Նիկոլ Փաշինյան

Նիկոլ Վովայի Փաշինյան, ՀՀ գործող վարչապետն է։ ՀՀ Ազգային ժողովի նախկին պատգամավոր, «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության վարչության անդամ։

Ծնվել է 1975 թվականի հունիսի 1-ին՝ Իջեւան քաղաքում։ 1999-2012 թվականներին եղել է քաղաքական ուղղվածության «Հայկական ժամանակ» օրաթերթի գլխավոր խմբագիրը, 2012 թվականի մայիսի 6-ից մինչեւ վարչապետի պաշտոնում ընտրվելը՝ Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի պատգամավոր` ընդդիմադիր «Ելք» խմբակցությունից։ Որպես կուսակցական գործիչ համարվում է «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության, ինչպես նաեւ «Իմպիչմենտ» եւ «Ելք» դաշինքների համահիմնադիր։

2018 թվականին Սերժ Սարգսյանի երրորդ պաշտոնավարման դեմ պայքարող Նիկոլ Փաշինյանը սկսում է «Իմ քայլը» նախաձեռնությունը եւ իր համախոհների հետ միասին Գյումրուց քայլարշավով ուղեւորվում Երեւան։  Գործողությունների արդյունքում ապրիլի 23-ին Սերժ Սարգսյանը հրաժարական է տալիս։

Մայիսի 8-ին Փաշինյանն ընտրվում է Հայաստանի Հանրապետության 16-րդ վարչապետ։ Վարչապետի պաշտոնում Նիկոլ Փաշինյանը վերընտրվում է 2018-ի դեկտեմբերի և 2021-ի հունիսի խորհրդարանական արտահերթ ընտրությունների ժամանակ;

