Ինֆոքոմ

Մենք դեռ չենք կիրառել մեր ողջ պոտենցիալը․ Արծրուն Հովհաննիսյան

Մենք դեռ չենք կիրառել մեր ողջ պոտենցիալը․ Արծրուն Հովհաննիսյան

Ադրբեջանն էլ է քարոզ իրականացնում, իր «հաղթանակները» ներկայացնում, բայց, եթե էդպես լիներ, մենք կտեսնեինք մասսայաբար ժամկետային զինծառայողների ստորաբաժանումների կիրառություն, որը չենք տեսնում։ Հանրային հեռուստաընկերության եթերում տված հարցազրույցի ընթացքում ասաց Արծրուն Հովհաննիսյանը և հավելեց․ «Եթե Ադրբեջանը ունենար գրավված բնակավայր, իր քարոզչական մեքենայով որպես ձեռքբերումը ցույց չէր տա երկու ուրալ մեքենա։ Ուրիշ ի՞նչ են ցույց տվել 7 օրվա ընթացքում»։ Հովհաննիսյանն նշեց, որ մեր բանակը մարտական խնդիրը կատարելու համար անհրաժեշտ բոլոր պարագաներն ունի, պլանավորված ռեսուրսներ ունի։ Իհարկե կորուստներ կրում ենք, արկեր, վառելիք, փամփուշտ օգտագործում ենք։ Բայց բանակը հենց այն կառույցն է, որն այդ ամեն ինչը ժամանակին պլանավորել է, կուտակել է։  «Մենք դեռ չենք կիրառել մեր ողջ պոտենցիալը»-ավելացրեց նա։ Արծրուն Հովյաննիսյանը հայտնեց, որ Մռավի լեռնաշղթայի տարածքում սերժանտը դրսևորել է բացառիկ հերոսություն և մեծ հնարամտություն․ երբ պետք է եղել, իր դիրքից նահանջել է, մոլորության մեջ է գցել հակառակորդին, սպասել է հարմար պահի, նորից հետ է գրոհել, վերցրել է դիրքը։  «Ունենք սպա, որը բացառիկ հերոսություն է ցուցաբերել իր անձնակազմի հետ․ մի միլիմետր չի նահանջել, երբ պետք է եղել, խուսավարել է՝ հակառակորդին պատճառելով մեծ վնասներ, թույլ չտալով, որ հակառակորդը մյուս կողմից շրջանցի և իրեն վերցնի շրջափակման մեջ ու մեր խոշոր ստորաբաժանումներից մեկին վնաս տա։ Մի քանի ժամ հետո ուրիշ ստորաբաժանումները կարողացել են թևից հարվածել և ապաշրջափակել նրան»։- հայտնեց Հովհաննիսյանը։ Իսկ կենդանի գերիների մասին ինֆորմացիա նա չուներ։    
23:04 - 02 հոկտեմբերի, 2020
Արցախի համար ընդհանուր հավաքագրված գումարը գերազանցում է 19 մլն ԱՄՆ դոլարը

Արցախի համար ընդհանուր հավաքագրված գումարը գերազանցում է 19 մլն ԱՄՆ դոլարը

Արցախում ստեղծվել է վնասների գնահատման հանձնաժողով, արդեն վաղվանից նախատեսում են սկսել նաեւ խաղաղ բնակչության շրջանում բնակելի շենքերի եւ այլ օբյեկտների վերանորոգում եւ վերականգնում։ Այս մասին մամուլի ասուլիսի ժամանակ հայտնեց Արցախի պետնախարար Գրիգորի Մարտիրոսյանը։ Նա հայտնեց նաեւ, որ այս պահի դրությամբ Արցախի համար ընդհանուր հավաքագրված գումարը գերազանցում է 19 մլն ԱՄՆ դոլարը, կա նաեւ իրային օգնություն։ Ի դեպ՝ ՀՀ կառավարության սահմանած կարգի համաձայն՝ այդ օգնության տրամադրումը կլինի ավելի կանոնակարգված, հիմա մշակում ենք այդ պրոցեսի ընթացակարգերը, օգնությունը կտեսակավորվի, ծառայությունների միջոցով կտեղափոխվի Արցախ։  Վաղվանից կգործի նաեւ թեժ գիծ, որը կտա պատասխաններ Հայաստան-Արցախ փոխադրումների եւ ելք-մուտքի մասին։  Արցախի պետնախարարը հայտնեց, որ վճարվում են բոլոր աշխատավարձերը, որ նախատեսված էին պետական բյուջեով, նույն կերպ նաև թոշակներն ու նպաստներն են վճարվելու։ Մարտիրոսյանը հավաստիացրեց, որ այս առումով խնդիրներ չեն լինի։ Նա շեշտեց, որ նույնիսկ պատերազմական իրավիճակում՝ հարկատուները նախորդ 9 ամսում վճարել են նախատեսվածից 200 միլիոն դրամով ավելի։  Պետնախարարի վստահեցմամբ՝ կոմունալների չվճարման դեպքում Արցախում անջատումներ չեն լինի։ Այդ առումով ընկերությունները ցուցաբերել են բավարար օգնություն։  Որոշում է ընդունվել նաեւ, որպեսզի մոտ ժամանակներս հանրության կողմից լայն սպառվող ծառայությունները լինեն անվճար։ Ե՛ւ Ստեփանակերտում, ե՛ւ շրջկենտրոններում տնտեսվարողները, առեւտրի օբյեկտները ցուցաբերում են անհրաժեշտ գիտակցված մոտեցում։  Գրիգորի Մարտիրոսյանը հայտարարեց, որ ամբողջ բնակչության հաշվարկով թաքստոցների հնարավորություն ունեն, անհրաժեշտության դեպքում հավելյալ ռեսուրսներ էլ ունեն։ Նա շեշտեց, որ Ստեփանակերտ քաղաքը չի տարհանվում։ Տարհանվել են որոշ գյուղեր, որոնք սահմանամերձ են եւ մարտի գծից մի քանի կմ հեռավորության վրա են, իսկ Ստեփանակերտ քաղաքի տարհանման որոշումը կընդունվի հիմնավոր հանգամանքների առաջացման դեպքում։ 
22:32 - 02 հոկտեմբերի, 2020
ԱՄՆ ՊՆ բարձրաստիճան պաշտոնյան հաստատել է, որ Թուրքիայից հարյուրավոր սիրիացի վարձկաններ են ուղարկվում Ադրբեջանին աջակցելու համար․ Sky News Arabia

