Նիկոլ Փաշինյան

Նիկոլ Վովայի Փաշինյան, ՀՀ գործող վարչապետն է։ ՀՀ Ազգային ժողովի նախկին պատգամավոր, «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության վարչության անդամ։

Ծնվել է 1975 թվականի հունիսի 1-ին՝ Իջեւան քաղաքում։ 1999-2012 թվականներին եղել է քաղաքական ուղղվածության «Հայկական ժամանակ» օրաթերթի գլխավոր խմբագիրը, 2012 թվականի մայիսի 6-ից մինչեւ վարչապետի պաշտոնում ընտրվելը՝ Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի պատգամավոր` ընդդիմադիր «Ելք» խմբակցությունից։ Որպես կուսակցական գործիչ համարվում է «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության, ինչպես նաեւ «Իմպիչմենտ» եւ «Ելք» դաշինքների համահիմնադիր։

2018 թվականին Սերժ Սարգսյանի երրորդ պաշտոնավարման դեմ պայքարող Նիկոլ Փաշինյանը սկսում է «Իմ քայլը» նախաձեռնությունը եւ իր համախոհների հետ միասին Գյումրուց քայլարշավով ուղեւորվում Երեւան։  Գործողությունների արդյունքում ապրիլի 23-ին Սերժ Սարգսյանը հրաժարական է տալիս։

Մայիսի 8-ին Փաշինյանն ընտրվում է Հայաստանի Հանրապետության 16-րդ վարչապետ։ Վարչապետի պաշտոնում Նիկոլ Փաշինյանը վերընտրվում է 2018-ի դեկտեմբերի և 2021-ի հունիսի խորհրդարանական արտահերթ ընտրությունների ժամանակ;

Առաջին եռամսյակի տվյալներով բյուջեի եկամուտները գերակատարվել են 20 մլրդ դրամով. վարչապետ |armenpress.am|

Առաջին եռամսյակի տվյալներով բյուջեի եկամուտները գերակատարվել են 20 մլրդ դրամով. վարչապետ |armenpress.am|

armenpress.am: Պետական բյուջեի եկամուտներն առաջին եռամսյակի տվյալներով գերակատարվել են ավելի քան 20 մլրդ  դրամով, առևտրի շրջանառությունը նույնպես  էական աճ է արձանագրել: Այդ մասին կառավարության նիստում հայտարարեց վարչապետ Նիկոլ Փաշինյանը: ՊԵԿ նախագահ Էդուարդ Հովհաննիսյանը տեղեկացրեց, որ մարտին նախորդ տարվա մարտի համեմատ ՀԴՄ-ներով և հաշվարկային փաստաթղթերով գործարքների քանակն ավելի է 8 մլն 647 հազար հատով. նախորդ տարվա համեմատ տարբերությունը կազմում է 122 մլրդ դրամ: «Եռամսյակային կտրվածքով իրացման շրջանառության տարբերությունը կազմում է 116,8 մլրդ դրամ, գործարքների թվով՝ 6,2 մլն հատ: Հարկային եկամուտների մասով նշեմ, որ առաջին եռամսյակի համար սահմանված է եղել 305 մլրդ դրամ, փաստացի հավաքագրվել է 332,9 մլրդ դրամ: Դրական տարբերությունը կազմում է 27,9 մլրդ դրամ, սակայն հաշվի առնելով, որ 332,9 մլրդ դրամի մեջ ներառված են նաև  դրոշմանիշների գծով մուտքերը, որոնք կազմել են 5,6 մլրդ դրամ, և նախատեսելով հետագայում առաջին եռամսյակի պլանի ճշտման հավանական հնարավոր չափը, որը կկազմի 310,6 մլրդ դրամ, ապա հարկային եկամուտների գերակատարման փաստացի արդյունքը կազմելու է 22,3 մլրդ դրամ»,- ասաց ՊԵԿ նախագահը: Ամփոփելով՝ Նիկոլ Փաշինյանը նշեց. «Այսպիսով առևտրի շրջանառության ծավալն առաջին եռամսյակում աճել է ավելի քան 8 տոկոսով: Մարտին աճը կազմել է ավելի քան 20 տոկոս: Բյուջեի հարկային եկամուտները պլանավորվածից գերակատարվել են 22,3 մլրդ դրամով: Առաջին եռամսյակի արդյունքներից ելնելով Ֆինանսների նախարարությունն առաջարկում է, որ մենք պետական բյուջեի տարեկան եկամուտների կանխատեսումն ավելացնենք 40 մլրդ դրամով: Սրանք բավականին լավ ցուցանիշներ են ճգնաժամային, հետպատերազմական տարվա համար»:
12:12 - 01 ապրիլի, 2021
Արցախի հերոս Արկադի Տեր-Թադևոսյանը հայրենասիրության և բարձր պրոֆեսիոնալիզմի մարմնավորում է. վարչապետի ցավակցական ուղերձը Կոմանդոսի մահվան կապակցությամբ

Արցախի հերոս Արկադի Տեր-Թադևոսյանը հայրենասիրության և բարձր պրոֆեսիոնալիզմի մարմնավորում է. վարչապետի ցավակցական ուղերձը Կոմանդոսի մահվան կապակցությամբ

Վարչապետ Նիկոլ Փաշինյանի ցավակցական ուղերձը Արցախի հերոս Արկադի Տեր-Թադևոսյանի մահվան կապակցությամբ․ «Խորը վշտով տեղեկացա Արցախի հերոս, լեգենդար ռազմական գործիչ, գեներալ-մայոր Արկադի Տեր-Թադևոսյանի՝ մեր սիրելի Կոմանդոսի մահվան մասին: Արկադի Տեր-Թադևոսյանը փայլուն ռազմական ուղի է անցել և իր գործունեությամբ լավագույնս ծառայել է հայրենիքին՝ մասնակցելով հայ ժողովրդի, Հայաստանի ու Արցախի համար փառապանծ հաղթանակների կերտմանը: Նա Արցախյան ազատամարտի հերոս է, Շուշիի ազատագրման ռազմական օպերացիայի հրամանատար, որը հայտնի է որպես ռազմագիտության դասագրքային օրինակ և վկայում է Կոմանդոսի՝ ռազմական գործի գիտակ լինելու մասին: Արցախի հերոս Արկադի Տեր-Թադևոսյանը հայրենասիրության և բարձր պրոֆեսիոնալիզմի մարմնավորում է: Նրա անունը հավերժ փառքով կմնա հայոց պատմության մեջ՝ որպես հայ ազգի արժանի զավակ և նվիրյալ զինվորական, ում ողջ գործունեությունը հաղթանակի բերկրանք ու հպարտություն է պարգևել հայ ժողովրդին: Ցավակցություններս գեներալ-մայոր Արկադի Տեր-Թադևոսյանի ընտանիքին, հարազատներին, մտերիմներին, մեզ բոլորիս: Հավերժ փա՛ռք նրա հիշատակին»:
17:06 - 31 մարտի, 2021
Պետք է կայացնենք որոշումներ, որոնք կապահովեն Հայաստանի երկարատև, կայուն զարգացումը. վարչապետը՝ ԱԽ նիստում

Պետք է կայացնենք որոշումներ, որոնք կապահովեն Հայաստանի երկարատև, կայուն զարգացումը. վարչապետը՝ ԱԽ նիստում