Ընտրական օրենսգրքի բարեփոխումների իմքայլական եռամյա քրոնիկոնը

Ընտրական օրենսգրքի բարեփոխումների իմքայլական եռամյա քրոնիկոնը

2018 թվականի ապրիլ-մայիսյան իրադարձությունների ժամանակ, ի թիվս այլնի բարեփոխումների, օրակարգ բերվեց նաեւ Ընտրական օրենսգրքի փոփոխությունների անհրաժեշտությունը։ Փողոցային պայքարից եւ նոր կառավարության ու խորհրդարանի ձեւավորումից անցել է մոտ 3 տարի, ոչ հեռու ապագայում նախատեսվում են խորհրդարանական արտահերթ ընտրություններ, սակայն Ընտրական օրենսգրքի բարեփոխումները դեռ քննարկման փուլում են։ Փոփոխությունների նախագիծն այժմ Ազգային ժողովում է, սակայն բանը բուն քննարկմանը դեռեւս չի հասել։ Infocom-ը ներկայացնում է Ընտրական օրենսգրքի փոփոխությունների ճանապարհը՝ Նիկոլ Փաշինյանի ու նրա քաղաքական թիմի ներկայացուցիչների մեկնաբանություններով։ 2018 թվականի ապրիլի 21․ Սերժ Սարգսյանի հրաժարականից՝ 2 եւ Նիկոլ Փաշինյանի՝ վարչապետ ընտրվելուց 17 օր առաջ Հանրապետության հրապարակում Փաշինյանը ներկայացրեց քայլերի հաջորդականություն, որտեղ ներառված էր նաեւ Ընտրական օրենսգրքի փոփոխությունը: «․․․Կետ առաջին․ Սերժ Սարգսյանը հրաժարական է տալիս վարչապետի պաշտոնից, ԱԺ-ն վարչապետ է ընտրում ժողովրդի թեկնածուին, ում ժողովուրդը կընտրի այս հրապարակում, երրրոդ՝ ձեւավորվում է ժամանակավոր կառավարություն, մաքսիմալ արագ օրենսդրական փոփոխություններով, Ընտրական օրենսգրքի, Կուսակցությունների մասին օրենքի փոփոխություններով ստեղծվում են օրենսդրական երաշխիքներ, որ առաջիկայում կարող են տեղի ուենալ ազատ, արդար, թափանցիկ խորհրդարանական արտահերթ ընտրություններ․․․»։ Սերժ Սարգսյանի հրաժարականից մի քանի օր անց՝ ապրիլի 29-ին՝ Ազգային ժողովում լրագրողների հետ զրույցում, Փաշինյանը կրկին անդրադարձավ խորհրդարանական արտահերթ ընտրություններին՝ ի պատասխան լրագրողի հարցի ասելով, որ «․․․մինչեւ ազատ, արդար ընտրությունների անցկացումն անհրաժեշտ է լրջագույն փոփոխությունների ենթարկել Ընտրական օրենսգիրքը, եւ ընդհանրապես օրենսդրական դաշտում փոփոխություններ պետք է անել այնպես, որ հապճեպ, ոտի վրա արված փոփոխություններ չլինեն․․․»։ Վարչապետ ընտրվելուց հետո՝ մայիսի 21-ին, Նիկոլ Փաշինյանը դարձյալ լրագրողների հետ ճեպազրույցի ժամանակ նշեց, որ մինչեւ հունիսի վերջն Ընտրական օրենսգրքի փոփոխությունների առնվազն նախագիծ կլինի։  2018 թվականի հունիսի 1-ին հրապարակվեց Փաշինյանի ղեկավարած կառավարության ծրագիրը, որտեղ եւս արձանագրված էր, որ իրենք կարեւորում են այնպիսի խորհրդարանական արտահերթ ընտրությունների անցկացումը, որոնք կլինեն իրապես ազատ, արդար, թափանցիկ, ժողովրդավարական։ Այդպիսի ընտրություններ անցկացնելու նպատակով, գործադիրի համոզմամբ, անհրաժեշտ էր իրականացնել Ընտրական օրենսգրքի եւ ընտրական համակարգի էական բարեփոխումներ:  Հունիսի 8-ին Նիկոլ Փաշինյանն Ազգային ժողովում կառավարության ծրագիրը ներկայացնելիս վերահաստատեց ծրագրում արձանագրված իրենց նպատակները՝ շեշտելով, որ, իրենց կարծիքով, արտահերթ ընտրությունները պետք է անցկացվեն մեկ տարվա ընթացքում։ Նա ընդգծեց, որ գործող կառավարությունն առաջիկա ժամանակը մտադիր է օգտագործել Ընտրական օրենսգիրքը լրջագույն փոփոխությունների ենթարկելու համար, եւ այդ փոփոխությունները կլինեն ՀՀ քաղաքացիների ազատ կամարտահայտությունը, ընտրությունների օրինականությունն ու թափանցիկությունը երաշխավորելու տրամաբանությամբ։ Փոփոխությունների շրջանակը քննարկելու համար 2018թ․-ի հունիսի 19-ին ստեղծվեց վարչապետին կից Ընտրական օրենսգրքի բարեփոխումների հատուկ հանձնաժողով, իսկ աշնանը ԸՕ փոփոխությունների նախագիծը պատրաստ էր։  Հոկտեմբերին 2-ին՝ լրագրողների հետ զրույցում, Նիկոլ Փաշինյանը հայտարարեց, որ վերջին զարգացումներից հետո 2018-ի դեկտեմբերին կանցկացվեն խորհրդարանական արահերթ ընտրություններ։ Հոկտեմբերի 16-ին՝ լրագրողների հետ զրույցում, այն ժամանակ առաջին փոխվարչապետ Արարատ Միրզոյանը չհամաձայնեց այն պնդմանը, թե իրենք այնքան էլ տրամարդված չեն Ընտրական օրենսգրքի փոփոխությունները կյանքի կոչելու․ «Գործադիրը նպատակ ունի գնալ ընտրությունների ավելի լավ, ավելի առաջադիմական օրենսգրքով, ավելի առաջադիմական խաղի կանոններով։․․․ մեր անկեղծ ցանկությունն է, որ այս օրենսգիրքը, նաեւ գործընկերների առաջարկությունները հաշվի առնելով, կարողանանք կյանքի կոչել»։ Հոկտեմբերի 22-ին Հանրապետական մեծամասնություն ունեցող Ազգային ժողովն առաջին ընթերցմամբ չընդունեց օրենսգրքի փոփոխությունների նախագիծը։ Նույն օրը Նիկոլ Փաշինյանն ուղիղ եթերով սաբոտաժ որակեց նախագիծը չընդունելը։ ԱԺ դեռեւս «Ելք» խմբակցության պատգամավոր Ալեն Սիմոնյանն էլ իր հերթին նույնպիսի որակում արեց լրագրողների հետ զրույցում՝ շեշտելով, որ ՀՀԿ-ն վատություն արեց քաղաքական դաշտին՝ չընդունելով նախագիծը։ Հաջորդ օրն Ալեն Սիմոնյանը հայտարարեց՝ իրենք ամեն ինչ անելու են, որ ԸՕ-ն փոխվի։ Դեկտեմբերին նախանշվել էին արտահերթ ընտրություններ։ Դրա համար անհրաժեշտ էր, որ վեցերորդ գումարման խորհրդանը ցրվի, իսկ դրա համար պետք էր, որ ԱԺ-ն երկու անգամ չընտրի վարչապետ։ Խորհրդարանում հոկտեմբերի 24-ին վարչապետի առաջին ընտրության հարցի քննարկման ժամանակ Նիկոլ Փաշինյանն իր ելույթում դարձյալ անդրադարձավ Ընտրական օրենսգրքի փոփոխությունների հարցին՝ խոսելով փաստաթղթի փոփոխության անհրաժեշտության մասին։  Հոկտեմբերի 29-ին Ազգային ժողովում երկրորդ անգամ տապալվեց Ընտրական օրենսգրքի փոփոխությունների նախագծի ընդունումը։ Նույն օրը ԱԺ պատգամավոր Ալեն Սիմոնյանն ասաց, որ ԸՕ-ի փոփոխությունների՝ երկրորդ անգամ տապալումից հետո անիմաստ է համարում նախագիծը դարձյալ օրակարգ բերելը՝ ընդգծելով, որ ռեյտինգային ընտրակարգն իրենց թիմի համար ընդունելի տարբերակ է, իրենք այդ ընտրակարգով էլ կարող են հաջողություն ունենալ, իսկ առաջարկվող փոփոխություններն ավելի ներկայացուցչական եւ քաղաքական ընտրություններ ունենալու համար էին։ 2020-ի նոյեմբերի 20-ի ասուլիսի ընթացքում, պատասխանելով լրագրողներից մեկի հարցին, թե ինչու չի իրականացվել իրենց հայտարարած օրակարգի կարեւոր կետերից մեկը՝ Ընտրական օրենսգրքի փոփոխությունը, Փաշինյանը, հակասելով ինքն իրեն, հայտարարեց, թե իրենց պարտավորությունը վերաբերել է խորհրդարանական արտահերթ ընտրություններ անցկացնելուն, եւ ոչ թե Օրենսգրքի որեւէ տարբերակով ընտրություններ կազմակերպելուն․ «Հանրապետության հրապարակում մենք չենք քննարկել՝ Ընտրական օրենսգրքի ինչ տարբերակով դա պետք է տեղի ունենա, եւ եթե նույնիսկ քննարկած լինեինք, խորհրդարանական ուժերի քվեարկության արդյունքում պետք է որեւէ օրենք անցնի կամ չանցնի, եւ ամեն ինչ տեղի է ունեցել ձեր աչքի առաջ, եւ կառավարությունն իրենից կախված ամեն ինչ արել է թույլատրելիի սահմանում, որպեսզի այդ օրենսգիրքն ընդունվի․․․»։ (Հանրապետության հրապարակում ԸՕ փոփոխություններից հետո արտահերթ ընտրություններ անցկացնելու վերաբերյալ Փաշինյանի հայտարարությունը՝ տե՛ս առաջին ակտիվ հղմամբ)։ Ի վերջո 2018-ի դեկտեմբերի