Արման Թաթոյան

Արման Հակոբի Թաթոյանը (դեկտեմբերի 18, 1981Երեւան) ՀՀ մարդու իրավունքների 4-րդ պաշտպանը։ Պաշտոնավարման ժամկետն ավարտվել է 2022թ․ հունվարի 24-ին։

1998-2007թթ. - սովորել եւ գերազանցությամբ ավարտել է ԵՊՀ իրավաբանական ֆակուլտետը։ Իրավաբանական գիտությունների թեկնածու է, 1 մենագրության եւ 27 գիտական հոդվածների հեղինակ եւ համահեղինակ։ 2012-2013 թթ. ավարտել է ԱՄՆ Փենսիլվանիայի համալսարանը։

  • 2010–2013 թթ. - ՀՀ Սահմանադրական դատարանի խորհրդական։
  • 2011 թվականից - Եվրոպայի խորհրդի Խոշտանգումների կանխարգելման եվրոպական կոմիտեում ՀՀ ներկայացուցիչ։
  • 2013 թ. նոյեմբերի 19-ին նշանակվել է ՀՀ արդարադատության նախարարի տեղակալ։
  • 2013 թվականից- ՄԻԵԴ-ում ՀՀ կառավարության լիազոր ներկայացուցչի տեղակալ։
  • 2016 թ. փետրվարի 23-ին ՀՀ ԱԺ-ի կողմից 96 կողմ, 7 դեմ հարաբերակցությամբ ընտրվել է ՀՀ ՄԻՊ։
Զինված հեղաշրջման կոչերը խիստ դատապարտելի են․ Մարդու իրավունքների պաշտպան

Զինված հեղաշրջման կոչերը խիստ դատապարտելի են․ Մարդու իրավունքների պաշտպան

Այսօր զանգվածային ակցիաներից մեկի ժամանակ հնչել է ելույթ, որում խոսվել է զենքով հարցեր լուծելու մասին ու հնչել են զինված հեղաշրջման կոչեր: Թեև դրանից անմիջապես հետո ընդդիմության առաջնորդներից մեկն արդեն իր խոսքում շեշտել է, որ բռնությունն անթույլատրելի է և հարցերը պետք է լուծվեն միայն սահմանադրական ճանապարհով, այդուհանդերձ, նկարագրվածը խիստ դատապարտելի ու բացարձակ անթույլատրելի երևույթ է: Այս մասին գրել է ՀՀ ՄԻՊ Արման Թաթոյանը։ «Այս օրերին տեղի ունեցող ընդդիմության զանգվածային ակցիաների կազմակերպիչները պարտավոր են նկատի ունենալ, որ ընդդիմությունը նույնպես պետականության ինստիտուտ է, ընդդիմությունից նույնպես կախված է երկրում մարդու իրավունքների վիճակն ու համերաշխությունը, ուստի պետք է գործել ըստ այդմ: Իրավունքի գերակայությունը, մարդու իրավունքների երաշխավորումը պետք է լինեն բոլոր նախաձեռնությունների հիմքում:Այս ամենին զուգահեռ, իրավապահ ու մյուս իրավասու պետական մարմինները պարտավոր են ապահովել իրավունքի գերակայություն թե՛ իրենց սեփական գործողություններում, թե՛ երկրում՝ յուրաքանչյուրն իր իրավասության սահմաններում»,- գրել է նա:  
13:49 - 24 դեկտեմբերի, 2020
Պատգամավորները ՄԻՊ-ից սպասում են քայլեր, որ հատուկ են իրավապահ համակարգին կամ դատարաններին. Արման Թաթոյան

Պատգամավորները ՄԻՊ-ից սպասում են քայլեր, որ հատուկ են իրավապահ համակարգին կամ դատարաններին. Արման Թաթոյան

