Ալեն Սիմոնյան

8-րդ գումարման Ազգային ժողովի նախագահն է, «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության վարչության անդամ։

Ծնվել է 1980թ․ հունվարի 5-ին։ 2000-2002թթ. ծառայել է ՀՀ զինված ուժերում: 

2000թ. ավարտել է Երեւանի պետական համալսարանի իրավագիտության ֆակուլտետը: Իրավաբան: 2015թ.՝ ՀՀ ԳԱԱ գիտակրթական միջազգային կենտրոնի քաղաքագիտության ֆակուլտետի մագիստրատուրան: Քաղաքագետ է:

2002-2003թթ. աշխատել է Աջափնյակ-Դավթաշեն համայնքների առաջին ատյանի դատարանի նախագահի օգնական, գրասենյակի քարտուղար: 2003-2004թթ.՝ «Կոնվերս» բանկի մարդկային ռեսուրսների կառավարիչ:

2004-2010թթ. զբաղվել է ձեռնարկատիրական գործունեությամբ:

2006-2007թթ. աշխատել է «Սիթի FM» ռադիոկայանում: 2008թ. մասնակցել է «European Education & Research Center»-ի կազմակերպած «PR and Political Technologies» դասընթացներին: 2007-2012թթ., որպես պրոդյուսեր, տնօրեն, համագործակցել է «TV5», «Երկիր մեդիա», «Արմենիա» հեռուստաընկերությունների հետ: Եղել է մի շարք երաժշտական, քաղաքական, նախընտրական տեսահոլովակների պրոդյուսեր, ներկայացման տնօրեն: 2012-2018թթ.՝ «Արարատ» ամսագրի գլխավոր խմբագիր: 2013-2018թթ.՝ իր հիմնադրած «Ararat Media Group» ՍՊԸ («araratnews.am» կայք եւ «Արարատ» ամսագիր) գլխավոր խմբագիր:

2011 թվականին «Բարեւ Երեւան» դաշինքի ցուցակով մասնակցել է Երեւանի ավագանու ընտրություններին: 2013թ. տրանսպորտի թանկացման դեմ ուղղված «Car free» քաղաքացիական ակցիայի կազմակերպիչներից է:

2013-2015թթ. եղել է «Քաղաքացիական պայմանագիր» հանրային-քաղաքական միավորման կառավարման խորհրդի հիմնադիր անդամ: 2015թ. ընտրվել է «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության վարչության հիմնադիր անդամ, 2016թ.՝ վերընտրվել: 2015-2016թթ.՝ «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության խոսնակ:

2017-2018թթ.՝ Երեւանի ավագանու անդամ («Ելք» դաշինք):

2018-2019թթ.՝ ԱԺ պատգամավոր (թիվ 4 ընտրատարածք, «Ելք» կուսակցությունների դաշինք): ԱԺ եվրոպական ինտեգրման հարցերի մշտական հանձնաժողովի անդամ, «Ելք» խմբակցության անդամ:

2019-2021թթ.՝ ԱԺ պատգամավոր («Իմ քայլը» կուսակցությունների դաշինք, թիվ 4 ընտրատարածքի տարածքային ընտրական ցուցակ): ՀՀ Ազգային ժողովի նախագահի տեղակալ: ԱԺ արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի անդամ: «Իմ քայլը» խմբակցության անդամ:

2021թ. հունիսի 20-ին ԱԺ պատգամավոր է ընտրվել «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության համապետական ընտրական ցուցակով:

2021թ. օգոստոսի 2-ին ընտրվել է Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի նախագահ:

Կան 100-ավոր տարբերակներ, այդ թվում ՀԱՊԿ-ի շրջանակում, բայց սեղանին դրված որեւէ փաստաթուղթ գոյություն չունի. ԱԺ նախագահ
 |news.am|

Կան 100-ավոր տարբերակներ, այդ թվում ՀԱՊԿ-ի շրջանակում, բայց սեղանին դրված որեւէ փաստաթուղթ գոյություն չունի. ԱԺ նախագահ |news.am|

news.am: Կան հարյուրավոր առաջարկներ, տարբերակներ, կարծիքներ, բայց սեղանին դրված որեւէ փաստաթուղթ գոյություն չունի: Այս մասին այսօր՝ հոկտեմբերի 26-ին, ԱԺ-ում լրագրողների հետ զրույցում նշեց ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը: «Կան տարբեր պատկերացումներ, տարբեր առաջարկներ, նույնիսկ անցյալից առաջարկներ կան, ապագային  միտված առաջարկներ»,-ասաց նա: Հարցին, թե այդ առաջարկները Արեւմուտքի՞ց են, թե՞ Ռուսաստանից, ԱԺ նախագահը պատասխանեց. «Կան բոլոր տեսակի առաջարկներ: Նույնիսկ մեր գործընկերների շրջանակում, նույն ՀԱՊԿ-ի շրջանակում տարբեր պատկերացումներ կան: Բայց կա Հայաստանի պատկերացումը, որի մասին վարչապետը բազմիցս խոսել է: Այսօր էլ, եթե մեր ընդդիմադիր պատգամավորները ինչ-որ հարցեր կունենան, կարող են վարչապետին ուղիղ դիմել, վստահ եմ՝ վարչապետը ինչպես միշտ պատասխաններ կտա»:    
13:41 - 26 հոկտեմբերի, 2022
Ալեն Սիմոնյանի կողմից հրապարակված՝ ադրբեջանական վերջին ագրեսիայի հետևանքով զոհվածների և անհետ կորածների թիվը շփոթմունքի արդյունք է. խոսնակ