խորհրդարանական արտահերթ ընտրություններն անցկացվեցին Ընտրական հին օրենսգրքով։ 2019-ի մարտին 7-րդ գումարման Ազգային ժողովի նախագահ Արարատ Միրզոյանը խորհրդարանի ամբիոնից քաղաքական ուժերին հրավիրեց միասնական ջանքերով ընտրական բարեփոխումներ մշակելու։ «Ուզում եմ միանգամից հայտարարել, որ մենք չունենք սահմանափակումներ ու խոչընդոտներ՝ այդ թվում՝ սահմանադրական, այսինքն՝ կարող ենք ավելի արմատական փոփոխություններ մշակել եւ իրականացնել»,- իր ելույթում ասաց Միրզոյանը։ 2019 թվականի սեպտեմբերի 24-ին ԱԺ «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր, ԸՕ փոփոխությունների աշխատանքային խմբի համակարգող Համազասպ Դանիելյանն Infocom-ի հետ զրույցում հայտնեց, որ 1-1,5 տարուց պատրաստ կլինի օրենսդրական բարեփոխումների փաթեթը։  2020-ի հունիսին Ընտրական օրենսգրքում կատարվեցին որոշակի փոփոխություններ, 4000-ից ավելի բնակիչ ունեցող եւ բազմաբնակավայր համայնքներում ավագանու ընտրությունների ընտրակարգը դարձավ համամասնական։ 2020-ի դեկտեմբերին Կուսակցությունների մասին օրենքի հետ որոշ փոփոխություններ կատարվեցին նաեւ Ընտրական օրենսգրքում, սակայն դրանք չէին վերաբերում ռեյտինգային խնդրահարույց համակարգի վերացմանը, ընտրական շեմերին ու մնացյալ հիմնական հարցերին։ 2020-ի սեպտեմբերին ընտրական բարեփոխումների թեման դարձյալ հանրային քննարկման օրակարգում էր։ Ընտրական բարեփոխումների հանձնաժողովը աշխատանքներ էր կատարում նախագծի շուրջ, իսկ աշխատանքները համակարգում էր «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Համազասպ Դանիելյանը։ Արցախա-ադրբեջանական 44-օրյա պատերազմից հետո հայաստանյան ներքաղաքական իրավիճակն, ի վերջո, հանգեցրեց մի դրության, երբ արտահերթ ընտրություններն անխուսափելի են։ Ընտրությունների օր հաստատվեց այս տարվա հունիսի 20-ը։  2021 թվականի մարտի 19-ին ԱԺ փոխնախագահ Ալեն Սիմոնյանը հայտարարեց, որ քաղաքական ուժերի հետ քննարկումներ են ընթանում Ընտրական օրենսգրքի փոփոխությունների շուրջ։ Օրեր անց՝ մարտի 22-ին, Արդարադատության գործող նախարար Ռուստամ Բադասյանը կարծիք հայտնեց, որ ԸՕ փոփոխությունները հնարավոր է ընդունել շատ արագ։ Ընտրական օրենսգրքի փոփոխությունների նախագիծն արդեն Ազգային ժողովում է, սակայն դեռեւս քննարկման չի ներկայացվել։ Ու թեեւ դեռեւս համընդհանուր կոնսենսուս չկա փոփոխություններ անելու վերաբերյալ, իսկ «Իմ քայլը» խմբակցության ղեկավար Լիլիթ Մակունցը չմեկնաբանեց լրագրողների այն հարցը, թե արդյոք «Իմ քայլը» միանձնյա կորոշի՞ ընդունել Ընտրական օրենսգրքի փոփոխությունների նախագիծը, այդուհանդերձ խորհրդարանական մեծամասնության պատգամավոր Համազասպ Դանիելյանը հայտարարեց՝ Ընտրական օրենսգիրքը պետք է ընդունվի, եթե անգամ չլինի ընդդիմադիր երկու խմբակցությունների աջակցությունը: Իսկ արդեն երեկ՝ մարտի 24-ին, խորհրդարանի փոխխոսնակ, «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Լենա Նազարյանն արտահերթ ընտրությունների վերաբերյալ հարցազրույցում ընդգծեց՝ իրենք խմբակցությունում կայացրել են որոշում՝ առաջարկել խորհրդարանին՝ ընտրությունների գնալ համամասնական ընտրակարգով։ Նրա համոզմամբ՝ սա ամենակարեւոր հեղափոխական, նախընտրական խոստումն է, որ իրենք ստանձնել են․ «Ինչ վերաբերում է ԸՕ ամբողջական փոփոխություններին՝ չեմ կարող ասել՝ արդյոք կհասցնե՞նք մանրամասն, լիարժեք քննարկել, որպեսզի խոչընդոտներ չառաջանան փոփոխությունների հետեւանքով, բայց ընտրակարգի հետ կապված ունենք հստակ որոշում»,- ասաց Նազարյանը՝ հավելելով, որ դա էլ դեռ պետք է քննարկվի ու քվերարկվի Ազգային ժողովում։ Այսպիսով, մոտ երեք տարի առաջ Հանրապետության հրապարակում Նիկոլ Փաշինյանը հայտարարեց Սերժ Սարգսյանի հրաժարականից հետո առաջնահերթ քայլերի մասին, որոնցում կիզակետային նշանակություն ուներ արտահերթ ընտրություններից առաջ ընտրական օրենսդրության փոփոխությունը։ Ինչո՞ւ, քանի որ տարիներ շարունակ տարբեր հարթակներից քաղհասարակության ներկայացուցիչներն ու նախկին ընդդիմադիրները հայտարարել են, որ գործող Ընտրական օրենսգիրքը լայն հնարավորություններ է տալիս ընտրակեղծիքների ու անարդարությունների համար։  Սերժ Սարգսյանի հրաժարականից հետո նախանշվեցին արտահերթ ընտրություններ, Նիկոլ Փաշինյանի ղեկավարած կառավարությունն ու պատգամավորները սկսեցին ընտրական օրենսդրության փոփոխությունների նախագծի շուրջ աշխատանքները։ Նախագիծը ներկայացվեց, սակայն երկու անգամ տապալվեց խորհրդարանում, քանի որ այդ ժամանակ պառլամենտական մեծամասնությունը դեռեւս Հանրապետական կուսակցությունն էր։ Քննարկումների այդ ողջ ընթացքում Փաշինյանն ու իր թիմի ներկայացուցիչներն արդեն նախկին իշխանավորներին համոզում էին, որ Ընտրական օրենսգրքի փոփոխությունները ձեռնտու են հենց նրանց եւ կարեւոր են ընդհանուր քաղաքական դաշտի առողջացման համար, այլ ոչ թե անձամբ իրենց, քանի որ, իրենց համոզմամբ, այդ պահին ունեցած լեգիտիմության ու հանրային վստահության պարագայում իրենք ցանկացած համակարգով կարող են գնալ ընտրությունների ու հաղթել։ Տարբեր առիթներով «Իմ քայլի» ներկայացուցիչները վստահեցրել են, որ ազատ, արդար ու թափանցիկ ընտրություններ կազմակերպելու համար նախ եւ առաջ պետք է քաղաքական կամք, ինչն, իրենց վստահեցմամբ, իրենք ունեն։  2018-ի խորհրդարանական ընտրություններն անցկացվեցին Ընտրական հին օրենսգրքով, ձեւավորվեց 7-րդ գումարման Ազգային ժողովը, որտեղ մինչ օրս քննարկվում է Ընտրական օրենսգրքի փոփոխության հարցը։ Փոփոխությունների նախագիծը վերջապես ուղարկվել է խորհրդարան, սակայն դեռեւս չի դրվել քննարկման։ Մինչեւ հունիսյան ընտրությունները կփոխվի՞ օրենսգիրքը, թե ոչ՝ այս պահին հստակ չէ՝ չնայած «Իմ քայլն» ունի սահմանադրական մեծամասնություն եւ այդպիսով հնարավորություն՝ միայնակ անցկացնելու փոփոխությունները։ Արտախորհրդարանական մի շարք ուժեր եւս կարեւորում են բարեփոխված օրենսգրքով ընտրությունների անցկացումը, ոմանք նույնիսկ անընդունելի են համարում հակառակ պարագան՝ ի տարբերություն ընդդիմադիր «Լուսավոր Հայաստանի», որը 2018-ին աջակցում էր փոփոխությունների օրակարգին, իսկ այսօր կարծում է, որ խաղից առաջ դրա կանոնները փոխելը ճիշտ չէ։ Ինչ վերաբերում է «Բարգավաճ Հայաստան» խմբակցությանը, վերջինս չեզոք դիրքորոշում ունի այս հարցում, իրենք միեւնույն է՝ մասնակցելու են ընտրություններին՝ անկախ օրենսգրքի փոխվել-չփոխվելուց։  Այսուհանդերձ, ԱԺ-կառավարություն վերջին հարցուպատասխանի ժամանակ վարչապետ Նիկոլ Փաշինյանը հայտարարեց, որ հանդիպումների ժամանակ խորհրդարանական խմբակցությունները դեմ չեն եղել ընտրակարգի փոփոխությանը, ուստի «Իմ քայլը» որոշել է, որ կգնան ԸՕ-ի պարզ փոփոխությունների, եւ ընտրություններն կիրականացվեն համամասնական ընտրակարգով, այսինքն՝ առանց վարկանիշային ընտրացուցակի։ Հայարփի Բաղդասարյան, Աննա Սահակյան
15:11 - 26 մարտի, 2021
ՀՀ կառավարության և «Հայաստան» համահայկական հիմնադրամի միջոցներով Արցախում կիրականացվեն 110 մլրդ դրամի ծրագրեր. կայացել է ՀՀ և ԱՀ ԱԽ համատեղ նիստ

