Նիկոլ Փաշինյան

Նիկոլ Վովայի Փաշինյան, ՀՀ գործող վարչապետն է։ ՀՀ Ազգային ժողովի նախկին պատգամավոր, «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության վարչության անդամ։

Ծնվել է 1975 թվականի հունիսի 1-ին՝ Իջեւան քաղաքում։ 1999-2012 թվականներին եղել է քաղաքական ուղղվածության «Հայկական ժամանակ» օրաթերթի գլխավոր խմբագիրը, 2012 թվականի մայիսի 6-ից մինչեւ վարչապետի պաշտոնում ընտրվելը՝ Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի պատգամավոր` ընդդիմադիր «Ելք» խմբակցությունից։ Որպես կուսակցական գործիչ համարվում է «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության, ինչպես նաեւ «Իմպիչմենտ» եւ «Ելք» դաշինքների համահիմնադիր։

2018 թվականին Սերժ Սարգսյանի երրորդ պաշտոնավարման դեմ պայքարող Նիկոլ Փաշինյանը սկսում է «Իմ քայլը» նախաձեռնությունը եւ իր համախոհների հետ միասին Գյումրուց քայլարշավով ուղեւորվում Երեւան։  Գործողությունների արդյունքում ապրիլի 23-ին Սերժ Սարգսյանը հրաժարական է տալիս։

Մայիսի 8-ին Փաշինյանն ընտրվում է Հայաստանի Հանրապետության 16-րդ վարչապետ։ Վարչապետի պաշտոնում Նիկոլ Փաշինյանը վերընտրվում է 2018-ի դեկտեմբերի և 2021-ի հունիսի խորհրդարանական արտահերթ ընտրությունների ժամանակ;

Մենք չենք կարող ասել, որ այս փաստաթղթով Լեռնային Ղարաբաղի խնդիրը լուծվել է․ Էդգար Վարդանյան

Մենք չենք կարող ասել, որ այս փաստաթղթով Լեռնային Ղարաբաղի խնդիրը լուծվել է․ Էդգար Վարդանյան

Նոյեմբերի տասին կրակը դադարեցնելու վերաբերյալ Հայաստանի վարչապետի, Ադրբեջանի ու Ռուսաստանի նախագահների ստորագրած համաձայնագիրը հանրային քննարկման տիրույթում է։ Այս օրերին այն բնորշվեց որպես կապիտուլյացիայի մասին խայտառակ մի փաստաթուղթ, որով հանձնվեցին ոչ միայն Արցախի տարածքները, այլեւ նվազեց Հայաստանի ինքնիշխանությունը։ 17 ընդդիմադիր կուսակցությունները եւ Ազգային-ժողովրդավարական բեւեռը ակցիաներ են իրականացնում՝ պահանջելով Նիկոլ Փաշինյանի հրաժարականը։ Փաստաթղթի էության, Արցախում եւ Հայաստանում տեղի ունեցող իրադարձությունների մասին Infocom-ը զրուցել է քաղաքագետ Էդգար Վարդանյանի հետ։ - Պարո՛ն Վարդանյան, կրակը դադարեցնելու հայտնի համաձայնագիրը տարբեր անուններով բնորոշվեց, այդ թվում՝ կապիտուլյացիա։ Ի՞նչ է իրենից ներկայացնում այս փաստաթուղթը, ի՞նչ է նշանակում եւ ինչո՞ւ է ստորագրվել խիստ նեղ շրջանակի հետ քննարկմամբ։ - Ըստ էության՝ փաստաթուղթը ռազմական գործողությունների դադարեցման վերաբերյալ համաձայնություն է, որը ենթադրում է տարածքային կորուստներ։ Եւ ակնհայտ է, որ այդ համաձայնությունը ձեռք է բերվել որպես վերջին միջոց` փրկելու, պահելու այն, ինչ հնարավոր