Ալեն Սիմոնյանի կողմից հրապարակված՝ ադրբեջանական վերջին ագրեսիայի հետևանքով զոհվածների և անհետ կորածների թիվը շփոթմունքի արդյունք է. խոսնակ

Ալեն Սիմոնյանի կողմից հրապարակած ադրբեջանական վերջին ագրեսիայի հետևանքով զոհվածների և անհետ կորածների թիվը շփոթմունքի արդյունք է, այս մասին հայտնում է ԱԺ նախագահի խոսնակ Ծովինար Խաչատրյանը. «Հարգելի լրագրող գործընկերներ, ի պատասխան զանգերի, հայտնում եմ, որ այսօր ճեպազրույցին ՀՀ ԱԺ նախագահի կողմից հրապարակած ադրբեջանական վերջին ագրեսիայի հետևանքով զոհվածների և անհետ կորածների թիվը շփոթմունքի արդյունք է: Խնդրում եմ թիվը հրապարակելիս՝ հաշվի առնել պաշտոնական տվյալները: Հայցում եմ բոլորի ներողամտությունը: Շնորհակալ եմ համագործակցության համար»,-գրել է նա։ Նշենք, որ ԱԺ-ում ճեպազրույցի ընթացքում Ալեն Սիմոյնանը մասնավորապես նշել էր, որ սեպտեմբերի 13-ի ադրբեջանական ագրեսիայի հետևանքով հայկական կողմն ունի 240 զոհ: Նշենք, որ վերջին տվյալներով՝ ՀՀ ԱԽ հայտարարության համաձայն՝ Ադրբեջանական ագրեսիայի հետեւանքով զոհվածների եւ անհետ կորածների թիվը հասնում է 207-ի, այդ թվում՝ զոհվել է քաղաքացիական 3 անձ, 2 քաղաքացիական անձի գտնվելու վայրը համարվում է անհայտ, վիրավորվել է 293 զինծառայող, 7 քաղաքացիական անձ, գերեվարվել է 20 զինծառայող:   Լուսանկարը՝ Ազգային ժողովի
13:18 - 26 հոկտեմբերի, 2022
Ալեն Սիմոնյանի տեղեկություններով Փաշինյանը հոկտեմբերի 31-ին մեկնելու է Սոչի |news.am|

Ալեն Սիմոնյանի տեղեկություններով Փաշինյանը հոկտեմբերի 31-ին մեկնելու է Սոչի |news.am|

news.am: Մինչեւ տարեվերջ խաղաղության պայմանագիր կնքելու մասին արտահայտությունը որպես այդպիսին համաձայնության հետեւանք չէ, դա ինչ-որ լռելյայն վերջնաժամկետ է, որը երկու կողմն էլ դրա հետ կապված ցանկություններ ունեն: Այս մասին այսօր՝ հոկտեմբերի 26-ին, ԱԺ-ում լրագրողների հետ զրույցում նշեց ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը՝ անդրադառնալով հնչող հայտարարություններին, թե մինչեւ տարեվերջ Հայաստանի եւ Ադրբեջանի միջեւ պետք է խաղաղության պայմանագիր կնքվի: «Ես էլ եմ ցանկանում, որ մենք հնարավորինս արագ կնքենք խաղաղության պայմանագիր: Խաղաղության պայմանագիրը հնարավորինս արագ պետք է կնքվի: Կրկնում եմ՝ Հայաստանի 29,8 հազար քառակուսի կմ-ն մեզ համար կարմիր գիծ է»,- ասաց նա: Հարցին, թե արդյոք հայկական կողմը նախապայման է դնելու, որ քանի դեռ Ադրբեջանի զորքը հետ չի քաշվել Հայաստանի ինքնիշխան տարածքից, որեւէ պայմանագիր չի կնքելու, Ալեն Սիմոնյանը պատասխանեց. «Բոլոր այն տարածքներից, որոնք Հայաստանի միջազգայնորեն ճանաչված տարածք են, ադրբեջանական զորքերը պետք է անհապաղ լքեն: Մեր բոլոր միջազգային հանդիպումների ժամանակ դա առաջին կետն է: ես չեմ ուզում խոսել խաղաղության պայմանագրի շրջանակում, որովհետեւ ԱԳ նախարարը չեմ, չեմ ուզում ինչ-որ նախապայմաններ դնեմ, բայց միանշանակ հասկանալի է, որ ոնց կարելի է այլ պարագայում առաջ գնալ: Դա քննարկման ենթակա չէ»: «Իմ տեղեկություններով, այո, գնալու է»,- ասաց Ալեն Սիմոնյանը՝ պատասխանելով հարցին, թե արդյո՞ք Նիկոլ Փաշինյանը հոկտեմբերի 31-ին գնալու է Սոչի։ Հարցին, թե հանդիպում տեղի ունենալո՞ւ է Իլամ Ալիևի հետ, Սիմոնյանը պատասխանեց․ «Ենթադրում եմ, որ այո»։
12:36 - 26 հոկտեմբերի, 2022
ԱԺ հերթական նիստերի օրակարգի նախագծում կընդգրկվի 27 հարց

