Ադրբեջան

Ադրբեջանի Հանրապետությունը պետություն է Հարավային Կովկասում։ Սահմանակցում է Ռուսաստանի Դաշնությանը, Վրաստանի Հանրապետությանը, Իրանի Իսլամական Հանրապետությանը, Թուրքիայի Հանրապետությանը, Հայաստանի Հանրապետությանը, Արցախի Հանրապետությանը։ Տարածքը ըստ ՄԱԿ-ի 86,600 կմ․քառ, բնակչությունը, ըստ 2019 թվականի նախահաշվի 10,000,000 մարդ է։

Ներկայիս Ադրբեջանը բազմազգ և բազմակրոն պետություն է։ Բնակչության մեծամասնությունն ադրբեջանցիներն են (91 %), որոնք դավանում է շիա իսլամ։ Խոշոր ազգային փոքրամասնություններն են լեզգիները, ռուսները, թալիշները, ավարները, թաթարները և վրացիները։ Չնայած նրան, որ Ադրբեջանը համարվում է իսլամադավան պետություն, այնուամենայնիվ, երկրի բնակչության 53%-ն իրեն համարում է աշխարհիկ։ 

Լեմկինի ինստիտուտը սատարում է Արցախի ինքնորոշման իրավունքը՝ ցեղասպանությունից խուսափելու համար

 |armenpress.am|

Լեմկինի ինստիտուտը սատարում է Արցախի ինքնորոշման իրավունքը՝ ցեղասպանությունից խուսափելու համար |armenpress.am|

armenpress.am: Ցեղասպանության կանխարգելման Լեմկինի ինստիտուտը կանգնած է Արցախի Հանրապետության ժողովրդի կողքին, որը հոկտեմբերի 30-ին Ստեփանակերտում հայտնել է ինքնորոշման իր կամքը: Այս մասին Ցեղասպանության կանխարգելման Լեմկինի ինստիտուտը հայտարարություն է տարածել՝ «Ցեղասպանության միջոցով «խաղաղություն» կամ «բարեկեցություն» գոյություն չունի» խորագրով: «Լեմկինի ինստիտուտն իր համերաշխությունն է հայտնում Արցախի Հանրապետության ժողովրդին, որը բարձրաձայնել է ինքնորոշման իր կամքի մասին: Ադրբեջանը հավակնություններ ունի Արցախի նկատմամբ՝ չնայած այդ տարածքում հազարամյակներ շարունակ բնակչության մեծամասնությունը հայեր են եղել», - գրված է հայտարարությանը կից թվիթերյան գրառման մեջ: Ինստիտուտը հիշեցնում է, որ ինքնորոշման իրավունքը միջազգային իրավական համակարգի հիմնարար իրավունքներից մեկն է, և Արցախի ժողովուրդն արժանի է այն բանին, որ միջազգային հանրությունը լրջորեն վերաբերվի ինքնորոշման նրանց պահանջներին: Հայտարարությունում նաև հակիրճ ներկայացվում է Արցախի կարգավիճակի փոփոխության պատմությունը, Արցախյան երկու պատերազմները և դրանց հետևանքով ստեղծված իրավիճակը: Ցեղասպանության կանխարգելման Լեմկինի ինստիտուտը նաև շեշտում է, որ միջազգային հանրությունը չպետք է անտեսի տարածաշրջանում Հայոց ցեղասպանության հետևանքները, որն «Արևմտյան Հայաստանում լիովին ոչնչացրեց հայկական ներկայությունը», ինչպես նաև «հայերի նկատմամբ ադրբեջանցի ազգայնականների անզուսպ ցեղասպանական թշնամանքը»: «Արևմտյան աշխարհը և հատկապես ՆԱՏՕ-ն չեն հասկանում, Արցախը «զիջելը» կնշանակի հայերի դեմ ցեղասպանության թողտվություն՝ հայերի բռնի տեղահանում և հալածանքներ, համատարած ոճրագործություններ, մշակութային ժառանգության ոչնչացում և վերջին տասնամյակների ընթացքում կովկասյան տարածաշրջանում ամենամեծ հումանիտար ճգնաժամերից մեկը, այդ թվում՝ փախստականների մեծ հոսք դեպի Հայաստանի Հանրապետություն: Եվ որ կարևոր է, հաշվի առնելով Թուրքիայում և Ադրբեջանում ցեղասպանության ներկայիս կարմիր դրոշները, ինչպես նաև այն, ինչ մենք գիտենք ցեղասպանության գործընթացի մասին ընդհանրապես, աներևակայելի է, որ Արցախի «զիջումը» վերջ կդնի հակամարտություններին տարածաշրջանում, առավել ևս՝ կհանգեցնի «խաղաղության» և «բարեկեցության», - գրված է հայտարարությունում: Լեմկինի Ինստիտուտը նաև կոչ է անում ստեղծել անկախ միջազգային հանձնաժողով, որը կուսումնասիրի Արցախում առկա խնդիրներն արդար արդյունք և կայուն խաղաղություն հաստատելու նպատակով:  
11:53 - 25 նոյեմբերի, 2022
Ադրբեջանի ՊՆ-ն մեղադրում է ռուսական կողմին Արցախում սահմանային իրավիճակը ոչ օբյեկտիվ ներկայացնելու մեջ

Ադրբեջանի ՊՆ-ն մեղադրում է ռուսական կողմին Արցախում սահմանային իրավիճակը ոչ օբյեկտիվ ներկայացնելու մեջ

