Հայաստան

ԱԱԾ-ն բացահայտել և չեզոքացրել է Հայաստանի տարածքում գործող լրտեսական ցանցի գործունեությունը

ԱԱԾ-ն բացահայտել և չեզոքացրել է Հայաստանի տարածքում գործող լրտեսական ցանցի գործունեությունը

ՀՀ ԱԱԾ ռազմական հակահետախուզության դեպարտամենտի աշխատակիցների կողմից ձեռնարկված ծավալուն օպերատիվ-հետախուզական միջոցառումների արդյունքում փաստական տվյալներ են ձեռք բերվել օտարերկրյա հատուկ ծառայությունների կողմից Հայաստանի Հանրապետության տարածքում գործակալական ցանց հիմնելու և վարձատրության դիմաց ի վնաս Հայաստանի Հանրապետության ինքնիշխանության, տարածքային անձեռնմխելիության և արտաքին անվտանգության թշնամական գործունեություն  ծավալելու վերաբերյալ: Մասնավորապես. ՀՀ ԱԱԾ քննչական դեպարտամենտում  լրտեսության և պետական դավաճանության հատկանիշներով հարուցված քրեական գործի նախաքննության ընթացքում ՀՀ ԱԱԾ ռազմական հակահետախուզության և մարզային  ստորաբաժանումների աշխատակիցների, ինչպես նաև քննչական խմբում ընդգրկված քննիչների կատարած քննչական գործողությունների և զուգահեռ ձեռնարկված օպերատիվ-հետախուզական միջոցառումների արդյունքում անհերքելի ապացույցներ են ձեռք բերվել առ այն, որ օտարերկրյա հատուկ ծառայությունների աշխատակիցները Հայաստանի Հանրապետության տարածքում ստեղծել են գործակալական ցանց, որի կազմում ներգրավել են  զինված ուժերի տարբեր ստորաբաժանումներում ծառայող անձանց: Ընդ որում, իրենց գործունեությունն անխոչընդոտ իրականացնելու և բացահայտվելու ռիսկերը նվազեցնելու նպատակով լրտեսական գործունեություն իրականացրած անձինք սոցիալական ցանցերում ստեղծել են իգական սեռի ներկայացուցիչների տվյալներով բացված կեղծ անհատական էջեր՝  հայուհիների  տվյալներով և լուսանկարներով: Դրանից հետո հայերեն լեզվին ազատորեն տիրապետող  օտարերկրյա հատուկ ծառայությունների ներկայացուցիչները  ծանոթություններ են հաստատել ՀՀ զինված ուժերում տարբեր պաշտոններ զբաղեցնող անձանց հետ՝ հնարավորություն ունենալով համացանցային ծանոթությունները վերածել մտերիմ հարաբերությունների, իսկ այնուհետ նաև՝ առաջարկել գումարի դիմաց համագործակցել իրենց հետ և տրամադրել ռազմական բնագավառին վերաբերող տեղեկություններ, մասնավորապես՝ ՀՀ զինված ուժերի տարբեր զորամասերի տեղակայման վայրերի, անձնակազմի, զենքի, զինամթերքի, զինտեխնիկայի քանակի և տեսակի, զորամասերի և դրանց հրամանատարական կազմի, պաշտպանական շրջանների, ինժեներական կառույցների, սարքավորումների և այլնի վերաբերյալ: Նշված եղանակով լրտեսական գործունեություն իրականացրած անձինք գործակալական ցանցում ներգրավել են շուրջ երկու տասնյակ ՀՀ քաղաքացիների, ովքեր ՀՀ զինված ուժերում զբաղեցրել են տարբեր պաշտոններ և ի պաշտոնե հնարավորություն են ունեցել առնչվելու պետական ու ծառայողական գաղտնիք կազմող տեղեկությունների և փաստաթղթերի հետ: Հիշյալ զինծառայողները տվել են իրենց համաձայնությունը և գումարի դիմաց բջջային տարբեր հավելվածների միջոցով օտարերկրյա հատուկ ծառայությունների ներկայացուցիչներին մաս-մաս փոխանցել են ծառայության բերումով  իրենց հասանելի դարձած կամ օտարերկրյա հատուկ ծառայության ներկայացուցիչների  պահանջով հավաքած ռազմական կամ այլ բնույթի տեղեկությունները, ի վնաս Հայաստանի Հանրապետության կատարել դավաճանական գործողություններ: Քրեական գործի նախաքննության ընթացքում քրեադատավարական ու օպերատիվ- հետախուզական համակցված միջոցառումների արդյունքում հնարավոր է եղել բացահայտել գործակալական ցանցում ներգրավված ՀՀ քաղաքացիների  ինքնությունները, պարզել նրանց կողմից օտարերկրյա հատուկ ծառայությունների աշխատակիցներին փոխանցված ռազմական և այլ բնույթի տեղեկությունների ծավալն ու բովանդակությունը, խափանել թշնամական գործունեություն իրականացնելու համար նոր տեղեկությունների հետագա փոխանցումը:  Նախաքննության ընթացքում կատարվել են շուրջ երեք տասնյակից ավելի  խուզարկություններ, հայտնաբերվել և վերցվել են քրեական գործի համար էական նշանակություն ներկայացնող իրեր, փաստաթղթեր, այդ թվում՝ նաև ռազմական բնույթի տեղեկություններ պարունակող բնօրինակ փաստաթղթեր, ինչպես նաև օտարերկրյա հետախուզության առաջադրանքով հավաքագրված տեղեկությունների փոխանցման դիմաց արտարժույթի տեսքով վարձատրության հանգամանքը հաստատող անդորրագրերի օրինակներ: Քրեական գործի նախաքննության ընթացքում պետական դավաճանություն կատարելու մեջ անմիջականորեն ծագած կասկածանքի հիման վրա ձերբակալվել են ընդհանուր թվով 19 անձինք, որոնց մի մասը տվել է խոստովանական ցուցմունքներ:       ՀՀ ազգային անվտանգության ծառայությունը նախազգուշացնում է, որ հետևողական և անզիջում պայքար է տանելու օտարերկրյա պետությունների հատուկ ծառայությունների և այլ կազմակերպությունների, ինչպես նաև առանձին անձանց հետախուզական գործունեության բացահայտման, կանխման և խափանման ուղղությամբ և շարունակելու է ձեռնարկել գործուն միջոցառումներ՝ անձի, հասարակության և պետության անվտանգությունը, սահմանադրական կարգը, քաղաքացիների իրավունքներն ու ազատությունները ներքին և արտաքին սպառնալիքներից պաշտպանելու ուղղությամբ: Միաժամանակ, Հայաստանի Հանրապետության ազգային անվտանգության ծառայությունը բնակչությանը հորդորում է զերծ մնալ սոցիալական ցանցերի միջոցով կամ այլ եղանակով կասկածելի անձանց հետ ծանոթություն հաստատելուց, առավել ևս՝ այդ անձանց հետ ՀՀ զինված ուժերի տարբեր զորամասերի տեղակայման վայրերի, անձնակազմի, զենքի, զինամթերքի, զինտեխնիկայի քանակի և տեսակի, զորամասերի և ՀՀ անվտանգությանն ու պաշտպանությանը վերաբերող այլ հարցեր քննարկելուց: Տեղեկացվում է նաև, որ ՀՀ քրեական օրենսգրքով նախատեսված իրավակարգավորումներով պետական դավաճանություն կատարելու համար նախատեսված է ընդհուպ մինչև ցմահ ազատազրկում, հետևաբար Ծառայությունը կոչ է անում զերծ մնալ երկրի արտաքին և ներքին անվտանգությունը, այլ անձանց կյանքն ու առողջությունը վտանգող նման պարսավելի և հանրության համար խիստ վտանգավոր հակաօրինական ու հակաբարոյական արարքներ կատարելուց: Ազգային անվտանգության ծառայությունը հիշեցնում է նաև, որ ՀՀ քրեական օրենսգրքի 299-րդ հոդվածով նախատեսված է նաև խրախուսական նորմ, որի համաձայն՝ պետական դավաճանություն կամ լրտեսություն կատարելու համար նախատեսված հանցանքներ կատարած անձն ազատվում է քրեական պատասխանատվությունից, եթե նա իշխանության մարմիններին կամովին հայտնելով կամ այլ ձևով, օժանդակել է հետագա վնասը կանխելուն, ուստի կոչ է անում հակաօրինական արարքի կատարմանը ներգրավված անձանց կամովին և ժամանակին համագործակցել Ծառայության հետ և օժանդակել հետագա վնասը կանխելուն: Ծանուցում. ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով՝ դատարանի՝ օրինական ուժի մեջ մտած դատավճռով:
10:41 - 10 փետրվարի, 2022
Դեսպանը Բալայանը հանդիպել է Ուրկի քաղաքապետի և քաղաքային խորհրդի անդամների հետ