ԱԺ հերթական նիստերի օրակարգի նախագծում կընդգրկվի 27 հարց

ՀՀ ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանի նախագահությամբ այսօր կայացել է ԱԺ խորհրդի նիստը: Քննարկվել և հաստատվել են Ազգային ժողովի ութերորդ գումարման չորրորդ նստաշրջանի օրակարգում լրացումներ կատարելու և հոկտեմբերի 25-ին գումարվող հերթական նիստերի օրակարգի նախագծերը: Սահմանվել է նաև հերթական նիստերի օրակարգային հարցերի քննարկման հաջորդականությունը: ԱԺ հերթական նիստերի օրակարգի նախագծում կընդգրկվի 27 հարց: Փոփոխություններ են կատարվել ԱԺ խորհրդի 2022 թ. հոկտեմբերի 6-ի և փոփոխություններ ու լրացումներ՝ 2017 թ. մայիսի 26-ի որոշումներում: Խորհրդի որոշմամբ՝ Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովի անդամի պաշտոնում թեկնածուի ընտրության համար ձևավորվող մրցութային խորհրդի անդամ է նշանակվել «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Արուսյակ Ջուլհակյանը:
17:10 - 24 հոկտեմբերի, 2022
Իրանը կողմնակից է տարածաշրջանի կայուն զարգացմանը. տեղի է ունեցել ՀՀ ԱԺ նախագահի եւ ԻԻՀ ԱԳ նախարարի հանդիպումը

Իրանը կողմնակից է տարածաշրջանի կայուն զարգացմանը. տեղի է ունեցել ՀՀ ԱԺ նախագահի եւ ԻԻՀ ԱԳ նախարարի հանդիպումը

ՀՀ ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը հոկտեմբերի 22-ին ընդունել Է ԻԻՀ արտաքին գործերի նախարար Հոսեյն Ամիր Աբդոլլահիանի գլխավորած պատվիրակությանը: Ալեն Սիմոնյանը, ողջունելով հյուրերին, նշել է, որ ջերմությամբ է հիշում Թեհրանում հունիսին տեղի ունեցած արդյունավետ հանդիպումը: Այս մասին հաղորդել է ՀՀ ԱԺ աշխատակազմը։ Նա ընդգծել է բարեկամ Իրանի հետ հարեւանային հարաբերությունների կարեւորությունը՝ շեշտելով, որ դրանց զարգացմանն ուղղված ջանքերը տալիս են իրենց պտուղները:  «Սյունիքի մարզկենտրոն Կապանում Ձեր գլխավոր հյուպատոսության բացումը փաստ է, շնորհավորում եմ բոլորիս այդ կարեւոր իրադարձության կապակցությամբ»,- նշել է Ալեն Սիմոնյանը՝ հավելելով, որ Հայաստանը ձգտելու է մոտ ապագայում մեր երկրի հյուպատոսություն բացել Թավրիզում: ԻԻՀ արտգործնախարարը շնորհակալություն է հայտնել շնորհավորանքի համար՝ ընդգծելով, որ Կապանում գլխավոր հյուպատոսության հիմնումը կարեւոր ուղերձ է պարունակում, ըստ որի՝ Իրանը դեմ է բարեկամ Հայաստանի հետ սահմանի կամ տարանցիկ ուղու հանդեպ խոչընդոտներին եւ կողմնակից է տարածաշրջանի զարգացմանը: Նա հավելել է նաեւ, որ հետաքրքրված են Թավրիզում Հայաստանի գլխավոր հյուպատոսության բացմամբ: Երկուստեք արձանագրվել է, որ ԻԻՀ գլխավոր հյուպատոսությունն իր գործունեությամբ կնպաստի Սյունիքի մարզում առեւտրատնտեսական, տրանսպորտային, էներգետիկ եւ մի շարք այլ բնագավառներում առկա ներուժի առավել արդյունավետ իրացմանը: Կողմերն անդրադարձել են տարածաշրջանի անվտանգային եւ տեւական խաղաղությանն առնչվող հարցերի: Քննարկման առանցքային հարցերից է եղել հայ-իրանական ռազմավարական երկխոսությունը բոլոր ուղղություններով, ինչպես  նաեւ երկրների միջեւ ապրանքաշրջանառությունը 1 միլիարդ դոլարի հասցնելու հեռանկարը: Իրանի արտգործնախարարը նշել է, որ մեկ միլիարդ դոլարի կարելի է հասնել առաջին փուլով, իսկ երկրորդ՝ առավել հեռանկարային փուլում, իրատեսական է համարել 3 մլրդ դոլարի ապրանքաշրջանառության հասնելը: Հանդիպման ավարտին ՀՀ ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը ողջույններ է փոխանցել Իրանի Մեջլիսի նախագահ Մոհամմադ Բաղեր Ղալիբաֆին՝ նշելով, որ գործընկերոջը սպասում է Հայաստանում:
11:06 - 22 հոկտեմբերի, 2022
Ալեն Սիմոնյանը Հայկոյի հուշամեդալը հանձնել է երգչի եղբորը