ՀՀ կառավարության և «Հայաստան» համահայկական հիմնադրամի միջոցներով Արցախում կիրականացվեն 110 մլրդ դրամի ծրագրեր. կայացել է ՀՀ և ԱՀ ԱԽ համատեղ նիստ

Վարչապետ Նիկոլ Փաշինյանի և Արցախի Հանրապետության նախագահ Արայիկ Հարությունյանի գլխավորությամբ Երևանում տեղի է ունեցել Հայաստանի Հանրապետության և Արցախի Հանրապետության Անվտանգության խորհուրդների համատեղ նիստ:   Վարչապետ Փաշինյանն իր խոսքում, մասնավորապես նշել է. «Արցախի Հանրապետության մեծարգո նախագահ, հարգելի գործընկերներ, Այս շաբաթ արդեն երկրորդ օրը մենք աշխատում և քննարկումներ ենք իրականացնում Արցախի կառավարության ներկայացուցիչների հետ: Ուզում եմ ձեզ տեղեկացնել, որ երեկ շատ արդյունավետ քննարկում ենք ունեցել, որի արդյունքներով որոշվել է հանդես գալ այսպիսի առաջարկությամբ՝ Արցախում շուրջ 110 միլիարդ դրամի բնակարանաշինության և անհրաժեշտ ենթակառուցվածքների կառուցման ծրագիր իրականացնելու վերաբերյալ: Ընդ որում առաջարկը հետևյալն է՝ ծրագիրն իրականացնել «Հայաստան» համահայկական հիմնադրամի միջոցով և ծրագիրը ֆինանսավորել հետևյալ համամասնությամբ. այս պահին հիմնադրամի հաշիվներում կա վերջին դրամահավաքի արդյունքներով գոյացած շուրջ 58 միլիարդ դրամ և Հայաստանի կառավարությունը կտրամադրի 52 միլիարդ դրամ: Այսինքն կունենանք 110 միլիարդ դրամանոց դրամագլուխ, որով և կիրականացնենք բնակարանաշինության և անհրաժեշտ ենթակառուցվածքների ծրագիրը: Եվս մի քանի որոշումներ ենք կայացրել, որոնցով ըստ էության ոչ միայն պետք է իրագործենք 2020 թվականի նոյեմբերի 18-ին իմ կողմից հրապարակված «ճանապարհային քարտեզի» դրույթը, այն է՝ Արցախի բնականոն կյանքի վերականգնման վերաբերյալ, այլև պետք է զարգացման ծրագրեր իրականացնենք Արցախում, որպեսզի ունենանք սոցիալտնտեսական զարգացման բավարար, բարձր տեմպեր: Կարծում եմ՝ երեկ կայացրած որոշումները շատ ամուր հիմք կարող են դառնալ այդ զարգացումներն ապահովելու համար: Այսօր մենք քննարկումներ ենք ունենալու Անվտանգության խորհուրդների կազմերով, քննարկելու ենք անվտանգային միջավայրին և ապագայի շուրջ մեր ռազմավարական պատկերացումների վերաբերյալ հարցեր: Համոզված եմ, որ այսօրվա որոշումները նույնպես կարևոր դեր պետք է խաղան մեր հետագա անելիքների և դրանց իրագործման առումով»: Ողջունելով նիստի մասնակիցներին՝ նախագահ Հարությունյանը նշել է, որ մարտի 25-ին կայացած համատեղ խորհրդակցության արդյունքում ընդունված՝ Արցախում բնակարանաշինության և ենթակառուցվածքների վերականգնման համար 110 մլրդ ՀՀ դրամ հատկացնելու մասին որոշումն առանցքային նշանակություն է ունենալու Արցախի հումանիտար խնդիրների կարգավորման ու հետագա զարգացման գործում: «Մոտ 4 հազար տուն կառուցելու նախնական նախագծեր, որոշակի աշխատանքներ, պլանավորում արդեն կատարված է, և առաջիկա ամիսների ընթացքում ևս 2 հազար տուն կառուցելու նախագծեր կմշակենք: Այդ նախագծերում միշտ հաշվի ենք առնում այսօրվա իրականությունը, զուգահեռ պլանավորում հողահատկացման, բնակիչների հետագա զբաղվածության ապահովման աշխատանքները, քննարկում ենք նաև կոոպերացիայի ժամանակակից մոդելներ»,- ասել է Արցախի Հանրապետության նախագահը՝ համոզմունք հայտնելով, որ համատեղ ջանքերով կիրականացվեն օրակարգային առաջնահերթության բոլոր հարցերը:
12:01 - 26 մարտի, 2021
Նիկոլ  Փաշինյանն ընդունել է Իրաքի ՊՆ ղեկավարի գլխավորած պատվիրակությանը