Վարչապետ Նիկոլ Փաշինյանի գլխավորությամբ տեղի է ունեցել Անվտանգությանխորհրդի հերթական նիստը: Վարչապետի ելույթը ԱԽ նիստի մեկնարկին․ «Բարեւ ձեզ հարգելի գործընկերներ, սկսում ենք Անվտանգության խորհրդի հերթական նիստի աշխատանքները։ Հայտնի իրադարձությունների բերումով անվտանգային միջավայրը էական փոփոխություններ է կրել Հայաստանի եւ Արցախի շուրջ, եւ մենք պետք է շարունակաբար գնահատենք այն նոր մարտահրավերները եւ հնարավորությունները, որոնք ունենք այս իրավիճակում։ Պետք է կարողանանք գնահատել Հայաստանի դիրքը, դիրքորոշումը եւ մոտեցումը նոր մարտահրավերներին, ինչպես ենք դիմակայելու նոր մարտահրավերներին, եւ ինչ հնարավորություններ կան, որոնք պետք է օգտագործվեն Հայաստանի եւ Արցախի կայուն եւ բնականոն զարգացման համար։ Իհարկե Հայաստանի տեւական շրջափակումը Հայաստանի Հանրապետությունը որոշակիորեն օտարել է տարածաշրջանից, եւ մենք օրինակ մեր ռազմավարական գործընկերոջ հետ ցամաքային ընդամենը մեկ ճանապարհ, ունենք, որը ունի սեզոնային բնույթ եւ մեծապես կախված է եղանակային պայմաններից, ինչն իր հերթին բերում է բազմաթիվ մարտահրավերներ, այդ թվում եւ անվտանգային։ Մենք պետք է այս նոր իրավիճակում կարողանանք գնահատել այն հնարավորությունները, որ կա Հայաստանի շրջափակումը վերացնելու առումով, մյուս կողմից պետք է արձանագրենք, որ այդ գործընթացը չի կարող տեղի ունենալ Հայաստանի կենսական շահերի հաշվին։ Ընդհակառակը, մենք պետք է այս գործընթացում կարողանանք լիարժեք պահպանել եւ պաշտպանել մեր երկրի շահերը, Արցախի շահերը, իհարկե նաեւ պատրաստ լինելով որոշակի համագործակցային տրամաբանության։ Ընդհանրապես կոմունիկացիաների բացումը մեր այսօրվա քննարկման կարեւորագույն թեմաներից է լինելու։  Հարցը էական է եւ ուշագրավ, բայց ինքնին ունի բազմաթիվ նրբություններ, եւ այդ բոլոր նրբությունները մենք պետք է հաշվի առնենք։ Բայց մեր տրամադրվածությունը պետք է լինի այն, որ մենք պիտի ի վիճակի լինենք կայացնել որոշումներ, որոնք բխում են Հայաստանի Հանրապետության շահերից։ Պիտի ի վիճակի լինենք կայացնել որոշումներ, որոնք կապահովեն երկարատեւ կայուն զարգացումը Հայաստանի Հանրապետության, եւ նաեւ ինչ-որ առումով տարածաշրջանի երկարատեւ եւ կայուն զարգացումը եւս մեր պատասխանատվության ոլորտում է։ Այնպես որ, ես այսօր մեզ հաջող եւ արդյունավետ քննարկում եմ մաղթում»։
21:58 - 30 մարտի, 2021
Փաշինյանը ԿԳՄՍ նախարարին և փոխնախարարին գործուղել է Ռուսաստան

Փաշինյանը ԿԳՄՍ նախարարին և փոխնախարարին գործուղել է Ռուսաստան

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը Վահրամ Դումանյանին և Կարեն Գիլոյանին Ռուսաստան գործուղելու մասին որոշում է ստորագրել: Այս մասին տեղեկանում է կառավարության պաշտոնական կայքից: «Ղեկավարվելով «Կառավարության կառուցվածքի և գործունեության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 7-րդ հոդվածի 5-րդ մասով՝ 1. Հայաստանի Հանրապետության կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Վահրամ Դումանյանին և Հայաստանի Հանրապետության կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարի տեղակալ Կարեն Գիլոյանին 2021 թվականի ապրիլի 8-11-ը գործուղել Ռուսաստանի Դաշնություն (Մոսկվա)՝ Ծանրամարտի Եվրոպայի առաջնությանը ներկա գտնվելու և մեդալակիրների պարգևատրման հանդիսավոր արարողությանը մասնակցելու նպատակով: 2. Վահրամ Դումանյանի և Կարեն Գիլոյանի` Ռուսաստանի Դաշնություն (Մոսկվա) գործուղման հետ կապված ծախսերը կատարել Հայաստանի Հանրապետու-թյան 2021 թվականի պետական բյուջեով արտասահման-յան պաշտոնական գործուղումների համար նախատես-ված միջոցների հաշվին: 3. Հայաստանի Հանրապետության կրթության, գիտության, մշակույթի ևnսպորտի նախարարին՝ գործուղումից վերադառնալուց հետո եռօրյա ժամկետում գործուղման արդյունքների մասին հաշվետվությունը ներկայացնել Հայաստանի Հանրապետության վարչապե-տի աշխատակազմ և Հայաստանի Հանրապետության արտաքին գործերի նախարարություն»,-ասված է որոշման մեջ:
12:37 - 30 մարտի, 2021
Կխստացվեն կորոնավիրուսի տարածումը կանխարգելող միջոցառումները

Կխստացվեն կորոնավիրուսի տարածումը կանխարգելող միջոցառումները

Վարչապետ Նիկոլ Փաշինյանի գլխավորությամբ այսօր տեղի է ունեցել Հայաստանի Հանրապետությունում կորոնավիրուսի տարածումը կանխարգելող աշխատանքները համակարգող հանձնաժողովի նիստը: Իր խոսքում վարչապետ Փաշինյանը, մասնավորապես, նշել է. «Մեր այն սպասումը և կանխատեսումը, թե նոր տիպի կորոնավիրուսի համավարակն առնվազն մեկ տարի տևելու է, ըստ էության արդարացան և արդարանում են, և հիմա ամբողջ աշխարհում կորոնավիրուսը շարունակում է տարածվել: Նոր հանգամանքը, որ ի հայտ է եկել, պատվաստանյութերի կիրառումն է, և մենք այսօր կքննարկենք այս պահին կորոնավիրուսի հետ կապված իրավիճակը Հայաստանում և մեր անելիքները, մասնավորապես՝ պատվաստման քաղաքականությունը, պատվաստանյութերի ձեռքբերման առումով մեր պայմանավորվածությունները, հետագա քայլերը»: Առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանը ներկայացրել է Հայաստանում համաճարակային իրավիճակը՝ նշելով, որ այսօրվա դրությամբ հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության ընդհանուր 190741 դեպք, որից 172096-ը՝ առողջացած, 3476-ը՝ մահվան ելքով: Կորոնավիրուսային հիվանդությամբ այս պահին փաստացի բուժում է ստանում 14287 պացիենտ: Ընդհանուր առմամբ կատարվել է 842817 թեստավորում: Վիճակագրական տվյալներ են ներկայացվել վարակի վերարտադրողության ցուցանիշի, դեպքայնության աճի, մահճակալային ֆոնդի զբաղվածության և առկա հիվանդանոցային կարողությունների վերաբերյալ: Նախարարը նշել է, որ նշված ցուցանիշների վերջին 7 օրվա համեմատականը մտահոգիչ է, Հայաստանում կորոնավիրուսի համաճարակային իրավիճակը շարունակում է լարված մնալ և վերահսկողական միջոցառումները չխստացնելու պարագայում կվատթարանա: Ա. Ավանեսյանն անդրադարձել է Covid-19-ի դեմ պատվաստանյութի ձեռքբերման գործընթացին, որի շրջանակում երեկ՝ մարտի 28-ին, Հայաստան է ներկրվել պատվաստանյութի առաջին խմբաքանակը՝ 24 հազար դեղաչափ: Այն նախատեսված է ռիսկային խմբերի շրջանում, կամավորության սկզբունքով, կորոնավիրուսի դեմ պատվաստելու համար: Ներկրված պատվաստանյութի արդյունավետության և անվտանգության տվյալները համապատասխանում են Առողջապահության համաշխարհային կազմակերպության սահմանած չափանիշներին: Զեկուցվել է նաև Covid-19 դեմ պատվաստանյութի հաջորդ խմբաքանակների ձեռքբերման ուղղությամբ տարվող աշխատանքների մասին: Նիստում քննարկվել են կորոնավիրուսի տարածումը կանխարգելելու ուղղությամբ առաջնահերթ անելիքները: Վարչապետն առաջարկել է աշխատանքները կազմակերպել հետևյալ ուղղություններով՝ պատվաստման շարունակական գործընթաց, դիմակների կրման մակարդակի բարձրացում, վերահսկողական միջոցառումների խստացում և հիվանդանոցային ներուժի ավելացում: Այս կապակցությամբ քննարկվել են մի շարք առաջարկներ, այդ թվում՝ պատվաստանյութերի այլ տեսակների ձեռքբերման առնչությամբ: Արծարծվել են հանրակրթական ուսումնական հաստատություններում կանխարգելիչ միջոցառումներին վերաբերող հարցեր: Ընդգծվել է, որ պետք է աշխատանքներն իրականացնել կորոնավիրուսի նախորդ ճգնաժամային շրջաններում կիրառած սկզբունքների և փորձի հիման վրա: Վարչապետը հանձնարարել է ակտիվացնել տեսչական ստուգումները, հատկապես փակ տարածքներում և հանրային տրանսպորտում, շարունակել հանրային լայն իրազեկումը դիմակի կրման մշակույթը տարածելու ուղղությամբ և կենտրոնանալ պատվաստանյութերի նոր խմբաքանակների ձեռքբերման աշխատանքների վրա:
16:04 - 29 մարտի, 2021
Ապագայի նկատմամբ մեր հավատը, այո՛, սասանվել է, բայց մենք իրար հետ պետք է վերականգնենք այն. վարչապետն այցելել է Արմավիրի մարզ

