Հայաստան

ՀՀ ԱԳՆ-ն պատասխանել է Բայրամովի հայտարարություններին

ՀՀ ԱԳՆ-ն պատասխանել է Բայրամովի հայտարարություններին

ՀՀ արտաքին գործերի նախարարի մամուլի քարտուղար Վահան Հունանյանը պատասխանել է «Արմենպրես» լրատվական գործակալության հարցերին, որոնք վերաբերում են Ադրբեջանի արտաքին գործերի նախարար Ջեյհուն Բայրամովի հնչեցրած հայտարարություններին: Ներկայացնում ենք հարց ու պատասխանն ամբողջությամբ:  – Ադրբեջանի ԱԳ նախարարը, խոսելով Հայաստանի եւ Ադրբեջանի միջեւ սահմանազատման գործընթացի մասին, կրկին հայտարարել է, որ հայկական կողմը նախապայմաններ է առաջ քաշում՝ ընդգծելով, որ Հայաստանը չունի իրավական, քաղաքական կամ բարոյական իրավունք սահմանների սահմանազատման հարցում որևէ պայման դնելու: Ինչպե՞ս կմեկնաբանեք այդ հայտարարությունը:  – Հայաստանի վարչապետը, Ռուսաստանի նախագահը եւ Ադրբեջանի նախագահը 2021 թվականի նոյեմբերի 26-ին Սոչիում ստորագրել են հայտարարություն, որը հրապարակային է եւ հասանելի համացանցում: Այդ հայտարարության մեջ հստակ արձանագրված է, որ երեք երկրների ղեկավարները պայմանավորվել են քայլեր ձեռնարկել հայ-ադրբեջանական սահմանին կայունության եւ անվտանգության մակարդակը բարձրացնելու ուղղությամբ եւ գործընթացը տանել դեպի դելիմիտացիայի եւ դեմարկացիայի երկկողմ հանձնաժողովի ձեւավորում: Երեք երկրների ղեկավարների ստորագրած հայտարարությունից բխում է, որ սահմանազատման եւ սահմանագծման հանձնաժողովի գործունեությանը պետք է նախորդի հայ-ադրբեջանական սահմանին անվտանգության մակարդակի բարձրացմանն ուղղված քայլերի շուրջ պայմանավորվածությունների ձեռքբերումը եւ դրանց իրագործումը: Սա տրամաբանական է նաեւ այն պատճառով, որ դժվար է պատկերացնել սահմանազատման աշխատանքների իրականացում այն սահմանին, որտեղ ամեն օր տեղի են ունենում հրադադարի ռեժիմի խախտումներ: Հայաստանի Հանրապետությունը, իրապես շահագրգռված լինելով պայմանավորվածությունների լիարժեք իրագործմամբ, դրանց իրականացման իր պատկերացումներն է ձեւակերպել: Ադրբեջանական կողմը որեւէ բովանդակային արձագանք չի տվել, բայց մերժել է դրանք՝ փոխարենը չառաջարկելով երեք երկրների ղեկավարների պայմանավորվածությունները կյանքի կոչելու տարբերակներ: Հայաստանի առաջարկները «պայման», «նախապայման» անվանելը, ապա դրանց վերաբերյալ բարոյական, քաղաքական, իրավական գնահատականներ հնչեցնելը ոչ մի տրամաբանական կապ չունի վերը նշված գործընթացի հետ:  – Ադրբեջանի ԱԳ նախարարը նաեւ նշել է, թե Հայաստանը վիժեցրել է եռակողմ աշխատանքային խմբի գործունեությունը: Ինչ կասեք այս հայտարարության առիթով:  – Եթե նկատի է առնվում տարածաշրջանային կոմունիկացիաների բացման հարցով Եռակողմ աշխատանքային խումբը, զավեշտալի զուգադիպությամբ նույն օրը առավոտյան տեղի ունեցած կառավարության նիստում վարչապետ Փաշինյանը հայտարարեց, որ  Հայաստանը Երասխ-Ջուլֆա-Օրդուբադ-Մեղրի-Հորադիզ երկաթուղու վերականգման գործնական քայլերի փուլում է եւ աշխատանքային խմբի հայաստանյան համանախագահ, փոխվարչապետ Մհեր Գրիգորյանը փետրվարի 2-ին Երեւանում այս թեմայով առարկայական քննարկում է ունեցել ռուսաստանցի իր գործընկերոջ՝ փոխվարչապետ Ալեքսեյ Օվերչուկի եւ «Ռուսական երկաթուղիներ» ԲԲԸ գլխավոր տնօրեն Օլեգ Բելոզյորովի հետ: Վարչապետ Փաշինյանը գնահատելով իրադրությունը հայտարարեց, որ Եռակողմ աշխատանքային խմբի աշխատանքի առաջին արդյունքների արձանագրումը շատ մոտ է թվում: Այս համատեքստում Ադրբեջանի ԱԳ նախարարի հայտարարությունները առնվազն տարօրինակ են եւ հույս ունենք երկաթուղու վերագործարկման հարցում Բրյուսելում ձեռքբերված պայմանավորվածություններից Ադրբեջանի հրաժարում չեն նշանակում: Նշեմ, որ Հայաստանի Հանրապետությունը վերահաստատում է իր հավատարմությունը ձեռք բերված պայմանավորվածություններին, որի մասին ՀՀ վարչապետը մի քանի անգամ հրապարակային հայտարարել է: Նշենք նաեւ, որ ավտոճանապարհների բացման մասին նույնպես Հայաստանը առաջարկություններ է արել ադրբեջանական կողմին: Այդ առաջարկություններին մինչեւ օրս որեւէ պատասխան ադրբեջանական կողմից չի հնչել: Հայաստանը պատրաստ է օր առաջ սկսել այդ առաջարկների իրագործումը: Հիշեցնենք, որ ավելի վաղ Ադրբեջանի արտգործնախարար Ջեյհուն Բայրամովը հայտարարել էր, թե «Հայաստանը, որը 30 տարի օկուպացրել է ադրբեջանական հողերը, չունի իրավական, քաղաքական կամ բարոյական իրավունք սահմանների սահմանազատման հարցում որևէ պայման դնելու»։
22:21 - 03 փետրվարի, 2022
ՀՀ բնակչության 46%-ը կարծում է, որ Հայաստանը առանց այլ երկրի օգնության կարող է պաշտպանել իր սահմանը․ՄՀԻ հետազոտության տվյալները

