Տավուշի մարզ

Տավուշի մարզը գտնվում է Հայաստանի հյուսիսարևելյան մասում, մարզկենտրոնը Իջևան քաղաքն է։ 

Ընդգրկում է Իջևանի, Տավուշի, Նոյեմբերյանի տարածաշրջանները և 4 քաղաքներ՝ Իջևանը, Նոյեմբերյանը, Բերդը և Դիլիջանը։ Մարզը սահմանակից է Վրաստանին, հյուսիսում և արևելքում՝ Ադրբեջանին։ Ներկայումս Տավուշի մարզպետն է Հայկ Չոբայանը։

Այգեպարի մանկապարտեզը կվերանորոգվի Երևանի համայնքային միջոցներով

Այգեպարի մանկապարտեզը կվերանորոգվի Երևանի համայնքային միջոցներով

Երևանի քաղաքապետ Հայկ Մարությանը հեռախոսազրույց է ունեցել Տավուշի մարզպետ Հայկ Չոբանյանի հետ։  Հայկ Մարությանն այս մասին գրառում է կատարել «Ֆեյսբուք»-ի իր էջում։ «Քիչ առաջ հեռախոսազրույց ունեցա Տավուշի մարզպետ Հայկ Չոբանյանի հետ: Երեւանցիների անունից հայտնեցի, որ ամեն հնարավոր միջոցներով կանգնած ենք Տավուշի սահմանապահ ժողովրդի կողքին: Մասնավորապես, պարոն մարզպետի հետ պայմանավորվածություն ենք ձեռք բերել, որ Երեւանի համայնքային միջոցներով կվերանորոգենք հակառակորդի հրետանային կրակից վնասված Այգեպարի մանկապարտեզը»,- գրել է Մարությանը: Հուլիսի 16-ի վաղ առավոտյան Ադրբեջանի կողմից վերսկսվել էին Տավուշի սահմանամերձ գյուղերի ուղղությամբ հակառակորդի հրետակոծությունները։ Հիմնական թիրախ են եղել Այգեպար, Ներքին Կարմիրաղբյուր, Չինարի, Մովսես, Տավուշ գյուղերը և Բերդ քաղաքը։ Հրետակոծության հետևանքով վնասվել է Այգեպար համայնքի մանկապարտեզի շենքը։
17:44 - 16 հուլիսի, 2020
«Մենք պետք է ամուր կանգնենք այս հողի վրա՝ այնքան ու այնպես ամուր, ինչպես հենց այս պահին Տավուշի հողին ամուր կանգնած են մեր հերոս եղբայրները». վարչապետը մասնակցել է մայոր Գարուշ Համբարձումյանի հուղարկավորությանը

«Մենք պետք է ամուր կանգնենք այս հողի վրա՝ այնքան ու այնպես ամուր, ինչպես հենց այս պահին Տավուշի հողին ամուր կանգնած են մեր հերոս եղբայրները». վարչապետը մասնակցել է մայոր Գարուշ Համբարձումյանի հուղարկավորությանը

