Զոհրաբ Մնացականյան

ՀՀ արտաքին գործերի նախկին նախարար։ Ծնվել է 1966թ մարտի 20-ին։ 1990 թ. - Միջազգային տնտեսական հարաբերությունների ֆակուլտետ, Մոսկվայի միջազգային հարաբերությունների պետական ինստիտուտ, Մոսկվա, Ռուսաստան։ 1989 թ. - Ակադեմիական ստաժ եւ աշխատանքային գործուղում, ԱՄՆ-ում ԽՍՀՄ դեսպանություն, Վաշինգտոն, ԱՄՆ։ 1991 թ. - Մագիստրոսի աստիճան արեւմտաեվրոպական քաղաքականության բնագավառում, քաղաքագիտության ֆակուլտետ, Մանչեսթերի Վիկտորիա համալսարան, Մանչեսթեր, Մեծ Բրիտանիա 1989 թ. Անցել է աշխատանքային գործուղում ԱՄՆ-ում ԽՍՀՄ դեսպանությունում։ 1990 թ. ավարտել է Մոսկվայի միջազգային հարաբերությունների պետական ինստիտուտի միջազգային տնտեսական հարաբերությունների ֆակուլտետը։

1991 թ. Մանչեսթերի Վիկտորիա համալսարանի քաղաքագիտության ֆակուլտետում ստացել է մագիստրոսի աստիճան արեւմտաեվրոպական քաղաքականության բնագավառում։ 1991-1993 թթ. - Երրորդ, հետագայում երկրորդ քարտուղար, Եվրոպայի վարչություն, ՀՀ արտաքին գործերի նախարարություն, Երեւան, Հայաստան 1993-1997 թթ. - Երկրորդ, հետագայում առաջին քարտուղար, Մեծ Բրիտանիայում ՀՀ դեսպանություն, Լոնդոն, Մեծ Բրիտանիա 1995-1997 թթ. - Առաջին քարտուղար (նստավայրը՝ Լոնդոն), Վատիկանում ՀՀ դեսպանություն 1997 թ. - ՀՀ Վարչապետի օգնական, Երեւան, Հայաստան 1997-1998 թթ. - Առաջին եվրոպական վարչության պետ, ՀՀ արտաքին գործերի նախարարություն, Երեւան, Հայաստան 1998-1999 թթ. - Եվրոպայի վարչության պետ, ՀՀ արտաքին գործերի նախարարություն, Երեւան, Հայաստան 1999-2002 թթ. - Արտաքին հարաբերությունների վարչության պետ, ՀՀ նախագահի աշխատակազմ, Երեւան, Հայաստան 2002 թ. ՀՀ նախագահի հրամանագրով նշանակվել է Ժնեւի ՄԱԿ գրասենյակում եւ այլ միջազգային կազմակերպություններում ՀՀ մշտական ներկայացուցիչ, դեսպան (Ժնեւ, Շվեյցարիա)։

2008 թ. հունիսի 9-ին ՀՀ նախագահի հրամանագրով ազատվել է Շվեյցարիայի Համադաշնությունում Հայաստանի արտակարգ եւ լիազոր դեսպանի ու Ժնեւի ՄԱԿ-ի գրասենյակում եւ այլ միջազգային կազմակերպություններում Հայաստանի մշտական ներկայացուցչի պարտականություններից։ 2008 թ. հունիսի 9-ին ՀՀ նախագահի հրամանագրով նշանակվել է Եվրոպայի Խորհրդում ՀՀ մշտական ներկայացուցիչ, դեսպան (նստավայրը՝ Ստրասբուրգ)։ 2011 թ. սեպտեմբերի 15-ին ՀՀ նախագահի հրամանագրով ազատվել է Եվրոպայի Խորհրդում ՀՀ մշտական ներկայացուցչի պարտականություններից։ 2011 թ. սեպտեմբերի 15-ին ՀՀ նախագահի հրամանագրով նշանակվել է ՀՀ արտաքին գործերի նախարարի տեղակալ։ 2014 թ. ապրիլի 22-ին ՀՀ նախագահի հրամանագրով ազատվել է Հայաստանի Հանրապետության արտաքին գործերի նախարարի տեղակալի պաշտոնից՝ այլ աշխատանքի անցնելու կապակցությամբ։