Նիկոլ Փաշինյանն ընդունել է Իրաքի ՊՆ ղեկավարի գլխավորած պատվիրակությանը

Վարչապետ Նիկոլ Փաշինյանն ընդունել է Իրաքի Հանրապետության պաշտպանության նախարար Ջումա Ինադ Սաադունի Խատաբի գլխավորած պատվիրակությանը: Այս մասին տեղեկացնում է վարչապետի աշխատակազմը: Վարչապետը ողջունել է Իրաքի պաշտպանության նախարարի այցը Հայաստան և նշել, որ մեր երկիրն Իրաքը դիտարկում է որպես վստահելի գործընկեր՝ հիմնված ամուր պատմամշակութային կապերի վրա: Նիկոլ Փաշինյանը բարձր է գնահատել Իրաքի իշխանությունների կողմից տեղի հայ բնակչության նկատմամբ ցուցաբերվող մեծ ուշադրությունը, ինչը հնարավորություն է տալիս հայկական սփյուռքին պահպանել կրոնական արժեքներն ու նպաստել երկրի զարգացմանը: Ջումա Ինադ Սաադունի Խատաբի խոսքով՝ Իրաքի կառավարությունը շահագրգռված է Հայաստանի հետ հարաբերությունների հետագա ընդլայնմամբ: Իրաքի պաշտպանության նախարարը կարևորել է Զինված ուժերի ոլորտում  փոխգործակցության զարգացումն ու փորձի փոխանակումը: Այս համատեքստում, զրուցակիցները քննարկել են ռազմատեխնիկական, ռազմաբժշկական ոլորտներում համագործակցության սերտացմանը վերաբերող մի շարք հարցեր և կարևորել Երևանում երկու երկրների պաշտպանական գերատեսչությունների միջև համապատասխան հուշագրի ստորագրումը: Վարչապետ Փաշինյանը նշել է, որ ՀՀ կառավարությունը բարձր է գնահատում Իրաքի իշխանությունների կողմից Լեռնային Ղարաբաղի հարցում ցուցաբերվող հավասարակշռված դիրքորոշումը: Վարչապետն անդրադարձել է Իրաքի հետ տնտեսական կապերի զարգացմանը և հույս հայտնել, որ այս տարի նախանշված երկկողմ միջկառավարական հանձնաժողովի նիստի արդյունքներով հնարավոր կլինի նոր ազդակ հաղորդել նաև առևտրատնտեսական կապերին: ՀՀ վարչապետն ու Իրաքի պաշտպանության նախարարը մտքեր են փոխանակել նաև տարածաշրջանային նշանակության այլ թեմաների շուրջ:
19:24 - 25 մարտի, 2021
Նիկոլ Փաշինյանի և Արայիկ Հարությունյանի գլխավորությամբ քննարկվել են Արցախում իրականացվող և առաջիկայում նախատեսվող ծրագրերը

Նիկոլ Փաշինյանի և Արայիկ Հարությունյանի գլխավորությամբ քննարկվել են Արցախում իրականացվող և առաջիկայում նախատեսվող ծրագրերը

Վարչապետ Նիկոլ Փաշինյանի ու Արցախի նախագահ Արայիկ Հարությունյանի գլխավորությամբ և ՀՀ Կառավարության պատասխանատու գերատեսչությունների ղեկավարների մասնակցությամբ տեղի է ունեցել հերթական խորհրդակցությունը: Իր խոսքում վարչապետ Փաշինյանը նշել է. «Արցախի Հանրապետության մեծարգո նախագահ, հարգելի գործընկերներ, այսօր հավաքվել ենք քննարկելու սոցիալ-տնտեսական ոլորտում մեր օրակարգը, փոխգործակցության հարցերը, նաև այն ծրագրերի ընթացքը և հետագան, որոնք այսօր Արցախի կառավարության հետ համատեղ իրականացնում ենք: Ուզում եմ հիշեցնել, որ նոյեմբերի 18-ին իմ հրապարակած «ճանապարհային քարտեզի» կարևորագույն կետերից մեկն Արցախի բնականոն կյանքի վերականգնումն է: Պետք է արձանագրել, որ մենք այս պահին ունենք բավականին շոշափելի արդյունքներ, բայց իհարկե անելիքների ծավալը շատ մեծ է, և կարևոր է, որ մեր քաղաքական վճռականությունն ու հանձնառությունն արտահայտենք այդ անելիքն ամբողջ ծավալով իրականացնելու և Արցախի ոչ միայն բնականոն կյանքի վերականգնման, այլև հետագա զարգացման մասին խոսենք, այդ ուղղությամբ կոնկրետ ծրագրեր իրականացնենք: Իհարկե, ամենատարբեր մակարդակներում այս ընթացքում քննարկումները ոչ մի օր չեն դադարել, համատեղ որոշումներ են կայացվել, և այսօր մենք կամփոփենք մինչև այժմ տեղի ունեցած քննարկումների արդյունքները և որոշակի պայմանավորվածություններ ձեռք կբերենք հետագա անելիքների վերաբերյալ»: Իր հերթին ԱՀ նախագահ Արայիկ Հարությունյանը նշել է. «Ցանկանում եմ ողջունել և, պարոն վարչապետ, շնորհակալություն հայտնել այս հանդիպումը նախաձեռնելու համար: Ուզում եմ շնորհակալություն հայտնել նաև հետպատերազմյան ժամանակահատվածում Հայաստանի Հանրապետության կառավարության կողմից իրականացվող սոցիալական ծրագրերի կապակցությամբ: Արդյունքները շոշափելի են այն առումով, որ բնակչության մեծ մասը, Արցախի Հանրապետության մոտ 120 հազար քաղաքացիներ այսօր բնակվում են Արցախում, և բնականոն կյանքի առումով կարծես թե հաջողվել է ապահովել այն ամենը, ինչ պետք է: Ունենք մինչև 30 հազար բնակիչներ, որոնք գտնվում են Հայաստանի Հանրապետությունում, բարեբախտաբար, շատ քիչ մասն է լքել Հայաստանի Հանրապետության տարածքը: Բայց ես ուզում եմ հետադարձ հայացք գցել 90-ական թվականների հետ կապված, որովհետև մենք պատերազմից հետո ազատագրելով Մարտակերտի շրջանը՝ մեզ չհաջողվեց Մարտակերտի շրջանի բնակչության մեծ մասին հետ բերել Արցախ, քանի որ հապաղել ենք: Մեր գլխավոր խնդիրը բնակարանաշինությունն է այս փուլում, սոցիալական վճարների առումով համարում եմ, որ դեռ մի քանի ամիս խնդիրը լուծված է, և որևէ արցախցի ընտանիք չի ունենալու հացի խնդիր, քանի որ նպաստները և միանվագ տրամադրված գումարները ժամանակավոր բավարարում են: Բայց բնակարանների կառուցման, տրամադրման խնդրի և աշխատատեղերի, եկամտի ապահովման առումով ունենք շատ անելիքներ: Մեր հիմնական խնդիրը ես համարում եմ բնակարանաշինությունը, և, ըստ մեր պլանների, պետք է կառուցվի առնվազն 5-5,58 հազար բնակարան 2,5-3 տարիների ընթացքում: Երկրորդ կարևոր խնդիրը վնասների փոխհատուցման հարցն է, մեր շատ հայրենակիցներ կրել են մեծ վնասներ, որոնց փոխհատուցման առումով ևս մենք պետք է միասին որոշում կայացնենք»:
15:40 - 25 մարտի, 2021
Կոտայքի մարզպետը խոսել է Սասուն Միքայելյանի հետ կապի, հավաքներին դպրոցականների մասնակցության մասին |armenpress.am|

