Ինֆոքոմ

Պենտագոնի մամուլի քարտուղարն անդրադարձել է Ուկրաինիայի արևելքում տեղի ունեցող իրադարձություններին

Պենտագոնի մամուլի քարտուղարն անդրադարձել է Ուկրաինիայի արևելքում տեղի ունեցող իրադարձություններին

Մենք մտահոգված ենք Ուկրաինայի արևելքում արձանագրված ռուսական ագրեսիայի սրմամբ ու 2020թ․ հուլիսին կնքած զինադադարի խախտումներով, ինչի պատճառով մարտի 26-ին 40 ուկրաինացի զինվոր է մահացել, երկուսը՝ վիրավորվել։ Այս մասին ասել է Պենտագոնի մամուլի քարտուղար Ջոն Կիրբին։ Նա նշել է, որ «Ռուսաստանի ապակայունացնող քայլերը վտանգում են լարվածության թուլացմանն ուղղված պայմանավորվածությունը, որին կարողացել ենք հասնել անցած տարվա հուլիսին ԵԱՀԿ միջնորդությամբ»։ Կիրբիի խոսքով՝ իրենք նաև ծանոթ են ուկրաինական զինվորականների հաղորդումներին սահմանային գոտում ռուսական զորքերի տեղաշարժերի վերաբերյալ։  «Մենք քննարկում ենք այս խնդիրները ՆԱՏՕ-ի գործընկերների հետ։ Ուզում եմ նաև նշել, որ ԱՄՆ Ազգային անվտանգության հարցերով խորհրդական Ջեյք Սալիվանը երկուշաբթի օրը զրուցել է Ուկրաինայի նախագահի աշխատակազմի ղեկավար Անդրեյ Երմակի հետ ու հաստատել ԱՄՆ անվերապահ աջակցությունը Ուկրաինայի ինքնիշխանությանը և տարածքային ամբողջականությանը, ինչպես նաև ՆԱՏՕ-ի դիրքորոշմանը ռուսական շարունակական ագրեսիայի նկատմամբ»,- ասել է խոսնակը։   Թարգմանությունը՝ Լիլիթ Հարությունյանի
11:38 - 01 ապրիլի, 2021
Ի՞նչ է պետք իմանալ «AstraZeneca» պատվաստանյութի մասին

Ի՞նչ է պետք իմանալ «AstraZeneca» պատվաստանյութի մասին

Մարտի 28-ին հայտնի դարձավ, որ Հայաստան է հասել «AstraZeneca» ընկերության՝ կորոնավիրուսի դեմ պատվաստանյութի առաջին խմբաքանակը։ Պատվաստանյութը ՀՀ է հասել «COVAX FACILITY» նախաձեռնության շրջանակներում, որի նպատակը COVID-19-ի դեմ պատվաստանյութերի մշակումը և արտադրությունն արագացնելն ու աշխարհի յուրաքանչյուր երկրի համար դրանց հասանելիությունն ապահովելն է։   «AstraZeneca» ընկերության պատվաստանյութի առաջացրած կողմնակի հետևանքների մասին միջազգային և հայաստանյան մամուլում տարբեր հրապարակումներ կան հետևյալ բովանդակությամբ․ «Գիտնականները հաստատել են AstraZeneca-ի պատվաստանյութի վտանգավոր կողմնակի էֆեկտը» «AstraZeneka կորոնավիրուսի դեմ պատվաստանյութից տարբեր երկրներում մարդիկ են մահանում, երկիր կա՝ տասնյակից ավել մարդ» Նույնաբովանդակ հրապարակումների կարելի է հանդիպել հայաստանյան տարբեր լրատվամիջոցներում (1,2)։ Infocom-ը ներկայացնում է, թե որն է «AstraZeneca» ընկերության պատվաստանյութի վերաբերյալ այսպիսի տեղեկությունների տարածման պատճառը, և ինչ կարծիք ունեն միջազգային կազմակերպությունները և տարբեր երկրների կառավարությունները պատվաստանյութի մասին։ Այսպիսով, «AstraZeneca»-ն միջազգային գիտական, կենսաբժշկական ընկերություն է, որի մշակած «AstraZeneca» պատվաստանյութը (երեկ այն անվանափոխվել է՝ դառնալով «Vaxzevria») օգտագործման թույլտվություն ստացավ այս տարվա հունվարին։ Արդեն փետրվարին հայտնի դարձավ, որ ԵՄ երկրները սկսում են պատվաստել իրենց քաղաքացիներին «AstraZeneca» ընկերության պատվաստանյութով։ Պատվաստանյութի կիրառումը թույլատրվել է կլինիկական  փորձարկումներ անցնելուց հետո, որոնց արդյունքում հայտնի է դարձել՝ դրա կիրառումն արդյունավետ է 18 տարեկանից բարձր մարդկանց համար։ Փորձարկումներին մասնակցած մարդկանց մեծամասնությունը եղել է 18-55 տարեկան։ Դեղերի եվրոպական գործակալության (European Medicines Agency) փորձագետները գտնում են, որ պատվաստանյութը կարող է կիրառվել նաև ավելի մեծ տարիքի մարդկանց համար։ Պատվաստանյութը երեխաների համար կիրառել դեռևս թույլատրված չէ։ Փորձարկումների ժամանակ պատվաստանյութի առաջացրած կողմնակի հետևանքներից են ցավը, հոգնածությունը, վատ ինքնազգացողությունը և այլն։  «AstraZeneca»-ի շուրջ հիմնական աղմուկը սկսվեց մարտի 16-ին, երբ եվրոպական մի շարք երկրներ, այդ թվում՝ Գերմանիան, Ֆրանսիան, Իտալիան և Իսպանիան դադարեցրին պատվաստանյութի կիրառումը։ Պատճառը լուրերն էին, որ պատվաստված որոշ մարդկանց մոտ առաջացել են արյան մակարդելիության խնդիրներ։ Դրան հետևեց Դեղերի եվրոպական գործակալության արձագանքը։ Արտահերթ հանդիպումից հետո գործակալությունը հայտարարեց․ Կորոնավիրուսի դեմ պայքարում պատվաստանյութից ստացված օգուտները գերազանցում են կողմնակի հետևանքների ռիսկերին։ Պատվաստանյութը չի կապվում այն ընդունած մարդկանց մոտ արյան մակարդելիության խանգարումների դեպքերի աճի համընդհանուր ռիսկի հետ։ Պատվաստանյութը կարող է կապված լինել արյան՝ թրոմբոցիտոպենիայով պայմանավորված ցածր մակարդելիության քիչ դեպքերի հետ՝ ներառյալ անոթներում թրոմբների առաջացման դեպքերը։ Գործակալությունը նշեց, որ այս դեպքերը հանդիպել են պատվաստվաստանյութն ընդունած մարդկանց շատ քիչ մասի մոտ, և բացի այդ՝ արյան մակարդելիության խնդիրներ կարող են առաջանալ նաև կորոնավիրուսի պատճառով։  Առողջապահության համաշխարհային կազմակերպությունը (ԱՀԿ) ևս հայտարարություն տարածեց՝ ասելով, որ ուսումնասիրում է կողմնակի հետևանքների մասին ստացված ահազանգերը, և կոչ արեց չդադարեցնել պատվաստման գործընթացը։ ՀՀ առողջապահության նախարարությունն էլ հայտնեց, որ ԱՀԿ-ի հետ քննարկել է վերջին շրջանում պատվաստանյութի վերաբերյալ շրջանառվող տեղեկությունները և ստացել պարզաբանումներ: Գերմանիան, Ֆրանսիան և եվրոպական այլ երկրներ  Դեղերի եվրոպական գործակալության հայտարարությունից հետո որոշեցին վերսկսել պատվաստանյութի կիրառումը։ Կանադան, սակայն, մարտի 30-ին հայտարարեց, որ դադարեցնում է 55 տարեկանից ցածր տարիք ունեցող մարդկանց պատվաստումները։ «Կա լուրջ անորոշություն այն բանի վերաբերյալ, թե ինչ օգուտ է տալիս պատվաստանյութը 55 տարեկանից ցածր տարիք ունեցող չափահաս մարկանց՝ հաշվի առնելով հնարավոր ռիսկերը»,- նշել է Կանադայի Իմունականխարգելման ազգային խորհրդատվական կոմիտեի (National Advisory Committee on Immunization) փոխնախագահ Շելլի Դիքսը։ Հայկական լրատվամիջոցներում տարածվող լուրերից մեկում խոսվում էր նաև «AstraZeneca»-ի պատվաստանյութից «մահվան տասնյակից ավելի դեպքերի մասին»։  Միակ հայտնի դեպքը, երբ «AstraZeneca»-ի պատվաստանյութի ընդունումից հետո մահ է գրանցվել, եղել է Վրաստանում։ Մարտի 18-ին հայտնի դարձավ, որ Մեգի Բարկաձե անունով վրացի բուժքրոջ մոտ պատվաստվելուց հետո անաֆիլակտիկ շոկ է առաջացել, և նրա կյանքը փրկել չի հաջողվել։ Վրաստանի առողջապահության նախարարն այս դեպքից հետո հայտարարեց, որ Վրաստանը կշարունակի պատվաստանյութի կիրառումը, սակայն միայն բազմապրոֆիլակտիկ հիվանդանոցներում։ «AstraZeneca»-ն քննադատվել է նաև իր պատվաստանյութի արդյունավետության վերաբերյալ հայտարարությունների համար։ Այսպես, կազմակերպությունը մարտի 22-ին հայտարարեց, որ պատվաստանյութը սիմպտոմատիկ կորոնավիրուսի դեմ 79% արդյունավետություն ունի։ ԱՄՆ  Ալերգիայի և ինֆեկցիոն հիվանդությունների ազգային ինստիտուտը մարտի 23-ին մեղադրեց «AstraZeneca»-ին, որ կազմակերպությունը հրապարակել է հնացած տվյալներ, որոնք կարող էին պատվաստանյութի արդյունավետության աստիճանի մասին սխալ պատկերացում կազմելու պատճառ դառնալ։ Ալերգիայի և ինֆեկցիոն հիվանդությունների ազգային ինստիտուտը կոչ արեց «AstraZeneca»-ին ստուգել տվյալները՝ ստանալու համար արդյունավետության վերաբերյալ առավել ճշգրիտ թվեր։ Մարտի 25-ին կազմակերպությունը թարմացրեց տվյալները՝ հայտնելով, որ սիմպտոմատիկ կորոնավիրուսի դեմ իր պատաստանյութն ունի 76% արդյունավետություն։ Տարաձայնություններ կան նաև այն հարցի շուրջ, թե որքանով է «AstraZeneca»-ի պատվաստանյութն արդյունավետ բարձր տարիքային խմբերի համար։ Դեռևս այս տարվա հունվարին Գերմանիայի Ռոբերտ Կոխի ինստիտուտի Պատվաստումների մշտական ​​հանձնաժողովը (Standing Committee on Vaccination at Germany's Robert Koch Institute)  հայտարարեց, որ պատվաստանյութը չի կարելի կիրառել 65 տարեկանից բարձր մարդկանց համար, քանի որ այս տարիքային խմբի համար պատվաստանյութի արդյունավետության վերաբերյալ բավարար տվյալներ չկան։ «AstraZeneca»-ն հերքեց այն լուրերը, որ իր պատվաստանյութը բարձր տարիքային խմբերի համար ունի ցածր արդյունավետություն։ Չնայած  Դեղերի եվրոպական գործակալության հայտարարությունից հետո Գերմանիան որոշել էր վերսկսել «AstraZeneca»-ի պատվաստանյութի կիրառումը, այսօր հայտնի դարձավ, որ երկիրը կկրճատի 60 տարեկանից բարձր մարդկանց պատվաստումները։ Գերմանիայի վարչապետ Անգելա Մերկելը հայտարարել է, որ կառավարությունը չի կարող անտեսել հաղորդումները, համաձայն որոնց՝ Գերմանիայում «AstraZeneca»-ի պատվաստանյութը ստացած որոշ մարդկանց մոտ թրոմբոզ է հայտնաբերվել։ Իսկ ավելի ուշ գերմանական երկու քաղաքներ դադարեցրին 60 տարեկանից ցածր մարդկանց պատվաստումները արյան մակարդելիության խնդիների մասին հաղորդումների պատճառով։ Դեղերի եվրոպական գործակալության անվտանգության կոմիտեն այսօր հանդիպում է ունեցել, որտեղ քննարկվել է «AstraZeneca»-ի պատվաստանյութը ստացած մարդկանց մոտ արյան մակարդելիության խնդիրների առաջացման հարցը։ Ըստ գործակալության՝ չնայած պատվաստանյութի հետ կապն ապացուցված չէ, բայց այսպիսի կապը հնարավոր է, և ուսումնասիրությունները շարունակվում են: ՀՀ առողջապահության նախարարությունը հայտնել է, որ պատվաստանյութի՝ Հայաստան բերված խմբաքանակը նախատեսված է ռիսկի խմբերի շրջանում, մասնավորապես՝ բուժաշխատողների, 65 տարեկան և բարձր տարիքի անձանց, 16-ից 64 տարեկան քրոնիկ հիվանդների, տարեցների խնամքի կենտրոնների բնակիչների և աշխատակիցների, սոցիալական խնամքի կենտրոնների աշխատակիցների՝ կամավորության սկզբունքով պատվաստման համար: Առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանն էլ այսօր ասել է, որ Հայաստան հասած առաջին խմբաքանակը նախատեսված է 12 հազար մարդու համար։ Ամփոփելով «AstraZeneca» ընկերության պատվաստանյութի մասին պաշտոնական աղբյուրներում հրապարակված տվյալները՝ պետք է նշել, որ չափազանցված են այն պնդումները, թե գիտնականներն ապացուցել են, որ պատվաստանյութը վտանգավոր կողմնակի հետևանքներ ունի, կամ տարբեր երկրներում պատվաստված մարդիկ են մահանում։ Պատվաստանյութի առաջացրած կողմնակի հետևանքների, ինչպես նաև տարիքային բարձր խմբերում արդյունավետության մասին մտահոգություններ կան, բայց այդ տվյալները դեռևս ուսումնասիրության փուլում են։ Աննա Սահակյան
19:19 - 31 մարտի, 2021
ԱՄՆ ռազմական փորձագետները լրջորեն ուսումնասիրում են 44 օրյա պատերազմի փորձը

