Նիկոլ Փաշինյան

Նիկոլ Վովայի Փաշինյան, ՀՀ գործող վարչապետն է։ ՀՀ Ազգային ժողովի նախկին պատգամավոր, «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության վարչության անդամ։

Ծնվել է 1975 թվականի հունիսի 1-ին՝ Իջեւան քաղաքում։ 1999-2012 թվականներին եղել է քաղաքական ուղղվածության «Հայկական ժամանակ» օրաթերթի գլխավոր խմբագիրը, 2012 թվականի մայիսի 6-ից մինչեւ վարչապետի պաշտոնում ընտրվելը՝ Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի պատգամավոր` ընդդիմադիր «Ելք» խմբակցությունից։ Որպես կուսակցական գործիչ համարվում է «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության, ինչպես նաեւ «Իմպիչմենտ» եւ «Ելք» դաշինքների համահիմնադիր։

2018 թվականին Սերժ Սարգսյանի երրորդ պաշտոնավարման դեմ պայքարող Նիկոլ Փաշինյանը սկսում է «Իմ քայլը» նախաձեռնությունը եւ իր համախոհների հետ միասին Գյումրուց քայլարշավով ուղեւորվում Երեւան։  Գործողությունների արդյունքում ապրիլի 23-ին Սերժ Սարգսյանը հրաժարական է տալիս։

Մայիսի 8-ին Փաշինյանն ընտրվում է Հայաստանի Հանրապետության 16-րդ վարչապետ։ Վարչապետի պաշտոնում Նիկոլ Փաշինյանը վերընտրվում է 2018-ի դեկտեմբերի և 2021-ի հունիսի խորհրդարանական արտահերթ ընտրությունների ժամանակ;

Սբ Զատկի առթիվ ՀՀ վարչապետին շնորհավորական ուղերձ է հղել Ն.Ս.Օ.Տ.Տ. Արամ Ա Մեծի Տանն Կիլիկիո Կաթողիկոսը

Սբ Զատկի առթիվ ՀՀ վարչապետին շնորհավորական ուղերձ է հղել Ն.Ս.Օ.Տ.Տ. Արամ Ա Մեծի Տանն Կիլիկիո Կաթողիկոսը

 Վարչապետ Նիկոլ Փաշինյանին Հիսուս Քրիստոսի հրաշափառ Հարության՝ Սբ Զատկի տոնի առթիվ շնորհավորական ուղերձ է հղել Ն.Ս.Օ.Տ.Տ. Արամ Ա Մեծի Տանն Կիլիկիո Կաթողիկոսը: Ինչպես տեղեկացրին ՀՀ վարչապետի աշխատակազմի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից, ուղերձում ասված է. «Սիրելի՛ Պրն. Վարչապետ, «Միշտ ձեզի հետ պիտի ըլլամ, մինչեւ աշխարհիս վախճանը» (Մատթ. 28.20): Այս խոստումը տուաւ Յարուցեալ Քրիստոս իր առաքելութիւնը շարունակելու կոչուած աշակերտներուն: Յարուցեալ Քրիստոսի հաւատքով ու յոյսով շաղախուած, եկեղեցին մնաց կանգուն ու կենսունակ՝ ահաւոր ջարդերուն, հալածանքներուն ու քանդումներուն դիմաց: Այսպէս եղաւ նաեւ Քրիստոսի յարութեամբ հզօրացած եւ ժողովուրդին տագնապներուն հետ ինքզինք նոյնացուցած հայ եկեղեցին: Արդարեւ, իր հոգեմտաւոր ստեղծագործութեամբ ու ժողովրդանուէր ծառայութեամբ, հայ եկեղեցին յարուցեալ Քրիստոսի հրաշագործ ներկայութիւնը ապրեցուց մեր կեանքին մէջ: Այսօր, բազմազան տագնապներով շրջապատուած մեր ժողովուրդի կեանքին մէջ մեր եկեղեցին, հաւատարիմ իր սրբազան առաքելութեան, կոչուած է Քրիստոսի յարութեան շունչով վերանորոգելու մեր կեանքը՝ աստուածաշնչական ճշմարտութիւններու ու արժէքներու կենսագործումը եւ ծառայութիւնը դարձնելով իր վկայութեան սեւեռակէտը: Թող յարուցեալ Քրիստոս վանէ մեր հայրենիքի կեանքէն ամէն տեսակ չար ու չարիք, որպէսզի հայրենի մեր ժողովուրդը կարենայ միասնական ոգիով ու վերանորոգ հաւատքով ու կամքով փայլուն նոր էջ մը բանալ Հայաստանի պատմութեան մէջ: Քրիստոս յարեաւ ի մեռելոց, Օրհնեալ է յարութիւնն Քրիստոսի: Հայրապետական օրհնութեամբ եւ հայրական ջերմ սիրով»:
11:16 - 04 ապրիլի, 2021
Քրիստոս հարեավ ի մեռելոց. վարչապետը շնորհավորել է Սուրբ Հարության տոնի առթիվ

Քրիստոս հարեավ ի մեռելոց. վարչապետը շնորհավորել է Սուրբ Հարության տոնի առթիվ

Քրիստոսի  Սուրբ Հարության տոնի առթիվ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը գրառում է կատարել Ֆեյսբուքի իր էջում. «Քրիստոս հարեավ ի մեռելոց»,- գրել է վարչապետը: Հիսուս Քրիստոսի հրաշափառ Հարության տոնը կոչվում է նաև Զատիկ, որը նշանակում է զատում, բաժանում, հեռացում մեղքերից և վերադարձ առ Աստված: Զատիկը Հայ Առաքելական Ս. Եկեղեցու 5 տաղավար տոներից մեկն է:Ս. Հարության տոնի նախընթաց երեկոյան եկեղեցիներում մատուցվում է Ճրագալույցի Ս. Պատարագ, որով սկսվում են զատկական տոնակատարությունները: Առավոտյան եկեղեցիներում կատարվում է ժամերգություն, Անդաստանի արարողություն, ապա մատուցվում տոնական Ս. Պատարագ: Ս. Հարության տոնին հավատացյալները միմյանց ողջունում են «Քրիստոս Յարեաւ ի մեռելոց» ավետիսով, պատասխանում՝ «Օրհնեալ է Յարութիւնն Քրիստոսի»:
10:07 - 04 ապրիլի, 2021
Իշխանությանը կոչ ենք անում  ներկայացնել, թե ինչպես է բուհերի շենքերի վաճառքից գոյացած գումարը բավարարելու նոր բուհական քաղաքի կառուցմանը. հայտարարություն

Իշխանությանը կոչ ենք անում ներկայացնել, թե ինչպես է բուհերի շենքերի վաճառքից գոյացած գումարը բավարարելու նոր բուհական քաղաքի կառուցմանը. հայտարարություն

