ՏԿԵՆ

Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարությունը գործադիր իշխանության հանրապետական մարմին, որը մշակում և իրականացնում է Հայաստանի Հանրապետության կառավարության քաղաքականությունը տարածքային կառավարման և զարգացման բնագավառում։

ՏԿԵ նախարարն է Սուրեն Պապիկյանը, տեղակալներն են Լիլիա Շուշանյանը, Հակոբ Վարդանյանը, Արմեն Սիմոնյանը, Վաչե Տերտերյանը, Կարեն Իսախանյանը։

Հայաստանի ճանապարհների մի շարք վտանգավոր կետերում կատարվում են անվտանգության բարելավման աշխատանքներ

Հայաստանի ճանապարհների մի շարք վտանգավոր կետերում կատարվում են անվտանգության բարելավման աշխատանքներ

Հայաստանի ճանապարհային անվտանգության բարելավման ծրագրի շրջանակներում հանրապետության մի շարք ավտոճանապարհներին կիրականացվեն ճանապարհային անվտանգության միջոցառումներ։ Մասնավորապես‚ կկատարվեն վտանգավոր կետերի անվտանգության ապահովման հետ կապված աշխատանքներ‚ կբարելավվեն ենթակառուցվածքները‚ որոշ հատվածներում կտեղադրվեն ճանապարհային անվտանգության իրազեկման գովազդային վահանակներ‚ ճանապարհների նախագծմամբ զբաղվող մի շարք հաստատություններում կկատարվեն ճանապարհային անվտանգության մասով աուդիտորական կարողությունների զարգացմանն ուղղված աշխատանքներ և այլն։ ՏԿԵ նախարարությունից հայտնում են, որ օրերս մեկնարկել են Հ-8 և Մ-5‚ Երևան-Արմավիր-հայ-թուրքական սահման ճանապարհների վրա 9 վտանգավոր կետերի ճանապարհային անվտանգության և ենթակառուցվածքների բարելավման միջոցառումները։ Շինաշխատանքներ կատարելու համար պայմանագրեր են կնքվել «Արհովշին» և «Արարատ ճանշին» ընկերությունների հետ։ Աշխատանքների ավարտը նախատեսվում է 2021թ. սեպտեմբերին: Մասնավորապես‚ Հ-8 հանրապետական նշանակության ավտոճանապարհին աշխատանքներ կտարվեն երկու վտանգավոր կետերի վրա. կվերանորոգվի Նոր Խարբերդ և Մարմարաշեն բնակավայրերի մոտ գտնվող օղակաձև խաչմերուկը. կփոխվեն եզրաքարերը‚ կկատարվեն գծանշումներ‚ կասֆալտապատվի հարակից տարածքը և այլն։   Անվտանգության բարելավման աշխատանքներ կտարվեն նաև Մ-2‚ Մ-4‚ Մ-6‚ Մ-11‚ Մ-12 միջպետական նշանակության ավտոճանապարհներին։ Աշխատանքները նախատեսված է իրականացնել 2021 թվականի ընթացքում։ Ճանապարհների վրա առավել վտանգավոր կետերը որոշվել են Ճանապարհային ոստիկանության կողմից վթարների վերաբերյալ տրված վիճակագրության վերլուծության հիման վրա։ Ուսումնասիրություններն արվել են միջազգային փորձագետների ներգրավմամբ։ Որոշվել են նաև այն գործողությունները՝ ճանապարհային նշանների տեղադրում‚ գծանշում‚ ասֆալտապատում և այլն‚ որոնց կիրառմամբ տվյալ հատվածներում կբարելավվի երթևեկության անվտանգությունը։ Հայաստանի ճանապարհային անվտանգության բարելավման ծրագիրը կյանքի է կոչվում Եվրոպական ներդրումային բանկի մինչև 4,25 մլն եվրո ներդրումային դրամաշնորհի միջոցներով։ Ծրագիրն իրականացվում է ՀՀ ՏԿԵՆ «Ճանապարհային դեպարտամենտ» ՊՈԱԿ-ի կողմից։
11:11 - 10 մարտի, 2021
Վարչապետը ծանոթացել է Գավառի թիվ 2 միջնակարգ դպրոցում իրականացված վերակառուցման աշխատանքներին

Վարչապետը ծանոթացել է Գավառի թիվ 2 միջնակարգ դպրոցում իրականացված վերակառուցման աշխատանքներին