Կոտայքի մարզպետը խոսել է Սասուն Միքայելյանի հետ կապի, հավաքներին դպրոցականների մասնակցության մասին |armenpress.am|

armenpress.am: Կոտայքի մարզպետ Մեսրոպ Մեսրոպյանը անդրադարձավ մարտի 20-ին Արագածոտնի մարզում ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի հավաքին դպրոցահասակ երեխաների մասնակցությանը: «Միայն մեր երկրում չէ, որ նման հավաքների ժամանակ մասնակցում է նաև մատաղ սերունդը, և այդտեղ ես տարօրինակ որևէ բան չեմ տեսնում»,-  ասաց մարզպետը՝ կառավարության նիստից հետո լրագրողների հետ զրույցում: Անդրադառնալով ԵԿՄ նախագահ Սասուն Միքայելյանի հետ բարեկամական կապեր ունենալու վերաբերյալ դիտարկումներին՝ մարզպետն ասաց, որ ինքը Սասուն Միքայելյանի ընկերը, բարեկամն է եղել նաև 2007 թվականին, 2008 թվականին, երբ նույն քաղաքական թիմը նախորդ իշխանությունների, նախորդ ռեժիմի կողմից հալածվում էր: «Ես, լինելով Սասուն Միքայելյանի ընկերը, բարեկամը, նաև իմ ապրած տարիների ընթացքում եղել եմ Մեսրոպ Մեսրոպյան և ունեցել եմ իմ թե՛ մասնագիտական, թե՛ քաղաքական կենսագրությունը: Այնպես չէր, որ Սասուն Միքայելյանի գոյությունն էր, որ տվեց այդ հնարավորությունը, որ ես այսօր մարզպետ եմ նշանակվել»,- ասաց նա՝ հավելելով, որ քաղաքական գործունեություն է ծավալում ավելի քան 20 տարի: Անդրադառնալով «Հրազդան բժշկական կենտրոն»-ի տնօրենի թափուր պաշտոնի համար անցկացված մրցույթին և մասնակիցներից մեկի՝ դատարան դիմելուն՝ մարզպետն ասաց. «7 մասնակից է եղել, 7 մասնակիցներից 3-րդ փուլ, այսինքն՝ զարգացման ծրագիր ներկայացնելու փուլ է հասել միայն Վանեսյանը, հաղթահարել է գրավոր թեստի փուլը, հաղթահարել է բանավոր հարցերի փուլը: Ծրագրերի ներկայացման փուլը, որին մասնակցել ենք ես և հանձնաժողովի անդամները, եղել է փակ-գաղտնի քվեարկությամբ: Նա չի հաղթահարել այդ փուլը 5 կողմ, 2 դեմ ձայներով»:
14:57 - 25 մարտի, 2021
Պետական գնումների բանկային երաշխիքի շեմի բարձրացումը կբերի տնտեսական աշխուժություն. վարչապետ |armenpress.am|

Պետական գնումների բանկային երաշխիքի շեմի բարձրացումը կբերի տնտեսական աշխուժություն. վարչապետ |armenpress.am|

armenpress.am: Կառավարությունը ընդունեց որոշում, որով պետական գնումներին մասնակցության համար բանկային երաշխիքի 10 միլիոն դրամի շեմը բարձրացվում է 25 մլն դրամի: «Մինչև այս պահը գործող որոշմամբ բանկային երաշխիք չէր պահանջվում մինչև 10 միլիոն դրամանոց պետական գնումների պարագայում, շեմը հիմա բարձրանում է՝ դառնալով 25 միլիոն»,- այդ մասին կառավարության նիստում նշեց Ֆինանսների նախարարի տեղակալ Կարեն Բրուտյանը: Վարչապետ Նիկոլ Փաշինյանը նշեց, որ 25 միլիոնից 75 միլիոն գնումների դեպքում բանկային երաշխիքի չափը 100 տոկոսից նվազեցվում է մինչև 15 տոկոս, 75 միլիոնից ավելի գնումների դեպքում բանկային երաշխիքի չափը նվազեցվում է 30 տոկոս, 25 միլիոնից ավելի գնումների դեպքում բանկային երաշխիքից բացի, կարող է կայացվել ապահովագրական ընկերության կողմից թողարկված երաշխիք: Կառավարության ղեկավարը համոզմունք հայտնեց, որ այս որոշումը տնտեսական էական աշխուժություն կբերի:
13:22 - 25 մարտի, 2021
ՍՈՒ 30SM ինքնաթիռները գերժամանակակից հզոր զենք են. վարչապետ
 |1lurer.am|

