Գյումրի

Հայաստանի մեծությամբ երկրորդ քաղաքն է, որը գտնվում է հյուսիսարևմտյան մասում՝ Շիրակի մարզում, Ախուրյան գետի ձախ ափին, Երևանից 126 կմ հեռավորության վրա։ Տարածքը՝ 3626 հեկտար։ 2015 թ. դրությամբ ունեցել է 118,6 հազար բնակիչ, ծովի մակարդակից բարձր է ավելի քան 1500 մետր։ Քաղաքի կարգավիճակ ունի 1837 թ․-ից։ Գործող քաղաքապետը Սամվել Բալասանյանն է։

«Իմ քայլը» հիմնադրամի ֆինանսավորմամբ Գյումրու խնամքի կենտրոնի տարեցների համար մատուցվում են ատամնաբուժական ծառայություններ

«Իմ քայլը» հիմնադրամի ֆինանսավորմամբ Գյումրու խնամքի կենտրոնի տարեցների համար մատուցվում են ատամնաբուժական ծառայություններ

Գյումրու շուրջօրյա խնամքի կենտրոնում կյանքի է կոչվել «Իմ քայլը» հիմնադրամի՝ տարեցների ատամնաբուժական խնդիրների լուծմանն ուղղված աջակցության ծրագիրը: Հիմնադրամի ֆինանսավորմամբ հունիս ամսից կենտրոնի խնամառուներին մատուցվում են ատամնաբուժական ծառայություններ (բուժում, պրոթեզավորում և օժանդակ այլ միջամտություններ): Խիստ կարանտինային պայմաններում ընթացող աշխատանքները կենտրոնի տնօրենության անմիջական ու աչալուրջ վերահսկողության տակ են, չափազանց ուշադիր են նաև բժիշկ-մասնագետները: Այս մասին հայտնում է «Իմ քայլը» հիմնադրամի պաշտոնական կայքը։ «Խնամվողներին երբեք նման ամբողջական ծառայություններ չեն մատուցվել, նման ակցիաներ այստեղ տեղի չեն ունեցել, աշխատանքների ծավալը մեծ է, կարծում եմ մինչև դեկտեմբեր կշարունակվեն: Այս միջոցառման շնորհիվ մեր տարեցների համար ունենալու ենք կյանքի որակի ակնհայտ բարձրացում»,- նշում է կենտրոնի համակարգող Արտյոմ Պետրոսյանը: Ծառայությունների մատուցումն իրականացնում է «Եվրոդենտ» հետբուհական կրթական կենտրոնը, որը հատուկ խնամառուների համար տեղում կազմակերպել է ժամանակավոր ատամնաբուժական սենյակ: Այս նախաձեռնությունը շատ կարևոր է խնամառուների կյանքի որակի բարելավման՝ առողջականից մինչև հոգեբանական ամրություն հաղորդելու տեսանկյունից: «Կենտրոնի բոլոր տարեցներն էլ ունեն ատամնաբուժական ծառայության կարիք: Առաջին անգամ մենք մետաղ-ճենապակե (մետալոկերամիկա) ատամներ ենք պատրաստելու նրանց համար: Կենտրոնի բնակիչների ոգևորությունն ու երախտագիտությունը շատ պարտավորեցնող է և հուզիչ: Նրանցից մեկը դհոլ է խնդրել, որ ի նշան շնորհակալության, նվագի բժիշկների համար»,- ասում է «Եվրոդենտ» ՍՊԸ-ի տնօրեն Լևոն Գրիգորյանը: Տարեցների՝ ատամնաբուժական խնդիրների լուծմանն ուղղված «Իմ քայլը» հիմնադրամի ծրագիրը մեկնարկվել է 2019 թ.-ից: Այն հաջողությամբ իրականացվել է նաև «Վանաձորի տարեցների տանը», որի 31 բնակիչների համար իրականացվել է ատամի հեռացում, բուժում, ատամնաշապիկի տեղադրում, մասնակի և լրիվ պրոթեզավորում։
21:22 - 06 հուլիսի, 2020
Գյումրու տուրիստական հոսքը զարգացնող ճոպանուղային տրանսպորտի ծրագիրը ներկայացվել է համայնքին

 |armenpress.am|

Գյումրու տուրիստական հոսքը զարգացնող ճոպանուղային տրանսպորտի ծրագիրը ներկայացվել է համայնքին |armenpress.am|