Ադրբեջանի պաշտպանության նախարարությունը հաղորդագրություն է տարածել, որում դժգոհում է, որ ռուսական խաղաղապահ առաքելության հաղորդագրություններում գործածվում են Արցախի Հանրապետության հայկական տեղանունները՝ չնայած նրան, որ ադրբեջանական կողմը, ըստ հաղորդագրության, «Ղարաբաղի տնտեսական գոտու բնակավայրերի ցանկը և քարտեզը՝ ադրբեջանական տեղանուններով, պաշտոնապես տրամադրել է ՌԴ ՊՆ-ին, Ադրբեջանի տարածքում ժամանակավորապես տեղակայված ռուսական խաղաղապահ զորախմբի նախկին և ներկա հրամանատարությանը, ինչպես նաև թուրք-ռուսական միացյալ մոնիթորինգի կենտրոնին»։ Մասնավորապես՝ Ադրբեջանի պաշտպանական գերատեսչությունը մեջբերում է ՌԴ խաղաղապահ զորախմբի՝ 2022թ․ նոյեմբերի 24-ի հաղորդագրությունը, որտեղ նշվում է, որ ադրբեջանական կողմը խախտել է հրադադարի պահպանման ռեժիմը՝ կրակ բացելով Մաղավուզ բնակավայրի ուղղությամբ։ Ադրբեջանի ՊՆ-ն նշում է, թե իբր բնակավայրի անունը ոչ թե Մաղավուզ է, այլ Չարդաղլը և հերքում հրադադարի ռեժիմը խախտելու մասին ռուսական կողմի հաղորդագրությունը։ Ադրբեջանի ՊՆ-ն նաև մեղադրում է ռուսական կողմին, թե վերջինս իր պաշտոնական հաղորդագրություններում չի նշում Արցախյան կողմից հրադադարի խախտումների մասին։ Նաև նշվում է, թե Սարիբաբայում ականներ են հայտնաբերել, որոնք հայկական արտադրության են և 2021 թվականի։ «Կոչ ենք անում Ադրբեջանի տարածքում ժամանակավորապես տեղակայված ռուսական խաղաղապահ զորախմբի հրամանատարությանը համապատասխան տեղեկատվության մեջ ճիշտ նշել մեր երկրի տարածքում գտնվող բնակավայրերի տեղանունները և լրջորեն ճնշել հայկական անօրինական զորամիավորումների բոլոր սադրիչ գործողությունները, այդ թվում՝ տարածքների ականապատումը»,- նշված է Ադրբեջանի ՊՆ հաղորդագրության մեջ։ Ավելի վաղ Ադրբեջանի՝ Լաչինի միջանցքով Արցախ զինամթերք տեղափոխելու մեղադրանքներին անդրադարձել է ՀՀ հատուկ հանձնարարություններով դեսպան Էդմոն Մարուքյանը՝ նշելով, որ Ադրբեջանը Հայաստանի օկուպացված տարածքներից վերցրել է ցամաքային ականները, տեղափոխվել Լեռնային Ղարաբաղի՝ Ադրբեջանի կողմից վերահսկվող տարածք՝ միջազգային գործընկերներին ցույց տալու և Լաչինի միջանցքը վիճարկելու կեղծ հիմքեր ստեղծելու համար։
09:57 - 25 նոյեմբերի, 2022
Երևանի և Բաքվի հետ շփումների ժամանակ քննարկվում է նաև խաղաղության պայմանագրի հարցը. Զախարովա
 |armenpress.am|

Երևանի և Բաքվի հետ շփումների ժամանակ քննարկվում է նաև խաղաղության պայմանագրի հարցը. Զախարովա |armenpress.am|

armenpress.am: Խաղաղության պայմանագրի թեման, ինչպես նաև Հայաստանի և Ադրբեջանի միջև հարաբերությունների կարգավորման հետ կապված մյուս հարցերը բավական բարդ բնույթ են կրում: Հետևաբար, Մոսկվան նպատակահարմար չի համարում մեկնաբանել կողմերի դիրքորոշումները մինչև հստակ պայմանավորվածություններ ձեռք չբերվեն: Այս մասին ճեպազրույցի ժամանակ հայտարարել է ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան՝ շեշտելով, որ հայկական և ադրբեջանական կողմերի հետ շփումների ժամանակ քննարկվում է, այդ թվում՝ խաղաղության պայմանագրի հարցը: Անդրադառնալով Ադրբեջանի կողմից հրադադարի ռեժիմի և եռակողմ պայմանավորվածությունների խախտումների վերաբերյալ հարցին՝ Զախարովան ընդգծել է կողմերի միջև ձեռք բերված բոլոր պայմանավորվածությունների կատարման, ինչպես նաև իրավիճակի սրումից խուսափելու կարևորությունը: «Մենք, իհարկե, կարևոր ենք համարում զերծ մնալ սադրիչ հռետորաբանությունից, որը կարող է հանգեցնել տարածաշրջանում իրավիճակի սրման: Ռուսաստանը պահպանում է կանոնավոր շփումները երկու կողմերի հետ ինչպես քաղաքական մակարդակում, այդ թվում՝ երկրի ղեկավարների, արտգործնախարարների մակարդակով, այնպես էլ տեղում՝ ռուսական խաղաղապահ զորակազմի, Ռուսաստանի Անվտանգության դաշնային ծառայության սահմանապահ ծառայության միջոցով՝ զինված միջադեպերը կանխելու նպատակով: Եվ, անշուշտ, մենք կշարունակենք աշխատանքը հայ-ադրբեջանական հարաբերությունների կարգավորման ուղղությամբ՝ Հարավային Կովկասում խաղաղության վերականգնման համար», - նշել է դիվանագետը:
17:23 - 24 նոյեմբերի, 2022
Բաքվում Իրանին մեղադրել են Ադրբեջանի դեմ ակտիվ հետախուզական գործողություններ իրականացնելու մեջ

