Սահման

Այս պահի դրությամբ հաստատված երկու զոհ ունենք քաղաքացիական անձանց շրջանակներում. Քյարամյան
 |news.am|

Այս պահի դրությամբ հաստատված երկու զոհ ունենք քաղաքացիական անձանց շրջանակներում. Քյարամյան |news.am|

news.am: Այս պահի դրությամբ հաստատված երկու զոհ ունենք քաղաքացիական անձանց շրջանակներում. Քննությունը այդ առումով շարունակվում է: Այս մասին, այսօր՝ սեպտեմբերի 17-ին, Գեղարքունիքի մարզում մի քանի լրագրողների հետ  զրույցում նշեց ՀՀ քննչական կոմիտեի նախագահ Արգիշտի Քյարամյանը: «Մեկը ուղիղ ճանապարհը թիրախավորելու արդյունքում է զոհվել: Այո, ունենք նաեւ դեպք, որ շտապօգնության մեքենան է թիրախավորվել»,-ասաց նա: Նրա խոսքով, Ադրբեջանի ռազմաքաղաքական ղեկավարության կողմից ագրեսիայի ակտ նախաձեռնելու եւ միջազգային մարդասիրական մի շարք էական խախտումներ թույլ տալու հետ կապված քրգործեր են հարուցվել. Քրեական գործեր են հարուցվել նաեւ դիակապտության հոդվածով: «Քննություն է իրականացվում եւ այս պահին Գեղարքունիքում, Սյունիքում, Վայոց Ձորում քննչական տարբեր խմբեր են փորձագետների հետ միասին աշխատում: Առաջնային նպատակը զննություններով ֆիքսելն է քաղաքացիական ենթակառուցվածքներին, օբյեկտներին հասցված վնասը: Բազմաթիվ քաղաքացիական շենքեր են վնասվել: Մեր խնդիրն է նաեւ այդ վնասները ֆիքսել, հստակեցնել, հետագայում նաեւ ապրանքագիտական փորձաքննություններ միջոցով պարզել նյութական վնասի ընդհանուր արժեքը: Այս պահին քննչական խմբերը այդ ուղղությամբ աշխատանքներ են կատարում»,-ասաց նա:Քյարամյանի խոսքով, քրեական գործը հարուցվել է հենց ագրեսիայի օրը եւ այդ օրվանից սկսած աշխատանքները ՔԿ-ն տանում է: Նա նկատեց, որ վնասված քաղաքացիական ենթակառուցվածքների կամ դրանց միջեւ ընկած տարածքներում որեւէ զինվորական ենթակառուցվածք կամ զինվորական անձնակազմ չի եղել. «Ակնհայտ է, որ Ադրբեջանն ուղիղ թիրախավորել է քաղաքացիական բնակչությանը եւ քաղաքացիական ենթակառուցվածքները»,-ասաց Քյարամյանը: Հարցին, թե քննչական աշխատանքներն ավարտելուց հետո որոնք են լինելու հետագա գործողությունները, ՔԿ նախագահը պատասխանեց. «Իրականում քաղաքացիական ենթակառուցվածքների թիրախավորումը շատ կարեւոր է, որ հստակ ֆիքսենք, որ միջազգային ատյաններում կարողանանք բարձրացնել այդ հարցերը: Մեր գործընկերներն այդ ուղղությամբ աշխատում են, մենք մեր հավաքած ապացույցները կտրամադրենք նաեւ այդ ատյաններում աշխատող պետական իրավասու կառույցներին: Շատ ինտենսիվ ու օպերատիվ ենք աշխատում, դրանց մի մասն արդեն տրամադրել ենք, անընդհատ նորանոր տրամադրվում են նորանոր տեղեկատվություններ: Նաեւ իդենտիֆիկացված գերիների վերաբերյալ մեր գործընկերները դիմել են եւ կան արդեն Եվրոպական դատարանի կողմից միջանկյալ միջոց կիրառելու որոշումներ»:  
16:51 - 17 սեպտեմբերի, 2022
Մեր պատվիրակությունն ակնկալում է ունենալ հանդիպումներ, որոնք տարածաշրջանում առաջ կմղեն մեր արժեքներն ու շահերը․ Փելոսիի գրասենյակ
 |armenpress.am|