ԱՄՆ ՊՆ բարձրաստիճան պաշտոնյան հաստատել է, որ Թուրքիայից հարյուրավոր սիրիացի վարձկաններ են ուղարկվում Ադրբեջանին աջակցելու համար․ Sky News Arabia

Լեռնային Ղարաբաղի տարածաշրջանում մարտերի բռնկումից օրեր անց ԱՄՆ-ի Պաշտպանության նախարարության բարձրաստիճան պաշտոնյան հաստատել է տեղեկությունը, ըստ որի՝ Թուրքիայից հարյուրավոր սիրիացի վարձկաններ են ուղարկվում` Հայաստանի դեմ հակամարտությունում Ադրբեջանին աջակցելու համար: Այս մասին հայտնում է Sky News Arabia-ն։ Պաշտոնյան, որը խնդրել է իր անունը չհիշատակել, Sky News Arabia-ին հայտնել է․ «Այն տվյալներն ու տեղեկությունները, որոնք խոսում են վերջին օրերին Թուրքիայից Ադրբեջան սիրիացի հարյուրավոր վարձկաններ տեղափոխելու համար կատարված տասնյակ ուղևորությունների մասին, հավաստի են»: Նա նախազգուշացրել է, որ շարունակական կլինի Անկարայի և Մոսկվայի անմիջական միջամտությունը Լեռնային Ղարաբաղում ընթացող հակամարտությանը՝ տարածաշրջանում երկու կողմերին բոլոր միջոցներով աջակցելու պատճառով։ Այն, ինչ այժմ տեղի է ունենում, պաշտոնյան որակել է «փոքր պատերազմ ՝ մեծ հետևանքներով», ինչը, ըստ նրա, հակամարտության կարգավորման հասնելը անհնարին է դարձնում, քանի որ «կողմերից և ոչ մեկը չի հանձնվելու»: Պաշտոնյան պարզաբանել է, որ Լեռնային Ղարաբաղի տարածաշրջանում հակամարտության բռնկումը իր հետևանքներն ու անվտանգության լայն մարտահրավերներն է նետում ՆԱՏՕ-ի երկրների,  ինչպես նաև  տարածաշրջանային անվտանգության և միջազգային էներգետիկ շուկաների վրա` Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի և Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի հավակնությունները սահմանափակող որևէ զսպման ռազմավարության բացակայության դեպքում: Մյուս կողմից, ԱՄՆ կառավարական աղբյուրները Sky News Arabia-ին հայտնել են, որ ԱՄՆ Կոնգրեսի անդամները առաջիկա օրերի համար արդեն առաջարկներ են ներկայացնում՝ նշելով Էրդողանին պատասխանատվության ենթարկելու անհրաժեշտությունն այս հակամարտության շուրջ նրա վարած քաղաքականության համար, չբացառելով Անկարայի դեմ պատժամիջոցներ կիրառելու հավանականությունը:   Թարգմանությունը՝ Մերի Չփլախյանի  
22:40 - 01 հոկտեմբերի, 2020
Մենք կասկած չունենք, որ ժամանակի ընթացքում Ադրբեջանի տարածքը կօգտագործվի որպես ահաբեկչական խմբավորումների տեղակայման վայր․ ՀՀ ԱԳ խոսնակ

Մենք կասկած չունենք, որ ժամանակի ընթացքում Ադրբեջանի տարածքը կօգտագործվի որպես ահաբեկչական խմբավորումների տեղակայման վայր․ ՀՀ ԱԳ խոսնակ

