«Քաղաքացիական պայմանագիր» կուսակցություն - ՔՊ

2021 թվականի հունիսին տեղի ունեցած խորհրդարանական արտահերթ ընտրությունների արդյունքում ՀՀ-ում կառավարություն ձեւավորած եւ խորհրդարանական մեծամասնություն դարձած քաղաքական կուսակցություն է։ 8-րդ գումարման խորհրդարանում՝ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցություն։

Որպես միավոր՝ ձեւավորվել է 2013 թվականին։ Կուսակցությունը պաշտոնապես ստեղծվել է 2015 թվականին։

Կուսակցությունը «Իմ քայլը» դաշինքի կազմով բացարձակ մեծամասնություն է եղել նաեւ ՀՀ 7-րդ գումարման Ազգային ժողովում։ 

Իսկ 2017 թվականի խորհրդարանական ընտրություններին կուսակցությունը դաշինքով էր հանդես եկել «Հանրապետություն» եւ «Լուսավոր Հայաստան» կուսակցութունների հետ, ԱԺ-ում «Ելք» խմբակցություն ձեւավորել՝ 9 պատգամավորով։ Նույն դաշինքով կուսակցությունը մասնակցել էր նաեւ 2017թ․ Երեւանի քաղաքապետի եւ ավագանու ընտրություններին՝ ունենալով 14 հոգանոց խմբակցություն։

2018 թվականին Երեւանի քաղաքապետի ու ավագանու արտահերթ ընտրությունների ժամանակ կուսակցությունը մասնակցել էր «Առաքելություն» կուսակցության հետ՝ «Իմ քայլը» դաշինքով․ դաշինքի ցուցակը գլխավորող Հայկ Մարությանը դարձավ Երեւանի քաղաքապետ` ստանալով 80%-ից ավել քվե։

ՔՊ-ի գրասենյակից զինվորական համազգեստ և զենք բաժանվելու տեղեկությունները չեն հաստատվել. Դատախազություն

ՔՊ-ի գրասենյակից զինվորական համազգեստ և զենք բաժանվելու տեղեկությունները չեն հաստատվել. Դատախազություն

ՀՀ գլխավոր դատախազությունը հաղորդագրություն է տարածել՝ հայտնելով, որ «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության գրասենյակից զինվորական համազգեստ և զենք  բաժանելու վերաբերյալ տեղեկությունները չեն հաստատվել:  «Արցախի և Հայաստանի Հանրապետությունների դեմ սանձազերծված ագրեսիայի ակտի, ռազմական գործողությունների դադարեցումից հետո ՀՀ-ում սկսված հանրային գործընթացների ընթացքում առանձին անձանց կողմից և ԶԼՄ-ներում արվել են հայտարարություններ, հայտնվել են տեղեկություններ իրականացվող կամ նախապատրաստվող բռնությունների վերաբերյալ: ՀՀ գլխավոր դատախազությունը, իրականացվող մշտադիտարկման շրջանակներում պարտադիր արձանագրում է դրանք՝ դարձնում ուսումնասիրության առարկա, և յուրաքանչյուր այն դեպքում, երբ դրանցում առկա են լինում բավարար հիմքեր, համապատասխան մարմիններին տրվում են դրանք քրեադատավարական կարգով ստուգման առարկա դարձնելու, իրավական գնահատական տալու և ընթացքը լուծելու հանձնարարություններ: Նման դեպքերից էին, մասնավորապես, բազմաթիվ լրատվամիջոցներով տարածված՝ ԲՀԿ կուսակցության անդամ, ԱԺ պատգամավոր Իվետա Տոնոյանի կողմից ՀՅԴ գրասենյակում հայտնած տեղեկությունն այն մասին, որ 12.11.2020թ. ժամը 17.00-ին 17 կուսակցությունների կողմից նախատեսված գործողությունների ընթացքում սադրանքներ, խժդժություններ առաջացնելու հստակ հանձնարարական է իջեցվել իշխանությունների կողմից, ինչի նպատակով «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության գրասենյակից գիշերվա ընթացքում զինվորական համազգեստ և զենք է բաժանվել իրենց համակիրներին: ՀՀ ոստիկանության կենտրոնական բաժնում նշվածի կապակցությամբ քրեադատավարական կարգով նախապատրաստվել են նյութեր, որի շրջանակներում իրականացվել են անհրաժեշտ միջոցառումներ՝ նշված տեղեկությունների իսկությունը պարզելու, հնարավոր հանցավոր արաքների հատկանիշներ հայտնաբերելու նպատակով: Մասնավորապես, բացատրություններ են վերցվել ԱԺ ԲՀԿ խմբակցության նշված, ինչպես նաև այլ պատգամավորներից: Վերջիններս նշել են, որ նման տեղեկությունները լսել են նոյեմբերի 11-ին Բաղրամյան փողոցում ընթացող հավաքի մասնակիցներից, մամուլից՝ հավելելով, որ չեն ճանաչում դրանք հայտնող անձանց, չգիտեն՝ վերջիններս ովքեր են, այսինքն պատգամավորների կողմից չեն հայտնվել որևէ որոշակի, կոնկրետացնող տվյալներ:   Բացատրություն է վերցվել նաև «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության գլխավոր գրասենյակի ներկայացուցիչներից, որոնք կտրականապես հերքել են այդ տեղեկությունները: Նյութերի նախապատրաստման ընթացքում դատախազության կողմից նաև հանձնարարություն է տրվել ոստիկանությանը՝ իրականացնելու օպերատիվ հետախուզական միջոցառումներ՝ ստուգելու նշված հանգամանքները, պարզելու «ՔՊ» գրասենյակից որևէ մեկին երբևէ զենք կամ զինվորական համազգեստ հատկացնելու, ինչպես նաև ԲՀԿ պատգամավորին նշված տեղեկությունները հայտնած անհայտ անձանց պարզելու, նրանց քննությանը ներկայացնելու ուղղությամբ, որոնց արդյունքում ևս նշված տեղեկությունները չեն հաստատվել: Ելնելով վերոնշյալից՝ նախապատրաստված նյութերով վարույթն իրականացնող մարմնի կողմից կայացվել է հանցադեպի բացակայության հիմքով քրեական գործի հարուցումը մերժելու մասին որոշում»,- ասված է հաղորդագրությունում:            
16:20 - 02 դեկտեմբերի, 2020
ՀՀ վարչապետը հանդիպում է ՔՊ-ի վարչության անդամների հետ
 |pastinfo.am|