Ալեն Սիմոնյանը Հայկոյի հուշամեդալը հանձնել է երգչի եղբորը

Հայաստանի Հանրապետության ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը հոկտեմբերի 21-ին Հայաստանի Հանրապետության վաստակավոր արտիստ Հայկ Հակոբյանի (Հայկո) հետմահու պարգևը` Ազգային ժողովի նախագահի հուշամեդալը, հանձնել է երգչի եղբորը՝ Վահե Հակոբյանին: Շնորհակալություն հայտնելով Ալեն Սիմոնյանին` Վահե Հակոբյանը նշել է, որ հուշամեդալն իր պատվավոր տեղը կունենա Հայկոյի ստուդիայի հատուկ անկյունում: Նա նշել է, որ ստուդիան Հայկոյի մահից հետո վերածվել է թանգարանի, որտեղ այցելում են երգարվեստի պրոֆեսիոնալներն ու նոր սերնդի շնորհալի երիտասարդները: Հիշեցնենք, որ Ալեն Սիմոնյանը հայ մշակույթի և երգարվեստի զարգացման գործում ներդրած մեծ ավանդի համար երգիչ և երգահան Հայկ Հակոբյանին (Հայկո) հետմահու պարգևատրել էր Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի նախագահի հուշամեդալով:
15:05 - 21 հոկտեմբերի, 2022
Հարձակումը եղել է Ադրբեջանի կողմից, բնականաբար, Մարս մոլորակից չեն ներխուժել Հայաստանի տարածք. Եվրոպական խորհրդարանի Հայաստանի հարցերով զեկուցողը՝ Ալեն Սիմոնյանին

Հարձակումը եղել է Ադրբեջանի կողմից, բնականաբար, Մարս մոլորակից չեն ներխուժել Հայաստանի տարածք. Եվրոպական խորհրդարանի Հայաստանի հարցերով զեկուցողը՝ Ալեն Սիմոնյանին

ՀՀ ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը հոկտեմբերի 21-ին ընդունել է Եվրոպական խորհրդարանի Հայաստանի հարցերով զեկուցող Անդրեյ Կովաչեւին: ԱԺ նախագահը՝ ի դեմս հյուրի, երախտագիտություն է հայտնել Եվրոպական խորհրդարանին՝ հօգուտ Հայաստանի համապատասխան բանաձեւեր եւ զեկույցներ ընդունելու համար: Հանդիպմանը քննարկվել են Ադրբեջանի բարձրագույն ղեկավարության կողմից հետեւողականորեն հնչող հայատյաց հռետորաբանությանը, հայկական մշակութային եւ կրոնական ժառանգության ոչնչացմանը, ռազմագերիների ու քաղաքացիական անձանց հայրենադարձմանն առնչվող հարցեր: Անդրադառնալով Հայաստանի ինքնիշխան տարածքի նկատմամբ Ադրբեջանի լայնածավալ ագրեսիային՝ կողմերն արձանագրել են, որ հակամարտության կարգավորման հարցը բանակցությունների սեղանից կրկին փորձ է արվել տեղափոխել ռազմական դաշտ՝ վերածելով լայնածավալ ագրեսիայի Հայաստանի ինքնիշխան տարածքի դեմ: Անդրեյ Կովաչեւը նկատել է, որ սա այն դեպքը չէ, երբ հավասարապես պետք է կողմերին կոչ անել կրակի դադարեցման վերաբերյալ: «Հարձակումը եղել է Ադրբեջանի կողմից, բնականաբար, Մարս մոլորակից չեն ներխուժել Հայաստանի տարածք», - հավելել է նա: «Մենք վաղուց եւ բազմիցս զգուշացնում ենք ադրբեջանական կողմից նոր պատերազմի մասին եւ մեր միջազգային գործընկերներից ակնկալում ենք Ադրբեջանի գործողությունները դատապարտող հասցեական հայտարարություններ», - ի պատասխան՝ նշել է Ալեն Սիմոնյանը: Նա ընդգծել է, որ բարձր է գնահատում Եվրամիության շարունակական միջնորդական ջանքերը, ԵՄ դիտորդական առաքելության ժամանումը հայ-ադրբեջանական սահման: Հանդիպման ավարտին կողմերը խոսել են նաեւ առաջիկայում ԵԽ-ի կողմից հրապարակվելիք զեկույցի մասին:
13:43 - 21 հոկտեմբերի, 2022
Հայաստանի տարածքից Ադրբեջանի ԶՈՒ-ի դուրսբերումն առաջնահերթ է. Ալեն Սիմոնյանը՝ Նորվեգիայի արտգործնախարարին

