Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարություն

ՀՀ Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարությունը գործադիր իշխանության հանրապետական մարմին է, որը մշակում ու իրականացնում է աշխատանքի և սոցիալական ապահովության բնագավառներում ՀՀ կառավարության քաղաքականությունը։ 

Արցախում հումանիտար աղետի հակազդմանն ուղղված հարցերով զբաղվող աշխատանքային խումբը նիստ է անցկացրել

Արցախում հումանիտար աղետի հակազդմանն ուղղված հարցերով զբաղվող աշխատանքային խումբը նիստ է անցկացրել

Փոխվարչապետ Մհեր Գրիգորյանի գլխավորությամբ Կառավարությունում տեղի է ունեցել Արցախում հումանիտար աղետի հակազդմանն ուղղված հարցերով զբաղվող աշխատանքային խմբի հերթական նիստը: Նիստի սկզբում փոխվարչապետ Մհեր Գրիգորյանը մասնակիցներին ներկայացրել է այս պահին հաստատված աջակցության ծրագրերի արդյունքները և հետագա անելիքները: Այնուհետև նիստին հրավիրված Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարը զեկուցել է ծրագրերի իրականացման ընթացքը: Քննարկման շրջանակներում Արցախի Հանրապետության նախագահի խորհրդականի կողմից ներկայացվել են նաև շահառուներից ստացված արձագանքները: Նիստի արդյունքներով փոխվարչապետ Մհեր Գրիգորյանի կողմից հանձնարարականներ են տրվել համապատասխան գերատեսչություններին՝ շարունակել ուշադրության կենտրոնում պահել աջակցության ծրագրերի իրականացման գործընթացը՝ արձագանքելով ընթացիկ խնդիրներին և նոր միջոցառումների առաջարկներ ներկայացնել:
20:14 - 15 հունվարի, 2021
Արցախի գործազուրկ քաղաքացիների ժամանակավոր զբաղվածության ծրագրերի դիմումներն արդեն ընդունվում են

Արցախի գործազուրկ քաղաքացիների ժամանակավոր զբաղվածության ծրագրերի դիմումներն արդեն ընդունվում են

Պատերազմի հետևանքով Հայաստանում գտնվող Արցախի գործազուրկ քաղաքացիների ժամանակավոր զբաղվածության ծրագրերի դիմումներն արդեն ընդունվում են։ «Աշխատանքային փորձ ձեռք բերելու համար աջակցության տրամադրում» ծրագրում շահառուն կարող է ընդգրկվել մեկ անգամ՝ 3 ամիս ժամկետով: Միջոցառման շրջանակում ամսական կտրվի 100,000 դրամ մաքուր աշխատավարձ, իսկ եկամտային հարկը և պարտադիր վճարների գումարը կփոխհատուցվի գործատուին։ Միևնույն ժամանակ, գործատուի մոտ աշխատանքային փորձի ձեռքբերման գործընթացը կազմակերպող մասնագետը ևս կվարձատրվի՝ ամսական 34,000 դրամի չափով: Մյուս ծրագիրը «Վարձատրվող հասարակական աշխատանքների կազմակերպում»-ն է, որի շրջանակում արցախցիները հնարավորություն ունեն ընդգրկվել համայնքներում իրականացվող վարձատրվող հասարակական աշխատանքներում և մեկ աշխատանքային օրվա համար ստանալ 8,000 դրամ՝ ներառյալ եկամտային հարկը և պարտադիր վճարները: Նույն անձը չի կարող ընդգրկվել միաժամանակ մեկից ավելի վարձատրվող հասարակական աշխատանքներում։ Ծրագրի առավելագույն տևողությունը երեք ամիս է: Երկու ծրագրի դեպքում էլ անհրաժեշտ է առձեռն դիմում ներկայացնել Զբաղվածության պետական գործակալության տարածքային կենտրոն կամ դիմել էլեկտրոնային եղանակով՝ www.employment.am կայքում լրացնելով համապատասխան դիմումը։    
19:11 - 15 հունվարի, 2021
ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարը՝ արցախցիների համար ՀՀ կառավարության աջակցության ծրագրերի փոփոխությունների մասին

ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարը՝ արցախցիների համար ՀՀ կառավարության աջակցության ծրագրերի փոփոխությունների մասին

ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Մեսրոպ Առաքելյանն անդրադարձել է արցախցիների համար ՀՀ կառավարության աջակցության ծրագրերում տեղի են ունեցած փոփոխություններին: «Կառավարության կողմից հաստատված աջակցության ծրագրերում տեղի են ունեցել փոփոխություններ, որոնց վերաբերյալ ներկայացնում եմ որոշ տեղեկություններ և պարզաբանումներ։ Թեև աջակցության ծրագրերի պոտենցիալ շահառուները գրեթե ամբողջությամբ դիմել են, և որոշ ծրագրերով շահառուների 95 տոկոսից ավելին արդեն իսկ փաստացի աջակցություն է ստացել, այնուամենայնիվ, դեռևս կան քաղաքացիներ, որոնք դիմելիս խնդիրներ են ունենում, ուստի տեղեկացնում եմ․ • Արցախում հաշվառված քաղաքացիներին տրամադրվող աջակցության (68.000 դրամ+15.000 դրամ սեփականություն չունենալու դեպքում), կորցրած բնակավայրերում հաշվառված քաղաքացիների աջակցության (300.000 դրամ յուրաքանչյուր քաղաքացուն), ավերածությունների և այլ պատճառներով կացարանը կորցրած բնակիչների աջակցության (250.000 դրամ յուրաքանչյուր քաղաքացուն) ծրագրերով դիմումների ընդունման ժամկետը երկարաձգվում է մինչև 2021 թ․ հունվարի 27-ը։ • Հայաստանում և Արցախում արցախցիներին հյուրընկալելու միջոցառման (յուրաքանչյուր չափահաս անձի համար՝ 30.000 դրամ Հայաստանում և 45.000 դրամ՝ Արցախում) դիմումների ընդունման ժամկետը երկարաձգվում է մինչև 2021 թ․ հունվարի 20-ը։ • Ծրագրերի շահառու դառնալու համար Հայաստանում կամ Արցախում 16.11.2020 թ․ գտնվելու պահանջը հանվել է․ այն որոշ դեպքերում մերժման հիմք է հանդիսացել։ • Արցախում հաշվառված լինելու պահանջի ժամկետը (16.11.2020 թ)․ ևս հանվել է, ինչը հնարավորություն կտա դառնալ ծրագրերի շահառու՝ այս պահին հաշվառվելով Արցախում։ Հայցելով այս հիմքերով աջակցության ծրագրերում չընդգրկված քաղաքացիների ներողամտությունը՝ տեղեկացնում եմ․ • այն քաղաքացիները, որոնց դիմումը մերժվել է Հայաստանում կամ Արցախում գտնվելու պահանջի տեխնիկական սխալի պատճառով, կարող են նորից դիմել։ • Արցախի հաշվառում չունենալու պատճառով ծրագրերին չդիմած քաղաքացիները կարող են դիմել հաշմառման անձնագրային կենտրոններ (Հայաստանում գտնվելու դեպքում առաջիկայում հնարավորություն կլինի հաշմառման համար դիմել նաև Հայաստանի անձնագրային կենտրոններ): Ի դեպ, Արցախում հաշվառված լինելը ոչ միայն այս, այլ նաև հետագա ծրագրերի համար պարտադիր պայման է հանդիսանալու, ուստի, խնդրում ենք, հաշվառման հարցում լինել հետևողական։ Եթե, այդուհանդերձ, կլինեն դեպքեր, որոնք մերժման հիմք կհանդիսանան, կարող եք դիմում լրացնել online.ssa.am կայքի դիմում-բողոքների բաժնում․ դիմումներն Արցախի մեր գործընկերներն անհատապես են քննարկում։ Արցախի կառավարության կողմից նախարարությունն ամենօրյա պարբերականությամբ դեռևս չմշակված դիմումների վերաբերյալ տեղեկատվություն է ստանում, ինչի հիման վրա իրականացվում է աջակցության փաստացի տրամադրում։ Վստահեցնում եմ՝ Արցախի մեր գործընկերների հետ ամենօրյա աշխատանքով արվում է ամենը՝ պատերազմից հետո առաջացած սոցիալական խնդիրներին հնարավորինս արագ և արդյունավետ լուծումներ տալու ուղղությամբ»,- տեղեկացրել է նախարար Առաքելյանը։    
19:54 - 13 հունվարի, 2021
Քննարկվել են բժշկասոցիալական փորձաքննության գործընթացին և հաշմանդամության խմբի սահմանմանն առնչվող հարցեր

