Սահման

ՊՆ-ն ունի զինծառայողներին սննդով, հագուստով եւ այլ անհրաժեշտ պարագաներով ապահովելու բավարար միջոցներ․ հայտարարություն

ՊՆ-ն ունի զինծառայողներին սննդով, հագուստով եւ այլ անհրաժեշտ պարագաներով ապահովելու բավարար միջոցներ․ հայտարարություն

Պաշտպանության նախարարությունը հայտարարում է, որ ունի զինծառայողներին սննդով, հագուստով եւ այլ անհրաժեշտ պարագաներով ապահովելու բավարար միջոցներ:    Վերոհիշյալ նպատակներով տարատեսակ դրամահավաքների և այլ միջոցառումների իրականացման անհրաժեշտություն այս պահին չկա:   ՀՀ պաշտպանության նախարարությունը բարձր է գնահատում մեր քաղաքացիների մտահոգություններն ու բանակին ամեն կերպ աջակցելու պատրաստակամությունը:   Այդուհանդերձ, եթե որևէ ձևաչափով բանակին աջակցելու ցանկությունը մեծ է, անհրաժեշտ է գործընթացը կազմակերպել և իրականացնել ՊՆ հետ սերտ համագործակցության շրջանակում:   Չհամաձայնեցված գործողությունները կարող են ժամանակի, ինչպես նաև նյութական ռեսուրսների վատնման կամ չարաշահման հանգեցնել` չտալով անհրաժեշտ արդյունք:   Նշված հարցերը համակարգելու համար ՊՆ պատասխանատու պաշտոնյաները պաշտպանության նախարարի օգնականներն են, հեռ.՝ 091 91 11 23 ; 044 35 54 34:
13:21 - 17 սեպտեմբերի, 2022
Տեղահանված քաղաքացիներին հրատապ աջակցություն ցուցաբերելու նպատակով գործարկվել է Առաջնային կարիքի հաշվառման հարթակը

Տեղահանված քաղաքացիներին հրատապ աջակցություն ցուցաբերելու նպատակով գործարկվել է Առաջնային կարիքի հաշվառման հարթակը

ՀՀ տարածքի նկատմամբ Ադրբեջանի սանձազերծած լայնածավալ ագրեսիայի պատճառով ժամանակավորապես տեղահանված քաղաքացիներին հրատապ աջակցություն ցուցաբերելու և պետական մարմինների հետ աշխատանքի արդյունավետ կազմակերպման նպատակով, Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության նախաձեռնությամբ՝ գործարկվել է Առաջնային կարիքի հաշվառման հարթակը։ Այս մասին հայտնում են Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարությունից։   Այն հնարավորություն կտա հավաքագրել ստեղծված իրավիճակով պայմանավորված աջակցության անհրաժեշտություն ունեցող քաղաքացիների կարիքները և դրանք ինքնաշխատ եղանակով փոխանցել մարզպետարանների և ՏԻՄ-երի պատասխանատուներին։    Հարթակում, որը հասանելի է հետևյալ հղմամբ՝ https://bit.ly/3UaEnxc , քաղաքացին լրացնում է իր անձնական տվյալները, որից հետո նշում կարիքների մասին, օրինակ՝ սնունդ, հագուստ, դեղորայք, խնամքի ծառայություններ և այլն:   Լրացված հայտն ինքնաշխատ եղանակով տրմադրվում է մարզպետարաններին և ՏԻՄ-երին, որոնք կարձագանքեն բացահայտված կարիքներին և համակարգում կարտացոլեն դրանց բավարարման կարգավիճակը․ օրինակ՝ նշելով՝ կարիքը բավարարված է, նման կարիք չի հայտնաբերվել և այլն։   Հարթակը հնարավորություն կտա նաև մասնավոր նախաձեռնություններին և հասարակական կազմակերպություններին այս համակարգում մուտքագրել իրենց կողմից հայտնաբերված քաղաքացիների կարիքները, որոնց, նույն ընթացակարգով, կարձագանքեն մարզպետարանները կամ ՏԻՄ–երը։
12:36 - 17 սեպտեմբերի, 2022
Ըստ մի քանի աղբյուրների՝ Իրանը զինծառայողների և սպառազինություն է ուղարկում հայ-ադրբեջանական սահմանի մոտ