2014 թ. ապրիլի 22-ին ՀՀ նախագահի հրամանագրով նշանակվել է Միավորված ազգերի կազմակերպությունում Հայաստանի Հանրապետության մշտական ներկայացուցիչ (նստավայրը՝ Նյու Յորք)։ 2018 թվականի մայիսի 12-ին հետ է կանչվել Միավորված ազգերի կազմակերպությունում Հայաստանի Հանրապետության մշտական ներկայացուցչի պաշտոնից: 2018 թվականին, հիմք ընդունելով ՀՀ վարչապետի առաջարկությունը, ՀՀ նախագահի կողմից նշանակվել է ՀՀ արտաքին գործերի նախարար: 2020 թվականի նոյեմբերի 16-ին հրաժարականի դիմում է ներկայացրել՝ ազատվելով զբաղեցրած պաշտոնից։

Հայաստանն ու Ռուանդան համատեղ կիրականացնեն նորարարական և հետազոտական ծրագրեր

Հայաստանն ու Ռուանդան համատեղ կիրականացնեն նորարարական և հետազոտական ծրագրեր

Ռուանդա կատարած պաշտոնական այցի շրջանակներում ապրիլի 7-ին Հայաստանի ԱԳ նախարար Զոհրաբ Մնացականյանի գլխավորած պատվիրակությունն այցելեց Smart Africa կենտրոն: Աֆրիկյան երկրների ղեկավարների և կառավարությունների կողմից ստեղծված և մայրցամաքի 25 երկրներին միավորող Smart Africa կենտրոնի նպատակն է ապահովելու մայրցամաքի կայուն սոցիալ-տնտեսական զարգացումը, ինչպես նաև թվային օրակարգի և նորարության վրա հիմնված տնտեսության ստեղծումը: Կենտրոնում տեղի ունեցավ ԱԳ նախարար Մնացականյանի և նրա գլխավորած պատվիրակության հանդիպումը կենտրոնի գլխավոր տնօրեն Լացինա Կոնեի հետ: Վերջինս ներկայացրեց էլեկտրոնային կառավարման և տեխնոլոգիաների ոլորտներում արձանագրված ձեռքբերումները, Աֆրիկա մայրցամաքի թվայնացման ուղղությամբ իրականացվող ծրագրերը և դրանցում այլ երկրների փորձը կիրառելու հնարավորությունները: Զոհրաբ Մնացականյանը Լացինա Կոնեին ներկայացրեց Հայաստանի կառավարության կողմից որդեգրված խելացի զարգացման օրակարգը, որի առանցքը ոլորտում առկա ներուժի համախմբման համար բարենպաստ միջավայրի ձևավորումն է: Համագործակցության և Աֆրիկյան մայրցամաքում հայկական փորձի ներդրման հնարավորությունների և հեռանկարների շուրջ առարկայական քննարկում ծավալելու առումով նախարար Մնացականյանը կարևորեց իր պատվիրակության կազմում հայաստանյան ՏՏ ոլորտի ներկայացուցիչների ընդգրկումը։ Պատվիրակության կազմում ընդգրկված Ձեռնարկությունների Ինկուբատոր Հիմնադրամի (ՁԻՀ) բիզնես զարգացման ղեկավար Ամալյա Եղոյանը և «IUnetworks» ընկերության բիզնես զարգացման ղեկավար Լևոն Բաբայանը ներկայացրեցին տեղեկատվական տեխնոլոգիաների, ստեղծագործ կրթության և էլեկտրոնային կառավարման ոլորտում Հայաստանի փորձը՝ կարևորելով այդ ոլորտներում նաև աֆրիկյան երկրների հետ փորձի փոխանակմանն ուղղված ծրագրերի նախաձեռնումը: Հանդիպման ավարտին նախարար Մնացականյանի ղեկավարած պատվիրակության կազմում Ռուանդա ժամանած Ձեռնարկությունների Ինկուբատոր Հիմնադրամի բիզնես զարգացման ղեկավար Ամալյա Եղոյանը Smart Africa կենտրոնի հետ ստորագրեց փոխըմբռնման հուշագիր, որով նախատեսվում է Հայաստանի և Ռուանդայի միջև համատեղ նորարարական և հետազոտական ծրագրերի իրականացում, բարձր տեխնոլոգիաների և ինժեներության ոլորտներում համագործակցություն, համալսարանների միջև կապերի խթանում, բիզնես շրջանակների փոխգործակցություն:
06:46 - 08 ապրիլի, 2019
Զոհրաբ Մնացականյանն հանդիպել է Ֆրանկոֆոնիայի գլխավոր քարտուղար Լուիզ Մուշիկիվաբոյի հետ

