ԿԱՐԴԱԼԻՔ

Նուրբ օրգանական քիմիայի ինստիտուտի մոտ բազմաֆունկցիոնալ համալիրի կառուցումը վնասելու է Կենտրոնի ապագա գոյությունը․ գիտնականները մտահոգ են

Նուրբ օրգանական քիմիայի ինստիտուտի մոտ բազմաֆունկցիոնալ համալիրի կառուցումը վնասելու է Կենտրոնի ապագա գոյությունը․ գիտնականները մտահոգ են

«Գրին Փրոփերթի Դիվելոփմենթ» ՓԲԸ-ն, որը Երեւանի Ազատության 26/1 հասցեի ՀՀ ԳԱԱ նուրբ օրգանական քիմիայի ինստիտուտի մոտ գտնվող ջրավազանի զբաղեցրած հողատարածքում նախատեսում է բազմաֆունկցիոնալ համալիր կառուցել, երեկ վաղ առավոտյան փորձել է կտրել կենտրոնի ճաղավանդակները՝ ներս անցնելու եւ որոշ աշխատանքներ իրականացնելու համար։ Սա առաջացրել է Ինստիտուտի աշխատակիցների բողոքը․ նրանց պնդմամբ՝ այդ տարածքում բազմաֆունկցիոնալ համալիրի կառուցումը խոչընդոտելու է Ինստիտուտի բնականոն աշխատանքին․ Կենտրոնի աշխատակիցներն անթույլատրելի են համարում քիմիական գիտատեխնոլոգիական գործունեությամբ զբաղվող կենտրոնի օտարված տարածքում ջրավազանի փոխարեն բարձրահարկ բնակելի համալիրի կառուցումը՝ շեշտելով, որ Գիտատեխնոլոգիական կենտրոնը եւ բնակելի շենքը պարզապես անհամատեղելի են։ «Գրին Փրոփերթի Դիվելոփմենթ» ընկերությունն Ինստիտուտի մոտ գտնվող գույքը ձեռք է բերել 2019 թվականի մայիսին, նույն թվականի սեպտեմբերի 29-ին ՓԲԸ-ն կառուցապատման համար դիմում է ներկայացրել քաղաքապետարան՝ հողատարածքում շինարարական թույլտվություն ստանալու համար։ Նախատեսում են խառը կառուցապատում իրականացնել՝ 50%-ը բիզնես կենտրոն, մյուս մասը՝ հյուրանոցային բնակելի համալիր։  Շինթույլտվություն Ընկերությունը դեռեւս չի ստացել, ինչպես Երեւանի քաղաքապետարանից հայտնել են Infocom-ին, բայց ստացել է նախագծման թույլտվություն․ ըստ ամենայնի հենց այդ հիմքով էլ երեկ նախաձեռնել են իրենց աշխատանքները։  «Ժամը 7-ին եկել են, պարիսպը, որը մեր գույքն է, փորձել են կտրել, մեր աշխատակիցները չեն թողել, հետո կարմիր բերետավորներ են եկել, իրենց օգնությամբ Ընկերությունը դոմիկ է տեղադրել, տեխնիկա են բերել տարածք»,- Infocom-ի հետ զրույցում մանրամասնում է Նուրբ օրգանական քիմիայի ինստիտուտի երիտասարդ գիտնականների խորհրդի նախագահ Ռոբերտ Հակոբյանը, որի խոսքով՝ իրենք Ընկերության կամ դրա սեփականտիրոջ հետ խնդիր եւ խոսելիք գործնականում չունեն, իրենց համակար այժմ շատ կարեւոր է կառավարության դիրքորոշումը․ «Այդ կառույցը վնասելու է մեր Ինստիտուտի ապագա գոյությունը։ Հիմա կառավարությունը պետք է հստակ դիրքորոշում ունենա՝ էդ կառո՞ւյցն է պետք, թե՞ Ինստիտուտը։ Թղթերով ամեն ինչ նորմալ է, բայց սա ապօրինությունների հետեւանք է։ Պետք է հաշվի առնել՝ սա ինչ հետեւանքներ է բերելու, վաղը-մյուս օրը շենքը կառուցվեց, բնակելի շենք է լինելու, բնակիչները բողոքեցին՝ հոտեր-բաներ․․․ Մեծ մասն անվտանգ է լինելու, բայց հոտեր լինելու են, կարո՞ղ ես բնակիչներին բացատրել, որ դա անվտանգ է, չես կարող։ Բողոքներ կլինեն, ինստիտուտը կփակեն»,- մտահոգություն ունի մեր զրուցակիցը։  Հակոբյանի համոզմամբ՝ ուժեղ գիտությունն առանց նման կենտրոնի անհնար է, քանի որ այն ոչ միայն գիտելիքի ու գիտության տեսանկյունից սեփական արտադրանքն ունի, այլ նաեւ դեղեր է արտադրում, որոնք ոչ միայն Հայաստանում են սպառվում, այլեւ արտերկրում․ «Մենք նաեւ հանդիսանում ենք որակյալ եւ մրցունակ կադրերի դարբնոց, մեզ մոտով անցած շատ մարդիկ հանրապետության տարբեր բուհերում ու գիտահետազոտական կենտրոններում են աշխատում՝ չհաշված մասնավոր ոլորտը։ Մեզ ոչ միայն պետությունն է գրանտային միջոցներ տրամադրում, այլ նաեւ համագործակցում ենք այլ երկրների հետ՝ Սաուդյան Արաբիա, Շվեյացարիա․ նրանց մեր կիրառական արդյունքը շատ է հետաքրքրում, ու մենք այդ ամենը տալիս ենք»,- նշում է Ինստիտուտի երիտասարդ գիտնականների խորհրդի նախագահը։ Ինստիտուտի աշխատակիցները նամակներ են գրել պատկան մարմիններին ոչ միայն այսօր, այլ նաեւ դեռ անցյալ ամռանը՝ բարձրաձայնելով իրենց մտահոգությունների մասին ու ակնկալելով խնդրին արդարացի լուծում, սակայն էական պատասխաններ չեն ստացել։ Հիմնավորելով, թե ինչու են Գիտատեխնոլոգիական կենտրոնն ու բնակելի համալիրն ուղղակի անհամատեղելի՝ Կենտրոնի աշխատակիցները նշել են, որ 30 մետր շառավղով գործող քիմիական լաբորատորիաների անմիջապես հարեւանությամբ շենք կառուցելն օրենքով արգելվում է։ Բացի դրանից՝ Կենտրոնում առկա սարքերից երկուսը, որոնց ընդհանուր արժեքը կազմում է մոտավորապես 1,000,000 ԱՄՆ դոլար, շատ զգայուն են եւ ցանկացած ցնցումից կարող են վնասվել եւ այլեւս չաշխատել։ Սարքերից ամենանորը՝ 600,000 եվրո արժողությամբ գերժամանակակից միջուկա-մագնիսական ռեզոնանսի (ՄՄՌ) սարքը, տարածաշրջանում նմանատիպ միակ հատուկ սարքն է, առանց որի Հայաստանի բոլոր քիմիկոսներն ուղղակի չեն կարող աշխատել։ Ֆիզիկոսները եւ կենսաբանները եւս օգտվում են այդ սարքից, քանի որ շատ փորձարարական աշխատանքներ անմիջապես դրա հետ են կապված: Ռոբերտ Հակոբյանը մեր զրույցում նկատեց՝ Ինստիտուտի աշխատանքները հիմա էլ խաթարվել են, եւ դա այն պարագայում, երբ Ընկերությունն ընդամենը հորատ անցում է անում․ «Պատկերացնո՞ւմ եք՝ փորեն, ինչ կլինի։ Էդ աղմուկն արդեն իսկ խանգարում է։ Գիտությունը մենակ ֆինանսը չի, մարդը չի, նաեւ տարածքն է, որովհետեւ մարդը տեղ պիտի ունենա աշխատելու, էդ ամենը մոռանում են՝ առանց հետոյի մասին մտածելու»։ Պատկան մարմիններին ուղղած իրենց գրություններում Կենտրոնի աշխատակիցները նշել են, որ դեռ 2007թ.-ին Ինստիտուտն ապօրինի կերպով զրկվել է ջրավազանն օգտագործելու հնարավորությունից, սեփականատերը բետոնապատել է ջրավազանի ջրի մուտքն ու ելքը՝ զգալիորեն նվազեցնելով Ինստիտուտի անվտանգության մակարդակը․ «Ջրավազանը ոչ միայն անվտանգային ջրի պաշար է, այլեւ հանդիսանում է միկրոկլիմայի եւ միկրոէկոլոգիական համակարգի ամենակարեւոր մասը։ Ջրավազանի անվերադարձ կորուստը վերջնականապես կվտանգի ինստիտուտի բազմապրոֆիլ գործունեություն ծավալելու հեռանկարները»,- գրել են աշխատակիցները։ Խնդրո առարկա այդ հողամասի օտարման օրինականությունը Հայաստանի իրավապահներն ուսումնասիրության առարկա դարձրել են. 2016թ. ՀՀ գլխավոր դատախազության պետական շահերի պաշտպանության վարչության նախաձեռնությամբ գործարքը դարձվել ուսումնասիրության առարկա, որի ընթացքում պարզվել է, որ այդ անշարժ գույքի օտարման գործընթացում սահմանված կարգով գույքի գնահատում չի կատարվել, եւ հողը երրորդ անձի հանձնելու վերաբերյալ Երեւանի քաղաքապետի համաձայնության մասին որեւէ որոշում չի կայացվել: Այդ ուսումնասիրության արդյունքում է պարզվել, որ համայնքի սեփականությունը հանդիսացող՝ քաղաքացիներին եւ իրավաբանական անձանց սեփականության իրավունքով չփոխանցվող հողերի ցանկում գտնվող անշարժ գույքը օրենքի խախտմամբ է 2006թ. օտարվել կադաստրային արժեքից շուրջ 40 անգամ, իսկ շուկայական արժեքից շուրջ 220 անգամ պակաս արժեքով: Քանի որ ուսումնասիրությունների արդյունքում առերեւույթ հանցագործության մասին տվյալներ էին ստացվել, Դատախազությունը դրանք 2016թ. ուղարկել է ՀՀ ՔԿ Երեւան քաղաքի քննչական վարչություն, որտեղ ՀՀ քրեական օրենսգրքի 325-րդ հոդվածի հատկանիշներով հարուցվել է քրեական գործ եւ իրականացվել նախաքննություն: Նախաքննության արդյունքում հաստատված է համարվել, որ գործարքը կատարվել է կեղծ մասնագիտական եզրակացության, Երեւանի քաղաքապետարանի, Երեւանի Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանի մի շարք պաշտոնատար անձանց կողմից ցուցաբերված պաշտոնական անփութության արդյունքում: Այսինքն՝ իրականացված նախաքննությամբ հանցագործության կատարման փաստը հաստատվել է: Բայց քրեական հետապնդում չիրականացնելու եւ քրեական գործի վարույթը կարճելու որոշումներ են կայացվել այդ գործով, քանի որ վերոնշյալ անձանց քրեական պատասխանատվության ենթարկելու օրենքով սահմանված ժամկետներն անցած են եղել:  Երեւան քաղաքի դատախազությունը 2019 թվականին Երեւանի քաղաքապետին գրությամբ առաջարկել է ձեռնարկել ՀՀ օրենսդրությամբ նախատեսված համապատասխան միջոցներ՝ համայնքին պատճառված վնասը վերականգնելու, կնքված գործարքը, դրա կադաստրային գրանցումն ու սեփականության իրավունքի գրանցման վկայականն անվավեր ճանաչելու, դրանց անվավերության հետեւանքները կիրառելու եւ գույքը Երեւան համայնքին վերադարձնելու ուղղությամբ, ինչն այս պահի դրությամբ փաստացի տեղի չի ունեցել։ Ինստիտուտի աշխատակիցներն ակնկալում են հանդիպումներ իրավասու մարմինների հետ։ Նրանք հնարավոր բոլոր օրինական միջոցներով պայքարելու են՝ հարցին լուծում տալու համար․ «Էն մարդը, որն այս տարածում շինթույլտվություն կտրամադրի, կարելի է ասել՝ անհայրենիք մարդ կլինի, որովհետեւ սա նաեւ Հայաստանի անվտանգության հարցն է»,- եզրափակեց Նուրբ օրգանական քիմիայի ինստիտուտի երիտասարդ գիտնականների խորհրդի նախագահ Ռոբերտ Հակոբյանը։ Հայարփի Բաղդասարյան
18:48 - 14 փետրվարի, 2022
«Սարը մոտիկ ա, արդեն իրանք էլ. կրակոցի ձայներից զգացվում էր՝ քիչ-քիչ մոտիկանում են». Իշխանասարի բնակիչ

«Սարը մոտիկ ա, արդեն իրանք էլ. կրակոցի ձայներից զգացվում էր՝ քիչ-քիչ մոտիկանում են». Իշխանասարի բնակիչ

Անցյալ տարվա նոյեմբերի 16-ին Սյունիքի մարզի Իշխանասարի տարածքում լարված իրադրություն էր՝ ծանր հետեւանքներով․ կեսօրին ՀՀ պաշտպանության նախարարությունը հայտնել էր ադրբեջանական ԶՈՒ ստորաբաժանումների հերթական սադրանքի մասին, հետագայում հաղորդվեց հայկական կողմի վիրավորների, ապա նաեւ զոհերի, գերիների ու մարտական դիրքերի կորուստների մասին։  Իշխանասարը, լուսանկարն՝ Infocom-ի Այդ օրը տեւական փոխհրաձգության ձայները պարզ լսելի են եղել Սիսիան համայնքի Իշխանասար գյուղի բնակիչ Վարդուհի Հարությունյանի տանը, որ շատ մոտ է սարին․ ասում է՝ կրակոցների ձայներն այնքան ուժգին էին, որ տան հատակն անգամ դղրդում էր․ «Դխկդխկոցը գալիս էր, ես, ճիշտն ասած, մտածեցի զորավարժություն ա, շատ ա լինում։ Ամուսնուս հարցրի՝ Էդո՛, էս կրակում ե՞ն, թե՞ զորավարժություն ա։ Ուղղակի ինձ հանգստացնելու համար ասեց՝ զորավարժություն ա։ Դե, փաստորեն, կրակում էին։ Սարը մոտիկ ա, արդեն իրանք էլ։ Կրակոցի ձայներից զգացվում էր՝ քիչ-քիչ մոտիկանում են»,- պատմում է զրուցակիցս, որի ամուսինը՝ Էդուարդը, 44-օրյա պատերազմի մասնակից է։ Վախերի մասին խոսելիս Վարդուհին մի ծանր հոգոց է անում ու ասում՝ գյուղի կանայք լավ գիտեն՝ ինքն ինչ սթրես է տարել․ «Էդ իմ սթրեսից էրեխեքն էլ են արդեն վախենում, որովհետեւ ես վախիցս չեմ կարողանում ինձ տիրապետել։ Պատկերացնում եմ՝ մի օր ասեն՝ դուրս արի․․․ Ես ոչ մնալու տեղ ունեմ, ոչ էլ․․․»։ Իշխանասարի բնակիչը պատմում է՝ գյուղում ում հետ ինչ խոսեն՝ պատերազմի շուրջն է թեման․ բոլորի մեջ անհանգստություն կա։ Մտահոգվում են՝ ո՞նց են ապրելու․ հիմա էլ չեն կարող ոչ անասուսնին արոտ տանել, ոչ դաշտից շուշան ու ավելուկ հավաքել։ Հարությունյանի տան դարպասի մոտից պարզ երեւում է Իշխանասարը։ Նա ձեռքը պարզում է ամպերով ծածկված սարի կողմը, ասում․ «Էդ ա սարը, դե սարի հետեւում իրանք տեղակայված են, մերոնք էլ իրանց դեմ դիմաց, թե ինչքանով ինչ կլինի՝ չգիտեմ։ Կարեւորը խաղաղություն լինի․․․»։ Գյուղապետարանի աշխատակից Վարյա Անդրեասյանն ասում է՝ թեեւ գյուղում գազ, լույս, ջուր ունեն, բայց կյանքն այստեղ շատ դժվար է։ Իշխանասարը սահմանամերձ ճանաչված չէ, չի օգտվում այն արտոնություններից, որոնցից սահմանամերձ բնակավայրերը։ Բանն այն է, որ Իշխանասարը ոչ թե Ադրբեջանի հետ սահմանի գծին է, այլ ադրբեջանցիներն այդ հատվածում ներխուժել են Հայաստանի ինքնիշխան տարածք։ Անդրեասյանն ասում է՝ գյուղում 50-55 տուն կա, գրեթե բոլորը վարկեր ունեն, դա կյանքը շատ է դժվարացնում, կողքին կանգնած համագյուղացին՝ Բաբայան Անին, գլխով հաստատում է։ Իշխանասարում էլ հիմնականում անասպանահությամբ ու դաշտավարությամբ են զբաղվել, բնակիչներ կան՝ դաշտերից բանջար են բերել, վաճառել, բայց հիմա դա վտանգավոր է՝ հակառակորդի թիրախում կարող են հայտնվել։ Արոտների խնդիր կա, գյուղում մարդիկ անասունների մի մասը մորթել-վաճառել են, Անդրեասյանը շեշտում է՝ էժան-էժան․ «Բանջար հավաքել-ծախելն էլ, որ գյուղացիների ապրուստի հիմնական միջոցն էր, արդեն վտանգավոր ա, կարելի ա ասել՝ էդ դաշտերն իրանց դիտակետում են, մարդիկ էլ էդքան ռիսկ չեն անում գնան»,- ասում է Անդրեասյանն ու նաեւ ընդհանուր թանկացումների խնդրի մասին բարձրաձայնում՝ ձուն, ձեթը, ամեն ինչ, ասում է, թանկացել է, իսկ մարդիկ, որ շատ վարկեր ունեն, ո՞նց հոգան իրենց կարիքները, երեխաներին ո՞նց դպրոց ուղարկեն։  Երեխաները դպրոցից տուն են գնում, ճանապարհին ուրախ-ուրախ բարեւում անծանոթներին․ մի կողմից նրանց բախտը բերել է՝ մեծերի հոգսերը դեռ իրենց ուսերին չեն լցվել, մյուս կողմից էլ՝ արդեն զենքերից գլուխ են հանում, տարբերում՝ որն ինչ է․ պատմում են՝ պատերազմի ժամանակ գյուղով տանկեր էին տանում, բայց վստահեցնում են՝ իրենք չեն վախեցել ու չեն վախենում նաեւ հիմա։ Հայարփի Բաղդասարյան
11:41 - 14 փետրվարի, 2022
Իտալիայի դեսպանատան աշխատակիցների անվան տակ հայեր չեն տարհանվել Ուկրաինայից․  լուրը հրապարակվել է երգիծական կայքում

Իտալիայի դեսպանատան աշխատակիցների անվան տակ հայեր չեն տարհանվել Ուկրաինայից․ լուրը հրապարակվել է երգիծական կայքում

