ԵԱՀԿ

ԵԱՀԿ-ն (Եվրոպայում Անվտանգության եւ Համագործակցության Կազմակերպություն) 1973-ին հիմնված տարածաշրջանի անվտանգության խոշորագույն կազմակերպություն է, որը ներառում է 57 պետություններ Եվրոպայից, Կենտրոնական Ասիայից եւ Հյուսիսային Ամերիկայից։ Կազմակերպության գլխամասը գտնվում է Վիեննայում, ունի 550 աշխատակից։ ԵԱՀԿ-ը կոչված է կանխելու ծագող հակամարտությունները տարածաշրջանում։

Հայաստանը ԵԱՀԿ անդամ պետություն է 1992 թվականի հունվարի 30-ից։

Այս պահի դրությամբ Հայաստանի վարչապետի և Ադրբեջանի նախագահի միջև որևէ հանդիպում նախատեսված չէ․ ԱԳՆ խոսնակ

Այս պահի դրությամբ Հայաստանի վարչապետի և Ադրբեջանի նախագահի միջև որևէ հանդիպում նախատեսված չէ․ ԱԳՆ խոսնակ

ՀՀ արտաքին գործերի նախարարի մամուլի քարտուղար Վահան Հունանյանը, ի պատասխան լրատվամիջոցների հարցերի, տարածել է հաղորդագրության, որտեղ նշված է, որ վարչապետ Փաշինյանը մի քանի անգամ հայտարարել է, որ Հայաստանի Հանրապետությունը պատրաստ է բարձր և բարձրագույն մակարդակով վերսկսել Լեռնային Ղարաբաղի հիմնախնդրի կարգավորման շուրջ բանակցություններն Ադրբեջանի հետ՝ ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահության շրջանակներում և մանդատի ներքո: «Միևնույն ժամանակ, 2021 թվականի հունվարի 11-ի հայտարարության հիման վրա՝ Հայաստանը ներգրավված է եռակողմ (Հայաստան, Ռուսաստան, Ադրբեջան) աշխատանքային քննարկումներում, որոնք վերաբերվում են տարածաշրջանի տրանսպորտային կոմունիկացիաների ապաշրջափակմանը: 2021 թվականի մայիսից ի վեր եռակողմ ֆորմատով քննարկվել է նաև ՀՀ տարածքից ադրբեջանական զինված ուժերի ստորաբաժանումների դուրսբերումը ու Հայաստանի և Ադրբեջանի սահմանների դելիմիտացիայի և դեմարկացիայի գործընթացի հնարավոր մեկնարկի գաղափարը, որը մինչ այս պահը կյանքի չի կոչվել: Սահմանների դելիմիտացիայի և դեմարկացիայի, ինչպես նաեւ տարածաշրջանային կոմունիկացիաների բացման հարցում խորհրդատվական օժանդակություն ցուցաբերելու պատրաստակամություն են հայտնել ԵԱՀԿ Մինսկի խմբի մյուս երկու համանախագահող երկրները՝ ԱՄՆ-ն և Ֆրանսիան, ինչպես նաև Եվրամիությունը: Հայաստանի Հանրապետության կառավարությունը վերը նշված օրակարգի մասին հայտարարել է դեռ ամիսներ առաջ և հետևողական է լինելու դրա առաջմղման, Հայաստանի Հանրապետության և Արցախի շահերը պաշտպանելու, տևական խաղաղություն և կայունություն հաստատելու հարցում: Միևնույն ժամանակ ուզում եմ ընդգծել, որ այս պահի դրությամբ Հայաստանի վարչապետի և Ադրբեջանի նախագահի միջև որևէ հանդիպում նախատեսված չէ։ Կան տարբեր ֆորմատներով տարբեր հանդիպումների առաջարկներ, որոնք քննարկման փուլում են: Ուզում եմ նաև ընդգծել, որ այս թեմայի շուրջ որոշ շրջանակների տարածած լուրերը ակնհայտ սադրիչ բնույթ ունեն և իրականությանը չեն համապատասխանում: Իրավիճակի մեջ ճիշտ կողմնորոշվելու համար խորհուրդ կտայի ուսումնասիրել 2021 թվականի հունվարի 11-ի մոսկովյան եռակողմ հանդիպմանը նախորդած լուրերը, պնդումները, «բացահայտումները», ծանոթանալ հանդիպման արդյունքներին ու բովանդակությանը և հետահայաց վերլուծել, թե որքանո՞վ էին համապատասխանում հանդիպումից առաջ տարածվող լուրերը իրականությանը»,- ասված է ԱԳՆ խոսնակի հայտարարության մեջ:
15:37 - 23 հոկտեմբերի, 2021
Ապաշրջափակումը կարևոր է տարածաշրջանում անվտանգային միջավայր ձևավորելու համար․ԱԽ քարտուղարն ասել է Նորվեգիայի դեսպանին

Ապաշրջափակումը կարևոր է տարածաշրջանում անվտանգային միջավայր ձևավորելու համար․ԱԽ քարտուղարն ասել է Նորվեգիայի դեսպանին