Վերջին օրերին Հայաստանի Ազգային ժողովի «Իմ քայլը» կառավարող խմբակցության մի շարք պատգամավորներ, Հայաստանի գործադիր իշխանությունը ձևավորած և խորհրդարանի կառավարող խմբակցության մաս կազմող՝ հանրային դաշտում «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության գործունության համար պատասխանատուն տարածում են Հայաստանի մարդու իրավունքների պաշտպանի վերաբերյալ իրականությանը չհամապատասխանող տեղեկություններ, անում մակերեսային ենթադրություններ ու իրականացնում շահարկումներ, ինչպես նաև ակնհայտ հրահրում են կեղծ ընկալումներ Պաշտպանի դերի ու գործառույթների վերաբերյալ: Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է ՀՀ Մարդու իրավունքների պաշտպան Արման Թաթոյանը՝ նշելով, որ  իր կողմից նշվածն արվում է կազմակերպված ու նպատակային ձևով. այդ ամենը լրատվամիջոցների կամ անգամ հենց այդ պատգամավորների հրապարակումների ներքո զուգորդվում է սոցիալական ցանցերում կեղծ էջերից Մարդու իրավունքների պաշտպանի հասցեին արվող վիրավորական արտահայտություններով ու ատելությամբ: «Հայաստանի մարդու իրավունքների պաշտպանի համար խիստ տարօրինակ է, թե նշված պատգամավորներն ու բարձրաստիճան մյուս պաշտոնյաները՝ 1) ադրբեջանցի զինվորականների կողմից մեր հայրենակիցներին խոշտանգելու ու պատերազմական այլ հանցագործությունների համար նրանց պատասխանատվության ենթարկելու ապացույցների ձեռքբերման համար ինչու՞ չեն դիմում Պաշտպանին կամ գոնե փորձ չեն անում Մարդու իրավունքների պաշտպանին օգնել ապացույցները ամրագրելու ու վերլուծելու հարցերում, 2) ինչու՞ նույն ջանասիրությամբ չեն դիմում Պաշտպանին, որպեսզի պատկերացնեն, թե Կառավարությունից անկախ գործող մարմինն ինչ խնդիրներ է արձանագրել պատերազմի հետևանքով բռնի տեղահաված մեր հայրենակիցների իրավունքների պաշտպանության հարցերում ու ինչպե՞ս կարելի է նրանց ավելի արդյունավետ աջակցել, 3) ինչու՞ չեն դիմում Պաշտպանին՝ հասկանալու համար, թե Ադրբեջանում գերության մեջ գտնվող մեր հայրենակիցների վերադարձի համար Պաշտպանի ձեռքբերած ապացույցներն ինչպես կարող են ստանալ կամ օգտագործել դրանք կամ ինչպե՞ս կարող են օգնել Պաշտպանին այդ բոլոր հարցերում, 4) ինչու՞ չեն բարձրացնում հարց այն մասին, թե ի՞նչ անել, որ ադրբեջանի իշխանության մարմինների պատասխանատվությունը խստանա այն բանի համար, որ նրանք պատերազմ են սկսել նոր կորոնավիրուսի (COVID-19) պայմաններում և այլն: Փոխարենը՝ խորհրդարանի կառավարող խմբակցության նշված որոշ պատգամավորները Մարդու իրավունքների պաշտպանից իրենց «չբավարարված» ակնկալիքներում առանձնացնում են այնպիսի հարցեր, որոնք Պաշտպանը ոչ միայն անընդհատ է քննադատության ենթարկում, այլ նաև դրանց համակարգային վտանգներին հատկապես անդրադարձել է դեկտեմբերի 22-ի իր լայնածավալ հայտարարությամբ ու դա հատուկ է արել՝ այդ օրը հայտարարված զանգվածային միջոցառումներին ընդառաջ (այդ թվում՝ խիստ քննադատության ենթարկելով ընդդիմության առանձին շրջանակների կողմից «ժեխ», «զոմբի» կամ այլ նման պիտակներով հասարակությանը վիրավորելու ու լարվածությունն ավելի բորբոքելու խիստ դատապարտելի երևույթը, քանի որ այն վտանգում է մեր երկրում մարդու իրավունքների ողջ համակարգը ու բորբոքում լարվածությունը): Անհասկանալի է՝ լինելով մեր երկրի օրենքներն ընդունող միակ բարձրագույն մարմնի անդամներ, ինչու՞ են նշված պատգամավորները Մարդու իրավունքների պաշտպանից ակնկալում քայլեր, որոնք վերապահված են իրավապահ մարմիններին կամ դատարանին հենց այդ մարմնի ընդունած օրենքների ուժով: Եթե դա իրազեկման պակասի հարց է, ապա Մարդու իրավունքների պաշտպանի հաստատությունը պատրաստ է ապահովել անհրաժեշտ իրազեկում այդ պատգամավորների համար, այդ թվում՝ միջազգային փորձի ակտիվ օգտագործմամբ: Կառավարող խմբակցության մեկ այլ պատգամավոր հրապարակային ակնարկով հնչեցրել է անուղղակի սպառնալիք այն մասին, թե Մարդու իրավունքների նախկին որևէ պաշտպան մինչև վերջ չի պաշտոնավարել իր գործունեության պատճառով: Ընդ որում, նույն պատգամավորը նաև մեծահոգաբար եզրահանգել է, թե Արման Թաթոյանը,լինելով Մարդու իրավունքների գործող պաշտպան, մինչև վերջ կպաշտոնավարի, քանի որ իրենք [քաղաքական իշխանությունը] նշանակություն չեն տալիս այն հարցին, թե իրենց հանդեպ Պաշտպանն ինչ վերաբերմունք ունի: Ցավալի է, որ կառավարող խմբակցության պատգամավորը ժողովրդավարական այս կարևորագույն հաստատության նկատմամբ ունի նման վերաբերմունք: Մեկ այլ դեպքում, ինչպես վերը հիշատակվեց, մեր երկրում գործադիր իշխանություն ձևավորած և խորհրդարանում կառավարող խմբակցության մեծամասնությունը կազմող կուսակցության հանրային կապերի պատասխանատուն պարբերաբար անում է Մարդու իրավունքների պաշտպանին վերաբերող հրապարակային գրառումներ, որոնք ոչ միայն օրենքի ակնհայտ չիմացության, առհասարակ Հայաստանի օրենսդրությանը ծանոթ չլինելու արդյունք են, այլ նաև իրենցից ակնհայտ շահարկումներ են ներկայացնում: Պաշտպանի աշխատակազմի դիտարկումը հաստատում է, որ այդ անձի գրառումները հատկապես են զուգորդվում Մարդու իրավունքների պաշտպանի գործունեության նկատմամբ կեղծ էջերից վիրավորանքներով ու ատելությամբ: Ընդ որում, առկա են նաև նման գրառումներ անող պաշտոնյաներ, որոնց ացահայտ անօրինական վարքագծի համար պատասխանատվության հարցով Պաշտպանը կզբաղվի առանձին (անհրաժեշտ ապացույցներն ամրագրված են): Հաշվի առնելով, թե ինչ աստիճան են ստացել վերջին մի քանի օրերի «իշխանական արշավները» ու ինչ ռեսուրսների օգտագործմամբ է տեղի ունենում, հաշվի առնելով, որ վերը նշված պատգամավորների գրառումներն իրենց հավանումներով հաստատել են, ինչպես պարզել է Մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմի դիտարկումը, խորհրդարանի կառավարող խմբակցության մի շարք այլ պատգամավորներ ու բարձրաստիճան այլ պաշտոնյաներ՝ ակնհայտ է, որ գործ ունենք Պաշտպանի գործունեության վերաբերյալ ակնհայտ սխալ պատկերացումներ ձևավորելուն ու կազմակերպված շահարկումներ տարածելուն ուղղված խիստ դատապարտելի, ակնհայտ անօրինական քայլերի հետ: Ցավալի է, որ մեր երկրում առկա մարդու իրավունքների խնդիրները համատեղ լուծելու ջանքերի փոխարեն, անթաքույց փորձեր են արվում խոչընդոտներ առաջացնելու Մարդու իրավունքների պաշտպանի գործունեության համար: Խիստ զգուշացնում ենք, որ կառավարող խմբակցության որևէ պատգամավորի կամ այլ պաշտոնյայի իրավունքների շրջանակից դուրս է Մարդու իրավունքների պաշտպանի գործունեությանը վերաբերող շահարկումներ անելն ու այդ գործունեության վերաբերյալ հասարակությունում սխալ պատկերացոմներ տարածելը: Առավել ևս նշված պատգամավորների իրավական կարգավիճակից ակնհայտ դուրս է հրապարակային կամ անգամ ոչ հրապարակային խոսելն այն մասին, թե Արման Թաթոյանը շարունակում է պաշտոնավարել, քանի որ դա իրենց մեծահոգության արդյունքն է: Այդ մասին հրապարակում արած պատգամավորին իրազեկում ենք, որ Մարդու իրավունքների պաշտպանին ընտրում է Ազգային ժողովը, բայց իր աշխատանքում Պաշտպանն անկախ է և առաջնորդվում է միայն Սահմանադրությամբ ու օրենքներով: Ուստի, Արման Թաթոյանը շարունակելու է Մարդու իրավունքների պաշտպանի սահմանադրական առաքելությունը մինչև պաշտոնավարման ժամկետի լրանալը՝ իրավական հնարավորությունների ու ռեսուրսների առավելագույն գործադրմամբ: Որևէ մեկի ուղղակի կամ անուղղակի սպառնալիք, որևէ «ֆեյքային» հարձակում չի կարող դեր ունենալ Պաշտպանի գնահատականների և հայտարարությունների հարցում, քանի որ ցանկացած հրապարակում հիմնված է մասնագիտական ուսումնասիրությունների, կոնկրետ փաստերի և օբյեկտիվ վերլուծություններ վրա՝ հիմնավորված միջազգային պահանջներով: Հետաքրքրությամբ Պաշտպանը կսպասի բոլոր նշված գրառումներն արած պատգամավորների ու մյուս բարձրաստիճան պաշտոնյաների նույն ինտենսիվությամբ հրապարակումներին այն մասին, թե այս պատերազմի հետևանքով մեր հայրենակիցների խախտված իրավունքների պաշտպանության հարցերում նրանցից յուրաքանչյուրն ինչ արդյունքներ է արձանագրել կամ ինչ քայլեր է ձեռնարկել այդ ուղղությամբ, որպեսզի համատեղ ուժերով կարողանանք ապահովել աշխատանքի անհրաժեշտ արդյունավետություն ու արագություն ապացույցների ամրագրման հարցերում. անկախ ամեն ինչից՝ Մարդու իրավունքների պաշտպանի հաստատությունն այդ ուղղությամբ շարունակում է աշխատանքները: Հ.Գ. Ցավում ենք, որ ստիպված ենք երկրի համար գերպատասխանատու ու ճգնաժամային այս ժամանակահատվածում անդրադառնալ առաջնային նշանակություն չունեցող այս թեմային»,-գրել է Պաշտպանը: Հիշեցնենք, որ երեկ «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Մարիա Կարապետյանը մեղադրանքներ էր հնչեցրել ՄԻՊ աշխատանքի վերաբերյալ՝ մասնավորապես նշելով, որ «Հայաստանի ներքաղաքական դիսկուրսին մարդու իրավունքների պաշտպանության տեսանկյունից տված ՄԻՊ գնահատականները օրեցօր նմանվում են Լեռնային Ղարաբաղի երկրորդ պատերազմի ժամանակ միջազգային հանրության որոշ շրջանակների գնահատականներին»։ Ավելի ուշ նմանատիպ հրապարակումներ են արել նաև այլ պատգամավորներ։
09:29 - 24 դեկտեմբերի, 2020
ՄԻՊ-ի իրավասությունները շահարկողներին հորդորում եմ ուսումնասիրել Սահմանադրությունը, ինչպես նաև «ՄԻՊ-ի մասին» օրենքը. Արման Թաթոյան

ՄԻՊ-ի իրավասությունները շահարկողներին հորդորում եմ ուսումնասիրել Սահմանադրությունը, ինչպես նաև «ՄԻՊ-ի մասին» օրենքը. Արման Թաթոյան