Ապագայի նկատմամբ մեր հավատը, այո՛, սասանվել է, բայց մենք իրար հետ պետք է վերականգնենք այն. վարչապետն այցելել է Արմավիրի մարզ

Վարչապետ Նիկոլ Փաշինյանն այցելել է Արմավիրի մարզի Արագած, Մյասնիկյան, Ալաշկերտ, Նալբանդյան և Արտաշար համայնքներ: կառավարության ղեկավարը հանդիպել է տեղի բնակիչներին, անդրադարձել երկրում ստեղծված իրավիճակին, արցախյան պատերազմի հանգամանքներին և առաջիկա ծրագրերին:Ինչպես տեղեկացնում են ՀՀ վարչապետի աշխատակազմի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից, հանդիպումները սկսվել են 44-օրյա պատերազմի ընթացքում զոհված հայորդիների հիշատակը մեկ րոպե լռությամբ հարգելով։ Յուրաքանչյուր համայնքում վարչապետ Փաշինյանը հնչեցրել է տվյալ համայնքներից զոհված հայորդիների անունները, այցելել է զոհերի շիրիմներին: Դիմելով համայնքների բնակիչներին՝ վարչապետը նշել է. «Սիրելի ժողովուրդ, ողջունում եմ բոլորիդ և շնորհակալ եմ ջերմ ընդունելության համար:Բոլոր այն համայնքներում, որտեղ հանդիպում ենք ունենում, պանթեոն այց ենք կատարում անպայման, սկսում ենք հանդիպումը հիշատակի արարողությամբ, և մտածում եմ, թե ի վերջո ինչ պետք է անենք մենք մեր նահատակների համար, ինչպես պետք է ապրենք և ինչպես պետք է գործենք, որպեսզի արժանի լինենք նրանց հիշատակին: Եվ ինչքան մտածում եմ՝ այլ պատասխան, քան հետևյալը չեմ գտնում. մենք պետք է կառուցենք իսկապես հզոր, ազատ, երջանիկ երկիր, մենք պետք է Հայաստանը նորովի կառուցենք, մենք պետք է Արցախը նորովի կառուցենք: Բայց դրա համար, որպեսզի մեր նահատակների հիշատակի առաջ ազնիվ լինենք, մենք պետք է նաև հետահայաց հասկանանք՝ ի վերջո ինչն ենք սխալ արել վերջին 30 տարիների ընթացքում: Ի վերջո 21-րդ դար է, և մենք անցնում ենք գյուղերով, որտեղ բարեկեցության արտահայտություն որպես այդպիսին չկա: Կան ցեխերի մեջ թաղված փողոցներ, կիսավեր ցանկապատեր, գույներից զրկված տներ, շենքեր: Եվ սա առանձին վերցրած գյուղի պրոբլեմ չէ, այդպես Հայաստանում ամենուր է: Այսինքն՝ մեկը մի քիչ ավելի, մեկը մի քիչ պակաս, ըստ էության, Հայաստանում համայնքները նույն վիճակի են: Հիմնական պատճառն ի՞նչն է, որ ամեն ինչ այդպես է ստացվել: Ես վիճակագրությունը նայում եմ, այսօր Հայաստանում գոյություն ունեցող 444 հազար հեկտար հողերի կեսը՝ 49 տոկոսը, ընդհանրապես չի մշակվում: Այսինքն՝ մեր երկրի վարելահողերի կեսը չի մշակվում, մեր երկրի վարելահողերի 74 տոկոսը ջուր չունի, ջրին հասանելիություն չունի, ոռոգման ջրին հասանելիություն չունի: Մինչդեռ մեր երկրում, մեր լեռնաշխարհում տարեկան այնքան ջուր է գոյանում, որ մեր կարիքները ոչ միայն կբավարարեր, այլև մենք ջրի շատ մեծ ավելցուկ կունենայինք: Մենք, ըստ էության, 30 տարվա ընթացքում ի՞նչ ենք արել: Մենք բոլորս, դուք առաջին հերթին գնացել եք բազմաթիվ զոհողությունների՝ հանուն Արցախի, հանուն անվտանգության, հանուն բանակի: Բայց այսօր մեր արձանագրումն ի՞նչ է, որ մեր այդ զոհողությունները չեն օգտագործվել այնպես և չեն ներդրվել այնպես, որ մենք այսօր այս վիճակի առաջ չկանգնենք: 30 տարվա ընթացքում, ցավոք, հաղթանակների մասին խոսելով, մեր թիկունքում պարտություններ են հյուսվել, պարտություններ են կառուցվել: Մենք այսօր պետք է այս հարցի և այս պրոբլեմի լուծումը տանք:   Դուք տեսաք պատերազմից հետո ինչ իրադարձություններ տեղի ունեցան: Պարզվեց, որ պատերազմի այդ պահին 5000 մարդ կա, որ պատրաստ է կառավարության շենքի վրա գրոհել, մինչդեռ գրոհելու տեղը բոլորովին ուրիշ էր: Պարզվեց, որ Հայաստանում քաղաքական գործիչներ կան, ովքեր պատերազմի ընթացքում զանգում էին, իրենց ասելով, գեներալներին, ոչ թե ասում էին՝ գնացեք և հակառակորդին հաղթեք, ասում էին՝ եկեք Երևանում իշխանության հարցը լուծեք: Որովհետև Ղարաբաղի հարցը ոմանց համար ինչպես եղել է, այնպես էլ շարունակում է մնալ իշխանություն տալու-առնելու միջոց: Շատ լավ, Ղարաբաղի հարցն իշխանություն առնելու միջոց էր, բայց այդ իշխանություն առնելուց հետո ի՞նչ արվեց Հայաստանի հետ: Ինչո՞ւ պետք է Հայաստանում վարելահողերի կեսը լինի անմշակ, ինչո՞ւ Հայաստանում այսօր պետք է լինեն դպրոցներ, որոնք չունենան ջեռուցում, որոնք չունենան աթոռ, որոնք չունենան սեղան, ինչի՞ պետք է այսօր Հայաստանում լինի ուսուցիչ, որը կստանա 30 կամ 50 հազար դրամ աշխատավարձ, ինչո՞ւ Հայաստանում պետք է աղքատությունը շարունակի մնալ այն նույն պրոբլեմը: Մեր ամենամեծ հարգանքը մեր նահատակների առաջ կլինի այն, որ մենք այս պրոբլեմները լուծենք: Մենք պետք է Հայաստանում ունենանք բարեկեցիկ գյուղեր, բարեկեցիկ քաղաքներ, բարեկեցիկ ընտանիքներ և ապագային հավատացող ժողովուրդ: Ապագայի նկատմամբ մեր հավատը, այո՛, սասանվել է, բայց մենք իրար հետ պետք է վերականգնենք այդ հավատը: Առաջին հերթին կրթության միջոցով: Այո՛, այս տարվանից մենք սկսում ենք մի գործընթաց, որի արդյունքում Հայաստանի Հանրապետությունում ցածր աշխատավարձ ստացող ուսուցիչ չի լինելու: Հետևյալ պայմանն ենք կապում՝ այն ուսուցիչները, ովքեր ատեստավորմամբ իրենց բարձր որակավորումը կհաստատեն՝ նրանց աշխատավարձը նոյեմբերից արդեն 30-50 տոկոսով կբարձրանա: Բայց սա մենակ ուսուցիչների համար չէ, սա մեր երեխաների համար է, մենք հնարավորություն կտանք, որ ուսուցիչներն իրենց աշխատանքի վրա կենտրոնանան: Դրանից հետո, լավ աշխատանքի արդյունքում ուսուցիչները հնարավորություն կունենան միավորներ ավելացնել իրենց անհատական վարկանիշին, և ինչքան միավորները բարձրանան, այքան աշխատավարձերը զուգահեռ կմեծանան: Սա նշանակում է՝ մեր երեխաներն ավելի հուսալի գիտելիք կունենան: Մեր այսօրվա հավաքին էլի երեխաներ են մասնակցում, երեխաներ, այդ ո՞նց են ձեզ բերել այստեղ, ճիշտը ասեք, հո չե՞ն ասել, որ եթե չգաք՝ վատ գնահատականներ կդնենք, այս կանենք, այն կանենք, կտանենք