Սահման

Մենք շարունակելու ենք աջակցել Հայաստանի տարածքային ամբողջականությանը եւ Հայաստանի սահմանների որեւէ փոփոխությանը դեմ ենք լինելու․  Ջեքի Սփիեր

Մենք շարունակելու ենք աջակցել Հայաստանի տարածքային ամբողջականությանը եւ Հայաստանի սահմանների որեւէ փոփոխությանը դեմ ենք լինելու․ Ջեքի Սփիեր

Այսօր ՀՀ ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը և ԱՄՆ Ներկայացուցիչների պալատի խոսնակ Նենսի Փելոսին այցելել էին Ծիծառնակաբերդ, իսկ դրանից հետո ունեցել էին հանդիպում, որի ընթացքում քննարկվել էր տարածաշրջանում տիրող իրավիճակը։  Նրանք հանդես եկան նաև համատեղ ասուլիսով, որի ընթացքում ԶԼՄ ներկայացուցիչները հնարավորություն ունեցան հարցեր ուղղել ՀՀ ԱԺ նախագահին և ԱՄՆ Ներկայացուցիչների պալատի խոսնակին։  «Հանրային հեռուստաընկերության» այն հարցին, թե ինչպիսի՞ն է  պաշտոնական Վաշինգտոնի դիրքորոշումը՝ Ադրբեջանի նպատակի մասին, որը Հայաստանի տարածքով միջանցք ստանալն է, Փելոսին պատասխանեց․ «Ինչպես տեսաք՝ ԱՄՆ-ի անմիջական արձագանքն այն էր՝ դադարեցնել բռնությունները եւ հրադադար հաստատել, եւ մեր պատվիրակությունը շատ բաց խոսել է, մենք նշել ենք, որ Ադրբեջանի կողմից է եղել [ագրեսիան](.խմբ), մենք ընդունել ենք»։ ԱՄՆ Ներկայացուցիչների պալատի անդամ  Ջեքի Սփիերն էլ իր հերթին շեշտեց, որ  շարունակելու են աջակցել Հայաստանի տարածքային ամբողջականությանը եւ դեմ են լինելու Հայաստանի սահմանների որեւէ փոփոխության։ «Ներկայացուցիչների պալատն արդեն բանաձեւ է առաջ քաշել, որի համահեղինակը բոլորս ենք՝ այստեղ ներկաներս, մենք դրանով դատապարտում ենք Ադրբեջանի գործողությունները, եւ ես հուսով ենք, որ մենք առաջ կշարժվենք այդ բանաձեւով»,- ասաց նա։ Ալեն Սիմոնյանին նույնպես հարց ուղղվեց, թե  վերջին իրադարձությունների համատեքստում ի՞նչ ակնկալիքներ ունի ՀՀ-ն ԱՄՆ-ից։ ՀՀ ԱԺ խոսնակը նշեց, որ Հայաստանը սպասում է ժողովրդավարության, ինքնիշխանության եւ տարածքային ամբողջականության նկատմամբ աջակցություն՝ բոլոր ու հնարավոր ուղղություններով։ «Եւս մեկ անգամ ուզում եմ խնդրել եւ հորդորել՝ դուրս բերել խոսակցության միջից միջանցք արտահայտությունը։ ՀՀ ստորագրած կամ քննարկած փաստաթղթերի մեջ կա մի միջանցք ւե դա Լաչինի միջանցքն է։ Մնացած բոլոր հիշատակումները դրանք կամ սակարկումներ են կամ թյուրըմբռնում այն քննարկումներին, որոնք կան, եւ չեմ կարծում, որ ճիշտ է՝ մենք այդ քննարկումներին ուժ տանք», - հավելեց Սիմոնյանը։    
14:26 - 18 սեպտեմբերի, 2022
ԱՄՆ Կոնգրեսը խստորեն դատապարտում է Հայաստանի դեմ Ադրբեջանի հարձակումը․ Նենսի Փելոսի

ԱՄՆ Կոնգրեսը խստորեն դատապարտում է Հայաստանի դեմ Ադրբեջանի հարձակումը․ Նենսի Փելոսի