Մեր պատվիրակությունն ակնկալում է ունենալ հանդիպումներ, որոնք տարածաշրջանում առաջ կմղեն մեր արժեքներն ու շահերը․ Փելոսիի գրասենյակ |armenpress.am|

armenpress.am: Միացյալ Նահանգների Ներկայացուցիչների պալատի խոսնակ Նենսի Փելոսիի գլխավորած պատվիրակության այցը Հայաստան ի ցույց կդնի ԱՄՆ հանձնառությունը՝  անվտանգ, տնտեսապես բարեկեցիկ և ժողովրդավար կառավարմանը Հայաստանում և Հարավային Կովկասում։ Այս մասին ասվում է այցի վերաբերյալ Փելոսիի գրասենյակի տարածած հաղորդագրության մեջ։ Ներկայացուցիչների պալատի խոսնակը նշել է, որ ուրախ են այցելել Երևան 2019 թվականին Հայոց ցեղասպանությունը ճանաչող պատմական բանաձևի ընդունումից և առաջին անգամ ԱՄՆ նախագահի կողմից Ցեղասպանության ճանաչումից հետո։ Նա ընդգծել է, որ «բոլորի բարոյական պատասխանատվությունն է՝ երբեք չմոռանալ․ պարտավորություն, որը հատկապես մեծ հրատապություն է ձեռք բերել, քանի որ կոտորածներ են իրականացվում ողջ աշխարհում, այդ թվում և Ռուսաստանի կողմից Ուկրաինայում»։ «Կոնգրեսի մեր պատվիրակության այցը Հայաստան հզոր խորհրդանիշն է Միացյալ Նահանգների հաստատակամ վճռականության՝ ունենալ խաղաղ, բարեկեցիկ և ժողովրդավար Հայաստան և կայուն ու խաղաղ կովկասյան տարածաշրջան։ Կառավարության առաջնորդների, քաղաքացիական հասարակության և անվտանգային մարմինների անդամների հետ աշխատանքային հանդիպումների ժամանակ մենք կհայտնենք ԱՄՆ-ի՝ որպես ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահ և Հայաստանի երկար տարիների բարեկամ, ուժեղ և շարունակվող աջակցությունը Լեռնային Ղարաբաղում հակամարտության տևական կարգավորմանը»,- նշել է Փելոսին։ Նա ընդգծել է, որ պատվիրակության կազմում ընդգրկված դեմոկրատ գործիչներ Ֆրենք Փալոնեն, հայկական արմատներ ունեցող Աննա Էշուն, Ջեքի Սփիերը Հայաստանի շահերի համար երկար տարիներ ի վեր գործունեություն ծավալող գործիչներ են։ «Մեր պատվիրակությունն ակնկալում է ունենալ արդյունավետ հանդիպումներ, որոնք էլ ավելի կամրապնդեն Հայաստանի Հանրապետության հետ մեր գործընկերությունը և տարածաշրջանում առաջ կմղեն մեր արժեքներն ու շահերը»,- եզրափակել է Փելոսին։
16:34 - 17 սեպտեմբերի, 2022
ԱԻ նախարար Արմեն Փամբուխչյանը Սյունիքի մարզում է. նա հանդիպել է մարզպետի հետ և այցելել Կապանի ՀՓՋ

ԱԻ նախարար Արմեն Փամբուխչյանը Սյունիքի մարզում է. նա հանդիպել է մարզպետի հետ և այցելել Կապանի ՀՓՋ