ոստիկանության բաժին, քրեական գործ կհարուցենք ձեր դեմ: Իսկ ինչի՞ եք եկել, հետաքրքիր է:Երեխաներ ջան, ողջունում եմ ձեզ, անկեղծ ասած շատ են քննադատում, որ մեր հավաքներին երեխաներ են մասնակցում, բայց ես իրականում հպարտ եմ դրանով, որովհետև դա ամենակարևորն է, որովհետև այն ինչ մենք խոսում ենք, մենք խոսում ենք ապագայի մասին և մենք պետք է խոսենք ապագայի մասին: Ապագայի մասին ամենակարևոր խոսակցությունը երեխաների հետ է և երեխաների մասին է:Այսօր ամենակարևոր հարցերից մեկը, որի վրա ձեր ուշադրությունն ուզում եմ հրավիրել, հետևյալն է, որ այո՛, մեր նահատակները նաև իրենց իսկ երեխաների, մեր բոլորի երեխաների ապագայի համար են ընկել, և մենք պետք է ամեն ինչ անենք և կանենք, որ նրանց զոհողություններն իզուր չլինեն: Նրանք ընկել են, որ հայ ժողովուրդը կանգուն մնա, նրանք ընկել են, որ Արցախը կանգուն մնա, նրանք ընկել են, որ Հայաստանը կանգուն մնա, նրանք ընկել են, որ այս երեխաների ապագան կանգուն մնա: Եվ մենք պարտավոր ենք թույլ չտալ, որ ոմանք մեր նահատակների արյունն էժանագին քաղաքական մանրադրամ դարձրած, քաղաքական վաճառականի նման փորձեն առևտրի առարկա դարձնել: Եվ եկեք խոստանանք, որ դա թույլ չենք տալու, ժողովուրդ, մենք դա թույլ չենք տալու:Ի՞նչի մեջ է մեզ այսօր ժողովուրդն ամենաշատը մեղադրում: Ամենաշատը մեղադրում է, որ մենք կոռուպցիայի դեմ բավարար արդյունավետությամբ պայքար չենք տարել: Այո՛, այդ մեղադրանքի մեջ ժողովուրդը ճիշտ է, բայց մյուս կողմից ես նաև ուզում եմ արձանագրել, որ, այո, երկար է տևել, բայց հիմա արդեն ստեղծել ենք մեխանիզմներ, որ կոռուպցիայի դեմ պայքարը դարձնենք առավել արդյունավետ: Այդ թվում, գիտեք, որ ընդունվել է ապօրինի գույքի բռնագանձման մասին օրենքը: Հիմա օրենք է ընդունվել, որով ձևավորվում է Հակակոռուպցիոն դատարան, օրենք է ընդունվել, որով հիմա մենք ներդնում ենք ապօրինի գույքի բռնագանձման գործերի մասնագիտացված դատավորների համակարգ: Այո՛, ձեզ խոստացել ենք և շարունակում ենք խոստանալ, որ կոռուպցիայի դեմ պայքարում լինելու ենք հետևողական, և համոզված եմ, որ դա նաև ձեր պահանջն է:Այդ հարցերում պետք է խոստովանեմ, որ ունենք որոշակի պրոբլեմներ, բայց մյուս կողմից, տեսեք՝ 2018 թվականին, երբ ձեր կողմից բերվել ենք իշխանության, խոստացել ենք, որ յուրաքանչյուրին տալու ենք հնարավորություն, յուրաքանչյուրին տալու ենք շանս: Այո՛, այդ շանսը շատերը չարաշահել են, և ես համոզված եմ և համաձայն եմ, որ նրանք, ովքեր իրենց շանսը չարաշահել են, պետք է կրեն պատիժը, որովհետև նրանք գողացել են այս երեխաների ապագայից, նրանք գողացել են այս ժողովրդի ապագայից, նրանք գողացել են այս հայրենիքի ապագայից: Հայրենիքից գողացողը, այո՛, պետք է ստանա իր արժանի գնահատականը և իր արժանի պատիժը: Այո՛, ժողովուրդը մեզ մեղադրում է, որ մենք այսօր նրանց այդ պատժի հանգրվանին չենք հասցրել, բայց ես ձեզ ուզում եմ նաև հետևյալն ասել՝ մեր կառավարման բոլոր երեք տարիները, ըստ էության, ճգնաժամային կամ կիսաճգնաժամային են եղել՝ 2020 թվականին այդ կորոնավիրուսը և պատերազմը: 2018 թվականին հետհեղափոխական կայունություն հաստատելու խնդիր կար, մենք 2018 թվականից անընդհատ բունտերի առաջ ենք կանգնում: Այս պատմությունը երկու բունտով է խորհրդանշվում: Առաջին բունտն այն էր, որ արեց Ազգային ժողովը 2018 հոկտեմբերին, հիշում եք հոկտեմբերի 2-ի հայտնի իրադարձությունը: Եվ վերջինը շատ անհասկանալի պատմություն էր, երբ Զինված ուժերի Գլխավոր շտաբին ոմանք փորձեցին և կարողացան ինչ-որ չափ ներքաշել քաղաքական պրոցեսների մեջ: Բայց մենք այսօր իրար հետ դեմ-դիմաց կանգնած ենք, ու դա առաջին հերթին ձեր շնորհիվ, ժողովուրդ: Ես համաձայն եմ, որ ձեր տված շանսերը մենք էլ պետք է չմսխենք, մենք ձեր տված շանսերը պետք է օգտագործենք: Ես դա հասկանում եմ և ուզում եմ ներողություն խնդրել այն բոլոր դեպքերի համար, որ մենք ձեզ հիասթափեցրել ենք: Բայց մենք սկզբունքորեն կանգնած ենք: Ուզում եմ նաև ուրիշ բան ասել՝ այսքան արհավիրքների միջով անցել ենք, վերջին 5 ամսում Հայաստանում տեսեք ինչեր են տեղի ունեցել, բայց Հայաստանի ներսում մի կրակոց չի հնչել: Այս առումով էլ մենք ցույց տվեցինք, որ Հայաստանի Հանրապետությունն աննախադեպ երկիր է, որովհետև դուք չեք գտնի որևէ ուրիշ երկիր, որ այսպիսի պատերազմից, այսպիսի աղետից հետո հնարավոր լիներ ունենալ այսպիսի իրավիճակ, երբ մի կրակոց չի հնչել, երբ մի զոհ չի եղել: Սա առաջին հերթին էլի ձեր շնորհիվ: Ձեզանից ներողություն եմ խնդրում նրա համար, որ սկսած մեր անկախության առաջին տարիներից ամբողջ բեռը եղել է ժողովրդի վրա, ամեն ինչը հենված է եղել ժողովրդի վրա: Եվ մենք այս ընթացքում չենք կարողացել, ցավոք, ձևավորել ինստիտուտներ, որոնք ժողովրդի սոցիալական անվտանգությունը կապահովեն, ֆիզիկական անվտանգությունը կապահովեն, բարոյական ու հոգեբանական անվտանգությունը կապահովեն: Եվ սա մեր մեծագույն խնդիրն է:Դատարանի պրոբլեմն ի՞նչ պրոբլեմ է՝ դատարանը որպես ինստիտուտ չի կայացել: Մեր առաջիկա անելիքը պետք է լինի հետևյալը՝ մենք, այո՛, արդեն հասել ենք և բոլոր մեխանզիմները ձևավորել ենք: Որևէ կասկած չկա, որ բոլոր այն դատավորները, ովքեր անազնիվ են ժողովրդի և օրենքի հետ՝ նրանք հեռացվելու են: Դրա մեխանիզմները գործարկվել են արդեն: Այսօր տասնյակի չափ կարգապահական վարույթներ կան Արդարադատության նախարարության կողմից հարուցված, որոնք գտնվում են Բարձրագույն դատական խորհրդում: Օրինակ, Արագած գյուղում էլ ասում էին, որ հիմա այնպիսի իրավիճակ է, որ գայլերը, ժողովրդի մեջից էին ասում, ուզում են նորից գան իշխանության, բայց ներկաներից մեկն ասաց՝ եթե իրանք գայլ են՝ մենք էլ գելխեղդ ենք: Այնպես, որ թող որևէ մեկը ժողովրդի վրայով իշխանության գալու հույս չունենա:Բայց ապագայի