Հայաստան

Այս պահի դրությամբ Հայաստանի վարչապետի և Ադրբեջանի նախագահի միջև որևէ հանդիպում նախատեսված չէ․ ԱԳՆ խոսնակ

Այս պահի դրությամբ Հայաստանի վարչապետի և Ադրբեջանի նախագահի միջև որևէ հանդիպում նախատեսված չէ․ ԱԳՆ խոսնակ

ՀՀ արտաքին գործերի նախարարի մամուլի քարտուղար Վահան Հունանյանը, ի պատասխան լրատվամիջոցների հարցերի, տարածել է հաղորդագրության, որտեղ նշված է, որ վարչապետ Փաշինյանը մի քանի անգամ հայտարարել է, որ Հայաստանի Հանրապետությունը պատրաստ է բարձր և բարձրագույն մակարդակով վերսկսել Լեռնային Ղարաբաղի հիմնախնդրի կարգավորման շուրջ բանակցություններն Ադրբեջանի հետ՝ ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահության շրջանակներում և մանդատի ներքո: «Միևնույն ժամանակ, 2021 թվականի հունվարի 11-ի հայտարարության հիման վրա՝ Հայաստանը ներգրավված է եռակողմ (Հայաստան, Ռուսաստան, Ադրբեջան) աշխատանքային քննարկումներում, որոնք վերաբերվում են տարածաշրջանի տրանսպորտային կոմունիկացիաների ապաշրջափակմանը: 2021 թվականի մայիսից ի վեր եռակողմ ֆորմատով քննարկվել է նաև ՀՀ տարածքից ադրբեջանական զինված ուժերի ստորաբաժանումների դուրսբերումը ու Հայաստանի և Ադրբեջանի սահմանների դելիմիտացիայի և դեմարկացիայի գործընթացի հնարավոր մեկնարկի գաղափարը, որը մինչ այս պահը կյանքի չի կոչվել: Սահմանների դելիմիտացիայի և դեմարկացիայի, ինչպես նաեւ տարածաշրջանային կոմունիկացիաների բացման հարցում խորհրդատվական օժանդակություն ցուցաբերելու պատրաստակամություն են հայտնել ԵԱՀԿ Մինսկի խմբի մյուս երկու համանախագահող երկրները՝ ԱՄՆ-ն և Ֆրանսիան, ինչպես նաև Եվրամիությունը: Հայաստանի Հանրապետության կառավարությունը վերը նշված օրակարգի մասին հայտարարել է դեռ ամիսներ առաջ և հետևողական է լինելու դրա առաջմղման, Հայաստանի Հանրապետության և Արցախի շահերը պաշտպանելու, տևական խաղաղություն և կայունություն հաստատելու հարցում: Միևնույն ժամանակ ուզում եմ ընդգծել, որ այս պահի դրությամբ Հայաստանի վարչապետի և Ադրբեջանի նախագահի միջև որևէ հանդիպում նախատեսված չէ։ Կան տարբեր ֆորմատներով տարբեր հանդիպումների առաջարկներ, որոնք քննարկման փուլում են: Ուզում եմ նաև ընդգծել, որ այս թեմայի շուրջ որոշ շրջանակների տարածած լուրերը ակնհայտ սադրիչ բնույթ ունեն և իրականությանը չեն համապատասխանում: Իրավիճակի մեջ ճիշտ կողմնորոշվելու համար խորհուրդ կտայի ուսումնասիրել 2021 թվականի հունվարի 11-ի մոսկովյան եռակողմ հանդիպմանը նախորդած լուրերը, պնդումները, «բացահայտումները», ծանոթանալ հանդիպման արդյունքներին ու բովանդակությանը և հետահայաց վերլուծել, թե որքանո՞վ էին համապատասխանում հանդիպումից առաջ տարածվող լուրերը իրականությանը»,- ասված է ԱԳՆ խոսնակի հայտարարության մեջ:
15:37 - 23 հոկտեմբերի, 2021
Սահմանագծումը պետք է տեղի ունենա փոխզիջման արդյունքում․Վլադիմիր Պուտին |factor.am|