ՀՀ վարչապետը հանդիպում է ՔՊ-ի վարչության անդամների հետ |pastinfo.am|

pastinfo.am: ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը կառավարության շենքում մի շարք հանդիպումներ ունի նախատեսված։ Դրանցից մեկն էլ հանդիպումն է «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության վարչության անդամների հետ։ Տեղեկությունը հայտնեց Վարչապետի խոսնակ Մանե Գևորգյանը. «Կառավարությունում այս ընթացքում մի քանի անգամ հանդիպում է եղել վարչության անդամների հետ, հերթական հանդիպումներն են, որևէ արտառոց բան չկա, աշխատանքային քննարկումներ են լինում»։ Մանե Գևորգյանը նշեց, որ չի կարող հստակ ասել՝ հանդիպումը ո՞ր ժամին է լինելու, արդյոք ընթանում է կամ արդեն վերջացե՞լ է։ Սակայն նշեց. «Ընթացիկ աշխատանքային քննարկումներ են»։ Ավելի վաղ հայտնել էին, որ Կառավարությունում վարչապետի հետ են հանդիպել Արցախի երկու նախկին նախագահները։ Նախօրեին մի շարք արտախորհրդարանական ուժեր փակ քննարկման ձևաչափով հանդիպել են վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ, տեղի է ունեցել նաև անվտանգության խորհրդի նիստ:
14:40 - 20 հոկտեմբերի, 2020
«Իմ քայլը»․ բարեկամներ, վաղեմի գործընկերներ, նախկին ՀՀԿ ու ԲՀԿ անդամներ |media.am|

«Իմ քայլը»․ բարեկամներ, վաղեմի գործընկերներ, նախկին ՀՀԿ ու ԲՀԿ անդամներ |media.am|