 Կրթական քաղաքացիական նախաձեռնության եւ Երեւանի ժառանգության պաշտպանության կոմիտեի համատեղ հայտարարությունը ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի՝ բուհերի շենքերը վաճառելու եւ գոյացած գումարով բուհական քաղաք կառուցելու հայտարարության վերաբերյալ. «Սույն թվականի մարտի 28-ին ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը Արմավիրի մարզի Արագած համայնքի բնակիչների հետ հանդիպման ժամանակ հայտարարել էր, որ կա գաղափար Երևանի բուհերի շենքերի մեծ մասը հանել վաճառքի և ձևավորված գումարով Երևանից դուրս կառուցել բուհական, ակադեմիական քաղաք։ Մարտի 30-ին ԿԳՄՍ Նախարար Վահան Դումանյանը Արմենպրեսին տված պարզաբանման մեջ ասել է. «Մեր կառավարությունը հաստատակամ է այս գաղափարն իրագործելու համար: Ակնկալվում է, որպեսզի լինի ակադեմիական քաղաք, որտեղ կլինեն հրաշալի, հարմարավետ պայմաններ՝ բուհական գործընթացը կազմակերպելու համար»: Կրթական քաղաքացիական նախաձեռնությունը և Երեւանի ժառանգության պաշտպանության կոմիտեն սույնով արտահայտում են իրենց դիրքորոշումը վերոնշյալի վերաբերյալ: 1. Աշխարհի տարբեր երկրներում համալսարանական/բուհական կրթությունը զարգացման տարբեր ընթացք և օրինաչափություններ է ունեցել, ինչի արդյունքում ձևավորվել են ակադեմիական/համալսարանական քաղաքներ և/կամ համալսարաններն ու բուհերը գործել ու շարունակում են գործել հենց սովորական քաղաքաների ներսում: Համաշխարհային փորձը ցույց է տալիս, որ բուհի՝ առանձին «քաղաք» լինել կամ չլինելու հանգամանքը ոչ մի կերպ չի ազդում կրթության որակի և/կամ վերջինիս՝ 21-րդ դարի չափանիշներին համապատասխանելու վրա:  2. Որոշ բուհեր Երևանից դուրս տեղափոխելը բազմիցս քննարկվել է նաև Հայաստանում դեռևս խորհրդային ժամանակներից: Նման քննարկումներում եղել են կողմ և դեմ փաստարկներ ու հիմնավորումներ, սակայն բացառությամբ պոլիտեխնիկական ինստիտուտի որոշ բաժիններ Դիլիջան տեղափոխելու, այլ իրական փորձ գրեթե չի կատարվել՝ չհաշված որոշ բուհերի մասնաճյուղերի առկայությունը Հայաստանի այլ քաղաքներում (այստեղ չենք անդրադառնում մարզերում գործող բուհերին, քանի որ խնդիրը փոքր-ինչ այլ է): 3. Միևնույն ժամանակ ուսումնասիրությունները ցույց են տալիս, որ Հայաստանում բուհական կրթության որակի հիմնական խնդիրներն առնչվում են կրթության կազմակերպման և իրականացման ժամանակակից մեթոդների և մեթոդաբանության, ինչպես նաև կրթության կառավարման ժամանակակից մոտեցումների բացակայությանը: Այս խնդիրները պայմանավորված են նաև կրթության որակի ու բնույթի և աշխատաշուկայի տրամաբանության հետ դրա կապակցվածության բացակայությամբ: Կարևոր խնդիրների շարքում են դասախոսական կազմի պատրաստվածությունը, բուհերի գրադարանային և գիտակրթական ռեսուրսները, նյութատեխնիկական և բազային համալրվածությունը, կրթության ֆինանսավորումը և այլն: Հարկ է նշել, որ համակարգային խնդիրների շարքին են պատկանում բուհական կառավարման քաղաքականացվածության, բուհական ինստիտուցիոնալ և ֆինանսական ինքնավարության, ակադեմիական բարեվարքության, որակի գնահատման ու ապահովման խնդիրները։ 4. Երևանյան բուհերի ավանդական դասավորվածությունը քաղաքի որոշակի հատվածում՝ Օղակաձև այգուն զուգահեռ և Աբովյան ու Հերացի փողոցների երկայնքով, բուհական ավանի կառուցվածք ունի և ի սկզբանե նախագծվել է իբրև այդպիսին, սակայն այն աղավաղվել է տարիների ընթացքում: Երևանի բուհերի մերձակա հանրային և կանաչ տարածքը մասնավորեցման մոլուցքի արդյունքում տարիներ շարունակ գերծանրաբեռնվել է առևտրային շենքերով, այնինչ նշված գոտիները նախատեսված են եղել ուսանողների հանգստի և բուհական ու քաղաքային միջավայրի ձևավորման համար: Դրա վերադարձն իր նախնական նպատակադրմանը քաղաքաշինական լուծում է պահանջում, որը կարող է բուհական քաղաքի գաղափարը Երևանի սիրտ վերադարձնել: Այն նաև թույլ չի տա էլ ավելի բեռնել քաղաքի կենտրոնն ու այն վերջնականապես մատնել անկառավարելիության: 5. Երևանի բոլոր պետական բուհերի շենքերը մաս են կազմում քաղաքի ժառանգության և պատմական միջավայրի։ Դրանց ֆունկցիոնալ նշանակությունը սերտորեն կապված է տարածական պլանավորման և կառույցների ճարտարապետական ամբողջականության հետ։  6. Երևան քաղաքի վերջին տասնամյակի զարգացումները փաստում են, որ քաղաքաշինական և քաղաքային պլանավորման նորմերի թերությունների, գոյություն ունեցող նորմերի ոտնահարման և վերահսկողության բացակայության պայմաններում, գրեթե բոլոր նմանատիպ նախաձեռնությունները ավարտվել են քաղաքի ժառանգության նկատմամբ ոտնձգություններով, ընդհուպ մինչև ոչնչացում։      Հաշվի առնելով վերոգրյալը ՝ իշխանությանը կոչ ենք անում. • Մասնագիտական և հանրային լայն քննարկումների միջոցով հստակեցնել, որո՞նք են մեր բուհական համակարգի առաջնային խնդիրները, որ խոչընդոտում են որակյալ կրթությանը, ինչպե՞ս է ակադեմիական/բուհական քաղաքների գոյությունը նպաստում դրանց լուծմանը՝ քննարկելով և՛ արդեն գոյություն ունեցող բուհական «քաղաքի» վերակազմակերպումը՝ Երևանի սրտում, և՛, առանց այն վերացնելու, քաղաքից դուրս հավելյալ բուհական քաղաքներ հիմնելու գաղափարները: • Իրականացնել գին/օգուտ (cost benefit) վերլուծություն և հիմնավորել, որ առաջարկվող մոտեցումը հանգեցնելու է ցանկալի արդյունքի:  • Ներկայացնել ամբողջական ծրագրով կառավարության պատկերացումները, թե ինչպես Կրթության և գիտության մասին նոր օրենքով համալսարաններին կցված գիտական ինստիտուտները պիտի համագործակցեն քաղաքից դուրս բերված իրենց բաժինների, համալսարաններում կենտրոնացված վարչական ղեկավարության հետ: Արդյո՞ք սա նշանակում է, որ քաղաքից տեղափոխվում են նաև բոլոր գիտական, գիտահետազոտական հիմնարկներն ու դրանց սպասարկող կառույցները՝ սրանից բխող բոլոր հետևանքներով: • Ներկայացնել, թե ինչպե՞ս է բուհերի շենքերի վաճառքից գոյացած գումարը բավարարելու նոր, գերժամանակակից բուհական քաղաքի կառուցմանը և ի՞նչ է տեղի ունենալու բուհերի շենքերի հետ, ինչպե՞ս և որտե՞ղ է գործելու յուրաքանչյուր բուհական կառույց մինչև այդ քաղաքը կառուցվի ըստ առաջարվող նախագծի, ո՞վ և ինչպիսի՞ պատասխանատվության է ենթարկվելու գումարների ոչ նպատակային ծախսելու համար կամ նոր քաղաքի չկայանալու և հին շենքերի կորստի պարագայում: • Ներկայացնել թե ի՞նչ ծրագրով և նոր քաղաքային պլանով է առաջարկվում ձևափոխել ողջ Երևանի ճանապարհային ենթակառուցվածքը, որպեսզի ապահովվի բուհական համալիրներում դասավանդող անձնակազմի և Երևանում բնակվող ուսանողության բազմահազար մարդկային հոսքի տեղափոխումը, որքանո՞վ է նպատակահարմար առանց նման ծրագիր ներկայացնելու, քննարկելու և հաստատելու, գործընթացը սկսել շենքերի վաճառքի ակնարկից:  • Հուշարձանների ցանկից դուրս մնացած բուհերի շենքերը ներառել ցուցակում:  • Օղակաձև այգու, Կորյուն, Խանջյան, Իսահակյան, Թումանյան փողոցների հատվածը, որտեղ տեղակայված են բուհական մասնաշենքերը դիտարկել ամբողջական գոտու մեջ և սահմանել նոր շինարարական նորմեր՝ զսպելով անհարկի կառուցապատումներն ու պահպանելով, նաև շատացնելով համարկված կանաչապատման լուծումները: Վերջապես, այս հատվածում նաև բուհական ավանի գաղափարին ծառայող տրասպորտային լուծումներ տալ: Առհասարակ, վարչապետի հայտարարությունից տպավորություն է ստեղծվում, որ այն ավելի շատ ուղղված է բիզնեսի և բյուջեի հրատապ կարիքները բավարարելուն՝ ի վնաս կրթության, քան միտված է կրթության կարիքները բավարարելուն»։
10:45 - 03 ապրիլի, 2021
Պուտինն ու Փաշինյանը կքննարկեն ԼՂ շուրջ պայմանավորվածությունների կատարման ընթացքը |armenpress.am|

