Ինֆոքոմ

Գարնանային մեդիա շաբաթ Նոյեմբերյանում․ մեդիագրագիտության դասընթաց պատանիների համար

Գարնանային մեդիա շաբաթ Նոյեմբերյանում․ մեդիագրագիտության դասընթաց պատանիների համար

  Ապրիլի 30-ից Տավուշի մարզի Նոյեմբերյան համայնքում մեկնարկել է «Գարնանային մեդիա շաբաթ Նոյեմբերյանում» մեդիագրագիտության դասընթացը, որին մասնակցել է 14-17 տարեկան տասը պատանի՝ Նոյեմբերյանից և հարակից համայնքներից։ Նախաձեռնության ղեկավար Ամալյա Մարգարյանը Infocom.am-ի հետ զրույցում պատմեց, որ նախաձեռնություն իրականացնելու գաղափարը կար վաղուց, երբ ինքը դեռ սովորում էր համալսարանում։ Մարգարյանի խոսքով՝ երբ ավարտել է ուսումը, հասկացել է, որ պետք է մարզերում ապրող երեխաների կյանքը մի փոքր ավելի ակտիվացնել։ Վերջինիս համոզմամբ՝ հիմա, իր դպրոցական տարիների համեմատ, շատ բաներ տարբեր են, որովհետև համայնքում կան խմբակներ, լաբորատորիաներ, ռոբոտաշինության դասեր և այլն, բայց հիմա որոշ դասերի վերաբերյալ կան բացեր, որոնցից մեկն էլ մեդիաոլորտն է։ «Անհրաժեշտություն կար խոսել մեդիայի մասին, բացատրել, թե ովքեր են մեդիասպառողները, ինչ է մեդիան և այն։ Մասնակիցներն ընտրվել են մրցութային կարգով։ Երբ արդեն սկսել էինք դասընթացը, ես հարցրի մասնակցիներին, թե ըստ իրենց՝ ի՞նչ է մեդիան, իրենցից շատերի համար դա շատ խորթ, անգլերեն տերմին էր, հետո միասին սկսեցինք բացահայտել մեդիան, թե ինչ է, ինչպես է արվում դրա կոդավորումը, ինչ հաղորդագրություններ են ուղարկվում հանրությանը։ Դասընթացներն ամենօրյա ռեժիմով էին, ունեցանք նաև հանդիպումներ մի քանի բանախոսների հետ, որոնց շնորհիվ մասնակիցները սովորեցին, օրինակ, թե ինչպես կարելի է փաստերի ստուգում իրականացնել, տարբերել կարևորը և այն առանձնացնել երկրորդականից»,- պատմեց նախաձեռնության ղեկավարը՝ հավելելով, որ մեկ այլ բանախոսի հետ ունեցել են լրագրության ժանրերի վերաբերյալ դասընթաց, ինչպես նաև մասնկացիները սովորել են հարցազրույց անելու և ռեպորտաժ նկարելու մի քանի նրբություններ։ Դասընթացից հետո երեխաներն իրենց ստացած գիտելիքները կիրառել են գործնական աշխատանքում։ Մարգարյանը պատմեց, որ իր հիմնական նպատակներից մեկն էլ այն էր, որ պատանիները չվախենան իրենց համայնքում եղած խնդիրները բարձրաձայնել, և կարողանան ճիշտ ներկայացնել դրանք։ Ծրագրի շրջանակում մասնակցիները ուսումնասիրել են նաև ՏԻՄ-ի աշխատանքը, համայնքների կառավարումը, տարբերակել, թե ինչ դեր ունեն համայնքի ղեկավարը, ավագանին և այլն։ Խոսելով հանրության մոտ ձևավորված կարծրատիպերի մասին՝ Մարգարյանը նշեց․ «Երբ հայտարարեցինք ծրագրի մասին, մի քանի հոգի մերժեցին՝ ասելով, որ չեն ուզում լրագրող դառնալ։ Մեր նպատակը բոլորին լրագրող դարձնելը չէ, բայց քանի որ մենք ապրում ենք մեդիականացված աշխարհում, և կապ չունի, թե ինչ ոլորտում ենք աշխատում, մենք մտնում ենք սոցցանցեր, գրառումներ ենք անում և դառնում ենք դրա մի մասը։ Շատ կարևոր է, որ երիտասարդները կարողանան ճիշտ ներկայացնել, օրինակ, իրենց գրառումները։ Մասնակիցներից երկուսը ուզում են դառնալ լրագրող, և մեկ տղա, որն արդեն ունի վլոգ և ուզում է դառնալ սպորտային մեկնաբան։ Մի աղջիկ կա, որը շատ յուրահատուկ լրագրողական աչք ունի, ու ինքն ասում է՝ «ես ուզում էի դառնալ լրագրող, բայց ինձ տանն ասել են, որ այդքան էլ լավ մասնագիտութուն չէ, արի իրավաբանություն փորձիր»։ Ես հիմա փորձում եմ նաև այդ կարծրատիպերը կոտրել, որ լրագրող լինելը դժվար է, բայց նաև հաճելի։ Երբ երեխաները գործնական աշխատանքից վերադառնում են, իրենք էլ են ասում, որ շատ հաճելի աշխատանք է։ Փորձում ենք հասկանալ և՛ լրագրողական աշխատանքի դժվարությունները, և՛ հետաքրքրությունները»։   Ամալյան նշում է, որ շատ է մտածել ծրագրի շարունակականության մասին, բայց այս պահին պետք է սահմանափակվել այս մեկով, սակայն նա տեսնում է նաև ծրագիրը տարբեր տեղերում իրականացնելու անհրաժեշտություն։ Ծրագրի ղեկավարը հույս ունի, որ հետագայում հնարավորություն կլինի շարունակականությունն ապահովել։ Ծրագիրը հետաքրքրություն է առաջացրել նաև մեծահասակների մոտ, նրանից շատերը նույնպես ցանկություն են հայտնել միանալ դասերին, համայնքում մեծ ոգևորություն ու հետաքրքրություն կա դասերի հանդեպ։ «Մենք ունենք ֆեյսբուքյան էջ, որը մեկ շաբաթում բավականին մեծ լսարան ձեռք բերեց, և այդտեղ անգամ ուղիղ եթերներով երեխաները պատմում էին, թե ինչ է կատարվում իրենց մեջքի ետևում։ Անգամ սոցիալական հարթակներից էինք զգում ոգևորությունը և հետաքրքրությունը դասերի հանդեպ»,- եզարփակեց ծրագրի ղեկավարը։   Դասընթացն ավարտվել է այս շաբաթ, ծրագրի մասնակցիները դիտել են իրենց պատրաստած ռեպորտաժները։ Վերջիններիս հետ հանդիպել է նաև Նոյեմբերյան համայնքի ղեկավար Կարեն Աբազյանը և իր շնորհակալական խոսքը հայտնել նման նախաձեռնություն իրականացնելու և համայնքային խնդիրներին ուշադրութուն դարձենլու համար։   «Գարնանային մեդիա շաբաթ Նոյեմբերյանում» համայնքային ծրագիրն իրականացվում է «Տեղական ժողովրդավարության դպրոց» ծրագրի շրջանակում՝ Համայնքների ֆինանսիստների միավորման, Եվրասիա համագործակցություն հիմնադրամի, Տեղեկատվական համակարգերի զարգացման, վերապատրաստման կենտրոնի կողմից «Հանրային մասնակցություն տեղական ինքնակառավարմանը» ծրագրի շրջանակներում՝ ԱՄՆ ՄԶԳ ֆինանսական աջակցությամբ։ ՏԺԴ-ը Տավուշի մարզում իրականացվում է «Դիլիջանի երիտասարդների համագործակցության կենտրոն» ՀԿ գործընկերությամբ։
16:47 - 09 մայիսի, 2021
ՀՀ Կառավարությունն ինչպես և ինչ ծավալով է տեսնում իր դերը գիտության զարգացման գործում [Challenge 21.1 | Գեղամ Ջիվանյան]

ՀՀ Կառավարությունն ինչպես և ինչ ծավալով է տեսնում իր դերը գիտության զարգացման գործում [Challenge 21.1 | Գեղամ Ջիվանյան]