Բաքվում Իրանին մեղադրել են Ադրբեջանի դեմ ակտիվ հետախուզական գործողություններ իրականացնելու մեջ

Իրանի հատուկ ծառայությունները ակտիվ հետախուզական գործողություններ են իրականացնում Ադրբեջանի դեմ։  Այս մասին, ինչպես փոխանցում է ադրբեջանական APA գործակալությունը, ասել է Ադրբեջանի պետական անվտանգության ծառայության ղեկավարի առաջին խորհրդական, գեներալ-լեյտենանդ Ջեյհուն Շադլինսկին։ Նա ընդգծել է այս ուղղությամբ անհրաժեշտ միջոցառումներ են ձեռնարկվել։ Նշենք, որ Իրան-Ադրբեջան հարաբերությունները վերջին շրջանում լարված են։ Իրանի Իսլամական Հանրապետության հետախուզության նախարարությունը հայտարարեց, որ Շիրազ քաղաքի Շահ Չըրաղ դամբարանում ահաբեկչական գործողությունը կազմակերպողների թվում Ադրբեջանի քաղաքացի կամ քաղաքացիներ կան: Այնուհետև Բաքուն պնդեց, որ Նախիջևանում «սադրիչները» Իրանին միանալու մասին Թեհրանին ուղղված խնդրանքներ են տարածում։ Ավելի ուշ՝ նոյեմբերի 10-ին էլ Իրանում Ադրբեջանի դեսպան Ալի Ալիզադեն կանչվեց Իրանի ԱԳՆ. նրան բողոքի նոտա էր փոխանցվել հակաիրանական քարոզչության համար։ Ապա Իրանի դեսպան Սեյիդ Աբբաս Մուսավին կանչվեց Ադրբեջանի արտաքին գործերի նախարարություն։ ԱԳՆ-ն նշեց․ «Հանդիպման ընթացքում հնչեցվել է դժգոհություն և իրանական կողմին է ներկայացվել Բաքվի մտահոգությունը՝ կապված Իրանի բարձրաստիճան քաղաքական և ռազմական գործիչների կողմից հակաադրբեջանական քարոզչության, զրպարտչական արշավի, սպառնալից հռետորաբանության հետ, որը չի համապատասխանում երկու երկրների հարաբերություններին հռետորաբանությանը»։ Ավելի ուշ Ադրբեջանի պետական անվտանգության ծառայությունը հաղորդագրություն տարածեց, որ հայտնաբերել է Իրանի հատուկ ծառայությունների ստեղծած լրտեսական ցանց։  Իրանի ԱԳՆ խոսնակ Նասեր Քանանին անդրադառնալով Ադրբեջանից հնչող հակաիրանական հայտարարություններին ասել էր, թե Իրանի համբերությունը չպետք է շփոթել թուլության հետ։ «Ոչ ոք չպետք է մեկնաբանի Իրանի համբերությունը որպես թուլություն. տարածաշրջանի երկրների պատմությունը պարզ է ու խոսուն, այն չի կարելի խեղաթյուրել, պատմությունն ավելի լավ է ճիշտ կարդալ։ Մեր քաղաքականությունը մեր հարևանների հետ հարաբերություններում բարիդրացիական լինելն է, Իրանի ու նրա հարևանների միջև հարգանքն ու եղբայրական կապերը պահպանելը, հատկապես՝ Ադրբեջանի երկրի և ժողովրդի հետ»։
11:05 - 24 նոյեմբերի, 2022
ՀԱՊԿ-ը քննարկել է Հայաստանի և Ադրբեջանի սահմանին խաղաղապահների մանդատը. Պեսկով |tert.am|

ՀԱՊԿ-ը քննարկել է Հայաստանի և Ադրբեջանի սահմանին խաղաղապահների մանդատը. Պեսկով |tert.am|

tert.am: Հայաստանի և Ադրբեջանի սահմանին ռուս խաղաղապահների մանդատի երկարաձգման թեման շոշափվել է ՀԱՊԿ գագաթնաժողովի ընթացքում, Ռուսաստանի Դաշնությունը կշարունակի մասնակցել կարգավորմանը, ասել է ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը։ «Այս թեման շոշափվել է, միանգամայն անկեղծ, շատ ուղիղ, կառուցողական, դեռ ամեն ինչ չէ, որ համաձայնեցված է, կան որոշակի նրբերանգներ, բայց այս թեման օրակարգում է»,- լրագրողներին ասել է նա։ «Բայց Ռուսաստանն ինքը շարունակում է շատ կարևոր դեր խաղալ: Ռուսաստանի բոլոր առաջարկները ֆիքսվել են Երևանի և Բաքվի կողմից: Եվ մենք կշարունակենք մեր ծառայությունները մատուցել այնքանով, որքանով երկրները կարիքը կունենան այդ ծառայությունների»,- ասել է Պեսկովը։ Նա նաև հավելել է, որ ՀԱՊԿ ծառայությունները պահանջված են։ Պեսկովը հիշեցրել է, որ սահմանին իրավիճակի սրումից հետո լիազորված անձանց պատվիրակություն է ուղարկվել զեկույց կազմելու համար։ Շարունակությունը՝ tert.am-ում
09:24 - 24 նոյեմբերի, 2022
Հույս ունեմ, որ Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության պայմանագիրը կստորագրվի. Պուտին
 |armenpress.am|

