ԲԴԽ

Բարձրագույն դատական խորհուրդը Սահմանադրական մարմին է, որը կոչված է ապահովելու դատական իշխանության անկախությունը եւ բնականոն գործունեությունը։

1. ԲԴԽ-ն`
1) կազմում եւ հաստատում է դատավորների թեկնածուների, ներառյալ առաջխաղացման ենթակա թեկնածուների ցուցակները.
2) Հանրապետության նախագահին առաջարկում է նշանակման ենթակա, ներառյալ առաջխաղացման կարգով նշանակման ենթակա դատավորների թեկնածուներին, դատարանների նախագահների եւ Վճռաբեկ դատարանի պալատների նախագահների թեկնածուներին. 
3) ԱԺ-ին առաջարկում է Վճռաբեկ դատարանի դատավորների եւ նախագահի թեկնածուներին.
4) լուծում է դատավորներին մեկ այլ դատարան գործուղելու հարցը, իր լիազորությունների իրականացման կապակցությամբ դատավորի նկատմամբ քրեական հետապնդում հարուցելու կամ նրան ազատությունից զրկելու վերաբերյալ համաձայնություն տալու հարցը, դատավորին կարգապահական պատասխանատվության ենթարկելու, դատավորների լիազորությունների դադարեցման հարցերը։

2. Դատավորին կարգապահական պատասխանատվության ենթարկելու վերաբերյալ հարց քննարկելու, ինչպես նաեւ Դատական օրենսգրքով սահմանված այլ դեպքերում Բարձրագույն դատական խորհուրդը հանդես է գալիս որպես դատարան:

3. Օրենքով սահմանված դեպքերում եւ կարգով Բարձրագույն դատական խորհուրդն ընդունում է ենթաօրենսդրական նորմատիվ իրավական ակտեր:

Խորհրդի գործող նախագահը Ռուբեն Վարդազարյանն է։

ԲԴԽ-ն դատարանների նախագահներին ուղղված հայտարարություն է տարածել

ԲԴԽ-ն դատարանների նախագահներին ուղղված հայտարարություն է տարածել

Հայաստանի Հանրապետության բարձրագույն դատական խորհուրդը հայտարարություն է տարածել՝ ուղղված դատարանների նախագահներին։ ԲԴԽ-ի տարածած հաղորդագրությունը ստորև․ «Հարգելի գործընկերներ, ինչպես հայտնի է, Բարձրագույն դատական խորհուրդը լիազորությունների ստանձնման պահից առ այսօր ձեռնամուխ է եղել դատական իշխանության համակարգում առկա խնդիրների գույքագրման աշխատանքներին, որի ընթացքում, ի թիվս այլ ուսումնասիրությունների, կատարվել և հրապարակվել է Հայաստանի Հանրապետությունում արդարադատության արդյունավետության համալիր բարձրացման  Հայեցակարգը և Բարձրագույն դատական խորհրդի գործունեության տարեկան հաղորդումը: Հիշյալ փաստաթղթերում, ի թիվս դատական իշխանության համակարգում առկա մի շարք այլ խնդիրների, մանրամասնությամբ ուսումնասիրության է ենթարկվել դատարաններում ձևավորված ծանրաբեռնվածության հիմնախնդիրը և դրա հիմքում ընկած հանգամանքները: Կատարված ուսումնասիրությունների հիման վրա ձևակերպվել է Բարձրագույն դատական խորհրդի տեսլականը՝ դատարաններում առկա ծանրաբեռնվածության խնդրի հաղթահարման և կանխարգելման վերաբերյալ, ինչպես նաև մատնանշվել են առաջնահերթության կարգով ձեռնարկման ենթակա գործողությունների ռազմավարական ուղղությունները: Դրանից բացի, հարկ է նշել, որ Բարձրագույն դատական խորհրդի և Արդարադատության նախարարության միջև առկա արդյունավետ համագործակցության շրջանակներում հնարավոր է դարձել Բարձրագույն դատական խորհրդի կողմից՝ այդ թվում վերը նշված ուսումնասիրությունների արդյունքում ձևակերպված անհրաժեշտ գործողություններն ընդգրկել ՀՀկառավարության 2019 թվականիհոկտեմբերի 10-ի «ՀՀ դատական և իրավական բարեփոխումների 2019-2023թթ.ռազմավարությունը և դրանից բխող գործողությունների ծրագրերը հաստատելու մասին» թիվ 1441-Լ որոշման մեջ: Ներկայումս միջոցներ են ձեռնարկված նաև էլեկտրոնային արդարադատության համակարգի ամբողջական ներդրման գաղափարի իրականացման հարցում: Ընդամենը վերջերս՝ 14.05.2020թ., Բարձրագույն դատական խորհրդի ԲԴԽ-27-Ո-59 որոշմամբ, Երևան քաղաքի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանում փորձնական եղանակով ներդրվել է էլեկտրոնային կարգով ստացված վճարման կարգադրությունների՝ Ծրագրի միջոցով բաշխման գործընթացը: Ամփոփելով վերոգրյալը՝ հարկ է նշել, որ Բարձրագույն դատական խորհուրդն արձանագրում է այսօր ՀՀ դատարաններում առկա ծանրաբեռնվածության փաստը, և իր լիազորությունների շրջանակներում առկա ծանրաբեռնվածության հաղթահարման և կանխարգելման համար ձեռնարկում է հնարավոր բոլոր միջոցները, այդ թվում դիտարկելով՝ օրենսդրության կատարելագործման, էլեկտրոնային արդարադատության համակարգի ներդրման, դատավորների թվաքանակի ավելացման, դատավորների տարեկան պարտադիր վերապատրաստման ծրագրերի արդյունավետության, դատավորների կողմից ժամանակի արդյունավետ կառավարման և այլ գործոնների հնարավոր ազդեցությունը՝ դատարանների ծանրաբեռնվածության թոթափման գործընթացում: Վերոգրյալի լույսի ներքո՝ Բարձրագույն դատական խորհուրդը կարևորում է նաև դատարաններում աշխատանքային կարգապահության պահանջը խստիվ պահպանելու անհրաժեշտությունը և գտնում է, որ դատարանների ծանրաբեռնվածության հաղթահարման գործընթացում  ուսումնասիրության արժանի հարց է նաև հիշյալ պահանջի պահպանման պրակտիկան և դրա ազդեցության չափը՝ դատարանների ներկայիս ծանրաբեռնվածության վրա: Հիմք ընդունելով վերոգրյալը և «Հայաստանի Հանրապետության դատական օրենսգիրք» սահմանադրական օրենքի 7-րդ գլխի իրավակարգավորումները, ինչպես նաև հաշվի առնելով դատարանները ծանրաբեռնվածությունից օր առաջ բեռնաթափելու կարևորությունը և անհրաժեշտությունը, դատարանների ծանրաբեռնվածության խնդիրը լուծելու և դատարանների բնականոն գործունեությունն ապահովելու հարցում Բարձրագույն դատական խորհրդին դատարանների նախագահների օժանդակելու պատրաստակամությունը՝ Բարձրագույն դատական խորհուրդը դատարանների նախագահներին հորդորում է. 1) սույն հայտարարության հրապարակման պահից «Հայաստանի Հանրապետության դատական օրենսգիրք» սահմանադրական օրենքի 7-րդ գլխի իրավակարգավորումներով դատարանների նախագահներին տրված գործիքակազմով ակտիվորեն ձեռնարկել միջոցներ դատավորների և դատարանների աշխատակիցների կողմից աշխատանքային կարգապահությունը խստիվ պահպանելու ուղղությամբ (այդ թվում՝ ժամանակին աշխատավայր ներկայանալու և աշխատավայրից հեռանալու առումով), 2) դատավորների և դատարանների աշխատակիցների կողմից աշխատանքային կարգապահության պահպանման վերաբերյալ տեղեկատվությունը և դրա վերաբերյալ դատարանի նախագահի դիրքորոշումը, յուրաքանչյուր ամսվա կտրվածքով, տրամադրել Բարձրագույն դատական խորհրդին՝ դրանք ուսումնասիրելու, ըստ անհրաժեշտության քննարկումներ կազմակերպելու և համապատասխան միջոցներ ձեռնարկելու համար»:
14:32 - 19 հունիսի, 2020
Ափսոսում եմ, որ ոմանք այդպես էլ չեն կարողանում ընկալել, որ Դատական իշխանությունը, ԲԴԽ-ն  և անձամբ ես ապաքաղաքական ենք․  Ռուբեն Վարդազարյան

Ափսոսում եմ, որ ոմանք այդպես էլ չեն կարողանում ընկալել, որ Դատական իշխանությունը, ԲԴԽ-ն և անձամբ ես ապաքաղաքական ենք․ Ռուբեն Վարդազարյան

Այսօր առավոտյան մամուլում հերթական ասեկոսեն են հրապարակել իմ՝ իբր «համակարգից հեռանալու իշխանությունների պահանջի» մասին: Ափսոսում եմ, որ ոմանք այդպես էլ չեն կարողանում ընկալել, որ Դատական իշխանությունը, Բարձրագույն դատական խորհուրդը և անձամբ ես ապաքաղաքական ենք: Ավելին, մեզ քաղաքական հարթություն ներքաշելու ցանկացած փորձ դատապարտված է ձախողման: Այս մասին հայտնում է  ԲԴԽ նախագահ Ռուբեն Վարդազարյանը։  «Ի դեպ՝ ԲԴԽ-ի որդեգրած այդ սկզբունքային մոտեցմամբ է նաև պայմանավորված, որ վերջին շրջանում հանրային տարբեր գործիչների կողմից զանգվածային լրատվության միջոցներով սփռվող մեզ թիրախավորող բազմաթիվ ասեկոսեները և կեղծ լուրերը մեր կողմից մնում են անարձագանք: Դատական իշխանությունը կա և մնալու է բացառապես մասնագիտական գործունեության դաշտում:Խորհրդի նախագահի խիստ պատասխանատու առաքելությամբ պայմանավորված՝ գործում եմ և գործելու եմ բացառապես ՀՀ Սահմանադրության և օրենքներով ինձ վերապահված լիազորությունների շրջանակներում, դատական իշխանության կողմից ինձ վրա դրված մեծ պատասխանատվության ներքո»,- ասվում է ԲԴԽ նախագահի հայտարարության մեջ:  
14:24 - 10 հունիսի, 2020
ԲԴԽ-ին և դատավորներին ուղղված քննադատությունը պետք է լինի առարկայական, այլ ոչ թե հիմնված ենթադրությունների, անորոշ և անհիմն գնահատականների ու մեղադրանքների վրա