Դեսպանը Բալայանը հանդիպել է Ուրկի քաղաքապետի և քաղաքային խորհրդի անդամների հետ

Նիդեռլանդներում ՀՀ դեսպան Տիգրան Բալայանն այցելել է Ֆլևոլանդ մարզի Ուրկ քաղաք, որը Նիդեռլանդների ձկնարդյունաբերության խոշորագույն կենտրոնն է։ Այս մասին հայտնում է Նիդեռլանդներում ՀՀ դեսպանությունը:   Քաղաքապետարանում դեսպանը հանդիպում է ունեցել Ուրկի քաղաքապետ Սես ֆան դեր Բոսի և քաղաքային խորհրդի անդամների հետ։ Քաղաքապետն իր ողջույնի խոսքում անդրադարձ է կատարել հայ ժողովրդի բազմադարյա պատմությանն ու մշակույթին, խոսել քրիստոնեական արժեքների մասին, որով Ուրկ քաղաքն առանձնահատուկ տեղ է զբաղեցնում Նիդեռլանդների հասարակության շրջանում՝ պահպանելով իր ավանդույթները և հոգևոր արժեքները, ինչը լրացուցիչ խթան է հանդիսանում առաջին քրիստոնյա ժողովրդի հետ ամուր հարաբերություններ կառուցելու ճանապարհին։   Հանդիպմանը քննարկվել են ապակենտրոնացված համագործակցություն հաստատելու հնարավորությունները։   Դեսպան Բալայանն այցելել է նաև Նիդեռլանդներում ծովամթերքի ներկրման և արտահանման շուկայում առաջատար Dayseaday Group ընկերություն, շրջայց կատարել արտադրամասում, ծանոթացել վերջինիս պատմությանն ու գործունեությանը։   Դեսպանն ընկերության ղեկավարությանը փոխանցել է Հայաստանում ձկնարտադրության վերաբերյալ տեղեկատվական նյութեր և վիճակագրություն, քննարկել համատեղ ծրագրերի իրագործման հետ կապված հարցեր։   Այցը կազմակերպվել էր Միջազգային քրիստոնեական խորհուրդ կազմակերպության գործադիր տնօրեն Հենկ Յան ֆան Սխոտհոստի նախաձեռնությամբ։
22:39 - 09 փետրվարի, 2022
Հայաստանի և Ադրբեջանի միջև գոյություն ունի պետական սահման. Նիկոլ Փաշինյան