Պուտինն ու Փաշինյանը կքննարկեն ԼՂ շուրջ պայմանավորվածությունների կատարման ընթացքը |armenpress.am|

armenpress.am: Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը Մոսկվայում ապրիլի 7-ին հանդիպում կունենա Ռուսաստանի Դաշնության նախագահ Վլադիմիր Պուտինի հետ: Վկայակոչելով «ՌԻԱ Նովոստի»-ն, այս մասին հայտնել է ՌԴ նախագահի խոսնակ Դմիտրի Պեսկովը: «Ապրիլի 7-ին նախատեսված է Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի աշխատանքային այցը Մոսկվա: Տեղի կունենան բանակցություններ նախագահ Պուտինի հետ: Դուք գիտեք, որ Ռուսաստանի և Հայաստանի միջև ամենաբարձր մակարդակով ակտիվ երկխոսություն է ընթանում: Նախ և առաջ, իհարկե, քննարկվելու է եռակողմ պայմանավորվածությունների ու եռակողմ փաստաթղթի կյանքի կոչման ընթացքը, որը վերջ տվեց ռազմական գործողություններին Ղարաբաղում»,- ասել է Պեսկովը: Նա հայտնել է, որ Պուտին-Փաշինյան հանդիպման ընթացքում քննարկվելու են հարցեր՝ կապված Անդրկովկասում տրանսպորտային ենթակառուցվածքների ապաշրջափակման հետ, տեղի կունենա մտքերի փոխանակում Հայաստանում սկսված ընտրական գործընթացի, ինչպես նաև ռուս-հայկական համագործակցության ակտուալ հարցերի շուրջ:
14:38 - 02 ապրիլի, 2021
Երեւանը կրկին համալսարանական քաղաք դարձնելու տարբերակը պետք է հավասար քննարկվի նոր քաղաք կառուցելու գաղափարի հետ․ Արամ Փախչանյան

Երեւանը կրկին համալսարանական քաղաք դարձնելու տարբերակը պետք է հավասար քննարկվի նոր քաղաք կառուցելու գաղափարի հետ․ Արամ Փախչանյան