«Challenge» նախագիծն ուղղված է հանրային քննարկում խթանելու ներուժ ունեցող անհատների համար գրելու, ստեղծագործելու, փոփոխությունների միտք գեներացնելու ինչպես ֆինանսական, այնպես էլ հոգեբանական մոտիվացիա ստեղծելուն։ Յուրաքանչյուր հեղինակ հոդվածի վերջում «մարտահրավեր» է նետում այլ հրապարակախոսի, ոլորտային մասնագետի, փորձագետի կամ ցանկացած մարդու, որին համարում է թեմայի արժանի շարունակող։ Ներդրված է նվիրատվությունների համակարգ (հոդվածի վերջում), որի միջոցով ընթերցողը հնարավորություն ունի նվիրատվություն կատարել հոդվածագրին։ infocom.am-ը հանդես է գալիս որպես միջնորդ ընթերցողի և հոդվածագրի միջև։   Գիտությունը, գիտության ֆինանսավորումն ու հատկապես պետության վերաբերմունքը գիտությանը անկախ Հայաստանի ամենացավոտ թեմաներից մեկն է։ 44-օրյա պատերազմն էլ իր հերթին ցույց տվեց գիտության անմխիթար վիճակն ու ևս մեկ անգամ ապացուցեց, որ առանց գիտության զարգացման մենք չեն կարող կառուցել մրցունակ և անվտանգ պետություն։ Վերջինս գիտական և գործարար հանրության համար առիթ դարձավ թեման մաքսիմալ հանրայնացնելու՝ կառավարությունից պահանջելով ստանձնել երկարաժամկետ հանձնառություն և փոխել երկրում գիտության նկատմամբ տարբեր իշխանությունների` տարիներով որդեգրած ոչ ռազմավարական մոտեցումները։ Պահանջի շուրջ կոնսոլիդացիայի կենտրոն դարձավ նորաստեղծ «Գիտուժ» նախաձեռնությունը, որի համայնքում արդեն ընդգրկված են մոտ 700 գործարարներ և կազմակերպություններ։ Այս ամենի կոնտեքստում պետք է հիշել փետրվարի 1-ին Ազգային Ժողովում տեղի ունեցած՝ «Գիտությունը՝ որպես անվտանգության և զարգացման հենասյուն» թեմայով հանրային լսում-քննարկումը, ինչից հետո կառավարությունը պարբերաբար անդրադարձավ գիտության խնդիրներին ու դրանց լուծումներին։ Սակայն կառավարության գործելաոճը դեռևս նման է, ինչպես ժողովուրդն է ասում, «Անիվը սելի նորից կոտրվեց իր սիրած փոսում»-ին։ Մինչ կառավարության՝ գիտության հանդեպ դրսևորած վերաբերմունքին ու քայլերին անդրադառնալը կատարենք մի փոքրիկ  անդրադարձ գիտության զարգացմանը և դրա մեջ պետությունների դերի կարևորությանը, ֆինանսավորմանը և օգուտներին։     Ինչո՞ւ և ինչպե՞ս է զարգանում գիտությունը Գիտական հետազոտությունները բավարար չեն առաջընթացի համար. անհրաժեշտ է գիտության, քաղաքականության ու տնտեսության գործակցությունը։ Քաղաքական ու տնտեսական ինստիտուտներն ապահովում են ռեսուրսներ, առանց որոնց գիտական հետազոտությունները գործնականում անհնար են։ Գիտական հետազոտություններն, իրենց հերթին, ստանալով անհրաժեշտ ֆինանսավորումը, մարդկության համար բացում են նոր հնարավորություններ, որոնք ճիշտ կիրառելու դեպքում թույլ են տալիս ձեռք բերել նոր ռեսուրսներ, որոնց մի մասը կրկին ներդրվում է գիտության մեջ։ Մենք ապրում ենք տեխնոլոգիաների դարաշրջանում։ Շատերը համոզված են, որ գիտությունն ու տեխնոլոգիան ունեն մեր բոլոր խնդիրների պատասխանները. պարզապես թո՛ւյլ տվեք, որ գիտնականներն ու տեխնիկական մասնագետներն իրենց գործն անեն, և նրանք երկիրը դրախտ կդարձնեն։ Այնինչ, գիտությունն ինչ-որ տեղ` վերևում, ոգու և բարոյականության բարձր մակարդակներում, կատարվող գործ չէ՝ մարդկային մյուս բոլոր ձեռնարկներից վեր կանգնած։ Մեր մշակույթի մյուս բոլոր մասերի նման գիտությունը ևս ձևավորում են տնտեսական ու քաղաքական շահերը։ Ինչպե՞ս պատահեց, որ միլիարդները կառավարությունից ու բիզնեսների դրամատներից սկսեցին հոսել լաբորատորիաներ ու համալսարաններ։ Ակադեմիական շրջանակներում շատերը դեռ պարզամտորեն հավատում են մաքուր գիտությանը։ Նրանք կարծում են, թե կառավարությունն ու բիզնեսները, մարդասիրությունից դրդված, իրենց փող են տալիս, որ հետազոտեն այն, ինչ խելքներին կփչի։ Այս տեսակետից մեր կառավարությունների պատկերացումները առանձնապես չեն տարբերվում ակադեմիական շրջանակների պատկերացումներից։ Բայց գիտության ֆինանսավորման իրականությունն այլ է։ Որպես կանոն, գիտական հետազոտությունները ֆինանսավորվում են, քանի որ ինչ-որ մեկը վստահ է, որ դրանք կօգնեն հասնել քաղաքական, տնտեսական կամ կրոնական որևէ նպատակի։ Գիտնականներն իրենք միշտ չէ, որ տեղյակ են, թե քաղաքական, տնտեսական ու կրոնական ինչ շահեր են կառավարում փողի հոսքը։ Շատ գիտնականներ, իսկապես, գործում են՝ զուտ ինտելեկտուալ հետաքրքրությունից մղված։ Բայց քիչ է պատահում, որ գիտնականը որոշի գիտության օրակարգը։ Գիտությունը չի կարող սահմանել իր առաջնահերթությունները։ Գիտությունը նաև ի վիճակի չէ որոշել՝ ինչ անել սեփական հայտնագործությունների հետ։ Կարճ ասած, գիտական հետազոտությունը կարող է զարգանալ միայն գաղափարախոսության հետ համատեղ։ Գաղափարախոսությունն է արդարացնում հետազոտության ծախսերը՝ փոխարենն ազդելով գիտության օրակարգի վրա ու որոշելով, թե ինչպես վարվել հետազոտության արդյունքների հետ։ Հարարիի «Sapiens» գրքի տարբեր հատվածներից մեջբերումները, որոնք վերաբերում են  գիտություն-պետություն՝ տարբեր երկրների ու տարբեր ժամանակաշրջանների կապին, չնայած որոշակի կտրուկ կամ կոշտ ձևակերպումների, շատ լավ ցույց են տալիս, որ պետությունը ունի լրջագույն գործառույթ և պատասխանատվություն գիտության զարգացման հարցում։ Պետության դերը չի սահմանափակվում միայն ֆինանսավորմամբ․ պետությունը պետք է կարողանա մշակել գիտական քաղաքականության և լինել վերջինիս գլխավոր պատասխանատուն, ինչպես նաև ապահովի պետություն-գիտություն  բազմաշերտ կապի բոլոր օղակների անխափան աշխատանքը։   Հետպատերազմյան կառավարությունն ու գիտությունը Վերադառնանք մեր իրականություն։ Նախ՝ մի քանի փաստ ՀՀ-ում գիտության վիճակի մասին։ Գիտության ֆինանսավորումը 26 մլն դրամ է՝ ավելի քիչ, քան մեկ Հերմես ԱԹՍ-ի գինը: Հայաստանում գիտական աստիճան ունեցող գիտաշխատողների՝ 40%-ը, իսկ ղեկավարների 50%-ը կենսաթոշակային տարիքի է։ Այսինքն` նման տեմպերով 2025 թվականին մենք գիտություն այլևս չենք ունենա։ 30 տարվա ընթացքում Հայաստանում գիտաշխատողների քանակը յոթնապատիկ նվազել է՝ 1 մլն բնակչի հաշվով աշխարհի առաջատար ցուցանիշներից հասնելով եվրոպական միջինից 2 անգամ քիչ ցուցանիշի: Գիտությունը ՀՀ֊ում ֆինանսավորվում է ՀՆԱ֊ի 0.25%-ի չափով. այս ցուցանիշով մենք համեմատվում ենք Ուգանդայի ու Բուռունդույի հետ: Սույն տարվա փետրվարի 1֊ին ԱԺ֊ում տեղի ունեցան «Գիտությունը` որպես անվտանգության և զարգացման հենասյուն» խորագրով հանրային լսումներ։ Առաջին անգամ ԱԺ ամբիոնից գործարարը խոսեց գիտության կարևորության և ներկայիս ոչ բավարար վիճակի մասին։ ԱԺ ԿԳՄՍԵՍ մշտական հանձնաժողովի նախագահ Մխիթար Հայրապետյանն իր ելույթում նշեց, որ առհասարակ չկա մի ոլորտ, որտեղ հնարավոր է առանց գիտական հենքի ապահովել զարգացում, իսկ վերջին պատերազմն էլ ցույց տվեց, որ տարածաշրջանում անվտանգ երկրներից մեկը դառնալու համար մենք ունենք բազմաթիվ անելիքներ։  Բանակի ինտելեկտուալացումը, բանակի ավտոմատացումը այլընտրանք չունեն։ Պատերազմը ցույց տվեց, որ մենք հենց այս ճանապարհով պիտի շարժվենք առաջ։ Ցավալի է, որ պատերազմը պետք է ցույց տար այն, ինչում վաղուց արդեն կարելի էր համոզված լինել թե՛ սեփական, թե՛ այլոց օրինակներով, և ինչի մասին, արդեն հաշիվն էլ եմ կորցրել, թե քանի անգամ, մենք համոզվում ու արձանագրում ենք նույն բարձրագույն ամբիոնից տարբեր կառավարությունների օրոք։ Հաջորդիվ ԿԳՄՍ նախարար Վահրամ Դումանյանը խոսեց գիտության ու կրթության անբաժան կապից, գիտության դերի կարևորությունից, գիտության վիճակից, գիտնականներից։ Գիտական կադրերից խոսելիս նախարարը նշեց, որ ունենք շատ տաղանդավոր երիտասարդներ, բայց նրանցից շատերը, բարձր գնահատվելով իրենց մասնագիտությամբ, գնում են արտասահման ու բարձր վարձատրվող աշխատանքով են զբաղվում։ Նախարարի՝ առաջին հայացքից անմեղ թվացող հայտարարության մեջ կա մանիպուլյացիա և խնդիրների ռազմավարական լուծումներից խուսափելու հետք, ինչի մասին արդեն խոսել եմ 1in.am֊ին տված հարցազրույցումս։ ԱԺ լսումներից հետո մեդիա դաշտը սկսեց ողողվել գիտության թեմայով։ Տեղի ունեցան բազմաթիվ հանրային քննարկումներ, գրեթե բոլոր հեռուստաալիքների առավոտը սկսվում էր գիտնական հյուրերով։ Անկախ քննարկվող թեմաներից՝ լրագրողները փորձում էին առիթը բաց չթողնել ու խոսել նաև գիտությունից։ 23 օր անց վարչապետ Նիկոլ Փաշինյանի գլխավորությամբ կառավարությունում տեղի է ունեցավ խորհրդակցություն, որի ընթացքում քննարկվեցին գիտության ոլորտի զարգացման հեռանկարները։ Վարչապետը, անդրադառնալով գիտության հարցին, ասաց․ «Ինչպես գիտեք, Ազգային ժողովում առաջին ընթերցմամբ ընդունվել է «Բարձրագույն կրթության և գիտության մասին» օրենքը: Եվ այս համատեքստում, բնականաբար, պատեհ է քննարկել այն մեխանիզմը, որով Հայաստանի Հանրապետությունում ֆինանսավորվում է գիտությունը: Ուզում եմ ընդգծել, որ դա առիթ է և ոչ թե պատճառ, որովհետև հիմնարար հարցը միշտ գոյություն է ունեցել: Եվ հատկապես Արցախյան երկրորդ պատերազմից հետո, ըստ էության, ավելի ակնհայտ է՝ գիտությունն է, հատկապես՝ բնական և տեխնիկական, այն հենարանը, որը կարող է ապահովել Հայաստանի երկարատև զարգացումը: Այստեղ, թերևս, մեծ բանավեճ չկա, հարցն այլ տեղ է․ ինչպե՞ս, ի՞նչ մեխանիզմներով, ի՞նչ ծավալներով ապահովել գիտության ֆինանսավորումը, որպեսզի այն իրոք արդյունք ստեղծի և հասնի այն մարդկանց, ովքեր զբաղվում են գիտությամբ: Եվ ինչպես ապահովել, որ ավագ սերնդի մեր ականավոր գիտնականների գործը շարունակվի արդյունավետ ու որոշակի ճանապարհ անցնելուց հետո, ի վերջո, դառնա կիրառական նշանակության արդյունք: Սա իսկապես լուրջ և հիմնարար խնդիր է, և մենք այսօր պիտի փորձենք այս խնդրի շուրջ առաջարկել լուծումներ ու լսել, թե ինչ պատկերացումներ կան ընդհանրապես նման լուծումների մեխանիզմների և հեռանկարների վերաբերյալ: Մի բան ակնհայտ է, որ մենք հասել ենք մի հանգրվանի, որտեղ պետք է կարողանանք հստակ հասկանալի, ձևակերպելի որոշումներ կայացնել ու համոզված լինել այդ որոշումների հետագա արդյունավետության մեջ»: Վերջում վարչապետը հավելեց․ «Գիտությունն է այն հենարանը, որը կարող է ապահովել Հայաստանի երկարատև զարգացումը»։ Ըստ էության, վարչապետն ասաց ոչինչ, հիմնականում կրկնեց այն, ինչ ասում ու կրկնում էին բոլորը տարիներ շարունակ և մասնավորապես՝ վերջին 22 օրերի ընթացքում։ Երևի թե գիտական հանրությունը սպասում էր ավելի գործնական ու հստակ ուղերձների՝ գիտության կարևորության մասին ճառերի փոխարեն։ 2 օր անց տեղի ունեցավ ԱԺ գիտության, կրթության, մշակույթի, սփյուռքի հարցերի հանձնաժողովի նիստը, որի ժամանակ ԿԳՄՍ նախարար Վահրամ Դումանյանը անդրադարձավ «Գիտուժի»՝ բյուջեի 4%-ի չափով գիտության ֆինանսավորման պահանջին` նշելով, որ չնայած այն բանին, որ իրենք կողմ են գիտության ֆինանսավորման ավելացմանը, և այդտեղ երկու կարծիք լինել չի կարող, բայց կառավարությունը որդեգրել է մոտեցում, որ որևէ բնագավառում օրենքի մակարդակով որևիցե թիվ չֆիքսվի։ Մեթոդաբանության ընտրությունը նախարարը հիմնավորեց նրանով, որ կա պրակտիկա, երբ օրենքում ֆիքսվել են թվեր, և չի կատարվել այդ օրենքը։ Փաստորեն, ըստ նախարարի, եթե չես կարողանում պլաններդ իրագործել, ապա ավելի լավ է ընդհանրապես պլաններ չկազմել։ Մյուս կողմից, պետք է նշել, որ վերջին 20 տարում գիտության դեպքում մեծամասամբ այդ պահանջը կատարվել է։ 2-3 տարիներ են եղել, որ օրենքի այդ կետի խախտում է եղել, բայց դա եղել է հենց խախտում։ Նմանօրինակ մտքերից մեզ ցրելու համար հանձնաժողովի նախագահ Մխիթար Հայրապետյանը նախարարին հարցրեց․ «Կարո՞ղ ենք արձանագրել, որ անկախ նրանից՝ ՀՆԱ֊ով կամ բյուջեի ծախսային մասով կընդգծվի՞, կարձանագրվի՞, թե՞ ոչ, գիտության՝ 2022 թվականի բյուջեն լինելու է շատ ավելի մեծ, քան 2021 թվականինը», ինչին նախարարը տվեց դրական պատասխան։ Նիստի վերջում էլ դրական նոտայով ավարտելու համար  Մխիթար Հայրապետյանը երաշխավորեց, որ առաջիկա հարցուպատասխանի ժամանակ մենք պետք է լսենք երաշխիքներ նաև գործադիր ղեկավարի կողմից առ այն, որ մոտեցումը փոխվելու է գիտության նկատմամբ կոնկրետ քայլերով ու գործողությունների պլանով՝  նշված քայլերի ու պլանների մեջ տեսնելով գիտության՝ հաջորդ տարվա բյուջեի առնվազն մի քանի միլիարդ դրամով ավելացումը։ Մխիթար Հայրապետյանի երաշխավորած՝ գործադիրից պահանջվող երաշխիքներ լսելը երկար սպասել չտվեց։ Մեկ շաբաթ անց տեղի ունեցավ հարցուպատասխան կառավարության հետ, որի ժամանակ փոխվարչապետ Տիգրան Ավինյանը՝ տեր կանգնելով իր գործընկերոջ՝ մեկ շաբաթ առաջ տված երաշխիքին, նշեց, որ կառավարությունը տրամադրված է էականորեն ավելացնել գիտության բյուջեն՝ կրկին առանց որևէ հստակությունների։ Այնուհետև նշեց, որ 2020-ին 1.5 մլրդ դրամով ավելացել է գիտությանը հատկացվող բյուջեն, ինչպես նաև խոստացավ ամրագրման այլ լուծումներ առաջարկել։  Կառավարության տրամադրվածության բարձրաձայնումը շատ կարևոր էր՝ չնայած առանց որևէ հստակ էլեմենտների։ 1.5 մլրդ դրամի մասին լուրն էլ,  իհարկե, ուրախալի էր և ցույց էր տալիս, որ կառավարությունը մինչև պատերազմն ու վերջին ակտիվությունը սկսել էր կարևորել գիտությունն ու քայլեր անել, բայց ուրախությունը լիարժեք դարձնելու համար լավ կլիներ՝ պարոն Ավինյանը նաև նշեր, թե ինչի վրա է ծախսվել այդ 1.5 մլրդ գումարը։ Հարցին պատասխանելու համար փոխվարչապետը կարող էր դիմել «դահլիճի օգնությանը», մասնավորապես՝ նվազագույն աշխատավարձի շեմը բարձրացնելու մասին օրինագծի համահեղինակ Բաբկեն Թունյանին։ Հարցուպատասխանից մեկ շաբաթ անց տեղի ունեցավ հանդիպում «Գիտուժ» նախաձեռնության անդամների և ՀՀ փոխվարչապետ Տիգրան Ավինյանի, ԿԳՄՍ Նախարար Վահրամ Դումանյանի, ԱԺ ԿԳՄՍԵՍ հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Մխիթար Հայրապետյանի, Գիտության կոմիտեի նախագահ Սարգիս Հայոցյանի և ԲՏԱ փոխնախարար Գոռ Մելիքյանի միջև։ Հանդիպումից ունեցած սխասելիքները առանձնապես չադարացվեցին, ինչին առավել մանրամասն կարող եք ծանոթանալ այստեղ։ ԱԺ մարտի 22֊ի նիստի ժամանակ ԿԳՄՍ նախարար Վահրամ Դումանյանը հայտնեց, որ կառավարությունն այս տարի մտադիր է գիտության բյուջեն ավելացնել 2.7 մլրդ դրամով։ Իսկ Մխիթար Հայրապետյանը դա համարեց այն կամքի ցուցիչը, որը կառավությունը դրսևորում է գիտության ուղղությամբ։ Խոսք գնաց հաջորդ տարվա բյուջեն 5 մլրդ-ով ավելացնելու մասին, և նշվեց, որ  դա դեռ սահմանը չի։ Անդրադառնալով ավելացվող 2.7 մլրդ դրամին՝ «Գիտուժ» նախաձեռնության անդամ Գևորգ Սաֆարյանը Panorama֊ին տրված հարցազրույցում նշեց․ «Գումարի չափը, որի մասին հայտարարեց նախարարը, մեզ չի բավարարել, քանի որ մենք պահանջում ենք այս տարի առնվազն 50%-ով ավելացնել գիտական և գիտատեխնիկական գործունեության համար պետական բյուջեով նախատեսված հատկացումները։ Այս շարժման ողջ իմաստն ավելի շատ գիտությունը զարգացնելու երկարաժամկետ հանձնառություն վերցնելն է»։ Այս գիտական եռուզեռից հետ չմնաց նաև ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանը՝ մարտի 24֊ին  հանդիպելով ՀՀ ԳԱԱ նախագահ Ռադիկ Մարտիրոսյանի և փոխնախագահ Յուրի Շուքուրյանի հետ։ Հանդիպման ժամանակ ևս մեկ անգամ հաստատվեց գիտության կարևորությունը պետության զարգացման և անվտանգության գործում։ ԿԳՄՍ Նախարարի գործունեության 97֊րդ օրը, հավանաբար գիտության հարցի կարևորությունը գնահատելու և հարցին բազմակողմանի նայելու մտադրություններից ելնելով, ինչպես նաև փետրվարի 1֊ին նախարարի հնչեցրած՝ գիտության ու կրթության անբաժան լինելու խոսքից ոգևորված, արմավիրցիների հետ հանդիպման ժամանակ վարչապետը խոսեց բուհերից ու հատկապես բուհական շենքերից՝ նշելով, որ կա գաղափար՝ բուհական շենքերը վաճառելու և այդ գումարով Երևանից դուրս ակադեմիական քաղաք կառուցելու, ու չնայած դա ընդամենը գաղափար էր, ինչը հաստատեց նաև նախարար Դումանյանը 2 օր անց՝ լրագրողների հետ ճեպազրույցի ժամանակ, վարչապետին հաջողվեց  նախարարին իր գործունեության 100 օրը լրանալու կապակցությամբ նվիրել «կես» ասուլիս, իհարկե, նաև իր նախկին գործընկերների շնորհիվ։ Տարված բուհերի շենքերի ճակատագրով՝ լրագրողները մոռացան նախարարին գոնե մեկ հարց տալ գիտության ֆինանսավորման մասին, և նախարարը ստիպված եղավ ինքնուրույն անդրադառնալ այդ հարցին՝ կրկին շեշտելով 2.7 մլրդ ավելացումը և հավելելով, որ միայն ավելացնելը քիչ է, պետք  է լինի հստակ ակնկալիք, որովհետև մենք գումար ենք ներդնում ոլորտ, նաև պետք է վերջնարդյունքի ակնկալիք ունենանք։ Թվում է, թե կառավարությունը վերջապես գիտակցում է իր դերը գիտության հարցում, և որ բացի ֆինանսավորելուց՝ կառավարությունը պետք է ստանձնի նաև գիտության մեջ խնդիրներ ձևակերպողի ու արդյունքներ ակնկալողի դերը։ Ապրիլի 8-ին վերջապես կառավարության նիստում ընդունվեց գիտության բյուջեն 2.7 մլրդ դրամով ավելացնելու որոշումը, և մի փոքր մանրամասնվեց, թե ինչին են ուղղվելու այդ գումարները։ Այսպիսով, վերջին 2 ամիսների իրադարձությունները ամփոփելով, կարող ենք ասել, որ «Գիտուժի» նախաձեռնած արշավը հանրային լայն արձագանք թողեց։ Վերջին երկու ամսվա ընթացքում մեդիայում գիտությունը բավականին մեծ դեր ունի և ամենաքննարկվող թեմաներից մեկն է։ Գրեթե բոլոր  լրագրողները առիթը բաց չեն թողնում խոսելու այդ մասին։ Շուրջ 3 տասնյակ լրատվականներ պարբերաբար անդրադարձ են կատարում թեմային։ Այս ամենը, բնականաբար, անտարբեր չէր կարող թողնել նաև կառավարությանը, ինչում համոզվեցինք՝ անդրադառնալով կառավարության բազմաթիվ արձագանքներին՝ փետրվարից ի վեր։ Չնայած գիտության ֆինանսավորումն այս տարի ավելացավ, եղավ խոստում, որ հաջորդ տարի էլ ավելի շատ է բարձրանալու, ինչին ես անկեղծ հավատում եմ, բայց պետք է կատարենք մի ցավոտ եզրահանգում․ կառավարությունը դեռևս պատրաստ չէ այս հարցում որևէ ռազմավարական լուծման գնալու։  Հետգրություն․ թեման շարունակելու համար մարտահրավեր եմ նետում Կարապետ Մկրտչյանին։ Մարտահրավերը բաց է թեմայով հետաքրքրվողների համար:
19:35 - 08 մայիսի, 2021
Վերացվել են մանկապարտեզներին վերաբերող սահմանափակումները․ «Թիթեռնիկ» մանկապարտեզի երեխաներին հնարավոր կլինի տեղավորել այլ խմբերում