Սահմանագծումը պետք է տեղի ունենա փոխզիջման արդյունքում․Վլադիմիր Պուտին |factor.am|

factor.am: «Վալդայ» միջազգային բանավեճային ակումբում ունեցած ելույթում Վլադիմիր Պուտինը ասել է, որ խաղաղ համակեցությունը կարևոր է թե՛ Հայաստանի, թե՛ Ադրբեջանի համար։  «Ադրբեջանի համար դա կարևոր է այն առումով, որ կկարողանա կապ հաստատել Նախիջևանի հետ։ Հաղորդակցության ուղիների ապաշրջափակումը կարևոր է նաև Հայաստանի համար․ թե՛ Ադրբեջանի, թե՛ Թուրքիայի հետ՝ պետք է հարևանների հետ հարաբերություններին տալ ժամանակակից բնույթ, ինչը նախապայմաններ կստեղծի այդ երկրների հետ խաղաղ համակեցության և երկրի տնտեսական զարգացման համար։ Հնարավո՞ր է դա անել․ հնարավո՛ր է»,- կարծիք է հայտնել ՌԴ նախագահը։ Նա նշել է, որ Ռուսաստանն ամեն ինչ արել է՝ արյունահեղությունը դադարեցնելու համար․ «Մեր խաղաղապահների շնորհիվ մոտ 50 հազար տեղահանվածներ ի վիճակի են եղել վերադառնալ հայրենիք»։ Անդրադառնալով հայ-ադրբեջանական սահմանային իրավիճակին՝ Պուտինը նշել է, որ սահմանագծման և սահմանազատման աշխատանքների համար բավարար է երկու կողմերի և ՌԴ-ի մասնակցությունը։ «Այս պահին կարևորը հայ-ադրբեջանական սահմանը հստակ որոշելն է, որի համար, բացի երկու կողմերից և Ռուսաստանից ոչ ոք պետք չէ։ Պետք է պրագմատիկ լինել։ Ինչո՞ւ․․․ որովհետև քարտեզները ՌԴ բանակի Գլխավոր շտաբում են, որոնք ցույց են տալիս, թե խորհրդային տարիներին ինչպես էր անցնում սահմանը երկու երկրների միջև։ Ահա այս փաստաթղթերով պետք է սահմանագծում անել։ Դա պետք է տեղի ունենա փոխզիջման արդյունքում, հնարավոր է՝ որոշակի փոփոխություններով, որոնք, սակայն, ընդունելի կլինեն երկու կողմերի համար»,- հայտարարել է Վլադիմիր Պուտինը։
23:21 - 21 հոկտեմբերի, 2021
Հայաստանն ու Ադրբեջանը պետք է գնահատեն խաղաղ գոյակցության առավելությունները. Վլադիմիր Պուտին

Հայաստանն ու Ադրբեջանը պետք է գնահատեն խաղաղ գոյակցության առավելությունները. Վլադիմիր Պուտին

tert.am: Ռուսաստանի Դաշնության նախագահ Վլադիմիր Պուտինը «Վալդայ» քննարկման ակումբի հանդիպմանը, ի թիվս այլ հարցերի, անդրադարձել է Հարավային Կովկասում ստեղծված իրավիճակին՝ նշելով, որ Բաքուն և Երևանը կարողացան դադարեցնել արյունահեղությունը Ղարաբաղում ՝ հրաժարվելով վայրկենական շահերից և այժմ անհրաժեշտ է պայմաններ ստեղծել տարածաշրջանում երկարաժամկետ կարգավորման համար:«Ի վերջո նախագահ Ալիևին և վարչապետ Փաշինյանին հաջողվեց դադարեցնել արյունահեղությունը։ Բայց բանը միայն սրանում չէ, թեև մարդկային կյանքեր փրկելուց ավելի կարևոր բան չի կարող լինել։ Այդուհանդերձ, դեռևս կան կարևոր ասպեկտներ, այն է՝ անհրաժեշտ է պայմաններ ստեղծել ընդհանուր տարածաշրջանում երկարաժամկետ կարգավորման համար։ Այս պայմանները կարող են ստեղծվել միայն այն դեպքում, եթե երկու կողմերն էլ ընդունեն ձեռք բերված պայմանավորվածությունները երկարաժամկետ հեռանկարում, և երկու կողմերն էլ գնահատեն խաղաղ գոյակցության առավելությունները, ուզում եմ ընդգծել սա։ Եվ սա բոլորի շահերից է բխում», - ասել է Պուտինը:Նա մանրամասնել է, որ այս դեպքում հնարավոր կլինի ապաշրջափակել տրանսպորտային ուղիներն ու տնտեսական կապերը տարածաշրջանում, ինչը պայմաններ կստեղծի երկու երկրների անվտանգության համար։ 
23:04 - 21 հոկտեմբերի, 2021
Հաագայի դատական պրոցեսը Արցախի հարցում միջազգային ճիշտ ընկալումների ձևավորման մասին է. Եղիշե Կիրակոսյան |armenpress.am|