Ըստ մի քանի աղբյուրների՝ Իրանը զինծառայողների և սպառազինություն է ուղարկում հայ-ադրբեջանական սահմանի մոտ

 «Իսլամական հեղափոխության պահապանների կորպուս» տելեգրամյան ալիքը երեկ հայտնել է, որ կորպուսը 50 000 զինծառայող է տեղակայում Հայաստանի և Ադրբեջանի սահմանի մոտ։ Al Arabiya-ն այսօր գրել է, որ Թեհրանը զրահատեխնիկա և սպառազինություններ է ուղարկել իր հյուսիսային սահմաններ։ Իրանահայ պատգամավոր Ռոբերտ Բեգլարյանն էլ երեկ, պատասխանելով CivilNet-ի լրագրողի հարցին, թե ինչու, ի տարբերություն 2020-ի և 2021-ի, Իրանը զորավարժություններ չի սկսում կամ զորքեր, զինտեխնիկա չի մոտեցնում հայ-ադրբեջանական սահմանին, նշել է․ «Երեկ հայտարարություն էր հնչել Ադրբեջանի և տարածաշրջանի հարցերի շուրջ ուղղակի Հեղափոխության պահապանների կորպուսի կողմից, և վերջին լուրերն այն են, որ արդեն տեղաշարժ կա զինամթերքի, սպառազինությունների դեպի սահման»։ Լրագրողի ճշտող հարցին՝ հաստատվա՞ծ, պատգամավորը պատասխանել է՝ այո։   Գլխավոր լուսանկարը՝ Al Arabiya-ից
12:30 - 17 սեպտեմբերի, 2022
ՄԻՊ-ն արտահերթ զեկույց է հրապարակել Հայաստանի դեմ ադրբեջանական զինված հարձակման հետևանքների վերաբերյալ

ՄԻՊ-ն արտահերթ զեկույց է հրապարակել Հայաստանի դեմ ադրբեջանական զինված հարձակման հետևանքների վերաբերյալ

ՀՀ Մարդու իրավունքների պաշտպանն արտահերթ զեկույց է հրապարակել Հայաստանի Հանրապետության վրա ադրբեջանական զինված հարձակման հետևանքների վերաբերյալ։ Պաշտպանն իր զեկույցում ամփոփել ու վերլուծել է ադրբեջանական զինված ուժերի կողմից կատարված պատերազմական հանցագործությունները, փաստագրել տեղահանված անձանց, բժշկական շտապօգնության մեքենաների ու լրագրողների թիրախավորման, երեխայի ու հաշմանդամություն ունեցող անձանց իրավունքների խախտումների ապացույցները, ինչպես նաև ներկայացրել քաղաքացիական անձանց ու կենսական ենթակառուցվածքների թիրախավորման, անձանց հասցված գույքային ու շրջակա միջավայրին հասցված վնասների փաստերը։ Հայ զինծառայողների նկատմամբ խոշտանգումների և անմարդկային ու արժանապատվությունը նվաստացնող վերաբերմունքի, ինչպես նաև զոհված զինծառայողների մարմինների կտտանքների փաստերը վերլուծված են զեկույցի ոչ հրապարակման ենթակա հատվածում և պատշաճ կարգով ներկայացվել են միջազգային իրավասու կազմակերպություններին և դերակատարներին։  Զեկույցի անգլերեն տարբերակը՝ ստորև: 
12:06 - 17 սեպտեմբերի, 2022
Իրանը չի ընդունում միջազգայնորեն ճանաչված սահմանների փոփոխություններ․ Ռաիսին՝ Էրդողանի հետ հանդիպմանը

Իրանը չի ընդունում միջազգայնորեն ճանաչված սահմանների փոփոխություններ․ Ռաիսին՝ Էրդողանի հետ հանդիպմանը

Իրանի նախագահը Թուրքիայի նախագահի հետ հանդիպմանը հայտարարել է, որ Իրանը չի ընդունում միջազգայնորեն ճանաչված սահմանների փոփոխություններ։ Այս մասին հայտնում է Mehr գործակալությունը։ Իրանի նախագահ Իբրահիմ Ռաիսին և Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը հանդիպել են Ուզբեկստանի Սամարղանդում Շանհայի համագործակցության կազմակերպության (ՇՀԿ) գագաթնաժողովի շրջանակներում։ Հանդիպման ընթացքում Ռաիսին ընդգծել է. «Տարածաշրջանում մեր քաղաքականության հիմքն այն է, որ երկրներն իրենք պետք է որոշեն իրենց ճակատագիրը, և նրանց ազգային ինքնիշխանությունն ու տարածքային ամբողջականությունը պետք է հարգվի»: Բերելով ճգնաժամի ժամանակ Իրանի՝ բարեկամներին և հարևաններին աջակցելու օրինակները՝ Իրանի նխագահը պարզաբանել է, որ Իրանը բարեկամ է իր հարևանների համար։ Անդրադառնալով Կովկասում տեղի ունեցող զարգացումներին՝ Ռաիսին բացատրել է Իրանի ռազմավարական քաղաքականությունը՝ ողջունելու «Ղարաբաղի ազատագրումը և պատրաստակամությունը մասնակցելու դրա վերականգնմանը»։ Նա միաժամանակ ասել է, որ տարածաշրջանում միջազգայնորեն ճանաչված պատմական և աշխարհաքաղաքական սահմանների ցանկացած փոփոխություն անընդունելի է Իրանի համար։ Թուրքական կողմից հանդիպման մանրամասներ չեն ներկայացվում։ Շանհայի համագործակցության կազմակերպության գագաթնաժողովի շրջանակում իր ելույթի ժամանակ էլ Իրանի նախագահը հայտարարել էր, որ Իրանը չի հանդուրժի Հայաստանի և Ադրբեջանի ճանաչված սահմանների որևէ փոփոխություն։ 
11:39 - 17 սեպտեմբերի, 2022
Մենք սպասում ենք նոր ագրեսիայի․ Էդմոն Մարուքյան

