Ադրբեջան

Ադրբեջանի Հանրապետությունը պետություն է Հարավային Կովկասում։ Սահմանակցում է Ռուսաստանի Դաշնությանը, Վրաստանի Հանրապետությանը, Իրանի Իսլամական Հանրապետությանը, Թուրքիայի Հանրապետությանը, Հայաստանի Հանրապետությանը, Արցախի Հանրապետությանը։ Տարածքը ըստ ՄԱԿ-ի 86,600 կմ․քառ, բնակչությունը, ըստ 2019 թվականի նախահաշվի 10,000,000 մարդ է։

Ներկայիս Ադրբեջանը բազմազգ և բազմակրոն պետություն է։ Բնակչության մեծամասնությունն ադրբեջանցիներն են (91 %), որոնք դավանում է շիա իսլամ։ Խոշոր ազգային փոքրամասնություններն են լեզգիները, ռուսները, թալիշները, ավարները, թաթարները և վրացիները։ Չնայած նրան, որ Ադրբեջանը համարվում է իսլամադավան պետություն, այնուամենայնիվ, երկրի բնակչության 53%-ն իրեն համարում է աշխարհիկ։ 

Ադրբեջանի վախերը ինքնորոշման իրավունքից․ Վարդան Օսկանյան

Ադրբեջանի վախերը ինքնորոշման իրավունքից․ Վարդան Օսկանյան

ՀՀ նախկին արտգործնախարար (1998-2008) Վարդան Օսկանյանը լրատվամիջոցներին է տրամադրել իր հերթական հոդվածը Արցախի խնդրի վերաբերյալ։Ստորև ներկայացնում ենք հոդվածը.«Հայ-ադրբեջանական հարաբերությունների հնարավոր զարգացումները պետք է դիրտարկել ուժի և իրավունքի հակադրության կամ համադրության կոնտեքստում։Թվում էր, թե պատերազմում հաղթած և իր բանակի իրական կամ թվացյալ հզորությունը ցուցադրած Ադրբեջանը չպետք է այլևս վախեր ունենա։ Հատկապես, երբ հայկական կողմը կամ ավելի ճիշտ, իշխանությունը, պարբերաբար հրապարակային ի ցույց է դնում ուժի հանդեպ իր վախերը։ Բայց հակառակ այն պնդման, որ ուժն է ծնում իրավունքը, ժամանակակից կոնֆլիկտներում ուժի և իրավունքի հակադրությունն է, որ կանխորոշում է երկարատև լուծումը։ Ի վերջո, ակնհայտ է, որ ուկրաինական կոնֆլիկտում նույնպես վերջնական լուծումը հիմնված է լինելու ուժի և իրավունքի համադրության վրա։ Ուժն ու իրավունքը կարող են հավասարաչափ հզոր գործոն լինել անկախ այն բանից, թե այս կամ այն կոնֆլիկտում ո՛ր՝ ուժի, թե իրավունքի փաստարկն է ավելի զորեղ։ Որևէ կոնֆլիկտում միայն ուժով պարտադրված լուծման անվերապահ ընդունումը, առանց իրավունքի գործոնը հաշվի առնելու, կարող է մարտահրավեր դառնալ միջազգային աշխարհակարգի կայունությանը։Ադրբեջանական կողմը դա հասկանում է, և հենց դա է պատճառը, որ չնայած ուժի տեսանկյունից նոմինալ հաղթանակին՝ Արցախի ժողովրդի ինքնորոշման, այսինքն՝ իրավունքի ցանկացած հիշատակում Ադրբեջանում առաջացնում է հիստերիկ ռեակցիա։ Սա ակնհայտ է դարձնում, որ Ադրբեջանը նույնպես հասկանում է, որ խնդիրը լուծված չէ։Իմ՝ Արցախի արտգործնախարար նշանակվելու լուրին ադրբեջանական արձագանքը, անկախ այդ լուրի ճշմարտացիության աստիճանից, դրա ապացույցներից մեկն է։ Թվում էր, թե «հաղթած» Ադրբեջանին նման լուրերը պետք է բոլորովին չանհանգստացնեին։ Բայց ադրբեջանական լրատվամիջոցները վերջին օրերին ողողված էին այդ լուրի տարածմամբ ու մեկնաբանություններով, որի հիմնական թեզն այն է, որ Արցախում ձևավորվում է «ռևանշիստների» իշխանություն։Պատերազմի «ռևանշը» ենթադրաբար նոր պատերազմը պետք է լինի։ Մինչդեռ այն փաստը, որ ադրբեջանցիները «ռևանշիստ» են անվանում Արցախի ժողովրդի ինքնորոշման իրավունքի ջատագովներին և այդ գաղափարը միջազգային բեմ հանելու հնարավորություն ունեցողներին, երկու բան է հուշում՝ կա՛մ ադրբեջանական կողմը չի հասկացել՝ ինչ է «ռևանշը», կա՛մ Արցախի ժողովրդի