Վարչապետ Նիկոլ Փաշինյանն այսօր այցելել է Գեղարքունիքի մարզ։ Վարչապետը Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար Սուրեն Պապիկյանի, Կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Վահրամ Դումանյանի, Գեղարքունիքի մարզպետ Գնել Սանոսյանի ուղեկցությամբ այցելել է մարզկենտրոն Գավառի թիվ 2 միջնակարգ դպրոց և ծանոթացել իրականացված վերակառուցման աշխատանքներին։ Դպրոցի հին շենքը կառուցվել է 1967 թվականին։ 2016 թվականին իրականացված ուսումնասիրությունների արդյունքում պարզվել է, որ կառույցը խիստ վթարային է և վտանգավոր` դասապրոցես իրականացնելու համար։ Եղել են նաև շենքից քարաթափման դեպքեր, իսկ ներսի պատերը ճաքած էին։ Արդյունքում որոշում է կայացվել հիմնովին վերակառուցել դպրոցը, շինաշխատանքներն ավարտվել են 2020 թվականի վերջում։ Շինարարության մեջ օգտագործվել է մինչև 580 տոննա երկաթյա ամրան, դպրոցը կառուցված է սեյսմակայունության նորագույն պահանջներին համապատասխան՝ սեյսմակայուն մինչև 9 բալ երկրաշարժի դեպքում: Դպրոցի նոր շենքը կառուցվել է ՏԿԵՆ Հայաստանի տարածքային զարգացման հիմնադրամի միջոցով իրականացվող` «Դպրոցների սեյսմիկ անվտանգության բարելավման ծրագրով»: ՀՀ կառավարության և Ասիական զարգացման բանկի ներդրումը կազմել է 1 մլրդ 380 մլն դրամ։ Դպրոցը շինարարության ընթացքում իր հիմնական հասցեում չգործելու հետևանքով աշակերտների թվաքանակի կորուստ չի ունեցել: Այս պահին Պապին Ղանդիլյանի անվան դպրոցի աշակերտների թիվը 422 է, իսկ նոր շենքի շահագործումից հետո այս թիվը կարող է ավելանալ. այն նախատեսված է 576 աշակերտի համար։ Նոր շենքը հարմարեցված է հաշմանդամություն ունեցող անձանց համար, ունի վերելակ, կահավորված դասասենյակներ, միջոցառումների դահլիճ, մարզադահլիճ, լաբորատորիաներ։
13:02 - 09 մարտի, 2021
Սաստիկ բքի և ցածր տեսանելիության պատճառով Սևանի տարածաշրջանի ավտոճանապարհները դժվարանցանելի են

Սաստիկ բքի և ցածր տեսանելիության պատճառով Սևանի տարածաշրջանի ավտոճանապարհները դժվարանցանելի են

ՀՀ ՏԿԵՆ «Ճանապարհային դեպարտամենտ» ՊՈԱԿ-ը տեղեկացնում է, որ մարտի 8-ին՝ ժամը 17։30-ի դրությամբ, Արթիկի, Սևանի, Դիլիջանի, Իջևանի, Նոյեմբերյանի, Սիսիանի, Գորիսի, Հրազդանի, Մարտունիի, Վանաձորի, Թումանյանի, Ճամբարակի տարածաշրջաններում և Սարավանի լեռնանցքում  ձյուն է տեղում։  Սաստիկ բքի և ցածր տեսանելիության պատճառով  Սևանի տարածաշրջանի ավտոճանապարհները դժվարանցանելի են։ Գորիսի տարածաշրջանում մառախուղ է, տեսանելիությունը՝ 50-60 մետր։ Ապարան-Քուչակ ավտոճանապարհին և Ճամբարակի լեռնանցքում բուք է։ Դիլիջանի ոլորանները և Վարդենյաց լեռնանցքը փակ են կցորդիչով տրանսպորտային միջոցների համար։  Հարգելի՛ վարորդներ, հորդորում ենք լինել ուշադիր, խստագույնս պահպանել երթևեկության կանոնները և երթևեկել բացառապես ձմեռային անվադողերով։
18:05 - 08 մարտի, 2021
Սուրեն Պապիկյանը տեսակապով հանդիպում է ունեցել KfW բանկի Արևելյան Եվրոպայի տարածաշրջանային տնօրենի հետ

Սուրեն Պապիկյանը տեսակապով հանդիպում է ունեցել KfW բանկի Արևելյան Եվրոպայի տարածաշրջանային տնօրենի հետ

ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար Սուրեն Պապիկյանն այսօր տեսակապով հանդիպում է ունեցել Գերմանական զարգացման բանկի (KfW) Արևելյան Եվրոպայի տարածաշրջանային տնօրեն Օլաֆ Զիմելկայի հետ:Զրուցակիցները քննարկել են Գերմանական բանկի ֆինանսավորմամբ իրականացվող Կապսի ջրամբարի և ինքնահոս ոռոգման համակարգի կառուցման ծրագրի ընթացքը: Ծրագրի շրջանակում ներկայումս աշխատանքներ են տարվում նախագծի տեխնիկական փորձաքննության և մրցութային գործընթացների վերջնականացման ուղղությամբ։ «Կապսի ջրամբարի կառուցումը ՀՀ կառավարության ուշադրության կենտրոնում գտնվող կենսական ծրագրերից է , որն ունի բնապահպանական, տնտեսական, սոցիալական համալիր ազդեցություն: ՀՀ շահերից է բխում, որ ջրամբարի կառուցման ծրագիրը փոխադրվի ակտիվ շինարարական աշխատանքների փուլ։ Հարկ եմ համարում ընդգծել, որ մենք կենտրոնացրել ենք առկա թիմային և մասնագիտական ողջ ներուժն այն կյանքի կոչելու նպատակով»,- նշել է Սուրեն Պապիկյանը: Նախարարի խոսքով՝ Կապսի ջրամբարի կառուցումը կարևորվում է նաև տարածաշրջանի ջրային ռեսուրսներն արդյունավետ կառավարելու, տեղի բնակչության կենսամակարդակի բարելավման, գյուղատնտեսական արդյունավետության և պարենային ապահովման տեսանկյունից:  Նախարարը հավելել է, որ ՀՀ կառավարությունը հաստատակամ է՝ լուծելու նախորդ տարիներին կուտակված խնդիրները և հաղթահարելու ծրագրում ի հայտ եկող այն խոչընդոտները, որոնք պայմանավորված են կորոնավիրուսի համավարակի և հետպատերազմական դժվարություններով։ Օլաֆ Զիմելկան նույնպես վերահաստատել է բանկի պատրաստակամությունը շարունակելու ջրամբարի կառուցման ծրագիրը և վստահություն հայտնել, որ գերատեսչության և բանկի միջև ստեղծված գործընկերային միջավայրը թույլ կտա առաջիկայում լուծել ֆինանսական և շինարարական աշխատանքների ժամկետներին առնչվող խնդիրները :  Հանդիպման արդյունքներով պայմանավորվածություն է ձեռք բերվել շարունակել քննարկումները ծրագրերի շարունակականությունն ապահովելու և առկա խոչընդոտները կարգավորելու ուղղությամբ։ Ծրագրի շրջանակում գործողությունների հետագա պլանը հստակեցնելու և աշխատանքներին ինտենսիվություն հաղորդելու նպատակով կստեղծվի ղեկավար կոմիտե, որը հայկական կողմից կղեկավարի ՏԿԵ նախարար Սուրեն Պապիկյանը։
19:12 - 04 մարտի, 2021
ՏԿԵ նախարարությունը հերքում է Սուրեն Պապիկյանի ընտանիքի վերաբերյալ սուտ տեղեկությունները

ՏԿԵ նախարարությունը հերքում է Սուրեն Պապիկյանի ընտանիքի վերաբերյալ սուտ տեղեկությունները

ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարությունը հերքում է տարածել, որը ներկայացնում ենք ստորև. «Հակապետական mediaport թելեգրամյան ալիքը հիմա էլ անցել է մարդկանց ընտանիքի անդամներին թիրախավորելուն, իբրև թե՝ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար Սուրեն Պապիկյանի հայրը պարտքի դիմաց ստիպում է մարդկանց մասնակցել հանրահավաքին, ինչն անհեթեթ հերյուրանք է և արատավորում է մարդու ընտանիքի անդամի արժանապատվությունն ու բարի համբավը: Բարոյականության սահմաններն են հատում նաև բոլոր այն լրատվամիջոցները, որոնք առանց պարզաբանման պահանջի արտատպում են հակահայկական, հակապետական անհայտ ալիքի փաստազուրկ ինֆորմացիան՝ զրպարտելով ու վիրավորանք հասցնելով ոչ միայն նախարար Պապիկյանին, այլև նրա ընտանիքի անդամներին»: Նախարարությունից հորդորում են զերծ մնալ անհայտ աղբյուրի ապատեղեկատվությունը տարածելուց, «այլապես ստիպված կլինենք բարոյական վնասի փոխհատուցման պահանջով խոսել դատարանում»:
13:15 - 01 մարտի, 2021
Տրանսպորտային ապաշրջափակման արդյունքում մենք երկաթուղային կապ կունենանք, թե՛ Իրանի, թե՛ Ռուսաստանի հետ. փոխնախարար
 |armtimes.com|