Հույս ունեմ, որ Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության պայմանագիրը կստորագրվի. Պուտին |armenpress.am|

armenpress.am: ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը Երևանում ընթացող ՀԱՊԿ գագաթաժողովի ընթացքում անդամ երկրների նախագահների ուշադրությունն է հրավիրել Լեռնային Ղարաբաղի կոնֆլիկտի համակողմանի լուծման անհրաժեշտության վրա: Այս մասին տեղեկանում է «Ռիա Նովոստիի» հրապարակումից: «Համաձայն եմ գործընկերներիս հետ, ովքեր ավելի վաղ խոսեցին այս հարցի և հայ-ադրբեջանական կոնֆլիկտի համապարփակ կարգավորմանը հասնելու ջանքերի մասին։ Իհարկե, դրանք սուր հարցեր են, որոնք պահանջում են մեր ուշադրությունը»,- ասել է Պուտինը: Վլադիմիր Պուտինի խոսքով՝ հոկտեմբերի վերջին Սոչիում Հայաստանի, Ադրբեջանի և Ռուսաստանի ղեկավարների միջև ձեռք բերված պայմանավորվածությունները «լավ հիմք են ստեղծել սկզբունքային հարցերի շուրջ ապագա փոխզիջումների համար»։ «Միայն հետևողականորեն կատարելով այս (ավելի վաղ ձեռք բերված) պայմանավորվածությունները՝ սահմանազատման, տրանսպորտային հաղորդակցությունների ապաշրջափակման և հումանիտար խնդիրների վերաբերյալ, մենք կարող ենք հասնել Հայաստանի և Ադրբեջանի միջև հարաբերությունների կայուն կարգավորման: Հուսով ենք, որ դա ի վերջո կհանգեցնի Երևանի և Բաքվի միջև խաղաղության պայմանագրի կնքման»,-ասել է նա:
19:09 - 23 նոյեմբերի, 2022
Հայաստանն ու Ադրբեջանը մեր հարևաններն են, մենք երբեք չենք կարգավորել հարաբերությունները մի կողմի հետ՝ մյուսի հաշվին. Իրանի արտգործնախարար
 |tert.am|

Հայաստանն ու Ադրբեջանը մեր հարևաններն են, մենք երբեք չենք կարգավորել հարաբերությունները մի կողմի հետ՝ մյուսի հաշվին. Իրանի արտգործնախարար |tert.am|

tert.am: Իրանի արտգործնախարար Հոսեյն Ամիր Աբդոլլահիանը մամուլի ասուլիսի ընթացքում անդրադարձել է Նիկոլ Փաշինյանի՝ Իրան կատարած այցին և դրան ադրբեջանական կողմի արձագանքին: «Հայաստանն ու Ադրբեջանը մեր հարեւաններն են, և մենք երբեք չենք կարգավորել հարաբերությունները մի կողմի հետ՝ մյուսի հաշվին։ Ելնելով փոխադարձ շահերից՝ մենք առաջնահերթ ենք համարում բոլոր հարևանների հետ հարաբերությունների զարգացումը»,- ասել է Աբդոլլահիանը։ Նա ընդգծել է, որ Իրանը տարածքային հավակնություններ չունի հարևան երկրներից որևէ մեկի, այդ թվում՝ Ադրբեջանի նկատմամբ, սակայն Թեհրանը հասկացրել է, որ տարածաշրջանում աշխարհաքաղաքական ցանկացած փոփոխություն կբախվի Իրանի լուրջ արձագանքին։ «Տարածաշրջանի պաշտոնյաները մեզ վստահեցրել են, որ իրենք նման մոտեցում չունեն և պետք չէ մտահոգվել։ Մենք շարունակում ենք մեր հարաբերությունները Ադրբեջանի և մյուս հարևանների հետ՝ բարիդրացիության և եղբայրության սկզբունքների հիման վրա»,- հավելել է Իրանի ԱԳՆ ղեկավարը։
18:39 - 23 նոյեմբերի, 2022
Ֆրանկոֆոնիայի բանաձևն ընդունվել է այնպես, ինչպես ներկայացվել էր. ԱԳՆ-ն հերքում է Ալիևին |azatutyun.am|

Ֆրանկոֆոնիայի բանաձևն ընդունվել է այնպես, ինչպես ներկայացվել էր. ԱԳՆ-ն հերքում է Ալիևին |azatutyun.am|