ինքնորոշման իրավունքի արծարծումը արդարացիորեն դիտարկում է որպես պատերազմին համազոր փաստարկ։Հատկանշական է, որ իմ նախարարության՝ 1998-2008 թվականներին և դրանից առաջ ևս չորս տարի փոխարտգործնախարարի պաշտոնում իմ դիրքորոշումը Արցախի հարցում հրապարակային էր և անփոփոխ՝ Արցախի ժողվուրդն ունի և պետք է իրացնի ինքնորոշման իր իրավունքը։ Այդ տասնչորս տարիների ընթացքում Ադրբեջանի նաև ներկա իշխանությունն իմ այդ դիրքորոշումը ոչ միայն ծայրահեղական չի համարել, այլև նստել է ինձ և մեր կառավարության հետ բանակցությունների, քննարկել է առաջարկվող տարբերակները, և ի վերջո այդ բանակցություններն են, որ 2007-ի վերջում հանգեցրել են համանախագահների կողմից առաջարկվող այնպիսի փաստաթղթի՝ «Մադրիդյան սկզբունքներին», որտեղ ամրագրված էր Արցախի ժողովրդի ինքնորոշման իրավունքը՝ դրա իրացման ծայրագույն դրսևորմամբ՝ ռեֆերենդումով։Այն, որ այսօր Ադրբեջանում Արցախի հարցում ինքնորոշման իրավունքի գաղափարակիրներին «ռևանշիստ» են անվանում, իրենց իրական մտահոգությունների դրսևորումն է։– Ադրբեջանի ներկայիս իշխանությունը լավ գիտի, որ ինքը կոնֆլիկտի առաջին օրվանից ստեղծել է իրավական և քաղաքական բոլոր հիմքերը Արցախի ժողովրդի ինքնորոշման պահանջի արդարացիության համար։– Ադրբեջանը լավ գիտի, որ իրականցրել է Արցախի խաղաղ ժողովրդի հանդեպ ֆիզիկական բռնություն։– Ադրբեջանը լավ գիտի, որ Ղարաբաղը երբեք անկախ Ադրբեջանի կազմում չի եղել և եղել է միայն Խորհրդային Ադրբեջանի կազմում, իսկ այդ ժամանակաշրջանը Ադրբեջանն իր իսկ սահմանադրությամբ հռչակել է ոչ լեգիտիմ։– Ադրբեջանը լավ գիտի, որ իրավական մեծ սխալ է թույլ տվել 1991-ին՝ չեղարկելով Լեռնային Ղարաբաղի ինքվարությունը։– Ադրբեջանը լավ գիտի, որ վերջերս առավել կոպիտ սխալ է թույլ տվել՝ հայտարարելով, որ «զրո կարգավիճակ» է նախատեսում Արցախի ժողովրդի համար։– Ադրբեջանը լավ գիտի, որ ես լավ գիտեմ, թե հայր և որդի Ալիևիների իշխանությունը բանակցային ողջ գործընթացում ինչպիսի հանդուրժողական դիրքորոշում է արտահայտել Արցախի ժողովրդի ինքնորոշման հանդեպ։Այսօր Ադրբեջանի կողմից Արցախի ժողովրդին անգամ իր կազմում ինքնավար կարգավիճակ տալու դրժումը այնպիսի իրավական և քաղաքական ուժեղ գործիքակազմ է տալիս, որի ճիշտ կիրառման դեպքում բացվում է «անջատում հանուն փրկության» (remedial secession) իրավունքի և այդ հայտի՝ միջազգային հանրության կողմից ընդունման համար։Ադրբեջանի հետպատերազմյան էյֆորիան ու հանգստությունը ոչ միայն կամ ոչ այնքան այն պատճառով են, որ հայկական կողմում չկա ուժի հակադարձ կիրառման որևէ պատրաստակամություն, և կա հանուն տեսական պատերազմից խուսափելու՝ ցանկացած զիջման գնալու պատրաստակամություն, այլ հիմնականում այն պատճառով, որ հայկական կողմից երկու տարվա ընթացքում գրեթե ոչ մի անգամ չի հնչել Արցախի ժողովրդի ինքնորոշման իրավունքի փաստարկը։Այն հանգամանքը, որ նման օրակարգով իրավական միավոր կարող է ձևավորվել թեկուզ չճանաչված Արցախում, և Արցախի ժողովրդի ինքնորոշման հարցը նորից դուրս գա միջազգային հարթակ, Ադրբեջանում առաջացնում է իրական և հիմնավոր մտահոգություն։ Հետևաբար, այս օրակարգը բյուրեղացնելը պետք է դառնա Արցախի և ի վերջո Հայաստանի իրական պաշտպանվածությանն ուղղված բոլոր ջանքերի հիմքը»։
20:02 - 27 նոյեմբերի, 2022
Ադրբեջանի ԶՈՒ ստորաբաժանումները կրակ են բացել հայկական դիրքերի ուղղությամբ․ ՀՀ ՊՆ