Հոկտեմբերի 22-ին ԱԽ քարտուղար Արմեն Գրիգորյանն ընդունել է Նորվեգիայի Թագավորության նորանշանակ դեսպան Հելենե Սանդ Անդրեսենին, տեղեկացնում է ՀՀ ԱԽ գրասենյակը:Հանդիպման սկզբում զրուցակիցները մտքեր են փոխանակել երկկողմ օրակարգին առնչվող հարցերի շուրջ և պատրաստակամություն հայտնել այդ օրակարգն առավել ընդլայնելու և համագործակցության ներուժը լիարժեք իրացնելու ուղղությամբ:Դեսպան Հելենե Սանդ Անդրեսենը մասնավորապես ընդգծել է, որ ժողովրդավարական արժեքները, մարդու իրավունքներն, օրենքի գերակայությունը, կրթությունը և էներգետիկ անվտանգությունն այն ոլորտներն են, որոնց շրջանակներում կարող են առավել զարգանալ հայ-նորվեգական հարաբերությունները: Կողմերն անդրադարձել են տարածաշրջանային անվտանգությանն ու կայունությանը վերաբերող հարցերի: ԱԽ քարտուղարը շեշտել է ապաշրջափակման կարևորությունը՝ տարածաշրջանում անվտանգային միջավայր ձևավորելու հրամայականում: Երկուստեք կարևորել են ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահության դերը՝ Լեռնային Ղարաբաղի հիմնախնդրի համապարփակ կարգավորման գործընթացում:
16:19 - 22 հոկտեմբերի, 2021
Ալեն Սիմոնյանն Աթենքում հանդիպել է ԵԱՀԿ ԽՎ նախագահի հետ

Ալեն Սիմոնյանն Աթենքում հանդիպել է ԵԱՀԿ ԽՎ նախագահի հետ

ՀՀ ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը հոկտեմբերի 21-ին Աթենքում հանդիպել է ԵԱՀԿ խորհրդարանական վեհաժողովի նախագահ Մարգարետա Սեդերֆելթի հետ: ՀՀ Ազգային ժողովի խորհրդարանի ղեկավարը շնորհավորել է Մարգարետա Սեդերֆելթին ԵԱՀԿ ԽՎ նախագահ ընտրվելու կապակցությամբ, մաղթել բեղմնավոր աշխատանք:  Ալեն Սիմոնյանը բարձր է գնահատել է ԵԱՀԿ խորհրդարանական  վեհաժողովի դերը միջխորհրդարանական երկխոսության զարգացման գործում: ԱԺ նախագահն ընդգծել է խորհրդարանական դիվանագիտության  ստանձնած կարեւոր դերը  միջազգային հարաբերությունների արդի կառուցվածքում: «Խոսելով տարածաշրջանի անվտանգության եւ տեւական խաղաղության հաստատման հիմնահարցերից՝ անդրադարձ է եղել Արցախի դեմ Ադրբեջանի սանձազերծած ռազմական գործողությունների ընթացքում խաղաղ բնակչության եւ քաղաքացիական ենթակառուցվածքների միտումնավոր թիրախավորման, ռազմագերիների եւ պահվող քաղաքացիական անձանց անհապաղ հայրենադարձման խնդիրներին»,- ասվում է հաղորդագրության մեջ: Մարգարետա Սեդերֆելթը ժողովրդավարության տեսանկյունից բարձր է գնահատել 2021 թվականի հունիսին Հայաստանում տեղի ունեցած արտահերթ խորհրդարանական ընտրությունները՝ հավելելով, որ դրանց վերաբերյալ իրենց կառույցի ամբողջական զեկույցը շուտով պատրաստ կլինի: Նա շեշտել է ժողովրդավարության կարեւորությունը ընտրական եւ հետընտրական բոլոր գործընթացներում: 
22:03 - 21 հոկտեմբերի, 2021
ՄԹ–ն աջակցում է ԵԱՀԿ Մինսկի խմբի ձևաչափին, դեսպանն ասել է ՀՀ ԱԳ նախարարին

ՄԹ–ն աջակցում է ԵԱՀԿ Մինսկի խմբի ձևաչափին, դեսպանն ասել է ՀՀ ԱԳ նախարարին

Հոկտեմբերի 20-ին ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանն ընդունել է ՀՀ-ում Միացյալ Թագավորության դեսպան Ջոն Պատրիկ Գալագերին, տեղեկացնում է ԱԳՆ մամուլի ծառայությունը:Նախարար Միրզոյանը երախտագիտություն է հայտնել Հայաստանում ժողովրդավարական բարեփոխումների, օրենքի գերակայության ամրապնդման, կոռուպցիայի դեմ պայքարի գործում Միացյալ Թագավորության ցուցաբերած շարունակական աջակցության կապակցությամբ: Զրուցակիցները մտքեր են փոխանակել հայ-բրիտանական երկկողմ օրակարգի հարցերի շուրջ՝ առանձնացնելով առևտրի, գիտության, բարձր տեխնոլոգիաների, զբոսաշրջության ոլորտները որպես համագործակցության հեռանկարային ուղղություններ:Կողմերը քննարկել են նաև այս տարվա նոյեմբերին Միացյալ Թագավորության Գլազգո քաղաքում անցկացվելիք ՄԱԿ-ի Կլիմայի փոփոխության մասին շրջանակային կոնվենցիայի 26-րդ գագաթաժողովի (COP26) անցկացումը և դրան հայկական կողմի մասնակցությանը վերաբերող հարցեր: Այս համատեքստում երկուստեք կարևորվել է կլիմայի փոփոխության դեմ պետությունների ջանքերի համադրումը և համախմբումը: Անդրադառնալով տարածաշրջանային անվտանգությանը և կայունությանը վերաբերող հարցերի՝ նախարար Միրզոյանն ընդգծել է ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահության մանդատի ներքո Լեռնային Ղարաբաղի հակամարտության տևական ու համապարփակ կարգավորման կարևորությունը: Դեսպան Գալագերը նշել է, որ Միացյալ Թագավորությունն աջակցում է ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահության ձևաչափին: ՀՀ ԱԳ նախարարը նաև կարևորել է Արցախում միջազգային կազմակերպությունների կողմից հումանիտար առաքելության իրականացման համար անխոչընդոտ մուտքի անհրաժեշտությունը:
16:00 - 20 հոկտեմբերի, 2021
Նոր հանդիպում կազմակերպելու պայմանավորվածություն ձեռք է բերվել. Միրզոյանը՝ ԵԱՀԿ ՄԽ համանախագահների և Ադրբեջանի ԱԳ նախարարի հետ հանդիպման մասին |1lurer.am|