azatutyun.am: Ադրբեջանի նախագահի խոսքերը, թե հակաադրբեջանական դրույթները հանվել են Ֆրանկոֆոնիայի միջազգային կազմակերպությունում շաբաթավերջին ընդունված ու Հայաստանին համերաշխություն հայտնող բանաձևի նախագծից, չեն համապատասխանում իրականությանը, «Ազատության» հետ զրույցում հայտարարեց ԱԳՆ մամուլի խոսնակ Վահան Հունանյանը։ «Այդ բոլոր փաստաթղթերը ինչպես որ ներկայացվել են նախարարական համաժողովում, այդպես էլ ընդունվել են կազմակերպության կողմից, այսինքն՝ նախագիծն ամբողջությամբ ընդունվել է գագաթնաժողովի կողմից: Եթե իրապես Ադրբեջանը հասած լիներ իր ուզածին, և եթե իրապես ցանկալի սցենարով ամեն ինր գնար, այսքան շարունակական հայտարարություններ իրենց կողմից չէին լինի», - ասաց Վահան Հունանյանը: «Ազատության» ձեռքի տակ է հայտնվել «Ճգնաժամային իրավիճակների, դրանց հաղթահարման և խաղաղության ամրապնդման վերաբերյալ» բանաձևի նախագիծը, որը վաղն է պաշտոնապես հրապարակվելու։ Հունանյանը հաստատեց՝ հենց այդ փաստաթուղթն է գագաթնաժողովում ընդունվել։ Կետերից մեկով կազմակերպության 50-ից ավելի երկրներ իրենց համերաշխությունն են հայտնում անդամ Հայաստանին, նաև մտահոգություն հայտնում բոլորովին վերջերս Հայաստանի և Ադրբեջանի միջև տեղ գտած ռազմական էսկալացիայի, հատկապես այդ առճակատման հետևանքով միջազգային իրավունքի, տարածքային ամբողջականության և մարդասիրական իրավունքի խախտումների առնչությամբ: Կազմակերպությունը ընդունված բանաձևով կոչ է արել խստորեն պահպանել հրադադարը, հակամարտությունը լուծել խաղաղ՝ հարգելով տարածքային ամբողջականության և միջազգային սահմանների անխախտելիության սկզբունքները։ Նաև ողջունել են Լեռնային Ղարաբաղի հակամարտության խաղաղ և արդարացի կարգավորում գտնելու Հայաստանի և Ադրբեջանի ջանքերը: Ըստ «Ազատության» ձեռքի տակ եղած նախագծի՝ հայ-ադրբեջանական ու Ղարաբաղի հակամարտությանը վերաբերող կետերի վերաբերյալ վերապահումներ են ունեցել Ալբանիան, Ռումինիան ու Մոլդովան։ Հունանյանի ծոսքով՝ այս երկրները փորձել են խոչընդոտել ձևակերպումների ընդունմանը, բայց ի վերջո բանաձևն ընդունվել է այնպես, ինչպես նախագծում ներկայացվել էր: Վերապահում ունեցող երկրները կարող էին վետոյի գործընթաց սկսել, որին, ըստ ԱԳՆ խոսնակի, չեն գնացել։ «Ալբանիան Ռումինիայի և Մոլդովայի աջակցությամբ փորձում էր վերաբացել այդ կետերի շուրջ քննարկում, սակայն թե հայկական պատվիրության նախարարական համաժողովի արտգործնախարար Արարատ Միրզոյանի ղեկավարությամբ աշխատանքի և ընդհանրապես Ֆրանկոֆոնիայում առկա Հայաստանի նկատմամբ համերաշխությունը բերեց նրան, որ այդ քննարկումը տեղի չունեցավ, այսինքն՝ չկարողացան ադրբեջանական ազդեցության տակ այդ նախաձեռնությունն արած երկրները հասնել իրենց ուզածին», - շեշտեց գերատեսչության խոսնակը: Արդյոք Երեւանը փորձե՞լ է Ադրբեջանի կողմից Հայաստանի տարածքային ամբողջականությունը խախտելու ձևակերպում ներառել։ Տեքստում նման ուղիղ դրույթ չկա։ Այս ձևակերպումներով էլ, ըստ Վահան Հունանյանի, փաստաթուղթը գոհացնում է Երևանին. «Մինչև նախագծի հասնելը նախարարական համաժողով ինքը անցնում է որոշակի համաձայնեցման պրոցեսներ, 54 անդամ պետություն կա, գումարած 7 ասոցացված և դիտորդներ: Իհարկե, ցանկացած պարագայում կարելի է ունենալ էլ ավելի լավ բանաձև, էլ ավելի խիստ դատապարտում, բայց սա այն հնարավորն էր, որին կարողացել ենք հասնել, և ես կարծում եմ, որ ունենք շատ լավ փաստաթուղթ»: Շարունակությունը՝ azatutyun.am -ում  
09:46 - 23 նոյեմբերի, 2022
Ադրբեջանը այսօրվա մեջ երկրորդ անգամ ապատեղեկատվություն է տարածում, թե ՊԲ ստորաբաժանումները խախտել են հրադադարի ռեժիմը․ Արցախի ՊՆ

Ադրբեջանը այսօրվա մեջ երկրորդ անգամ ապատեղեկատվություն է տարածում, թե ՊԲ ստորաբաժանումները խախտել են հրադադարի ռեժիմը․ Արցախի ՊՆ