ԱՄՆ Կոնգրեսը խստորեն դատապարտում է Ադրբեջանի կողմից Հայաստանի Հանրապետության դեմ անօրինական և մահաբեր հարձակումը։ Սեպտեմբերի 18-ին՝ Ալեն Սիմոնյանի հետ համատեղ մամուլի ասուլիսի ժամանակ հայտարարեց ԱՄՆ Ներկայացուցիչների պալատի խոսնակ Նենսի Փելոսին։ Ստորև ներկայացնում ենք խոսնակի ելույթը․ «Ինձ համար պատիվ է այստեղ լինել։ Այսօր ես Հայաստանում եմ, առաջին խոսնակը Ներկայացուցիչների պալատի, որ այցելում է ՀՀ։ Մենք շարունակում ենք մեր երկխոսությունը։ Շատ արդյունավետ հանդիպում ունեցանք, վերահաստատեցինք մեր հանձնառությունները, ԱՄՆ կոնգրեսի հանձնառությունը անվտանգային, տնտեսական ժողովրդավրական հարցերում՝ Հայաստանում եւ տարածաշրջանում աշխատելու ուղղությամբ։ Մեր հանդիպումները մշտապես թիրախավորում են անվտանգության հարցերը։ Եւ այս այցերից առաջ ՀՀ ինքնիշխանության նկատմամբ տեղի ունեցավ հարձակում։ Երբ մենք դուրս ենք գալիս մեր տներից, խոսքն առաջին հերթին մեր անվտանգության մասին է, երկկողմ անվտանգության, տարածաշրջանային եւ գլոբալ անվտանգության մասին։Հայաստանը մեզ համար կարեւոր նշանակություն ունի։ Հայաստանի նկատմամբ Ադրբեջանի մահացու հարվածները, հարձակումները Հայաստանի տարածքի նկատմամբ մենք խստորեն դատապարտում ենք Կոնգրեսի անունից։ ԱՄՆ-ն՝ որպես ԵԱՀԿ ՄԽ համանախագահ՝ հստակ եւ վաղուց նշել է, որ հակամարտությունը չի կարող ունենալ ռազմական լուծում։ Մենք շարունակում ենք հետեւել իրադարձություններին։ Ցանկանում ենք ձգտել, որպեսզի բանակցային, խաղաղ եւ տեւական լուծում լինի ԼՂ հակամարտությանը։
13:48 - 18 սեպտեմբերի, 2022
Երախտապարտ ենք Միացյալ Նահանգներին, որի միջնորդությամբ ձեռք է բերվել փխրուն զինադադարի համաձայնություն. Ալեն Սիմոնյան

Երախտապարտ ենք Միացյալ Նահանգներին, որի միջնորդությամբ ձեռք է բերվել փխրուն զինադադարի համաձայնություն. Ալեն Սիմոնյան