Հայաստանի տարածքից Ադրբեջանի ԶՈՒ-ի դուրսբերումն առաջնահերթ է. Ալեն Սիմոնյանը՝ Նորվեգիայի արտգործնախարարին

Հայաստանի Հանրապետության ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը հոկտեմբերի 18-ին ընդունել է պաշտոնական այցով Հայաստանում գտնվող Նորվեգիայի արտաքին գործերի նախարար Աննիկեն Հյութֆիլդտի գլխավորած պատվիրակությանը: Կողմերը քննարկել են փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող հարցեր: Զրույցը ծավալվել է հիմնականում հայաստանյան ժողովրդավարության և դրա զարգացմանը նպաստող անհրաժեշտ պայմանների շուրջ: ՀՀ ԱԺ նախագահը ներկայացրել է ադրբեջանական ագրեսիայի վերջին դրսևորման հետևանքների վերաբերյալ տեղեկատվություն՝ նշելով, որ Հայաստանի տարածքից ադրբեջանական ԶՈՒ-ի դուրսբերումն առաջնահերթ է: Ալեն Սիմոնյանը հույս է հայտնել, որ Նորվեգիան՝ որպես մարդու իրավունքների պաշտպանության ոլորտում առաջատար երկիր, հետևողական կլինի ադրբեջանական զինված ուժերի կողմից իրականացված ռազմական հանցագործությունների դատապարտման, դրանց արդար դատաքննության ու մեղավորների պատժման հարցում: Հանդիպմանը խոսվել է նաև խորհրդարանական դիվանագիտության կարևորությունից, ինչի շնորհիվ երկրներին հաջողվում է քաղաքական և միջազգային հարթակներում բարձրաձայնել շուտափույթ լուծումներ պահանջող խնդիրներ: «Հայկական կողմը շահագրգռված է խթանել քաղաքական երկխոսությունը Նորվեգիայի հետ: Առաջնահերթ եմ համարում միջխորհրդարանական հարաբերությունների ակտիվացումը: Տեղյակ եմ, որ Նորվեգիայի խորհրդարանում բարեկամական խմբերի ձևավորման ավանդույթ չկա: Սակայն, կարծում եմ, կարելի է գտնել համագործակցության այլ ձևաչափեր»,- նշել է Ալեն Սիմոնյանը: Ի պատասխան Նորվեգիայի արտգործնախարարը հավելել է, որ կարելի է  խթանել երկկողմ խորհրդարանական համագործակցության մեխանիզմները, տարբեր միջազգային կազմակերպությունների խորհրդարանական հարթակներում փոխգործակցությունը, ակտիվացնել փոխայցերը:
19:48 - 18 հոկտեմբերի, 2022
Ամերիկյան կողմն անթույլատրելի է համարում ՀՀ տարածքային ամբողջականության դեմ ոտնձգությունները. ԱԺ նախագահն ընդունել է կոնգրեսականների

Ամերիկյան կողմն անթույլատրելի է համարում ՀՀ տարածքային ամբողջականության դեմ ոտնձգությունները. ԱԺ նախագահն ընդունել է կոնգրեսականների