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը «Եռաբլուր» զինվորական պանթեոնում մասնակցել է հայ-ադրբեջանական սահմանագոտու հյուսիսարևելյան հատվածում հակառակորդի արձակած կրակից զոհված մայոր Գարուշ Համբարձումյանի հուղարկավորության արարողությունը, որը տեղի է ունեցել զինվորական արարողակարգով:Հուղարկավորությանը ներկա էին Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսը, Պաշտպանության նախարար Դավիթ Տոնոյանը, Ազգային ժողովի Պաշտպանության և անվտանգության հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Անդրանիկ Քոչարյանը, պաշտոնյաներ:Վարչապետը ցավակցության և զորակցության խոսքեր է ասել մայոր Գայուշ Համբարձումյանի ընտանիքի անդամներին և հանդես եկել ելույթով, որում նշել է.«Համբարձումյան սգակիր ընտանիքի մեծարգո անդամներ,Էլբակյան սգակիր ընտանիքի մեծարգո անդամներ,Գաբրիելյան սգակիր ընտանիքի մեծարգո անդամներ,Մաթևոսյան սգակիր ընտանիքի մեծարգո անդամներ,Վեհափառ Տեր,Կառավարության հարգելի անդամներ,Ազգային ժողովի պատգամավորներ,Պարոնայք գեներալներ և սպաներ,Հարգելի ներկաներ, Հայրենիք-պետություն ունենալը պատասխանատվություն է, պատասխանատվություն, որ ընկած է ժողովրդի, հանրության ուսերին: Ընդհանրական այս պատասխանատվությունը, սակայն, կարող է դառնալ անպատասխանատվություն, եթե մենք այն թողնենք միայն ժողովուրդ-հանրություն հավաքական հասկացությունների մեջ ցրված, լղոզված, եթե ի վիճակի չլինենք այդ պատասխանատվությունը բաղդատել, կոնկրետ ու հասցեական դարձնել ժողովուրդ կամ հանրություն հավաքականությունը ձևավորող սուբյեկտների, այսինքն՝ անհատների միջև, մեզնից յուրաքանչյուրի միջև:Ինչո՞ւ ենք այսօր այստեղ հավաքվել ուրեմն, և ի՞նչ կապ ունի մեր այսօրվա այստեղ գտնվելն իմ նշած պատասխանատվության հետ: Մենք այստեղ հավաքվել ենք՝ ազդարարելու, որ Հայաստանի Զինված ուժերի մայոր, Հայաստանի Հանրապետության քաղաքացի Գարուշ Վեմիրի Համբարձումյանը, Հայաստանի Զինված ուժերի կապիտան, Հայաստանի Հանրապետության քաղաքացի Սոս Փայլակի Էլբակյանը Հայաստանի Զինված ուժերի կրտսեր սերժանտ, Հայաստանի Հանրապետության քաղաքացի Սմբատ Գևորգի Գաբրիելյանը, Հայաստանի Զինված ուժերի կրտսեր սերժանտ, Հայաստանի Հանրապետության քաղաքացի Գրիշա Վահանի Մաթևոսյանը լիաժեք և անմնացորդ կրեցին Հայրենիք-պետություն ունենալու իրենց բաժին պատասխանատվությունը: Նրանք լիարժեք կրեցին այդ պատասխանատվությունը՝ այդ պատասխանատվության զոհասեղանին դնելով ամենաթանկագինը, որ ունի մարդը. նրանք Հայրենիք-պետության զոհասեղանին դրեցին իրենց կյանքը, ու ոչ միայն իրենց, այլև իրենց ընտանքիների անդամների, իրենց հարազատների կյանքը, որովհետև նրանց կյանքն ահա այլևս առաջվանը չի լինելու, և նրանք ապրելու են այս խեղդող բացակայության հետ: Մայոր Գարուշ Համբարձումյանը, կապիտան Սոս Էլբակյանը, կրտսեր սերժանտներ Սմբատ Գաբրիելյանը և Գրիշա Մաթևոսյանը նահատակվեցին: Բայց մի՞թե նրանց հետ նահատակվեց նաև Հայրենիք-պետություն ունենալու նրանց բաժին պատասխանատվությունը, մի՞թե հօդս ցնդեց այդ պատասխանատվությունը: Ո՛չ, իհարկե: Այդ պատասխանատվությունը մնաց մեզ հետ, այդ պատասխանատվությունն սպասում է մեզ, մեզնից յուրաքանչյուրին՝ վարչապետից մինչև փոքր գործարար, նախագահից մինչև հոգևորական, որ մեզնից յուրաքանչյուրն ավելացնի իր բաժին պատասխանատվությունը՝ մեր նահատակված զինվորների պատասխանատվությունը գետնին չթողնելով: Մայոր Գարուշ Համբարձումյանը, կապիտան Սոս Էլբակյանը, կրտսեր սերժանտներ Սմբատ Գաբրիելյանը և Գրիշա Մաթևոսյանը լիարժեք կրեցին իրենց պատասխանատվությունը Աստծո առաջ, Հայրենիք-պետության առաջ, մեր ժողովրդի ու պատմության առաջ, մեր նահատակների ու սերունդների առաջ, Եռաբլուրի ու Ծիծեռնակաբերդի առաջ:Եվ սա մեր՝ ապրողներիս, պատասխանատվության ժամն է, մեր հավաքական և մեզնից յուրաքանչյուրի պատասխանատվության ժամը: Եվ մենք ամեն օր, ամեն Աստծո օր պետք է մարզենք մեր միտքը, ամրացնենք մեր հոգին, մեր բազուկներն ու ոտքերը, որ ամուր, ամուր կանգնենք այս հողի վրա, որն ամփոփում է Սարդարապատի հերոսներին, Արցախյան ազատամարտի հերոսներին, Ապրիլյան պատերազմի հերոսներին:Մենք պետք է ամուր կանգնենք այս հողի վրա՝ այնքան ու այնպես ամուր, ինչպես հենց այս պահին Տավուշի հողին ամուր կանգնած են մեր հերոս եղբայրները, ովքեր այսօր մարտի դաշտում՝ հայրենի հողը պաշտպանելիս, խոսում են Սարդարապատի հերոսների, Արցախյան ազատամարտի հերոսների, Ապրիլյան պատերազմի հերոսների անունից և հպարտություն ու վստահություն են ներշնչում բոլորիս: Այդ մարդիկ Հայրենիք-պետության առաջ իրենց պատասխանատվության ապահովման համար դրել են առավելագույնը՝ իրենց կյանքը, իրենց ընտանիքների խաղաղությունն ու երջանկությունը, և մեզնից յուրաքանչյուրը ամեն անգամ, Եռաբլուրի մոտով անցնելիս, Ծիծեռնակաբերդի մոտով անցնելիս, Հայաստանի դրոշն ու զինանշանը տեսնելիս, օրհներգը լսելիս ինքն իրեն հարց պիտի տա ու պատասխանի. իսկ ի՞նչ եմ ես անում, որ Տավուշի կամ սահմանային այլ դիրքերում կանգնած հերոսների թիկունքն ամուր լինի, փամփշտակալը լիքը լինի, սպառազինությունը բավարար լինի, դուխը տեղը լինի: Եվ այս հարցի պատասխանը մեզնից յուրաքանչյուրը պիտի տա ինքն իրեն և Աստծուն, միայն ինքն իրեն և Աստծուն, որովհետև միայն ինքդ քեզ հետ և Աստծո հետ խոսելիս է, որ չես կարող եղծել: Եվ մեզնից յուրաքանչյուրի այս խոսակցությունից է կախված՝ Համբարձումյան, Էլբակյան, Գաբրիելյան, Մաթևոսյան ընտանիքների, նահատակներ տված մեր մյուս ընտանիքների հոգում ավելի շատ ցա՞վ կլինի, թե՞ հանդարտություն, ավելի շատ ափսոսա՞նք կլինի, թե՞ հպարտություն: Հայաստանի Հանրապետության Զինված ուժերի մայոր Գարուշ Համբարձումյան, Հայաստանի Հանրապետության Զինված ուժերի կապիտան Սոս Էլբակյան,Հայաստանի Հանրապետության Զինված ուժերի կրտսեր սերժանտ Սմբատ Գաբրիելյան,Հայաստանի Հանրապետության Զինված ուժերի կրտսեր սերժանտ Գրիշա Մաթևոսյան, Խոնարհվում եմ Ձեր առաջ, Ձեր ընտանիքների առաջ, խոնարհվում եմ մեր բոլոր նահատակների և նրանց ընտանիքների առաջ: Խոնարհվում եմ մեր բոլոր զինվորների առաջ, ովքեր այսօր ամուր կանգնած են Տավուշի հողի վրա և կերտեցին մեր այսօրվա հպարտությունը: Եվ ուրեմն, կեցցե՛ ազատությունը, կեցցե՛ Հայաստանի Հանրապետությունը, կեցցե՛ Արցախի Հանրապետությունը, կեցցե Հայոց Բանակը և կեցցե՛նք մենք և մեր երեխաները, որ ապրում ենք և ապրելու ենք ազատ և երջանիկ Հայաստանում»: Խոսքով է հանդես եկել Հայաստանի Հանրապետության Զինված ուժերի մայոր Գարուշ Համբարձումյանի հորեղբայր Գրիշա Սարգսյանը՝ նշելով. «Սիրելի հայրենակիցներ, Այսօր բոլորս՝ ամբողջ հայ ազգով, սուգ ենք ապրում՝ կորցնելով մեր հերոսներին, մեր տղաներին, ովքեր իրենց կյանքը նվիրեցին մեր հայ ազգի բարգավաճման, զարգացման, ապագա միլիոնավոր կյանքեր փրկելու համաևր: Իմ եղբոր որդին շատ նվիրված էր մեր Հայոց բանակին, և նա ընկավ հերոսի մահով: Հավերժ փա՛ռք մեր բոլոր նահատակներին. նրանք ողջ են, նրանք կապրեն, քանի մենք կանք: Գարուշ ջան, դու ֆիզիկապես մեզ հետ չես լինելու: Փառք Աստծո, ունես երկու արու զավակ, կմեծանան և քո անավարտ գործդ ավարտին կհասցնեն: Շնորհակալություն եմ հայտնում այսօրվա գեղեցիկ կազմակերպման համար: Եվ մեկ բան մենք՝ բոլորս պիտի գիտակցենք ու հասկանանք՝մենք ուժեղ ենք: Կորցնելով այս երիտասարդներին՝ չի նշանակում, որ կորցրել ենք ամեն ինչ, ընդհակառակը, սա պիտի խրախուսի մեզ, որպեսզի մենք ավելի ամուր և ավելի կայուն կանգնենք մեր երկրի պաշտպանության և զարգացման համար»: Վարչապետ Նիկոլ Փաշինյանի միջնորդությամբ հայ-ադրբեջանական սահմանագոտու հյուսիսարևելյան հատվածում մարտական գործողությունների հետևանքով զոհված Գարուշ Համբարձումյանը, Սոս Էլբակյանը, Սմբատ Գաբրիելյանը և Գրիշա Մաթևոսյանն հետմահու արժանացել են պետական պարգևների: Մայոր Գարուշ Համբարձումյանը պարգևատրվել է «Հայրենիքին մատուցած ծառայությունների համար» 2-րդ աստիճանի մեդալով, կապիտան Սոս Էլբակյանը՝ Արիության մեդալով, կրտսեր սերժանտներ Սմբատ Գաբրիելյանը և Գրիշա Մաթևոսյանը՝ Մարտական ծառայության մեդալներով:
16:44 - 16 հուլիսի, 2020
Ադրբեջանի զինված ուժերի կողմից ՀՀ խաղաղ բնակչության կյանքին, առողջությանը թիրախավորված ոտնձգելու համար հարուցվել է 13 քրեական գործ