Հաագայի դատական պրոցեսը Արցախի հարցում միջազգային ճիշտ ընկալումների ձևավորման մասին է. Եղիշե Կիրակոսյան |armenpress.am|

armenpress.am: Հաագայի միջազգային դատարանում Ադրբեջանի դեմ Հայաստանի Հանրապետության ներկայացրած հայցի բավարարումը էապես կնպաստի Արցախյան հակամարտության կարգավորման բանակցային գործընթացում հայկական կողմի փաստարկների ամրապնդմանը և Արցախի ինքնորոշման միջազգային ճանաչմանը: Այդ մասին հայտնեց ՄԱԿ-ի Արդարադատության միջազգային դատարանում (Հաագա) Հայաստանի Հանրապետության շահերի ներկայացուցիչ Եղիշե Կիրակոսյանը՝ խոսելով «Հայաստանն ընդդեմ Ադրբեջանի» գործի ընթացքի մասին: Հայաստանի կառավարության ներկայացուցիչը շեշտեց՝ Արցախյան հիմնախնդրի տեսանկյունից կարևոր է ոչ միայն լոկ միջազգային դատարանի որոշումը, այլև ինքնին պրոցեսը, քանի որ այն նպաստելու է միջազգային ճիշտ ընկալումների ձևավորմանը: «Ընդհանրապես, դատական պրոցեսի ընթացքում մենք ներկայացնում ենք հիմնավոր, միջազգային իրավունքի տեսանկյունից պատճառաբանված փաստարկներ: Մենք ներկայացնում ենք մեր դիրքորոշումը, որը չի կարող չվերաբերել Արցախի կամ Լեռնային Ղարաբաղի հիմնախնդրին: Վերաբերում է ուղղակիորեն: Մենք ներկայացնում ենք հայկական կողմի ընկալումները և դիրքորոշումները հիմնավոր և մասնագիտական կերպով և դա անում ենք միջազգային իրավունքի լեզվով, ինչը շատ կարևոր է: Եվ դրա հիման վրա, կարծում եմ, ձևավորվելու է միջազգային աջակցությունը այս ուղղությամբ: Դրա համար այս գործի կարևորությունը ոչ միայն լոկ դատարանի որոշումն է, այլև ինքնին պրոցեսը: Երբ մենք սկիզբ ենք տալիս այդ գործընթացին, այդ ընթացքում հրապարակային ելույթներ են լինում, բանավոր լսումներ են լինում, մենք պարզ ներկայացնում ենք մեր փաստարկները, և դա տեսնում են բոլորը: Հետևաբար, կարծում եմ՝ սա նաև կարծիք ձևավորող պրոցես է: Այս պրոցեսը հիմնախնդրի միջազգային ընկալումները ճիշտ ձևակերպելու մասին է: Այս տեսանկյունից, կարծում եմ, շատ կարևոր պրոցես է», - ասաց Եղիշե Կիրակոսյանը: Հայաստանի կառավարության ներկայացուցչի խոսքով՝ հոկտեմբերի 19-ին գործի լսումները ավարտվել են: Երկու շաբաթվա ընթացքում երկու լսում է տեղի ունեցել, որոնցից մեկը՝ Հայաստանի ներկայացրած խնդրանքի հիման վրա, մյուսը՝ Ադրբեջանի ներկայացրած հրատապ միջոց կիրառելու խնդրանքի հիման վրա: Եղիշե Կիրակոսյանի խոսքով՝ երկու լսումների ընթացքում էլ Հայաստանի փաստաբանական թիմը բավական զորեղ ու համոզիչ փաստարկներ ու ապացույցներ է ներկայացրել, ինչպես նաև շատ համոզիչ կերպով պաշտպանել է հայկական շահերը Ադրբեջանի միջնորդության ժամանակ՝ հակափաստարկներ բերելով ադրբեջանական կողմի դատարկ և անհիմն պահանջներին: Նա շեշտեց, որ Ադրբեջանի դեմ դատական գործի ընթացքը ինքնին կարևոր է, քանի որ դրանով որոշակի արդյունքներ արդեն արձանագրվել են, մասնավորապես այն, որ Ադրբեջանի իշխանությունները Հայաստանի պահանջով հեռացրել են հայ զինվորների մանեկենները և սաղավարտները Բաքվի տխրահռչակ «ռազմական ավարի պուրակից»: «Կարծում եմ՝ դա առաջին մեծ հաջողությունն է, քանի որ ադրբեջանական կողմը մանեկենների և սաղավարտների հեռացման ապացույցը ներկայացրեց դատարանին լսումներից ընդամենը երկու-երեք օր առաջ, ինչը ցույց է տալիս, որ այս լսումները ինքնին արդեն արդյունք ունենում են», - մեկնաբանեց Եղիշե Կիրակոսյանը: Ներկայացուցչի խոսքով՝ Արդարադատության միջազգային դատարանը իր որոշումը տվյալ գործով հրապարակելու է մոտ մեկ կամ մեկուկես ամսից. «Եթե որոշումով ստանանք այն, ինչ ուզում ենք, դա կլինի ավելի համոզիչ, և դա մեծ ճնշում է ավելացնելու Ադրբեջանի վրա: Արդեն ավելացրել է, և եթե որոշումը լինի, այդ ճնշումը բազմապատկվելու է»: Շարունակությունը՝ armenpress.am-ում
09:59 - 21 հոկտեմբերի, 2021
Կայացել է ՀՀ, ՌԴ և Ադրբեջանի փոխվարչապետների համանախագահությամբ աշխատանքային խմբի նիստը