Քննարկվել են բժշկասոցիալական փորձաքննության գործընթացին և հաշմանդամության խմբի սահմանմանն առնչվող հարցեր

Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարի առաջին տեղակալ Տաթևիկ Ստեփանյանն այսօր աշխատանքային հանդիպում է ունեցել Բժշկասոցիալական փորձաքննության գործակալության տարածքային մարմինների աշխատակիցների հետ: Քննարկման առանցքում եղել են շահառուների խորհրդատվության տրամադրման, բժշկասոցիալական փորձաքննության գործընթացի, հաշմանդամության խմբի սահմանման ընթացակարգին առնչվող մի շարք հարցեր։ Հանդիպման մասնակիցները ներկայացրել են ոլորտային խնդիրները, քննարկել դրանց հնարավորինս արագ  և արդյունավետ լուծուման տարբերակները։ Բարձր գնահատելով ԲՍՓ աշխատակիցների կողմից տարվող աշխատանքն ու,  մասնավորապես, այս օրերի գերծանրաբեռնված գրաֆիկը՝ Տաթևիկ Ստեփանյանն առաջնահերթ է համարել արդյունավետ աշխատանքի շարունակականությունը։ Մասնագիտական պարտականությունների պատշաճ կատարումից զատ՝ նախարարի տեղակալը կարևորել է քաղաքացիների նկատմամբ հոգատար և սրտացավ վերաբերմունքը։ Աշխատանքների պլանավորման գործընթացում ընդգծվել են նաև հետպատերազմյան շրջանի առաջնահերթությունները, քննարկվել ակնկալվող արդյունքին հասնելու մեխանիզմները։
20:12 - 12 հունվարի, 2021
«Արցախահայության բարօրությանն ուղղված սոցիալական միջոցառումները լինելու են շարունակական». Արայիկ Հարությունյանն ընդունել է ՀՀ սոցապ նախարարին

«Արցախահայության բարօրությանն ուղղված սոցիալական միջոցառումները լինելու են շարունակական». Արայիկ Հարությունյանն ընդունել է ՀՀ սոցապ նախարարին

Արցախի Հանրապետության նախագահ Արայիկ Հարությունյանը հունվարի 5-ին ընդունել է ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Մեսրոպ Առաքելյանին: Այս մասին տեղեկացնում է ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարությունը: Քննարկվել են ինչպես Հայաստանում ժամանակավոր բնակվող արցախցիներին, այնպես էլ արդեն Արցախ վերադարձած մեր հայրենակիցների սոցիալական աջակցությանն առնչվող մի շարք հարցեր։ Կարևորելով ՀՀ կառավարության կողմից իրականացվող սոցիալական աջակցության ծրագրերը՝ Արայիկ Հարությունյանը հույս է հայտնել, որ համատեղ ջանքերով կհաջողվի ձևավորել կայուն սոցիալական միջավայր՝ վերջնական նպատակում ապահովելով բոլոր արցախցիների վերադարձը Արցախ։ Նախարար Առաքելյանն էլ վստահեցրել է՝ արցախահայության բարօրությանն ուղղված սոցիալական միջոցառումները լինելու են շարունակական․ նախարարությունն անշեղորեն իրականացնելու է որպես առաջնահերթություն սահմանած օժանդակության ծրագրերն այնքան ժամանակ, քանի դեռ կա դրանց անհրաժեշտությունը։
19:32 - 05 հունվարի, 2021
14 մարդ թունավորման ախտանիշներով դիմել է Նոյեմբերյանի ԲԿ. պատճառը ջուրն է. ԱԱՏՄ