media.am: Հայաստանում կուսակցությունները միշտ չէ, որ կազմվում են գաղափարական ընդհանրությունների վրա հիմնվելով։ Օրինակ, հուլիսին media.am-ը պարզել էր, որ ԱԺ խոշորագույն ընդդիմադիր ուժի՝ ԲՀԿ խմբակցության պատգամավորների մեծ մասը՝ 26-ից 14-ը, անձնական կամ գործնական կապերով կապված են Գագիկ Ծառուկյանի հետ։  Այժմ ուսումնասիրել ենք իշխող «Իմ քայլը» (այսուհետ՝ ԻՔ) խմբակցության կազմը, և պարզել որ նեպոտիզմը, հայերեն ասած՝ խնամի-ծանոթ-բարեկամ երևույթը, իշխող ուժին նույնպես բնորոշ է։  ԻՔ շարքերում կան Նիկոլ Փաշինյանի բարեկամները և նրա ղեկավարած թերթի նախկին աշխատակիցները։ Բայց ի տարբերություն ԲՀԿ-ի քաղաքական առաջնորդի հետ անձնական կամ գործնական կապ ունի ԻՔ պատգամավորների ավելի փոքր մասը։  ԻՔ պատգամավորների զգալի մասը՝ շուրջ 11% (13 անձ) նախկինում կապված են եղել այլ քաղաքական ուժերի, այդ թվում՝ ԲՀԿ-ի և ՀՀԿ-ի հետ, իսկ հեղափոխությունից հետո միացել են «Իմ քայլին»։   Խնամի, ծանոթ, բարեկամ «Իմ քայլը» դաշինքի երեք պատգամավոր Նիկոլ Փաշինյանի ազգականներն են։ Այդպես, ԻՔ պատգամավոր է Փաշինյանի եղբոր որդին՝ Սիփան Փաշինյանը, ինչպես նաև նրա կնոջ եղբայրը՝ Հրաչյա Հակոբյանը։ Պատգամավոր Վահե Ղալումյանը նույնպես անձնական կապ ունի վարչապետի ընտանիքի հետ։ Ղալումյանի եղբայրը՝ Հայկ Ղալումյանը, Փաշինյանի քավորն է և Իջևան համայնքի ղեկավարի ժամանակավոր պաշտոնակատարը։  Բոլոր երեքը նաև «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության անդամներ են։   Գործնական կապեր Պատգամավոր Հայկ Գևորգյանը ավելի քան 20 տարի աշխատել է Փաշինյանների ընտանիքին պատկանող «Հայկական ժամանակ» (այսուհետ՝ ՀԺ) թերթում, նախ՝ որպես թղթակից, ապա որպես ՀԺ-ի հրատարակիչ «Դարեսկիզբ» ՍՊԸ տնօրեն։  Նույն պաշտոնը զբաղեցրել է նաև Վահագն Հովակիմյանը, ով «Դարեսկիզբ» ՍՊԸ տնօրեն էր մինչև 2013-ը։ Հովակիմյանը եղել է նաև ՀԺ թղթակից, պատգամավոր Նիկոլ Փաշինյանի օգնական։  Պատգամավոր է դարձել նաև «Դարասկիզբ» ՍՊԸ տնօրենի տեղակալ Հակոբ Սիմիդյանը։ 2009-2012 թթ․ նա աշխատել է ՀԺ-ում, ապա եղել է պատգամավոր Նիկոլ Փաշինյանի օգնականը։ Ի դեպ, ԱԺ կայքում տեղադրված պաշտոնական կենսագրության մեջ նշված է, որ Սիմիդյանը պատգամավորի օգտնական է աշխատել, բայց որ այդ պատգամավորը հենց Փաշինյանն էր, բայց է թողնված։ Այժմ նա «Իմ քայլը» խմբակցության քարտուղարն է։  Անկուսակցական պատգամավոր Վահագն Թևոսյանը նույնպես աշխատել է ՀԺ-ում։ Իսկ նրա կինը՝ Լուսինե Բարսեղյանը, եղել է ՀԺ-ի խմբագիրը։ Ի դեպ, այժմ Լուսինե Բարսեղյանը ԱԺ նախագահ Արարատ Միրզոյանի ռեֆերենտն է (այս պաշտոնը ենթադրում է տեղեկատվական-խորհրդատվական, վերլուծական աշխատանքներ)։   Գործադիրից՝ օրենսդիր Թավշյա հեղափոխությունից հետո պետական ծառայության անցած որոշ գործիչներ մի քանի ամիս անց թողեցին պաշտոնները՝ առաջադրվելով ԱԺ արտահերթ ընտրություններին։ Հայտնի է, որ պատգամավոր դարձան մի քանի նախարարներ, բայց այս շարքում կան նաև հենց Փաշինյանի աշխատակազմի ութ աշխատակիցներ։      Այդպես, պատգամավոր դարձան Փաշինյանի օգնականներից Արփինե Դավոյանը և Արեն Մկրտչյանը, ինչպես նաև օգնական Նաիրի Սարգսյանի եղբայրը՝ Հայկ Սարգսյանը։ Մանդատ ստացան նաև վարչապետի խորհրդականներ Նիկոլայ Բաղդասարյանը, Վարազդատ Կարապետյանը և Արտակ Մանուկյանը։  Նիկոլայ Բաղդասարյանը եղել է նաև ԵԼՔ դաշինքի պատգամավորի թեկնածու։ Նա փաստաբան է և պաշտպանում էր հեղափոխության ժամանակ ձերբակալված Նիկոլ Փաշինյանին և Արարատ Միրզոյանին։  Վարչապետի առաջին մամուլի քարտուղարը՝ Արման Եղոյանը, ինչպես նաև աշխատակազմի ղեկավարի տեղակալ Սարգիս Խանդանյանը նույնպես 2019-ի հունվարին ստանձնեցին ԱԺ պատգամավորի մանդատը։    ԲՀԿ, ՀՀԿ և ԼՀԿ նախկին անդամները հեղափոխությունից հետո միացան «Իմ քայլին» Չնայած որ «Իմ քայլը» հաճախ են մեղադրում քաղաքականության մեջ անփորձ լինելում, շատ պատգամավորների համար քաղաքական գործունեությունը բոլորովին նոր բան չէ՝ նրանք հասցրել են նույնիսկ կուսակցություն փոխել։    Այսպես, ԻՔ 13 անդամ մինչև հեղափոխությունը փոխկապակցված են եղել այլ քաղաքական ուժերի հետ։ 2018-ից հետո նրանցից 5-ը դարձան «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության անդամ, 7-ը մնացին անկուսակցական, և միայն մեկը ԻՔ դաշինքում ներկայացրեց այլ կուսակցություն՝ «Հզոր Հայրենիք»-ը։ Շարունակությունը՝ media.am-ում
16:21 - 26 օգոստոսի, 2020
Կորսված փողե՞ր, թե՞ վարկային միջոցներ. 5-րդ ալիքը մանիպուլացնում է