է պահել այդ պահի դրությամբ։ Ակնհայտ է նաեւ, որ եռակողմ այդ համաձայնությունը ձեռք է բերվել Մինսկի խմբի շրջանակից դուրս, մինչդեռ, որպես միջնորդ Մինսկի խումբն էր զբաղվում ղարաբաղյան հարցի կարգավորմամբ: - Կարո՞ղ ենք ասել, որ այդպիսով Մինսկի խմբի ձեւաչափը քանդվել է։  - Չենք կարող ասել, որ քանդվել է, բայց այստեղ ակնհայտ է, որ Մինսկի խմբի անդամներից մեկը գործել է սեպարատ (անջատ), այսինքն` առանձին ձեւաչափով։ Ֆրանսիան եւ ԱՄՆ-ն, կարծես, դժգոհություն ունեն, թե ինչու իրենց հետ համատեղ չի ընդունվել այդ որոշումը, ինչն, ըստ էության, ընդունեց նաեւ ՌԴ ԱԳ նախարար Լավրովը՝ Ռուսաստանի շահերի տեսակետից որոշակի բացատրություն տալով։ Բայց ակնհայտ է, որ այդ բացատրությունը սպառիչ չէ, եւ Մինսկի խմբի համանախագահ այլ երկրների, փորձագիտական շրջանակների համար այն չի կարող համոզիչ լինել։ Լավրովի ասածն ընդամենն այն էր, որ զուտ տեխնիկական խնդիր կա, բայց իրենք անընդհատ շփումների ու խոսակցությունների մեջ են, եւ այլն։ Իհարկե՛, մենք տեսնում էինք, որ ամբողջ պատերազմի ժամանակ Միսնկի խմբի համանախագահ երկրները տարբեր ձեւաչափերով աշխատում էին կողմերի հետ, չնայած՝ միշտ չէ, որ երեքն էլ միաժամանակ ինչ-որ հայտարարություն էին անում, նույնիսկ հակառակը` շատ հազվադեպ էր այդպես։  Ինչպես ասում են՝ այս խմորը շատ ջուր է քաշելու, այս համաձայնագիրը խնդրի լուծում չի պարունակում, մենք չենք կարող ասել, որ սրանով Լեռնային Ղարաբաղի խնդիրը լուծվել է։ - Նիկոլ Փաշինյանն էլ երեկ իր ելույթում սա շեշտեց՝ ԼՂ հարցն ինչպես լուծված չէր, այնպես էլ հիմա լուծված չէ։ Դուք նշեցիք՝ փաստաթուղթը ռազմական գործողությունները դադարեցնելու մասին է․ չի՞ բացառվում նոր պատերազմը։ - Ի՞նչ է փաստացի կատարվել․ կողմերը պատերազմի ընթացքում մի քանի անգամ համաձայնության են եկել կրակի դադարեցման վերաբերյալ, բայց այդ համաձայնությունն Ադրբեջանը միշտ չի հարգել, միշտ, բոլոր դեպքերում, բոլոր համաձայնություններից հետո։ Եւ այն, որ հենց Ադրբեջանը չի հարգել, դա ֆիքսել են Մինսկի խմբի համանախագահ երկրների տարբեր պաշտոնյաներ։ Հիմա, փաստացի, այս համաձայնությունը ուժային կոմպոնենտով է ձեռք բերվել, այսինքն՝ կոնկրետ Ռուսաստանը որպես միջնորդ հանդես է եկել եւ ստացել է կողմերի համաձայնությունը՝ խաղաղապահ զորք մտցնելու վերաբերյալ։ Հրադադարի համաձայնագիրը, ըստ հայկական կողմերի ներկայացրածի, եղել է որպես մնացածը փրկելու միակ տարբերակը, այսինքն՝ Հայաստանն այլընտրանք չի տեսել, եւ մյուս կողմից էլ՝ Ադրբեջանը, հասկանալով, որ շատ լուրջ ձեռքբերումների է հասել, գտել է, որ այստեղ կարելի է կանգնել եւ համաձայնել, որպեսզի ռուս խաղաղապահները մտնեն։ Միայն այս դեպքում