14 մարդ թունավորման ախտանիշներով դիմել է Նոյեմբերյանի ԲԿ. պատճառը ջուրն է. ԱԱՏՄ

ՀՀ առողջապահական և աշխատանքի տեսչական մարմնի ղեկավարի հանձնարարականով՝ ջրի որակին ներկայացվող պահանջների խախտումների պատճառով շտապ դադարեցվել է Նոյեմբերյան խոշորացված համայնքի Ջուջևան բնակավայրը սնուցող աղբյուրներից մեկի ջրամատակարարումը։ Այս մասին հայտնում են ԱԱՏՄ-ից։   «Նախորդիվ Ջուջևան, Կոթի, Բաղանիս, Ոսկևան, Կողբ գյուղերից 14 մարդ թունավորման ախտանիշերով, աղիքային գանգատներով դիմել է Նոյեմբերյանի ԲԿ, որտեղից 8-ը դուրս է գրվել, 6-ը շարունակում է ստանալ բուժօգնություն։   ՀՀ ԱՆ ՀՎԿԱԿ-ից ԱԱՏՄ-ին տրամադրված տեղեկատվության համաձայն՝ նրանց օգտագործած ջրից կատարվել է նմուշառում, փորձաքննության արդյունքները ցույց են տվել ջրի որակի շեղումներ։   ԱԱՏՄ ղեկավար Հակոբ Ավագյանը հանձնարարել է հրատապ քայլեր ձեռնարկել ջրի անվտանգության ապահովման ուղղությամբ։ Ըստ այդմ, ԱԱՏՄ Իջևանի բաժնի պետ-տեսուչ Վիլյամ Օհանյանի գլխավորությամբ, դադարեցվել է այն աղբյուրի ջրամատակարարումը, որից օգտվել են առողջական գանգատներով հիվանդանոց դիմած քաղաքացիները, և որից ջուր է մատակարարվում Ջուջևան համայնքի շուրջ 60 ընտանիքի։   Բացահայտվել է աղբյուրի հավանական աղտոտման վայրը և աղտոտման պատճառը, ինչի վերացման ուղղությամբ հրատապ աշխատանքներ են տարվում Նոյեմբերյանի համայնքապետարանի կողմից։ Վերջինից ԱԱՏՄ-ն տեղեկացել է, որ ձեռնարկվող քայլերի շրջանակում փոխվում են ջրահեռացման խողովակները և վերացվում է ջրի աղտոտման հնարավոր պատճառը։ Հաջորդիվ կտարվեն մանրէազերծման աշխատանքներ, կարվի ջրի կրկնակի նմուշառում։   ԱԱՏՄ-ն հետևում է տարվող աշխատանքների ընթացքին և միայն ջրի որակին ներկայացվող պահանջներից շեղումները վերացնելու դեպքում կտա ջրամատակարարումը վերականգնելու թույլտվություն։   Բնակչության սանիտարահամաճարակային անվտանգության ապահովման քայլերը ԱԱՏՄ-ն օպերատիվ կերպով իրականացնում է նաև ոչ աշխատանքային օրերին»,- ասված է ԱԱՏՄ հայտարարությունում։
17:02 - 05 հունվարի, 2021
ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարն այցելել է «Մանկան տուն»

ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարն այցելել է «Մանկան տուն»

ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Մեսրոպ Առաքելյանն ու առաջին տեղակալ Տաթևիկ Ստեփանյանը նախատոնական օրն անցկացրել են երեխաների ընկերակցությամբ՝ դեկտեմբերի 30-ին այցելելով «Մանկան տուն»։ Տնօրենի ուղեկցությամբ նրանք շրջել են հաստատության տարածքում, ծանոթացել պայմաններին ու երեխաների ճաշացանկին։ «1։1 հաշվով ավարտելով նախարարի հետ սեղանի ֆուտբոլի ընկերային հանդիպումը՝ փոքրիկներն անցել են տոնական նվերները բացելուն, հետո պատմել իրենց երազանքների մասին։ Պարզվում է՝ «Մանկան տան» սաներից մեկն ապագա նախարար-ֆուտբոլիստ է, ում Մեսրոպ Առաքելյանը խոստացել է Հայաստանի ազգային հավաքականի համազգեստ նվիրել, մինչ մյուսները ևս կկողմնորոշվեն ապագա մասնագիտության ընտրության հարցում։ Թեպետ երեխաներն այստեղ շրջապատված են լիարժեք խնամքով և հոգատարությամբ, այնուամենայնիվ, հաստատության տնօրենի հետ զրույցում նախարարը կարևորել է յուրաքանչյուր երեխայի՝ ընտանիքում ապրելու իրավունքի իրացումը՝ որպես պետության սոցիալական պատասխանատվության գերակայություն։ Իսկ մինչ այդ նախարարությունն ամեն օր անելու է առավելագույնը՝ կյանքի դժվար իրավիճակում հայտնված երեխաների համար սիրով և ուշադրությամբ լցված միջավայր ապահովելու համար»,- տեղեկացրել է ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարությունը։    
20:53 - 30 դեկտեմբերի, 2020
Նախարարի տեղակալները հանդիպել են հ/կ ներկայացուցիչներին և կամավորներին

Նախարարի տեղակալները հանդիպել են հ/կ ներկայացուցիչներին և կամավորներին

Պատերազմական ու դրան հաջորդող ամիսների ընթացքում Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարությունը նախաձեռնել է ճգնաժամային իրավիճակներում արագ արձագանքման մեխանիզմներ, մասնավորապես՝ թեժ գծի արդիականացման և կարիքի արագ գնահատման համակարգի մշակման աշխատանքներ։ Դրանցում իրենց ներդրումն են ունեցել նաև մի շարք հասարակական կազմակերպությունների ներկայացուցիչներ և անհատ կամավորներ։ Նրանք ընդգրկվել են թեժ գծի սպասարկման՝ կացարանների հայտերի լրացման, կարիքների գնահատման, օգնության բաշխման ու նմանօրինակ տարբեր աշխատանքներում։ Բարձր գնահատելով կատարված աշխատանքը՝ նախարարի առաջին տեղակալ Տաթևիկ Ստեփանյանն ու նախարարի տեղակալ Աննա Ժամակոչյանը հանդիպել են հասարակական կազմակերպությունների ու նախարարության աշխատանքներում ներգրավված կամավորների՝ շնորհակալություն հայտնելու նրանց պատրաստակամության, կատարած անգնահատելի աշխատանքի և աջակցության համար։ Փոխնախարարները կարևորել են պատերազմի ընթացքում նախարարության առաքելության իրականացման գործում քաղաքացիական հասարակության ներկայացուցիչների ու կամավորների ներդրած ջանքերը․ «Արցախից եկած մեր հայրենակիցներից որևէ մեկը դրսում չի մնացել, որևէ մեկն իրեն անուշադրության մատնված չի զգացել, և դա նաև Ձեր շնորհիվ։ Ճգնաժամային դրությունը բացահայտեց մեր ունեցած ռեսուրսները, ինքնակազմակերպվելու ունակությունը։ Խնդիրներ էլի լինելու են, բայց վստահ ենք՝ մեր համատեղ ջանքերով կկարողանանք դրանց հետևանքները մեղմել ու դրական արդյունք արձանագրել»։ Նախարարի տեղակալները հույս են հայտնել, որ քաղաքացիների լավագույն շահին ուղղված այսօրինակ համագործակցությունները կլինեն շարունակական։
14:21 - 28 դեկտեմբերի, 2020
Հյուրընկալության ծախսերի փոխհատուցման երկու ծրագրերի դիմումների ընդունումը սկսվել է

Հյուրընկալության ծախսերի փոխհատուցման երկու ծրագրերի դիմումների ընդունումը սկսվել է