Ադրբեջանի զինված ուժերի կողմից ՀՀ խաղաղ բնակչության կյանքին, առողջությանը թիրախավորված ոտնձգելու համար հարուցվել է 13 քրեական գործ

2020թ. հուլիսի 13-ին և 14-ին, հայ-ադրբեջանական սահմանագծի Տավուշի մարզի հատվածում ադրբեջանական մարտական հենակետերից տարբեր զինատեսակներից, այդ թվում տարբեր տրամաչափի հրազենային, հրետանային միջոցներից  կրակոցներ և արկեր են արձակվել մի շարք բնակավայրերի՝ մասնավորապես մարզի Բերդ քաղաքի, Բերդ համայնքի Այգեպար, Չինարի, Նորաշեն, Ներքին Կարմիր Աղբյուր, Տավուշ բնակավայրերի ուղղությամբ: Խաղաղ բնակչությանը՝ ՀՀ քաղաքացիներին սպանելու դիտավորությամբ կատարված կրակոցների, արկերի պայթյունների արդյունքում տարբեր աստիճանի վնասներ են հասցվել այդ բնակավայրերի խաղաղ բնակիչների, քաղաքացիական անձանց անշարժ և շարժական գույքերին, բնակավայրերում տեղակայված քաղաքացիական և արտադրական նշանակության օբյեկտներին: Մասնավորապես՝ նշված գործողությունների արդյունքում տարբեր աստիճանների վնասներ են հասցվել՝ Այգեպար բնակավայրում՝ 9 առանձնատան, բնակչի պատկանող և քաղաքացիական օգտագործման «Ֆորդ տրանզիտ» մակնիշի ավտոմեքենային, բնակավայրում գործող կոնյակի գործարանին, ինչպես նաև Ոստիկանության ՊՊԳՎ-ին պատկանող պահակակետին, որի հետևանքով հրազենային մարմնական վնասվածքներ են ստացել պահակակետում ծառայություն իրականացնող Ոստիկանության ՊՊԳՎ վարչության Տավուշի բաժանմունքի 2 ոստիկան, Չինարի բնակավայրում՝ 4 առանձնատան, բնակչին պատկանող, անձնական օգտագործման «ԳԱԶ 53» մակնիշի 1 ավտոմեքենային, Ներքին Կարմիր Աղբյուր բնակավայրում՝ 6 առանձնատան, Բերդ քաղաքում՝ գործող կոնյակի գործարանին, Նորաշեն բնակավայրում՝ բնակչին պատկանող, անձնական օգտագործման «ՈւԱԶ» մակնիշի մեկ ավտոմեքենային, Տավուշ բնակավայրում՝ մեկ գերեզմանի շիրմաքարին և հենապատերին: Նշված հանցավոր գործողությունների արդյունքում մարդկային կորուստներից հաջողվել է խուսափել միայն այն պատճառով, որ բնակիչները, ինչպես նաև արտադրական ձեռնարկությունների աշխատակիցները, հասցրել են պատսպարվել ապաստարաններում, թաքստոցներում կամ այլ վայրերում: Վերոնշյալ դեպքերի առթիվ ՀՀ քննչական կոմիտեի Տավուշի մարզային քննչական վարչության Բերդի քննչական բաժնում հարուցվել է 13 քրեական գործ՝ որոնցից՝ 12-ը՝ ՀՀ քրեական օրենսգրքի 34-104-րդ հոդվածի 2-րդ մասի 6-րդ, 13-րդ կետերով և 185-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին և 4-րդ կետերով, 1-ը՝ ՀՀ քրեական օրենսգրքի 34-104-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին և 4-րդ կետերով: Քրեական գործերն ընդունվել են վարույթ: Իրականացվող նախաքննության շրջանակներում կատարվում են անհետաձգելի մի շարք քննչական գործողություններ, նշանակվել են փորձաքննություններ: Նախաքննությամբ արդեն իսկ հիմնավորվել է, որ ՀՀ սահմանամերձ բնակավայրերը և քաղաքացիական օբյեկտները Ադրբեջանի զինված ուժերի կողմից թիրախավորվել են միտումնավոր՝ ազգային ատելության շարժառիթներով, շատերի կյանքի համար վտանգավոր եղանակով ապօրինաբար խաղաղ բնակիչներին կյանքից զրկելու և գույքը ոչնչացնելու նապատակներով: Ավելի ուշ տեղեկատվություն կտրամադրվի նաև ՀՀ ԶՈւ զինծառայողների և ռազմական նշանակության օբյեկտների նկատմամբ ադրբեջանական զինված ուժերի կողմից իրականացված հանցավոր գործողությունների դեպքերի և դրանց քրեաիրավական ընթացքների վերաբերյալ:
16:28 - 16 հուլիսի, 2020
Հրետակոծության հետևանքով վնասվել է Այգեպարի մանկապարտեզի խմբասենյակը. ըստ տնօրենի՝ ներսում այդ պահին ոչ ոք չի եղել |armtimes.com|