Տրանսպորտային ապաշրջափակման արդյունքում մենք երկաթուղային կապ կունենանք, թե՛ Իրանի, թե՛ Ռուսաստանի հետ. փոխնախարար |armtimes.com|

armtimes.com: Հայաստանի, Ռուսաստանի եւ Ադրբեջանի փոխվարչապետների մակարդակով ձեւավորված աշխատանքային խումբը մինչեւ 2021 թ. մարտի 1-ը պետք է ամենաբարձր մակարդակով հաստատման ներկայացնի ապաշրջափակման համար իրականացվելիք միջոցառումների ցանկն ու ժամանակացույցը: 2021 թ. հունվարի 11-ին ՀՀ վարչապետի, ՌԴ նախագահի եւ Ադրբեջանի նախագահի կողմից ընդունված համատեղ հայտարարությունից հետո 3 երկրների փոխվարչապետերի համանախագահությամբ ձեւավորվեց եռակողմ աշխատանքային խումբ: Այն իր հերթին ստեղծել է փորձագիտական ենթախմբեր: Հայկական կողմում այդ նպատակով ստեղծվել են 2 փորձագիտական ենթախմբեր, որոնցից մեկը՝ երկաթուղային, ավտոտրանսպորտային եւ համակցված փոխադրումների հարցերով, ղեկավարում է Արմեն Սիմոնյանը: Փոխնախարարի հետ մեր զրույցը՝ ստորեւ. - Պարո՛ն Սիմոնյան, եռակողմ աշխատանքային խումբը արդեն շուրջ 20 օր է՝ ձեւավորվել է: Ի՞նչ աշխատանքներ է իրականացվել այս ընթացքում տրանսպորտային ապաշրջափակման հարցով: - Եռակողմ աշխատանքային փորձագիտական ենթախումբը ստեղծվել է, որ ի մի բերվեն գոյություն ունեցող բոլոր ուղղությունները, թե՛ երկաթուղային, թե՛ ավտոմոբիլային ճանապարհների առումով: Ներկայացվի դրանց տեխնիկական վիճակը, հնարավոր վերականգնման ժամկետները եւ ֆինանսական միջոցները, որոնք անհրաժեշտ են այդ վերականգնումն իրականացնելու համար: Այսինքն՝ այդ փորձագիտական խմբերի աշխատանքը զուտ տեխնիկական է: Մենք պետք է ներկայացնենք համապատասխան տեղեկատվությունը աշխատանքային խմբի համանախագահներին՝ փոխվարչապետներին եւ այդ մակարդակով արդեն կընտրվեն այն ուղղությունները, որոնցով ապաշրջափակումը տեղի կունենա: Կա նաեւ փորձագիտական 2-րդ ենթախումբ, որը զբաղվում է անվտանգային, մաքսային, ֆիտոսանիտարական եւ այլ հարցերով, որոնք անհրաժեշտ են սահմանազատումն ու փոխադրումներն իրականացնելիս: Այդ 2 ենթախմբերի փորձագիտական տեղեկատվությունն ուղարկվում է ավելի բարձր մակարդակ ու այդ մակարդակով արդեն որոշում է կայացվում, թե որոնք են ապաշրջափակման օպտիմալ ճանապարհները: Ընդհանուր առմամբ, օնլայն ռեժիմով 2 անգամ ենք հանդիպել: Նախ քննարկել ենք երկաթուղով բոլոր գոյություն ունեցող ուղղությունները՝ Երասխի ուղղությունը, Մեղրիի հատվածով անցնող երկաթգիծը, Իջեւանից Ղազախ գնացող հատվածը եւ մեր հիմնական գիծը, որը գնում է դեպի Վրաստան: Մենք գնահատել ենք, թե այդ ուղիներն ինչ վիճակում են, գծերի վերականգնումը ինչ ժամկետներում կարող է լինել եւ ինչ ֆինանսներ են պահանջում: Նույնը՝ նաեւ ճանապարհների առումով: Ճանապարհները շատ-շատ են, որոնք կապ ունեն Ադրբեջանի հետ: Կան մեծ ճանապարհներ, որոնք երկաթուղու գծերին զուգահեռ են գնում, օրինակ՝ Իջեւանից Ղազախ, Երասխից Մեղրի: Երբ որ կլինի հանդիպումը՝ կքննարկենք դա, կտեսնենք մյուս կողմերն ինչ աշխատանքներ են իրականացրել: Այս փուլում չի քննարկվում, թե ինչ միջոցներով են այդ հարցերը կարգավորվելու: - Քննարկումներն ի՞նչ մթնոլորտում են տեղի ունենում, կոնսենսուս ձեւավորվո՞ւմ է կողմերի միջեւ, թե՞ կոնֆլիկտներ կան: - Կարող են լինել անհամաձայնություններ, որոնք իհարկե, պետք է հիմնավորվեն, բայց, ընդհանուր առմամբ, փորձագիտական մակարդակով մենք փորձում ենք լինել կառուցողական: - Մինչեւ նախատեսված ժամկետի ավարտը՝ մարտի 1-ը վերջնական պատրաստ կլինի՞ իրականացվելիք միջոցառումների ցանկն ու ժամանակացույցը: - Այս պահին մենք գրեթե բոլոր ուղղություններով ունենք մոտավոր հաշվարկներ եւ դա եռակողմ փորձագիտական հերթական նիստին կքննարկենք եւս մեկ անգամ: Դա երեւի թե մոտ ժամանակահատվածում տեղի կունենա: Դրանից հետո ինֆորմացիան կտեղափոխենք ավելի բարձր մակարդակ,եւ ենթադրում եմ, որ մինչեւ մարտի 1-ը հանդիպում տեղի կունենա: - Ապաշրջափակումը Հայաստանի՞ վրա ավելի դրական կազդի, թե՞ այլ երկրների: - Անկեղծ ասած՝ ես մտածում եմ, թե մե՛ր երկրի համար ինչպիսի ազդեցություն կունենա, այլ ոչ թե հարեւանների: Ես հետաքրքրված եմ, որ այլընտրանքային ճանապարհներ լինեն, եւ Հայաստանի տրանսպորտային կապակցվածությունը մեր գործընկեր երկրների հետ ավելի մեծ լինի: Գնահատական չկա, թե ում վրա ավելի շատ կանդրադառնա: Հայաստանը այս պահին չունի երկաթուղային կապ Իրանի եւ ՌԴ-ի հետ, այն կապը, որը կար նախկինում, Վրաստանով էր անցնում, որը հիմա չկա: Չնայած քաղաքականության մեջ եթեներով չեն խոսում, բայց եթե ապաշրջափակումը տեղի ունենա, ապա մենք այդ կապը կստանանք ու նաեւ տարանցիկ բեռնափոխադրումներ կլինեն Իրանից ՌԴ, Վրաստան:Կարդալ ավելին՝ armtimes.com-ում։
20:07 - 26 փետրվարի, 2021
Վերջին երկու ամսում համայնքներին հատկացվել է 296 միլիոն դրամի տեխնիկա