ԲԴԽ-ին և դատավորներին ուղղված քննադատությունը պետք է լինի առարկայական, այլ ոչ թե հիմնված ենթադրությունների, անորոշ և անհիմն գնահատականների ու մեղադրանքների վրա

Բարձրագույն դատական խորհուրդը հայտարարություն է տարածել, որում ասվում է․ «Վերջին շրջանում դատական բարեփոխումների կապակցությամբ հանրային քննարկումների շրջանակում առանձին գործիչների կողմից քննադատության խոսքեր են հնչեցվում դատական իշխանության` ընդհանրապես և Բարձրագույն դատական խորհրդի հասցեին մասնավորապես, ինչի կապակցությամբ անհրաժեշտ ենք համարում հիշեցնել հետևյալը. Բարձրագույն դատական խորհուրդն իր գործունեությունն իրականացնում է բացառապես գործող Սահմանադրության և օրենքների հիման վրա, ուստի Խորհրդի գործունեության վերաբերյալ հանրային սպասումները պետք է հիմնվեն այս պարզ ճշմարտության վրա: Կարևորելով տարբեր կարծիքների և քննադատական խոսքի առկայությունը ժողովրդավարական գործընթացներում՝ միաժամանակ գտնում ենք, որ Բարձրագույն դատական խորհրդին և դատավորներին ուղղված քննադատությունը պետք է լինի առարկայական, այլ ոչ թե հիմնված ենթադրությունների, անորոշ և անհիմն ընդհանրական գնահատականների ու մեղադրանքների վրա: Բարձրագույն դատական խորհուրդն իր աշխատանքը կազմակերպել և շարունակում է կազմակերպել թափանցիկության սկզբունքով, բաց է ցանկացած քննարկման համար, որը կարող է նպաստել դատական իշխանության արդյունավետ գործունեությանը։ Միևնույն ժամանակ՝ անհրաժեշտ ենք համարում նշել, որ դեռևս երկու շաբաթ առաջ Բարձրագույն դատական խորհրդի կողմից հանդիպման հրավեր է ուղարկվել դատական իշխանության վերաբերյալ վերջին շրջանում առավել քննադատական ելույթների հեղինակ ԱԺ պատգամավոր Արման Բաբաջանյանին, սակայն նրա կողմից այդպես էլ արձագանք չենք ստացել: Այնուամենայնիվ, կարևորելով շահագրգիռ կողմերի հետ հանդիպումները, որպես դատական իշխանության բարեփոխման կարևորագույն գրավական, Բարձրագույն դատական խորհուրդը հայտարարում է, որ բաց է ցանկացած կառուցողական երկխոսության և քննարկման համար։  Չցանկանալով մեկ առ մեկ պատասխանել Բարձրագույն դատական խորհրդի վերաբերյալ հնչող քաղաքական, ընդ որում շատ դեպքերում սուբյեկտիվ գնահատականներին, հանրությանը կրկին ու կրկին հավաստիացնում ենք, որ Խորհուրդը գործում է և գործելու է բացառապես ՀՀ Սահմանադրության և օրենքներով իրեն վերապահված գործառույթների շրջանակներում, զերծ է մնալու քաղաքական գործընթացներին ներքաշվելուց և շարունակելու է իրականացնել իր վրա դրված բարձր և մինույն ժամանակ խիստ պատասխանատու առաքելությունը»։
15:28 - 22 մայիսի, 2020
ԲԴԽ-ն կասեցրել է Հայկ Հովհաննիսյանին կարգապահական պատասխանատվության ենթարկելու մասին քննարկումը

ԲԴԽ-ն կասեցրել է Հայկ Հովհաննիսյանին կարգապահական պատասխանատվության ենթարկելու մասին քննարկումը

Բարձրագույն դատական խորհուրդը մայիսի 15-ին կասեցրել է խորհրդի անդամ Հայկ Հովհաննիսյանին կարգապահական պատասխանատվության ենթարկելու միջնորդության քննությունը: Այս մասին նիստի ժամանակ հայտարարել է ԲԴԽ նախագահ Ռուբեն Վարդազարյանը։ «ԲԴԽ-ն կդիմի Սահմանդրական դատարան՝ 2018թ փետրվարին ընդունված և մինչև 2020թ մարտի 25-ը գործող խմբագրությամբ ՀՀ դատական օրենսգիրք սահմանադրական օրենքի 85-րդ հոդվածի 2-րդ մասի ՀՀ Սահմանադրության համապատասխանության հարցը որոշելու համար։ ԲԴԽ անդամ Հայկ Հովաննիսյանին կարգապահական պատասխանատվության ենթարկելու մասին միջնորդության քննությունը կասեցնել՝ մինչև ՍԴ կողմից որոշման կայացումը»,- նշել է Վարդազարյանը։ ԲԴԽ անդամներ Անի Մխիթարյանը, Գրիգոր Բեքմեզյանն ու Մեսրոպ Մակյանը միջնորդել են ԲԴԽ ղեկավարություն և պնդել, որ Հովհաննիսյանի հատուկ կարծիքում ներառված քննադատությունը խարխլում է խորհրդի հանդեպ հեղինակությունն ու կասկածի տակ է դնում իր իսկ անկախությունն ու անաչառությունը։ Հովհաննիսյանը մինչդեռ կարծում է՝ այս կերպ փորձում են իրեն լռեցնել: Բարձրագույն դատական խորհուրդը ապրիլի 23-ին քննարկել էր խորհրդի անդամ Հայկ Հովհաննիսյանին կարգապահական պատասխանատվության ենթարկելու հարցը՝ դատավոր Արայիկ Մելքումյանի գործին առնչվող իր հատուկ կարծիքում վարքագծի կանոններ խախտելու համար։  
20:05 - 15 մայիսի, 2020
Աննա Դանիբեկյանի անձնական կյանքի եւ բժշկական գաղտնիքի մասին տեղեկություն հրապարակելու փաստով քրեական գործ է հարուցվել |armtimes.com|

