում կամ գոնե հռետորաբանության մակարդակով չի ուզում համագործակցել Իսրայել պետության հետ»։ Արաբագետը նաև ընդգծում է, որ բացի Գազայի հատվածում տեղի ունեցող ռազմական գործողություններից՝ բախումները տեղափոխվել են նաև իսրայելական քաղաքներ։ Խառը բնակչություն ունեցող քաղաքները դուրս են եկել վերահսկողությունից․ «Կա Լոդի (արաբերեն Ալ-Լիդա) օրինակը, որը մինչ այս պահը համարվում էր շատ կրիմինալ տարածք։ Ոչ ֆորմալ առումով այն համարվում էր Իսրայելում նարկո բիզնեսի կենտրոն։ Այս քաղաքը առաջիններից էր, որտեղ սկսվեցին հրեական և արաբական բախումներ։ Հրեական երիտասարդությունը ինքնադատաստան է տեսնում պաղեստինցիների հանդեպ, նույնն էլ արաբական կողմից է։ Արդեն մի քանի քաղաքներում, որտեղ կա խառը բնակչություն, նկատում ենք այդ պրոցեսը, և արդեն որերորդ օրն է՝ իշխանությունը չի կարողանում վերահսկել»։ Հայկ Քոչարյանն ասում է, որ կոնֆլիկտի վերջին սրումն առանձնանում է նաև հետևյալ հանգամանքով․ ոստիկանությունը, հատուկ ուժերը հրեաների և արաբների այս բախումներին ադեկվատ արձագանքել չեն կարողանում․ «Թվում է, թե ունենք զարգացած, հզոր պետություն, որը, սակայն, չի կարողանում վերահսկել իրավիճակը երկրի ներսում և չգիտի ինչ անել Իսրայելի արաբ քաղաքացիների հետ։ Այստեղ առաջին անգամ բախվում են այդ խնդրի հետ, երբ իրենց երկրի (Իսրայելի- խմբ․) քաղաքացիները դեմ են այդ երկրին, որից ստանում են աշխատավարձ, որից ստանում են անվտանգության երաշխքիներ»։ Քոչարյանի կարծիքով, սակայն, բախումները քաղաքացիական պատերազմի չեն վերածվի․ «Չնայած երկրի ղեկավարի կողմից բարձրաձայնվեց քաղաքացիական պատերազմի վտանգի մասին, իմ կարծիքով՝ իրավիճակն այդքան անվերահսկելի չի, կան ռեսուրներ, կան միջոցներ»։ Արաբագետը նաև նկատում է, որ երկրի ներսում սկսված բախումները կարող են ձեռնտու լինել գործող վարչապետ Բենիամին Նեթանյահուին՝ ներքաղաքական խնդիրները լուծելու համար։ Նշենք, որ Իսրայելում վերջին երկու տարվա ընթացքում չորս խորհրդարանական արտահերթ ընտրությունն է կազմակերպվել։ Պատճառն այն է, որ ընտրություններին մասնակցող ուժերը բավարար ձայներ չեն հավաքում՝ ինքնուրույն կառավարություն կազմելու համար, իսկ հիմնական մրցակիցներին չի հաջողվում կոալիցիոն կառավարություն ձևավորել։ Հայկ Քոչարյանի խոսքով՝ հավանական է, որ Նեթանյահուն սրանով վիժեցնում է հակառակորդ կողմերի հետ հնարավոր կոլաիցայի կազմումը․ «Այդտեղ հիմնական կոալիցիայի մեջ պետք է մտնեին արաբական բլոկի ներկայացուցիչները, իսկ այս գործողություններից հետո դժվար է պատկերացնել նման բան, ինչը հուշում է, որ Իսրայելում այս գործողությունների արդյունքում հերթական ընտրություններն են սպասվում։ Նեթանյահուի կոշտ գծի արդարացումը կարող է բերել էլեկտորատի նոր վերաբաշխման և նոր հնարավորություն տալ կա՛մ իր ձայները ավելացնելու տեսքով, կա՛մ ծայրահեղ հրեական կուսակցությունների ներկայացվածության տեսքով, որոնք նույնպես կան և կարող են իրենց ձայները էլեկտորատում ավելացնել»։ Քոչարյանն ընդգծում է, որ Նեթանյահուն տարբեր քրեական գործերով է անցնում․ «Նեթանյահուն երկիրը ղեկավարելու արանքում շաբաթական մի քանի անգամ գնում է դատարաններ ցուցմունք տալու։ Միակ բանը, որ կարող է հետ պահել այդ գծի զարգանալուն և դատարանի առջև կանգնելուն, դեռ իշխանությունը պահելն է»։ Անդրադառնալով Գազայի հատվածում իրականացվող ռազմական գործողություններին՝ արաբագետն ասում է, որ հետագայում հարցեր կառաջանան, թե ինչպես են Գազայի հատվածում այդքան հրթիռներ հայտնվել․ «Գազայի հատվածը շրջափակված է, այդ թվում՝ ծովից։ Իսրայելի սահմանային հատվածը անասելի ամրացված է, հողի տարբեր խորություններով սահմանը բետոնապատված է, որպեսզի հնարավոր չլինի թունելներ փորել դեպի Իսրայել․ ժամանակին դրա միջոցով ահաբեկչություններ էին լինում, թափանցում էին Իսրայել։ Այստեղ երևի հետո հարցեր կառաջանան, թե որտեղից են այդքան հրթիռներ հայտնվել Գազայում, իսկ դա հաջորդիվ կփորձեն պարզել»։   Իրավիճակի հնարավոր հանգուցալուծումները Խոսելով իրավիճակի հնարավոր զարգացումներից՝ Քոչարյանը նշում է, որ լայնամասշտաբ ռազմական գործողություններ արտաքին ուժերի ներգրավմամբ տեղի չեն ունենա․ «Իսրայելական բանակը բավականին մարտունակ բանակ է, իսկ հակառակ կողմը «ՀԱՄԱՍ»-ն է, որը, որպես այդպիսին, բանակ չունի։ Լայնամասշտաբ ռազմական գործողությունների արտաքին ուժերի ներգրավմամբ, իմ կարծիքով, չեն կարող լինել։ Լարվածության կենտրոն կարող են պահել Գազան՝ Իսրայելին ինչ-որ գործերում խանգարելու համար։ Գազայի աշխարահագրական դիրքը այնպիսին է, որ հնարավոր է լոկալիզացնել այդ հատվածը Իսրայելի կողմից և թույլ չտալ արտաքին ուժերի մասնակցություն»։   Միջազգային հանրության արձագանքը Արաբագետն ասում է՝ անհրաժեշտ է իրատես լինել և հասկանալ, որ երկրներն արձագանքում են՝ ըստ իրենց շահերի։ Անգամ այն պետությունները, որոնցից պետք էր սպասել ավելի կոշտ հռետորաբանություն, հակամարտության վերջին սրացման ժամանակ ավելի մեղմ հռետորաբանությամբ են հանդես եկել․ «Օրինակ, Արաբական Միացյալ Էմիրությունների հարաբերությունները լավանում են Իսրայելի հետ, և պարզ է, որ իրավիճակի նոր սրումը նախկին արձագանքը չի ստանում։ Եթե վերցնենք Երուսաղեմում ստեղծված իրավիճակը, այս անգամ ավելի բարդ բաներ են տեղի ունեցել, այսինքն՝ ոստիկանական գործողություններ են տեղի ունեցել հենց մզկիթի տարածքում, զենք է կիրառվել հենց մզկիթի տարածքում, և կապ չունի՝ զենքը մարտական է եղել, թե զսպող»։ Հայկ Քոչարյանն ընդգծում է, որ մուսուլմանական ավանդույթի համաձայն՝ ռամադան ամսին չի թույլատրվում զենք գործածել և ռազմական գործողություններ իրականացնել, եթե չկա սպառնալիք, որովհետև այն սրբազան ամիս է․ «Այս դեպքում որոշ երկների կողմից ինչու՞ չկա կոշտ արձագանք։ Որովհետև դիմացը կա պետություն (Իսրայելը- խմբ․), որը ունի կոնկրետ շահեր, որոնցով փոխկապակցված են այս պետությունները, այսինքն՝ էմոցիաները մի կողմ են դնում»։   Կոնֆլիկտի հնարավոր ազդեցությունը Հայաստանի վրա Քոչարյանն ասում է, որ իսրայելա-պաղեստինյան խնդիրը վերադառնում է միջազգային օրակարգ․ «Թվում էր, թե այս խնդիրը անցել-գնացել էր միջազգային օրակարգից, բայց վերջին սրացումը գերտերությունների ուշադրությունը կարող է կրկին շեղել իր վրա։ Այդ տեսանկյունից միջազգային գործընթացները, որոնք տեղի կունենան մեր հարևանությամբ, մեզ հետ, կարող են շատ չհետաքրքրել միջազգային կենտրոններին, բայց նաև կարող են այդքանով իրար փոխլրացնել, քանի որ լարվածության տարբեր կենտրոններ են ձևավորվում, դառնում են ազդեցության տարբեր գործքիներ, և տարբեր ուժեր կարող են ազդել, այսինքն՝ պրոքսի պատերազմներ կարող են լինել»։ Արաբագետը նաև հիշեցնում է, որ այս փուլում Հայաստանի Հանրապետությունը Իսրայելում չունի դեսպան․ «Շատ կարևոր է, որ դեսպան լիներ, որովհետև երկրի շահերը ներկայացնում է դեսպանը։ Այսինքն՝ մենք ներկայացված չենք, մեր շահերը չկան ոչ մի տեղ այն դեպքում, երբ այնտեղ ունենք հսկայական նյութական և մշակութային ժառանգություն։ Իսրայելում նաև հայկական համայնք կա, որը միայն հայկական թաղամասում չի ապրում։ Ճիշտ է, հայկական թաղամասը հարաբերականորեն անվտանգ է, և այնտեղ հրթիռներ չեն ընկնում, բայց Իսրայելի գրեթե բոլոր քաղաքներում հայեր են ապրում և նրանք նույն կերպով վտանգվում են»։ Վերջին տեղեկություններով՝ երեկ երեկոյան Իսրայելը դարձյալ ավիահարված է հասցրել «ՀԱՄԱՍ»-ին պատկանող ռազմական օբյեկտներին։ Մայիսի 20-ին տեղի կունենա իսրայելա-պաղեստինյան հակամարտության սրացման վերաբերյալ ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայի լիագումար նիստը։ Նանե Ավետիսյան
17:30 - 18 մայիսի, 2021
Նոր տեղերում հայտնվելու պատճառով բանակը մի քիչ մոլորված է․ դա նաև խոսում է այն մասին, որ լավ աշխատանք չի տարվել․ Վարդանով

Նոր տեղերում հայտնվելու պատճառով բանակը մի քիչ մոլորված է․ դա նաև խոսում է այն մասին, որ լավ աշխատանք չի տարվել․ Վարդանով

Բանակը մի քիչ ընկճված է, նոր տեղերում  հայտնվելու պատճառով մոլորված է, սարերում բավականին դժվար է կողմնորոշվել։ Մամուլի ասուլիսի ընթացքում, անդրադառնալով ՀՀ սահմանային իրավիճակին, ասաց «ՈՄԱ» հասարակական-ռազմահայրենասիրական կազմակերպության հիմնադիր հրամանատար Վովա Վարդանովը՝ անդրադառնալով ՀՀ սահմանային իրավիճակին։ «Դա  նաև խոսում է այն մասին, որ լավ աշխատանք չի տարվել, միգուցե բավարար կամ միջին, բայց ոչ լավ»։ Վարդանովի խոսքով՝ նոյեմբերի 9-ին, երբ կնքվել է եռակողմ հայտարարությունը, ինքը գտնվել է Թաղավարդում։ «Իմ մեջքի հետևից մոջահեդները մշտապես գրոհում էին մինչև ամսի 15-ը։ Իմ մոտ մի քանի ալպինիստ կար։ (Ալպինիզմը անհրաժեշտ համարելով փորձում էինք լայն շրջանակների մեջ սպորտաձև դարձնել): Ես իրենց հանձնարարեցի սահմանին մոտիկ բարձունքները կամ անմիջապես ջրբաժանները, որոնք սահման են դառնում, այդ անունները և թվերը շատ արագ կազմեն»,-ասաց Վարդանովը՝ հավելելով, որ բոլոր այդ տվյալները փոխանցել է համապատասխան պաշտոնյաներին։ Վարդանովը նշեց, որ այդ բարձունքները ձնածածկ են եղել։ «Այնտեղ ոչ մի աշխատանք անել գրեթե հնարավոր չէր։ Ձյունը իջավ, թուրքերը մի քիչ ավելի կազմակերպված, մի քիչ ավելի արագ այդ ամենին արձագանքեցին, ձյան պայմաններում իրենք մոտեցել էին այդ բարձունքներին, չէին սպասել՝ լրիվ հալվեր, նոր մոտենային»։ Նա նաև նշեց, որ ձյան պայմաններում արդյունավետ չի լինի սահմանին մշտադիտարկման սարքեր տեղադրելը։ «Ձյան պայմաններում այդ սաքերի մարտկոցները վարի կգնան։ Անհնար է տասնյակ կիլոմետր հոսանք քաշել ձյան պայմաններում, սառույցի պայմաններում»։ Սահմանների կահավորման վերաբերյալ ՀՀ վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանի պնդմանը անդրադառնալով՝ Վարդանովն ասաց․ «Մեր վարչապետը սիրում է վիճաբանել։ Ես չեմ կարծում, որ դա լուրջ տվյալների վրա հենված էր ասում, որովհետև ցանկացած աշխատանք առաջնագծում երևում է։ Նույնիսկ եթե դու գաղտնի գործողություն ես անում։ Այն, ինչ պիտի թաքցնենք հակառակորդից, թաքցնում ենք մեր քաղաքացուց, այն դեպքում, երբ հակառակորդը ամեն ինչից տեղյակ է»։
16:35 - 18 մայիսի, 2021
Ադրբեջանի և Ֆրանսիայի ԱԳ նախարարները քննարկել են ադրբեջանահայկական սահմանին վերջին լարվածությունը

Ադրբեջանի և Ֆրանսիայի ԱԳ նախարարները քննարկել են ադրբեջանահայկական սահմանին վերջին լարվածությունը

Մայիսի 16-ին ֆրանսիական կողմի նախաձեռնությամբ հեռախոսազրույց է տեղի ունեցել Ադրբեջանի Հանրապետության արտաքին գործերի նախարար Ջեյհուն Բայրամովի և Ֆրանսիայի Հանրապետության Եվրոպայի և արտաքին գործերի նախարար Ժան-Իվ Լե Դրիանի միջեւ: Այս մասին հայտնում են Ադրբեջանի ԱԳՆ-ից։ «Նախարարները քննարկել են ադրբեջանահայկական սահմանին վերջին լարվածությունը: Բայրամովը նշել է, որ երկար ժամանակ անց միջոցառումներ են ձեռնարկվել՝ ուղղված Հայաստանի հետ սահմանի ամրապնդմանը՝ տեղեկացնելով նաև Հայաստանի հետ հետ ընթացող բանակցությունների մասին: Բայրամովը ընդգծել է նաև սահմանային լարվածության ուռճացման ու քաղաքականացման անթույլատրելիությունը և բանակցային ճանապարհով այդպիսի խնդիրների լուծման կարևորությունը: Նախարարները մտքեր են փոխանակել նաև հետկոնֆլիկտային հարցերի շուրջ»,- նշված է Ադրբեջանի ԱԳՆ հայտարարության մեջ։
10:13 - 17 մայիսի, 2021
Իրավիճակը Սյունիքի եւ Գեղարքունիքի սահմանին (12․05․21 - 15․05․21)

Իրավիճակը Սյունիքի եւ Գեղարքունիքի սահմանին (12․05․21 - 15․05․21)