Փետրվարի 12-ին pastinfo.am կայքում հրապարակվել է «Իտալիան Ուկրաինային է վերադարձրել դեսպանատան աշխատակիցների անվան տակ տարհանված հայերին» վերտառությամբ նյութ։ Նյութում նշվում է, թե Ուկրաինայում մի խումբ հայեր ԱԳՆ-ի իրենց բարեկամից իմացել են հատուկ չվերթի մասին և որոշել դեսպանատան աշխատակիցների անվան տակ մեկնել Իտալիա։ «Վայրէջքից անմիջապես հետո նրանք փորձել են չափազանց հոգնած ձևանալ և անհետանալ ամբոխի մեջ, սակայն հաշվի չեն առել, որ օդանավակայանում փաստաթղթերը ստուգվում են ավտոմատ սկաներների միջոցով։ Չիպերի փոխարեն «դիվանագետների» կեղծ անձնագրերում միայն փայլաթիթեղի կտորներ են եղել, որոնք շարքից հանել են միանգամից 2 թանկարժեք սարք, որից հետո միջամտել են սահմանապահներն ու արագ բացահայտել խաբեությունը»,- ասվում է նյութում։ Ըստ pastinfo.am-ի՝ պարզվել է, որ հայերից մեկն աշխատել է Ուկրաինայի մարզային պետական վարչությունում, մյուսը Կիևի Մշակույթի և արվեստի ազգային համալսարանի պրոֆեսոր է։ Իսկ երբ նրանց հետ են ուղարկել Կիև, պարզ է դարձել, որ փախստականներից մեկը ալիմենտ վճարելուց խուսափելու մեղադրանքով Ռումինիայի կողմից հետախուզման մեջ է երկար տարիներ։ «Այս պահին Իտալիայի և Ուկրաինայի իրավապահ մարմինները պարզում են, թե ինչպես են Հայկական սփյուռքի ներկայացուցիչները կարողացել վայրէջքից առաջ անարգել անցնել բոլոր ստուգումները, և ինչու է ինքնաթիռը օդ բարձրացել նախատեսված ժամկետից մեկ ժամ շուտ։ Կիևի միջազգային օդանավակայանի անվտանգության ծառայության տնօրեն Արսեն Մանուկյանի խոսքով՝ դրսից հաքերային հարձակում է տեղի ունեցել, և դժվար թե հնարավոր լինի բացահայտել այս հարձակման պատվիրատուներին ու հեղինակներին»,- ասվում է նյութի վերջին պարբերությունում։ Բացի pastinfo.am-ից՝ այս տարօրինակ ձևակերպումներով լուրը հրապարակել է նաև armday.am կայքը։ Այս լուրի աղբյուրը ռուսական panorama.pub կայքն է, որտեղ նման բովանդակությամբ նյութ է հրապարակվել փերվարի 12-ին։ Չնայած ո՛չ pastinfo.am-ը, ո՛չ armday.am-ը չեն նշում իրենց աղբյուրը, սակայն նրանց հրապարակումների բովանդակությունը նույնությամբ համընկնում է panorama.pub-ում հրապարակված նյութի բովանդակությանը։ Սակայն եթե ուշադիր լինենք, կտեսնենք, որ panorama.pub-ում հրապարակված լուրի տեքստի ներքևի հատվածում նշված է․ «Այս կայքի բոլոր տեքստերը իրականության գրոտեսկային կրկնօրինակումներ են և իրական լուրեր չեն»։ 2017-ին հիմնված panorama.pub-ը ռուսական երգիծական կայք է, որի հեղինակներն անանուն են և հանդես են գալիս կեղծանուններով․ գլխավոր խմբագիրը ներկայանում է որպես Բորիս Գոնտերմախեր (Борис Гонтермахер), հատուկ թղթակիցը՝ Վիտալի Մանն (Виталий Манн): Իսկ հարթակի երրորդ աշխատակիցն, ըստ կայքի, նրանց պահեստապետն է։ Կայքի «Մեր մասին» բաժնում ներկայացված է մտացածին պատմություն, ըստ որի՝ «Панорама»-ն ստեղծվել է դեռևս 1822 թվականին։ Ինչ վերաբերում է Իտալիայի դեսպանատան աշխատակիցների՝ Ուկրաինայից հեռանալու լուրին, ապա ռուսական լրատվամիջոցները երեկ հայտնեցին, որ Իտալիայի արտգործնախարարությունը որոշում է կայացրել Ուկրաինայից հայրենիք վերադարձնելու դեսպանատան աշխատակազմի ոչ հիմնական աշխատակիցներին (tass.ru, ria.ru): Այս տեղեկության աղբյուրն Իտալիայի ԱԳՆ-ն է։ Հենց այս լուրն էլ, ամենայն հավանականությամբ, երգիծական կայքի հումորային հրապարակման հիմքն է եղել։ Ռուսաստանում մեկ անգամ չէ, որ panorama.pub-ի հրապարակումները տարածել են տարբեր կայքեր, իսկ որոշ լրատվամիջոցներ և անգամ պաշտոնյաներ որպես իրականություն են ներկայացրել հարթակի մտացածին լուրերը։  2019-ի մայիսին, օրինակ, երբ Եկատերինբուրգում տաճարի կառուցման դեմ ցույցեր էին տեղի ունենում, panorama.pub-ը հայտնել էր, թե Ռուսաստանի նախկին նախագահ Ելցինի անունը կրող կրթական-մշակութային կենտրոնը ցուցարարներին վրաններ ու առաջին անհրաժեշտության պարագաներ է տրամադրել։ Այս լուրն իր թվիթերյան միկրոբլոգում տարածել էր լրագրող Վլադիմիր Սոլովյովը։ 2021-ին էլ panorama.pub-ը գրել էր, որ ըստ Սանկտ Պետերբուրգի ղեկավարի որոշման՝ քաղաքում ոչ աշխատանքային օրերին մետրոյում երթևեկության արժեքը կավելացվի 10 անգամ, իսկ վերգետնյա տրանսպորտում՝ 5 անգամ։ Լուրը պաշտոնապես հերքվել էր, իսկ հեղինակ Վիտալի Մաննը «РИА Новости» գործակալությանը հայտնել էր, որ այդ լուրը կատակ է և քաղաքում խուճապ առաջացնելու միտք չուներ։ Այսպիսով, panorama.pub-ում հրապարակվող բովանդակությունը հումորային է, անգամ դեպքեր են լինում, երբ հարթակի ընթերցողներն են հեղինակներին լուրեր առաջարկում, որոնք հրապարակվում են կայքում։ Ստացվում է, որ Եվրոպա մեկնելու համար Իտալիայի դեսպանատան աշխատակիցներ ձևացած հայերի մասին պատմությունը ևս մտացածին է։ Գլխավոր լուսանկարում՝ Ուկրաինայի միջազգային օդանավակայանը Աննա Սահակյան
17:24 - 13 փետրվարի, 2022
ՀՀ օրենսդրությունը չի նախատեսում կալանավորված անձանց ՏԻՄ ընտրության իրավունքի ապահովումը․ ըստ սահմանադրագետի՝ իրավական ճիշտ մեխանիզմներ գտնելու կարիք կա

ՀՀ օրենսդրությունը չի նախատեսում կալանավորված անձանց ՏԻՄ ընտրության իրավունքի ապահովումը․ ըստ սահմանադրագետի՝ իրավական ճիշտ մեխանիզմներ գտնելու կարիք կա

Հայաստանի Հանրապետության գործող օրենսդրությունը չի նախատեսում տեղական ինքնակառավարման մարմինների ընտրություններին ՀՀ այն քաղաքացիների ընտրելու եւ ընտրվելու սահմանադրական իրավունքի ապահովումը, որոնց նկատմամբ որեւէ քրեական գործի շրջանակում կալանավորումն է ընտրված որպես  խափանման միջոց։ Ազգային ժողով-կառավարություն հերթական հարցուպատասխանի ժամանակ  այս հարցը բարձրացրեց նաեւ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Արմինե Կյուրեղյանը։ Վերջինս հիշեցրեց, որ 2021 թվականի դեկտեմբերի 5-ին ՀՀ-ում տեղի ունեցած ՏԻՄ ընտրություններին Վանաձորի նախկին քաղաքապետ Մամիկոն Ասլանյանի անունը կրող դաշինքը, հաղթահարելով անցողիկ շեմը, ստացավ առավելագույն քանակով՝ 12․814 ձայն, որը հավասարազոր է ավագանու 15 մանդատի։ Ասլանյանը, սակայն, ավագանու առաջին նիստին մասնակցել չկարողացավ (ավելի ուշ պարզ դարձավ, որ նիստը հետաձգվել է), քանի որ անազատության մեջ էր։  Արմինե Կյուրեղյանը հարց ուղղեց Արդարադատության նախարար Կարեն Անդրեասյանին՝ հետաքրքրվելով՝ մասնակցելո՞ւ է արդյոք Ասլանյանը ավագանու առաջիկա նիստին, ո՞վ եւ ի՞նչ մեխանիզմներով է ապահովելու նրա մասնակցությունը։ Նշենք, որ առայժմ հայտնի չէ, թե երբ կգումարվի Վանաձորի ավագանու առաջին նիստը։ Անցողիկ շեմը չհաղթահարած «Լուսավոր Հայաստան» կուսակցությունը հայցադիմում է ներկայացրել Վարչական դատարան՝ վիճարկելով ընտրությունների արդյունքները։ Դատարանը պարտավորեցրել է ավագանուն համայնքապետի ընտրության հարցով նիստ չգումարել, քանի դեռ ներկայացված հայցադիմումի վերաբերյալ վերջնական որոշում չի կայացվել։  Ի պատասխան պատգամավորի հարցին՝ Կարեն Անդրեասյանը նշեց, որ ներպետական օրենսդրությունը որեւէ կերպ չի նախատեսել անձի՝ ընտրելու եւ ընտրվելու սահմանադրական իրավունքի իրացումը այն դեպքերում, երբ նա կալանավորված է, ուստի իրենք նման լիազորություն չունեն․ «Կան թույլտվության կոնկրետ մեխանիզմներ, թե երբ մարդը, որը գտնվում է կալանքի տակ, իրավունք ունի լքել ՔԿՀ-ն․․․ Ցավոք սրտի, ՔԿՀ ղեկավարը կամ ծառայության ղեկավարը կամ արդարադատության նախարարը իրավասու չեն մեկնաբանել եւ կոնկրետ մի քայլ անել, որը դուրս է իրենց լիազորություններից»,- ասաց նա։ Infocom-ն ուսումնասիրել է, թե ՀՀ օրենսդրությունը կալանավորված անձանց համար ՔԿՀ-ն լքելու ինչ դեպքեր է սահմանում, եւ առհասարակ, ինչպես է հնարավոր ապահովել կալանավորված անձանց՝ տեղական ինքնակառավարման մարմիններում ընտրելու եւ ընտրվելու իրավունքի իրացումը։ Սահմանադրության 48-րդ հոդվածի 3-րդ մասի համաձայն՝ ՏԻՄ ընտրությունների ժամանակ ընտրելու եւ ընտրվելու, տեղական հանրաքվեին մասնակցելու իրավունք ունեն ընտրության կամ հանրաքվեի օրը 18 տարին լրացած ՀՀ քաղաքացիները: Օրենքով կարող է սահմանվել ՀՀ քաղաքացիություն չունեցող, ինչպես նաեւ դատարանի՝ օրինական ուժի մեջ մտած վճռով անգործունակ ճանաչված, դիտավորությամբ կատարված ծանր հանցանքների համար օրինական ուժի մեջ մտած դատավճռով դատապարտված եւ պատիժը կրող անձանց այդ իրավունքը։ «Ձերբակալված եւ կալանավորված անձանց պահելու մասին» ՀՀ օրենքի 17-րդ հոդվածի համաձայն՝ կալանավորված անձանց, բացառությամբ առանձնապես ծանր հանցանքի կատարման մեջ մեղադրվողների, մերձավոր ազգականի մահվան կամ կյանքին սպառնացող ծանր հիվանդության, կալանավորված անձին կամ նրա ընտանիքին զգալի նյութական վնաս պատճառած տարերային աղետի դեպքում քրեական վարույթն իրականացնող մարմնի որոշմամբ կարող են տրամադրվել  մինչև 7 օր տեւողությամբ կարճաժամկետ մեկնումներ:  «ՀՀ ԱՆ քրեակատարողական ծառայության՝ կալանավորվածներին պահելու եւ ուղղիչ հիմնարկների ներքին կանոնակարգը հաստատելու մասին» կառավարության N 1543-Ն որոշման 193-րդ կետի համաձայն էլ՝ կարճաժամկետ մեկնման թույլտվություն ստացած կալանավորված անձին կամ դատապարտյալին տրվում է սահմանված նմուշի վկայական, նրան բացատրվում է մեկնման կարգը եւ նախազգուշացվում սահմանված ժամկետում կալանավորվածներին պահելու վայր կամ ուղղիչ հիմնարկ վերադառնալուց խուսափելու համար նախատեսված քրեական պատասխանատվության մասին:  Մեջբերված նորմերից պարզ է դառնում, որ Կարեն Անդրեասյանի պնդումը, թե օրենսդրությունը ընտրելու եւ ընտրվելու նպատակով կալանավորված անձանց ՔԿՀ-ից դուրս թողնելու մեխանիզմ չի նախատեսում, ճիշտ է։ Այս պարագայում, սակայն, հարց է ծագում՝ գործնականում ինչպե՞ս է պետք վարվել, երբ ի հայտ է գալիս կալանավորված անձի կողմից Սահմանադրությամբ երաշխավորված իր այդ իրավունքը իրացնելու խնդիր։ Սահմանադրագետ, իրավաբանական գիտությունների թեկնածու Ալեքսանդր Հարությունյանը մեր զրույցում կարծիք հայտնեց, որ իրավական ճիշտ մեխանիզմ գտնելը մասնագիտական խոր եւ համապարփակ վերլուծություն է պահանջում, բայց առաջին հայացքից ակնհայտ է, որ խնդրին լուծում տալու համար նախ պետք է հասկանալ, թե ինչ գործառույթ է ենթադրում տեղական ինքնակառավարման մարմնում կամ խորհրդարանում ընտրվելու լիազորությունը․ «Դա ներկայացուցչական ժողովրդավարություն է, որը իրականացնելու համար ընտրված անձը պետք է կարողանա հասարակության հետ անընդհատ շփում ունենալ, իսկ կալանավորված անձը չի կարողանա ամբողջ ծավալով իրականացնել իր գործառույթները, որովհետեւ մեկուսացած է»։ Դիտարկմանը, որ կարող է լինել նաեւ իրավիճակ, երբ անձը այդ շարունակական շփման արդյունքում ընտրվի եւ դրանից հետո միայն կալանավորվի, Հարությունյանը արձագանքեց․ «Բայց իր գործառույթները սկսում են ի հայտ գալ, երբ ինքը սկսում է իրականացնել իր գործունեությունը ընտրվելուց հետո, սկզբնական շրջանում նա խնդիրներին ծանոթ է լինելու, բայց հետո տեսականորեն նորանոր խնդիրներ են ի հայտ գալու, եւ հաճախ իրավիճակ է լինելու, երբ ինքը չի կարողանալու հասկանալ, թե ինչի մասին է խոսքը, որովհետեւ այդ խնդիրը առաջացել է այն բանից հետո, երբ ինքը կալանավորվել է, այսինքն՝ այսպես թե այնպես ներկայացուցչական ժողովրդավարություն իրականացնող անձի եւ ժողովրդի միջեւ կապը կորելու է, իրենք հեռանալու են իրարից, եւ ֆունկցիոնալ առումով անիմաստ է դառնալու այդ անձի ավագանու անդամ կամ պատգամավոր լինելը»։ Հարությունյանը համաձայն է, որ առանց օրենսդրական կարգավորման անձին կալանավայրից դուրս հանել հնարավոր չէ, ուստի եթե հակասություն կա Սահմանադրության եւ օրենքի միջեւ, կամ պետք է հարցը քննարկել Սահմանադրական դատարանում՝ վիճարկելով տվյալ օրենքի սահմանադրականությունը, կամ օրենսդրական փոփոխություն իրականացնել։ Նրա պատկերացմամբ՝ օրենսդրական փոփոխությամբ կարելի է կալանավորված անձին կարճաժամկետ մեկնման հնարավորություն տալ, քանի դեռ նա օգտվում է անմեղության կանխավարկածից, եւ չկա դատարանի օրինական ուժի մեջ մտած մեղադրական դատավճիռ։ Մեկ այլ լուծում, որին ավելի կողմնակից է ինքը, կարող է լինել այն, որ քանի դեռ անձը զրկված է իր լիազորությունները իրականացնելուց, տվյալ կուսակցության ցուցակով հաջորդ թեկնածուն ժամանակավորապես ստանձնի իր լիազորությունները, բայց խիստ անհրաժեշտ է, որ այդ կարգավորումները այլ օրենքների հետ համակցությամբ, այլ ոչ թե առանձին-առանձին դիտարկվեն։ Ընդհանուր առմամբ,  ըստ Հարությունյանի, առաջնահերթ պետք է լինի այն հանգամանքը, որ հասարակությունը ընտրում է ոչ թե անձին, այլ քաղաքական թիմին, որը ունի մի շարք ներկայացուցիչներ, որոնք միմյանց կարող են փոխարինել․ «Չէ՞ որ ժողովրդի քվեն ստանում է ոչ թե ֆիզիկական անձը, այլ քաղաքական ուժը։ Իհարկե, մենք, չունենալով ձեւավորված իրավաքաղաքական սովորույթ եւ մշակույթ, որպես կանոն, ընտրում ենք անձին, ինչպես, օրինակ, խորհրդարանական վերջին ընտրություններին պայքար էր ոչ թե կուսակցությունների, այլ քաղաքական լիդերների միջեւ»։ Նշենք, որ այս խնդրին անդրադարձել էր նաեւ ՀՀ մարդու իրավունքների պաշտպան Արման Թաթոյանը՝ գրելով, որ չի կարելի հարցի լուծումը կախվածության մեջ դնել քրեական գործ քննող մարմինների կամքից, քանի որ այն կապ չունի գործի առարկայի հետ, եւ խոսքը Սահմանադրությամբ երաշխավորված ընտրական իրավունքի մասին է, որից զրկելու հիմքեր կոնկրետ իրավիճակում առհասարակ չկան։ Ալեքսանդր Հարությնունյանի կարծիքով՝ ՄԻՊ-ը այդ մասին նշել է՝ հաշվի առնելով, որ մեր պետությունը եւ հասարակությունը չունեն ձեւավորված իրավաքաղաքական սովորույթ, այսինքն՝ կա ռիսկ, որ եթե այդ հնարավորությունը տանք Դատախազությանը կամ քննչական մարմիններին, իրենք դա կօգտագործեն ի շահ իրենց, ոչ թե կառաջնորդվեն իրավունքի գերակայությամբ, իսկ օրենքի գերակայությունն ու իրավունքի գերակայությունը ոչ միշտ են նույնական։ Ի պատասխան հարցին՝ էական չէ՞ արդյոք, որ խոսքը անձի՝ հենց Սահմանադրությամբ երաշխավորված իրավունքի ապահովման մասին է, մեր զրուցակիցն ասաց․ «Բնականաբար, Սահմանադրությունը մայր օրենքն է, օժտված է բարձրագույն իրավաբանական ուժով, եւ նախապատվությունը միշտ պետք է տալ Սահմանադրությանը, բայց Սահմանադրությանը չպետք է վերաբերվենք որպես թղթի վրա գրված հասարակ տեքստի, այն սոցիալական պայմանագիր է, որը ընկած է պետության հիմքում»,- նշեց նա՝ հավելելով, որ ժողովրդավարական ներկայացուցչությունը ժողովրդի կողմից պետության կառավարմանը մասնակցելու ձեւերից է, եւ եթե որեւէ մարմնի անդամ է ընտրվում մի անձ, որը պետք է զբաղվի ժողովրդավարական ներկայացուցչությամբ, նշանակում է, որ նա պետք է պաշտպանի ժողովրդի շահերը, հանդես գա նրա անունից, բայց ժողովրդի հետ շփում չունեցող անձը չի կարող ժողովրդի անունից հանդես գալ։  Հարցին՝ որքանո՞վ պետք է հաշվի առնել այն հանգամանքը, որ քրեական գործի քննության ընթացքում ցանկացած պահի անձի խափանման միջոցը կարող է փոխվել, եւ ազատության մեջ հայտնվելով՝ նա կկարողանա մշտական կապի մեջ լինել ժողովրդի հետ, Հարությունյանը պատասխանեց․ «Պատկերացրեք՝ անձը երկու տարի կալանավորված է, հետո դուրս է գալիս, որովհետեւ նրա խափանման միջոցը փոխվում է, կամ դատարանի օրինական ուժի մեջ մտած դատավճռով ճանաչվում է անմեղ, բայց նա այդ երկու տարին արդեն բաց է թողել, հասարակությունից մեկուսացված է եղել, եւ եթե ամեն ինչ դնենք մի կողմ, նա պետք է հասարակության խնդիրներին զրոյից ծանոթանա, որ կարողանա իր ֆունկցիան իրականացնել, ուստի ես խնդիր չեմ տեսնում նրանում, որ այդ նպատակով կալանավայրը կարճաժամկետ լքելու բացառություն նախատեսված չէ, ուրիշ հարց է, որ մեր օրենքները մեծամասամբ իրար հետ «չեն խոսում», ամեն մեկը առանձին գրվում է, եւ շատ հաճախ հակասությունների է հանգեցնում»։ Իր հայտարարությամբ Արման Թաթոյանը որպես մեխանիզմ առաջարկել էր ընտրական իրավունքը տեսակապի միջոցով ապահովելու հնարավորությունը, ինչը, ըստ Հարությունյանի, հնարավոր, բայց լոկալ լուծում է․ «Մեր դատարանները շատ ծանրաբեռնված են, եւ դա կարող է երկար տեւել, եւ անձը դարձյալ կորցնի կապը հասարակության հետ, դրանից բացի, եթե կալանավորին թույլ տան ունենալ հեռուստացույց, համակարգիչ, որպեսզի ինքը տեղեկանա, խափանման միջոցի իմաստը, ըստ էության, չի կորչի, բայց դա լրացուցիչ ծանրաբեռնվածություն կլինի թե՛ քաղաքական ուժերի, թե՛ ազատազրկման վայրերի, թե՛ պետության համար»: Հարությունյանի համոզմամբ՝ քրեական իրավունքը գոյություն ունի, որպեսզի հասարակությանը եւս պաշտպանի, եւ եթե որեւէ անձ օրինական հիմքերով կալանավորված է, անկախ նրանից՝ արարքը ինքն է կատարել թե չէ, առկա է այդ արարքը, որով ոտնձգություն է կատարվել հասարակական հարաբերության նկատմամբ, ինչը եւս պետք է պաշտպանել․ «Այսինքն՝ այնպես չէ, որ եթե անձը ընտրվել է, ժողովրդավարական ներկայացուցչությունը ամեն ձեւ պետք է պաշտպանել՝ անտեսելով հասարակական ցանկացած այլ հարաբերություն»,- եզրափակեց Ալեքսանդր Հարությունյանը։   Միլենա Խաչիկյան
21:19 - 12 փետրվարի, 2022
Ավստրալական ասոցիացիաների բաց նամակը «Pfizer»-ի մասին մանիպուլյատիվ տվյալներ է ներկայացնում