ՀՀ բնակչության 46%-ը կարծում է, որ Հայաստանը առանց այլ երկրի օգնության կարող է պաշտպանել իր սահմանը․ՄՀԻ հետազոտության տվյալները

ՀՀ բնակչության 46%-ը կարծում է, որ Հայաստանը առանց որևէ այլ երկրի օգնության կարող է պաշտպանել իր սահմանը Ադրբեջանի հետ։ Հարցին, թե Հայաստանը կարո՞ղ է առանց այլ երկրի օգնության պաշտպանել Ադրբեջանի հետ իր սահմանը, ՀՀ բնակչության 29%-ը պատասխանել է միանշանակ այո, 17%-ը ՝ ավելի շատ այո։  Իսկ բնակչության 53%-ը կարծում է, որ ՀՀ-ն չի կարող առանց այլ երկրի օգնության պաշտպանել սահմանը։ Հարցվածների 24%-ը այս հարցին պատասխանել է ավելի շատ ոչ, 29%-ը` միանշանակ ոչ։ Հայաստանն ի վիճակի է պաշտպանել Ադրբեջանի հետ սահմանն առանց այլ երկրի օգնության  Այս մասին  տեղեկանում ենք Միջազգային հանրապետական ինտիտուտի կատարած հետազոտությունից, որը վերաբերում է ՀՀ բնակչության շրջանում հանրային կարծիքի ուսումնասիրմանը: Տվյալները հավաքվել են 2021 թ․-ի նոյեմբերի 22-ից դեկտեմբերի 5-ը ընկած ժամանակահատվածում։ Հարցմանը մասնակցել է 1512 չափահաս քաղաքացի՝ ՀՀ բոլոր մարզերից եւ մայրաքաղաք Երեւանից։ Հարցին, թե որ երկիրը կնախընտրեն Հայաստանի սահմանների պաշտպանությանը օժանդակելու համար, 47%-ը պատասխանել է Ռուսաստան, 18%-ը ԱՄՆ, 14%-ը՝ Ֆրանսիա։ Ո՞ր երկիրը կնախընտրեք Հայաստանի սահմանների պաշտպանությանն օժանդակելու համար      
18:56 - 03 փետրվարի, 2022
Մհեր Գրիգորյանը և Հայաստանում ՄԱԿ-ի մշտական համակարգողը քննարկել են մարդկային կապիտալի զարգացման ուղղությամբ նախատեսվող բարեփոխումները

Մհեր Գրիգորյանը և Հայաստանում ՄԱԿ-ի մշտական համակարգողը քննարկել են մարդկային կապիտալի զարգացման ուղղությամբ նախատեսվող բարեփոխումները