 |armenpress.am|

Հայաստանի և Ադրբեջանի միջև գոյություն ունի պետական սահման. Նիկոլ Փաշինյան |armenpress.am|

armenpress.am: Հայաստանի և Ադրբեջանի միջև գոյություն ունի պետական սահման, քանի որ երկրների միջև դեռևս խորհրդային ժամանակներում գոյություն է ունեցել սահման, որը դելիմիտիացիայի է ենթարկվել, իսկ 1991 թվականի ԱՊՀ ստեղծելու մասին համաձայնագրով, որը վավերացրել է և՛ Հայաստանի, և՛ Ադրբեջանի խորհրդարանների կողմից, այդ սահմանները ճանաչվել են։ Ազգային ժողովում Կառավարության անդամների հարց ու պատասխանի ժամանակ այս մասին հայտարարեց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը: «Կարծում ենք, որ ահա այս պայմանավորվածությունները պետք է իրագործվեն այս տրամաբանությամբ։ Ընդ որում, պատրաստ ենք լսել այլ առաջարկներ և այլ պատկերացումներ»,- ասաց վարչապետը։ Խոսելով այս թեմայով անհիմն շահարկումների մասին առ այն, թե գյուղերը անպաշտպան են մնալու և այլն, Փաշինյանը նկատեց. «Չկա այդպիսի բան, և առաջարկների փաթեթում ամեն ինչ հաշվի է առնված։ Պետք է նաև խոստովանել մի բան, որ այդ առաջարկը, որ մենք անում ենք, այնպես չէ, որ 100 տոկոսով կոմֆորտ է Հայաստանի համար կամ դիսկոմֆորտ է Ադրբեջանի համար։ Կա սահմանային գիծ և, կարծում ենք, որ այդ սահմանային գծով պետք է հետ քաշում տեղի ունենա, ընդ որում արձանագրելով, որ սա չի կանխորոշում սահմանազատման և սահմանագծման հետագա արդյունքները, այլ դա պետք է լինի համապատասխան բանակցությունների առարկա։ Կարծում եմ, որ այս առաջարկեները հիմնված են լեգիտիմ և օրինական արձանագրումների վրա»։ Վարչապետը կարևորեց, որ այս առաջարկների էությունը մեր խորհրդարանական գործընկերների կողմից պատշաճ ձևով ներկայացվի միջազգային հանրությանը, որովհետև իրավիճակի ոչ ճիշտ մեկնաբանությունը որոշ ուժեր կարող են օգտագործել սահմանին նոր էսկալացիաներ հրահրելու համար։ «Եվ մեզ համար շատ կարևոր է արձանագրել լեգիտիմ օրինական իրողությունները և արձանագրել, որ կա գործուն այսպիսի մեխանիզմ, որը կարող է կանխել հետագա որևէ էսկալացիա»,- եզրափակեց Փաշինյանը։
21:25 - 09 փետրվարի, 2022
Կարևոր է հնարավորինս շուտ ավարտել պահվող անձանց փոխանակումը՝ բոլորը բոլորի դիմաց սկզբունքով. ՌԴ ԱԳՆ
 |tert.am|

Կարևոր է հնարավորինս շուտ ավարտել պահվող անձանց փոխանակումը՝ բոլորը բոլորի դիմաց սկզբունքով. ՌԴ ԱԳՆ |tert.am|

tert.am: ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան ընդգծել է բոլոր պահվող անձանց վերադարձնելու կարևորությունն ու նշել, որ ՌԴ-ն ամեն ինչ անում է այդ ուղղությամբ: «Մենք ողջունում ենք Ադրբեջանի կողմից 8 հայ զինծառայողի փոխանցումը հայկական կողմին, և, իհարկե, կարևոր է հնարավորինս շուտ լուծել այդ վիճահարույց հարցը հայ-ադրբեջանական հարաբերություններում, ավարտել պահվող անձանց փոխանակումը՝ բոլորը բոլորի դիմաց սկզբունքով»,-ասել է Զախարովան ամենշաբաթյա ճեպազրույցի ժամանակ:Վերջինս հիշեցրել է, որ 2020 թվականի դեկտեմբերի 2-ին ռուս խաղաղապահների միջնորդությամբ՝ ընդհանուր առմամբ, վերադարձվել է 146 մարդ՝ 127-ը՝ հայկական կողմին, 19-ը՝ ադրբեջանական:Զախարովան նշել է, որ «ՌԴ-ն իր կողմից արել է, անում է և անելու է ամեն ինչ պահվող անձանց վերադարձնելու հարցում: «Այդ հարցը առաջնահերթ է: Մենք հասկանում ենք հարցի էությունն ու առաջնահերթությունը»,- ընդգծել է Զախարովան:Անդրադառնալով Արցախի՝ Բաքվի վերահսկողությանն անցած հատվածում հայկական մշակութային ժառանգության պահպանմանը՝ դիվանագետը նշել է, որ այդ հարցով ևս կանոնավոր կերպով կապ է պահվում Բաքվի և Երևանի միջև: «Եվ մենք կողմ ենք տարածաշրջանում ՅՈւՆԵՍԿՕ-ի առաքելության շուտափույթ մեկնարկին»,- նշել է ՌԴ ԱԳՆ ներկայացուցիչը:
20:09 - 09 փետրվարի, 2022
Ադրբեջանի հետ խաղաղության պայմանագիր կնքելը, Թուրքիայի հետ հարաբերությունները կարգավորելը մեր Կառավարության և բոլոր կառավարությունների նպատակն է եղել. Փաշինյան
 |1lurer.am|