ՀՀ ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը և ԱՄՆ Ներկայացուցիչների պալատի խոսնակ Նենսի Փելոսին  սեպտեմբերի 18-ին Երևանում  հանդես եկան համատեղ մամուլի ասուլիսով։ Ավելի վաղ Սիմոնյանը և Փելոսին ավելի վաղ այցելել էին Ծիծառնակաբերդ, իսկ դրանից հետո ունեցել էին հանդիպում, որի ընթացքում քննարկվել էր տարածաշրջանում տիրող իրավիճակը։  Ասուլիսի ընթացքում Սիմոնյանը երախտագիտություն է հայտնել Միացյալ Նահանգներին, որի միջնորդությամբ սեպտեմբերի 14-ին ձեռք է բերվել փխրուն զինադադարի համաձայնություն։ Նա շնորհակալություն է հայտնել ԱՄՆ իշխանությանը, մասնավորապես, բազմաթիվ կոնգրեսականներին՝ Ադրբեջանի պատերազմական գործողություններին հասցեական գնահատական տալու համար։ Ստորև ներկայացնում ենք Սիմոնյանի հայտարարությունը․ «Քիչ առաջ ավարտվեց մեր հանդիպումն ԱՄՆ Ներկայացուցիչների պալատի խոսնակ տիկին Փելոսիի հետ: Քննարկեցինք տարածաշրջանային խնդիրները եւ երկկողմ փոխգործակցության լայն շրջանակը: Մեզ համար չափազանց կարեւոր է այս ծանրագույն շրջանում տիկին Փելոսիի այցը Հայաստան, ում աջակցությունը մենք մշտապես զգացել ենք ամենադժվարին եւ մեզ համար զգայուն հարցերում: Հանդիպման ընթացքում խոսել ենք սեպտեմբերի 13-ին Ադրբեջանի կողմից Հայաստանի ինքնիշխան տարածքի նկատմամբ ռազմական ագրեսիայի մասին: Տեղեկացրել եմ, որ ադրբեջանական զինուժը դաժան ռմբակոծությունների է ենթարկել ոչ միայն Հայաստանի սահմանային դիրքերը, այլեւ բազմաթիվ բնակավայրեր ու քաղաքացիական ենթակառուցվածքներ, որի հետեւանքով կան բազում մարդկային կորուստներ: Հստակ է, որ Ադրբեջանի  ռազմաքաղաքական իշխանությունն օգտվում է այն հանգամանքից, որ միջազգային հանրության ուշադրությունը սեւեռված է Ուկրաինային: Երախտապարտ ենք Միացյալ Նահանգներին, որի միջնորդությամբ սեպտեմբերի 14-ին ձեռք է բերվել փխրուն զինադադարի համաձայնություն: Շնորհակալ ենք նաեւ ԱՄՆ իշխանությանը, մասնավորապես, բազմաթիվ կոնգրեսականներին՝ Ադրբեջանի պատերազմական գործողություններին հասցեական գնահատական տալու համար: Հանդիպմանը ներկայացրել եմ Հայաստանի Հանրապետության կողմից 2018 թ. Թավշյա հեղափոխությունից հետո ժողովրդավարական ինստիտուտների եւ օրենքի գերակայության ամրապնդման գործում արձանագրված հետեւողական առաջընթացը եւ իրականացվելիք քայլերը: Անդրադարձել ենք հայ-ամերիկյան միջխորհրդարանական հարաբերությունների զարգացմանն ու քննարկել այդ ուղղությամբ համագործակցության ընդլայնման հեռանկարները: Այս համատեքստում բարձր եմ գնահատել Կոնգրեսի հայկական հարցերով հանձնախմբի գործունեությունը եւ իր առանցքային դերը երկկողմ կապերի ամրապնդման գործում: ԱՄՆ Կոնգրեսը շարունակաբար ապացուցել է, որ հուսալի գործընկեր է եւ կարեւոր հարթակ, որտեղ փոխըմբռնման եւ իրական բարեկամության մթնոլորտում կարող են քննարկվել Հայաստանին, Արցախին եւ հայ ժողովրդին վերաբերող բազմաթիվ հարցեր: Քննարկել ենք նաեւ տարածաշրջանային խնդիրներին, ինչպես նաեւ երկկողմ համագործակցությանն առնչվող այլ հարցեր: Երկուստեք կարեւորել ենք ժողովրդավարական արժեքներին միտված համատեղ օրակարգի շարունակական ընդլայնման անհրաժեշտությունը»:  
12:54 - 18 սեպտեմբերի, 2022
Տպավորությունս այն է, որ Ադրբեջանն ու Թուրքիան իրենց պահանջների վերաբերյալ որոշակի երաշխիքներ են ստացել․ Տիգրան Աբրահամյան

Տպավորությունս այն է, որ Ադրբեջանն ու Թուրքիան իրենց պահանջների վերաբերյալ որոշակի երաշխիքներ են ստացել․ Տիգրան Աբրահամյան