Մենք սպասում ենք նոր ագրեսիայի․ Էդմոն Մարուքյան

Չի ավարտվել այս ամենը․ մենք սպասում ենք նոր ագրեսիայի։ Այս մասին Factor TV-ին տված հարցազրույցում ասաց Հատուկ հանձնարարություններով դեսպան Էդմոն Մարուքյանը։  «Բնականաբար, դիվանագիտական աշխատանքը տարվում է ՄԱԿ, ԵՄ, ԱՄՆ հետ, ՌԴ, Ֆրանսիայի հետ, մյուս կողմից՝ հողի վրա կանգնած՝ զինվորականությունը, զինվորը հայրենիքի պաշտպանության համար է պայքարում»,- նշեց Մարուքյանը։  Էդմոն Մարուքյանի խոսքով՝ մինչև Ադրբեջանի հարձակումն էլ են միջազգային հանրությանը տեղեկացրել հնարավոր հարձակման մասին․ «միջազգային ամբողջ հանրությանը տեղեկացրել ենք, որ հեսա մեր վրա հարձակվելու է, մենք չենք կրակում, և իրենք հիմա հարձակվելու են։ Եվ դա տեղի է ունեցել։ Այսինքն՝ գոնե էս անգամ շատ լավ կարողացել ենք գոնե էդ մասով գործ անել, պատրաստել միջազգային հանրությանը»։ Մարուքյանը նշում է՝ երկրներն ունեն երկկողմանի շահեր, օրինակ՝ ՄԱԿ ԱԽ անդամ որոշ երկրներ։ «Ոչ բոլորն են, չէ՞, միանշանակ ասում, որ սա ագրեսիա է, ոչ բոլորն են ասում, որ Հայաստանի տարածք են ներխուժել․ մի մասը գտնում է, որ սահմանը դելիմիտացված չէ, մյուս մասը գտնում է, որ սա ինչ-որ սահմանային կրակոցներ են։ Բայց մեր մոտեցումը հետևյալն է, որ սա ներխուժում է ՀՀ տարածք և օկուպացիա»,- նշեց Մարուքյանը։  Հատուկ հանձնարարություններով դեսպան Էդմոն Մարուքյանը նշեց․ «Մենք մի հատ պրոբլեմ ունենք․ մենք 44-օրյա պատերազմը ուզում ենք համեմատել էս պատերազմի հետ։ ․․․․ Էնտեղ այլ նարատիվներ են գործել, այլ հարցեր են եղել, էնտեղ եղել են երկարատև բանակցություններ զիջումների վերաբերյալ, տարածքներ զիջելու վերաբերյալ, և դրա մասին էր խոսքը, որ միգուցե կարող էինք խաղաղ բանակցություններով շրջանները զիջել և խաղաղություն ստանալ։ ․․․․ Էս հարցը, ինչ որ հիմա տեղի է ունենում, որևէ պարալել չի կարելի բերել, որովհետև հիմա խոսքը ՀՀ միջազգայնորեն ճանաչված սահմանների մասին է։ Եվ հիմա վարչապետին քննադատում են, որ թե ինչի է պառլամենտում ասել 29 800 քառ․ կմ»։  Լրագրողի այն դիտարկմանը, թե Արցախը դուրս հանելով է ասել, Մարուքյանը պատասխանեց․ «Իսկ Արցախը Հայաստանի մա՞ս է, որ վարչապետը դուրս է հանել։ Ուզում են ՀՀ սուվերեն տարածքի նարատիվը փչացնե՞ն ու էդ 29 800 քառ կմ էլ չունենա՞ն։ ․․․․ Կարմիր գիծը Արցախի մասով քաշել է Հայաստանը՝ անվտանգության երաշխիքներ ժողովրդի համար։ Էս կարմիր գծերը վարչապետը քաշում էր Հայաստանի վերաբերյալ»։ Անդրադառնալով ՀԱՊԿ  Միացյալ շտաբի պետ Անատոլի Սիդորովի այն հայտարարությանը, թե Հայաստան ՀԱՊԿ խաղաղապահ զորակազմ ուղարկելու մասին դեռ խոսք չկա, Մարուքյանը նշեց․ «Ադրբեջանը չի զարմանում էդ հայտարարություններից․ իրենք անգիր գիտեն, որ ՀԱՊԿ-ում իրենք ավելի շատ դաշնակիցներ ունեն, քան ՀՀ-ը»։ Ի պատասխան լրագրողի հարցի, որ ՌԴ-ը և Ադրբեջանը ՄԱԿ ԱԽ նիստում ռազմական ագրեսիայի համատեքստում խոսել են դեմարկացիայից, Էդմոն Մարուքյանը ասաց․ «Բոլոր էն երկրները, որոնք ասում են, որ դեմարկացիայի խնդիր է, փորձում են լեգիտիմացնել Ադրբեջանի ագրեսիան Հայաստանի նկատմամբ»։
09:43 - 17 սեպտեմբերի, 2022
«Ադրբեջանն ամեն ինչ է ուզում, ուզում է, որ Հայաստանը չլինի, հայերը չլինեն»․ Ալեն Սիմոնյան

«Ադրբեջանն ամեն ինչ է ուզում, ուզում է, որ Հայաստանը չլինի, հայերը չլինեն»․ Ալեն Սիմոնյան