են բոլորը հասկացել, որ հնարավոր է հրադադարը։ Այսինքն՝ պատերազմը հանգել էր մի իրավիճակի, որ եթե չկան խաղաղապահներ, չի կարող լինել հրադադար։ Բացի այն, որ խաղաղապահներն արդեն տեղակայվել են՝ համաձայն փաստաթղթի, իմպլեմենտացվել (կիրարկվել) է նաեւ կրակի դադարեցումը, իսկ համաձայնագրի մնացյալ կետերն իրենց բնույթով կրակի դադարեցման հետ անմիջական կապ չունեն, դրանք արդեն բանակցային գործընթացի տարրեր են պարունակում, խաղաղության հասնելու տարրեր, ԼՂ կոնֆլիկտի կարգավորման կետեր։ Խնդիրը հենց այն է, որ այդ համաձայնագիրը Լեռնային Ղարաբաղի կարգավորման շրջանակային համաձայնագրի տարրեր է պարունակում, սակայն այդպիսի համաձայանգիր նախատեսված էր ձեռքբերել Մինսկի խմբի մանդատի շրջանակներում։  - Այժմ բանակցություններն ի՞նչ շրջանակներում են լինելու, ի՞նչ պիտի բանակցենք մենք։ Օդում կախված է նաեւ Արցախի կարգավիճակի հարցը: - Այս փաստաթղթի իմպլեմենտացիայի հարցերը համաձայնեցված չեն դեռ, դրանում պիտի լինեին դրույթներ, որոնք միտված կլինեին խնդրի կարգավորմանը։ Եւ եթե այդ հարցով մանդատը Մինսկի խմբին էր տրված, ուրեմն պիտի Մինսկի խումբը անի այդ եւ այլ, համաձայնագրով չնախատեսված կետերի վերաբերյալ բանակցությունները։ Հիմա հասկանալի չէ, թե ինչ ձեւաչափով պետք է այդ կետերի իմպլիմենտացիայի վերաբերյալ բանակցություններ լինեն։ Ու մենք պետք է ակնկալենք, որ մոտ ապագայում այդ հարցերը պիտի քննարկվեն ամենաբարձր մակարդակում՝ ե՛ւ համանախագահ երկրների միջեւ, ե՛ւ տարբեր ֆորմատներով։  Իսկ ինչ էին ենթադրում Մինսկի խմբի առաջ քաշած սկզբունքները․ այն, որ նախկին ԼՂԻՄ-ը պետք է առանձին դիտարկվի, 7 շրջաններրը, որոնք շրջապատում են նախկին ԼՂԻՄ-Ը՝ առանձին։ Հիմա ստացվել է, որ Ադրբեջանը, ուժային գործողությունների արդյունքում խախտելով Միսնկի խմբի շրջանակներում ընթացող բանակցությունների հիմնարար սկզբունքներից մեկը՝ ուժի չկիրառումը, կոնֆլիկտը փորձել է լուծել ուժային ճանապարհով։ Արդյունքում՝ ոչ միայն շրջաններն է իր վերահսկողության տակ առել, այլ նաեւ նախկին ԼՂԻՄ-ի որոշակի հատվածներ, այդ թվում՝ Շուշին, Հադրութը։  Կարծում եմ, որ Հայաստանն այս հարցը պետք է բարձրացնի հենց Մինսկի խմբի շրջանակներում։ Նաեւ կարգավիճակի հարցը, որովհետեւ 3 սկզբունքներ կային` տարածքային ամբողջականությունը, ազգերի ինքնորոշման իրավունքը եւ ուժի չկիրառումը։ Հիմա, փաստորեն, ազգի ինքնորոշման հարցն էլ այստեղ լուծված չէ, եւ այն տարածքը, որը նախատեսվում էր, որ պետք է ֆիքսվեր որպես Արցախի ժողովրդի ինքնորոշման տարածք՝ նախկին ԼՂԻՄ-ը, առնավազն մասնակիորեն օկուպացված է՝ լինելով Ադրբեջանի վերահսկողության տակ։  - Պարոն Վարդանյան, հիմա շատերը փորձում