Այսօր տեղի ունեցած ասուլիսի ընթացքում ՀՀ արտաքին գործերի նախարարության խոսնակ Աննա Նաղդալյանն անդրադարձավ նրան, որ թուրք-ադրբեջանական թիրախում հայտնվել են օտարերկրյա լրագրողներ։ Ըստ նրա՝ դա եղել է այն բանից հետո, երբ ՀՀ ԱԳՆ-ն հայտարարել է , թե որքան մեծ արձագանք կա միջազգային լրատվամիջոցների կողմից լուսաբանելու հակամարտությունը։ Խոսնակը փոխանցեց՝ Հավատարմագրվել էին ավելի քան 50 միջազգային առաջատար լրատվամիջոցների թիմեր՝ մոտ 200 լրագրողներ, որոնց մեծամասնությունը` 100-ից ավելի լրագրողներ, արդեն աշխատում էին Արցախում։ «Ադրբեջանը պարզապես հանդես է գալիս որպես Թուրքիայի քաղաքականությանը ծառայելու միջոց, և մենք կասկած չունենք, որ ժամանակի ընթացքում Ադրբեջանի տարածքը կօգտագործվի որպես ահաբեկչական խմբավորումների տեղակայման վայր, անգամ ավելին՝ այդ ահաբեկիչների ներկայությունն Ադրբեջանն ու տարածաշրջանը կվերածի արյունահեղությունների հերթական դաշտի»,- հայտնեց Աննա Նաղդալյանը։ ԱԳՆ խոսնակը տեղեկացրեց, որ այսօր տեղի է ունեցել ԱԳ նախարարի հեռախոսազրույցը ֆրանսիացի գործընկերոջ հետ, իսկ ասուլիսի պահին տեղի էր ունենում նախարարի և նրա Հունաստանի գործընկերոջ տեսակոնֆերանսը։ Աննա Նաղդալյանը նաև հայտնեց, որ նախարարությունը տարբեր մակարդակներով մշտական կապի մեջ է Իրանի գործընկերների հետ։ «Ափսոսանքի է արժանի այն, որ Ադրբեջանը տարածաշրջանի խաղաղությունն ու անվտանգությունը վտանգելու համար օգտագործում է այլ երկրների տարածքներ, որպեսզի մարտական գործողություններ ու ագրեսիա իրականացնի Արցախի դեմ։ Իրանի գործընկերների հետ մեր երկխոսությունը համապարփակ է և ներառում է հարցերի լայն շրջանակ»,- նշեց նա։ Անդրադառնալով այսօր ԵԱՀԿ ՄԽ համանախագահ երկրների նախագահների մակարդակով արված հայտարարությանը՝ խոսնակը հայտնեց, որ դրա վերաբերյալ Հայաստանի կողմի դիրքորոշումը ներկայացվելու է մի փոքր ավելի ուշ և ոչ իմ կողմից։ 
21:50 - 01 հոկտեմբերի, 2020
ԱԳՆ-ն որոշել է խորհրդակցությունների նպատակով հետ կանչել Իսրայելում ՀՀ արտակարգ և լիազոր դեսպանին

ԱԳՆ-ն որոշել է խորհրդակցությունների նպատակով հետ կանչել Իսրայելում ՀՀ արտակարգ և լիազոր դեսպանին

Այսօր տեղի ունեցած ճեպազրույցի ընցացքում ՀՀ արտաքին գործերի նախարարության խոսնակ Աննա Նաղդալյանը հայտնեց, որ ԱԳՆ-ն որոշել է խորհրդակցությունների նպատակով հետ կանչել Իսրայելում ՀՀ արտակարգ և լիազոր դեսպան Արմեն Սմբատյանին։ «Իսրայելի կողմից Ադրբեջանին սպառազինություն վաճառելու վերաբերյալ ՀՀ ԱԳՆ-ն հստակ արտահայտվել է, վերջին անգամ՝ հուլիս ամսին՝ նախարարի մակարդակով։ Եվ այս հարցը մշտապես եղել է մեր երկկողմ օրակարգում։ Բնականաբար, Իսրայելի կողմից Ադրբեջանին գերժամանակակից սպառազինության տրամադրումը մեզ համար անընդունելի է։ Դիվանագիտական խողովակներով բազմիցս այդ մասին հայտնել ենք իսրայելցի մեր գործընկերներին։ Հարկ է նշել, որ դա ցավալի է հատկապես այն ժամանակաշրջանում, երբ Ադրբեջանը Թուրքիայի աջակցությամբ լայնածավալ ագրեսիա է իրականացնում ՀՀ-ի և Արցախի դեմ»,- հայտնեց նա։
21:24 - 01 հոկտեմբերի, 2020
ՌԴ-ի և Թուրքիայի արտգործնախարարներ Սերգեյ Լավրովը և Մեվլութ Չավուշօղլուն հեռախոսազրույց են ունեցել

ՌԴ-ի և Թուրքիայի արտգործնախարարներ Սերգեյ Լավրովը և Մեվլութ Չավուշօղլուն հեռախոսազրույց են ունեցել

Հոկտեմբերի 1-ին տեղի է ունեցել հեռախոսազրույց Ռուսաստանի արտգործնախարար Սերգեյ Լավրովի և Թուրքիայի Հանրապետության արտգործնախարար Մեվլութ Չավուշօղլուի միջև։ Այս մասին տեղեկանում ենք Ռուսաստանի ԱԳՆ կայքից։ Մանրամասն քննարկվել է Լեռնային Ղարաբաղի շուրջ լարվածության աճը։ Նախարարներն իրենց լուրջ մտահոգությունն են հայտնել շարունակվող զինված դիմակայության կապակցությամբ և կողմ արտահայտվել ռազմական գործողությունների անհապաղ դադարեցմանը: Ընդգծվել է այլ շրջաններից անօրինական զինված խմբավորումների՝ հակամարտությանը ներգրավվածության անընդունելիությունը։ Նշվել է ծայրահեղ հավասարակշռված քայլերի պահանջը Բաքվին և Երևանին քաղաքական և դիվանագիտական ​​օգնություն ցուցաբերելու տեսանկյունից: Հաստատվել է Ռուսաստանի և Թուրքիայի գործողությունների պատրաստակամությունը՝ համակարգել գործողությունները՝ իրավիճակը կայունացնելու և Լեռնային Ղարաբաղի կոնֆլիկտի լուծումը արագ բանակցային ալիքին վերադարձնելու համար: Ռուսական կողմից ուշադրություն է հրավիրվել ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների ձեռնարկած ջանքերի վրա, այդ թվում` Ռուսաստանի, ԱՄՆ-ի և Ֆրանսիայի նախագահների համատեղ հայտարարությունը 2020 թ. հոկտեմբերի 1-ին:
20:29 - 01 հոկտեմբերի, 2020
Արցախահայության՝ իրենց հայրենիքում ինքնորոշման իրավունքն անզիջելի է, մնացածը դիվանագիտական լուծման հարց է․ Սոս Ավետիսյան