Հրետակոծության հետևանքով վնասվել է Այգեպարի մանկապարտեզի խմբասենյակը. ըստ տնօրենի՝ ներսում այդ պահին ոչ ոք չի եղել |armtimes.com|

armtimes.com: Ադրբեջանական զինված ուժերի հրետակոծության հետեւանքով վնասվել է Տավուշի մարզի սահմանապահ Այգեպար գյուղի մանկապարտեզի ընդհանուր խմբասենյակը: Այս մասին ասաց մանկապարտեզի տնօրեն Թեհմինե Առաքելյանը՝ նշելով, որ այդ պահին ներսում ոչ ոք չի եղել: Այգեպարի մանկապարտեզը երեք տարի առաջ՝ 2017 թվականին էր վերանորոգվել «Փարոս» հիմնադրամի ֆինանսավորմամբ: Ունի 20 սան, դեռ 8 երեխա էլ պիտի ընդունվեր: Այս օրերին, սակայն, ինչպես տնօրենը նշեց, պարտեզը չի աշխատել. «Գյուղում էլ հիմա երեխաներ գրեթե չկան, ծնողները հիմնականում տարել են, ով կարողացել է, հեռացրել է գյուղից. որքանով տեղյակ եմ, հիմնականում տղամարդիկ են, մեծահասակներ, կանայք»,- ասաց Առաքելյանը: Վերջինս նշեց, որ ինքն էլ դեռ գյուղում չէ եւ վնասները անձամբ չի տեսել, սակայն ըստ նրա՝ դրանք ուսումնասիրելու հնարավորություն այս պահին դեռ չկա։ Շարունակությունը՝ armtimes.com-ում
15:20 - 16 հուլիսի, 2020
Բերդ համայնք տանող ճանապարհներից ամենաանվտանգը Գանձաքար-Իծաքար հողային ճանապարհն է

Բերդ համայնք տանող ճանապարհներից ամենաանվտանգը Գանձաքար-Իծաքար հողային ճանապարհն է

Այսօր Իջևանում տեղի ունեցած ճեպազրույցի ընթացքում Տավուշի մարզպետ Հայկ Չոբանյանը ներկայացրեց, թե որ ավտոճանապարհներն են ներկա պահին անվտանգ։ Ըստ մարզպետի հաղորդման՝ Բերդ համայնք տանող ճանապարհներից ամենաանվտանգը Գանձաքար-Իծաքար ճանապարհն է, որը հողային ճանապարհ է, սակայն անցանելի: «Այս օրերին մեր կողմից հատուկ աշխատանքներ են իրականացվում ճանապարհի լիարժեք անցանելիությունն ապահովելու համար: Անցակետեր են դրված բոլոր 3 ուղղություններով՝ Ճամբարակ-Բերդ, Գանձաքար-Բերդ և Վազաշեն-Բերդ հատվածներում: Այդ անցակետերի նպատակն է նաև ճանապարհի անվտանգության ապահովումը, որ եթե լինեն որոշակի սրացումներ, թույլ չտանք երթևեկությունը: Այս պահի դրությամբ բոլոր ճանապարհներով երթևեկություն կա, ներկա պահին որևէ վտանգ չկա, սակայն խորհուրդ կտամ հնարավորության դեպքում օգտվել Իջևան-Գանձաքար-Իծաքար-Բերդ ճանապարհից», - ասաց մարզպետը։
14:05 - 16 հուլիսի, 2020
Հակառակորդը ժամը 05:20-ին սկսել է հրետակոծել Այգեպար և Մովսես գյուղերը․ կրակը այս պահին էլ շարունակվում է․ Շուշան Ստեփանյան

Հակառակորդը ժամը 05:20-ին սկսել է հրետակոծել Այգեպար և Մովսես գյուղերը․ կրակը այս պահին էլ շարունակվում է․ Շուշան Ստեփանյան

Գիշերը ժամը 03:40-ի սահմաններում ՀՀ ԶՈՒ դիրքապահները նկատել են հակառակորդի շարժ։ Անցնելով շրջանաձև պաշտպանության՝ հայկական ստորաբաժանումները կանխել են հակառակորդի դիվերսիոն ներթափանցման փորձը։ Այս մասին ֆեյսբուքյան իր էջում հայտնել է ՀՀ ՊՆ մամուլի խոսնակ Շուշան Ստեփանյանը։ Նա նշել է, որ թեժ մարտից հետո հակառակորդը,  կորուստներ կրելով, հետ է շպրտվել։  Այնուհետև ադրբեջանական ստորաբաժանումները ժամը 05:20-ին սկսել են հրետակոծել Այգեպար և Մովսես գյուղերը՝ կիրառելով ականանետ և Դ-30 հաուբից: Կրակը այս պահին էլ շարունակվում է։ ՀՀ ԶՈՒ ստորաբաժանումները չեզոքացնում են ադրբեջանական զինված ուժերի սադրանքները։ ՊՆ խոսնակը հավելել է, որ սա երեկ ժամը 00:15-ից հաստատված փխրուն հրադադարի առաջին կոպիտ խախտումն է։
07:40 - 16 հուլիսի, 2020
Մեր դիրքորոշումը լուծում գտնելն է, որն ընդունելի կլինի բոլորի համար․ Զոհրաբ Մնացականյանի հարցազրույցը «Ալ Ջազիրա» լրատվականին

Մեր դիրքորոշումը լուծում գտնելն է, որն ընդունելի կլինի բոլորի համար․ Զոհրաբ Մնացականյանի հարցազրույցը «Ալ Ջազիրա» լրատվականին