ԱՄՆ ռազմական փորձագետները լրջորեն ուսումնասիրում են 44 օրյա պատերազմի փորձը

ԱՄՆ ռազմական փորձագետները լրջորեն ուսումնասիրում են 44 օրյա պատերազմի փորձը։ Այս մասին գրում է Foreign Policy կայքը։  Արցախյան երկրորդ պատերազմը ցույց տվեց, որ Ադրբեջանը կարողացավ հասնել հաջողության մեծապես ի շնորհիվ օդում եղած առավելության ու թուրքական Բայրաքթարների, ինչպես նաև Կամիկադզե թռչող սարքերի կիրառման, ինչը նաև ցույց է տալիս, թե  այժմ որքանով է  հեշտացել հակառակորդ զորքի ոչնչացումը առանց մեծ ֆինանսական ծախսերի։  Ասիմետրիկ պատերազմների խնդրիներով զբաղվող ԱՄՆ բանակի ստորաբաժանման ղեկավար գնդապետ Սքոթ Շոուի խոսքերով, ապագայում պատերազմների ժամանակ հենց ԱԹՍ-ներն են խաղալու հիմնական դեր և  դրանք գնալով ավելի մեծ տարածում են գտնելու, քանի որ էժան են։ Ըստ գնդապետ Շոուի, խոսքը գնում է ոչ միայն թռչող անօդաչու սարքերի, այլև ցամաքային ու ծովային անօդաչու սարքերի մասին, որոնք ևս աստիճանաբար կսկսեն կիրառվել։  Հաշվի առնելով այս ամենը՝ ԱՄՆ մարտական պատրաստվածության մակարդակն ու մարտունակությունը պահպանելու համար բանակը պետք է վերանայի և՛ իր տեխնիկական վերազինումը, և՛ ռազմական մարտավարությունը, անգամ՝ ռազմական հանդերձանքը ու հաղորդակցության եղանակները։
18:09 - 31 մարտի, 2021
Մշակույթի արդյունավետ կառավարումը՝ որպես Հայաստանի զարգացման մոդել  [Challenge 19.1 | Հայկ Վարդանյան]

Մշակույթի արդյունավետ կառավարումը՝ որպես Հայաստանի զարգացման մոդել [Challenge 19.1 | Հայկ Վարդանյան]

Challenge նախագիծն ուղղված է հանրային քննարկում խթանելու ներուժ ունեցող անհատների համար գրելու, ստեղծագործելու, փոփոխությունների միտք գեներացնելու ինչպես ֆինանսական, այնպես էլ հոգեբանական մոտիվացիա ստեղծելուն։ Յուրաքանչյուր հեղինակ հոդվածի վերջում «մարտահրավեր» է նետում այլ հրապարակախոսի, ոլորտային մասնագետի, փորձագետի կամ ցանկացած մարդու, որին համարում է թեմայի արժանի շարունակող։ Ներդրված է նվիրատվությունների համակարգ (հոդվածի վերջում), որի միջոցով ընթերցողը հնարավորություն ունի նվիրատվություն կատարելու հոդվածագրին։ infocom.am-ը հանդես է գալիս որպես միջնորդ՝ ընթերցողի և հոդվածագրի միջև։   Հայաստանի մշակութային պոտենցիալը (ազատ ստեղծագործողների հսկայական բանակ, միջազգային հարթակներում լուրջ հաջողությունների հասած հարյուրավոր հայկական անուններ, խորհրդային ժամանակներից ժառանգություն ստացած հրաշալի թատերահամերգային հարթակներ և ցուցասրահներ) պետք է որ թույլ տար մշակույթի ոլորտին զարգացման և ինքնաբավության ուրույն մոդել ձևավորել, ինչին դեռևս ականատես չենք լինում: Այս հոդվածը նպատակ ունի վերհանելու մշակույթի ոլորտի խորքային խնդիրները և դրանց լուծման փորձված ուղիներ առաջարկելու: Շատ կարևոր է հասկանալ ոլորտի ամենախորքային խնդիրը՝ պետության չափազանցված միջամտությունը ոլորտի կառավարմանը: Մշակույթի ոլորտը մեծամասամբ կազմակերպված է պետական ոչ առևտրային կազմակերպությունների՝ ՊՈԱԿ-ների տրամաբանությամբ և կարգավորվում է համապատասխան օրենսդրությամբ, ինչը ժամանակակից շուկայական հարաբերությունների համատեքստում ավելի շատ խոչընդոտներ է ստեղծում, քան զարգացման հնարավորություններ: Փաստորեն, պետությունը ոլորտի գլխավոր ներդրողն է, իսկ երբ պետության գործերը լավ չեն, դա հանգեցնում է մշակույթի բյուջեի էական կրճատման (ինչին ականատես ենք լինում 2021 թվականին), հետևաբար, ոլորտային խնդիրներն օրեցօր սրվելու են: Վերը նշված խնդրից հնարավոր կլիներ խուսափել, եթե ոլորտում ներդրողների բազմազանություն լիներ: Գաղտնիք չէ, որ խորհրդային տարիներից ժառանգություն ստացած թատերահամերգային հարթակները սպասարկման, երբեմն նույնիսկ կապիտալ վերանորոգման կարիք ունեն: Այդ ամենը միայն պետության կամ բարերարների ուսերին թողնելը փակուղային լուծում է: Հետևաբար, յուրաքանչյուր ՊՈԱԿ պետք է իր զարգացման ծրագրով և ներդրողին առաջարկելիք բիզնես մոդելով հանդես գալու հնարավորություն և ազատություն ունենա: Իսկ դա հնարավոր է միայն ՊՈԱԿ-ային օրենսդրության ռադիկալ փոփոխությունների և մշակույթի ոլորտի ազատականացման միջոցով: Եվս մեկ կարևոր խնդիր է այն, որ ոլորտի կազմակերպությունները ֆինանսական տեսանկյունից գրավիչ չեն կառավարիչների համար, այնինչ դրանց զարգացման նոր տեսլական ու ռազմավարություն մշակելը, կառավարման արդյունավետ համակարգերի ներդրումը հենց կառավարիչների անելիքներն են: Այստեղ ընթերցողին կարող է թվալ, որ փակուղային վիճակ ունենք․ զարգացման համար ծրագրեր են պետք, իսկ ծրագրերը պետք է մշակեն կառավարիչները, որոնց վճարելու հնարավորություն ՊՈԱԿ-ները չունեն: Այստեղ ևս պետությունն անհրաժեշտ ճկունություն պետք է դրսևորի՝ հրավիրվելիք կառավարիչներին և նրանց թիմերին առաջարկելով ներդրողի կարգավիճակ՝ ստեղծվելիք երկարաժամկետ արդյունքներից օգտվելու հնարավորությամբ: Բնականաբար, գործող օրենսդրության պարագայում նման իրավիճակ պատկերացնելն իսկ դժվար է, բայց նժարին դրված է ոլորտը կոլափսից փրկելու խնդիրը (այն, որ երկրի տնտեսական խնդիրներն առաջիկա մեկ-երկու տարում է՛լ ավելի են սրվելու, իսկ բյուջեն շարունակաբար կրճատվելու է, դժվար չէ կռահել), հետևաբար, օրենսդրական փոփոխություններն այն նվազագույն քայլերն են, որոնք պետությունը պետք է նախաձեռնի՝ ներդրողների համար ոլորտը գրավիչ դարձնելու համար: Եվս մեկ խնդիր, որի գիտակցումն առաջնահերթ է ինչպես մշակույթի, այնպես էլ այլ ոլորտների զարգացման համար՝ պետության վարքագծային մոդելը: Նախ, պետությունը պետք է տարանջատի սուբսիդավորողի և կառավարչի գործառույթները: Չպետք է մոռանալ, որ մշակույթի սուբսիդավորումը պետության սոցիալական պատասխանատվության (իր քաղաքացիներին կրթելու) անհրաժեշտ բաղադրիչ և անխուսափելի պարտավորություն է: Պետության առանցքային անելիքն այս ոլորտում օրենսդրական նպաստավոր պայմանների ապահովումն է՝ ազատ ստեղծագործողների կարգավիճակին առնչվող օրենսդրական բացը լրացնելը, մշակութային ՊՈԱԿ-ներին ձեռնարկատիրական գործունեության ավելի լայն ազատությունների տրամադրումը, մեկենասության մասին օրենքի ընդունումը և այլն: Այս ամենի հիմքում, բնականաբար, պետք է լինի պետության վարքագծային մոդելի վերանայումը՝ ոլորտի պրոֆեսիոնալներին լսելու, դաշտն ազատականացնելու, կառավարումն ապակենտրոնացնելու: Վերոնշյալը թույլ կտա բազմապատկել ինչպես մշակութային արդյունաբերության տեսակարար կշիռը, այնպես էլ, այդ աճով պայմանավորված, պետության հավաքագրելիք հարկերը: Իսկ նպաստավոր օրենսդրությունն իր հերթին հնարավոր կդարձնի երկարաժամկետ ներդրումային ծրագրերի իրագործումը: Վերջում ավելացնեմ, որ վերնագիրն ընտրվել է առանց ավելորդ չափազանցության, քանի որ Հայաստանն առաջին հերթին իր մշակութային պոտենցիալով է հայտնի, և եթե այդ պոտենցիալն իրացնելու ճանապարհային քարտեզ և կառավարման կենսունակ մոդելներ ունենանք, իսկ պետությունն անհրաժեշտ ճկունություն դրսևորի ՊՈԱԿ-ային և մշակութային օրենսդրությունը հանուն զարգացման վերանայելու, ապա բոլորս ականատես կլինենք այն հրաշքին, ինչը թույլ կտա բանաձևել ամբողջ երկրի զարգացման մոդելը: Հետգրություն․ թեման շարունակելու համար մարտահրավեր եմ նետում Վահան Արծրունուն: Մարտահրավերը բաց է թեմայով հետաքրքրվողների համար:   Օպերային երգիչ, ԵՊԿ Օպերային ստուդիայի տնօրեն
21:25 - 27 մարտի, 2021
2022-ից բնակիչները կարող են տեղադրել գազի հաշվիչների էլեկտրոնային ճշտիչներ

2022-ից բնակիչները կարող են տեղադրել գազի հաշվիչների էլեկտրոնային ճշտիչներ

2022 թվականի հունվարի 1-ից Հայաստանի բնակիչ-բաժանորդներն ու կենցաղային սպառում ունեցող կազմակերպությունները սեփական նախաձեռնությամբ եւ միջոցներով կարող են առեւտրային հաշվառքի իրենց սարքերը համալրել բնական գազի ճնշման եւ ջերմաստիճանի էլեկտրոնային ճշտիչով։ Գազի հաշվառման էլեկտրոնային ճշտիչները սարքեր են, որոնք հնարավորություն են տալիս գազի հավառման ժամանակ հաշվի առնել նաեւ օդի ջերմաստիճանը եւ մթնոլորտային ճնշումը։ Այժմ միայն իրավաբանական անձինք կարող են օգտագործել գազի հաշվառման էլեկտրոնային ճշտիչներ։ Սակայն 2020 թվականի դեկտեմբերի 9-ին ՀՀ հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովը 2005 թվականի հուլիսի 8-ի՝ «Բնական գազի մատակարարման եւ օգտագործման կանոնները հաստատելու մասին» N 95-Ն որոշման մեջ փոփոխություններ է արել՝ ի թիվս այլնի սահմանելով, որ արդեն 2022 թվականից բնակիչներն էլ կարող են տեղադրել էլեկտրոնային ճշտիչներ։ 2020 թվականի հունվարին Infocom-ն անդրադարձել էր այս թեմային՝ զրուցելով Քաղաքացու որոշում ՍԴ կուսակցության անդամ Հրանտ Ղարաբեկյանի հետ, որը տեւական ժամանակ ուսումնասիրել էր հարցը։ Վերջինս մանրամասնել էր, որ կախված ճնշումից եւ ջերմաստիճանից՝ գազն ունի տարբեր ծավալ։ Նրա խոսքով՝ երբ մենք գնում ենք գազը «Գազպրոմ Արմենիա»-ից, եւ երբ ասում են, որ այդ գազը մեկ խորանարդ է, ի նկատի ունեն ծովի մակարդակի բարձրության վրա, 0 կամ 20 աստիճան՝ կախված ստանդարտներից։ Գազի ծավալը բարձրադիր գոտիներում ավելի ընդարձակ է,  եւ այդ հաշվիչը ավելի շատ է պտտվում եւ ավելի շատ է ցույց տալիս:  Ղարաբեկյանն սկսել է ավելի մանրամասն ուսումնասիրել, եւ պարզվել է, որ կոմերցիոն ընկերությունների մոտ տեղադրված են հաշվիչներ, որոնք էլեկտրոնային եղանակով այդ պահին ծախսվող գազի համար հաշվի են առնում ինչպես արտաքին ճնշումը, այնպես էլ գազի ջերմաստիճանը, որը կարող է զգալի տատանումներ տալ ամսվա վերջի հաշվարկում: Սակայն այդ գործոնը, մեր զրուցակցի պնդմամբ, մեր բնակչության համար հաշվի չէր առնվում։ Թե ինչի հիման վրա է որոշվել, որ կոմերցիոն ընկերություններում մի ձեւ հաշվարկվի, բնակչության համար՝ մեկ այլն, ՀԾԿՀ-ն երկարատեւ գրագրությամբ էլ չէր ներկայացնել հաշվարկները՝ հղվելով այն փաստի վրա, որ օրենքով սահմանված չէ, որ այդ հաշվարկները իրենք պետք է անեն:  Այդուհանդերձ, որոշման մեջ փոփոխություններ են եղել, եւ բնակիչները եկող տարի արդեն կկարողանան իրենց միջոցներով տեղադրել էլեկտրոնային ճշտիչ սարքեր։ 
19:01 - 27 մարտի, 2021
«Про100 Гейм»․ ՌԴ-ում գրանցված կազմակերպությունը Հայաստանում կասկածելի գործունեություն է ծավալում