Արցախահայության՝ իրենց հայրենիքում ինքնորոշման իրավունքն անզիջելի է, մնացածը դիվանագիտական լուծման հարց է․ Սոս Ավետիսյան

Թե՛ Արցախի ճանաչման, թե նրա հետ ռազմաքաղաքական դաշինք կնքելու ճանապարհները, ելքերը պետք է քննարկվեն հանրության հետ։ Այս կարծիքին է ԱԺ «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Սոս Ավետիսյանը։ Հիշեցնենք, արցախա-ադրբեջանական սահմանին օրեր առաջ սկսված լայնածավալ ռազմական գործողությունների ֆոնին «Իմ քայլը» խմբակցության ղեկավար, ԱԺ պատգամավոր Լիլիթ Մակունցը գրառում էր կատարել, ըստ որի՝ չի բացառվում Հայաստան-Արցախ ռազմական դաշինք կնքելու հնարավորությունը։ Քաղաքագիտական շրջանակները կարծում են, սակայն, որ ռազմական դաշինք պետք է կնքել միայն Արցախը ճանաչելուց հետո, ապա մտածել նաեւ միացման մասին։ Infocom-ի հետ զրույցում պատգամավոր Սոս Ավետիսյանը նկատեց՝ Հայաստանի ու Արցախի հանրության հետ կոնտակտը շատ կարեւոր է, բայց, իր կարծիքով, ռազմաքաղաքական դաշինքը հետագայում կարող է բերել նաեւ Արցախի ճանաչմանը։ «Դրանք տեսականորեն իրար հետեւող գործընթացներ են։ Այս 2 տարբերակներն էլ սեղանի վրա են, եւ մենք այդ կապակցությամբ քննարկումներ ունենք․ ինչպես կորոշի քաղաքական ղեկավարությունը, այդ ուղղությամբ էլ կշարժվենք»,- ասաց մեր զրուցակիցը՝ շեշտելով, որ, ըստ էության, ռազմաքաղաքական դաշինքը կարեւոր ուղենիշ կարող է լինել․ «Բայց ամենակարեւոր բանը, որ պետք է արձանագրել՝ արցախահայության ինքնորոշման իրավունքը, իրենց հայրենիքում ապրելու իրավունքը անզիջելի է, մնացածը արդեն դիվանագիտական եւ քաղաքական մտածողությամբ լուծում պետք է լինի»,- եզրափակեց պատգամավորը։ Սեդա Առաքելյան
18:38 - 01 հոկտեմբերի, 2020
Գիշերվա և առավոտվա մարտերի ընթացքում խոցվել է ևս մեկ սմերչ կայան․ Արծրուն Հովհաննիսյան

Գիշերվա և առավոտվա մարտերի ընթացքում խոցվել է ևս մեկ սմերչ կայան․ Արծրուն Հովհաննիսյան

Լուսաբացից որոշակիորեն թեժացել են մարտերը։ Մարտական գործողությունների ուղղություններն, ըստ էության, նույնն են։ Այս մասին այսօր տեղի ունեցած ասուլիսի ժամանակ ասաց Արծրուն Հովհաննիսյանը։ «Գիշերվա եւ վաղ առավոտվա որոշակի թեժացած մարտերի ընթացքում ունենք հետեւյալ պատկերը՝ հակառակորդի հարձակողական բոլոր փորձերը՝ անկախ իրենց չափերից, կրել են անհաջողություն։ ՀՀ ԶՈՒ-երը հետ են շպրտել հակառակորդին՝ պատճառելով որոշակի վնաս։ Մասնավորապես, նրանց զոհերը 350-360 են, մոտ 600 վիրավոր, խոցվել է 3 ուղղաթիռ, 15 տարբեր տեսակի զրահատեխնիկա, 1 ՍՄԵՐՉ կայան, 6 ԱԹՍ, որից մոտ երեքը՝ կեսգիշերի սահմաններում են խոցվել»,- ասաց նա։ Հովհաննիսյանը, անդրադառնալով ՀՀ ՊՆ խոսնակ Շուշան Ստեփանյանի գրառմանը, որում նա նշել էր, որ լավ լուր է սպասվում, ասաց, որ այն, ամենայն հավանականությամբ, քիչ առաջ խոցված ուղղաթիռի մասին էր։ «Ուղղաթիռն, ինչպես հայտնել ենք, ընկել էր Իրանի տարածքում, ինչի համար արդեն ներողություն ենք խնդրել, որ ուղղակի սահմանի երկայնքով տեղի ունեցող մարտական գործողությունները անխուսափելի են դարձնում նման դեպքերը»,- նշեց ՊՆ ներկայացուցիչը։ Պատասխանելով լրագրողի հարցին՝ Հովհաննիսյանը ընդգծեց, որ Վարդենիսում այս պահին ակտիվ մարտական գործողություններ չկան։ 
12:11 - 01 հոկտեմբերի, 2020
Հակառակորդի՝ հայկական տարածքում հայտնված գրեթե բոլոր դիակների գրպաններում եղել են ներարկիչներ․ ԱՀ նախագահի խոսնակ