ԱԳ նախարար Զոհրաբ Մնացականյանի հարցազրույցը «Ալ Ջազիրա» լրատվականին - Քաղաքացիական բնակչությունը հայտնվեց այս մարտերի կենտրոնում: Ի՞նչ ջանքեր են գործադրվում այդ ամենին վերջ դնելու համար: - Հուլիսի 12-ից սկսած՝ վերջին օրերին եղավ շատ վտանգավոր զարգացում, երբ ադրբեջանական ուժերի կողմից մեծ տրամաչափի հրետանու կիրառմամբ փորձ արվեց ներթափանցելու հայկական տարածք Հայաստանի հյուսիսարևելյան հատվածում՝ դրանով իսկ ավելացնելով լարվածության վտանգը, որ մենք այժմ ունենք: Ներկայումս առաջնահերթություն են լարվածության նվազեցման փորձերը: Սա այն է, ինչի ուղղությամբ մենք աշխատում ենք, սա այն է, ինչի շուրջ մենք աշխատում ենք ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների հետ, որի կազմում են Ֆրանսիան, Ռուսաստանը և ԱՄՆ-ն: Սա է ներկայիս առաջնահերթությունը: Մենք ունենք լարվածության նվազեցման կարիք. Հայաստանն ունի պաշտպանվելու կարողություն, Հայաստանը հանդիասնում է Արցախի անվտանգության երաշխավորը, պատերազմը տարբերակ չէ: Խաղաղ կարգավորման գործընթացն այլընտրանք չունի: Մենք շարունակում ենք հանձնառու լինել վերջինիս և կաշխատենք իրադրության լիցքաթափման և այնպիսի միջավայրի ձևավորման ուղղությամբ, որն օգնում է խաղաղությանը և նպաստում է բանակցային գործընթացին: - Ի՞նչ մանրամասներ կարող եք հաղորդել այն ջանքերի վերաբերյալ, որոնք ուղղված են լարվածության թուլացմանը: Ի՞նչ գործընթաց է իրականացվում, և որքա՞ն արագ դա տեղի կունենա, հաշվի առնելով այն, որ մարտերի շարունակականությունից մարդիկ են զոհվում: - Պետք է ասեմ, որ բավականին հուսադրող է այն, որ վերջին, կարելի է ասել, 12-14 ժամերի ընթացքում, մենք ունենք հարաբերական անդորր: Մենք մշտական կապի մեջ ենք ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների հետ, Ռուսաստանի և մյուս գործընկերներ ԱՄՆ-ի և Ֆրանսիայի հետ: Մենք փորձում ենք գտնել այն ձևերը, որը հնարավորություն կընձեռի պահպանելու այս հարաբերական անդորրը և վերահաստատելու հրադադարի ռեժիմը, որը, ինչպես նշեցիք, հաստատվել է 1994թ.-ին և այդ ժամանակվանից ի վեր լիարժեք ուժի մեջ է. փաստաթուղթ, որը ստորագրվել է Հայաստանի, Արցախի և Ադրբեջանի կողմից: Եվ այժմ հրադադարի ռեժիմի լիարժեք վերականգնումը մեր առաջնահերթությունն է: - 2019թ.-ին եղել են բանակցություններ՝ այս հարցին որոշակի լուծում տալու նպատակով: Հայտնի է, Հայաստանի վարչապետն այդ ժամանակ ասել է «Արցախը Հայաստան է», և ցանկանում էր փոխել բանակցությունների ձևաչափը, ինչը, ենթադրաբար, էականորեն խարխլել է բանակցային գործընթացը: Պատասխանատվության ի՞նչ մասնաբաժին է կրում Հայաստանն այս բանակցությունների շարունակականության ապահովման ձախողման համար: - Ես կրկին չեմ համաձայնի նման գնահատականի հետ, քանի որ Հայաստանի Հանրապետության վարչապետը շատ հստակ խոսել է այն մասին, որ Հայաստանն Արցախի անվտանգության երաշխավորն է, Հայաստանը պատասխանատվություն է կրում Արցախի մեր հայրենակցիների անվտանգության, ֆիզիկական գոյաբանական անվտանգության համար: Մենք շարունակում ենք հավատարիմ մնալ խաղաղ գործընթացին, և ակնհայտ է, որ Հայաստանն ունի իր զարգացման օրակարգը, Հայաստանն ունի իր ժողովրդի բարեկեցությունը պաշտպանելու օրակարգ: Արցախը, նրա բնակչությունը գտնվում են անբարենպաստ պայմաններում. ամեն կերպ փորձ է արվում նրանց մեկուսացնել արտաքին աշխարհից, ինչն անընդունելի է, և Հայաստանն ակնհայտորեն ամեն կերպ աջակցում է, որպեսզի Արցախի ժողովուրդը կարողանա ապրել անվտանգության, խաղաղության և զարգացման պայմաններում: Դա հենց այդ համատեքստում է: Այնուամենայնիվ, ընդգծեմ, որ վարչապետ Նիկոլ Փաշինյանը շատ հետևողական է եղել իր հայտարարություններում առ այն, որ խաղաղությունը հնարավոր կլինի, երբ մենք հասնենք այնպիսի փոխզիջումային լուծման, որն ընդունելի կլինի բոլոր ժողովուրդների` Հայաստանի, Արցախի և Ադրբեջանի ժողովուրդների համար: Եվ մենք Ադրբեջանի ղեկավարությունից դեռ ակնկալում ենք փոխադարձելիության այնպիսի մոտեցում, որը հիմնված կլինի փոխզիջման վրա, քանի որ ներկայումս մենք ականատեսն ենք լինում առավելապաշտական մոտեցման, որը հաշվի չի առնում Հայաստանի և Արցախի հիմնարար առաջնահերթությունները: Այսպիսով, մեր դիրքորոշումը լուծում գտնելն է, որն ընդունելի կլինի բոլորի համար, և մենք աշխատում ենք այդ ուղղությամբ:
23:18 - 15 հուլիսի, 2020
Ընդհանուր առմամբ՝ ՀՀ ԶՈՒ ՀՕՊ ստորաբաժանումները խոցել են հակառակորդի 13 ԱԹՍ, որոնցից 10-ը՝ հարվածային, 3-ը՝ հետախուզական

Ընդհանուր առմամբ՝ ՀՀ ԶՈՒ ՀՕՊ ստորաբաժանումները խոցել են հակառակորդի 13 ԱԹՍ, որոնցից 10-ը՝ հարվածային, 3-ը՝ հետախուզական

