Արցախյան պատերազմ․ 2020

Արցախյան առաջին պատերազմից հետո ամենալայնածավալ էսկալացիան՝ Արցախի ու Ադրբեջանի միջեւ՝ սահմանի ողջ երկայնքով։ Տեւել է 44 օր՝ սեպտեմբերի 27-ից նոյեմբերի 10-ը։

Պատերազմի ժամանակ Հայաստանում եւ Արցախում հայտարարվել է ռազմական դրություն եւ ընդհանուր զորահավաք։

2020 թվականի նոյեմբերի 10-ին ՀՀ վարչապետը, Ադրբեջանի եւ ՌԴ նախագահները ստորագրել են հայտարարություն՝ ռազմական գործողությունները դադարեցնելու վերաբերյալ, ըստ որի՝ Արցախի Հանրապետության տարածքի մեծ մասն անցնում է Ադրբեջանի վերահսկողության տակ։

Իրենց տներում հյուրընկալել ցանկացող քաղաքացիներն ավելի շատ են, քան դրա կարիքն ունեցողները․ Զարուհի Բաթոյան

Իրենց տներում հյուրընկալել ցանկացող քաղաքացիներն ավելի շատ են, քան դրա կարիքն ունեցողները․ Զարուհի Բաթոյան

ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Բաթոյանը գրել է․   «Հարգելի՛ հայրենակիցներ,   Երեկ տարածել էի հայտարարություն այն մասին, որ պետական մարմինները ի վիճակի են զբաղվել կացարանների հարցով, եթե դրա անհրաժեշտությունը լինի: Բայց ինչպես նշել էի, նման կարիք այս պահին չկա:   Իրենց բնակարաններում և տներում հյուրընկալել ցանկացող քաղաքցիների հայտարարությունները ևս մեկ անգամ փաստում են մեր միասնականության մասին, սակայն մեր ունեցած տվյալներով այս պահին օգնել ցանկացող մեր հայրենակիցներն ավելի շատ են, քան դրա կարիքն ունեցող մեր քույրերն ու եղբայրները:   Ինչ վերաբերում է Արցախից ժամանած երեխաներին և նրանց ընտանիքներին հյուրընկալելու ինքնաբուխ ցանկություններին, խնդրում եմ զսպել և չտարածել դրանք: Իմ շատ սիրելի, ուժեղ և հաղթող մարդիկ, անհրաժեշտության դեպքում մենք կդիմենք ձեր օգնությանը: Պարզապես կապի մեջ եղեք ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի  նախարարության հետ:   Շնորհակալ եմ»:
12:42 - 28 սեպտեմբերի, 2020
Արցախի գյուղնախարարությունը կոչ է անում համալրել թափուր աշխատատեղերը հացի փռերում, ալրաղացներում և վերամշակող ձեռնարկություններում

Արցախի գյուղնախարարությունը կոչ է անում համալրել թափուր աշխատատեղերը հացի փռերում, ալրաղացներում և վերամշակող ձեռնարկություններում

Արցախի գյուղատնտեսության նախարարությունը կոչ է անում քաղաքացիներին համալրել թափուր աշխատատեղերը հացի փռերում, ալրաղացներում և վերամշակող ձեռնարկություններում։   «Պատերազմական վիճակի պատճառով հացի փուռերում, ալրաղացներում և վերամշակող ձեռնարկություններում առաջ է եկել լրացուցիչ աշխատուժի կարիք: Պետությունը ձեր կարիքն զգում է:    Կոչ ենք անում համալրել այդ թափուր աշխատատեղերը: Զբաղվածության խնդրի լուծումից զատ, դուք ձեր ծանրակշիռ ներդրումը բերած կլինեք մեր հաղթանակի գործին: Զորակոչային տարիքը լրացած հարգելի հայրենակիցներ, նշված աշխատավայրերում կա նաև աշխատուժի կարիք: Կոչ ենք անում ձեր ներդրումը բերել:   Կարող եք զանգել հետևյալ հեռախոսահամարներով՝ 097 202 494, 047 97 17 39»,-նշված է Արցախի տեղեկատվական համակարգի ֆեյսբուքյան պաշտոնական էջում:
12:28 - 28 սեպտեմբերի, 2020
Պարտադրված ենք իրականացնել ՀԱՏՈՒԿ աշխատանքներ. Վիվա-ՄՏՍ-ի հայտարարությունը