ՀՀ ՄԻՊ Արման Թաթոյանը ֆեյսբուքյան իր էջում գրառում է կատարել, որում մասնավորապես նշել է, որ հաշվի առնելով Մարդու իրավունքների պաշտպանի իրավասության հետ կապված շահարկումները՝ հարկ է համարում հատուկ պարզաբանում անել: «1) Եթե ինչ-որ մեկը, ով չունի որևէ պաշտոն կամ օժտված չէ պետաիշխանական լիազորություններով ու այդ անձը սպառնում է մեկ այլ կոնկրետ պաշտոնատար կամ ոչ պաշտոնատար անձի կամ բռնություն է գործադրում նրա նկատմամբ, ապա սպառնալիք տվողին կամ բռնություն գործադրողին  քրեական կամ այլ տեսակի պատասխանատվության ենթարկելը, նրա նկատմամբ քրեական հետապնդում հարուցելը, նրան ձերբակալելը կամ կալանավորելը կամ քաղաքացիների պատասխանատվության ենթարկելու նպատակով նրանց արարքներին իրավական որակումներ տալը Մարդու իրավունքների պաշտպանի իրավասությունը չէ: Նշվածի համար ինչպես մեր, այնպես էլ ցանկացած այլ պետությունում գոյություն ունեն իրավապահ մարմիններ ու դատարաններ: Այսինքն՝ այդ հարցերը գտնվում են, օրինակ, Ոստիկանության, քննչական մարմինների կամ Դատախազության կամ դատարանի իրավասության ներքո: Մարդու իրավունքների պաշտպանը չի կարող կատարել նրանց գործը: Այլ հարց է, թե շահարկողներն այդ մարմիններին ինչու չեն դիմում կամ այդ մարմիններն ինչով են զբաղված, եթե առաջ են եկել նրանց իրավասության առնչվող հիմքեր: Իսկ Մարդու իրավունքների պաշտպանի իրավասությունն առաջ է գալիս այն ժամանակ, երբ, օրինակ, կոնկրետ դեպքով (ասենք, ինչ-որ մեկը հրապարակային կամ ոչ հրապարակային սպառնացել է մեկ այլ անձի կամ բռնություն է գործադրել) քաղաքացի-քաղաքացի հարաբերությունները տեղափոխվում են պետություն-քաղաքացի կամ քաղաքացի-պետություն հարթություն, օրինակ՝ քաղաքացին դժգոհում է, որ իրավապահ մարմինները պատշաճ չեն քննում իրեն տրված սպառնալիքներին վերաբերող գործը կամ թույլ են տալիս խախտումներ կամ առհասարակ հրաժարվում են քննությունից։ 2) Քանի որ Մարդու իրավունքների պաշտպանի գործառույթն է նաև երկրում մարդու իրավունքների համակարգի կատարելագործմանը, համերաշխության մթնոլորտին նպաստելը, մարդու իրավունքների համար բոլոր խնդրահարույց հարցերին Պաշտպանն անդրադառնում է նաև համակարգային, ինստիտուցիոնալ մակարդակում՝ առանց մասնավոր անձանց կոնկրետ արարքներին իրավական գնահատականներ տալու ու դա արվում է միշտ՝ բացառելու համար իրավունքի որևէ հնարավոր խախտում: Օրինակ՝ այս հայտարարությամբ առկա է մանրամասն անդրադարձ վիրավորանքներին ու ատելությանը երեկվա զանգվածային միջոցառումներին ընդառաջ:  Ուստի, հորդորում եմ մանրամասն ուսումնասիրել իրավապահ մարմիններին ու դատարաններին վերաբերող իրավական կանոնները, մեր երկրի Սահմանադրությունը, ինչպես նաև «Մարդու իրավունքների պաշտպանի մասին» ՀՀ սահմանադրական օրենքը և Հայաստանի միջազգային պայմանագրերը»,- գրել է Թաթոյանը և հավելել՝ շահարկումների մյուս մասին առավել մանրամասն կանդրադառնան օրվա ընթացքում:
14:28 - 23 դեկտեմբերի, 2020
Առաջարկում եմ  գնահատականներում լինել կոնկրետ, թիրախային և հասցեական․ պատգամավոր Մարիա Կարապետյանը՝ ՄԻՊ-ին

Առաջարկում եմ գնահատականներում լինել կոնկրետ, թիրախային և հասցեական․ պատգամավոր Մարիա Կարապետյանը՝ ՄԻՊ-ին

ՀՀ ԱԺ «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Մարիա Կարապետյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է․   «Հայաստանի Հանրապետության Մարդու իրավունքների հարգարժան պաշտպան, պարոն Արման Թաթոյան,    Հայաստանի ներքաղաքական դիսկուրսին մարդու իրավունքների պաշտպանության տեսանկյունից տված Ձեր գնահատականները օրեցօր նմանվում են Լեռնային Ղարաբաղի երկրորդ պատերազմի ժամանակ միջազգային հանրության որոշ շրջանակների գնահատականներին։ Հավատացնում եմ Ձեզ, որ եթե վերջին շրջանի որոշ հանրահավաքներում և հարցազրույցներում հնչող բռնության կոչերին և ատելության խոսքին, վիրավորանքներին և հայհոյանքներին, ինչպես նաև մարդու իրավունքների ոտնահարման այլ դրվագներին Դուք տաք թիրախային գնահատականներ, դրանից Ձեր անաչառությունը կասկածի տակ չի դրվի։ Ընդ որում, հատուկ ընդգծում եմ, որ խոսքը բնավ հանրային իշխանության մարմինների իրավունքների պաշտպանության մասին չէ, այլ օրինակ հանրային իշխանության մարմնի ներկայացուցչի՝ պատգամավորի կողմից հանրության մի մասին «ժեխ» անվանելուն թիրախային գնահատական տալու մասին է կամ՝ հստակ արձանագրելու, թե ով ում է հարկադրել հանրահավաք գնալ կամ չգնալ։ Փոխարենը, Դուք «հավասարակշռում» եք հնչող բռնության կոչերին և ատելության խոսքին, վիրավորանքներին և հայհոյանքներին, ինչպես նաև մարդու իրավունքների ոտնահարման այլ դրվագներին Ձեր տված գնահատականները կառավարող ուժի նախկինում թույլ տված սխալների միջոցով կամ, այդպիսի սխալների ակնհայտ բացակայության պարագայում, իբր կառավարող ուժի կողմից ուղղորդված ֆեյքերի գործունեության միջոցով, որոնց մասին արված պնդումները անհրաժեշտ է փաստերով հիմնավորել: «Կողմերի վարքով խիստ մտահոգվելը» և «կողմերին զսպվածության կոչեր անելը» բացարձակ չեն ծառայում ո՛չ որպես մարդու իրավունքների տեսանկյունից հանրությանը տված ուղենիշներ (թե օրինակ վերջիվերջո ինչը կարելի է ասել հրապարակային և ինչը՝ ոչ), ո՛չ էլ որպես Ձեր անաչառության վկայություններ։ Առաջարկում եմ Ձեզ Ձեր գնահատականներում լինել կոնկրետ, թիրախային և հասցեական»։
14:27 - 23 դեկտեմբերի, 2020
ՄԻՊ-ն ընդգծում է իշխանության և ընդդիմության պատասխանատու դերը հանրային համերաշխության հարցում

ՄԻՊ-ն ընդգծում է իշխանության և ընդդիմության պատասխանատու դերը հանրային համերաշխության հարցում