Աննա Դանիբեկյանի անձնական կյանքի եւ բժշկական գաղտնիքի մասին տեղեկություն հրապարակելու փաստով քրեական գործ է հարուցվել |armtimes.com|

armtimes.com: Երեւանի ընդհանուր իրավասության դատարանի Շենգավիթի նստավայրի դատավոր Աննա Դանիբեկյանի վերաբերյալ Բարձրագույն դատական խորհրդի հայտարարության հիման վրա Քրեական ոստիկանությունում հարուցվել է քրեական գործ: Այս մասին տեղեկացրեց ոստիկանության հասարակայնության հետ կապի եւ լրատվության վարչության պետի տեղակալ Էդգար Ջանոյանը: Վերջինիս խոսքով՝ քրեական գործը հարուցվել է մայիսի 7-ին՝ ՀՀ ՔՕ-ի 144-րդ հոդվածով եւ 145-րդ հոդվածի 1-ին մասով՝ անձնական կամ ընտանեկան կյանքի մասին տեղեկություններ ապօրինի հավաքելու, պահելու, օգտագործելու կամ տարածելու, ինչպես նաեւ՝ առանց մասնագիտական կամ ծառայողական անհրաժեշտության բժշկական օգնություն և սպասարկում իրականացնող անձանց կողմից անձի հիվանդության կամ բժշկական ստուգման արդյունքների մասին տեղեկություններ հրապարակելու համար: Ջանոյանը նշեց, որ հարուցված քրեական գործն ուղարկվել է նախաքննական մարմին: Ավելին՝ armtimes.com-ում
14:28 - 14 մայիսի, 2020
Գյումրիի քաղաքապետարանը բողոք կներկայացնի ԲԴԽ-ին |shantnews.am|

Գյումրիի քաղաքապետարանը բողոք կներկայացնի ԲԴԽ-ին |shantnews.am|

shantnews.am: Գյումրիի քաղաքապետարանը բողոք կներկայացնի ԲԴԽ-ին։ Այս մասին որոշումն այսօր ընդունվել է Գյումրիի ավագանու հերթական նիստում։ Բարձրագույն դատական խորհրդին բողոք հայտնելու մասին նախագիծը ներկայացրել է ավագանու անդամ Լևոն Բարսեղյանը։ Ըստ նրա` բողոքի համար հիմք են հանդիսացել 3 դատական գործեր, որոնց քննության արդյունքում կայացված վճիռներով խախտվում է քաղաքապետարանի գույքային իրավունքը։ «Գյումրիի ավագանին, դիմելով Բարձրագույն դատական խորհրդին, իր բողոքն է հայտնում Գյումրի համայնքի շահերի պաշտպանության համար թվով 3 դատական գործերով իրականացված դատական քննությունների ընթացքի և կայացված, օրինական ուժի մեջ մտած դատական ակտերի դեմ՝ խնդրելով կարգապահական վարույթ հարուցել տվյալ գործերը քննած դատավորների նկատմամբ, քննել գործերը և պատասխանատվության ենթարկել նրանց։ ԲԴԽ-ի քննությանն ենք ներկայացնում 3 դատական գործեր, որոնց արդյունքում կայացված, համայնքի շահերից չբխող, անհամաչափ և ոչ օբյեկտիվ իրավական ակտերի իրականացման դեպքում համայնքը կկրի ոչ մի կերպ չարդարացված ֆինանսական կորուստներ։ Ըստ էության, անհատ մարդկանց քմահաճույքները և նյութապաշտական նկրտումները վեր են դասվել համայնքի շահերից։ 3 գործերի դատավորները խախտել են դատավորների ընդհանուր ժողովի 2016թ. փետրվարի 19-ի թիվ 12 որոշմամբ հաստատված դատավորի վարքագծի կանոնների որոշ դրույքներ։ Առաջին դատական գործը վերաբերում է կենտրոնական գրադարանի տարածքի մի մասի զբաղեցմանը։ Գույքը համայնքապատկան է, բայց մի մասը տարիներ շարունակ անհատ է զբաղեցնում։ Ձեռագրի անընթեռնելի լինելու պատճառով հնարավոր չէ գույքն ազատել։ Ծաղրի նման է հնչում։ Երկրորդ գործը քաղաքապետարանի նախկին աշխատակցի՝ Յաշա Պողոսյանի հայցին է վերաբերում։ Նրա հաստիքը լուծարվել է, բայց դատարանի որոշմամբ քաղաքապետարանը պետք է նրան աշխատավարձ վճարի։ Իսկ երրորդ գործը Տիգրան Մեծ փողոցում տեղադրված կրպակին է վերաբերում, որը չի հեռացվել տարածքից և, ըստ էության, ձախողվել է ՎԶԵԲ-ով իրականացվող ծրագրում համայնքապետարանի պարտականությունների կատարումը, այն է, ասֆալտապատումը»,- ասել է Գյումրիի ավագանու անդամ Լևոն Բարսեղյանը։ Գյումրիի ավագանին այսօր նաև որոշում է ընդունել կառավարությանը ուղերձ հղելու մասին։ Առաջարկում են բոլոր շահագրգիռ կառույցների ներկայացուցիչների մասնակցությամբ հանձնաժողով կազմել, ուսումնասիրել ապառքների գոյացման պատճառները և արտոնություններ սահմանելու հնարավորությունները։
17:21 - 12 մայիսի, 2020
ԲԴԽ նախագահը ուղերձ է հղել Եռատոնի առթիվ