Վերացվել են մանկապարտեզներին վերաբերող սահմանափակումները․ «Թիթեռնիկ» մանկապարտեզի երեխաներին հնարավոր կլինի տեղավորել այլ խմբերում

Ապրիլի 30-ին Երևանի Արաբկիր վարչական շրջանի թիվ 22 «Թիթեռնիկ» մանկապարտեզ հաճախող երեխաների ծնողները քաղաքապետարանի դիմաց բողոքի ակցիա էին իրականացնում, քանի որ մանկապարտեզը վերանորոգվում է, իսկ քաղաքապետարանը, ծնողների պնդմամբ, այնտեղ հաճախող երեխաներին նախօրոք չի տեղավորել այլ մանկապարտեզների խմբերում։ Infocom-ը հարցում էր ուղարկել Երևանի քաղաքապետարան՝ հասկանալու համար, թե ինչու վերանորոգվող մանկապարտեզ հաճախող երեխաները նախօրոք չեն տեղավորվել այլ մանկապարտեզների խմբերում։ «Թիթեռնիկ» մանկապարտեզ, համաձայն քաղաքապետարանի փոխանցած տվյալների, 2021-ի դրությամբ հաճախել է 160  երեխա, մանկապարտեզն էներգաարդյունավետության ծրագրում ներառելու նպատակով այնտեղ հիմնանորոգման աշխատանքների իրականացման շուրջ քննարկումները սկսվել են 2018-ից։  «Երեխաները նախապես չեն տեղավորվել այլ մանկապարտեզներում, քանի որ ՀՀ առողջապահության նախարարի հ.17-Ն հրամանով սահմանված է ընդունել 20-ական երեխա՝ յուրաքանչյուր խմբում, և պահպանել 1 մետր սոցիալական հեռավորություն: Գործընթացը հնարավոր կլինի իրականացնել  նշված սահմանափակումների մեղմացման պարագայում մինչ իրենց (երեխաների- խմբ․) հիմնական մանկապարտեզի վերաբացումը»,- ասված է քաղաքապետարանի պատասխանում: Քաղաքապետարանից նաև հետաքրքրվել էինք, թե որքան է տևելու մանկապարտեզի վերանորոգման գործընթացը, և այդ ընթացքում լուծվելո՞ւ է աշխատակիցների զբաղվածության հարցը։  «Մանկապարտեզի շինարարական աշխատանքները, ըստ պայմանագրի, տևելու են շուրջ 15 ամիս, որի ընթացքում աշխատակազմը վճարվելու է աշխատավարձի երկու երրորդի չափով՝ համաձայն  ՀՀ աշխատանքային օրենսգրքի 186-րդ հոդվածի 1-ին մասի»,- պատասխանել են քաղաքապետարանից: Այսօր Երևանի քաղաքապետի խոսնակ Հակոբ Կարապետյանը հայտնեց, որ առողջապահության նախարարի հրամանով վերացվել են մանկապարտեզների խմբերում երեխաների թվին ու հեռավորությանը վերաբերող սահմանափակումները:  Սա ենթադրում է, որ ինչպես մեր հարցմանն ի պատասխան՝ հայտնել էին քաղաքապետարանից, «Թիթեռնիկ» մանկապարտեզ հաճախող երեխաներին հնարավոր կլինի տեղավորել այլ մանկապարտեզների խմբերում։
18:25 - 08 մայիսի, 2021
Զառիթափ-Նոր Ազնաբերդ-Նախիջևանի սահման ճանապարհը հիմնանորոգվել է 2020-ի պետբյուջեի միջոցներով․ 2014-ին հիմնանորոգվել է Զառիթափի գյուղամիջյան ճանապարհը