Կայացել է ՀՀ, ՌԴ և Ադրբեջանի փոխվարչապետների համանախագահությամբ աշխատանքային խմբի նիստը

Հայաստանի Հանրապետության փոխվարչապետ Մհեր Գրիգորյանը, Ռուսաստանի Դաշնության փոխվարչապետ Ալեքսեյ Օվերչուկը և Ադրբեջանի Հանրապետության փոխվարչապետ Շահին Մուստաֆաևը անցկացրել են եռակողմ աշխատանքային խմբի նիստը:Ս.թ. հոկտեմբերի 20-ին Մոսկվայում կողմերն անցկացրել են Եռակողմ աշխատանքային խմբի 8-րդ նիստի առաջին մասը, որի ընթացքում դիտարկվել են Հարավային Կովկասի տարածաշրջանում տրանսպորտային կոմունիկացիաների վերականգնման հեռանկարները, և քննարկվել է Հայաստանի Հանրապետության վարչապետի, Ռուսաստանի Դաշնության նախագահի և Ադրբեջանի Հանրապետության նախագահի 2021թ. հունվարի 11-ի հայտարարության շրջանակներում իրականացվող աշխատանքի հետագա ընթացքը:Կողմերը պայմանավորվել են մոտակա ժամանակներում անցկացնել 8-րդ նիստի երկրորդ մասը:
22:58 - 20 հոկտեմբերի, 2021
Հայաստանը Հաագայի դատարանին խնդրել է մերժել Ադրբեջանի պահանջները միջանկյալ միջոցների վերաբերյալ |azatutyun.am|

Հայաստանը Հաագայի դատարանին խնդրել է մերժել Ադրբեջանի պահանջները միջանկյալ միջոցների վերաբերյալ |azatutyun.am|

azatutyun.am: Հայաստանը ՄԱԿ-ի Արդարադատության միջազգային դատարանին խնդրել է մերժել ՀՀ դեմ միջանկյալ միջոցներ կիրառելու Ադրբեջանի պահանջը: Հայաստանի ներկայացուցիչ Եղիշե Կիրակոսյանն իր եզրափակիչ խոսքում մասնավորապես ասել է. - «Ադրբեջանի պահանջները չեն բավարարում այն պայմաններին, որոնք թույլ են տալիս դատարանին օգտագործել միջանկյալ միջոցներ կիրառելու իր իրավունքը։ Մենք համոզված ենք, որ դատավորներն իրենք էլ կհամոզվեն դրանում»: Կիրակոսյանը Հաագայի դատարանին խնդրել է «ամբողջությամբ մերժել Ադրբեջանի պահանջները միջանկյալ միջոցների ներդրման վերաբերյալ»: Ավելի վաղ ադրբեջանական կողմի ներկայացուցիչ Էլնուր Մամեդովը դիմել էր միջանկյալ միջոցներ կիրառելու խնդրանքով, այդ թվում՝ պարտավորեցնել Հայաստանին ձեռնարկել բոլոր անհրաժեշտ գործողությունները, որպեսզի Ադրբեջանը կարողանա արագ, անվտանգ և արդյունավետ ականազերծում իրականացնել:
10:43 - 20 հոկտեմբերի, 2021
ՄԱԿ-ում Հայաստանը շրջանառել է ԼՂ-ում Ադրբեջանի իրականացրած մարդու իրավունքների խախտումներին անդրադարձող 8 հայտագիր |factor.am|