Հայաստանի մարդու իրավունքների պաշտպան Արման Թաթոյանը հայտարարություն է  տարածել՝ անդրադառնալով մարդու իրավունքների համակակարգի նկատմամբ իշխանության և ընդդիմության հարգանքի պարտավորությանը: Մարդու իրավունքների պաշտպանի հայտարարությունը ստորև. «1. Այս օրերի արտաքին ու ներքին մարտահրավերները պահանջում են համերաշխություն ու համախմբվածություն, հարգանք միմյանց իրավունքների, այդ թվում՝ կարծիքի նկատմամբ՝ անկախ քաղաքական կամ որևէ այլ տեսակի հայացքներից: Հենց այս սկզբունքների տեսանկյունից ստեղծված իրավիճակում կարևորագույն դեր ունեն ինչպես հանրային իշխանության մարմինները, այնպես էլ նրանց ընդդիմախոսները, որոնք հանրային դաշտում ապահովում են հասարակական-քաղաքական քննարկումների բովանդակությունը, հանրային դիսկուրսը: Յուրաքանչյուրիս ներուժը պետք է ծառայեցվի մեր գերակայություններին՝ հետպատերազմական վիճակում սոցիալ-տնտեսական իրավունքների իրականացման ապահովում, ադրբեջանական զինված ուժերի կողմից մեր հայրենակիցների իրավունքների խախտումների, նրանց կատարած պատերազմական հանցագործությունների համար քրեական պատասխանատվության հիմքերի ապահովում և այլն: Ցավոք, մեր երկրում ներդրվել ու շարունակվում է հանրային հասարակական-քաղաքական հարթակ բերված «նոր ու նախկին», «սև ու սպիտակ» պիտակավորմամբ դիսկուրսը, որն, ըստ էության, հասարակությունը խմբերի բաժանելու, խտրականություն սերմանելու անթույլատրելի օրակարգ է: Դրանից բացի, անթույլատրելի է իշխանության մարմինների, պաշտոնյաների կողմից այնպիսի բառապաշարի (հաճախ անհասցե) գործածումը, որոնք ստացան հանրային լայն կիրառություն ու ավելի նպաստեցին երկրում անհանդուրժողականության մթնոլորտի խորացմանը (օրինակ՝ «պիցցայակեր», «ծախված» և այլն): Իշխանության մարմիններին ու պաշտոնյաներին նշում եմ առաջնահերթ, քանի որ նրանք են ի վերջո պատասխանատու լայն իմաստով հանրային երկխոսության ու քննարկումների բովանդակության, երկրի գերակայությունների համար, ինչպես նաև անհանդուժողականության հաղթահարման համար: Խիստ մտահոգիչ է, որ քաղաքական կամ հասարակական ընդդիմության տարբեր շրջանակներ, անտեսելով մարդու իրավունքների համակարգի պահանջները, ավելի են նպաստում անհանդուրժողականության խորացմանն ու դրանով ավելացնում լարվածությունը: Դատապարտելի է քաղաքական ընդդիմության առանձին շրջանակների կողմից գործածվող բառապաշարով հասարակությանը խմբերի բաժանելու, մարդկանց վիրավորելու օրակարգի զարգացումն ու նույնիսկ դրա խրախոուսումը: Օրինակ՝ անթույլատրելի է հանրային ճանաչում ունեցող առանձին գործիչների կողմից հասարակության մի մասին վիրավորող այնպիսի արտահայտությունների գործածումը, ինչպիսիք են «ժեխ», «զոմբիներ» և այլն: Մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմի տևական ու թիրախային դիտարկումները վկայում են, որ այս անթույլատրելի վիճակն ավելի է խորացնում այն, որ գործում են թե՛ իշխանության մարմիններին, թե՛ ընդդիմության տարբեր շրջանակների աջակցող սոցիալական ցանցերի (հատկապես՝ «Ֆեյսբուք») կեղծ էջերի և կեղծ օգտահաշիվների կազմակերպված ու նպատակային հարձակումների համար օգտագործվող խմբեր: Այդ էջերն ու օգտահաշիվները գործում են խմբերով և կոնկրետ հանձնարարականներով՝ մարդկանց հայհոյելով, արժանապատվությունը վիրավորելով, սպառնալիքներով ու բռնության կոչերով: Առհասարակ, բացարձակ անընդունելի է հայհոյանքների, սպառնալիքների «մշակույթը» հանրային դիսկուրսի մաս դարձնելը: Խիստ դատապարտելի է, որ իշխանության դեպքում սոցիալական ցանցերի հարձակումները կազմակերպվում կամ համակարգվում են բարձրաստիճան պաշտոնատար անձանց կողմից: Ավելին, Մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմի մասնագետների հիմնավոր ենթադրութամբ՝ այդ պաշտոնյաներից ոմանք անձամբ են վարում կեղծ էջեր ու այդ էջերից անձամբ են տարածում ատելություն, սպառնալիք ու վիրավորանք: Արդյունքում ստացվել է այնպես, որ սոցիալական մեդիայի հայկական ողջ տիրույթը հեղեղվել է հայհոյախառն վիրավորանքներով, միմյանց ուղղված սպառնալիքներով ու ատելության խոսքով` հիմնովին ոտնահարելով մարդու իրավունքների համակարգի պահանջները: Ցավոք, այս արատավոր երևույթները վերջին մի քանի տարիների ընթացքում ստացան ծավալների շեշտակի աճ, ձեռք բերեցին համակարգված ու ինստիտուցիոնալ բնույթ: Հույս ունեի, որ այս պատասխանատու օրերին կբացառվեր նման որևէ զարգացում ու կլինեինք համախմբված՝ հաշվի առնելով բոլորիս միասնական լինելու, միմյանց իրավունքների նկատմամբ հարգանքի, բոլոր խնդիրները հենց այդ սկզբունքով լուծելու հրամայականը: Բայց դա ոչ միայն տեղի չունեցավ, այլև ներկայում գործ ունենք այնպիսի վիճակի հետ, որը կոպտորեն ոտնահարում է մարդկանց իրավունքները (հոգեկան անձեռնմխելիությունը, մասնավոր ու ընտանեկան կյանքի իրավունքը և այլն), վնասակար է հասարակության առողջության ու երկրում համերաշխության մթնոլորտի համար, իսկ այս օրերին խաթարում է մեր երկրի անվտանգությունը: Հասարակական-քաղաքական համակարգը պետք է մշտապես հիմքում ունենա մարդու իրավունքները՝ որպես ունիվերսալ բարձր արժեքներ և ղեկավարվի այդ իրավունքների, այդ թվում՝ այլոց կարծիքի նկատմամբ հարգանքի սկզբունքով: Ուստի, մենք պետք է գործենք մարդու իրավունքների համակարգի նկատմամբ հարգանքով, ճիշտ որոշենք այս օրերի մեր գերակայություններն ու լինենք համախմբված` հանուն այդ գերակայությունների և հանուն մեզնից յուրաքանչյուրի իրավունքների՝ ապավինելով ինքներս մեր հզոր ներուժին»:
10:43 - 22 դեկտեմբերի, 2020
ՄԻՊ ներկայացուցիչները ՁՊՎ-ում առանձնազրույց են ունեցել Առուշ Առուշանյանի հետ, նախաձեռնված է վարույթ

ՄԻՊ ներկայացուցիչները ՁՊՎ-ում առանձնազրույց են ունեցել Առուշ Առուշանյանի հետ, նախաձեռնված է վարույթ

Մարդու իրավունքների պաշտպանի հանձնարարությամբ՝ աշխատակազմի ներկայացուցիչները այսօր Ոստիկանության Երևան քաղաքի վարչության Ձերբակալվածներին պահելու վայրում առանձնազրույց են ունեցել Գորիս համայնքի ղեկավար Առուշ Առուշանյանի հետ, ստուգման ենթարկել նրան ազատությունից զրկելու հիմքերն ու իրավունքների ապահովման վիճակը, ինչպես նաև այդ առնչությամբ իրավապահ մարմինների կազմած փաստաթղթերը։ Մասնավորապես, այսօր Առուշ Առուշանյանի փաստաբան Դավիթ Կարապետյանը վաղ առավոտից Պաշտպանի աշխատակազմ է ներկայացրել ահազանգեր այն մասին, որ նրա գտնվելու վայրն անհայտ է և որ հնարավորություն չունի ներգրավվելու քրեական վարույթին՝ Ա.Առուշանյանին իրավաբանական օգնություն ցույց տալու նպատակով: Դրանից բացի, փաստաբանը բարձրացրել է հարց այն մասին, որ նրա նկատմամբ իրականացվող հետապնդումը իրավական հիմնավորում չունի: Ողջ օրվա ընթացքում Մարդու իրավունքների պաշտպանն անձամբ, ինչպես նաև ներկայացուցիչները մշտական կապի մեջ են եղել Ոստիկանության և Քննչական կոմիտեի հետ, որոնք ապահովել են պատշաճ համագործակցություն Պաշտպանի աշխատակազմի հետ: Ի գիտություն են ընդունվել նաև Առուշ Առուշանյանին ձերբակալելու վերաբերյալ Քննչական կոմիտեի հրապարակային պարզաբանումները: Օրվա ավարտին փաստաբանները Պաշտպանին են հասցեագրել Առուշ Առուշանյանի ձերբակալմանն ու նրա նկատմամբ նախաձեռնված քրեական հետապնդմանն առնչվող գրավոր բողոք: Մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմում այս պահին ամփոփվում են ՁՊՎ այցի արդյունքները և փաստաբանների կողմից Պաշտպանին հասցեագրված բողոքները, ինչպես նաև Պաշտպանի աշխատակազմի ուսումնասիրության արդյունքները, որոնց հիման վրա Պաշտպանի իրավասության շրջանակում կձեռնարկվեն անհրաժեշտ միջոցներ:
22:48 - 21 դեկտեմբերի, 2020
Արցախի և Հայաստանի մարդու իրավունքների պաշտպանները հրապարակել են Ադրբեջանի կողմից լրագրողների թիրախավորման վերաբերյալ արտահերթ զեկույց

Արցախի և Հայաստանի մարդու իրավունքների պաշտպանները հրապարակել են Ադրբեջանի կողմից լրագրողների թիրախավորման վերաբերյալ արտահերթ զեկույց