են հասկանալ՝ հնարավո՞ր է չեղյալ համարել այս փաստաթուղթը, եւ եթե այո, ապա ինչո՞ւ, ինչպե՞ս, եւ ի՞նչ զարգացումներ կարող են լինել այդ պարագայում։ - Շատերն ասում են, որ այս համաձայնագիրը իրավական ուժ չունի եւ այլն, եւ քանի որ իրավական ուժ չունի, ուրեմն կարելի է չեղյալ համարել կամ չկատարել։ Բայց մենք պետք է հասկանանք, որ այս համաձայնագիրը կրակի դադարեցման եւ կրակի դադարեցման մեխանիզմների վերաբերյալ է։ Կողմերը համաձայնության են եկել, եւ Հայաստանը համաձայնել է դրան ստիպված, որովհետեւ այլ տարբերակ, ինչպես նշում են հայկական կողմերը, չկար։ Այլապես կորցնելու էինք ամեն ինչ։ Խաղաղապահների տեղակայումն իրականացված է, ինչպե՞ս ենք մենք պատկերացնում դրա չեղարկումը։ Որեւէ մեկը, որը խոսել է չեղարկելու մասին, չի ասել, թե ինչպես է դա հնարավոր։ Ենթադրենք՝ Հայաստանն ասում է` ես փոշմանել եմ, չեմ ուզում խաղաղապահներ լինեն, բայց վերջիններս արդեն այնտեղ են, ի՞նչ պետք է անես։ Ի՞նչ են առաջարկում․ պատերազմել Ռուսաստանի հե՞տ, ասել՝ դուք գնացե՞ք այդտեղից, մենք շարունակում ենք Ադրբեջանի հետ պատերա՞զմը։ Ի՞նչ են առաջարկում այդ մարդիկ։ Հասկանալի չէ` ինչ են առաջարկում։  Ադրբեջանը Թուրքիայի աջակցությամբ կարողացել է հասնել նրան, որ ինքը որոշակի պայմաններով է կանգնել, որոշկի պայմաններով է դադարեցրել պատերազմը, որը կործանարար էր ամբողջ Արցախի համար։ Հիմա երբ ասում ես, որ այդ պայմանները չես ընդունում, ուրեմն ի՞նչ ես ստանում արդյունքում, նորի՞ց պատերազմ, պատերազմ ո՞ւմ հետ, երբ ռուս խաղաղապահներն արդեն տեղակայված են։  - Հայտարարություններ են հնչում, թե հարցի լուծման կամ գոնե իրավիճակի մեղմացման առաջին քայլը Փաշինյանի հրաժարականն է: - Միգուցե մեղմացնելու համար իրենք ունեն ինչ-որ պլան, մեխանիզմ, թող հրապապարկեն դա, եւ ով իշխանության է այսօր, այդ մեխանիզմը, եթե լավն է, կիրառի։ Ո՞րն է խնիդրը, ի՞նչ է տալիս փոփոխությունը, ի՞նչ կարող են անել իրենք, որ չի կարող անել Նիկոլ Փաշինյանն այսօր: Բացի այս՝ հետեւյալ խնդիրը կա. երեկ եւ ասյօր ովքե՞ր էին ասում, որ պետք է հրաժարական տա, որ դեռ հնարավորություն կա եւ այլն, ասում էին հիմնականում նրանք, որոնք 2018 թվականին հանրության բացարձակ մեծամասնության կողմից դիտարկվելով որպես հակաժողովրդավարական, հակասահամանադրական, հանցագործ խմբավորումներ, քաղաքացիական դիմադրության լայնամասշտաբ արշավի միջոցով հեռացվել են իշխանությունից։ Ինչո՞ւ պետք է ներկայիս իշխանությունը ընդունի նրանց պահանջը, ի՞նչ սկզբունքով։ Նրանք չունեն լեգիտիմություն, նրանք ներկայացնում են հասարակության բացարձակ փորքրամասնությունը, եթե ինչ-որ մեկին ներկայացնում են… Ովքե՞ր կարող են ներկայացնել որոշակի պահանջներ իշխանությունների նկատմամբ. նրանք, որոնք ընտրել են իշխանություններին, եւ դա բացարձակ մեծամասնությունն է, եւ նրանք, որոնք ընդունում են ժողովրդավարական սկզբունքները, կրողն են այդ սկզբունքների, այս կամ այն ձեւով իրենց ներդրումն են ունեցել ժողովրդավարական Հայաստանի կայացման գործընթացում։ - Վարչապետի հրաժարականի դեպքում ժողովրդավարությունը չի՞ պահպանվի։ - Կայացած ժողովրդավարական երկրներում, որպես կանոն, որեւէ մեծ ձախողում ունենալուց հետո երկրի ղեկավարները հրաժարական են տալիս՝ անկախ նրանից, թե որքան է մեղքը: Դա շատ առողջ պրակտիկա է, դա նպաստում է նրան, որ երկրի ղեկավարներն ավելի արդյունավետ աշխատեն: Սակայն Հայաստանը դեռեւս լիարժեք կայացած ժողովրդավարություն չէ, իսկ դա ենթադրում է, որ հնարավոր է՝ կտրուկ իշխանափոխության արդյունքում Հայաստանում հաստատվի բռնապետություն։ Նման բան կայացած ժողովրդավար պետություններում հնարավոր չէ։ Եթե լինում են ընտրություններ, դրա արդյունքում եկած իշխանությունը, նույնիսկ եթե վատ իշխանություն լինի, միեւնույն է՝ չի կարող ամբողջ ժողովրդավարությունը վերացնել ու բռնապետություն հաստատել։ Կարող է վատ կառավարում իրականացնել, կարող է սահմանափակել ժողովրդավարական որոշակի մեխանիզմներ, բայց ամբողջությամբ վերացնել չի կարող՝ ժողովրդավարական ինստիտուտները թույլ չեն տա։ Հիմա Հայաստանի նման երկրներում իրավիճակը մի փոքր այլ է՝ չկան կայուն ժողովրդավարական ինստիտուտներ։ Այդ պատճառով կա վտանգ, որ այսօր կտրուկ իշխանափոխությունը՝ առանց ժողովրդավարական ընտրությունների համար համապատասխան մթնոլորտ ձեւավորելու, առանց ժողովրդավարական ընտրական ինստիտուտների ամբողջական ձեւավորման, առանց կուսակցությունների մասին նոր օրենքի, առանց ԶԼՄ դաշտի կարգավորման եւ այլնի՝ կարող է հանգեցնել բռնապետության հաստատման՝ հաշվի առնելով այն հանգամանքը, թե ովքեր են այսօր ակտիվություն ցուցաբերում փողոցում եւ ինչպես են շահարկում մարդկանց էմոցիաները։ Հիմա, արագ իշխանափոխության արդյունքում կարող են հակաժողովրդավարական, բռնապետական, ծայրահեղ աջ-պոպուլիստական օրակարգ առաջ տանող որոշակի շրջանակներ գալ իշխանության։ Հանրությունը կուզենա երաշխիքներ ունենալ, որ, որ Փաշինյանի հրաժարականի դեպքում Հայաստանում բռնապետություն կամ օլիգախիկ համակարգ չի հաստատվի: - Այս պահից ի՞նչ առաջնահերթ անելիքներ ունեն Կառավարությունն ու հանրությունը, ի՞նչ պիտի արվի։ - Նախ պետք է ամեն ինչ անել, որպեսզի երկրում կայունություն լինի, ապահովվի քաղաքացիների անվտանգությունը, ինստիտուտների անվտանգությունը եւ արդյունավետ գործունեությունը։ 2-րդ կարեւոր բանը` ապահովել, որպեսզի ժողովրդավարական