Նոր հանդիպում կազմակերպելու պայմանավորվածություն ձեռք է բերվել. Միրզոյանը՝ ԵԱՀԿ ՄԽ համանախագահների և Ադրբեջանի ԱԳ նախարարի հետ հանդիպման մասին |1lurer.am|

1lurer.am: ՀՀ-ն ողջունում է ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահության շրջանակում խաղաղ բանակցությունների վերսկսումը: Այս մասին այսօր Հնդկաստանի արտաքին գործերի նախարար Սուբրամանյամ Ջայշանկարի հետ համատեղ ասուլիսի ընթացքում ասաց ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը: «Պետք է մեր գոհունակությունը հայտնեմ այն փաստի առթիվ, որ Նյու Յորքում ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայի հերթական նստաշրջանի շրջանակներում կամ դրա աշխատանքներին զուգահեռ համանախագահների նախաձեռնությամբ տեղի ունեցավ հանդիպում ինչպես առանձին ՀՀ ԱԳ նախարարի, այնպես էլ համանախագահների և Ադրբեջանի արտաքին գործերի նախարարի միջև, որին հաջորդեց արդեն համատեղ հանդիպումը: Մենք ԼՂ հիմնախնդրի լուծումը տեսնում ենք բանակցությունների միջոցով՝ ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահության մանդատի շրջանակներում: Ձեռք ենք բերել կոնկրետ պայմանավորվածություններ հանդիպման ընթացքում: Քննարկել ենք ու փորձել լուծում տալ հումանիտար հարցերին, ինչպիսիք են հայ ռազմագերիների ազատ արձակումը, անհայտ կորած զինվորների և քաղաքացիական անձանց ճակատագրի հետագա պարզաբանումը, հայկական մշակութային հուշարձանների մատչելիությունը, որոնք այժմ մնացել են Ադրբեջանի ԶՈՒ վերահսկողության ներքո, և մի շարք այլ խնդիրներ, ապա հետագայում ձեռնամուխ լինել ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահության մանդատի հիմնական կոմպոնենտի՝ ԼՂ կարգավիճակի շուրջ քննարկումներին: Խոսվել է այն մասին, որ նախատեսվում է համանախագահների այցը տարածաշրջան»,- ասաց Միրզոյանը: ՀՀ ԱԳ նախարարը պատասխանեց նաև լրագրողներից մեկի այն հարցին՝ արդյո՞ք որպես նյույորքյան հանդիպումների շարունակություն՝ նախատեսվո՞ւմ է հանդիպում ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների, ինչպես նաև Ադրբեջանի ԱԳ նախարարի հետ: «Հանդիպումներ նախատեսվում են, առնվազն պայմանավորվածություն՝ գործընթացը շարունակելու և նոր հանդիպում կազմակերպելու, ձեռք է բերվել»,- ասաց Միրզոյանը:
13:28 - 13 հոկտեմբերի, 2021
Հնդկաստանն աջակցում է Մինսկի խմբի համանախագահության շրջանակում ԼՂ կոնֆլիկտի խաղաղ լուծմանը. Ջայշանկար |armenpress.am|

Հնդկաստանն աջակցում է Մինսկի խմբի համանախագահության շրջանակում ԼՂ կոնֆլիկտի խաղաղ լուծմանը. Ջայշանկար |armenpress.am|