ՄԱԿ-ում Հայաստանը շրջանառել է ԼՂ-ում Ադրբեջանի իրականացրած մարդու իրավունքների խախտումներին անդրադարձող 8 հայտագիր |factor.am|

factor.am: 2021թ-ի սեպտեմբերի 13-ից հոկտեմբերի 11-ը Ժնևում կայացավ ՄԱԿ Մարդու իրավունքների խորհրդի (ՄԻԽ) 48-րդ նստաշրջանը: Քննարկումների առանցքում էր մարդու իրավունքների պաշտպանությանը վերաբերող հարցերի լայն շրջանակ, ինչպես նաև առանձին երկրներում մարդու իրավունքների իրավիճակը: Նստաշրջանի ընթացքում Հայաստանի պատվիրակությունը նախաձեռնեց համատեղ հայտարարություն, որին միացան տասնինը պետություններ՝ ՄԱԿ բոլոր տարածաշրջանային խմբերից: Հայտարարությունն անդրադառնում էր զինված հակամարտությունների ընթացքում միջազգային մարդասիրական իրավունքի և մարդու իրավունքների պաշտպանությանը, դատապարտում ուժի ապօրինի կիրառումը, ատելության խոսքը, պատերազմի լայնածավալ քարոզչությունը: Նշվում էր, որ ռազմագերիներն ու կալանավորված քաղաքացիական անձիք պետք է անհապաղ ազատ արձակվեն և հայրենադարձվեն ռազմական գործողությունների ավարտից հետո, իսկ միջազգային մարդասիրական իրավունքն արգելում է պատանդառությունը, ռազմագերիների և կալանավորված անձանց երկարաձգված բանտարկումը՝ նրանց սակարկման առարկա դարձնելու նպատակով։ ՀՀ պատվիրակությունը հանդես եկավ նաև 41 ազգային ելույթներով՝ անդրադառնալով նստաշրջանի ընթացքում քննարկվող հիմնական թեմաներին, ինչպես նաև ներկայացնելով մեր երկրի փորձն ու վերահաստատելով մարդու իրավունքների պաշտպանության Հայաստանի հանձնառությունը: Հայաստանի ելույթներն անդրադառնում էին Արցախի բնիկ հայ բնակչության դեմ Ադրբեջանի սանձազերծած ագրեսիայի շարունակվող հետևանքներին, ինչպես նաև ՀՀ միջազգայինորեն ճանաչված ինքնիշխան տարածքի նկատմամբ այդ երկրի ոտնձգությունների արդյունքում մարդու իրավունքների, այդ թվում՝ կյանքի իրավունքի բազմաթիվ խախտումներին: Վարձկանների հարցերով ՄԱԿ աշխատանքային խմբի ուշադրությունը հրավիրվեց Մերձավոր Արևելքից զինյալ ահաբեկիչների տեղափոխման հարցով հետևողական և մանրազնին քննություն անցկացնելու անհրաժեշտությանը: Բռնի անհետացման հարցերով ՄԱԿ աշխատանքային խմբի հետ երկխոսության ընթացքում ՀՀ կողմից շեշտադրվեց Ադրբեջանի անմիջական պատասխանատվությունը բազմաթիվ անհետ կորածների համար, որոնց մասով կան ադրբեջանական գերության մեջ լինելու անհերքելի վավերագրական ապացույցներ: ՀՀ կողմից ներկայացվեցին նաև ռասայական խտրականության, ռազմատենչ հայտարարությունների և հայատյացության լայնածավալ քարոզի դեպքերը, որոնք հղի են բռնության հրահրման սպառնալիքով: ՀՀ-ը տեղեկացրեց, որ դիմել է Արդարադատության միջազգային դատարան՝ Ադրբեջանի կողմից հայերի հանդեպ Ռասայական խտրականության վերացման մասին միջազգային կոնվենցիայի դրույթների և պահանջների հետագա խախտումը և սրացումն անհապաղ կանխելու նպատակով: Այս առումով Հայաստանն ընդգծել է, որ մարդու իրավունքների ՄԱԿ մեխանիզմները և հատուկ ընթացակարգերը պետք է կարևոր կանխարգելիչ դերակատարում ստանձնեն: Մինչդեռ, Ադրբեջանը արհամարհում է ՄԱԿ ընթացակարգերի հաղորդագրություններն և հարցումները, որոնք վերաբերում են Լեռնային Ղարաբաղում իրականացված մարդու իրավունքների ու հումանիտար իրավունքի խախտումներին։ ՄԻԽ հաջորդ՝ 49-րդ նստաշրջանը կմեկնարկի 2022թ.-ի փետրվարին: Առավել մանրամասն՝ factor.am-ո
19:39 - 19 հոկտեմբերի, 2021
Ռուսաստանը պլանավորում է 1 միլիարդ դոլար ներդնել Հայաստանի տնտեսության մեջ |armenpress.am|