մեխանիզմները անհապաղ աշխատեն եւ չլինի կառավարման, քաղաքական ճգնաժամ ու, բնականաբար, այդ ամենին զուգահեռ արդեն քաղաքական-դիվանագիտական լուրջ գործունեության կարիք կա, որ համաձայնագրի տարբեր անհասկանալի հարցերի ճշգրտում ու հայանպա՛ստ ճշգրտում իրականացվի։  Վերջինը ենթադրում է լուրջ աշխատանք գործընկերների հետ, Մինսկի խմբի համանախագահների հետ, միջազգային տարբեր կառույցների հետ, ամեն հնարավորը պետք է արվի, որ դեռեւս ամբողջությամբ չհստակեցված կետերը մեր օգտին լինեն։ Այդ հնարավորությունները, կարծում եմ, այսօր կան, մանավանդ, հաշվի առնելով Մինսկի խմբի համանախագահների պատրաստակամությունը, մասնավորապես՝ Ֆրանսիայի։ Նրանք նույնիսկ ուղղակիորեն են ասում, որ ջանքեր կգործադրեն՝ Հայաստանի շահերը հնարավորինս պահելու համար։  Բնականաբար, այս ամենը ենթադրում է, որ հեղաշրջման որեւէ փորձ պետք է չեզոքացվի, չեզոքացվի սահմանադրական ճանապարհով, առանց բախումների։ Հիմա նաեւ անկախ Հայաստանի գոյության, սուվերենության հարցն է լուծվում, ու եթե հանկարծ լինեն բախումներ, որոնք վերածվեն քաղաքացիական պատերազմի, այս դեպքում Հայաստանը կարող է իր անկախությունը ուղղակի կորցնել։ Հայարփի Բաղդասարյան
21:08 - 13 նոյեմբերի, 2020
Մեզ հետ հանդիպման ժամանակ վարչապետը քանիցս կրկնեց, որ Ալիևը պահանջում է Շուշին․ Նարինե Դիլբարյան

Մեզ հետ հանդիպման ժամանակ վարչապետը քանիցս կրկնեց, որ Ալիևը պահանջում է Շուշին․ Նարինե Դիլբարյան

«Ժառանգություն» կուսակցության վարչության նախագահ Նարինե Դիլբարյանն ասում է, հոկտեմբերի 19-ին արտախորհրդարանական կուսակցությունների հետ հանդիպման ժամանակ վարչապետ Նիկոլ Փաշինյանը բավականին անկումային տրամադրություն է ունեցել և խոսել է ռազմաճակատում տիրող վատ իրավիճակի մասին։ Վարչապետն ասել է, որ այդ մասին իրեն նամակով տեղեկացրել է Արցախի նախագահ Արայիկ Հարությունյանը։ Ն․Փաշինյանը նաև հայտնել է, թե Ալիևը Շուշինն էլ է պահանջում։ Այդ հանդիպումից երկու օր անց Ն․Դիլբարյանն իր մի քանի կուսակիցների հետ մեկնել է Արցախ, հանդիպել նախագահ Արայիկ Հարությունյանի ու մի շարք բարձրաստիճան սպաների հետ։ «Արցախում Արայիկ Հարությունյանը և Սեյրան Օհանյանը մեզ բոլորովին այլ բան ասացին, նրանք վստահեցրեցին, որ զենք կա և խնդիրը մարդիկ են։ Ա․Հարությունյանը խոսում էր 3-5 հազար կամավորականի մասին, Սեյրան Օհանյանը՝ 2500 հոգու մասին։ Ա․Հարությունյանն ասաց, որ նամակ գրել է, բայց հավելել է, որ բանակին վերաբերող տեղեկություններն այդքան ողբերգական չէին»,- պատմում է Ն․Դիլբարյանը։ «Ժառանգության» անդամները գնացել են նաև Շուշի, տեսել, որ քաղաքը կանգուն է, մոմավառություն կազմակերպել եկեղեցիներում և