Վերջին երկու ամսում համայնքներին հատկացվել է 296 միլիոն դրամի տեխնիկա

Հայաստանի տարածքային զարգացման հիմնադրամի միջոցով իրականացվող` սոցիալական ներդրումների և տեղական զարգացման ծրագիրը շարունակվում է նաև այս տարի։ Հայաստանի միավորված համայնքները վերջին երկու ամսում ստացել են 296 միլիոն 395 հազար դրամի գյուղատնտեսական և կոմունալ սպասարկման տեխնիկա։ Այս մասին հայտնում է Տարածքային զարգացման հիմնադրամը։ Մեծավան` մեկ գրեյդեր, արժեքը` 37 միլիոն 795 հազար դրամ և մեկ բազմաֆունկցիոնալ էքսկավատոր, արժեքը՝ 34 միլիոն 400 հազար դրամ։  Կապան` մեկ բազմաֆունկցիոնալ էքսկավատոր, արժեքը` 34 միլիոն 400 հազար դրամ։  Մարմաշեն՝ մեկ բազմաֆունկցիոնալ էքսկավատոր, արժեքը` ՝34 միլիոն 400 հազար դրամ։  Ալավերդի` մեկ էքսկավատոր, արժեքը՝ 34 միլիոն 200 հազար դրամ և մեկ մարդատար մեքենա, արժեքը` 6 միլիոն 900 հազար դրամ։  Ակունք` մեկ էքսկավատոր, արժեքը՝ 34 միլիոն 200 հազար դրամ։  Անի՝ երկու աղբատար մեքենա ետևի բարձիչով, արժեքը՝ 41 միլիոն 800 հազար դրամ (Երկուսը միասին) և մեկ կոյուղի մաքրող մեքենա, արժեքը՝ 19 միլիոն 400 հազար դրամ։  Շողակաթ՝ մեկ ինքնաթափ մեքենա, արժեքը՝ 18 միլիոն 900 հազար դրամ։  Ծրագիրն իրականացվում է Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարության համակարգմամբ, կառավարության, Համաշխարհային բանկի և համայնքների ֆինանսական մասնակցությամբ։
15:19 - 24 փետրվարի, 2021
Վ․ Պետրոսյանի անվան դպրոցի՝ 1940-ական թթ․ կառուցված շենքն ամրացվում է սեյսմանվտանգության բարելավման ծրագրով. Պապիկյան