մասին ամենակարևոր արձանագրումը հետևյալն է՝ աշխատանքն այն միակ գործիքն է, որով մենք մեր խնդիրը պետք է լուծենք, բայց աշխատանքն էլ պետք է արդար լինի: Ժողովրդի, գյուղացու չարչարանքն արդյունք չի տալիս, չի տալիս այն ցանկալի արդյունքը, որ պետք է տա: Ի՞նչն է սրա պատճառը, որովհետև երևի մենք, կառավարությունը բավարար չափով գյուղացու կողքին չենք կանգնում: Այսօր չի կարող այդպես լինել, որ երկրի վարելահողերի կեսը չմշակվի: Երբ մենք խորանում ենք նաև պատճառների մեջ, թե ինչի գյուղատնտեսությունն արդյունավետ չէ, մենք հետևյալ պրոբլեմի առաջ էլ ենք գալիս, որ մեր երկրում, այո, հողը սեփականաշնորհվեց, շատ լավ է, բայց այդ հողը, սեփականաշնորհման ձևը, տեսքը, պրոբլեմներ է ստեղծել, որի առաջ այսօր մեր գյուղատնտեսությունը կանգնած է: Ի՞նչն է այդ պրոբլեմը. հողերը շատ կտրտված են, հողերը շատ փոքր են, հողն ինչքան փոքր է, այդքան անարդյունավետ է: Բազմաթիվ գյուղերում մարդը, ենթադրենք, 3 տեղ, ընդհանուր առմամբ 1.5 հեկտար հող ունի, մի հատն այստեղ է, մի հատը 5 կիլոմետր այն կողմ, երրորդը 10 կիլոմետր այն կողմ: Այդ նույն մարդը մինչև այդ հողից այն հող պտտվում, գալիս է՝ կրկնակի, եռակի է ծախսում:Եվ մենք պետք է այս խնդիրները լուծենք: Ո՞նց՝ գիտելիքով: Նաև պետք է կարողանանք հողերը խոշորացնել, որպեսզի մեծ կտորներ լինեն: Պետք է գյուղացիներին քաջալերենք: Խոշորացման ձևերից մեկը ո՞րն է՝ գյուղացիական կոոպերատիվների ձևավորումը: Պետք է քաջալերենք, որպեսզի դուք հնարավորություն ունենաք միավորվել: Օրինակ՝ ավագ սերնդի ներկայացուցիչները շատ են չէ՞ խոսում կոլխոզների մասին: Ասում են՝ կոլխոզների նման լավ ինստիտուտները քանդեցին: Ճի՞շտ է, կա՞ այդպիսի տեսակետ: Բայց հիմա մենք ուզում ենք այնպես անել, որ դուք իրար հետ համատեղ տնտեսություններ ձևավորեք, իրար հետ կառավարեք, պետությունն էլ ձեզ ապահովի էժան ֆինանսական միջոցներով, որպեսզի կարողանաք ավելի խոշոր հողեր մշակել, որպեսզի ավելի մեծ արդյունք ձևավորեք, որպեսզի կարողանաք ձեր ջանքերը մեկտեղել: Բայց սրա համար, իհարկե, ամենակարևոր խնդիրն ապահովելն է վստահությունը երկրի ապագայի և անվտանգության նկատմամբ:Մեզ համար շատ կարևոր թեմա է Զինված ուժերի և բանակի բարեփոխումները: Այսօր մենք լրջորեն լծվել ենք, լծվում ենք բանակի բարեփոխումներին: Այո՛, դատական իշխանությունների մասին արդեն խոսեցի, այդ պրոցեսը գնացել է և անխուսափելիորեն կավարտվի: Ես կարծում եմ, որ մենք Հայաստանի անվտանգությունն ապահովելու համար պետք է խորացնենք նաև մեր դաշնակցային հարաբերությունները Ռուսաստանի Դաշնության հետ: Դուք գիտեք, որ Հայաստանում կա հայ-ռուսական միացյալ զորախումբ: Մենք պետք է զարգացնենք հայ-ռուսական համատեղ զորախմբի կարողությունները: Ձևակերպենք այդ զորախմբի խնդիրները, որպեսզի այն դառնա մեր անվտանգության ապահովման ամենակարևոր ու արդյունավետ գործիքը:Բայց մյուս կողմից մեր երկարաժամկետ ծրագիրը պետք է լինի ոչ թե պատերազմը, մեր երկարաժամկետ ծրագիրը պետք է լինի խաղաղությունը: Երկարաժամկետ ծրագիրը պետք է լինի, որ մենք պետք է այլ հայացքով, այլ տեսակետից և այլ դիտանկյունից նայենք մեր տարածաշրջանին: Մեր կանխավարկածը և պատմությունն այն է, որ մենք տարածաշրջանում ունենք բազմաթիվ թշնամիներ: Բայց եթե մենք տարածաշրջանում ունենք բազմաթիվ թշնամիներ, դա նշանակում է, որ բազմաթիվ ուրիշները մեզ համարում են իրենց թշնամի: Ինչքան իրենք են մեզ համարում թշնամի, այնքան մենք ենք իրենց ավելի շատ համարում թշնամի: Եվ այս փոխադարձ թշնամական դոզայի մեծացումը բերում է ճգնաժամերի: Այո՛, մենք պետք է կարողանանք վերանայել տարածաշրջանը, տարածաշրջանի մեր գնահատականը, մեր դիրքը, մեր կեցվածքը տարածաշրջանում, իհարկե՝ նաև քաջալերելով և ամեն ինչ անելով, որպեսզի ուրիշները նույնպես այդպես վարվեն: Որովհետև եթե միայն մենք այդպես վարվենք, դրանից ոչ մի բան չենք շահի: Մենք պետք է կարողանանք հասնել նրան, որ ընդհանուր առմամբ տարածաշրջանում մթնոլորտի փոփոխություն տեղի ունենա: Եվ մենք, այո՛, այս տարածաշրջանում ապրել ենք հազարամյակներով և այս տարածաշրջանում ապրելու ենք հազարամյակներով: Եվ մենք այս տարածաշրջանում մեր հայրենիքը, Հայաստանը և Արցախը պետք է շենացնենք:Էլի եմ ասում, շատ-շատ երազանքներ ենք ունեցել և շարունակում ենք ունենալ: Բայց մեր երազանքները պետք է մոտեցնենք մեր իրականությանը, մեր ամեն փողոցին: Մեր երազանքները պետք է մոտեցնենք մեր ամեն քառակուսի մետրին: Մեր ոտքի տակ գտնվող ամեն քառակուսի մետրը պետք է մեր երազանքների օբյեկտ լինի: Որովհետև, եկեք տեսնենք, մենք երեսուն տարվա ընթացքում մեր երազանքներն ինչպես ենք իրականություն դարձրել: Ցավոք, մենք մեր երազանքներն իրականություն չենք դարձրել, որովհետև մեր երազանքներն իրականության հետ քիչ են կապ ունեցել: Ես խնդրում եմ՝ եկեք, մենք մեր երազանքները կապենք իրականության հետ, այ կոնկրետ այս երեխաների հետ: Մեր երեխաների ոչ թե վաղվա օրվա հետ, 10-15 տարվա, եկեք մեր երազանքներն սկսենք իրականացնել վաղվանից, մյուս շաբաթվանից, մյուս ամսվանից: Եվ մեր երազանքների օբյեկտը պետք է մեր երեխաները լինեն, ովքեր պետք է ստանան լավ կրթություն, ովքեր պետք է ապրեն արդար երկրում, ովքեր պետք է պաշտպանված լինեն և ովքեր պետք է իմանան, որ ունեն բոլորի նման հավասար հնարավորություն՝ կապ չունի, իրենք պաշտոնյայի ընտանիքից են, օլիգարխի ընտանիքից են, թե շարքային քաղաքացու, այսպես ասած, ընտանիքից են: Իրենք պետք է իմանան, որ ունեն նույն հնարավորությունը, իսկ դրա համար նրանք պետք է ստանան կրթություն: Դրա համար ես պատահական չնշեցի, որ մենք առաջինը ուսուցիչների աշխատավարձից պետք է սկսենք և պետք է ապահովենք, որ մեր երեխաները պատշաճ կրթություն ստանան, որի արդյունքում կարողանան պատշաճ մասնագիտացում և