«Խաղաղության պայմանագրի շուրջ բանակցությունները, այսպես ասած, շարունակվում են, քննարկվում են, եւ ես մեծ հույս ունեմ, որ այդ պայմանագիրը մենք մոտ ապագայում կկարողանանք իրագործել»։ Այս մասին Հանրային հեռուստաընկերության եթերում՝ Պետրոս Ղազարյանի հետ հարցազրույցին, հայտարարեց Ազգային ժողովի նախագահ Ալեն Սիմոնյանը։ Նա նշեց, որ իրադրությունը ԳՇ պետի հայտարարություններից հետո քիչ փոփոխության է ենթարկվել։ Հարձակումների մեծ մասը եղել է դիրքային, եւ հիմնական մարտերը տեղի են ունեցել դիրքային մասերում, եւ ի պատիվ մեր բանակի, ի պատիվ մեր զինվորականների՝ շատ թեժ մարտեր են եղել, մեր զինվորները բավականին մեծ դիմադրություն են ցուցաբերել, եւ որոշ տեղերում հետ են գրավել դիրքերը, որոնք ենթարկվել էին հարձակման․ «Այս պահի դրությամբ կա ներթափանցած 1-2 խումբ, հիմա որոնման աշխատանքներ են տարվում, դրանք դուրս կմղվեն կամ այդ հարցը ռազմական առումով կլուծվի, ենթադրում եմ՝ շատ արագ։ Մխրճվել են մի քանի տեղ, եւ փառք Աստծո, որեւիցե բնակավայր գրավված չէ, եւ որեւիցե բնակավայրում հակառակորդ չկա։ Բայց, ինչպես արդեն ասվել է, տարբեր տեղերում Ադրբեջանը ագրեսիա է իրականացրել ՀՀ ինքնիշխան տարածքի դեմ եւ գտնվում է ՀՀ սուվերեն տարածքում»,– ասաց նա։ Ալեն Սիմոնյանի խոսքով՝ միակ ռեալ կարիքը, որ այսօր բանակում կա, եւ կապված չէ մեր ցանկության կամ գործելաոճի հետ, զենքի կարիքն է, որովհետեւ զենքն այն բանն է, որի կարիքը անընդմեջ ստեղծվում է, իսկ մնացած բոլոր կարիքները հոգալու առումով ՊՆ–ն ամեն ինչ անում է․ «Կառավարությունը որեւիցե գումարային խնդիր չունի, այսինքն՝ գումարի խնդիր չունենք, որը պետք է հատկացվի, եւ անհրաժեշտ պարագաները գնվեն։ Զենքի առումով տարբեր միջոցներ ենք ձեռնարկում, եւ չենք բավարարվում մեկ ուղղությունից զենքի հետ կապված լուծումներ տալու, այդ աշխատանքները անընդմեջ կատարվում են»։ Ըստ Սիմոնյանի՝ վերջին իրադարձությունների կանգնեցման ամենամեծ հեղինակը ԱՄՆ–ն է․ «Մեծ է եղել ԱՄՆ աջակցությունը, բայց ես չեմ ուզում որեւիցե ձեւով դա գերադասել, օրինակ, Ֆրանսիայի կամ ՌԴ միջամտությունից»։ Անդրադառնալով ԱՄՆ ներկայացուցիչների տան խոսնակ Նենսի Փելոսիի՝ ՀՀ այցին՝ Սիմոնյանն ասաց, որ նա Հայաստան է գալու իր հրավերով․ «Այնուամենայնիվ, դա քաղաքական աշխատանք է, մեր դեսպանի, մեր քաղաքական թիմի մեծ աշխատանքն է, դա նաեւ գնահատական է ժողովրդավարության աստիճանին, որը ՀՀ–ում գոյություն ունի, եւ ես շնորհակալ եմ Փելոսին, որ նա չչեղարկեց իր այցը, որովհետեւ ես այցի մասին գիտեի շատ ավելի վաղ։ Ասեմ, որ իր այցելությունը շատ մեծ դեր կունենա հենց անվտանգության առումով»։ Անդրադառնալով ռազմական դրության հավանականությանը՝ նա ասաց․ «Մենք կարծում ենք, որ ռազմական դրություն հայտարարելը այս պահին կարող է որպես ագրեսիայի քայլ դիտարկվել, որովհետեւ Ադրբեջանը իր գործողություններից առաջ մշտապես արդարացում է բերում, որ մենք պատրաստվում ենք հարձակման, որ ինչ–որ պրովոկացիա ենք արել»: Ի պատասխան Պետրոս Ղազարյանի հարցին, թե ի վերջո ինչ է ուզում Ալիեւը, որ մենք չենք տալիս բանակցություններով, եւ ուզում են վերցնել ուժով՝ Ալեն Սիմոնյանը պատասխանեց․ «Իրենք ամեն ինչ են ուզում, իրենք ուզում են, որ Հայաստանը չլինի, որ հայերը չլինեն, իրենք ուզում են, որ տարածաշրջանում լինեն իրենք եւ Թուրքիան, եւ այդ ուղղությամբ անում են ամեն ինչ։ Մարտավարությունը այսպիսին է․ հենց ինչ–որ բան ենք սկսում քննարկել, ինքը հրաժարվում է դրանից, մի քայլ առաջ է անում եւ այլ բան է ուզում, եւ այդ գործելաոճը զուգորդվում է ռազմական քայլերով, ռազմական ճնշման փորձերով։ Այսօր մենք ցուցադրել ենք, որ մենք այդ ճանապարհով այլեւս չենք կարող գնալ եւ չենք գնալու, եւ դրա մասին է մեր կռիվը, եւ դրա մասին են մեր հայտարարությունները, որ այլեւս պատրաստ ենք քննարկել խաղաղության պայմանագիրը առանց նախապայմանների, եւ ոչ մի բան ավելի»։ Արձագանքելով Պետրոս Ղազարյանի այն դիտարկմանը, թե հայտարարությունը, որ Հայաստանի սահմանը կարմիր գիծ է, որ մենք ոչինչ չենք զիջելու, եւ միջանցք չի լինելու, ընդդիմության կողմից գնահատվեց, որ «այ, ոչ մի խոսք չկար Արցախի մասին, եւ դուք պատրաստ եք Արցախը հանձնել», Ալեն Սիմոնյանը ասաց․ «Հիմա հարձակման է ենթարկվել ՀՀ–ն, Արցախի մասին ինչ խոսք կա, եւ ինչի մասին կարող ենք խոսել, գտնվում է 2020 թ․ նոյեմբերի 9-ի հայտարարության շրջանակում։ Արցախի անվտանգությունը ապահովում են ՌԴ խաղաղապահները, եւ ՀՀ–ն ամեն ինչ անում է Արցախի համար եւ արցախցիների համար եւ անում է շատ ավելի շատ, քան երբեւիցե արվել է։ Բայց այսօր 29 800 կմ քառակուսին ՀՀ ինքնիշխան տարածքն է, եւ ես ու վարչապետը ներկայացնում ենք ՀՀ–ն։ Այսօր ՀՀ–ն հարձակման է ենթարկվել, եւ մենք խոսում ենք ՀՀ անվտանգությունը ապահովելու մասին»։ Խոսելով ՀԱՊԿ–ից ունեցած ակնկալիքների մասին՝ ԱԺ նախագահը նշեց, որ իրենք շատ դժգոհ են, այն ակնկալիքները, որ կային, բնական է, չեն արդարացվում․ «Կապ ունենալով մեր ժողովրդի հետ եւ ներկայացնելով ՀՀ ժողովրդին՝ մենք շատ երկար չենք կարողանալու բացատրել, թե ինչու ՀԱՊԿ–ը չի անում այն, ինչ նախատեսված է։ Եվ բնական է, մենք դրանից հետեւություններ ենք անելու, անում ենք եւ արդեն արել ենք»։ Ըստ Սիմոնյանի՝ իրենք նաեւ ռուս գործընկերներից են ակնկալում են շատ ավելի շոշափելի քայլեր, ոչ թե հայտարարությունների կամ կցկտուր, կիսատ խոսքերի մակարդակով․ «Ես զարմացած եմ եւ իմ անհամաձայնությունն եմ հայտնում, որ իրենց Հանրային հեռուսաընկերությունը ցույց է տալիս ռեպորտաժներ, որտեղ հնչում են սադրիչ հայտարարություններ ՀՀ ղեկավարության հանդեպ։ Մենք անկեղծ չենք հասկանում՝ ինչ մարտավարություն է դա եւ ինչի համար։ Կարո՞ղ է դա անճարությունից է, չգիտեմ»։ Արձագանքելով Պետրոս Ղազարյանի այն դիտարկմանը, որ շատերը ասում են՝ Պուտինը չի սիրում ՀՀ գործող իշխանություններին, այլ սիրում է Ռոբերտ Քոչարյանին՝ Ալեն Սիմոնյանն ասաց․ «Գիտե՞ք՝ ինչ, եթե սիրում է, արդյո՞ք դա փոխում է այն բանը, որ մենք այսօր սպասում ենք ռազմական օգնության, եւ այդ օգնությունը չկա։ Սա աղջիկ ուզելու խոսակցություն չէ, որ մեկը մեկին սիրում է, կամ չէ։ Արդյո՞ք ՌԴ–ն շահեր ունի այստեղ թե՞ ոչ։ Լավ, վարչապետին չեն սիրում, Քոչարյանին են սիրում կամ Սերժ Սարգսյանին են սիրում կամ մեզ են սիրում։ Սիրելու մասին չէ այս խոսակցությունը։ Ուրիշ բան ասեմ․ եթե անվտանգության գինը մեր հեռանալն է, թող բաց ասեն, մենք հիմա հեռանանք։ Դա ընդհանրապես քննարկելու բան չէ, դա կեղծ, հնարած բան է։ Այո, մենք իշխանություն ենք, որը Բրյուսելից, Մոսկվայից եւ Վաշինգտոնից «դաբրո» ստանալու չունենք, ներողություն, բայց եթե բաց ենք խոսում, մեր չակերտավոր «դաբրոն» ՀՀ ժողովուրդն է»,– նշել է նա։  
00:41 - 17 սեպտեմբերի, 2022
ՀՀ-ում հավատարմագրված դիվանագետներին ներկայացվել է սահմանային իրադրությունը․ ՊՆ