«Про100 Гейм»․ ՌԴ-ում գրանցված կազմակերպությունը Հայաստանում կասկածելի գործունեություն է ծավալում

Աշխատանքի կասկածելի առաջարկի հետքերով Ֆեյսբուքյան տարբեր խմբերում, որտեղ մարդիկ աշխատանք են փնտրում կամ առաջարկում, կարելի է հանդիպել տարբեր օգտատերերի աշխատանքի հայտարարությունների, որոնք ունեն հետևյալ բովանդակությունը․ Միակ պրոյեկտը, որտեղ ժամանակդ անիմաստ չես վատնում։ 1 ամսում վստահ կարող ես աշխատել 200 դոլարից սկսած մինչև 1000 դոլար։ Վաճառքի հետ չունի ոչ մի կապ («Օրիֆլեյմ», «Ֆաբերլիկ» չէ)։  Բոթ չէ։ Դուք ունեք հնարավորություն գումար աշխատել հենց առաջին իսկ օրից։ Կանխիկացումը՝ միանգամից, «Visa» և «Master» քարտերով։ Գրեն ռեալ գումար աշխատել ցանկացողները։ Հայտարարության բովանդակությունը կասկածելի է թվում, քանի որ բացակայում են աշխատանքի նկարագրությունը, աշխատանքի ընդունվելու համար պահանջվող հմտությունները, աշխատանք առաջարկող կազմակերպության անվանումը։ Կասկածելի է նաև այն, որ, ըստ հայտարարության, առաջարկվող աշխատանքին անցնելով, հնարավոր է գումար վաստակել հենց առաջին օրվանից, իսկ ամսական վճարը կարող է կազմել 200-ից 1000 դոլար։ Infocom-ի լրագրողն այս աշխատանքն առաջարկող «Onlayn Asxatank» ֆեյսբուքյան օգտատիրոջը մի ամիս առաջ ներկայանում է որպես աշխատանք փնտրող՝ խնդրելով մանրամասնել պայմանները։ «Onlayn Asxatank» օգտատերը հարցնում է՝ ծանո՞թ եք ցանցային բիզնեսին։ Infocom-ի լրագրողն ասում է, որ ծանոթ չէ, և խնդրում բացատրել։ Պարզվում է, որ առաջարկվող աշխատանքը «Про100 Гейм» անունով ընկերությունում է, իսկ աշխատանքի նկարագրության փոխարեն «Onlayn Asxatank» օգտատերն ասում է հետևյալը․ ««Про100 Гейм» ֆիրման ստեղծվել է 2020 թվականին, այն ռուսական է։ Ֆիրման մեկանգամյա ներդրումային է, համագործակցում է «Visa», «Master» քարտերի հետ, չկա շոշափելի պրոդուկտ, ներդրված գումարների դիմաց ֆիրման տրամադրում է մեզ բիզնես ծառայություն անվճար»։ Այս ոչինչ չասող պատասխանից հետո Infocom-ի լրագրողը խնդրում է կոնկրետ ներկայացնել, թե աշխատանքի ընդունվելու պարագայում, բացի գումար ներդնելուց, որն է լինելու իր գործը։ Օգտատերը նրան ուղարկում է տեսանյութ, որտեղ ներկայացվում է «Про100 Гейм»-ի մարքեթինգ պլանը։ Իսկ մարքեթինգ պլանի էությունը հետևյալն է․ գրանցվելով կազակերպությունում՝ մարդը պետք է վճարի նվազագույնը 12,5 դոլար, որից 2,5 դոլարը գանձվում է գրանցման համար, իսկ 10 դոլարը «բիզնեսի համար արվող ներդրումն է»։ Դրանից հետո մարդու խնդիրն է գտնել ևս երկու հոգու, որոնք պատրաստ կլինեն նույնքան գումար ներդնել։ Իր հրավիրած անձանցից յուրաքանչյուրի ներդրումից մարդը ստանում է 5% եկամուտ (ընդհանուր՝ 1 դոլար)։ Իսկ երբ այդ մարդիկ ևս գտնում են երկուական մարդկանց, որոնք կվճարեն յուրաքանչյուրը 12,5 դոլար (որից 2,5 դոլարը գրանցման համար գանձվող գումարն է), առաջին մարդը ստանում է նրանցից յուրաքանչյուրի ներդրած գումարի 95%-ը (բոլորը միասին՝ 38 դոլար)։ Այս շղթայում յուրքանչյուր մարդ կոչվում է «մատրից», և երկրորդ փուլում, երբ հրավիրվածների ընդհանուր թիվը հասնում է 7-ի, շղթան փակվում է։ Արդյունքում մարդը ստանում է 39 դոլար, որը սակայն, չի կարող ամբողջությամբ կանխիկացնել, քանի որ 10 դոլարը պետք է նոր ցիկլ սկսելու համար։ Այսպիսով, մարդը ներդնում է 12,5 դոլար, իսկ արդյունքում վաստակում 29 դոլար (ներառյալ Ռուսաստանից փոխանցման համար գանձվող գումարը)։ Կան նաև ավելի թանկ փաթեթներ, ամենամեծ ներդրումն արժե 2560 դոլար։ Ակնհայտ է, որ աշխատանքի առաջարկի խոստումներն ու իրական պատկերն իրար այնքան էլ նման չեն։ Փորձենք սա հասկանալ ամենաքիչ ներդրում պահանջող փաթեթի օրինակով․ ներդրված գումարի դիմաց եկամուտն այնքան էլ մեծ չէ․ ներդնելով 12․5 դոլար՝ մարդը, բացի իր նեդրած գումարի վերադարձից, հավելյալ ստանում է 16․5 դոլար, գումար կանխիկացնելու համար պետք է հրավիրել մարդկանց, որոնք էլ իրենց հերթին կհրավիրեն այլ մարդկանց, ինչը ժամանակատար է, և դժվար թե հնարավոր լինի գումար կանխիկացնել աշխատանքի անցնելու հենց առաջին օրվանից։ Բացի այդ՝ կա մի նրբություն, որի մասին այս աշխատանքն առաջարկողները սկզբում չեն նշում․ գումար կարելի է կանխիկացնել միայն այն դեպքում, երբ հաշվի վրա ավելի քան 10 դոլար է, այսինքն՝ մարդը պիտի իր «բիզնես» հրավիրած լինի մի քանի հոգու։ Infocom-ի լրագրողը «Onlayn Asxatanq» օգտատիրոջից հետաքրքրվում է, թե արդյոք կազմակերպությունն ունի գրասենյակ։ Օգտատերը պատասխանում է, որ աշխատանքն առցանց է, պետք է միայն գրանցվել կազմակերպության կայքում։ Քանի որ և՛ աշխատանքի նկարագրությունը, և՛ կազմակերպությունը կասկածելի են, մեր լրագրողն «աշխատանքի է անցնում» այնտեղ, ներդնում 12,5 դոլար, գրանցվում «Про100 Гейм»-ի կայքում և ծանոթանում այդ, այսպես կոչված, ցանցային բիզնեսին, ներսից։ Infocom-ի լրագրողը կայքում գրանցվելուց և ներդում կատարելուց հետո հայտնվում է «Про100 Гейм»-ի աշխատակիցների տելեգրամյան խմբերում, որտեղ նրանք քննարկում են իրենց աշխատանքը, սովորաբար ոգևորում միմյանց և խրախուսում շատ մարդկանց հրավիրել, պատմում այն մասին, թե որքան գումար են կանխիկացրել։ Պարզվում է, որ տելեգրամյան այդ խմբերի մասնակիցներից գլխավորը Մերի Դանիելյանն է, որի թիմում, ըստ Infocom-ի լրագողին «Про100 Гейм» հրավիրած մասնակցի, կա 1000 մարդ։ Երբ մասնակիցները դժվարանում են մարդկանց հրավիրել, Մերի Դանիելյանից են հարցնում, թե ինչպես այս կամ այն բանը բացատրել, ապացուցել, որ կազմակերպությունն օրինական է։ Մերի Դանիելյանն է նաև հեղինակը յութուբյան հայերեն մի քանի տեսանյութերի, որոնցում բացատրվում է «Про100 Гейм»-ի մարքեթինգային պլանը։ Infocom-ի լրագրողը մասնակցում է կազմակերպության հայաստանյան անդամների վեբինարին «Zoom» հարթակում։ Վեբինարի ընթացքում ավագ մասնակիցները (նրանք, ովքեր արդեն շատ մարդկանց են հրավիրել, ինչպես նաև բացել են տելեգրամյան խմբերը, որոնցում ամեն օր նոր մասնակիցներ են ավելանում) նորեկներին բացատրում են աշխատանքի, մարդկանց գրավելու նրբությունները, պատասխանում նրանց հարցերին։ Պարզվում է, որ այն դեպքերում, երբ նոր եկած մասնակիցը չի կարողանում մարդկանց հրավիրել, ավելի վաղ ներգրավված մասնակիցների հետ եռակողմ քննարկում է կազմակերպվում, որի ժամանակ նորեկը լսում է, թե ինչպես է հին մասնակիցը համոզում մարդկանց գրանցվել և ներդրում անել։   «Про100 Гейм». ովքե՞ր են սեփականատերերը Infocom-ի լրագրողը «Про100 Гейм»-ի անդամների տելեգրամյան խմբերում հայտնվելու հենց առաջին օրն այնտեղ տեսնում է կազմակերպության գրանցման փաստաթղթեր, որոնք ուղարկել են խմբի անդամները՝ նորեկներին ցույց տալու համար, որ կազմակերպության գործունեությունն օրինական է։ Պարզվում է, որ այդ փաստաթղթերն իրական են։ «Про100 Гейм» կազմակերպության հիմնադիրը Նիկոլայ Ժարիչևն է։ Կազմակերպությունը հիմնադրվել է ՌԴ-ում  2020-ի մայիսին 10․000 ռուբլի կանոնադրական կապիտալով և պաշտոնապես գրանցված է Ռուսաստանի Դաշնության իրավաբանական անձանց միասնական պետական ​ ռեգիստրում, գրանցման հասցեն Սանկտ Պետերբուրգ քաղաքն է։ Կազմակերպության տեխնիկական տնօրենը Եվգենի Պրոնյագինն է։ Ժարիչևի և Պրոնյագինի անունները կապվում են ռուսական ևս մի ընկերության հետ, որը կառուցվածքով շատ նման է «Про100 Гейм»-ին։ Այսպես, ՌԴ-ում 2019-ի հունիսին կրկին 10․000 ռուբլի կանոնադրական կապիտալով բացվում է «Инстагейм» ՍՊԸ-ն, որի հիմնադիրը և գլխավոր տնօրենը Եվգենի Դրաննիկովն է։ Ընկերության համասեփականատերեր են Եվգենի Պրոնյագինը և Նիկոլայ Ժարիչևը։ Ընկերության գրանցման հասցեն կրկին Սանկտ Պետերբուրգն է։ «Инстагейм»-ի կայքում գրանցվելիս, ըստ հիմնադիրների, մարդիկ կարող են «Ինստագրամ»-ի իրենց էջերը զարգացնելու համար նախատեսված առցանց վիդեոդասընթացներ ստանալ։ Կայքում գրանցված մարդիկ «Ինստագրամ»-ում դառնում են միմյանց հետևորդներ, հավանում միմյանց հրապարակումները, մեկնաբանություններ թողնում, ինչի արդյունքում էջերն ակտիվանում են, հետևորդների թիվն ավելանում է։ Բայց այս ամենն ունենալու համար պետք է բաժանորդավճար տալ։ Իսկ եթե մարդը հրավիրում է այլ անձանց, և նրանք իրենց հերթին գնում են մեկ ամսվա կամ ավելի մեծ ժամանակահատվածի համար նախատեսված փաթեթներ, հրավիրողը  նրանց վճարներից ստանում է եկամուտներ։ Մի խոսքով, շեշտը դրված է «Ինստագրամ»-ի վրա, բայց գումար աշխատելու սխեման շատ մոտ է «Про100 Гейм»-ին․ մարդը գնում է ինտերնետ ծառայության փաթեթ, հրավիրում այլ մարդկանց, որոնք նույնպես գնում են այդ փաթեթը, և նրանց վճարներից գոյացած գումարից որոշակի տոկոսներ է ստանում։ Հետարքիրն այն է, որ չնայած «Инстагейм»-ի կայքում նշված է, որ այն օրինական գրանցում ունի, «Инстагейм» ՍՊԸ-ն պաշտոնապես լուծարվել է 2020-ի սեպտեմբերի 30-ին։  «Инстагейм»-ի հիմնադիր Դրաննիկովին է պատկանում ևս մի ընկերություն՝ «Интернет решения»-ն։ Ըստ ռուսական պետռեգիստրի տվյալների՝ այս ընկերությունը հիմնադրվել է 2016-ի մարտին և այս պահին գործում է։ Ընկերությունը գրանցված է Սանկտ Պետերբորգում, ինչպես «Инстагейм»-ը և «Про100 Гейм»-ը։ «Интернет решения»-ի համասեփականատեր է նաև Եվգենի Պրոնյագինը։ «Инстагейм»-ի  կայքի «Գաղտնիության քաղաքականություն» բաժնում նշված է, որ կայքի ադմինիստրատորը «Инстагейм» ՍՊԸ-ն է, և բաժնում գրված է այդ ՍՊԸ-ի հասցեն, իսկ «Օգտագործման կանոններ» բաժնում կայքի ադմինիստրատորի նկարագրության մեջ նշված է «Интернет решения» ՍՊԸ-ի գրանցման հասցեն։ «Инстагейм»-ը փաստացի չի գործում, բայց կայքի հիմնադիրները, փաստորեն, այն ներկայացնում են որպես գործող, օրինական գրանցում ունեցող կազմակերպություն։  Դրաննիկովի ընկերությունների հետ կապված են ևս մի քանի գործող և արդեն լուծարված ընկերություններ։ Այդ ընկերություններում սեփականատերեր են կա՛մ Դրաննիկովը, կա՛մ «Инстагейм» և «Интернет решения»-ի համասեփականատեր, «Про100 Гейм»-ի անդամ Եվգենի Պրոնյագինը։ Այս ընկերություններին միավորում է այն, որ գրանցված են (կամ եղել են) Սանկտ Պետերբուրգ քաղաքում, և նրանց գործունեությունը ծավալվում է ինտերնետ հարթակներում։ «Про100 Гейм»-ի անդամների պնդումները, թե կազմակերպությունն ունի օրինական գրանցում, փաստորեն, ճիշտ են։ Բայց չնայած այն փաստին, որ ընկերությունը պաշտոնապես գրանցվել է 2020-ի մայիսի 6-ին, Հայաստանում կան մարդիկ, որոնց ֆեյսբուքյան էջերում նշված է, որ «Про100 Гейм»-ում աշխատանքի են անցել, օինակ, դեռևս 2020-ի ապրիլին։ Բացի այդ՝ ընկերության յութուբյան ալիքում մարքեթինգային պլանը բացատրող տեսանյութեր սկսել են հրապարակվել դեռևս 2020-ի փետրվարից։ Փաստորեն, կազմակերպությունում սկսել են անդամներ ներգրավվել դեռ այն ժամանակ, երբ այն պաշտոնապես գրանցված չի եղել։ Համաձայն ռուսական «За честный бизнес» կայքի, որի նպատակն է  ՌԴ-ում գործող կազմակերպությունների տվյալները հասանելի դարձնել հանրությանը, «Про100 Гейм» կազմակերպության վարկանիշը ցածր է։ Կազմակերպությունները մշտադիրտարկելիս պորտալն օգտվում է Ռուսաստանի Դաշնության Կենտրոնական բանկի, Դաշնային հարկային ծառայության, արբիտրաժային դատարանների և այլ տվյալներից:   Ի՞նչ միջոցներով է գործում «Про100 Гейм»-ը Infocom-ի լրագրողը փետրվարի 8-ին մասնակցում է «Про100 Гейм»-ի հիմնադիր Նիկոլայ Ժարիչևի հետ «Zoom» հարթակում անցկացված հանդիպմանը, որի ընթացքում Ժարիչևը խոսում է այն մասին, թե ինչ միջոցներով է գոյատևում իրենց կազմակերպությունը։ Ըստ Ժարիչևի՝ «ինքն էլ է խաղի մեջ», այսինքն՝ ներդումներ է անում, մարդկանց հրավիրում և նրանց ներդրումներից գումար վաստակում։ Բացի այդ՝ կազմակերպությունը յուրաքանչյուր մասնակցի գրանցումից 2,5 դոլար եկամուտ է ստանում։ Ժարիչևի խոսքով՝ հենց այդ միջոցներն էլ ապահովում են «Про100 Гейм»-ի գործունեությունը։ Ներկայացնում ենք խոսակցության տեսագրությունը (կարող եք դիտել տեսանյութի 03:41- 04:00 և 06:18- 07։08 րոպեները)։ Ժարիչևը հանդիպման ժամանակ նաև ասում է, որ գրանցման համար 2,5 դոլար վճարելուց հետո մասնակիցներն ուրիշ որևէ վճար չեն անում, իսկ արվող սկզբնական ներդումը (10 դոլար կամ ավելի՝ կախած փաթեթից) մեկանգամյա է։ Բայց իրականում, եթե ուշադիր նայենք կազմակերպության մարքեթինգային պլանը, կհասկանանք, որ ներդրված ողջ գումարը չէ, որ բաշխվում է մասնակիցների միջև, և կազմակերպությանն անցնող գումարն անհամեմատ ավելի մեծ է։  Ներկայացնենք սա ամենաէժան փաթեթի օրինակով։ Այսպես, երբ որևէ մեկը, ներդնելով 10 դոլար, հրավիրում է երկու հոգու, նրանք էլ հրավիրում են յուրաքանչյուրը երկու հոգու, և հրավիրվածների թիվը հասնում է 7-ի, ցիկլը փակվում է։ Բայց առաջին մարդը չի կարող կանխիկացնել իր «վաստակած» ողջ գումարը, քանի որ 10 դոլարը պահվում է հաջորդ ցիկլը սկսելու համար։  Կարող եք մտածել, թե մասնակցի եկամտից պահվող 10 դոլարն անցնում է իրեն հրավիրած մարդուն, բայց դա այդպես չէ, քանի որ մասնակիցն ամենասկզբում արդեն ներդրել է 10 դոլար, որից իրեն հրավիրողը եկամուտ է ստացել։ Հետևաբար, ամենահավանական տարբերակն այն է, որ նոր փաթեթի համար պահվող 10 դոլարն անցնում է կազմակերպությանը։  Իսկ երբ այդ 10 դոլարով, կազմակերպության անդամների լեզվով ասած, «բացվում է նոր մատրիցա», և մասնակիցը հրավիրում է ևս 6 հոգու՝ փակելով ցիկլը, նա իր վաստակած 39 դոլարից կարող է կանխիկացնել միայն 9 դոլար, քանի որ նրա եկամուտն ավտոմատ ուղղվում է մեկ 10 դոլարանաոց և մեկ 20 դոլարանոց փաթեթներ գնելուն, որոնցով կսկսվեն նոր փուլեր։ Ակնհայտ է, որ այդ ամբողջ ընթացքում իր վաստակած գումարի ուղիղ կեսը մարդը չի կարողանում կանխիկացնել, այլ ավտոմատ կերպով գնում է նոր փաթեթներ։ ժարիչևի պնդումը, թե սա մեկանգամյա ներդրում է, սուտ է, որովհետև մասնակիցներն իրենց վաստակած գումարներից կազմակերպությունում շարունակ ներդրումներ են անում։ Հանդիպման ժամանակ «Про100 Гейм»-ի հիմնադիր Ժարիչևն անդրադառնում է նաև հարցին, թե արդյոք հնարավոր է վերադարձնել ներդրված գումարը, եթե մասնակիցը չի կարողանում նոր մարդկանց հրավիրել և գումար աշխատել։ Ժարիչևը բերում է առցանց գիրք գնելու օրինակը․ եթե որևէ մեկը գումար է վճարել և առցանց գիրք գնել, հետո այն նրան դուր չի եկել, չի նշանակում, թե առցանց գիրք վաճառող կազմակերպությունը պետք է վերադարձնի նրա գումարը։  Ըստ Ժարիչևի, գրանցվելով իր կազմակերպությունում և ներդրում անելով, մարդիկ հասանելիություն են ունենում կազմակերպության դասընթացներին, կրթվում, ինչպես նաև, նոր մարդկանց հրավիրելով, գումար աշխատելու հնարավորություն ստանում։ Հենց դրա համար է, որ կազմակերպությունը չի վերադարձնում մարդկանց ներդրումները, եթե նրանք չեն կարողանում գումար աշխատել (կարող եք դիտել տեսանյութի 16։58-18։19 րոպեները)։ Ժարիչևի այս բացատրությունը կարող էր արդարացված լինել, եթե այդ դասընթացներն իրոք ունենային այն արժեքը, որքան դրանց համար վճարում են մարդիկ։ Երբ Infocom-ի լրագրողը գրանցվում է կայքում և իր վճարած գումարին համարժեք դասընթացների հասանելություն ունենում, ընդամենը մի քանի տեսանյութ դիտելուց հետո հասկանում է, որ այդ դասընթացներն ուղղակի միջոց են՝ ավելի շատ մարդկանց հրավիրելու համար։ Այդ տեսանյութերում բացատրվում է, թե ինչպես կարելի է սոցցանցերի (հիմնականում՝ «Ինստագրամ»-ի) էջերը գրավիչ դարձնել, հրապարակումները ճիշտ անել, նկարները մշակել, սոցցանցերում գովազդ տեղադրել և այլն։ Այսինքն, այս ամենը կնպաստի, որ մարդը կարողանա շատ հետևորդներ ունենալ և իր հրապարակումներն ու «բիզնես առաջարկներն» այնպես ներկայացնել, որ հնարավորինս շատ մարդկանց հրավիրի կազմակերպություն։ Փաստորեն, գրանցվելով «Про100 Гейм»-ում, մարդիկ գումար են վճարում այնպիսի դասընթացների համար, որոնք նրանց կօգնեն նոր մարդկանց հրավիրել կազմակերպություն։ Բացի այդ՝ չկա որևէ երաշխիք, որ ներդրում անելուց հետո հնարավոր է գումարը ետ բերել և հավելյալ գումար վաստակել։ «Про100 Гейм»-ի անդամների տելեգրամյան խմբերից մեկում Infocom-ի լրագրողը նկատում է մի անդամի, որը ներդրում է արել և չի կարողանում գումար վաստակել։ Այդ անդամի հետ անձնական նամակագրության ընթացքում վերջինս պատմում է մեր լրագրողին, որ 6800 դրամ է վճարել և երբ մարդկանց է հրավիրել, հրաժարվել են կազմակերպությունում գրանցվել ներդրումների պատճառով։  «Ինձ ոսկե սարեր խոստացան, որ մենակ չես լինի, մեր հրավերն էլ է քեզ օգնելու, բայց ես դա չտեսա»,- գրում է տուժած մասնակիցը։   «Про100 Гейм»-ում կարող են ներգրավվել նաև անչափահասները Infocom-ի լրագրողը «Про100 Гейм»-ի տելեգրամյան խմբերից մեկում նկատում է, որ մասնակիցները խոսում են կազմակերպությունում ներգրավված երեխայի մասին։ Կազմակերպության մասնակիցները խմբի անդամներին ասում են, որ 12 տարեկան երեխան  «մուտք է գործել մեծ բիզնես, գումարներ է վաստակում», և նրանք պետք է այդ երեխայից օրինակ վերցնեն։ Խմբում է նաև երեխայի մայրը, որն ասում է, թե ինքն է թույլ տվել նրան գրանցվել կազմակերպությունում։ «Про100 Гейм»-ի անդամներից մեկն էլ իր ֆեյսբուքյան էջում հրապարակել է խմբի նամակագրությունը՝ պատմելով  «մեծ բիզնես մուտք գործած 12-ամյա երեխայի մասին»։   Օրինակա՞ն է «Про100 Гейм»-ի գործունեությունը Կազմակերպության հայաստանյան անդամների վեբինարի ընթացքում Infocom-ի լրագրողն ասում է, որ փորձել է մարդկանց հրավիրել, բայց նրանք չեն վստահել կազմակերպությանը և չեն ցանկացել ներդրում անել։ Ծավալվում է քննարկում, որի ընթացքում կազմակերպության անդամները սկսում են հերքել պնդումները, թե «Про100 Гейм»-ը կարող է ֆինանսական բուրգ լինել։ «Պիրամիդան՝ քո մուտքից ես էլ փող կաշխատեի, Զվարթն էլ ու տենց մինչև վերև։ Ինչքան ուզում ես, դու աշխատի, մենք քեզնից շատ էինք աշխատելու․․․ Եթե կա մի կամպանիա, որ քեզ առաջարկում են, ու քո մուտք լինելուց համարյա սաղ փող են աշխատում, իմացի՝ էդ ֆինանսական բուրգ ա»,- ասում է անդամներից մեկը։  Ներկայացնում ենք քննարկման ձայնագրությունից մի հատված։ Այս բացատրություն տվողն, ի դեպ, աշխատում է «Onyxum» ընկերությունում: Նա պնդում է, որ ինչպես «Onyxum»-ի, այնպես էլ  «Про100 Гейм»-ի գործունեությունն օրինական է, և այս կազմակերպությունները ֆինանսական բուրգ համարել չի կարելի։  «Onyxum»-ի գործունեության մասին, հիշեցնենք, գրել էր «Հետք»-ը։ «Հետք»-ին տված հարցազրույցում «Onyxum»-ի լիդերներից մեկը՝ Վահե Հովհաննիսյանն, ասել էր, թե «Onyxum»-ոչ մի կապ չունի «Վոդա» անունով կազմակերպության հետ, որի գործունեությունն Իրանում դադարեցվել էր ֆինանսական բուրգ լինելու պատճառաբանությամբ։ «Про100 Гейм»-ի անդամների վեբինարի ընթացքում, սակայն, «Onyxum»-ի աշխատակիցը պնդում է հակառակը․ «Ինձ «Onyxum»-ը առաջարկել են 6 տարի առաջ, էդ վախտ կոչվում էր «Վոդա», ինձ հազար հոգի ասել ա՝ շպրտոցի ա։ Ես էդ հազար հոգուն լսեցի, չգնացի, անցավ մի քանի տարի, նոր գնացի»։  Կարող եք լսել քննարկման ձայնագրությունից մի հատված։  ՀՀ քրեական օրենսգրքի 189․1 հոդվածով սահմանվում է, թե ինչ է ֆինանսական բուրգը․ «ֆինանսական բուրգը գույքի ներգրավմանն ուղղված գործունեություն է (բացառությամբ հատուկ թույլտվության (լիցենզիայի) հիման վրա իրականացվող լիցենզավորման ենթակա գործունեության), որով գույք ներդրող կամ ֆինանսական բուրգում առաջարկվող գույքի կամ ծառայության դիմաց վճարում կատարող անձանց առաջարկվող նյութական օգուտը պայմանավորվում է բացառապես նոր ներդրողների ներգրավումից ստացված գույքի հաշվին` առանց նշված գույքը իրական ձեռնարկատիրական գործունեության մեջ օգտագործելու մտադրության»: Ֆինանսական բուրգը կամ դրա մի մասը ստեղծելը, կազմակերպելը կամ ղեկավարելը պատժվում են տուգանքով` նվազագույն աշխատավարձի հինգհարյուրապատիկից ութհարյուրապատիկի չափով, կամ կալանքով` երկուսից երեք ամիս ժամկետով։ Ֆինանսական բուրգ ստեղծելու համար մարդիկ կարող են դատապարտվել ազատազրկման, եթե բուրգում ներգրավվել է խոշոր կամ առանձնապես խոշոր չափերով գումար կամ գույք, անձանց, կազմակերպություններին կամ պետությանը պատճառել է խոշոր չափի վնաս, օգտագործվել է պաշտոնեական դիրքը, ինչպես նաև բուրգը ստեղծել է կազմակերպված խումբը։ Ինչպես տեսնում ենք, «Про100 Гейм»-ի ծավալած գործունեությունը մոտ է ՀՀ օրենսդրությամբ Ֆինանսական բուրգի սահմանմամբ նկարագրված գործողություններին, քանի որ վերը նշված սխեմայից պարզ է դառնում, որ կազմակերպությունում գրանցվողների ֆինանսական եկամուտները գոյանում են բացառապես նոր մասնակիցների վճարներից, այսինքն՝ նրանք չեն անում որևէ աշխատանք, որի դիմաց կազմակերպությունը վճարում է նրանց։ «Про100 Гейм»-ի հիմնադիրները կարող են հակափաստարկ բերել, որ իրենց կազմակերպությունում ներդրում անողները վճարված գումարի դիմաց կրթական ծառայություններ են ստանում, այդ պատճառով էլ «Про100 Гейм»-ը ֆինանսական բուրգ չէ, բայց վերևում արդեն նշեցինք, որ այդ կրթական ծառայությունների նպատակը նոր մարդկանց ներգրավելուն նպաստելն է։ Քանի որ «Про100 Гейм»-ը ռուսական գրանցում ունի և Հայաստանում գրանցված չէ, հասկանանք, թե ֆինանսական բուրգ ստեղծելու և դրանում մարդկանց ներգրավելու մասով ինչ կարգավորումներ ունի ռուսաստանյան օրենսդրությունը։ Այսպես, ՌԴ Վարչական իրավախտումների օրենսգրքով սահմանվում է․ «Անձի կողմից ֆիզիկական կամ իրավաբանական անձանց միջոցներ կամ այլ գույք ներգրավելու գործողությունների կազմակերպումը կամ իրականացումը, որի ընթացքում եկամտի վճարումը կամ այլ արտոնությունների տրամադրումը այն անձանց, որոնց դրամական միջոցներն ավելի վաղ ներգրավվել են, իրականացվում են այլ ֆիզիկական կամ իրավաբանական անձանցից ներգրավված միջոցների հաշվին, պատժվում են 5 հազարից 1 միլիոն ռուբլի տուգանքով,  եթե այդ գործողությունները չեն պարունակում քրեական հանցագործություն»։ «Про100 Гейм»-ում ներգրավված են մարդիկ  ոչ միայն Ռուսաստանից և Հայաստանից։ Կազմակերպության կայքում նշված է, որ այն ունի 100 հազար անդամ 13 երկրից։ Ժարիչևի հետ առցանց հանդիպման ժամանակ էլ մասնակիցների մեջ կային մարդիկ Ուկրաինայից, Ղազախստանից, Թուրքիայից և այլ երկրներից։  Քանի որ «Про100 Гейм»-ը գործում է առցանց հարթակում, գրանցված չէ այն երկրներում, որտեղ կազմակերպության անդամներ կան։ Բայց այն փաստը, որ կազմակերպության գործունեությունը շատ մոտ է ֆինանսական բուրգի, կասկածելի է դարձնում նրա գործունեությունը ոչ միայն ՌԴ-ում, այլև Հայաստանում և այլ երկրներում։ Աննա Սահակյան, Նարեկ Մարտիրոսյան  
20:58 - 26 մարտի, 2021
Հետպատերազմյան Արցախ [մաս 3]․ «Հողերը տալու օրը ես ինձ շատ վատ էի զգում, գիտեի՝ կյանքի վերջն ա, ու էլ չեմ տեսնելու Մարտունին»