Տպավորությունս ավելի շատ այն է, որ Ադրբեջանն ու Թուրքիան իրենց պահանջների վերաբերյալ որոշակի երաշխիքներ են ստացել և սպասում են դրանց արագ կյանքի կոչմանը, հակառակ դեպքում կրկին կհայտարարվի, որ Հայաստանը սահմանին «սադրանքներ է հրահրում» և նորից կմտնենք մարտական գործողությունների ակտիվ փուլ։ Այս մասին իր ֆեյսբուքյան էջում գրել է ԱԺ «Պատիվ ունեմ» խմբակցության պատգամավոր Տիգրան Աբրահամյան: «Հետաքրքիր զուգադիպությամբ Ալիևն ու Էրդողանը, մեկ օրվա տարբերությամբ, խոսում են Հայաստանի ուղղությամբ տեղի ունեցած ագրեսիայի ավարտի մասին։ Իհարկե այդ հայտարարություններից հետո Ադրբեջանը չի շտապում հետ քաշել իր ռեզերվային ուժերը կամ ռեժիմի փոփոխություն անել մարտական բարձր պատրաստականության բերված զինված ուժերի հարցում։ Ավարտվել է՞ պատերազմի այս փուլը՝ շատ դժվար է միանշանակ գնահատել։ Տպավորությունս ավելի շատ այն է, որ Ադրբեջանն ու Թուրքիան իրենց պահանջների վերաբերյալ որոշակի երաշխիքներ են ստացել և սպասում են դրանց արագ կյանքի կոչմանը, հակառակ դեպքում կրկին կհայտարարվի, որ Հայաստանը սահմանին «սադրանքներ է հրահրում» և նորից կմտնենք մարտական գործողությունների ակտիվ փուլ։ Ամեն դեպքում «խաղաղասիրական» հայտարարություններ հնչեցնելով Ադրբեջանն ու Թուրքիան նվազագույնը 2 խնդիր են լուծում՝ առաջինը, միջազգային հանրությանը ցույց տալիս, թե շահագրգիռ չեն պատերազմական գործողությունների վերսկսման համար, երկրորդ, «փափուկ բարձ» դնում Հայաստանի գլխի տակ՝ նոր հարվածի անսպասելիությունը ապահովելու համար»,- գրել է նա։
12:42 - 18 սեպտեմբերի, 2022
Համածառայակիցների դիրքավորվումն ապահովելու նպատակով ենթասպա Խաչիկ Մինասյանն ու սերժանտ Նարեկ Հակոբյանը հակառակորդի կրակը վերցրել են իրենց վրա

Համածառայակիցների դիրքավորվումն ապահովելու նպատակով ենթասպա Խաչիկ Մինասյանն ու սերժանտ Նարեկ Հակոբյանը հակառակորդի կրակը վերցրել են իրենց վրա

Ադրբեջանական ռազմական ագրեսիայի շրջանում տեղակայված ստորաբաժանումներից մեկի անձնակազմը, մարտական գործողությունների մեկնարկից անմիջապես հետո, դուրս է եկել մարտական առաջադրանք կատարելու և առաջին իսկ վայրկյաններից մարտի բռնվել հակառակորդի քանակապես գերազանցող հատուկ ջոկատայինների հետ:    Ինչպես հայտնում են ՊՆ-ից, ինտենսիվ հրթիռահրետանային հարվածների և խոշոր տրամաչափի հրաձգային զինատեսակների չդադարող կրակի տակ, համածառայակիցների դիրքավորվումն ապահովելու նպատակով, ջոկի հրամանատար, ենթասպա Խաչիկ Էդվարդի Մինասյանն ու սերժանտ Նարեկ Մխիթարի Հակոբյանը հակառակորդի կրակը վերցրել են իրենց վրա:   Կատաղի փոխհրաձգության ընթացքում ենթասպա Մինասյանը վիրավորվել է: Նրա հետ նույն դիրքում գտնվող սերժանտ Հակոբյանը փոխել է իր տեղը` կրակի ուղղությունը շեղելով իր վրա` փորձելով այդպես փրկել վիրավոր ընկերոջ կյանքը:   Սերժանտ Հակոբյանը կռվել է մինչև վերջին փամփուշտը: Սակայն որոշ ժամանակ անց ենթասպա Մինասյանի ու սերժանտ Հակոբյանի հետ կապն ընդհատվել է:   Ստորաբաժանման փայլուն գործողությունների շնորհիվ հաջողվել է հետ շպրտել հակառակորդին` պատճառելով մեծաթիվ կորուստներ: Իսկ այդ մարտական հաջողության մեջ անուրանալի են ենթասպա Խաչիկ Մինասյանի և սերժանտ Նարեկ Հակոբյանի անձնազոհությունը:
12:22 - 18 սեպտեմբերի, 2022
Ալեն Սիմոնյանը և Նենսի Փելոսին քննարկել են Հայաստանի և տարածաշրջանի անվտանգությանն առնչվող հարցեր