armenpress.am: «Արմոն» ընկերությունը մշակել է Գյումրու տուրիստական հոսքը խթանող զարգացման բիզնես ծրագիր, որի հիմքը ներքաղաքային ճոպանուղով ինքնուրույն շարժվող տրանսպորտն է: Նախաձեռնողները ծրագիրն արդեն ներկայացրել են համայնքին ու հանրային քննարկման և սպասում են առաջարկների: Ծրագրի շրջանակում նախատեսվում է կառուցել բնակելի էկոթաղամաս՝  դպրոցով, մանկապարտեզով, էսթետիկ կենտրոնով, սպորտային և շատրվանային համալիրներով, լողավազանով, կորտերով և այլ ենթակառուցվածքներով: Նախատեսվում է 15 տարբեր ենթակառուցվածքները միմյանց հետ կապել ճոպանուղային տրանսպորտով: Նախագծի անկյունաքարը օդային շարժակազմն է, որն աշխատելու է ըստ անհրաժեշտության՝ բենզինով, դիզելային վառելանյութով կամ էլեկտրաէներգիայով՝ համապատասխան շարժիչով:  Թեթև շարժակազմով այդ այլընտրանքային տրանսպորտն ունենալու է կանգառներ՝ Գյումրու ողջ երկայնքով: Այս տրանսպորտային միջոցները հագեցված են կառավարման համակարգով, որը վերացնում է մարդկային գործոնը և որակապես բարելավում է անվտանգությունը: Մեքենայի աերոդինամիկական հատկությունները հնարավորություն են տալիս հասնել անհավատալի արագության ցուցանիշների, որոնք զուգորդվում են շարժման հարմարավետության հետ: «Արմոն» ընկերության տնօրեն Խաչատուր Սարգսյանը հավաստիացրեց, որ այս տեխնոլոգիան ամենևին էլ նոր չէ։ «Նմանատիպ ծրագիր ունենք Աֆրիկայում՝ Տանզանիայում: Տեխնոլոգիան նոր չէ, բելառուսական է, որը գործում է նաև Բելառուսիայի քաղաքներից մեկում»,- նշեց  Խաչատուր Սարգսյանը: Խոսելով օդային տրանսպորտի առավելություններից, Խաչտուր Սարգսյանն առանձնացրեց հետևյալը. ««Սքայ Գյումրին» վերգետնյա տրանսպորտային տեխնոլոգիակական համակարգ է, որն ապահովում է շարժակազմի բարձր արագությունը, անվտանգ և մատչելի է քաղաքացիերի համար։ Անկախ կլիմայական պայմաններից, տնտեսապես արդյունավետ և բնապահպանական տեսանկյունից՝ մաքուր: Այն նոր սերնդի քաղաքային տրանսպորտի միջոց է»: Ծրագրի համալիր նախագծման մեկնարկը տրվել է 2020-ին․ նախատեսվում է ավարտին հասցնել մինչև 2023 թվականը:  
16:30 - 05 հուլիսի, 2020
Գյումրու ինֆեկցիոն հիվանդանոցում կորոնավիրուսով 66 հիվանդ է բուժվում

Գյումրու ինֆեկցիոն հիվանդանոցում կորոնավիրուսով 66 հիվանդ է բուժվում

Հուլիսի 5-ի ժամը 11.30-ի դրությամբ Գյումրու ինֆեկցիոն հիվանդանոցում կորոնավիրուսով 66 հիվանդ է բուժվում, նրանցից 64-ը Շիրակի մարզի բնակիչ է։ Մարտի մեկից մինչ օրս Շիրակի մարզի բուժհաստատություններում և հիվանդությունների վերահսկման և կանխարգելման ազգային կենտրոնի մարզային կենտրոնում իրականացվել է 4922 նմուշառում, մայիսի 12-ից հուլիսի 4-ը ներառյալ Գյումրիում իրականացվել է 3568 նմուշառման հետազոտություն, հուլիսի 4-ին հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության 21 նոր դեպք։ Մարզում այսօրվա դրությամբ տնային ինքնամեկուսացման ցուցում ունի 1101 քաղաքացի, նրանցից 255-ի մոտ դրական ախտորոշում կա՝ հիվանդության անախտանիշ ընթացքով, հսկողությունն իրականացվում է առողջության առաջնային օղակի կողմից։ Կորոնավիրուսից առողջացել և հիվանդանոցից մինչ օրս դուրս է գրվել Շիրակի մարզի 309 բնակիչ։ 43 հիվանդներ տեղափոխվել են մայրաքաղաք: Արձանագրվել է մահվան 24 դեպք։
14:52 - 05 հուլիսի, 2020
Գյումրիում կախված վիճակում ռուս զինծառայողի դի է հայտնաբերվել. հարուցվել է քրեական գործ, դեպքով զբաղվում է հայկական կողմը |armtimes.com|

Գյումրիում կախված վիճակում ռուս զինծառայողի դի է հայտնաբերվել. հարուցվել է քրեական գործ, դեպքով զբաղվում է հայկական կողմը |armtimes.com|

armtimes.com: Այսօր՝ հուլիսի 4-ին, ժամը 17:00-ի սահմաններում Մուշ թաղամասի Հալաբյան փողոցի  շենքերի բնակարաններից մեկի ննջասենյակում տղամարդու կախված դի է հայտնաբերվել: Պարզվել է, որ վերջինս Ռուսաստանի Դաշնության քաղաքացի, 20-ամյա Սալիխով Ս.-ն է: 20-ամյա տղամարդը ծառայում էր Գյումրիում տեղակայված ՈԴ 102-րդ ռազմաբազայում: ՇՄ դատախազ Կարեն Գաբրիելյանն ասաց, որ վերջինս պայմանագրային զինծառայող էր, ապրում էր  իր կողմից վարձակալված բնակարանում, որտեղև հայտնաբերվել է: Դեպքով զբաղվում է հայկական կողմը: Հարուցվել է քրեական գործ՝ ՀՀ ՔՕ 110 հոդվածի հատկանիշերով (Ինքնասպանության հասցնելը): Այս պահին հրապարակման այլ տեղեկատվություն, ըստ դատախազի, չկա: Իրականացվում են անհրաժեշտ քննչադատավարական գործողություններ:  
21:37 - 04 հուլիսի, 2020
Մհեր Մկրտչյանին հետմահու շնորհվեց «Գյումրու պատվավոր քաղաքացի» կոչումը |armenpress.am|