Վ․ Պետրոսյանի անվան դպրոցի՝ 1940-ական թթ․ կառուցված շենքն ամրացվում է սեյսմանվտանգության բարելավման ծրագրով. Պապիկյան

ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար Սուրեն Պապիկյանը հայտնել է, որ Երևանի Վ․ Պետրոսյանի անվան 51-րդ դպրոցի՝ 1940-ական թթ․ կառուցված շենքը վերականգնվում և ամրացվում է առաջին անգամ դպրոցների սեյսմանվտանգության բարելավման ծրագրով։   «Այսօր այցելել եմ սեյսմանվտանգության ծրագրով վերակառուցվող դպրոցներ՝ տեղում հետևելու շինարարության ընթացքին։ Դպրոցի երկու մասնաշենքի վերակառուցման համար ներդրվել է 583 միլիոն դրամ։   Մինչև տարեվերջ շահագործման կհանձնվի մինչև 9 բալ երկրաշարժի նկատմամբ դիմակայուն դպրոց։ Բացի շենքի ամրացումից ապահովվել է նաև հարմարավետությունը, առանձնացվել են մասնագիտացված դասասենյակներ, հենաշարժական խնդիրներ ունեցող անձանց համար անհրաժեշտ պայմաններ»,- Ֆեյսբուքի իր էջում գրել է նախարարը:      
19:47 - 19 փետրվարի, 2021
ՄԱԿ-ի զարգացման ծրագրի աջակցությունը ուղղված ՀՀ բնակավայրերի կենսապայմանների բարելավմանը լինելու է շարունակական

ՄԱԿ-ի զարգացման ծրագրի աջակցությունը ուղղված ՀՀ բնակավայրերի կենսապայմանների բարելավմանը լինելու է շարունակական

 Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար Սուրեն Պապիկյանը փետրվարի 10-ին հյուրընկալել է ՄԱԿ-ի զարգացման ծրագրի մշտական ներկայացուցիչ Դմիտրի Մարիյասինին, ով ավարտում է իր առաքելությունը Հայաստանում։ Պատվիրակության կազմում էին Հայաստանում ՄԱԶԾ մշտական ներկայացուցչի տեղակալ Միխայելա Ստոյկոսկան և սոցիալ-տնտեսական ծրագրերի պատասխանատու Աննա Գյուրջյանը։ Այս մասին հայտնեցին ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարության հասարակայնության հետ կապերի բաժնից: Նախարար Պապիկյանը շնորհակալություն է հայտնել Դմիտրի Մարիյասինին պաշտոնավարման ընթացքում կատարած զգալի աշխատանքի, սերտ համագործակցության և Հայաստանի նկատմամբ սրտացավ վերաբերմումքի համար և հաջողություններ մաղթել հետագա գործունեության մեջ։ Զրուցակիցները քննարկել են սահմանամերձ համայնքների աջակցության, գյուղական զբոսաշրջության, համայնքային կարողությունների զարգացմանն ուղղված համատեղ ծրագրերի շրջանակներում արձանագրված ձեռքբերումները և ընթացիկ արդյունքները։ Սուրեն Պապիկյանն ընդգծել է, որ ՄԱԶԾ–ն Հայաստանի համար հանդիսանում է անչափ կարևոր գործընկեր, որի աջակցությամբ իրականացվող ծրագրերը ունեն կենսական նշանակություն Հայաստանի համայնքների համար և մշտապես աչքի են ընկնում հաջողված փորձով։ Նախարարն  առանձնահատուկ կարևորել է նաև ՄԱԶԾ ներգրավվածությունը Արցախի Հանրապետության քաղաքացիներին տրամադրված հյուրատների և հյուրանոցների կոմունալ ծախսերի փոխհատուցման ծրագրում և Մարիյասինի հետ քննարկել պատերազմի արդյունքում տեղահանված քաղաքացիների սոցիալական ինտեգրմանն ուղղված աջակցության հնարավորությունները։ Դմիրտրի Մարիյասինը ևս շնորհակալություն է հայտնել նախարարին համատեղ աշխատանքի ու արդյունավետ համագործակցության համար և վստահեցրել, որ ՄԱԿ–ի զարգացման ծրագրի աջակցությունը՝ ուղղված Հայաստանի բնակավայրերի կենսապայմանների բարելավմանը լինելու է շարունակական և ընդլայնելու է աշխարհագրությունը՝ ընդգրկելով նաև սահմանամերձ դարձած մարզերը։ Մարիյասինը ընդգծել է, որ Հայաստանից հեռանում է ջերմ հիշողություններով և երկրին մաղթել տնտեսական կայունություն և առաջընթաց։
11:17 - 11 փետրվարի, 2021
Կընդունվեն միայն այնպիսի որոշումներ, որոնք բալանսավորված են և բխում են ՀՀ շահերից․ Սուրեն Պապիկյանը՝ Ամուլսարի շահագործման վերաբերյալ հարցին ի պատասխան |tert.am|