15․05․2021 21։29- Այսօր հայկական կողմը ադրբեջանական ԶՈՒ ներկայացուցիչներին ևս մեկ անգամ ներկայացրել է հստակ պահանջ՝ առանց որևէ նախապայմանի հեռանալ ՀՀ տարածքներից։ Քննարկումների արդյունքում պայմանավորվածություն է ձեռք բերվել բանակցությունները շարունակել վաղը՝ ժամը 14։00-ին։ Բոլոր երեք ուղղություններում, որտեղ ադրբեջանական զինվորականները փորձել էին դիրքերի առաջխաղացման գործողություններ իրականացնել, այսօր իրադրության փոփոխություն չի արձանագրվել։ [ՀՀ ՊՆ]   19։23- Ադրբեջանի ԱԳ նախարար Ջեյհուն Բայրամովը ՀԱՊԿ ԱԳ նախարարների խորհրդի նախագահ, Տաջիկստանի ԱԳ նախարար Սիրոջիդդին Մուխրիդինի հետ զրույցում ասել է, որ Հայաստանի՝ ՀԱՊԿ-ին ուղղած դիմումը հիմքեր չունի և ոչ այլ ինչ է, քան Հայաստանի իշխող շրջանակների կողմից այդ հարցը քաղաքականացնելու փորձ: Բայրամովը, կապված ադրբեջանահայկական սահմանին տիրող լարվածության հետ, նշել է, թե «ադրբեջանցի սահմանապահները գտնվում են Ադրբեջանին պատկանող դիրքերում»։   18։48- Ի շարունակություն վերջին օրերին տեղի ունեցած քննարկումների` մայիսի 15-ին ԱԳ նախարարի պաշտոնակատար Արա Այվազյանը հեռախոսազրույցներ է ունեցել ՀԱՊԿ ԱԳ նախարարների խորհրդի նախագահ Սիրոջիդին Մուխրիդդինի և ՀԱՊԿ գլխավոր քարտուղար Ստանիսլավ Զասի հետ: [ՀՀ ԱԳՆ]   18։28- Կայացել է Հայաստանի և Տաջիկստանի ԱԽ քարտուղարներ Արմեն Գրիգորյանի և Նասրուլլո Մախմուդզոդայի հեռախոսազրույցը: Գրիգորյանը, ներկայացնելով իրավիճակը հայ-ադրբեջանական սահմանին, շեշտել է, որ Հայաստանը ակնկալում է ՀԱՊԿ անդամ պետությունների դաշնակցային պարտավորությունների շրջանակներում համարժեք արձագանք: Կողմերը քննարկել են ստեղծված իրավիճակում ՀԱՊԿ կանոնակարգերով և փաստաթղթերով նախատեսված գործիքակազմերի և արձագանքման հնարավոր տարբերակների հետ կապված հարցերը: [ԱԽ]   17։51- Չենք ցանկանում Պաղեստինի իրադրությունը համեմատել նրա հետ, ինչ տեղի ունեցավ ԼՂ-ում: Այս մասին ասել է ՌԴ-ում Պաղեստինի դեսպան Աբդել Հաֆիզ Նոֆալը։ Նա ընդգծել է, որ Պաղեստինը հոյակապ հարաբերություններ ունի Հայաստանի ու Ադրբեջանի, ինչպես նաև լավ հարաբերություններ՝ Թուրքիայի հետ։ Նշենք, որ Թուրքիայի նախագահ Էրդողանը հայտարարել էր, որ «ինչպես վճռականորեն պաշտպանում էին Ադրբեջանին ԼՂ-ում, նույն կերպ աջակցում են պաղեստինցիներին»։ |armenpress.am|   16։49- Անհանգստությամբ ենք հետևում ՀՀ Սյունիքի մարզում և Սև լճում տիրող իրավիճակին, որտեղ Ադրբեջանը մտել է հայկական տարածք։ Անհրաժեշտ է, որ հարգվի միջազգային իրավունքը՝ տարածաշրջանում խաղաղության և կայունության սպառնալիքներից խուսափելու համար։ [Իսպանիայի Կոնգրեսի պատգամավոր, արտաքին գործերի հանձնաժողովի առաջին փոխնախագահ Անտոն Գոմես-Ռեինո]   16։11- Հայաստանի ինքնիշխան տարածքի՝ ադրբեջանական զինված ուժերի կողմից ոտնահարումը վտանգավոր և ագրեսիայի անօրինական գործողություն է, ինչը կայուն վտանգ է ներկայացնում, որի հետ հայ ժողովուրդը շարունակում է առերեսվել: ժողովրդավարական երկրները պետք է Հայաստանի կողքին լինեն։ [Կանադացի սենատոր Լեո Հուսակոս]   16։06- Խորը մտահոգություն ենք հայտնում Ադրբեջանի կողմից Հայաստանի հետ սահմանին իրականացված ռազմական օպերացիաների կապակցությամբ, որոնք հանգեցրել են Սև լճի տարածքում մի քանի կիլոմետր տարածքի նկատմամբ ոտնձգության: Սա սադրանք է, որը պետք է անպայման դադարեցվի ադրբեջանական զորքերի անհապաղ դուրսբերմամբ՝ տարածաշրջանում հետագա նոր սրացումից խուսափելու համար: Դիմում ենք կառավարությանը և միջազգային հանրությանը, որպեսզի իրենց ձայնը լսելի դարձնեն կարգը վերականգնելու համար՝ հարգելով ՀՀ լիիրավ ինքնիշխանությունն ու տարածքային ամբողջականությունը։ [«Իտալիայի եղբայրներ» կուսակցության արտաքին հարցերով պատասխանատու և Եվրախորհրդարանում կուսակցության պատվիրակության ղեկավար Կարլո Ֆիդանցա]   15։27- Մեր տարածք ներխուժած թշնամուն համարժեք պատասխան չտալը իշխանությունները բացատրում են նրանով, որ դա կարող էր դառնալ նոր լայնածավալ պատերազմի բռնկման պատճառ: Սակայն մեր բանակը պարտավոր է կատարել իր ուղիղ պարտականությունը՝ պաշտպանել ՀՀ տարածքային ամբողջականությունը: Եթե բանակն իր վրա չվերցնի ՀՀ տարածքային ամբողջականությունը պաշտպանելու իր պարտականությունը, պարտավոր ենք նախաձեռնել աշխարհազորայինների հավաքագրման գործընթաց։ [«Հայրենիքի փրկության շարժում]   13։10- Մեկ անգամ ևս ընդգծում ենք, որ ադրբեջանական կողմը ներխուժել է Հայաստանի ինքնիշխան տարածք: Մենք բարձր ենք գնահատում մեր միջազգային գործընկերների կոչերն ուղղված Ադրբեջանին՝ անհապաղ դուրս բերելու իր զինված ստորաբաժանումները ՀՀ տարածքից: ՀՀ ԱԳՆ-ն հուսով է, որ ադրբեջանական կողմը կանսա այդ կոչերին և չի գնա իրադրության հետագա լարման: ՀՀ-ն վճռական է բոլոր միջոցները ձեռնարկել՝ ապահովելու իր տարածքային ամբողջականությունը, ինչի մասին տեղեկացրել է նաև իր գործընկերներին տարբեր հարթակներում: [ԱԳՆ խոսնակ Աննա Նաղդալյան]   12։21- Ստեղծված իրավիճակը բավական լարվածություն է մտցրել Վերին Շորժայի բնակիչների մոտ, թեև մարդիկ ապրում են իրենց բնականոն հունով` երեխաները դպրոց են հաճախում, մեծերը՝ հողագործությամբ զբաղվում։ Տեղում բանակցություններ են վարում բանակային կորպուսի, ՊՆ ներկայացուցիչները, ինչպես նաև ադրբեջանցիների կողմից ներկայացուցիչներ։ Ինքս մի քանի տեղերում ներկա եմ եղել բանակցություններին, որևէ լարվածություն չեմ նկատել։ Անգամ ադրբեջանցի հրամանատարներից մեկն ասաց` եթե մեզ ասեն՝ հետ վերադարձեք, ներողություն կխնդրենք ու կվերադառնանք նախկին դիրքեր։ Տեղի բնակիչներին ճշմարտությունն է ներկայացվում, քանի որ բնագծերն այնքան մոտ են, որ նրանք անձամբ կարող են իրավիճակին «մոտիկից» ծանոթանալ։ [Վարդենիս խոշորացված համայնքի ղեկավար Արամ Մելքոնյան] |armeniasputnik.am|   11։37- Մենք ի գիտություն ենք ընդունում մեր միջազգային գործընկերների արձագանքը ՀՀ սահմանամերձ մարզերում տեղի ունեցող զարգացումների վերաբերյալ և կարևորում ենք Ադրբեջանի զինված ուժերը հետ քաշելու նրանց պահանջները: [ԱԳՆ խոսնակ Աննա Նաղդալյանի արձագանքը՝ ԱՄՆ Պետդեպի կողմից Սյունիք և Գեղարքունիք ադրբեջանական ԶՈՒ-երի ներուժման մասին հայտարարության մեջ «վիճելի տարածքներ», «դեմարկացման հարցեր» եզրույթների օգտագործման վերաբերյալ] |tert.am|   10։32- Մայիսի 15-ի առավոտյան դրությամբ, Սյունիքի և Գեղարքունիքի մարզերի սահմանային հատվածներում իրավիճակը դեռևս չի հանգուցալուծվել: Հայկական ստորաբաժանումների ձեռնարկած գործողությունների արդյունքում ադրբեջանական զինվորականները ստիպված են եղել հեռանալ որոշ հատվածներից, սակայն նրանց մի մասը շարունակում է գտնվել ՀՀ տարածքում։ ՀՀ ԶՈՒ-երը ևս մեկ անգամ հայտարարում են, որ ոտնձգությունները Հայաստանի ինքնիշխան տարածքների հանդեպ բացարձակ անընդունելի են, և ադրբեջանական կողմը պարտավոր է առանց նախապայմանների վերադառնալ իր ելման դիրքեր։ Ակնկալվում է, որ խնդրի խաղաղ հանգուցալուծման նպատակով սկսված բանակցությունները կշարունակվեն այսօր: Կրկին կոչ ենք անում ձեռնպահ մնալ չստուգված, առավել ևս կեղծ տեղեկություններ տարածելուց: ՊՆ-ն օրվա ընթացքում, պարբերաբար հանդես կգա համապատասխան պարզաբանումներով: [ՀՀ ՊՆ]   09։58- Վերին Շորժա գյուղի ուղղությամբ ադրբեջանցիների կողմից հայ զինծառայողներին շրջափակման մեջ վերցնելու մասին լուրերը չեն համապատասխանում իրականությանը։ Բոլոր երեք ուղղություններով, որոնցով հակառակորդը մտել է հայկական տարածք, ՀՀ զինուժն ունի լիարժեք վերահսկողություն ինչպես տարածքի, այնպես էլ այդտեղ գտնվող ադրբեջանցի զինվորականների և նրանց ապահովման ուղիների նկատմամբ։ [ՀՀ ԶՈւ ԳՇ] |infocheck.am|   00։39- Մենք կարևորում ենք տարածաշրջանում կայունության և խաղաղության պահպանումը, Հայաստանին ու Ադրբեջանին կոչ ենք անում ցուցաբերել զսպվածություն, զերծ մնալ ցանկացած հակամարտությունից և հարգել սահմանները: Իրանը ուշադրությամբ և հստակորեն հետևում է Հայաստանի և Ադրբեջանի ընդհանուր սահմանների վերջին իրադարձություններին, և հուսով է, որ վեճը կլուծվի հնարավորինս շուտ կողմերի խոհեմությամբ և խաղաղ ճանապարհով։ [Իրանի ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Սայիդ Խաթիբզադե] |tert.am|   00։00-Այսօր առավոտից համացանցում և տարբեր լրատվամիջոցներով շրջանառվող տեղեկությունները ադրբեջանական ԶՈւ ստորաբաժանումների առաջխաղացման նոր դեպքերի մասին չեն համապատասխանում իրականությանը: Ադրբեջանական ստորաբաժանումները մայիսին 13-ից հետո ոչ միայն առաջ չեն եկել, այլև հայկական ԶՈւ գործողությունների արդյունքում ստիպված են եղել հեռանալ որոշ տարածքներից: [ՀՀ ՊՆ]   14․05․2021թ․   23:39- Կանադային անհանգստացնում են Հայաստանի և Ադրբեջանի միջև լարվածության աճի մասին հաղորդագրությունները՝ կապված հայկական տարածք ներխուժման մասին լուրերի հետ: Բոլոր կողմերին կոչ ենք անում ամբողջությամբ հարգել նոյեմբերի 10-ին ձեռք բերված հրադադարի մասին համաձայնագիրը և շարունակել բանակցությունները մշտական և խաղաղ կարգավորման շուրջ: Բոլոր գործողությունները, որոնք խաթարում են հրադադարի ռեժիմը և սրում են լարվածությունը, պետք է դադարեցվեն։ [Կանադայի ԱԳ նախարար Մարկ Գառնո]23:10- Եվրամիությունն ուշադրությամբ հետևում է Հայաստանի և Ադրբեջանի սահմանին տիրող անհանգստացնող իրադարձություններին և հորդորում է առավելագույն զսպվածություն ցուցաբերել սահմանին։ Սահմանների սահմանազատումը և սահմանաչափումը պետք է լուծվեն բանակցությունների միջոցով՝ ելնելով տեղի բնակչության անվտանգության ապահովումից։ Մենք ողջունում ենք երկու կողմերի միջև շարունակվող տեխնիկական շփումները: [ԵՄ դիվանագիտության ղեկավար Ժոզեպ Բորել] |24news.am|23:03- Մենք ուշադիր հետևում ենք իրավիճակին: Ուժերի տեղաշարժն այս տարածքներում անպատասխանատու է, ինչպես նաև՝ անհարկի սադրիչ: Հուսով ենք, որ Ադրբեջանն անմիջապես դուրս կբերի իր բոլոր ուժերը և կդադարեցնի հետագա սադրանքները։ [ԱՄՆ Պետդեպարտամենտի մամուլի ծառայության ղեկավարի տեղակալ Ջալինա Պորտեր]22:22- Ադրբեջանի տխրահռչակ նախագահը տպավորություն է ստացել, թե «մարսել է» Արցախի որոշ տարածքների օկուպացիան, պատերազմական հանցագործությունները, այն ամենը, ինչի համար միջազգային քրեական իրավունքով կարող է դատապարտվել: Դա ժամանակավոր պատրանք է․ մարդը, երբ էյֆորիայի մեջ է մտնում, սկսում է սխալը սխալի հետևից անել, և սա տալիս է մեզ հնարավորություն՝ պատժելու Ադրբեջանին։ Միանշանակ է, որ միջազգային մակարդակում արձանագրված է՝ խախտվել է Հայաստանի սահմանը, և Ադրբեջանը պետք է դուրս գա: Եթե բանակցությունները չեն ստացվում, բնականաբար սա վերաճելու է ռազմական կոնֆլիկտի՝ ուժի կիրառմամբ, որովհետև ուրիշ ելք չի կարող ունենալ: Մինչ այս պահը կառավարության գործողությունները համահունչ են իրավիճակին, ադեկվատ են, և սխալի հնարավորություն չենք տվել, որը կկիրառվի մեր դեմ։ Ադրբեջանը մտել է մեր տարածք և հիմա չգիտի՝ ոնց դուրս գա, որ խայտառակ չլինի։ [Էդմոն Մարուքյան] |tert.am|21:47- Ազգային ժողովը միաձայն, 86 կողմ ձայնով ընդունեց «Բարգավաճ Հայաստան» խմբակցության ներկայացրած՝ ՀՀ տարածքային ամբողջականության նկատմամբ Ադրբեջանի ոտնձգությունը դատապարտող հայտարարության նախագիծը:21:04- ՀՀ տարածքային ամբողջականության պաշտպանության, հնարավոր պատերազմական գործողությունների կանխարգելման, բնակչության ֆիզիկական պաշտպանության հարցում ՀՀ իշխանությունները պարտավոր են անհապաղ համախմբել ողջ պաշտպանական և անվտանգային ներուժն ու միջոցները։ Ադրբեջանի իշխանությունների կողմից Հայաստանի տարածքային ամբողջականությունը խախտելու, ՀՀ քաղաքացիների անվտանգությանը սպառնալու հարցով պետք է դիմել ՄԱԿ-ի Անվտանգության խորհուրդ՝ կիրառելու ՄԱԿ-ի կանոնադրությամբ նախատեսված գործողություններ և ընդունելու անհրաժեշտ որոշումներ: [Քաղաքացիական հասարակության կազմակերպությունների հայտարարությունը]20:35- Մեր պատկերացումն այն է, որ երկու կողմից սահմանի պահպանություն իրականացնեն սահմանապահ զորքերը և զինված ուժերի ստորաբաժանումները տեղափոխվեն մշտական տեղակայման վայրեր։ Հայկական կողմն, ըստ էության, պատրաստ է այսպիսի լուծման: Սա նշանակում է, որ կլինի սահման կամ սահմանային կետերի շուրջ որոշակի պատկերացում, երկու կողմից ներկա կլինեն միայն սահմանապահ զորքերը, և դա կնշանակի բոլորովին այլ ռազմական-քաղաքական իրավիճակ: Գործարկված են այնպիսի մեխանիզմներ, որոնք վստահություն են տալիս՝ այս ճանապարհով հնարավոր կլինի պաշտպանել ՀՀ տարածքային ամբողջականությունը, ինքնիշխանությունը: [Նիկոլ Փաշինյան]|armenpress.am|20:09- Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնի դիրքորոշումը հայ-ադրբեջանական սահմանին ստեղծված իրավիճակի վերաբերյալ եղել է միանշանակ. նա հայտարարել է` դիտարկում է հարցի տեղափոխումը ՄԱԿ-ի Անվտանգության խորհուրդ: Ֆրանսիայի նախագահը նաև ասել է`անվտանգության ՄԱԿ-ի մանդատով, ըստ անհրաժեշտության, Ֆրանսիան պատրաստ է նաև ռազմական աջակցություն ցուցաբերել հարցի կարգավորման միջազգային ջանքերին: Կարծում եմ` կարևոր է, որ այս թեմայով ԱԽ մշտական անդամները միմյանց հետ հաղորդակցության մեջ լինեն, քննարկեն: Մենք ուշիուշով հետևում ենք այդ իրադարձություններին և մեր դիրքորոշումները հստակ հայտնում ենք։  [Նիկոլ Փաշինյան] |24news.am|20:08- Այսօր բանակցություններն ընդհատվել են, եւ շարունակությունը տեղի կունենա վաղը՝ ժամը 15:00-ին։ [Նիկոլ Փաշինյան]20:05- Երեկվանից մեկնարկել են բանակցություններ՝ տվյալ իրավիճակը լուծելու ուղղությամբ։ Այդ բանակցություններում մեր դիրքորոշումը հստակ է եւ միանշանակ՝ Ադրբեջանի ԶՈՒ-երը պետք է լքեն ՀՀ տարածքը։ Այս դիրքորոշումն արձանագրված է