Պարտադրված ենք իրականացնել ՀԱՏՈՒԿ աշխատանքներ. Վիվա-ՄՏՍ-ի հայտարարությունը

Ներկայումս Վիվա-ՄՏՍ-ի բջջային ցանցի տեղեկատվական ենթակառուցվածքում պարտադրված ենք իրականացնել ՀԱՏՈՒԿ աշխատանքներ, որոնց պատճառով առանձին ծառայությունների տրամադրումը, ինչպես նաեւ՝ Զանգերի կենտրոնի (111) աշխատանքը, ժամանակավորապես իրականացվում է սահմանափակ ծավալով: Այս մասին հայտարարություն է տարածել Վիվա-ՄՏՍ-ը։ «Հարգելի բաժանորդներ, Տեղեկացնում ենք, որ ներկայումս Վիվա-ՄՏՍ-ի բջջային ցանցի տեղեկատվական ենթակառուցվածքում պարտադրված ենք իրականացնել ՀԱՏՈՒԿ աշխատանքներ, որոնց պատճառով առանձին ծառայությունների տրամադրումը, ինչպես նաեւ՝ Զանգերի կենտրոնի (111) աշխատանքը, ժամանակավորապես իրականացվում է սահմանափակ ծավալով: Բջջային ցանցի ձայնային ու տվյալների փոխանցման ծառայություները գործում են բնականոն ռեժիմով եւ ամբողջական ծավալով: Շնորհակալություն ըմբռնման համար»,- ասվում է հայտարարության մեջ։      
11:41 - 28 սեպտեմբերի, 2020
Մենք հարյուրավոր զոհեր չունենք, Արցախում էլ մասսայական տեղահանում չի՛ կատարվում․ Արծրուն Հովհաննիսյան

Մենք հարյուրավոր զոհեր չունենք, Արցախում էլ մասսայական տեղահանում չի՛ կատարվում․ Արծրուն Հովհաննիսյան

ՀՀ ՊՆ ներկայացուցիչ Արծրուն Հովհաննիսյանն ասուլիսի ընթացքում ևս մեկ անգամ հերքեց հարյուրավոր զոհեր ունենալու մասին լուրերը։ «Մենք հարյուրավոր զոհեր չունենք, դա կեղծիք է։ Յուրաքանչյուր հաստատված տվյալ ամփոփվում է, հայտարարում ենք, բայց հարյուրավոր զոհեր հաստատ չունենք»,-մասնավորապես նշեց Հովհաննիսյանը։ Անդրադառնալով սահման մեկնածների թվին Արծրուն Հովհաննիսյանն ասաց, որ վերջինս գաղտնիք պարունակող տեղեկություն է․ «Թե քանի մարդ է մեկնել սահման՝ չեմ կարող թիվ հրապարակել, դա գաղտնիք պարունակող տեղեկություն է։ Բայց դիմել են շատ-շատերը, եւ ստիպված ենք շատերին ասել՝ խնդրում ենք, դիմեք ձեր զինկոմիսարիատներին, որովհետեւ չկազմակերպված աշխատանքը մեզ ավելի շատ խանգարելու է։ Լավ կլինի, որ զինկոմիսարիատները մարդկանց հստակ կազմակերպեն, եւ զորահավաքը կազմակերպվի՝ ինչպես անհրաժեշտ է»։ ՀՀ ՊՆ ներկայացուցիչն անդրադարձավ նաև բնակարաններ և ապաստարաններ տրամադրելու հարցին՝ նշելով, որ դրա անհրաժեշտությունը չկա «Եթե լինի, պաշտոնապես կհայտարարվի, ՀՀ կառավարությունը, համապատասխան գերատեսչությունները միանշանակ կաշխատեն այս ուղղությամբ եւ կասեն՝ ապաստարան անհրաժեշտ է, թե ոչ, եւ քանի հոգու համար։ Արցախում մասսայական տեղահանում չի՛ կատարվում»,- մանրամասնեց Արծրուն Հովհաննիսյանը։Հովհաննիսյանը խոսեց նաև զինծառայողներին ամեն րոպե զանգելու հետևանքների մասին․ «Երբ փորձում եք ամեն րոպե զինծառայողներին, հատկապես շարքային անձնակազմին զանգել, եթե իրենք կապի դուրս գան, դրանով իրենց կյանքը կվտանգեն։ ԱԹՍ-ները, հրետանային միջոցները հենց այդ կապուղիներից օգտվելով՝ թիրախավորում են մեր զինծառայողներին։ Խնդրում ենք հնարավորինս սահմանափակեք նման գործողությունները, ինչը հնարավորություն կտա ցանցերը ոչ գերբեռնված եւ նպատակային աշխատեցնել»,-մասնավորապես նշեց ՀՀ ՊՆ ներկայացուցիչը։
11:39 - 28 սեպտեմբերի, 2020
Այս պահին ունենք մոտավորապես 200 վիրավոր․ բոլորը գտնվում են բժշկական պատշաճ վերահսկողության ներքո․ Արծրուն Հովհաննիսյան