Արցախի և Հայաստանի Հանրապետությունների մարդու իրավունքների պաշտպանները դեկտեմբերի 18-ին հրապարակել են համատեղ արտահերթ զեկույց՝ Արցախում ռազմական գործողությունները լուսաբանող լրագրողների վրա ադրբեջանական հարձակումների վերաբերյալ: Այս մասին հայտնում է Արցախի ՄԻՊ աշխատակազմը: Ադրբեջանի կողմից Արցախի քաղաքացիական բնակչության և ենթակառուցվածքների թիրախավորմանը զուգահեռ՝ դիտավորյալ և չտարբերակված թիրախավորման են ենթարկվել նաև լրագրողները և նրանց սպասարկող տրանսպորտային միջոցները, որի հետևանքով ծանր վիրավորվել է 7 լրագրող (5 օտարերկրյա ու 2 հայ) և զոհվել է լրագրողական խմբի ուղեկցող 1 անձ: Դիտավորյալ թիրախավորման մասին է վկայում այն փաստը, որ լրագրողները կրում էին հատուկ համազգեստ և տարբերակիչ նշաններ, որոնք առկա էին նաև նրանց մեքենաների վրա: Բացի դրանից, որոշ վկայություններ նշում են, որ հարվածներից առաջ և ընթացքում դեպքերի վայրերում թռիչքներ էին կատարում ադրբեջանական հետախուզական ԱԹՍ-ները, ինչը նշանակում է, որ լրագրողները լիովին տեսանելի ու տարբերակելի են եղել ադրբեջանական զինված ուժերի համար: Միևնույն ժամանակ պատերազմական գործողությունները լուսաբանելու նպատակով Արցախում գտնվող լրագրողների մասնագիտական աշխատանքը խոչընդոտելու նպատակով Ադրբեջանը քրեական հետապնդման է ենթարկել և սև ցուցակներում ներառել Արցախում լրագրողական գործունեություն ծավալող արտասահմանյան որոշ լրագրողների: Ավելին, պատերազմի ողջ ընթացքում ադրբեջանական իշխանությունները սահմանափակել են միջազգային լրագրողների անկախ գործունեությունը Ադրբեջանի տարածքում՝ հսկողության տակ պահելով նրանց տեղաշարժը և արհեստական խոչընդոտներ ստեղծելով նրանց համար: Վերլուծելով լրագրողների թիրախավորման բոլոր դեպքերի հանգամանքները, ինչպես նաև ադրբեջանական կողմի այլ վերաբերելի գործողություններն ու հայտարարությունները՝ ակնհայտ է, որ Ադրբեջանի իշխանությունները հանցավոր նպատակ են ունեցել ամբողջովին մեկուսացնել Արցախը միջազգային տեղեկատվական հոսքերից ու անկախ աղբյուրներից՝ թաքցնելու համար Արցախի ժողովրդի դեմ իրականացվող լայնածավալ ու դիտավորյալ պատերազմական հանցագործությունները: Սեպտեմբերի 27-ից նոյեմբերի 10-ը ընկած ժամանակահատվածում ադրբեջանա-թուրքական ագրեսիայի հետևանքով Արցախի ժողովրդի նկատմամբ իրագործվող վայրագությունները լուսաբանելու նպատակով Արցախի արտաքին գործերի նախարարության կողմից հավատարմագրվել են օտարերկրյա 190 լրատվական ընկերությունների 390 լրագրողներ, ինչպես նաև Արցախ են այցելել հարյուրավոր հայ լրագրողներ: Զեկույցի մանրամասներին հնարավոր է ծանոթանալ այստեղ:
23:14 - 18 դեկտեմբերի, 2020
Ադրբեջանցի զինվորականների մոտ հայտնաբերված քարտեզներում ՀՀ զգալի մասը ներկայացվում է որպես Ադրբեջանի պատմական տարածք. ՀՀ ՄԻՊ

Ադրբեջանցի զինվորականների մոտ հայտնաբերված քարտեզներում ՀՀ զգալի մասը ներկայացվում է որպես Ադրբեջանի պատմական տարածք. ՀՀ ՄԻՊ

ՀՀ մարդու իրավունքների պաշտպան Արման Թաթոյանը Ֆեյսբուքի էջում հրապարակել է ադրբեջանցի զինվորականների մոտ հայտնաբերված քարտեզներ, որում Հայաստանի Հանրապետության զգալի մասը ներկայացվում է որպես Ադրբեջանի պատմական տարածք:«Սրանք քարտեզներ են, որոնք իրենց մոտ հատուկ գրքույկներում ունենում են ադրբեջանցի զինվորականները: Այս քարտեզներում Հայաստանի Հանրապետության զգալի մասը ներկայացվում է որպես Ադրբեջանի պատմական տարածք: Դրանք Հայաստանի մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմն արձանագրել է մշտադիտարկումների ընթացքում:  Այդ քարտեզներին ուղեկցում են իրականությանն ակնհայտորեն չհամապատասխանող տեքստեր, որոնք անմիջականորեն դրված են ադրբեջանական իշխանության մարմինների կազմակերպված հայատյացության ու թշնամանքի քարոզի թեզերի հիմքում: Ընդ որում՝ հենց այդ տեքստերն ուղեկցվում են հայերի նկատմամբ խորքային ատելություն բորբոքող, ոգեշնչող արտահայտություններով. «այս երկիրն իմն է, քոնն է, մերն է», «պատվարժան քաղաքացին չպետք է հանդուրժի խորհրդանիշների պղծում», «խորհրդանիշները պետք է պահպանվեն այնպես, ինչպես երկրի նամուսը, հարգանքն ու պատիվը», «բոլոր խորհրդանիշները սուրբ են» և այլ ձևակերպումներ: Օրինակ՝ այդպիսի տեքստերից մեկով նշվում է. «Երբ ռուսական կայսրությունը փլուզվեց, Ադրբեջանի տարածքը 130 հազար կմ. քառակուսի էր, 1918-1920 թթ. Ադրբեջանի դեմոկրատական հանրապետության տարածքը 114 հազար կմ քառակուսի էր: ԽՍՀՄ շրջանում Ռուսաստանին (Դերբենդի Խանություն, 7 հազար կմ քառակուսի), հայերին (մինչև 1923 թ. Զանգեզուրի, Եղեգնաձորի, Սևանի, Դիլիջանի շրջանները, սահմանամերձ գյուղերը, 1946 թ. 40 կմ քառակուսի, 1969 թ. Թովուզից 7.6 կմ քառակուսի, Ղազախից մոտավորապես 50 կմ քառակուսի) 10.9 հազար կմ քառակուսի է տրվել: Վրաստանին 9.5 հազար կմ քառակուսի է տրվել, այսինքն՝ տարբեր ժամանակներում 27,4 հազար կմ քառակուսի: Մեզ մնացած 86.6 հազար կմ քառակուսուց 13.110 կմ քառակուսին դեռ օկուպացված է»:Այս ամենն ուղիղ առնչվում է Հայաստանի մարդու իրավունքների պաշտպանի իրավասությանը, քանի որ վերաբերում է Հայաստանի ողջ բնակչության, հայ ժողովրդի կյանքի, սեփականության ու մյուս բոլոր իրավունքների երաշխավորմանը, խոշտանգումներից ու անմարդկային վերաբերմունքից նրանց պաշտպանությանը:  Հենց նման եղանակներով կազմակերպված քարոզչությունն է տարիների ընթացքում Ադրբեջանում ձևավորել հայերի նկատմամբ էթնիկ պատկանելիության հիմքով ատելության ու թշնամանքի քարոզի ինստիտուցինոնալ համակարգ:  Մարդու իրավունքների պաշտպանի քննությունը ցույց է տալիս, որ սրանք են այն գլխավոր պատճառների թվում, որ ադրբեջանական զինված ուժերը 2016 թվականի ապրիլին, 2020 թվականի սեպտեմբեր-նոյեմբեր ամիսներին պատերազմների ընթացքում ու այլ ժամանակահատվածներում կատարել են ու մինչ օրս շարունակում են կատարել պատերազմական և մարդկության դեմ ուղղված հանցագործություններ ու դաժանություններ (գլխատումներ, գնդակահարություններ, խոշտանգումներ և այլ):  Հայաստանի մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմի փորձագետների կողմից նշված դաժանությունների տեսանյութերի մասնագիտական հետազոտությունը հաստատում է, որ ադրբեջանցի զինվորականները հայկական կողմի զինվորներին կամ քաղաքացիական անձանց խոշտանգելիս կամ նրանց սպանելիս, զոհվածների մարմինների տարբեր մասեր կտրելիս, որպես ոգեշնչման աղբյուր, օգտագործում են արտահայտություններ, որոնք բխում են հենց նշված քարոզչության թեզերից: Այս ամենն ամրագրված է Հայաստանի Մարդու իրավունքների պաշտպանի ձեռք բերած իրական ու կոնկրետ ապացույցներով:  Ակնհայտ է, որ այս մարտահրավերների պայմաններում մեզ առավել, քան երբևէ անհրաժեշտ է համախմբվածություն ու համերաշխություն, հարգանք միմյանց նկատմամբ ու մեր երկրի ներսում լարվածության տանող որևէ տեսակի զարգացման բացառում՝ հանուն մեզնից յուրաքանչյուրի, մեր ողջ ժողովրդի իրավունքների պաշտպանության:  Միջազգային համաշխարհային հանրությունն ու հատկապես մարդու իրավունքների պաշտպանության մանդատ ունեցող միջազգային կառույցները պետք է վճռական քայլերով նպաստեն՝ հայերի նկատմամբ էթնիկ պատկանելիության հիմքով ատելության ու թշնամանքի դատապարտելի քարոզչությունը կանխելուն, որ իրականացվում է իրականությանը բացահայտ չհամապատասխանող տեղեկությունների օգտագործմամբ: Նրանք պետք է ապացուցեն, որ տեր են իրենց կոչմանն ու առաքելությանը, որ դեռ շարունակում են հավատարիմ մնալ իրենց իսկ սահմանած միջազգային կանոններին:  Այս ամենը՝ համապատասխան վերլուծությամբ, Հայաստանի մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմում կամփոփվի և կուղարկվի միջազգային մարմիններին, ինչպես նաև, իհարկե, կտրամադրվի նաև Հայաստանի համապատասխան կառույցներին,- ֆեյսբուքյան իր էջում գրել է Թաթոյանը:
23:57 - 17 դեկտեմբերի, 2020
ՀՀ կառավարությունը պարտավոր է հանրության ու հատկապես սահմանային բնակավայրերի բնակիչներին տրամադրել պատշաճ բացատրություններ․ ՄԻՊ