Զառիթափ-Նոր Ազնաբերդ-Նախիջևանի սահման ճանապարհը հիմնանորոգվել է 2020-ի պետբյուջեի միջոցներով․ 2014-ին հիմնանորոգվել է Զառիթափի գյուղամիջյան ճանապարհը

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը ապրիլի 17-ին հայտնեց, որ Վայոց ձորի մարզի Զառիթափ-Նոր Ազնաբերդ-Նախիջևանի սահման 14 կիլոմետրանոց ճանապարհը հիմնովին վերակառուցվել է։  «Ծրագրի համար պետական բյուջեից հատկացվել է 1 մլրդ 180 մլն դրամ։ Մինչ այս ճանապարհը չէր վերանորոգվել ավելի քան 30 տարի»,- «Ֆեյսբուք»-ի էջում գրել էր վարչապետը։ Վարչապետի գրառմանն արձագանքեց Վայոց ձորի նախկին մարզպետ, Սահմանադրական դատարանի աշխատակազմի նախկին ղեկավար Էդգար Ղազարյանը։ Վերջինիս խոսքով՝ Զառիթափ-Նոր Ազնաբերդ-Նախիջևանի սահման 14 կմ երկարություն ունեցող ճանապարհի հիմնանորոգման գործընթացը սկսվել է 2014 թվականին։ «Մի քանի կմ երկարություն ունեցող և մի քանի հարյուր միլիոն դրամ արժեք ունեցող ճանապարհները մի քանի օրում չեն կառուցվում։ Դրանց համար անհրաժեշտ են բավարար հիմնավորումներ, նախագծեր, նախագծա-նախահաշվային փաստաթղթեր, ճանապարհաշինական աշխատանքների իրականացման համար մրցույթներ, ճանապարհի կառուցման համար անհրաժեշտ ժամանակահատված»,- «Ֆեյսբուք»-ի էջում գրել էր Ղազարյանը։  Infocom-ը հարցում էր ուղարկել տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարություն՝ հասկանալու համար, թե երբ է վերջին անգամ վերանորոգվել Զառիթափ-Նոր Ազնաբերդ-Նախիջևանի սահման ճանապարհը, և երբ են մեկնարկել հիմնանորոգման վերջին աշխատանքները։ ՏԿԵՆ-ից մեզ պատասխանել են, որ նշված ճանապարհի մոտ 3․7 կմ հատված հիմնանորոգվել է 2009-ին Հայաստանի կենսական նշանակության ճանապարհների բարելավման ծրագրի շրջանակներում։ Ըստ ՏԿԵՆ-ի՝ ճանապարհի վերականգնման պայմանագրային արժեքը կազմել է 413 807 366 ՀՀ դրամ։ Նույն ճանապարհի մոտ 5․8 կմ երկարությամբ հատված էլ հիմնանորոգվել է 2010թ․՝ կրկին կենսական նշանակության ճանապարհների բարելավման ծրագրի շրջանակներում։ Ճանապարհի վերականգնման պայմանագրային արժեքը կազմել է 798 512  200 ՀՀ դրամ։ Էդգար Ղազարյանը նշել էր, որ Զառիթափ-Նոր Ազնաբերդ-Նախիջևանի սահման ճանապարհի հիմնանորոգման գործընթացը սկսել է 2014-ին։ ՏԿԵՆ-ից մեզ հայտնել են, որ 2014 թ․ ՀՀ պետական բյուջեի միջոցներով հիմնանորոգվել է Վայոց ձորի մարզի Զառիթափ գյուղի միջով անցնող փողոցը՝ 600 կմ երկարությամբ։ Պետբյուջեից հատկացվել է 39 400 000 դրամ։  «600 մ երկարությամբ գյուղամիջյան այս փողոցը  Հ-42 /Մ-2/ Զառիթափ-Նոր Ազնաբերդ-Նախիջևանի սահման հանրապետական ավտոճանապարհի մաս չի կազմում»,- ասված է նախարարության պատասխանում։  Երբ կարդում ենք ՀՀ կառավարության որոշումը, որտեղ նշված են 2014-ի բյուջեում կատարված վերաբաշխումները, տեսնում ենք, որ 2014-ի բյուջեում հատկացում արված է միայն նշված 600 մ ավտոճանապարհի հիմնանորոգման աշխատանքների համար։ ՏԿԵՆ-ից տեղեկացրել են, որ Զառիթափ-Նոր Ազնաբերդ-Նախիջևանի սահման ճանապարհի վերջին հիմնանորոգումն իրականացվել է 2020 թվականին պետբյուջեի միջոցներով։  «14 կմ երկարությամբ այս հատվածը վերջին անգամ հիմնանորոգվել էր խորհրդային տարիներին»,- ասված է նախարարության պատասխանում։ ՏԿԵՆ «Ճանապարհային դեպարտամենտ» ՊՈԱԿ-ը 2020-ի հուլիսին էր հայտնել այս ճանապարհի հիմնանորոգման աշխատանքների մեկնարկի մասին։  Իսկ կառավարության՝ 2020-ի մայիսին ուժի մեջ մտած N 762-Ն որոշումից, որով վերաբաշխումներ են կատարվել 2020-ի պետբյուջեում, տեղեկանում ենք, որ  Զառիթափ-Նոր Ազնաբերդ-Նախիջևանի սահման ճանապարհի հիմնանորոգման աշխատանքների համար ողջ գումարը հատկացվել է 2020-ի բյուջեից (Հավելված 4)։ Մեր հարցմանն ի պատասխան՝ ՏԿԵՆ-ից տեղեկացրել են, որ համաձայն կնքված պայմանագրի՝ ճանապարհահատվածի հիմնանորոգման աշխատանքները մեկնարկել են 2020-ի հուլիսի 6-ին և ավարտվել 2020-ի դեկտեմբերի 10-ին։ Պայմանագրից տեղեկանում ենք, որ նախատեսվել է ճանապարհաշինական աշխատանքների համար «Վայքի ՃՇՇ» ՓԲԸ-ին վճարել 1 180 000 000 ՀՀ դրամ (այստեղ կարող եք ծանոթանալ նաև պայմանագրով նախատեսված ծախսերին)։ Էդգար Ղազարյանն իր գրառման մեջ նաև նշել էր նախագծերի, նախագծա-նախահաշվային փաստաթղթերի, ճանապարհաշինական աշխատանքների իրականացման համար մրցույթների, ճանապարհի կառուցման համար անհրաժեշտ ժամանակահատվածի մասին։ ՏԿԵՆ-ից Infocom-ին հայտնել են, որ ճանապարհահատվածի հիմնանորոգման նախագծանախահաշվային փաստաթղթեր կազմելու աշխատանքներն իրականացվել են միայն 2019 թ․։ «Նախագծերի պատրաստման, ծախսերի գնահատման աշխատանքների կատարման պետական գնման պայմանագիրը նախագծային կազմակերպության հետ կնքվել է 22․11․2019-ին թ․։ Նշված ճանապարհահատվածի հիմնանորոգման աշխատանքների իրականացման համար մրցույթը հայտարարվել է 2020 թ․»,- ասված է նախարարության պատասխանում։ Այսպիսով,  Էդգար Ղազարյանը կարող էր նկատի ունենալ Զառիթափի 600 մ գյուղամիջյան ճանապարհի հիմնանորոգման աշխատանքները, քանի որ Զառիթափ-Նոր Ազնաբերդ-Նախիջևանի սահման ճանապարհի 14 կմ հատվածը հիմնանորոգվել է 2020-ի ընթացքում և հենց 2020-ի պետբյուջեի միջոցներով, ինչը հաստատվում է նաև պետական գնման պայմանագրով։ Աննա Սահակյան
16:15 - 08 մայիսի, 2021
Ինչի՞ է հակառակորդը հարձակվել, որովհետեւ տեսել է, որ մենք 80-ականների զենքերի էջը փակում ենք․ Նիկոլ Փաշինյան

Ինչի՞ է հակառակորդը հարձակվել, որովհետեւ տեսել է, որ մենք 80-ականների զենքերի էջը փակում ենք․ Նիկոլ Փաշինյան

Ազգային ժողովում, պատասխանելով «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Վիկտոր Ենգիբարյանի հարցին՝ մենք կարողացե՞լ ենք պատշաճ պատրաստվել պատերազմին, վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանն ինժեներական աշխատանքների պլանավորման վերաբերյալ տվյալներ ներկայացրեց․ «Պատերազմից անմիջապես հետո մենք վերլուծել ենք 2016-18թթ․ ժամանակահատվածը, եւ 2018-20թթ․ ընկած ժամանակահատվածը։ 2018-20թթ․ ընթացքում ամրաշինական կառույցներն ավելացել են 1,8 անգամ, կենցաղի, զինվորների ապահովման կառույցները՝ 2,7 անգամ (սա այն է, երբ դիրքերում ծառայության պայմանները փոխվում են), հավաքովի գետնատնակների թիվը՝ 5,9 անգամ, երկաթբետոնե կոնստրուկցիաներով ապաստարանների թիվն աճել է 55 անգամ, քառաթեւ հավաքովի գետնատնակների թիվն աճել է 55 անգամ, երկաթբետոնե կոնստրուկցիաներով գետնատնակներ՝ 64 անգամ, պաշտպանիչ հողաթմբեր՝ 1,3 անգամ, ռազմական ճանապարհներ՝ 1,4 անգամ։ Ուրիշ տվյալներ՝ հրաձգային զենքեր եւ մերձամարտի միջոցներ՝ աճել են 1,8 անգամ, հերտանային միջոցներ՝ 7,3 անգամ, օպտիկական սարքեր եւ սարքավորումներ՝ 3,5 անգամ, ավտոմոբիլային տեխնիկա՝ 2,3 անգամ, ինքնաթիռային եւ Kopter տեսակի ԱԹՍ-ներ՝ 6,8 անգամ, տեսադիտարկման սարքեր՝ 2 անգամ։ Անգա՛մ, ոչ թե տոկոս, այլ անգամ»,- թվարկեց Փաշինյանն ու հայտարարեց՝ այո՛, պատերազմի պատրաստվել են, բայց պատերազմի պատրաստվելիս չեն ասում՝ ժողովուրդ ջան, մենք պատրաստվում ենք․«Ինչի՞ է հակառակորդը հարձակվել, որովհետեւ տեսել է, որ մենք 80-ականների զենքերի էջը փակում ենք, ես եմ հայտարարել։ Եթե տեսնեին, որ մեր բանակը շարունակվում է փլուզվել, քանդվել․․․ որ մեր գնդի հրամանատարները փող չեն ունեցել լամպ փոխելու․․․ բյուջե ենք բացել, որ գնդի հրամանատարերն իրենց կենցաղային ծախսերը հոգան։ Այո, պատրաստվել ենք պատերազմի եւ դրանով դրդել ենք պատերազմ»։
18:17 - 05 մայիսի, 2021
ՍՈՒ-30 գերժամանակակից զենք առնելով՝ մենք հրահրել ենք պատերազմը․ Նիկոլ Փաշինյան