Ավստրալական ասոցիացիաների բաց նամակը «Pfizer»-ի մասին մանիպուլյատիվ տվյալներ է ներկայացնում

«Հակահամաճարակային Ալյանս» ֆեյսբուքյան էջը փետրվարի 3-ին հրապարակում է արել այն մասին, որ Ավստրալիայի առողջապահական ոլորտի ասոցիացիաները բաց նամակով երկրի ղեկավարությանը կոչ են արել դադարեցնելու երեխաների պատվաստումները։ «Հղում կատարելով Պֆայզերի պատվաստանյութի անվտանգության խնդիրների վերաբերյալ նոր հաղորդումներին՝ մասնագետները զգուշացրել են, որ դրանք կարող են լուրջ վնաս հասցնել երեխաներին։ Նամակի հեղինակների խոսքով՝ կորոնավիրուսային հիվանդության դեմ Պֆայզեր պատվաստանյութի անվտանգության տվյալները ցույց են տալիս, որ կիրառման ընդամենը առաջին 10 շաբաթվա ընթացքում մահացել է ավելի քան 1200 մարդ»,- ասված է հրապարակման մեջ։  Գրառումը հրապարակել է medmedia.am կայքը։ Ավստրալական ասոցիացիաների նամակում, սակայն, կան մի շարք սխալ և մանիպուլյատիվ պնդումներ, որոնց կանդրադառնանք առանձին-առանձին։   Ինչ է ասվում բաց նամակում Ըստ ավստրալական ասոցիացիաների բաց նամակի` «Pfizer»-ի մասին հրապարակված նոր տեղեկություններից պարզ է դառնում, որ «Pfizer»-ը նախօրոք իմացել է իր պատվաստանյութի հետ կապվող մի շարք անբարենպաստ դեպքերի (adverse events) մասին և այդ տվյալները թաքցրել Ավստրալիայի կառավարությունից։ Նամակի հեղինակների խոսքով՝ ի-ՌՆԹ պատվաստանյութերի դեպքում մահվան մասին հաղորդումներն ավելի շատ են, քան մյուս պատվաստանյութերի դեպքում։ Իսկ «Pfizer»-ը, հիշեցնենք, հենց այս տեխնոլոգիայով արտադրված պատվաստանյութ է (ի-ՌՆԹ պատվաստանյութերի մասին կարող եք կարդալ այստեղ)։   Ի՞նչ փաստաթուղթ է հրապարակվել 2021-ի ամռանը ԱՄն Սննդի և դեղերի վարչությունը հաստատեց «BioNTech» ընկերության «Pfizer» պատվաստանյութը։ Մինչև այդ պաստվաստանյութն արտակարգ իրավիճակներում օգտագործման թույլտվություն ուներ։ Արտակարգ իրավիճակներում օգտագործման թույտվություն Սննդի և դեղերի վարչությունը տալիս է առողջապահական արտակարգ իրավիճակներում։ Իսկ երբ պատվաստանյութ արտադրող որևէ ընկերություն Կենսաբանական լիցենզիայի դիմում (Biologics License Application) է ներկայացնում, Սննդի և դեղերի վաչությանը տրամադրում է նաև անհրաժեշտ տեղեկություններ, որոնց հիման վրա՝ վարչությունը հաստատում է պատվաստանյութը։ Դիմումի հետ ներկայացվում են պաստվաստանյութի մասին նախակլինիկական և կլինիկական տվյալներ, արտադրական գործընթացի մանրամասներ, պատվաստանյութի փորձարկման արդյունքներ և այլն։ «Pfizer» պատվաստանյութն արտադրող «BioNTech» ընկերությունը ևս Կենսաբանական լիցենզիայի դիմումի հետ ներկայացրել է պահանջված տեղեկությունները։ «Մեր գիտական և բժշկական փորձագետներն իրականացրել են այս պատվաստանյութի մանրակրկիտ և մտածված գնահատում։ Մենք գնահատել ենք հարյուրավոր էջերով գիտական տվյալներ և տեղեկություններ, անվտանգության և արդյունավետության սեփական վերլուծություններն ենք արել, իրականացրել ենք արտադրական գործընթացների մանրամասն գնահատում՝ ներառյալ արտադրական ենթակառուցվածքների ստուգումները»,- անդրադառնալով պաստվաստանյութի հաստատմանը՝ նշել է ԱՄՆ Սննդի և դեղերի վարչության՝ Կենսաբանության գնահատման և հետազոտությունների կենտրոնի տնօրենը։ 2021-ի օգոստոսին «Հանրային առողջապահական և բժշկական մասնագետները՝ հանուն թափանցիկության» կազմակերպությունը (Public Health and Medical Professionals for Transparency) հարցում էր ուղարկել ԱՄՆ Սննդի և դեղերի վարչությանը՝ «Pfizer»-ի անվտանգության վերաբերյալ տվյալները ստանալու նպատակով։ Կազմակերպության անդամներն են բժիշկներ, գիտնականներ, հանրային առողջության մասնագետներ և լրագրողներ։  Սննդի և դեղերի վարչությունը նշել էր, որ զգալի ժամանակ կպահանջվի ամբողջ տվյալները ներկայացնելու համար, սակայն համաձայնել էր տրամադրել փաստաթղթերից մի հատված, որը հրապարակվել է հարցում ուղարկած կազմակերպության կայքում։  Ավստրալական ասոցիացիաների ներկաայցուցիչները, բաց նամակում խոսելով «Pfizer»-ի հետ կապվող անբարենպաստ դեպքերի և մահվան դեպքերի մասին, հղում են անում հենց այդ փաստաթղթի տվյալներին։ Տվյալները «BioNtech»-ը ներկայացրել է Սննդի և դեղերի վարչությանը Կենսաբանական լիցենզիայի դիմումի հետ․ այդ մասին և՛ փաստաթղում է նշված, և՛ ԱՄՆ Սննդի և դեղերի վարչությունն է հաստատել դա՝ «Reuters» գործակալության հարցմանն ի պատասխան։ «Հանրային առողջապահական և բժշկական մասնագետները՝ հանուն թափանցիկության» կազմակերպության պահանջած ողջ տվյալները տրամադրելու նպատակով Սննի և դեղերի վարչությունը երկար ժամանակ էր խնդրել։ Սակայն 2022-ի հունվարին Թեքսաս նահանգի դաշնային դատարանը Սննդի և դեղերի վարչությանը պարտավորեցրեց մնացած տվյալները հրապարակել ավելի արագացված ժամանակացույցով։   Ի՞նչ տեղեկություններ է պարունակում «BioNtech»-ի փաստաթուղթը «Հանրային առողջապահական և բժշկական մասնագետները՝ հանուն թափանցիկության» կազմակերպության կայքում 2021-ի դեկտեմբերին հրապարակված փաստաթուղթն, ինչպես նշեցինք, ներկայացվել է Կենսաբանական լիցենզիայի դիմումի հետ։ Փաստաթղթում նշվում է, որ Սննդի և դեղերի վարչությունը խնդրել է «BioNtech»-ին դիմումի հետ պատվաստանյութի ռիսկերի, անբարենպաստ դեպքերի մասին և այլ տվյալներ ներկայացնել։  Տվյալները ներառում են 2020 թ․ դեկտեմբերի 1-ից 2021 թ․ փետրվարի 28-ն ընկած ժամանակահատվածում անբարենպաստ դեպքերի մասին հաղորդումները։ Նախ հասկանանք, թե ինչ են անբարենպաստ դեպքերը։ Անբարենպաստ դեպքը ցանկացած անցանկալի դեպք է, որը կապվում է բժշկական արտադրանքի օգտագործման հետ: Անբարենպաստ դեպքերը լուրջ են, եթե հանգեցրել են մահվան, մահվան ռիսկի, հոսպիտալացման և այլն։ «Pfizer»-ի փաստաթղթում ներկայացված անբարենպաստ դեպքերը ներառում են առողջապահության նախարարությունների հաղորդած, բժշակական գրականությունում հրապարակված, «Pfizer»-ի հովանավորած մարքեթինգային ծրագրերից ստացված, անկախ հետազոտություններում հրապարակված, կլինիկական փորձարկումներից տացված տվյալները՝ անկախ նրանից՝ պաստվաստանյութի հետ պատճառահետևանքային կապը գնահատվե՞լ է, թե՞ ոչ։ Փաստաթղթում նշվում է՝ երբ անբարենպաստ դեպքերի հաշվետվություն է ներկայացվում, պարտադիր չէ, որ բոլոր դեպքերն առաջացած լինեն դեղամիջոցի  (այս դեպքում՝ պատվաստանյութի) պատճառով։ Անբարենպաստ դեպքերը կարող են պայմանավորված լինել նախկինում ունեցած այլ հիվանդությամբ կամ ուրիշ գործոններով։ Հաշվետվության մեջ նշվում է, որ դեկտեմբերից փետրվար ԱՄՆ-ից, Մեծ Բրիտանիայից, Իտալիայից, Գերմանիայից, Ֆրանսիայից, Պորտուգալիայից, Իսպանիայից և 56 այլ երկրից ստացվել է 42 086 հաղորդում (158 893 անբարենպաստ դեպք), և գրանցվել է մահվան 1223 դեպք։ Սակայն այդ տվյալները չեն նշանակում, որ հաղորդված բոլոր դեպքերն ու գրանցված մահերը եղել են պատվաստման հետևանքով։ «Agence France-Presse» գործակալության փաստերի ստուգման թիմը դեկտեմբերին՝ փաստաթղթի հրապարակումից հետո, դիմել էր ԱՄՆ Սննդի և դեղերի վարչությանը, որտեղից գործակալությանը հայտնել են, որ առողջապահական ծառայություն մատուցողներից պահանջվում է հաղորդել պատվաստումից հետո արձանագրված մահվան ցանկացած դեպքի մասին՝ անգամ երբ պարզ չէ, թե արդյո՞ք պատվաստանյութն է եղել մահվան պատճառը։ «Սննդի և դեղերի վարչության ու Հիվանդությունների վերահսկման կենտրոնի վերստուգումները ցույց են տվել, որ մահերի ճնշող մեծամասնությունը ուղղակիրոն չի կապվում պատվաստանյութերի հետ»,- խոսելով ԱՄՆ-ում աբարենպաստ դեպքերի վերաբերյալ հաղորդումների մասին՝ գործակալությանը հայտնել է վարչության խոսնակը։ Ինչ վերաբերում է նրան, որ «Pfizer»-ն այս տեղեկությունները թաքցրել է, ապա, ինչպես նշված է վերևում, անբարենպաստ դեպքերի մասին տվյալները վերցվել են ինչպես կլինիկական փորձարկումների արդյունքներից, այնպես էլ տարբեր երկրների առողջապահության նախարարությունների հաղորդած, անկախ հետազոտություններում ներկայացված տվյալներից։ Միացյալ Նահանգներում, օրինակ, պաստվաստանյութերից հետո արձանագրված անբարենպաստ դեպքերի մասին հաղորդվում է vaers.hhs.gov կայքի միջոցով, Մեծ Բրիտանիայում՝ yellowcard.mhra.gov.uk, Եվրոպայի տարածքում՝ EudraVigilance համակարգի միջոցով։ Ինչ վերաբերում է «Pfizer»-ի կողմնակի հետևանքներին, Ավստրալիայի կառավարությունը նշում է, որ պատվաստվելուց հետո միոկարդիտի և պերիկարդիտի (ի-ՌՆԹ տեխնոլոգիայով արտադրված «Pfizer» և «Moderna» պատվաստանյութերի կողմնակի հետևանքներ) դեպքերի մոնիթորինգ է իրականացնում։  Միոկարդիտը սրտի մկանների բորբոքումն է, իսկ պերիկարդիտը՝ սրտի արտաքին թաղանթի բորբոքումը: Երկու դեպքում էլ մարմնի իմունային համակարգը բորբոքում է առաջացնում՝ ի պատասխան վարակի կամ այլ գործոնների (առավել մանրամասն՝ այստեղ)։ Ավստրալիայի Թերապևտիկ ապրանքների գործակալությունը մինչև 2022-ի փետրվարի 6-ը միոկարդիտի առաջացման 446 հաղորդում է ստացել 34.2 մլն դեղաչափ «Pfizer» ստացածների շրջանում։ Իսկ «Pfizer» ստանալուց հետո անբարենպաստ դեպքերի մասին հաղորդումների ընդհանուր թիվը 58 629 է։ Ստացվում է, որ Ավստրալիայում «Pfizer»-ի ստացված դեղաչափերի 0,17%-ի դեպքում է հաղորդվել անբարենպաստ դեպքի մասին, իսկ միոկարդիտի դեպքեր գրանցվել են դեղաչափերի 0,0013%-ի դեպքում։  Եվրոպայի դեղերի գործակալությունը նշում է, որ ի-ՌՆԹ պատվաստանյութերից հետո միոկարդիտի և պերիկարդիտի առաջացման հավանականությունը խիստ հազվադեպ է, և պատվաստանյութերի օգուտները գերազանցում են հնարավոր ռիսկերը։  Ավստրալիայի կառավարությունը նաև տվյալներ է ներկայացրել երեխաների պատվաստումներից հետո ստացված հաղորդումների մասին։ Մինչև փետրվարի 6-ը Թերապևտիկ ապրանքների գործակալությունը «Pfizer»-ի և «Moderna»-ի 3.3 մլն դեղաչափ ստացած 12-17 տարեկանների շրջանում ստացել է 3400 հաղորդում։ Հաղորդումներում ամենատարածված դեպքերն են կրծքավանդակի ցավը, գլխացավը, գլխապտույտը, սրտխառնոցը և ջերմությունը: Այսինքն՝ այս տարիքային խմբում ի-ՌՆԹ պատվաստանյութերի դեղաչափերի 0,10%-ի դեպքում են եղել հաղորդումներ, որոնց հիմնական մասը պատվաստվելուց հետո առաջացող սովորական կողմնակի հետևանքներն են։ Մինչև փետրվարի 6-ը Ավստրալիայում 5-11 տարեկան երեխաները ստացել են մոտ 1 մլն դեղաչափ «Pfizer»: Գործակալությունը ստացել է 523 հաղորդում։ Հաղորդումներից 10-ի դեպքում կասկած է եղել, որ պատվաստվածների մոտ միոկարդիտ կամ պերիկարդիտ է։ Եվ նրանցից միայն 10-ամյա մի տղայի մոտ է արձանագրվել պերիկարդիտ։ Տարիքային այս խմբում, փաստորեն, «Pfizer»-ի դեղաչափերի 0,05%-ի դեպքում են հաղորդումներ եղել, և պերիկարդիտ է գրանցվել 0,0001%-ի մոտ։ Իսկ Ավստրալական ասոցիացիաների նամակի հեղինակների պնդումը, թե ի-ՌՆԹ տեխնոլոգիայով արտադրված պատվաստանյութերի դեպքում («Pfizer», «Moderna»)  մահվան մասին հաղորդումներն ավելի շատ են, քան մյուս պատվաստանյութերի դեպքում, սխալ է։ Ավստրալիայի Թերապևտիկ ապրանքների գործակալությունը մինչև 2022-ի հունվարի 30-ը մահվան մասին 762 հաղորդում է ստացել ու պարզել, որ դեպքերից 11-ում է մահը կապված է եղել պատվաստանյութի հետ, և խոսքը «AstraZeneca» պատվաստանյութի մասին է: Ի-ՌՆԹ պատվաստանյութերի հետևանքով մահվան դեպքերի մասին չի նշվում։ Ամփոփելով նշենք․ «Pfizer»-ի փաստաթղթում չի նշվում, որ ներակայացված անբարենպաստ դեպքերի մասին հաղորդումներն ու արձանագրված մահերը «Pfizer»-ով պատվաստվելու հետևանք են․ այնտեղ ներկայացված են բոլոր դեպքերը, երբ պատվաստվելուց հետո խնդիր կամ մահ է արձանագրվել՝ անկախ պատճառահետևաքային կապն ապացուցված լինելու փաստից։ «Pfizer»-ը չի թաքցրել անբարենպաստ դեպքերի մասին տվյալները, քանի որ այդ տվյալները ներկայացնելիս օգտվել է նաև բաց աղբյուրներից։ «Pfizer»-ն, ինչպես այլ պատվաստանյութեր, ունի կողմնակի հետևանքներ (միոկարդիտ, պերիկարդիտ), որոնք խիստ հազվադեպ են․ այդ մասին են վկայում նաև հենց Ավստրալիայի տվյալները։ Գլխավոր լուսանկարը՝ «The New York Times»-ից Աննա Սահակյան
17:17 - 11 փետրվարի, 2022
Միայն մեկ ճանապարհ՝ դեպի Խոզնավար ու վտանգի դեպքում միայն մի ելք՝ դիտարկվող