Ադրբեջանի հետ խաղաղության պայմանագիր կնքելը, Թուրքիայի հետ հարաբերությունները կարգավորելը մեր Կառավարության և բոլոր կառավարությունների նպատակն է եղել. Փաշինյան |1lurer.am|

1lurer.am: Փորձ է արվում և Հայաստանում և Հայաստանից դուրս տպավորություն ստեղծել, որ Հայաստանին ինչ-որ մեկը փորձում է օրակարգ պարտադրել, և մյուս կողմից՝ Հայաստանը խուսափում է ինչ-որ օրակարգից: ԱԺ-Կառավարություն հարցուպատասխանի ժամանակ, անդրադառնալով Ադրբեջանի հետ խաղաղության պայմանագրի վերաբերյալ պատկերացումներին, ասաց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը: «Ադրբեջանի հետ խաղաղության պայմանագիր կնքելը, Թուրքիայի հետ հարաբերությունները կարգավորելը և համապատասխան փաստաթղթով արձանագրելը մեր Կառավարության և բոլոր կառավարությունների նպատակն է եղել, որովհետև բուն Ղարաբաղի հարցի բանակցային գործընթացի նպատակը խաղաղության պայմանագրի կնքումն է եղել, և դա արձանագրված է բոլոր փաստաթղթերում»,- նշեց վարչապետը: «Մենք հետաքրքրվա՞ծ ենք Ադրբեջանի հետ խաղաղության պայմանագիր կնքելով. այո՛, պատրա՞ստ ենք արդյոք խաղաղության պայմանագիրը բանակցելու. այո՛. ի՞նչ ֆորմատով պետք է տեղի ունենա բանակցությունը. այդ մասին մեր պատկերացումները մի քանի անգամ ընդգծել ենք, հետևաբար ՀՀ-ի և կառավարության, բոլոր նախկին կառավարությունների բանակցությունների նպատակն է եղել խաղաղության պայմանագիր կնքելը»,- ասաց Նիկոլ Փաշինյանը:  «Դա մեր նպատակներից է, և մենք պատրաստ ենք առարկայական կոնկրետ խոսակցության»,- նշեց վարչապետը:
19:09 - 09 փետրվարի, 2022
Վարչապետի մասնակցության հարցը Անթալիայի ֆորումին չի քննարկվել և չի քննարկվում. ՀՀ ԱԳ նախարար
 |1lurer.am|

Վարչապետի մասնակցության հարցը Անթալիայի ֆորումին չի քննարկվել և չի քննարկվում. ՀՀ ԱԳ նախարար |1lurer.am|

1lurer.am: Հույս ունենք, որ այս անգամ արդեն առարկայական քննարկումներ կսկսվեն երկու հատուկ ներկայացուցիչների միջև, քննարկումներ՝ ուղղված Հայաստան-Թուրքիա սահմանների բացմանը և դիվանագիտական հարաբերությունների հաստատմանը: Այդ մասին ԱԺ-Կառավարություն հարցուպատասխանի ժամանակ, անդրադառնալով Հայաստանի և Թուրքիայի հատուկ բանակցողների միջև արդեն տեղի ունեցած ճանաչողական հանդիպմանը հաջորդող՝ փետրվարի 24-ին նախատեսված երկրորդ հանդիպմանը, ասաց ՀՀ արտաքին գործերի նախարար Արարատ Միրզոյանը: «Պաշտոնական Անկարայից այս մասին եկող ազդակները, ուղերձները, ակնարկներն առավելապես դրական կոնտեքստի մեջ են, և մեր ակնկալիքներն էլ այդպիսին են»,- նշեց նա:  Անդրադառնալով ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի հնարավոր մասնակցությանը մարտին Անթալիայում կայանալիք դիվանագիտական ֆորումին՝ Միրզոյանը նշեց, որ վարչապետի մասնակցության հարցը չի քննարկվել և չի քննարկվում:  «Հրավեր ուղարկվել է իմ և Ռուբեն Ռուբինյանի առումով, որոշում իսկապես չկա, որոշումը մեծապես կախված կլինի նաև փետրվարի 24-ին կայանալիք Վիեննայի հանդիպման արդյունքներից»,- նշեց Արարատ Միրզոյանը:
18:20 - 09 փետրվարի, 2022
Հայկական կողմը վերջին 1 տարում Ադրբեջանին է փոխանցել առաջին պատերազմից անհետ կորած համարվող 108 անձի մարմին |armenpress.am|