armenpress.am: Հնդկաստանն աջակցում է Լեռնային Ղարաբաղի հակամարտության խաղաղ կարգավորմանը՝ ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահության շրջանակում:   Այս մասին ասաց Հնդկաստանի արտգործնախարար Սուբրամանյամ ՋայշանկարըԵրևանում ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանի հետ հանդիպումից հետո համատեղ ասուլիսում՝ անդրադառնալով տարածաշրջանի անվտանգային իրավիճակին: «Մեր դիրքորոշումը շատ հետևողական է: Բախումներից սկսած մենք կողմնակից էինք խաղաղ կարգավորմանը դիվանագիտական միջոցներով: Մենք արտահայտել ենք մեր աջակցությունը՝ հակամարտության խաղաղ կարգավորմանը՝ ԵԱՀԿ Մինսկի խմբի շրջանակում:  Հնդկաստանը միշտ խաղաղության և կայունության կողմնակիցն  է այս տարածաշրջանում»,- ասաց  Ջայշանկարը: Նա նկատեց՝ անցյալ տարի Հայաստանն անցել է շատ դժվար փուլով: Նախարարը Հնդկաստանի կառավարության, ժողովրդի անունից խորը ցավակցություն հայտնեց հայ ժողովրդին: Անդրադառնալով Հայաստան իր առաջին այցին՝ նախարարն ասաց, որ դա երկու երկրների միջև համագործակցության համար նոր փուլի սկիզբ է: ԱԳ նախարարը շեշտեց, որ երկու երկրների  բարեկամությունը դարերի պատմություն ունի՝ միջնադարից սկսած: Ջայշանկարն ընդգծեց, որ Հնդկաստանում ունեն հայկական ժառանգություն, եկեղեցիներ, կրթական հաստատություններ, գերեզմանոցներ, հայկական ժառանգությունը պահպանվել է մեծ ուշադրությամբ և հարգանքով: Նա ընդգծեց նաև Հնդկաստանի պատմությանը հայկական համայնքի բերած մեծ նպաստի մասին: Անդրադառնալով ՀՀ ԱԳ նախարարի հետ իր հանդիպմանը՝ նա ասաց, որ շատ արդյունավետ հանդիպումներ են ունեցել: «Մենք ուրվագծեցինք մեր համապարփակ երկկողմ հարաբերությունները, քննարկեցինք երկկողմ հարցերը, հիմնականում համաձայնեցինք հետագա համագործակցության և փոխանակումների վերաբերյալ: Համաձայնեցինք, որ մեր երկկողմ հարաբերություններն ընդլայնվել են մշակութային, քաղաքական ոլորտներում: Դեռևս մեծ հնարավորություն կա՝ ընդլայնելու տնտեսական հարաբերությունները, զբոսաշրջության, ենթակառուցվածքների, ներդրումների ոլորտներում»,- ասաց նա: Հնդկաստանի ԱԳ նախարարը շեշտեց՝ Հայաստանը ԵԱՏՄ անդամ է, ներկայում էլ քննարկումներ են գնում ԵԱՏՄ-ի հետ Հնդկաստանի առևտրի համաձայնագրի ուղղությամբ: Նա կարևորեց նաև երկրու երկրների գործարարների համագործակցության խթանումը: Երկու երկրների ԱԳ նախարարները քննարկել են նաև փոխադարձ չվերթների հավանականության հարցը: «Հայաստանը դիտարկում ենք որպես սերտ համագործակցող երկիր»,- ընդգծեց Հնդկաստանի ԱԳ նախարարը:
12:48 - 13 հոկտեմբերի, 2021
ՀՀ-ն բարձր է գնահատում ԼՂ հակամարտության խաղաղ կարգավորմանը Հնդկաստանի աջակցությունը. Միրզոյան |armenpress.am|

ՀՀ-ն բարձր է գնահատում ԼՂ հակամարտության խաղաղ կարգավորմանը Հնդկաստանի աջակցությունը. Միրզոյան |armenpress.am|

armenpress.am: Հայաստանը բարձր է գնահատում Հնդկաստանի սկզբունքային դիրքորոշումը, շարունակական աջակցությունը՝ Լեռնային Ղարաբաղի հակամարտության խաղաղ և համապարփակ կարգավորմանը՝ ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահության մանդատի շրջանակում: Այս մասին ասաց ՀՀ արտաքին գործերի նախարար Արարատ Միրզոյանը Երևանում Հնդկաստանի ԱԳ նախարարի հետ հանդիպումից հետո համատեղ ասուլիսում: «Հնդկաստանը, որպես աշխարհի ամենամեծ ժողովրդավարություն, խոշոր և արագ զարգացող տնտեսություն, ինչպես նաև խաղաղասեր քաղաքականություն վարող պետություն, կարող է իր ներդրումն ունենալ Հարավային Կովկասում կայունությանը, զարգացմանը և խաղաղությանը»,-ասաց Միրզոյանը: Այս համատեքստում ԱԳ նախարարը մեկ անգամ ևս հիշեցրեց Հայաստանի դիրքորոշումն առ այն, որ  ուժի կիրառումը չի կարող հիմք հանդիսանալ հակամարտության լուծման համար, և ԼՂ-ի հիմնախնդիրը պետք է ստանա իր համապարփակ կարգավորումը՝ խաղաղ բանակցությունների միջոցով ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահության շրջանակներում՝ հայտնի սկզբունքների հիման վրա: Միրզոյանը շեշտեց նաև, որ Հայաստանը բարձր է գնահատում Հնդկաստանի ԱԳՆ-ի այս տարվա մայիսին արված հայտարարությունն այն մասին, որ ադրբեջանական զինված ուժերը պետք է հետ քաշվեն ՀՀ ինքնիշխան տարածքից:  Իր հերթին Հայաստանը վերահաստատում է իր դիրքորոշումը` Ջամմուի և Քաշմիրի հարցում Հնդկաստանին աջակցելու առումով: «Մեր դիրքորոշումները համընկնում են նաև ահաբեկչության դեմ պայքարի, ծայրահեղականության և վարձկան ահաբեկիչների՝ հակամարտության գոտիներ տեղափոխման անթույլատրելիության և դատապարտելիության հարցում»,-ասաց ՀՀ ԱԳ նախարարը:
12:05 - 13 հոկտեմբերի, 2021
Մարտակերտի բնակչին սպանելով՝ Ադրբեջանը նպատակ ունի սահմանամերձ բնակավայրերի բնակիչների մոտ խուճապ առաջացնել․ սա պետք է անհանգստացնի ԵԱՀԿ ՄԽ համանախագահող երկրներին․ Արցախի ԱԺ նախագահ