Սահմանային իրավիճակի ամփոփում ժամը 21:30-ի դրությամբ, հայտնում են Հայկական միասնական տեղեկատվական կենտրոնից։ Սահմանամերձ համայնքներում երեկ կեսգիշերից հետո կրակոցներ, հատկապես մեծ տրամաչափի զինատեսակներից չեն եղել: Ընդհանուր առմամբ ՀՀ ԶՈՒ ՀՕՊ ստորաբաժանումները խոցել են հակառակորդի 13 ԱԹՍ, որոնցից 10-ը՝ հարվածային, 3-ը՝ հետախուզական: Մոտավորապես 50-ից ավելի հրետանային արկեր են կիրառվել հայկական 5-6 բնակավայրերի նկատմամբ: Գրեթե լիովին պահպանվում է հրադադարի ռեժիմը, բայց մեր զինված ուժերը բարձր մարտունակություն ունեն, զգոն են, լիարժեք տիրապետում են իրավիճակին, հետևում են հակառակորդի բոլոր գործողություններին։ ՀՀ ԶՈՒ-ն պատրաստ է հակառակորդի զինված ուժերի թե՛ ցամաքային, թե՛ օդային զորատեսակների սադրանքներին, ինչպես անհրաժեշտ հակահարված տալ, այնպես էլ տեսնում է բոլոր շարժերն ու գործողությունները։ Հիշեցնենք՝ հուլիսի 12-ին, ժամը 12։30, Տավուշի մարզում գտնվող մեր դիրքերից մեկին մոտեցել է ադրբեջանական ՈՒԱԶ ավտոմեքենա, զինծառայողներն անհասկանալի պատճառներով դուրս են եկել մեքենայից, եւ շարժվել դեպի մեր դիրքը։ Հայկական կողմի նախազգուշացումից հետո, թողնելով մեքենան, վերադարձել են: Ժամը 13:45-ին Ադրբեջանի զինված ուժերի զինծառայողները կրկնել են հայկական զինված ուժերի սահմանային դիրքը գրավելու փորձը՝ կիրառելով հրետանային կրակ, սակայն ճնշվել են եւ, կորուստներ կրելով, հետ շպրտվել: Ադրբեջանական կողմը պարբերաբար նոր գործողությունների էր դիմում՝ մինչեւ հուլիսի 14-ի, լույս 15-ի գիշերը։ Հակառակորդն ունի տեխնիկայի զգալի եւ մարդկային տասնյակ կորուստներ՝ այդ թվում՝ բարձր սպայական կազմից․ պաշտոնապես հայտարարվել է 12 զոհի մասին։ Հայկական կողմն ունի 4 զոհ, 10 վիրավոր, որոնցից մեկի վիճակը հուլիսի 15-ի դրությամբ գնահատվում է ծայրահեղ ծանր։ Այս պահի դրությամբ սահմանին հիմնականում պահպանվում է հրադադար։
22:46 - 15 հուլիսի, 2020
Լենա Նազարյանը նամակներ է ուղարկել Չինաստան-ՀՀ բարեկամական խմբի և Վրաստան-ՀՀ պատգամավորական բարեկամական խմբի ղեկավարներին

Լենա Նազարյանը նամակներ է ուղարկել Չինաստան-ՀՀ բարեկամական խմբի և Վրաստան-ՀՀ պատգամավորական բարեկամական խմբի ղեկավարներին

ՀՀ ԱԺ փոխնախագահ Լենա Նազարյանը Ֆեյսբուքի իր էջում գրել է․ «Որպես ՀՀ ԱԺ Հայաստան-Չինաստան, Հայաստան-Վրաստան բարեկամական խմբերի ղեկավար՝ այսօր նամակներ եմ ուղարկել ՉԺՀ Ժողովրդական Ներկայացուցիչների համաչինական ժողովի Չինաստան-Հայաստան բարեկամական խմբի ղեկավար Չժան Եսուին եւ Վրաստանի Խորհրդարանի նախագահի տեղակալ, Վրաստան-Հայաստան պատգամավորական բարեկամական խմբի ղեկավար Գիորգի Վոլսկիին։ Տեղեկացրել եմ նրանց Հայաստանի Հանրապետության հյուսիս-արևելյան սահմանների ուղղությամբ Ադրբեջանի կողմից կատարված ռազմական ագրեսիայի, ինչպես նաև Թուրքիայի արտաքին գործերի նախարարության աջակցող հայտարարությունների մասին, որը ստեղծում է լրացուցիչ լարվածություն, ապակայունացնում է տարածաշրջանային անվտանգությունը: Կոչ եմ արել մեր գործընկերներին խստորեն դատապարտել ՀՀ պետական սահմանում Ադրբեջանի զինված ուժերի սադրիչ գործողությունները, ինչպես նաեւ Ադրբեջանի ղեկավարության և նրա դաշնակիցի կողմից անընդունելի հռետորաբանությունն ու գործողությունները»։  
19:36 - 15 հուլիսի, 2020
Մեր ռազմաքաղաքական ու դիվանագիտական կարողությունը այս պահին բավարար է էսկալացիան ինքնուրույն հաղթահարելու համար․ Սոս Ավետիսյան

Մեր ռազմաքաղաքական ու դիվանագիտական կարողությունը այս պահին բավարար է էսկալացիան ինքնուրույն հաղթահարելու համար․ Սոս Ավետիսյան