Հայկական կողմը վերջին 1 տարում Ադրբեջանին է փոխանցել առաջին պատերազմից անհետ կորած համարվող 108 անձի մարմին |armenpress.am|

armenpress.am: Հայկական կողմը վերջին 1 տարում Ադրբեջանին է վերադարձել Արցախյան առաջին պատերազմից անհետ կորած համարվող 108 անձի մարմին, առաջիկա օրերին կփոխանցի ևս 2 մարմին: Այս մասին ասաց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն ԱԺ-ում կառավարության անդամների հետ հարցուպատասխանին անդրադառնալով ՔՊ-ից Արուսյակ Ջուլհակյանի հարցին: Պատգամավորը հիշեցրեց, որ օրերս Ֆրանսիայի նախագահի և Եվրոպական խորհրդի նախագահի միջնորդությամբ և մասնակցությամբ տեղի է ունեցել Հայաստանի և Ադրբեջանի նախագահների հեռավար հանդիպումը: Նա խնդրեց տեղեկացնել, թե արդյոք այդ հանդիպման ընթացքում ձեռք են բերվել պայմանավորվածություններ՝ գերիների և անհետ կորածների խնդրի լուծման ուղղությամբ: ՀՀ վարչապետը պատասխանեց, որ, բնականաբար, քննարկվող կարևոր հարցերից մեկը եղել է հումանիտար հարցերի լուծումը՝ հիշեցնելով, որ այդ հանդիպումից հետո 8 հայ գերի վերադարձել է Հայաստան: Փաշինյանն իր գնահատանքի խոսքը հնչեցրեց Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնի և ԵԽ նախագահ Շառլ Միշելի գործադրած ջանքերի առիթով: «Մենք խոսել ենք նաև առաջին պատերազմում անհետ կորածների ճակատագրի և 44-օրյա պատերազմում անհետ կորած անձանց ճակատագրի մասին: Ադրբեջանն անընդհատ խոսում է այն մասին, որ Ղարաբաղյան առաջին պատերազմից հետո իրենք ունեն շուրջ 4000 անհետ կորած: Ուզում եմ ընդգծել, որ սակայն հայկական կողմը նույնպես ունի անհետ կորածներ, պաշտոնական թվերով 777 անհետ կորած ունենք: Փորձ է արվում ներկայացնել, թե հայկական կողմը նաև այդ հարցում կոնկրետ քայլեր չի ձեռնարկել: Ուզում եմ տեղեկացնել, որ վերջին 1 տարվա ընթացքում ադրբեջանական կողմին է փոխանցվել առաջին պատերազմից անհետ կորած համարվող 108 մարդու մարմին: Առաջիկա օրերին մենք պատրաստվում ենք ևս 2 մարմին փոխանցել»,-ասաց Փաշինյանը՝ հավելելով, որ մինչև այժմ ՀՀ-ն չի հրապարակել, որ այդքան մարմիններ է վերադարձրել, քանի որ համարում է, որ դա հումանիտար հարց է, միջազգային դիվիդենտներ հավաքելու հարց չկա: Հայկական կողմը 108 մարմինները վերադարձրել է առանց նախապայմանների: «Որովհետև մենք ճիշտ չենք համարում, որ դա դառնա ինչ-որ սակարկության առարկա, որովհետև հումանիտար հարցերը սակարկության առարկա չպետք է լինեն: Նույնպես վերաբերվել ենք նաև ականապատ դաշտերի քարտեզների հետ՝ վերադարձնելով առանց պայմանի, որ դա չդառնա սակարկության առարկա: Որովհետև մենք չենք կարծում, թե պետք է մարդկանց ճակատագրով սակարկենք»,-ասաց Փաշինյանը: Վարչապետը վստահեցրեց, որ այս թեմայով Հայաստանն աշխատանքը սկսել է դեռևս 2020-ի մեկնարկին, երբ Անվտանգության խորհրդի նիստում ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների միջնորդությամբ քննարկել են, և ինքը հանձնարարականներ է տվել, որ այդ հումանիտար հարցերը պետք է կարգավորվեն: «Եվ մենք ակնկալում ենք, որ ոչ միայն ղարաբաղյան 1-ին պատերազմի, այլ նաև 44-օրյա պատերազմի մեր անհետ կորածների ճակատագրի պարզման հարցում նույնպես մեզ կհաջողվի համագործակցություն հաստատել: Մենք 44-օրյա պատերազմից հետո ունենք գտնվելու վայրը անհայտ 217 անձ: Եվ այո, պայմանավորվածություն է ձեռք բերվել անհետ կորածների ճակատագրի պարզման հարցով համագործակցել»,-ասաց Փաշինյանը՝ հույս հայտնելով, որ ադրբեջանական կողմն էլ կոնկրետ քայլեր կանի այդ հարցում: Նա հիշեցրեց ԵԽԽՎ-ի հստակ դիրքորոշումը, որ գերեվարված անձինք պետք է վերադարձվեն:
17:34 - 09 փետրվարի, 2022
Փաշինյանը դարձյալ ներկայացրեց՝ ինչ է հայելային հետքաշումը |1lurer.am|