Հակառակորդի՝ հայկական տարածքում հայտնված գրեթե բոլոր դիակների գրպաններում եղել են ներարկիչներ․ ԱՀ նախագահի խոսնակ

Անցած գիշեր առաջին անգամ սեպտեմբերի 27-ից առաջնագծի ամբողջ երկայնքով հարաբերական անդորր է եղել՝ բացառությամբ մի քանի փոխհրաձգությունից,  բայց պատերազմը շարունակվում է։ Այս մասին այսօր տեղի ունեցած ասուլիսի ժամանակ ԱՀ նախագահի խոսնակը Վահրամ Պողոսյանը։ Խոսելով Ադրբեջանի կորուսնտնրի մասին՝ նա ասաց, որ Ադրբեջանի զոհերի մեծ մասը եղել են Ադրբեջանում ապրող ազգային փոքրամասնությունների ներկայացուցիչներ։ «Սրանք հետախուզական տվյալներ են։ Միայն մի ուղղությամբ 148 այլազգի զինվոր է զոհվել։ Մի քանի հարյուր զոհեր եղել են ազգությամբ թալիշ զինվորների շրջանում»,- ասաց նա։ Խոսնակը նաև ընդգծեց, որ Ադրբեջանցի ինվորների դիակները, որոնք հայտնվել են հայկական տարածքներում, գրեթե բոլորի գրպաններում եղել են ներարկիչներ։ «Սա վկայում է, որ Ադրբեջանը իր զինվորների սահման է ուղարկում թմրեցված վիճակում։ Սա միանշանակ ռազմական հանցագործություն է»,- ասաց նա։ Խոսնակը նաև նշեց, որ Արցախում տնտեսական վիճակը կայուն է, ենթակառուցվածքները աշխատում են, ժողովուրդը շարունակում է ապրել բնականոն կյանքով՝ պատերազմական իրավիճակին հատուկ։
10:31 - 01 հոկտեմբերի, 2020
Պատերազմի ավարտին նպաստող առաջին գործոնը խելքի ֆակտորն է, որը բացակայում է թշնամու ղեկավարության մոտ․ Արցախի նախագահ

Պատերազմի ավարտին նպաստող առաջին գործոնը խելքի ֆակտորն է, որը բացակայում է թշնամու ղեկավարության մոտ․ Արցախի նախագահ

Պատերազմի ավարտին նպաստող առաջին գործոնը խելքի ֆակտորն է, որը բացակայում է թշնամու ղեկավարության մոտ։ Այս մասին այսօր տեղի ունեցած ասուլիսի ժամանակ ասավ Արցախի Հանրապետության նախագահ Արայիկ Հարությունյանը։ «Պատերազմն ավարտվելու է Ադրբեջանի պարտությամբ կամ լավագույն դեպքում ոչ հաղթանակով։ Հետեւանքները՝ հազարավոր կամ տասնյակ հազարավոր զոհեր, բազմակի անգամ ավելի շատ վիրավորներ՝ իրե՛նց կողմից, տնտեսության քայքայում, որը տասնամյակներով վերականգնել հնարավոր չի լինելու, Ադրբեջանի ժողովուրդը տասնամյակներով ունենալու է սոցիալական լուրջ խնդիրներ ու լարվածություն, իսկ նավթի պաշարները նվազում են, ֆինանսական պահուստները վերջանում են, եւ մենք հասկանում ենք, որ պետք է արդարացնեն այս ժամանակահատվածում հարյուրավոր միլիարդ դոլարների փոշիացումը»,- ասաց ԱՀ նախագահը։ Նրա խոսքով՝ պետք է պատրաստ լինենք երկարատեւ պատերազմի, որովհետեւ եթե պատրաստ չլինենք, խնդիրներ կունենանք մեր երկրում մեր խաղաղ ապրելու իրավունքը իրացնելու հարցում։ «Իսկ թե ինչպես է վարվելու մեր Պաշտպանության բանակը՝ հակառակորդին խաղաղություն է պարտադրելու»,- ընդգծեց Արայիկ Հարությունյանը։ Անդրադառնալով Հայաստանի կողմից Արցախի ճանաչմանը՝ Հարությունյանն ասաց, որ քաղաքական օրակարգի բոլոր հարցերն ընթացքում են, որոշումը լինելու է այնպիսին, որ ապագայում Արցախի ինքնորոշման իրավունքի իրացման առումով խնդիրներ չունենանք։   
23:07 - 30 սեպտեմբերի, 2020
Այսօր ՌԴ-ն պետք է խոսի Թուրքիայի և Հայաստանի հետ․ Արցախի նախագահը՝ հրադադարի համար ՌԴ հնարավոր միջնորդության մասին

Այսօր ՌԴ-ն պետք է խոսի Թուրքիայի և Հայաստանի հետ․ Արցախի նախագահը՝ հրադադարի համար ՌԴ հնարավոր միջնորդության մասին