Մհեր Մկրտչյանին հետմահու շնորհվեց «Գյումրու պատվավոր քաղաքացի» կոչումը |armenpress.am|

armenpress.am: Հարգանքի տուրք մատուցելով Մհեր Մկրտչյանի հիշատակին՝ հուլիսի 4-ին՝ մեծանուն դերասանի 90 ամյակին, ծննդավայրում նրան հետմահու շնորհվեց «Գյումրու պատվավոր քաղաքացի» կոչումը: Կոչումը վկայող որոշումն ու հուշամեդալն անձամբ Գյումրու քաղաքապետ Սամվել Բլասանյանը հանձնեց Մհեր Մկրտչյանի հուշատուն-թանգարանին: «Զարմանալի է, որ մինչև հիմա մեր սիրելի Մհեր Մկրտչյանը Գյումրու պատվավոր քաղաքացի չէր»,-հանձնելով հուշամեդալը թանգարանի տնօրենին՝ նշեց Գյումրու քաղաքապետ Սամվել Բալասանյանը: «Թեև Ֆրունզին ոչ մի կոչում հարկավոր չէ, նա ավելի մեծ կոչում ունի՝ ժողովրդի սիրելին է: Ամեն դեպքում, ուշ, բայց ոչ ուշացած նա իր սիրելի քաղաքի պատվավոր քաղաքացին դարձավ նաև պաշտոնապես»,- նշեց թանգարանի տնօրեն Շողիկ Մելքոնյանը՝ հավելելով՝ կոչումը պարտավորեցնող է թանգարանի համար՝ սերունդներին մեծ դերասանի մասին ավելի շատ ներկայացնելու: Գյումրի համայնքի ավագանին հունիսի 10-ին կայացած նիստում միաձայն որոշում էր կայացրել՝ «Գյումրու պատվավոր քաղաքացի» կոչում շնորհել հայ մեծանուն դերասան, ԽՍՀՄ ժողովրդական արտիստ Մհեր Մկրտչյանին:
16:36 - 04 հուլիսի, 2020
Գյումրիի ինֆեկցիոն հիվանդանոցի 100 մահճակալից 93-ը զբաղված է․ Շիրակում ավելանում է կորոնավիրուսով հիվանդների թիվը |factor.am|

Գյումրիի ինֆեկցիոն հիվանդանոցի 100 մահճակալից 93-ը զբաղված է․ Շիրակում ավելանում է կորոնավիրուսով հիվանդների թիվը |factor.am|

factor.am: Շիրակի մարզպետարանի հրապարակած տվյալների համաձայն՝ հուլիսի 3-ի ժամը 11:30-ի դրությամբ Գյումրու ինֆեկցիոն հիվանդանոցում կորոնավիրուսով 93 հիվանդ է բուժվում, նրանցից 89-ը Շիրակի մարզի բնակիչ է։ Նշենք, որ Գյումրու ինֆեկցիոն հիվանդանոցն ունի 100 մահճակալ, որից 93-ը զբաղված է։ Ստացվում է, որ հիվանդանոցում ազատ տեղերի խնդիր կարող է առաջանալ։ «Բնականաբար, մենք էլ ենք դիտարկում այս հարցը։ Այս պահին 93 հիվանդ է, բայց նաև այսօր սպասում ենք դուրսգրումների։ Կարծում եմ՝ կլինեն դուրս գրվողներ։ Նմուշառումներ ենք արել, պատասխաններից կախված՝ որոշում կկայացվի։ Եթե խնդիրներ ունեցանք, հիվանդներին կտեղափոխենք Երևան»,- ասաց Շիրակի մարզպետարանի առողջապահության և սոցիալական ապահովության վարչության պետի ժամանակավոր պաշտոնակատար Լեյլի Ասլանյանը։ Նա նաև նշեց, որ այս պահին վարակի ամենամեծ օջախը Գյումրին է, սակայն որևէ նոր օջախ չկա։ Միաժամանակ, կորոնավիրուսի դեպքեր են արձանագրվել մարզի բոլոր տարածաշրջաններում։ Շիրակի մարզի համար այսօր հրատապ է ռեանիմացիոն ու տրիաժային ծառայությունը։ Մարզպետ Տիգրան Պետրոսյանն ավելի վաղ մեզ հետ զրույցում ասել էր, որ առաջարկներով դիմել են Առողջապահության նախարարություն։ Գերատեսչությունից դեռ արձագանք չկա։ «Մենք առաջարկներով դիմել ենք նախարարություն։ Նախարարությունը հարցերը քննարկում է, այս պահին որևէ հստակեցում չկա»,- ասաց Լեյլի Ասլանյանը։ Շարունակությունը՝ factor.am-ում։
17:49 - 03 հուլիսի, 2020
Գյումրիում նախատեսվում է կառուցել 500 միլիոն դոլար արժողությամբ օդային քաղաքային տրանսպորտային համակարգ
 |shantnews.am|

Գյումրիում նախատեսվում է կառուցել 500 միլիոն դոլար արժողությամբ օդային քաղաքային տրանսպորտային համակարգ |shantnews.am|

shantnews.am: Այսօր Գյումրիի քաղաքապետարանում անցկացվեց հանրային բաց լսում – քննարկում, որի ընթացքում մասնակիցներին ներկայացվեց  քաղաքում «Սքայ Գյումրի» ծրագրի իրագործման միջոցով օդային քաղաքային տրանսպորտային համակարգի ստեղծման նախագիծը։ Այն իրականացնելու է  «Արմոն» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերությունը, իսկ ծրագրի ընդհանուր արժեքը գնահատվել է 500 միլիոն դոլար։ Նախատեսվում է քաղաքի ողջ երկայնքով անցկացնել ժամանակակից ճոպանուղի, որը կունենա մոտ 14 կանգառ ու կայանատեղի, որտեղ կկառուցվեն  ժամանցային վայրեր, սպորտային համալիր, սրճարաններ ու հանգստի համար նախատեսված գոտիներ։ Օդային տրանսպորտը սկիզբ կառնի Շիրակ օդանավակայանից, կշրջի քաղաքի պատմական միջուկով, կանցնի գրեթե բոլոր թաղամասերով  ու կրկին շրջանաձև ընթացքով կվերադառնա մեկնակետ։ Տրանսպորտը կաշխատի նորագույն տեխնոլոգիայով, վարորդներ ու հսկիչներ չեն լինելու, իսկ վարձավճարը տեղացիների ու զբոսաշրջիկների համար կլինեն տարբերակված. գյումրեցիները կունենան զեղչից օգտվելու հնարավորություն։ «Արմոն» ՍՊԸ տնօրեն Խաչատուր Սարգսյանը, որը հանրային լսման ընթացքում ներկայացնում էր շատերի համար հավակնոտ ծրագիրը, փաստեց, որ այն Գյումրիում ներկայացնելու պատճառներից մեկն էլ իր գյումրեցի լինելն է և հետո հաշվի է առնվել զբոսաշրջային քաղաք լինելու հանգամանքը։ Ըստ նրա՝ ծրագիրը շահութաբեր չէ և կառավարությունից որևէ օժանդակության կամ հարկային արտոնությունների ակնկալիք չունեն. միայն ցանկանում են, որ հողհատկացումներն ու փաստաթղթային հարցերը հնարավորինս արագ կազմակերպվեն, որ շինաշխատանքները հնարավոր լինի սկսել այս տարի։ Օդային տրանսպորտային համակարգի շինարարությունը նախատեսվում է ավարտին հասցնել 2023 թվականին, ցեմենտբետոնյա տարրեր չեն օգտագործվելու, ենթակառուցվածքները կլինեն մոդուլային՝ մետաղապլաստե կոնստրուկցիաներով կառուցված։ Նախատեվում է ծրագրի շրջանակում վերակառուցել ու զբոսաշրջային կենտրոններ դարձնել նաև քաղաքի պատմական հուշարձաններն ու չգործող շատրվանները։  
23:09 - 02 հուլիսի, 2020
Գյումրու սոցաջակցության տարածքային բաժինների աշխատակիցները կաշառք են ստացել. ՀՀ ԱԱԾ