Փաշինյանը դարձյալ ներկայացրեց՝ ինչ է հայելային հետքաշումը |1lurer.am|

1lurer.am: Հայ-ադրբեջանական սահմանին իրավիճակի կայունացման համար հայկական կողմը հանդես է եկել զորքերի հայելային հետքաշման առաջարկությամբ: ԱԺ-Կառավարություն հարցուպատասխանի ընթացքում ԱԺ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության անդամ Վահագն Ալեքսանյանը ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանին հարցրեց, թե ինչ է նշանակում «հայելային հետքաշում»: «Տեղյակ եք, որ 2021 թվականի նոյեմբերի 26-ին Սոչիում ընդունված եռակողմ հայտարարության մեջ, որը ստորագրված է ՌԴ նախագահի, Ադրբեջանի նախագահի և իմ կողմից, արձանագրված է, որ կողմերը պայմանավորվել են քայլեր ձեռնարկել հայ-ադրբեջանական սահմանին անվտանգության և կայունության բարձրացման ուղղությամբ, և գործը տանել դեպի դեմարկացիայի և դելիմիտացիայի երկկողմ հանձնաժողովի ձևավորում: Այս առումով քանի որ շահագրգռված ենք և պետք է տեր կանգնենք մեր իսկ պայմանավորվածությանը, առաջարկ ենք արել, և մեր պատկերացումը հետևյալն է, որ զինված ուժերը պետք է հայելային հետ քաշվեն: Դա նշանակում է, որ հայ-ադրբեջանական սահմանային գծից հավասար հեռավորության վրա պետք է հետ քաշվեն, որից հետո սահմանի պահպանությունը պետք է հանձնվի սահմանափակ թվով սահմանապահ ծառայության ծառայողների, և արդյունքում պետք է հընթացս տեղի ունենա միջազգային մոնիթորինգ՝ ձեռք բերված պայմանավորվածությունները կյանքի կոչելու իմաստով»,- ասաց Փաշինյանը: Արդյոք Հայաստանի և Ադրբեջանի միջև գոյություն ունի՞ պետական սահման: Փաշինյանի խոսքով՝ այս հարցի պատասխանը միանշանակ դրական է, քանի որ դեռևս խորհրդային ժամանակներում գոյություն է ունեցել սահման, որը դելիմիտացիայի է ենթարկվել: «1991 թվականի Անկախ պետությունների համագործակցության կազմակերպություն ստեղծելու մասին համաձայնագրով, որը վավերացվել է և՛ Հայաստանի, և՛ Ադրբեջանի խորհրդարանների կողմից, այդ սահմանները ճանաչվել են: Հետևաբար, մենք կարծում ենք, որ այս պայմանավորվածությունները պետք է իրագործվեն այս տրամաբանությամբ»,- ասաց Փաշինյանը: Նիկոլ Փաշինյանը շեշտեց, որ հայկական կողմը պատրաստ է լսել նաև այլ առաջարկներ: «Մեր խնդիրն է, որ միջազգային հանրությունը, հայ հանրությունը տեղեկանան, թե ինչի մասին է խոսքը, քանի որ այս թեմայով կան բազմաթիվ անհիմն շահարկումներ այն մասին, որ գյուղեր անպաշտպան են մնալու և այլն: Չկա նման բան: Բայց պետք է նաև խոստովանել, որ այդ առաջարկը, որ անում ենք, այնպես չէ, որ 100 տոկոսով համապատասխանում է կամ կոմֆորտ է Հայաստանի համար կամ դիսկոմֆորտ Ադրբեջանի համար»,- ասաց Փաշինյանը: Վարչապետն արձանագրեց, որ սա չի կանխորոշում հետագա դեմարկացիայի արդյունքները: Դա պետք է լինի համապատասխան բանակցությունների առարկա:
17:19 - 09 փետրվարի, 2022
Հայաստանի գիտական շրջանակների ներկայացուցիչներն իրավունք կստանան օգտվելու 95,5 մլրդ եվրո ֆինանսավորմամբ ԵՄ համագործակցության ծրագրից |1lurer.am|

Հայաստանի գիտական շրջանակների ներկայացուցիչներն իրավունք կստանան օգտվելու 95,5 մլրդ եվրո ֆինանսավորմամբ ԵՄ համագործակցության ծրագրից |1lurer.am|

1lurer.am: Ազգային ժողովն ընդունեց ««Հայաստանի Հանրապետության և Եվրոպական միության միջև Միության «Հորիզոն Եվրոպա» հետազոտությունների և նորարարության շրջանակային ծրագրին Հայաստանի Հանրապետության մասնակցության մասին» համաձայնագիրը վավերացնելու մասին» օրենքի նախագիծը: «Հորիզոն Եվրոպա» հետազոտությունների և նորարարության շրջանակային ծրագիրը 2014-2020 թվականներին  իրականացվող «Հորիզոն-2020» շրջանակային ծրագրի շարունակությունն է:  «Հորիզոն 2020» ծրագրի շրջանակներում հայաստանյան գիտական խմբերի մասնակցությամբ ներկայացվել է 312 հայտ, որոնցից վավեր են ճանաչվել 271-ը, իսկ ֆինանսավորման երաշխավորվել է 35 հայտ: Համաձայնագրով Հայաստանի գիտական շրջանակների ներկայացուցիչներն իրավունք են ստանում օգտվելու 95,5 մլրդ եվրո ընդհանուր ֆինանսավորմամբ ԵՄ ամենամեծ գիտական համագործակցության ծրագրի ընձեռած լայն հնարավորություններից:
17:06 - 09 փետրվարի, 2022
Փոխվարչապետ Մհեր Գրիգորյանն ընդունել է ԱՄՆ դեսպանին