Հուլիսի 12-ից մինչեւ այս գիշեր Տավուշի մարզում հայ-ադրբեջանական սահմանային իրավիճակը խիստ լարված էր։ Նշյալ օրը՝ կեսօրից, ադրբեջանական կողմը ռազմական գործողություններ էր սկսել Հայաստանի ուղղությամբ։  Հավաքական անվտանգության մասին Պայմանագրի կազմակերպությունը, որի հիմնադիր անդամ է Հայաստանը, կրակը դադարեցնելու կոչ արեց միայն երեկ՝ հուլիսի 14-ին՝ հայտարարելով, որ կազմակերպության քարտուղարությունում լուրջ անհանգստություն են արտահայտում՝ Հայաստանի ու Ադրբեջանի սահմանին իրավիճակի լարվածության կապակցությամբ։  «Ստեղծված իրավիճակը չի նպաստում իրավիճակի կարգավորմանը երկու հարևան երկրների սահմաններում, որոնցից մեկը՝ ՀՀ-ն, ՀԱՊԿ անդամ պետություն է»,- ասված էր հայտարարության մեջ։ Թեմայի շուրջ զրուցել ենք խորհրդարանական «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Սոս Ավետիսյանի հետ։ - Պարո՛ն Ավետիսյան, քննադատություններ են հնչում, որ ՀԱՊԿ-ը չի արել այն, ինչ պարտավոր էր անել, ուշացրել է հայտարարությունը եւ կամ հայտարարությունն, ըստ էության, ոչինչ չասող էր։ Ընդ որում՝ Հարավային Կովկասում եւ Կենտրոնական Ասիայում ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղարի հատուկ ներկայացուցիչ Ջեյմս Ապատուրայի ու ՀԱՊԿ-ի հայտարարությունները գրեթե չէին տարբերվում, եւ սա այն պարագայում, երբ Հայաստանը ոչ թե ՆԱՏՕ-ի, այլ ՀԱՊԿ-ի անդամ է։ Խնդրում եմ Ձեր մեկնաբնությունը՝ ի՞նչ ասելիք ուներ վերջինիս արձագանքը, դրա մեսիջը տվե՞ց այն, ինչ պետք է տար։ - Նախեւառաջ՝ մենք մի կարեւոր բան պետք է արձանագրենք՝ ընդհանրապես հայոց պատմության, անկախության համար․ մենք մեր հիմնական հույսը պետք է դնենք բացառապես մեր Զինված ուժերի վրա՝ թե՛ Հայաստանի Հանրապետության, թե՛ Արցախի Հանրապետության անվտանգությունն ապահովելու համար։ Այսինքն՝ քեզնից դուրս փրկության փնտրտուքները սխալ են։ Իհարկե, ՀԱՊԿ-ը մեր անվտանգային համակարգում կարեւոր օղակ է, եւ օպերատիվ պատասխանի որոշակիությունը շատ կարեւոր է։ Դրա հետ մեկտեղ՝ մենք տեսանք, որ ՀԱՊԿ-ն, ի վերջո, հայտարարություն տարածեց, որտեղ հստակ նշվում է՝ Հայաստանը ՀԱՊԿ-ի դաշնակից երկիր է, եւ սա պետք է ընդունել որպես առաջնային զգուշացում կամ նախազգուշացում։ Մնացած ընթացակարգային առումով՝ ինչ կարելի է սպասել, մենք պետք է մի քիչ ավելի հաշվարկային լինենք՝ ի վերջո ի՞նչ ենք ուզում, ինչպե՞ս ենք պատկերացնում այդ օգնությունը կամ դատապարտումը։ Իհարկե, Ադրբեջանն ինչ-որ առումով փորձ է արել իր ունեցած կապերից օգտվել, բայց ՀԱՊԿ-ի հայտարարությունը, որպես այդպիսին, չի վիժեցրել։ Եւ սա կարելի է արձանագրել որպես որոշակիորեն դրական քայլ։ - Հավաքական անվտանգության մասին Պայմանագրի 4-րդ հոդվածում ասված է, որ «եթե անդամ պետություններից որևէ մեկը ենթարկվի ագրեսիայի որևէ պետության կամ պետությունների խմբի կողմից, ապա անդամ պետությունների կողմից դա կհամարվի որպես ագրեսիա՝ Պայմանագրի բոլոր մասնակից պետությունների դեմ: Մասնակից պետություններից որևէ մեկի դեմ ագրեսիայի ակտի ի հայտ գալու պարագայում, մնացած մասնակից պետությունները կցուցաբերեն անհրաժեշտ օժանդակություն` ներառյալ ռազմական օգնությունը, նաև կցուցաբերեն օժանդակություն իրենց տրամադրության տակ գտնվող միջոցներով` հավաքական պաշտպանության իրավունքի իրագործման կարգին համապատասխան` համաձայն ՄԱԿ-ի կանոնադրության 51-րդ հոդվածի»:Եթե չեմ սխալվում՝ այս օժանդակությունը ցուցաբերվելու է այն պարագայում, երբ ագրեսիայի ենթարկված պետությունն անձամբ դիմի։  - Այո, եւ մենք մեր ՀԱՊԿ-ի գործընկերներին դիմել ենք, բայց պահանջով, որ անպայմանորեն արձանագրվի, որ այսպիսի միջադեպ է տեղի ունենում արդեն հայ-ադրբեջանական սահմանին, որ ագրեսիայի դրսեւորում կա, եւ դա արձանագրվել է։ Մենք չենք դիմել, որ մեզ օգնեն․ ի փառս մեր զինվորականների՝ մենք բացարձակ տիրապետում ենք իրավիճակին եւ մենք ենք թելադրող դիրքում։ - Այսինքն՝ Հայաստանն այս պահին ամենեւին էլ կարիք չունի դիմել այդ օժանդակության՝ ներառյալ ռազմական օգնության համար։ - Բացառվում է։ Այս պահին մենք նման օժանդակության կարիք չունենք։ - Թուրքիայի ֆակտորին անդրադառնանք․ այս պետությունն ամեն ձեւ ձգտում է խառնվել իրավիճակին։ Թուրքիան, կարծես թե, տարածաշրջանում ՀԱՊԿ-ի շահերի ամենամեծ սպառնալիքն է՝ թե՛ որպես Թուրքիա, թե՛ որպես ՆԱՏՕ-ի անդամ։ Բայց ՀԱՊԿ-ն, ըստ էության, թուրքական կողմի հայտարարությունների մասին չխոսեց։ Ինչպե՞ս կարող ենք հասկանալ այս դիրքորոշումը։ - Եկեք տարանջատենք մի քանի բան․ Թուրքիան, որպես այդպիսին, այո, հանդիսանում է ՆԱՏՕ-ի անդամ, բայց վերջին տարիների զարգացումը եւ առանձին օպերացիաների իրականացումը ցուցադրում են, որ Թուրքիան բացառապես իր շահերն է