Գյումրու սոցաջակցության տարածքային բաժինների աշխատակիցները կաշառք են ստացել. ՀՀ ԱԱԾ

ՀՀ ԱԱԾ կողմից ձեռնարկված համալիր օպերատիվ-հետախուզական միջոցառումների արդյունքում ձեռք են բերվել փաստական տվյալներ, որ Գյումրի քաղաքի սպասարկող սոցիալական աջակցության տարածքային թիվ 1 և թիվ 2 բաժինների ղեկավարներ  Ա.Ե.-ն և Է.Բ.-ն, իրենց ենթակա աշխատակիցների հետ նախնական համաձայնությամբ տարիներ շարունակ անձամբ կամ տարբեր միջնորդների միջոցով սոցիալապես անապահով քաղաքացիներից շորթմամբ պահանջել և ստացել են ապօրինի վարձատրություններ: Այս մասին տեղեկացրին ՀՀ ԱԱԾ մամուլի կենտրոնից։  «2020 թվականի հունիսի 30-ին՝ ժամը 10։30-ին, տարածքային բաժնի աշխատակից Ա.Հ-ն, սոցիալապես անապահով կամ աջակցության կարիք ունեցող քաղաքացիներից հավաքագրած հերթական 100.000 ՀՀ դրամ գումարը  բաժնի պետ  Ա.Ե-ին փոխանցելուց անմիջապես հետո հայտնաբերվել և բերման է ենթարկվել: Ա.Ե-ի անձնական խուզարկության արդյունքում հայտնաբերվել է ապօրինի վարձատրության առարկա հանդիսացած 100.000 ՀՀ դրամ գումարը: Դեպքի առթիվ ՀՀ ԱԱԾ քննչական դեպարտամենտում 2020 թվականի հունիսի  30-ին ՀՀ քրեական  օրենսգրքի 311.1-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին, 2-րդ և 3-րդ կետերով և ՀՀ քրեական  օրենսգրքի 312.1-րդ հոդվածի 1-ին մասով նախատեսված հանցագործություննների հատկանիշներով հարուցվել են քրեական գործեր: Քրեական գործերով ձեռնարկված լայնածավալ քրեադատավարական և օպերատիվ-հետախուզական միջոցառումներով պարզվել է, որ տարիներ շարունակ՝ ընդհուպ մինչև 2020 թվականի հունիսի 30-ը, սոցիալական աջակցության տարածքային բաժինների մի խումբ աշխատակիցներ, նախնական համաձայնությամբ, գործի են դրել նախապես մշակված կոռուպցիոն սխեմա՝ այդ կերպ տիրացել պետության կողմից սոցիալապես անապահով խավին որպես օժանդակություն տրված գումարներին, կամ  ապօրինի վարձատրության դիմաց դրանք հատկացրել են  կարիքը չունեցող կամ ոչ անապահով ընտանիքներին։ Նախաքննությամբ պարզվել է, որ սոցիալական աջակցության հիշյալ բաժինների աշխատակիցները, յուրաքանչյուր փաստագրման ժամանակ իրենց տարածքային բաժնում հաշվառված նպաստառու ընտանիքներից պահանջել և ստացել են   30,000-60,000-ական ՀՀ դրամ ապօրինի վարձատրություններ, որոնց մի մասը պահել են իրենց, իսկ մյուս մասը փոխանցել են ղեկավարներին: Նույն կերպ, անապահով քաղաքացիներին սոցիալական աջակցության ծրագրերում ընդգրկելու համար, պաշտոնատար անձ չհանդիսացող հանրային ծառայողները  քաղաքացիներից ստացել են հատկացվելիք 3 ամսվա համար նախատեսված գումարներից մեկ ամսվա  18.000 ՀՀ դրամը, որից 10,000-ը փոխանցել են բաժնի պետին, իսկ 8000-ը պահել են իրենց: Նախաքննության ընթացքում խուզարկություններ են կատարվել մի քանի տասնյակ աշխատակիցների բնակարաններում և աշխատասենյակներում, որոնց արդյունքում հայտնաբերվել են սոցիալական աջակցություն ստանալու համար հանրային ծառայողներին  ապօրինի վարձատրություններ տրամադրած քաղաքացիների տվյալներ պարունակող ձեռագիր գրառումներով նոթատետրեր, քաղաքացիներից հավաքագրված, ապօրինի