Փոխվարչապետ Մհեր Գրիգորյանն ընդունել է ԱՄՆ դեսպանին

Փոխվարչապետ Մհեր Գրիգորյանն ընդունել է Հայաստանում ԱՄՆ դեսպան Լին Թրեյսիին: Հանդիպմանը ներկա էր նաև ԱՄՆ ՄԶԳ հայաստանյան գրասենյակի տնօրեն Ջոն Ալելոն: Այս մասին տեղեկացնում են Կառավարության լրատվական ծառայությունից: Զրուցակիցները քննարկել են հայ-ամերիկյան երկկողմ հարաբերությունների օրակարգին վերաբերող հարցեր: Անդրադարձ է կատարվել տարածաշրջանային զարգացումներին: Այս համատեքստում երկուստեք կարևորվել է տարածաշրջանային կայունության և երկարատև խաղաղության հաստատմանն ուղղված ջանքերը: Մտքեր են փոխանակվել Կառավարության կողմից իրականացվող բարեփոխումների վերաբերյալ, մասնավորապես՝ հանրային կառավարման, թվայնացման, հակակոռուպցիոն, ոստիկանության, կրթության և առողջապահության ոլորտներում: Փոխվարչապետն ու ԱՄՆ դեսպանը ընդգծել են Հայ-ամերիկյան ռազմավարական երկխոսության հարթակի աշխատանքների ակտիվացման կարևորությունը և ողջունել են գարնանը նախատեսվող հերթական նիստի անցկացումը: Քննարկմանն անդրադարձ է կատարվել նաև ԱՄՆ ՄԶԳ հետ համագործակցության շրջանակներում իրականացվող ծրագրերի ընթացքին:
16:53 - 09 փետրվարի, 2022
Առաջարկում ենք քրեականացնել Հայաստանի տարածքային ամբողջականության դեմ ուղղված հրապարակային արտահայտությունները, նշված հանցանքի կատարումը հրապարակայնորեն արդարացնելը կամ քարոզելը․ Սաղաթելյան

Առաջարկում ենք քրեականացնել Հայաստանի տարածքային ամբողջականության դեմ ուղղված հրապարակային արտահայտությունները, նշված հանցանքի կատարումը հրապարակայնորեն արդարացնելը կամ քարոզելը․ Սաղաթելյան

ԱԺ «Հայաստան» խմբակցության անդամ, ԱԺ փոխնախագահ Իշխան Սաղաթելյանը ֆեյսբուքյան էջում գրել է նոր օրենսդրական նախաձեռնության մասին․ «Հետպատերազմյան ժամանակաշրջանում Հայաստանի տարածքային ամբողջականությունը և ինքնիշխանությունը վտանգված են, և Հայաստանի Հանրապետության թիվ մեկ առաջնահերթությունը պետք է լինի իր տարածքի ամբողջականությունը երաշխավորելը և թշնամական պետության կողմից որդեգրված հակահայկական քաղաքականության և դրա իրագործման կանխելը։ Իմ գործընկերներ Արամ Վարդևանյանի ու Աղվան Վարդանյանի հետ հանդես ենք եկել նոր օրենսդրական նախաձեռնությամբ։ Մենք առաջարկում ենք քրեականացնել «Հայաստանի Հանրապետության տարածքային ամբողջականության դեմ ուղղված հրապարակային արտահայտությունները, նշված հանցանքի կատարումը հրապարակայնորեն արդարացնելը կամ քարոզելը»: Վերը նշված հանցանքների համար  առաջարկում ենք տուգանք՝ նվազագույն աշխատավարձի հազարապատիկից երկուհազարապատիկի չափով, կամ ազատազրկմում՝ երկուսից չորս տարի ժամկետով, իսկ Հայաստանի Հանրապետության ինքնիշխանությունից հրաժարվելուն կամ այն սահմանափակելուն ուղղված հրապարակային արտահայտությունները, նշված հանցանքի կատարումը հրապարակայնորեն արդարացնելու կամ քարոզելու համար սահմանել տուգանքով՝ նվազագույն աշխատավարձի երկուհազարապատիկից երեքհազարապատիկի չափով, կամ կամ ազատազրկմամբ՝ երեքից հինգ տարի ժամկետով: Քրեական օրենսգրքում նախագծով ներկայացված համապատասխան արարքների կոնկրետացումը և քրեականացումը  կնպաստի նմանատիպ արարքների պարտադրված կամ անգամ կամավոր դրսևորման կանխարգելմանը»։
14:52 - 09 փետրվարի, 2022
Ըստ էության, սահման, որպես այդպիսին, չկա, կա շփման գիծ, հենակետեր, դիտակետեր․ ՀԱՊԿ գլխավոր քարտուղարը՝ հայ-ադրբեջանական սահմանի իրավիճակի մասին |tert.am|

Ըստ էության, սահման, որպես այդպիսին, չկա, կա շփման գիծ, հենակետեր, դիտակետեր․ ՀԱՊԿ գլխավոր քարտուղարը՝ հայ-ադրբեջանական սահմանի իրավիճակի մասին |tert.am|

tert.am: Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության գլխավոր քարտուղար Ստանիսլավ Զասը հայտարարել է Հարավային Կովկասում Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության հաստատման նոր հեռանկարների մասին, գրում է EADaily-ն։ Այսօր՝ փետրվարի 9-ին, «Վալդայ» միջազգային քննարկման ակումբի շրջանակում «Հավաքական անվտանգությունը նոր դարաշրջան. ՀԱՊԿ-ի փորձն ու հեռանկարները» համաժողովում ելույթ ունենալով, ռազմական դաշինքի վարչական ղեկավարը մատնանշել է «որոշ զգուշավոր լավատեսությունը» հայ-ադրբեջանական հակամարտության կարգավորման հարցում։ «Լարվածության օջախներ, իհարկե, կան, դրանք հայ-ադրբեջանական սահմանին են։ Ես եղել եմ այնտեղ, իմ աչքով եմ տեսել՝ ինչ է կատարվում այնտեղ։ Բայց, ըստ էության, սահման, որպես այդպիսին, չկա, կա շփման գիծ, հենակետեր, դիտակետեր։ Ժամանակ առ ժամանակ կրակոցներ են լինում։ Այսպես չպետք է լինի»,- շեշտել է ՀԱՊԿ գլխավոր քարտուղարը։ «Զգուշավոր լավատեսություն կա, որ պատերազմի մի ամբողջ դարաշրջան ավարտվում է, և սկսվում է մեկ այլ դարաշրջան: Ես կարող եմ սխալվել նման լավատեսության առումով, բայց ամեն դեպքում, մենք պետք է ողջունենք այն քայլերը, որոնք այժմ արվում են խաղաղության հաստատման համար»,- ասել է Զասը։
13:08 - 09 փետրվարի, 2022
Մայր Աթոռը միջազգային հանրությանը կոչ է անում խստագույնս արձագանքել Բաքվի մշակութային անթաքույց եղեռնագործությանը