Ապրիլյանի ժամանակ Արցախի դեմ կռվում էր Ադրբեջանը, եւ ռուսն ի վիճակի էր «համոզելու» Ադրբեջանին եւ խնդրելու Հայաստանին՝ զինադադարի առումով։ Այսօր պետք է խոսի Հայաստանի հետ եւ Թուրքիայի հետ։ Այս մասին այսօր տեղի ունեցած ասուլիսի ժամանակ ասաց Արցախի նախագահ Արայիկ Հարությունյանը՝ մեկնաբանելով հրադադարի համար Ռուսաստանի հնարավոր միջնորդությունը։ «Ես չգիտեմ՝ ռուսական իշխանությունն ինչքանով է պատրաստ խոսել Թուրքիայի ղեկավարության հետ»,- նշեց նախագահը։ Նրա խոսքով՝ Արտաքին գործերի նախարարությունը եւ, ընդհանուր առմամբ, մենք կոչ ենք արել սփյուռքի մեր հայրենակիցներին, լոբբիստական կազմակերպություններին ակտիվ աշխատանքներ տանել միջազգային հանրության հետ։ «Մենք համարում ենք, որ տարածաշրջանում արդեն վաղուց իր անթաքույց շահագրգռվածությունն է հայտնում Թուրքիան։ Եւ այսօր ռազմական գործողություններին նրանց զինվորականների եւ ավիացիայի մասնակցությունը դրա վառ ապացույցն է»,- ասաց նա։ Արայիկ Հարությունյանն ընդգծեց նաև, որ Արցախը իր պատմության մեջ երբևէ չի գրավվել և չի գրավվելու։
22:52 - 30 սեպտեմբերի, 2020
Ադրբեջանի համառ ջանքերով բանակցային գործընթացն արդեն տապալված է․ պետք է գնալ Արցախի ճանաչման ճանապարհով․ Տարոն Սիմոնյան

Ադրբեջանի համառ ջանքերով բանակցային գործընթացն արդեն տապալված է․ պետք է գնալ Արցախի ճանաչման ճանապարհով․ Տարոն Սիմոնյան