Արցախի մեր բազմաթիվ հայրենակիցներ իրենց ժամանակավոր բնակությունը շարունակում են Հայաստանում՝ բարեկամների, ընկերների, ծանոթների կամ պարզապես անծանոթ մարդկանց կացարաններում, գրել է ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Մեսրոպ Առաքելյանը։ «Մեկ անգամ ևս շնորհակալություն եմ հայտնում բոլոր հյուրընկալներին՝ բացառիկ հոգատարության և աջակցության համար։ Կարևորելով հանրային համերաշխությունը՝ պետությունն առնվազն պարտավոր է մասնակից լինել այդ գործընթացին, որի շրջանակում կառավարությունը հաստատել է հյուրընկալության ծախսերի փոխհատուցման երկու ծրագիր, որոնց դիմումների ընդունումն արդեն սկսվել է: Ըստ այդմ՝ արցախցիներին հյուրընկալած քաղաքացիներն ամսական կստանան 30,000 դրամ իրենց սեփականության իրավունքով պատկանող բնակելի տարածքում հյուրընկալած մեկ չափահաս արցախցու համար՝ Հայաստանում և 45,000 դրամ՝ Արցախում։ Անհրաժեշտ է լրացնել էլեկտրոնային դիմում և անձնագրերի ներկայացում՝ առանց որևէ պայմանագրի կամ այլ փաստաթղթերի ներկայացման»,- գրել է նախարարը։
09:03 - 28 դեկտեմբերի, 2020
Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարն այցելել է Երևանի թիվ 1 տուն-ինտերնատ

Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարն այցելել է Երևանի թիվ 1 տուն-ինտերնատ

Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Մեսրոպ Առաքելյանն այցելել է Երևանի թիվ 1 տուն-ինտերնատ, որտեղ այս պահին, տեղի բնակիչներից բացի, ապրում են նաև Արցախից տեղափոխված տարեցները։ Նախարարը ծանոթացել է տուն-ինտերնատի բնակիչների համար ստեղծված հնարավորություններին՝ առանձնակի ուշադրություն դարձնելով շենքային պայմանների մատչելիությանն ու հարմարավետությանը, սենյակների ջեռուցմանը: Շրջայցի ընթացքում նախարարը շփվել է տարեցների հետ, լսել նրանց հուզող հարցերը: Մեսրոպ Առաքելյանը խոսել է նաև առաջիկա անելիքների մասին՝ շեշտելով, որ բացի հարմարեցման աշխատանքներից, առաջային նպատակ է ինտերնատի տարածքում տարեցների զբաղվածությունն ապահովելն ու առողջ ծերություն երաշխավորելը: Նախարարն առողջություն և խաղաղ տարի է մաղթել տուն-ինտերնատի բնակիչներին՝ վստահեցնելով, որ վերջիններիս վերաբերող հարցերն իր ուշադրության կենտրոնում են. արվելու է ամեն հնարավորը, որպեսզի յուրաքանչյուրն անհատապես զգա պետության լիարժեք հոգածությունն և խնամքը:  
20:26 - 26 դեկտեմբերի, 2020
Մեսրոպ Առաքելյանը հանդիպել է Արցախի Քաշաթաղի շրջանի մի խումբ բնակիչների հետ

Մեսրոպ Առաքելյանը հանդիպել է Արցախի Քաշաթաղի շրջանի մի խումբ բնակիչների հետ

ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Մեսրոպ Առաքելյանն այսօր հանդիպել է Արցախի Քաշաթաղի շրջանի մի խումբ բնակիչների հետ, որոնց թվում էին նաև գյուղական համայնքների ղեկավարները։ «Այս համայնքներում բնակվել են հիմնականում Հայաստանից տեղափոխված քաղաքացիները՝ վերաբնակեցման ծրագրերի շրջանակում։ Մեր հայրենակիցները ներկայացրին իրենց մտահոգությունները, խնդիրները։ Քննարկեցինք առկա աջակցության ծրագրերի վերաբերյալ առաջարկներ, այլ խնդիրների մասով լուծման տարբերակներ։ Հանդիպման ընթացքում բոլորի կողմից կարևորագույն պահանջը աշխատելու և արժեք ստեղծելու հնարավորություն ընձեռելն էր։ Սեփական աշխատանքով ընտանիքը, համայնքը, հայրենիքը շենացնելու ձգտումը և պատրաստակամությունը արժանի է հարգանքի և բացառիկ աջակցության։ Պայմանավորվեցինք որոշակի քննարկումներ իրականացնել, ինչից հետո կրկին հանդիպել՝ առկա խնդիրներին առավել արդյունավետ և արագ լուծումներ տալու նպատակով»,- տեղեկացրել է նախարարը։    
20:42 - 25 դեկտեմբերի, 2020
Կառավարությունն իրականացնում է արցախցիների աջակցության 15 միջոցառում. Մեսրոպ Առաքելյան |1lurer.am|