Հետպատերազմյան Արցախ [մաս 3]․ «Հողերը տալու օրը ես ինձ շատ վատ էի զգում, գիտեի՝ կյանքի վերջն ա, ու էլ չեմ տեսնելու Մարտունին»

Փետրվարի 25․ ռազմական գործողությունների դադարից անցել է 108 օր, բայց Մարտունի մտնելուն պես թվում է՝ քաղաքը ռմբակոծվել է հենց երեկ։ Արցախի Մարտունին այն բնակավայրերից է, որ պատերազմի առաջին իսկ օրից եղել է հակառակորդի «Գրադի» ու համազարկային կրակի այլ կայանքների թիրախում։ Ի տարբերություն Ստեփանակերտի՝ այս քաղաքն ավելի դանդաղ է վերականգնվում։ Հիմնահատակ ավերված այս տունն Արզումանյան փողոցում է․ չեն շինում, չեն նորոգում, ցանկապատում են, խոսելու տրամադրություն չունեն․ հասկանալի է, այս պատկերից ո՞ւմ խոսելն է գալիս։  Նույն փողոցի մյուս մայթին երեւում է Երեւանի օպերայի եւ բալետի պետական ակադեմիական թատրոնի շենքի նմանությամբ մի կառույց, որ տեղի արվեստի դպրոցն է՝ Արամ Խաչատրյանի անվան։ Պատուհաններից շատերի ապակիները չկան, դպրոցի շուրջբոլորը ռմբակոծության հետքեր են՝ լուսամուտների մետաղե ծռված ձողեր, քանդված մայթեր, վնասված պատեր։ Բայց հանկարծ երեք պայծառադեմ աղջնակներ են դուրս գալիս դպրոցից՝ ցածրիկ զրուցելով։ Ընկերուհիներ են՝ 12-ամյա Մկրտումյան Լաուրան, 10-ամյա Աղասյան Միլենան եւ 9-ամյա Սուլեյմանյան Մանեն։ Տուն են գնում պարի խմբակից։ Տարբեր պարեր են սովորում, բայց ամենաշատը սիրում են հայկականը։ Փոքրիկ Մանեն ու Լաուրան դեռ չեն որոշել՝ ինչ են ուզում դառնալ, Միլենան արդեն գիտի՝ բժշկուհի։  Ձախից՝ աջ՝ Մանեն, Լաուրան ու Միլենան Լաուրան պատմում է՝ սկզբում շատ էր վախեցել, բայց հետո այդքան էլ չէ, որովհետեւ դուրս էին եկել քաղաքից, հեռվից չէր պատկերացնում՝ Արցախում ինչ է կատարվում․ «Պատերազմի առաջին օրը, որ փախել էինք, շատ էի վախեցել, գիտեի՝ վատ բաներ են լինելու, բայց հետո էդքան էլ չէ, դե չէի տեսնում, չէի պատկերացնում ոնց էր։ Բայց որ հողերը տվել էինք արդեն, էդ օրը ես ինձ շատ վատ էի զգում, լացում էի անընդհատ, գիտեի՝ արդեն կյանքի վերջն ա, ու կյանքում էլ չենք գալու ստեղ, ես էլ չեմ տեսնելու Մարտունին, ինձ թվում էր՝ ուր գնանք՝ թշնամիներ կլինեն, գիտեի՝ կյանքը չի շարունակվելու»։ Մինչ հայրը ռազմաճակատում է եղել, Լաուրան մոր եւ եղբոր հետ Երեւան է գնացել՝ բարեկամների տուն։ Պատերազմի ավարտից մեկուկես ամիս անց վերադարձել են․ տունը չի վնասվել․ «Մենք ապրում ենք ու կյանքը շարունակվում է»,- վստահ ասում է աղջիկը, ու երբ խնդրում եմ մի լուսանկար անել, առանց այո ասելու խնամքով հանում է գլխարկը, մեկնում ընկերուհուն, նրբորեն ուղղում մազերն ու սիրուն ժպտուն։ 12-ամյա Լաուրան Միլենայի ընտանիքից պատերազմին մասնակցել է հինգ տղամարդ՝ հայրը, երեք եղբայրներն ու հորեղբայրը։ Այս փոքրիկ աղջնակի ոչ միայն հայացքից է զգացվում, որ տան բոլոր տղամարդիկ հայրենիքի պաշտպաններ են, այլ խոսքից․ ընկերուհին հրթիռակոծությունն ու հրետակոծությունը ձուլած է ասում՝ հռեթակոծություն, Միլենան միանգամից ուղղում է՝ «էդ օրը Մարտունին չի հրթիռակոծվել, ռմբակոծվել ա»։  Մտածում եմ՝ շատ տխուր է, որ երեխան էս տարիքում սա պիտի տարբերի, բայց համ էլ զգում եմ՝ կոտրված չէ, շատ պինդ աղջիկ է։ 10-ամյա Միլենան «Երբ պատերազմը սկսեց, ես գիտեի՝ շուտ կավարտվեր, մեր հողերը չէին վաճառի, վստահ կվերադառնամ իմ հայրենիք, բայց․․․ չգիտեմ՝ ինչ ասեմ»,- հոգոց հանելով պատմում է Միլենան ու ասում, որ պատերազմից տասն օր անց վերադարձել են տուն․ «Հիմա հույս եմ տալիս ինձ, հույս ունեմ որ ամեն ինչ լավ կլինի, մեր հայրենիքի պաշտպաններն անփորձանք կվերադառնան»։ Իսկ ամաչկոտ Մանեն միայն տեսախցիկն անջատելուց հետո է շատ ցածրաձայն ասում, որ իր հայրը, հորեղբայրն ու պապը եւս մասնակցել են պատերազմին։ 9-ամյա Մանեն Հետո ինձ տանում է Մոնթեի արձանի մոտ, ու ցույց տալիս ռմբակոծության հետեւանքը․ արձանի շուրջբոլորը քանդված սալիկներ են։ Երեխաները պատմում են, որ երբ դեռ քաղաքում էին, ռմբահարության ժամանակ մարդիկ վազել, իրենց գցել են արձանի հետեւը, որպեսզի պաշտպանվեն բեկորներից։ Մոնթեն այս պատերազմին էլ այս կերպ է պաշտպանել մարդկանց։ Մոնթեի արձանից քիչ հեռու էլ Նժդեհի արձանն է, որ տեղադրվել է այս տարվա հունվարին։ Հայարփի Բաղդասարյան
17:02 - 26 մարտի, 2021
Ընտրական օրենսգրքի բարեփոխումների իմքայլական եռամյա քրոնիկոնը