պատշաճ աշխատավարձ ստանալ:Մեր երկրի արդյունաբերությունը պետք է զարգանա: Այսօր, տեսեք, դուք բախվում եք այդ խնդրի հետ: Մեր ամբողջ տնտեսությունը, առավել ևս՝ գյուղատնտեսությունը կախված է մի ճանապարհից՝ Վերին Լարսից: Հիմա 600-ից ավելի մեքենա է կանգնած Վերին Լարսում եղանակային պայմանների պատճառով: Չի կարող մի երկիրն ունենալ միայն մի ճանապարհ: Այո՛, մենք այս ամեն ինչից պետք է նաև կարողանանք նոր ուժով, ուժեղացած ու հաղթած դուրս գալ: Դրա համար մենք պետք է լինենք ավելի խորագետ: Այո՛, մեր երկիրը պետք է երկաթուղի ունենա, որովհետև առանց երկաթուղու մեր տնտեսությունը չի լինի այնպիսի հզոր, ինչպիսին մենք ունեցել ենք Խորհրդային Հայաստանի ժամանակաշրջանում: Իսկ հզոր տնտեսությունը ի՞նչ է նշանակում: Նշանակում է այս երեխաների համար մասնագիտացման ամենատարբեր հնարավորություններ, նշանակում է բարձր վարձատրվող ինժեներ, բարձր վարձատրվող ագրոնոմ, բարձր վարձատրվող ամենատարբեր մասնագետ: Մենք գիտության ֆինանսավորումն ենք արդեն ավելացնում: Մենք ընդունել ենք Բարձրագույն ուսումնական կրթության և գիտության մասին օրենքը, որովհետև մենք պետք է կենտրոնանաք մեր երեխաների ապագան կառուցելու վրա: Իսկ դրա համար շատ կարևոր մի նախապայման կա՝ դա արդարությունն է, մեր երկրում արդարության հաստատումը:Այո՛, մեր երկիրը, մեր ժողովուրդը, մեր մարդիկ շարունակաբար պահանջում են, որպեսզի Հայաստանը երկար տարիներ կոռուպցիայով թալանած անձինք դուրս շպրտվեն ընդհանրապես քաղաքական դաշտից և մեր իրականությունից: Եվ սա մարդկանց պահանջն է: Բայց գիտեք ինչ, ես ձեզ մի բան ասեմ. այսօրվա դրությամբ Հայաստանում մեր իշխանության գալուց հետո տասնյակ կոռուպցիոներների դեմ քրեական գործեր են հարուցվել: Նրանցից շատերը փախուստի մեջ են, հետախուզման մեջ են: Բայց ի՞նչ պարզվեց: Նաև, ցավոք, տեսեք, այդ պետական ապարատի աշխատավարձերի մասին այդքան խոսվում է, չէ՞: Մեր երկրում այս ընթացքում այնպիսի պրոբլեմներ են բացահայտվել, որ, օրինակ, մենք 200 000 կամ 300 000 կամ նույնիսկ 400 000 դրամ աշխատավարձ ստացող քննիչին ասում ենք՝ գիտես ինչ, գնա այս մի միլիարդ գողացածին բեր պատասխանատվության ենթարկի: Այսօր մենք դեպքեր ունենք, երբ գնում են, քննիչներին, ասում են՝ ինչքան աշխատավարձ ես ստանում, կաշառք հիմա պարզ է չեն վերցնի, համենայնդեպս՝ այդ գործերով, ասում է՝ 400 000, ենթադրենք, ասում է՝ արի գործից դուրս արի, արի մեր փաստաբանական թիմում աշխատի, քեզ ամիսը 3 անգամ ավելի շատ աշխատավարձ ենք տալիս: Այսինքն, այսօր, որ մենք շատ դեպքերում խոսում ենք պետական ապարատում աշխատավարձի բարձրացման մասին, շահարկում են, ասում են՝ տեսեք, փոխանակ ժողովրդի կարիքները բավարարեն, պետական համակարգում աշխատավարձ են բարձրացնում: Նաև սրա համար ենք բարձրացնում, որ ձեր այդ պահանջները կատարելու, արդյունավետ իրագործելու հնարավորություն ունենանք: Որովհետև, այո՛, 400 000 դրամ կամ 300 000 դրամ ստացող քննիչին ասում են՝ դուրս արի, արի փաստաբան դարձի, արի մեր փաստաբանական թիմ, 5 անգամ ավելի քեզ փող կտանք: Եվ շատ դեպքերում քննչական մարմինների ղեկավարներն ինձ ասում են՝ զոռով ենք պահում այդ քննիչներին: Մենք պետք է շարունակենք պայքարել այս իրողությունները հաղթահարելու համար: Եվ ժողովուրդ ջան, ես ձեզ ուզում եմ խոստանամ, որ ես, ինչքան դուք ինձ այդ հնարավորությունը կտաք, շարունակելու եմ հանուն արդարության, օրինականության, ճշմարտության Հայաստանի Հանրապետությունում պայքարել: Այնքան ժամանակ, ինչքան ուժ կա, մեջս էներգիա կա, ես պայքարելու եմ հանուն արդարության և հանուն ճշմարտության: Եվ շնորհակալ եմ ձեզ, որ մեր այսքան գործած սխալներից հետո էլ, դուք դեռ պատրաստ եք մեզ այդ հնարավորությունը տալ: Սա ձեր շատ մեծ մեծահոգության մասին է վկայում:Տեսեք ժողովուրդ, այս պատերազմը և դրանից առաջ տեղի ունեցած մի շարք իրադարձություններ մեզ համար ստեղծեցին անհրաժեշտություն, որ մենք նորից գանք և ժողովրդից ստացած մանդատը վերահաստատենք կամ չվերահաստատենք: Դա ձեր կամքից է կախված: Հայաստանում պետք է տեղի ունենան արտահերթ խորհրդարանական ընտրություններ, և դա, այսպես ասած, այս ամբողջ գործընթացը ռեսթարթի ենթարկելու միակ ձևն է: էլի եմ ասում, շատ է խոսվում նրա մասին, որ գելերն ուզում են գան իշխանության, գելխեղդները չեն թողնի, որ գելերը գան իշխանության: Եվ ձեր խնդիրն է, մեր խնդիրն է առաջիկա ընտրությունների ժամանակ գնալ և մերժել գելերին և գելերին խեղդելու մանդատ տալ գելխեղդներին: Սա է առաջիկա մեր խնդիրը: Եվ ես հույս ունեմ, համոզված եմ, որ դուք այդ խնդիրը կլուծեք:Կրկին, ուզում եմ ներողություն խնդրել բոլորիցդ մեր գործած սխալների համար: Մենք սխալներ, այո՛, գործել ենք: Մենք սխալներ գործել ենք, և պատրաստ ենք կրել ցանկացած պատասխանատվություն այդ սխալների համար: Բայց եթե այդ սխալի համար ձեր որոշած պատասխանատվությունը կլինի ուղղել այդ սխալները, ուրեմն մենք նաև կստանձնենք այդ պարտավորությունը, ժողովուրդ ջան:Շնորհակալ եմ բոլորիցդ: Սիրում եմ բոլորիդ: Հպարտանում եմ բոլորովդ և խոնարհվում եմ բոլորիդ առաջ: Եվ այնքան հպարտ և ուրախ եմ, որ այսքանից հետո տենց հզոր եք, տենց հաղթական եք, տենց դուխով եք: Եվ դա ունի մեկ պատճառ՝ այո, այս պատերազմում մեր ժողովուրդը չի հաղթել, եթե պարտվել ենք, ես եմ պարտվել, պարտությունն ինձ թող լինի, հաղթանակը ձեզ: Դուք հաղթել եք, հաղթում եք և պիտի հաղթեք: Եվ ես խոստանում եմ, որ իմ կյանքն ամբողջությամբ նվիրված է եղել, նվիրված է և նվիրված է լինելու ձեր հաղթանակին:Շնորհակալ եմ շատ»: Վարչապետ Փաշինյանն այցելել է նաև Արմավիր քաղաքի Սուրբ Գրիգոր Նարեկացի եկեղեցի և կատարել մոմավառռություն:
21:33 - 28 մարտի, 2021
Ուժին պետք է հակադրել ուժ, համոզված է Վազգեն Մանուկյանը |azatutyun.am|