ՀՀ ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը հոկտեմբերի 18-ին ընդունել է ԱՄՆ Ներկայացուցիչների պալատի Ժողովրդավարական գործընկերության հանձնախմբի (ԺԳՀ) նախագահ Դեյվիդ Փրայսի գլխավորած կոնգրեսական պատվիրակությանը: Ողջույնների փոխանակումից հետո կողմերը քննարկել են սեպտեմբերի 13-ի ադրբեջանական զինված ուժերի ագրեսիայի հետևանքները: ՀՀ ԱԺ նախագահը նշել է. «Չնայած այն հանգամանքին, որ սեպտեմբերի 14-ի երեկոյան Միացյալ Նահանգների միջնորդությամբ ձեռք է բերվել փխրուն զինադադարի համաձայնություն, այնուամենայնիվ, դրանից հետո ևս ադրբեջանական կողմը պարբերաբար շարունակում է խախտել հրադադարի ռեժիմը»: Նա երախտագիտություն է հայտնել ԱՄՆ իշխանություններին, այդ թվում` բազմաթիվ կոնգրեսականների` վերջին զարգացումներին հասցեական գնահատական տալու, ինչպես նաև Միացյալ Նահանգների միջնորդությամբ վերջերս Հայաստան վերադարձված 17 ռազմագերիների համար: Կողմերն անդրադարձել են Հայաստանի տարածք ներխուժած ադրբեջանական զինուժին և Ադրբեջան-Թուրքիա ծավալապաշտական նկրտումներին: Ամերիկյան կողմն անթույլատրելի է համարել ՀՀ տարածքային ամբողջականության դեմ ադրբեջանական ոտնձգությունները: ՀՀ ԱԺ նախագահը բարձր է գնահատել Հայաստան-ԱՄՆ փոխգործակցությունը բոլոր մակարդակներում: Նա կարևորել է մեր երկրի համար ծանրագույն շրջանում ԱՄՆ Ներկայացուցիչների պալատի խոսնակ Նենսի Փելոսիի գլխավորած պատվիրակության պաշտոնական այցը: Հանդիպմանն անդրադարձ է եղել միջխորհրդարանական երկխոսությանը և խորհրդարանական դիվանագիտությանը: Ալեն Սիմոնյանի խոսքով` ՀՀ ԱԺ անդամակցությունը Կոնգրեսի երկկուսակցական «House Democracy Partnership» հանձնախմբին շատ կարևոր է: Նա ընդգծել է, որ այս այցը կարևորագույն նշանակություն ունի համագործակցության այս ձևաչափի շարունակականության համար: Հայկական կողմը բարձր է գնահատել նաև Ներկայացուցիչների պալատի Հայկական հարցերով հանձնախմբի աշխատանքը, այդ թվում` Հայաստանին աջակցելու ծրագրերում, Արցախին մարդասիրական օգնություն ցուցաբերելու, առևտրային նախաձեռնությունների, Լեռնային Ղարաբաղի հիմնախնդրի խաղաղ կարգավորման գործընթացում և Հայոց ցեղասպանության ճանաչման հարցում: Հանդիպմանը քննարկվել են օրենսդիր-գործադիր հարաբերությունները, խորհրդարանական ընդդիմությանը, որոշումների կայացման մեխանիզմներին առնչվող հարցեր:
16:46 - 18 հոկտեմբերի, 2022
Կոչ եմ անում միջազգային գործընկերներին հասցեական դատապարտել Ադրբեջանի ագրեսիան. Ալեն Սիմոնյանն ընդունել է Բրազիլիայի դեսպանին

Կոչ եմ անում միջազգային գործընկերներին հասցեական դատապարտել Ադրբեջանի ագրեսիան. Ալեն Սիմոնյանն ընդունել է Բրազիլիայի դեսպանին

ՀՀ ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը հոկտեմբերի 17-ին ընդունել է Հայաստանի Հանրապետությունում Բրազիլիայի Դաշնային Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան Ֆաբիո Վազ Պիտալուգային: ՀՀ ԱԺ նախագահը բարեմաղթանքներ է հղել նորանշանակ դեսպանին առաքելության իրականացման գործում: Անդրադառնալով երկկողմ հարաբերությունների միջխորհրդարանական ձևաչափին՝ Ալեն Սիմոնյանը տեղեկացրել է, որ Ազգային ժողովում ձևավորվել է Հայաստան-Բրազիլիա բարեկամական խումբ՝ հույս հայտնելով Բրազիլիայի Դաշնային Հանրապետության Ազգային կոնգրեսում մոտ ապագայում Բրազիլիա-Հայաստան բարեկամական խմբի ստեղծման վերաբերյալ: Կողմերը փաստել են բազմոլորտ համագործակցության կարևորության և դրան նպաստելու քայլերի իրականացման մասին: Հանդիպմանը քննարկվել են սեպտեմբերի 13-ի Հայաստանի Հանրապետության ինքնիշխան տարածքի նկատմամբ ադրբեջանական ագրեսիային և դրա հետևանքներին վերաբերող մանրամասներ: Ալեն Սիմոնյանը նշել է, որ միջազգային գործընկերներին կոչ է անում խստորեն և հասցեական դատապարտել Հայաստանի Հանրապետության դեմ Ադրբեջանի ռազմաքաղաքական ղեկավարության սանձազերծած ագրեսիան, ՄԱԿ-ի կանոնադրությամբ ամրագրված` տարածքային ամբողջականության դեմ ուժի և ուժի կիրառման սպառնալիքի արգելման սկզբունքի կոպտագույն խախտումները:
13:18 - 17 հոկտեմբերի, 2022
Ադրբեջանական զինված ուժերի դուրսբերումը ՀՀ ինքնիշխան տարածքից առաջնահերթ խնդիր է. Ալեն Սիմոնյանը հանդիպել է շվեյցարացի գործընկերներին

Ադրբեջանական զինված ուժերի դուրսբերումը ՀՀ ինքնիշխան տարածքից առաջնահերթ խնդիր է. Ալեն Սիմոնյանը հանդիպել է շվեյցարացի գործընկերներին