Ընտրական օրենսգրքի բարեփոխումների իմքայլական եռամյա քրոնիկոնը

2018 թվականի ապրիլ-մայիսյան իրադարձությունների ժամանակ, ի թիվս այլնի բարեփոխումների, օրակարգ բերվեց նաեւ Ընտրական օրենսգրքի փոփոխությունների անհրաժեշտությունը։ Փողոցային պայքարից եւ նոր կառավարության ու խորհրդարանի ձեւավորումից անցել է մոտ 3 տարի, ոչ հեռու ապագայում նախատեսվում են խորհրդարանական արտահերթ ընտրություններ, սակայն Ընտրական օրենսգրքի բարեփոխումները դեռ քննարկման փուլում են։ Փոփոխությունների նախագիծն այժմ Ազգային ժողովում է, սակայն բանը բուն քննարկմանը դեռեւս չի հասել։ Infocom-ը ներկայացնում է Ընտրական օրենսգրքի փոփոխությունների ճանապարհը՝ Նիկոլ Փաշինյանի ու նրա քաղաքական թիմի ներկայացուցիչների մեկնաբանություններով։ 2018 թվականի ապրիլի 21․ Սերժ Սարգսյանի հրաժարականից՝ 2 եւ Նիկոլ Փաշինյանի՝ վարչապետ ընտրվելուց 17 օր առաջ Հանրապետության հրապարակում Փաշինյանը ներկայացրեց քայլերի հաջորդականություն, որտեղ ներառված էր նաեւ Ընտրական օրենսգրքի փոփոխությունը: «․․․Կետ առաջին․ Սերժ Սարգսյանը հրաժարական է տալիս վարչապետի պաշտոնից, ԱԺ-ն վարչապետ է ընտրում ժողովրդի թեկնածուին, ում ժողովուրդը կընտրի այս հրապարակում, երրրոդ՝ ձեւավորվում է ժամանակավոր կառավարություն, մաքսիմալ արագ օրենսդրական փոփոխություններով, Ընտրական օրենսգրքի, Կուսակցությունների մասին օրենքի փոփոխություններով ստեղծվում են օրենսդրական երաշխիքներ, որ առաջիկայում կարող են տեղի ուենալ ազատ, արդար, թափանցիկ խորհրդարանական արտահերթ ընտրություններ․․․»։ Սերժ Սարգսյանի հրաժարականից մի քանի օր անց՝ ապրիլի 29-ին՝ Ազգային ժողովում լրագրողների հետ զրույցում, Փաշինյանը կրկին անդրադարձավ խորհրդարանական արտահերթ ընտրություններին՝ ի պատասխան լրագրողի հարցի ասելով, որ «․․․մինչեւ ազատ, արդար ընտրությունների անցկացումն անհրաժեշտ է լրջագույն փոփոխությունների ենթարկել Ընտրական օրենսգիրքը, եւ ընդհանրապես օրենսդրական դաշտում փոփոխություններ պետք է անել այնպես, որ հապճեպ, ոտի վրա արված փոփոխություններ չլինեն․․․»։ Վարչապետ ընտրվելուց հետո՝ մայիսի 21-ին, Նիկոլ Փաշինյանը դարձյալ լրագրողների հետ ճեպազրույցի ժամանակ նշեց, որ մինչեւ հունիսի վերջն Ընտրական օրենսգրքի փոփոխությունների առնվազն նախագիծ կլինի։  2018 թվականի հունիսի 1-ին հրապարակվեց Փաշինյանի ղեկավարած կառավարության ծրագիրը, որտեղ եւս արձանագրված էր, որ իրենք կարեւորում են այնպիսի խորհրդարանական արտահերթ ընտրությունների անցկացումը, որոնք կլինեն իրապես ազատ, արդար, թափանցիկ, ժողովրդավարական։ Այդպիսի ընտրություններ անցկացնելու նպատակով, գործադիրի համոզմամբ, անհրաժեշտ էր իրականացնել Ընտրական օրենսգրքի եւ ընտրական համակարգի էական բարեփոխումներ:  Հունիսի 8-ին Նիկոլ Փաշինյանն Ազգային ժողովում կառավարության ծրագիրը ներկայացնելիս վերահաստատեց ծրագրում արձանագրված իրենց նպատակները՝ շեշտելով, որ, իրենց կարծիքով, արտահերթ ընտրությունները պետք է անցկացվեն մեկ տարվա ընթացքում։ Նա ընդգծեց, որ գործող կառավարությունն առաջիկա ժամանակը մտադիր է օգտագործել Ընտրական օրենսգիրքը լրջագույն փոփոխությունների ենթարկելու համար, եւ այդ փոփոխությունները կլինեն ՀՀ քաղաքացիների ազատ կամարտահայտությունը, ընտրությունների օրինականությունն ու թափանցիկությունը երաշխավորելու տրամաբանությամբ։ Փոփոխությունների շրջանակը քննարկելու համար 2018թ․-ի հունիսի 19-ին ստեղծվեց վարչապետին կից Ընտրական օրենսգրքի բարեփոխումների հատուկ հանձնաժողով, իսկ աշնանը ԸՕ փոփոխությունների նախագիծը պատրաստ էր։  Հոկտեմբերին 2-ին՝ լրագրողների հետ զրույցում, Նիկոլ Փաշինյանը հայտարարեց, որ վերջին զարգացումներից հետո 2018-ի դեկտեմբերին կանցկացվեն խորհրդարանական արահերթ ընտրություններ։ Հոկտեմբերի 16-ին՝ լրագրողների հետ զրույցում, այն ժամանակ առաջին փոխվարչապետ Արարատ Միրզոյանը չհամաձայնեց այն պնդմանը, թե իրենք այնքան էլ տրամարդված չեն Ընտրական օրենսգրքի փոփոխությունները կյանքի կոչելու․ «Գործադիրը նպատակ ունի գնալ ընտրությունների ավելի լավ, ավելի առաջադիմական օրենսգրքով, ավելի առաջադիմական խաղի կանոններով։․․․ մեր անկեղծ ցանկությունն է, որ այս օրենսգիրքը, նաեւ գործընկերների առաջարկությունները հաշվի առնելով, կարողանանք կյանքի կոչել»։ Հոկտեմբերի 22-ին Հանրապետական մեծամասնություն ունեցող Ազգային ժողովն առաջին ընթերցմամբ չընդունեց օրենսգրքի փոփոխությունների նախագիծը։ Նույն օրը Նիկոլ Փաշինյանն ուղիղ եթերով սաբոտաժ որակեց նախագիծը չընդունելը։ ԱԺ դեռեւս «Ելք» խմբակցության պատգամավոր Ալեն Սիմոնյանն էլ իր հերթին նույնպիսի որակում արեց լրագրողների հետ զրույցում՝ շեշտելով, որ ՀՀԿ-ն վատություն արեց քաղաքական դաշտին՝ չընդունելով նախագիծը։ Հաջորդ օրն Ալեն Սիմոնյանը հայտարարեց՝ իրենք ամեն ինչ անելու են, որ ԸՕ-ն փոխվի։ Դեկտեմբերին նախանշվել էին արտահերթ ընտրություններ։ Դրա համար անհրաժեշտ էր, որ վեցերորդ գումարման խորհրդանը ցրվի, իսկ դրա համար պետք էր, որ ԱԺ-ն երկու անգամ չընտրի վարչապետ։ Խորհրդարանում հոկտեմբերի 24-ին վարչապետի առաջին ընտրության հարցի քննարկման ժամանակ Նիկոլ Փաշինյանն իր ելույթում դարձյալ անդրադարձավ Ընտրական օրենսգրքի փոփոխությունների հարցին՝ խոսելով փաստաթղթի փոփոխության անհրաժեշտության մասին։  Հոկտեմբերի 29-ին Ազգային ժողովում երկրորդ անգամ տապալվեց Ընտրական օրենսգրքի փոփոխությունների նախագծի ընդունումը։ Նույն օրը ԱԺ պատգամավոր Ալեն Սիմոնյանն ասաց, որ ԸՕ-ի փոփոխությունների՝ երկրորդ անգամ տապալումից հետո անիմաստ է համարում նախագիծը դարձյալ օրակարգ բերելը՝ ընդգծելով, որ ռեյտինգային ընտրակարգն իրենց թիմի համար ընդունելի տարբերակ է, իրենք այդ ընտրակարգով էլ կարող են հաջողություն ունենալ, իսկ առաջարկվող փոփոխություններն ավելի ներկայացուցչական եւ քաղաքական ընտրություններ ունենալու համար էին։ 2020-ի նոյեմբերի 20-ի ասուլիսի ընթացքում, պատասխանելով լրագրողներից մեկի հարցին, թե ինչու չի իրականացվել իրենց հայտարարած օրակարգի կարեւոր կետերից մեկը՝ Ընտրական օրենսգրքի փոփոխությունը, Փաշինյանը, հակասելով ինքն իրեն, հայտարարեց, թե իրենց պարտավորությունը վերաբերել է խորհրդարանական արտահերթ ընտրություններ անցկացնելուն, եւ ոչ թե Օրենսգրքի որեւէ տարբերակով ընտրություններ կազմակերպելուն․ «Հանրապետության հրապարակում մենք չենք քննարկել՝ Ընտրական օրենսգրքի ինչ տարբերակով դա պետք է տեղի ունենա, եւ եթե նույնիսկ քննարկած լինեինք, խորհրդարանական ուժերի քվեարկության արդյունքում պետք է որեւէ օրենք անցնի կամ չանցնի, եւ ամեն ինչ տեղի է ունեցել ձեր աչքի առաջ, եւ կառավարությունն իրենից կախված ամեն ինչ արել է թույլատրելիի սահմանում, որպեսզի այդ օրենսգիրքն ընդունվի․․․»։ (Հանրապետության հրապարակում ԸՕ փոփոխություններից հետո արտահերթ ընտրություններ անցկացնելու վերաբերյալ Փաշինյանի հայտարարությունը՝ տե՛ս առաջին ակտիվ հղմամբ)։ Ի վերջո 2018-ի դեկտեմբերի խորհրդարանական արտահերթ ընտրություններն անցկացվեցին Ընտրական հին օրենսգրքով։ 2019-ի մարտին 7-րդ գումարման Ազգային ժողովի նախագահ Արարատ Միրզոյանը խորհրդարանի ամբիոնից քաղաքական ուժերին հրավիրեց միասնական ջանքերով ընտրական բարեփոխումներ մշակելու։ «Ուզում եմ միանգամից հայտարարել, որ մենք չունենք սահմանափակումներ ու խոչընդոտներ՝ այդ թվում՝ սահմանադրական, այսինքն՝ կարող ենք ավելի արմատական փոփոխություններ մշակել եւ իրականացնել»,- իր ելույթում ասաց Միրզոյանը։ 2019 թվականի սեպտեմբերի 24-ին ԱԺ «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր, ԸՕ փոփոխությունների աշխատանքային խմբի համակարգող Համազասպ Դանիելյանն Infocom-ի հետ զրույցում հայտնեց, որ 1-1,5 տարուց պատրաստ կլինի օրենսդրական բարեփոխումների փաթեթը։  2020-ի հունիսին Ընտրական օրենսգրքում կատարվեցին որոշակի փոփոխություններ, 4000-ից ավելի բնակիչ ունեցող եւ բազմաբնակավայր համայնքներում ավագանու ընտրությունների ընտրակարգը դարձավ համամասնական։ 2020-ի դեկտեմբերին Կուսակցությունների մասին օրենքի հետ որոշ փոփոխություններ կատարվեցին նաեւ Ընտրական օրենսգրքում, սակայն դրանք չէին վերաբերում ռեյտինգային խնդրահարույց համակարգի վերացմանը, ընտրական շեմերին ու մնացյալ հիմնական հարցերին։ 2020-ի սեպտեմբերին ընտրական բարեփոխումների թեման դարձյալ հանրային քննարկման օրակարգում էր։ Ընտրական բարեփոխումների հանձնաժողովը աշխատանքներ էր կատարում նախագծի շուրջ, իսկ աշխատանքները համակարգում էր «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Համազասպ Դանիելյանը։ Արցախա-ադրբեջանական 44-օրյա պատերազմից հետո հայաստանյան ներքաղաքական իրավիճակն, ի վերջո, հանգեցրեց մի դրության, երբ արտահերթ ընտրություններն անխուսափելի են։ Ընտրությունների օր հաստատվեց այս տարվա հունիսի 20-ը։  2021 թվականի մարտի 19-ին ԱԺ փոխնախագահ Ալեն Սիմոնյանը հայտարարեց, որ քաղաքական ուժերի հետ քննարկումներ են ընթանում Ընտրական օրենսգրքի փոփոխությունների շուրջ։ Օրեր անց՝ մարտի 22-ին, Արդարադատության գործող նախարար Ռուստամ Բադասյանը կարծիք հայտնեց, որ ԸՕ փոփոխությունները հնարավոր է ընդունել շատ արագ։ Ընտրական օրենսգրքի փոփոխությունների նախագիծն արդեն Ազգային ժողովում է, սակայն դեռեւս քննարկման չի ներկայացվել։ Ու թեեւ դեռեւս համընդհանուր կոնսենսուս չկա փոփոխություններ անելու վերաբերյալ, իսկ «Իմ քայլը» խմբակցության ղեկավար Լիլիթ Մակունցը չմեկնաբանեց լրագրողների այն հարցը, թե արդյոք «Իմ քայլը» միանձնյա կորոշի՞ ընդունել Ընտրական օրենսգրքի փոփոխությունների նախագիծը, այդուհանդերձ խորհրդարանական մեծամասնության պատգամավոր Համազասպ Դանիելյանը հայտարարեց՝ Ընտրական օրենսգիրքը պետք է ընդունվի, եթե անգամ չլինի ընդդիմադիր երկու խմբակցությունների աջակցությունը: Իսկ արդեն երեկ՝ մարտի 24-ին, խորհրդարանի փոխխոսնակ, «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Լենա Նազարյանն արտահերթ ընտրությունների վերաբերյալ հարցազրույցում ընդգծեց՝ իրենք խմբակցությունում կայացրել են որոշում՝ առաջարկել խորհրդարանին՝ ընտրությունների գնալ համամասնական ընտրակարգով։ Նրա համոզմամբ՝ սա ամենակարեւոր հեղափոխական, նախընտրական խոստումն է, որ իրենք ստանձնել են․ «Ինչ վերաբերում է ԸՕ ամբողջական փոփոխություններին՝ չեմ կարող ասել՝ արդյոք կհասցնե՞նք մանրամասն, լիարժեք քննարկել, որպեսզի խոչընդոտներ չառաջանան փոփոխությունների հետեւանքով, բայց ընտրակարգի հետ կապված ունենք հստակ որոշում»,- ասաց Նազարյանը՝ հավելելով, որ դա էլ դեռ պետք է քննարկվի ու քվերարկվի Ազգային ժողովում։ Այսպիսով, մոտ երեք տարի առաջ Հանրապետության հրապարակում Նիկոլ Փաշինյանը հայտարարեց Սերժ Սարգսյանի հրաժարականից հետո առաջնահերթ քայլերի մասին, որոնցում կիզակետային նշանակություն ուներ արտահերթ ընտրություններից առաջ ընտրական օրենսդրության փոփոխությունը։ Ինչո՞ւ, քանի որ տարիներ շարունակ տարբեր հարթակներից քաղհասարակության ներկայացուցիչներն ու նախկին ընդդիմադիրները հայտարարել են, որ գործող Ընտրական օրենսգիրքը լայն հնարավորություններ է տալիս ընտրակեղծիքների ու անարդարությունների համար։  Սերժ Սարգսյանի հրաժարականից հետո նախանշվեցին արտահերթ ընտրություններ, Նիկոլ Փաշինյանի ղեկավարած կառավարությունն ու պատգամավորները սկսեցին ընտրական օրենսդրության փոփոխությունների նախագծի շուրջ աշխատանքները։ Նախագիծը ներկայացվեց, սակայն երկու անգամ տապալվեց խորհրդարանում, քանի որ այդ ժամանակ պառլամենտական մեծամասնությունը դեռեւս Հանրապետական կուսակցությունն էր։ Քննարկումների այդ ողջ ընթացքում Փաշինյանն ու իր թիմի ներկայացուցիչներն արդեն նախկին իշխանավորներին համոզում էին, որ Ընտրական օրենսգրքի փոփոխությունները ձեռնտու են հենց նրանց եւ կարեւոր են ընդհանուր քաղաքական դաշտի առողջացման համար, այլ ոչ թե անձամբ իրենց, քանի որ, իրենց համոզմամբ, այդ պահին ունեցած լեգիտիմության ու հանրային վստահության պարագայում իրենք ցանկացած համակարգով կարող են գնալ ընտրությունների ու հաղթել։ Տարբեր առիթներով «Իմ քայլի» ներկայացուցիչները վստահեցրել են, որ ազատ, արդար ու թափանցիկ ընտրություններ կազմակերպելու համար նախ եւ առաջ պետք է քաղաքական կամք, ինչն, իրենց վստահեցմամբ, իրենք ունեն։  2018-ի խորհրդարանական ընտրություններն անցկացվեցին Ընտրական հին օրենսգրքով, ձեւավորվեց 7-րդ գումարման Ազգային ժողովը, որտեղ մինչ օրս քննարկվում է Ընտրական օրենսգրքի փոփոխության հարցը։ Փոփոխությունների նախագիծը վերջապես ուղարկվել է խորհրդարան, սակայն դեռեւս չի դրվել քննարկման։ Մինչեւ հունիսյան ընտրությունները կփոխվի՞ օրենսգիրքը, թե ոչ՝ այս պահին հստակ չէ՝ չնայած «Իմ քայլն» ունի սահմանադրական մեծամասնություն եւ այդպիսով հնարավորություն՝ միայնակ անցկացնելու փոփոխությունները։ Արտախորհրդարանական մի շարք ուժեր եւս կարեւորում են բարեփոխված օրենսգրքով ընտրությունների անցկացումը, ոմանք նույնիսկ անընդունելի են համարում հակառակ պարագան՝ ի տարբերություն ընդդիմադիր «Լուսավոր Հայաստանի», որը 2018-ին աջակցում էր փոփոխությունների օրակարգին, իսկ այսօր կարծում է, որ խաղից առաջ դրա կանոնները փոխելը ճիշտ չէ։ Ինչ վերաբերում է «Բարգավաճ Հայաստան» խմբակցությանը, վերջինս չեզոք դիրքորոշում ունի այս հարցում, իրենք միեւնույն է՝ մասնակցելու են ընտրություններին՝ անկախ օրենսգրքի փոխվել-չփոխվելուց։  Այսուհանդերձ, ԱԺ-կառավարություն վերջին հարցուպատասխանի ժամանակ վարչապետ Նիկոլ Փաշինյանը հայտարարեց, որ հանդիպումների ժամանակ խորհրդարանական խմբակցությունները դեմ չեն եղել ընտրակարգի փոփոխությանը, ուստի «Իմ քայլը» որոշել է, որ կգնան ԸՕ-ի պարզ փոփոխությունների, եւ ընտրություններն կիրականացվեն համամասնական ընտրակարգով, այսինքն՝ առանց վարկանիշային ընտրացուցակի։ Հայարփի Բաղդասարյան, Աննա Սահակյան
15:11 - 26 մարտի, 2021
Ինչպես է Ալիևի մտերիմ գործարարը ձեռք բերել տարածաշրջան ինտերնետ մատակարարող ընկերության բաժնետոմսերը