Փոխվարչապետ Մհեր Գրիգորյանն ընդունել է Հայաստանում ՄԱԿ-ի մշտական համակարգողի ժամանակավոր պաշտոնակատար Լիլա Փիթրս Յահյային: Ողջունելով հյուրին՝ փոխվարչապետը շնորհավորել է նրան ՄԱԿ-ի մշտական համակարգողի պատասխանատու պաշտոնում նշանակվելու կապակցությամբ և անդրադարձել ՄԱԿ-ի հետ ձևավորված կառուցողական համագործակցության հիմնական ուղղություններին: Զրուցակիցները մտքեր են փոխանակել ՄԱԿ-ի կայուն զարգացման նպատակների և Կառավարության ծրագրի համահունչ սկզբունքների և անելիքների վերաբերյալ: Մասնավորապես քննարկվել են մարդկային կապիտալի զարգացման ուղղությամբ նախատեսվող բարեփոխումները: Երկուստեք ընդգծվել է 2021 թվականի հունիսին Հայաստանի Հանրապետության Կառավարության և ՄԱԿ-ի գրասենյակի միջև ստորագրված Կայուն զարգացման համագործակցության շրջանակը փաստաթղթի կարևորությունը, և այդ համատեքստում անդրադարձ է կատարվել Համագործակցության շրջանակի Համատեղ ղեկավար կոմիտեի հիմնադրման հարցին: Փոխվարչապետը և ՄԱԿ-ի մշտական համակարգողի ժամանակավոր պաշտոնակատարը շեշտել են նաև Հայաստանի զարգացման գործընկերների հետ համագործակցության համակարգման հարթակի կարևորությունը և դրա շրջանակներում աշխատանքները շարունակելու անհրաժեշտությունը: 
18:55 - 03 փետրվարի, 2022
Երևանը իրավական, քաղաքական, բարոյական իրավունք չունի առաջ քաշելու նախապայմաններ․ Բայրամով
 |azatutyun.am|

Երևանը իրավական, քաղաքական, բարոյական իրավունք չունի առաջ քաշելու նախապայմաններ․ Բայրամով |azatutyun.am|

azatutyun.am: «Երկու շաբաթ առաջ Հայաստանը հանդես է եկել Ադրբեջանի հետ սահմանի սահմանազատման նոր առաջարկներով», - այս մասին հայտարարել է Ադրբեջանի արտգործնախարար Ջեյհուն Բայրամովը։ Նրա խոսքով, հայկական կողմը որոշ պայմաններ է առաջ քաշել Ադրբեջանի և Հայաստանի միջև սահմանի սահմանագծման և սահմանազատման հանձնաժողովի աշխատանքները սկսելու համար։ «Ադրբեջանը հայտարարել է, որ կարող է սկսել այս գործընթացը, բայց առանց որևէ պայմանի», - հունգարացի պաշտոնակցի հետ Բաքվում տեղի ունեցած համատեղ ասուլիսի ընթացքում նշել է Բայրամովը՝ հավելելով, որ սահմանների սահմանազատման հարցում «կրեատիվ» մոտեցումների կարիք չկա։ «Միջազգային սահմանները պետք է ճանաչվեն. Հայաստանը, որը 30 տարի օկուպացրել է ադրբեջանական հողերը, չունի իրավական, քաղաքական կամ բարոյական իրավունք սահմանների սահմանազատման հարցում որևէ պայման դնելու», - ադրբեջանական լրատվամիջոցների փոխանցմամբ՝ պնդել է Ադրբեջանի դիվանագիտության ղեկավարը:  
18:28 - 03 փետրվարի, 2022
ՀՀ բնակչության 25%-ի կարծիքով՝ դեմարկացիայի և դելիմիտացիայի գործընթացը պետք է սկսել ԼՂ խնդրի վերջնական լուծման և խաղաղության պայմանագրի ստորագրումից հետո

ՀՀ բնակչության 25%-ի կարծիքով՝ դեմարկացիայի և դելիմիտացիայի գործընթացը պետք է սկսել ԼՂ խնդրի վերջնական լուծման և խաղաղության պայմանագրի ստորագրումից հետո

ՀՀ բնակչության 25%-ը կարծում է, որ Հայաստանի և Ադրբեջանի միջև դեմարկացիայի և դելիմիտացիայի գործընթացը պետք է սկսել Լեռնային Ղարաբաղի խնդրի վերջնական լուծման և խաղաղության պայմանագիր ստորագրելուց հետո։ Այս մասին  տեղեկանում ենք Միջազգային հանրապետական ինտիտուտի կատարած հետազոտությունից, որը վերաբերում է ՀՀ բնակչության շրջանում հանրային կարծիքի ուսումնասիրմանը: Տվյալները հավաքվել են 2021 թ․-ի նոյեմբերի 22-ից դեկտեմբերի 5-ը ընկած ժամանակահատվածում։ Հարցմանը մասնակցել է 1512 չափահաս քաղաքացի՝ ՀՀ բոլոր մարզերից եւ մայրաքաղաք Երեւանից։ 16%-ը պատասխանել է, որ դելիմիտացիայի և դեմարկացիայի գործընթացը պետք է սկսել հայկական զինված ուժերի վերականգնումից հետո, 16%-ի կարծիքով՝ գործընթացի մեկնարկը չի բխում Հայաստանի և Արցախի շահերից, 15%-ը համարել է, որ գործընթացը պետք է սկսել որքան հնարավոր է շուտ, 14%-ի կարծիքով՝ գործընթացը անհրաժեշտ է սկսել դելիմիտացիայի և դեմարկացիայի գործընթացի սկզբունքների հստակեցումից հետո: 4%-ը համարել է, որ նախքան դեմարկացիայի և դելիմիտացիայի գործընթացի մեկնարկը անհրաժեշտ է ապառազմականացնել սահմանագծի որոշ հատվածներ։ Հայաստանը ե՞րբ պետք է սկսի դեմարկացիայի և դելիմիտացիայի գործընթացը  
18:09 - 03 փետրվարի, 2022
ՀՀ բնակչության 35%-ի համար ԼՂ հակամարտության ընդունելի լուծումը ԼՂ-ի՝ որպես անկախ պետության ճանաչումն է