Կորսված փողե՞ր, թե՞ վարկային միջոցներ. 5-րդ ալիքը մանիպուլացնում է

2020 թվականի օգոստոսի 7-ին 5-րդ ալիքը հրապարակել է տեսանյութ՝ «Կորսված փողեր եւ հույսեր» վերտառությամբ, որտեղ ներկայացվում են կառավարող ուժի որոշ պաշտոնյաների եկամուտները, հեղափոխությունից հետո ձեռք բերած անշարժ եւ շարժական գույքը։ տեսանյութի որոշ դրվագներում, սակայն, առկա են մանիպուլյատիվ կամ կեղծ պնդումներ․ չի նշվում, թե ինչ միջոցներով է գնվել գույքը: Տեսանյութում ներկայացվող տվյալների մի մասը վերցված է «Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովի» հայտարարագրերի ռեեստրից, իսկ մյուս մասը՝ մամուլում շրջանառվող լուրերից: Մասնավորապես, տեսանյութում, համեմատելով Արարատի մարզպետ Գարիկ Սարգսյանի եւ ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանի ստացած եկամուտները, հեղինակն ասում է, թե 2018 թվականի իշխանափոխությունից հետո Գարիկ Սարգսյանի ընտանիքի համար կյանքն ակնհայտորեն փոխվել է: Որից հետո ներկայացվում է Սարգսյանի հոր՝ Մնացական Սարգսյանի՝ 2019 թվականի տարեկան հայտարարագիրը, որտեղ, ըստ տեսանյութի, վերջինս այդ տարի հայրենի Նոր Կյանք գյուղում համատեղ սեփականությամբ հողամաս է հայտարարագրել, մեկ այլ հողամաս՝ Նոր Ուղիում: Նյութի համաձայն՝ միանձնյա սեփականությամբ երկու հողամաս էլ գնել է Արալեզում, 2019 թվականի նոյեմբերին էլ 13 հազար 500 դոլար արժողությամբ Toyota մակնիշի մեքենա է գնել: Պարզելու համար՝ արդյոք Գարիկ Սարգսյանի հայրը նշված գույքը ձեռք է բերել 2018 թվականի հեղափոխությունից հետո՞, մենք նույնպես կօգտվենք այն նույն հայտարարագրից, որի հիման վրա արվել էին հիշյալ լրատվամիջոցի պնդումները: Գարիկ Սարգսյանի հոր՝ 2019 թվականի տարեկան հայտարարագրում, այո՛, նշված են բոլոր այն կետերը, որոնք ներկայացված են 5-րդ ալիքի տեսանյութում, սակայն հայտարարագրած 4 հողամասերն էլ, որոնցից 3-ը ձեռք են բերվել գնումով, առկա են եղել 2019 թվականի սկզբում: Հետեւաբար՝ հայտարարագրած հողամասերը ձեռք չեն բերվել 2019 թվականի ընթացքում: Բացի այդ՝ տվյալ տարվա ընթացքում ձեռքբերված եւ օտարված անշարժ գույքի դաշտը եւս լրացված չէ, ինչը նույնպես ապացուցում է այն, որ հողամասերը ձեռք են բերվել մինչեւ 2019 թվականը: Հաջորդ հավանական վարկածն այն է, որ Գարիկ Սարգսյանի հայրը նշված հողամասերը ձեռք է բերել 2018 թվականին՝ հեղափոխությունից հետո: Սա եւս հեշտ ստուգելի է, քանի որ Սարգսյանի հայրը ներկայացրել է նաեւ 2018 թվականի տարեկան հայտարարագիր, ըստ որի՝ նա 2018 թվականի ընթացքում նույնպես չի գնել եւ չի վաճառել որեւէ անշարժ գույք, այդ թվում՝ հողամաս: Հաջորդը 13.500 ԱՄՆ դոլար արժողությամբ Toyota մակնիշի ավտոմեքենայի գնման մասին պնդումն է, որը լիովին համապատասխանում է իրականությանը․ Գարիկ Սարգսյանի հայրը 2019 թվականի նոյեմբերի 11-ին գնել է վերոնշյալ ավտոմեքենան, սակայն թերի ինֆոմացիա չտալու համար անհրաժեշտ է նշել նաեւ այն, որ մինչ Toyota մակնիշի մեքենան գնելը՝ Սարգսյանի հայրը վաճառել է իր Suzuki մակնիշի ավոտմեքենան՝ 5500 ԱՄՆ դոլարով: Այսպիսով՝ 5-րդ ալիքի պնդումները, թե 2019 թվականի ընթացքում Գարիկ Սարգսյանի հայրը ձեռք է բերել 4 հողամաս, իրականությանը չի համապատասխանում: Գարիկ Սարգսյանի հոր հայտարարագրի տվյալները ներկայացնելուց հետո տեսանյութի հեղինակն անդրադառնում է Կոտայքի նախկին մարզպետ Ռոմանոս Պետրոսյանի հայտարարագրած ունեցվածքին: Տեսանյութում, մասնավորապես, նշվում է, թե Կոտայքի հեղափոխական մարզպետ, «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության վարչության անդամ Ռոմանոս Պետրոսյանը 2019 թվականի հոկտեմբերին 51 մլն դրամով՝ շուրջ 100 հազար դոլար արժողությամբ բնակարան է ձեռք բերել Երեւանի Երազ բնակելի թաղամասում: Վերոնշյալը համապատասխանում է իրականությանը. Պետրոսյանը 2019 թվականի հոկտեմբերի 3-ին գնել է