Ուժին պետք է հակադրել ուժ, համոզված է Վազգեն Մանուկյանը |azatutyun.am|

azatutyun.am: Նիկոլ Փաշինյանն ուժային մեթոդներով և ոչ թե օրենքով է պահում իր իշխանությունը, կարծում է «Հայրենիքի փրկության շարժման» վարչապետի թեկնածու Վազգեն Մանուկյանը: «Նա կաշառեց ոստիկանությանը, բայց եթե կաշառք տալիս են, պարտադիր չի, որպեսզի դիմացինն անի այն, ինչ ուզում ես: Ազգային անվտանգության ծառայությունը դարձավ Նիկոլի անվտանգության ծառայություն այս պայմաններում, երբ որ մենք շրջապատված ենք թշնամիներով», - այսօր Բաղրամյան պողոտայում հրավիրված հանրահավաքի ժամանակ ասաց Մանուկյանը: Ըստ նրա` խաղաղ ցույցերով դա չի լուծվի. «Ուժին պետք է հակադրել ուժ: Մենք պետք է կարողանանք ստեղծել ուժ: Պետք է աշխատենք ամեն օր, զբաղվենք քարոզչական գաղափարական աշխատանքով, կազմակերպչական աշխատանքով, պետք է գնանք շրջաններ, հանդիպենք և ամեն տեղ ստեղծենք մեր կառույցները, և մի օր, մի իքս օր ամբողջ ժողովրդով կբարձրանանք ու մեկ, երկու օրում պետք է ոչնչացնենք ամեն ինչ: Այսօրվանից մենք նախապատրաստվելու ենք այդ իքս օրվան: Ուժին պետք է հակադրել ուժ, խաղաղ խոսակցությունները չեն օգնի», - համոզմունք հայտնեց ընդդիմադիր գործիչը: Վարչապետի հրաժարականը պահանջող «Հայրենիքի փրկության շարժման» համակարգող Իշխան Սաղաթելյանն այսօր հրավիրված հանրահավաքի ընթացքում տեղեկացրեց, որ սկսում են մարզային այցելություններ: Նա նշեց, որ իրենց նպատակն է «վարչապետի պաշտոնը զբաղեցնողի հեռացման համաժողովրդական պահանջն ավելի կազմակերպել և հասնել հրաժարականի օրվան»։
19:52 - 28 մարտի, 2021
Որևէ կասկած չկա, որ բոլոր այն դատավորները, որոնք անազնիվ են ժողովրդի և օրենքի հետ, հեռացվելու են․ Նիկոլ Փաշինյան |tert.am|

Որևէ կասկած չկա, որ բոլոր այն դատավորները, որոնք անազնիվ են ժողովրդի և օրենքի հետ, հեռացվելու են․ Նիկոլ Փաշինյան |tert.am|

tert.am: Սահմանադրական դատարանի որոշումը պիտի կարդանք` տեսնենք՝ մեջն ինչ է գրված, որ հետագայի վերաբերյալ կայացնենք որոշումներ։ Այս մասին Արմավիրի մարզի Մյասնիկյան գյուղում բնակիչների հետ հանդիպմանը հայտարարել է Նիկոլ Փաշինյանը՝ անդրադառնալով ՍԴ-ի կողմից ՔՕ 300․1 հոդվածը հակասահմանադրական ճանչելուն։ Նա նշել է, որ դատարանի խնդիրն այն է, որ այն՝ որպես ինստիտուտ, չի կայացել։ «Մեր առաջիկա անելիքը պետք է լինի հետևյալը ՝մենք արդեն հասել ենք և բոլոր մեխանիզմները ձևավորել ենք, և որևէ կասկած չկա, որ բոլոր այն դատավորները, որոնք անազնիվ են ժողովրդի և օրենքի հետ, հեռացվելու են։ Դրա մեխանիզմները գործարկվել են արդեն։ Այսօր Արդարադատության նախարարության կողմից հարուցված տասնյակի չափ կարգապահական վարույթներ կան, որոնք գտնվում են ԲԴԽ-ում»,- նշել է նա։
18:20 - 28 մարտի, 2021
Շատ գոհ եմ, որ ոչ մի կրակոց չի հնչել, քանի որ եթե մի զոհ ներսում ունենայինք, դա շատ մեծ խարան կլիներ մեզ վրա. վարչապետ
 |1lurer.am|