Սեպտմբերի 17-ին ԱԻ նախարարն այցելել է Սյունիքի մարզ: Այս մասին հայտնում են ՀՀ ԱԻՆ-ից։   Գերատեսչության ղեկավարը մարզպետարանում հանդիպում է անցկացրել Սյունիքի մարզպետ Ռոբերտ Ղուկասյանի հետ: Քննարկվել են վերջին օրերին Հայաստանի Հանրապետության նկատմամբ Ադրբեջանի սանձազերծած ագրեսիայի հետևանքով ստեղծված իրավիճակին առնչվող հարցեր:   Նախարար Ա. Փամբուխչյանը մարզպետին վստահեցրել է, որ մարզային փրկարարական վարչությունը, հրշեջ-փրկարարները պատրաստ են լիարժեք կատարել իրենց առջև դրված խնդիրները, նաև նշել, որ անձամբ ինքը և իր ղեկավարած կառույցն անում են ամեն հնարավոր բան ստեղծված իրավիճակի հանգուցալուծմանը նպաստելու համար:   Այնուհետև, Արմեն Փամբուխչյանը և Ռոբերտ Ղուկասյանն այցելել են Կապանի հրշեջ-փրկարարական ջոկատ: Նախարարը տեղում ծանոթացել է իրավիճակին, աշխատանքային պայմաններին, զրուցել անձնակազմի հետ, տվել համապատասխան հանձնարարականներ:   Ի դեպ, Սյունիքի ՄՓՎ հրշեջ-փրկարարական ջոկատի անձնակազմի անդամներից, ինչպես և Վայոց ձորում, Գեղարքունիքում ձևավորվել են մարտական հերթապահություն իրակացնող խմբեր, որոնք ծառայություն են իրականացնում տեղակայման վայրերում:   Նախօրեին նախարար Արմեն Փամբուխչյանն այցելել էր ադրբեջանական հրետակոծությունից վնասված Ջերմուկի ՀՓՋ-ի շենք:
15:41 - 17 սեպտեմբերի, 2022
Նենսի Փելոսին Հայաստանում բարձրաստիճան պաշտոնյաների հետ կքննարկի ներկայիս անվտանգային իրավիճակը

Նենսի Փելոսին Հայաստանում բարձրաստիճան պաշտոնյաների հետ կքննարկի ներկայիս անվտանգային իրավիճակը

Հայաստանում ԱՄՆ դեսպանությունից հայտնում են՝ այսօր ավելի ուշ Երևանում սպասում է ԱՄՆ Ներկայացուցիչների պալատի խոսնակ Նենսի Փելոսիի գլխավորած պատվիրակությանը։     Սեպտեմբերի 17-19-ի այցի ընթացքում Ներկայացուցիչների պալատի խոսնակ Փելոսին կհանդիպի ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանին, ՀՀ Ազգային ժողովի նախագահ Ալեն Սիմոնյանին և այլ բարձրաստիճան պաշտոնյաների՝ քննարկելու հայ-ամերիկյան հարաբերությունները և ներկայիս անվտանգային իրավիճակը։    Ներկայացուցիչների պալատի խոսնակ Փելոսին հանդես կգա մամուլի ասուլիսով, ծաղկեպսակ կդնի Հայոց ցեղասպանության հուշահամալիրում և ելույթ կունենա «Գաֆէսճեան արվեստի կենտրոնում», ընդ որում ելույթը ուղիղ հեռարձակմամբ հասանելի կլինի www.speaker.gov/newsroom հղմամբ։ Խոսնակ Փելոսին կանդրադառնա մեր երկու երկրների ամուր փոխգործակցությանը, որի հիմքում ընդհանուր արժեքներն են և մեր ժողովուրդների երկարամյա կապերը։   Պատվիրակության կազմում են ԱՄՆ Ներկայացուցիչների պալատի Էներգետիկ և կոմերցիոն հարցերով հանձնաժողովի նախագահ Ֆրանկ Փալոնեն և Ներկայացուցիչների պալատի անդամներ Աննա Էշուն և Ջեքի Սփիերը։
15:19 - 17 սեպտեմբերի, 2022
Արայիկ Հարությունյանը հանդիպել է Ամենայն Հայոց Կաթողիկոսի հետ