Այս տարվա մարտի 28-ին Արմավիրի մարզ կատարած այցի ժամանակ վարչապետ Նիկոլ Փաշինյանը հայտարարեց, որ կառավարությունն ունի համալսարանական քաղաք ստեղծելու գաղափար։ Ըստ վարչապետի՝ Երեւան քաղաքի կենտրոնում գտնվող բուհական շենքերը պետք է հանվեն վաճառքի եւ դրանից կուտակված գումարով Երեւանից դուրս պետք է ստեղծվի բուհական, ակադեմիական քաղաք, որտեղ կենտրոնացված կլինի գիտական եւ դասախոսական պոտենցիալը։ Վարչապետն ասաց, որ հայաստանյան բուհերը ունեն ե՛ւ բովանդակային, ե՛ւ շենքային խնդիրներ։ Վերջինս շեշտեց, որ այսօր բուհերի շենքային պայմանները չեն համապատասխանում 21-րդ դարի չափանիշներին։  ԿԳՄՍ նախարար Վահրամ Դումանյանն էլ վարչապետի այս հայտարարության առնչությամբ կարծիք էր հայտնել, որ սա դեռ ուղղակի գաղափար է եւ ուղղված է բուհական համակարգի զարգացմանը։ Նախարարի վստահեցմամբ՝ այն որեւէ բիզնես նպատակ չի հետապնդում։ Դումանյանը հայտնեց, որ միայն շենքերը վաճառելով քաղաքը չի կառուցվի, քանի որ ավելի լուրջ ներդրումներ են անհրաժեշտ։  «Միայն կարող եմ ասել, որ կառավարությունը հաստատակամ է այդ գաղափարի իրականացման գործում։ Ներկայիս շենքային պայմաններում շատ են խնդիրները՝ սանիտարական պամաններից սկսված, նաեւ տեխնիկական հագեցվածությունը, մակերեսները՝ ուսանող-մակերես հարաբերակցությունը խախտված է»,- նշեց նախարարը։  Դումանյանն ընդգծեց, որ հասկանում է առաջացած անհանգստության պատճառները՝ հաշվի առնելով ԵՊՀ հյուրերի տան դեպքը, երբ շենքը վաճառվեց, նշվելով, թե այն վերանորոգելու ֆինանսական հնարավորություն չկա։ Համալսարանական քաղաք ստեղծելու գաղափարի, դրա արդյունավետության եւ հնարավոր խոչընդոտների մասին Infocom.am-ը զրուցել է «Այբ» կրթական հիմնադրամի հոգաբարձուների խորհրդի նախագահ Արամ Փախչանյանի հետ։  - Պարո՛ն Փախչանյան, ըստ Ձեզ՝ որքանո՞վ է այս տարբերակը արդյունավետ՝ ունենալ համալսարանական քաղաք, որտեղ կենտրոնացած կլինի ակադեմիական ամբողջ ռեսուրսը։ Հայաստանյան պայմաններում այս մոդելի գործածումն արդարացվա՞ծ է։ - Ասեմ, որ այս մոդելը մենք վաղուց ունենք՝ Երեւանի օրինակով, եթե նկատենք, բոլոր հին համալսարանները մեկ տարածքում են եւ շատ մոտ են իրար։ Հենց քաղաքի պլանի մեջ ի սկզբանե նախատեսվել է այդպես, որպեսզի ուսանողները կարողանան լինել մեկ ընդհանուր տարածքում, շփվեն իրար հետ։ Այսինքն՝ ուսանողական քաղաքի գաղափարը եղել է, ուղղակի ժամանակի ընթացքում մենք այն ապականել ենք, լցրել ենք տարբեր, այլ տեսակի կառույցներով եւ ուսանողական քաղաքի միջավայրը նվազեցրել ենք։ Իրականում դա ամբողջապես կարելի է հետ վարադարձնել զուտ քաղաքաշինական մեթոդներով, օրինակ՝ բարեկարգելով շրջակայքի այգիները, բացելով տարածքները, ասֆալտը փոխարինելով ավելի արդյունավետ միջոցներով, համալսարանի հետեւի տարածքը, որը մեռած տարածք է, վերականգնելով եւ այլն։ Բազմաթիվ տարբերակներով կարող ենք այն տարածքը, որը հիմա ունենք, վերածել համալսարանական քաղաքի, շատ ավելի էժան տարբերակներով։ Հենց գաղափարը վատը չէ, ճիշտ գաղափար է, բայց այդ գաղափարը պետք է սկզբից հիմնվի որոշ կարեւորագույն քայլերի վրա, որոնք կանդրադառնան կրթության բովանդակությանը։ Ամենաշատը, ինչից ես վախենում եմ, եւ որը Հայաստանում անընդհատ կրկնվում է, կոչվում է Cargo Cult (բեռի պաշտամունք), երբ մենք, վերարտադրելով ինչ-որ երեւույթի արտաքին հատկանիշները, ենթադրում ենք, որ այդ երեւույթը կառաջանա, բայց այդպես չի լինում։ Չես կարող արտաքինը վերարտադրելով ստեղծել համալսարանական քաղաք եւ դրանով ունենալ լավ կրթություն, էլ ավելի վատ կարող է լինել, որովհետեւ այդ գործընթացի արդյունքում ինչ-որ կորուստներ անպայման կլինեն։ Երբ սկզբում իրականացնում ես բովանդակային փոփոխություն, որի արդյունքում համալսարանական քաղաքի ստեղծումը դառնում է անխուսափելի քայլ, միայն այս դեպքում կարիք չի լինի բացատրել, թե ինչու ես դա անում, բոլորը կհասկանան։ Այդ դեպքում կլինի տրամաբանական, իսկ եթե մենք ենթարդում ենք, որ ուղղակի ուսանողներին նոր շենք լցնելով կստանանք լավ կրթություն՝ բնավ ոչ, բնականաբար ավելի վատ կլինի։  - Կարելի է ասել, որ սա մեր հանրության համար նոր տերմին է եւ գաղափարի շուրջ պատկերացումները լիարժեք չեն։ Խնդրում եմ մանրամասնեք, թե ինչ է ենթադրում այս գաղափարը եւ ի՞նչ մեթոդով պետք է ստեղծվի քաղաքը։  - Համալսարանական քաղաքները աշխարհի տարբեր երկրներում ինքնաբերաբար են ձեւավորվում, իրենք բացարձակ համալսարանական չեն այն առումով, որ այնտեղ ոչ միայն համալսարանների աշխատակիցները, ուսանողներն են տեղակայված, այլ դրանք իրական քաղաքներ են։ Նովոսիբիրսկի մոտակայքում կա «Академгородок» կոչված կառույցը, որը հենց այդպիսին էր եւ նույն նպատակով էր կառուցված, բայց այնտեղ ոչ միայն համալսարաններ կան, այլեւ մի տեղում միավորված են նաեւ գիտական կենտրոնները, որտեղից ստացվում է հավելյալ ներուժ, քանի որ շփման, համատեղ ապրելու արդյունքում ստեղծվում է հավելյալ գործոն, որը աշխատում է հօգուտ զարգացման։ Այդ շփման, քննարկումների արդյունքում նոր որակներ են ստեծվում։ Նույնն ապացուցվում է Բոստոնի օրինակով, երեւույթը կա նաեւ Սիլիկոնյան հովտի որոշ քաղաքներում, դա այդպես է, երբ ստեղծում ես գիտության, ուսանողության ֆիզիկական զանգված մեկ տարածքում, դու ստանում ես նոր որակ, դա ճշմարիտ է։ Խնդիրն այն է, որ այդ մարդիկ իսկապես պետք է ապրեն քաղաքում, ոչ թե գնան-գան։ Կա նաեւ այդ օրինակը` Ինոպոլիս համալսարանական քաղաքի դեպքում մարդիկ փաստացի չեն ապրում այնտեղ, այն դատարկ է, այդ կյանքն այնտեղ չի առաջանում, չկան շփումները, քննարկումները, չնայած քաղաքի կառուցման նպատակը, ըստ էության, նույնն է եղել։ Մի խոսքով՝ դրա կայացումը բավականին բարդ եւ ռիսկային է։ Իմ պատկերացմամբ՝ Երեւանը չքնաղ համալսարանական քաղաք է, եւ առավել եւս Երեւանի փոքր կենտրոնը, որտեղ կա ֆիզիկական զանգված ստեղծելու հնարավարություն։ Ես արդեն ներկայացրի, թե ինչպես պետք է լինի այդ գործընթացը, եւ կարծում եմ, որ Երեւանը կրկին համալսարանական քաղաք դարձնելու տարբերակը պետք է հավասար քննարկվի նոր քաղաք կառուցելու գաղափարի հետ։ Նոր քաղաք կառուցելու տարբերակը կապիտալ մեծ ռեսուրսներ է պահանջում եւ գաղափարը կարող է նաեւ չստացվել, նման օրինակներ եւս կան։ - Թեմայի վերաբերյալ կարծիքներն ուսումնասիրելիս տպավորություն էր, որ շենքային խնդիրներից է նաեւ այն, որ համալսարանների ներսում բացակայում է կրթական աուրան, եւ դրան խոչընդոտում են նաեւ համալսարանների մոտ գտնվող զվարճանքի կենտրոնները, որոք շեղում են ուսանողին։ Արդյոք համալսարանական քաղաքում մենք չե՞նք ունենա նույն զվարճանքի կենտրոնները։  - Իհարկե կունենանք․ եթե գնաք զարգացած երկրների համալսարանական քաղաքներ, եթե կան ուսանողներ, շուկան առաջ է բերում զվարճանքի բազմաթիվ կենտրոններ, գիշերային ակումբներ եւ այլն։ Առավել եւս, եթե հանկարծ չափից շատ երիտասարդների թողնում եք առանց մեծահասակների ներկայության, ապա այդ տեսակի զբաղմունքների քանակն աճում է, եւ այդ ամենը կդառնա ավելի անվերահսկելի, ինչպես նաեւ այդտեղ պետք է ոստիկանական կենտրոններ բացեն, որպեսզի կարողնան կարգուկանոն հաստատել։ Ուզում եմ ասել՝ եթե այդ կենտրոնները նախատեսված չեն, ապա մենք ինչպե՞ս ենք արգելելու քաղաքում նման զվարճանքի կենտրոններ ունենալը, եւ այդ դեպքում եթե քաղաքը ձանձրալի լինի ուսանողի համար, նա կարող է ուղղակի չգնալ եւ չներկայանալ դասերին։ Պետք է այդ ամենը հասկանալ, չի կարելի երեւույթի դեմ պայքարել՝ արմատախիլ անելով այն։ Իմ պատկերացմամբ՝ պետք է վերանայել կրթության ընթացքը։ Իրականում նույն Բոստոնում բազմաթիվ սրճարաններ եւ զբաղմունքի վայրեր կան, որոնք լեփ-լեցուն են լինում, բայց