Զոհրաբ Մնացականյանն հանդիպել է Ֆրանկոֆոնիայի գլխավոր քարտուղար Լուիզ Մուշիկիվաբոյի հետ

Պաշտոնական այցելությամբ Ռուանդայում գտնվող Հայաստանի արտգործնախարար Զոհրաբ Մնացականյանն ապրիլի 6-ին հանդիպել է Ֆրանկոֆոնիայի գլխավոր քարտուղար Լուիզ Մուշիկիվաբոյի հետ: Զոհրաբ Մնացականյանը և Լուիզ Մուշիկիվաբոն հանգամանալից անդրադարձել են  Ֆրանկոֆոնիայի գագաթաժողովում Հայաստանի նախագահության առաջնահերթություններին և դրանց իրականացման ուղղությամբ ձեռնարկվող գործնական քայլերին: Այս համատեքստում Հայաստանի արտգործնախարարն ընդգծել է, որ Հայաստանը մեծապես կարևորում է բարձր տեխնոլոգիաների, ստեղծագործ կրթության և նորարարության ոլորտների զարգացմամբ տնտեսության խթանումը և որպես ՖՄԿ գագաթաժողովում նախագահության գերակա ուղղություն, ի թիվս այլոց, Մնացականյանը առանձնացրել է ֆրանկոֆոն տարածաշրջանի պետությունների միջև առևտրատնտեսական բաղադրիչի խթանումը և թվային օրակարգի առաջմղումը, բարձր տեխնոլոգիաների ոլորտում առկա ներուժի արդյունավետ օգտագործումը և այդ ոլորտում հայաստանյան փորձի տեղայնացումը: Նախարար Մնացականյանը նշել է, որ Հայաստանի իշխանությունները քաղաքական հետաքրքրվածություն են դրսևորում առավել ընդլայնելու աֆրիկյան մայրցամաքի երկրների հետ բազմակողմ համագործակցությունը, որի առնչությամբ Ֆրանկոֆոնիայի միջազգային կազմակերպությունը լավ հարթակ է փոխշահավետ շփումների հաստատման և զարգացման գործում: Հայաստանի ԱԳՆ ղեկավարը և Ֆրանկոֆոնիայի գլխավոր քարտուղարը մտքեր են փոխանակել Կազմակերպության առջև ծառացած խնդիրների, դրանց հաղթահարման ուղիների, գործունեության հետագա ծրագրերի, ֆրանկոֆոնիայի շրջանակում տարածաշրջանային ինտեգրացիոն գործընթացների, ինչպես նաև միջազգային այլ կառույցների հետ սերտ համագործակցության շուրջ:
08:36 - 07 ապրիլի, 2019
ԱԳ նախարարը և ԵԽԽՎ նախագահը անդրադարձել են Եվրոպայի խորհուրդ-Հայաստան համագործակցության ընթացքին

ԱԳ նախարարը և ԵԽԽՎ նախագահը անդրադարձել են Եվրոպայի խորհուրդ-Հայաստան համագործակցության ընթացքին