Ադրբեջանի ԶՈՒ ստորաբաժանումները կրակ են բացել հայկական դիրքերի ուղղությամբ․ ՀՀ ՊՆ

Նոյեմբերի 26-ին՝ ժամը 21:30-ին, Ադրբեջանի ԶՈՒ ստորաբաժանումները տարբեր տրամաչափի հրաձգային զինատեսակներից կրակ են բացել հայ-ադրբեջանական սահմանի հարավ-արևելյան հատվածում տեղակայված հայկական դիրքերի ուղղությամբ: Այս մասին հայտնում է ՀՀ ՊՆ խոսնակ Արամ Թորոսյանը։ «Հայկական կողմը կորուստներ չունի: Նոյեմբերի 26-ի ժամը 22:00-ի դրությամբ, իրադրությունն առաջնագծում հարաբերականորեն կայուն է», - նշված է հաղորդագրության մեջ: Նշենք, որ նմանատիպ հաղորդագրություն ՀՀ ՊՆ-ն տարածել էր նաև առավոտյան՝ նշելով, որ նոյեմբերի 25-ի լույս 26-ի գիշերը Ադրբեջանի ԶՈՒ ստորաբաժանումները կրակ են բացել հայկական դիրքերի ուղղությամբ: Մեկ այլ հաղորդագրությամբ էլ ՀՀ ՊՆ-ն հերքել էր Ադրբեջանի ՊՆ այն պնդումը, թե ՀՀ ԶՈՒ ստորաբաժանումներն են կրակ բացել ադրբեջանական դիրքերի ուղղությամբ։ Հիշեցնենք, որ Արցախի պաշտպանության նախարարությունն էլ էր այսօր հերքել տեղեկությունը, թե կրակել են ադրբեջանական դիրքերի ուղղությամբ, իսկ ՌԴ ՊՆ-ն Արցախում խաղաղապահ զորախմբի գործունեության մասին տեղեկագրում արձանագրել էր հրադադարի պահպանման ռեժիմի խախտման 3 դեպք։  Արցախյան գերատեսչությունը հերքել էր նաև Ադրբեջանի ՊՆ մեկ այլ հաղորդագրություն՝ հայկական զինված ուժերի քվադրոկոպտեր որսալու մասին: Հավելենք, որ և՛ Հայաստանի, և՛ Արցախի պաշտպանական գերատեսչությունների նմանատիպ հաղորդագրությունները պարբերական են դարձել։
22:44 - 26 նոյեմբերի, 2022
Արցախը հակված է բանակցային գործընթացը ԵԱՀԿ Մինսկի խմբի հովանու ներքո շարունակելուն. Արցախի ԱԺ նախագահ |armenpress.am|