այնտեղ կրթություն է ընթանում, հենց սրճարաններում են ուսանողները բազմաթիվ գիտական հարցեր քննարկում։ Եթե ուսանողի համար ստեղծվեն հարմարավետ, հաճելի միջավայրեր, որտեղ կարող են քննարկումներ ծավալել տարբեր հարցերի շուրջ, հարմար լինեն նաեւ գիտական միջոցառումներ համար, գնալով այդ միջավարը կձեւավորվի, երբ դու սրճարան ես գալիս ոչ թե ուղղակի ժամանցի համար, այլ գալիս ես՝ ակնկալելով, որ այնտեղ կհանդիպես խելոք մեկին, որի հետ հետաքրքիր զրույց կունենաս, ինչպես լինում է Բոստոնում, Սիլիկոնյան հովտում, Լոնդոնի կենտրոնում եւ այլն։ Երբ նշեցի, որ պետք է կրթության բովանդակության մասին մտածել, դա նկատի ունեի, սա նույնպես բովանդակություն է եւ մենք պետք է մեր համալսարանական կրթության բովանդակային շերտը ամբողջապես վերանայենք, հասկանանք՝ մենք ինչպես ենք մատուցում այն։ Երբ «ինչպե՞ս» հարցին կկարողանանք գործնական պատասխան տալ եւ ստեղծել նոր միջավայր, այդ դեպքում կարելի է մտածել նոր տարածք տեղափոխելու մասին կամ այդ միջավայրը վերափոխելու, որպեսզի այն լինի պարարտ, բայց ուղղակի կառուցել շենք եւ հույս ունենալ, որ այդ միջավայրը կառաջանա, չի լինի։  - Գաղտնիք չէ, որ հետպատերազմյան եւ կորոնավիրուսային համաճարակի փուլերում ունենք բազմաթիվ տնտեսական խնդիրներ, իսկ այս գաղափարը ենթադրում է ահռելի ռեսուրսների ներդրում, այդ թվում ֆինանսական։ Նշվում է, որ այս գաղափարի առաջացման հիմնական պատճառը բուհերի ներկայիս շենքերի ֆիզիկական լուրջ խնդիրներն են․ ըստ Ձեզ՝ արդյոք այդ խնդիրներն այդքան անհամատեղելի՞ են կրթական գործընթացի հետ, նոր շենքերը ի՞նչ առավելություններ պետք է ունենան։ - Ինչ-որ չափով ես դրա հետ համաձայն եմ, մեր ներկայիս կրթական շինությունների ճարտարապետական միտքը բավականին հնացել է, եւ այն ժամանակ կրթության բովանդակությունը մի քիչ տարբերվում էր, ավելի քիչ հետազոտական էր, եւ եթե գնաք այդ շենքեր, կտեսնեք, որ այնտեղ ժամանակակից, հետազոտական լաբորատորիա ստեղծելը շատ հաճախ ֆիզիկապես անհնար է։ Ես ինչ-որ տեղ համաձայն եմ, որ միգուցե իդեալական տարբերակը կարող է լինել զրոյից սարքելը, քան եղած շենքերը կապիտալ վերանորոգման ենթարկելը։ Իմ տեսակետից այստեղ խնդիրը առաջնահերթությունն է, թե առաջնայնորեն մենք ինչով ենք զբաղվում։ Եթե որոշում ենք զբաղվել շինարարությամբ, որպեսզի ունենանք ավելի լավ համալսարաններ, ես այդ մտքի հետ այնքան էլ հաշտ չեմ, կարծում եմ, որ ավելի սուր խնդիրներ ունենք այս ոլորտում, որոնք կապված են կրթության բովանդակության եւ գիտության զարգացման հետ, դրանց վրա պետք է կենտրոնանալ։ Եթե մենք այդ երկու կարեւորագույն փոփոխություններն ունենանք, դրանից հետո կարելի է մտածել ներդրումներ անելու եւ նոր միջավայր ստեղծելու մասին։ Եթե կառավարությունը ստեղծի տարբերակ, որի դեպքում եղած շենքերի իրացման շնորհիվ կլինի ֆինանսական մեծ արդյունք եւ դրանով կծածկվի նոր շինարարության ծախսերի մեծ մասը, իսկ հավելյալ մի փոքր գումար անհրաժեշտ կլինի գաղափարն իրականացնելու համար, դա կլինի տրամաբանական քայլ, կարելի է դա դիտել լավ ճանապարհ՝ ապագայի համար։ Իմ կարծիքով, սակայն, պետք չէ այսօր շեղել մեզ մեր հիմնական նպատակից, որն է՝ բուհական եւ ոչ միայն բուհական կրթության եւ գիտության զարգացումը, եւ այդտեղ մենք ունենք ամենասուր խնդիրները, մեր խնդիրը շենքը չէ, սա է իմ խորին համոզումը։ Եթե մենք հնարավորություն ունենք նման ռեսուրսներ օգտագործելու, ապա ավելի լավ կլինի դրանք ծախսենք լաբորատոր սարքավորումներ ձեռք բերելու, լաբորատորիաներ ստեղծելու վրա, քան ուղղակի շենքերի, շինարարության վրա։ Ես կարող եմ հայտնել միայն սուբյեկտիվ տեսակետ եւ հանդես գալ, որպես սուբյեկտիվ փորձագետ, օբյեկտիվի դեպքում պետք է նայել թվերին։  - Կարծիքներ կան, որ գաղափարի հիմքում Երեւան քաղաքի ուրբանիզացիայի մակարդակի նվազեցումն է, բայց, միեւնույն ժամանակ, պետք է շեշտել, որ հենց ուսանողներն են հանրային կյանքի ակտիվությունն ապահովում, եւ ուրբանիզացիայի բարձր մակարդակի պատճառներից մեկը հենց համալսարանների տեղակայումն է։ Արդյոք նոր քաղաքի դեպքո՞ւմ էլ չենք ունենա ուրբանիզացիայի բարձր մակարդակ՝ հենց այդ քաղաքի համար։ Եվ արդյոք համալսարանները տարբեր մարզեր տեղափոխելը չէ՞ր լուծի այս հարցը, քանի որ այս գաղափարը նույնպես տարբեր ժամանակներում շատ է քննարկվել։  - Իմ համոզմամբ միայն Հայաստանում չէ այդ միտումը։ Ընդհանրապես, բուհական կրթությունը սփռվում է ոչ թե շինարարության միջոցով, այլ նոր տեխնոլոգիաների կիրառման միջոցով՝ առցանց կրթություն եւ այլն։ Այսինքն՝ հիմա դնել եւ մարզերում նոր բուհեր կառուցել, կարծում եմ, իմաստ չունի, որովհետեւ այդ բուհերը առանձին-առանձին երկար չեն դիմակայի, որովհետեւ բուհական համակարգը ենթադրում է նաեւ համագործակցային դաշտ ձեւավորելը։ Որպեսզի բուհը լավ աշխատի, այն պետք է համապատասխան չափ ու ծավալ ունենա, փոքր չափի բուհերը անարդյունավետ են։ Շատ պատճառներ կան, մարզային քաղաքները կարող են ունենալ մասնաճյուղեր, հիմնականում եւ առաջնահերթորեն լաբորատորիաներ՝ տեղային հետազոտությունների համար, դա հաստատ իմաստ ունի։ Իմ կարծիքով՝ հիմնական կենտրոնացում պետք է ապահովենք, մենք առանց դրա էլ բավականին պառակտված բարձրագույն կրթություն ունենք՝ բուհերի ֆենոմենալ բարձր քանակ։ Մյուս կողմից՝ ես համաձայն եմ, որ երիտասարդներին ընդհանրապես քաղաքի կենտրոնից տանելը նշանակում է քաղաքը դատապարտել։ Քաղաքի գրավչություններից մեկը զբոսաշրջիկների համար այն է, որ նրանք տեսնում են հետաքրքիր, կրթված դեմքեր, համապատասխան միջավայր, սրճարաններ, որոնք չեն գոյատեւի, եթե այդտեղից ուսանողները գնան։ Այսինքն՝ մենք կսպանենք քաղաքը, կսպանենք փոքր Երեւանը, դա էլ պետք է հասկանալ։ Այնտեղ սրճարաններում կհայտնվեն ծխող, բարձրագույն կրթություն չունեցող, «ապեր»-ով խոսող, ոսկե ատամներով տղաներ։ Այդ ռիսկերը կան, իմ կարծքիով՝ սա բարդ, քաղաքաշինական որոշում է, պետք է հաշվի առնվեն բազմաթիվ գործոններ։ Իմ տեսակետից՝ Երեւանը ստեղծված է եղել որպես ուսանողական քաղաք՝ Թամանյանը նախագծել է այդպիսին, մի ամբողջ տարածք՝ Բժշկականը, Երեւանի պետական համալսարանը, Պոլիտեխնիկը, բոլորը ձեւավորվել են որպես մեկ միավոր հենց այդ նպատակով։ Մենք ունենք այդ կրթական միջավայրը, որտեղ ուսանողը կարող է իրեն լավ զգալ, ուղղակի պետք է այն վերականգնենք, դա առաջին հիպոթեզը պետք է լինի, ոչ թե վերջին։ - Վարչապետի հայտարարությունից մի քանի օր է անցել, բայց այն սոցիալական եւ հանրային տարբեր հարթակներում դեռ բուռն քննարկումների առարկա է։ Եթե գաղափարը դառնա նախագիծ, արդյոք այն չի՞ դառնա հանրության եւ մասնագիտական շրջանակների բողոքի պատճառ։ Ի՞նչ պետք է անել, որ մարդիկ պատրաստ լինեն այս փոփոխությանը։  - Երբ Փարիզում Պոմպիդու կենտրոնը կառուցում էին, ամբողջ քաղաքը ոտքի էր կանգնել եւ բողոքում էր, բայց հիմա այն քաղաքի ամենասիրված շենքերից մեկն է։ Ընդհանրապես, մարդիկ պահպանողական մոտեցում ունեն փոփոխությունների նկատմամբ։ Ներկայումս քաղաքական դաշտը բավականին բեւեռացված է, եւ իշխանությունների կողմից արվող բոլոր փոփոխությունները կարող են նաեւ կարծիքները բեւեռացնել։ Հուսամ, որ ժամանակի ընթացքում դա կմեղմվի, եւ ավելի հեշտ կլինի նման որոշումների գալը։ Ամեն դեպքում, իմ կարծքով, կարեւոր է, որ ընթացքը լինի լավ մշակված, որպեսզի այն լուծումները, որոնք առաջարկվում են, ե՛ւ ֆինանսական տեսակետից, ե՛ւ քաղաքաշինական, լինեն հիմնավորված, լավ փորձագիտական գնահատական ունենան, շատ լավ կլինի, որ ներգրավվեն նաեւ արտասահմանյան հաջողված օրինակների փորձագետները, որպեսզի նրանք էլ կիսվեն իրենց փորձով։ Նման հարցերում պետք է հանրությանը իրազեկված