Հայաստանի Ազգային ժողովի «Լուսավոր Հայաստան» խմբակցության պատգամավոր Տարոն Սիմոնյանի պնդմամբ՝ Արդարադատության միջազգային դատարանում (ՄԱԿ) անհապաղ պետք է նախաձեռնել Ադրբեջանի պատասխանատվության հարցը՝ իր միջազգային պարտավորությունների կոպիտ խախտումների հիմքով։ Infocom-ի հետ զրույցում պատգամավորը նկատեց՝ արտաքին քաղաքականության բնագավառում մենք, կարծես թե, դիվանագիտական բոլոր լծակներով անընդհատ տեղեկություն ենք ներկայացնում մեր գործընկերներին, միջազգային կազմակերպություններին, բայց այստեղ, մեր զրուցակցի համոզմամբ, կարեւոր է օգտագործել նաեւ դատաիրավական գործիքները, օրինակ՝ Մարդու Իրավունքների Եվրոպական դատարանում միջանկյալ գործողություները, ինչն, ի դեպ, արդեն արվել է։ Երեկ ՄԻԵԴ-ը միջանկյալ միջոց կիրառելու վերաբերյալ ՀՀ կառավարության դիմումի հիման վրա որոշում է կայացրել այն կիրառել։ ՄԻԵԴ-ը կոչ է արել ե՛ւ Ադրբեջանին, ե՛ւ Հայաստանին զերծ մնալ այնպիսի միջոցներից, որոնք կարող են հանգեցնել քաղաքացիական բնակչության կոնվենցիոն իրավունքների խախտման, այդ թվում՝ վտանգել նրանց կյանքն ու առողջությունը։  «Սակայն կարեւոր է նաեւ Արդարադատության միջազգային դատարանում գործողություններ սկսել՝ ռասսայական խտրականության բոլոր ձեւերի վերացման կոնվեցիայի շրջանակներում, որը եւս խախտում է Արդբեջանը, երբ հայատյացության քողի ներքո քաղաքացիական անձանց եւ օբյեկների վրա թիրախավորված հարձակում է իրականացնում։ Այս ճակատում մեզնից կախված բոլոր գործողություններն անելու դեպքում մենք արդեն կհասնենք այն հաջողությանը, որ միջազգային հանրությունը ի վերջո կգիտակցի, որ պետք է օր առաջ սանձել ագրեսոր պետության գործողությունները»։ Սիմոնյանի խոսքով՝ մենք պետք է միջազգային հանրությանը տանք օբյեկտիվ տեղեկություն, որպեսզի բոլոր սուբյեկտները հասկանան, որ այստեղ խոսքն ագրեսիայի մասին է, որը սանձազերծել է Ադրբեջանը․ «Այս պետությունը խախտել է ՄԱԿ-ի կանոնադրության կաեւորագույն սկզբունքներից մեկը՝ ուժի կիրառման կամ դրա սպառնալիքի արգելքը եւ վեճերը բացառապես խաղաղ ճանապարհով լուծելու՝ պետությունների պարտավորություն։ Եվ բոլոր պետությունները պետք է իմանան, որ էստեղ, փաստորեն, հնարավորություն է առաջացել Ադրբեջանի եւ Թուրքիայի սանձազերծած ռազմական գործողությունների վերաճումը դեպի միջազգային խաղաղության եւ անվտանգության սպառնալիքի, ինչը արդեն իսկ բավականին մեծ վտանգ է սպառնում ոչ միայն կոնկրետ փոքր տարածաշրջանին՝ Հարավային Կովկասին, այլ նաեւ ավելի լայն գործողությունների կատարմանը։ Միջազգային հանրությունը պետք է ավելի արագ արձագանքի իրադարձությունների շիկացմանը, որովհետեւ հնարավոր է նաեւ անկանխատեսելի հետեւանքների առաջացում։ Այն, ինչ մեզնից հասել է, մենք արել են, մնում է միջազգային հանրությունը դրան ավելի լուրջ մոտենա»։  Ինչ վերաբերում է Արցախի ճանաչմանը՝ Տարոն Սիմոնյանի ու ԼՀԿ-ի համոզմունքն այն է, որ մենք պետք է որպես նպատակ հռչակենք միավորման գործընթացը, ինչը ամրագրված է մեր Անկախության հռչակագրում․ «Բայց միացման տանող ճանապարհը պետք է գնա անկախության ճանաչումով, որից հետո անմիջապես պետք է սկսի արդեն միավորման գործըթնացը։ Այդտեղ արդեն մարտավարական քայլեր կարող են կատարել»։ Իսկ թե ճանաչման եւ միավորման պարագայում ինչ հնարավոր զարգացումներ կարող են լինել, արդյոք Թուրքիան լայնածավալ պատերազմական գործողությունների չի՞ անցնի Հայաստանի սահմանին, մեր զրուցակիցը շեշտեց՝ Թուրքիան արդեն իսկ ներգրավված է ռազմական գործողություններում եւ, փաստորեն, կոնկրետ աջակցում է հակամարտող կողմին ու արդեն իսկ հակամարտող կողմ է համարվում։  Սիմոնյանը Թուրքիայի ներգրավածությունը Հայաստանի կողմից Արցախի ճանաչմամբ չի պայմանավորում, որովհետեւ ճանաչումը միջազգաիրավական ակտ է, եւ Արցախի ժողովուրդը, ինքնորոշման իրավունքի իրացման համար պայքարող ժողովուրդը արդեն իսկ ճանաչվել է Հայաստանի կողմից՝ որպես միջազգային իրավունքի սյուբեկտ․ «Եթե այդպես չլիներ, մենք չէինք լինի Արցախի Հանրապետության եւ Արցախի ժողովրդի ֆիզիկական գոյության երաշխավորը։ Եվ միջազգային իրավունքի տեսանկյունից արդեն իսկ երկրորդական է դառնում, թե կոնկրետ ինչ փաստաթղթով ենք ճանաչում սա, բայց քանի որ դա արդեն որպես այդպիսին միջազգային հարաբերություններում որոշակի տարաձայնությունների տեղիք է տալիս, մենք քայլերով ենք կազմակերպում աշխատանքը․ օրինակ՝ Ազգային ժողովը հայտարարություն տարածեց, որտեղ նաեւ նշեց Արցախի Հանրապետություն տերմինը, որը եւս ճանաչման ինչ-որ ակտ է, հաջորդ քայլով ճիշտ կլինի արդեն մտածենք եւ կյանքի կոչենք ՀՀ-ի եւ Արցախի միջեւ ռազմաքաղաքական դաշինքի փաստաթուղթը, վերջում էլ հանդես գանք վերջնական հայտարարությամբ։ Սա է լինելու ճանապարհը»։  Տարոն Սիմոնյանի կարծիքով՝ առաջին խնդիրը, որի պատճառով չէինք գնում այս քայլին, այն էր, որ չէինք ուզում բանակցային գործընթացը տապալել, բայց, փաստորեն, Ադրբեջանի համառ ջանքերով այն արդեն տապալվել է եւ հույս էլ չկա, որ նման գործընթաց կվերականգնվի։ Հետեւաբար, ինչպես նշեց մեր զրուցակիցը, լրացուցիչ մտահոգություններ ունենալ, թե ինչ տեղի կունենա հետագայում՝ տարածաշրջանային կամ աշխարհաքաղաքական առումով, զուր է, որովհետեւ այն, ինչ պիտի տեղի ունենար, եղել է․ «Իսկ այժմ քաղաքացիները պետք է սատար լինեն պետությանը, ինչին բոլորս ականատես ենք լինում, մեկ միասնական բռունցք լինենք, հույսը դնենք միայն մեզ վրա եւ մենք խնդիրը լուծենք։ Եթե մենք տեղում խնդիրը լուծենք՝ ռազմական ագրեսիային պատասխանելով, ամենամեծ ցավը պատճառելով Ադրբեջանին, ապա այդ պարագայում նաեւ դիվանագիտական, իրավական հարթություններում կհասնենք հաջողությունների։ Այսօրեական խնդիրը ռամական հաջողություններն են եւ մեր բանակին աջակից լինելը»,- եզրափակեց պատգամավոր Տարոն Սիմոնյանը։ Հայարփի Բաղդասարյան
20:38 - 30 սեպտեմբերի, 2020
Առաջին անգամ ռազմադաշտից․ Հայաստանի դեմ կռիվներում Ադրբեջանի կողմից զոհված սիրիացի վարձկանի լուսանկարը․ «Ջիսր»

Առաջին անգամ ռազմադաշտից․ Հայաստանի դեմ կռիվներում Ադրբեջանի կողմից զոհված սիրիացի վարձկանի լուսանկարը․ «Ջիսր»