Արցախը հակված է բանակցային գործընթացը ԵԱՀԿ Մինսկի խմբի հովանու ներքո շարունակելուն. Արցախի ԱԺ նախագահ |armenpress.am|

armenpress.am: Չնայած հակամարտող կողմերի ղարաբաղյան հիմնախնդրի հանդեպ հակառակ դիրքորոշումներին Արցախը հակված է բանակցային գործընթացը ԵԱՀԿ Մինսկի խմբի հովանու ներքո շարունակելուն: Այս մասին «Արցախյան հիմնախնդիրը արդի քաղաքական գործընթացների հոլովույթում» խորագրով գիտագործնական համաժողովում իր ելույթում ասել է Արցախի Հանրապետության ԱԺ նախագահ Արթուր Թովմասյանը: Նա ողջունել է համաժողովի մասնակիցներին՝ խորապես կարևորելով «Արցախյան հիմնախնդիրը արդի քաղաքական գործընթացների հոլովույթում» խորագրով գիտագործնական համաժողովի նախաձեռնումն ու կազմակերպումը: «Մեր օրերում, երբ վտանգված է Արցախի պետականությունը, հակամարտության վերջնական լուծման կողքին դրվում է նաև Արցախի ժողովրդի ինքնորոշման իրավունքի իրացման հեռանկարը: Մեր այս դիրքորոշումը պետք է ընկալելի լինի նաև Հարավային Կովկասում իրենց տարածաշրջանային շահերը հետապնդող երկրների համար:Միջազգային հանրությունը պարտավոր է հարգել արցախահայության պահանջը, քանզի այն համապատասխանում է միջազգային իրավունքի հիմնարար սկզբունքներին և նորմերին»,-ասել է ԱԺ նախագահն իր ելույթում: Նրա խոսքով՝ հակամարտության կարգավորումը, տարածաշրջանում տևական և կայուն խաղաղությունն անհնար է առանց Ադրբեջանի կողմից օկուպացված և փաստացի Ադրբեջանի վերահսկողության տակ հայտնված տարածքներում հայկական մշակութային և հոգևոր ժառանգության պահպանության, այդ թվում՝ բոլոր հնարավոր միջոցներով մշտադիտարկման կազմակերպման՝ կանխելու համար հայերի էթնիկ զտման նպատակով իրականացրած գործողությունները: «Ադրբեջանը ցայսօր, խախտելով 2020 թվականի նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարության դրույթները, Արցախի նկատմամբ պարբերաբար ագրեսիվ գործողություններ է ձեռնարկում, որոնք որակվում են ինչպես հայատյացության դրսևորում, այնպես էլ տարածաշրջանում խաղաղության և կայունության խախտման և հատկապես՝ խաղաղապահ առաքելության չեզոքացման նենգ դրսևորում: Մենք շարունակելու ենք մեր ջանքերը՝ Արցախի ժողովրդի ինքնորոշման և անվտանգության համար մղված Արցախյան ազատամարտի արդյունքների պաշտպանության, խնդրի խաղաղ և արդարացի լուծմանը հասնելու ուղղությամբ»,-ասել է Թովմասյանը, հավելելով, որ արցախահայությունը  կանգնած է անցյալից դասեր առնելու, ընդօրինակելու, կատարվածը հանրագումարի բերելու հրամայականի առջև: Ներկա դրությամբ առաջնահերթ խնդիրը երկրի հուսալի անվտանգության ապահովումն է: «Կարևորում ենք հատկապես ՌԴ կողմից այս հարցի նկատմամբ ընդգծված վերաբերմունքն ու իրականացված գործնական քայլերը: Աշխարհաքաղաքական բարդ ու անկանխատեսելի իրավիճակին և արտաքին մարտահրավերներին դիմակայելու համար առաջնային ու կարևոր գործոն պետք է հանդիսանան համաժողովրդական համախմբվածությունն ու համերաշխությունը»,-ընդգծել է Արթուր Թովմասյանը:
17:03 - 26 նոյեմբերի, 2022
Բայրամովը և Կլաարը քննարկել են Հայաստանի և Ադրբեջանի հարաբերությունների կարգավորման վերաբերյալ հարցեր |1lurer.am|