Մարտի 27-ին ՀՀ ԱԳ նախարար Զոհրաբ Մնացականյանն ընդունեց պաշտոնական այցով Հայաստանում գտնվող Եվրոպայի խորհրդի խորհրդարանական վեհաժողովի (ԵԽԽՎ) նախագահ Լիլիան Մորի Պասկիեին: Նախարար Մնացականյանը ողջունեց Մորի Պասկիեի՝ ԵԽԽՎ նախագահ ընտրվելուց հետո առաջին այցը Հայաստան: ՀՀ ԱԳ նախարարը և ԵԽԽՎ նախագահը հիշատակեցին 2018թ. նոյեմբերին ԱԳ նախարարի Եվրոպայի խորհուրդ աշխատանքային այցի շրջանակում կայացած իրենց հանդիպումը՝ գոհունակություն հայտնելով քննարկումների արդյունքները Երևանում արձանագրելու հնարավորության համար, մասնավորապես միջազգային դիտորդական բոլոր առաքելությունների, ներառյալ՝ ԵԽԽՎ-ի բարձր գնահատականին արժանացած 2018թ. դեկտեմբերի ՀՀ արտահերթ խորհրդարանական ընտրությունների առնչությամբ։ Նախարար Մնացականյանը կարևորեց Եվրոպայի խորհրդի դերը Հայաստանի ժողովրդավարության հասունացման և կայացման գործում։ Անդրադառնալով Հայաստանում տեղի ունեցած վերջին ներքաղաքական զարգացումներին՝ ՀՀ ԱԳՆ ղեկավարն ընդգծեց կառավարության հանձնառությունը կյանքի կոչելու ժողովրդի լայն մանդատի հիման վրա նախաձեռնված բարեփոխումները, մասնավորապես արդյունավետ կառավարման, կոռուպցիայի դեմ պայքարի, դատաիրավական, սոցիալ-տնտեսական ոլորտներում: ԱԳ նախարարը և ԵԽԽՎ նախագահը հանգամանորեն անդրադարձան Եվրոպայի խորհուրդ-Հայաստան համագործակցության ընթացքին, մտքեր փոխանակեցին Եվրոպայի խորհրդի օրակարգում արդիականություն հանդիսացող հարցերի շուրջ։
05:57 - 28 մարտի, 2019
ԱԳ նախարար Զոհրաբ Մնացականյանի ելույթը Ֆրանկոֆոնիայի միջազգային օրվա կապակցությամբ

ԱԳ նախարար Զոհրաբ Մնացականյանի ելույթը Ֆրանկոֆոնիայի միջազգային օրվա կապակցությամբ