Ալեն Սիմոնյանը և Նենսի Փելոսին քննարկել են Հայաստանի և տարածաշրջանի անվտանգությանն առնչվող հարցեր

ՀՀ ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը սեպտեմբերի 18-ին ընդունել է պաշտոնական այցով Հայաստան ժամանած ԱՄՆ Ներկայացուցիչների պալատի նախագահ Նենսի Փելոսիի գլխավորած պատվիրակությանը: Հանդիսավոր ընդունելությանը հաջորդել է Սիմոնյան-Փելոսի առանձնազրույցը: Զրուցակիցներն այնուհետև միացել են ընդլայնված կազմով քննարկմանը: ՀՀ ԱԺ նախագահը նշել է, որ ԱՄՆ-ն առանցքային տեղ է զբաղեցնում Հայաստանի քաղաքական և տնտեսական կյանքում: «Հարգելի՛ բարեկամ, Ձեր այցը Հայաստան տեղի է ունենում մեր երկրի համար ծանրագույն շրջանում, և այն այս առումով առավել գնահատելի է: Ինչպես գիտեք, սեպտեմբերի 13-ից Ադրբեջանը Հայաստանի ինքնիշխան տարածքի նկատմամբ ագրեսիայի նոր փուլ է սկսել: Ադրբեջանական զինուժը դաժան ռմբակոծությունների է ենթարկել ոչ միայն Հայաստանի սահմանային դիրքերը, այլև բազմաթիվ բնակավայրեր ու քաղաքացիական ենթակառուցվածքներ: Ցավոք, զոհեր ունենք»,- նշել է Ալեն Սիմոնյանը: Նա շնորհակալություն է հայտնել սեպտեմբերի 14-ի երեկոյան Միացյալ Նահանգների միջնորդությամբ ձեռք  բերված փխրուն զինադադարի համաձայնության համար, ինչպես նաև երախտագիտություն է հայտնել ԱՄՆ-ի իշխանությանը, այդ թվում՝ բազմաթիվ կոնգրեսականների՝ վերջին զարգացումներին հասցեական գնահատական տալու համար: Կողմերը քննարկել են Հայաստանի և տարածաշրջանի անվտանգությանն առնչվող հարցեր՝ ներառելով ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդում հետագա գործընթացներին վերաբերող մանրամասներ: Հանդիպմանն անդրադարձ է եղել նաև հետագա միջխորհրդարանական համագործակցության նախագծերին: Հանդիպման ավարտին ՀՀ ԱԺ նախագահը և ԱՄՆ Ներկայացուցիչների պալատի նախագահը հանդես են եկել հայտարարությամբ: Շնորհակալություն հայտնելով ընդունելության համար՝ ԱՄՆ Ներկայացուցիչների պալատի խոսնակը նշել է. «Երբ մենք որևէ երկիր ենք գնում, մեզ համար կարևոր է անվտանգությունը: Չգիտեինք, որ մեր այցը կհամընկնի ռազմական գործողություններին հաջորդող օրերին: ԱՄՆ-ում հպարտանում ենք, որ շրջապատված ենք հայրենասեր հայերով, որոնք նաև մեր քաղաքացիներն են: Նրանք մեր ուժն են, մեր ամբողջության կարևոր բաղադրիչը»,- ասել է Նենսի Փելոսին: Հանդիպումից հետո Ալեն Սիմոնյանը և Նենսի Փելոսին հանդես կգան լրատվամիջոցների համար հայտարարությամբ: 
12:10 - 18 սեպտեմբերի, 2022
ՇՄ փոխնախարարը Կորեայում տեղի ունեցած համաժողովին անդրադարձել է ՀՀ տարածքի նկատմամբ Ադրբեջանի լայնածավալ ագրեսիային