ՍՈՒ 30SM ինքնաթիռները գերժամանակակից հզոր զենք են. վարչապետ |1lurer.am|

1lurer.am: ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն անդրադարձել է Հայաստանի ձեռք բերած ՍՈՒ-30SM ինքնաթիռները 44-օրյա պատերազմի ժամանակ չկիրառելու պատճառներին:  «ՍՈՒ 30SM ինքնաթիռները գերժամանակակից հզոր զենք են՝ իր ամբողջության մեջ, իր հրթիռներով, սարքավորումներով: Ակնհայտ է, որ ինքնաթիռների և տարբեր մոդիֆիկացիայի հրթիռներ արտադրողները նույն սուբյեկտները չեն, հետևաբար դրանք ոչ թե ամբողջությամբ են ձեռք բերվում, այլ հատվածական, տարբեր սուբյեկտներից: ՍՈՒ 30SM ինքնաթիռները Հայաստան են եկել 2020 թ. մայիսին, և, այո, իրականացրել են վարժական թռիչքներ, օգտագործել են հրթիռներ, որոնք ՀՀ զինանոցում նախկինում եղած են եղել: Կոնկրետ ռազմական իրավիճակում նրանց օգտագործման կամ չօգտագործման վերաբերյալ որոշումները կայացվել են ըստ այնմ, թե եղած սպառազինությունը որքանով է հնարավորություն տալիս, որպեսզի դրանք կատարեն իրենց առաջ դրված մարտական խնդիրները:  Ցավոք, պատերազմի ընթացքում մենք չէինք հասցրել ձեռք բերել անհրաժեշտ աքսեսուարները, հրթիռները, որ հնարավորություն կտային ՍՈՒ 30SM գերժամանակակից զենքը կիրառել իր նշանակությամբ ու հզորությամբ»,- նշել է վարչապետ Նիկոլ Փաշինյանը՝ ԱԺ-Կառավարություն հարցուպատասխանի ժամանակ պատասխանելով ԱԺ փոխնախագահ Ալեն Սիմոնյանի հարցին:
18:18 - 24 մարտի, 2021
Սահմանադրական փոփոխությունների հարցը շարունակում է մնալ իշխանության օրակարգում |armenpress.am|

Սահմանադրական փոփոխությունների հարցը շարունակում է մնալ իշխանության օրակարգում |armenpress.am|

armenpress.am: ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը վստահեցնում է, որ Սահմանադրական փոփոխությունների հարցը եղել և շարունակում է մնալ իշխանության օրակարգում: Փաշինյանն այս մասին ասաց ԱԺ-ում կառավարության անդամների հետ հարց ու պատասխանին՝ անդրադառնալով անկախ պատգամավոր Արման Բաբաջանյանի հարցին: Պատգամավորը հիշեցրեց, որ վարչապետը նախագահի հետ քննարկել է Սահմանադրության և օրենսդրական դաշտի կատարելագործմանը վերաբերող հարցեր, խնդրեց մասնավորեցնել, թե ինչին է վերաբերել հանդիպումը: Փաշինյանը նշեց, որ այդ հանդիպումները կրել են և կրում են պարբերական բնույթ, և դրանք պետք է շարունակվեն: «Ասել եմ նաև, որ իրավիճակի վերլուծության և հայտնի հանգամանքների բերումով մեր օրակարգում եղել է և շարունակում է մնալ Սահմանադրական փոփոխությունների հարցը, այլ բան, որ պետք է դրա կոնկրետ պարամետրերը և բովանդակությունը քննարկել և փորձել գալ համաձայնությունների»,-ասաց վարչապետը:
18:01 - 24 մարտի, 2021
Ընտրությունները կիրականացվեն համամասնական ընտրակարգով. վարչապետ |1lurer.am|

Ընտրությունները կիրականացվեն համամասնական ընտրակարգով. վարչապետ |1lurer.am|

1lurer.am: Խորհրդարանական մեծամասնությունը որոշում է կայացրել գնալ ԸՕ-ի պարզ փոփոխությունների և ընտրություններն իրականացնել համամասնական ընտրականգով՝ հայտարարել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը՝ ԱԺ-Կառավարություն հարցուպատասխանի ժամանակ անդրադառնալով հարցին, թե արտահերթ ընտրությունները որ օրենսգրքով կանցկացվեն:  Վարչապետը նշեց, որ քաղաքական ուժերի հետ պայմանավորվածության արդյունքում արձանագրել են՝ սահմանված ժամկետում տեղի է ունենալու վարչապետի հրաժարական, որից հետո Ազգային ժողովը երկու անգամ վարչապետ չի ընտրելու, և դրանից հետո խորհրդարանն իրավունքի ուժով արձակվելու է: «Ընտրական օրենսգրքի ընտրակարգը պայմանավորվածությունների մաս չի եղել, բայց բոլոր քննարկումներում ես հարց եմ ուղղել գործընկերներին, թե ինչ կարծիքի են՝ ռեյտինգային ընտրակարգը լինի՞, թե՞ չլինի: Իրենք, ըստ էության, մեր խոսակցությունների ժամանակ արձանագրել ենք, որ և՛ ԲՀԿ-ն, և՛ ԼՀԿ-ն հարցը թողնում են խորհրդարանական մեծամասնության հայեցողությանը: Այսինքն՝ իրենք խնդիր չունեն՝ վարկանիշայինը լինի թե չլինի: Որից հետո խորհրդարանական մեծամանսությունը, քննարկումներ ունենալով արտախորհրդարանական ուժերի հետ, քաղաքացիական հասարակության ներկայացուցիչների հետ և հաշվի առնելով իր հանձնառությունը, որոշում է կայացրել, որ պետք է գնանք ԸՕ-ի պարզ փոփոխությունների, և ընտրություններն իրականացվեն համամասնական ընտրակարգով, այսինքն՝ առանց վարկանիշային ընտրացուցակի»,- նշեց Կառավարության ղեկավարը: Վարչապետը նշեց, որ հանդիպումների ժամանակ խորհրդարանական խմբակցությունները դեմ չեն եղել ընտրակարգի փոփոխությանը՝ նշելով, որ կողմ չեն քվեարկի, որ չկիսեն քաղաքական պատասխանատվությունը, բայց եթե խորհրդարանական մեծամասնությունն ուզում է փոխել, թող փոխի:
17:27 - 24 մարտի, 2021
Քննարկվել է հանրային ներդրումային ծրագրերի գնահատման համակարգի հայեցակարգը