Կընդունվեն միայն այնպիսի որոշումներ, որոնք բալանսավորված են և բխում են ՀՀ շահերից․ Սուրեն Պապիկյանը՝ Ամուլսարի շահագործման վերաբերյալ հարցին ի պատասխան |tert.am|

tert.am: ԱԺ-Կառավարություն հարցուպատասխանի ընթացքում «Լուսավոր Հայաստան» խմբակցության պատգամավոր Հրանտ Այվազյանը Նիկոլ Փաշինյանին հարց ուղղեց Ամուլսարի վերաբերյալ։«Որպես քաղաքացի՝ կո՞ղմ եք հանքի շահագործմանը, և որպես երկրի վարչապետ՝ ի՞նչ որոշումներ եք կայացնելու, Ամուլսարը կշահագործվի՞, թե՞ ոչ»,- դիմելով Փաշինյանին՝ հարցրեց պատգամավորը։ Հարցին Փաշինյանի փոխարեն պատասխանեց տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար Սուրեն Պապիկյանը՝ նշելով, թե որոշումը շատ պարզ ու հստակ է՝ ստեղծել հնարավորություններ, որ երկրում լինեն հավելյալ ներդրումներ։«Խոսքը վերաբերում է, մասնավորապես, հանքարդյունաբերությանը, և կարող է վերաբերել տարբեր հանքերի։ Մենք պետք է ուսումնասիրենք առկա խնդիրների հաղթահարման հնարավորությունները և ընդունենք որոշումներ։ Եթե այդ որոշումները բխեն ՀՀ շահերից, ուրեմն՝ այդ որոշումները կունենան նաև Ամուլսարի մասով շահագործում իրականացնելու հետևանքներ»,-ասաց նա։Պատգամավորն արձագանքեց, թե կարծում է՝ կկայացվի այնպիսի որոշում, որ բնության հաշվին տարբեր մարդկանց գրպաններ և տնտեսություն գումարներ չեն գնա, կգերակայի նաև բնության պահպանման խնդիրը։ Ի պատասխան՝ Պապիկյանն արձագանքեց․ «Ինչպես նախկինում նշել ենք, կընդունվեն միայն այնպիսի որոշումներ, որոնք բալանսավորված են և բխում են ՀՀ շահերից»,-ասաց Պապիկյանը։
18:16 - 10 փետրվարի, 2021
Պատրաստակամ ենք ամրապնդել և ընդլայնել հայ–շվեդական համագործակցությունը. ՏԿԵ նախարարն ընդունել է Պատրիկ Սվենսոնին

Պատրաստակամ ենք ամրապնդել և ընդլայնել հայ–շվեդական համագործակցությունը. ՏԿԵ նախարարն ընդունել է Պատրիկ Սվենսոնին