ՇՄ փոխնախարարը Կորեայում տեղի ունեցած համաժողովին անդրադարձել է ՀՀ տարածքի նկատմամբ Ադրբեջանի լայնածավալ ագրեսիային

Կորեայի Հանրապետությունում կայացած Կանաչ կլիմայի հիմնադրամի համաշխարհային ծրագրավորման համաժողովին Շրջակա միջավայրի նախարարի տեղակալն անդրադարձել է ՀՀ տարածքի նկատմամբ Ադրբեջանի լայնածավալ ագրեսիային։ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի որոշմամբ Շրջակա միջավայրի նախարարի տեղակալ Գայանե Գաբրիելյանը 2022 թվականի սեպտեմբերի 12-17-ը գործուղվել է Կորեայի Հանրապետություն (Ինչոն քաղաք)՝ Կանաչ կլիմայի հիմնադրամի համաշխարհային ծրագրավորման համաժողովին մասնակցելու նպատակով։ Համաժողովին մասնակցել են փոխվարչապետեր, նախարարներ, փոխնախարարներ և բարձրաստիճան պաշտոնյաներ 60 երկրից՝ շուրջ 500 մասնակից։   Համաժողովի նպատակն էր քննարկել և լուծումներ փնտրել, թե ինչպես բարձրացնել կլիմայական ներդրումների արդյունավետությունը համաշխարհային տնտեսական աճող ճնշումների և անորոշության պայմաններում: Իր ելույթի ընթացքում նախարարի տեղակալն անդրադարձել է սեպտեմբերի 13-ի կեսգիշերին Ադրբեջանի կողմից հրետանու և մարտական անօդաչու թռչող սարքերի կիրառմամբ Հայաստանի արևելյան և հարավ-արևելյան շրջանների ուղղությամբ իրականացրած լայնածավալ հարձակմանը։ Նախարարի տեղակալը նշել է այն աղետալի հետևանքները, որոնց հանգեցրել են Ադրբեջանի սանձազերծած ագրեսիվ գործողությունները։ «Ադրբեջանի գործողությունները բացահայտ խախտում են Միավորված ազգերի կազմակերպության կանոնադրությունը և մասնավորապես նրա 2-րդ և 33-րդ հոդվածները, որոնք սահմանում են, որ բոլոր անդամներն իրենց միջազգային հարաբերություններում պետք է ձեռնպահ մնան որևէ երկրի տարածքային ամբողջականության կամ քաղաքական անկախության դեմ ուժի սպառնալիքից կամ դրա կիրառումից: Ադրբեջանի միակողմանի գործողությունները իրական սպառնալիք են միջազգային խաղաղության և անվտանգության համար և արժանի են միջազգային հանրության ուժեղ և ժամանակին արձագանքին»,-նշել է նախարարի տեղակալը։
10:57 - 18 սեպտեմբերի, 2022
ՊՆ-ն հաստատում է, որ Ադրբեջանը Հայաստանին է հանձնել 32 զինծառայողի դի |armenpress.am|

ՊՆ-ն հաստատում է, որ Ադրբեջանը Հայաստանին է հանձնել 32 զինծառայողի դի |armenpress.am|