որպես բանակցային բովանդակություն եւ այս դիրքորոշումը ՀԱՊԿ-ի հետ մեր հաղորդակցության հիմքն է։ [Նիկոլ Փաշինյան]19:59- Որոշվել է գործի դնել ՀՀ անվտանգային համակարգի ռազմաքաղաքական մեխանիզմները։ Ինչո՞ւ. որովհետև լոկալ բախման տրամաբանության մեկնարկի պարագայում հետագայում շատ դժվար կլիներ հիմնավորել՝ ով է առաջինը կրակրել, ով որտեղ պետք է լիներ: Մեզ համար կարևոր է եղել իրավիճակի հստակ արձանագրումը և ապացուցելիությունը: Այս պատճառով գործի է դրվել ՀԱՊԿ վերաբերյալ 2-րդ հոդվածը: Այսօր բանակցություններին միացել է նաև Ռուսաստանի 102-րդ ռազմաբազայի ներկայացուցիչը՝ իրենց աշխատանքային քարտեզներով: Արձանագրվել է, որ ռազմաբազայում առկա քարտեզները աներկբա են դարձնում սահմանային գծերի մեր պնդումները: Սա նշանակում է, որ դա հավաքական անվտանգության պայմանագրի տարածք է, և հայ-ռուսական միացյալ զորախմբի գործունեության տարածք։ [Նիկոլ Փաշինյան] |armtimes.com|19:48- Այսօր նամակով դիմել եմ ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինին, որպեսզի Ռուսաստանը նաև ռազմական օգնություն ցուցաբերի Հայաստանին՝ 1997թ-ի Բարեկամության, համագործակցության և փոխօգնության մասին պայմանագրի համաձայն: Դա արվել է այն բանից հետո, երբ ամենաբարձր մակարդակով պայմանավորվածություններից հետո, համաձայն որոնց Ադրբեջանը պետք է դուրս բերի իր զորքը ՀՀ սուվերեն տարածքից, այդ պայմանավորվածությունները կատարվել են միայն մասամբ: [Նիկոլ Փաշինյան] |armenpress.am|19:43- Եթե հաստատվի, որ Բաքուն ռազմական օպերացիա է իրականացնում ՀՀ տարածքում, դա պետք է դաշնային կառավարության և միջազգային հանրության կողմից հստակորեն դատապարտվի: Վերջին շրջանի կրկնվող լարվածությունը ցույց է տալիս, որ զինադադարն ամենևին խաղաղության հաստատում չէ: Անկախ Ադրբեջանի կառավարության ծածուկ նպատակներից՝ այս քայլն արդեն իսկ Հայաստանում նախատեսվող ընտրությունների վրա ազդեցության փորձ է։ ԵՄ-ն չի կարող թույլ տալ, որ վտանգվի այն ժողովրդավարական գործընթացը, որը սկսվել է «թավշյա հեղափոխությունով։ [ԳԴՀ Բունդեսթագի «Դաշինք 90/Կանաչներ» խմբակցություն] |1lurer.am|19:25- Արա Այվազյանը հեռախոսազրույց է ունեցել ՀԱՊԿ ԱԳ նախարարների խորհրդի նախագահ, Տաջիկստանի ԱԳ նախարար Սիրոջիդին Մուխրիդդինի հետ: Ի շարունակումն ՀՀ վարչապետի պաշտոնակատարի անունից ՀԱՊԿ անդամ պետությունների ղեկավարներին ուղարկված նամակների՝ Արա Այվազյանն ընդգծել է Հավաքական անվտանգության մասին պայմանագրի 2-րդ հոդվածով նախատեսված խորհրդատվությունների մեխանիզմը գործադրելու անհրաժեշտությունը: Սիրոջիդին Մուխրիդդինը Արա Այվազյանին տեղեկացրել է, որ ՀԱՊԿ Հավաքական անվտանգության խորհրդի գործող նախագահ, Տաջիկստանի նախագահ Էմոմալի Ռահմոնի կողմից արդեն իսկ տրվել են համապատասխան կարգադրություններ։19:12- Ռազմական սպառնալիքները Ադրբեջանի համար դառնում են հարաբերությունները կարգավորելու հիմնական և անընդունելի գործիք։ Սա հերթական ցուցիչն է, որ հարևան պետությունը արհամարում է միջազգային իրավունքը, իրեն դրսևորում՝ որպես ահաբեկչական կազմավորում։ Հայաստանի կառավարությունը չպետք է ենթարկվի շանտաժի՝ միաժամանակ ՀՀ տարածքային ամբողջականությունը վերականգնելու նպատակով գործադրելով բոլոր հնարավոր արդյունավետ միջոցները։ Այս իրավիճակում բոլոր կուսակցությունները և հանրային-քաղաքական այլ ուժերը պետք է գան համաձայնության առ այն, որ նախքան ընտրությունների միջոցով նոր և լեգիտիմ ԱԺ-ի և կառավարության ձևավորումը, գործող կառավարությունը և ԱԺ-ն Ադրբեջանի հետ որևէ բանակցային փաստաթուղթ չպետք է ստորագրեն։ [ՔՈ կուսակցություն]18:46- «ԱԺ-ն հայտարարում է՝ ձեռնարկելու են վճռական կոշտ գործողություններ՝ Ադրբեջանի ռազմական ագրեսիան կասեցնելու եւ ՀՀ ժողովրդին եւ ինքնիշխան տարածքը պահպանելու նպատակով, կոչ է անում միջազգային հանրությանը դատապարտել Ադրբեջանի կողմից ՀՀ տարածքային ամբողջականության դեմ ուղղված սադրիչ գործողությունները, ուժի գործադրման սպառնալիքները ու փաստացի գործադրումը, որը սպառնում է տարածաշրջանային փխրուն խաղաղությանը եւ անվտանգությանը»։ [ԲՀԿ-ն առաջարկում է ստեղծված իրավիճակի վերաբերյալ ԱԺ հայտարարության նախագիծ ընդունել]18:44- Infocom-ի հետ զրույցում Կութ բնակավայրի վարչական ղեկավար Սիմա Չիտչյանը հաստատեց լուրը, որ ադրբեջանական կողմը մայիսի 12-ին իրենց գյուղից մի քանի կիլոմետր հեռավորության վրա է հատել ՀՀ սահմանը։ Գյուղի հովիվները հանդիպել են ադրբեջանցի զինվորերին և վերջիններիս ասածներից հասկացել, որ նրանք իրենց ասել են անասուններին իջեցնել սարերից։ Հովիվներն անասուններին սարերից իջեցրել են, նրանց և ադրբեջանցի զինվորականների միջև միջադեպ չի գրանցվել։ Կութում իրավիճակը սովորական է։18։00 - ԱԺ արտահերթ նիստ․ օրակարգում հայ-ադրբեջանական սահմանին տիրող իրավիճակն է․ ուղիղ   17։49 - Մայիսի 14-ին Armlur լրատվակայքը հրապարակել է Գեղարքունիքի մարզի Վերին Շորժա գյուղից շուրջ 6 կմ դեպի արևմուտք ընկած հատվածից տեսանյութ, որտեղ երևում էին ադրբեջանցի զինծառայողներ։ Razm.info-ն տեղորոշել է տեղանքը և պարզել, որ ադրբեջանական կողմը ՀՀ տարածքում ուղիղ գծով առաջացել է շուրջ 2 կմ։ |razm.info|   17:38 - Ադրբեջանը, օգտվելով ՀՀ իշխանությունների այսպես կոչված՝ խաղաղասիրական քաղաքականությունից, հանցավոր անգործությունից, ամենաթողությունից, խախտել է մեր երկրի տարածքային ամբողջականությունը։ Ադրբեջանի զավթողական ախորժակը բացվել է բացառապես Նիկոլ Փաշինյանի գլխավորած վարչախմբի հակահայկական քաղաքականության պատճառով։ Սյունիքի ու Գեղարքունիքի մարզերում ադրբեջանական զինվորականների ներխուժման արդյունքում մեզ համար անվտանգային լրջագույն սպառնալիքներ են առաջացել։ Իրավիճակը հղի է ռազմական լայնամասշտաբ բախման վտանգով՝ նոր պատերազմով և տարածաշրջանային անկայունության պոտենցիալով։ ՀՀ զինված ուժերը պարտավոր են ապահովել մեր սահմանների պաշտպանությունը։[«Հայաստան» դաշինք]   17։37 - Բնակիչները տեղեկացրել են ՄԻՊ-ին, որ չեն կարողանում այլևս օգտվել արոտավայրերից, զբաղվել անասնապահությամբ, որ իրենց ընտանիքների եկամտի աղբյուրն է, խոշոր ու մանր եղջերավոր կենդանիներին չեն կարողանում պահել մակատեղիներում, ջուր խմեցնել կամ արածեցնել, չեն կարող հանգիստ լինել ոռոգման ու ջրային պաշարների իրենց հասանելիության համար: Ադրբեջանական զինվորականների ներկայությունը վտանգում է իրենց կյանքն ու անվտանգությունը, խաթարել է հոգեկան անդորրը: Բնակիչները նշել են, որ Վերիշեն և Ակներ բնակավայրերը պետք է ընդգրկվեն ՀՀ սահմանամերձ համայնքների ցանկում, ինչը հնարավորություն կտա օգտվել սոցիալ-տնտեսական արտոնություններից: [ՀՀ ՄԻՊ]   17։14 - Ադրբեջանը հավատարիմ է տարածաշրջանում լարվածության վերացմանը և բանակցում է Հայաստանի հետ սահմանին տիրող իրավիճակի շուրջ։ Ադրբեջանը հավատարիմ է տարածաշրջանում լարվածությունը վերացնելուն: Սահմանում լարված իրավիճակը հնարավորինս շուտ լուծելու համար ԱՀ պետական սահմանապահ ծառայության ղեկավարությունը մի քանի ժամով ուղարկվել է տարածաշրջան և բանակցություններ են տարվում հակառակ կողմի հետ։ [Ադրբեջանի ԱԳ նախարար Ջեյհուն Բայրամովն՝ ԱՄՆ պետքարտուղարի օգնականի պաշտոնակատար Ֆիլիպ Ռիկերին] |tert.am|   17։04 - Վաղարշակ Հարությունյանը Սերգեյ Շոյգուին ներկայացրել է ստեղծված իրադրությունում հայկական կողմի գործողությունները, նշելով, որ բոլոր այն վայրերում, այդ թվում նաև Սև լճում, ուր ներխուժել են ադրբեջանցիները, թե՛ ամբողջ տեղանքը, թե՛ զինվորականները և թե՛ նրանց ապահոման ճանապարհները գտնվում են հայկական բանակի լիարժեք վերահսկողության տակ։ Գերատեսչության ղեկավարը, կարևորելով իրադրության խաղաղ հանգուցալուծման անհրաժեշտությունը, միևնույն ժամանակ, անթույլատրելի է համարել ՀՀ ինքնիշխան տարածքի հանդեպ ցանկացած ոտնձգություն։ Հեռախոսազրույցի ընթացքում Վաղարշակ Հարությունյանն ու Սերգեյ Շոյգուն քննարկել են նաև հայ-ռուսական ռազմական համագործակցությանը, Արցախում ռուսական խաղաղապահ զորախբի առաքելությանը, ինչպես նաև տարածաշրջանային անվտանգությանն առնչվող մի շարք հարցեր։   16։56 - Ես չգիտեմ, թե ինչու է հենց երկրորդ հոդվածով դիմե ՀԱՊԿ-ին, բայց ես, ուսումնասիրելով փաստաթուղթը, եկել եմ այն եզրահանգման, որ հայկական կողմը չի ուզեցել իր ունեցած բոլոր փամփուշտները կրակել: Մենք դեռևս կրակել ենք երկրորդ հոդվածի փամփուշտը, և ոչ չորրորդ: Սա նշանակում է, որ մենք միանգամից ՀԱՊԿ-ից զորք չենք ուզել, որովհետև մենք էլ զորք ունենք, պետք լինի, մենք մեր զորքով կմիջամտենք: Որից հետո, եթե դա դառնա մեծ էսկալացիա, բնականաբար 4-րդ հոդվածը կսկսի գործել՝ մեր դիմումի լույսի ներքո։ Եթե այս խնդիրը չկարգավորվի, ապա ռազմական նոր կոնֆլիկտ կլինի ՀԱՊԿ տարածքում: [Էդմոն Մարուքյան] |armenpress.am|   16։49 - Վաղարշակ Հարությունյանն ընդունել է աշխատանքային այցով Հայաստան ժամանած ՌԴ զինված ուժերի հարավային ռազմական օկրուգի հրամանատար, բանակի գեներալ Ալեքսանդր Դվորնիկովին։ Քննարկվել են Սյունիքի մարզում ստեղծված իրադրությունն ու դրա հանգուցալուծման ուղիները, ՀՀ զինված ուժերում մեկնարկած բարեփոխումները, անդրադարձ է կատարվել նաև տարածաշրջանային անվտանգության հետ կապված հարցերի։ Զրուցակիցները բարձր են գնահատել երկկողմ ռազմական համագործակցության մակարդակը և վստահություն հայտնել, որ նախանշված ծրագրերը կիրականացվեն ժամանակին և ամբողջ ծավալով։ [ՀՀ ՊՆ]   16։34 - Մենք պետք է ստիպենք նրանց՝ շպրտվեն, իրենց տեղը նստեն: Մենք չենք հանդուրժելու, պատրաստ ենք դրան: Մենք չենք ուզում կրակոցով, երկկողմանի լարվածություն: Այս պահի դրությամբ հանգիստ բանակցություններ են գնում: Ժողովրդի բարոյահոգեբանական վիճակն այս պահին լարված է, ամեն ընտանիք այս պահին գիտի, որ Սև լճում սահմանը խախտվել է: Բայց ժողովուրդը պատրաստ է դուրս գալու, հայրենիք պաշտպանելու։ [Սյունիքի մարզպետ Մելիքսեթ Պողոսյան] |armtimes.com|   15։34 - Արա Այվազյանը տեղեկացրել է ՀԱՊԿ ԳՔ Ստանիսլավ Զասին առ այն, որ ՀՀ վարչապետի պաշտոնակատարի անունից նամակներ են ուղարկվել Հավաքական անվտանգության մասին պայմանագրի կազմակերպության Հավաքական անվտանգության խորհրդի նախագահող Տաջիկստանի նախագահին և Խորհրդի անդամներին՝ Պայմանագրի 2-րդ հոդվածով նախատեսված խորհրդատվությունների ընթացակարգը գործի դնելու խնդրանքով: Զրուցակիցները շարունակել են քննարկումները մայիսի 12-ից ՀՀ պետական սահմանին ստեղծված դրության և իրավիճակի հանգուցալուծման ուղղությամբ ձեռնարկվող քայլերի շուրջ:   15։21 - ՀԱՊԿ քարտուղարությունն Սյունիքի իրավիճակի հետ կապված ոչ մի փաստաթուղթ դեռ չի ստացել, սակայն աշխատանքային ակտիվ շփումներ են ընթանում հայ պաշտոնյաների հետ։ ՀԱՊԿ գլխավոր քարտուղար Ստանիսլավ Զասն այսօր ևս մեկ հեռախոսազրույց է ունեցել ՀՀ պաշտպանության նախարարի պաշտոնակատար Վաղարշակ Հարությունյանի հետ: [ՀԱՊԿ մամուլի քարտուղար Վլադիմիր Զայնետդինով] |РИА Новости| |armtimes.com|   15։05 - Ես համոզված եմ, որ այս կամ այն կերպ մենք հասնելու ենք հանգուցալուծման, որովհետև շատ հստակ է, որ ադրբեջանական զինված ուժերն անցել են ՀՀ սուվերեն տարածքը և մենք միանշանակ ցանկանում ենք խաղաղ ձևով հանգուցալուծել իրավիճակը, պատրաստ ենք հանգիստ և հանդարտ իրավիճակում քննարկումներ անցկացնելուն։ Պետք է պատրաստ լինենք մեր ինքնիշխան տարածքի պաշտպանությանը, իսկ վատ սցենարի դեպքում ակնկալում ենք մեր դաշնակիցների աջակցությունը։ Բայց հուսով եմ, որ որևէ վատ սցենար չենք ունենա և բանակցությունների միջոցով բոլոր հարցերը կլուծենք։ [Տիգրան Ավինյան]   15։01 - Ակնհայտ է, որ սա ճգնաժամային իրավիճակ է, ադրբեջանական կողմը, հատելով հայկական պետական սահմանը, խախտել է մեր պետության օրենսդրությունը, տարածքային ամբողջականությունը և հայտնվել մի տեղում, որտեղ չպետք է հայտնվեր։ Այդ իմաստով հայկական կողմի գործողությունները կարող են լինել երկու ուղղությամբ․ առաջինն այն էր, որ հենց ի սկզբանե հատելու ժամանակ փորձ արվեր կանխել և հարված հասցնել: Սակայն, իրավիճակն այնպիսին է, որ նրանք եկել այնտեղ, տեղակայվել են, նոր են հայտնաբերվել։ [Էդմոն Մարուքյան]   14։48 - «Հանրապետություն» կուսակցությունը ստեղծված իրավիճակի և Սյունիքով տարանցիկ ճանապարհների խնդրի լիարժեք հանգուցալուծումը տեսնում է ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի բանաձևի ընդունումով, ինչպես առաջարկել է Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը:   14։24 - Փաշինյանը Սյունիքի մարզում տիրող իրավիճակի հետ կապված Պուտինից օգնություն չի խնդրել: Իհարկե, հայկական կողմը ծայրաստիճան անհանգստություն է հայտնել սահմանին տիրող իրավիճակի կապակցությամբ: Այս մտահոգությունը կիսել է նաև նախագահ Պուտինը: Եվ նախագահ Պուտինը շեշտել է եռակողմ համաձայնագրերի բոլոր դրույթների կատարման անհրաժեշտությունը: Առաջին հերթին այն դրույթը, որը վերաբերում է հրադադարի ռեժիմի պահպանման հրաժեշտության մասին: [ՌԴ ղեկավարի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկով] |tert.am|   14։21 - Խորհրդարանական ընդդիմադիր երկու ուժերը՝ ԼՀԿ-ն և ԲՀԿ-ն արտահերթ նիստ անցկացնելու առաջարկով ստորագրություններ են ուղարկել ԱԺ նախագահին: Դեռ պատասխան չկա, լինելու դեպքում երեկոյան 18:00-ին հավանական է, որ նիստ կանցկացվի: [«Լուսավոր Հայաստան» խմբակցության պատգամավոր Անի Սամսոնյան] |tert.am|   13։20 - Վարդենիսի ուղղությամբ գիշերը ադրբեջանական զինված ուժերը որևէ առաջխաղացում չեն ունեցել։ Իրենք ինչպես նստած էին նույն տեղում, այդպես էլ մնացել են: [Վարդենիսի քաղաքապետ Արամ Մելքոնյան] |armtimes.com|   13։01 - Ուշադրությամբ հետևում ենք ադրբեջանական և հայկական կողմերի միջև