վարձատրության առարկա հանդիսացող թղթադրամներ, սոցիալական աջակցություն ստացող անձանց անձնական տվյալներ և հեռախոսահամարներ պարունակող գրառումներ: Հայտնաբերվել և հարցաքննվել են ապօրինի վարձատրություններ տրամադրած մի շարք քաղաքացիներ, ովքեր ընդունել են ամիսներ կամ տարիներ շարունակ նպաստներ ստանալու կամ համապատասխան աջակցության ծրագրերում ներգրավելու դիմաց սոցիալական աջակցության տարածքային բաժինների ղեկավարներին կամ նրանց աշխատակիցներին ապօրինի վարձատրություններ տալու հանգամանքը, նշել  յուրաքանչյուր անգամ տված գումարի չափը: Ընդ որում, քաղաքացիներն իրենց ցուցմունքներով հայտնել են, որ  գումարների հավաքագրումը կրել է մասսայական բնույթ և առանց այդ ապօրինի վարձատրությունների՝ իրենք, նույնիսկ օրինական կարգով, չէին կարող նպաստ ստանալ կամ ընդգրկվել իրենց համար հասանելի սոցիալական աջակցության ծրագրերում: Նախաքննության ընթացքում հանցանքի կատարման անմիջականորեն ծագած կասկածանքի հիման վրա ձերբակալվել են սոցիալական աջակցության տարածքային բաժնի թվով վեց աշխատակիցներ, այդ թվում՝ բաժնի պետը և գլխավոր մասնագետները։ Մեկ տասնյակից ավել աշխատակիցների նկատմամբ որպես խափանման միջոց է ընտրվել ստորագրությունը չհեռանալու մասին: Քրեական գործերով որպես կասկածյալ ներգրավված անձանց՝ աշխատակիցների մեծ մասը, անհերքելի փաստական տվյալների ճնշման ներքո, տվել են ինքնախոստովանական ցուցմունքներ և նկարագրել տարիներ շարունակ իրենց տարածքային բաժնում գործադրված կոռուպցիոն մեխանիզմի մանրամասները,  ապօրինի վարձատրություններ պահանջած քաղաքացիների անձնական տվյալները, հանցավոր ճանապարհով ստացված եկամուտների ամսական չափը և այդ գումարների տնօրինման ու բաշխման եղանակները: Ձեռնարկվում են անհետաձգելի քննչական և դատավարական այլ գործողություններ ու օպերատիվ-հետախուզական միջոցառումներ՝ հանցանքի կատարմանը ներգրավված անձանց ամբողջական շրջանակը պարզելու, ապօրինի վարձատրություններ տրամադրած մյուս քաղաքացիների ինքնությունը ճշտելու, պետությանը պատճառված վնասի իրական չափը պարզելու համար: ՀՀ ազգային անվտանգության ծառայությունը կոչ է անում հանրային ծառայողների կողմից ապօրինի վարձատրություններ պահանջելու, ստանալու և այլ ապօրինի գործողությունների դեպքում անհապաղ իրազեկել իրավապահ մարմիններին: Միաժամանակ հայտնվում է, որ ՀՀ քրեական օրենսգրքի 312.1 հոդվածի համաձայն՝ ապօրինի վարձատրություն տվող անձն ազատվում է քրեական պատասխանատվությունից, եթե տեղի է ունեցել ապօրինի վարձատրության շորթում, և անձը մինչև ապօրինի վարձատրություն տալու մասին, քրեական հետապնդման մարմիններին հայտնի դառնալը, բայց հանցանքի կատարումից հետո՝ ոչ ուշ, քան եռօրյա ժամկետում, այդ մասին կամովին հայտնել է քրեական հետապնդման մարմիններին և աջակցել հանցագործությունը բացահայտելուն»,- ասվում է հաղորդագրության մեջ: Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով՝ դատարանի՝ օրինական ուժի մեջ մտած դատավճռով:
20:55 - 02 հուլիսի, 2020
Վարակվել է 248 բժիշկ և 510 բուժքույր. կորոնավիրուսը՝ բուժկենտրոններում |hetq.am|