բնակարան՝ 51 մլն ՀՀ դրամ արժողությամբ: Սակայն ի՞նչ միջոցներով է գնել բնակարանը. հարցի պատասխանը հնարավոր է գտնել հենց նույն հայտարարագրում, որից օգտվել է տեսանյութի հեղինակը: Պետրոսյանը նույն ամսի 30-ին վաճառել է Կոտայքի մարզի Աբովյան քաղաքում գտնվող իր 2 բնակարաններից մեկը՝ 17.8 մլն ՀՀ դրամով: Բացի այդ՝ Պետրոսյանը նաեւ վարկեր է վերցրել՝ 35 մլն ՀՀ դրամ՝ Ակբա-կրեդիտ ագրիկոլ բանկից եւ 875 հազար ՀՀ դրամ՝ Ամերիա բանկից: Եթե Ռոմանոս Պետրոսյանի գնած բնակարանի արժեքը համեմատենք փոխառությունից եւ գույքը օտարելուց ստացված եկամուտների հետ, ապա կարող ենք եզրակացնել, որ հենց այդ միջոցներով էլ Պետրոսյանը գնել է 51 մլն ՀՀ դրամ արժողությամբ բնակարանը: 5-րդ ալիքը հաջորդիվ անդրադառնում է Տարածքային կառավարման եւ ենթակառուցվածքների նախարար Սուրեն Պապիկյանին․ ««Քաղացիական պայմանագիր» կուսակցության վարչության նախագահ, Տարածքային կառավարման եւ ենթակառուցվածքների նախարար Սուրեն Պապիկյանը 2019 թվականի փետրվարին եւս բարելավել է բնակարանային իր պայմանները. 26 մլն դրամով բնակարան է ձեռք բերել Երեւանի Արաբկիր վարչական շրջանում»: Այո՛, Պապիկյանը 2019 թվականի փետրվարի 11-ին 26 մլն 762 հազար ՀՀ դրամով գնել է բնակարան՝ Երեւանի Արաբկիր վարչական շրջանում: Սակայն նույն տարում նա վաճառել է իր Nissan մակնիշի ավտոմեքենան՝ 2.5 մլն ՀՀ դրամով, ինչպես նաեւ ներգրավել է վարկային միջոցներ: Ներգրաված վարկային միջոցները կազմել են Արդշինբանկից 18.73 մլն ՀՀ դրամ, ՎՏԲ բանկից` 1.8 մլն ՀՀ դրամ:   Մյուս պաշտոնյան, որի հայտարարգիրը դիտարկել է լրատվամիջոցը, ԱԺ փոխնախագահ Ալեն Սիմոնյանն է։ ««Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության վարչության անդամ, Ազգային Ժողովի փոխխոսնակ Ալեն Սիմոնյանը 2019 թվականի օգոստոսին 114 մլն դրամով` շուրջ 228 հազար դոլար, բնակարան է ձեռք բերել Երեւանի կենտրոնում: 2018 թվականի հունիսին էլ ձեռք է բերել 2012 թվականի արտադրության Range Rover մեքենա»,- ասվում է տեսանյութում: Սկսենք Range Rover մակնիշի ավտոմեքենայից. Սիմոնյանը 2018 թվականի հունիսի 12-ին գնել է Range Rover մակնիշի ավտոմեքենա՝ 12 մլն ՀՀ դրամով, սակայն նույն տարում նաեւ վաճառել է իր Mitsubishi մակնիշի ավտոմեքենան 5 մլն 520 հազար ՀՀ դրամ մոտավոր արժեքով: Բացի այդ` Սիմոնյանը ներգրավել է նաեւ շուրջ 2800 ԱՄՆ դոլարի վարկային միջոցներ: Ինչպես նաեւ նվազել են նրա դրամական միջոցները: Դրանք տարեսկզբին կազմում էին 2.5 մլն ՀՀ դրամ եւ 16.200 ԱՄՆ դոլար, իսկ տարեվերջին` համապատասխանաբար 2.2 մլն ՀՀ դրամ եւ 6250 ԱՄՆ դոլար: 2019 թվականի օգոստոսի 15-ին  Սիմոնյանը գնել է 114 մլն ՀՀ դրամ արժողությամբ բնակարան, սակայն մինչ բնակարանը գնելը՝ նույն տարվա մայիսի 7-ին, վաճառել է իր հին բնակարանը՝ 125 մլն ՀՀ դրամով: Այսինքն` վաճառած բնակարանի արժեքն ավելի մեծ է եղել, քան նոր գնած բնակարանինը: Բացի այդ` Սիմոնյանը ներգրավել է նաեւ վարկային միջոցներ` շուրջ 25 մլն ՀՀ դրամի: ԱԺ փոխնախագահից հետո լրատվամիջոցն անդրադարձել է ԱԺ նախագահին։ «Ապառիկով հեռուստացույց գնող Ազգային ժողովի նախագահ, «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության վարչության անդամ Արարատ Միրզոյանի կյանքն իշխանափոխությունից հետո կարծես էականորեն է փոխվել․ 2018 թվականի հոկտեմբերին Երեւանի Աջափնյակ վարչական շրջանում 50 մլն դրամ արժողությամբ բնակարան է ձեռք բերել: 2019 թվականի տարեվերջին Միրզոյանի դրամական միջոցները կազմել են 12 մլն դրամ: Աշխատանքի վարձատրությունը Ազգային ժողովից կազմել է 15 մլն 700 հազար դրամ: Արարատ Միրզոյանի կինը` Գոհար Աբաջյանը, 2019 թվականի ամռանը 6 մլն դրամով 2011 թվականի արտադրության Kia մակնիշի ավտոմեքենա է գնել»: Արարատ Միրզոյանը 2018 թվականի հոկտեմբերի 2-ին 49 մլն 700 հազար ՀՀ դրամով գնել է բնակարան՝ Երեւանի Աջափնյակ շրջանում: Թե ինչ միջոցներով է գնել` դարձյալ կարող ենք իմանալ իր ներկայացրած հայտարարագրից: Միրզոյանը նույն տարում վաճառել է իր՝ արդեն հին բնակարանը՝ 13 մլն 600 հազար ՀՀ դրամով, բացի այդ՝ ներգրավել է նաեւ վարկային միջոցներ` շուրջ 34 մլն 790 հազար ՀՀ դրամի: Միրզոյանի եկամուտները հարկային տարում ընդհանուր առմամբ կազմել են 63 մլն 121 հազար ՀՀ դրամ: Արարատ Միրզոյանի կինը` Գոհար Աբաջյանը, 2019 թվականի հունիսի 26-ին գնել է 6.2 մլն ՀՀ դրամ արժողությամբ Kia մակնիշի ավտոմեքենա, սակայն նա նույնպես ներգրավել է շուրջ 4 մլն 240 հազար ՀՀ դրամի վարկային միջոցներ:  Հայտարարագրերում առկա անշարժ եւ շարժական գույքը ներկայացնելուց հետո տեսանյութում խոսվում է այն մասին, որ սա պաշտոնյաների ունեցվածքի մի մասն է միայն: Մասնավորապես ասվում է. «Մի օր, հուսանք, կպարզվի, թե ինչ միջոցներով է վարչապետ Փաշինյանի պատգամավոր աներորդին գնել եւ վերանորոգում Ձորաղբյուրում գտնվող առանձնատունը, որը Հրաչյա Հակոբյանի համեստ հայտարարագրում չկա»: Այդ մի օրը երկար սպասեցնել չտվեց, քանի որ հրապարակման հաջորդ օրը պատգամավոր Հրաչյա Հակոբյանը ArmDaily.am-ի հետ զրույցում ասաց, որ առանձնատունը ձեռք է բերել 2020 թվականին. «Քանի որ գույքը ձեռք եմ բերել 2020 թվականի հունվարին, հետեւաբար հայտարարագրում չէի կարող ներկայացնել: Այս տարվա հայտարարգրում ներկայացված են նախորդ տարվա եկամուտները, ձեռք բերվածը եւ այս տարում ձեռք բերվածը պարզապես չէի կարող հայտարարագրել: Գույքը ներկայացնելու եմ 2020 թվականի հայտարարագրում, որը լրացնելու եմ 2021 թվականին: Գույքը ձեռք եմ բերել 25 հազար դոլարով, 20 հազար դոլար բանկից վարկ եմ վերցրել, 5 հազար դոլար խնայած միջոցներ ունեի՝ տվել եմ կանխավճար: Տան պատերը եղել են այնպիսին, ինչպիսին հիմա են, ես միայն փոխել եմ կտուրը, պատուհանները եւ դրսից քարով երեսպատել եմ»,- զրույցի ընթացքում ասել է Հակոբյանը: Նիկոլ փաշինյանի ընտանիքի վերաբերյալ տեսանյութում ասվում է. «Վարչապետ Փաշինյանի ընտանիքն այս ընթացքում մեղադրվեց ծխախոտի ու ադամանդի մաքսանենգության, առանց պետական տուրքի վճարման մետաղի ջարդոն արտահանելու եւ զենքի ապօրինի առեւտրի մեջ. տեղեկություններ, որոնք այդպես էլ չհերքվեցին»: Թեպետ Փաշինյանն անձամբ չի հերքել, սակայն նախ պատգամավոր Հրաչյա Հակոբյանը հերքեց իր առնչությունը ծխախոտի մաքսանենգության գործում, ապա «Փաստերի ստուգման հարթակը» ներկայացրեց, թե ով է արտադրել եւ արտահանել ծխախոտը: Ծխախոտ արտադրող ընկերությունը ոչ միայն կապ չունի նոր իշխանությունների հետ, այլեւ ընկերության բաժնեմասերի շուրջ 67%-ը պատկանում է նախկին իշխանության ներկայացուցիչներին: Իրավաբանական անձանց էլեկտրոնային ռեգիստրի տվյալների համաձայն՝ ընկերությունն ունի 3 բաժնետեր՝ Լիլիթ Աբրահամյան, Արսեն Հարությունյան եւ Վարդան Հարությունյան։ Վերջին երկուսը եղել են բարձրաստիճան պաշտոնյաներ։ Թեեւ մամուլում բազմիցս խոսվեց ադամանդի մաքսանենգության, առանց պետական տուրք վճարելու մետաղի ջարդոնի արտահանման եւ զենքի ապօրինի առեւտրի մասին, սակայն դրանք անապացուցելի պնդումներ են եւ 5-րդ ալիքը եւս որևէ ապացույց չի ներկայացնում: Այսպիսով՝ «Կորսված փողեր եւ հույսեր» տեսանյութում խոսվում է հեղափոխությունից հետո կառավարող ուժի ներկայացուցիչների մի մասի ձեռք բերած անշարժ եւ շարժական գույքի մասին, սակայն չի խոսվում ձեռք բերման եղանակների մասին՝ այդպիսով տպավորություն ստեղծելով, թե իշխանության ներկայացուցիչները գույքը ձեռք են բերել չարաշահումներով: Ամփոփելով՝ կարող ենք եզրակացնել, որ տեսանյութում տեղ գտած փաստերի մի մասը չի համապատասխանում իրականությանը, մի մասը մանիպուլյատիվ է, մի մասն էլ՝ անապացուցելի:  Նարեկ Մարտիրոսյան
10:30 - 16 օգոստոսի, 2020
«Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունը վարչության նիստ է հրավիրել