սահմանային միջադեպի հետ կապված իրավիճակին: Ելնում ենք նրանից, որ նման բոլոր դեպքերը պետք է լուծվեն բացառապես քաղաքական և դիվանագիտական մեթոդներով: ՌԴ-ն պատրաստ է ամեն կերպ շարունակել նպաստել Հարավային Կովկասում իրավիճակի հետևողական կարգավորմանը։ [ՌԴ ԱԳՆ խոսնակ Մարիա Զախարովա] |tert.am|   12։52- Կայացել է ՀՀ և ՌԴ ԱԽ քարտուղարներ Արմեն Գրիգորյանի և Նիկոլայ Պատրուշևի հեռախոսազրույցը, որի առանցքային թեման հայ-ադրբեջանական սահմանին ստեղծված իրավիճակն էր: Գրիգորյանը ընդգծել է, որ ՀՀ-ն սա դիտարկում է որպես Ադրբեջանի կողմից ՀՀ սուվերեն տարածքի նկատմամբ ոտնձգություն, և ադրբեջանական զինված ստորաբաժանումները պետք է թողնեն այդ տարածքները։ Նա հայտնել է, որ ադրբեջանական կողմի հավակնությունները անհիմն են, և որ կան խորհրդային շրջանից մնացած քարտեզներ, որոնք հիմնավորում են վերոնշյալ տարածքների հայկական լինելը: Պատրուշևը բարձր է գնահատել հայկական կողմի զսպվածությունը՝ հավելելով, որ ռուսական կողմը բոլոր մակարդակներում ինտենսիվ աշխատում է հարցի շուտափույթ լուծման համար: [ԱԽ]   11։33- Նիկոլ Փաշինյանը ՌԴ նախագահին տեղեկացրել է Ադրբեջանի զինված ուժերի կողմից Հայաստանի սուվերեն տարածք՝ Սյունիքի մարզ ներխուժման հետևանքով ստեղծված իրավիճակի մասին: Վարչապետի պաշտոնակատարը Պուտինին հայտնել է նաև, որ ինքը հանձնարարել է պաշտոնապես դիմել ՀԱՊԿ-ին։ Զրուցակիցները համակարծիք են եղել, որ այս իրավիճակի լուծումը պետք է արտահայտվի ադրբեջանական զորքերի՝ ելման դիրքեր հետ վերադարձով։ [ՀՀ վարչապետի աշխատակազմ]   11։23- Մայիսի 13-ին՝ ուշ երեկոյան, հայկական կողմի նախաձեռնությամբ հեռախոսազրույց է տեղի ունեցել Նիկոլ Փաշինյանի և Վլադիմիր Պուտինի միջև: Հայ-ադրբեջանական սահմանին վերջերս տեղի ունեցած միջադեպի վերաբերյալ կարծիքների փոխանակման ժամանակ Վլադիմիր Պուտինը շեշտել է Ռուսաստանի, Հայաստանի և Ադրբեջանի ղեկավարների 2020թ․ նոյեմբերի 9-ի և 2021թ․ հունվարի 11-ի հայտարարությունների բոլոր դրույթները խստորեն պահպանելու անհրաժեշտությունը։ Պուտինը վերահաստատել է Երևանի և Բաքվի հետ սերտ կապեր պահպանելու իր տրամադրվածությունը։ Նիկոլ Փաշինյանը հանդես է եկել կառուցողական երկխոսության և փոխգործակցության օգտին։ [Կրեմլի մամուլի ծառայություն]   10։55- Մտահոգված եմ Ադրբեջանի զորքերի Հայաստան անցնելու մասին հաղորդագրություներով: Թրյուդոյի կառավարությունը, որը թույլ է տվել զենքի արտահանումը` խախտելով Լեռնային Ղարաբաղում տեղի ունեցած պատերազում ուժերի հարաբերակցությունը, պետք է բարձրաձայնի  Հայաստանի տարածքային ամբողջականության պաշտպանության հարցը։ [Կանադայի խորհրդարանի անդամ Մայքլ Չոնգ]   10։19- Հայկական կողմը բանակցություններում իր պահանջներն է ներկայացրել։ Ասվել է, որ որևէ մետր տարածք չեն պատրաստում զիջել ադրբեջանական կողմին, և պահանջել է նրանցից հետ քաշվել ելման դիրքեր: Այս մասին հայտնեցին ՀՀ ՊՆ-ից։ Ադրբեջանցիներն այս պահին իրենց վերադասի հրամանին են սպասում, ըստ ՀՀ ռազմական գերատեսչության, որպեսզի, ամենայն հավանականությամբ, հետ քաշվեն նախորդ օրերին առաջացած տարածքներից: Թե ինչ ձևաչափով են ընթացել բանակցությունները, ովքեր են մասնակցել, ՊՆ-ից չեն հայտնում: |azatutyun.am|   09։51- Ֆրանսիայի ԱԺ մի շարք պատգամավորներ, որոնք Ֆրանսիա-Հայաստան խորհրդարանական խմբի անդամ են, երկրի իշխանություններից պահանջում են սանկցիաներ կիրառել Ադրբեջանի նկատմամբ։ Պատգամավոր Վալերի Բուայեն գրել է՝ օգտվելով Մերձավոր Արեւելքում աճող լարվածությունից՝ մի քանի հարյուր ադրբեջանցիներ ներխուժել են Հայաստանի Հանրապետության Սյունիքի մարզի Սեւ լիճ տարածք․ «Իլհամ Ալիեւի ռեժիմի հրահրած այս նոր ագրեսիան՝ Արցախի դեմ պատերազմից վեց ամիս անց՝ ի ցույց է դնում Ադրբեջանի ռազմաշունչ մտադրությունները»   09։32- Ադրբեջանական զորքերի կողմից Հայաստանի ինքնիշխան տարածքի ոտնահարումը վտանգավոր և անօրինական ագրեսիա է, որն ընդգծում է մշտական սպառնալիքը, որին հայ ժողովուրդը շարունակում է բախվել: ՀՀ դեսպանի հետ իմ զրույցից հետո պարզ դարձավ, որ ԱՄՆ-ը և ընդհանուր առմամբ միջազգային հանրությունը պետք է վճռականորեն արձագանքեն այս ներխուժմանը, որպեսզի Ադրբեջանը հասկանա, որ իր չարամիտ գործունեությունը լուրջ հետևանքների կհանգեցնի: [ԱՄՆ Սենատի արտաքին հարաբերությունների հարցերով հանձնաժողովի նախագահ Բոբ Մենենդես] |armtimes.com|   00։52- Մայիսի 13-ին Ֆրանսիայի Նախագահը Հայաստանի և Ադրբեջանի սահմանին ընթացող զարգացումների թեմայով հեռախոսազրույց է ունեցել ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ։ Մակրոնը հիշեցրել է Ֆրանսիայի հավատարմությունը Հայաստանի տարածքային ամբողջականությանը և ընդգծել ՀՀ տարածքից ադրբեջանական զորքերի անհապաղ դուրս բերման անհրաժեշտությունը։ Ֆրանսիան ցանկանում է, որ ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի միջոցով հնարավոր լինի լուծում գտնել տարածաշրջանում առկա լարվածության իրավիճակին՝ կայունությունն ու անվտանգությունը վերականգնելու համար: [Ֆրանսիայի նախագահականի մամուլի հաղորդագրությունը]   00։49- Ն. Փաշինյանը հեռախոսազրույց է ունեցել Ֆրանսիայի նախագահի հետ՝ վերջինիս նախաձեռնությամբ: Նրանք քննարկել են Սյունիքի մարզում ադրբեջանական ԶՈՒ-ի` Հայաստանի ինքնիշխան տարածք ներխուժելու հետևանքով ստեղծված իրավիճակը: Մակրոնը վերահաստատել է Ֆրանսիայի հավատարմությունը ՀՀ տարածքային ամբողջականության նկատմամբ և ընդգծել է Հայաստանի սուվերեն տարածքից ադրբեջանական ԶՈՒ-ի անհապաղ դուրսբերման անհրաժեշտությունը: Մակրոնն ընդգծել է, որ Ֆրանսիան պատրաստ է հետագայում ևս իր նպաստը բերել Հայաստանի առջև ծառացած մարտահրավերների լուծմանը: [ՀՀ կառավարություն]   13․05․2021թ․   23։22- Պետքարտուղարությունն ուշադրությամբ հետևում է հայ-ադրբեջանական սահմանին ոչ դեմարկացաված հատվածում լարվածության աճի մասին տեղեկատվությանը: Մենք հասկանում ենք, որ կողմերի միջև շփումները շարունակվում են, և զսպվածության կոչ ենք անում՝ իրավիճակի խաղաղ ապաէսկալացման նպատակով։ [Պետքարտուղարության մամուլի ծառայության ղեկավար Նեդ Փրայս] |armenpress.am|   23։19- Ըստ 2020 թ.-ի նոյեմբերի 10-ին ստորագրված եռակողմ հայտարարության, եղանակային պայմանների բարելավմամբ պայմանավորված, Ադրբեջանի սահմանապահ զորքերը տեղակայվում են Հայաստանի սահմանակից Լաչինի և Քելբաջարի շրջանների՝ Ադրբեջանի դիրքերում։ Զարմանալի է, որ հայկական կողմը ոչ ադեկվատ արձագանքեց այս գործընթացին և սադրիչ հայտարարություններ արեց: Մենք անընդունելի ենք համարում պաշտոնական շրջանակների փորձերը` այդ հարցը քաղաքական նպատակներով օգտագործելու համար՝ կապված Հայաստանում նախընտրական իրավիճակի հետ։ Խորհուրդ ենք տալիս, որ Հայաստանի քաղաքական և ռազմական շրջանակները խուճապի չմատնվեն, ընդունեն միջպետական սահմանային ռեժիմի իրողությունը և անհիմն չսրեն իրավիճակը տարածաշրջանում։ [Ադրբեջանի ԱԳՆ]   22։50- ՀՀ ԱԳ նախարարի պաշտոնակատար Արա Այվազյանը հեռախոսազրույց է ունեցել ԱՄՆ պետքարտուղարի եվրոպական և եվրասիական հարցերով տեղակալի պաշտոնակատար Ֆիլիպ Ռիքերի հետ: Արա Այվազյանն ընդգծել է Հայաստանի տարածքային ամբողջականության դեմ ուղղված Ադրբեջանի սադրիչ գործողությունների անընդունելիությունը և անթույլատրելիությունը: Նա նշել է, որ միջազգային հանրության կողմից ՀՀ ինքնիշխանության նկատմամբ նմանօրինակ ոտնձգությունների նկատմամբ հանդուրժողականությունը հղի է տարածաշրջանի ապակայունացման սպառնալիքով:   22։40- Պատերազմի ավարտից հետո սահմանային փոփոխություններն են եղել և ձմռան պատճառով չենք կարողացել ամբողջ սահմանը կահավորել: Գիտեք, որ սահմանագիծը երկարել է, և այս պայմաններում բոլոր խնդիրները միանգամից լուծել չի հաջողվել, բայց միանշանակ է, որ ժամանակի ընթացքում բոլոր հարցերը կկարգավորենք։ Այնպես չէ, որ 1994 թվականին ամբողջ սահմանը կահավորված է եղել, դրա համար երկար ժամանակ է պահանջվել, այս դեպքում էլ որոշակի ժամանակ կպահանջվի: Հասկանում եմ մեր հայրենակիցների մտահոգությունները, բայց մենք ամեն ինչ անում ենք։ [ԱԽ քարտուղարը՝ ի պատասխան հարցին, թե ինչպես է հակառակորդը կարողացել գալ ՀՀ տարածք] |tert.am|   22։25- Մեծ Բրիտանիան կնախընտրեր, որ Լեռնային Ղարաբաղում հրադադարի բանակցությունները վարեր ԵԱՀԿ Մինսկի խումբը, իսկ խաղաղապահ անձնակազմը լիներ միջազգային։ Պետք է ուսումնասիրել ՌԴ խաղաղապահ ուժերի մանդատը, ավարտել այդ մանդատը<...> Ինչը կարող է լինել այլընտրանք, ինչը կարող է դրան փոխարինել։ Դեռևս չլուծված է մնում ԼՂ կարգավիճակի հարցը։ Վերջիվերջո, վերջնական կարգավորման հարցը, խաղաղության պայմանագիրը, պետք է լուծվի, և ՄԽ համանախագահները դրանում պետք է դեր ունենան։ [Ադրբեջանում Մեծ Բրիտանիայի դեսպան Ջեյմս Շարպ] |hetq.am|   22։10- Ինչպես գիտեք, որոշել ենք դիմել ՀԱՊԿ-ին և գործընթաց ենք սկսել, համոզված ենք՝ այս գործընթացն օգնելու է, որ խնդիրն ամբողջությամբ լուծենք: Համոզված եմ՝ սա ժամանակի հարց է։ Խնդիրը միանշանակ լուծվելու է դաշնակիցների հետ համատեղ: Մենք սա չենք դիտարկում որպես լոկալ խնդիր, սա ավելի լայնամասշտաբ գործողությունների հիմք ունի։ [ՀՀ ԱԽ քարտուղարը՝ «Լուրեր»-ի հետ զրույցում] |armenpress.am|   22։06- Քննարկումներից հետո եկել ենք այն եզրակացությանը, որ ճիշտ է 2-րդ, ոչ թե 4-րդ հոդվածով ՀԱՊԿ-ին դիմելը, քանի որ ստեղծված իրողությունները համապատասխանում են այդ հոդվածին: Հոդվածների մեջ խորանալ պետք չէ։ Անվտանգության սպառնալիք է ստեղծվել, և այն չեզոքացնելու համար 2-րդ հոդվածով ենք դիմում։ Կառույցի պատմության մեջ առաջին անգամ է նման գործընթաց սկսվում, Ռուսաստանը անդամ է կառույցին, և մենք համոզված ենք, որ սա արդյունավետ մեխանիզմ է, մեծ հաշվով տարբերություն չկա: Խորհրդատվություններից, քննարկումներից հետո հույս ունենք, որ մոտ օրերս արձագանք կլինի: [ՀՀ ԱԽ քարտուղարը՝ «Լուրեր»-ի հետ զրույցում] |tert.am|   21։44- ՄԻՊ-ին վաղ առավոտից շարունակվել են ահազանգեր հասցեագրվել Գեղարքունիքի և Սյունիքի մարզերի բնակիչներից` կապված արոտավայրերի տարածքներում մայիսի 12-ից ադրբեջանական ԶՈՒ-երի անօրինական ներկայության հետ: Ահազանգեր են ստացվել, մասնավորապես, Գեղարքունիքի Վարդենիս, Կութ, Վերին Շորժա և Սյունիքի Գորիս, Վերիշեն, Խնածախ, Խոզնավար, Վաղատուր բնակավայրերից: Ադրբեջանական զինված ծառայողների առկայությունը նշված վայրերում իրական վտանգ է մարդկանց կյանքի ու անվտանգության համար, խաթարում է նրանց հոգեկան անձեռնմխելիությունը: ՄԻՊ-ը միջազգային կառույցների ուշադրությունը հավիրում է այս ահազանգերի վրա և արձանագրում, որ նշված իրավունքները ճանաչված են միջազգայնորեն և երաշխավորված են ՀՀ Սահմանադրությամբ: [ՀՀ ՄԻՊ գրասենյակ]   21։35- Մոտ 3-3.5 կմ առաջանալով ՀՀ տարածքով, Ադրբեջանի ԶՈՒ մի խումբ զինված զինծառայողներ դիրքավորվել են բարենպաստ բարձունքներից մեկի վրա և նրանց մոտեցած ՀՀ ԶՈւ զինծառայողների հասցեին բռնություն գործադրելու սպառնալիքներ հնչեցնելով հայտնել, որ այդ տարածքը պատկանում է Ադրբեջանին, չեն թույլտարում առաջանալ, իսկ առաջանալու դեպքում սպառնացել են զենք կիրառել: Փաստի առթիվ Գորիսի կայազորի զինվորական դատախազությունում հարուցվել է քրգործ ՝ ՀՀ ՔՕ 329-րդ հոդվածի երկրորդ մասի և 300.2-րդ հոդվածի հատկանիշներով:   19։57- ՀՀ ԱԳ նախարարի պաշտոնակատար Արա Այվազյանը հեռախոսազրույց է ունեցել ԵԱՀԿ Գործող նախագահ, Շվեդիայի ԱԳ նախարար Անն Լինդեի հետ: Զրույցի թեման ՀՀ սահմանամերձ տարածքում տիրող իրավիճակն է եղել: Արա Այվազյանն անթույլատրելի է համարել միջազգային իրավունքի խախտմամբ ՀՀ ինքիշխան տարածքի նկատմամբ Ադրբեջանի ոտնձգության փորձերը: ՀՀ ԱԳ նախարարի պաշտոնակատարը և ԵԱՀԿ Գործող նախագահը համակարծիք էին, որ նմանատիպ գործողությունները լուրջ մարտահրավեր են տարածաշրջանային անվտանգությանը և խաղաղությանը:   19։15- ՀՀ ԱԳ նախարարի պաշտոնակատար Արա Այվազյանին, Պաշտպանության նախարարի պաշտոնակատար Վաղարշակ Հարությունյանին, ԱԽ քարտուղար Արմեն Գրիգորյանին հանձնարարում եմ միջոցներ ձեռնարկել Հավաքական անվտանգության պայմանագրի հոդված 2-րդ հոդվածով նախատեսված խորհրդակցությունների մեկնարկի ուղղությամբ՝ ՀԱՊԿ անդամ երկրների դիրքորոշումները համակարգելու եւ ծագած սպառնալիքը վերացնելու նպատակով միջոցներ ձեռնարկելու համար։ Հանձնարարում եմ միջոցներ ձեռնարկել՝ Հավաքական անվտանգության կազմակերպության ճգնաժամային իրավիճակներին արձագանքման կանոնակարգով նախատեսված ընթացակարգերի մեկնարկի համար։ [Նիկոլ Փաշինյանի հայտարարությունը՝ ԱԽ նիստում]   17։54- ՀԱՊԿ-ում ուշադիր հետևում են Սյունիքի մարզի սահմանամերձ շրջաններում իրավիճակի զարգացմանը, և անհրաժեշտության դեպքում կձեռնարկվեն Կոլեկտիվ անվտանգության Պայմանագրով ու ՀԱՊԿ Կանոնադրությամբ նախատեսված քայլեր։ [ՀԱՊԿ գլխավոր քարտուղար Ստանիսլավ Զասը Վաղարշակ Հարությունյանի և Արա Այվազյանի հետ հեռախոսազրույցի ընթացքում`Սյունիքում ստեղծված իրավիճակի վերաբերյալ] |armenpress.am|   17։51- Սյունիքում ստեղծված իրավիճակը ՀՀ նախագահը գնահատում է չափազանց մտահոգիչ և կարևոր է համարում շուտափույթ հանգուցալուծումը: Նախագահի դիրքորոշումն է, որ երկրի անվտանգությունն ու սահմանների անձեռնմխելիությունը սակարկելի չեն, դրանց նկատմամբ ցանկացած ոտնձգություն դատապարտելի է և պետք է արժանանա հստակ ու կտրուկ հակազդեցության, ինչպես նաև միջազգային արձագանքի: Իրավիճակի հետագա սրման, տարածաշրջանի առանց այն էլ զգայուն իրադրության խաթարման ողջ պատասխանատվությունը կրում է ադրբեջանական կողմը: [ՀՀ նախագահի աշխատակազմ]   17։42- Մայիսի 13-ին ադրբեջանական զինված ուժերը, կրկին՝ «սահմանների ճշգրտման» հիմնավորմամբ, հերթական