Միայն մեկ ճանապարհ՝ դեպի Խոզնավար ու վտանգի դեպքում միայն մի ելք՝ դիտարկվող

Արցախյան 44-օրյա պատերազմից հետո Սյունիքի մարզի Տեղ համայնքի Խոզնավար փոքրիկ գյուղը սահմանամերձ է դարձել․ գյուղն ադրբեջանցիների դիտակետում է երեք կողմերի բարձր բլուրներից։ Խոզնավար գնալու ու գյուղից դուրս գալու միայն մի ճանապարհ կա, որն էլ առանձնապես անվտանգ չէ, հակառակորդի համար տեսանելի ու դիտարկվող է․ լարվածության դեպքում ադրբեջանցիներն այդ ճանապարհն էլ կարող են փակել։ Սա գյուղում հիմնական մտահոգություններից մեկն է։ ՀՀ ԶՈՒ ծառայողները սահմանին հսկողություն են իրականացնում, գյուղացի տղամարդիկ էլ իրենց նախաձեռնությամբ գիշերները հերթապահություն են անում՝ հանկարծ հակառակորդը փորձ անի սադրել, անակնկալի չգան․ «Ժողովուրդը ցանկություն ա հայտնել, որ գյուղի մեջ գոնե հերթապահություն անեն, պոստերը (հայկական ԶՈՒ դիրքերի մասին է խոսքը,- հեղ․) կանգնած են, հա, բայց գյուղի միջին պիտի լինի հերթապահություն, որ մի բան լինի, գոնե մեկը մեկին ձեն տա»,- ասում է Խոզնավարի վարչական ղեկավար Վահան Զաքյանը՝ նշելով՝ երեկոյան 5-6-ից մինչեւ առավոտ տղամարդիկ հսկում են գյուղը․ վտանգն օդում կախված է։ Վահան Զաքյանը Խոզնավարը Սյունիքի՝ սահմանամերձ դարձած այն բնակավայրերից է, որ պատերազմից հետո արոտավայրեր է կորցրել, ու գյուղացիները ստիպված կրճատել են անասնագլխաքանակը։ Հիմա գյուղացիները 434 խոշոր եղջերավոր անասուն են պահում, 1626 ոչխար, բայց նախկինում շատ են եղել, ինչպես ասում է Վահան Զաքյանը։ Հիմա, երբ արոտները կորցրել են, հովիվներն անասուններին ստիպված սահմանին մոտիկ են արածեցնելու տանում։  Գյուղապետն ասում է՝ չեզոք գոտու տարածքում մնացած ահռելի տարածքով արտերն էլ չեն կարող հնձել, հակառակորդը չի թողնում․ «Վերեւ՝ Սեւ լճի տակը 100 հեկտարի չափով տեղ ա մնացել թուրքի տրամադրության տակ, ժողովուրդը խոտն ըտեղից ա բերել»։  Խոզնավարը մոտ է Սեւ լճին, որի տեղանքում անցյալ տարվա մայիսին ադրբեջանցի զինծառայողները հատել էին ՀՀ պետական սահմանն ու ներխուժել մեր երկրի ինքնիշխան տարածք՝ խորանալով մինչեւ 3,5 կմ․ լարվածություն էր առաջացել նաեւ Սոթք-Խոզնավար հատվածում։  Խոզնավարի բնակիչ Քրիստինե Կարապետյանի ընտանիքը մինչեւ վերջին զարգացումները անասնապահությամբ է զբաղվել, բայց իրենց տունն էլ անմասն չի մնացել պատերազմի դառը հետեւանքներից․ 80 խոշոր եղջերավոր անասուն են ունեցել, հիմա բոլորը վաճառել են, հարց է տալիս՝ որտե՞ղ պահեն։ Նախկինում նա աշխատել է գյուղապետարանում, հիմա ոչ ինքն աշխատանք ունի, ոչ ամուսինը։ Երկու որդի ունեն՝ 6-ամյա Ալենն ու 3-ամյա Արմանը։ Քրիստինեն ամեն ինչից զատ առաջին հերթին երեխաների անվտանգության մասին է մտածում։ Երբ անգամ մտքի ծայրով անցնում է՝ հանկարծ լարվածություն կլինի, ադրբեջանցիները գյուղից դուրս եկող միակ ճանապարհը կփակեն, արյունը երակներում սառչում է։ Ասում է՝ ձեռքները ճար լիներ՝ կգնային գյուղից․ վախը սրտներում են քնում։ Ալենը Ալենը լավ է սովորում դպրոցում եւ ներկել-նկարել է սիրում։ Փոքր եղբայրը բերում, սեղանին է դնում խաղալիք տանկը եւ ցույց տալիս, թե ոնց է աշխատում այդ տեխնիկան, որ նույնքան ողբերգական է, անգամ երբ խաղալիք է։ Արմանը Խոզնավարի դպրոցը բարեկարգ է, ջեռուցվում է, տեղացիները գոհ են։ Միայն աշխարհագրության ուսուցիչ չունեն եւ 8 ու 11-րդ դասարաններ։ Մանկապարտեզ չկա, բայց հիմա գյուղապետարանի կողքին պատրաստվում են հիմնել։  Պատերազմից հետո Խոզնավարի դպրոցից 12 աշակերտ է դուրս եկել, գյուղից 2-3 ընտանիք հեռացել է։ Բայց մնացողներն, ապրողներն ավելի շատ են՝ մտքով, որ մի բուռ այս պետության մի կտորը պահողները հենց իրենք են։ Հայարփի Բաղդասարյան
22:35 - 10 փետրվարի, 2022
Դատախազը պարտավոր է բողոքարկել իր կողմից ապօրինի համարվող դատական ակտը․ Գագիկ Ջհանգիրյանի պնդումը սխալ է

Դատախազը պարտավոր է բողոքարկել իր կողմից ապօրինի համարվող դատական ակտը․ Գագիկ Ջհանգիրյանի պնդումը սխալ է

Հանրային հեռուստաընկերության եթերում հաղորդավար Պետրոս Ղազարյանի եւ Բարձրագույն դատական խորհրդի նախագահի ժամանակավոր պաշտոնակատար Գագիկ Ջհանգիրյանի հարցազրույցի ժամանակ, ի թիվս այլնի, երեկ անդրադարձ է կատարվել նաեւ Սյունիքի մարզի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Բորիս Բախշիյանի վերաբերյալ քրեական գործին։ Մասնավորապես, Պետրոս Ղազարյանը մի քանի հարց է հնչեցրել, որոնք այս օրերին բարձրացնում է Բորիս Բախշիյանի պաշտպանական թիմը։ Դրանցից մեկը այն է, թե ինչու ՀՀ գլխավոր դատախազությունը չի բողոքարկել այն դատական ակտը, որի կայացման համար այժմ քրեական հետապնդում է իրականացվում դատավորի նկատմամբ։ Հիշեցնենք՝ հունվարի 31-ին ՀՀ գլխավոր դատախազ Արթուր Դավթյանը երկու միջնորդություն էր ներկայացրել ԲԴԽ-ին՝ դատավոր Բորիս Բախշիյանի նկատմամբ քրեական հետապնդում հարուցելու եւ նրան ազատությունից զրկելու համաձայնություն ստանալու համար։ Դատավորը անձեռնմխելիությամբ օժտված պաշտոնատար անձ է, եւ Սահմանադրության համաձայն՝ նրա նկատմամբ քրեական հետապնդում չէր կարող իրականացվել առանց ԲԴԽ համաձայնության։ Նույն օրը ԲԴԽ-ն միաձայն որոշել էր բավարարել երկու միջնորդությունները, ինչից հետո Բախշիյանին մեղադրանք էր առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 348-րդ հոդվածի 3-րդ մասով՝ անձին ակնհայտ ապօրինի կալանավորելու համար, ինչը անզգուշությամբ առաջացրել է ծանր հետեւանքներ։  Խոսքը Քաջարանի ղեկավար Մանվել Փարամազյանի գործով ամբաստանյալներից մեկին՝ Նվեր Մկրտչյանին կալանավորելու մասին է։ Նրա նկատմամբ որպես խափանման միջոց է ընտրված եղել երկրից չհեռանալու մասին ստորագրությունը, սակայն 2021 թ․ դեկտեմբերի 3-ի դատական նիստից առաջ Նվեր Մկրտչյանի պաշտպանը դատարան գրություն է ուղարկել՝ տեղեկացնելով, որ Երևանում մեկ այլ գործով անհետաձգելի քննչական գործողության է մասնակցելու, ինչի պատճառով դատարան ներկայանալ չի կարող: Նա միաժամանակ հայտնել է, որ իր պաշտպանյալ Նվեր Մկրտչյանին տեղյակ է պահել իր չներկայանալու մասին, եւ վերջինս ցանկություն չի հայտնել առանց իրեն մասնակցել նիստին: Դատարանը, անհարգելի գնահատելով Մկրտչյանի չներկայանալը, վերացրել է նրա նկատմամբ ընտրված խափանման միջոց ստորագրությունը եւ կալանավորելու որոշում կայացրել։ Պետրոս Ղազարյանը հենց այդ որոշումը նկատի ունի, քանի որ այն, Դատախազության կողմից չբողոքարկվելով, մտել է օրինական ուժի մեջ, եւ փաստորեն, որոշման կայացումից գրեթե երկու ամիս անց նույն այդ որոշման համար դատավորի նկատմամբ քրեական հետապնդում է հարուցվել։ Դիմելով Գագիկ Ջհանգիրյանին՝ Ղազարյանը նշել է․  «Ձեր ընդդիմախոսները ասում են՝ եթե հարցը կալանքն էր, որ մարդը չի եկել դատարան, եւ դատավորը որոշել է նրան կալանավորել, ապա ինչո՞ւ նույնիսկ Դատախազությունը դա չի բողոքարկել»։ Ի պատասխան հարցին՝ Ջհանգիրյանը ասել է․ «Սա երեւի թե հնարավոր է ասել, որովհետեւ Դատախազության հաղորդագրության մեջ այդ մասին բարձրաձայնվել էր, այդ անձի կալանքի որոշումը տվյալ անձը ինքը արդեն բողոքարկած է եղել Վերաքննիչ դատարան, հետեւաբար Դատախազությունը պարտադրված չէր բողոքարկելու, այլ Դատախազությունը կգար եւ պարտավոր էր գալ Վերաքննիչ դատարան եւ իր դիրքորոշումը հայտնել բողոքի վերաբերյալ, կալանքի հիմնավորվածության կամ ոչ հիմնավորվածության վերաբերյալ»։ Իրականում, սակայն, «Դատախազության մասին» ՀՀ օրենքը իմպերատիվ պահանջ է ներկայացնում դատախազին՝ բողոքարկելու այն դատական ակտը, որը ինքը ապօրինի է համարում։ Մասնավորապես, օրենքի 27-րդ հոդվածի համաձայն՝ գործին մասնակցող դատախազը պարտավոր է բողոքարկել օրինական ուժի մեջ չմտած այն դատական ակտը, որը, իր կարծիքով, հիմնավոր չէ կամ ապօրինի է։  Ինչ վերաբերում է Վերաքննիչ դատարանում բողոքի քննության ժամանակ դատախազի մասնակցությանը, դա սահմանված է ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով, որի 390-րդ հոդվածի համաձայն՝ Վերաքննիչ դատարանում դատական նիստերին դատախազի մասնակցությունը պարտադիր է։ Կալանավորման հիշյալ որոշումը չբողոքարկելու հանգամանքին օրերս անդրադրաձել էր նաեւ Դատախազությունը։ Վերջինս պարզաբանում էր տարածել՝ նշելով․ «Դատավոր Բախշիյանի կողմից կայացված ակնհայտ ապօրինի որոշումը դատախազությունը չի բողոքարկել, քանի որ այն արդեն իսկ իր պաշտպանի կողմից եղել է բողոքարկված, ինչը բավարար հիմք էր դրա օրինականությունն ու հիմնավորվածությունը վերաքննիչ դատարանում ստուգելու համար: Այնտեղ դատախազը պնդելու էր առաջին ատյանի դատարանում արտահայտված դիրքորոշումն այն մասին, որ կալանավորումն ակնհայտ ապօրինի է: Սակայն ամբաստանյալի ազատ արձակվելուց հետո նշված բողոքը վերաքննիչ դատարանից հետ է վերցվել»։ Նշենք, որ դա պայմանավորած է եղել այն հանգամանքով, որ կարճ ժամանակ անց դատարանը վերացրել է կալանավորման որոշումը եւ անձին գրավի դիմաց ազատ արձակելու որոշում կայացրել։ Հավելենք, որ գործնականում բազմաթիվ են քրեական գործերը, որոնց շրջանակում կայացված դատական ակտերը միաժամանակ բողոքարկվել են եւ պաշտպանների, եւ Դատախազության կողմից։ Այսպիսով,  Գագիկ Ջհանգիրյանի պնդումը, թե Դատախազությունը պարտադրված չէր բողոքարկել իր կողմից ապօրինի համարվող դատական ակտը, սխալ է եւ չի համապատասխանում օրենքի պահանջին։   Միլենա Խաչիկյան
19:44 - 09 փետրվարի, 2022
Տեղ, որտեղ մինչեւ պատերազմը դուռ-դարպաս բաց էին քնում

Տեղ, որտեղ մինչեւ պատերազմը դուռ-դարպաս բաց էին քնում

«Կարան, չէ՞, էն ձորովը կյան-էթան»,- տան լուսամուտից ձեռքն ուղղելով ադրբեջանական դիրքերի կողմը՝ որդուն հարցնում է Տեղ գյուղի բնակիչ Սուսան Մաթեւոսյանը։ «Հա՜, խե՞ չեն կարա։ [Հայկական կողմի] պոստեր կա ամեն դեպքում, բայց դե․․․»,- ասում է որդին՝ Ռաֆիկ Մկրտչյանը, ու տիկին Սուսանը հույսը մեկ մեր զինվորների, մեկ էլ երկնքի վրա է դնում, թե՝ «պոստեր կան, բայց դե աստված չանի էլի․․․»։ Մկրտչյանների տան պատուհանից երեւում է Թրուսի խութ կոչվող բլուրը, որտեղ պատերազմից հետո տեղակայվել են ադրբեջանցիները։ Տեղ գյուղի տներն էլ, ինչպես Արավուսում, այդ բլրից ամբողջությամբ հակառակորդի դիտակետում են։ «Երեկոյան դռները-բանը փակում ընք, թուրքի պյան ա էլի, մեկ էլ տեսար՝ մի պյան արեցին, վախումըս, էլի՜»,- վառարանի մոտ տաքանալու հրավիրելիս մեր զրույցի ընթացքում ասում է տիկին Սուսանը՝ շեշտելով, որ նախկինում՝ մինչեւ պատերազմը, դուռ-դարպաս բաց էին քնում․ «Հլա անասուններն էլ տյուս չեն եկալ հանդ։ Թե էդ վախտն էլ հինչ կլինի, հիմա գոմումն ենք պահում․․․»,- ասում է տանտիկինն, իսկ որդին շարունակում՝ ամբողջ գյուղում մի ծառ չկա, որ թիրախում չլինի։ Սուսան Մաթեւոսյանը Մկրտչյանների ընտանիքը պատերազմից հետո կորցրել է արտը․ «Մեր հողը ցանած ա մնացել իրանց, չեն թողացալ, որ հնձենք»,- ափսոսանքով ու տխրությամբ ասում է տիկին Սուսանը, որդին՝ շարունակում՝ տարածքների հիմնական մասն անցել է ադրբեջանցիներին, գյուղացու հոգսն ավելի ծանր է դարձել․ «Կոպիտ հաշվարկով՝ երեւի 1000-1500 տոննա բերք [ցորեն, գարի] ա մնացել իրանց տարածքներում, եւ իրանք չեն էլ թույլատրել, որ հունձ կատարվի, խոչընդոտել են ամեն անգամ։ Անձամբ ես ներկա եմ եղել մեր տրակտորիստ տղաների հետ, քանի անգամ ենք փորձել, որ հունձը կատարենք, չեն թողել։ Զինված գալիս, հարձակվում են տրակտորիստի վրա, ի՞նչ անի էդ տրակտորիստը, հո կլուչով կամ քլունգով չի գնալու հելնի ավտոմատավոր մարդկանց դեմը։ Եսիմ»։   Ռաֆիկ Մկրտչյանը մեկ այլ խնդրի մասին էլ է բարձրաձայնում․ ասում է՝ գարնանը մարդկանց եթե ոչ տոննաներով, ապա կիլոգրամներով ազոտական պարարտանյութ է պետք լինելու, իսկ պարարտանյութի գինը, գաղտնիք չէ, Հայաստանում թանկացել է․ «Էդքան չարչարանքը, էդքան սերմը հողի մեջ ա, բայց էսօր ազոտական պարարտանյութի մի մեշոկը քսան հազար են սարքել, գյուղացին ո՞նց անի, որ քսանով պարարտանյութ առնի, 8-9 հազարով դիզվառելիք առնի, տրակտորիստի ծախս, էս մեկ, էն մեկ, ո՞նց ապրի գյուղացին, կարող ա մինուսով էլ գնա, եթե տենց հաշվում ես, էդ ա նշանակում»։  Զրուցակիցս հույս ունի՝ այս հարցով պետության աջակցությունը կունենան։ Հիշեցնում է՝ մարդկանց աշնանը սերմեր բաժանել են, մի տանը՝ հեկտարի համար մոտ 300կգ․ դա մարդկանց շատ է օգնել, բայց այլ խնդիրներ են լինելու ապագայում, գյուղացին միայնակ չի կարողանա լուծել դրանք։ Խոսքի մեջ պարզվում է՝ այս տարեսկզբին Տեղ գյուղից գերեվարված հովիվը՝ Սուրիկ Մաթեւոսյանը, Ռաֆիկի մոր՝ տիկին Սուսանի հորեղբոր որդին է․ «Անասուններին արոտ ա տարալ, մի քանի օր առաջ եկալ են, զրուց են արալ, ասալ են՝ մեր սահմանը չբերես։ Բայց տեղ չկա, պյան չկա գծած, էլի տարել ա արածացնելու։ Դե՜, մարդ ա էլի, ախար սոված անասունն աչքին ցավ ա տված, ասալ ա՝ խոտ ա էլի, թո ուտեն։ Էտա կյան, իրան միանգամից վիրունեն, տանեն»,- պատմում է նա։ Հովվին ռուս խաղաղապահների միջնորդությամբ են վերադարձրել, բայց անասուններին մինչեւ հիմա չեն տվել՝ ինչպես ասում է տիկին Սուսանը․ «Տանն էլ ինչքան գառներ կային, լրիվ սատկալ են, էդ երեք հարյուր հատն էլ մնացել ա իրանց»։ Արտ ու արոտները կորցնելու պատճառով գյուղում շատ մարդիկ իրենց անասունների մի մասը վաճառել են կամ մորթել, այդ թվում՝ Մկրտչյանները։ Տիկին Սուսանն ասում է՝ ընդամենը մի խոշոր եղջերավոր են պահել, մնացածը՝ ծախել, որդին էլ հավելում է՝ խոշոր եղջերավոր անասնապահությամբ զբաղվելն այլեւս ձեռնտու չէ գյուղացու համար նաեւ այն պատճառով, որ այսօր անասնապահության համար խոտի մեկ տուկը 2 հազար դրամ արժե․ «Մսի կիլոն, որ համեմատում ես, մարդիկ 0-0 են ապրում անասնապահությամբ»։ Տեղ համայնքի Տեղ գյուղում այսօր 518 տնտեսություն կա, 2154 բնակիչ։ Այստեղ մարդիկ գյուղատնտեսությամբ, անասնապահությամբ են իրենց ապրուստը վաստակել, իրենց սարերի հովին ապրել խաղաղ, մինչեւ վերջերս, մինչեւ պատերազմը, երբ մի կողմից մտածում ես ընտանիքիդ ֆիզիկական անվտանգության մասին, մյուս կողմից՝ ապրուստի։ Թվերը, որ կներկայացնենք ստորեւ, առավել խոսուն ցույց կտան պատկերը պատերազմից հետո այս գյուղում, քան որեւէ այլ մեկնաբանություն։  2020-ին գյուղում 4517 խոշոր եղջերավոր անասուն է եղել, 2021-ին՝ 2593, 2022-ին՝ 1776։  2020-ին գյուղում 27392 մանր եղջերավոր անասուն է եղել, 2021-ին՝ 12650, 2022-ին՝ 6510։ Հայարփի Բաղդասարյան
13:59 - 08 փետրվարի, 2022
Ադրբեջանցիների կողմից սահմանահատման դեպքի առթիվ քրեական գործ հարուցվե՞լ է․ ՊՆ-ն եւ դատախազությունը չեն կողմնորոշվում՝ ով է իրավասու պատասխանել

Ադրբեջանցիների կողմից սահմանահատման դեպքի առթիվ քրեական գործ հարուցվե՞լ է․ ՊՆ-ն եւ դատախազությունը չեն կողմնորոշվում՝ ով է իրավասու պատասխանել