ՍՈՒ-30 գերժամանակակից զենք առնելով՝ մենք հրահրել ենք պատերազմը․ Նիկոլ Փաշինյան

«Պարո՛ն վարչապետ, Ձեր պատասխանից ստացվում է՝ 2018-ից մենք այլ տարբերակ չունեինք, քան պատրաստվել պատերազմի։ Արդյոք մենք ունեցե՞լ ենք հնարավորություն եւ կարողացե՞լ ենք պատշաճ պատրաստվել պատերազմին»,- Ազգային ժողովում կառավարության հետ հարց ու պատասխանի ժամանակ, դիմելով վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանին, այսպիսի հարց հնչեցրեց «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Վիկտոր Ենգիբարյանը։ Ի պատասխան՝ Փաշինյանը նկատեց՝ հարցը բազմաշերտ է, բայց ուղիղ հարցի ուղիղ պատասխանն «այո» է, բայց, ըստ նրա, պետք է հաշվի առնել մի նրբություն․ «Պատերազմին պատրաստվելն ունի նրբություններ, որովհետեւ հակառակորդն էլ է հետեւում քեզ, ինքը տեսնում է, որ դու գնում ես դեպի մի գիծ, երբ 80-ականների զենքերից անցում ես կատարում 2020-ականների զենքերի։ Ինքը հասկանում է, որ երբ դու էդ գիծն անցար, քո պոտենցիալն աճելու է, ինքը հասկանում է, որ խփելու ճիշտ տեղն էդ գիծն է, որ դու չհասցնես, մնաս 80-ականների զենքի մակարդակին։ Էս էլ ա պատերազմի հրահրում, որովհետեւ երբ դու քո բանակը զարգացնում ես, չես կարող դա անել թաքուն, հակառակորդը տեսնում է, որ սպաների աշխատավարձ է բարձրանում՝ էականորեն, զինվորների սննդի հարց է լուծվում, ժամկետային զինծառայողների ծնողները, ենթասպաների եւ շարքայինների ընտանիքների անդամները ներառվում են բուժսպասարկամն պետպատվերում»,- ասաց Փաշինյանն ու շեշտեց՝ սա մարտունակության հետ կապված հարց է։ Շարունակելով՝ վարչապետի պաշտոնակատարն ասաց․«Ձեռք են բերվում ժամանակակից զինատեսակներ, էդ ՍՈՒ-երի հետ կապված պատմությունը դրա տիպիկ օրինակն է։ Այո՛, ՍՈՒ-30 գերժամանակակից զենք առնելով՝ մենք հրահրել ենք պատերազմը։ Նախորդ իշխանությունը գիտե՞ք՝ ոնց է կառավարել պատերազմի ռիսկը․ ամեն ինչ արել է, որ տեսանելիորեն բանակը փլվի, որ ասեն՝ խի՞ էսօր հարձակվենք, վաղը կհարձակվենք, որովհետեւ ինչքան գնում է՝ զարգանում ենք, իրենց մոտ 80-ականների զենքը, քանի գնում, էնքան ավելի 80-ականների է դառնում»,- հայտարարեց Փաշինյանը։
17:53 - 05 մայիսի, 2021
Ռոբերտ Քոչարյան, Սերժ Սարգսյան, դավաճան եք, կապիտուլյանտ եք, հողատու եք, մենք պայքարել ենք ձեր դավաճանության դեմ․ Նիկոլ Փաշինյան

Ռոբերտ Քոչարյան, Սերժ Սարգսյան, դավաճան եք, կապիտուլյանտ եք, հողատու եք, մենք պայքարել ենք ձեր դավաճանության դեմ․ Նիկոլ Փաշինյան

Մեզ մեղադրում, ասում են՝ դուք հրահրեցիք պատերազմը, դուք ձեր նոր կետից սկսեցիք։ Բա ո՞ւմ կետից պետք է սկսեինք, պետք է ասեինք՝ լավ, Սերժ Սարգսյանը յոթ շրջանը եւ Ղարաբաղի կեսը տալիս է, մենք էլ մյուս կեսն ենք տալիս, որպեսզի պատերազմ չլինի։ Այս մասին այսօր Ազգային ժողովում ասաց Նիկոլ Փաշինյանը՝ արձագանքելով Սերժ Սարգսյանի՝ օրերս տված հարցազրույցում արած հայտարարությունների վերաբերյալ պատգամավոր Տիգրան Ուրիխանյանի հարցադրումներին։ Վարչապետի պաշտոնակատարը նշեց, որ այս պատմությունը 2008-ին չի սկսել, այլ 1998-ին, երբ Ղարաբաղը դուրս է շպրտվել բանակցային գործընթացից, եւ ՀՀ բարձրագույն ղեկավարությունը կողմ է քվեարկել Եվրոպայի անվտանգության խարտիային, որտեղ հստակ նշվել է, որ ազգային փոքրամասնությունների իրավունքների պաշտպանությունը պետք է ամրապնդի երկների տարածքային ամբողջականությունն ու ինքնիշխանությունը՝ գոյություն ունեցող պետությունների կազմում։ Փաշինյանը հավելեց․ «Բա իրենք ինչի՞ չեն տալիս էս հարցերը, որովհետեւ էս հարցերին պատասխանելուց հետո ասելու եմ՝ դե եկեք պարզենք՝ ո՞վ է դավաճանը, ո՞վ է կապիտուլյանտը, ո՞վ է հողատուն։ Ես ասում եմ՝ դո՛ւք եք, Ռոբերտ Քոչարյան, Սերժ Սարգսյան, դավաճան եք, կապիտուլյանտ եք, հողատու եք, մենք պայքարել ենք ձեր դավաճանության դեմ, բյաց դուք պատերազմի օրերին էլ ձեր դավաճանությունը շարունակել եք, մենք պայքարել ենք ձեր հողատու լինելու դեմ, բայց դուք պատերազմի օրերին էլ ձեր հողատու էությամբ շարունակել եք ձեր գործունեությունը, մենք պայքարել ենք ձեր գրած կապիտուլյացիայի դեմ, բայց դուք ամեն ինչ արել եք հանուն կապիտուլյացիայի։ Մենակ էն, որ ձեր վարչապետի թեկնածուն ասում էր՝ «զանգում էինք գեներալներին, ասում էինք՝ արա՛, ձեր թշնամին ըտեղ չի, ստեղ ա», ստեղ ուներ Ադրբեջանը թշնամի, եւ դուք ունեիք թշնամի»։
17:36 - 05 մայիսի, 2021
Նման տեմպով գնալու դեպքում կապահովենք երկնիշ տնտեսական աճ. Վահան Քերոբյան

Նման տեմպով գնալու դեպքում կապահովենք երկնիշ տնտեսական աճ. Վահան Քերոբյան

Մեր գնաճը նախորդ տարվա ապրիլի նկատմամբ 6.2 տոկոսով է ավելի, որը երկնիշ չէ, բայց միջակայքից ավելի բարձր է: Իհարկե, մենք շատ անհանգիստ ենք և աշխատում ենք այն ուղղությամբ, որ վերադարձնենք: Պետք  է վելացնեմ, որ այս տարի բարձր գնաճ է ողջ աշխարհում։ Այս մասին  ԱԺ-ում Կառավարություն հետ հարցուպատասխանի ժամանակ հայտարարեց ՀՀ էկոնոմիկայի նախարարի պաշտոնակատար Վահան Քերոբյանը։ Վերջինս նշեց, որ իշխանություններն ակտիվ գործողություններով զսպում են գնաճը:  Նախարարի պաշտոնակատարի խոսքով գնաճի հիմնական պատասխանատուն Կենտրոնական բանկն է, և նախարարությունը համագործակցում է Կենտրոնական բանկի հետ՝ տնտեսական միջոցառումների միջոցով գնաճը զսպելու համար։   «Երեկ ԿԲ նախագահն էլ հայտարարեց, որ տնտեսական աճի վերաբերյալ նախնական կանխատեսումները հոռետեսական են եղել, բայց տնտեսությունն ավելի լավ է պահում, քան իրենց կանխատեսումները: Ես իսկապես կարող եմ խոստանալ, որ նման տեմպով գնալու դեպքում մեր երկնիշ տնտեսական աճը կապահովենք»,- ասաց նախարարը՝ անդրադառնալով տնտեսական աճին:
17:24 - 05 մայիսի, 2021
Ամբողջովին պահպանվում են անկախ Հայաստանի ճանաչված սահմանները. Վաղարշակ Հարությունյան

Ամբողջովին պահպանվում են անկախ Հայաստանի ճանաչված սահմանները. Վաղարշակ Հարությունյան

Այսօր ԱԺ-ում կառավարության հետ հարցուպատասխանի ժամանակ «Լուսավոր Հայաստան» խմբակցության անդամ Սրբուհի Գրիգորյանը հարց ուղղեց ՀՀ պաշտպանության նախարարի պաշտոնակատար Վաղարշակ Հարությունյանին, թե օրերս Սյունիքի մարզի Արավուս գյուղում տեղի ունեցած միջադեպը ինչպե՞ս է մեկնաբանում նախարարը։ Հիշեցնենք, որ Արավուս գյուղում հովիվը եղել է ադրբեջանական դիրքերից 50 մետր հեռավորության վրա և ադրբեջանցի զինվորականները  բռնության են ենթարկել վերջինիս։  Նախարարը  նշեց, որ հովիվն է մոտեցել ադրբեջանական դիրքերին և դա է եղել քաշքշուկի պատճառը։ Անդրադառնալով սահմանների վերաբերյալ քննարկումներին, Հարությունյանն ասաց․ «Այն սահմանը, որ նախատեսված էր Սովետական Միությամբ և անկախ Հայաստանի ճանաչված սահմանը, ամբողջովին պահպանվում է: Կան տեղեր, որտեղ մեր դիրքերը 50 մետր առաջ են, կան տեղեր, որ հակառակը: Սա պայմանավորված է նրանով, որ դիրքը հնարավոր չէ դնել այնպիսի տեղ, որ հնարավոր լինի ապահովել անվտանգությունն ու վերահսկողությունը»: Նախարարի պաշտոնակատարը նշեց, որ այդ հարցերը պետք է լուծվեն դեմարկացիայի ժամանակ, սակայն կարևորեց այն, որ այժմ չկան միջադեպեր,  որոնք կհանգեցնեն զոհերի և վիրավորների: Հարությունյանի խոսքով նման միջադեպերից խուսափելու համար համապատասխան մարմինները պետք է իրազեկեն քաղաքաղցիներին, աշխատանք տանեն, որպեսզի նրանք չմոտենան դիրքերին։ «Սա շփման  գծի բնական կյանքն է, դա եղել է միշտ՝ նախորդ 30 տարում, սահմանի տարբեր հատվածներում»,- եզրափակեց Հարությունյանը։  
17:14 - 05 մայիսի, 2021
Տիգրան Ուրիխանյանի առաջարկած նախագծերն ԱԺ օրակարգ չընդգրկվելու լուրը մանիպուլյատիվ է ներկայացվում

Տիգրան Ուրիխանյանի առաջարկած նախագծերն ԱԺ օրակարգ չընդգրկվելու լուրը մանիպուլյատիվ է ներկայացվում