 |armenpress.am|

«Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունը վարչության նիստ է հրավիրել |armenpress.am|

armenpress.am: «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունը վարչության նիստ է հրավիրել։ Նիստն ընթանում է փակ ձևաչափով, մասնակցում է նաև ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը։ Կուսակցությունում վարչության նիստի գումարման և օրակարգի մասին տեղյակ են միայն վարչության անդամները։ «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության վարչության նախագահը Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար Սուրեն Պապիկյանն է։ Վարչության անդամ են ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը, փոխվարչապետ Տիգրան Ավինյանը, Ազգային ժողովի նախագահ Արարատ Միրզոյանը, ԱԺ փոխնախագահ Ալեն Սիմոնյանը, Կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Արայիկ Հարությունյանը, Բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարար Հակոբ Արշակյանը, Առողջապահության նախարար Արսեն Թորոսյանն ու այլ պաշտոնյաներ։
21:15 - 21 ապրիլի, 2020
Խստացումները կարվեն ըստ անհրաժեշտության. ԱԺ փոխնախագահ

 |armenpress.am|

Խստացումները կարվեն ըստ անհրաժեշտության. ԱԺ փոխնախագահ |armenpress.am|

armenpress.am: Հայաստանի իշխանությունները բաց են աշխատում, և ինչ-որ սահմանափակումների մասին խոսելն ու անհանգստանալն անտեղի է: «Իմ քայլը» խմբակցության հանդիպման ավարտից հետո լրագրողների հետ զրույցում այս մասին նշեց ՀՀ ԱԺ նախագահի տեղակալ Ալեն Սիմոնյանը: «Մենք ունենք դեպք, երբ ադրբեջանցի հաքերները կոտրել են հայ օգտատիրոջ էջը և փորձել են խուճապ տարածել: Մենք պետք է սա նաև հաշվի առնենք: Ամեն դեպքում, երբ ընդհանուր առմամբ խոսում ենք ցենզուրայի մասին, ապա դա վերաբերում է միայն կորոնավիրուսին: Ասեմ նաև, որ կորոնավիրուսի հետ կապված իշխանությունն ամբողջ ինֆորմացիան րոպեների ընթացքում հասցնում է հանրությանը, ուստի կարծում եմ, որ անհանգստությունը մի քիչ ուռճացված է»-ասաց Ալեն Սիմոնյանը: Նա ընդգծեց, որ Հայաստանն այն երկրներից է, որն ինֆորմացիոն առումով ամենաբացն է: Հարցին, թե հնարավոր են նոր խստացումներ, Ալեն Սիմոնյանը պատասխանեց, որ ցանկացած խստացում պետք է արդարացված լինի: «Մենք պետք է լինենք զգույշ, բայց միևնույն ժամանակ մտածենք, թե ինչպես ենք շարունակելու մեր կյանքը, մեր բնականոն գործունեությունը: Խստացումները կարվեն ըստ անհրաժեշտության»-ասաց Ալեն Սիմոնյանը:
21:20 - 23 մարտի, 2020
«Այո»-ի քարոզչությունը կմեկնարկի առաջիկա օրերին, Կորոնավիրուսը հետաձգման հետ որևէ կապ չունի |24news.am|

«Այո»-ի քարոզչությունը կմեկնարկի առաջիկա օրերին, Կորոնավիրուսը հետաձգման հետ որևէ կապ չունի |24news.am|

24news.am: «Պլանավորված էր, որ մարտի 2-ից սկսենք քարոզչությունը, սակայն դեռևս շարունակում ենք տպագրատներից ստանալ քարոզչանյութերը։ Այս պատճառներն են հիմնականում անդրադարձել գործընթացները հետաձգելու վրա»,- նշեց «Այո»-ի շտաբի մամուլի խոսնակ Վահագն Ալեքսանյանը։  Ինչ վերաբերում է մարզերում «Այո»-ի շտաբների գործարկմանը, խոսնակը նշեց, որ առաջիկա օրերին աշխատանքներն ավարտելուն պես գրեթե բոլոր մարզերում և քաղաքներում քարոզչությունը կմեկնարկի։ Վահագն Ալեքսանյանն անդրադարձավ նաև Հայաստանում կորոնավիրուսի հետ կապված զարգացումներին՝ նշելով, որ կորոնավիրուսը, քարոզչության հետաձգման հետ որևէ կապ չունի, իսկ թե որքանով վիրուսը կանդրադառնա քարոզչության աշխատանքների վրա, խոսնակը հայտնեց, որ «Այո»-ի շտաբը դեռևս որևէ հստակ որոշում չունի դրա վերաբերյալ։
19:36 - 02 մարտի, 2020
«Քաղաքացու որոշում» կուսակցությունը հարցեր է ուղղել ՔՊ վարչությանը ՍԴ շուրջ ընթացող գործընթացների վերաբերյալ

«Քաղաքացու որոշում» կուսակցությունը հարցեր է ուղղել ՔՊ վարչությանը ՍԴ շուրջ ընթացող գործընթացների վերաբերյալ