ՀՀ բնակչության 35%-ի համար ԼՂ հակամարտության ընդունելի լուծումը ԼՂ-ի՝ որպես անկախ պետության ճանաչումն է

ՀՀ բնակչության 35%-ի համար Լեռնային Ղարաբաղի հակամարտության ընդունելի լուծումը ԼՂ-ի՝ որպես անկախ պետության ճանաչումն է, 34%-ը կողմ է ԼՂ-ի միացմանը Հայաստանին՝ որպես ՀՀ մարզ։ Այս մասին տեղեկանում ենք Միջազգային հանրապետական ինտիտուտի կատարած հարցումից, որը վերաբերում է ՀՀ բնակչության շրջանում հանրային կարծիքի ուսումնասիրմանը: Տվյալները հավաքվել են 2021 թ․-ի նոյեմբերի 22-ից դեկտեմբերի 5-ը ընկած ժամանակահատվածում։ Հարցմանը մասնակցել է 1512 չափահաս քաղաքացի՝ ՀՀ բոլոր մարզերից եւ մայրաքաղաք Երեւանից։ 16%-ը կողմ է, որ ԼՂ-ն Հայաստանի կազմում ինքնավար մարզի կարգավիճակ ստանա։ ՌԴ կազմում Լեռնային Ղարաբաղի կարգավիճակին կողմ է հարցվածների 11%-ը, Լեռնային Ղարաբաղի ներկայիս ստատուս քվոն պահպանելուն կողմ է հարցվածների 1%-ը։ Ո՞րը կլինի Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման ընդունելի լուծումը Հարցին, թե որքանով է կարևոր Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորումը Հայաստանի ապագայի համար հաջորդ 10 տարիներին, հարցվածների 82%-ը պատասխանել են, որ Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորումը Հայաստանի համար շատ կարևոր է, 14%-ը համարել է, որ մասամբ կարևոր է, 1% համարել է, որ մասամբ կարևոր չէ, 2%-ը համարել է, որ ընդհանրապես կարևոր չէ։ Որքանո՞վ է կարևոր Լեռնային Ղարաբաղի խնդրի լուծումը Հայաստանի ապագայի համար առաջիկա 10 տարիներին      
17:16 - 03 փետրվարի, 2022
Պոլսո Հայոց պատրիարքը ողջունել է Երևան-Ստամբուլ ուղիղ թռիչքների վերսկսումը |armenpress.am|

Պոլսո Հայոց պատրիարքը ողջունել է Երևան-Ստամբուլ ուղիղ թռիչքների վերսկսումը |armenpress.am|

armenpress.am: Պոլսո Հայոց պատրիարք Սահակ արքեպիսկոպոս Մաշալյանը փետրվարի 3-ին ընդունել է  Flyօne Armenia ավիաընկերության կառավարման խորհրդի նախագահ Արամ Անանյանին և նրա գործընկերներին, ովքեր փետրվարի 2-ին իրականացված առաջին չվերթով Երևանից ժամանել են Ստամբուլ: Այս մասին հայտնում է Պոլսո Հայոց պատրիարքարանը:  Պոլսո պատրիարք Մաշալյանն իր գոհունակությունն է հայտնել Հայաստանի և Թուրքիայի միջև ուղիղ թռիչքների վերսկսման կապակցությամբ՝ նշելով, որ այս քայլը ջերմորեն ողջունում են նաև համայնքի անդամները: Նա հույս է հայտնել, որ թռիչքների վերսկսումը դրական գործոն կդառնա երկու երկրների հարաբերությունների բնականոն ընթացքը խթանելու ճանապարհին: Պատրիարք Մաշալյանը համոզմունք է հայտնել, որ ուղիղ հաղորդակցման հնարավորություններն անգնահատելի են երկու ժողովուրդների ու երկրների փոխադարձ ճանաչման իմաստով: Flyօne Armenia ավիաընկերության կառավարման խորհրդի նախագահ Արամ Անանյանն իր հերթին շնորհակալություն է հայտնել ջերմ ընդունելության համար՝ հայտնելով, որ ընկերությունը թռիչքներն իրականացնում է ամենայն պատասխանատվությամբ ու գիտակցում է գործի կարևորությունը: Նա հույս է հայտնել, որ Թուրքիայի հայկական համայնքի անդամները կօգնեն իրենց ջանքերին ու մեծապես կօգտվեն ուղիղ թռիչքներից: Ակնկալվում է, որ Անանյանը փետրվարի 3-ին կայցելի նաև Սուրբ Փրկիչ Ազգային հիվանդանոց՝ հանդիպելու հիվանդանոցի հոգաբարձուների խորհրդի նախագահ Պետրոս Շիրինօղլուին, ով նաև գլխավորում է Թուրքիայի հայկական վաքըֆների միությունը: Սևծովյան տնտեսական համագործակցության կազմակերպություն այցի ընթացքում Անանյանը կհանդիպի տեղի հայկական մամուլի ներկայացուցիչների հետ: Լուսանկարը՝ «Ժամանակ» օրաթերթի
17:04 - 03 փետրվարի, 2022
ԵԽ-ում ՀՀ մշտական ներկայացուցիչ Արման Խաչատրյանը հանդիպել է ԵԽԽՎ նախագահ Թինի Քոկսին