պահել, փուլերի ընթացքի մասին մի քիչ ավելի մանրամասնել, թե ինչո՞ւ են ներկայիս շենքերը անհամատեղելի կրթության հետ, ի՞նչ օրինակներ կան, ներգրավել գիտնականների, ուսանողների, լսել նրանց կարծիքը, որովհետեւ նրանք են լինելու սրա հիմնական շահառուն, մի քիչ ավելի հստակ ներկայացնել՝ որ քաղաքում է լինելու, ինչ միջավայր է լինելու, ինչ տեսակի շենքեր եւ շինություններ են լինելու, այնտեղ մարդիկ ապրելո՞ւ են, թե՞ ոչ, ովքե՞ր են ապրելու։ Բազմաթիվ հարցեր կան եւ այդ հարցերին պետք է տալ կշռադատված պատասխաններ։ Հանրության մոտ հեղինակություն վայլեող մարդիկ պետք է ունենան այս հարցերի պատասխանները, որպեսզի դրանք ներկայացնեն հստակ։ Ես էլ նշեցի, որ այս պահին ինձ չեմ համարում բավարար տեղեկացված, եւ իմ խոսքը իմ սուբյեկտիվ կարծիքն է՝ որոշ դեպքերում հիմնված ենթադրությունների վրա, որոնք հաստատ բավարար չեն, որպեսզի մենք կարողանանք կարծիք ձեւավորվել հանրության մոտ։ Իմ պատկերցամամբ՝ ճիշտ կլինի այս գաղափարը ներկայացնել քաղաքի զարգացման ռազմավարության համատեքստում, ոչ թե լուծել մի քանի բուհերի մասնավոր խնդիրը, որովհետեւ դա իրապես մասնավոր հարց է։ Իմ կարծիքով՝ այն, ինչ հիմա անհանգստացնում է մարդկանց եւ բերում է կարծիքների բեւեռացմանը, քաղաքի մասին հոգածությունն է՝ ի՞նչ քաղաքում են ապրելու, ի՞նչն է լինելու քաղաքի դեմքը, ո՞ւր է գնալու այս ամենը։ Եթե նայել եք սոցցանցերում շրջանառվող ծաղրանկարները, դրանցից շատերը համալսարանների շենքերին փակցված՝ սուպերմարկետների, զվարճանքի կենտրոնների լոգոներ են․ մարդկանց սա է հետաքրքրում, թե ինչ կլինի Երեւան քաղաքի վիճակը։ Մենք, ցավոք, վաղուց չունենք Երեւան քաղաքի զարգացման ընդհանուր տեսլական, եւ դա մեծ խնդիր է, մենք ռազմավարություն չունենք, քաղաքը մասնատված է, եւ այս ամենից է բխում հանրության արձագանքը։ Առավել եւս, երբ նախկինում էլ կայացվեցին հակասական որոշումներ, օրինակ՝ Հյուսիսային պողոտայի դեպքում, որը մինչ այսօր վերքի նման շարունակում է մտահոգությունների առիթ դառնալ, ոմանց դուր է գալիս, ոմանց՝ ոչ, ամեն դեպքում դրա շուրջ բուռն քննարկումներ դեռ կան։  - Ենթադրենք՝ այս գաղափարն արդեն նախագիծ է, Ձեր պատեկարցամամբ՝ ո՞ւմ պետք է վաճառվեն այդ շենքերը, ի՞նչ նպատակով պետք է դրանք օգտագործվեն։ ԿԳՄՍ նախարարն ասում է՝ այդտեղ բիզնես նպատակ չկա, այդ դեպքում ո՞վ պետք է շահագործի եւ ի՞նչ գործընթացով պետք է շենքի վաճառքի գումարը ներդրվի նոր քաղաքի ստեղծման գործում։ - Կարծում եմ՝ եթե կառավարությունը ունենար այս հարցերի պատասխանները, հենց այդ պատասխանն էլ կներկայացներ։ Հավանաբար այն դեռ չկա, եթե չկա, ուրեմն իրենք էլ լավ չեն պատկերացնում, թե ինչ կլինի, որովհետեւ իսկապես, եթե մենք վերցնենք այդ շենքերի մի մասը, դրանք բարոյապես արդեն մաշված վիճակում են։ Մեկ այլ կողմից մենք ունենք ավելի լուրջ բարոյական հարց, օրինակ՝ Իզմիրլյանների հիմնադրամի շնորհիվ կառուցվեց բավականին ժամանակակից, նոր մասնաշենքը ԵՊՀ-ում, որը գրադարանն է, հիմա այդ մարդկանց տված գումարների դիմաց ի՞նչ ենք ասելու, ասելու ենք՝ ձեր նվերը կոպեկներով վաճառե՞լ ենք։ Այստեղ կան նաեւ բարոյական խնդիրներ, որոնց պատասխանները պետք է տանք, սա բարդ կծիկ է։ Ես չգիտեմ՝ որն է նպատակը այս փուլում այս գաղափարի հանրայնացման, միգուցե ենթադրվում էր, որ մարդիկ այսպես թե այնպես պետք է իմանային եւ, հավանաբար, որոշ հանրային քայլեր պետք է ձեռնարկվեին այս գաղափարի համար, իշխանություններն էլ ենթադրաբար մտածեցին, որ ավելորդ խոսակցություններ եւ լարվածություն, ասեկոսեներ չստեղծելու համար ավելի լավ կլինի, որ ինֆորմացիան դուրս գա հենց իշխանությունից, ոչ թե հասնի տարբեր խողովակներով։ Այդ տեսակետից, կարծում եմ, ճիշտ է, բայց իշխանությունները նաեւ պետք է հայտնեին, որ շատ նախնական փուլում է այս ամենը, դեռ քննարկման թեմա է եւ այս փուլում կատարում է միայն գաղափարի գնահատումը, սկսում են հանրության հետ քննարկումը։ Այդ դեպքում լարվածություն չէր առաջանա, որովհետեւ ռիսկ կա նաեւ, որ այս գաղափարը կարող է ձախողվել։ Եթե պարզվի, որ այդ շենքերի զգալի մասը անհնարին է վաճառել վիճակի պատճառով, դա արդեն խնդիր է, եղած շենքերի ճնշող մեծամասնությունը ժամանակակից սեյսմիկ պայմաններին չի բավարարում, դրանք կառուցվել են այն ժամանակ, երբ շենքերի կառուցման համար այդ պայմանները շատ ավելի մեղմ են եղել։ Եթե շենքերի նոր տերը որոշի այնտեղ կապիտալ վերանորոգում ձեռնարկել, միանգամից կհայտնվի այդ սեյսմիկ պահանջների դաշտում, դա նշանակում է իրապես լուրջ ներդրում, որը համադրելի է շենքի ինքնարժեքի հետ։ Այստեղ մեծ վտանգ կա, որ կկրկնվի «Զվարթնոց» օդանավակայանի պատմությունը, որովհետեւ համալսարանի շենքը պատմական շենք է, եւ բազմաթիվ սահմանափակումներ կլինեն շենքի արտաքին հատվածում փոփոխություններ անելու համար, բայց հասկանալի է, որ եթե վերանորոգում ես անում, եւ շենքը սեյսմիկ առումով խոցելի է, դու պետք է սկսես որոշ լուրջ աշխատանքներ տանել։ Զարմանալի չէ, որ մարդիկ վերհիշում են, օրինակ, Փակ շուկայի պատմությունը, «Զվարթնոց» օդանավակայնի պատմությունը, եւ կասկածում են, որ այդ պատմությունները կարող են կրկնվել։ Սա մեծ հարց է՝ ինպես է այս գործընթացը լինելու, իմ պատկերացմամբ՝ իշխանությունը արդեն ունի ուրվագծեր այս հարցերից որոշների համար, բայց երեւի դրանք ամբողջական չեն, հակառակ դեպքում մենք ավելի տեղեկացված կլինեինք։  - Դուք խոսեցիք այլ երկրների փորձի մասին, իսկ մենք ունե՞նք միջազգային հաջողված պրակտիկայի օրինակ, որին կարող ենք հետեւել եւ այն պրոյեկտել հայաստանյան պայմաններում։ Որո՞նք են այդ երկրները, որոնցից օրինակ կարող ենք վերցնել։  - Համալսարանական քաղաքների մեծ եւ հին պատմություն գոյություն ունի, նույն Քեմբրիջը եւ Օքսֆորդը եղել են փոքր համայնքներ, բայց դարձել են քաղաքներ եւ հայտնի ամբողջ աշխարհին այն բանի շնորհիվ, որ այդտեղ տեղակայվել են համալսարաններ եւ հիմա ոչ ոք չի հիշում, թե մինչեւ Քեմբրիջի համալսարանը Քեմբրիջ քաղաքը ինչպիսին է եղել։ Նման օրինկաներ շատ կան մարդկային պատմության մեջ։ Ես ինքս սովորել եմ Մոսկվայի ֆիզիկատեխնիկական ինստիտուտում, որը փաստացի դատարկ տեղում կառուցված համալսարան է եղել, որի շուրջ ժամանակի ընթացքում առաջացավ քաղաք, իսկ մինչ այդ փոքր, անհայտ գյուղ էր։ Նման օրինակներ կան, բայց երբ դու ունես ձեւավորված քաղաք, միջավայր, մշակույթ, շենքեր եւ դու դա թողնես տեղափոխվես մեկ այլ քաղաք, նման օրինակ, անկեղծ ասած, չգիտեմ։ Ես շատ կցանկանայի, որ այս նախագիծը չդադարեր զուտ այն պատճառով, որ իշխանությունները, տեսնելով նման արձագանք, որոշեն, որ ոչինչ չեն անելու։ Ես կողմ եմ, որ նման նախաձեռնություններ լինեն եւ ընդամենը ճիշտ կլինի, որ իրենց ընթացքը լինի ճիշտ կազմակերպված եւ գնա ճիշտ տրամաբանությամբ։ Կարծում եմ՝ առաջնային շեշտը պետք է դրվի բարձրագույն կրթության եւ գիտության զարգացման վրա, եւ դա պետք է դառնա գործոն, որի հետեւանքով այս նախագիծը կդառնա ե՛ւ իրատեսական, ե՛ւ տրամաբանական, ե՛ւ միգուցե վերանայվի։ Եթե անգամ մենք հրաժարվենք այս գաղափարից, հրաժարվենք այդ համատեքստում՝ դիտարկելով մեր կրթության եւ գիտության բուռն զարգացման ընթացքում որն ենք տեսնում ճիշտ՝ եղածը զարգացնե՞լ, թե՞ նորը ստեղծել, բայց ոչ այն վիճակում, երբ մենք ունենք ծայրահեղ ճգնաժամ բարձրագույն կրթության մեջ, ոչնչացման եզրին կանգնած գիտություն, ու սկսենք շենքեր կառուցել՝ հուսալով, որ դա կբերի զարգացման, այդ տրամաբանությունը, իմ խոր համոզմամբ, չի գործելու։ Ասպրամ Փարսադանյան
12:12 - 02 ապրիլի, 2021
Առաջին եռամսյակի տվյալներով բյուջեի եկամուտները գերակատարվել են 20 մլրդ դրամով. վարչապետ |armenpress.am|