սադրանքն է իրականացրելՀՀ ինքնիշխան տարածքի նկատմամբ՝ փորձելով դիրքային առաջխաղացում ապահովել Վարդենիսի և Սիսիանի սահմանային հատվածներում։ Երկու դեպքում էլ ՀՀ ԶՈՒ գործողությունների արդյունքում առաջխաղացումը կասեցվել է, ադրբեջանական կողմին պահանջ է ներկայացվել տարածքն անհապաղ լքելու և իրենց ելման դիրքեր վերադառնալու վերաբերյալ։ ՀՀ ՊՆ-ն որպես բացահայտ սադրանք է որակում Ադրբեջանի կողմից մայիսի 12-ից ձեռնարկված այս գործողությունները և, անկանխատեսելի զարգացումներից խուսափելու համար, այդ երկրի զինված ուժերից պահանջում անհապաղ վերադառնալ ելման դիրքեր և ձեռնպահ մնալ ՀՀ ինքնիշխան տարածքի նկատմամբ ոտնձգություններից։ [ՀՀ ՊՆ]   15։43- ՄԻՊ Արման Թաթոյանի գլխավորած պատվիրակությունը մեկնել է Սյունիքի մարզ` սահմանների հետ կապված իրավիճակին տեղում ծանոթանալու, փաստահավաք աշխատանքների և սահմանային բնակիչների իրավունքների պաշտպանության նպատակով: Ադրբեջանական զինված ուժերի նշված անօրինական արարքը ևս մեկ անգամ ապացուցում է անվտանգության գոտի ստեղծելու ՄԻՊ-ի առաջարկի բացարձակ անհրաժեշտությունը, ինչը հնարավորություն կտա երաշխավորել ՀՀ սահմանային բնակիչների իրավունքներն ու խաղաղ կյանքը, ֆիզիկական ու հոգեկան անձեռնմխելիությունը: [ՀՀ ՄԻՊ]   15։43- ՀԱՊԿ Մշտական խորհրդի նիստի ընթացքում ՀԱՊԿ-ում ՀՀ մշտական ներկայացուցիչ Վիկտոր Բիյագովը մանրամասն ներկայացրել է Սյունիքի մարզի տարածքում ադրբեջանական կողմի հրահրած սադրիչ գործողությունները և դրանց հետևանքով ստեղծված իրադրությունը՝ ՀԱՊԿ մասնակից պետությունների մայրաքաղաքներին իրավիճակի մասին տեղեկություններ փոխանցելու նպատակով: Բիյագովը նշել է, որ Ադրբեջանի իրականացրած սադրանքը ուղղակի ոտնձգություն է ՀԱՊԿ անդամ Հայաստանի ինքնիշխան տարածքի նկատմամբ և լրջագույն սպառնալիք տարածաշրջանային անվտանգությանը և կայունությանը:   13։10- ՀՀ զինվորական դատախազության կողմից ՀՀ ՊՆ ռազմական ոստիկանությանը հանձնարարվել է քրական վարույթի շրջանակներում համակողմանի պարզել Սյունիքի մարզում սահմանին տեղի ունեցած իրադարձությունները և տալ իրավական գնահատականներ։ [Գլխավոր դատախազի խորհրդական]   12։50- Հայաստանի պետական սահմանը պահպանվել է՝ մեկ-երկու տեղ լանջով սահմանագիծ կար, որը մերոնք պնդում էին, որ պետք է այդ հատվածից ներս նստեն, որն ընթացքում կարգավորվեց: Երեկ ես եղել եմ Վերին Շորժայում, եղել եմ այն հատվածում, որտեղ այդ աշխատանքներն են, և մեր Զինված ուժերը աշխատում է, քարտեզները կան, սա այն նույն պրոցեսն է, որը կար նոյեմբեր–դեկտեմբեր ամիսներին։ Մարզում այս պահին սահմանների հետ կապված խնդիր չկա, իրավիճակը Սյունիքի հետ համեմատելի չէ, իսկ բնակիչների անհանգստությունը ավելի շատ տարածվող կեղծ լուրերի հետևանք է։ [Գեղարքունիքի մարզպետ Գնել Սանոսյան] |armtimes.com|   12։19- Ադրբեջանն այժմ ներխուժել է Հայաստանի տարածք, ինչը միջազգային իրավունքի հստակ խախտում է: Միացյալ Նահանգները միանշանակ պետք է դատապարտի այս հարձակումը և դաշնակիցների հետ իր ազդեցության շնորհիվ ադրբեջանական ուժերը դուրս բերի Հայաստանի տարածքից։ [ԱՄՆ կոնգրեսական Ֆրենկ Փալոուն] |1lurer.am|   11։33- Տեղի ունեցածը նախապես ծրագրված սադրանք է եղել, որովհետև ադրբեջանցիները իրենց հետ ունեն ակնհայտ կեղծված քարտեզներ, որով ուզում են հիմնավորել, թե իրենք Ադրբեջանի սահմաններից ներս են։ Այդ քարտեզները կեղծված են, և դա երևում է դեռևս խորհրդային ժամանակներում պաշտոնապես հաստատված քարտեզների հետ համեմատությամբ։ Կարևորագույն հարց է, թե ինչպես է հնարավոր եղել դա, երբ ադրբեջանցի զինվորները հատեն և մեր դիրքերի միջդիրքային տարածքներով անցնեն և հասնեն Սև լիճ, դա առանձին քննարիկման խնդիր է։ [Նիկոլ Փաշինյան]   11։11- Խորապես մտահոգված եմ վերջին հաղորդագրություններով, որ ադրբեջանական զորքերն անցել են Հայաստանի տարածք: Եթե ճիշտ է, սա ևս մեկ վտանգավոր և սադրիչ գործողություն է, որը կարող է կյանքեր խլել: Ժամանակն է ԱՄՆ համար գիտակցելու, որ մեր վարած քաղաքականությունը քաջալերել է Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևին գնալ ռազմական սրման՝ հրահրելով նոր պատերազմ։ Ես հաղորդակցության մեջ եմ եղել Բայդենի վարչակազմի հետ և հորդորել նրանց ավելի խորը ներգրավվել Մինսկի խմբի միջոցով ու առավել առարկայական, քան երբևէ: [ԱՄՆ կոնգրեսական Ադամ Շիֆ] |factor.am| 12․05․2021թ․ 20:15- Ես նոր իջա Սեւ լճի տարածքից, ադրբեջանցիները դեռ հետ չեն քաշվել իրենց դիրքերը, սպասում են իրենց վերադասի հրահանգին: Բանակցություններն ընթացքում են, ԱԱԾ շտաբի պետն այնտեղ է: Իրենք մի հատ քարտեզ են վերցրել, դրանով ուզում են ապացուցել, որ դա իրենց տարածքն է, բայց մերն է, էլի, իրոք մերն է։ Հիմա խնդիրն այն է, որ բանակցության փուլում ապացուցենք՝ դա ոչ թե իրենցն է, այլ մերը: Տարբեր հատվածներում տարբեր չափի են առաջ անցել՝ 1.8 կիլոմետրից 2 կիլոմետր: Վաշտեր են, դասակներ՝ տարբեր ուղղություններով տարբեր քանակի: Այնպես էլ չի, որ շատ են: [Սյունիքի մարզպետ Մելիքսեթ Պողոսյան] |armtimes.com|19:50- Գորիսի Վերիշեն գյուղում լարվածություն չկա։ Մարդիկ ասում են, որ Ադրբեջանական զինուժը Սև լճի ուղղությամբ 2 կմ առաջ է եկել։ Ընդ որում, ըստ գյուղացիների, առաջանալիս հանդիպել են տեղացի հովվի, որին հորդորել են ետ գնալ։ Վերջինս էլ տարածել է լուրերը։ Ըստ գյուղացիների՝ ներկայում հայկական զինուժը, ռուս խաղաղապահները և մարզային իշխանությունը Սև լճի տարածքում են, բանակցում են։ |civilnet.am|18:00- Մայիսի 12-ին Արա Այվազյանը հեռախոսազրույց է ունեցել ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովի հետ: Այվազյանն իր գործընկերոջը տեղեկացրել է Հայաստանի պետական սահմանին տեղի ունեցած վերջին միջադեպի մասին և նշել ադրբեջանական կողմից նման սադրանքների հրահրման անթույլատրելիությունը: Երկուստեք կարևորվել է տարածաշրջանային անվտանգության և կայունության շուրջ ձեռք բերված պայմանավորվածությունների լիարժեք կատարումը և իրադրության սրումը կանխարգելող քայլերի համադրումը: [ՀՀ ԱԳՆ] 17։01- Այս պահին նրանք (ադրբեջանցիները- խմբ․) իրականացնում են դիրքավորման աշխատանքներ: Որոշ կասկածելի հատվածներում ճշգրտումները համաձայնեցվում են հայ դիրքապահների հետ: Իրավիճակը գտնվում է հայկական զինված ուժերի վերահսկողության ներքո։ [Գեղարքունիքի մարզպետ Գնել Սանոսյան] |armenpress.am| 16:45- Սյունիքում սահմանային միջադեպի առնչությամբ տեղի են ունենում բանակցություններ՝ այդ թվում ռուսական կողմի ներկայացուցչի ներգրավվածությամբ. կրակոցներ չեն եղել, վիրավորներ չկան: Ադրբեջանցիները,1974 թ․ քարտեզ ձեռքներին, եկել ինչ-որ բարձունքի վրա, ասում են, թե սա իրենցն է: Բնականաբար, դա չի կարող վերածվել լարվածության, որովհետև հրադադարի ռեժիմը, նաև Հայաստանի պետական սահմանի հետ կապված խնդիրները լուծվում են լրիվ այլ փաստաթղթերի և այլ պայմանագրերի շրջանակում: Այս հարցն առաջացել է սահմանային ճշտումների պատրվակով։ |armenpress.am| 15:43- Իրավասու մարմինները պետք է ներդնեն բոլոր ջանքերը տեղեկատվական դաշտում պաշտոնական ինֆորմացիան հնարավորինս լայն տարածելու ուղղությամբ՝ դրանով իսկ բացառելով ապատեղեկատվության տարածումը: ՄԻՊ-ն արձանագրել է ՀՀ սահմանների հետ կապված խուճապ և լարվածություն առաջացնող ապատեղեկատվություն: Պաշտպանը հորդորում է լրատվամիջոցներին ու սոցիալական ցանցերի օգտատերերին ձեռնպահ մնալ նման տեղեկությունների տարածումից: [ՀՀ ՄԻՊ] 15։38- Ես քիչ առաջ խոսեցի բանակային կորպուսի հրամանատարի հետ, և նա ինձ հավաստիացրեց, որ Հայաստանի պետական սահմանի նկատմամբ որևէ ոտնձգություն չի իրականացվել, որևէ ագրեսիա չկա հակառակորդի դիրքերում այդ հատվածում։ Խնդիրն այն է, որ երբ նրանք նախկինում դիրքավորված են եղել՝ եղանակային պայմաններով պայմանավորված, առատ ձյան պատճառով, չեն կարողացել դիրքավորվել այն դիրքերում, որտեղ նախատեսել էին, և որտեղ GPS-ը ցույց է տալիս որպես ադրբեջանական սահման։ Այսինքն՝ նրանք ավելի հետ են եղել, և հիմա, որ ձյունը հալվել է, իրենք ուղղակի առանց ագրեսիայի իրենց դիրքերում են դիրքավորվում։ Մենք որևէ տեղից նահանջ չունենք, մեր զորքերը ամուր կանգնած են իրենց տեղում և չեն էլ պատրաստվում նահանջել։ [ԱԺ անկախ պատգամավոր Թագուհի Թովմասյան] |tert.am| 15:05- 3-րդ բանակային կորպուսը, համաձայն 2021 թ․ տարվա պլանի, իրականացնում է զորավարժություն: Լուսակերտի և այլ զորամասերում Հայաստանի պաշտպանության նախարարության ռազմական վերահսկողական ծառայությունը մարտական պատրաստության ստուգումներ է իրականացնում: [ԳՇ վարչակազմակերպչական վարչության տեղեկատվության բաժնի պետ, գնդապետ Սամվել Ասատրյան] |168.am| Hraparak.am-ն ավելի վաղ հայտնել էր, որ Լուսակերտի զորամասից այս պահին զորք են տանում Սյունիք՝ օգնության, և մարտական պատրաստվածության թիվ մեկ հրաման են տվել։ 14։44- Ջերմուկում հակառակորդը որեւէ առաջխաղացում չի ունեցել։ Այս մասին Infocom-ի հետ զրույցում ասաց Ջերմուկի քաղաքապետ Վարդան Հովհաննիսյանը։ «Ես կխնդրեի ՊՆ-ի լրատվականից ճշտել, բայց Ջերմուկի հետ կապված կարող եմ ասել, որ որեւիցե խնդիր չի եղել, առողջարանները գործում են, ժողովուրդը խաղաղ․․․ Ես որեւէ ահազանգ չեմ ստացել, որ նման խնդիր կա։ Պն-ի հաղորդագրությունից, լուրերից տեղեկացանք, որ կարծես Սյունիքի կողմում են ինչ-որ զարգացումներ եղել, բայց ոչ Ջերմուկում»։ 14։43- Սյունիքի մարզի տարածքում մեկնարկած ու ընթացող մարտերի վերաբերյալ ԶԼՄ-ներով և սոցիալական ցանցերում տարածվող տեղեկություններն իրականությանը չեն համապատասխանում։ ԱԱԾ-ն խստորեն զգուշացնում է զերծ մնալ ապատեղեկատվություն տարածելու, ազգաբնակչության շրջանում խուճապ առաջացնելու և անհարկի լարվածություններ հրահրելու գործելաոճից ու տեղեկացնում, որ նմանատիպ երևույթներն ունենալու են համապատասխան իրավական հետևանքներ՝ ամենախիստ գործիքակազմերի կիրառմամբ: [ՀՀ ԱԱԾ] 14։04- Սյունիքի մարզի Տեղ համայնքի ղեկավար Ներսես Շադունցն Infocom-ի հետ զրույցում հերքեց տեղեկությունները, թե հակառակորդը Տեղ համայնքի Խնածախ բնակավայրի մոտ մի փոքր առաջ է եկել․ «Տեղեկությունները ճիշտ չեն, մենք մեր գործը նորմալ անում ենք, չանհանգստանաք»։ Hraparak.am-ն ավելի վաղ հայտնել էր, որ թշնամուն հաջողվել է Ջերմուկի հատվածում, նաև Տեղ համայնքի Խնածախ գյուղի մոտ մի փոքր առաջ գալ: 14:02- Իմ տեղեկություններով՝ ադրբեջանցիները, օգտվելով ձնհալից, փորձել են Իշխանասարի ուղղությամբ դիրքերի տեղադրման աշխատանքներ իրականացնել: Բայց քանի որ այդ ամենի հետեւանքով խախտել են մեր վարչական սահմանը՝ մերոնք միջամտել են եւ թույլ չեն տվել: Որեւէ միջադեպ չի եղել: [«Իմ քայլի» պատգամավոր Արմեն Խաչատրյան] 13։46- Իշխանասարի վարչական ղեկավար Մարատ Պետրոսյանն Infocom-ին հայտնեց, որ Իշխանասարի շրջանում հակառակորդի հետ որեւէ ընդհարում չի եղել․ «Ընդհանրապես ոչ մի բան չկա, ոչ մի կրակոց չկա։ Մեր ամբողջ նախիրը հիմա էլ այդ դաշտերում է»։ 13։26- Կապանի քաղաքապետ Գեւորգ Փարսյանն Infocom-ի հետ զրույցում հերքում է տեղեկությունները, թե Կապանում տղամարդկանց հրահանգվել է պատրաստ լինել կամավորագրման։ Գորիսի եւ Մեղրիի քաղաքապետերի հետ կապ հաստատել չհաջողվեց։ Գորիսի փոխքաղաքապետ Իրինա Յոլյանը ֆեյսբուքյան իր էջում քիչ առաջ գրառում է կատարել, ըստ որի՝ Իշխանասարի հատվածում թշնամին պետական սահմանը անցել է եւ մի քանի կիլոմետր առաջ եկել դեպի Վերիշեն բնակավայր, ինչը հաստատում է նաեւ Վերիշենի ղեկավարը։ Ավելի վաղ «Մեդիապորտ» տելեգրամյան ալիքը հայտնել էր, որ, իր աղբյուրի փոխանցմամբ, Գորիսի, Կապանի ու Մեղրիի արական սեռի բնակիչներին հրահանգվել է պատրաստ լինի անհրաժեշտության դեպքում կամավորագրվելու համար: 13։13- Այս գիշեր հակառակորդը Սյունիքի մարզի Սեւ լճի տարածքով առաջացել է դեպի Գորիսի Վերիշեն բնակավայրի վարչական տարածք՝ լճի տարածքը վերցնելով իր հսկողության տակ։ Այս մասին Infocom-ի հետ զրույցում ասաց Վերիշեն բնակավայրի ղեկավար Արարատ Օրդյանը՝ նշելով, որ մինչեւ այս գիշեր՝ լճի միայն 30 տոկոսն է եղել հակառակորդի հսկողության տակ։ Նրա խոսքով՝ այս պահին բանակցություններ են ընթանում, որպեսզի հակառակորդը հետ քաշվի․ տարածքում են ՀՀ ՊՆ ներկայացուցիչները, համայնքապետը պատրաստվում է միանալ նրանց։ 13։08- Մայիսի 12-ի վաղ առավոտյան ադրբեջանական զինուժը, «սահմանների ճշգրտման» հիմնավորմամբ, փորձել է որոշակի աշխատանքներ իրականացնել Սյունիքի սահմանային հատվածներից մեկում։ Հայկական ստորաբաժանումների ձեռնարկած միջոցառումներից հետո ադրբեջանական զինվորականները դադարեցրել են այդ աշխատանքները։ Այս պահին ընթանում են բանակցություններ՝ ստեղծված իրավիճակը հարթելու ուղղությամբ։ Մամուլում տարածվող տեղեկությունները «Իշխանասարի ուղղությամբ ընթացող մարտերի մասին» չեն համապատասխանում իրականությանը։ [ՀՀ ՊՆ] 12։55- Սյունիքի փոխմարզպետ Կարո Ավանեսյանը հերքում է մամուլում շրջանառվող լուրերը, թե հակառակորդը կես ժամ առաջ Սյունիքի Իշխանասարի ուղղությամբ հարձակում է նախաձեռնել։ Infocom-ի հարցին ի պատասխան՝ փոխմարզպետը հստակեցրեց, որ Սեւ լճի ուղղությամբ սահմանային ճշգրտումներ են տեղի ունենում, որին մասնակցում են ՀՀ ՊՆ ներկայացուցիչները, իսկ Սյունիքի մարզպետ Մելիքսեթ Պողոսյանն այս պահին ճանապարհվում է դեպի Սեւ լիճ։ Հարձակումների վերաբերյալ տեղեկությունները փոխմարզպետը բացարձակ սուտ է որակում։  Ավելի վաղ «Մեդիապորտ» տելեգրամյան ալիքը գրել էր, որ Սյունիքի մարզում՝ Իշխանասարի ուղղությամբ, մարտեր են ընթանում։ Լուսանկարը՝ Armenian Geographic-ի։ Իրավիճակը Սյունիքի եւ Գեղարքունիքի սահմանին (16․05․21 - 20.05.21)
21:44 - 15 մայիսի, 2021
Ադրբեջանն արձագանքել է Հայաստանի՝ ՀԱՊԿ դիմելու քայլին