ԵԽ-ում ՀՀ մշտական ներկայացուցիչ Արման Խաչատրյանը հանդիպել է ԵԽԽՎ նախագահ Թինի Քոկսին

Փետրվարի 3-ին Եվրոպայի խորհրդում Հայաստանի մշտական ներկայացուցիչ Արման Խաչատրյանը հանդիպել է ԵԽ Խորհրդարանական վեհաժողովի նախագահ Թինի Քոկսին․ տեղեկացնում են Եվրոպայի խորհրդում (ԵԽ) Հայաստանի մշտական ներկայացուցչությունից։ «Շնորհավորելով Թինի Քոկսին ԵԽԽՎ նախագահի պաշտոնում ընտրվելու կապակցությամբ՝ դեսպան Խաչատրյանն ընդգծեց ԵԽԽՎ կարևոր առաքելությունը Եվրոպայում մարդու իրավունքների պաշտպանության, ժողովրդավարության ամրապնդման և օրենքի գերակայության ապահովման հարցերում՝ որպես քաղաքական քննարկումների համաեվրոպական հարթակ։ Առանձնանշվեց ԵԽԽՎ ձմեռային նստաշրջանի ընթացքում ընդունված «Հայաստանում ժողովրդավարական ինստիտուտների գործունեությունը» բանաձևի կարևորությունը, որով վերահաստատվել է, որ Հայաստանը զգալի առաջընթաց է արձանագրել ժողովրդավարության զարգացման հարցում։ Այս համատեքստում կարևորվեց, որ նույն բանաձևում Վեհաժողովը վերահաստատել է հայ ռազմագերիների վերադարձի հրամայականը, հոգևոր և մշակութային ժառանգության պահպանման անհրաժեշտությունը, ինչպես նաև ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահության շրջանակներում Լեռնային Ղարաբաղի հակամարտության արդար և տևական լուծման անհրաժեշտությունը։ Դեսպան Խաչատրյանը ԵԽԽՎ նախագահին ներկայացրեց Ադրբեջանի կողմից Արցախի դեմ սանձազերծված պատերազմի հումանիտար հետևանքները՝ այդ թվում հայ ռազմագերիների և այլ պահվող անձանց հայրենադարձման խնդիրը։ Կարևորվեց ԵԽԽՎ շարունակական դերակատարությունը այս խնդիրների բարձրաձայնման և կարգավորման ուղղությամբ»,- ասված է հաղորդագրությունում։
16:26 - 03 փետրվարի, 2022
Քաղաքացիների 34 %-ը համարում է, որ ՀՀ-ն ընթանում է ճիշտ, 46 %-ը՝ սխալ ուղով․ ՄՀԻ հարցում

Քաղաքացիների 34 %-ը համարում է, որ ՀՀ-ն ընթանում է ճիշտ, 46 %-ը՝ սխալ ուղով․ ՄՀԻ հարցում