Ռուսաստանը պլանավորում է 1 միլիարդ դոլար ներդնել Հայաստանի տնտեսության մեջ |armenpress.am|

armenpress.am: Ռուսաստանն առաջիկայում պլանավորում է 1 միլիարդ դոլար ներդնել Հայաստանի տնտեսության մեջ: Երևանում Հայ-ռուսական միջտարածաշրջանային ֆորումի շրջանակներում լրագրողների հետ ճեպազրույցում այս մասին ասաց Ռուսաստանի տնտեսական զարգացման փոխնախարար Դմիտրի Վոլվաչը: «2021 թվականին մեր երկրների միջև առևտրաշրջանառության վերականգնման տեմպերը վատ չեն՝ 17 տոկոս: Դա այն դեպքում, երբ մենք 4 տոկոս անկում ունեինք համավարակի տարում: Մեր համագործակցությունը զարգանում է ներդրումների ոլորտում՝ ավելի քան 2.2 միլիարդ դոլար համատեղ կուտակված ներդրումներ Ռուսաստանից Հայաստան:  Մենք գիտենք, որ կան 1 միլիարդ դոլարի հստակ ծրագրեր, որոնք մոտակա ժամանակահատվածում կներդրվեն Հայաստանի տնտեսության մեջ»,-  ասաց փոխնախարարը: Վոլվաչը հայտնեց, որ ներդրումները կլինեն էներգետիկայի, ենթակառուցվածքների և տրանսպորտի ոլորտներում:  Նրա խոսքով՝ ներդրումները շատ կարևոր կլինեն Հայաստանի և Ռուսաստանի միջև տնտեսական, սոցիալական և մշակութային հարաբերությունների զարգացման համար:
15:19 - 19 հոկտեմբերի, 2021
Ռուսաստանը շահագրգռված է Հայաստանում առևտրի և ներդրումների ակտիվ զարգացմամբ․ Ռեշետնիկով |azatutyun.am|

Ռուսաստանը շահագրգռված է Հայաստանում առևտրի և ներդրումների ակտիվ զարգացմամբ․ Ռեշետնիկով |azatutyun.am|

azatutyun.am: Ռուսաստանը շահագրգռված է Հայաստանի հետ առևտրի և ներդրումների ակտիվ զարգացմամբ, ռուսական բիզնեսը կարող է առաջարկել ամենաարդյունավետ լուծումները տարբեր ոլորտներում՝ ենթակառուցվածքների զարգացման համար: Այս մասին երեքշաբթի օրը Հայ-ռուսական ութերորդ միջտարածաշրջանային ֆորումի ժամանակ ասել է Ռուսաստանի տնտեսական զարգացման նախարար Մաքսիմ Ռեշետնիկովը: «Մենք շահագրգռված ենք Հայաստանում առևտրի և ներդրումների ակտիվ զարգացմամբ: Ռուսական բիզնեսն այժմ կարող է առաջարկել ամենաարդյունավետ լուծումները տրանսպորտի, էներգետիկայի, սոցիալական ենթակառուցվածքների զարգացման համար: Թվային տնտեսության ոլորտում, էլեկտրոնային կառավարման զարգացման մեջ, խելացի քաղաքներ, տեղեկատվական անվտանգություն, լոգիստիկա, էներգաարդյունավետություն և հեռավար կրթություն: Եվ շատ կարևոր է, որ այս բոլոր լուծումներն արդեն ակտիվորեն կիրառվում են Ռուսաստանի մարզերում», - ասել է Ռեշետնիկովը: Ռուս նախարարի խոսքով՝ այս բոլոր լուծումները փորձարկվել են կոնկրետ ձեռնարկություններում և կարող են բավականին արագ կրկնօրինակվել և օգուտ բերել մարդկանց։ «Մենք ակնկալում ենք, որ ֆորումի հիմնական արդյունքը կլինի նոր համատեղ նախագծերի շուրջ պայմանավորվածությունները», - ասել է Ռեշետնիկովը:
13:53 - 19 հոկտեմբերի, 2021
Հայաստանի և Ուկրաինայի ՄԻՊ-երը Ծիծեռնակաբերդում հարգանքի տուրք են մատուցել Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակին

Հայաստանի և Ուկրաինայի ՄԻՊ-երը Ծիծեռնակաբերդում հարգանքի տուրք են մատուցել Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակին

ՄԻՊ գրասենյակից տեղեկացնում են, որ ՀՀ մարդու իրավունքների պաշտպան Արման Թաթոյանի ուղեկցությամբ Ուկրաինայի Գերագույն ռադայի մարդու իրավունքների հանձնակատար Լյուդմիլա Դենիսովայի գլխավորած պատվիրակությունն այսօր այցելել է Ցեղասպանության զոհերի հուշահամալիր: Պատվիրակության անդամները ծաղիկներ են խոնարհել անմար կրակի մոտ՝ հարգելով 1915թ. անմեղ զոհերի հիշատակը: Հյուրերը եղել են Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտում, ծանոթացել Հայոց ցեղասպանությունը հավաստող փաստաթղթերին ու վավերագրերին: Ուկրաինայի Գերագույն ռադայի մարդու իրավունքների հանձնակատար Լյուդմիլա Դենիսովան գրառում է կատարել Հայոց ցեղասպանության թանգարանի հուշամատյանում: Նշենք, որ խոշտանգումների կանխարգելման ոլորտում Եվրոպայում առաջատարներից համարվող Հայաստանի մարդու իրավունքների պաշտպանի փորձի փոխանակման նպատակով Հայաստանում է գտնվում Ուկրաինայի Գերագույն ռադայի մարդու իրավունքների հանձնակատարի գլխավորած պատվիրակությունը:
12:57 - 19 հոկտեմբերի, 2021
Ռուսաստանը Հայաստանի հիմնական առևտրային գործընկերն է. ՀՀ վարչապետը ուղերձ է հղել հայ-ռուսական համաժողովի բացմանը

Ռուսաստանը Հայաստանի հիմնական առևտրային գործընկերն է. ՀՀ վարչապետը ուղերձ է հղել հայ-ռուսական համաժողովի բացմանը