Ադրբեջանն արձագանքել է Հայաստանի՝ ՀԱՊԿ դիմելու քայլին

Այսօր Ադրբեջանի արտաքին գործերի նախարար Ջեյհուն Բայրամովը հեռախոսազրույց է ունեցել իր ՀԱՊԿ ԱԳ նախարարների խորհրդի նախագահ, Տաջիկստանի Հանրապետության ԱԳ նախարար Սիրոջիդդին Մուխրիդինի հետ: Այս մասին հայտնում է apa.az-ը։ Ադրբեջանի ԱԳՆ-ից APA- ին հայտնել են, որ, կապված ադրբեջանահայկական սահմանին տիրող լարվածության հետ՝ Բայրամովը ասել է, թե ադրբեջանցի սահմանապահները գտնվում են Ադրբեջանին պատկանող դիրքերում, և այդ գործընթացն իրականացվում է կանոնավոր կերպով։ Ջեյհուն Բայրամովը Տաջիկստանի արտաքին գործերի նախարարի հետ զրույցում ասել է, որ Հայաստանի՝ Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպությանը ուղղած դիմումը հիմքեր չունի և ոչ այլ ինչ է, քան Հայաստանի իշխող շրջանակների կողմից այդ հարցը քաղաքականացնելու փորձ: Բայրամովը շեշտել է, որ «լարվածությունը պետք է լուծվի քաղաքական և բանակցային ճանապարհով»: Հիշեցնենք, որ երեկ ՀՀ վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանը պաշտոնապես դիմել է ՀԱՊԿ Հավաքական անվտանգության խորհրդի գործող նախագահ Տաջիկստանի Հանրապետության նախագահ Էմոմալի Ռահմոնին՝ 1992 թվականի մայիսի 15-ի «Հավաքական անվտանգության մասին» պայմանագրի երկրորդ հոդվածի շրջանակում ՀԱՊԿ անդամ պետությունների դիրքորոշումները համակարգելու և առաջացած սպառնալիքի վերացման համար միջոցներ ձեռնարկելու նպատակով արտակարգ խորհրդատվություններ անհապաղ սկսելու մեխանիզմը գործադրելու համար:
19:23 - 15 մայիսի, 2021
Կութից ադրբեջանցի զինվորականները հեռադիտակով երևում են․ բնակավայրում իրավիճակը հանգիստ է,  միջադեպեր չեն գրանցվել

Կութից ադրբեջանցի զինվորականները հեռադիտակով երևում են․ բնակավայրում իրավիճակը հանգիստ է, միջադեպեր չեն գրանցվել