Տիկնայք և պարոնայք դիվանագիտական կորպուսի ներկայացուցիչներ, Տիկնայք և պարոնայք խորհրդարանականներ,Տիկնայք և պարոնայք,Սիրելի ֆրանկոֆոն ընկերներ, Անչափ ուրախ եմ այսօր Արտաքին գործերի նախարարությունում ձեզ հյուրընկալելու և Ֆրանկոֆոնիայի միջազգային օրը միասին նշելու հնավորության համար։ Շնորհակալ եմ ամեն տարի ֆրանկոֆոն մշակույթը կիսող և ֆրանսերեն լեզվով հաղորդակցվող բոլորին միավորող այս օրը նշելու կապակցությամբ այստեղ գտնվելու համար, բոլորից, ովքեր ներկայացնում են ֆրանկոֆոն այդ համայնքի ավյունն ու ուժը։ 1990 թվականից ի վեր ամեն տարի մարտի 20-ին հինգ մայրցամաքների ֆրանկոֆոնները նշում են Ֆրանկոֆոնիայի միջազգային օրը։ 1970 թվականին այս օրը Նիգերում ստորագրվեց փաստաթուղթ Մշակութային և տեխնիկական համագործակցության գործակալություն ստեղծելու մասին, որն այսօր հայտնի է որպես Ֆրանկոֆոնիայի միջազգային կազմակերպություն (ՖՄԿ)։ Անմասն չմնալով՝ Հայաստանը նույնպես տարիներ շարունակ մարտ և ապրիլ ամիսներին կազմակերպում է ֆրանկոֆոնիայի երկամսյակ, որը միավորում է մարզերի և մայրաքաղաքի ֆրանկոֆոններին և ֆրանկոֆիլներին հարյուրավոր մշակութային, կրթական և թատերական միջոցառումների շրջանակներում, ինչը վկայում է ֆրանսերեն լեզվին և ֆրանկոֆոն մշակույթին Հայաստանի նվիրվածության մասին։ Այսօրվա հանդիսությունը տեղի է ունենում այն բանից հետո, երբ 2018 թվականին Հայաստանը հյուրընկալեց Ֆրանկոֆոնիայի 17-րդ գագաթաժողովը՝ բացառիկ նշանակության մի միջոցառում, որն ապահովեց Ֆրանկոֆոնիայի ողջ տեսանելիությունը։ Հայաստանը հպարտ է Ֆրանկոֆոնիայի անդամ հանդիսացող տասնյակ պետությունների և կառավարությունների ղեկավարներին միավորող Ֆրանկոֆոնիայի ամենաբարձր ատյանների հանդիպման ողջ ծավալն ու ընդգրկվածությունն ապահովելու համար։ Լուիզ Մուշիկիվաբոյի ընտրությունը Ֆրանկոֆոնիայի գլխավոր քարտուղարի պաշտոնում նշանավորեց Երևանյան գագաթաժողովը և նոր լիցք հաղորդեց Ֆրանկոֆոնիային՝ 2020 թվականին Թունիսի գագաթաժողովի ընթացքում կառույցի 50-ամյակը տոնելուն ընդառաջ։ Ֆրանկոֆոնիայի գագաթաժողովը հաջողությամբ պսակվեց ոչ միայն կազմակերպչական, այլ նաև բովանդակային առումով։Մենք ուրախ ենք ֆրանկոֆոն մեծ ընտանիքի ընդլայնման կապակցությամբ, որն այսուհետ իր կազմում ունի 88 պետություն և կառավարություն։Գագաթաժողովը թույլ տվեց նոր հնարավորություններ ստեղծել պատմական կապերի խթանման, նոր հարաբերությունների ստեղծման և ամրապնդման համար, մասնավորապես՝ Աֆրիկայի ֆրանկոֆոն երկրների հետ։ Ֆրանկոֆոնիայի գագաթաժողովի նախագահության ընթացքում Հայաստանը ՖՄԿ-ի հետ մի շարք համատեղ նախաձեռնություններով հանդես կգա՝ մշակութային բազմազանությանն ու մարդու իրավունքներին առնչվող բնագավառներում համագործակցելով նաև այնպիսի միջազգային և տարածաշրջանային կազմակերպությունների հետ, ինչպիսիք են ՅՈՒՆԵՍԿՕ-ն և Եվրոպայի խորհուրդը։Հայաստանը նաև կկազմակերպի Ֆրանկոֆոնիայի և տարածաշրջանային տնտեսական ինտեգրման գործընթացների համակարգման հարցերով տնտեսական ֆորում, որի նպատակն է Ֆրանկոֆոնիայի տնտեսական ռազմավարության համաձայն տարածաշրջանային և ենթակառուցվածքային տնտեսական տարածքների հետ համագործակցության խթանումը: Շատ կարևոր է նաև օգտվել բոլոր ընձեռված հնարավորություններից՝ Ֆրանկոֆոն տարածության մեջ թվային ոլորտում համագործակցությունը զարգացնելու համար։ Ինչպես նշել է Ֆրանկոֆոնիայի գլխավոր քարտուղար տիկին Լուիզ Մուշիկիվաբոն, անհրաժեշտ է աշխատատեղեր ստեղծել հատկապես ֆրանկոֆոն տարածությունը ներկայացնող երիտասարդների համար՝ կառուցելով ավելի լավ ապագա հաջորդ սերունդների համար։ Որպես արդյունավետ համագործակցության օրինակ կցանկանայի նշել Փարիզի ու Բեյրութի և հայկական նորարարար տեխնոլոգիաների ԹՈՒՄՈ կենտրոնի միջև ձևավորված արդյունավետ գործընկերությունը։Ես կցանկանայի նաև ընդգծել ֆրանսերեն լեզվի մասնագետներ պատրաստող հայկական համալսարանների դերը։ Մենք նաև հպարտ ենք Հայաստանում Ֆրանսիական համալսարանի ներկայության կապակցությամբ, որն իր հիմնադիր և գործընկեր Լիոնի Ժան Մուլեն համալսարանի հետ համագործակցությամբ արդեն 19 տարի կադրեր է պատրաստում ֆինանսների, կառավարման, իրավունքի և մարկետինգի ոլորտում։Տիկնայք և պարոնայք,Խոսելով Ֆրանկոֆոնիայի երկամսյակի մասին՝ ցանկանում եմ շնորհակալություն հայտնել բոլոր այն դերակատարներին, ովքեր գործում են ի շահ Հայաստանում ֆրանսերեն լեզվի ուսուցման և խորացման։ Շնորհակալություն եմ հայտնում նաև Ֆրանկոֆոնիայի միջազգային կազմակերպությանը, որն արդեն տաս տարի է՝ իր աջակցությունն է ցուցաբերում հայ պաշտոնյաների ֆրանսերեն ուսուցման գործին։ Եվ ես ուրախ եմ, որ այս տարի 2019-2022 թվականների համար Հայաստանի կողմից ներկայացված ազգային ֆրանկոֆոն նախաձեռնությունների ծրագիրը հաստատվել է Ֆրանկոֆոնիայի կողմից։ Պետական պաշտոնյաների համար նախատեսված այս ծրագիրը հնարավորություն կտա շարունակելու ֆրանսերեն լեզվի ուսուցումն ու ֆրանկոֆոն հայ պաշտոնյաների վերապատրաստումը։ Շնորհակալություն ենք հայտնում նաև Հայաստանի Ալյանս ֆրանսեզին, ողջունում եմ տնօրեն տկն․ Սյուզան Ղարամյանին՝ այս ծրագրի շրջանակներում համագործակցության համար։ Վերջապես, երախտիքի խոսքս եմ ուզում հղել երիտասարդ ֆրանկոֆոններին, դպրոցականներին, ինչպես նաև ուսումնական հաստատությունների ուսուցիրներին և տնօրեններին։ Նրանց ամենօրյա աշխատանքի շնորհիվ հայ երեխաները բացահայտում են ֆրանսերենը, ֆրանկոֆոն գրականությունն ու մշակույթն ինչպես նաև դեպի Ֆրանկոֆոնիայի արժեքներ տանող ուղիները։Կցանկանամ նաև շնորհակալություն հայտնել Հայաստանում Ֆրանկոֆոնիայի երկամսյակի բոլոր կազմակերպիչներին ու մասնակիցներին, երիտասարդությանը, ինչպես նաև բոլոր նրանց, ովքեր հետաքրքրություն են դրսևորում ֆրանկոֆոն միջոցառումների նկատմամբ։ ՀՀ ԱԳՆ
08:02 - 21 մարտի, 2019
Փաշինյան-Ալիև հանդիպման օրվա, վայրի հետ կապված աշխատանքներ են ընթանում. ԱԳ նախարար |24news.am|