Այս պահին ունենք մոտավորապես 200 վիրավոր․ բոլորը գտնվում են բժշկական պատշաճ վերահսկողության ներքո․ Արծրուն Հովհաննիսյան

ՀՀ ՊՆ ներկայացուցիչ Արծրուն Հովհաննիսյանն այս պահին տեղի ունեցող ասուլիսին հայտնեց, որ ողջ գիշեր մարտեր են ընթացել՝ Արցախի սահմանի ամբողջ երկայնքով, հատկապես հյուսիսի եւ հարավի ուղղությամբ։ «Մեր ԶՈՒ-երին հաջողվել է դիրքային նոր բարելավումներ իրականացնել։ Հակառակորդը, բնականաբար, դրանով չի հանգստացել, շարունակել է որոշ տեղերում հակագրոհներ իրականացնել, որոնք հետ ենք մղել։ Վաղ առավոտյան, կիրառելով հրետանային միջոցներ, ադրբեջանական զինված ուժերի ստորաբաժանումները վերսկսել են հարձակողական գործողությունները։ Մեր ԶՈՒ-երն այս պահին համառ ու հերոսական մարտեր են վարում»,- մանսավորապես նշեց Արծրուն Հովհաննիսյանը։  ՀՀ ՊՆ ներկայացուցիչն ասաց, որ այս պահին ունենք մոտավորապես 200 վիրավոր, մի մասը տեղափոխվել է Երեւան։ «Բոլորը գտնվում են բժշկական պատշաճ վերահսկողության ներքո՝ տարբեր զինհոսպիտալներում, ինչպես նաեւ քաղաքացիական հիվանդանոցներում»,-մանրամասնեց Հովհաննիսյանը։ Լրագրողի հարցին ի պատասխանն Արծրուն Հովհաննիսյանն ասաց, որ ադրբեջանական զինված ուժերն իրենց զոհերի դիերը ստանալու խնդրանքով չեն դիմել։ «Արցախի պաշտպանության բանակը համապատասխան տեսանյութ էր տարածել, որտեղ երեւում էին ադրբեջանական զինված ուժերի ծառայողների բազմաթիվ դիակներ՝ թողնված մեր կողմում»,-հավելեց ՊՆ ներկայացուցիչը։
11:17 - 28 սեպտեմբերի, 2020
Հայտարարություն Արցախի դեմ Ադրբեջանի հարձակման վերաբերյալ