Առաջին եռամսյակի տվյալներով բյուջեի եկամուտները գերակատարվել են 20 մլրդ դրամով. վարչապետ |armenpress.am|

armenpress.am: Պետական բյուջեի եկամուտներն առաջին եռամսյակի տվյալներով գերակատարվել են ավելի քան 20 մլրդ  դրամով, առևտրի շրջանառությունը նույնպես  էական աճ է արձանագրել: Այդ մասին կառավարության նիստում հայտարարեց վարչապետ Նիկոլ Փաշինյանը: ՊԵԿ նախագահ Էդուարդ Հովհաննիսյանը տեղեկացրեց, որ մարտին նախորդ տարվա մարտի համեմատ ՀԴՄ-ներով և հաշվարկային փաստաթղթերով գործարքների քանակն ավելի է 8 մլն 647 հազար հատով. նախորդ տարվա համեմատ տարբերությունը կազմում է 122 մլրդ դրամ: «Եռամսյակային կտրվածքով իրացման շրջանառության տարբերությունը կազմում է 116,8 մլրդ դրամ, գործարքների թվով՝ 6,2 մլն հատ: Հարկային եկամուտների մասով նշեմ, որ առաջին եռամսյակի համար սահմանված է եղել 305 մլրդ դրամ, փաստացի հավաքագրվել է 332,9 մլրդ դրամ: Դրական տարբերությունը կազմում է 27,9 մլրդ դրամ, սակայն հաշվի առնելով, որ 332,9 մլրդ դրամի մեջ ներառված են նաև  դրոշմանիշների գծով մուտքերը, որոնք կազմել են 5,6 մլրդ դրամ, և նախատեսելով հետագայում առաջին եռամսյակի պլանի ճշտման հավանական հնարավոր չափը, որը կկազմի 310,6 մլրդ դրամ, ապա հարկային եկամուտների գերակատարման փաստացի արդյունքը կազմելու է 22,3 մլրդ դրամ»,- ասաց ՊԵԿ նախագահը: Ամփոփելով՝ Նիկոլ Փաշինյանը նշեց. «Այսպիսով առևտրի շրջանառության ծավալն առաջին եռամսյակում աճել է ավելի քան 8 տոկոսով: Մարտին աճը կազմել է ավելի քան 20 տոկոս: Բյուջեի հարկային եկամուտները պլանավորվածից գերակատարվել են 22,3 մլրդ դրամով: Առաջին եռամսյակի արդյունքներից ելնելով Ֆինանսների նախարարությունն առաջարկում է, որ մենք պետական բյուջեի տարեկան եկամուտների կանխատեսումն ավելացնենք 40 մլրդ դրամով: Սրանք բավականին լավ ցուցանիշներ են ճգնաժամային, հետպատերազմական տարվա համար»:
12:12 - 01 ապրիլի, 2021
Արցախի հերոս Արկադի Տեր-Թադևոսյանը հայրենասիրության և բարձր պրոֆեսիոնալիզմի մարմնավորում է. վարչապետի ցավակցական ուղերձը Կոմանդոսի մահվան կապակցությամբ