Վարակվել է 248 բժիշկ և 510 բուժքույր. կորոնավիրուսը՝ բուժկենտրոններում |hetq.am|

hetq.am: Մարտի 1-ից մինչ հունիսի 26-ը կորոնավիրուսով վարակվել է 248 բժիշկ, 510 բուժքույր և 191 մայրապետ։  Հունիսի 16-ին հոսպիտալացվել եւ մինչ օրս ստացիոնար բուժում է ստանում «Գյումրու ինֆեկցիոն հիվանդանոցի» մայրապետ Գայանե Գասպարյանը։ Նա կորոնավիրուսով վարակվել է հիվանդանոցում աշխատանքային պարտականությունները կատարելիս։ «Ինձ թույլ էի զգում, ջերմություն ու հազ ունեի, քրտնում էի։ Աշխատանքիս բնույթն այնպիսին է, որ չես կռահի, թե երբ ու ոնց ես վարակվում։ Հիվանդի հետ կշփվես։ Ճիշտ է՝ հագած, կապած էի, բայց դե ո՞նց եղավ, չհասկացա: Խայտառակ ցավ է, շատ վատ վիճակ է, ես անցել եմ դրա միջով, չեմ ցանկանա այլ մարդ այդ դժվարությունը տանի»,- նշեց Գայանե Գասպարյանը։ Նրա ինքնազգացողնությունն արդեն լավ է և քաղաքացիներին հորդորում է զգոն լինել, պահել հակահամաճարակային կանոնները:  «Չեք պատկերացնի՝ բժիշկների, բուժքույրերի, սանիտարկաների, բոլորի աշխատանքն ինչ դժվար է։ Արտակարգ իրավիճակում, ճգնաժամային վիճակով են աշխատում: Անհնար է հիվանդանոցում աշխատել եւ չհիվանդանալ, ինչքան կուզես, զգու՛յշ եղիր»,-ասում է Գայանե Գասպարյանը։  «Գյումրու ինֆեկցիոն հիվանդանոցում» կորոնավիրուսով վարակվել է նաև լաբորատորիայի աշխատակիցը: Հիվանդանոցի տնօրեն Աստղիկ Բեյբությանի խոսքով՝ լաբորատորիայի աշխատակիցը մեկուսացած է տանը։ «Մեր վարակված երկու աշխատակիցներն էլ աշխատանքի ընթացքում են վարակվել։ Երևի հոգնում են, այդ հոգնածությունից իրենց զգոնությունը կորցնում են ու վարակվում»,- նշեց Աստղիկ Բեյբությանը։ Կորոնավիրուսով վարակված, հոսպիտալացված բուժաշխատողներ Առողջապահության նախարարության՝ «Հետքին» փոխանցած տվյալներով՝  հունիսի 26-ի դրությամբ՝ բուժում է ստանում կորոնավիրուսով վարակված 295 բժիշկ և բուժքույր, 96 մայրապետ: Նրանցից 12 բժիշկ, 20 բուժքույր և 6 մայրապետ հիվանդանոցային բուժում էր ստանում։  Մինչ օրս կորոնավիրուսից մեկ բուժաշխատող է մահացել։ «Արդեն մեկ զոհ ունենք բժշկական անձնակազմից, նաև դրա համար ենք շեշտում, որ բժշկական անձնակազմի պաշտպանությունը շատ կարևոր է»,- հունիսի 23-ին հայտնել էր առողջապահության նախարար Արսեն Թորոսյանը: Ամենաշատը վարակվել են Երևանի բուժկենտրոնների աշխատակիցները. վարակված է 63 բժիշկ, 111 բուժքույր և 78 մայրապետ։  Պաշտոնական վիճակագրությունը փաստում է, որ կորոնավիրուսի թիրախում հիմնականում բժշկական կենտրոնների բուժքույրերն են։  Պաշտոնական վիճակագրությամբ՝ Վայոց ձորը միակ մարզն է, որտեղ մինչ օրս որևէ բժիշկ, բուժաշխատող կամ բուժկենտրոնի այլ աշխատակից չի վարակվել կորոնավիրուսով, այստեղ չկան նաև բուժկենտրոնի ինքնամեկուսացած աշխատակիցներ։ Բացի Երևանից, վարակված և ինքնամեկուսացած բժիշկների թվով աչքի են ընկնում Կոտայքի, Արմավիրի և Շիրակի մարզերը։  Վարակված, հիվանդանոցային բուժում ստացող և ինքնամեկուսացած զգալի թվով աշխատակիցներ կան Հրազդանի բժշկական կենտրոնում։ Հունիսի 26-ի դրությամբ՝ այստեղ վարակված 15 բժիշկ, 30 բուժքույր և 6 մայրապետ կա. նրանցից 12-ը հիվանդանոցային բուժում է ստանում, իսկ 39 բուժաշխատող ինքնամեկուսացած է: Հրազդանի բժշկական կենտրոնի հիվանդանոցային գծով փոխտնօրեն Արա Սիմոնյանի խոսքով՝ միանշանակ չեն կարող ասել, որ բուժաշխատողները վարակվել են աշխատանքային պարտականությունները կատարելիս, քանի որ վիճակագրություն չունեն, որ կորոնավիրուսի նմուշառում կատարող, մեկուսարանում աշխատող աշխատակիցները վարակվել են կորոնավիրուսով։ Արա Սիմոնյանը հավաստիացնում է, որ հիվանդանոցում բժիշկն առավել ապահով է։ «Բժիշկները ռիսկային գոտում աշխատում են անընդհատ, նաև իրենց մասնագիտության բերումով կարող են վարակվել, բայց կարծում եմ՝ հիվանդանոցում բժիշկի վարակվելու հավանակությունը քիչ է, քան այլ միջավայրում։ Բժիշկը հիվանդանոցում կրում է արտահագուստ, ձեռնոցներ, նրանց աշխատանքային միջավայրը ախտահանված է»,- նշեց նա։ Բուժկենտրոնի հիվանդանոցային գծով փոխտնօրենի խոսքով՝ թեև բուժկենտրոնում ունեն վարակված և մեկուսացած բուժաշխատողներ, սակայն իրենց աշխատանքը չի պարալիզացվել մյուս բժիշկների գերծանրաբեռնված աշխատանքի շնորհիվ։ Կոտայքի մարզպետարանի առողջապահության և սոցիալական ապահովության վարչության պետի պաշտոնակատար Անի Չիլինգարյանի փոխանցմամբ՝ մարզի բուժկենտրոնների վարակված բուժաշխատողների առողջական վիճակը կայուն է։ «Այս պահին կյանքին վտանգ սպառնացող բուժաշխատող չունենք։ Նրանք աշխատանքից դուրս ունեն իրենց անձնական շփումները, այդ իսկ պատճառով չենք կարող ասել, որ 100 տոկոսով վարակվել են հիվանդանոցային պայմաններում՝ աշխատանքային պարտականությունը կատարելիս: Ասեմ ավելին՝ բուժհաստատության ներսում նրանք ավելի ապահով են, որովհետև բոլորը կրում են դիմակներ՝ լինելով բուժաշխատող, գտնվելով հիվանդանոցում շատ ավելի ռեալ գիտակցում են, որ պետք է պահպանեն բոլոր կանոնները»,-նշեց նա։ Շարունակությունը՝ hetq.am-ում
17:01 - 01 հուլիսի, 2020
Էդվարդ Հովհաննիսյանն աշխատանքային այցով եղել է Շիրակի մարզում գործող ՊԵԿ ստորաբաժանումներում

Էդվարդ Հովհաննիսյանն աշխատանքային այցով եղել է Շիրակի մարզում գործող ՊԵԿ ստորաբաժանումներում