Հայտարարություն Արցախի դեմ Ադրբեջանի հարձակման վերաբերյալ

Սեպտեմբերի 27-ին, վաղ առավոտյան Ադրբեջանը խախտելով հրադադարի ռեժիմը, սահմանագծի ողջ երկայնքով նախաձեռնել է լայնածավալ ռազմաօդային և հրետանային ագրեսիվ հարձակումներ, որի հետևանքով մարդկային կորուստներ և զգալի վնասներ են պատճառվել Արցախի (Լեռնային Ղարաբաղի) խաղաղ բնակչությանը՝ Մարտակերտում, Մարտունիում, Ստեփանակերտում և այլ քաղաքներում ու գյուղերում։ Ադրբեջանի խոշոր տրամաչափի հրետակոծության տակ է հայտնվել նաև Հայաստանի Հանրապետության Գեղարքունիքի մարզի Վարդենիս համայնքը։ Ադրբեջանի ագրեսիվ գործողությունների արդյունքում կան տասնյակ զոհեր, այդ թվում՝ երեխա, և հարյուրավոր վիրավորներ։  Առանց խտրականության (indiscriminate) Ադրբեջանի խոշոր տրամաչափի հրետակոծության տակ են հայտնվել քաղաքացիական այլ ենթակառուցվածքներ նույնպես, այդ թվում՝ դպրոցներ և տներ, որպիսի պայմաններում առաջացնելով իրական վտանգ կանանց, երեխաների և Արցախի ողջ բնակչության կյանքի ու առողջության համար: Ադրբեջանի կողմից զինված ագրեսիան մարդու իրավունքների կոպիտ խախտումների ակնհայտ դրսևորումներ են, որոնք ուղղակիորեն ոտնահարում են Ժնևի կոնվենցիաները և միջազգային մարդասիրական սովորութային իրավունքի նորմերը։ Ընդ որում, Ադրբեջանի կողմից այս մեծ ծավալով ռազմական ուժերի և տեխնիկայի ներգրավումը, ինչպես մի շարք այլ ապացույցներ վկայում են այն մասին, որ այս հարձակումը վերջիններս ծրագրավորվել էր վաղուց և ամենայն մանրամասնությամբ՝ Թուրքիայի օժանդակությամբ ու մասնակցությամբ։  Այս պատերազմական գործողությունների պատճառներից է նաև այն ռեժիմը, որպիսի պայմաններում կառավարվում է Ադրբեջանը։ Դեռևս 2012 թվականին Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևին շնորհվել է Կազմակերպված հանցավորության և կոռուպցիայի տարվա առաջին անձը մրցանակը՝ Կազմակերպված հանցավորության և կոռուպցիայի մասին հաղորդման նախագծի (OCCRP) կողմից։  Ընտրության պատճառներից մեկն էր՝ 2012 թվականի ընթացքում նոր բացահայտումներ եղան այն մասին, որ Ալիևի ընտանիքը մեծ մասնաբաժին է ձեռք բերել տնտեսության եկամտաբեր ճյուղերում, այդ թվում` հեռահաղորդակցության, օգտակար հանածոների և շինարարության ոլորտներում, որոնք հաճախ իրականացվում են կառավարության հետ կապված գործարքների միջոցով: Այնուհետև, 2017 թվականին Մալթայում Ադրբեջանը կրկին հայտնվել է միջազգային կոռուպցիոն սկանդալում։ Այս ամենը հիմնավորում են այն օբյեկտիվ վարկածը, որ այսօր Արցախում նախաձեռնած լայնածավալ պատերազմական գործողությունները միտում ունեն Ադրբեջանի բնակչության և միջազգային հանրության ուշադրությունը շեղել Ադրբեջանում առկա կոռուպցիոն սկանդալներից և կառավարման կարգերից։   Հայաստանի ՔՀԿ-ների հակակոռուպցիոն կոալիցիան հայտնում է իր աջակցությունը Արցախի և Հայաստանի իշխանություններին՝ բոլոր հնարավոր միջոցներով օժանդակելու Արցախի բնակչության անվտանգությանը, մարդու իրավունքների պաշտպանության, սանձազերծած ագրեսիան դադարեցնելու և խաղաղության վերահաստատման նպատակով։  Հայաստանի քաղաքացիական հասարակության ներկայացուցիչներս խստորեն դատապարտում ենք Ադրբեջանի ռազմաքաղաքական ղեկավարության պատերազմական գործողությունները Արցախի նկատմամբ, և կոչ ենք անում միջազգային հանրությանը՝ ՄԱԿ-ին, Եվրոպական Միությանը, ԵԱՀԿ Մինսկի համանախագահներին, Եվրոպայի խորհրդին և այլ շահագրգիռ միջազգային կազմակերպություններին, անհապաղ ձեռնարկել արդյունավետ միջոցներ՝ դադարեցնելու Ադրբեջանի զինված հարձակումը Արցախի նկատմամբ և վերսկսել բանակցությունները խնդրի խաղաղ կարգավորման և տարածաշրջանային կայունությունը վերականգնելու նպատակով։ Ծանոթություն. Հայաստանի ՔՀԿ-ների հակակոռուպցիոն կոալիցիան հիմնադրվել է 2014 թ. նոյեմբերի 28-ին Երևանում` Եվրոպական Միության կողմից ֆինասավորված «Կոռուպցիայի դեմ պայքարի բազմակողմանի խթանում» ծրագրի շրջանակներում: Կոալիցիային ներկայումս անդամակցում են 71 քաղաքացիական հասարակության կազմակերպություններ, իսկ քարտուղարությունը իրականացնում է Իրավաբանների հայկական ասոցիացիան: Հայաստանի ՔՀԿ-ների հակակոռուպցիոն կոալիցիա
10:41 - 28 սեպտեմբերի, 2020
ՍԴՀԿ-ն իր անվերապահ զորակցություն է  հայտնում Հայաստանին և Արցախին