ՀՀ ԱԺ նախագահը հոկտեմբերի 14-ին ընդունել է Շվեյցարիայի Համադաշնության Ազգային խորհրդի պատգամավորներ Շտեֆան Մյուլեր-Ալտերմատին եւ Միշել Մարտերին: Պատգամավորները Հայաստանում են աշխատանքային այցով, նախատեսում են այցելել ադրբեջանական զինուժի կողմից հրաձգության ենթարկված բնակավայրեր: Հանդիպմանը կողմերը փաստել են՝ փոխգործակցության լայն ասպարեզ կա խորհրդարանների համար, ուստի, անհրաժեշտ է օգտագործել բոլոր հնարավորությունները: Այս համատեքստում կարեւորվել են բարեկամական խմբերի գործունեությունը եւ փոխայցերի ընթացքում բարձրացված հարցերի օպերատիվ արձագանքը: Կողմերն անդրադարձել են ադրբեջանական վերջին ագրեսիայի հետեւանքներին: ՀՀ ԱԺ նախագահը մանրամասներ է հաղորդել զոհերի, գնդակոծված ենթակառուցվածքների մասին: «Դուք այցելելու եք Ջերմուկ, որտեղ ականատես կլինեք ադրբեջանական ագրեսիայի հետեւանքներին: Ձեր դեսպանն արդեն այցելել է Գեղարքունիքի եւ Վայոց Ձորի մարզեր, որտեղ ծանոթացել է Ադրբեջանի սանձազերծած հարձակման հետեւանքով տարբեր բնակավայրերում քաղաքացիական ենթակառուցվածքներին հասցված վնասներին»,- հավելել է նա: Ալեն Սիմոնյանը երախտիքի խոսքեր է ասել շվեյցարացի գործընկերներին ադրբեջանական ագրեսիայի եւ դրա հետեւանքների մասին շվեյցարական կառավարության հետ խոսելու համար՝ նշելով, որ սպասում է գործուն քայլերի: Արձանագրվել է, որ ադրբեջանական զինված ուժերի դուրսբերումը ՀՀ ինքնիշխան տարածքից առաջնահերթ խնդիր է, իսկ ուժի կամ ուժի սպառնալիքի կիրառումը՝ անընդունելի: Հանդիպման ավարտին ՀՀ ԱԺ նախագահը համոզմունք է հայտնել, որ Հայաստան այցելությունից հետո, պատգամավորները կբազմապատկեն ջանքերն իրականությունն անաչառ ներկայացնելու, Հայաստանին եւ հայ ժողովրդին, հայոց անկախ պետականությանը նեցուկ կանգնելու ուղղությամբ, միաժամանակ, չմոռանալով Արցախի ժողովրդի՝ իր հայրենիքում ազատ եւ անվտանգ ապրելու իրավունքը: ՀՀ ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանի հետ հանդիպումից հետո տեղի է ունեցել շվեյցարացի պատվիրակների մամուլի ասուլիսը, որի ընթացքում նրանք հանդես են եկել հայտարարությամբ:  
14:50 - 14 հոկտեմբերի, 2022
Ադրբեջանը շատ հարցերում գտնվում է մշտական կապի մեջ Արցախի իշխանությունների հետ. Ալեն Սիմոնյան

 |armenpress.am|

Ադրբեջանը շատ հարցերում գտնվում է մշտական կապի մեջ Արցախի իշխանությունների հետ. Ալեն Սիմոնյան |armenpress.am|

armenpress.am: Հայաստանի իշխանությունները մշտապես առաջարկել են, որ Արցախը պետք է ներգրավված լինի և ներգրավված է բոլոր քննարկումների ու հարցերի մեջ: Արցախի պատվիրակության հետ հանդիպումից հետո լրագրողների հետ ճեպազրույցում այս մասին ասաց Ազգային ժողովի նախագահ Ալեն Սիմոնյանը; «Մենք Արցախին առաջարկում ենք այն, ինչ-որ առաջարկել ենք մշտապես՝ Արցախը ինքնուրույն պետք է ներգրավված լինի և ներգրավված է բոլոր քննարկումների ու հարցերի մեջ: Հայաստանի Հանրապետությունը միևնույն ժամանակ պետք է մաքսիմալ ներգրավված լինի այդ խոսակցությունների մեջ»,- ասաց Սիմոնյանը: Արձագանքելով Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի այն հայտարարությանը, թե երբ կցանկանան և ինչպես կցանկանան կբանակցեն Արցախի հետ՝ Ալեն Սիմոնյանը նշեց, որ մինչ օրս եղել են շատ հարցեր, որ Ադրբեջանը քննարկել է և բանակցել է Արցախի իշխանությունների հետ: «Միևնույն ժամանակ, Ադրբեջանը գտնվում է մշտական կապի մեջ Արցախի օրինական իշխանությունների հետ շատ հարցերում: Նույնիսկ լինում են դեպքեր, որ Արցախի իշխանությունները ինֆորմացիոն առումով ավելի շատ են տեղեկացված լինում, քան մենք: Բնական է, որ հարևան երկրի ղեկավարությունը պետք է այլ ձևակերպումներ տա՝ Ստեփանակերտի տեղը ադրբեջանական անվանում ասի և այլն, և այլն: Ես խնդրում եմ դիտարկել դա այդ տրամաբանության մեջ: Միևնույն ժամանակ, հիշենք բանակցային գործընթացը չի ավարտվել, որևէ փաստաթուղթ, որի վրա կարող ենք հղում անել, գոյություն չունի: Բնական է, ամեն մի կողմ իր տեսլականը և իր պատկերացումը ներկայացնում է: »,- եզրափակեց Սիմոնյանը:
14:07 - 14 հոկտեմբերի, 2022
Ռուս գործընկերներից ակնկալում ենք արդյունավետ և անկեղծ համագործակցություն անվտանգության և տարածաշրջանում խաղաղության հասնելու հարցերում. Ալեն Սիմոնյան