Արայիկ Հարությունյանը հանդիպել է Ամենայն Հայոց Կաթողիկոսի հետ

Արցախի Հանրապետության նախագահ Արայիկ Հարությունյանը և ԱՀ Ազգային ժողովի պատվիրակությունը սեպտեմբերի 16-ին Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում հանդիպում են ունեցել Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Երկրորդ Ամենայն Հայոց Կաթողիկոսի հետ: Այս մասին տեղեկացնում է Արցախի կառավարության լրատվական ծառայությունը։ Քննարկվել են ստեղծված իրավիճակում Հայաստանի և Արցախի առջև ծառացած մարտահրավերները, վերջին օրերի Ադրբեջանի ոտնձգությունները և առկա գոյաբանական սպառնալիքները։ Հանդիպմանն ընդգծվել է անհրաժեշտությունը ազգային ողջ ներուժի համախմբման և համահայկական միասնական ջանքերի գործադրման` ի նպաստ ստեղծված դժվարին իրավիճակի հանգուցալուծման և կայուն խաղաղության վերահաստատման։ Հանրապետության նախագահը և խորհրդարանականները կարևոր են նկատել պետություն-եկեղեցի գործակցությունը, մասնավորապես, այս օրերին Հայ Առաքելական եկեղեցու առաքելությունը ազգային միասնականության ամրապնդման գործում: Հանդիպման ընթացքում անդրադարձ է եղել Արցախի թեմի գործունեությանը և հոգևոր կյանքի զորացմանն ուղղված ծրագրերին և այդ համատեքստում պետության անելիքներին:
13:49 - 17 սեպտեմբերի, 2022
Ադրբեջանում Իրանի դեսպանը մանրամասն ներկայացրել է Թեհրանի դիրքորոշումը Հայաստանի եւ Ադրբեջանի նկատմամբ
 |news.am|

Ադրբեջանում Իրանի դեսպանը մանրամասն ներկայացրել է Թեհրանի դիրքորոշումը Հայաստանի եւ Ադրբեջանի նկատմամբ |news.am|

news.am: Բաքվում Իրանի դեսպան Սեյյեդ Աբբաս Մուսավին թվիթերի շարքում մանրամասն անդրադարձել է երկու հյուսիսային հարեւանների՝ Հայաստանի եւ Ադրբեջանի նկատմամբ Իրանի դիրքորոշմանը, գրում է Mehr-ը։ «Տարածաշրջանային եւ միջազգային հակամարտություններում Իրանի Իսլամական Հանրապետության սկզբունքային դիրքորոշումները միշտ հիմնված են պատվի, իմաստության, նպատակահարմարության, արդարության, արդարադատության եւ միջազգային իրավունքի վրա»,- ասվում է Սեյյեդ Աբբաս Մուսավիի իր առաջին թվիթում: «(Իրանի) իսթեբլիշմենտի իմաստուն իշխանությունները, միանշանակ, լավագույն ժամանակին կայացնում են լավագույն որոշումը եւ միշտ պաշտպանում են իրենց սեփական եւ տարածաշրջանային ազգային շահերն ու անվտանգությունը»: «Արտաքին եւ պաշտպանական քաղաքականություն վարող որոշումներ կայացնողների, քաղաքական գործիչների եւ պաշտոնյաների վրա ազդեցությունը, եթե այն ունի վերը նշված բաղադրիչները եւ զուրկ է ռացիոնալությունից ու հեռատեսությունից, կասկածելի է, վնասակար եւ ավելի շուտ լրացնում է Իրանի թշնամիների գլուխկոտրուկը եւ ոչնչացնում է կառավարության քաղաքականությունը հարեւանների նկատմամբ»,- հավելել է նա: «Ինչ վերաբերում է հյուսիսային հարեւաններին, ապա Իրանի դիրքորոշումները հայտնի են արդեն 30 տարի եւ բազմիցս հնչեցրել են հեղափոխության առաջնորդը, նախագահը, ԱԳ նախարարը եւ ԱԳՆ մամուլի քարտուղարը, այն է՝ միջազգային սահմանների անփոփոխությունը եւ հակադրությունն աշխարհաքաղաքական փոփոխություններին»,- հավելել է նա։ Եզրափակելով՝ դիվանագետն ընդգծել է, որ «ցանկացած դիտավորությամբ լրացուցիչ եւ զուգահեռ դիրքորոշում հայտարարելու պահանջը ոչ պրոֆեսիոնալ եւ վնասակար է»։  
13:30 - 17 սեպտեմբերի, 2022
ՊՆ-ն ունի զինծառայողներին սննդով, հագուստով եւ այլ անհրաժեշտ պարագաներով ապահովելու բավարար միջոցներ․ հայտարարություն