ՀՀ Ազգային ժողովի այսօրվա նիստում քննարկվում էր անկախ պատգամավոր Տիգրան Ուրիխանյանի մշակած՝ «Պետական պաշտոններ և պետական ծառայության պաշտոններ զբաղեցնող անձանց վարձատրության մասին» օրենքում լրացում կատարելու մասին և «ՀՀ ԱԺ պատգամավորի գործունեության երաշխիքների մասին» օրենքում լրացում կատարելու մասին օրենքների նախագծերի փաթեթը խորհրդարանի օրակարգ ընդգրկելու հարցը։ Ուրիխանյանն առաջարկում էր «Պետական պաշտոններ և պետական ծառայության պաշտոններ զբաղեցնող անձանց վարձատրության մասին» օրենքի 11-րդ հոդվածը լրացնել 2-րդ մասով. «Սույն օրենքի 11-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն տրամադրվող գումարները տրամադրվում են 2020 թ. սեպտեմբերի 27-ից Ադրբեջանի Հանրապետության կողմից Արցախի Հանրապետության ուղղությամբ սկսված պատերազմական գործողություններին մասնակցության հետևանքով 1-ին կարգի հաշմանդամություն ձեռք բերած անձանց»։ «Պետական պաշտոններ և պետական ծառայության պաշտոններ զբաղեցնող անձանց վարձատրության մասին» օրենքի 11-րդ հոդվածով սահմանվում է․ «Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի պատգամավորների պատգամավորական գործունեության հետ կապված ծախսերը յուրաքանչյուր պատգամավորի համար սահմանել ամսական 50000 դրամի չափով, որոնց բաշխման կարգը սահմանվում է օրենքով»: Ուրիխանյանի ներկայացրած նախագծի հիմնավորման մեջ նշվում էր, որ  պատերազմական գործողություններին մասնակցելու ժամանակ ծանր վիրավորումների հետևանքով շատ զինծառայողներ ձեռք են բերել 1-ին խմբի հաշմանդամություն․ «ԱԺ պատգամավորների պատգամավորական գործունեության հետ կապված փոխհատուցման ենթակա ծախսերի համար տրամադրվող գումարներից զրկվելը, որոնք յուրաքանչյուր ամիս 50000-ական դրամի չափով տրամադրվում են պատգամավորներին, չի կարող էական դժվարություններ առաջացնել պատգամավորների գործունեության իրականացման համար՝ հաշվի առնելով, որ այն կազմում է պատգամավորի փաստացի աշխատավարձի մոտ 11%-ը: Հաշվի առնելով պատգամավորների թիվը՝ այն կազմելու է տարեկան 79200000 դրամ, ինչն էական աջակցություն կլինի մերօրյա հերոսներին սոցիալական խնդիրներ լուծելու համար: Հաշվի եմ առնում, որ «Զինծառայողների ապահովագրության հիմնադրամի մասին» օրենքով արդեն նախատեսված են պատերազմական գործողությունների ժամանակ զոհված զինծառայողների ընտանիքներին և տուժած զինծառայողներին հատուցումներ, սակայն վստահ եմ, որ դա չի կարող դիտարկվել որպես սահմանափակում»: Պատգամավորը նաև առաջարկում էր «ՀՀ ԱԺ պատգամավորի գործունեության երաշխիքների մասին» օրենքի 5-րդ հոդվածը լրացնել 8-րդ կետով. «ՀՀ ԱԺ պատգամավորների պատգամավորական գործունեության հետ կապված փոխհատուցման ենթակա ծախսերը՝ յուրաքանչյուր պատգամավորի համար սահմանված ամսական 50000 դրամի չափով, ԱԺ աշխատակազմը փոխանցում է ՀՀ պաշտպանության նախարարությանը 2020 թ․ սեպտեմբերի 27-ից Ադրբեջանի Հանրապետության կողմից Արցախի Հանրապետության ուղղությամբ սկսված պատերազմական գործողություններին մասնակցության հետևանքով 1-ին կարգի հաշմանդամություն ձեռք բերած անձանց տրամադրելու նպատակով»: «ՀՀ ԱԺ պատգամավորի գործունեության երաշխիքների մասին» օրենքի 5-րդ հոդվածով սահմանվում է պատգամավորի աշխատանքային գործունեությունը։ Այսօր՝ նախագծի քննարկման ընթացքում, Տիգրան Ուրիխանյանը նշեց․ «Կցանկանայի, որ պատգամավորները, առավել ևս՝ արդեն լուծարման շեմին գտնվող այս գումարման ԱԺ-ի պատգամավորները գոնե այդ բարոյական քայլը կատարեն, և այսուհետ մենք ունենանք հնարավորություն մարդկանց գոնե ինչ-որ չափով հենց ԱԺ-ի անունից, հենց պատգամավորների անունից հատուցելու»։ ԱԺ առողջապահության և սոցիալական հարցերի մշտական հանձնաժողովը միաձայն բացասական եզարակցություն էր տվել նախագծերի փաթեթին, իսկ այսօրվա նիստի ընթացքում փաթեթը 6-րդ նստաշրջանի օրակարգ չընդգրկվեց՝ ձայների 3 կողմ, 67 դեմ և 5 ձեռնպահ հարաբերակցությամբ։ Տելեգրամյան Mediaport ալիքը փաթեթի քվեարկությունը ներկայացրեց հետևյալ մեկնաբանությամբ․ « «Իմ քայլի» պատգամավորները դեմ քվեարկեցին իրենց աշխատավարձից ամսական ընդամենը 50 հազար դրամ հաշմանդամ դարձած զինծառայողներին փոխանցելու նախագծին։ Դեմ քվեարկողների թվում էին նաև Արարատ Միրզոյանն ու Լենա Նազարյանը: Ընդ որում՝ առաջին դեմ քվարկածը հենց Միրզոյանն էր, ով ստանում է ամսական 1 միլիոն 190 հազար 520 դրամ աշխատավարձ՝ պարգևավճարները չհաշված: Լենա Նազարյանի ամսական աշխատավարձը կազմում է 925 հազար 960 դրամ՝ դարձյալ առանց հավելավճարի»: Panorama.am-ն էլ «ԱԺ-ն դեմ քվեարկեց պատերազմի հետևանքով հաշմանդամ դարձած անձանց 80 մլն դրամ հատկացնելու Ուրիխանյանի նախագծին» վերտառությամբ լուրում ներկայացրեց միայն Տիգրան Ուրիխանյանի տեսակետը։ Միայն Ուրիխանյանի տեսակետը ներկայացնելը, սակայն, մանիպուլյատիվ է, քանի որ առողջապահության և սոցիալական հարցերի մշտական հանձնաժողովը փաթեթին բացասական եզրակացություն տալիս նաև հիմնավորում էր ներկայացրել, այդ մասին այսօր իր ելությում նշեց նաև հանձնաժողովի նախագահի տեղակալ Հերիքնազ Տիգրանյանը։  Ըստ հանձնաժողովի հիմնավորման՝ «Պետական պաշտոններ և պետական ծառայության պաշտոններ զբաղեցնող անձանց վարձատրության մասին» օրենքով չեն կարող սահմանվել աշխատավարձի կամ վարձատրության այլ ձևերի տնօրինման եղանակներ․ «Բացի դրանից՝ «ՀՀ ԱԺ պատգամավորի գործունեության երաշխիքների մասին օրենքը կարգավորում է պատգամավորների գործունեության իրականացման իրավական, սոցիալական և այլ երաշխիքները, ինչպես նաև պատգամավորի գործունեության երաշխիքներին առնչվող այլ հարաբերություններ: Նշված առաջարկը չի հանդիսանում պատգամավորի գործունեության իրականացման երաշխիք։ Նշված առաջարկը, ըստ էության, իր բնույթով պատգամավորների սոցիալական երաշխիք հանդիսացող վարձատրության որոշակի ձևի տնօրինման օրենքով սահմանվող առաջարկ է, ինչը դուրս է նշված օրենքի կարգավորման շրջանակից»: «Պետական պաշտոններ և պետական ծառայության պաշտոններ զբաղեցնող անձանց վարձատրության մասին» օրենքում Ուրիխանյանի առաջարկած փոփոխությունների մասով ավելի վաղ առաջարկ էր ներկայացրել ՀՀ կառավարությունը։ Ըստ կառավարության՝ նախագծի ուսումնասիրությունից պարզ է դառնում, որ առաջարկվում է այդ օրենքում լրացնել մի դրույթ, որը դուրս է նշված օրենքի կարգավորման առարկայի շրջանակներից, այսինքն՝ կարգավորում են ոչ թե պետական պաշտոններ և պետական ծառայության պաշտոններ զբաղեցնող անձանց, պետական մարմինների կազմում գործող ծրագրեր իրականացնող պետական հիմնարկների աշխատողների վարձատրության հետ կապված իրավահարաբերությունները, այլ օրենքով արդեն իսկ նախատեսված վարձատրության կոնկրետ տեսակի տնօրինմանն առնչվող իրավահարաբերությունները․ «Նշված վերլուծության համատեքստում գտնում ենք, որ ընդհանրապես օրենքով, իսկ մասնավորապես «Պետական պաշտոններ և պետական ծառայության պաշտոններ զբաղեցնող անձանց վարձատրության մասին» օրենքով չի կարող սահմանվել աշխատավարձի կամ վարձատրության այլ ձևերի տնօրինման եղանակ: Այլ հարց է, որ նշված օրենքով կարող են քննարկվել պատգամավորների պատգամավորական գործունեության հետ կապված ծախսերի վճարման վերացման կամ չափի փոփոխության հարցերը»։ Ըստ կառավարության՝ Ուրիխանյանի առաջարկած մեխանիզմը խնդրահարույց է նաև սահմանադրականության տեսանկյունից, քանի որ, ըստ էության, սահմանափակում է անձի՝ ՀՀ Սահմանադրությամբ և ՄԻԵԿ կոնվենցիայով երաշխավորված սեփականության իրավունքը: Կառավարությունն առաջարկում էր պատգամավորին հետևյալ մեխանիզմը․ ուժը կորցրած ճանաչել «Պետական պաշտոններ և պետական ծառայության պաշտոններ զբաղեցնող անձանց վարձատրության մասին» օրենքի 11-րդ հոդվածը (այս հոդվածով են պատգամավորներին հատկացվում Ուրիխանյանի նշած 50 հազար-ական դրամները) և պետական բյուջեում վերաբաշխում կատարելու միջոցով այդ գումարները համապատասխան ընթացակարգով փոխանցել պատերազմի ընթացքում 1-ին խմբի հաշմանդամություն ձեռք բերած զինվորականներին։ Այսպիսով, առողջապահության և սոցիալական հարցերի մշտական հանձնաժողովն իսկապես բացասական եզրակացություն է տվել Տիգրան Ուրիխանյանի օրենսդրական առաջարկությանը, «Իմ Քայլը» խմբակցության պատգամավորներն էլ դեմ են քվեարկել նախագծերի փաթեթն ԱԺ օրակարգ բերելուն, բայց բացասական եզրակացության հիմնավորում ներկայացնելիս համապատասխան հանձնաժողովը նշել է, որ պատգամավորը ոչ ճիշտ օրենքում է փոփոխություններ առաջարկում, կառավարությունն էլ փաստացի այլ հնարավոր մեխանիզմ է առաջարկել Ուրիխանյանի նշած փոփոխությունն իրագործելու համար։ Աննա Սահակյան
15:52 - 04 մայիսի, 2021
«Սոցիալ-իրավական հավասարություն» կուսակցության հիմնադիր համագումարը հետաձգվել է

«Սոցիալ-իրավական հավասարություն» կուսակցության հիմնադիր համագումարը հետաձգվել է

Պաշտոնական հրապարակումների azdarar.am կայքում հայտարարություն էր տեղադրված, ըստ որի` այսօր` 18:30-ին, պետք է տեղի ունենար «Սոցիալ-իրավական հավասարություն» կուսակցության հիմնադիր համագումարը: Համագումարը, սակայն, հետաձգվեց: Ստեղծվելիք կուսակցության հիմնադիրներից Արմենուհի Գևորգյանը Infocom-ի հետ զրույցում հայտնեց, որ համագումարը հետաձգվել է տեխնիկական խնդիրների պատճառով. հիմնադիրներից մի քանիսը Կապանում են, պետք է գային Երևան, սակայն չեն կարողացել: Արմենուհի Գևորգյանի փոխանցմամբ` «Սոցիալ-իրավական հավասարություն» կուսակցության հիմնադիր համագումարն առաջիկայում տեղի կունենա: Հիշեցնենք` մի քանի օր առաջ չէր կայացել «Արև սոցիալիստական» կուսակցության հիմնադիր համագումարը, իսկ «Անկախության սերունդ» կուսակցության հիմնադիր համագումարը հետաձգվել էր:
19:49 - 03 մայիսի, 2021
Բանակցային ամբողջ գործընթացն եղել է մեր ազգային եւ պետական շահերից նահանջի գործընթաց․ Նիկոլ Փաշինյան

Բանակցային ամբողջ գործընթացն եղել է մեր ազգային եւ պետական շահերից նահանջի գործընթաց․ Նիկոլ Փաշինյան