Արցախի հերոս Արկադի Տեր-Թադևոսյանը հայրենասիրության և բարձր պրոֆեսիոնալիզմի մարմնավորում է. վարչապետի ցավակցական ուղերձը Կոմանդոսի մահվան կապակցությամբ

Վարչապետ Նիկոլ Փաշինյանի ցավակցական ուղերձը Արցախի հերոս Արկադի Տեր-Թադևոսյանի մահվան կապակցությամբ․ «Խորը վշտով տեղեկացա Արցախի հերոս, լեգենդար ռազմական գործիչ, գեներալ-մայոր Արկադի Տեր-Թադևոսյանի՝ մեր սիրելի Կոմանդոսի մահվան մասին: Արկադի Տեր-Թադևոսյանը փայլուն ռազմական ուղի է անցել և իր գործունեությամբ լավագույնս ծառայել է հայրենիքին՝ մասնակցելով հայ ժողովրդի, Հայաստանի ու Արցախի համար փառապանծ հաղթանակների կերտմանը: Նա Արցախյան ազատամարտի հերոս է, Շուշիի ազատագրման ռազմական օպերացիայի հրամանատար, որը հայտնի է որպես ռազմագիտության դասագրքային օրինակ և վկայում է Կոմանդոսի՝ ռազմական գործի գիտակ լինելու մասին: Արցախի հերոս Արկադի Տեր-Թադևոսյանը հայրենասիրության և բարձր պրոֆեսիոնալիզմի մարմնավորում է: Նրա անունը հավերժ փառքով կմնա հայոց պատմության մեջ՝ որպես հայ ազգի արժանի զավակ և նվիրյալ զինվորական, ում ողջ գործունեությունը հաղթանակի բերկրանք ու հպարտություն է պարգևել հայ ժողովրդին: Ցավակցություններս գեներալ-մայոր Արկադի Տեր-Թադևոսյանի ընտանիքին, հարազատներին, մտերիմներին, մեզ բոլորիս: Հավերժ փա՛ռք նրա հիշատակին»:
17:06 - 31 մարտի, 2021
Պետք է կայացնենք որոշումներ, որոնք կապահովեն Հայաստանի երկարատև, կայուն զարգացումը. վարչապետը՝ ԱԽ նիստում

Պետք է կայացնենք որոշումներ, որոնք կապահովեն Հայաստանի երկարատև, կայուն զարգացումը. վարչապետը՝ ԱԽ նիստում

Վարչապետ Նիկոլ Փաշինյանի գլխավորությամբ տեղի է ունեցել Անվտանգությանխորհրդի հերթական նիստը: Վարչապետի ելույթը ԱԽ նիստի մեկնարկին․ «Բարեւ ձեզ հարգելի գործընկերներ, սկսում ենք Անվտանգության խորհրդի հերթական նիստի աշխատանքները։ Հայտնի իրադարձությունների բերումով անվտանգային միջավայրը էական փոփոխություններ է կրել Հայաստանի եւ Արցախի շուրջ, եւ մենք պետք է շարունակաբար գնահատենք այն նոր մարտահրավերները եւ հնարավորությունները, որոնք ունենք այս իրավիճակում։ Պետք է կարողանանք գնահատել Հայաստանի դիրքը, դիրքորոշումը եւ մոտեցումը նոր մարտահրավերներին, ինչպես ենք դիմակայելու նոր մարտահրավերներին, եւ ինչ հնարավորություններ կան, որոնք պետք է օգտագործվեն Հայաստանի եւ Արցախի կայուն եւ բնականոն զարգացման համար։ Իհարկե Հայաստանի տեւական շրջափակումը Հայաստանի Հանրապետությունը որոշակիորեն օտարել է տարածաշրջանից, եւ մենք օրինակ մեր ռազմավարական գործընկերոջ հետ ցամաքային ընդամենը մեկ ճանապարհ, ունենք, որը ունի սեզոնային բնույթ եւ մեծապես կախված է եղանակային պայմաններից, ինչն իր հերթին բերում է բազմաթիվ մարտահրավերներ, այդ թվում եւ անվտանգային։ Մենք պետք է այս նոր իրավիճակում կարողանանք գնահատել այն հնարավորությունները, որ կա Հայաստանի շրջափակումը վերացնելու առումով, մյուս կողմից պետք է արձանագրենք, որ այդ գործընթացը չի կարող տեղի ունենալ Հայաստանի կենսական շահերի հաշվին։ Ընդհակառակը, մենք պետք է այս գործընթացում կարողանանք լիարժեք պահպանել եւ պաշտպանել մեր երկրի շահերը, Արցախի շահերը, իհարկե նաեւ պատրաստ լինելով որոշակի համագործակցային տրամաբանության։ Ընդհանրապես կոմունիկացիաների բացումը մեր այսօրվա քննարկման կարեւորագույն թեմաներից է լինելու։  Հարցը էական է եւ ուշագրավ, բայց ինքնին ունի բազմաթիվ նրբություններ, եւ այդ բոլոր նրբությունները մենք պետք է հաշվի առնենք։ Բայց մեր տրամադրվածությունը պետք է լինի այն, որ մենք պիտի ի վիճակի լինենք կայացնել որոշումներ, որոնք բխում են Հայաստանի Հանրապետության շահերից։ Պիտի ի վիճակի լինենք կայացնել որոշումներ, որոնք կապահովեն երկարատեւ կայուն զարգացումը Հայաստանի Հանրապետության, եւ նաեւ ինչ-որ առումով տարածաշրջանի երկարատեւ եւ կայուն զարգացումը եւս մեր պատասխանատվության ոլորտում է։ Այնպես որ, ես այսօր մեզ հաջող եւ արդյունավետ քննարկում եմ մաղթում»։
21:58 - 30 մարտի, 2021