ՀՀ գլխավոր դատախազությունն ու Պաշտպանության նախարարությունը չեն կողմնորոշվում, թե իրենցից ով է իրավասու պատասխանել լրատվամիջոցից ստացված հարցմանը, ինչի արդյունքում խախտվում են տեղեկության տրամադրման օրենքով սահմանված ժամկետները։ Մասնավորապես, 2021 թվականի դեկտեմբերի 18-ին տելեգրամյան «Mika Badalyan» ալիքում, ապա նաեւ ֆեյսբուքյան «Ազատագրում» էջում հրապարակվեց տեղեկություն՝ Ջերմուկի հատվածում երկու ադրբեջանցիների գերեվարման մասին։ Ավելի ուշ նույն «Ազատագրում» էջը հայտնեց, որ ադրբեջանցիները տեղափոխվել են Երեւան՝ կից հրապարակելով լուսանկար։  Հաշվի առնելով սա՝ Infocom-ը դեկտեմբերի 20-ին գրավոր հարցմամբ դիմեց Գլխավոր դատախազությանը՝ հետաքրքրվելով՝ իրականությանը համապատասխանո՞ւմ է արդյոք այդ տեղեկությունը։ Իրականությանը համապատասխանելու դեպքում խնդրել էինք հայտնել՝ դեպքի առթիվ հարուցվե՞լ է արդյոք քրեական գործ, եթե այո, ապա Քրեական օրենսգրքի ո՞ր հոդվածի հատկանիշներով, եւ նախաքննական ո՞ր մարմինն է այն քննում։ Խնդրել էինք հայտնել նաեւ, թե ինչ կարգավիճակ ունեն հիշյալ անձինք, ինչ խափանման միջոց է ընտրված նրանց նկատմամբ, եւ որտեղ են պահվում նրանք։ Հնարավորության դեպքում խնդրել էինք հայտնել նաեւ գերեվարման հանգամանքները, ինչպես նաեւ՝ թե քանիսն են նրանք, եւ միայն զինվորական, թե նաեւ քաղաքացիական անձինք են։ Նույն օրը ՀՀ պաշտպանության նախարարությունը տարածեց հաղորդագրություն՝ նշելով․ «Ս.թ. դեկտեմբերի 18-ին, ՀՀ ՊՆ N զորամասի պահպանության տեղամասերից մեկում, հայ դիրքապահների կողմից ձերբակալվել են Ադրբեջանի ԶՈՒ երկու սահմանախախտ զինծառայողներ։ Դեկտեմբերի 20-ին, մարդասիրական նկատառումներով եւ ՌԴ միջնորդությամբ, նշված զինծառայողները վերադարձվել են ադրբեջանական կողմին»։ Նկատենք, որ ՊՆ հաղորդադրության մեջ առկա ձեւակերպումները պատահական ձեւակերպումներ չեն․ սահմանը խախտելը, մասնավորապես, պետական սահմանն ապօրինի հատելը ՀՀ քրեական օրենսգրքով նախատեսված հանցագործություն է, իսկ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի համաձայն՝ անձը ձերբակալվում է կամ հարուցված քրեական գործի շրջանակում քննիչի կայացրած որոշման հիման վրա, կամ որեւէ հանցանք կատարելու մեջ անմիջականորեն ծագած կասկածանքի հիման վրա։ Հարցումն ուղարկելու հաջորդ օրը՝ դեկտեմբերի 21-ին, Դատախազությունից տեղեկացրին, որ ՀՀ ԱԱԾ մինչդատական վարույթի օրինականության նկատմամբ հսկողության վարչության պետ, Արդարադատության երկրորդ դասի խորհրդական Ա․ Չախոյանի որոշմամբ մեր հարցումը վերահասցեագրվել է Պաշտպանության նախարարության ռազմական ոստիկանության պետ, գեներալ-մայոր Ա․ Զաքարյանին՝ կից գրությամբ․ «Հարգելի՛ պարոն Զաքարյան, Ձեր քննարկմանն եմ ուղարկում «Ինֆորմացիոն կոմիտե» ՀԿ-ի լրագրող Միլենա Խաչիկյանի կողմից ՀՀ գլխավոր դատախազին հասցեագրված հարցումը՝ ՀՀ զինված ուժերի ստորաբաժանումների կողմից երկու ադրբեջանցիների գերեվարման մասին։ Քննարկման արդյունքների մասին օրենքով սահմանված ժամկետներում հայտնել լրագրող Մ․ Խաչիկյանին»։ Դեկտեմբերի 29-ին ՊՆ ռազմական ոստիկանության պետ Ա․ Զաքարյանը պատասխանեց Դատախազությանը՝ նշելով, որ հարցումը դուրս է ՊՆ ռազմական ոստիկանության լիազորություններից։ Պատասխանում, մասնավորապես, գրված է․ «Հարգելի՛ պարոն Չախոյան, հայտնում եմ, որ համաձայն ՀՀ «Ռազմական ոստիկանության» մասին օրենքի 4-րդ հոդվածի՝ Ռազմական ոստիկանությունը, օրենքին համապատասխան, ապահովում է հետաքննության իրականացումը զինված ուժերում՝ զինվորական հանցագործությունների վերաբերյալ գործերով, ինչպես նաեւ այն արարքների վերաբերյալ գործերով, որոնք կատարվել են զորամասի տարածքում կամ վերագրվում են ժամկետային ծառայության զինծառայողներին։ ՌՈ-ն ապահովում է նաեւ զինծառայողների կողմից նախապատրաստվող կամ կատարվող հանցագործությունների նախականխումը, կանխումը եւ խափանումը, ինչպես նաեւ Լիազոր մարմնին ամրացված պետական գույքի պահպանությունը։ «Ինֆորմացիոն կոմիտե» ՀԿ-ի լրագրող Մ․ Խաչիկյանի կողմից ՀՀ գլխավոր դատախազին հասցեագրված՝ ՀՀ զինված ուժերի ստորաբաժանումների կողմից երկու ադրբեջանցիների գերեվարման մասին հարցումը դուրս է ՀՀ ՊՆ ՌՈ լիազորություններից, այդ իսկ պատճառով ՀՀ ՊՆ ՌՈ-ն չի տիրապետում նման տեղեկատվության»։ 2022 թվականի հունվարի 5-ին Գլխավոր դատախազությունը դարձյալ պատասխան նամակ ուղարկեց ՊՆ-ին՝ պատճենը տրամադրելով նաեւ մեզ։ Այս անգամ պատասխանը գրված էր Գլխավոր դատախազի տեղակալ, Արդարադատության երրորդ դասի պետական խորհրդական Գ․ Բաղդասարյանի կողմից եւ հասցեագրված էր ՀՀ պաշտպանության նախարարի տեղակալ Ա․ Սարգսյանին։ Ներկայացնելով հարցման նախապատմությունը եւ ՊՆ ռազմական ոստիկանության պատասխանը՝ Գ․ Բաղդասարյանը գրել էր․ «Հարգելի՛ պարոն Սարգսյան, «Ռազմական ոստիկանության մասին» ՀՀ օրենքի 4-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին կետի համաձայն՝ ռազմական ոստիկանությունը, օրենքին համապատասխան, ապահովում է հետաքննության իրականացումը զինված ուժերում՝ զինված հանցագործությունների վերաբերյալ գործերով, ինչպես նաեւ այն արարքների վերաբերյալ գործերով, որոնք կատարվել են զորամասի տարածքում կամ վերագրվում են ժամկետային ծառայության զինծառայողներին։ Հետեւաբար, ակնհայտ է, որ ՀՀ ՊՆ զորամասերի պահպանության տեղամասերը, որոնցում ՀՀ ԶՈՒ ստորաբաժանումները իրականացնում են մարտական հերթապահություն, գտնվում են ՀՀ ՊՆ իրավազորության ներքո, իսկ այդ հատվածներում կատարված առերեւույթ հանցագործությունների դեպքերով մինչդատական  քրեական վարույթի նախնական փուլը պետք է իրականացվի հետաքննության մարմին հանդիսացող զորամասերի հրամանատարների կամ ռազմական ոստիկանության կողմից։ Ավելին, դեռեւս 2021 թ դեկտեմբերի 20-ին ՀՀ ՊՆ պաշտոնական կայքում` mil.am-ում, հաղորդագրություն է հրապարակվել առ այն, որ դեկտեմբերի 18-ին ՀՀ ՊՆ N զորամասի պահպանության տեղամասերից մեկում հայ դիրքապահների կողմից ձերբակալվել են Ադրբեջանի ԶՈՒ երկու սահմանախախտ զինծառայողներ։ Դեկտեմբերի 20-ին, մարդասիրական նկատառումներով եւ ՌԴ միջնորդությամբ, նշված զինծառայողները վերադարձվել են ադրբեջանական կողմին։ Ուստի, Ձեր քննարկմանն եմ ուղարկում «Ինֆորմացիոն կոմիտե» ՀԿ-ի լրագրող Միլենա Խաչիկյանի կողմից ՀՀ գլխավոր դատախազին հասցեագրված հարցումը՝ ՀՀ զինված ուժերի ստորաբաժանումների կողմից երկու ադրբեջանցիների գերեվարման մասին։ Խնդրում եմ քննարկման արդյունքների մասին օրենքով սահմանված ժամկետներում հայտնել լրագրող Մ․ Խաչիկյանին»։ Դատախազության այս նամակը ստանալուց հետո բազմաթիվ անգամներ զանգահարեցինք ՊՆ տեղեկատվության եւ հասարակայնության հետ կապերի վարչություն, որտեղից խոստացան ճշտել, թե ինչ փուլում է հարցումը, եւ զանգահարել։ Քանի որ պատասխան զանգեր այդպես էլ չստացանք, տարբեր օրերի նորից զանգահարեցինք թե՛ հիշյալ վարչություն, թե՛ վարչության պետ Գեւորգ Ալթունյանին, սակայն մեր զանգերն այդպես էլ անպատասխան մնացին։  «Տեղեկատվության ազատության մասին» ՀՀ օրենքի համաձայն՝ գրավոր հարցման պատասխանը տրվում է 5-օրյա ժամկետում,  բացառությամբ այն դեպքերի, երբ լրացուցիչ աշխատանք կատարելու անհրաժեշտություն կա։ Այդ դեպքերում տեղեկությունը դիմողին տրվում է հարցումը ստանալուց հետո՝ 30-օրյա ժամկետում, որի մասին այն ստանալուց հետո՝ 5-օրյա ժամկետում, գրավոր տեղեկացվում է նրան՝ նշելով հետաձգման պատճառները եւ տեղեկությունը տրամադրելու վերջնական ժամկետը։ Թեեւ  մենք լրացուցիչ ժամանակի անհրաժեշտության մասին չէինք տեղեկացվել, բայց որոշեցինք սպասել 30 օր՝ ժամկետի հաշվարկը սկսելով հարցումը ՊՆ նախարարի տեղակալ Ա․ Սարգսյանին վերահասցեագրելու օրվանից, այսինքն՝ այս տարվա հունվարի 5-ից։ Սակայն այդ ժամանակը եւս լրացավ, իսկ պետական մարմինների կողմից նշված դեպքի վերաբերյալ որեւէ տեղեկություն մեզ այդպես էլ չտրամադրվեց։ Միլենա Խաչիկյան
18:54 - 07 փետրվարի, 2022
Խնածախ․ ամեն տուն ու շենք՝ ադրբեջանցիների դիտարկման տակ

Խնածախ․ ամեն տուն ու շենք՝ ադրբեջանցիների դիտարկման տակ

Չորս կողմերի բլուրների արանքում փռված է Տեղ համայնքի Խնածախ գյուղը՝ Սյունիքի ամենահյուրընկալ անկյուններից մեկը։ Այդ բլուրների գլխին, սակայն, միայն ամպերը չեն նստում․ պատերազմից հետո Խնածախը դարձել է սահմանամերձ, ադրբեջանցիներն էլ իրենց դիրքերն առաջ են բերել՝ հասնելով գյուղի ափերին, տեղակայվելով տներից 100-200մ հեռավորության վրա։ Խնածախը Թեպետ փետրվարն է, թվում է՝ շատ ցուրտ պիտի լինի, բայց գյուղ մտնելուն պես ջերմություն ես զգում, հատկապես երբ անցող-դարձողն օտար դեմք տեսնելիս բարեւ են տալիս, որպիսություն հարցնում, գյուղի մեծերը՝ հետեւում ճանապարհիդ ու ուղղությունդ տեսնելիս մտահոգվում՝ ոտքով չե՞ս հոգնի, «մաշին-պյան կա, կտանի»։ Առանց իմանալու՝ ուր եմ քայլում ու դեռ ինչքան պիտի՝ գնում եմ Խնածախի Սբ․ Հռիփսիմե եկեղեցու ուղղությամբ, որ կառուցվել է 1600-ականներին։ Գյուղի կենտրոնում է եկեղեցին։ Տեղանքը մեծ թեքություն ունի, այդ պատճառով կառույցի մի կողմը հողով է ծածկվել։  Սբ․ Հռիփսիմե եկեղեցին Խորհրդային տարիներին եկեղեցին որպես պահեստ է օգտագործվել։ Չորսհարյուրամյա այս եկեղեցին տարիքը չի թաքցնում, տանիքին խոտ է աճել, չորացել, ներսից անշուք է ու անխնամ, բայց շատ լուցկիներով, որ երեւի շատ մոմեր վառվեն ու շատ աղոթքներ ուղարկվեն երկինք, որը գյուղի ճամփով վեր բարձրանալիս ավելի մոտիկ է դառնում։ Եկեղեցու մոտով նեղ ճանապարհը տանում է գյուղի վերջին տների ուղղությամբ։ Լուսանկարելու ժամին երեխաներին արդեն մանկապարտեզից ու դպրոցից տուն են տարել, անասուններով էլ զբաղվելու ժամը չէ դեռ, ուստի բակերում շարժը քիչ է։  Դեպի ամենավերի տները բարձրանալիս լսվում է մի տատի ձայն, որ ասում է՝ ե՜կ-ե՜կ, էդ ի՞նչ ես նկարում։ Ձեռքերը գոգնոցի տակ դրած՝ տատն անծանոթ հյուրին է սպասում։ Ասում է՝ այ այդպես, նկարի, ցույց տուր աշխարհին, թող տեսնեն՝ էս կողմերն ինչ կա։ Հարց ու փորձ է անում, տուն հրավիրում։  Արփիկ Լալայանը Արփիկ տատն է՝ Տեղ համայնքի ավագանու նախկին անդամ Արգամ Լալայանի մայրը։ Դուռը բաց է անում, որդուն ասում՝ հյուր եմ բերել։  Արգամ Լալայանը Լալայանների ընտանիքը գյուղում 3 հա հողատարածք է ունեցել։ Պատերազմից հետո մեկ հեկտարը մնացել է չեզոք գոտում։ Հիմա այդ հողակտորն այլեւս չեն կարող օգտագործել։  «Պետությունն էդ հարցով չի աջակցում։ Մենակ ես չեմ, իմ նման շատ ընտանիքներ կան»,- ասում է Արգամ Լալայանը՝ մտահոգ հայացքն անորոշ կետի հառելով։ Այս գյուղում, ինչպես Արավուսում, մարդիկ ակտիվ անասնապահությամբ են զբաղվել, բայց մեկ տարի առաջ ստիպված վաճառել են՝ դարձյալ արոտավայրերը կորցնելու պատճառով։ Լալայանն ու այլ գյուղացիներ դիմել են իրավասու մարմիններին, որպեսզի իրենց կորցրած հողերի համար փոխհատուցում տրվի՝ հողատարածքի ձեւով։ Լալայանն ասում է, որ ադրբեջանցիների դիրքերն այնքան մոտ են հայկական կողմի դիրքերին ու գյուղին, որ ամեն պահի սադրում են, քարեր են նետում, անվայելուչ արտահայտություններ անում․ «Մարդիկ հոգեբանորեն ընկճված են, որովհետեւ քանի անգամ եղել է՝ գյուղացիները տներից մի քիչ վերեւ ձին կապում են, թուրքը իջնում, պարանը հանում, տանում է։ Անասունը պատահական անցնում է [սահմանը], վերցնում տանում են։ Հենա, քեռուս տղու անասունն անցավ, ռուսների միջամտությամբ յոթ հատը հետ տվեցին, մի հատը պահեցին։ Շատ են եղել նման դեպքեր»,- պատմում է զրուցակիցս։  Ի դեպ, այդ դեպքի մասին նաեւ Տեղ համայնքի ֆեյսբուքյան էջն էր հաղորդագրություն տարածել, սակայն նշել էր, թե սահմանն անցել են յոթ կովեր, յոթն էլ վերադարձվել են։  Լալայանների տան պատշգամբից երեւում են բլուրները, որոնց տարբեր հատվածներում մեր ու հակառակորդի դիրքերն են։ Գյուղում ցանկացած տուն դիտարկվում է, ցանկացած շենք՝ դպրոցից սկսած՝ ինչպես փաստում են բնակիչներն ու ինքը՝ Խնածախի վարչական ղեկավարը՝ Սեյրան Միրզոյանը, որի տունն էլ ադրբեջանցիների դիրքին շատ մոտ է։ Խնածախի գյուղապետարանի պատին փակցված է գյուղի արոտավայրերի քարտեզը, որի վրա մատիտով նշում է արված՝ «հանել ցուցակը»․ այն արոտավայրերն են, որոնք Խնածախը կորցրել է։ Գյուղի վարչական ղեկավարը նշում է, որ ադրբեջանական հսկողության տակ է անցել մոտ 22 հա հողատարածք։ Միրզոյանն ասում է, որ կան բնակիչներ, որոնք վաճառել են իրենց խոշոր եղջերավոր անասուններին, բայց պահողներ դեռ կան։ Սեյրան Միրզոյանը Այն մարդիկ, որոնք արոտավայր կամ արտ են կորցրել, դիմել են գյուղապետին՝ փոխհատուցման համար։ Միրզոյանը նշում է, որ կան վարձակալական հողեր, որոնք կարող են տրամադրել գյուղացիներին, որ մշակեն։ Ասում է՝ սկզբի համար կփորձեն հարցերն իրենց միջոցներով լուծել, մինչեւ «տեսնենք՝ ինչ է լինում»։ Գյուղում գազի խողովակներ կան, որոնք նոր են։ Բայց բոլոր տները չէ, որ գազաֆիկացված են․ գիծն իրենց միջոցներով պետք է տուն տանեն, բայց այդ միջոցները սուղ են, այդ պատճառով շատերը փայտի վառարանով են տաքանում։ Գյուղապետն ասում է՝ այս ձմռան համար Կարմիր խաչի կազմակերպությունը 280 հազարական դրամներ է հատկացրել ընտանիքներին՝ վառելաֆայտի ու անասնակերի համար։ Գյուղի բնակիչ Արփիկ տատն էլ մտահոգվում է՝ այս ձմեռը կհանեն, բա հետո՞։  Որոշ հարկերից սահմանամերձ գյուղի բնակիչներին ազատված են․ հողի համար գումար չեն տալիս, բայց հարցն այն է, որ հող էլ շատ չկա։ Գյուղապետարանին մոտ զրուցարանում երկու տղամարդ նստած խոսում են, լսում եմ․ «Պետությունը ոչ թողում ա ապրես, հարստանաս, ոչ թողում ա՝ մեռնես, բայց պետք ա մնաս, ստեղ գոյատեւես։ Բայց ո՞ւր գնաս»։ Հայարփի Բաղդասարյան
15:55 - 07 փետրվարի, 2022
Արավուս․ առանց արտ ու արոտ, առանց աշխատանք ու անվտանգություն