Այսօր տեղի ունեցավ ՀՀ ԱԺ հատուկ նիստը, որի ժամանակ Ազգային ժողովը պետք է ընտրեր վարչապետ, սակայն, ըստ պայմանավորվածության, քվեարկությունը չպետք է տեղի ունենար, և վարչապետի միակ թեկնածուն չպետք է ընտրվեր։  Վարչապետի պաշտոնակատար, վարչապետի թեկնածու Նիկոլ Փաշինյանը եզրափակիչ ելույթ ունեցավ, որը ներկայացնում ենք ստորև․ «Ինչպես պատերազմից առաջ, այնպես էլ հետո, ՀՀ արտաքին անվտանգության համակարգը փոփոխություն չի կրել, եւ այդ համակարգը հիմնված է եղել նախ եւ առաջ հայ-ռուսական համատեղ զորախումբ եւ ՀԱՊԿ կովկասյան տարածաշրջանում հակաօդային պաշտպանության համատեղ համարակգ ունենալու վրա։ Ես առիթ ունեցել եմ ասելու՝ բոլոր էն մարդիկ, որոնք փորձում են ի ցույց դնել, թե կայացրած մի շարք որոշումներ անվտանգության նոր սպառնալիքներ են ստեղծել, օրինակ, Սյունիքի մարզի համար, նրանք ուղղակի իրավիճակը խոր չեն գնահատում, որովհետեւ իրականում տեղի է ունեցել հակառակը, որովհետեւ ՀՀ բոլոր սահմանների պաշտպանությունն այժմ իրականացվում է, ինչպես առաջ, հայ-ռուսական զորախմբի համատեղ ուժերով եւ ջանքերով, բայց դա չի նշանակում, որ ամեն տեղ պետք է մարտական դիրքեր եւ պոստեր դրված լինեն»,- ասաց նա՝ հիշեցնելով, որ Սյունիքի մարզում ռուսական 102-րդ ռազմական բազայի երկու նոր հենակետ է հիմնադրվել, եւ դրանց հիմանդրումը լրացուցիչ երաշխիք է Սյունիքի եւ, ընդհանրապես, ՀՀ անվտանգությունն ապահովելու համար։ Վարչապետի պաշտոնակատարի խոսքով՝ խնդիրն այն է, որ անվտանգային համակարգը, որն ունեցել ենք եւ ունենք, տարածվել է ՀՀ սահմանների վրա, իսկ որո՞նք են այդ սահմանները․ «Այդ սահմանների նկարագրությունը տվել է ՀՀ ԱԺ-ն՝ 2010-ին ընդունված «Վարչատարածքային բաժանաման մասին» օրենքով, հիմա էս դահլիճում մարդիկ կան, որոնք թմբկահարում են, թե ինչո՞ւ է ՀՀ սահմանն «էստեղ», եւ ինչո՞ւ է Շուռնուխին հաջորդում Ադրբեջանը, բայց էդ մարդիկ հիմա քափ-քրտինքի մեջ ջանքեր են գործադրում, որ սահմանն էդտեղ ֆիքսած մարդկանց համամասնական ցուցակում տեղ զբաղեցնեն։ Մեկը կարո՞ղ է էս տրամաբանությունը բացատրել։ Կարեւոր հարց է բարձրացվում՝ կապիտալիզացնել հեղափոխության արդյունքը՝ Ղարաբաղի հարցի բանակցային գործընթացում։ Իսկ ինչքանո՞վ է դա հնարավոր։ Կա մի մոլորություն, որը բարձրաձայնում են նաեւ փորձառու մարդիկ։ Օրինակ՝ ասվում է՝ բանակցային գործընթացում ով կառուցողական մոտեցում է ցուցաբերում, նա ճնշումների չի ենթարկվում, իսկ ով ապակացուռցողական է, նա ճնշումների է ենթարկվում։ Էս պրակտիկան ինչքանո՞վ է իրականությանը համապատսխանում․ 2011 թվականին Կազանում Ադրբեջանն ուղղակի համաձայնեցված փաստաթուղթը հրաժարվեց ստորագրել, եւ ի՞նչ եղավ դրանից հետո։ Դրանից հետո Ադրբեջանը 2014 թվականին խոցեց հայկական ուղղաթիռ, 2015-ին աննախադեպ ծավալի հասցրեց սահմանային էսկալացիան, 2016-ին սկսեց պատերազմ։ Դրա արդյունքում ի՞նչ եղավ, Ադրբեջանին սկսեցին ճնշե՞լ, ո՛չ, հակառակը տեղի ունեցավ։ Ես ասացի՝ փոխվեց բանակցային տրամաբանությունը, որ ասացին՝ ոնց որ Ադրբեջանը ճիշտ է ասում, իսկ կարո՞ղ է սկսենք էդ տրամաբանությամբ շարժվել։ Ընդհանրապես, պետք է հասկանանք, լավ, պատերազմը բռնկվել է 2020 թվականի սեպտեմբերի 27-ին, բայց էդ պատերազմը սենց միանգամից օդից ընկե՞լ է։ Բա 2016-ի ապրիլին ի՞նչ է տեղի ունեցել, բա դրան նախորդած շրջանո՞ւմ։ Բա էն ժամանակ, որ տարիներով բարձրաձայնում էինք՝ ԼՂ-ն բանակցային գործընթացից դուրս թողնելը բերելու է անշրջելի հետեւանքների․․․ բա քսան տարի դրա մասին խոսվել է։ Հասկանո՞ւմ եք՝ Ղարաբաղը հայկական կողմը սեփական ձեռքերով դուրս թողնի բանակցային գործընթացից՝ հանուն իշխանության։ Այո, էն ժամանակ Հայաստանը կարող էր ասել՝ ես առանց Ղարաբաղի չեմ բանակցում, ու ոչինչ տեղի չէր ունենա։ Ավելին՝ էդ որ էդպես մեծ-մեծ խոսում են։ Էկեք տեսնենք՝ 1999-ին ԵԱՀԿ Ստամբուլյան գագաթաժողովում կոնսենսուսով ինչ է ընդունվել․ փաստաթուղթ, որը կոչվում է «Եվրոպայում անվտանգության խարտիա»։ Հայաստանն ամենաբարձր մակարդակով մասնակցել եւ կողմ է քվեարկել։ Մեջբերում փաստաթղթից․ «Մարդու իրավունքների՝ ներառյալ ազգային փոքրամասնություններին պատկանող անձանց իրավունքների նկատմամբ լիարժեք հարգանքը, բացի նրանից, որ ինքնին նպատակ է, չպետք է խաթարի, այլ պետք է ամրապնդի տարածքային ամբողջականությունն ու ինքնիշխանությունը»,- ուշադրություն դարձրեք,- «ինքնավարության տարբեր հայեցակարգերը, ինչպես նաեւ հիշյալ փաստաթղթում նշված այլ մոտեցումներ, որոնք համապատասխանում են ԵԱՀԿ սկզբունքներին, ազգային փոքրամասնությունների էթնիկ, լեզվական եւ կրոնական ինքնության պաշտպանության եւ խթանման միջոցներ են՝ գոյություն ունեցող պետության ներսում»։ Էս փաստաթղթին ՀՀ-ն 99-ին կողմ է քվեարկել։ Դե հիմա եկեք դնենք շարքի մեջ․ ԼՂ-ին դուրս ես թողնում բանակցային գործընթացից, ասում ես՝ նորմալ է, որ միջազգային հանրությունն ազատագրված տարածքները համարում է օկուպացված, գնում, Ստամբուլում կողմ եք քվեարկում Թվրոպայի  անվտանգության խարիտիային, որտեղ էս պարբերությունն ունի առանցքային նշանակություն, ու հետո ի՞նչ ես ուզում։ Ի՞նչ է տեղի ունեցել հեղափոխությունից հետո․ տեղի է ունեցել մի պարզ բան․ մենք, որ ասել ենք՝ նույն կետից չենք սկսելու, ո՞րն է նույն կետը, երբ Սերժ Սարգսյանն ասում էր, որ լավատեսության տեղ չեն թողնում Ադրբեջանի ակնկալիքները։ Մենք պետք է գնայինք-գայինք, ասեինք՝ պատերազմը պետք է կանխել ու էդ անընդունելի պայմաններն ընդունենք։ Ժողովուրդ ջան, եկեք ի վերջո խոստովանենք՝ մենք հուսահատ կռիվ ենք տվել էդ ամեն ինչի դեմ, հուսահատ կռիվ ենք տվել․․․ չենք հանձվել, կռիվ ենք տվել։ Էսօր կա էդ կռիվը, մենք նենց չի՝ կաբինետներում փակված ենք էդ կռիվը տվել։ Ես չեմ հասկանում, դա նորմալ է՞, երբ քաղաքական նպատակահարմարությամբ ասում են՝ 5000, 7000 մարդ տարավ կոտորեց։ Էդ պատերազմը իմ ընտանիքի կողքով չի անցել։ Իմ որդին եղել է առաջանգծում, էն տեղում, որտեղ մենք տվել ենք ամենամեծ թվով զոհերը, իմ որդու հետ կողք-կողքի մարդիկ զոհվել են, որեւէ մեկը չէր կարող որոշել, որ պետք է զոհվողը լինի ինքը, էդ մարդու անուն-ազգանունը կա, դա ստուգելի փաստ է։ Այո, մենք հուսահատ կռիվ ենք տվել, էնպիսի կռիվ, ինչպիսի կռիվ հայ ժողովուրդը տվել է Ավարայրի դաշտում, Սարդարապատում, ու տասնյակ էդպիսի օրինակներ։ Որովհետեւ մենք համարել ենք, որ որպես ազգ, որպես պետություն, որպես ժողովուրդ պետք է պայքարենք մեր իրավունքների համար, մենք չենք հանձնվել։ Բանակցային ամբողջ գործընթացն եղել է մեր ազգային եւ պետական շահերից նահանջի գործընթաց։ Բա ի՞նչ պետք է անեինք, պետք է ասեինք՝ հա, ԼՂ բնակչություն, դե եկեք հաշվենք՝ ԼՂ ադրբեջանցի բնակչությունն ինչքա՞ն է։ Երեկ էդ մարդը (Սարգսյանը - խմբ․), ասել է ԼՂ բնակչություն, դուք լսել ե՞ք, ես ասեմ՝ ԼՂ բնակչություն, ես ասել եմ՝ ԼՂ ժողովո՛ւրդ, ինչ տարբերությո՞ւն, որ ժողովուրդը սահմանադրական սուբյեկտ է, որին պատկանում է իշխանությունը, որը ձեւավորել է իր իշխանությունը, բնակչությունը ո՞րն է։ Այո, մենք կռիվ ենք տվել, եւ ասում եմ՝ իմ ընտանիքն էդ կռվի մեջ է եղել, որեւէ մեկը չի կարող ասել, որ ես իմ որդու անվտանգության համար մի մմ ավելի բան եմ արել, քան մյուս հազարավոր էրեխեքի համար, որեւէ մեկը չի կարող էդպիսի բան ասել։ Նույն խրամաջջի մեջ գտնվող տղան, իմ որդու ընկերը, որը իր նման կամավոր է մեկնել, ականանետի պայթյունից զոհվել է, կողք կողքի իրար կապծ են եղել, էդ տղան զոհվել է, իմ որդին՝ չէ, ո՞վ է որոշել դա»։
14:59 - 03 մայիսի, 2021
Ոչ միայն ադրբեջանցիները, այլև դուք չեք կարող տեսնել այն, ինչ արվում է. Փաշինյանը՝ ՀՀ սահմանների անվտանգության մասին

Ոչ միայն ադրբեջանցիները, այլև դուք չեք կարող տեսնել այն, ինչ արվում է. Փաշինյանը՝ ՀՀ սահմանների անվտանգության մասին