ԲԴԽ նախագահը ուղերձ է հղել Եռատոնի առթիվ

Բարձրագույն դատական խորհրդի նախագահ Ռուբեն Վարդազարյանը շնորհավորական ուղերձ է հղել եռատոնի առթիվ: Ինչպես հայտնեցին Բարձրագույն դատական խորհրդի աշխատակազմի մամուլի և հասարակայնության հետ կապերի ծառայությունից, ուղերձում մասնավորապես ասվում է. «Սիրելի՛ հայրենակիցներ, ի սրտե շնորհավորում եմ Հայրենական մեծ պատերազմում տարած հաղթանակի և Շուշիի ազատագրման տոնական օրվա առթիվ: Այսօր մեզ համար առանձնահատուկ առիթ է արտահայտելու մեր երախտագիտությունն այն հերոսական սերնդի նկատմամբ, որն անցավ գերմարդկային փորձությունների միջով և մեր երկրի համար ապահովեց խաղաղ աշխատանքի և զարգացման հեռանկար: Երկրորդ աշխարհամարտը ծանր քննություն էր աշխարհի բազում ժողովուրդների, այդ թվում՝ հայ ժողովրդի համար: Թե՛ մեր ռազմիկները կռվի դաշտում, թե՛ մեր աշխատավորները թիկունքում պատվով բռնեցին այդ քննությունը: Դա մեզ համար իրապես դարձավ Հայրենական մեծ պատերազմ: Խորհրդանշական զուգադիպությամբ 1992 թվականի մայիսյան նույն օրը ազատագրվեց հայոց հինավուրց բերդաքաղաքը՝ Շուշին: Հայրերի ու պապերի օրինակով դաստիարակված մերօրյա հերոսները կրկնեցին նախնիների սխրանքը` հայտնվելով նույն` արդարության, ազատության ու մարդասիրության առաջնագծում՝ ընդդեմ հայատյացության, բռնության ու բարբարոսության: Հայ ռազմիկների մեծագործությունը շրջադարձային էր Հայաստանի Հանրապետության համար: 1992 թվականի մայիսի 9-ն իր պատմական արձանագրումն արեց. մենք մեր կյանքն ու ազատությունը, մեր իրավունքներն ու արժանապատվությունը չենք պատրաստվում զոհաբերել և չենք զոհաբերելու: Սիրելի՛ հայրենակիցներ, Կրկին շնորհավորում եմ Հաղթանակի և խաղաղության տոնի առթիվ: Այս հաղթանակը ցեղասպանությունից փրկված մեր ժողովրդի համար բացեց խաղաղ աշխատանքի, հայ ժողովրդի համակողմանի վերածննդի իրական և լայն հնարավորություններ: Սա հաղթած հերոսների տոնն է: Մաղթում եմ խաղաղություն և ստեղծարար աշխատանք»:
15:40 - 09 մայիսի, 2020
Բարձրագույն դատական խորհրդի նախագահն ընդունել է Իրանի արտակարգ և լիազոր դեսպանին