հետապնդում եւ կաշկանդված չէ ՆԱՏՕ-ով։ Եւ թե՛ Ռուսաստանի հետ որոշակի մերձեցումները, թե՛ հետագա առճակատումները Սիրիայում՝ Ռուսաստանի հետ, Լիբիայում իրենց քաղաքականությունը, հստակ ցուցադրում են, որ այս պետությունը վաղուց կաշկանդված չէ, հանդես չի գալիս որպես ՆԱՏՕ-ի քաղաքականության վարող։ Ինքն իր քաղաքականությունն է վարում՝ ունենալով ՆԱՏՕ-ի պայմանագիրը։ Այս պարագայում՝ նաեւ շատ կարեւոր է Ռուսաստանի ԱԳՆ արձագանքը, որը իրապես թիրախավորված էր, չնայած երկիրը չէր նշում, բայց շեշտում էր, որ Մինսկի խմբի անդամ երկիրը իրավուք չունի ռազմական էսկալացիայի ժամանակ որեւէ կողմին ուղիղ աջակցություն խոստանալ, հատկապես, որ դա կվտանգի տարածաշրջանային անվտանգությունը։ Այս խոսքերը ուղղված էին բացառապես Թուրքիային։ Բայց, էլի եմ կրկնում, ամենակարեւորն այն է, որ մեր ռազմաքաղաքական ու դիվանագիտական կարողությունը այս պահին բավարար է էսկալացիան ինքնուրույն հաղթահարելու համար։ Եւ Թուրքիայի ու Ադրբեջանի այս ընդհանուր ջղաձգումները, ի դեպ, որոշակիորեն պայմանավորված են իրենց ներքաղաքական օրակարգերով։ - Երեկ էլ Բաքվում բողոքի բազմահազարանոց ցույցեր էին, եւ սա կարծես վերջին տասնամյակներում առաջին նման ակցիան էր։ Չնայած տեղի ղեկավարությունը սկզբում բուռն չարձագանքեց կատարվողին, բայց հետո ջրցաններով ու մահակներով ցրեց ցուցարարներին։ Հնարավո՞ր է, որ Ադրբեջանում զարգացումներն ուղղակիորեն իրենց դեմ շրջվեն։ - Այո, եւ երկու կարեւոր եզրակացություն պետք է ունենանք․ նախ՝ այդ ցույցն արձանագրում է հայկական Զինված ուժերի եւ Հայաստանի հաղթանակը․ այստեղ մենք հստակ տեսնում ենք, որ այդ մարդիկ հասկացել են՝ իրավիճակը, մեղմ ասած, սփոփիչ չէ։ Երկրորդը՝ պետք է հասկանանք, որ այդ հասարակությունը ռազմատենչ է, հետեւաբար, մենք մեր անվտանգությանը պետք է ապավեն լինենք։ Երրորդիվ՝ իհարկե, մեծ ճնշում կա կառավարության վրա։ Եւ թեեւ դեռ ամբողջական վերլուծություներ չկան, բայց ենթադրաբար, այդ ամենը սկզբնական շրջանում ձեռնտու էր Բաքվի կառավարող կլանին, հետո իրենք հասկացան, որ սա կարող է վերաճել ավելի լուրջ պայքարի, եւ այդ մարդկանց ցրեցին։ - Պարոն Ավետիսյան, հիմա միջազգային կառույցների ներկայացուցիչների, մի քանի երկրների պաշտոնյաների հայտարարությունները թո՞ւյլ են տալիս եզրակացնել, որ միջազգային հանրության համար ակնհայտ է եւ հստակ, որ Ադրբեջանն է հրահրում այս իրադրությունը։ - Մենք կարող ենք այդպիսի ենթադրություն անել, այո։ Այս ընթացքում երկու տեսակի հայտարարություններ են եղել․ առաջինը՝ դիվանագիտական քողով․ երկու կողմերին են կոչ անում, սրանք հիմնականում միջազգային կառույցներից եկող արձագանքներն են, եւ այդ կառույցներից այս պահին այլ արձագանք սպասել հնարավոր չէ, դեռ փաստագրական տվյալներ պետք է ներկայացվեն նրանց։ Եւ երկրորդը՝ մենք նկատեցինք, որ նաեւ կարեւոր պետության ներկայացուցիչներ, ինչպիսին ԱՄՆ-ն է, Ադրբեջանին ուղիղ դատապարտող հայտարարություններ եղան, արդեն նաեւ Կիպրոսից, Շվեդիայից, Գվատեմալայից, Իսպանիայից։ Եւ սա շատ կարեւոր է խորհրդարանական դիվանագիտության ձեռքբերման տեսանկյունից։ Իհարկե, սրանք դեռ առաջին քայլերն են, բայց այս ուղղությամբ մենք դեռ պետք է շարժվենք։  - Այսինքն՝ մեր կոմունիկացիան այս առումով ստացվում է միջազգային հանրության հետ։ - Այո, այն աշխատանքը, որ արվել է այս մեկուկես տարվա ընթացքում մեր միջազգային գործընկերների հետ, հանդիպումները, քննարկումները, համատեղ քայլերը, բերում են այն պտուղները, որոնք այս պահին պետք են։ Եւ այս կարեւոր հաջողության վրա դեռ երկար անելիքներ կան։ Ինֆորմացիոն դաշտի առումով եւս էլ ավելի շատ ջանք է պետք ներդնել։ Հիշեցնենք՝ հուլիսի 12-ին, ժամը 12։30, Տավուշի մարզում գտնվող մեր դիրքերից մեկին մոտեցել է ադրբեջանական ՈՒԱԶ ավտոմեքենա, զինծառայողներն անհասկանալի պատճառներով դուրս են եկել մեքենայից, եւ շարժվել դեպի մեր դիրքը։ Հայկական կողմի նախազգուշացումից հետո, թողնելով մեքենան, վերադարձել են: Ժամը 13:45-ին Ադրբեջանի զինված ուժերի զինծառայողները կրկնել են հայկական զինված ուժերի սահմանային դիրքը գրավելու փորձը՝ կիրառելով հրետանային կրակ, սակայն ճնշվել են եւ, կորուստներ կրելով, հետ շպրտվել: Ադրբեջանական կողմը պարբերաբար նոր գործողությունների էր դիմում՝ մինչեւ հուլիսի 14-ի, լույս 15-ի գիշերը։ Հակառակորդն ունի տեխնիկայի զգալի եւ մարդկային տասնյակ կորուստներ՝ այդ թվում՝ բարձր սպայական կազմից․ պաշտոնապես հայտարարվել է 12 զոհի մասին։ Հայկական կողմն ունի 4 զոհ, 10 վիրավոր, որոնցից մեկի վիճակը հուլիսի 15-ի դրությամբ գնահատվում է ծայրահեղ ծանր։ Այս պահի դրությամբ սահմանին հիմնականում պահպանվում է հրադադար։ Հայարփի Բաղդասարյան
18:30 - 15 հուլիսի, 2020