Արավուս․ առանց արտ ու արոտ, առանց աշխատանք ու անվտանգություն

Գորիս-Ստեփանակերտ մայրուղու ձախ թեւին ընկած է Տեղ համայնքի Արավուս գյուղը, որն այսօր երեք կողմից դիտարկվում է ադրբեջանցիների դիրքերից։ Փոքրիկ գյուղ է՝ 180 բնակչով։ Գյուղի վերջին տան բակից մեր ու հակառակորդի դիրքերին քայլելով անգամ կարելի է մոտենալ։ Գրենա Քոչարյանի ընտանիքն է ապրում այս տանը․ երեքով են՝ ինքը, կինն ու որդին։ Գրենա եւ Անժելա Քոչարյանները Թրուսի խութ կոչվող բլրին է նայում Քոչարյանների տունը․ հենց այդ բլրի ծայրին էլ պատերազմից հետո հաստատվել են ադրբեջանցիները։ Այս բլուրն 90-ականներին ազատագրել են մերոնք, հիմա հակառակորդն այնտեղ է՝ հիմնավորմամբ, թե GPS-ն է այդպես ասում՝ ինչպես պատմում է Անժելան՝ Գրենա Քոչարյանի կինը։ Ադրբեջանցիների դիրքերը՝ Թրուսի խութ կոչվող բլրի վրա Աչքը եփվող սուրճին՝ տիկին Անժելան հոգոց է հանում ու ասում, որ թեեւ սադրանքներ չեն լինում, բայց այնպես չէ, թե սրտները հանգիստ է․ դե, գյուղի պռնկին է նստած հակառակորդը, չգիտես՝ ինչ կլինի ամեն օրվա հետ։ Անվտանգության հարցն իրենց անհանգստացնում է, իհարկե, բայց հավասար մտահոգիչ է նաեւ այն, որ գյուղում աշխատանք չկա, արտ ու արոտ չկա․ գյուղում 373 խոշոր եղջերավոր անասուն կա, մարդիկ այդքանն էլ մի կերպ են պահում։  «Ամուսինս երկրորդ կարգի հաշմանդամ ա, ինքը չի աշխատում, թոշակն էլ՝ կտրած, չորս տարի ա՝ կտրել են։ Հետաքրքրվել ենք, դե տեսնանք՝ էս ամիսը կվերականգնվի՞, թե՞ հլա կմնանք, հլա գյուդում չենք։ Մինչեւ մարզպետարան, մինչեւ Երեւան ասել ենք։ Տեսնանք․․․»,- ասում է տիկին Անժելան, որն այժմ տան միակ աշխատողն է, Արավուսի՝ յոթ աշակերտ ունեցող դպրոցի ուսմասվարն է՝ կես դրույքով, ընդամենը 33 հազար դրամ աշխատավարձով։  Արավուսի 50-ից ավելի հեկտար հողատարածք անցել է հակառակորդի հսկողության տակ․ եթե նախկինում անասուն պահելով, արտ ցանելով ապրուստի միջոց են ունեցել գյուղացիները, հիմա ոչ հող ունեն, ոչ անասուն․ «Արոտ չկա, արոտը վերցրած ա, թորքերն ընդեղ կանգնած են, ով էլ անասուն ա ունեցել, լրիվ ծախել են, լրիվ տվալ են պարտքավ, հիմա ոչ պարտքն են տալիս, ոչ անասուն կա։ Որ արոտ չկա, դրա համար ծախել են անասուններին, ամեն մեկը մի հատ, երկու հատ տհենց քիչ պահալ են, ինչքան արոտ ա ելալ, վերցրել են թորքերը»,- Քոչարյաններն են պատմում։ Իրենք էլ մի լավ օրի չեն, բայց ամուսնու հետ համոզում են սուրճից հետո անպայման հավ մորթել-սարքել, մեկ էլ չէ՝ երկու։ Հողատարածքները՝ արոտ կամ արտ, եթե չեն էլ անցել հակառակորդի հսկողության տակ, հիմա նրանց դիտարկման տիրույթում են․ մարդիկ ռիսկ չեն անում շատ մոտենալ այդ դաշտերին․ «Մինչեւ էսօր ապասնի պյան չի եղել, բայց դե․․․»,- խոսքը կիսատ է թողնում տիկին Անժելան։ Քթիս տակ ասում եմ՝ «Դժվար ա, հա, ձեր գյուղում», ծոր տալով ասում է՝ շա՜տ։ Բլրի վրա՝ ադրբեջանցիների դիրքերը Ասել, որ Արավուսում ճանապարհներն անմխիթար վիճակում են, կնշանակի ոչինչ չասել․ տնից տուն գնալիս մինչեւ կոնքերը ցեխի մեջ կարող ես թաթախվել։ Բայց մարդիկ տներում փակված չեն նստում․ գյուղում քիչ, բայց շարժ կա․ մի երեխա հեծանիվ է քշում, մի տատ հարց ու փորձ է անում՝ «ով ես, ինչացու ես, ինչ կա էս կողմերումը», ասում, որ չամուսնացած տղաներ կան գյուղում ու աչքով անում։ Արավուսցի փոքրիկն՝ իր շան հետ Կովերին գոմ են տանում, ձիերի տակ մաքրում, տարեց պապիկները զրուցում դեսից-դենից, ադրբեջանցուց-թուրքից, պատերազմից, կյանքից։  Արավուսի 85-ամյա բնակիչ Միշա Ավագյանը պատմում է, որ անասուններին քարանձավներում են պահում, անասնակերը մի կերպ առնում են, բայց միջոցները չեն բավարարում, թոշակը չի հերիքում, դրանով տնտեսական հարցերն են լուծում հազիվ։ Բայց ասում է՝ Արավուսում ծնվել է, այստեղ էլ մնալու է մինչեւ կյանքի վերջ։ Միշա Ավագյանը Մեքենային հենված է գյուղի հովիվը՝ Ֆելիքս Ավագյանը, որին ամիսներ առաջ առեւանգել էին ադրբեջանցիները, երբ նա անասուններին արածեցնելու էր տարել ու նստել՝ հաց ուտելու՝ առանց մեր հսկողության տակ եղած տարածքն անցնելու։  Ֆելիքս Ավագյանը Ադրբեջանցիներն Ավագյանի անասունների մի մասը վերադարձրել են, հինգին՝ պահել, այդպես էլ չեն տվել։ Ֆելիքսը քչախոս մարդ է։ Գյուղում շատերն են քիչ խոսում։ Երբեմն անորոշություն կա նրանց հայացքում՝ ո՞ր հարցը լուծել, ո՞ր խնդրի մասին խոսել, որտե՞ղ է ճշտի ու սխալի հատման կետը։ Եւ սպասում կա նրանց կիսատ ասած խոսքերում՝ որտե՞ղ է պատերազմի վերջակետն ու խաղաղության գլխագիրը, երբ շեմքիցդ մետրեր հեռու զինված ադրբեջանցին է։ Հայարփի Բաղդասարյան
20:17 - 05 փետրվարի, 2022
Ալեն Սիմոնյանի այցն ԱՄՆ այնքան էլ աննախադեպ չէ․ ԱԺ նախագահները նախկինում էլ հանդիպել են Ներկայացուցիչների պալատի խոսնակին

Ալեն Սիմոնյանի այցն ԱՄՆ այնքան էլ աննախադեպ չէ․ ԱԺ նախագահները նախկինում էլ հանդիպել են Ներկայացուցիչների պալատի խոսնակին

Հունվարի 20-ի  Ամերիկայի Միացյալ Նահանգներում ՀՀ Ազգային ժողովի նախագահ Ալեն Սիմոնյանը հանդիպեց ԱՄՆ Ներկայացուցիչների պալատի խոսնակ Նենսի Փելոսիին։ Երկու օր առաջ՝ Հանրային հեռուստաընկերությանը տված հարցազրույցի ժամանակ, անդրադառնալով ԱՄՆ այցին ու Նենսի Փելոսիի հետ հանդիպմանը, Ալեն Սիմոնյանն ասաց․ «Ես չեմ ուզում ասել, որ դա իմ առավելությունն է, բայց, օրինակ, վերջին այցն Ամերիկայի Միացյալ Նահանգներ աննախադեպ այց էր։ Աննախադեպ էր իր մակարդակի առումով, որովհետև նման բարձրաստիճան պաշտոնյայի հետ Հայաստանի Հանրապետության համարժեք պաշտոնյայի հանդիպում եղել էր երևի 30 տարի առաջ՝ անկախության օրերին, և դրանից հետո նման այցելություն և նման հանդիպումներ չեն եղել»։ Ալեն Սիմոնյանը, սակայն, սխալվում է․ վերջին 30 տարիների ընթացքում Ներկայացուցիչների պալատի խոսնակի հետ հանդիպումներ ՀՀ ԱԺ նախագահներն ունեցել են։ Դեռևս 2005 թ․ սեպտեմբերին ԱԺ այն ժամանակվա նախագահ Արթուր Բաղդասարյանը Միացյալ Նահանգներ է մեկնել Խորհրդարանների նախագահների համաշխարհային գագաթաժողովին մասնակցելու և ԱՄՆ-ի  օրենսդիր ու գործադիր իշխանությունների ներկայացուցիչների հետ հանդիպելու նպատակով։ Այցի ընթացքում Արթուր Բաղդասարյանը հանդիպել է ԱՄՆ Ներկայացուցիչների պալատի խոսնակ Դենիս Հաստերտի, Կոնգրեսի Դեմոկրատական խմբակցության ղեկավար Նենսի Փելոսիի (այժմ՝ Ներկայացուցիչների պալատի խոսնակ)  և այլ պաշտոնյաների հետ։ 2019-ի հուլիսին ԱԺ նախկին նախագահ, այժմ՝ արտաքին գործերի նախարար Արարատ Միրզոյանը Վաշինգտոնում ընթացող Առաջնորդների ֆորումի շրջանակներում հանդիպել է Ներկայացուցիչների պալատի խոսնակ Նենսի Փելոսիի հետ: Այսպիսով, Ալեն Սիմոնյանի՝ ԱՄՆ այցն ու հանդիպումը Փելոսիի հետ աննախադեպ չեն․ դեռևս 2005-ին ՀՀ ԱԺ այն ժամանակվա նախագահ Արթուր Բաղդասարյանը հանդիպել է ԱՄՆ Ներկայացուցիչների պալատի խոսնակ Դենիս Հաստերտին, իսկ 2019-ին ԱԺ նախորդ նախագահ Արարատ Միրզոյանը հանդիպել է Ներկայացուցիչների պալատի խոսնակ Նենսի Փելոսիին:Այս հրապարակումից հետո Infocom-ի խմբագրությունը ստացել է ԱԺ նախագահի մամուլի խոսնակ Ծովինար Խաչատրյանի պարզաբանումը Ալեն Սիմոնյանի խոսքի վերաբերյալ, համաձայն որի՝  Ալեն Սիմոնյանն այցի աննախադեպությունը շեշտել է ԱՄՆ Ներկայացուցիչների պալատի նախագահից ստացած անմիջական հրավերի առումով, ինչը ԱԺ մյուս նախագահների պարագայում չի եղել։ Գլխավոր լուսանկարում՝ Ալեն Սիմոնյանն ու Նենսի Փելոսին Աննա Սահակյան  
19:10 - 03 փետրվարի, 2022
Կարանտինի ընթացքում տեսչական մարմինների ստուգայցերն անօրինական չեն․ Արա Զոհրաբյանը սխալվում է

Կարանտինի ընթացքում տեսչական մարմինների ստուգայցերն անօրինական չեն․ Արա Զոհրաբյանը սխալվում է

Կորոնավիրուսային հիվանդությամբ պայմանավորված՝ հունվարի 22-ից Հայաստանում նոր սահմանափակումներ մտցվեցին։  ՀՀ առողջապահության նախարարի հրամանով՝ այստուհետ  հյուրանոցներ, հանրային սննդի օբյեկտներ, մարզասրահներ, գրադարաններ, թանգարաններ, թատերահամերգային, կինոյի և մշակութային այլ գործունեություն իրականացնող կազմակերպություններ այցելելիս քաղաքացիները պետք է ներկայացնեն կա՛մ պատվաստման, կա՛մ թեստավորման հավաստագիր։ Բացառություններ սահմանվեցին անչափահասների, հղիների, առնվազն երեք ամիս առաջ կորոնավիրուսով վարակաված, ինչպես նաև պատվասման հակացուցում ունեցող մարդկանց համար։ Հանրային սննդի օբյեկտներում հակահամաճարակային կանոնների պահպանմանը ստուգայցերով հետևում է Սննդամթերքի անվտանգության տեսչական մարմինը (ՍԱՏՄ)։ Այլ կազմակերպություններում կանոնների պահպանմանը հետևում է Առողջապահության և աշխատանքի տեսչական մարմինը (ԱԱՏՄ): Այն տնտեսվարողները, որոնց մոտ հայտնաբերվում են սահմանված նորմերի խախտումներ, զգուշացվում են կամ տուգանվում՝ հարյուրից երեք հարյուր հազար դրամի չափով։ Հունվարի 23-ին «Զարթոնք» կուսակցության նախագահ, «Ազատ կամք» նախաձեռնության անդամ, փաստաբան Արա Զոհրաբյանն իր ֆեյսբուքյան էջում գրառում կատարեց՝ հայտարարելով, որ տեսչական մարմնի ստուգումներն անօրինական են։ Զոհրաբյանի գրառումը կամ հրապարակած տեսանյութը տարածեցին մի քանի կայքեր (news.am, yerevan.today, a1plus, live24.am)։ Արա Զոհրաբյանը, սակայն, սխալվում է․ տեսչական մարմինների ստուգայցերը և տուգանքներն անօրինական չեն։ Անդրադառնանք նրա պնդումներին առանձին-առանձին։   Կարանտինի ընթացքում ստուգայցերը Զոհրաբյանն իր գրառման մեջ նշել է, որ տեսչական մարմինը ստուգում կամ ուսումնասիրություն կարող է իրականացնել ստուգաթերթի և հանձնարարագրի հիման վրա՝ «ՀՀ-ում ստուգումների կազմակերպման և անցկացման մասին» օրենքի համաձայն: Նա հավելել է, որ տեսչական մարմինն, այդ օրենքը շրջանցելով, առանց նախնական ծանուցման, ստուգայց կարող է կատարել միայն «Արտակարգ իրավիճակներում բնակչության պաշտպանության մասին» օրենքի հիման վրա, և մեջբերել է այդ օրենքի 17․5-րդ հոդվածի մի քանի կետեր․ «Կարանտին սահմանելու մասին ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՈՐՈՇՄԱՄԲ կարող են սահմանվել տնտեսական գործունեության առանձին տեսակների և ծառայությունների մատուցման, ինչպես նաև տնտեսական գործունեությամբ չզբաղվող այլ կազմակերպությունների գործունեության սանիտարահամաճարակային անվտանգության կանոններ. վերահսկողությունը համապատասխան տեսչական մարմինն իրականացնում է կազմակերպություններ ստուգայցերի միջոցով՝ տվյալ տեսչական մարմնի ղեկավարի գրավոր հանձնարարությամբ. ստուգայցն իրականացվում է առանց նախնական ծանուցման: Ստուգայցի նպատակը չի կարող տարբերվել, ինչպես նաև ստուգայցն իրականացնող տեսչական մարմնի ներկայացուցչի գործողությունները չեն կարող դուրս գալ նշված օրենքով սահմանված և կարանտին սահմանելու մասին որոշմամբ կիրառվող միջոցառումների կազմակերպման, իրականացման և սահմանափակումների պահպանման նկատմամբ վերահսկողության իրականացման նպատակից»: «ՀՀ-ում ստուգումների կազմակերպման և անցկացման մասին» օրենքի 3-րդ հոդվածն, իրոք, ինչպես Արա Զոհրաբյանն է նշում, սահմանում է, որ ստուգումներն անցկացվում են բացառապես ստուգաթերթերի հիման վրա։ Իսկ եթե կարճ ներկայացնենք «Արտակարգ իրավիճակներում բնակչության պաշտպանության մասին» օրենքի 17․5 հոդվածը, որը մեջբերել է Զոհրաբյանը, ապա կստացվի հետևյալը․ կառավարության՝ կարանտին սահմանելու որոշմամբ կարող են սահմանվել սանիտարահամաճարակային անվտանգության կանոններ, սահմանափակումների պահպանման նկատմամբ վերահսկողությունն իրականացնում են ԱԱՏՄ-ն և ՍԱՏՄՆ-ն, վերահսկողությունն իրականացվում է ստուգայցերի միջոցով, առանց նախնական ծանուցման,  հոդվածով նախատեսված սանիտարահամաճարակային անվտանգության կանոնները սահմանում է  առողջապահության բնագավառում պետական կառավարման համակարգի լիազոր մարմնի ղեկավարը, այսինքն՝ առողջապահության նախարարը։ Քանի որ «Արտակարգ իրավիճակներում բնակչության պաշտպանության մասին» օրենքը միայն կառավարության՝ կարանտին հայտարարելու որոշմամբ սահմանված կանոնների առկայության դեպքում է տեսչական մարմիններին թույլատրում առանց նախազգուշացման ստուգայցեր իրականացնել, իսկ Հայաստանում գործող հակահամաճարակային կանոնները առողջապահության նախարարի հրամանով են սահմանվել, Զոհրաբյանը պնդում է, որ  տեսչական մարմինը չի կարող, առանց նախապես ծանուցելու, ստուգայցեր իրականացնել։ Օրենքը մեջբերելիս, սակայն, նա բաց է թողել 17․5-րդ հոդվածի 9-րդ կետը, որտեղ ասվում է, որ տվյալ հոդվածով նախատեսված սանիտարահամաճարակային անվտանգության կանոնները սահմանում է լիազոր մարմնի ղեկավարը, այսինքն՝ առողջապահության նախարարը։  Բացի այդ՝ 2020-ի սեպտեմբերին՝ արտակարգ դրության ավարտից հետո, երբ Հայաստանում, կառավարության որոշմամբ, սահմանվեց կարանտին, առանձին հավելվածով հաստատվեցին կարանտինի ընթացքում կիրառվող միջոցառումները և սահմանափակումները։ Այս հավելվածում նշվում է․ «Տնտեսական գործունեության առանձին տեսակների, ծառայությունների մատուցման և տնտեսական գործունեությամբ չզբաղվող կազմակերպությունների գործունեության իրականացումը թույլատրվում է միայն լիազոր մարմնի կողմից սահմանված համապատասխան սանիտահամաճարակային անվտանգության կանոնների պահպանված լինելու դեպքում: Սույն կանոնի պահպանման նկատմամբ սահմանվում է վեահսկողություն՝ օրենքով սահմանված կարգով»: Այսինքն, ըստ կառավարության որոշման՝ կարանտինի ընթացքում տնտեսվարողների գործունեության իրականացումը թույլատրվում է միայն Առողջապահության նախարարության սահմանած սանիտահամաճարակային անվտանգության կանոննեը պահպանելու դեպքում։ Հայաստանում գործող կարանտինը, կառավարության որոշմամբ, երկարաձգվել է մինչև 2022-ի հունիսի 20-ը, իսկ նախարարի՝ սանիտարական կանոններ հաստատելու մասին հրամանը դեռևս ուժի մեջ է։ Հաշվի առնելով, որ որ «Արտակարգ իրավիճակներում բնակչության պաշտպանության մասին» օրենքով սահմանված է, որ առողջապահության նախարարն է կարանտինի ընթացքում սանիտարահամաճարակային անվտանգության կանոններ հաստատում, ըստ կառավարության որոշման էլ տնտեսվարողները պետք է գործեն՝ ըստ այդ կանոնների, տեսչական մարմինը կարող է կարանտինի ընթացքում, առանց նախազգուշացնելու, ստուգայցեր իրականացնել՝ հիմնվելով միայն նախարարի հրամանի վրա։   Ստուգայցերի ընթացքում տուգանքները Արա Զոհրաբյանը նաև վստահեցնում է, որ տեսչական մարմինը չի կարող առողջապահության նախարարի հաստատած սանիտարական կանոնի խախտման համար տուգանել Վարչական իրավախախտումների վերաբերյալ օրենսգրքի 182.4 հոդվածով։ Պատճառաբանությունն այն է, որ օրենսգրքի այս հոդվածն  առնչվում է կարանտինի որոշմամբ կիրառվող սահմանափակումներին։ Զոհրաբյանի խոսքով՝ այս դեպքում կիրառելի է օրենգրքի 42-րդ հոդվածը, որն ավելի քիչ տուգանք է նախատեսում։  «Բոլոր ստուգայցերն անօրինական են, իսկ այս ընթացքում կիրառված վարչական տուգանքները՝ վիճահարույց»,- ասում է Զոհրաբյանը։ Նրա այս պնդումը ճիշտ կլիներ, եթե ճիշտ լիներ նախորդ պնդումը։ Ինչպես արդեն տեսանք, կարանտինի ընթացքում հակահամաճարակային կանոնների սահմանումը վերապահված է հենց ԱՆ-ին։ Հետևաբար, տրամանաբանական է, որ ստուգայցերի ընթացքում խախտումներ հայտնաբերելիս տուգանքներ են նշանակվում Վարչական իրավախախտումների վերաբերյալ օրենսգրքի 182.4 հոդվածով։ Այս հոդվածը, հիշեցնենք, վերաբերում է կարանտինի ընթաքում գործող սահմանափակումները խախտելու դեպքերին։ Իսկ Արա Զոհրաբյանի նշած 42-րդ հոդվածը վերաբերում է ընդհանրապես սանիտարական, սանիտարահիգիենիկ և սանիտարահակահամաճարակային կանոնները և նորմաները, հիգիենիկ նորմատիվները խախտելու դեպքերին։  Այսպիսով, Արա Զոհրաբյանը սխալվում է․ տեսչական մարմինները կարող են առողջապահության նախարարի հրամանով սահմանված սանիտարական կանոնների վերահսկողության նպատակով, առանց նախազգուշացնելու, ստուգայցեր իրականացնել, քանի որ «Արտակարգ իրավիճակներում բնակչության պաշտպանության մասին» օրենքը առողջապահության նախարարին թույլ է տալիս կարանտինի ընթացքում սահմանել սանիտարահամաճարակային անվտանգության կանոններ։ Բացի այդ՝ կառավարության՝ կարանտին սահմանելու որոշմամբ տնտեսվարողների գործունեությունը թույլատրված է շ միայն ԱՆ-ի հաստատած կանոնները պահպանելու դեպքում։ Գլխավոր լուսանկարը՝ «Սպուտնիկ Արմենիայից» Աննա Սահակյան
21:36 - 02 փետրվարի, 2022
Ազգային ժողովի որոշ պատգամավորներ խախտել են հայտարարագրեր ներկայացնելու ժամկետները