Հայաստանի Հանրապետության քաղաքացիների 34 %-ը երկրի առջեւ ներկայումս ծառացած ամենակարեւոր խնդիրը համարում է տարածքային, սահմանային հարցը, 17 %-ը՝ ազգային անվտանգությունը, եւս 17 %-ը տնտեսական խնդիրը, գործազրկությունը։ Այս մասին տեղեկանում ենք Միջազգային հանրապետական ինտիտուտի կատարած հարցումից, որը վերաբերում է ՀՀ բնակչության շրջանում հանրային կարծիքի ուսումնասիրմանը: Տվյալները հավաքվել են 2021 թվականիի նոյեմբերի 22-ից դեկտեմբերի 5-ը ընկած ժամանակահատվածում պատահականության սկզբունքով արված հեռախոսազանգերի միջոցով։  Հարցմանը մասնակցել է 1512 չափահաս քաղաքացի՝ ՀՀ բոլոր մարզերից եւ մայրաքաղաք Երեւանից։ Հայաստանի առջեւ ծառացած ամենակարեւոր խնդիրների մեջ քաղաքացիները մատնանշել են նաեւ Կառավարության վատ աշխատանքը, քաղաքական անկայությունը, զինված ուժերի թուլությունը, գերիների վերադարձը, հասարակության մեջ միասնականության եւ համերաշխության պակասը եւ այլն։ Դրանց վերաբերյալ տոկոսային տվյալները՝ ստորեւ ցուցադրված գրաֆիկում․ Հարցվածների 11%-ը ամբողջովին գոհ է, իսկ 26 %-ը ընդհանրապես գոհ չէ երկրում ժողովրդավարության զարգացման ձեւից։ 40 %-ը գոհ է մասամբ, 21 %-ը մասամբ գոհ չէ, իսկ 2 %-ը նշել է, որ չգիտի կամ չի պատասխանել հարցին։ Հարցածների 61 %-ը համարել է, որ ՀՀ-ն կառավարվում է ի շահ որոշ խմբերի, իսկ  31 %-ը՝ ի շահ հասարակության մեծամասնության։ 8 տոկոսը չգիտի կամ հրաժարվել է պատասխանել։ Հարցին՝ ընդհանուր առմամբ, Հայաստանը ընթանում է ճի՞շտ ուղով թե՞ սխալ, 34 %-ը պատասխանել է՝ ճիշտ ուղով, 46 %-ը՝ սխալ, իսկ 21 %-ը՝ չգիտի կամ հրաժարվել է պատասխանել: Քաղաքացիների 39 %-ը կարծում է, որ մարդիկ ՀՀ-ում  միանշանակ կարող են ազդել որոշումների կայացման վրա, իսկ 17 %-ը կարծում է, որ միանշանակ չեն կարող։ 27 %-ը համարում է, որ հավանաբար կարող են, 16 %-ը՝ հավանաբար չեն կարող։ Եւս 2 %-ը  չգիտի կամ հրաժարվել է պատասխանել։ Հարցվածների 48 %-ը նաեւ համարում է, որ մարդիկ Հայաստանում միանշանակ չեն վախենում արտահայտել իրենց կարծիքը, իսկ 9 %-ը համարում է, որ միանշանակ վախենում են։ 18 %-ը կարծում է, որ երբեմն չեն վախենում, իսկ 9 %-ը ՝վախենում են երբեմն։ Եվս 3 %-ը չգիտի կամ հրաժարվել է պատասխանել։
16:18 - 03 փետրվարի, 2022
Ռուսաստանը՝ լավագույն գործընկեր, Թուրքիան ու Ադրբեջանը՝ մեծագույն սպառնալիք․ ՄՀԻ հետազոտության տվյալները

Ռուսաստանը՝ լավագույն գործընկեր, Թուրքիան ու Ադրբեջանը՝ մեծագույն սպառնալիք․ ՄՀԻ հետազոտության տվյալները

Միջազգային հանրապետական ինտիտուտը հրապարակել է  Հայաստանի բնակչության շրջանում արված հանրային կարծիքի հետազոտությունը: Տվյալները հավաքվել են 2021 թ․-ի նոյեմբերի 22-ից դեկտեմբերի 5-ը ընկած ժամանակահատվածում՝ հեռախոսազանգերի միջոցով։  Հարցմանը մասնակցել է 1512 չափահաս բնակիչ։ Ի թիվս այլնի՝ բնակիչները պատասխանել են նաև արտաքին քաղաքականության վերաբերող հարցերի։ Ռուսաստանը՝ լավագույն գործընկեր Այսպես․ հարցվածների 57%-ը կարծիք է հայտնել, որ Հայաստանի լավագույն  2 գործընկերներից մեկը Ռուսաստանի Դաշնությունն է, 50%-ը՝ Ֆրանսիան, 38 %-ը՝ ԱՄՆ-ն։  Ո՞ր 2 պետություններն եք համարում Հայաստանի լավագույն գործընկերը Ռուսաստանը առաջին տեղում է նաև որպես լավագույն տնտեսական գործընկեր։ Հարցվածների 61%-ը համարել է, որ Ռուսաստանն է Հայաստանի լավագույն 2 տնտեսական գործընկերներից մեկը, 40%-ը այդպիսի գործընկեր է  համարել Իրանին, 29%-ը՝ Չինաստանին, ԱՄՆ-ն՝ 16%-ին։ Ո՞ր 2 պետություններն եք համարում Հայաստանի լավագույն տնտեսական գործընկերը Ռուսաստանը առաջատար է նաև անվտանգային տեսանկյունից։ Բնակիչների 64%-ը կարծում է, որ Հայաստանի 2 կարևորագույն անվտանգային գործընկերներից մեկը Ռուսաստանն է, 32%-ը այդպիսի գործընկեր է համարել Ֆրանսիային, 31%-ը՝ Իրանին։ Ո՞ր 2 պետություններն եք համարում Հայաստանի անվտանգային ամենակարևոր գործընկերը   Թուրքիան, Ադրբեջանն ու Ռուսաստանը՝ մեծագույն սպառնալիք Հայաստանի համար քաղաքական ամենամեծ սպառնալիքը, ըստ հարցվածների 90%-ի, Թուրքիան է: 77%-ը այդպիսի երկիր է համարել Ադրբեջանը։ Հարցվածների 15%-ի կարծիքով՝ Հայաստանի ամենամեծ քաղաքական սպառնալիքը Ռուսաստանն է։ Հայաստանի համար ո՞ր 2 պետություններն են ամենամեծ քաղաքական սպառնալիքը Հայաստանի համար տնտեսական մեծագույն սպառնալիքը, հարցվածների 68%-ի կարծիքով, Թուրքիան է։  52%-ը այդպիսի երկիր է համարել Ադրբեջանը։ 17%-ի կարծիքով՝ Ռուսաստանն է Հայաստանի համար ամենամեծ տնտեսական սպառնալիք հանդիսացող երկու երկրներից մեկը։  Հայաստանի համար ո՞ր 2 պետություններն են ամենամեծ տնտեսական սպառնալիքը Իսկ բնակիչների 88%-ի կարծիքով՝ Հայաստանի անվտանգության ամենամեծ սպառնալիքը  Թուրքիան է,  81%-ը՝ Ադրբեջանը, 11%-ը՝ Ռուսաստանը։  Հայաստանի համար ո՞ր երկու պետություններն են անվտանգության տեսանկյունից ամենամեծ սպառնալիքը  
16:09 - 03 փետրվարի, 2022
Հայաստանում թուրքերն անշարժ գույք ունեն, ռազմավարական կարևոր օբյեկտներ այդ ցանկում չկան. Վահան Քերոբյան |armenpress.am|