ՀՀ կառավարությունը պարտավոր է հանրության ու հատկապես սահմանային բնակավայրերի բնակիչներին տրամադրել պատշաճ բացատրություններ․ ՄԻՊ

ՀՀ ՄԻՊ Արման Թաթոյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է․ «Հայաստանի Սյունիքի մարզի Կապան, Գորիս և մյուս քաղաքների, սահմանային գյուղերի բնակիչների անհանգստությունն ու զայրույթը, այդ թվում` կապված մարզում սահմանազատումների և սահմանագծումների գործընթացի հետ, ունեն իրական հիմքեր: Խոսքը կոնկրետ մարդկանց` այդ բնակավայրերի բնակիչների կյանքի և կենսական կարևորության մյուս իրավունքների, նրանց ֆիզիկական անվտանգության ու ապահովության, կենսական ապրուստը հոգալու հնարավորությունների և ու վերջապես՝ ՀՀ պետական սահմանների անվտանգության մասին է: Ինքս եմ իմ աշխատակազմի մասնագետների հետ միասին աշխատանքային հատուկ այցով եղել Սյունիքում ու համոզվել այս խնդիրների խիստ արդիականության հարցում: Դրանից բացի, երեկ ու այսօր վաղ առավոտից Մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմը Սյունիքի սահմանային բնակավայրերի բնակիչներից ստանում է նույն խնդիրներին վերաբերող ահազանգեր ու անհանգստություններ, իրականացվում է մարդկանց բողոքի ակցիաների մշտադիտարկում: Հայաստանի Հանրապետության կառավարությունը, հատուկ եմ շեշտում՝ ոչ թե Սյունիքի մարզային կամ համայնքային մարմինները, այլ մեր պետության գործադիր իշխանության բարձագույն մարմինը պարտավոր է հանրությանն ու հատկապես սահմանային բնակավայրերի բնակիչներին տրամադրել պատշաճ բացատրություններ նրանց ու, առհասարակ, մեր ողջ հանրությանը վերաբերող հարցերի ու զարգացումների մասին: Սա քաղաքացիների Սահմանադրությամբ երաշխավորված իրավունքն է: Դա ապահովելու ուղիղ պարտավորություն կրում է պետությունը և վերջ»:
16:06 - 17 դեկտեմբերի, 2020
Ադրբեջանի բարձրագույն իշխանությունները շարունակում են հայատյացության ու թշնամանքի բացահայտ քարոզը հայերի նկատմամբ. ՄԻՊ

Ադրբեջանի բարձրագույն իշխանությունները շարունակում են հայատյացության ու թշնամանքի բացահայտ քարոզը հայերի նկատմամբ. ՄԻՊ