Փաշինյան-Ալիև հանդիպման օրվա, վայրի հետ կապված աշխատանքներ են ընթանում. ԱԳ նախարար |24news.am|

«Փաշինյան-Ալիև առաջիկա հանդիպման օրվա, վայրի հետ կապված աշխատանքները ընթանում են: Երբ գա այն հայտարարելու պահը, կլսեք»,-ԱԳՆ-ում կազմակերպված ասուլիսի ժամանակ հայտարարել է ՀՀ արտգործնախարար Զոհրաբ Մնացականյանը: «Վերահաստատել ենք մեր հանձնառությունը՝ շարունակելու աշխատանքը ԵԱՀԿ ՄԽ համանախագահության հովանու տակ, ցուցադրել ենք, որ դեռ 2018 թ. մայիսից լրջորեն միտված ենք այս նպատակների իրականացմանը, ակտիվորեն ներգրավված ենք եղել, հանդիպումներ են եղել երկրի ղեկավարների, ԱԳ նախարարների միջև: Այս հանդիպումների ընթացքում կարողացել ենք մանրամասնորեն հասկանալ դիրքորոշումները: Դինամիկան չափազանց դրական է, վստահում ենք ԵԱՀԿ ՄԽ ձևաչափին և նույն ողջամտությամբ ակնկալում ենք հաջորդ փուլը: Մենք շարժվում ենք դեպի նոր փուլեր, հանդիպումներ, բանակցություններ շատ կառուցողական փուլով: Կա կարևոր մշակութային հենք՝ մենք շատ զգուշորեն համակարգում ենք հարցերը ԵԱՀԿ ՄԽ համանախագահների հետ: Պետք է խնդրեմ համբերություն»,- ասել է Զոհրաբ Մնացականյանը: 24news.am
09:54 - 13 մարտի, 2019
Ադրբեջանի կողմից խոշոր չհայտարարված զորավարժությունների անցկացումը չի նպաստում վստահության մթնոլորտին. Զոհրաբ Մնացականյան

Ադրբեջանի կողմից խոշոր չհայտարարված զորավարժությունների անցկացումը չի նպաստում վստահության մթնոլորտին. Զոհրաբ Մնացականյան