Բայրամովը և Կլաարը քննարկել են Հայաստանի և Ադրբեջանի հարաբերությունների կարգավորման վերաբերյալ հարցեր |1lurer.am|

1lurer.am: Ադրբեջանի արտգործնախարար Ջեյհուն Բայրամովը հանդիպել է Հարավային Կովկասում Եվրամիության հատուկ ներկայացուցիչ Տոյվո Կլաարի հետ: Կողմերն անդրադարձել են Հայաստան-Ադրբեջան հարաբերությունների կարգավորմանը և այդ գործընթացին ուղղված հետագա քայլերին։ Բայրամովը և Կլաարը քննարկել են նաև Վաշինգտոնում Բլինքեն-Միրզոյան-Բայրամով հանդիպման արդյունքները և խաղաղության հնարավոր պայմանագրի հետ կապված հարցեր: Ադրբեջանի արտգործնախարարության հաղորդագրության համաձայն՝ Բայրամովն ընդգծել է տարածաշրջանում հաղորդակցությունների ապաշրջափակման կարևորությունը: Կլաարը վերահաստատել է ԵՄ-ի պատրաստակամությունը՝ շարունակելու տարածաշրջանում խաղաղության ու կայունության հաստատմանը և հաղորդակցությունների ապաշրջափակմանն ուղղված աշխատանքները։
16:25 - 26 նոյեմբերի, 2022
Հայկական կողմը կրակ չի բացել ադրբեջանական դիրքերի ուղղությամբ․ ՀՀ ՊՆ

Հայկական կողմը կրակ չի բացել ադրբեջանական դիրքերի ուղղությամբ․ ՀՀ ՊՆ

Հայաստանի Հանրապետության պաշտպանության նախարարությունը դարձյալ հերքում է հրապարակել Ադրբեջանի պաշտպանության նախարարության տարածած հաղորդագրության վերաբերյալ՝ նշելով, որ այն ապատեղեկատվություն է։ «Ադրբեջանի ՊՆ հաղորդագրությունն այն մասին, թե իբր ՀՀ ԶՈՒ ստորաբաժանումները նոյեմբերի 26-ին՝ ժամը 00:05-00:20-ն ընկած ժամանակահատվածում, կրակ են բացել հայ-ադրբեջանական սահմանագոտու արևելյան հատվածում տեղակայված ադրբեջանական դիրքերի ուղղությամբ, չի համապատասխանում իրականությանը»,- գրել է ՀՀ ՊՆ մամուլի քարտուղարը իր ֆեյսբուքյան էջում։ Նշենք, որ վաղ առավոտյան ՀՀ ՊՆ-ն հայտնել է, որ Ադրբեջանի ԶՈՒ ստորաբաժանումներն են նոյեմբերի 25-ի լույս 26-ի գիշերը խախտել հրադադարը՝ տարբեր տրամաչափի հրաձգային զինատեսակներից կրակ բացելով հայկական դիրքերի ուղղությամբ:
15:15 - 26 նոյեմբերի, 2022
Արցախից հայտնում են, որ Ադրբեջանի ՊԲ-ն շարունակում է ապատեղեկատվություն տարածել