armenpress.am: Ադրբեջանը Հայաստանին է հանձնել 32 զինծառայողի դի, որոնք զոհվել են Ադրբեջանի կողմից Հայաստանի վրա հարձակման հետևանքով։ Լուրը հաստատեց ՀՀ պաշտպանության նախարարության մամուլի քարտուղար Արամ Թորոսյանը։ Հիշեցնենք, որ Ադրբեջանի ռազմագերիների, պատանդների և անհայտ կորած քաղաքացիների գործերի պետական ​​հանձնաժողովը հայտարարել էր, որ 32 հայ զինծառայողների դիեր են այսօր հանձնվել Հայաստանին։ Սեպտեմբերի 13-ին ժամը 00:05-ից Ադրբեջանի ԶՈՒ ստորաբաժանումները Գորիսի, Սոթքի և Ջերմուկի ուղղությամբ հրետանային միջոցներից, խոշոր տրամաչափի հրաձգային զինատեսակներից սկսել են ինտենսիվ կրակ վարել հայկական դիրքերի ուղղությամբ: Հակառակորդը կիրառում էր նաև ԱԹՍ-ներ: Ավելի ուշ Ադրբեջանը հրետանային միջոցներ էր կիրառել նաև այլ ուղղություններով: Հայկական կողմի զոհերի թիվն այս պահի պաշտոնական տվյալներով 135 է, կան բազմաթիվ վիրավորներ: Հայաստանի անվտանգության խորհրդի քարտուղար Արմեն Գրիգորյանը սեպտեմբերի 14-ին հայտնել էր, որ միջազգային հանրության ներգրավվածության շնորհիվ հաջողվել է ձեռք բերել հրադադարի պայմանավորվածություն։ Գլխավոր լուսանկարը՝ «Արմենպրես»-ի
23:03 - 17 սեպտեմբերի, 2022
Քարաշենում վնասվել է գյուղի հանդիսությունների սրահը, Վաղատուրում՝ համայնքապետարանի շենքը, 4-5 տուն, այգիներ․ ՄԻՊ փաստահավաք խումբը Սյունիքում է

Քարաշենում վնասվել է գյուղի հանդիսությունների սրահը, Վաղատուրում՝ համայնքապետարանի շենքը, 4-5 տուն, այգիներ․ ՄԻՊ փաստահավաք խումբը Սյունիքում է

ՀՀ Մարդու իրավունքների պաշտպանի գրասենյակից հայտնում են, որ ՄԻՊ փաստահավաք խումբը Սյունիքի մարզում է, որտեղ արձանագրում է սեպտեմբերի 13-15-ն ընկած ժամանակահատվածում ադրբեջանական զինված ուժերի ագրեսիայի արդյունքում հասցված վնասը։  «Տեղ խոշորացված համայնքի Քարաշեն բնակավայրում արկակոծության հետևանքով վնասվել է գյուղի հանդիսությունների սրահը, որի մոտակայքում են գտնվում դպրոցն ու համայնքապետարանի շենքը։ Գյուղի թիրախավորման պատճառով բնակիչների մի մասը դուրս է եկել գյուղից։ Վաղատուր համայնքում արձակվել է 13 արկ, ինչի հետևանքով վնասվել են համայնքապետարանի շենքը, 4-5 տուն, այգիներ։ Արձանագրվել է, որ տուժել են նաև ընտանի կենդանիներ՝ երկու կով անկել է, կան նաև վնասվածք ստացած կենդանիներ։ Համայնքի վրա տարբեր ինտենսիվությամբ կրակ բացվել է սեպտեմբերի 13-ի լույս 14-ի գիշեր՝ ժամը 12։10-12։30-ն ընկած ժամանակահատվածում։ Մարզում ՄԻՊ փաստահավաք խմբի աշխատանքները շարունակվում են»,- ասվում է ՄԻՊ տարածած հաղորդագրությունում։
20:33 - 17 սեպտեմբերի, 2022
Անատոլի Սիդորովի պնդմամբ ՀԱՊԿ-ը փորձում է Երևանի և Բաքվի միջև խաղաղ կարգավորման հասնել

Անատոլի Սիդորովի պնդմամբ ՀԱՊԿ-ը փորձում է Երևանի և Բաքվի միջև խաղաղ կարգավորման հասնել