Պետական եկամուտների կոմիտեի նախագահ Էդվարդ Հովհաննիսյանն այցելել է Շիրակի մարզ՝ տեղում ծանոթանալու ՊԵԿ տարբեր ստորաբաժանումների աշխատանքներին: Ինչպես հայտնեցին ՀՀ ՊԵԿ տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժնից, Էդվարդ Հովհաննիսյանը, ՊԵԿ նախագահի տեղակալների և գլխավոր քարտուղարի ուղեկցությամբ, շրջայց է կատարել Գյումրիի հարկային մարմնի ստուգումների և սպասարկման բաժիններում: Էդվարդ Հովհաննիսյանը հետաքրքրվել է ստորաբաժանումների աշխատանքների կազմակերպման գործընթացով, մասնավորապես, համավարակի պայմաններում՝ գործառույթները պատշաճ իրականացնելու առումով: Կոմիտեի ղեկավարը հատկապես կարևորել է ստեղծված իրավիճակում հարկ վճարողներին և քաղաքացիներին արագ և որակյալ ծառայությունների մատուցումը: ՊԵԿ նախագահն այցելել է նաև Հյուսիսային մաքսատուն-վարչություն: Նա շրջել է աշխատասենյակներով, զրուցել աշխատակիցների հետ, հետաքրքվել մաքսային ձևակերպումների  կազմակերպման գործընթացով, արտակարգ դրության պայմաններում տնտեսվարողներին մտահոգող խնդիրներով : Կոմիտեի ղեկավարը շրջայցով եղել է նաև Բավրայի մաքսակետ-բաժնում: Վարչական շենքում նա ծանոթացել է ծառայության աշխատանքային պայմաններին, քաղաքացիների մուտքի և ելքի ընթացակարգի առանձնահատկություններին: Կոմիտեի ղեկավարը հետևել է մաքսային հսկողության կազմակերպման գործընթացին: Ձևակերպումների սրահում տեղում քննարկել են տրանսպորտային միջոցների վերահսկողության արդյունավետության բարձրացման հարցեր: Բավրայի մաքսակետում Էդվարդ Հովհաննիսյանը շրջել է մանրակրկիտ զննման մասնաշենքում: Նա հետաքրքրվել է ռենտգեն զննման՝ «Ռապիսկան» սարքի,  բեռնատարների համար նախատեսված էլեկտրոնային կշեռքների կիրառման արդյունավետությունից: Իսկ Գյումրիում ՊԵԿ նախագահը ծանոթացել է նաև Հյուսիսային արտաքին տնտեսական գործունեության մասնակիցների սպասարկման կենտրոնի շինարարության ընթացքին: Նրա գլխավորությամբ աշխատանքային խումբը շրջել է տարածքում, հետևել իրականացվող աշխատանքներին:   Հյուսիսային սահմանով իրականացվող արտահանումների մաքսային հսկողության գործառնություններն ամբողջությամբ նախատեսվում է տեղափոխել հենց այս սպասարկման կենտրոն: Սակայն մինչ Հյուսիսային կենտրոնի ամբողջական շահագործումը՝ գործընթացը կիրականացվի փուլային եղանակով:  Առաջին փուլով կիրականացվեն միայն այն բեռների հետ կապված մաքսային գործառնությունները, որոնց արտահանման համար չեն պահանջվում ՀՀ պետական այլ մարմինների թույլտվության փաստաթղթեր: Շրջայցի ընթացքում կոմիտեի ղեկավարին ներկայացվել են նաև այն ենթակառուցվածքները, որոնք գործելու են շինարարության ավարտից հետո: Արդյունքում ստեղծվելու է էլեկտրոնային կառավարման համակարգերի և թվային լուծումների վրա հիմնված՝ ԱՏԳ մասնակիցների սպասարկման կենտրոն: Կառույցը գործելու է «մեկ կանգառ, մեկ պատուհան» սկզբունքով. այսինքն` տնտեսվարողը մեկ վայրում կարողանալու է կատարել մաքսային ձևակերպումների բոլոր գործարքները, այդ թվում` նույն վայրում տեղակայված տարբեր գերատեսչություններից ստանալ անհրաժեշտ թույլտվությունները: Էդվարդ Հովհաննիսյանն ընդգծել է շինարարական աշխատանքները բարձր որակով  իրականացնելու, սահմանված ժամկետում ավարտին հասցնելու անհրաժեշտությունը: Նա վստահեցրել է, որ գործընթացն իր ամենօրյա հսկողության ներքո է, հետևողական է լինելու առաջադրված խնդիրների լուծմանը: Կենտրոնը բարձր որակավորում ունեցող մաքսային ծառայողներով ապահովելու նպատակով, Հյուսիսային-մաքսատուն վարչությունում ծառայություն իրականացնող աշխատակիցները վերապատրաստվում են։
13:30 - 29 հունիսի, 2020
Գյումրիում առաջիկա օրերին կմեկնարկեն փողոցաշինական աշխատանքները |armenpress.am|