Նոյեմբերի 22-ին՝ օրվա ընթացքում երկրորդ անգամ, Ադրբեջանի պաշտպանության նախարարությունը հերթական ապատեղեկատվությունն է տարածել այն մասին, թե իբր ժամը 09:17-ից 14:48-ն ընկած ժամանակահատվածում, Պաշտպանության Բանակի ստորաբաժանումները տարբեր ուղղություններով խախտել են հրադադարի ռեժիմը և կրակ բացել ադրբեջանական դիրքերի ուղղությամբ։ Այս մասին հայտնում են Արցախի ՊՆ մամուլի ծառայությունից։  Հիշեցնենք, որ Ադրբեջանի ՊՆ-ն առավոտյան տարածել էր ապատեղեկատվություն այն մասին, թե իբր ՊԲ ստորաբաժանումները նոյեմբերի 21-ի ժամը 16։50-ից նոյեմբերի 22-ի ժամը 01։05-ն ընկած ժամանակահատվածում կրակ են բացել Արցախի Հանրապետության Մարտունու շրջանի օկուպացված տարածքներում տեղակայված ադրբեջանական դիրքերի ուղղությամբ։ Միևնույն ժամանակ Արցախի ՊՆ-ից հայտնել են, որ երեկ և այսօր Ադրբեջանի ԶՈՒ ստորաբաժանումները խախտել են հրադադարի ռեժիմը՝ հրաձգային զինատեսակներից կրակ բացելով ՊԲ դիրքերի, ինչպես նաև Մաճկալաշեն գյուղի մերձակայքում գտնվող հողատարածքների ուղղությամբ։ 
17:50 - 22 նոյեմբերի, 2022
Առանց նախապայմանների ձևակերպումը վերաբերում է նաև Ցեղասպանության ճանաչման խնդրին․ Խաչատուրյանը՝ Թուրքիայի հետ հարաբերությունների կարգավորման մասին

Առանց նախապայմանների ձևակերպումը վերաբերում է նաև Ցեղասպանության ճանաչման խնդրին․ Խաչատուրյանը՝ Թուրքիայի հետ հարաբերությունների կարգավորման մասին