ՀՀ-ում հավատարմագրված դիվանագետներին ներկայացվել է սահմանային իրադրությունը․ ՊՆ

Սեպտեմբերի 16-ին Հայաստանում հավատարմագրված դիվանագիտական ներկայացուցչությունների և միջազգային կազմակերպությունների ղեկավարներն այցելել են ադրբեջանական ագրեսիայի հետևանքով տուժած շրջաններ: Այս մասն հաղորդագրություն է տարածել ՀՀ պաշտպանության նախարարությունը։ Ջերմուկ քաղաքում ՀՀ զինված ուժերի գլխավոր շտաբի պետ-պաշտպանության նախարարի առաջին տեղակալ, գեներալ-մայոր Էդվարդ Ասրյանը դիվանագետներին ներկայացրել է սեպտեմբերի 13-ին Ադրբեջանի սանձազերծած լայնածավալ ագրեսիայի հետևանքով ստեղծված իրադրությունը, հրետակոծության և հրթիռակոծության հետևանքով Ջերմուկի քաղաքացիական ենթակառուցվածքներին հասցված վնասներն ու տեղեկություններ հայտնել օպերատիվ իրավիճակի վերաբերյալ: Գեներալ-մայոր Էդվարդ Ասրյանը պատասխանել է օտարերկրյա դիվանագետների հարցերին, ինչպես նաև անդրադարձել ադրբեջանցի զինծառայողների կողմից մարտական դիրքերում զոհված հայ զինծառայողների նկատմամբ իրականացված խոշտանգումներին, դրանք համարելով մարդասիրական միջազգային իրավունքի կոպիտ խախտումներ։ Հիշեցնենք՝ Ասրյանն ասել էր, որ Ջերմուկի ուղղությամբ հակառակորդը  մխրճվել Հայաստանի ինքնիշխան տարածք։ Մխրճման խորությունը 8-10 կմ է, իսկ միայն մի կետում հակառակորդի մեկ խումբ գտնվում է Ջերմուկի մատույցներից 4,5 կմ հեռավորության վրա։ Նրա խոսքով՝ հայկական զինված ուժերը չի թույլատրի այդ խմբի կենսունակությունը, չեն կարողանա նրանց ապահովել անհրաժեշտ սննդով, ջրով, եւ խումբը ստիպված հետ կքաշվի՝ միանալով իր հիմնական ստորաբաժանումներին։ Ըստ ԳՇ պետի՝ այսօր այդպիսի մի խումբ՝ 50-60 հոգանոց, հետ է քաշվել դեպի պետական սահման։
22:05 - 16 սեպտեմբերի, 2022
Ադրբեջանական ԶՈւ չտարբերակված թիրախավորման հետևանքով խախտվել են հաշմանդամություն ունեցող անձանց իրավունքներ. ՄԻՊ

Ադրբեջանական ԶՈւ չտարբերակված թիրախավորման հետևանքով խախտվել են հաշմանդամություն ունեցող անձանց իրավունքներ. ՄԻՊ

Մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմի մշտադիտարկումները և այս պահին հավաքագրված փաստերի ուսումնասիրությունը վկայում են, որ 2022 թվականի սեպտեմբերի 13-15-ին Սյունիքի, Գեղարքունիքի և Վայոց ձորի մարզերում ադրբեջանական զինված ուժերի չտարբերակված թիրախավորմամբ զուգորդված ռազմական գործողությունների և Հայաստանի Հանրապետության նկատմամբ կիրառվող հարձակման հետևանքով խախտվել են հաշմանդամություն ունեցող անձանց միջազգային իրավական ակտերով երաշխավորված մի շարք իրավունքներ, այդ թվում՝ կյանքի, անվտանգության և առողջության: Այսպես, Պաշտպանի աշխատակազմի հավաքագրած տեղեկությունների համաձայն՝ սեպտեմբերի 15-ի դրությամբ Գեղարքունիքի, Վայոց ձորի, Սյունիքի մարզերի՝ ադրբեջանական զինված ուժերի պատերազմական գործողություններից տուժած բնակավայրերից տեղահանվել է առնվազն 99 հաշմանդամություն ունեցող անձ: Ադրբեջանական ԶՈւ չտարբերակված թիրախավորման և տարբեր զինատեսակների կիրառման ինտենսիվությամբ պայմանավորված՝ որոշ դեպքերում հաշմանդամություն ունեցող անձինք, առողջական խնդիրներ ունեցող տարեցները, ինչպես նաև նրանց խնամող անձինք գործնականում զրկվել են տեղահանման հնարավորությունից, ինչը միջազգային մարդասիրական իրավունքի կոպտագույն խախտում է: Ադրբեջանական զինված ուժերի կողմից Վարդենիս քաղաքի թիրախավորումն ուղղակիորեն վտանգել է Վարդենիսի նյարդահոգեբանական տուն-ինտերնատում բնակվող հոգեսոցիալական և մտավոր հաշմանդամություն ունեցող շուրջ 450 անձանց կյանքի, անվտանգության և առողջության իրավունքները, ինչպես նաև լրացուցիչ խոչընդոտներ ստեղծել վերջիններիս բժշկական, սոցիալական և այլ ծառայությունների մատուցման համար: Այս կապակցությամբ Պաշտպանը հատուկ ընդգծում է, որ հաշմանդամություն ունեցող անձանց նկատմամբ հարգանքի և նրանց պաշտպանության, այդ թվում՝ տարհանման համար հատուկ միջոցների կիրառման պահանջները սահմանված են Ժնևի երրորդ և չորրորդ կոնվենցիաներով, «Հաշմանդամություն ունեցող անձանց իրավունքների մասին» ՄԱԿ-ի կոնվենցիայով և միջազգային այլ իրավական ակտերով: Մինչդեռ պետք է հաշվի առնել, որ կենսական պայմանների և ծառայությունների հասանելիության խնդիրները, այդ թվում՝ ջրի, սանիտարահիգիենիկ պայմանների, սննդի, ապաստարանի, առողջապահական ծառայությունների անարգել ապահովման և տրամադրման խոչընդոտները հումանիտար աղետի պատճառ կարող են դառնալ: Այս համատեքստում հաշմանդամություն ունեցող անձինք, իրենց հատուկ կարիքներով և առողջական խնդիրներով պայմանավորված, կրկնակի խոցելի են: Ուստի, զինված հակամարտությունը, պատերազմը, պատերազմական գործողությունները, ռազմական իրավիճակը կամ ռազմական դրությունը լրացուցիչ մարտահրավերներ են ստեղծում հաշմանդամություն ունեցող անձանց համար՝ առաջացնելով առանձնահատուկ պայմանների ապահովման անհրաժեշտություն: Մարդու իրավունքների պաշտպանը՝ որպես «Հաշմանդամություն ունեցող անձանց իրավունքների մասին» ՄԱԿ-ի կոնվենցիայի դրույթների կիրառության մշտադիտարկում իրականացնող անկախ մարմին, իր իրավասությունների շրջանակներում հավաքագրված տեղեկությունները և Պաշտպանի դիտարկումները ներկայացնում է նաև միջազգային կառույցներին, այդ թվում՝ ՄԱԿ-ի հաշմանդամություն ունեցող անձանց իրավունքների հարցերով կոմիտեին և հաշմանդամություն ունեցող անձանց իրավունքների պաշտպանությամբ զբաղվող այլ կառույցներին
21:54 - 16 սեպտեմբերի, 2022