Infocom-ի հետ զրույցում Գեղարքունիքի մարզի Գեղամասար համայնքի Կութ բնակավայրի վարչական ղեկավար Սիմա Չիտչյանը հաստատեց այն լուրը, որ ադրբեջանական կողմը մայիսի 12-ին իրենց գյուղից մի քանի կիլոմետր հեռավորության վրա է հատել ՀՀ սահմանը։  Սիմա Չիտչյանի խոսքով՝ ադրբեջանցիները Կութի բնակիչներին ասել են, որ վերջիններս իրենց անասուններն իջեցնեն սարերից։ Վարչական ղեկավարը նշեց, որ հայ հովիվներն ադրբեջաներեն չեն հասկանում, բայց երբ հանդիպել են ադրբեջանցի զինվորերին, վերջիններիս ասածներից հասկացել են, որ նրանք իրենց ասել են անասուններին իջեցնել սարերից։ Հովիվներն անասուններին սարերից իջեցրել են, նրանք այսօր անասուններին սար չեն տարել։  Վարչական ղեկավարը վստահեցրեց, որ հայ հովիվների և ադրբեջանցի զինվորկանների միջև որևէ միջադեպ չի գրանցվել․ «Ոչ մի բան իրենցից (ադրբեջանցի զինվորներից- խմբ․) չենք նկատել, իրենք մի 4,5 կմ մեզնից օդային տարածքով հեռու են»։ Սիմա Չիտչյանի խոսքով՝ իրենք հեռադիտակով կարողանում են տեսնել ադրբեջանցի զինվորներին, բայց վերջիններիս կողմից ոչ մի գործողություն չի եղել։ Այսօր բնակավայր է այցելել Գեղարքունիքի մարզպետ Գնել Սանոսյանը։ Վարչական ղեկավարն ասաց, որ ինքը տեղի ունեցող բանակցությունների ընթացքից տեղեկություններ չունի։ Սիմա Չիտչյանի խոսքով՝ չնայած մի փոքր վախ կա, Կութում իրավիճակը սովորական է, ժողովուրդը խուճապի չի մատնվել։ Հիշեցնենք, որ մայիսի 12-ից ադրբեջանցի ավելի քան 200 զինվորականներ հատել են ՀՀ պետական սահմանը Սյունիքի և Գեղարքունիքի սահմանամերձ հատվածներում և խորացել մի քանի կմ։ Վերջին տվյալներով՝ ադրբեջանցի զինվորները դեռ գտնվում են ՀՀ տարածքում, այժմ բանակցություններ են ընթանում, ՀՀ-ն էլ դիմել է ՀԱՊԿ-ին։ Փոխվարչապետի պաշտոնակատար Տիգրան Ավինյանն այսօր լրագողների հետ զրույցում հայտնեց, որ հայկական կողմը ցանկանում է խաղաղ ձևով հանգուցալուծել իրավիճակը․ «Պատրաստ ենք հանգիստ և հանդարտ իրավիճակում քննարկումներ անցկացնելուն։ Պետք է պատրաստ լինենք մեր ինքնիշխան տարածքի պաշտպանությանը, իսկ վատ սցենարի դեպքում ակնկալում ենք մեր դաշնակիցների աջակցությունը»։
18:44 - 14 մայիսի, 2021
Կառավարությունն ուզում է քայլերով առաջ գնալ, բայց, ի վերջո, պետք է հասնենք ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդին․ Ստեփան Գրիգորյան

Կառավարությունն ուզում է քայլերով առաջ գնալ, բայց, ի վերջո, պետք է հասնենք ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդին․ Ստեփան Գրիգորյան

Երեկ ԱԽ նիստում վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանը ԱԽ քարտուղարին, արտգործ եւ պաշտպանության նախարարների պաշտոնակատարներին հանձնարարեց միջոցներ ձեռնարկել Հավաքական անվտանգության պայմանագրով նախատեսված խորհրդակցությունների մեկնարկի ուղղությամբ՝ ՀԱՊԿ անդամ երկրների դիրքորոշումները համակարգելու եւ ծագած սպառնալիքը վերացնելու նպատակով միջոցներ ձեռնարկելու համար։ Այսօր Հայաստանը պաշտոնապես դիմեց ՀԱՊԿ-ին՝ Սյունիքում ստեղծված իրավիճակը հանգուցալուծելու եւ հնարավոր զարգացումներից խուսափելու համար։  ՀԱՊԿ-ին դիմելու անհրաժեշտության եւ հնարավոր զարգացումների մասին Infocom-ը զրուցել է 1996-1999 թվականներին ՀԱՊԿ-ում ՀՀ ներկայացուցիչ, քաղաքագետ Ստեփան Գրիգորյանի հետ։  Ինչպես նկատեց մեր զրուցակիցը՝ ՀԱՊԿ-ում Հայաստանի ներկայացուցիչը երեկ արդեն հանդես է եկել հայտարարությամբ, ինչը հիմք է հանդիսանում, որ ՀԱՊԿ անդամ բոլոր երկրները արձագանքեն իրենց լիազոր ներկայացուցիչների մակարդակով։ Հայաստանը ՀԱՊԿ-ին դիմել է Հավաքական անվտանգության պայմանագրի 2-րդ հոդվածով, ինչը, քաղաքագետի մեկնաբանմամբ, նշանակում է, որ պետությունները իրար պետք է աջակցեն ու առաջին հերթին քաղաքական, դիվանագիտական աջակցություն տան․  «Հայաստանը ճիշտ արեց, որ դիմեց։ Այո՛, մենք հասկանում ենք, որ ՀԱՊԿ-ում, մեղմ ասած, պետություններից շատերի շահերը չեն համընկնում Հայաստանի շահերի հետ, բայց, այնուամենայնիվ, ճիշտ է դիմել, որ պատասխան ստանանք, որ Հայաստանի ներսում քաղաքական ուժերը չշահարկեն։ Այսօր լուրջ սպառնալիքի առջեւ է հենց բուն Հայաստանը, ու կտեսնենք՝ ՀԱՊԿ-ը կարձագանքի՞, թե՞ ոչ։ Հիմա սպասենք ՀԱՊԿ-ի պաշտոնական արձագանքին։ ՀԱՊԿ-ի գլխավոր քարտուղարը երեկ ասաց, որ իրենք հետեւում են իրադարձություններին»,- ասաց Գրիգորյանը։  Խոսելով այն կարծիքների մասին, թե Հայաստանը պետք է ՀԱՊԿ-ին դիմեր ոչ թե 2-րդ, այլ 4-րդ հոդվածով, Գրիգորյանն ասաց, որ, իր կարծիքով, ճիշտ է դիմել 2-րդ հոդվածով, քանի որ այդ հոդվածով պետությունները պարտավոր են իրար աջակցել սպառնալիքի դեպքում, խոսքն առաջին հերթին քաղաքական եւ դիվանագիտական աջակցության մասին է։ Չորրորդ հոդվածի համաձայն՝ այն երկիրը, որը հարձակվել է ՀԱՊԿ անդամ երկրի վրա, ՀԱՊԿ-ը դիտում է որպես թշնամի ու նախատեսում է նաեւ ռազմական աջակցություն։ Գրիգորյանի խոսքով՝ պետությունները չէին օգտագործի չորրորդ հոդվածը, այդ պատճառով այս փուլում ճիշտ որոշում է 2-րդ հոդվածով դիմելը։ «Չեմ հավատում, որ Բելառուսը, Տաջիկստանը, Ղրղզստանը, Ղազախստանը «մեր խաթր» կպատերազմեն Ադրբեջանի դեմ, ակնհայտ է, որ չորրորդ հոդվածով դիմելը պետք է ավելի ուշ թողնել, բայց ակնհայտ է նաեւ, որ դա չի իրականանա, քանի որ մեր շահերը այդ երկրների շահերի հետ չեն համընկնում, միգուցե 20 տարի առաջ համընկնում էին, բայց հիմա բոլորս գիտենք, որ Բելառուսը եւ կենտրոնասիական երեք երկրները նույնիսկ ողջունեցին Ադրբեջանի հաջողությունները այս պատերազմում։ Ուրեմն՝ չորրորդ հոդվածով դիմելը նախատեսում է նաեւ ռազմական աջակցություն, ինչն այս փուլում անիմաստ էր»,- ասաց Գրիգորյանը՝ հավելելով, որ հատկապես Բելառուսը ագրեսիվ պաշտպանում է Ադրբեջանի շահերը։ Վերջինիս խոսքով՝ 2016 թվականի քառօրյա պատերազմի ժամանակ տեսանք, որ Բելառուսը հանդես եկավ մեր դեմ ուղղված հայտարարություններով, չբավարարվեց նեյտրալ հայտարարություններով՝ հանդես գալով պրոադրբեջանական եւ մեզ դատապարտող հայտարարությամբ։ Իսկ Տաջիկստանը, Ղրղզստանը, Ղազախստանը, ըստ վերլուծաբանի, ավելի զուսպ են, բայց իրենք էլ չեն պաշտպանի մեզ, քանի որ լուրջ ծրագրեր ունեն Ադրբեջանի հետ։ Մեր զրուցակիցը ՀԱՊԿ-ից առանձնապես ոչինչ չի ակնկալում․ նրա խոսքով՝ շատ տրամաբանակն է, որ ՀՀ-ն ՀԱՊԿ անդամ է, քանի որ 90-ական թվականներին ոչ մի այլ կազմակերպություն չկար, որ կապահովեր մեր անվտանգությունը․ «1990 թվականին մեր շահերը Բելառուսի, Ղազախստանի շահերին բավական մոտ էին, այսպիսի տարաձայնություններ չկային, նույնիսկ մինչեւ 1997-1998 թվականը Ադրբեջանը եւ Վրաստանն էին ՀԱՊԿ անդամ։ Այն ժամանակ շատ տրամաբանակն էր մեր՝ այդ կազմակերպությունում լինելը, բայց հիմա պարզ չէ, որովհետեւ այդ կազմակերպությունը չի պաշտպանում մեր անվտանգությունը, չի էլ պլանավորում պաշտպանել։ Այստեղ մեր հույսերը պետք է կապենք Ռուսաստանի հետ։ Այո՛, Ռուսաստանն էլ իրեն բարդ է պահում, բայց, այնուամենայնիվ, Ռուսաստանի դեպքը մի փոքր այլ է, մյուս երկրները մեզ հետ համընկնող շահեր չունեն, դա պարզ երեւում է։ Երբ ասում եմ՝ ոչ մի համընկնող շահ, նկատի ունեմ՝ անվտանգային, ռազմական, ռազմակտեխնիկական առումով»։  Սյունիքում ստեղծված իրավիճակի վերաբերյալ Նիկոլ Փաշինյանը երեկ զրուցել է նաեւ Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնի հետ՝ վերջինիս նախաձեռնությամբ։ Մակրոնն իր խոսքում նշել էր. «Ֆրանսիան ցանկանում է ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի միջոցով հնարավոր լուծում գտնել տարածաշրջանում առկա լարվածության իրավիճակին` այս տարածաշրջանում կայունությունն ու անվտանգությունը վերականգնելու համար»: Այս հատվածը, սակայն, ներառված չէր հեռախոսազրույցի մասին ՀՀ կառավարության պաշտոնական հաղորդագրության մեջ։ Թե ինչու մեր պաշտոնական հաղորդագրության մեջ նշված չէր Ֆրանսիայի նախագահի հայտարարության այդ հատվածը եւ ինչ ազդեցություն այն կարող է ունենալ հայ-ֆրանսիական հարաբերությունների մեջ, Ստեփան Գրիգորյանը մեկնաբանեց․ «Ֆրանսիան մեզ համար բարեկամ երկիր է եւ կփորձի աջակցել։ Եթե հիմա դիմենք Ֆրանսիային, կասկած չունեմ, որ ինչ-որ ձեւ կգտնի մեզ աջակցելու՝ հաշվի առնելով նաեւ այն, որ իրենք ՄԱԿ ԱԽ մշտական անդամ են։ Ես կարծում եմ, որ մեր կառավարությունը քայլերով է առաջ գնում․ դիմում է ՀԱՊԿ-ին, հետո կդիմեն Ռուսաստանին։ Երեկ մենք դիմեցինք նաեւ ԵԱՀԿ երկրներին, մեր դեսպանը ԵԱՀԿ շրջանակներում հայտարարությամբ հանդես եկավ։ Ըստ իս՝ կառավարությունը ուզում է քայլ առ քայլ առաջ գնալ, բայց, ի վերջո, պետք է հասնենք ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդին»,- ասաց Ստեփան Գրիգորյանը՝ շարունակելով, որ, միգուցե, մեր կառավարությունը համարում է, որ այս փուլում դիմելը վաղ է, եւ մինչեւ ՄԱԿ-ի ԱԽ-ին հասնելը՝ պետք է օգտագործել մյուս ինստիտուտներին դիմելու հնարավորությունը։  Գրիգորյանի խոսքով՝ Հայաստանը բարեկամ երկրներ շատ ունի, որոնք կաջակցեն մեզ, ուստի Ադրբեջանին դժվար կլինի ՄԱԿ-ի ԱԽ նիստում հեքիաթներ պատմել, այդ հեքիաթները կարող են այստեղ՝ մեր տարածաշրաջնում պատմել․ «Այստեղ պարզ է, որ պրոբլեմատիկ կլինի Ռուսաստանի դիրքորոշումը, չեմ բացառում, որ Ռուսաստանը կարող է վետոյի իրավունքն օգտագործել, որպեսզի ՄԱԿ ԱԽ նիստը չկայանա։ Ես կարծում եմ, որ եթե մոտ ժամանակներում հարցը չլուծվի, մեր կառավարությունը հանդես կգա ՄԱԿ ԱԽ-ին դիմելու հայտարարությամբ։ Ուղղակի պետք է բոլոր գործիքներն օգտագործել, ի վերջո նոյեմբերի 9-ի փաստաթղթի համաձայն էլ պետք է ստիպել Ռուսաստանին, որ Ադրբեջանին կարգի բերի։ Եթե այս մեխանիզմները չաշխատեն, այդ դեպքում պետք է դիմել ՄԱԿ ԱԽ-ին»,- ասաց Գրիգորյանը։  Եւ վերջում մեր զրուցակիցն ընդգծեց՝ ամեն ինչ պետք է անել, որպեսզի Սյունիքում առկա իրավիճակը լուծվի միայն դիվանագիտական եւ քաղաքական խողովակներով,  եւ ոչ ռազմական ճանապարհով։ Ասպրամ Փարսադանյան
17:40 - 14 մայիսի, 2021
Սահմանները լիարժեք կահավորված չեն․ Թագուհի Թովմասյանը ճիշտ էր