Կառավարությունն իրականացնում է արցախցիների աջակցության 15 միջոցառում. Մեսրոպ Առաքելյան |1lurer.am|

1lurer.am: Կառավարությունն ընդունել է 15 սոցիալական միջոցառում՝ ուղղված պատերազմի հետևանքով տուժած արցախցիների կարիքներին: Այդ մասին հրավիրված մամլո ասուլիսի ժամանակ հայտնեց Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Մեսրոպ Առաքելյանը:  Նա հակիրճ ներկայացրեց հաստատված միջոցառումները. 1.Արցախում հաշվառված քաղաքացիներին հատկացվել է 68 հազար դրամ գումարած 15 հազար դրամ հավելավճար նրանց համար, որոնք չունեն սեփականություն: Այս պահի դրությամբ միջոցառումից օգտվել է 90 հազար քաղաքացի, հատկացվել է ընդհանուր 6.5 մլրդ դրամ: 2. Արցախի վերահսկողությունից դուրս գտնվող տարածքներում գրանցված քաղաքացիներին տրամադրվել է 300 հազար դրամ, շահառուները 30 հազար են, որոնցից աջակցությունն արդեն ստացել է 5000-ը:  3.Արցախում տեղի ունեցած ավերածությունների հետևանքով սեփականություն կորցրած քաղաքացիները կստանան 250 հազար դրամ: 4-5.Այսօրվանից գործարկվում է հյուրընկալության 2 ծրագրերը. արցախցիներին հյուրընկալող քաղաքացիները կստանան յուրաքանչյուր անձի գծով 30 հազար դրամ՝ ՀՀ-ում, 40 հազար դրամ՝ Արցախում:  6-7.Հունվարից կմեկնարկի արցախցիներին ժամանակավոր աշխատանքով ապահովելու 2 ծրագիր, այսպես կոչված՝ կրթական պրակտիկայի ծրագիր: Եթե գործատուի մոտ պրակտիկա կանցնեն և փորձ ձեռք կբերեն, նրանց կվճարվի 100 հազար դրամ, նաև 34 հազար դրամ՝ գործատուին:  8-9.Հունվարից համայնքներում՝ մասնավորապես գյուղական, իրականացվելու են հասարակական աշխատանքներ, որոնց ներգրավման դեպքում աշխատավարձի տեսքով կվճարվի օրական 8 հազար դրամ:  10-11.Պատերազմի հետևանքով ավերածություններ են տեղի ունեցել նաև Հայաստանի տարածքում, և Սյունիքի և Գեղարքունիքի մարզերի այն բնակիչներին, որոնք անշարժ գույքի վնաս են կրել, հատկացվել է մոտ 50 մլն դրամի փոխհատուցում: Նշված մարզերում հրետակոծության հետևանքով զոհվածների ընտանիքներին կտրամադրվի 5 մլն դրամ, հաշմանդամություն ստացած քաղաքացիներին՝ 1-3 մլն դրամ: 12-13.Երկու միջոցառում է իրականացվում Զինծառայողների ապահովագրության հիմնադրամի հետ կապված: Եթե պատերազմի հետևանքով վիրավորված կամ անհետ կորած զինծառայողը հիմնադրամի շահառու է, բայց անհետ կորելու հանգամանքը դեռ չի հաստատվել դատական կարգով, չի տրամադրվել նաև վիրավորված զինծառայողի հաշմանդամության կարգը, փոխհատուցում կստանան 300 հազար դրամի չափով:        14-15. Արցախի կենսաթոշակառուների և նպաստառուների դեկտեմբերի վճարումների համաֆինանսավորում է իրականացվել 940 մլն դրամի չափով, իրականացվել է նաև Արցախի քաղաքացիների՝ սեպտեմբեր-նոյեմբերի կոմունալ վճարումների համաֆինանսավորում:
13:07 - 25 դեկտեմբերի, 2020