Ինչպես է Ալիևի մտերիմ գործարարը ձեռք բերել տարածաշրջան ինտերնետ մատակարարող ընկերության բաժնետոմսերը

Երեկ հայտնի դարձավ, որ Վրաստանի՝ ինտերնետ ծառայություններ մատուցող խոշորագույն ըներության՝ «Caucasus Online»-ի 100% բաժնետեր է դարձել միջազգային NEQSOL ընկերությունը, որի սեփականատերն ադրբեջանցի գործարար Նասիբ Հասանովն է։ Ազգային ժողովի «Բարգավաճ Հայաստան» խմբակցության պատգամավոր Արման Աբովյանն իր ֆեյսբուքյան էջում մտահոգություն հայտնեց, որ վրացական ընկերության միջոցով Հայաստան հասնող ինտերնետ տրաֆիկի զգալի մասը փաստացի կլինի ադրբեջանցիների վերահսկողության տակ։ Infocom-ը ներկայացնում է, թե ինչ նշանակություն ունի «Caucasus Online»-ը մեր տարածաշրջանի համար, և ինչպես է NEQSOL-ը դարձել ընկերության 100% բաժնետոմսերի սեփականատեր։ «Caucasus Online» ընկերությունը ձևավորվել է 2006 թվականին։ 2008-ից «Caucasus Online»-ը Սև Ծովի հատակով անցնող 1200 կմ երկարությամբ օպտիկամանրաթելային մալուխի միանձնյա սեփականատերն է։ Մալուխի միջոցով ինտերնետը Եվրոպայից հասցվում է Հարավային Կովկաս և Կասպից տարածաշրջան։ 2010-ից ընկերությունը մուտք է գործել Հարավային Կովկաս՝ Վրաստան, Հայաստան, Ադրբեջան, ինչպես նաև Իրան և Իրաք։ Մինչև 2019 թվականը «Caucasus Online»-ի 100% բաժնետոմսերը պատկանում էին գործարար Խվիչա Մակացարիային: 2019-ին գործարարն իր բաժնետոմսերի 49%-ը վաճառեց NEQSOL ընկերությանը։ NEQSOL-ը Մեծ Բրիտանիայում, ԱՄՆ-ում, Թուրքիայում, Ադրբեջանում, Վրաստանում և այլ երկրներում գործունեություն ծավալող ընկերություն է, որի սեփականատերն ադրբեջանցի գործարար Նասիբ Հասանովն է։ Հասանովի անունը կապվում է Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի հետ։ Այսպես, «Կազմակերպված հանցավորության և կոռուպցիայի լուսաբանման նախագծի» (OCCRP)` 2016-ին հրապարակված հետաքննություններից մեկը պատմում էր Ալիևի ընտանիքի և հարազատների անուններով գրանցված կազմակերպությունների անօրինական գործունեության մասին։ Այդ կազմակերպություններից մեկն էլ գրանցված էր հենց այն նույն Նասիբ Հասանովի անունով, որին պատկանող ընկերությունը 2019-ին ձեռք բերեց «Caucasus Online»-ի բաժնետոսմերի 49%-ը։ Վրաստանի հաղորդակցության ազգային հանձնաժողովը (Georgian National Communication Commission), որը Վրաստանի հեռարձակման և էլեկտրոնային հաղորդակցությունների ոլորտը վերահսկող մարմինն է, պահանջեց, որ «Caucasus Online»-ի բաժնետոմսերը վերադարձվեն նախկին սեփականատիրոջը։ Հանձնաժողովի նախագահը հայտարարեց, որ գործարքն անօրինական է, քանի որ հանձնաժողովն այն նախապես հավանության չի արժանացրել։ Երբ բաժնետոմսերը չվերադարձվեցին, Հաղորդակցության ազգային հանձնաժողովը տուգանեց «Caucasus Online» ընկերությանը։ 2020-ի ամռանը Վրաստանում օրենսդրական փոփոխություններ կատարվեցին, որոնց համաձայն՝ Հաղորդակցության ազգային հանձնաժողովը հնարավորություն ստացավ հեռահաղորդակցական ընկերություններում նշանակելու «հատուկ մենեջերներ»։ Օրենսդրական այս փոփոխությունները Վրաստանում սուր քննադատության արժանացան, Վենետիկի հանձնաժողովը ևս դրական չարձագանքեց, սակայն հետագայում պարզ դարձավ, որ հանձնաժողովին այսպիսի լիազորություն տալու հիմնական պատճառն, ըստ երևույթին, «Caucasus Online» ըներկության բաժնետոմսերի մի մասի վաճառքն էր NEQSOL-ին։ Այսպիսով, Հաղորդակցության ազգային հանձնաժողովը 2020-ի աշնանը Մարիամ Սուլաբերիձեին մեկ տարով որպես հատուկ մենեջեր նշանակեց «Caucasus Online»-ում։ Իսկ հատուկ մենեջերն ունի լայն լիազորություններ, այդ թվում՝ ընկերության տնօրենին ազատել-նշանակելու, ընկերության պայմանագրերն ու գործարքները դատական կարգով չեղարկելու լիազորություններ։ ««Caucasus Online»-ը ավելի քան մեկ տարի գործում է իր բաժնետոմսերի ապօրինի օտարման պայմաններում, ինչը սպառնում է վնասել Վրաստանում ինտերնետ ծառայությունների շուկայի մրցակցային միջավայրը, ինչպես նաև ազդել ինտերնետ ծառայությունների գնի վրա։ Կարևոր է նաև, որ այս անօրինական գործարքը կարող է բացասական ազդեցություն ունենալ Վրաստանում տարածաշրջանային տեխնոլոգիական հանգույց ստեղծելու համատեքստում»,- ասված էր հանձնաժողովի տարածած հաղորդագրությունում։ «Caucasus Online»-ի նախկին սեփականատեր Մամիա Սանադիրաձեն իր հարցազրույցներից մեկում նշել էր, որ եթե NEQSOL-ը վերահսկողություն ունենա Եվրոպայից Ասիա ինտերնետ փոխադրող մալուխի՝ Վրաստանին պատկանող հատվածի վրա, ամենայն հավանականությամբ կփորձի սևծովյան մալուխը միացնել անմիջապես Բաքվին, ինչից հետո Վրաստանին ինտերնետ կմատակարարվի Բաքվից։ Հայաստանի Հանրապետության բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարար Հակոբ Արշակյանը 2020-ի օգոստոսի 26-ի ասուլիսի ընթացքում, պատասխանելով լրագրողներից մեկի՝ «Caucasus Online»-ի բաժնետոսմերի օտարման վերաբերյալ հարցին, նշել էր․ «Որոշակի շեշտադրումներ կան Հայաստանի ինֆորմացիոն անվտանգության հետ կապված, որոշակի մտահոգություններ կան ինտերնետի հասանելիության հետ կապված։ Ես չէի ցանկանա, որ մենք չափազանցություններ կիրառենք այս մասով։ Մեր վրացի գործընկերները պրոցեսի մեջ են, ես չէի ցանկանա նույնիսկ դա մեկնաբանել, որովհետև դա իրենց երկրում կոմերցիոն գործարքի և կարգավորվող գործարքի ընթացք է, որին մենք ուշադիր հետևում ենք»։  NEQSOL-ը «Caucasus Online»-ում հատուկ մենեջերի նշանակումից հետո հայտարարեց, որ բաժնետոմսերի ձեռքբերման գործընթացը համապատասխանում է Վրաստանի օրենսդրությանը և դիմեց Ներդրումային վեճերի կարգավորման միջազգային կենտրոն (International Centre for Settlement of Investment Disputes)՝ հարցը լուծելու համար։ Իսկ արդեն երեկ հայտնի դարձավ, որ Խվիչա Մակացարիան համաձայնել է իր մնացած 51% բաժնետումսերն էլ վաճառել NEQSOL ընկերությանը։ Այսպիսով, տարծաշրջանի՝ ինտերնետ ծառայություններ մատուցող խոշորագույն ընկերություններից մեկը, որի միջոցով ինտերնետ է հասցվում նաև Հայաստան, այս պահին 100%-ով պատկանում է ադրբեջանցի գործարար Նասիբ Հասանովին։ Լուսանկարը՝ jamestown.org-ի Աննա Սահակյան
20:45 - 25 մարտի, 2021
Արարատ Միրզոյանը սխալվում է․ պատգամավորները պարգեւավճար են ստացել նաեւ 2020 թվականի սեպտեմբերին

Արարատ Միրզոյանը սխալվում է․ պատգամավորները պարգեւավճար են ստացել նաեւ 2020 թվականի սեպտեմբերին