Հանրապետության նախագահ Վահագն Խաչատուրյանը հարցազրույց է տվել SpecialEurasia-ին, որը ներկայացնում ենք ստորև․ SpecialEurasia - Հաշվի առնելով վերջին շրջանում Հարավային Կովկասում գրանցված աշխարհաքաղաքական զարգացումները, (2020 թ-ի Լեռնային Ղարաբաղի հակամարտությունը, 2022թ-ի սեպտեմբերին Ադրբեջանի ռազմական ագրեսիան), և Ուկրաինայի հակամարտության արդյունքում ներկայումս միջազգային հարթակում առկա իրավիճակը, ինչպե՞ս եք տեսնում Հայաստանի ապագան և ի՞նչ ուղի կընտրի Ձեր երկիրն այս փոփոխվող աշխարհում։ - 2020 թվականի 44-օրյա պատերազմը ծանր փորձություն էր մեր ժողովրդի համար, ընդհանրապես պատերազմների ավերիչ հետևանքները դժվար է ամբողջական կերպով գնահատել՝ ընդ որում բոլոր պատերազմող կողմերի համար: Այսօր մեր տարածաշրջանում և, համարձակվում եմ ասել, ամբողջ աշխարհում տեղի է ունենում մինչ 2020 թվականը գոյություն ունեցած աշխարհակարգի վերափոխում և եթե դիտարկենք այս տեսանկյունից, ապա լոկալ հակամարտություններն այդ փոփոխության մասնակի դրսևորումներն են: Անշուշտ, առկա միջազգային իրադրության լարվածության և փոփոխությունների ֆոնին հարկ է, որ ցանկացած պետություն ընտրություն կատարի, բայց այդ ընտրությունը կարծում եմ ավելի շատ արժեքների դաշտում է: Հայաստանն այս տեսանկյունից իր միանշանակ որոշումը կայացրել է, այն է՝ անշեղորեն առաջնորդվել ժողովրդավարության սկզբունքներով և գնալ ժողովրդավարական ինստիտուտների կայացման ուղիով: Մենք փոքր հնարավորություններով երկիր ենք, նկատի ունեմ այն, որ Հայաստանը հարուստ չէ օգտակար հանածոներով, էներգակիրներով, մենք չունենք նավթ ու գազ և նման պայմաններում ժողովրդավարությունը, մշակույթը, գիտությունը դառնում են մեր առաջնային ռեսուրսն աշխարհին ներկայանալու և մոլորակի վրա մեր ուրույն տեղն ու դիմագիծն ունենալու համար: Իսկ այս ամենի համար անհրաժեշտ է խաղաղություն: Հայաստանի համար վերջինս այլընտրանք չունի, քանի որ խաղաղությունն ամենակարևոր նախապայմանն է ինչպես առանձին վերցրած քաղաքացու, այնպես էլ պետությունների կայացման, զարգացման ու քաղաքակրթական վերելքի համար: Եթե փորձենք ձևակերպել շատ հակիրճ, ապա Հայաստանն աներկբա կերպով ընտրել է խաղաղ, ժողովրդավար և մարդակենտրոն զարգացման ուղին: SpecialEurasia - Խոսելով Հայաստանի արտաքին հարաբերություններից, Դուք կարծու՞մ եք, որ հնարավոր է կարգավորել Թուրքիայի հետ հարաբերությունները, չնայած նրան, որ Անկարան երբեք չի ճանաչել Հայոց ցեղասպանությունը։ Ինչպե՞ս կարող է հայ բնակչությունն արձագանքել այս խնդրին։ - Հայաստանի Հանրապետության համար բարիդրացիական հարաբերությունների հաստատումն իր բոլոր հարևանների, այդ թվում՝ Թուրքիայի հետ երբևէ վիճարկելի գաղափար չի եղել: Մենք մշտապես հանդես ենք եկել Թուրքիայի հետ առանց նախապայմանների հարաբերությունների հաստատման, սահմանների բացման դիրքորոշմամբ: Պետք է շեշտել, որ առանց նախապայմանների ձևակերպումը դիվանագիտական խուսանավում չէ և վերաբերում է նաև Ցեղասպանության ճանաչման խնդրին:Ցավոք, պետք է ասեմ, որ տասնամյակներ շարունակ առաջինը Թուրքիան է Հայաստանի հետ սահմանների բացման և հարաբերությունների կարգավորման համար նախապայմաններ առաջադրել՝ ինչ-որ առումով սպասարկելով ղարաբաղյան հիմնախնդրի կարգավորման գործընթացում ադրբեջանական օրակարգը: Միևնույն ժամանակ, կարևոր եմ համարում ընդգծել, որ 1990-ականների սկզբին և 2008-2009 թվականներին Հայաստանն ու Թուրքիան ունեին հնարավորություն գնալ արմատական փոփոխության և շարժվել կարգավորման ուղղությամբ: Այդ հնարավորությունները լիարժեք կերպով չօգտագործվեցին, բայց այսօր ես առավել կարևոր եմ համարում ոչ թե անցյալի բացթողումների կամ ինչ-ինչ կորսված հնարավորությունների մասին խոսելը, այլ ապագային նայելը:Ներկայումս Հայաստանի և Թուրքիայի հատուկ ներկայացուցիչները պարբերաբար հանդիպում են: Անգամ տեղեկատվական-քարոզչական դաշտում ես տեսնում եմ դրական միտումներ և հույս ունեմ, որ մեր արևմտյան հարևանի հետ մենք կարող ենք հաստատել քաղաքակիրթ, կարգավորված և կանխատեսելի բարիդրացիական հարաբերություններ: Ես այն համոզմանն եմ, որ անգամ բարդագույն խնդիրների լուծման բանալին զարգացումն ու ժողովրդավարությունն է, որոնք չենք կարող գոյություն ունենալ նախապայմաններով կամ բացառություններով: Այս տեսանկյունից քաղաքակիրթ հարաբերությունների հաստատումը Թուրքիայի և ընդհանարապես, բոլոր հարևան երկրների հետ, Հայաստանը տեսնում է որպես հնարավորություն, ինչպես արդեն ասեցի, ժողովրդավարության և զարգացման հասնելու և բարդագույն խնդիրների հաղթահարման համար: SpecialEurasia - Արևմուտքը հաճախ է երկակի ստանդարտների քաղաքականություն կիրառել Հայաստանի և Լեռնային Ղարաբաղի նկատմամբ։ Արդյո՞ք տեսնում եք որևէ փոփոխություն 2022 թվականի սեպտեմբերից հետո: - Ես չէի ցանկանա միանշանակ ու միարժեք կերպով գնահատականներ հնչեցնել, ղարաբաղյան հիմնախնդրում Արևմուտքի դերակատարության մասին: 1992 թվականին ստեղծված ԵԱՀԿ Մինսկի խումբն այս տարիների ընթացքում գնահատելի աշխատանք է տարել հակամարտության կարգավորման ուղղությամբ՝ հանդես գալով մի շարք առաջարկներով, այլ հարց է, որ 2020 թվականին Ադրբեջանը փորձեց ուժի կիրառմամբ հասնել իր համար ցանկալի արդյունքի:Ինչ վերաբերում է, 2022 թվականի սեպտեմբերից հետո Արևմուտքի և կարելի է ասել առաջադեմ աշխարհի դիրքորոշմանը, ապա այստեղ ամեն ինչ առավել քան պարզ էր: 2022 թվականի սեպտեմբերի 13-ին Ադրբեջանը ոտնձգություն է իրականացրել Հայաստանի ինքնիշխան տարածքի նկատմամբ և փաստացի օկուպացրել: Այս հարցը քննարկվել է ՄԱԿ անվտանգության խորհրդում, բազմաթիվ երկրների կողմից ադրբեջանական ագրեսիան դատապարտվել է և ի վերջո, ԵԱՀԿ կողմից փաստահավաք առաքելություն է ուղարկվել Հայաստան: Կարծում եմ սրանք ցուցիչներ են, որոնք ակնառու կերպով ի ցույց են դնում Արևմուտքի դիրքորոշումը: SpecialEurasia - Վերջերս Դուք ելույթ ունեցաք COP27-ում։ Ո՞րն է կլիմայի փոփոխության մարտահրավերին դիմակայելու՝ Հայաստանի որդեգրած ռազմավարությունը, և ինչպե՞ս կարող են բնապահպանական խնդիրներն ազդել Հայաստանի բիզնես ոլորտների վրա: - Կլիմայի փոփոխություններին ինչ-որ կերպ հակազդելու հիմնախնդրի առաջ կանգնած է համայն մարդկությունը և այդ գործում բոլոր պետություններն ունեն իրենց դերակատարությունը՝ անկախ իրենց աշխարհագրական դիրքից ու տարածքից: Հայաստանը, բնականաբար, հանձնառու է իրականացնել այն միջոցառումները, որոնք մեր երկիրը ստանձնել է «Փարիզյան կոնվենցիայով»: Կարծում եմ, որ Կլիմայի փոփոխության մարտահրավերներին դիմակայելու բանաձևերը բավական պարզ և հստակ են՝ շարժվել դեպի «կանաչ տնտեսություն», զարկ տալ տեխնոլոգիական զարգացմանն ու էկոլոգիապես մաքուր էներգիայի աղբյուրների կիրառությանը տնտեսության մեջ, կառավարելի դարձնել շրջակա միջավայրի աղտոտման վրա ուղակի ազդեցություն ունեցող ռիսկերը՝ գտնելով կենցաղային ու արտադրական թափոնների վերամշակման ու նվազեցման մեխանիզմներ: Կցանկայի նաև շեշտել, որ Կլիմայի փոփոխության յուրօրինակ մարտահրավերներից են նաև ռազմական ագրեսիաներն ու պատերազմները, որոնց հետևանքներին մենք ականատես ենք լինում տարիներ շարունակ: SpecialEurasia - Արդյո՞ք Հայկական Սփյուռքը կարող է էական դեր ունենալ այսօրվա Հայաստանում։- Հայկական սփյուռքն այսօր, ինչպես և անցյալում և հուսով եմ ապագայում, անքակտելիորեն կապված է Հայաստանի հետ: Հայաստանի Հանրապետությունն աշխարհի բոլոր հայերի հայրենիքն է, և այստեղ այլ կարծիք լինել չի կարող, այլ հարց է, որ պետք է առավել ինստիտուցիոնալ հիմքի վրա դնել Հայաստան-Սփյուռք հարաբերությունները, որպեսզի դրանք չսահմանափակվեն զուտ բարեգործական նախաձեռնություններով կամ տարբեր հիմնադրամների ու հասարակական կազմակերպությունների գործունեությամբ, թեկուզ և անգնահատելի է այդօրինակ կառույցների բազմոլորտ գործունեությունը հայապահպանության, հայկական մշակույթի զարգացման ու հանրահռչակման ու բազմաթիվ այլ ասպարեզներում: Այս հարցում բնականաբար անելիքներ ունեն և Հայաստանի ղեկավարությունը և Սփյուռքահայ կազմակերպությունները, որովհետև պարզ է նաև այն, որ Սփյուռքը բազմաշերտ, յուրօրինակ երևույթ է, որի հետ հնարավոր չէ միագիծ հարաբերություններ ստեղծել: SpecialEurasia -  Երևան կատարած մեր այցի ընթացքում մենք բացահայտեցինք, որ Պարսից ծոցի որոշ միապետություններ մեծ ակտիվությամբ խթանում և աջակցում են տեղական բիզնեսներին, հատկապես Արաբական Միացյալ Էմիրությունները: Վերջերս դուք հանդիպում ունեցաք Արաբական լիգայի գլխավոր քարտուղարի հետ։ Հաշվի առնելով Միջին Արևելքում հայկական Սփյուռքի կենսական դերը, հավատու՞մ եք, որ Ձեր երկիրը կարող է ամրապնդել իր տնտեսական և քաղաքական հարաբերությունները արաբ-մուսուլմանական աշխարհի հետ: - ՄԱԿ-ի Կլիմայի փոփոխության մասին համաժողովի շրջանակներում ես արդյունավետ հանդիպումներ եմ ունեցել նաև արաբական մի շարք երկրների իմ պաշտոնակիցների և ղեկավարների հետ և վստահաբար կարող եմ ասել, որ արաբական աշխարհում առկա է ցանկություն առավել բարձր մակարդակի հասցնել Հայաստանի հետ հարաբերությունները: Հայկական սփյուռքն, անշուշտ, իր դերակատարությունն ունի այս հարաբերություններում, սակայն կարծում եմ, որ միայն Սփյուռքի ներուժի օգտագործումը բավարար չէ և մենք պետք է շարժվենք քաղաքական տնտեսական ու առևտրա-տնտեսական կապերի սերտացման ու ընդլայնման ուղղությամբ: Հայաստանը բազմաթիվ բարեկամ ու գործընկեր երկրներ ունի արաբա-մուսուլմանական աշխարհում և իմ հանդիպումները՝ ինչպես Արաբական պետությունների լիգայի Գլխավոր քարտուղար պարոն Ղեյթի, այնպես էլ այլ արաբ առաջնորդների հետ նպատակ ունեին զարգացնել փոխշահավետ համագործակցությունն ու ընդլայնել Հայաստան-Արաբական աշխարհ երկխոսությունը: SpecialEurasia - Ի՞նչ կասեք հայ-իտալական հարաբերությունների մասին։ - Հայ-իտալական հարաբերությունները հարյուրամյակների պատմություն ունեն և իրենց արմատներով հասնում են վաղ միջնադար, երբ հայ վաճառականներն առևտուր էին անում Ջենովայի և Վենետիկի հետ: Մեկ այլ մակարդակում են գտնվում հայ-իտալական մշակութային առնչակցությունները, Վենետիկի Սուրբ Ղազար կղզում է գտնվում աշխարհում հայագիտության խոշորագույն կենտրոններից մեկը՝ Մխիթարյան միաբանությունը: Ընդհանրապես, հայ-իտալական հարաբերություններն այնքան խորն ու բազմաշերտ են, որ մեկ կամ մի քանի հարցազրույցների ընթացքում հնարավոր չէ անդրադառնալ դրանց բոլորին: Մեր ժողովուրդներն անգամ բազմաթիվ նմանություններ ունեն՝ սկսած արտաքինից վերջացրած զգացմունքայնությամբ և հախուռն բնավորությամբ: Այնպես որ, կարծում եմ հայ-իտալական հարաբերությունները մշտապես ունեն զարգացման մեծ ներուժ:
17:11 - 22 նոյեմբերի, 2022