Հայաստանը համաձայն է ԵԱՀԿ-ում նախագահող Սլովակիայի առաջնահերթություններին: Այս մասին նշեց Հայաստանի ԱԳ նախարար Զոհրաբ Մնացականյանը ԵԱՀԿ գործող նախագահ, Սլովակիայի ԱԳ նախարար Միրոսլավ Լայչակի հետ մամուլի ասուլիսի ժամանակ: Նախարարը նշեց, որ Հայաստանը համաձայն է սլովակյան կողմի մոտեցմանը, որի կարծիքով՝ ցանկացած հակամարտության կարգավորման ժամանակ պետք է հաշվի առնվեն մարդկանց իրավունքները եւ կամքը: ԵԱՀԿ տարածքում չպետք է լինի միջազգային հանրության ներկայացուցիչներին անհասանելի վայր, եւ այս սկզբունքը տարածվում է նաեւ Լեռնային Ղարաբաղի վրա:Նախարարը հաստատեց Հայաստանի հանձնառությունը միջազգային իրավունքին եւ ընդգծեց ժողովուրդների ինքնորոշման իրավունքի սկզբունքի իրականացման կարեւորությունը: «Հայաստանի համար առաջնահերթություն են եղել եւ մնում Արցախի անվտանգությունն ու կարգավիճակը, ինչպես նաեւ բանակցություններին նրա ներգրավվածությունը»,- նշեց Մնացականյանը: Այս ենթատեքստում նա հիշեցրեց, որ Արցախի ժողովուրդը իր հայրենիքում իր ճակատագիրն ինքը պետք է որոշի: Նախարարը նաեւ կարեւորեց վստահության մթնոլորտի ստեղծումը, ռիսկերի նվազեցումը, ինչպես քննարկել էին Դուշանբեում եւ ավելի վաղ Վիեննայի ու Սանկտ Պետերբուրգի գագաթնաժողովներում: «Հենց այս օրերին Ադրբեջանի կողմից լայնամասշտաբ չհայտարարված զորավարժությունների անցկացումը, իր իսկ ստանձնած միջազգային պարտավորություններին հակառակ, չի նպաստում նշված վստահության մթնոլորտի ստեղծմանը»,- շեշտեց նախարարը: news.am
09:47 - 13 մարտի, 2019
ԼՂ հիմնահարցում որոշիչ է Լեռնային Ղարաբաղի ձայնն ու ներգրավվածությունը. Զոհրաբ Մնացականյան |aysor.am|

ԼՂ հիմնահարցում որոշիչ է Լեռնային Ղարաբաղի ձայնն ու ներգրավվածությունը. Զոհրաբ Մնացականյան |aysor.am|

ԵԱՀԿ գործող նախագահ, Սլովակիայի արտաքին գործերի նախարար Միրոսլավ Լայչակի հետ հանդիպմանը վերահաստատել եմ, որ Լեռնային Ղարաբաղի հիմնահարցի կարգավորման շրջանակներում Արցախի անվտանգության ապահովումն ու կարգավիճակը Հայաստանի համար եղել և մնում են բացարձակ գերակայություններ, ԵԱՀԿ գործող նախագահի հետ համատեղ մամուլի ասուլիսին ասաց ՀՀ արտգործնախարար Զոհրաբ Մնացականյանը: «Հանդիպամանն անդրադարձել ենք ԼՂ հիմնահարցի բացարձակապես խաղաղ կարգավորմանը՝ հիմնված միջազգային իրավունքի հիմնարար սկզբունքների, մասնավորապես, ժողովուրդների ինքնորոշման իրավունքի իրագործման վրա։ Կրկնեցի, որ ԼՂ հիմնահարցի կարգավորման շրջանակներում Արցախի անվտանգության ապահովումն ու կարգավիճակը Հայաստանի համար եղել և մնում են բացարձակ գերակայություններ։ Կրկնեցի նաև այն մոտեցումը, որը վերաբերում է Լեռնային Ղարաբաղի որոշիչ ձայնի ու ներգրավվածության ապահովմանը», - ասաց Զոհրաբ Մնացականյանը։ Նա ընդգծեց՝ ԼՂ հիմնահարցը վերաբերում է Արցախի ժողովրդի՝ սեփական հայրենիքում անվտանգ ապրելու իրավունքին: «Հիմնահարցը վերաբերվում է Արցախի 150 հազար բնակչության ֆիզիկական, կենսական անվտանգությանը, կյանքի իրավունքին։ Մենք բազմիցս ընդգծել ենք, որ խնդրի խաղաղ կարգավորման արդյունավետ գործընթացի համար առանցքային նշանակություն ունի խաղաղության համար նպաստավոր մթնոլորտի ձևավորումը, ռիսկերի նվազեցման ու միջադեպերի կանխարգելման մեխանիզմների ու վստահության ամպրանդման միջոցառումների ներդրումն, ինչպես դա ամրագրվել է Դուշանբեի հանդիպմանն, իսկ մինչ այդ՝ Վիեննայի և Սանկտ Պետերբուրգի գագաթնաժողովների շրջանակներում։ Այս դրույթները մինչ օրս շարունակում են մնալ առարկայական», - ասաց Զոհրաբ Մնացականյանը։ aysor.am
08:09 - 13 մարտի, 2019
Հայաստանի Հանրապետության վարչապետը չունի մանդատ Արցախի Հանրապետության քաղաքացիների կողմից․ Զոհրաբ Մնացականյան |civilnet.am|