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն ուղերձ է հղել Հայ-ռուսական միջտարածաշրջանային համաժողովի բացմանը: Կառավարության լրատվական ծառայության փոխանցմամբ՝ ուղերձում մասնավորապես ասվում է.   «Հարգելի՛ բարեկամներ, Տիկնա՛յք և պարոնա՛յք, Հայաստանի Հանրապետության կառավարության անունից ցանկանում եմ ողջունել Հայ-ռուսական միջտարածաշրջանային ութերորդ համաժողովի բոլոր մասնակիցներին: Ուրախ ենք հյուրընկալել Ռուսաստանից ժամանած մեր բոլոր հյուրերին: Միջտարածաշրջանային համաժողովները ունեն արդեն տաս տարվա պատմություն:Դրանք դարձել են մեր երկու երկրների միջև դաշնակցային հարաբերությունների շրջանակներում համագործակցության կարևոր ինստիտուտներից մեկը: Հայ-ռուսական միջտարածաշրջանային համագործակցությունը, որը խարսխված է շուրջ երկու տասնյակ համաձայնագրերի վրա, ունի հիրավի լայն աշխարհագրություն: Այն ներառում է Հայաստանի գրեթե բոլոր մարզերը և Ռուսաստանի Դաշնության ամենատարբեր անկյուններում գտնվող վարչական միավորներ, այդ թվում՝ Լենինգրադի և Օրենբուրգի, Յարոսլավլի և Օմսկի, Ուլյանովսկի և Արխանգելսկի, Ռոստովի և Վոլոգդայի մարզերը: Այս կապերի առկայությունը մեր երկու երկրների միջև բացառիկ հարաբերությունների վառ դրսևորումներից է: Ռուսաստանի Դաշնությունը ոչ միայն առանցքային դերակատարում ունի մեր տարածաշրջանում խաղաղության և կայունության պահպանման հարցում, այլ նաև կենտրոնական տեղ և դեր՝ մեր երկրի տնտեսության մեջ: Ռուսաստանը հանդիսանում է Հայաստանի հիմնական առևտրային գործընկերը: 2019 թվականին մեր երկկողմ առևտրաշրջանառությունը գերազանցել է 2.0 մլրդ դոլարի շեմը, իսկ այս տարի արդեն արձանագրել են առևտրաշրջանառության երկնիշ աճ: Ռուսաստանը նաև առաջատար է Հայաստանում կատարվող ներդրումների առումով և բացառիկ դերակատարում ունի մեր երկրի ենթակառույցների զարգացման գործում: Վերջերս կատարված ներդրումներից հարկ է մասնավորապես առանձնացնել համավարակի դեմ պայքարի պայմաններում մեր երկրի համար հատկապես կարևոր «Սպուտնիկ Լայթ» պատվաստանյութի թողարկման նպատակով տեխնոլոգիական տրանսֆերի իրականացումը: Մեր երկու երկրների միջև առկա տնտեսական համագործակցության մակարդակը համապատասխանում է դաշնակցային հարաբերությունների բնույթից բխող պահանջներին, սակայն դա բնավ չի ենթադրում ստատիկ իրավիճակի ամրագրում, հակառակը՝ պահանջում է մշտական աշխատանք, զարգացում և կատարելագործում: Աշխարհը սրընթաց կերպով փոխվում է, և մեր հարաբերությունները պետք է համապատասխանեն այդ փոփոխությունների արդյունքում ծնված պահանջներին: Մեզ անհրաժեշտ է կատարելագործել մեր տնտեսական հարաբերություններն այնպես, որ դրանք նպաստեն մեր երկրներում մրցունակ տնտեսությունների զարգացմանը: Ասվածի համատեքստում կարևոր ենք համարում մեր տնտեսությունների հետագա մերձեցումն ու փոխադարձ ինտեգրումը, որը պետք է հիմնված լինի ապրանքների, ծառայությունների, աշխատուժի և կապիտալի ազատ տեղաշարժի վրա: Եվրասիական տնտեսական միությունը իր հերթին ծառայում է այդ ռազմավարական նպատակին և մենք շահագրգռված ենք ամրապնդել այդ կառույցը և կատարելագործել նրա ինստիտուտները: Ակնհայտ է նաև մեր տնտեսական կապերի դիվերսիֆիկացիայի հրամայականը: Ի լրումն ավանդական ոլորտների, հարկ է գտնել ճանապարհներ բարձր տեխնոլոգիաների, նորարարությունների և տնտեսության գիտելիքահեն ոլորտներում համագործակցությունն առավել զարգացնելու համար: Համոզված եմ, որ այսօրվա միջոցառումն այն գործիքներից է, որը լավագույնս ծառայում է վերոնշյալ նպատակների իրագործմանը: Վերստին ողջունում եմ համաժողովի բոլոր մասնակիցներին և ցանկանում նրանց արդյունավետ աշխատանք՝ ի սպաս մեր երկրների և ժողովուրդների բարգավաճման: Շնորհակալություն»:
12:56 - 19 հոկտեմբերի, 2021
ՌԴ-ի և Հայաստանի հարաբերությունները իսկապես դաշնակցային բնույթ են կրում. Պուտին |tert.am|

ՌԴ-ի և Հայաստանի հարաբերությունները իսկապես դաշնակցային բնույթ են կրում. Պուտին |tert.am|

tert.am: Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինն ընդգծել է, որ ՌԴ-ի և Հայաստանի հարաբերությունները իսկապես դաշնակցային բնույթ են կրում, երկու երկրի միջև բովանդակալից քաղաքական երկխոսություն և արդյունավետ համագործակցություն է ծավալվում տարբեր ոլորտներում:«Ռուսաստանի և Հայաստանի հարաբերությունները, որոնք հիմնված են բազմադարյա ավանդույթների և փոխադարձ հարգանքի վրա, իսկապես դաշնակցային բնույթ են կրում: Մեր երկրների միջև բովանդակալից քաղաքական երկխոսութոյւն է ծավալվում, ինչպես նաև արդյունավետ համագործակցություն՝ տարբեր ուղղություններով: Ռուս-հայկական հարաբերությունների զարգացման հարցում զգալի դերակատարություն ունի միջտարածաշրջանային համագործակցությունը, որը թույլ է տալիս փոխշահավետ նախագծեր իրականացնել տնտեսական, սոցիալական,ենթակառուցվածքային, հումանիտար և շատ այլ ոլորտներում»,- ՏԱՍՍ գործակալության փոխանցմամբ՝ ասվում է Պուտինի՝ Ռուս-հայկական VIII միջտարածաշրջանային համաժողովի հյուրերին ուղղված խոսքում:
13:24 - 18 հոկտեմբերի, 2021