ՍԴՀԿ-ն իր անվերապահ զորակցություն է հայտնում Հայաստանին և Արցախին

ՍԴ Հնչակյան Կուսակցության կենտրոնական վարչությունը խստագույնս դատապարտում է Ադրբեջանի նախահարձակ ոտնձգությունները Արցախի դեմ: «Սեպտեմբերի առավոտյան ժամերից սկսած, ադրբեջանական բանակը լայնածավալ ռազմական գործողություններ սկսեց ամբողջ Արցախի սահմանի երկարությամբ: Ակնհայտ է, որ Ալիևի բռնապետական վարչակարգի այս թշնամական արարքն ամբողջությամբ ծրագրված և համադրված է եղել Թուրքիայի հետ և համահունչ է Թուրքիայի նախագահ՝ Ռեջեփ Թայիբ Էրդողանի ծավալապաշտական ծրագրերի հետ: Հետևաբար, այս պատերազմի և դրա հետևանքների ամբողջ պատասխանատվությունը կրում են Ադրբեջանը և Թուրքիան»,- ասված է հաղորդագրության մեջ:  a8 Սոցիալ Դեմոկրատ Հնչակյան Կուսակցությունն իր ամբողջական և անվերապահ զորակցություն է  հայտնում Հայաստանի և Արցախի հանրապետություններին և հայոց բանակին: Միաժամանակ, իր ամբողջ կարողականությունն ի սպաս դնելով հայրենիքի պաշտպանության գործին: «Այս պահին, կոչ ենք ուղղում միջազգային ընտանիքին և Մինսկի խմբի անդամ պետություններին, միջոցներ ձեռք առնել, որպեսզի անհապաղ կասեցվեն ռազմական գործողությունները: Միաժամանակ, հորդորում ենք նրանց զանց անել հակամարտող կողմերին ուղղված զսպվածության կոչերը և աներկբայորեն դատապարտել Ադրբեջանի և նրան բացահայտորեն աջակցող Թուրքիիայի գործողությունները»,-ասված է հաղորդագրությունում:
10:28 - 28 սեպտեմբերի, 2020