Ազգային ժողովի որոշ պատգամավորներ խախտել են հայտարարագրեր ներկայացնելու ժամկետները

ՀՀ 8-րդ գումարման Ազգային ժողովի պատգամավորների կողմից իրենց գույքի եւ եկամուտների հայտարարագրեր ներկայացնելու օրենքով սահմանված ժամկետներում որոշակի խախտումներ են առկա։ 2022 թվականի հունվարի սկզբին Infocom-ը ուսումնասիրեց հայտարարագրերի ռեեստրում 8-րդ գումարման Ազգային ժողովի բոլոր պատգամավորների էջերը հասկանալու համար՝ նրանցից յուրաքանչյուրը օրենքով սահմանված կարգով եւ ժամկետում ներկայացրե՞լ է արդյոք իր գույքի եւ եկամուտների հայտարարագիրը։ Արդյունքում պարզվեց, որ հունվարի 12-ի դրությամբ 9 պատգամավորների անվանական էջերում բացակայում են որոշ հայտարարագրեր։ Խոսքը վերաբերում է «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավորներ Դավիթ Դանիելյանին, Խաչատուր Սուքիասյանին, Վիգեն Խաչատրյանին, Գուրգեն Մելքոնյանին, Մերի Գալստյանին, Հակոբ Ասլանյանին, Կարեն Համբարձումյանին, «Հայաստան» խմբակցության պատգամավոր Վահե Հակոբյանին եւ «Պատիվ ունեմ» խմբակցության պատգամավոր Հայկ Մամիջանյանին։  Մասնավորապես, Վիգեն Խաչատրյանի, Խաչատուր Սուքիասյանի, Հայկ Մամիջանյանի եւ Գուրգեն Մելքոնյանի էջերն ամբողջովին դատարկ էին, թեեւ նրանք պաշտոնեական պարտականությունները ստանձնելու օրվան հաջորդող 30 օրվա ընթացքում պարտավոր էին ներկայացնել պաշտոնեական լիազորությունները ստանձնելու հայտարարագիր՝ համաձայն «Հանրային ծառայության մասին» ՀՀ օրենքի 36-րդ հոդվածի 1-ին մասի։ 8-րդ գումարման ԱԺ-ն, ինչպես հայտնի է, ձեւավորվել է 2021 թվականի հունիսի 20-ին տեղի ունեցած խորհրդարանական արտահերթ ընտրությունների արդյունքում, իսկ պատգամավորները իրենց լիազորությունները ստանձնել են օգոստոսի 2-ին առաջին նիստի երդման արարողությամբ։ Այսինքն՝ օգոստոսի 2-ից սկսած՝ նրանք ունեին մեկ ամիս ժամանակ պահանջվող հայտարարագրերը ներկայացնելու համար։ Հունվարի 12-ի դրությամբ Վահե Հակոբյանի էջում առկա վերջին հայտարարագիրը 2018 թվականին Սյունիքի մարզպետի լիազորությունները դադարեցնելու հայտարարագիրն էր։ Համաձայն «Հանրային ծառայության մասին» օրենքի 36-րդ հոդվածի 3-րդ մասի՝ եթե հայտարարատու պաշտոնատար անձը պաշտոնեական պարտականությունները դադարեցնելու հայտարարագիրը ներկայացնելուց հետո մինչեւ տվյալ տարվա դեկտեմբերի 31-ը նշանակվում (ընտրվում) է նույն օրենքին համապատասխան հայտարարագրման պարտականություն նախատեսող պաշտոնում, ապա նա պաշտոնեական պարտականություններն ստանձնելու հայտարարագիր չի ներկայացնում: Քանի որ Վահե Հակոբյանը պատգամավոր է ընտրվել պաշտոնեական լիազորությունները դադարեցնելուց 3 տարի անց, օրենքի այս դրույթը նրա դեպքում կիրառելի չէ, ուստի նա եւս պետք է ներկայացներ պաշտոնեական լիազորությունները ստանձնելու հայտարարագիր։ Պատգամավորներ Մերի Գալստյանի, Հակոբ Ասլանյանի եւ Կարեն Համբարձումյանի էջերում էլ նույն օրվա դրությամբ բացակայում էին 2020 թվականի տարեկան հայտարարագրերը, որոնք պետք է ներկայացված լինեին մինչ 2021 թվականի մայիսի 31-ը՝ համաձայն «Հանրային ծառայության մասին» օրենքի 36-րդ հոդվածի 1-ին մասի։ Ինչ վերաբերում է Դավիթ Դանիելյանին, նա 2020 թվականի նոյեմբերի 30-ին դադարեցրել է Կրթության, գիտության, մշակույթի եւ սպորտի նախարարի օգնականի լիազորությունները, որից հետո՝ 2021 թվականի հունվարի 27-ին, նշանակվել է Պետական վերահսկողական ծառայության ղեկավարի օգնական, որից հետո էլ՝ 2021 թվականի հունիսի 20-ին, ընտրվել է ԱԺ պատգամավոր։ Հաշվի առնելով նույն՝ 36-րդ հոդվածի 1-ին մասի պահանջը՝ Դանիելյանը ԿԳՄՍ-ում պաշտոնը դադարեցնելու հայտարարագիրը պիտի ներկայացներ 30-օրյա ժամկետում, այսինքն՝ մինչ 2020 թվականի դեկտեմբերի 30-ը, սակայն հայտարարագրում առկա տվյալների համաձայն՝ այն ներկայացվել է 2021 թվականի օգոստոսի 12-ին, այսինքն՝ պաշտոնը դադարեցնելուց գրեթե 9 ամիս անց։ Նույն դրույթի համաձայն՝ ՊՎԾ-ում աշխատանքի անցնելուց հետո՝ 30-օրյա ժամկետում, այսինքն՝ մինչ 2021 թվականի փետրվարի 27-ը, Դանիելյանը պիտի ներկայացներ նաեւ պաշտոնեական լիազորությունները ստանձնելու հայտարարագիր, որը, սակայն, նրա էջում բացակայում էր։ Հաշվի առնելով վերոգրյալը՝ հունվարի 12-ին գրավոր հարցմամբ դիմեցինք Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողով՝ հետաքրքրվելով՝ արդյո՞ք պատգամավորները չեն ներկայացրել հիշյալ հայտարարագրերը, եթե այո, ապա նրանցից յուրաքանչյուրի վերաբերյալ հարուցվե՞լ է վարչական վարույթ, եւ կիրառվե՞լ է արդյոք պատասխանատվության միջոց թե՞ ոչ։ Հայտարարագրերը ներկայացրած լինելու պարագայում խնդրել էինք հայտնել պաշտոնական ռեեստրում դրանց հասանելի չլինելու պատճառները եւ տրամադրել այդ հայտարարագրերը կամ համապատասխան հղումները։ 8 պատգամավորից 6-ը Infocom-ի հարցումից հետո է ներկայացրել պահանջվող հայտարարագրերը Մեր հարցմանն ի պատասխան՝ հունվարի 19-ին ԿԿՀ-ից տեղեկացրին, որ հիշյալ բոլոր պատգամավորները, բացառությամբ Դավիթ Դանիելյանի, ներկայացրել են պահանջվող հայտարարագրերը։ Լրացուցիչ գրավոր հարցմամբ խնդրեցինք հստակեցնել, թե յուրաքանչյուրը երբ է ներկայացրել, եւ եթե կան պատգամավորներ, որոնք հայտարարագրերը ներկայացրել են հիմնական ժամանակի ավարտից հետո լրացուցիչ ծանուցում ստանալու արդյունքում միայն, ապա երբ են ուղարկվել այդ ծանուցումները։ Ի պատասխան այս հարցման՝ հունվարի 27-ին ԿԿՀ-ից հայտնեցին, որ հայտարարագրերը արդեն հասանելի են պաշտոնական ռեեստրում, եւ դրանցում արտացոլված են ներկայացնելու օրերը։ Ուսումնասիրելով այդ հայտարարագրերը՝ պարզ է դառնում, որ հիշյալ 8 պատգամավորներից 6-ը հայտարարագրերը ներկայացրել է մեր առաջին հարցումից՝ հունվարի 12-ից օրեր անց միայն։ Մասնավորապես, Խաչատուր Սուքիասյանը հայտարարագիրը ներկայացրել է 2022 թվականի հունվարի 16-ին, Վիգեն Խաչատրյանը, Գուրգեն Մելքոնյանը, Հակոբ Ասլանյանը, Կարեն Համբարձումյանը՝ հունվարի 17-ին, Մերի Գալստյանը՝ հունվարի 18-ին։ Ինչ վերաբերում է Հայկ Մամիջանյանին եւ Վահե Հակոբյանին, նրանք հայտարարագրերը ներկայացրել էին մեր հարցումից ավելի վաղ՝ համապատասխանաբար հունվարի 11-ին եւ հոկտեմբերի 27-ին։  Նախորդ տարվա հունիսի 7-ին ԿԿՀ-ն հայտարարեց, որ 2021 թվականի հունիսի 1-ին կամ դրանից հետո պաշտոն ստանձնած եւ պաշտոնը դադարեցրած հայտարարատու պաշտոնատար անձանց եւ նրանց ընտանիքի անդամների հայտարարագրերի ներկայացման գործընթացը ժամանակավորապես կասեցվել է՝ հաշվի առնելով, որ օրենսդրական փոփոխությունների արդյունքում փոխվել են հայտարարագրերի համապատասխան ձևանմուշները, իսկ 3 ամիս անց՝ սեպտեմբերի 9-ին, տեղեկացրեց, որ համակարգն արդեն վերագործարկվել է։ Միաժամանակ հանձնաժողովը հորդորեց հնարավորինս շուտ  կատարել օրենքով սահմանված հայտարարագրման պարտավորությունը՝ վերջնաժամկետ սահմանելով 2021 թվականի հոկտեմբերի 4-ը։ Ստացվում է, որ անկախ գործընթացի՝ տեխնիկակական պատճառներով կասեցումից՝ հիշյալ բոլոր պատգամավորները ժամկետի խախտմամբ են ներկայացրել իրենց հայտարարագրերը։ «Վարչական իրավախախտումների մասին» օրենսգրքի 169․28-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն՝ հայտարարատու անձը ենթարկվում է վարչական պատասխանատվության, եթե «Հանրային ծառայության մասին» օրենքով սահմանված ժամկետները լրանալուց հետո՝ 30-օրյա ժամկետում, Հանձնաժողովի գրավոր ծանուցման հիման վրա դարձյալ չի ներկայացնում հայտարարագիրը։ Մենք գրել էինք, որ օրենքի այս դրույթից հետեւում է, որ գրավոր ծանուցումը պիտի ուղարկվի հիմնական մեկամսյա ժամանակի լրանալուց հետո՝ այնպես, որ անձը դրա հիման վրա եւս մեկ ամիս ժամանակ ունենա՝ հայտարարագիրը ներկայացնելու համար։ Հարցազրույցի ընթացքում մեր այս հետեւությանը համաձայնել էր ԿԿՀ հայտարարագրերի վերլուծության վարչության պետ Կարեն Հակոբյանը (ինչի վերաբերյալ ձայնագրությունն առկա է), այդ իսկ պատճառով մենք եզրակացրել էինք, որ վերոհիշյալ պատգամավորների դեպքում, բացառությամբ Վահե Հակոբյանի, հայտարարագրերը ներկայացվել են նաեւ այդ լրացուցիչ մեկամսյա ժամկետի ավարտից հետո, թեեւ նրանց նկատմամբ վարչական վարույթներ չեն հարուցվել։ Սակայն նյութի հրապարակումից հետո մեզ հետ կապ հաստատեց ԿԿՀ նախագահ Հայկուհի Հարությունյանը, ով, մեկնաբանելով օրենքի այս դրույթը, նշեց, որ գրավոր ծանուցում ուղարկելու համար ժամկետ սահմանված չէ։ Նա նաեւ տեղեկացրեց, որ համակարգն ավտոմատացված չէ, հայտարարագրեր չներկայացնելու փաստն ինքնին չի արձանագրվում, եւ Հանձնաժողովը հայտարարատուներին ուղարկում է գրավոր ծանուցումը այն ժամանակ, երբ նկատում է, որ որեւէ հայտարարագիր բացակայում է։ Դրանից բացի, մենք հարցմամբ խնդրել էինք նշել՝ կա՞ն պատգամավորներ, որոնք համապատասխան հայտարարագիրը չեն ներկայացրել «Հանրային ծառայության մասին» օրենքի 36-րդ հոդվածով սահմանված ժամկետում, եւ «Վարչական իրավախախտումների մասին» ՀՀ օրենսգրքի 169. 28-րդ հոդվածի համաձայն՝ նախքան վարչական վարույթ հարուցելը նրանց ուղարկվել է գրավոր ծանուցում՝ լրացուցիչ 30-օրյա ժամկետ տրամադրելու համար (կամ այդ մասին տեղեկացվել է էլեկտրոնային եղանակով կամ հեռախոսազանգով)։ Հարցմանն ի պատասխան՝ ԿԿՀ-ից տեղեկացրել են․ «Վերոնշյալ հայտարարատուները ծանուցվել են էլեկտրոնային եղանակով եւ հեռախոսազանգով, եւ քանի որ Հանձնաժողովի նպատակը հայտարարագրերը ստանալն է, իսկ նշված հայտարարատուները արդեն ներկայացրել են պահանջվող հայտարարագրերը, հետեւաբար հանձնաժողովում վարույթներ չեն հարուցվել»։ Քանի որ մեր հարցը վերաբերում էր լրացուցիչ 30-օրյա ժամկետ տրամադրելու համար ծանուցելուն, մենք ենթադրել ենք, որ ստացված պատասխանում Հանձնաժողովը նկատի է ունեցել հենց այդ ծանուցումը։ Սակայն Հայկուհի Հարությունյանի հետ զրույցում պարզ դարձավ, որ թյուրընկալում է տեղի ունեցել, եւ Հանձնաժողովը նկատի է ունեցել այն, որ հիշյալ պատգամավորներին ծանուցել են՝ տեղեկացնելու համար, որ իրենք այսուհետ հայտարարատու անձինք են, իսկ այդ ծանուցումը կատարվել է ուշ, քանի որ նրանց վերաբերյալ տեղեկությունը Հանձնաժողովին ուշ է փոխանցվել։ Տեխնիկական խնդիրներով պայմանավորված՝ հայտարարագրերը ուշ են հրապարակվել «Հանրային ծառայության մասին» օրենքի 43-րդ հոդվածը սահմանում է, որ հայտարարագիրը դրա հանձնման օրվան հաջորդող 5-րդ օրը հրապարակվում է Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովի պաշտոնական կայքէջում։ Ուստի ԿԿՀ-ից խնդրեցինք պպարզաբանել նաեւ, թե որն է պատճառը, որ համեմատաբար ավելի վաղ ներկայացված հայտարարագրերը (օրինակ՝ Վահե Հակոբյանի կամ Հայկ Մամիջանյանի հայտարարգրերը) դարձյալ ժամկետի խախտմամբ են հրապարակվել։ Հայտարարագրերի վերլուծության վարչության պետ Կարեն Հակոբյանը մեր զրույցում պարզաբանեց, որ բուն խնդիրը կապված է հայտարարատու անձանց անձնական տվյալների գաղտնիության ապահովման հետ (նույն՝ 43-րդ հոդվածի 4-րդ մասի համաձայն՝ Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովն ապահովում է հրապարակման ոչ ենթակա տվյալների պաշտպանությունը)․ «Երբ նշվում է հայտարարատու անձի մարզը, համայնքը, փողոցը, շենքը, բնակարանը, Կառավարության որոշմամբ սահմանված կարգով որոշ դեպքերում փակվում է դրանց մի հատվածը, ոչ ամբողջությամբ, հրապարակելուց հետո, սակայն, նշված տվյալները կամ ամբողջությամբ էին փակվում, կամ ամբողջությամբ բաց էին մնում, երկու դեպքում էլ խնդիր է։ Քանի որ համակարգը վաղուց է ներդրված, արդիականացման խնդիր կա, եւ հիմա տեխնիկական մասնագետները աշխատում են, այդ պատճառով այդ գործընթացը մի փոքր ավելի երկար տեւեց»,- ասաց Հակոբյանը։ Մեր հարցին, թե ինչպես է, որ հայտարարատու այլ անձանց դեպքում նման խնդիր չի առաջացել, իսկ հիշյալ պատգամավորների դեպքում առաջացել է, Հակոբյանը պատասխանեց, որ դա եւս ծրագրային խնդիր է․ «Այնպես չէ, որ չի առաջանում, չենք բացառում, որ լինեն դեպքեր, երբ նման խնդիր լինի, պատահում է՝ հայտարարատուներն են բացահայտում, դիմում մեզ, պատահաում է՝ մենք ենք բացահայտում, լուծում տալիս, բայց հնարավորինս փորձում ենք խնդիրը լուծել, նոր հրապարակել, որպեսզի երկու կողմի համար էլ խնդիրներ չառաջացնենք»։ Դավիթ Դանիելյանի՝ ՊՎԾ-ում պաշտոնեական լիազորությունները ստանձնելու հայտարարագիրը մինչ օրս բացակայում է Ինչ վերաբերում է Դավիթ Դանիելյանի կողմից ԿԳՄՍ-ում պաշտոնը դադարեցնելու հայտարարագիրը սահմանված ժամկետի խախտմամբ ներկայացնելուն, մեր հարցման պատասխանում նշել են, որ դա պայմանավորված է եղել 2020 թվականի սեպտեմբերի 27-ին ՀՀ-ում հայտարարված ռազմական դրությամբ, որի պայմաններում անվտանգության նկատառումներից ելնելով՝ հոկտեմբերի 4-ից կասեցվել է հայտարարագրման էլեկտրոնային համակարգ մուտք գործելու հնարավորությունը։ Անդրադառնալով Դավիթ Դանիելյանի մեկ այլ՝ ՊՎԾ-ում պաշտոնեական լիազորությունները ստանձնելու վերաբերյալ հայտարարագիրը չներկայացնելուն՝ ԿԿՀ-ից հայտնել են, որ 2021 թվականի օգոստոսի 5-ին ԿԿՀ կայքում հրապարակվել է հայտարարագիր չներկայացրած անձանց ցուցակ, որտեղ առկա է նաեւ Դավիթ Դանիելյանի անունը՝ բացակայող հայտարարագրերի վերաբերյալ տեղեկություններով, սակայն 2022 թվականի հունվարի 18-ի դրությամբ Դանիելյանը դեռ չի ներկայացրել այդ հայտարարագիրը․ «Նշված հայտարարատուին ուղարկվել է ծանուցում՝ հայտարարագիրը օրենքով սահմանված կարգով 30-օրյա ժամկետում ներկայացնելու համար: Հայտարարագիրը նշված ժամկետում չներկայացնելու դեպքում Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովը կհարուցի վարչական իրավախախտման վերաբերյալ վարույթ»,- ասված է հարցման պատասխանում: Նշենք, որ Դավիթ Դանիելյանի դեպքում եւս լրացել է ոչ միայն հայտարարագիր ներկայացնելու հիմնական ժամանակը, այլ նաեւ լրացուցիչ մեկամսյա ժամկետը։ Ավելին, դրա լրանալուց հետո՝ 2021 թվականի օգոստոսի 5-ի դրությամբ, Հանձնաժողովը նրա անունը ներառել է հայտարարագիր չներկայացրած անձանց ցուցակում, սակայն ծանուցում դարձյալ չի ուղարկել։ Հասկանալու համար, թե որն է դրա պատճառը, եւ ի վերջո երբ է Դավիթ Դանիելյանին ուղարկվել գրավոր ծանուցումը, Հայտարարագրերի վերլուծության վարչության պետ Կարեն Հակոբյանին խնդրեցինք այս հանգամանքը եւս պարզաբանել։ Վերջինս մեր զրույցում շնորհակալություն հայտնեց խնդիրը վեր հանելու համար եւ տեղեկացրեց, որ Դանիելյանին եւս գրավոր ծանուցումն ուղարկվել է մեր հարցումից հետո՝ 2022 թվականի հունվարի 18-ին․ «Որոշ մասերով տեխնիկական խնդիրներ ենք ունեցել, որի արդյունքում տվյալները ամբողջությամբ չեն արտահանվել, նման բացթողումներ հնարավոր է լինեն, չեմ բացառում, դրա համար հիմա մենք աշխատում ենք նոր համակարգի ստեղծման վրա, պայմանագիրն արդեն կնքված է, ենթադրաբար առաջիկա մեկ տարվա ընթացքում նմանատիպ բոլոր հարցերը կկարգավորվեն, եւ հետագայում ավելի հստակ կկարողանանք ցանկացած տվյալ շատ ավելի սեղմ եւ հստակ ժամկետում տրամադրել»,- ասաց նա։  Հարցին՝  օրենքով կամ իրավական այլ ակտով ամրագրվա՞ծ է արդյոք, որ նախքան գրավոր ծանուցում ուղարկելը Հանձնաժողովը կարող է կամ պետք է իր կայքում հրապարակի համապատասխան հայտարարագրեր չներկայացրած անձանց ցուցակը, Հակոբյանը բացասական պատասխան տվեց՝ նշելով, որ ոչ միշտ են այդպիսի ցուցակներ հրապարակում, իսկ հրապարակելու դեպքում այդպես են վարվում հայտարարատուներին լրացուցիչ ծանուցելու, ինչպես նաեւ հանձնաժողովի գործունեության թափանցիկությունն ու հաշվետվողականությունը ապահովելու համար։ Որպես կանոն՝ ցուցակը հրապարակելուց հետո հայտարարատու անձանց տալիս են մեկամսյա ժամկետ, որը լրանալուց հետո միայն, եթե հայտարարագրերը դարձյալ չեն ներկայացնում, օրենքով սահմանված կարգով ուղարկում են գրավոր ծանուցում։ Այսպիսով, մեր ուսումնասիրությունը ցույց տվեց, որ ԱԺ որոշ պատգամավորներ խախտել են հայտարարագրերը ներկայացնելու օրենքով սահմանված ժամկետները, իսկ Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովը դրանք ուշ է հրապարակել՝ տեխնիկական խնդիրներով պայմանավորված։    Միլենա Խաչիկյան
20:05 - 31 հունվարի, 2022
ԵԽԽՎ-ի դիտողություններն ու առաջարկները, որոնց մասին Ռուբեն Ռուբինյանը չի նշել