ՊՆ-ն ունի զինծառայողներին սննդով, հագուստով եւ այլ անհրաժեշտ պարագաներով ապահովելու բավարար միջոցներ․ հայտարարություն

Պաշտպանության նախարարությունը հայտարարում է, որ ունի զինծառայողներին սննդով, հագուստով եւ այլ անհրաժեշտ պարագաներով ապահովելու բավարար միջոցներ:    Վերոհիշյալ նպատակներով տարատեսակ դրամահավաքների և այլ միջոցառումների իրականացման անհրաժեշտություն այս պահին չկա:   ՀՀ պաշտպանության նախարարությունը բարձր է գնահատում մեր քաղաքացիների մտահոգություններն ու բանակին ամեն կերպ աջակցելու պատրաստակամությունը:   Այդուհանդերձ, եթե որևէ ձևաչափով բանակին աջակցելու ցանկությունը մեծ է, անհրաժեշտ է գործընթացը կազմակերպել և իրականացնել ՊՆ հետ սերտ համագործակցության շրջանակում:   Չհամաձայնեցված գործողությունները կարող են ժամանակի, ինչպես նաև նյութական ռեսուրսների վատնման կամ չարաշահման հանգեցնել` չտալով անհրաժեշտ արդյունք:   Նշված հարցերը համակարգելու համար ՊՆ պատասխանատու պաշտոնյաները պաշտպանության նախարարի օգնականներն են, հեռ.՝ 091 91 11 23 ; 044 35 54 34:
13:21 - 17 սեպտեմբերի, 2022
Տեղահանված քաղաքացիներին հրատապ աջակցություն ցուցաբերելու նպատակով գործարկվել է Առաջնային կարիքի հաշվառման հարթակը

Տեղահանված քաղաքացիներին հրատապ աջակցություն ցուցաբերելու նպատակով գործարկվել է Առաջնային կարիքի հաշվառման հարթակը

ՀՀ տարածքի նկատմամբ Ադրբեջանի սանձազերծած լայնածավալ ագրեսիայի պատճառով ժամանակավորապես տեղահանված քաղաքացիներին հրատապ աջակցություն ցուցաբերելու և պետական մարմինների հետ աշխատանքի արդյունավետ կազմակերպման նպատակով, Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության նախաձեռնությամբ՝ գործարկվել է Առաջնային կարիքի հաշվառման հարթակը։ Այս մասին հայտնում են Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարությունից։   Այն հնարավորություն կտա հավաքագրել ստեղծված իրավիճակով պայմանավորված աջակցության անհրաժեշտություն ունեցող քաղաքացիների կարիքները և դրանք ինքնաշխատ եղանակով փոխանցել մարզպետարանների և ՏԻՄ-երի պատասխանատուներին։    Հարթակում, որը հասանելի է հետևյալ հղմամբ՝ https://bit.ly/3UaEnxc , քաղաքացին լրացնում է իր անձնական տվյալները, որից հետո նշում կարիքների մասին, օրինակ՝ սնունդ, հագուստ, դեղորայք, խնամքի ծառայություններ և այլն:   Լրացված հայտն ինքնաշխատ եղանակով տրմադրվում է մարզպետարաններին և ՏԻՄ-երին, որոնք կարձագանքեն բացահայտված կարիքներին և համակարգում կարտացոլեն դրանց բավարարման կարգավիճակը․ օրինակ՝ նշելով՝ կարիքը բավարարված է, նման կարիք չի հայտնաբերվել և այլն։   Հարթակը հնարավորություն կտա նաև մասնավոր նախաձեռնություններին և հասարակական կազմակերպություններին այս համակարգում մուտքագրել իրենց կողմից հայտնաբերված քաղաքացիների կարիքները, որոնց, նույն ընթացակարգով, կարձագանքեն մարզպետարանները կամ ՏԻՄ–երը։
12:36 - 17 սեպտեմբերի, 2022
Ըստ մի քանի աղբյուրների՝ Իրանը զինծառայողների և սպառազինություն է ուղարկում հայ-ադրբեջանական սահմանի մոտ