Քուվեյթական «Ջիսր» թերթը տեղեկացնում է, որ իրեն հաջողվել է ձեռք բերել ադրբեջանական ռազմադաշտից առաջին լուսանկարը։ Կադրում տեսնում ենք «Սիրիական ազգային բանակին» պատկանող վիրավոր մի զինվորի, ում վիճակը ծայրահեղ ծանր է, իսկ լուսանկարն անելուց րոպեներ անց վերջինս մահացել է։ Ըստ թերթի աղբյուրի՝ լուսանկարում պատկերված զինվորը Աբդուռազզակ Ալ-Մուլկաբ Բաբի Հարիրան է, որը Հոմսի շրջանի Թասնին գյուղից է։ Նշվում է նաեւ, որ իրենց աղբյուրին հաջողվել է բացահայտել երեք օր առաջ տեղի ունեցած կռիվների ժամանակ «Սիրիական ազգային բանակին» պատկանող եւս երեսուն զինվորների մահվան հանգամանքը, որոնք «զոհվել են հարձակման ծրագրի մեջ թերանալու եւ առանց անհրաժեշտ թիկունքային պաշտպանության առաջ մղվելու պատճառով»։ Հաջողվել է ճշտել զոհերից երկուսի անունները, որոնցից մեկը վերեւում հիշատակված Աբդուռազզակ Ալ-Մուլկաբ Բաբի Հարիրան է (ազգությամբ թուրքմեն), իսկ երկրորդը՝ Աբու Շադի ալ-Աքարին, որը Հյուսիսային Հոմսի ազ-Զաֆրանի գյուղից է: Աղբյուրը նաեւ հաղորդում է, որ ինֆորմացիայի եւ լուսանկարների սակավությունը բացատրվում է «Սիրիական ազգային բանակին» պատկանող զինվորների վրա դրված պատժամիջոցներով՝ նրանց վճարվող գումարի զրկումից մինչեւ բանտարկություն եւ վտարում։    
20:32 - 30 սեպտեմբերի, 2020
Նման նախադեպ, որ պետության դիմումի հիման վրա ՄԻԵԴ-ը կայացնում է միջանկյալ միջոց, եզակի է․ ՄԻԵԴ-ում ՀՀ ներկայացուցիչ

Նման նախադեպ, որ պետության դիմումի հիման վրա ՄԻԵԴ-ը կայացնում է միջանկյալ միջոց, եզակի է․ ՄԻԵԴ-ում ՀՀ ներկայացուցիչ

Նման նախադեպ, որ պետության դիմումի հիման վրա ՄԻԵԴ-ը կայացնում է միջանկյալ միջոց, եզակի է։ Այսօր կայացած ճեպազրույցի ընթացքում այս մասին հայտնեց ՄԻԵԴ-ում ՀՀ ներկայացուցիչ Եղիշե Կիրակոսյանը՝ անդրադառնալով այն փաստին, որ ՄԻԵԴ-ը միջանկյալ միջոց կիրառելու վերաբերյալ ՀՀ կառավարության դիմումի հիման վրա այն կիրառելու որոշում է կայացրել։  «Սա երրորդ դեպքն է, առաջին երկուսը Ուկրաինայի դիմումի հիման վրա կայացրած որոշումներն են։ Եւ բոլոր դեպքերում էլ Դատարանն անդրադառնում է երկու կողմերին՝ ե՛ւ դիմում ներկայացրած պետությանը, ե՛ւ պետությանը, որի դեմ ներկայացվել է դիմումը։ Մեզ համար սա հաջողություն է, քանի որ որոշումը կայացվել է ՀՀ-ի ներկայացրած դիմումի հիման վրա, ՀՀ-ի ներկայացրած ապացույցների հիման վրա, եւ Դատարանը նույնիսկ հարկ չի համարել այն ուղարկել Ադրբեջանի կառավարությանը՝ լրացուցիչ մեկնաբանություն ստանալու համար»,- հայտնեց Եղիշե Կիրակոսյանը։ Կիրակոսյանը փոխանցեց, որ իրենք լրացուցիչ ապացույցներ ենք ներկայացրել ՄԻԵԴ՝ ի հավելումն  ներկայացված դիմումի, որով ցույց են տվել ընթացիկ իրավիճակը, շեշտադրումներ են արել կոնկրետ դեպքերին, քաղաքացիական բնակչության թիրախավորմանը, ՀՀ սահմանին ռմբակոծությանը։ «ՀՀ-ն առաջիկայում մեր գործընկերներին կներկայացնի մեր ձեռնարկած միջոցառումների մասին տեղեկություն, եւ կսպասենք նաեւ Ադրբեջանի կառավարության արձագանքին, հետո մեր դիրքորոշումը կլինի ըստ այդմ»,- նշեց նա։ Եղիշե Կիրակոսյանը հայտնեց, որ միջանկյալ միջոցը ժամանակավոր եւ հրատապ միջոց է, որը դատարանը կիրառում է այն դեպքում, երբ կա իրական, անդառնալի հետեւանքների վտանգ։ Խոսքը կյանքի իրավունքի, վատ վերաբերմունքի, խոշտանգումների, անձնական կյանքի անձեռնմխելիության մասին է՝ 2-րդ, 3-րդ, 8-րդ հոդվածներով։ «Մենք մեր դիմումի մեջ նշել էինք այս հոդվածները, բայց Դատարանն անդրադարձել է միայն 2-րդ, 3-րդ հոդվածներին։ Միջանկյալ միջոցը կողմերին պարտավորեցնում է ձեռնպահ մնալ կոնկրետ գործողությունների կատարումից, որոնք կառաջացնեն անդառնալի հետեւանքներ»,- ասաց նա։
13:10 - 30 սեպտեմբերի, 2020