Մարտակերտի բնակչին սպանելով՝ Ադրբեջանը նպատակ ունի սահմանամերձ բնակավայրերի բնակիչների մոտ խուճապ առաջացնել․ սա պետք է անհանգստացնի ԵԱՀԿ ՄԽ համանախագահող երկրներին․ Արցախի ԱԺ նախագահ

Արցախի Աժ նախագահ Արթուր Թովմասյանը դատապարտել է Ադրբեջանի զինված ուժերի կողմից այսօր Մարտակերտում գյուղատնտեսական աշխատանքներ իրականացնող Արամ Տեփնանցի սպանությունը։ Ինչպես տեղեկացնում է ԱՀ ԱԺ լրատվության և հանրության հետ կապերի բաժինը, ԱԺ նախագահի հայտարարությունում ասվում է․«Այսօր՝ հոկտեմբերի 9-ին, ահաբեկչական գործողությունների հետևանքով Ադրբեջանի դիպուկահարի կրակոցից զոհվել է Մարտակերտի բնակիչ 55-ամյա Արամ Տեփնանցը, ով գյուղատնտեսական աշխատանքներ էր իրականացնում Մարտակերտ քաղաքի հարակից դաշտերում։Ադրբեջանի միակ նպատակը սահմանամերձ բնակավայրերի բնակիչների մոտ խուճապ առաջացնելն է։Ահաբեկչությունը կատարվել է այն ֆոնին, երբ ԵԱՀԿ Մինսկի խումբը պլանավորում է այցելել Երևան, Բաքու, այդ թվում նաև՝ Ստեփանակերտ։Խստորեն դատապարտում ենք Ադրբեջանի ագրեսիվ պահվածքը, որով  նա փորձում է չեզոքացնել նաև ՌԴ խաղաղապահ ուժերի առաքելությունը։Նման սադրիչ գործողությունները պետք է անհանգստացնի ոչ միայն Ռուսաստանի Դաշնությանը, այլև ԵԱՀԿ Միսկի խմբի համանախագահող երկրներին՝ ԱՄՆ-ին և Ֆրանսիային։ Կոչ ենք անում ԵԱՀԿ  Մինսկի խմբի համանախագահներին համապատասխան մեխանիզմներ մշակել՝ ագրեսիայի հեղինակներին և իրականացնողներին պատասխանատվության ենթարկելու ու հրադադարի հետագա խախտումները  կանխելու ուղղությամբ»։
21:47 - 09 հոկտեմբերի, 2021
Համանախագահները, ՄԱԿ-ի ու ԿԽՄԿ-ի ներկայացուցիչները ընդգծել են մարդասիրական կազմակերպությունների անարգել մուտքի կարևորությունը |azatutyun.am|

Համանախագահները, ՄԱԿ-ի ու ԿԽՄԿ-ի ներկայացուցիչները ընդգծել են մարդասիրական կազմակերպությունների անարգել մուտքի կարևորությունը |azatutyun.am|

azatutyun.am: ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահներ Իգոր Խովաևը (Ռուսաստան), Ստեֆան Վիսկոնտին (Ֆրանսիա) և Էնդրյու Շոֆերը (ԱՄՆ) երեկ և այսօր Ժննևում խորհրդակցություններ են անցկացրել ՄԱԿ-ի փախստականների հարցերով գերագույն հանձնակատար Ֆիլիպո Գրանդիի և Կարմիր խաչի միջազգային կոմիտեի (ԿԽՄԿ) փոխնախագահ Կարբոնիերի հետ: Այս մասին համանախագահները նշում են իրենց հայտարարության մեջ: Հանդիպումներին մասնակցել է նաև ԵԱՀԿ գործող նախագահի անձնական ներկայացուցիչ Անջեյ Կասպրշիկը: Ըստ համանախագահների տարածած հաղորդագրության` բոլոր մասնակիցներն ընդգծել են միջազգային մարդասիրական կազմակերպությունների լիարժեք, անարգել մուտքի կարևորությունը` իրենց աշխատանքներն իրականացնելու համար: Հայաստանի, Ադրբեջանի և Ռուսաստանի ղեկավարների ստորագրած նոյեմբերյան եռակողմ հայտարարության 7-րդ կետը սահմանում է` «ներքին տեղահանված անձինք և փախստականները վերադառնում են Լեռնային Ղարաբաղի տարածք և հարակից շրջաններ ՄԱԿ-ի Փախստականների հարցերով գերագույն հանձնակատարի գրասենյակի վերահսկողության ներքո», սակայն նա մինչ այժմ Լեռնային Ղարաբաղի տարածք չի այցելել: ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայի շրջանակում Հայաստանի և Ադրբեջանի արտգործնախարարների «վերջին կառուցողական հանդիպման լույսի ներքո» համանախագահները ողջունել են Ադրբեջանի կողմից մեկ հայ զինծառայողի վերադարձը, ինչպես նաև քննարկել հնարավոր դեէսկալացիոն և հումանիտար միջոցառումները, այդ թվում ` ձերբակալվածների, անհայտ կորածների և բոլոր տեղահանվածների կամավոր վերադարձը: Համանախագահներն ընդգծել են կողմերի հետ աշխատանքը շարունակելու մտադրությունը` համաձայնության կետեր գտնելու համար: Մինսկի խմբի երեք համանախագահները դրական են ընդունել նախագահ Ալիևի և վարչապետ Փաշինյանի հրապարակային հայտարարությունները, որոնք, ինչպես նշվում է հայտարարությամբ, արտահայտում են միմյանց հետ հանդիպելու սկզբունքային պատրաստակամություն` համանախագահների հովանու ներքո: Համանախագահները հույս ունեն վերոնշյալ հանդիպման կազմակերպման մանրամասները քննարկել կողմերի հետ` կրկին հայտարարելով մոտ ապագայում տարածաշրջան այցելելու պատրաստակամությունը` քննարկելու գործընթացի հաջորդ քայլերը:
22:27 - 08 հոկտեմբերի, 2021
Ռուսաստանին եւ Հայաստանին համաձայնություն Է անհրաժեշտ ընդհանուր հարցերի շուրջ միջազգային հարթակներում. Վոլոդին |armenpress.am|