ՀԱՊԿ-ը «սուրը դեռ չի հանել պատյանից» և փորձում է խաղաղ ճանապարհով լուծել Հայաստանի և Ադրբեջանի, ինչպես նաև Ղրղզստանի և Տաջիկստանի սահմաններին լարվածության սրումը։ Այս մասին, ինչպես փոխանցում է РИА Новости-ն, լրագրողներին հայտնել է Հայաստանում ՀԱՊԿ առաքելության առաջապահ խմբի ղեկավար Անատոլի Սիդորովը։ Վերջինիս խոսքով ինչպես հայ-ադրբեջանական սահմանին, այնպես էլ տաջիկ-ղրղզական սահմանային գոտում ՀԱՊԿ համար տհաճ իրավիճակ է ստեղծվել։ «Միևնույն ժամանակ, և՛ մեր կանոնադրության մեջ, և՛ փաստաթղթերում, և՛ հենց Հավաքական անվտանգության պայմանագրում գրված է, որ առաջնահերթությունը տրվում է քաղաքական և դիվանագիտական ​​մեթոդներին։ Հետևաբար մենք առայժմ ոչ մի «սուր չենք հանում պատյանից» և փորձում ենք հնարավորինս խաղաղ ճանապարհով լուծել խնդիրները: Կարծում եմ, որ այս ուղղությամբ աշխատանքը մեծ հեռանկարներ ունի և՛ այստեղ, և՛ Կենտրոնական Ասիայի տարածաշրջանում»,- ընդգծել է նա։ «Այսօրվա հիմնական խնդիրն էր այցելել այն տարածքներ, վայրեր, որտեղ բախումներ են տեղի ունեցել՝ տեղանք, բնակավայրեր, հայկական կողմի ստորաբաժանումների դիրքեր, որոնք ենթարկվել են կրակային խոցման... Մենք փորձում ենք լինել հնարավորինս օբյեկտիվ, այդ պատճառով էլ կաշխատենք փաստերի հիման վրա։ Դեռևս վաղ է որևէ եզրակացության մասին խոսելը, և ընդհանուր առմամբ, դա կներառվի աշխատանքի արդյունքների վերաբերյալ ընդհանուր զեկույցում»,- ասել է  Սիդորովը։ Ավելի վաղ հայտնել էինք, որ ՀԱՊԿ առաքելության խումբը՝ գեներալ-գնդապետ Անատոլի Սիդորովի գլխավորությամբ, դիտարկում է անցկացրել Ադրբեջանի հետ սահմանի մի քանի հատվածներում։
20:17 - 17 սեպտեմբերի, 2022
Առնվազն 20 նոր ռազմագերի ունենք. Սիրանուշ Սահակյան
 |factor.am|

Առնվազն 20 նոր ռազմագերի ունենք. Սիրանուշ Սահակյան |factor.am|

factor.am: «Ադրբեջանի սանձազերծած հերթական ագրեսիայի հետևանքով առնվազն 20 նոր ռազմագերի ունենք, թեև այս պահին կարողացել ենք նույնականացնել 10-ին»,- այս մասին ասել է Մարդու իրավունքների եվրոպական դատարանում հայ գերիների շահերի ներկայացուցիչ Սիրանուշ Սահակյանը։ «Օրեր առաջ Միջազգային իրավական հարցերով ներկայացուցչի գրասենյակի կողմից միջպետական գանգատ է ներկայացվել անհապաղ միջոցների համար, որտեղ այս պահին դեռևս մեկ նույնականացված անձի տվյալ է ներկայացվել։ Մեր հաշվարկներով՝ ռազմագերիների թիվը երկու տասնյակ է, սակայն աշխատանքները շարունակվում են, հույս ունենք՝ առաջիկա օրերին հստակ թիվ ու անուններ կունենանք»,- նշել է նա։ Սահակյանի խոսքով՝ նույնականացված բոլոր անձանց մասով ներկայացվում է անհատական գանգատ, որը լրացնում է միջպետական գանգատը։ «Բոլոր այն անձինք, ովքեր ճանաչում են տեսանյութերում իրենց զավակներին, հարազատներին, պետք է այս տեղեկատվությունը փոխանցեն նաև Կարմիր խաչին։ Անձի մասին որևէ տեղեկություն չունենալու դեպքում ևս պետք է այդ տեղեկությունները փոխանցվեն Կարմիր խաչին և իրավապաշտպան կառույցներին»,- հավելել է Սահակյանը։
19:59 - 17 սեպտեմբերի, 2022