Արցախից հայտնում են, որ Ադրբեջանի ՊԲ-ն շարունակում է ապատեղեկատվություն տարածել

Արցախի Հանրապետության պաշտպանության նախարարության մամուլի ծառայությունը հաղորդագրություն է տարածել՝ նշելով, որ Ադրբեջանի պաշտպանական գերատեսչությունը շարունակում է ապատեղեկատվություն տարածել։ «Հաղորդագրությունն այն մասին, թե իբր ՊԲ ստորաբաժանումները այսօր՝ ժամը 09:25-10:10-ն ընկած ժամանակահատվածում, կրակ են բացել Արցախի Ասկերանի և Մարտունու շրջանների օկուպացված տարածքներում տեղակայված ադրբեջանական դիրքերի ուղղությամբ, չի համապատասխանում իրականությանը»,- նշվում է Արցախի ՊՆ հաղորդագրության մեջ։ Նշենք, որ վերջին օրերին Ադրբեջանի ՊՆ-ի նմանատիպ հաղորդագրությունները պարբերական են դարձել։ Արցախյան կողմից էլ հայտնում են, որ Ադրբեջանն է պարբերաբար կրակում գյուղատնտեսական աշխատանքներ իրականացնող քաղաքացիների ուղղությամբ։ Նոյեմբերի 24-ին ՌԴ ՊՆ-ից հայտնել էին, որ Ադրբեջանը կրակել է Մաղավուզ գյուղի ուղղությամբ։ Այս հաղորդագրությունից հետո Ադրբեջանի պաշտպանական գերատեսչությունը մեղադրել էր ՌԴ խաղաղապահ առաքելությանը՝ իրավիճակը ոչ օբյեկտիվ ներկայացնելու ու հայկական տեղանուններ գործածելու մեջ։ Արցախում ՌԴ խաղաղապահ զորախմբից արձագանքել էին Բաքվի հայտարարությանը՝ մեղադրանքն անվանելով «զարմանալի»։
14:51 - 26 նոյեմբերի, 2022
Պուտինն ու Ալիևը շաբաթվա մեջ երկրորդ անգամ են հեռախոսազրույց ունեցել

Պուտինն ու Ալիևը շաբաթվա մեջ երկրորդ անգամ են հեռախոսազրույց ունեցել

Հեռախոսազրույց են ունեցել Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինն ու Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը։ Այս մասին հայտնում են Կրեմլի մամուլի ծառայությունից։ Նշվում է, որ քննարկվել են Հայաստանի, Ռուսաստանի ու Ադրբեջանի ղեկավարների եռակողմ պայմանավորվածությունների ողջ կոմպլեքսի իրականացման հետագա քայլերը՝ տարածաշրջանում տրանսպորտային և տնտեսական կապերի ապաշրջափակման գործնական հարցերի շեշտադրմամբ։ Իլհամ  Ալիևը երեկ հայտարարել է նաև, որ, այսպես կոչված, «Զանգեզուրի միջանցքի» մասին հարցը իր վերջին զրույցի ժամանակ քննարկել է ռուս պաշտոնյաների հետ։ Վերջին անգամ Ալիևի հետ հանդիպում է ունեցել Հայաստանի և Ադրբեջանի հարաբերությունների կարգավորման հարցով ՌԴ ԱԳՆ հատուկ ներկայացուցիչ Իգոր Խովաևը։  Նշենք, որ Պուտինն ու Ալիևը հեռախոսազրույց էին ունեցել նաև մի քանի օր առաջ՝ նոյեմբերի 22-ին՝ Վլադիմիր Պուտինի՝ ՀԱԿՊ խորհրդի նիստի շրջանակներում Երևան այցից ընդամենը մեկ օր առաջ։ Երևանում անցկացված ՀԱՊԿ Հավաքական անվտանգության խորհրդի նիստից հետո կայացել էր Հայաստանի Հանրապետության վարչապետ Նիկոլ Փաշինյանի և Ռուսաստանի Դաշնության նախագահ Վլադիմիր Պուտինի հանդիպումը:
14:37 - 26 նոյեմբերի, 2022
Ֆրանսիան արձագանքել է Բրյուսելում նախատեսված հանդիպման չեղարկման մասին Ալիևի հայտարարությանը

 |armenpress.am|

Ֆրանսիան արձագանքել է Բրյուսելում նախատեսված հանդիպման չեղարկման մասին Ալիևի հայտարարությանը |armenpress.am|