Հայաստանում թուրքերն անշարժ գույք ունեն, ռազմավարական կարևոր օբյեկտներ այդ ցանկում չկան. Վահան Քերոբյան |armenpress.am|

armenpress.am: Հայաստանում թուրքերն անշարժ գույք ունեն։ «Արմենպրես»-ի հաղորդմամբ` այս մասին ՀՀ կառավարության նիստից հետո լրագրողների հետ ճեպազրույցում հայտարարեց Էկոնոմիկայի նախարար Վահան Քերոբյանը` անդրադառնալով լուրերին, թե վերջին շրջանում թուրքերը Հայաստանում կապիտալ են ձեռք բերում: «Միշտ եղել է, օրինակ` անշարժ գույք, ընկերություններ»,– ասաց Քերոբյանը։ Ավելի կոնկրետ տեղեկատվության համար, թե Թուրքիայի քաղաքացիներն ինչ գույք ունեն Հայաստանում, նախարարը լրագրողներին առաջարկեց դիմել Կադաստրի կոմիտե, պետռեգիստր և Կենտրոնական դեպոզիտարիա։ Միևնույն ժամանակ, Էկոնոմիկայի նախարարը վստահեցրեց, որ ռազմավարական կարևոր օբյեկտներ այդ ցանկում չկան։ Վահան Քերոբյանը հայտարարեց, որ Հայաստանի տնտեսությունն այդ առումով Թուրքիայի համար միշտ բաց է եղել, բացի 2021 թվականից, երբ կառավարությունը թուրքական ապրանքների ներմուծման նկատմամբ էմբարգո կիրառեց։ «Եթե գնաք «Փեթակ», այնտեղ ժողովուրդը 10 տարի առաջ էլ բավական գործնական հարաբերություններ է ունեցել իրենց թուրք գործընկերների հետ»,– ասաց Քերոբյանը:
14:08 - 03 փետրվարի, 2022
Արտաշես Թումանյանն արդյունավետ է գնահատել Օվերչուկի և Բելոզյորովի հետ հանդիպումը |armenpress.am|

Արտաշես Թումանյանն արդյունավետ է գնահատել Օվերչուկի և Բելոզյորովի հետ հանդիպումը |armenpress.am|

armenpress.am: Հայաստանի երկաթուղու Երասխ-Ադրբեջանի Հանրապետության սահման և Մեղրիի հատվածների վերականգնման հարցով զբաղվող աշխատանքային խումբը սկսել է իր դաշտային աշխատանքները, տեղում գնահատում է իրավիճակը: Կառավարության նիստի ժամանակ այս մասին նշեց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը: «Վարչապետի խորհրդական Արտաշես Թումանյանի գլխավորությամբ ստեղծվել է աշխատանքային խումբ, որը արդեն դաշտային աշխատանքով է զբաղվելու: Նայում են տարածքները, շինարարության հրապարակների տեղերը: Աշխատանքային խումբը եղել է Երասխում և Մեղրիում, գնահատել իրավիճակը»,- ասաց Փաշինյանը: Աշխատանքային խմբի ղեկավար, վարչապետի խորհրդական Արտաշես Թումանյանը նշեց, փետրվարի 2-ին ՀՀ փոխվարչապետ Ալեքսեյ Օվերչուկի, «Ռուսական երկաթուղիներ» ԲԲԸ նախագահ Օլեգ Բելոզյորովի հետ հանդիպման արդյունքում աշխատանքի հեռանկարը և ճանապարհային քարտեզը արդեն որոշակիորեն ուրվագծվում է: «Աշխատանքային խումբը սկսել է իր գործունեությունը, առաջին նիստը եղել է, արդեն Հանրապետության առանձին պետական գերատեսչությունների և ռուսական կողմի հետ նախնական նկատառումները կան, թե ինչպես պետք է համագործակցենք: Երեկվա նիստը շատ գործնական էր, և ռուսական կողմը իր տեսլականը ներկայացրեց: Առաջիկա անելիքները պատկերացնում ենք, կարծում եմ հաջողության դեպքում արդյունքներ կունենանք»,- եզրափակեց Թումանյանը:
13:36 - 03 փետրվարի, 2022
Flyone Armenia-ի առաջին չվերթով Ստամբուլ է մեկնել շուրջ 60 մարդ |armenpress.am|