Բարձրագույն դատական խորհրդի նախագահն ընդունել է Իրանի արտակարգ և լիազոր դեսպանին

Բարձրագույն դատական խորհրդի նախագահ Ռուբեն Վարդազարյանը մայիսի 5-ին ընդունել է Իրանի Իսլամական Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան Աբբաս Բադախշան Զոհուրիին: Այս մասին տեղեկացրին Բարձրագույն դատական խորհրդի աշխատակազմի մամուլի և հասարակայնության հետ կապերի ծառայությունից։ «Ողջույնի խոսքից հետո Խորհրդի նախագահը ներկայացրեց  Բարձրագույն դատական խորհրդի գործունեությունը՝ մասնավորապես ուղղված կորոնավիրուսի համավարակի կանխարգելմանը և արտակարգ դրության պայմաններում դատական իշխանության բնականոն, անխափան և շարունակական աշխատանքի ապահովմանը՝ գերակա համարելով հանրային առողջությունը: Դեսպան Աբբաս Բադախշան Զոհուրին շնորհակալություն հայտնեց ընդունելության համար և  ներկայացրեց Իրանում առկա վիճակը համավարակի պայմաններում՝ նշելով, որ երկրում մի քանի տասնյակ հազարի հասնող վարակված անձանց 80%-ն արդեն իսկ ապաքինվել է: Կողմերը հույս հայտնեցին, որ համավարակը շուտով կլքի ամբողջ աշխարհը, և մարդկությունը հնարավորություն կունենա վերադառնալ իր բնականոն կյանքին: Հանդիպմանը քննարկեցին դատական իշխանությանը վերաբերող երկուստեք հետաքրքրություն ներկայացնող հարցեր: Առանձնակի կարևորվեց հարևան երկու երկրների դատական մարմինների արդյունավետ համագործակցությունն ու փոխգործակցության խորացումը»,- ասվում է հաղորդագրության մեջ:
19:27 - 05 մայիսի, 2020
ԲԴԽ նախագահն ուղերձ է հղել Մամուլի ազատության համաշխարհային օրվա առթիվ

ԲԴԽ նախագահն ուղերձ է հղել Մամուլի ազատության համաշխարհային օրվա առթիվ

Բարձրագույն դատական խորհրդի նախագահ Ռուբեն Վարդազարյանն ուղերձ է հղել Մամուլի ազատության համաշխարհային օրվա առթիվ։ Ռուբեն Վարդազարյանն ուղերձում նշել է. «Զանգվածային լրատվության միջոցների հարգելի՛ ներկայացուցիչներ, շնորհավորում եմ Մամուլի ազատության համաշխարհային օրվա առիթով: Այս տոնը բացառիկ է նրանով, որ վերաբերում է ոչ միայն մասնագիտական, այլև պետության և հասարակության բոլոր շերտերին: Մամուլի ազատությունը երկրի ժողովրդավարության կարևոր նշաձող է համարվում: 1993 թվականին Միավորված ազգերի կազմակերպությունը մայիսի 3-ը սահմանեց որպես ձեր մասնագիտական տոն: Ցանկացած ժողովրդավարական երկրի և հասարակության համար կայացած ու ազատ լրագրությունը պետության, մասնավորապես, իշխանության բոլոր ճյուղերի և համակարգերի գործունեության հանրային վերահսկողության հիմնական ինստիտուտներից է:   Հարգելի՛ լրագրողներ, Բարձրագույն դատական խորհուրդը որդեգրել է Զանգվածային լրատվության միջոցների հետ ազատ և թափանցիկ աշխատելու քաղաքականություն: Ձեր օբյեկտիվ աշխատանքի և մեր թափանցիկ գործունեության արդյունքում Դատական իշխանությունը հասարակության համար քայլ առ քայլ դառնում է առավել ընկալելի և բաց:  Կրկին շնորհավորում եմ մասնագիտական օրվա կապակցությամբ և մաղթում, որպեսզի մամուլի գործունեության համար ներկայումս ստեղծված պայմանները, ազատության ու անկախության հնարավորությունները լինեն հարատև, և դուք կարողանաք անխոչընդոտ իրացնել ձեր հիմնական առաքելությունը՝ հասարակության՝ իրազեկ լինելու իրավունքի ապահովումը»:
21:37 - 03 մայիսի, 2020
Երդման արարողություն է տեղի ունեցել նախագահական նստավայրում (տեսանյութ)

Երդման արարողություն է տեղի ունեցել նախագահական նստավայրում (տեսանյութ)

Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանի մասնակցությամբ նախագահական նստավայրում այսօր տեղի է ունեցել Բարձրագույն դատական խորհրդի անդամի ժամանակավոր պաշտոնակատար Արմեն Հայկյանցի վերաքննիչ քաղաքացիական դատարանի դատավոր Կարեն Համբարձումյանի և վարչական դատարանի դատավոր Ռուստամ Մախմուդյանի երդման արարողությունը։ Այս մասին հայտնում է ՀՀ նախագահի լրատվական ծառայությունը: «Ձեր պարտականությունները կատարելու յուրաքանչյուր օր պետք է նվիրված լինի այն կարևորագույն խնդիրներին, որոնք դրված են Բարձրագույն դատական խորհրդի առաջ»,- շնորհավորելով և բարեմաղթանքներ հղելով ԲԴԽ անդամի ժամանակավոր պաշտոնակատարին՝ ընդգծել է Հանրապետության նախագահը: Նախագահ Սարգսյանը հաջողություններ և երկար տարիների անբասիր աշխատանք է մաղթել նաև մյուս դատավորներին: «Վստահ եմ, որ լավ եք գիտակցում ձեր պաշտոնի ու գործի դերն ու նշանակությունը մեր հասարակության ու մեր Հանրապետության համար: Ամեն մի դատական գործ, ամեն մի դատական քննություն քննություն է նաև ժողովրդի առջև: Վստահ եմ, որ շատ լավ գիտակցում եք, որ մանավանդ այսօր մեր հասարակության յուրաքանչյուր անդամի ուշադրությունը դատավորի, դատարանի նկատմամբ առանձնահատուկ է: Հետևաբար, սա ոչ միայն պատիվ է, այլև՝ հսկայական պատասխանատվություն: Հուսով եմ, որ ամենաբարձր մակարդակով կիրականացնեք ձեր աշխատանքը»,-նշել է նախագահ Սարգսյանը:
20:15 - 21 ապրիլի, 2020
ՀՀ նախագահը դատավորներ է  նշանակել