ՏԿԵ նախարար Սուրեն Պապիկյանը ընդունել է Հայաստանում Շվեդիայի արտակարգ և լիազոր դեսպան Պատրիկ Սվենսոնին։ Նախարարը շնորհավորել է դեսպանին ՀՀ-ում դիվանագիտական առաքելության մեկնարկի կապակցությամբ և հաջողություն մաղթել նրա պաշտոնավարման ընթացում։ Այս մասին տեղեկացնում է նախարարությունը: «Մենք պատրաստակամ ենք ամրապնդել և ընդլայնել տարբեր ոլորտներում հայ–շվեդական համագործակցությունը։ Մեր գերատեսչության համակարգման ներքո գտնվող բազմապրոֆիլ ուղղությունները փոխգործակցության նոր եզրեր ու հնարավորություններ կարող են նախանշել հայ–շվեդական գործընկերային հարաբերությունների օրակարգում», – նշել է նախարար Սուրեն Պապիկյանը։ Նախարարի խոսքով հայ–շվեդական փոխգործակցության հաջողված փորձը հատկապես դրսևորվել է քաղաքացիական ավիացիայի, միգրացիոն ծառայության հետ համագործակցության շրջանակներում, ինչպես նաև ճանապարհատրանսպորտային ենթակառուցվածքների զարգացման և անվտանգության  բարձրացման ուղղությամբ փորձի փոխանակման աշխատանքներում։ Պապիկյանը բարձր է գնահատել նաև ՀՀ Լոռու մարզի և Շվեդիայի Ուփսալա նահանգի միջև միջտարածաշրջանային համագործակցությունը՝ հույս հայտնելով, որ այն նախադեպային կլինի նաև երկու երկների այլ վարչատարածքային միավորների համար։ Դեսպան Սվենսոնը վերահաստատել է Հայաստանի հետ բազմոլորտ փոխգործակցությունը զարգացնելու շվեդական կողմի պատրաստակամությունը և վստահություն հայտնել, որ իր պաշտոնավարումը նոր լիցք կհաղորդի նախարարության հետ առկա գործընկերային հարաբերությունների խորացմանը։Կարևորելով ընթացիկ ծրագրերի շարունակականությունը՝ դեսպանը հաղորդել է, որ  շվեդական կողմը հետաքրքրված է նաև տեղական ժողովրդավարության ամրապնդման և վարչատարածքային բարեփոխումների շրջանակում փորձի փոխանակմամբ։ Նախարար Պապիկյանը հայտնել է, որ համայնքների միավորման գործընթացին մեծապես մասնակցություն են ունեցել եվրոպական մի շարք գործընկեր կառույցներ։ Այդ համատեքստում նախարարը ողջունելի է և հեռանկարային է համարել ՀՀ վարչատարածքային բարեփոխումներին աջակցելու շվեդական կողմի հետաքրքրվածությունը և մանրամասներ հաղորդել համայնքերի միավորման՝ աշնանը սպասվող ծրագրերի մասին։
19:51 - 09 փետրվարի, 2021
«Սադախլո-Բագրատաշեն» անցման կետի տարածքում՝ Դեբեդ գետի վրա, նոր կամուրջ կկառուցվի

«Սադախլո-Բագրատաշեն» անցման կետի տարածքում՝ Դեբեդ գետի վրա, նոր կամուրջ կկառուցվի

Հայաստանի Հանրապետության և Վրաստանի պետական սահմանի «Սադախլո-Բագրատաշեն» անցման կետի տարածքում Դեբեդ գետի վրա կառուցվելիք նոր կամրջի վերջնական տեսքն է։ Ճանապարհային դեպարտամենտ ՊՈԱԿ-ի ֆեյսբուքյան էջը հրապարակել է կառուցվելիք կամրջի լուսանկարը։ Նշվում է, որ կառուցվելու է երկու առանձին կամուրջ՝ երկու ուղղություններով իրարից 1մ հեռավորությամբ: Երկու կամուրջների ընդհանուր լայնքը կազմելու է 24.7մ, յուրաքանչյուրինը՝ 11.85մ: Կամուրջն ունենալու է մոտ 32 մետրանոց 5 թռիչք և մոտեցնող ճանապարհներ։ Կամուրջն ունենալու է արտաքին լուսավորություն և ջրահեռացման համակարգ: Ներկայում գործող կամուրջը վերանորոգվելու է‚ այն կարող է ծառայել որպես այլընտրանքային ճանապարհ սահմանային անցակետում խցանումների ժամանակ՝ ապահովելով արագ երթևեկը: Նոր կամրջի կառուցման ծրագիրն այժմ նախաշինարարական փուլում է։ Շինարարության մեկնարկը կտրվի առաջիկա ամիսներին։
16:53 - 08 փետրվարի, 2021