Flyone Armenia-ի առաջին չվերթով Ստամբուլ է մեկնել շուրջ 60 մարդ |armenpress.am|

armenpress.am: Հայկական Flyone Armenia ավիաընկերության առաջին չվերթը Երևան-Ստամբուլ-Երևան ուղղությամբ կայացավ փետրվարի 2-ին. ընկերության Airbus Α320 օդանավը «Զվարթնոց» միջազգային օդանավակայանից շուրջ 60 ուղևորի տեղափոխեց Ստամբուլի ամենամեծ, նորակառույց Ստամբուլ օդանավակայան։ Առաջին թռիչքը լուսաբանելու էին եկել թուրքական բոլոր առաջատար լրատվամիջոցները։ Օդանավակայանում Flyone Armenia ավիաընկերության խորհրդի նախագահ Արամ Անանյանը հանդես եկավ հայտարարությամբ: «Հարգելի բարեկամներ, սիրելի գործընկերներ, ուրախ եմ ողջունելու բոլորիդ և շնորհակալ եմ մեր չվերթի հանդեպ ձեր ուշադրության ու ձեր աշխատանքի համար։ Մեր ընկերությունն իրականացրեց Երևան- Ստամբուլ- Երևան երթուղով առաջին չվերթը, որը կապեց մեր երկու հնամենի քաղաքները։ Այս պահին Ստամբուլում մեր օդանավ բարձրացած ուղևորները կմեկնեն Երևան։ Մենք կարևորում ենք Երևանի և Ստամբուլի միջև փոխադարձ օդային հաղորդակցության վերականգնումը և այս առիթով ցանկանում եմ շնորհակալություն հայտնել երկու երկրների ավիացիոն իշխանություններին, ինչպես նաև մեր ուղևորներին վստահության համար։ Առիթից օգտվելով՝ ողջունում ենք նաև Pegasus ավիաընկերությանը, որն այսօր, Ստամբուլի մեկ այլ օդանավակայանից իրացնելու է Ստամբուլ-Երևան-Ստամբուլ երթուղով չվերթները։ Մենք ներկայացնում ենք ավիաընկերություն և չենք հնչեցնելու գնահատականներ քաղաքականության մասին։ Դա մեր առաքելությունը չէ։ Մեր առաքելությունն այլ է` որակյաl, մատչելի ու անվտանգ ավիացիոն ծառայությունների տրամադրում, ինչի արդյունքում իրար են կապվում մարդիկ ու քաղաքները, աշխուժանում են տնտեսական ու գործարար կապերը, զբոսաշրջությունն ու փոխադարձ այցելությունները, և մենք անելու ենք հնարավորը այն հավուր պատշաճի իրականացնելու համար։ Կարևորում ենք այս չվերթների մեկնարկը, ելնելով նաև այն հանգամանքից, որ դրանք կսերտացնեն նաև հայկական համայնքի կապը մայր հայրենիքի հետ։ Ես վստահ եմ, որ այս առումով, մեր չվերթները լինելու են հաջողված։ Կարծում եմ, ձեզնից շատերը ցանկանում են հասնակալ, թե տարբեր հարցերի շուրջ ինչպե՞ս են մտածում մեր երկրում։ Իմ համոզմամբ՝ ձեզ հետաքրքրող բոլոր հարցերի պատասխանները կարող եք գտնել այցելելով Հայաստան, և մեզ համար կրկնակի ուրախալի կլինի, եթե Հայաստան այցելելիս օգտվեք մեր ավիաընկերության ծառայությունից»,- նշեց Անանյանը։ Փետրվարի 3-ին Flyone Armenia ավիաընկերության խորհրդի նախագահ Արամ Անանյանի գլխավորությամբ ընկերության անդամները կհանդիպեն Պոլսո Հայոց 85-րդ պատրիարք Սահակ եպիսկոպոս Մաշալյանի և Պոլսո հայոց համայնքի մի շարք ներկայացուցիչների հետ։
11:44 - 03 փետրվարի, 2022