Ռուսաստանին եւ Հայաստանին համաձայնություն Է անհրաժեշտ ընդհանուր հարցերի շուրջ միջազգային հարթակներում. Վոլոդին |armenpress.am|

armenpress.am: Ռուսաստանը եւ Հայաստանը պետք Է համատեղ դիրքորոշում մշակեն իրենց վերաբերող հարցերի շուրջը միջազգային հարթակներում քննակման ընթացքում: Հոկտեմբերի 6-ին այդ մասին հայտարարել Է յոթերորդ գումարման Պետդումայի խոսնակ Վյաչեսլավ Վոլոդինը Հայաստանի Ազգային ժողովի նախագահ Ալեն Սիմոնյանի հետ կայացած հանդիպմանը, որն այցով գտնվում Է Մոսկվայում: «Ռուսաստանի եւ Հայաստանի միջեւ հարաբերություններն առանձնահատուկ են, կրում են ռազմավարական բնույթ»,- ասել Է Վոլոդինը, որի խոսքը բերված Է Պետդումայի կայքում: Հաղորդագրության համաձայն՝ այդ առնչությամբ խոսնակն առաջարկել Է Հայաստանին կամ Ռուսաստանին վերաբերող հարցերը քննարկելիս շարունակել մշակել երկու երկրների ընդհանուր դիրքորոշում միջազգային հարթակներում: «Սա միջխորհրդարանական համագործակցության նոր մակարդակ Է, որովհետեւ մենք, որպես կանոն, շատ ենք խոսում բարեկամության մասին, բայց այն պետք Է իրականացվի կոնկրետ քայլերով: Մենք հուսով ենք, որ, կառուցելով աշխատանքը խորհրդանական չափման շրջանակներում, մենք այդ ուղղությունն առանձնացրել ենք որպես հանգուցայիններից մեկը,- ընդգել Է Վոլոդինը: Քաղաքական գործիչը հիշեցրել Է, որ երկու երկրների պատվիրակություններն աշխատում են շատ հարթակներում, ներառյալ Եվրոպայի խորհրդի, ԵԱՀԿ-ի, ՀԱՊԿ-ի խորհրդարանական վեհաժողովները, ԱՊՀ-ի Միջխորհրդարանական վեհաժողովը եւ Միջխորհրդարանական միությունը: Այդ բոոր կառույցները, նրա կարծիքով՝ պահանջում են համատեղ որոշումների մշակում: Հանդիպման ընթացքում Վոլոդինը նշել Է, որ կողմերն արդեն շատ բան են կարողացել անել երկու երկրների հարաբերությունների զարգացման համար խորհրդարանական չափման շրջանակներում: Ըստ որում նա հույս ունի, որ այդ համագործակցությունը կշարունակի ամրապնդվել: «Դա անպայման պետք Է օգուտ բերի մեր քաղաքացիների համար: Մենք հանուն դրա ենք աշխատում՝ նրա համար, որ մեր երկրները լինեն ուժեղ, իսկ մարդիկ ապրեն խաղաղության եւ բարեկամության պայմաններում: Դա Է մեր խնդիրը»,- շեշել Է նա: «Մենք ամեն ինչ կանենք, որպեսզի մեր յուրաքանչյուր հանդիպումը լինի քայլ առաջ միջխորհրդարանական հարաբերությունների զարգացման գործում, որոնք թույլ կտան լուծել կոնկրետ հարցեր ի շահ մեր քաղաքացների»,- հավաստիացրել Է Վոլոդինը: Պետդումայի խոսնակը հիշեցրել Է, որ Ռուսաստանին եւ Հայաստանին կապում Է Հավաքական անվտանգության պայմանագիրը: Հանդիպման արդյունքներով Սիմոնյաը հայտարարել Է, որ կողմերը «քննարկել են մեծ սպեկտրի հարցեր», եւ շնորհակալություն Է հայտնել Պետդումայի գործընկերներին: Վոլոդինը զրույցը համարել Է բաց եւ վստահալից, շնորհակալություն Է հայտնել պաշտոնակցին, որ պաշտոնում ընտրվելուց հետո իր առաջին այցը կատարել Է Մոսկվա: «Մեզ համար դա կարեւոր Է: Դա, նախ, ընդգծում Է հարաբերությունների մակարդակը եւ հաղորդակցություններ կաուցելու, ինչպես նաեւ այն հարցերը հասկանալու ցանկությունը, որոնք հուզում են ուսական կողմին»,- ասել Է խոսնակը, հաղորդել Է ՏԱՍՍ-ը:
17:44 - 06 հոկտեմբերի, 2021
Մինսկի խմբի համանախագահությունն այն ձևաչափն է, որտեղ կարելի է գտնել ԼՂ հարցի կայուն և խաղաղ լուծումը. Իտալիայի նախագահ |armenpress.am|