Երեկ՝ մարտի 23-ին, Աժ 7-րդ գումարման 6-րդ նստաշրջանի հերթական նիստի ժամանակ «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Սիսակ Գաբրիելյանն խոսեց «Բարգավաճ Հայաստան» եւ «Լուսավոր Հայաստան» խմբակցությունների ստացած պարգեւավճարների մասին։ Նա, մասնավորապես, նշեց․ «45 մլն դրամ պարգեւավճար է ստացել պարոն Ծառուկյանը եւ «Բարգավաճ Հայաստան» խմբակցությունը։ Մի անգամ տեսե՞լ եք, որ այդ մարդիկ դրա համար խոսեն։ Ընդհակառակը՝ դեմ են խոսել։ Մի 20 մլն էլ պարոն Մարուքյանն է ստացել եւ իր խմբակցությունը, բայց որեւէ մեկս չենք ասել, որ դա լրացուցիչ գործիքակազմ է»։ Գաբրիելյանին հակադարձեց «Բարգավաճ Հայաստան» խմբակցության քարտուղար Արման Աբովյանը՝ ասելով․ «Չգիտես՝ ինչու, պարոն Գաբրիելյանը չհնչեցրեց, որ մեկ տարի շարունակ «Բարգավաճ Հայաստան» խմբակցության բոլոր պատգամավորներն իրենց պարգեւավճարները անցյալ տարի գարնանը փոխանցում էին պանդեմիայի ֆոնդին, դե պարզ է, որ պատերազմը սկսեց՝ պատերազմի ֆոնդին»։ Աբովյանի այս ելույթից հետո դահլիճում վերջինիս ու Սիսակ Գաբրիելյանի միջեւ բանավեճ սկսվեց, որն էլ ընդհատեց ԱԺ նախագահ Արարատ Միրզոյանը՝ իր հերթին խոսելով ծավալված թեմայի մասին։ Միրզոյանն ասաց, թե Ազգային ժողովի պատգամավորները վերջին անգամ պարգեւավճար ստացել են 2020 թվականի փետրվար ամսի համար, եւ որ դրանից հետո Ազգային ժողովի որեւէ պատգամավոր պարգեւավճար չի ստացել։  Նախ նշենք, որ պատգամավորները պարգեւավճար ստանում են Ազգային ժողովի նախագահի կարգադրության համաձայն, որն էլ բաց տվյալ է, եւ յուրաքանչյուր ոք կարող է ստուգել ԱԺ նախագահի կարգադրությունները՝ մուտք գործելով Ազգային ժողովի կայքի «ԱԺ նախագահի որոշումներ, կարգադրություններ» բաժին։ Այսպիսով՝ կայքից տեղեկացանք, որ նախագահի կարգադրությամբ 2020 թվականի ընթացքում Ազգային ժողովի պատգամավորները պարգեւատրվել են 4 անգամ՝ փետրվարի 4-ի, մարտի 3-ի, մարտի 25-ի եւ սեպտեմբերի 18-ի կագրադրությունների համաձայն։ Փետրվարի 4-ին Ազգային ժողովի պատգամավորները պարգեւատրվել են պաշտոնային դրույքաչափի 30 %-ի չափով, որն, ըստ ամենայնի, տրամադրվել է հունվար ամսվա համար։  Հաջորդ կարգադրությունը, ինչի մասին խոսեց Արարատ Միրզոյանը, եղել է մարտի 3-ին, որի համաձայն՝ պատգամավորները դարձյալ պարգեւատրվել են իրենց պաշտոնային դրույքաչափի 30 %-ի չափով։ Այս դեպքում կարող ենք ենթադրել, որ սա տրամադրվել է փետրվար ամսվա համար՝ ինչպես նշեց Միրզոյանը, սակայն սա վերջինը չէր։  Նույն ամսվա ընթացքում՝ մարտի 25-ին, Միրզոյանի կարգադրությամբ ԱԺ պատգամավորները պարգեւատրվել են միանվագ դրամական աջակցությամբ՝ իրենց պաշտոնային դրույքաչափի 30%-ի չափով։ Սակայն հարկ է նշել, որ հենց այս նույն կարգադրության համաձայն՝ նշված պարգեւատրումներից պատգամավորների համաձայնությամբ փոխանցվել է կորոնավիրուսի դեմ պայքարի համար բացված գանձապետական ֆոնդին։ Եւ բացի նախորդ երեք պարգեւատրումների կարգադրություններից՝ կա եւս մեկը, որի մասին ԱԺ նախագահը մոռացել է։ Սեպտեմբերի 18-ին Ազգային ժողովի նախագահի կարգադրությամբ Ազգային ժողովի պատգամավորները դարձյալ պարգեւատրվել են, բայց եթե նախորդ երեք պարգեւատրումները եղել են պաշտոնային դրույքաչափի 30%-ի չափով, ապա այս անգամ պաշտոնային դրույքաչափի 75%-ի չափով։ Այսպիսով՝ Արարատ Միրզոյանի հնչեցրած միտքը, թե պատգամավորները վերջին անգամ պարգեւավճար են ստացել 2020 թվականի փետրվարի համար, իրականությանը չի համապատասխանում, քանի որ հենց իր կարգադրությամբ նրանք պարգեւավճար են ստացել նաեւ 2020 թվականի սեպտեմբերին։ Նարեկ Մարտիրոսյան
12:17 - 24 մարտի, 2021
Գրագողություն․ կարճաժամկետ խա՞յպ, թե իրական բարեփոխումներ [Challenge 18.2 | Զարուհի Սիմոնյան]

Գրագողություն․ կարճաժամկետ խա՞յպ, թե իրական բարեփոխումներ [Challenge 18.2 | Զարուհի Սիմոնյան]

Challenge նախագիծն ուղղված է հանրային քննարկում խթանելու ներուժ ունեցող անհատների համար գրելու, ստեղծագործելու, փոփոխությունների միտք գեներացնելու՝ ինչպես ֆինանսական, այնպես էլ հոգեբանական մոտիվացիա ստեղծելուն։ Յուրաքանչյուր հեղինակ հոդվածի վերջում «մարտահրավեր» է նետում այլ հրապարակախոսի, ոլորտային մասնագետի, փորձագետի կամ ցանկացած մարդու, որին համարում է թեմայի արժանի շարունակող։ Ներդրված է նվիրատվությունների համակարգ (հոդվածի վերջում), որի միջոցով ընթերցողը հնարավորություն ունի նվիրատվություն կատարել հոդվածագրին։ infocom.am-ը հանդես է գալիս որպես միջնորդ՝ ընթերցողի և հոդվածագրի միջև։   Վերջին երկու տարում գրագողության մասին սկսեցին խոսել բոլորը, սակայն ինչպես իրադարձությունների զարգացումը ցույց տվեց, նպատակը ոչ թե գրագողության դեմ համակարգային պայքարն էր, այլ պայքարի իմիտացիան։ Հենց պայքարի իմիտացիայի արդյունքում է, որ հեղափոխությունից երեք տարի անց չկա օրենսդրական որևէ բարեփոխում, և փոխարենը կան անցյալի վերաբերյալ հակասական գնահատականներ տալու չարդարացված փորձեր։ Գրագողության սահմանումը Մինչ  գրագողությունից խոսելը եկեք պարզենք, թե ըստ ՀՀ գիտական աստիճանաշնորհման կանոնակարգի՝ ինչ է գրագողությունը։ Որքան էլ տարօրինակ չթվա, կանոնակարգում գրագողության մասին գրված է ընդամենը մեկ նախադասություն․ «Ատենախոսության մեջ հայցորդը պարտավոր է նշել այն հեղինակներին և աղբյուրները, որոնցից նա փոխառել է առանձին դրույթներ կամ նյութեր»։  Փոխառությունը լեզվական այս կամ այն տարրի, հիմնականում՝ բառի անցումն է մի լեզվից մյուսին։ Փոխառություն են կոչվում նաև փոխառված տարրերը՝ բառերը (ածանցները, բառակազմական կաղապարները և այլն)։ Փաստորեն փախառությունը բառացիորեն նույն մտքի կրկնությունն է, որը նույնալեզու աշխատանքների դեպքում հնարավոր է լինում համակարգչային ծրագրերի միջոցով բացահայտել։ Սակայն կարելի է ենթադրել, որ կանոնակարգում, փոխառված դրույթ կամ նյութ ասելով, նկատի են ունեցել  մտքերի վերաձևակերպումը (paraphrasing) և թարգմանությունը։ Շարունակենք կարդալ կանոնակարգը։ Այստեղ ասվում է, որ եթե առանց սկզբնաղբյուրները նշելու՝ այլ հեղինակներից օգտագործվել են որոշակի դրույթներ և նյութեր, խորհուրդը բաց քվեարկությամբ, ձայների պարզ մեծամասնությամբ ատենախոսությունը հանում է պաշտպանությունից՝ առանց տվյալ ատենախոսության նոր պաշտպանության իրավունքի, և իր որոշումը սեղմագրի և նիստի սղագրության հետ միասին ուղարկում է ԲՈԿ:  Քանի որ թարգմանությունը կամ մտքերի վերաձևակերպումը ըստ էության ուղղակի պարզ copy-paste չէ, ըստ կանոնակարգի՝ վերջիններիս քննությունը դրված է մասնագիտական խորհրդի վրա, որպեսզի վերջինս մասնագիտորեն գնահատի՝ արդյոք առկա՞ է գրագողություն, թե՞ ոչ։ Թարգմանության և մտքերի վերաձևակերպման դեպքերը մասնագիտական խորհրդի գնահատման տիրույթում են, որպեսզի վերջիններս հասկանան՝ գործ ունեն գիտական նորույթների թարգմանությա՞ն, թե՞ տեսական ճշմարտությունների վերաձևակերպման հետ, որը էական ազդեցություն չունի արդյունքների վրա։  Ամփոփելով միտքը՝ ստացվում է, որ թարգմանության և մտքերի վերաձևակերպման դեպքերում, ըստ գործող կարգավորումների, չկա հիմք պնդելու, թե ինչ աստիճանի մտքի համընկնումն է պարտադիր դարձնում հղում տալը, իսկ կարգավորումը միայն փոխառության դեպքերի մասին է, որն էլ, ըստ նույն կանոնակարգի, պետք է արձանագրվի համակարգչային ծրագրի միջոցով։ Այսինքն, եթե համակարգչային ծրագիրը փոխառություն չի արձանագրել, իսկ մասնագիտական խորհուրդն իր հերթին չի արձանագրել, որ թարգմանված հատվածներում կարիք կար հղումներ տալու, ապա գրագողության մասին չենք կարող խոսել։ Ի՞նչ ունենք Ինչպես նշեցի հոդվածի սկզբում, երեք տարվա ընթացքում օրենսդրական որևէ փոփոխություն չի իրականացվել, չեն հստակեցվել գիտական աշխատանքների պահանջները և գնահատման չափորոշիչները։ Այժմ գործող կանոնակարգը հստակ ցույց է տալիս, որ ցանկության դեպքում «գրագող» կարելի է պիտակել ցանկացած գիտնականի․ չէ՞ որ միշտ կարելի է գտնել ինչ-որ մեկի, ով կարող է պնդել, որ համաձայն չէ մասնագիտական հանձնաժողովի եզրակացության հետ, և, իր կարծիքով, թարգմանության այդ հատվածին պետք էր հղում դնել։ Նման սուբյեկտիվ պնդումները, ըստ էության, դատապարտված են հերքվելու՝ հետագայում դատական որոշումներով առոչինչ դառնալով, այնպես, ինչպես տեղի ունեցավ ՀՊՏՀ նախկին ռեկտոր Ռուբեն Հայրապետյանի դեպքում։ Հիմա պետք է կողմնորոշվել՝ մենք ցանկանում ենք իսկապես գրագողության դեմ պայքարե՞լ, թե՞ ցանականում ենք պայքարի իմիտացիա ստեղծել։   Ի՞նչ անել անցյալի և ապագայի հետ Հարցի լուծումը առաջարկել է Ռուբեն Հայրապետյանը, որի հիմնական առաջարկներով կիսվում եմ ստորև։ Անցյալի հետ՝ վերացնել գիտական աստիճանի ուռճացված նորմատիվ իրավական առավելությունները, քանի որ անցյալում գիտական աստիճաններ ձեռք են բերվել թերի համակարգում (անորոշ, սխալ կամ նույնիսկ բացակայող պահանջներով), իսկ հաճախ շատ հեղինակներ նույնիսկ սեփական ատենախոսությունը ամբողջությամբ չեն հեղինակել։ Այս մոտեցմամբ կապահովվի հավասար մոտեցումը անցյալում գիտական կոչում ստացած բոլոր հեղինակների նկատմամբ, և անհարկի առանձին անհատներ չեն թիրախավորվի։ Ներկայի և ապագայի համար՝ վերացնել նախկին համակարգի ծայրահեղ սխալ ու հակասական պահանջները, դրանց փոխարեն մշակել հստակ չափանիշներ, որոնց հիման վրա միայն կարելի է գիտական հետազոտությունների որակ պահանջել և վերահսկել, նյութապես խթանել և մասնագիտական փոքր թիմերով վերապատրաստել հետազոտողներին՝ ազդեցության գործոնով միջազգային պարբերականներում տպագրվելու համար, որոշ ժամանակ անց այն դարձնել պարտադիր պահանջ գիտական աստիճաններ ստանալու համար: Հետգրություն․ թեման շարունակելու համար մարտահրավեր եմ նետում Լուսինե Մամիկոնյանին: Մարտահրավերը բաց է թեմայով հետաքրքրվողների համար:   սոցիոլոգ
22:26 - 22 մարտի, 2021
Ակնհայտ է, որ Կրեմլի ցուցումով հայտարարված իբրեւ թե արտահերթ ընտրությունների գաղափարը շատերին տատանման մեջ է գցել․ Վարուժան Ավետիսյան

Ակնհայտ է, որ Կրեմլի ցուցումով հայտարարված իբրեւ թե արտահերթ ընտրությունների գաղափարը շատերին տատանման մեջ է գցել․ Վարուժան Ավետիսյան

Մենք տարիներ շարունակ ահազանգում էինք, որ վիճակն օրհասական է, որ պատերազմ է լինելու, մեզ ասում էին՝ դուք պատերազմի հրձիգ եք, դուք արյուն եք ուզում, դուք պատերազմ եք ուզում, դուք չեք ուզում, որ մենք հանգիստ ապրենք։ Այս մասին մարտի 20-ին Ազատության հրապարակում «Ազգային-ժողովրդավարական բևեռի» հերթական հանրահավաքի ժամանակ ասաց «Ազգային-ժողովրդավարական բևեռի» վարչության անդամ Վարուժան Ավետիսյանը․ «Կարողացան մեր ծողովրդի մեծամասնությանը մոլորեցնել, թմրեցնել, քնեցնել մինչեւ աղետը վրա հասավ։ Մենք հիմա նորից զգուշացնում ենք, որ սա վերջը չէ, մենք ունենք բոլոր հնարավորությունները ոչ միայն համախմբվելու եւ աղետը կանխելու, այլեւ հզոր, ինքնիշխան պետականություն ստեղծելու»։ Ավետիսյանը ելույթի ժամանակ անդրադարձավ նաեւ արտահերթ խորհրդարանական ընտրություններին՝ նշելով․ «Ակնհայտ է, որ Կրեմլի ցուցումով հայտարարված իբրեւ թե արտահերթ ընտրությունների գաղափարը շատերին տատանման մեջ է գցել, մի՛ տատանվեք։ Եթե մենք թույլ տանք, որ այդ քաղաքական հարվածը, վերջին հարվածը, մեր ազգի եւ պետականության վզին հասցնեն, ապա համոզված եղեք, որ ռազմական հարվածը եւ վերջնական ազգային աղետը չեն ուշանալու։ Հասկանանք վերջապես, որ չի կարելի անտարբերությամբ նայել, թե ինչպես է մարդասպան, հայասպան համակարգը շարունակում իր արշավը անգամ ազգային աղետից հետո»։
19:21 - 20 մարտի, 2021