ՀՀ Ազգային ժողովի հատուկ նիստի ժամանակ ԱԺ անկախ պատգամավոր Թագուհի Թովմասյանը հարց ուղղեց վարչապետի պաշտոնակատար, վարչապետի թեկնածու Նիկոլ Փաշինյանին՝ նշելով, որ պատերազմից կես տարի է անցել, բայց Գեղարքունիքի եւ Սյունիքի մարզերում չունենք կահավորված առաջնագիծ, չունենք խրամատներ, եւ մեր անվտանգությունը մտահոգիչ վիճակում է․ «Ինչո՞ւ չունենք կահավորված առաջնագիծ»։ Նիկոլ Փաշինյանն արձագանքեց՝ ասելով, որ երբ մեր հանրային դիսկուրսը լսում է, հասկանում է, որ Ադրբեջանի հետախուզությունը շատ փող ծախսելու անհրաժեշտություն չունի։ «Մեկը կար՝ պատերազմից առաջ ասում էր՝ ես լինեի Ալիեւի տեղը, այ հիմա կհարձակվեի (նկատի ունի նախկին վարչապետ Հրանտ Բագրատյանին  խմբ․)։ Հիմա մենք ճշգրտում ենք ուղղությունները, հրապարակեք, ասեք՝ կոորդինատ էսինչից էսինչը չունենք խրամատներ, էստեղ ուժեղ ենք, էստեղով չարժե հարձակվել, բայց այ էս կողքը փոքր միջանց կա, կարելի է մտնել․․․ մենք հասկանում ե՞նք՝ ինչ ենք անում ընդհանրապես»,- հավելեց վարչապետի պաշտոնակատարը։ Արձագանքելով Փաշինյանի պատասխանին՝ Թագուհի Թովմասյանն ասաց, որ առաջնագիծն ուղիղ Ադրբեջանի տեսադաշտում է, եւ նրանք շատ լավ տեսնում են, ինքն էլ որեւէ գաղտնիք չբացեց, այլ ինքն ուղղակի իր մտահոգությունն է բարձրաձայնում։ Փաշինյանը հավաստիացրեց, որ ոչ միայն ադրբեջանցիները, այլեւ ինքը՝ Թովմասյանը, չեն կարող տեսնել այն ամենը, ինչն արվում է, որովհետեւ արվողի մեծամասնությունն արվումէ  գաղտնի։ «Այն առաջնագիծը, որը տեսանելի է, ուրեմն վատ առաջնագիծ է»,- եզրափակեց նա։
13:23 - 03 մայիսի, 2021
Բանակցությունների տրամաբանության մեջ փոփոխություն տեղի է ունեցել 2015-ին, 16-ին, եւ այդ մասին Սարգսյանն ինքը խոսել է․ Նիկոլ Փաշինյան

Բանակցությունների տրամաբանության մեջ փոփոխություն տեղի է ունեցել 2015-ին, 16-ին, եւ այդ մասին Սարգսյանն ինքը խոսել է․ Նիկոլ Փաշինյան

ՀՀ Ազգային ժողովում վարչապետի ընտրության հատուկ նիստն է ընթանում։ ՀՀ վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանը պատասխանում է պատգամավորների հարցերին։ Ի պատասխան պատգամավոր Տիգրան Ուրիխանյանի՝ բանակցային գործընթացի վերաբերյալ հարցին, Փաշինյանն ասաց, որ Սերժ Սարգսյանի վերջին հարցազրույցը շատ լավ առիթ եւ հնարավորություն է, որպեսզի բանակցային բովանդակության նոր շերտեր բացենք, որը նախկինում բացելու հարցում ունեինք որոշակի սահմանափակումներ։ Փաշինյանի խոսքով՝ Սարգսյանն իր հարցազրույցում, խոսելով ԼՂ կարգավիճակի ապագա ճշգրտման մասին, որը պիտի նախատեսվեր բանակցային գործընթացում, օգտագործեց ԼՂ բնակչություն հասկացությունը։ «Երբ կանցնեն տարիներ, եւ կբացվեն բանակցային որոշակի փաստաթղթեր, մենք բոլորս կիմանանք, որ ժամանակին Սերժ Սարգսյանը միջնորդներին նամակ է գրել, որից մենք իմանում ենք, որ նա որոշակի մտահոգություն ունի, թե ենթադրվող հանրաքվեի իմաստով, որը նշված չէ՝ որտեղ պիտի տեղի ունենա, բայց նշված է, որ ԼՂ ամբողջ բնակչության ազատ կամարտահայտման հնարավորություն պիտի լինի․․․ կանցնեն տարիներ, եւ կտեսնենք, որ Սերժ Սարգսյանն ունի մտահոգություն, թե ինչքան ադրբեջանցի է այս իմաստով համարվելու ԼՂ բնակիչ․ էս փաստից մենք իմանում ենք, որ էդ պոտենցիալ հանրաքվեին պետք է մասնակցեն նաեւ ԼՂ բնակիչ ադրբեջանցիներ։ ԼՂ բնակիչ լինելու համար պետք է բնակվել Լեռնային Ղարաբաղում։ Հարց․ ԼՂ բնակիչ ադրբեջանցիները, ըստ Սերժ Սարգսյանի հղման, Լեռնային Ղարաբաղում որտե՞ղ պետք է բնակվեին, որովհետեւ եթե իրենք բնակիչ են, իրենք պետք է որեւեէ տեղ բնակվեն։ Ես ուզում եմ այս առումով շնորհակալություն հայտնել «մերժվածին», որ այս առիթը տվեց, որովհետեւ երբ ես ամիսներ առաջ խոսում էի Շուշիի մասին, ասում էին՝ բանակցային գործընթացում երբեք չի եղել այդպիսի հարց։ Հարց․ ԼՂ-ի՝ ադրբեջանցի բնակիչները որտե՞ղ պետք է բնակվեին։ Հույս ունեմ՝ բոլորս հասկանում ենք այս հարցի պատասխանը»,-նշեց նա։ Փաշինյանի խոսքով՝ միտք է առաջ տարվում, որ ես գիտեի, որ եթե բանակցողը փոխվի, բանակցության տրամաբանությունը նույնպես կփոխվի․ կանցնեն տարիներ, եւ կբացվի բանակցային գործընթացի փաստաթղթերի բովանդակությունը, եւ կպարզվի, որ բանակցային բովանդակություն փոխվել է, ծռվել է 2015 թվականի աշնանը, 2016 թվականի ձմռանը։ Նշենք, որ այս մասին իր վերջին հարցազրույցի ժամանակ խոսել է Սերժ Սարգսյանը։ «Եթե Սերժ Սարգսյանը որոշել է բացահայտումներ անել, թող բարի լինի՝ մարդկանց պատմել 2015-ի աշնան եւ 2016-ի ձմռան իրադարձություններին, որից հետո եկել է 2016-ի գարունը, եւ եղել է ապրիլի 2։ Բանակցային բովանդակությունը փոխվել է հենց այդ ժամանակ, եւ դա ապացուցող փաստաթղթեր կան, բանակցությունների արձանագրություններ, որոնց հետ ես աշխատել եմ 2018-ին՝ վարչապետի պաշտոնը ստանձնելուց հետո»,- ասաց նա։ Վարչապետի պաշտոնակատարը ասաց, որ Սերժ Սարգսյանն ասում է՝ մենք ուզում էինք՝ ԼՂ հարցը կարգավորվի խաղաղ եղանակով։ Հարց․ իսկ Ադրբեջանն ուզո՞ւմ էր դա արդյոք։ «Չէ՞ որ ինքը՝ «մերժվածը», 2017 թվականին իր հարցազրույցում ասում է, որ Ապրիլյան պատերազմը նշանակում է, որ Ադրբեջանը հրաժարվում է Ղարաբաղի հարցը լուծել Մադրիդյան սկզբունքների շրջանակներում․ ի՞նչ են Մադրիդյան սկզբունքները․ երկու խնդիր կա՝ հանրաքվե եւ միջանկյալ կարգավիճակ։ Հրաժարվել Մադրիդյան սկզբունքներից, նշանակում է հրաժարվել հանրաքվեից եւ միջանկյալ կարգավիճակից։ Բայց այստեղ ծագում է ամենասկզբունքային հարցը․ իսկ 2015-ի աշնանը եւ 16-ի ձմռանը, կարո՞ղ է պարզվել, որ միջնորդները սկսեցին պաշտպանել Ադրբեջանի դիրքորոշումը, եւ Մադրիդյան սկզբունքներն իրականում միայն ցուցանակ էին, որի ներքո տեղի էին ունենում ուրիշ պրոցեսներ»։ Նիկոլ Փաշինյանն անդրադարձավ նաև «5+2» ձևաչափին։ ««5+2», եկեք խոստովանենք, որ էդպիսի հնարավորություն, ըստ էության, երբեք չի եղել, որովհետեւ դեռեւս 2016 թվականին իր հարցազրույցում Սերժ Սարգսյանը խոսում է 7 շրջանների մասին, ինքն ասում էր՝ հայկական կողմը թողնում է 7 շրջանները, իսկ ադրբեջանական կողմն ասում էր՝ ոչ։  «5+2»-ը բանակցային, այսպես ասած, պաշարն է, որ հետագայում, երբ պրոցեսն անցնի անդառնալիության կետը, այդ երկուսը նրա համար են, որ տարբեր փուլերում կողմերի համար գործընթացը կամ գործարքը դարձվի ավելի կամ պակաս գրավիչ»։ Նրա խոսքով՝ հայկական կողմն ասել է՝ մենք յոթ շրջանները հանձնում ենք, հայկական կողմն ասել է՝ մենք ընդունում ենք, որ ԼՂ կարգավիճակի ճշգրտման հարցում պետք է մասնակցի ԼՂ ամբողջ բնակչությունը, որի մեջ մտնում են նաեւ ադրբեջանցիներ, Ադրբեջանն էլի է ասել ոչ, Ադրբեջանն ամեն ինչին ասել է ոչ։ «Պատերազմի ընթացքում ես ասել եմ՝ ցանկացած բան, որին համաձայն է Հայաստանը, ամենավատ տարբերակին անգամ, հաջորդ պահին Ադրբեջանը դրան այլեւս համաձայն չէ, ինքն ուզում է ավելին։ ԱԺ ամբիոնից 2018-ին Սերժ Սարգսյանն ասել է՝ բանակցային գործընթացը լավատեսություն չի ներշնչում, կանգնած է, որովհետեւ բանակցությունների արդյունքներից Ադրբեջանի ղեկավարության ակնկալիքներն անիրատեսական եւ անընդունելի են մեզ համար, եւ ասել է՝ այլեւս գոնե շատ տեւական ժամանակ մենք չպետք է հույսեր փայփայենք, որ Ադրբեջանի ղեկավարությունը կթողնի իր դիրքորոշումը՝ Ղարաբաղի հարցը ուժով լուծելու համար։ Սերժ Սարգսյանն այս ամբիոնից հայտարարել է բանակցային գործընթացի ձախողման եւ պատերազմի տրամաբանության մեկնարկի մասին»,- ասաց Փաշինյանը՝ հարց ուղղելով, թե միջնորդները կարո՞ղ է Ադրբեջանի անհամաձայնության հետ համաձայն էին։ «2016 թվականի հունվարի 23-ին, 2016-ի ապրիլի 2-ին ի՞նչ է տեղի ունեցել։ Բա, էն ժամանակ էլ էի ասում, պատերազմ կանխող էիք՝ կանխեիք, բա ինչի՞ չեք կանխել»,- նշեց նա։ Վարչապետի պաշտոնակատարն ընդգծեց, որ Սերժ Սարգսյանը փորձում է ցույց տալ, թե 2018-ից հետո է բանակցությունների տրամաբանության մեջ փոփոխություն տեղի ունեցել։ «Ոչ, դա տեղի է ունեցել 2015-ին, 16-ին, եւ այդ մասին Սարգսյանն ինքը խոսել է՝ ասելով, որ Ապրիլյան պատերազմը նշանակում է մեկ բան՝ Ադրբեջանը հրաժարվում է ԼՂ հարցի կարգավորումից՝ Մադրիդյան սկզբունքների շրջանակում»,- հայտնեց վարչապետը։
13:06 - 03 մայիսի, 2021