Քննարկվել է հանրային ներդրումային ծրագրերի գնահատման համակարգի հայեցակարգը

Վարչապետ Նիկոլ Փաշինյանի գլխավորությամբ կայացած խորհրդակցության շրջանակում քննարկվել է հանրային ներդրումային ծրագրերի գնահատման հայեցակարգի նախագիծը: Ինչպես հայտնեցին ՀՀ վարչապետի աշխատակազմի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից, այն մշակվել է Էկոնոմիկայի նախարարության կողմից, Արժույթի միջազգային հիմնադրամի հետ համագործակցության շրջանակում և արդեն շրջանառվել է շահագրգիռ գերատեսչություններում: Հայեցակարգով առաջարկվում է ներդնել հանրային ներդրումների կառավարման արդյունավետությունը գնահատող համակարգ՝ հաշվի առնելով ոլորտային պլանավորման, ծրագրերի գնահատման և ընտրության, ներդրումների բյուջետավորման չափանիշները: Էկոնոմիկայի փոխնախարար Ավագ Ավանեսյանը մանրամասներ է ներկայացրել հանրային ներդրումային ծրագրի սահմանման և գնահատման գործընթացի վերաբերյալ՝ անդրադառնալով հիմնական սկզբունքներին, ծրագրերի տեսակներին, մշակման փուլերին, պատասխանատու մարմիններին, գնահատման որակական ու քանակական ցուցիչներին, ծրագրերի բանկի, ինչպես նաև գնահատում իրականացնող ներդրումային կոմիտեի ձևավորման մեխանիզմներին: Մտքերի փոխանակության ընթացքում քննարկվել են գնահատման համակարգի ձևավորմանը վերաբերող հարցեր, ինչպես նաև դրա ներդրման ուղղությամբ անելիքները: Անդրադարձ է եղել հանրային ներդրումային ծրագրերի վերլուծության ու գնահատման առանցքային չափորոշիչների որոշման հարցին, ներդրումային կոմիտեի գործունեությանը, ռազմավարական փաստաթղթերի հետ փոխգործելիությանը և այլ հարցերի: Վարչապետն ընդգծել է, որ հանրային ներդրումային ծրագրերը պետք է օրգանական կապ ունենան կառավարության գործունեության ծրագրի, նաև ոլորտային ռազմավարությունների հետ՝ գնահատման համակարգի ինստիտուցիոնալ ամբողջականությունն ապահովելու համար: Նիկոլ Փաշինյանը հանձնարարել է քննարկման արդյունքներով լրամշակել հայեցակարգի նախագիծը և ներկայացնել հաստատման:
14:56 - 23 մարտի, 2021
Ցուցակը գլխավորելու հետ կապված հարցն ակնհայտ է, այսինքն՝ Նիկոլ Փաշինյանն է. Մակունցը՝ արտահերթ ընտրությունների մասին |tert.am|

Ցուցակը գլխավորելու հետ կապված հարցն ակնհայտ է, այսինքն՝ Նիկոլ Փաշինյանն է. Մակունցը՝ արտահերթ ընտրությունների մասին |tert.am|

tert.am: «Իմ քայլը» խմբակցությունը հակված է Ընտրական օրենսգրքում ամբողջապես, համամասնական համակարգին անցում կատարելու փոփոխություններն ընդունելուն և համամասնական ընտրակարգով արտահերթ ընտրություններին գնալուն, դեռ քննարկումներ են ընթանում: Այս մասին այսօր ԱԺ-ում լրագրողների հետ զրույցում ասաց «Իմ քայլը» խմբակցության ղեկավար Լիլիթ Մակունցը: Դիտարկմանը, թե ըստ ԼՀԿ ղեկավար Էդմոն Մարուքյանի հայտարարության՝  Ընտրական օրենսգրքի փոփոխման դեպքում կփոխեն արտահերթին գնալու իրենց մտադրությունը, Մակունցն արձագանքեց՝ վերջնական պատասխան չի կարող ասել, քանի որ չգիտի, թե ինչ նկատի ունի Մարուքյանը: Մակունցը չմանրամասնեց, թե ում հետ են լինելու քննարկումները և արդյոք այլ փոփոխություններ չեն սպասվում: «Այս պահին որևէ դրվագի մասով մեկնաբանություն չտամ: Ես հասկանում եմ՝ արտահերթ ընտրությունները շատ մոտ են և նաև ամբողջ դաշտը պետք է պատրաստ լինի դրան: Ես հույս եմ հայտնում, որ առաջիկայում որոշում կկայացվի նաև քննարկումների վերջնական ամփոփումը ստանալով: Փոփոխությունները պետք է առաջին հերթին ենթադրեն պարզեցում, որպեսզի ո՛չ ԿԸՀ-ի, ո՛չ դերակատարների համար դա խնդիր չլինի»: Հարցին, թե  ո՞վ է գլխավորելու «Իմ քայլը» խմբակցության ցուցակը և արդյոք թեկնածուների մասով արդեն քննարկումներ եղել են, խմբակցության ղեկավարը պատասխանեց. «Ցուցակը գլխավորելու հետ կապված հարցն ակնհայտ է, այսինքն Նիկոլ Փաշինյանն է»: Դիտարկմանը, թե վերջին շրջանում Փաշինյանը վարկաբեկված անձ է համարվում  և գուցե նրա գլխավորությամբ ընտրությունների գնալու սխալ է, Մակունցը պատասխանեց. «Ես խնդրում եմ վիրավորական մեկնաբանություններով հարցեր չուղղել ինձ և կոռեկտության սահմաններում մնալ»,-ասաց նա և լրագրողների մնացյալ  հարցերին չպատասխանելով նշեց, որ դադարեցնում է ճեպազրույցը:  
12:05 - 23 մարտի, 2021
Նիկոլ Փաշինյանի որոշմամբ՝ Արմեն Աբրահամյանը նշանակվել է ԱԽ գրասենյակի ռազմական անվտանգության վարչության ռազմաքաղաքական համագործակցության բաժնի պետ

Նիկոլ Փաշինյանի որոշմամբ՝ Արմեն Աբրահամյանը նշանակվել է ԱԽ գրասենյակի ռազմական անվտանգության վարչության ռազմաքաղաքական համագործակցության բաժնի պետ

Նիկոլ Փաշինյանի որոշմամբ՝ Արմեն Աբրահամյանը նշանակվել է ՀՀ Վարչապետի աշխատակազմի անվտանգության խորհրդի գրասենյակի ռազմական անվտանգության վարչության ռազմաքաղաքական համագործակցության բաժնի պետ: «Ղեկավարվելով «Քաղաքացիական ծառայության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 10-րդ հոդվածի 16-րդ մասով, 16-րդ հոդվածի 3-րդ մասով և հիմք ընդունելով Հայաստանի Հանրապետության կառավարության 2018 թվականի դեկտեմբերի 27-ի N 1554-Ն որոշման հավելվածի 147-րդ և 151-րդ կետերն ու Արմեն Աբրահամյանի դիմումը՝ 1. Արմեն Բաբկենի Աբրահամյանին նշանակել Հայաստանի Հանրապետության վարչապետի աշխատակազմի անվտանգության խորհրդի գրասենյակի ռազմական անվտանգության վարչության ռազմաքաղաքական համագործակցության բաժնի պետ (պաշտոնի ծածկագիր՝ 06-Գ25-30.1-Ղ3-1)։ 2. Արմեն Բաբկենի Աբրահամյանի պաշտոնային դրույքաչափը սահմանել «Պետական պաշտոններ և պետական ծառայության պաշտոններ զբաղեցնող անձանց վարձատրության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքին համապատասխան»,- ասված է որոշման մեջ:
13:54 - 22 մարտի, 2021