ԵԽԽՎ-ի դիտողություններն ու առաջարկները, որոնց մասին Ռուբեն Ռուբինյանը չի նշել

Երեկ Ազգային ժողովի փոխխոսնակ Ռուբեն Ռուբինյանը ֆեյսբուքյան գրառմամբ տեղեկացրեց, որ Եվրոպայի խորհրդի Խորհրդարանական վեհաժողովն (ԵԽԽՎ) ընդունել է «Հայաստանում ժողովրդավարական ինստիտուտների գործունեությունը» բանաձևը։ Ռուբինյանն իր գրառման մեջ անդրադարձավ միայն ԵԽԽՎ-ի՝ Հայաստանի մասին հնչեցրած դրական գնահատականներին։ Երեկ ընդունված բանաձևում, սակայն, ԵԽԽՎ-ն անդրադարձել է նաև որոշ խնդրահարույց հարցերի և խորհուրդներ ուղղել Հայաստանի իշխանություններին։ Անդրադառնանք այդ հարցերին առանձին-առանձին։   Ընտրություններ «Վեհաժողովը գովասանքի է արժանացրել 2018 թվականի դեկտեմբերին և 2021 թվականի հունիսին անցկացված համապետական ընտրությունները, որոնք զերծ էին նախկինում արձանագրված խախտումներից։ Չնայած լարված հետպատերազմյան մթնոլորտին՝ արտահերթ խորհրդարանական ընտրությունները գնահատվել են որպես ժողովրդավարական։ Բանաձևում նշվում է գոհունակություն առ այն, որ ընդդիմությունն ընդունել է ընտրությունների արդյունքները և չի բոյկոտել նորընտիր խորհրդարանի գործունեությունը»,- գրել է Ռուբինյանը։ ԵԽԽվ-ն, սակայն, ի թիվս այս ամենի, խոսել է նաև քաղաքական մթնոլորտի մասին, որում տեղի ունեցան 2021-ի հունիսի ընտրությունները։  Բանաձևում նշվում է, որ այդ ընտրությունները բնութագրվում էին ինտենսիվ բևեռացմամբ և խաթարվեցին հիմնական մրցակիցների շրջանում գնալով ավելի բորբոքվող հռետորաբանությամբ: Բանաձևում նաև ասվում է․ «Վեհաժողովն ափսոսում է, որ կանայք նախընրտական քարոզարշավի ընթացքում երկրորդ պլան էին մղված, չնայած վերջում ընտրական օրենսդրությունը բերեց խորհրդարանում նրանց ներկայացվածության աճի։ Վեհաժողովը կոչ է անում քաղաքական կուսակցություններին փոխել այս մշակույթը, քանի որ սեռերի հավասար ներկայացվածությունն ընտրված պաշտոններում պետք է ամրապնդվի կանանց՝ քաղաքական կյանքին ակտիվ մասնակցելու իրական հնարավորությամբ»։ «Վեհաժողովն ընդհանուր դրական գնահատական է տվել ընտրական և օրենսդրական բարեփոխումներին և կոչ արել Հայաստանի իշխանություններին դրանք ավարտին հասցնել՝ հաշվի առնելով Վենետիկի հանձնաժողովի և ԵԱՀԿ/ԺՀՄԻԳ-ի առաջարկությունները»,- գրել է Ռուբինյանը՝ չկոնկրետացնելով, թե ինչ է առաջարկել ԵԽԽՎ-ն։ Իսկ բանաձևում նշվում են ԵԱՀԿ/ԺՀՄԻԳ-ի հետևյալ առաջարկությունները՝ վերացնել երկքաղաքացիություն ունեցողների՝ ընտրություններին մասնակցելու արգելքը և ընտրողներին իրենց ընտրատարածքում քվեարկության արդյունքները վիճարկելու հնարավորություն տալ։ «Անդրադառնալով իշխանության և ընդդիմության փոխհարաբերություններին՝ Վեհաժողովը կոչ է արել կողմերին համագործակցել միմյանց հետ»,- գրել է Ռուբինյանը: Վերջինս, սակայն, բաց է թողել բանաձևի այն հատվածը, որտեղ Վեհաժողովը դատապարտում է 2021 թվականի օգոստոսին Ազգային ժողովի մեծամասնության և ընդդիմության միջև տեղի ունեցած բռնի միջադեպերը։  Բանաձևի նույն կետում Վեհաժողովը նշում է, որ ընդդիմության իրավունքները պաշտպանելու համար գործառնական մեխանիզմներ կան, որոնք վերջինիս թույլ են տալիս կատարել իր դերն ու այլընտրանքներ առաջարկել, սակայն նաև խորհրդարանական մեծամասնությանը կոչ է անում ամբողջությամբ կատարել իր դերը՝ կառավարության գործողությունները վերահսկելու և վերանայելու համատեքստում, քանի որ նրան է պատկանում մանդատների ճնշող մեծամասնությունը։    Դատական և այլ բարեփոխումներ, ՍԴ ճգնաժամ «Վեհաժողովը գովասանքով է անդրադարձել Հայաստանում հակակշիռների և զսպումների գործող արդյունավետ համակարգին»,- գրել է Ռուբինյանը: Վեհաժողովը զսպումների և հակակշիռների մեխանիզմներից խոսելիս անդրադարձել է ՀՀ նախագահի և Մարդու իրավունքների պաշտպանի ինստիտուտներին։ Բանաձևում նշված է, որ ՄԻՊ-ի անկախությունն ամուր հաստատված է, սական ԵԽԽՎ-ն կոչ է անում իշխանություններին հետևել Վենետիկի հանձնաժողովի առաջարկներին՝ աշխատակազմ հավաքագրելու և կառավարման քաղաքականության հարցերում ՄԻՊ-ի անկախությունն ամրապնդելու մասով։ «Վեհաժողովը կոչ է արել շարունակել դատական բարեփոխումների իրականացումը: Նաև ընդգծվել է Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովի կարևոր դերը և գործունեությունը»,- գրել է Ռուբինյանը: Բանաձևում և՛ դատական բարեփոխումներին, և՛ Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովին մանրամասն անդրադարձ կա։ «Վեհաժողովը իշխանություններին կոչ է անում Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովին ապահովել համապատասխան ռեսուրսներով՝ ընդհանուր առմամբ՝ հանրային պաշտոնյաների ու մասամբ՝ դատավորների շահերի և ունեցվածքի բացահայտման նպատակով ստուգումներ իրականացնելու, ինչպես նաև քաղաքական կուսակցությունների ֆինանսական վերահսկողության համար։ Վեհաժողովը նաև առաջարկում է օգտվել Սահմանադրության հաջորդ վերանայումից՝ ուսումնասիրելու այս հանձնաժողովի անկախության ամրապնդման հնարավորությունը՝ սահմանադրականացնելով նրա կարգավիճակը»,- ասվում է բանաձևում: Իսկ դատական բարեփոխումները շարունակելու համատեքստում ԵԽԽՎ-ն նշում է հետևյալ կետերի իրականացումը․ Բարձրագույն դատական խորհրդի կարգապահական գործերով որոշումները բողոքարկելու պատշաճ մեխանիզմ ներդնել, արդարադատության իրականացմանն անհարկի միջամտության դեմ պատժամիջոցների առումով շոշափելի արդյունքներ ապահովել, ստեղծել չեզոք և իրավասու մարմին՝ դատական համակարգում ոչ պատշաճ ազդեցությունների, շահերի բախման և կոռուպցիայի վերաբերյալ դատավորներին կոնֆիդենցիալ խորհրդատվություն տրամադրելու համար։ Վեհաժողովն առանձին կետերով անդրադարձել է նաև իրավապահ մարմիններին և Սահմանադրական դատարանի շուրջ 2019-ի ճգնաժամին։ «Վեհաժողովը Հայաստանի իշխանություններին կոչ է անում իրականացնել Ներքին գործերի նախարարությունը վերականգնելու ծրագիրը և այդ նախարարությանը վստահել մի քանի իրավապահ մարմիններ, որոնք այս պահին վարչապետի անմիջական վերահսկողության ներքո են։ Այս հանձնարարականը կմեծացնի կառավարության հաշվետվողականությունը խորհրդարանի առջև իրավապահ մարմինների վերաբերյալ ցանկացած հարցով։ Վեհաժողովը նաև առաջարկում է իշխանություններին ուսումնասիրել վարչապետի իրավասության ներքո գտնվող մի քանի քննչական մարմիններն անկախացնելու հնարավորությունը»,- նշված է բանաձևում։ Բանաձևում անդրադարձ է կատարվում նաև ՍԴ անդամների՝ վաղ կենսաթոշակի անցնելու կարգավորմանը․ «Վեհաժողովն ափսոսանք է հայտնում, որ Հայաստանի իշխանությունները չեն հետևել Վենետիկի հանձնաժողովի առաջարկներին այն մասով, որ ՍԴ անդամների՝ վաղաժամ թոշակի անցնելու սխեման պետք է լինի կամավոր և ոչ կտրուկ ու անհապաղ՝ դատավորների անփոփոխելիության սկզբունքը խաթարելուց խուսափելու համար։ Վեհաժողովը նշում է, որ անփոփոխելիության սկզբունքը քաղաքական իշխանություններից դատական համակարգի անկախության երաշխիքն է, որը պետք է հարգվի»։   Խոսքի ազատություն «Կոչ է արվել նաև իրականացնել միջոցառումներ՝ մի կողմից խոսքի ազատության և մարդու արժանապատվությունն ապահովելու և մյուս կողմից ապատեղեկատվության ու ատելության խոսքի դեմ պայքարելու միջև բալանս ապահովելու ուղղությամբ, ինչպես նաև շարունակելու ոլորտային բարեփոխումները»,- գրել է Ռուբինյանը: Վեհաժողովը անդրադրաձել է կորոնավիրուսային իրավիճակով և ռազմական դրությամբ պայմանավորված սահմանափակումներին՝ նշելով․ «Թե՛ կորոնավիրուսային համավարակի համատեքստում խուճապ առաջացնող կեղծ տեղեկությունների և հրապարակումների տարածման, թե՛ ռազմական դրությամբ պայմանավորված սահմանափակումների մասով իշխանությունները միտված էին կտրուկ քայլեր ձեռնարկելու, որոնք ակնհայտորեն չափազանցված էին՝ հաշվի առնելով խոսքի ազատության սահմանափակումները, որքան էլ նպատակն օրինական էր»։  Բանաձևում նշվում է՝ ՀՀ ՄԻՊ-ի նախաձեռնությամբ ռազմական դրության ընթացքում սահմանափակումների դատական վերանայումն արդյունավետ էր։ Անդրադառնալով զրպարտության և վիրավորանքի քրեականացմանը՝ ԵԽԽՎ-ն վերահաստատել է իր դիրքորոշումը, որ զրպարտությունը չպետք է քրեականացվի, ինչպես նաև կոչ է արել իշխանություններին, բացի կանխարգելիչ պատիժներից, զարգացնել ապատեղեկատվության և ատելության խոսքի դեմ պայքարի գործիքներ։ Այպիսով, Ռուբեն Ռուբինյանը ԵԽԽՎ-ի ընդունած բանաձը ներկայացնելիս գրել է հիմնականում այն կետերի մասին, որոնցում Վեհաժողովը դրական կարծիք է հայտնել Հայաստանում կատարված/կատարվող բարեփոխումների վերաբերյալ, իսկ ԵԽԽՎ-ի դիտողություններն ու առաջարկները Ռուբինյանը բաց է թողել։ Բանաձևի քվեարկությանը մասնակցել է ԵԽԽՎ 324 պատգամավորներից 80-ը, ձայները բաշխվել են հետևյալ կերպ՝ 50 կողմ, 14 դեմ, 16 ձեռնպահ։ Դեմ քվեարկողների թվում է ՀՀ ԱԺ «Պատիվ ունեմ» խմբակցության պատգամավոր Հայկ Մամիջանյանը, որն ասյօր խոսել է դեմ քվեարկելու պատճառների մասին։ Գլխավոր լուսանկարը՝ ԵԽԽՎ կայքից Աննա Սահակյան
16:35 - 28 հունվարի, 2022
Թուրքիայի արտգործնախարարը չի ասել, թե Փաշինյանը խոստացել է այցելել Թուրքիա․ Չավուշօղլուի խոսքը սխալ է ներկայացվել

Թուրքիայի արտգործնախարարը չի ասել, թե Փաշինյանը խոստացել է այցելել Թուրքիա․ Չավուշօղլուի խոսքը սխալ է ներկայացվել

Հայկական pastinfo.am լրատավականն այսօր հրապարակել է մի լուր (ավելի ուշ լուրն արտատպվել է նաեւ lurer.com եւ hayeli.am կայքերում), ըստ որի Թուրքիայի արտգործնախարար Մեւլութ Չավուշօղլուն հայտարարել է, թե ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը խոստացել է այցելել Թուրքիա։ Լրատվամիջոցը հղում է արել «Sputnik Азербайджан»-ին։ Մինչ անդրադառնալը, թե Չավուշօղլուն իրականում ինչ է ասել, նշենք, որ ադրբեջանական «Sputnik Азербайджан» կայքում նման բովանդակությամբ նյութ չկա։ Տելեգրամյան նույնանուն ալիքում կա խմբագրվածի նշումով մի լուր, որտեղ ասված է, թե թուրքական արտաքին գերատեսչության ղեկավար Չավուշօղլուն նշել է, թե Անթալիայի դիվանագիտական ֆորումին հրավիրվել են նաեւ ՀՀ արտգործնախարար Արարատ Միրզոյանն ու Հայաստան-Թուրքիա երկխոսության գործընթացում Հայաստանի հատուկ ներկայացուցիչ Ռուբեն Ռուբինյանը։ Ըստ ադրբեջանական աղբյուրի՝ Չավուշօղլուն հայտնել է, որ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը հայտարարել է, որ հրավիրյալները կարող են մասնակցություն ունենալ ֆորումի աշխատանքներին։ Այս լուրն, ինչպես նշեցինք, տելեգրամյան ալիքում փոփոխվել է։ «Փաշինյանը խոստացել է այց կատարել Թուրքիա․ Չավուշօղլու» վերտառությամբ լուրը ի սկզբանե տարածվել է ադրբեջանական լրատվադաշտում, սակայն հետագայում լուրերի վերնագրերը խմբագրվել են, ինչպես, օրինակ report.az կայքի պարագայում։ Report.az-ը գրել է, թե հայկական պատվիրակությունը կայցելի Թուրքիա։ Դարձյալ հղում է արվել Չավուշօղլուին՝ նշումով, որ նա ասել է, թե դրա մասին հայտարարել է Նիկոլ Փաշինյանը։ «Անատոլիայի դիվանագիտական ֆորումին մասնակցություն կունենան 50 նախարարներ, միջազգային կազմակերպությունների 30 ներկայացուցիչներ։ Ուզում ենք, որ լսելի լինի յուրաքանչյուրի ձայնը։ Մենք հրավիրել ենք նաեւ Հայաստանի ներկայացուցիչներին։ Հայաստանի արտգործնախարար Արարատ Միրզոյանն ու հատուկ ներկայացուցիչ Ռուբեն Ռուբինյանը մասնակցություն կունենան ֆորումին։ Դրա մասին հայտարարել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը։ Ուրախ կլինենք, եթե դա տեղի ունենա»,- ասված է կայքում։ Ըստ ամենայնի կայքն այսպիսի տեքստ հրապարակելիս օգտվել է թուրքական մերձկառավարական dailysabah.com լրատավական կայքի մի հրապարակումից, որտեղ գրեթե նույն տեքստն է գրված՝ դարձյալ Չավուշօղլուին հղումով, սակայն ոչ ուղղակի մեջբերմամբ։ Թուրքական մեկ այլ հայտնի լրատվամիջոցից՝ Անադոլուից, սակայն, տեղեկանում ենք, որ Չավուշօղլուն ոչ թե ասել է, որ Փաշինյանը այցելելու է Թուրքիա, այլ որ չի բացառվել հնարավորությունը, որ ՀՀ արտգործնախարարն ու հատուկ ներկայացուցիչը կարող են մասնակցել Անթալիայի դիվանագիտական ֆորումին։ Մասնավորապես «Անադոլու» լրատվականում նշված է, որ Չավուշօղլուն ասել է հետեւյալը․ «Հայաստանի արտգործնախարարին (Արարատ Միրզոյան) եւ հատուկ ներկայացուցիչ Ռուբեն Ռուբինյանին հրավիրել ենք։ (Հայաստանի վարչապետ Նիկոլ) Փաշինյանը վերջերս ասել է, որ մեր հրավիրած անձինք կարող է մասնակցեն Անթալիայի դիվանագիտական ֆորումին։ Ուրախ կլինենք, քանի որ Ադրեբեջանն էլ է մասնակցելու: Այստեղ Ադրբեջանն էլ թող իր կարծիքը ասի, Հայաստանն էլ։ Նույն կերպ այն կլինի նաև վստահության աճին միտված քայլերի մասը»:  Նշենք, որ օրերս առցանց ասուլիսի ժամանակ լրատվամիջոցների հարցերին պատասխանելիս էր Նիկոլ Փաշինյանը հայտնել, որ մեծ հավանականությամբ Հայաստանը կընդունի Թուրքիայում անցկացվող Անթալիայի դիվանագիտական ֆորումին մասնակցելու հրավերը․ «Բայց ամեն ինչ կախված է այդ պահին առկա իրավիճակից»,- ասել էր նա։ Հավելենք նաեւ, որ այսօր լրագրողների հետ ճեպազրույցում ՀՀ ազգային ժողովի արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի նախագահ Էդուարդ Աղաջանյանը հայտնել է, որ ֆորումին մասնակցելու վերաբերյալ վերջնական որոշում դեռեւս չկա։ Հայարփի Բաղդասարյան
19:18 - 27 հունվարի, 2022