Սահմանները լիարժեք կահավորված չեն․ Թագուհի Թովմասյանը ճիշտ էր

Մի շաբաթ առաջ՝ Ազգային ժողով-Կառավարություն հարցուպատասխանի ժամանակ, խորհրդարանի անկախ պատգամավոր Թագուհի Թովմասյանը, որն ընտրվել է Գեղարքունիքի մարզից, հարց ուղղեց վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանին՝ մտահոգություն հայտնելով, որ պատերազմի ավարտից մոտ կես տարի է անցել, բայց առաջնագծի կահավորման խնդիր կա։ «Գոնե մեր մարզում (Գեղարքունիքում- խմբ․), ինչպես նաև ականատես եմ եղել Սյունիքում, մենք մեծապես չունենք կահավորված առաջնագիծ, չունենք խրամատներ, և մեր անվտանգությունն, ըստ էության, գտնվում է, մեղմ ասած, մտահոգիչ վիճակում։ Ի՞նչ խոչընդոտներ ունենք, ի՞նչ է սպասվում մեզ մինչև սահմանային վերջանական ճշգրտումները, ինչո՞ւ չունենք կահավորված առաջնագիծ»,- հարցրեց պատգամավորը։ Փաշինյանը Թագուհի Թովմասյանի հարցին կոշտ արձագանքեց՝ նշելով․ «Շատ դեպքերում, երբ մեր հանրային դիսկուրսը լսում եմ, հասկանում եմ, որ Ադրբեջանի հետախուզությունը շատ փող ծախսելու անհրաժեշտություն չունի։ Խնդրում եմ՝ հաջորդ անգամ միանգամից կոորդինատներով, քարտեզներո՛վ հրապարակեք, ասե՛ք՝ օրինակ, կոորդինատ էսինչից էնինչը մենք չունենք խրամատներ, էստեղ մի քիչ ուժեղ ենք, էստեղով չարժի հարձակվել, բայց կողքը փոքր միջանցք կա, կարելի ա ստեղից մտնել»։  Պատգամավորը հակադարձեց վարչապետի պաշտոնակատարին՝ ասելով․ «Մեր առաջնագիծը գտնվում է ուղիղ Ադրբեջանի տեսադաշտում, և նրանք շատ լավ տեսնում են։ Այստեղ որևէ կոորդինատի հարց չկա, ես որևէ ռազմական գաղտնիք չբացահայտեցի, ընդամենը հարցրի՝ ինչու է մեր պաշտպանական համակարգը գտնվում այդ վիճակում»։  Պատգամավորի հակադարձմանը և հարցին Նիկոլ Փաշինյանը տվեց խուսափողական պատասխան՝ ընդամենն ասելով, որ ոչ միայն ադրբեջանցիները, այլև Թովմասյանը չեն կարող տեսնել այն ամենը, ինչ արվում է․ «Արվողի հսկայական մեծամասնությունը արվում է գաղտնի։ Այն առաջնագիծը, որը տեսանելի է, կանխատեսելի է, մատչելի է, վատ առաջնագիծ է»։ Մայիսի 12-ի առավոտյան հայաստանյան մամուլում սկսեցին տեղեկություններ շրջանառվել, թե ադրբեջանական կողմը ներխուժել է Սև լճի՝ ՀՀ տարածքում գտնվող հատված, այսինքն՝ Սյունիքի մարզ։ Պաշտպանության նախարարության՝ ավելի ուշ տարածած հաղորդագրությունում ասվում էր․ «Մայիսի 13-ին ադրբեջանական զինված ուժերը, կրկին՝ «սահմանների ճշգրտման» հիմնավորմամբ, հերթական սադրանքն է իրականացրել ՀՀ ինքնիշխան տարածքի նկատմամբ՝ փորձելով դիրքային առաջխաղացում ապահովել Վարդենիսի և Սիսիանի սահմանային հատվածներում»։  Մայիսի 13-ին Անվտանգության խորհրդի նիստ հրավիրվեց, և վարչապետի պաշտոնակատարը հայտարարեց, որ ադրբեջանական զինուժի շուրջ 250 ներկայացուցիչներ շարունակում են գտնվել ՀՀ պետական սահմաններից ներս՝ Սյունիքի և Գեղարքունիքի մարզերի որոշ հատվածներում։ Հայաստանը որոշեց դիմել ՀԱՊԿ-ին։ Նույն օրը՝ երեկոյան, ԱԽ քարտուղար Արմեն Գրիգորյանը հարցազրույց տվեց «Հանրային» հեռուստաընկերությանը։ Լրագրողը հարցրեց ԱԽ քարտուղարին, թե ինչպես է ադրբեջանցի զինվորներին հաջողվել ներխուժել ՀՀ տարածք։ Արմեն Գրիգորյանի պատասխանը հետևյալն էր․ «Նոյեմբերի 9-ից հետո ահագին մեծ փոփոխություններ են տեղի ունեցել, և նաև ձմռան պատճառով չենք հասցրել ամբողջ սահմանը կահավորել։ Սահմանագիծը ևս երկարացել է, և այս պայմաններում բոլոր խնդիրները միանգամից լուծել չի հաջողվել։ Բայց միանշանակ է, որ ժամանակի ընթացքում այս բոլոր հարցերը կարողանալու ենք կարգավորել․ էնպես չի, որ 94 թվականին մենք ամբողջ սահմանը միանգամից կահավորած ունեցել ենք, դրա համար երկար ժամանակ է պահանջվել, սա էլ որոշակի ժամանակ կպահանջի»։ Նույն օրը ԱԺ «Իմ քայլը» խմբակցության՝ Սյունիքից ընտրված պատգամավոր Արմեն Խաչատրյանը հարցազրույց տվեց Պետրոս Ղազարյանին։ Պետրոս Ղազարյանը պատգամավորին ուղղեց նույն հարցը․ ինչպե՞ս է ադրբեջանցիներին հաջողվել աննկատ հատել ՀՀ սահմանը։ Պատգամավորը պատասխանեց, որ հենակետերի միջև կան տարածքներ, որոնք հենակետային պահմանման տարածքներ չեն․ «Առայժմ սահմանների այս վիճակը հնարավորություն չի տվել, որ սահմանի ամեն մետրը դարձնենք վերահսկելի, և ադրբեջանցիները, օգտվելով այդ առիթից, հենակետերի արանքով սողոսկել են։ Այսօրվա սահմանների այս վիճակով, եթե նպատակ դրվի սողոսկել, հաստատ կլինի»։ Պետրոս Ղազարյանը հակադարձեց, որ խոսքը ոչ թե դիվերսիոն խմբի մասին է, որին հաջողվել է սողոսկել ՀՀ տարածք, այլ մի ամբողջ վաշտի։  «Ես դա համարում եմ սողոսկել, որովհետև հենակետերի արանքի տարածքով են ներս մտել, որոշակի տարածության միջակայքում կան հենակետեր, բայց տարածքներ կան, որտեղ հենակետեր չկան։ Այո՛, այդպիսի տարածքներ կան, հետևաբար, ադրբեջանցիներն օգտվել են այդ առիթից և այդ տարածքով մուտք գործել»,- պատասխանեց պատգամավորը։ Պետրոս Ղազարյանի հաջորդ դիտարկմանը, թե այդ դեպքում ճիշտ են ասում, որ ներկայիս իշխանությունները չեն կարողանում Սյունիքի անվտանգությունն ապահովել, Արմեն Խաչատրյանը պատասխանեց․ «Պետք է քննության առարկա դառնա, թե ինչպես են մտել, և պետք է պարզաբանվի, թե արդյոք այդ պայմաններում, ձմեռային պայմաններում հնարավոր էր իրականացնել այդ աշխատանքները, հենակետեր տեղադրել»։ Լրագրողը կրկին հակադարձեց՝ նշելով, որ արդեն գարունն ավարտվում է։ Իսկ պատգամավորն ասաց, որ չնայած գարուն է, բարձր լեռնային գոտիներում ձմեռային իրավիճակը նոր է անցել, շատ վայրերում գուցե դեռ ձյուն կա․ «Բայց պետք է քննության առարկա դառնա՝ արդյոք ինչ-որ մի տեղ պատկան մարմինները՝ պաշտպանության նախարարությունը կամ սահմանապահ զորքերը, թերացե՞լ են, թե՞ ոչ, ինչ-որ անգործություն դրսևորվե՞լ է, թե՞ չի դրսևորվել»։ Ամփոփելով նշենք, որ մի շաբաթ առաջ պատգամավր Թագուհի Թովմասյանը հիմնավորված հարց էր բարձրացրել՝ նշելով, որ սահմանները լավ չեն կահավորված, և դա մտահոգիչ է մեր անվտանգության համար։ Վարչապետի պաշտոնակատարն, ըստ էության, չէր պատասխանել պատգամավորի հարցին, միայն անորոշ ձևակերպումներ էր տվել այն մասին, որ սահմանին կատարվող աշխատանքները պարզապես տեսանելի չեն։  Չնայած պատգամավորի հարցին Փաշինյանի արձագանքը բավականին կոշտ էր, վերջինս նաև ակնակրեց, որ սահմանների չկահավորված լինելու հարցը բարձրացնելով՝ թշնամուն են օգնում, ուղիղ մի շաբաթ անց պարզվեց, որ Թովմասյանի մտահոգությունները տեղին էին։ Վերջինս խոսում էր Գեղարքունիքի և Սյունիքի սահմանների մասին, իսկ ադրբեջանական կողմը սահմանի հենց այդ հատվածներում է ներխուժել ՀՀ տարածք։ Իսկ ՀՀ սահմանն աննկատ հատելը Անվտանգության խորհրդի քարտուղարի մակարդակով բացատրվում է հետևյալ կերպ․ «Ձմռան պատճառով չենք հասցրել ամբողջ սահմանը կահավորել»։ Անվտանգության խորհրդի քարտուղարի խոսքերը հաստատվում են նաև «Իմ քայլի»-ի պատգամավոր Արմեն Խաչատրյանի հայտարարություններով․ «Այս վիճակը հնարավորություն չի տվել, որ սահմանի ամեն մետրը դարձնենք վերահսկելի, և ադրբեջանցիները, օգտվելով այդ առիթից, հենակետերի արանքով սողոսկել են»։ Աննա Սահակյան  
15:47 - 14 մայիսի, 2021
Վարչապետի աշխատակազմից չեն մեկնաբանում՝ Փաշինյան-Մակրոն հեռախոսազրույցի մասին հաղորդագրությունում ինչու է բացակայում ՄԱԿ-ի ԱԽ-ի միջոցով խնդրին լուծում տալու հնարավորության դրվագը

Վարչապետի աշխատակազմից չեն մեկնաբանում՝ Փաշինյան-Մակրոն հեռախոսազրույցի մասին հաղորդագրությունում ինչու է բացակայում ՄԱԿ-ի ԱԽ-ի միջոցով խնդրին լուծում տալու հնարավորության դրվագը

Երեկ Անվտանգության խորհրդի նիստում որոշում է կայացվել դիմել Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպությանը (ՀԱՊԿ-ին)՝ ՀՀ ինքնիշխան տարածքային ամբողջականությունը պահպանելու համար։ Հայտարարությունից ժամեր անց ՀՀ վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանը հեռախոսազրույց է ունեցել Ռուսաստանի Դաշնության նախագահ Վլադիմիր Պուտինի հետ, որի ժամանակ ռուսական կողմը վերահաստատել է Հայաստանի եւ Ադրբեջանի հետ սերտ կապերը պահելու իր պատրաստակամությունը։ Այս հեռախոսազրույցից հետո Փաշինյանը հեռախոսազրույց է ունեցել Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնի հետ։ Վերջինս վերահաստատել է Ֆրանսիայի հավատարմությունը ՀՀ տարածքային ամբողջականության նկատմամբ, ընդգծել Հայաստանի սուվերեն տարածքից ադրբեջանական ԶՈՒ-ի դուրսբերման անհրաժեշտությունը։ Հետաքրքրականն այն է, որ հայկական կողմի տարածած պաշտոնական հաղորդագրության մեջ շեշտվում է, որ հեռախոսազրույցը ֆրանսիական կողմի նախաձեռնությամբ է կայացել, եւ բացակայում է ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի միջոցով խնդրին լուծում գտնելու հնարավորությանն առնչվող հատվածը․ «Վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանը հեռախոսազրույց է ունեցել Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնի հետ՝ վերջինիս նախաձեռնությամբ»,- մասնավորապես ասված է ՀՀ կառավարության մամուլի ծառայության հաղորդագրության մեջ: Իսկ ֆրանսիական կողմի հաղորդագրության մեջ նշված է հետեւյալը․ «Ֆրանսիան ցանկանում է, որ ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի միջոցով հնարավոր լինի լուծում գտնել տարածաշրջանում առկա լարվածության իրավիճակին՝ այս տարածաշրջանում կայունությունն ու անվտանգությունը վերականգնելու համար»։ Հայաստանի տարածած պաշտոնական հաղորդագրության մեջ այս դրվագի բացակայությունը վարչապետի աշխատակազմի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունը չի մեկնաբանում։  Infocom-ի հարցին, թե ինչու չկար ՄԱԿ-ի ԱԽ-ի միջոցով խնդրի լուծման հնարավորության մասին հատվածը, վարչապետի աշխատակազմի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչության պետ Արմեն Խաչատրյանը պատասխանեց այսպես․ «Ես մեր տարածած հաղորդագրությանն ավելացնելու ոչինչ չունեմ, բավարարվեք տարածված հաղորդագրությամբ»։ Ճշտող հարցին, թե որեւէ այլ մեկնաբանությո՞ւն էլ չունեն, Խաչատրյանը բացասական պատասխան տվեց։ Իսկ թե ինչու է հատուկ շեշտվել, որ հեռախոսազրույցը կայացել է ֆրանսիական կողմի նախաձեռնությամբ, Խաչատրյանն ասաց, որ դա ընդունված պրակտիկա է եւ դրանում որեւէ խնդիր չկա։ Հարցը, թե որ դեպքում է նշվում եւ որ դեպքում չի նշվում՝ որ կողմն է նախաձեռնողը, Խաչատրյանը դարձյալ չմեկնաբանեց՝ կրկնելով, որ հրապարակված հաղորդագրությանն ավելացնելու ոչինչ չունի․ «Իրականությունն այդպես է․ ֆրանսիական կողմի նախաձեռնությամբ է եղել հեռախոսազրույցը»։ Վարչապետի աշխատակազմի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչության պետից հետաքրքրվեցինք, թե ինչու է Փաշինյանը ադրբեջանական զորքի՝ Սյունիքի տարածքում հայտնվելուց միայն 24 կամ ավելի ժամ հետո զանգահարել Ռուսատանի նախագահ Վլադիմիր Պուտինին, եւ, ինչպես թույլ է տալիս ենթադրել պաշտոնական լրահոսը, տարածաշրջանի այլ դերակատարների հետ կապ չի հաստատել․ Խաչատրյանը մեկնաբանեց, որ վարչապետի ունեցած հեռախոսազրույցներից ոչ բոլորն են հրապարակման ենթակա։ Մեր ճշտող հարցին, թե մինչ այս հեռախոսազրույցը այլ հեռախոսազրույցներ ունեցե՞լ է Պուտինի հետ, Խաչատրյանը պատասխանեց, որ տեղեկություն չունի։ Վերջինս տեղեկություն չունի նաեւ՝ վարչապետը տարածաշրջանի այլ դերակատարների հետ կապ հաստատե՞լ է, թե՞ ոչ։  Նարեկ Մարտիրոսյան
15:07 - 14 մայիսի, 2021
Ռուսական կողմը վերահաստատել է Երևանի և Բաքվի հետ սերտ կապեր պահպանելու իր տրամադրվածությունը․ կայացել է Փաշինյանի և Պուտինի հեռախոսազրույցը

Ռուսական կողմը վերահաստատել է Երևանի և Բաքվի հետ սերտ կապեր պահպանելու իր տրամադրվածությունը․ կայացել է Փաշինյանի և Պուտինի հեռախոսազրույցը

Հայկական կողմի նախաձեռնությամբ, մայիսի 13-ին` ուշ երեկոյան, Վլադիմիր Պուտինը հեռախոսազրույց է ունեցել ՀՀ վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանի հետ: Այս մասին հայտնում են Կրեմլի մամուլի ծառայությունից։ «Շարունակվել է քննարկումը Լեռնային Ղարաբաղի իրավիճակի շուրջ: Հայ-ադրբեջանական սահմանին վերջերս տեղի ունեցած միջադեպի վերաբերյալ կարծիքների փոխանակման ժամանակ Վլադիմիր Պուտինը շեշտել է Ռուսաստանի, Հայաստանի և Ադրբեջանի ղեկավարների 2020 թվականի նոյեմբերի 9-ի և 2021 թվականի հունվարի 11-ի հայտարարությունների բոլոր դրույթները խստորեն պահպանելու անհրաժեշտությունը՝ առաջին հերթին հրադադարի ռեժիմի խիստ պահպանման առումով: Ռուսական կողմը վերահաստատել է ակտիվ միջնորդական ջանքերը շարունակելու ու Երևանի և Բաքվի հետ սերտ կապեր պահպանելու իր տրամադրվածությունը՝ տարածաշրջանում կայունություն ապահովելու նպատակով: Նիկոլ Փաշինյանը, շնորհակալություն հայտնելով Ռուսաստանի Նախագահին, հանդես է եկել կառուցողական երկխոսության և փոխգործակցության օգտին, որպեսզի բոլոր առաջացող խնդիրները լուծվեն բացառապես խաղաղ, քաղաքական և դիվանագիտական ​​միջոցներով: Անդրադարձ է կատարվել Հարավային Կովկասում տնտեսական, տրանսպորտային և նյութատեխնիկական կապերի վերականգնման խնդիրներին»,- նշված է հաղորդագրության մեջ։ Պայմանավորվածություն է ձեռք բերվել տարբեր մակարդակներում հետագա շփումների վերաբերյալ:
11:23 - 14 մայիսի, 2021