armenpress.am: Ֆրանսիան շարունակում է հավատարիմ մնալ Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի և Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի միջև բանակցություններին աջակցելուն։ ՌԻԱ Նովոստիին այս մասին ասել է Ֆրանսիայի ԱԳՆ ներկայացուցիչը։ «Ֆրանսիան, ինչպես և առաջ, լիովին հավատարիմ է Բրյուսելում, Պրահայում և Վաշինգտոնում կայացած հանդիպումներից հետո ընթացող բանակցություններին աջակցելուն»,-ասել է Ֆրանսիայի ԱԳՆ ներկայացուցիչը` պատասխանելով  հարցին, թե մտադի՞ր է արդյոք Ֆրանսիան նախագահ Էմանուել Մակրոնի մասնակցությամբ Փաշինյանի և Ալիևի միջև հանդիպումների տարբերակներ առաջարկել: Հիշեցնենք, որ նոյեմբերի 25-ին Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը հայտարարել է, թե դեկտեմբերի 7-ին Բրյուսելում Նիկոլ Փաշինյանի հետ հանդիպում է նախատեսված եղել, որը, սակայն, չի կայանա։ «Բրյուսելում հանդիպումը պետք է կայանար դեկտեմբերի 7-ին, բայց երեկ Հիքմեթ Հաջիևը [Ադրբեջանի նախագահի օգնական] ինձ տեղեկացրեց, որ իր հետ կապ են հաստատել են Շառլ Միշելի գրասենյակից և հայտնել, որ Նիկոլ Փաշինյանը համաձայնել է հանդիպմանը միայն այն դեպքում, եթե դրան մասնակցի Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը։ Սա նշանակում է, որ այս հանդիպումը չի կայանա»,- ասել է Ալիևը։ Ադրբեջանի նախագահի հայտարարությանը անդրադարձել են նաև ՀՀ ԱԳՆ-ից՝ նշելով, որ ՀՀ-ն պատրաստ է դեկտեմբերի 7-ի հանդիպմանը՝ Պրահայում ձեռք բերված պայմանավորվածության և ձևաչափի համաձայն․ այն տեղի է ունեցել քառակողմ ձևաչափում, և տրամաբանական է, որ հանդիպման ձևաչափը և մասնակիցների կազմը պիտի նույնը լինի:
12:47 - 26 նոյեմբերի, 2022
Ադրբեջանը չի ցանկանում հանդիպել Բրյուսելում, և դա արդարացնում է Էմանուել Մակրոնի ներկայությամբ․ Մարուքյան

Ադրբեջանը չի ցանկանում հանդիպել Բրյուսելում, և դա արդարացնում է Էմանուել Մակրոնի ներկայությամբ․ Մարուքյան

Ադրբեջանը չի ցանկանում հանդիպել Բրյուսելում, և դա արդարացնում է Էմանուել Մակրոնի ներկայությամբ։ Այս մասին թվիթերյան իր միկրոբլոգում գրել է  ՀՀ հատուկ հանձնարարություններով դեսպան Էդմոն Մարուքյանը՝ անդրադառնալով Իլհամ Ալիևի հայտարարությանը։ «Ադրբեջանը չի ցանկանում հանդիպել Բրյուսելում, և դա արդարացնում է Էմանուել Մակրոնի ներկայությամբ։ Ընդ որում՝ անցած գիշեր Ադրբեջանը տարբեր տրամաչափի հրաձգային զինատեսակներից կրակ է բացել հայկական դիրքերի ուղղությամբ՝ որպես Հայաստանին առաջարկված «խաղաղության» իրական նշան»,- գրել է Մարուքյանը: Հիշեցնենք, որ նոյեմբերի 25-ին Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը հայտարարել է, թե դեկտեմբերի 7-ին Բրյուսելում Նիկոլ Փաշինյանի հետ հանդիպում է նախատեսված եղել, որը, սակայն, չի կայանա։ «Բրյուսելում հանդիպումը պետք է կայանար դեկտեմբերի 7-ին, բայց երեկ Հիքմեթ Հաջիևը [Ադրբեջանի նախագահի օգնական] ինձ տեղեկացրեց, որ իր հետ կապ են հաստատել են Շառլ Միշելի գրասենյակից և հայտնել, որ Նիկոլ Փաշինյանը համաձայնել է հանդիպմանը միայն այն դեպքում, եթե դրան մասնակցի Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը։ Սա նշանակում է, որ այս հանդիպումը չի կայանա»,- ասել է Ալիևը։ Ադրբեջանի նախագահի հայտարարությանը անդրադարձել են ՀՀ ԱԳՆ-ից՝ նշելով, որ ՀՀ-ն պատրաստ է դեկտեմբերի 7-ի հանդիպմանը՝ Պրահայում ձեռք բերված պայմանավորվածության և ձևաչափի համաձայն․ այն տեղի է ունեցել քառակողմ ձևաչափում, և տրամաբանական է, որ հանդիպման ձևաչափը և մասնակիցների կազմը պիտի նույնը լինի:
12:34 - 26 նոյեմբերի, 2022