ՀՀ նախագահը դատավորներ է նշանակել

ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանի հրամանագրերով Կարեն Համբարձումյանը նշանակվել է վերաքննիչ քաղաքացիական դատարանի, իսկ Իվան Բաղմանյանը՝ Արարատի և Վայոց ձորի մարզերի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր։ Այս մասին տեղեկացրին Հայաստանի Հանրապետության նախագահի աշխատակազմի հասարակայնության հետ կապերի վարչությունից։ Կարեն Համբարձումյանի նշանակման հրամանագրում ասվում է. «Հիմք ընդունելով Սահմանադրության 139-րդ հոդվածի 1-ին և 166-րդ հոդվածի 6-րդ մասերը, ինչպես նաև Բարձրագույն դատական խորհրդի 2020 թվականի ապրիլի 16-ի ԲԴԽ-19-Ո-41 որոշմամբ ներկայացված առաջարկությունը.Կարեն ՀԱՄԲԱՐՁՈՒՄՅԱՆԻՆ նշանակել վերաքննիչ քաղաքացիական դատարանի դատավոր»: «Հիմք ընդունելով Սահմանադրության 139-րդ հոդվածի 1-ին և 166-րդ հոդվածի 6-րդ մասերը, ինչպես նաև Բարձրագույն դատական խորհրդի 2020 թվականի ապրիլի 16-ի ԲԴԽ-19-Ո-44 որոշմամբ ներկայացված առաջարկու-թյունը.Շիրակի մարզի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Իվան ԲԱՂՄԱՆՅԱՆԻՆ նշանակել Արարատի և Վայոց ձորի մարզերի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր»,- նշված է Իվան Բաղմանյանի նշանակման հրամանագրում:
18:26 - 17 ապրիլի, 2020
Առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի Էրեբունի նստավայրի 5 աշխատակցի կորոնավիրուսի թեստի արդյունքը բացասական է

Առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի Էրեբունի նստավայրի 5 աշխատակցի կորոնավիրուսի թեստի արդյունքը բացասական է

ԲԴԽ-ն հայտարարություն է տարածել, որում ասվում է․ «Տեղեկացրել էինք, որ Երևան քաղաքի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի Էրեբունի նստավայրի տեխնիկական անձնակազմի աշխատակիցներից մեկի մոտ թեստավորման արդյունքում կորոնավիրուսային հիվանդություն է հաստատվել և որ տվյալ աշխատակիցն իր ընտանիքի հետ արդեն իսկ գտնվել է մեկուսացման մեջ՝ պայմանավորված ընտանիքի անդամներից մեկի մոտ մեկ շաբաթ առաջ հաստատված կորոնավիրուսային հիվանդության պատճառով: Հայտնել էինք նաև, որ աշխատակցի զանգից հետո անմիջապես կապ էր հաստատվել Առողջապահության նախարարության Հիվանդությունների վերահսկման և կանխարգելման ազգային կենտրոնի հետ և օպերատիվ կերպով կազմակերպվել համավարակի կանխարգելմանն ուղղված բոլոր անհրաժեշտ միջոցառումները և դրանց շրջանակներում, կանխարգելիչ նկատառումներով, երեկ թեստավորման էին ենթարկվել Էրեբունի նստավայրի 5 աշխատակից: Ուրախությամբ ուզում ենք հայտնել.Այսօր տեղեկացել ենք, որ թեստավորված 5 աշխատակցի մոտ էլ արդյունքը բացասական է»։
09:16 - 17 ապրիլի, 2020
Երևանի դատարաններից մեկի աշխատակցի մոտ կորոնավիրուս է հայտնաբերվել