Հայաստանի Հանրապետության վարչապետը չունի մանդատ Արցախի Հանրապետության քաղաքացիների կողմից․ Զոհրաբ Մնացականյան |civilnet.am|

ՀՀ արտաքին գործերի նախարար Զոհրաբ Մնացականյանը Հանրային հեռուստաընկերությանը տված հարցազրույցում Խոսել է Ղարաբաղյան հարցի շուրջ․ Գիտեք, վարչապետը բավական հստակ ձևակերպել է այն մոտեցումը, որը վերաբերում է Արցախի առնչությանն իրեն վերաբերվող բանակցություններին։ Նաև շատ հստակ բացատրել է, թե ի՞նչ է նշանակում Հայաստանի Հանրապետության վարչապետի մանդատը, ու՞մ կողմից է տրված այդ մանդատը և ինչպե՞ս կարող է վարչապետը իրականացնել այդ մանդատը։  Մանդատը ՀՀ վարչապետին տրված է Հայաստանի Հանրապետության քաղաքացիների կողմից, և ինքն այդ մասով իրականացնելու է իր գործառույթը։ Ամենակարևորը, որ որևէ դեպքում Հայաստանը չի հրաժարվել իր պարտավորությունից՝ որպես բանակցող կողմ։ Մենք միշտ պնդել ենք և ընդգծել ենք, որ Հայաստանը եղել և մնում է հիմնական երաշխավորողն Արցախի անվտանգության, որովհետև որևէ այլ բան այս աշխարհում չկա։ Այն ինչ որ այսօր ունենք, մեր ձեռքերով կառուցած անվտանգության համակարգն է։  Որևէ այլ համակարգ, այլ մեխանիզմ չկա։ Եվ միշտ շեշտադրում ենք և նորից ուզում եմ հստակ շեշտադրել. մեր հարցը վերաբերում է շատ կոնկրետ անվտանգությանը, շատ կոնկրետ ֆիզիկական անվտանգությանը։ Չկա վերադարձ անցյալին, չի կարող լինել վերադարձ անցյալին։ Երբ որ մենք խոսում ենք ստատուսի մասին, սա ենք ասում, որ չկա վերադարձ անցյալին, որովհետև անվտանգությունը գերակա է։ Չի լինելու իրավիճակ, երբ որ մենք նորից վտանգի տակ դնենք մեր հայրենակիցների՝ Արցախի ժողովրդի կյանքը, ֆիզիկական կյանքը։  Մենք բացատրել ենք սա բազմաթիվ անգամ: 1994 թվականին ստեղծվել, ձևավորվել է համակարգ, որը նպաստում է մեկ բանի, որն ապահովում է մեկ բան՝ ֆիզիկական անվտանգություն։ Եվ ստատուսի մեր պնդումը բխում է դրանից։ Չի կարող լինել վերադարձ անցյալին, որովհետև չի կարող լինել որևէ իրավիճակ, որտեղ մենք վնասենք այդ անվտանգության համակարգը։ Չի լինի։ Սա մենք ասել ենք  բազմաթիվ անգամ։  Մենք մեր մասով մնում ենք վճռական, և մնում ենք ներգրավված և որևէ կերպ մենք չենք փորձում ձևականացնել՝ փորձում ենք բարդացնել կամ ուղղել պարտավորություններն այլ ուղղությամբ։ Մենք մեր պարտավորությունների տերն ենք և բանակցում ենք մեր մասով։ Բայց եթե մենք արդյունքին ուղղված բանակցություններ պետք է վարենք, պետք է գիտակցենք և հաշվի առնենք այն, ինչ որ իրողություն է. Հայաստանի Հանրապետության վարչապետը չունի մանդատ Արցախի Հանրապետության քաղաքացիների կողմից։ civilnet.am
07:51 - 06 մարտի, 2019