Շատ գոհ եմ, որ ոչ մի կրակոց չի հնչել, քանի որ եթե մի զոհ ներսում ունենայինք, դա շատ մեծ խարան կլիներ մեզ վրա. վարչապետ |1lurer.am|

1lurer.am: Նոյեմբերի 9-ից հետո Հայաստանում եղել են հարձակումներ՝ ընդհուպ բաց հրապարակային ահաբեկչության քարոզ, եղել և մնում է ատելության խոսք, շատ էմոցիոնալ վիճակ, և արդեն հինգերորդ ամիսն է՝ այս իրավիճակը շարունակվում է: Այդ մասին Արմավիրի մարզի Արագած համայնքի բնակիչների հետ հանդիպմանն ասաց վարչապետ Նիկոլ Փաշինյանը:    Նրա խոսքով՝ այդ ֆոնին, սակայն, ՀՀ-ում մի կրակոց չի հնչել, ինչն, ըստ նրա, աննախադեպ է: «Նման բան աշխարհի ոչ մի երկրում չէր կարող լինել և չի եղել: Սա առաջին հերթին մեր ժողովրդի ձեռքբերումն է, քանի որ բոլոր պոտենցիալ կրակողները գիտեին, որ ժողովուրդը դա չի ների և չի հանդուրժի: Այն դեպքում, որ պատերազմից հետո մարդկանց ձեռքին շատ զենք-զինամթերք կար:  Ընդդիմության հիմնական մեղադրանքն ինձ հետևյալն է, որ ես դավաճանական գործարքի եմ գնացել: Սակայն պատերազմի ընթացքում մարդկանց մեծաքանակ զենք է բաժանվել իմ որոշմամբ: Ամբողջ իրավապահ համակարգը գործուղվել է առաջնագիծ, բա դավաճանության մեջ ներգրավված իշխանությունը կամ վարչապետը չի՞ հասկանում, որ այդ թվում ընդդիմությանը զենք է բաժանում և մինչև օրս չի էլ հավաքել: Գիտեմ՝ իշխանությունից երբեմն շատ կոշտ գործողություններ եք պահանջել: Առաջիկայում ընտրություններ են, և եթե կգնանք և ձեր մանդատը կվերահաստատեք, այդ գործողությունների մասին կխոսենք: Շատ գոհ եմ, որ ոչ մի կրակոց չի հնչել, քանի որ պատերազմից հետո եթե մի զոհ ներսում ունենայինք, դա շատ մեծ խարան կլիներ մեզ վրա:  Ուզում եմ բարձր գնահատել իրավապահ մարմինների գործողությունները, որոնց հաջողվել է պահել իրավիճակը վերահսկողության տակ, բայց նաև այս իրավիճակի պահպանումն ընդդիմության ձեռքբերումն է: Ընդդիմությունը չնայած երբեմն  ահաբեկչության ուղիղ կոչերին, գծեր չի անցել, և ուզում եմ բարձր գնահատել ընդդիմության այդ պահվածքը: Հույս եմ հայտնում, որ առաջիկայում էլ կգնանք այդ ճանապարհով: Հայաստանում Հոկտեմբերի 27-եր և Մարտի 1-եր այլևս չեն լինելու: Հայաստանը ժողովրդի իշխանության երկիր է, և բոլոր հարցերի պատասխանը պետք է ժողովուրդը տա, և նրա ազատ կամարտահայտմանը որևէ մեկը չպետք է խոչընդոտի»,- ընդգծեց վարչապետը:  Վերջում վարչապետը ներողություն խնդրեց բոլոր այն հիասթափությունների համար, որոնք ժողովուրդը ապրել է: «Մենք շատ սխալներ ենք արել, բայց ձեզ չենք խաբել»,- ասաց նա:  
17:33 - 28 մարտի, 2021
Պետք է ոչ թե հանքաքար, այլ պղնձի պատրաստի արտադրանք արտահանենք, իսկ դրա համար մեզ երկաթուղի է պետք. Փաշինյան

Պետք է ոչ թե հանքաքար, այլ պղնձի պատրաստի արտադրանք արտահանենք, իսկ դրա համար մեզ երկաթուղի է պետք. Փաշինյան

Պղնձի միջազգային գինը 2000 թվականից հետո աճել է մոտ 6-7 անգամ: Հայաստանը պղնձի պաշարներով ամենահարուստ երկրներից մեկն է աշխարհում, և շատերն ասում են՝ պղինձը 21-րդ դարի երկրորդ նավթն է: Այդ մասին Արմավիրի մարզի արագած համայնքի բնակիչների հետ հանդիպմանն ասաց վարչապետ Նիկոլ Փաշինյանը:  «Ակնհայտ է, որ պղնձի գները շարունակելու է աճել, բայց մենք այդ հարստությունը չենք կարողանում ամբողջությամբ օգտագործել, որովհետև մենք այսօր հանքաքար ենք արտահանում: Բայց պետք է խնդիր դնենք արգելու հանքաքարի արտահանումը՝ հնարավորություն ստեղծելով արտահանել պղնձի պատրաստի արտադրանք, իսկ դրա համար մեզ երկաթուղի է պետք»,- ասաց Փաշինյանը:   Նրա խոսքով՝ եթե Հայաստանում պղնձաձուլարան կառուցվի, լինի երկաթուղի, խնդիր կդրվի պղինձը մշակել, կստեղծվեն աշխատատեղեր, նոր գործարաններ կբացվեն: Վարչապետը վստահ է՝ եթե հետպատերազմական շրջանում մեզ հաջողվի հասնել նրան, որ երկաթուղիները բացվեն, մենք հնարավորություն կունենանք 21-րդ դարի երկրորդ նավթն արդյունավետ օգտագործել: «Դուք գիտեք, որ մեր երկաթուղիները դեպի Իրան և ՌԴ, անցնում են Ադրբեջանով, և մենք պետք է հասկանանք, որ չի կարող լինել այնպես, որ մենք ճանապարհ ստանանք իրենց տարածքով, իրենք մեր տարածքով ճանապարհ չստանան: Եվ այստեղ պետք է որոշումներ կայացվեն, որ մենք պետք է փոխադարձաբար այդ ճանապարհներից օգտվենք:  Տարաշրջանի նկատմամբ մեր վերաբերմունքը, մեր դիտանկյունը պետք է փոխենք: Մենք ունենք թշնամիներ տարածաշրջանում, բայց ինչքան մենք ենք համարում թշնամի, այդքան մեզ են համարում թշնամի, և այս իրավիճակի մասին պետք է մտածենք, պետք է տարածաշրջանում Հայաստանի շուրջ որոշակի բարենպաստ միջավայր ձևավորենք, բայց դրա համար պետք է մեր դիտանկյունը փոխենք տարածաշրջանի նկատմամբ և հակառակը: Եվ այստեղ առաջնայինն անվտանգության հարցն է:   Մեր անվտանգային մասշտաբները փոխվել են, և մենք պետք է նոր բանաձևեր ստեղծենք անվտանգային սպառնալիքներին դիմակայելու համար: Իսկ դրան դիմակայելու ամենակարևոր բանաձևը հայ-ռուսական համատեղ զորախումբն է, որն արդեն գոյություն ունի ՀՀ-ում:  Մենք պետք է առաջիկա քննարկումներում այդ զորախումբը, որպես տարածաշրջանում անվտանգային կարևոր բաղադրիչ, ավելի ուժեղացնենք: Բայց դա չի նշանակում, որ մենք պետք է անընդհատ պատրաստվենք նոր պատերազմների, այլ պետք է օգտագործենք տարածաշրջանի նկատմամբ մեր դիտանկյունը փոխելու և օգնելու, որ նրանք էլ մեր նկատմամբ վերաբերմունքը փոխեն»,- նշեց Փաշինյանը:   
16:31 - 28 մարտի, 2021