«Քաղաքացու որոշում» կուսակցությունը հարցեր է ուղղել «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության վարչությանը ՍԴ շուրջ ընթացող գործընթացների վերաբերյալ, որն ամբողջությամբ ներկայացնում ենք ստորև․«Հարգելի՛ գործընկերներ, Վերահաստատում ենք մեր դիրքորոշումն առ այն, որ Սահմանադրական դատարանը ներկայիս կազմով չի կարող սահմանադրական արդարադատություն իրականացնել։ Կրկին արձանագրում ենք, որ հանրաքվեն ժողովրդի իշխանության իրացման համար կարևոր և անհրաժեշտ միջոց է, դրա կիրառման փաստը ողջունելի է։ Հանրաքվեն նաև լավ հնարավորություն է երկրի ապագայի վերաբերյալ գաղափարների, պատկերացումների շուրջ բովանդակային քննարկումներ ծավալելու համար։ Այդպիսի քննարկումներն են քաղաքացուն հնարավորություն տալիս գիտակցված և տեղեկացված մասնակցել որոշումների կայացման գործընթացին, կայացնել որոշումներ՝ հիմքում ունենալով քննարկվող հարցի վերաբերյալ փաստարկները, գնահատել ռիսկերն ու իր պատասխանատվությունը իր իսկ որոշման հետևանքների համար։ Սահմանադրական դատարանի ճգնաժամը հանրաքվեով լուծելու նախաձեռնության վերաբերյալ հնչել են մի շարք հարցեր, որոնց պատասխանները մեզ բավարարել են։ Այնուամենայնիվ, հանրային քննարկումներից դուրս են մնացել մի շարք էական հարցեր։ Հանրության տարբեր շերտեր այս գործընթացն ընկալում են տարբեր կերպ․ որոշները սա ընկալում են որպես իշխանությունը ժողովրդին վերադարձնելու հերթական հանգրվան, որոշները՝ որպես անիմաստ գործընթաց, որոշները՝ անձնական վրեժխնդրություն, մի այլ հատված էլ՝ պետական համակարգի ամբողջական յուրացում։ Քանի որ որևէ տեղ անցյալի իրավա-քաղաքական գնահատականն արձանագրված չէ, չեն նախանշվել այն սկզբունքները, ճանապարհային քարտեզը և ժամկետները, թե անցյալից ապագա այդ հեղափոխական-անցումային շրջանը ինչպես և երբ է ավարտվելու՝ անհրաժեշտություն է առաջանում  պարզաբանել մի շարք հարցեր։ Մասնավորապես․ Ի վերջո, գործող սահմանադրությունը լեգիտի՞մ է, թե՞ լեգիտիմ չէ։ Եթե, այնուամենայնիվ, այն կեղծված լինելու բերումով լեգիտիմ չէ՝ ինչո՞վ պետք է առաջնորդվեն հանրությունը, դուք և ապագա Սահմանադրական դատարանը։ Ի՞նչ սկզբունքներ և չափորոշիչներ է կիրառվելու նոր դատավորների նկատմամբ։ Մասնավորապես․ կարո՞ղ են նրանց թվում լինել ձեր քաղաքական թիմի անդամներից։ Հնարավո՞ր է, որ այս փոփոխությամբ հեռացվող ներկայիս ՍԴ անդամներից որևէ մեկը ընտրվի նոր ՍԴ դատավոր։ Բացի իրավական ակտերում այժմ ամրագրված երաշխիքներից դատարանի անկախության ի՞նչ լրացուցիչ երաշխիքներ կարող եք ներկայացնել։ Հանրային այն մտահոգությունները փարատելու համար, թե ապագա դատարանը ևս կարող է կախյալ լինել, մեծ քայլ կլինի, եթե հրապարակեք այն անձանց անունները կամ շրջանակը, որոնց կառավարությունը առաջադրելու է ՍԴ դատավորի թեկնածու։ Ո՞րն է Ձեր դիրքորոշումը և առաջարկը․ սահմանադրական փոփոխությունների հաջորդ նախագծով ՍԴ-ն, որպես առանձին ինստիտուտ պահպանվելու է՞, թե՞ ոչ։ Ցանկացած ընտրության կամ հանրաքվեի արդյունքներ բողոքարկելի են։ Այս հանրաքվեի արդյունքները Սահմանադրական դատարանում բողոքարկվելու դեպքում կարող է առաջանալ իրավական-քաղաքական ճգնաժամ, քանի որ հարցը պետք է քննարկվի անձնապես շահագրգիռ դատավորների կողմից։ Ինչպե՞ս եք պատկերացնում այդ խնդրի հաղթահարումը։ Այս հարցերի պատասխանները էական են թե՛ մեր դիրքորոշման համար, թե՛ այն համատեքստում, որ քաղաքացին մտնելով քվեախցիկ՝ հստակ պատկերացնի, թե իրեն ինչ է սպասում այս գործընթացի արդյունքում և ինչի՞ն նա պետք է պատրաստ լինի։  Հարգանքով՝                                                                                                                                      Սուրեն Սահակյան«Քաղաքացու որոշում» կուսակցություն 17.02.2020թ.»
11:20 - 17 փետրվարի, 2020
Կարեն Սարուխանյանը երդմամբ ստանձնեց պատգամավորական մանդատը |armenpress.am|

Կարեն Սարուխանյանը երդմամբ ստանձնեց պատգամավորական մանդատը |armenpress.am|

armenpress.am: Կարեն Սարուխանյանը երդմամբ ստանձնեց պատգամավորական մանդատը («Քաղաքացիական պայմանագիր» խմբակցություն): ԱԺ հուլիսի 7-ի արտահերթ նիստում ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը հայտնեց, որ Կենտրոնական ընտրական հանձնաժողովը ներկայացրել է ԱԺ պատգամավոր ընտրված և լիազորությունները վաղաժամ դադարած պատգամավորի մանդատը հաջորդ թեկնածուին տալու մասին արձանագրություն: Ըստ դրա՝ մանդատը տրվում է «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության  ընտրական ցուցակի առաջին մասի հերթական հաջորդ թեկնածու Կարեն Սարուխանյանին: Սարուխանյանը ԱԺ կանոնակարգ օրենքի համաձայն երդմամբ ստանձնեց մանդատը: Կարեն Սարուխանյանը խորհրդարանում փոխարինում է Արթուր Դավթյանին: Արթուր Դավթյանը հրաժարականի դիմում էր ներկայացրել, նա ընտրվել է Վճռաբեկ դատարանի հակակոռուպցիոն պալատի քաղաքացիական գործերի քննության դատական կազմի դատավոր:
00:00 - 01 հունվարի, 0001