Մինսկի խմբի համանախագահությունն այն ձևաչափն է, որտեղ կարելի է գտնել ԼՂ հարցի կայուն և խաղաղ լուծումը. Իտալիայի նախագահ |armenpress.am|

armenpress.am: Իտալիան ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահությունը համարում է այն ձևաչափը, որտեղ կարելի է գտնել Լեռնային Ղարաբաղի հակամարտության կայուն և խաղաղ լուծումը: Այս մասին ասաց Իտալիայի նախագահ Սերջո Մատարելլան՝ ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանի գլխավորած պատվիրակության հետ ընդլայնված կազմով հանդիպումից հետո մամուլի համար արված հայտարարության ժամանակ: Անդրադառնալով հանդիպմանը՝ Իտալիայի նախագահը տեղեկացրեց, որ խոսել են ԼՂ հարցի կայուն և երկարաժամկետ լուծում գտնելու մասին։ «Բնականաբար, վերահաստատեցինք, որ Մինսկի խումբն այն ձևաչափն է, որտեղ կարելի է գտնել կայուն և խաղաղ լուծումը»,-ասաց Մատարելլան՝ կրկին շեշտելով, որ Իտալիան խրախուսում է երկու երկրներին գտնել ճիշտ երկխոսություն ու նպաստել տարածաշրջանի զարգացմանը:
16:41 - 06 հոկտեմբերի, 2021
ԱԳ նախարարն ընդունել է Հարավային Կովկասում ԵԱՀԿ գործող նախագահի հատուկ ներկայացուցչին

ԱԳ նախարարն ընդունել է Հարավային Կովկասում ԵԱՀԿ գործող նախագահի հատուկ ներկայացուցչին

Հոկտեմբերի 5-ին ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը ընդունել է Հարավային Կովկասում ԵԱՀԿ գործող նախագահի հատուկ ներկայացուցիչ Անիկա Սյոդերին: Այս մասին տեղեկացնում է ԱԳՆ մամուլի ծառայությունը:Արարատ Միրզոյանն ընդգծել է ԵԱՀԿ դերը՝ որպես համապարփակ և համագործակցային անվտանգության հայեցակարգի վրա հիմնված տարածաշրջանային կազմակերպություն։ Այս համատեքստում նախարարը կարևորել է ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահության, ԵԱՀԿ գործող նախագահի և նրա անձնական ներկայացուցչի գործունեությունը:44-օրյա պատերազմի հետևանքով առաջացած հումանիտար խնդիրների հասցեագրման համատեքստում հատկապես շեշտվել է Ադրբեջանում պահվող հայ ռազմագերիների և քաղաքացիական պատանդների շուտափույթ հայրենադարձման անհրաժեշտությունը:ՀՀ ԱԳ նախարարը ընդգծել է, որ տարածաշրջանում տևական խաղաղության հնարավոր է հասնել ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահության մանդատի ներքո Լեռնային Ղարաբաղի հակամարտության համապարփակ կարգավորման միջոցով:
19:45 - 05 հոկտեմբերի, 2021
Չեխիան աջակցում է Մինսկի խմբի աշխատանքին. Յակուբ Կուլհանեկը՝ ԼՂ հակամարտության մասին |armenpress.am|

Չեխիան աջակցում է Մինսկի խմբի աշխատանքին. Յակուբ Կուլհանեկը՝ ԼՂ հակամարտության մասին |armenpress.am|

armenpress.am: Չեխիայի Հանրապետությունը շարունակում է աջակցել խաղաղ գործընթացին՝ հասնելու Լեռնային Ղարաբաղի հակամարտության բանակցված խաղաղ կարգավորմանը: Այս մասին հայտնեց Չեխիայի արտաքին գործերի նախարար Յակուբ Կուլհանեկը՝ Երևանում ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանի հետ հանդիպումից հետո: «Մեր հանդիպման ընթացքում տեսակետներ փոխանակեցինք տարածաշրջանում զարգացումների վերաբերյալ, անշուշտ քննարկեցինք նաև Լեռնային Ղարաբաղում տեղի ունեցած վերջին բախումները: Ուզում եմ արտահայտել իմ խորը ցավակցությունն այն ընտանիքներին, որոնք հարազատներ են կորցրել»,- ասաց նախարարը: Հաշվի առնելով հակամարտության հումանիտար հետևանքները՝ Չեխիան դիտարկում է հոգեբանական աջակցություն տրամադրել նրանց, որոնք տուժել են բախման հետևանքով՝ ներառյալ փախստականներին: «Չեխիայի Հանրապետությունը շարունակում է աջակցել խաղաղ գործընթացին՝ հասնելու բանակցված խաղաղ կարգավորմանը: Այս առումով պետք է շեշտադրել, որ Չեխիայի Հանրապետությունն աջակցում է ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների աշխատանքներին: Մենք ողջունում ենք ՀՀ և Ադրբեջանի ԱԳ նախարարների վերջերս կայացած հանդիպումը՝ ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների հովանու ներքո»,- ասաց Չեխիայի արտգործնախարարը:
14:21 - 01 հոկտեմբերի, 2021
Մեծ Բրիտանիան կոչ է արել Հայաստանին և Ադրբեջանին շարունակել երկխոսությունը ԵԱՀԿ ՄԽ համանախագաների հովանու ներքո |tert.am|

Մեծ Բրիտանիան կոչ է արել Հայաստանին և Ադրբեջանին շարունակել երկխոսությունը ԵԱՀԿ ՄԽ համանախագաների հովանու ներքո |tert.am|

tert.am: ԵԱՀԿ-ում Մեծ Բրիտանիայի պատվիրակության փոխղեկավար Դեյդրե Բրաունը կոչ է արել Հայաստանին և Ադրբեջանին շարունակել բանակցությունները ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների հովանու ներքո՝ հակամարտությունը կարգավորելու համար: Այս մասին հայտնում է Մեծ Բրիտայիայի ԱԳՆ կայքը:«Միացյալ Թագավորությունը ողջունում է ԵԱՀԿ համանախագահների, Ադրբեջանի և Հայաստանի ԱԳ նախարարների վերջին համատեղ հայտարարությունը, որն արվել է ՄԱԿ-ի 76-րդ Գլխավոր ասամբլեայի ժամանակ: Գոհունակություն ենք հայտնում, որ ԵԱՀԿ գործող նախագահի անձնական ներկայացուցիչը նույնպես մասնակցել է հանդիպմանը: Կարևորում ենք նրա և իր թիմի կատարած աշխատանքը:Միացյալ Թագավորությունը վերահաստատում է իր ամբողջական և անվերապահ աջակցությունը Ֆրանսիայի, Ռուսաստանի և ԱՄՆ-ի ջանքերին՝ որպես Մինսկի խմբի համանախագահներ: Հորդորում ենք Հայաստանին և Ադրբեջանին շարունակել երկխոսությունը ՄԽ համանախագաների հետ՝ տարածաշրջանում լարվածությանը մեկընդմիշտ վերջ դնելու և հակամարտությանն առնչվող բոլոր հարցերը կարգավորելու համար»,- ասվում է ՄԹ ԱԳՆ հայտարարության մեջ:  
23:28 - 30 սեպտեմբերի, 2021
Շիֆն ու Մակունցն ընդգծել են Ադրբեջանում պահվող հայ գերիների անվերապահ հայրենադարձման կարևորությունը

Շիֆն ու Մակունցն ընդգծել են Ադրբեջանում պահվող հայ գերիների անվերապահ հայրենադարձման կարևորությունը

Սեպտեմբերի 29-ին ԱՄՆ-ում ՀՀ դեսպան Լիլիթ Մակունցը հեռավար հանիպում է ունեցել կոնգրեսական Ադամ Շիֆի հետ։ Այս մասին հայտնում են ԱՄՆ-ում ՀՀ դեսպանությունից: Դեսպանն իր երախտագիտությունն է հայտնել կոնգրեսականին` Հայաստանին և հայ ժողովրդին առնչվող խնդիրներին շարունակական աջակցության և նվիրվածության համար: Նա երախտագիտություն է հայտնել նաև կոնգրեսական Շիֆի և մյուս գործընկերների կողմից հովանավորվող վերջին օրենսդրական լրացման համար, որը պետք է ներառվի 2022 թվականի Ազգային պաշտպանության թույլտվության մասին օրենքում: Դեսպան Լիլիթ Մակունցը ներկայացրել է 44-օրյա պատերազմից հետո առաջացած անվտանգային խնդիրները և այդ համատեքստում ընդգծել Լեռնային Ղարաբաղի հակամարտության համապարփակ կարգավորման միջոցով տարածաշրջանում տևական և կայուն խաղաղության հաստատումը` ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահության հովանու ներքո: Այդ առումով կոնգրեսական Շիֆը հայտնել է իր վճռականությունը և պատրաստակամությունը` շարունակելու ջանքերը Հայաստանի առջև ծառացած անվտանգային և հումանիտար մարտահրավերները հաղթահարելու ուղղությամբ: Զրուցակիցներն ընդգծել են Ադրբեջանում պահվող հայ ռազմագերիների և քաղաքացիական անձանց անվերապահ հայրենադարձման կարևորությունը։
09:49 - 30 սեպտեմբերի, 2021