Երևանի դատարաններից մեկի աշխատակցի մոտ կորոնավիրուս է հայտնաբերվել

Երևան քաղաքի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի Էրեբունի նստավայրի տեխնիկական անձնակազմի աշխատակիցներից մեկի մոտ թեստավորման արդյունքում կորոնավիրուսային հիվանդություն է հաստատվել: Այս մասին հայտնում են ԲԴԽ-ից: «Հարկ ենք համարում տեղեկացնել, որ տվյալ աշխատակիցն իր ընտանիքի հետ արդեն իսկ գտնվել է մեկուսացման մեջ՝ պայմանավորված ընտանիքի անդամներից մեկի մոտ մեկ շաբաթ առաջ հաստատված կորոնավիրուսային հիվանդության պատճառով: Մասնավորապես, տվյալ աշխատակիցն ինքն է հեռախոսազանգով տեղեկացրել, որ իր ընտանիքի անդամի մոտ թեստը դրական արդյունք է տվել և ինքն աշխատանքի չի ներկայանալու, ընտանյոք ինքնամեկուսացվել են: Հարկ ենք համարում տեղեկացնել նաև, աշխատակցի զանգից հետո անմիջապես կապ է հաստատվել առողջապահության նախարարության Հիվանդությունների վերահսկման և կանխարգելման ազգային կենտրոնի հետ և օպերատիվ կերպով կազմակերպվել են համավարակի կանխարգելմանն ուղղված բոլոր անհրաժեշտ միջոցառումները: Դրանց շրջանակներում, այսօր, կանխարգելիչ նկատառումներով, թեստավորման կենթարկվի Էրեբունի նստավայրի 5 աշխատակից: Թեև մարտ ամսի վերջին տեղեկացրել էինք, որ երկրում կորոնավիրուսի համավարակի կանխարգելմանն ուղղված միջոցառումների շրջանակներում դատարանների բնականոն գործունեության ապահովման, ինչպես նաև ՀՀ դատարանների աշխատակիցներին հնարավոր վարակումներից զերծ պահելու անհրաժեշտությամբ պայմանավորված՝ ջերմային աերոզոլային գեներատորներով և ախտահանիչ նյութերով իրականացվել են Բարձրագույն դատական խորհրդի վարչական շենքի, Վճռաբեկ, Վերաքննիչ քրեական, Վերաքննիչ քաղաքացիական, Վերաքննիչ վարչական, Վարչական դատարանների, ինչպես նաև Երևան քաղաքի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի բոլոր նստավայրերի, այնպես էլ մարզային դատարանների նստավայրերի սպասարկման սրահները, միջանցքները, դատական նիստերի դահլիճները, դատավորների և վերջիններիս աշխատակազմերի աշխատասենյակները, կալանավորների ժամանակավոր պահման խցերը, պատերը, դռները և դատարանների հարակից տարածքները, նշենք, որ այնուամենայնիվ, Էրեբունի նստավայրում կրկին իրականացվել են ախտահանիչ միջոցառումներ և դրանք իրականացվելու են նաև դատական իշխանության մյուս բոլոր վարչական շենքերում ևս: Հիշեցնեք նաև, որ ի ապահովումն Հայաստանի Հանրապետության ողջ տարածքում հանրային ծառայության իրականացման նկատմամբ կիրառվող սահմանափակումների վերաբերյալ պարետի 24.03.2020 N 15 որոշման կատարման, ղեկավարվելով «Արտակարգ դրության իրավական ռեժիմի մասին» ՀՀ օրենքով, «Դատական օրենսգիրք» սահմանադրական օրենքի 89-րդ հոդվածով, Բարձրագույն դատական խորհուրդը համապատասխան որոշումներ է կայացրել և հանձնարարականներ տվել Դատական դեպարտամենտին, դատարանների աշխատակազմերին, դատական կարգադրիչների ծառայությանը, և կորոնավիրուսի կանխարգելման շրջանակներում իրականացվող տեղեկատվությունը պարբերաբար հրապարակվում է դատական իշխանության պաշտոնական կայքում և Բարձրագույն դատական խորհրդի ֆեյսբուքյան էջում»,- հայտնում են ԲԴԽ մամուլի և հասարակայնության հետ կապերի ծառայությունից:
14:31 - 15 ապրիլի, 2020
ԲԴԽ-ն հրավիրում է Գլխավոր դատախազության ուշադրությունը՝ Աննա Դանիբեկյանի անձի շուրջ տեղ գտած հրապարակումների վերաբերյալ

ԲԴԽ-ն հրավիրում է Գլխավոր դատախազության ուշադրությունը՝ Աննա Դանիբեկյանի անձի շուրջ տեղ գտած հրապարակումների վերաբերյալ

ԲԴԽ-ն  հայտարարություն է տարածել դատավոր Աննա Դանիբեկյանի անձի շուրջ որոշ լրատվամիջոցներում և համացանցում տեղ գտած մի շարք հրապարակումները վերաբերյալ. «Բարձրագույն դատական խորհուրդը ուսումնասիրելով վերջին օրերին դատավոր Աննա Դանիբեկյանի անձի շուրջ որոշ լրատվամիջոցներում և համացանցում տեղ գտած մի շարք հրապարակումները, մասնավորապես՝ ս.թ. ապրիլի 9-ին «Հայելի ակումբի» կողմից հրապարակված «Աննա Դանիբեկյանը պետպատվերով ենթարկվել է քթի վիրահատության» և ապրիլի 13-ին «5-րդ ալիքի» կողմից հրապարակված ««Կարճ ասած»՝ Սևակ Հակոբյանի հետ» տեսանյութերը /հղումները տեղադրված են ստորև/, արձանագրում է, որ դրանցում բանախոսները թույլ են տվել ոչ միայն բարոյականության տեսանկյունից անընդունելի արտահայտություններ, ինչն ինքնին դատապարտելի է, այլ նաև հրապարակել են օրենքով պաշտպանված տեղեկություններ /բժշկական գաղտնիք պարունակող, անձնական կյանքին վերաբերող/, ինչի կապակցությամբ Բարձրագույն դատական խորհուրդը հրավիրում է ՀՀ գլխավոր դատախազության ուշադրությունը՝ օրենքով սահմանված կարգով դրանց քրեաիրավական գնահատական տալու համար»,- ասված է ԲԴԽ-ի հայտարարության մեջ:
21:30 - 14 ապրիլի, 2020