Ադրբեջանական իշխանության բարձրագույն մարմինները շարունակում են հայատյացության ու թշնամանքի բացահայտ քարոզը հայերի նկատմամբ: 1. Ադրբեջանի նախագահը շարունակում է իր հրապարակային ելույթներով գեներացնել ատելություն ողջ հայ ժողովրդի նկատմամբ, տալ Հայաստանի ողջ բնակչությանն ուղղված սպառնալիքներ, անել վիրավորական ու ատելություն բորբոքող արտահայտություններ: 2. Մասնավորապես, Ադրբեջանի նախագահը 2020 թվականի դեկտեմբերի 10-ին Բաքվում տեղի ունեցած ռազմական միջոցառման ընթացքում ունեցել է Հայաստանի ողջ ժողովրդին ուղղված համակարգային ատելությամբ ու ցեղասպանության բացահայտ սպառնալիքներով լի հրապարակային ելույթ: Ընդ որում, նույն միջոցառման ժամանակ Հայաստանի ողջ ժողովրդի կյանքին ուղղված ավելի բացահայտ սպառնալիքներով, Հայոց Ցեղասպանության կազմակերպիչների ու այն իրականացնողների փառաբանումով ելույթ է ունեցել Թուրքիայի նախագահը: Հայաստանի մարդու իրավունքների պաշտպանն իր նույն օրվա հրապարակային հայտարարությամբ արդեն իսկ ներկայացրել է այդ երկու ելույթների խիստ վտանգավոր հետևանքները ոչ միայն Հայաստանի ժողովրդի, այլ նաև մարդու իրավունքների պաշտպանության միջազգային համակարգի համար անգամ: 3. Դատապարտելի է հատկապես այն, որ այդ ելույթներից հետո նույնական ձևակերպումներով ելույթ Ադրբեջանի նախագահն ունեցել է ԵԱՀԿ Մինսկի խմբի Ֆրանսիայի և ԱՄՆ համանախագահների ներկայությամբ, այսինքն՝ արդեն ոչ թե ներքին, այլ միջազգային լսարանի համար, այն է` միջազգային գործիչների հետ 2020 թվականի դեկտեմբերի 12-ի հանդիպման ընթացքում: 4. Ադրբեջանի նախագահի 2020 թվականի դեկտեմբերի 12-ի ելույթը լի է հայատյացությունն ու թշնամանք հրահրող արտահայտություններով, հայերի նկատմամբ զանգվածային բռնությունների բացահայտ սպառնալիքներով: Մասնավորապես, նա այդ ելույթի Հայաստանին վերաբերող մասում նշել է. « (…) եթե հայկական ֆաշիզմը կրկին գլուխ բարձրացնի, մենք նրա գլուխը երկաթե բռունցքով կջարդենք»: Ընդ որում, դա արվել է՝ հատուկ հղում անելով Ադրբեջանի մայրաքաղաքում դեկտեմբերի 10-ին տեղի ունեցած ռազմական միջոցառման ընթացքում Ադրբեջանի նախագահի ելույթին: Ադրբեջանի նախագահը հայտարարել է նաև. «Այնպիսի պատասխան տվեցինք, որ Հայաստանի բանակը և կարելի է ասել հայկական պետությունը ոչնչացրինք (…)։ Հայ ազգայնականների այսպես կոչված «Արցախի» երազանքները ցրիվ տվեցինք»: 5. Այդ նույն ելույթում օգտագործվել են հայերի նկատմամբ էթնիկ պատկանելիությամբ խորքային, այդ թվում՝ կրոնական հիմքով ատելություն գեներացնող արտահայտություններ: 6. Ադրբեջանի նախագահն այնուհետև 2020 թվականի դեկտեմբերի 12-ի նույն ելույթում նշում է, որ Հայաստանի ողջ ժողովրդին ուղղված իր բացահայտ սպառնալիքները Հայաստանին պետք է փոխանցի միջազգային հանրությունը և այդ ամենը նա անում է միջազգային գործիչների ներկայությամբ ու այն էլ հրապարակային ելույթով: 7. Ատելություն ու թշնամանք սերմանող ձևակերպումները Ադրբեջանի նախագահի նախորդ հրապարակային խոսքերի ու ելույթների ակնհայտ շարունակությունն են: Օրինակ՝ մի դեպքում նա հայտարարել է, թե «Հայաստանն արժեք չունեցող երկիր է: Դա գաղութ է, արտասահմանից ղեկավարվող տարածք:»: Մեկ այլ դեպքում հայերին անվանել է վայրի գազաններ ու գիշատիչներ: Ընդ որում, Ադրբեջանի նախագահի Հայաստանին ու հայ ժողովրդին վերաբերող ելույթներում անընդհատ խոսվում է «հայկական ֆաշիզմի» մասին ու դա արվում է հայ ժողովրդին ակնհայտ վիրավորանք հասցնելու և Ադրբեջանի ժողովրդի մեջ հայերի նկատմամբ ատելություն բորբոքելու նպատակով: 8. Հայաստանի մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմի ուսումնասիրությունները, հավաքագրված ապացույցները հաստատում են, որ Ադրբեջանի նախագահի նման ելույթներից հետո ադրբեջանական լրատամիջոցներն ու սոցիալական մեդիան համատարած լցվում են նույնատիպ ձևակերպումներով ատելությամբ ու թշնամանքով ոչ միայն Հայաստանի, այլև ողջ հայ ժողովրդի հանդեպ առհասարակ: 9. Հայաստանի մարդու իրավունքների պաշտպանի գնահատմամբ՝ հենց այս կերպ, հենց նման ելույթներն են տարիների ընթացքում Ադրբեջանում ձևավորել հայերի նկատմամբ էթնիկ պատկանելիության հիմքով ատելության ու թշնամանքի քարոզի ինստիտուցինոնալ համակարգ, անպատժելիության բացահայտ խրախուսում ու պետական ամենաբարձր մակարդակով այդ ամենին աջակցություն: Հայասպանության համար հերոսացման պետական մակարդակով խրախուսումն Ադրբեջանում այն աստիճանի է հասել, որ անգամ այդ երկրի Մարդու իրավունքների հանձնակատարը (Օմբուդսման) Եվրոպական Միության անդամ երկրում 2004 թվականին հայ զինվորականին գիշերը կացնով դաժանաբար սպանած Ռամիլ Սաֆարովի մասին հրապարակայնորեն հայտարարել է, որ նա պետք է հայրենասիրության օրինակ դառնա Ադրբեջանի երիտասարդության համար: 10. Նման ելույթներն են ուղիղ պատճառ այն բանի, որ 2020 թվականի սեպտեմբեր-նոյեմբեր ամիսների ընթացքում ադրբեջանական զինված ուժերի կատարած պատերազմական ու մարդկության դեմ ուղղված հանցագործությունները դաժանության աստիճանով նույնիսկ չեն տեղավորվում մարդկային երևակայության մեջ: 11. Հայաստանի մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմի փորձագետների կողմից նշված դաժան հանցագործությունների տեսանյութերի մասնագիտական հետազոտությունը հաստատում է, որ ադրբեջանցի զինվորականները հայկական կողմի զինվորներին կամ քաղաքացիական անձանց խոշտանգելիս կամ նրանց սպանելիս, զոհվածների մարմինների տարբեր մասեր կտրելիս, որպես ոգեշնչման աղբյուր, բացարձակ նույնությամբ օգտագործում են այն արտահայտությունները, ինչ Ադրբեջանի նախագահը: Այս ամենն ամրագրված է Հայաստանի Մարդու իրավունքների պաշտպանի ձեռք բերած իրական ու կոնկրետ ապացույցներով: 12. Ուստի, Ադրբեջանի նախագահի նշված ելույթներն ուղղակիորեն հաստատում են պատերազմական և մարդկության դեմ ուղղված այն հանցագործություններն ու դաժանությունները, որոնք ադրբեջանական զինված ուժերը 2016 թվականի ապրիլ, 2020 թվականի սեպտեմբեր-նոյեմբեր ամիսների պատերազմների ընթացքում ու այլ ժամանակահատվածներում կատարել են ու մինչ օրս շարունակում են կատարել: Այս ելույթները նաև հաստատում են, որ միջազգային քրեական իրավունքով նախատեսված այդ արարքները ադրբեջանական կազմակերպված պետական քաղաքականության արդյունք են, որոնցով հստակ ապացուցվում է Արցախում էթնիկ զտումների ու ահաբեկչական մեթոդներով ադրբեջանական ցեղասպան քաղաքականությունը: 13. Հայաստանի մարդու իրավունքների պաշտպանի համար հատկապես մտահոգիչ է, որ Ադրբեջանի նախագահը հայ ժողովրդին ուղղված վիրավորանքներով լի ու թշնամանք քարոզող ելույթը 2020 թվականի դեկտեմբերի 12-ի ունեցել է միջազգային գործիչների ներկայությամբ ու զարմանալիորեն դրանից հետո նա չի արժանացել այդ գործիչներից որևէ մեկի դատապարտման կամ անգամ նույնիսկ անհամաձայնության: 14. Մարդու իրավունքների պաշտպանի գնահատմամբ՝ ատելության ու թշնամանքի քարոզի նկատմամբ միջազգային հանրության հենց նման դատապարտելի անտարբերությունն է այն գլխավոր նախապայմաններից մեկը, որ հանգեցրել է Արցախում ադրբեջանական զինված ուժերի կողմից հայերի նկատմամբ համակարգային ու լայնածավալ խոշտանգումների ու դաժանությունների: 15. Նման ծայրահեղ վտանգավոր երևույթները պետք է պարտադիր արժանանան միջազգային համաշխարհային հանրության խիստ դատապարտմանը: Պետք է նկատի ունենալ, որ այս ամենը ոտնահարում է միջազգային իրավունքի հիմնարար սկզբունքներն ու խաթարում մարդու իրավունքների և հումանիտար պաշտպանության միջազգային ողջ համակարգը։ 16. Անպատժելիությունը առաջ է բերում նոր դաժանություններ ու խոշտանգումներ: 17. Միջազգային համաշխարհային հանրությունն ու հատկապես մարդու իրավունքների պաշտպանության մանդատ ունեցող միջազգային կառույցները պետք է ապացուցեն, որ տեր են իրենց կոչմանն ու առաքելությանը, որ դեռ շարունակում են հավատարիմ մնալ իրենց իսկ սահմանած միջազգային կանոններին: 18. Սույն հայտարարությամբ Հայաստանի մարդու իրավունքների պաշտպանի անդրադարձը մարդու իրավունքների համար ծայրաստիճան վտանգավոր այս երևույթներին պայմանավորված է ադրբեջանական զինված ուժերի կողմից հայերի կյանքի, սեփականության ու մյուս իրավունքների ամենակոպիտ խախտումները, գերեվարության մեջ գտնվող զինվորականների ու քաղաքացիական անձանց խոշատնգումների ու դաժանությունների իրական պատճառներն ու նպաստող պայմաններն արձանագրելու, վերլուծելու ու միջազգային հանրությանը ներկայացնելու անհրաժեշտությամբ: Դա պայմանավորված է նաև նրանով, որ այդ խախտումներն ունեն երկարատև կամ ցմահ բացասական հետևանքներ դրանց զոհերի համար (ցմահ հաշմանդամություն, ֆիզիկական և հոգեկան երեկարատև ազդեցությամբ տառապանքներ խոշտանգումների զոհերին ու նրանց ընտանիքներին և այլն):
09:32 - 17 դեկտեմբերի, 2020
Ադրբեջանական զինված ուժերի կողմից հայկական կողմի գերեվարումների վերաբերյալ տեսանյութերը հրապարակումից անմիջապես հետո արձանագրվել են. ՀՀ ՄԻՊ

Ադրբեջանական զինված ուժերի կողմից հայկական կողմի գերեվարումների վերաբերյալ տեսանյութերը հրապարակումից անմիջապես հետո արձանագրվել են. ՀՀ ՄԻՊ

ՀՀ ՄԻՊ Արման Թաթոյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է․ «Ադրբեջանական զինված ուժերի կողմից հայկական կողմի գերեվարումների վերաբերյալ համացանցում երեկվանից տարածվող նոր տվյալները, այդ թվում՝ տեսանյութերը դրանց հրապարակումից անմիջապես հետո արձանագրվել են: Ըստ Հայաստանի մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմ փոխանցվող տարբեր տվյալների, քաղաքացիներն իրենք են պնդում, որ ճանաչել են իրենց ընտանիքների անդամներին կամ հարազատներին: Այս մասին մեր աշխատակազմն ահազանգեր է ստանում երեկ ուշ երեկոյից մինչև այս պահը: Բոլոր նոր տվյալները փոխանցել եմ նաև Կարմիր խաչի միջազգային կոմիտեի հայաստանյան պատվիրակության ղեկավարին ու նրան ներկայացրել այս պահի մեզ մոտ առկա մանրամասները: Հատուկ շեշտում եմ, որ Մարդու իրավունքների պաշտպանի իրավասության սահմաններում երեկ գիշերվանից մենք ձեռնարկում ենք բոլոր հնարավոր գործողությունները՝ կապված փաստագրման ու անձանց նույնականացման հետ: Երեկ գիշերվանից սերտ համագործակցված աշխատանք է ընթանում Արցախի մարդու իրավունքների պաշտպանի հետ: Բայց նաև հստակ արձանագրում եմ, որ գերեվարման փաստերի կամ գերեվարման կոնկրետ ժամանակահատվածի վերաբերյալ տվյալների ստուգման, հաստատման, հանրությանը ու հատկապես գերեվարման ցանկացած հնարավոր իրավիճակի առնչությամբ ընտանիքների անդամներին պատշաճ տեղեկություններ փոխանցելու համար պետական կառավարման պատասխանատու պետական մարմինները պարտավոր են գործել բացառիկ նախաձեռնողականությամբ՝ առանց սպասելու իրենց ուղղված դիմում կլինի, թե ոչ: Հատուկ պետք է նշեմ, որ նման դեպքերում նրանք պարտավոր են հրատապ կարգով տեղեկություններ փոխանցել իրենց կողմից ձեռնարկվող քայլերի վերաբերյալ: Սա պետք է լինի աշխատանքի անընդհատ գերակա սկզբունք: Հակառակ պարագայում ապատեղեկատվությունը միայն խորացնելու է անորոշությունը և անպաշտպանվածության զգացումը հասարակությունում, ինչն արդեն համակարգային վտանգներ առաջացնելու ռիսկեր ունի»:
14:38 - 16 դեկտեմբերի, 2020
Պաշտոնյաներն ու հանրային ճանաչում ունեցող անձինք չպետք է կատարեն այնպիսի գրառումներ, ունենան ելույթներ, որոնք վիրավորանք, ատելություն են պարունակում․ ՄԻՊ