Ռուս գործընկերներից ակնկալում ենք արդյունավետ և անկեղծ համագործակցություն անվտանգության և տարածաշրջանում խաղաղության հասնելու հարցերում. Ալեն Սիմոնյան

Եռօրյա պաշտոնական այցով Ռուսաստանում գտնվող Հայաստանի ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանի գլխավորած պատվիրակությունը ՌԴ ԴԺ Պետական դումայի նախագահ Վյաչեսլավ Վոլոդինի առաջարկով հոկտեմբերի 11-ին հանդիպել է Պետական դումայի «Միացյալ Ռուսաստան» («Единая Россия») կուսակցության խմբակցության ներկայացուցիչների հետ: Այս մասին հայտնում են ՀՀ ԱԺ-ից։ Հանդիպման սկզբում Ալեն Սիմոնյանն ասել է, որ ռուս գործընկերներից ակնկալում է արդյունավետ եւ անկեղծ համագործակցություն անվտանգության եւ տարածաշրջանում տեւական խաղաղության հասնելու հարցերում: «Մենք հիմա շատ անհանգիստ ժամանակներում ենք ապրում, ինչն անմիջական ազդեցություն է ունենում երկրների ու ժողովուրդների վրա»,-ընդգծել է նա: Ռուս գործընկերները մատնանշել են համատեղ նախագծերի հաջող իրականացման փաստը, մասնավորապես, բարձր է գնահատվել միջխորհրդարանական բարեկամական խմբերի փոխգործակցությունը: Քննարկվել է հայ-ադրբեջանական սահմանում տիրող իրավիճակը: ՀՀ ԱԺ նախագահը տեղեկացրել է, որ սահմանում ադրբեջանական ԶՈւ-ն երեկ կրկին հրաձգություն է իրականացրել: Հայկական կողմը ռուս գործընկերներին է փոխանցել ադրբեջանական ագրեսիայի հետեւանքով Ջերմուկ առողջարանային քաղաքում ստեղծված իրավիճակը, ենթակառուցվածքներին հասցված վնասները: «Մենք` որպես իշխող կուսակցություն, պատրաստակամ ենք ձեր բարձրացրած հարցերի շուրջ տարբեր ձեւաչափերի քննարկումներ եւ խորհրդակցություններ անցկացնել»,-նշել է խմբակցության ղեկավար Վլադիմիր Վասիլեւը: Քննարկվել են Ռուսաստանում ապրող հայերի կենսագործունեությանն առնչվող հարցեր: Հոկտեմբերի 10-ին ԱԺ նախագահի գլխավորած պատվիրակությունը հանդիպել էր ՌԴ ԴԺ Պետական դումայի «ՌԴ կոմունիստական կուսակցություն» (КПРФ), «Նոր մարդիկ» («Новые люди»), «Արդար Ռուսաստան-հանուն ճշմարտության» («Справедливая Россия-за правду») եւ Լիբերալ-դեմոկրատական (ЛДПР) կուսակցությունների ներկայացուցիչների հետ:
13:14 - 11 հոկտեմբերի, 2022
 ՌԴ պաշտոնական այցի շրջանակում ԱԺ պատվիրակությունը հանդիպել է ՌԴ ԴԺ Պետական դումայի խմբակցությունների ներկայացուցիչներին. ՀՀ ԱԺ

ՌԴ պաշտոնական այցի շրջանակում ԱԺ պատվիրակությունը հանդիպել է ՌԴ ԴԺ Պետական դումայի խմբակցությունների ներկայացուցիչներին. ՀՀ ԱԺ

ՌԴ պաշտոնական այցի շրջանակում ՌԴ ԴԺ Պետական դումայի նախագահ Վյաչեսլավ Վոլոդինի առաջարկով Ալեն Սիմոնյանի գլխավորած պատվիրակությունն այսօր եւ վաղը հանդիպումներ է ունենալու Պետական դումայի բոլոր խմբակցությունների ներկայացուցիչների հետ: Հայ պատվիրակները հանդիպել են «ՌԴ կոմունիստական կուսակցություն» (КПРФ) խմբակցության ներկայացուցիչների հետ: Քննարկվել են հայ-ռուսական համագործակցության օրակարգին առնչվող հարցեր: Հանդիպում է եղել «Նոր մարդիկ» (Новые люди) կուսակցության խմբակցության հետ: Քննարկվել են ՀԱՊԿ-ի գործունեությանը վերաբերող հարցեր, Հայաստանում ՌԴ քաղաքացիների կեցությանն առնչվող խնդիրների շրջանակը: Մանրամասներ են ներկայացվել 44-օրյա պատերազմի եւ այս պահին ՀՀ տարածք ներխուժած ադրբեջանական ԶՈՒ-ի գործողությունների մասին:  
20:36 - 10 հոկտեմբերի, 2022