Գյումրիում առաջիկա օրերին կմեկնարկեն փողոցաշինական աշխատանքները |armenpress.am|

armenpress.am: Գյումրիում առաջիկա օրերի ընթացքում կմեկնարկեն փողոցաշինական աշխատանքներ՝  Վերակառուցման և զարգացման եվրոպական բանկի (ՎԶԵԲ) միջոցներով: Սա բանկի կողմից Գյումրիում իրականացվող փողոցաշինության  ծրագրերի 2-րդ փուլն է, որի առաջին և երկրորդ չափաբաժիններում ընդգրկված է 15 փողոց։ Այս մասին տեղեկացրեց  Գյումրու քաղաքապետ Սամվել Բալասանյանը՝ նշելով, որ ՎԶԵԲ-ի ծրագրի հաջորդ՝ 3-րդ փուլով, ևս մրցույթ է հայտարարված, որի արդյունքները հստակ կլինեն օգոստոսի 5-ին: «Երկրորդ փուլի շինարարական կազմակերպության մրցույթն արդեն կայացել է, կա հաղթող ընկերություն, որը բավական փորձառու է»,-նշեց Սամվել Բալասանյանը՝ հավելելով, որ,  ընդհանուր առմամբ, ՎԶԵԲ-ի ծրագրի 2 փուլով կնորոգվի 22 փողոց և 1 հրապարակ: Քաղաքում աշխատանքներ իրականացվելու են նաև Համաշխարհային բանկի միջոցների հաշվին: Այս պահին իրականացվում են նախագծա-նախահաշվային աշխատանքները: Այս ծրագիր ընդգրկված են Գյումրու պատմական միջուկի փողոցները և կենտրոնական հրապարակը: Քաղաքում 17 փողոց էլ նորոգվելու է սուբվենցիոն ծրագրով. ընդհանուր 950 մլն դրամ գումարի 55 տոկոսը հատկացվելու է պետական, իսկ մնացածը՝ համայնքային բյուջեից:
18:53 - 28 հունիսի, 2020
ՇՎՏՄ-ի մշտադիտարկման խմբերը խախտումներ են հայտնաբերել Գյումրու բենզալցակայաններում

ՇՎՏՄ-ի մշտադիտարկման խմբերը խախտումներ են հայտնաբերել Գյումրու բենզալցակայաններում

Շուկայի վերահսկողության տեսչական մարմինը պարետի՝ մայիսի 3-ի N63 որոշման համաձայն՝ շարունակում է մշտադիտարկում իրականացնել առևտրի կենտրոններում, տոնավաճառներում, շինարարական խանութներում, հեղուկ վառելիքի, սեղմված բնական կամ հեղուկացված նավթային գազերի մանրածախ առևտրի կետերում՝ հակահամաճարակային նորմերի պահպանման առնչությամբ: Այսօր՝ հունիսի 27-ին, Տեսչական մարմնի մշտադիտարկում իրականացնող խմբերը այցելել են Գյումրի: Արձանագրվել են մի շարք խախտումներ որոշ բենզալցակայաններում: Մասնավորապես՝ բացակայել են դիմակների և ձեռնոցների համար հատուկ նախատեսված աղբամաններրը, ջերմաչափերը և ջերմաչափման գրացմամատյանները, փակցված չեն եղել դիմակները պարտադիր լինելու մասին իրազեկող թերթիկները: Գազալցակայաններում և շինայութի վաճառքի կետերում պարետատան սահմանած հակահամաճարակային անվտանգության պահպանման նորմերի խախտումներ գրեթե չեն արձանագրվել: Դիտարկված բոլոր տնտեսավարողների մոտ առկա են եղել ախտահանող նյութեր: Բոլոր խախտումների վերաբերյալ կազմվում են արձանագրություններ, որոնք ուղարկվում են պարետատուն: ՇՎՏՄ-ն հունիսի 27-ին պարետի որոշմամբ իրականացրել է նաև կասեցումներ Երևան քաղաքի Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանում: Կասեցվել է մի շարք շինանյութի խանութների, բենզալցակայանների և գազալցակայանների գործունեությունը: Կասեցման պատճառ են հանդիսացել տվյալ տնտեսավարողների մոտ գծանշումների, դիմակ կրելը պարտադիր լինելու մասին իրազեկող թերթիկների, փակ աղբամանների, ինչպես նաև ջերմաչափերի և ջերմաչափման գրանցամատյանների բացակայությունը: Տեսչական մարմնի կողմից մշտադիտարկման գործընթացը ՀՀ ամբողջ տարածքում շարունակվում է:
18:24 - 27 հունիսի, 2020
ԲԸՏՄ գնահատմամբ՝ գյումրեցիները հիմականում պահպանում են հակահամաճարակային անվտանգության կանոնները

ԲԸՏՄ գնահատմամբ՝ գյումրեցիները հիմականում պահպանում են հակահամաճարակային անվտանգության կանոնները

Բնապահպանության և ընդերքի տեսչական մարմնի մշտադիտարկումները հավաստել են, որ գյումրեցիները հիմականում պահպանում են պարետատան կողմից սահմանված հակահամաճարակային անվտագության կանոնները։ Այս մասին հաղորդագրություն է տարածել ՀՀ կառավարությունը: Հունիսի 27-ին Բնապահպանության և ընդերքի տեսչական մարմնի ու ՀՀ ոստիկանության աշխատակիցները համատեղ լայնածավալ շրջայցեր են կատարել ՀՀ Շիրակի մարզի Գյումրի քաղաքի պատմության և մշակույթի հուշարձանների, թանգարանային, զբոսաշրջային հետաքրքրություն ներկայացնող մի շարք վայրերում։ Մշտադիտարկումների արդյունքները հավաստել են, որ գյումրեցիները հիմականում պահպանում են պարետատան կողմից սահմանված հակահամաճարակային անվտագության կանոնները։ Զբոսաշրջային հետաքրքրություն ներկայացնող պատմամշակութային վայրերը մարդաշատ չեն եղել՝ կուտակումներ չեն արձանագրվել, սակայն գրանցվել են դիմակները սխալ կրելու դեպքեր։ Տեսչական մարմնի աշխատակիցները քաղաքացիների հետ իրականացրել են լայնածավալ իրազեկման, բացատրական աշխատանքներ, բաժանել դիմակներ և հորդորել դրանք փոխել 3-4 ժամը մեկ։ Դիմակ չկրելու համար ՀՀ ոստիկանության կողմից մեկ քաղաքացու նկատմամբ կազմվել է վարչական իրավախախտումների վերաբերյալ արձանագրություն։
17:32 - 27 հունիսի, 2020