Պաշտոնյաներն ու հանրային ճանաչում ունեցող անձինք չպետք է կատարեն այնպիսի գրառումներ, ունենան ելույթներ, որոնք վիրավորանք, ատելություն են պարունակում․ ՄԻՊ

ՀՀ ՄԻՊ Արման Թաթոյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է․ «Երկրում ստեղծված այս պատասխանատու օրերի իրավիճակը բոլորիցս պահանջում է բացառիկ ջանքեր՝ ապահովելու համար համերաշխություն ու համախմբվածություն, հարգանք իրար արժանապատվության ու խոսքի նկատմամբ: Անհրաժեշտ է բացառել լարվածության բերող որևէ տեսակի զարգացում: 1. Հանրային իշխանության մարմինները, գործող պաշտոնյաները պարտավոր են օրինակելի լինել իրենց խոսքով ու պահվածքով հանուն համերաշխության ու համախմբվածության՝ անկախ քաղաքական կամ որևէ այլ տեսակի հայացքներից: Նույն սկզբունքով մեծ դեր ունեն նաև հանրային ճանաչում ունեցող անձինք: Ֆորմուլան հստակ է. գործող պաշտոնյաների նկատմամբ Մարդու իրավունքների պաշտպանի պահանջները խիստ են, քանի որ այդ անձինք ունեն իրավական կոնկրետ կարգավիճակ ու սահմանափակված են այդ կարգավիճակի սպառիչ սահմաններով: Բայց դա չի նշանակում, թե որևէ պահանջից դուրս են ոչ պաշտոնյա հանրային գործիչները: Երկրում համերաշխության համընդհանուր մթոնոլորտի երաշխավորման հրամայականը հատկապես հանրային ճանաչում ունեցող անձանցից է պահանջում դրսևորել օրինակելի խոսք ու պահվածք: 2. Յուրաքանչյուր խոսք ասելիս կամ արտահայտություն անելիս պետք է պարտադիր նկատի ունեալ այդ խոսքի կամ արտահայտության բոլոր հնարավոր ենթատեքստերն ու փոխաբերական իմաստները: Դա հատկապես կարևոր է այս պատասխանատու ու զգայուն իրավիճակներում: Հատկապես ողջունելի գործառույթ են կատարում հանրային այն գործիչներն ու իրավապաշպանները, որոնք իրենց գործողություններով ու խոսքով են կանխում լարվածության ցանկացած դրսևորւմ, ցույց են տալիս բռնության անթույլատրելիությունը, նպաստում են հանրային համերաշխությանը։ 3. Պաշտոնյաներն ու հանրային ճանաչում ունեցող անձինք չպետք է կատարեն այնպիսի գրառումներ կամ մեկնաբանություններ կամ ունենան այնպիսի ելույթներ, որոնք թեկուզ ուղղակի կամ անուղղակի վիրավորանք կամ ատելություն են պարունակում: 4. Ցավոք, սոցիալական ցանցերի դիտարկումը ցույց է տալիս, որ վտանգավոր աստիճանի են ատելություն ու վիրավորանք, բռնության կոչեր ու սպառնալիքներ տարածող, նույնիսկ ներքին թշնամանք հրահրող մեկնաբանություններն ու գրառումները: Այս ամենին նպաստում է կազմակերպված գործող կեղծ էջերով ու օգտատերերով ատելության ու վիրավորանքի տարածումը: Ուստի, բոլորին խնդրում եմ սոցիալական ցանցերում որևէ կերպ չներքաշվել նման «քննարկումների»: Խնդրում եմ ուշադրություն մի՛ դարձրեք այդ «քննարկումներին» ձեզ ներքաշելու սարդրանքներին, ուղղակի անտեսեք դրանք: Դրանցով տարածվող ատելությամբ երկրում մթնոլորտը միայն ավելի է լարվում: 5. Մարդու արժանապատվությունը վիրավորել ու իրար նկատմամբ ատելություն տարածել չի կարելի: Դա ավելացնում է լարվածությունն ու բարձրացնում բռնության հավանականությունն իրական կյանքում: Պետք է միշտ հիշել, որ մեզնից յուրաքանչյուրն ունի իր կարծիքն ազատ արտահայտելու իրավունք ու մենք պետք է հարգանքով վերաբերվենք միմյանց խոսքի ու կարծիքի նկատմամբ՝ ինքներս պահպանելով նշված կանոնները: 6. Այս ողջ գործընթացում իրենց պարտականությունները պետք է բարեխիղճ կատարեն պետական մարմինները՝ գործելով իր կարգավիճակի առավելագույն սահմաններով: Պետք է ապահովել անմիջական հաղորդակցություն քաղաքացիների հետ կանխելու համար որևէ տեսակի ապատեղեկատվություն ու պետք է անհապաղ արձագանքել լարվածության տանող ցանկացած ապատեղեկատվության: Պետք է զգոն լինեն իրավապահ մարմինները և կանխեն կամ բացառեն իրենց իրավասությանը վերաբերող ցանկացած տեսակի ապօրինի արարք, բայց բացառապես մեկ պայմանով՝ սեփական գործողություններում ապահովելով իրավունքի գերակայություն ու հավասար մոտեցում բոլոր իրավիճակների նկատմամբ: 7. Լրատվական գործունեություն իրականացնող բոլոր կազմակերպություններին ու լրագրողներին կրկին հորդորում եմ հատուկ ուշադրությամբ հետևել հրապարակումների ներքո ծավալվող քննարկումներին և հեռացնել վիրավորանք ու ատելություն, արժանապատվությունը նվաստացնող արտահայտություններ պարունակող մեկնաբանությունները: Խնդիրն այնքան արդիական է դարձել, որ անհրաժեշտ է լրացուցիչ ռեսուրսներ հատկացնել դա լուծելու համար: Դրանից բացի, ցանկացած հրապարակում անելիս անհրաժեշտ է ուշադրություն դարձնել տեղեկությունների ստուգվածությանը, ավելի մեծ ուշադրություն դարձնել վերնագրերի ընտրության հարցում և գործել պատասխանատու լրագրության սկզբունքների պահպանմամբ»:
11:12 - 16 դեկտեմբերի, 2020
Արմեն Սարգսյանը հանդիպել է իրավաբանական հանրության մի խումբ ներկայացուցիչների հետ

Արմեն Սարգսյանը հանդիպել է իրավաբանական հանրության մի խումբ ներկայացուցիչների հետ

Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանն այսօր հանդիպում է ունեցել Մարդու իրավունքների պաշտպան Արման Թաթոյանի, Մարդու իրավունքների եվրոպական դատարանում Հայաստանի ներկայացուցիչ Եղիշե Կիրակոսյանի, փաստաբաններ Սիրանուշ Սահակյանի, Արտակ Զեյնալյանի և Արա Ղազարյանի հետ: Հանդիպման մասնակիցները ներկայացրել են պատերազմի ընթացքում և հետպատերազմյան ժամանակահատվածում կատարված և նախատեսվող միջազգային իրավական պաշտպանության միջոցառումները: Հանրապետության նախագահն ընդգծել է միջազգային իրավունքով և գործիքակազմով ընձեռվող բոլոր հնարավորություններն արդյունավետ օգտագործելու կարևորությունը և միջազգային իրավական պաշտպանության ոլորտի մասնագետների ամբողջ ներուժը կենտրոնացնելու, համակարգված ու փոխհամաձայնեցված գործելու անհրաժեշտությունը:  
18:19 - 14 դեկտեմբերի, 2020