Ըստ մի քանի աղբյուրների՝ Իրանը զինծառայողների և սպառազինություն է ուղարկում հայ-ադրբեջանական սահմանի մոտ

 «Իսլամական հեղափոխության պահապանների կորպուս» տելեգրամյան ալիքը երեկ հայտնել է, որ կորպուսը 50 000 զինծառայող է տեղակայում Հայաստանի և Ադրբեջանի սահմանի մոտ։ Al Arabiya-ն այսօր գրել է, որ Թեհրանը զրահատեխնիկա և սպառազինություններ է ուղարկել իր հյուսիսային սահմաններ։ Իրանահայ պատգամավոր Ռոբերտ Բեգլարյանն էլ երեկ, պատասխանելով CivilNet-ի լրագրողի հարցին, թե ինչու, ի տարբերություն 2020-ի և 2021-ի, Իրանը զորավարժություններ չի սկսում կամ զորքեր, զինտեխնիկա չի մոտեցնում հայ-ադրբեջանական սահմանին, նշել է․ «Երեկ հայտարարություն էր հնչել Ադրբեջանի և տարածաշրջանի հարցերի շուրջ ուղղակի Հեղափոխության պահապանների կորպուսի կողմից, և վերջին լուրերն այն են, որ արդեն տեղաշարժ կա զինամթերքի, սպառազինությունների դեպի սահման»։ Լրագրողի ճշտող հարցին՝ հաստատվա՞ծ, պատգամավորը պատասխանել է՝ այո։   Գլխավոր լուսանկարը՝ Al Arabiya-ից
12:30 - 17 սեպտեմբերի, 2022
ՄԻՊ-ն արտահերթ զեկույց է հրապարակել Հայաստանի դեմ ադրբեջանական զինված հարձակման հետևանքների վերաբերյալ

ՄԻՊ-ն արտահերթ զեկույց է հրապարակել Հայաստանի դեմ ադրբեջանական զինված հարձակման հետևանքների վերաբերյալ

ՀՀ Մարդու իրավունքների պաշտպանն արտահերթ զեկույց է հրապարակել Հայաստանի Հանրապետության վրա ադրբեջանական զինված հարձակման հետևանքների վերաբերյալ։ Պաշտպանն իր զեկույցում ամփոփել ու վերլուծել է ադրբեջանական զինված ուժերի կողմից կատարված պատերազմական հանցագործությունները, փաստագրել տեղահանված անձանց, բժշկական շտապօգնության մեքենաների ու լրագրողների թիրախավորման, երեխայի ու հաշմանդամություն ունեցող անձանց իրավունքների խախտումների ապացույցները, ինչպես նաև ներկայացրել քաղաքացիական անձանց ու կենսական ենթակառուցվածքների թիրախավորման, անձանց հասցված գույքային ու շրջակա միջավայրին հասցված վնասների փաստերը։ Հայ զինծառայողների նկատմամբ խոշտանգումների և անմարդկային ու արժանապատվությունը նվաստացնող վերաբերմունքի, ինչպես նաև զոհված զինծառայողների մարմինների կտտանքների փաստերը վերլուծված են զեկույցի ոչ հրապարակման ենթակա հատվածում և պատշաճ կարգով ներկայացվել են միջազգային իրավասու կազմակերպություններին և դերակատարներին։  Զեկույցի անգլերեն տարբերակը՝ ստորև: 
12:06 - 17 սեպտեմբերի, 2022