Մայր Աթոռը միջազգային հանրությանը կոչ է անում խստագույնս արձագանքել Բաքվի մշակութային անթաքույց եղեռնագործությանը

Մայր Աթոռ Սուրբ Էջմիածինը հայտարարությամբ դիմում է Ղարաբաղյան հակամարտության կարգավորման մեջ ներգրավված բոլոր երկրներին, առաջին հերթին, ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահող պետություններին, քույր եկեղեցիներին ու կրոնական կառույցներին, միջազգային մասնագիտացված կազմակերպություններին՝ խստագույնս արձագանքելու Ադրբեջանի կողմից իրականացվող մշակութային անթաքույց եղեռնագործությանը։ «Ֆեյսբուք»-ում Մայր Աթոռի տեղեկատվական համակարգի էջում հրապարակված հայտարարության մեջ նշվում է. «Օրերս Ադրբեջանի իշխանությունները, ի դեմս մշակույթի նախարարի, հանդես են եկել հերթական հակահայկական նախաձեռնությամբ: Համաձայն վերջինիս հայտարարության՝ Ադրբեջանում ձևավորվել է տեղի և արտերկրյա մասնագետներից կազմված «Աղվանական պատմության և ճարտարապետության մասնագետների աշխատանքային խումբ», որի նպատակն է, այսպես կոչված, աղվանական կրոնական տաճարներից հեռացնել «հայերի թողած կեղծ հետքերը»: Մայր Աթոռ Սուրբ Էջմիածինը խստորեն դատապարտում է ադրբեջանական իշխանությունների սույն նախաձեռնությունը և այն որակում է որպես հակամարդկային ու հակաքաղաքակրթական գործողություն՝ Հայաստանի, Արցախի և հայ ժողովրդի նկատմամբ շարունակական թշնամանքի ու ատելության ընդգծված դրսևորումներով: Ադրբեջանի վերահսկողության տակ անցած Արցախի քրիստոնեական սրբավայրերի հայկական ինքնությունը գիտականորեն հաստատված իրողություն է և չի կարող վիճարկման առարկա դառնալ խելամիտ ու առարկայական մտածողության շրջանակներում: Մայր Աթոռ Սուրբ Էջմիածինը դիմում է Ղարաբաղյան հակամարտության կարգավորման մեջ ներգրավված բոլոր երկրներին, առաջին հերթին ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահող պետություններին, քույր եկեղեցիներին ու կրոնական կառույցներին, միջազգային մասնագիտացված կազմակերպություններին՝ խստագույնս արձագանքելու Ադրբեջանի կողմից իրականացվող մշակութային եղեռնագործության անթաքույց այս փաստին՝ կասեցնելու և կանխելու համար վանդալիզմի այս ու նմանօրինակ դրսևորումները»:  
21:15 - 08 փետրվարի, 2022
Վիեննայում հանդիպման անցկացման գաղափարը հայկական կողմինն է․ Մևլյութ Չավուշօղլու |hetq.am|

Վիեննայում հանդիպման անցկացման գաղափարը հայկական կողմինն է․ Մևլյութ Չավուշօղլու |hetq.am|

hetq.am: Հայաստանի և Թուրքիայի հատուկ ներկայացուցիչների երկրորդ հանդիպման վայրը Վիեննան ընտրելը հայկական կողմի նախաձեռնությունն է։ Այդ մասին տեղի ունեցած ճեպազրույցի ժամանակ հայտարարել է Թուրքիայի արտաքին գործերի նախարար Մևլյութ Չավուշօղլուն։ Թուրքական դիվանագիտության ղեկավարի խոսքով՝ Հայաստանն առաջարկել է հանդիպումն անցկացնել կամ Ավստրիայում, կամ էլ Շվեյցարիայում։ «2009 թվականին արդեն իսկ եղել են անհաջող բանակցություններ Ժնևում, այդ իսկ պատճառով որոշում է ընդունվել հանդիպումն անցկացնել Վիեննայում»,- հայտարարել է Չավուշօղլուն։ Նա նշել է, որ Անկարան Հայաստանի արտաքին գործերի նախարար Արարատ Միրզոյանին և հայկական կողմի հատուկ ներկայացուցիչ, ԱԺ փոխխոսնակ Ռուբեն Ռուբինյանին պաշտոնապես հրավիրել է մասնակցելու Անթալիայի դիվանագիտական ֆորումին, որը կկայանա մարտի 11-13-ը։  Հայկական կողմը հայտարարել է, որ դեռևս վերջնական որոշում չունի մասնակցության առումով։
20:55 - 08 փետրվարի, 2022