անկումային վիճակ չեն նկատել։ Ու նա զարմանում է, թե ինչպես հանձնվեց քաղաքը։ «Ես կարծում եմ, որ Շուշին չէր հանձնվի, եթե պայմանավորվածություն չլիներ։ Արայիկ Հարությունյանը Նիկոլ Փաշինյանի հետ մեկտեղ պետք է հստակ բացատրություններ տա, թե ինչ կատարվեց։ Եթե մենք այսօր չհասկանանք, թե ինչ է կատարվել, ապա չենք կարողանա սրբագրել այդ անձնատվական փաստաթուղթը»,- ասում է «Ժառանգության» ղեկավարը։ Ն․Դիլբարյանը նաև գտնում է, որ պետք չէ շտապել ու իրականացնել հրադադարի հայտարարության պայմանները։
19:10 - 13 նոյեմբերի, 2020
Նիկոլ Փաշինյանը հաջողացրեց բոլոր հնարավոր տարբերակներից Հայաստանի համար կնքել վատագույնը. Արփինե Հովհաննիսյան |lragir.am|

Նիկոլ Փաշինյանը հաջողացրեց բոլոր հնարավոր տարբերակներից Հայաստանի համար կնքել վատագույնը. Արփինե Հովհաննիսյան |lragir.am|

lragir.am: «Այստեղ հավաքվածներից որևէ մեկն իշխանություն չի ուզում, իշխանությունը պետք է Փաշինյան Նիկոլին, նրա պատգամավորներին, որպեսզի մարսեն այս ամենը։ Իշխանությունից հեռացումը պետք է հայրենիքին, Հայաստանին ու Արցախին»,- Ազատության հրապարակում ասաց Արդարադատության նախկին նախարար Արփինե Հովհաննիսյանը։ Նա նշեց, որ Նիկոլ Փաշինյանը նախապատերազմական, պատերազմական և հետպատերազմական շրջանում ցույց է տվել որակներ, հատկանիշներ, որոնք բերեցին այս աղետին։ «Երբ Նիկոլ Փաշինյանն ասում էր՝ Արցախը Հայաստան է և վերջ, հարց ունեմ՝ պարոն Փաշինյան, դա ի՞նչ էր նշանակում՝ Շուշին Ադրբեջան է, և վե՞րջ։ Իսկ գուցե փոխելո՞ւ եք կարգախոսը և մի օր դարձնեք՝ Երևանը Հայաստան է և վերջ, որովհետև հանձնել եք Սյունիքը»,- հայտարարեց Արփինե Հովհաննսյանը։ Անդրադառնալով Արցախի վերաբերյալ ստորագրված փաստաթղթին՝ Արփինե Հովհաննիսյանն ասաց, որ այն քաղաքական փաստաթուղթ է։ «Սա միջազգայնորեն ստանձված ՀՀ պարտավորություն է՝ պետությունների միջնորդությամբ։ Այս փաստաթուղթը սկսել է կատարվել, և մնացել են հաշված ժամեր իրենց տներն այրած քարվաճառցիների գաղթի ճանապարհը բռնելուն, եթե արդնե չեն արել դա։ Այս փաստաթղթով ամեն ինչ սկսվում է, բայց չի ավարտվում։ Այս փաստաթուղթը ենթադրում է նոր փաստաթղթեր։ Այս փաստաթղթի ամեն կետի տակ կա լրացուցիչ ռումբ Հայաստանի պետականության համար»,- ասաց նա։ Արփինե Հովհաննիսյանը նշեց, որ մի քանի տարի հետո Հայաստանը չի լինելու, որովհետև այս փաստաթղթով Նիկոլ Փաշինյանը Նախիջևանը ցամաքային կապով կապել է Մեղրիին։ «Ուզում եմ դիմել այն մարդկանց, ովքեր ասում են՝ նոր բանակցող դա նշանակում է նոր պատերազմ։ Ոչ, այդպես չէ, նոր բանակցող նշանակում է նոր շանս, որպեսզի Հայաստանի տակ դրված այս ականները հանվեն։ Նիկոլ Փաշինյանը հաջողացրեց բոլոր հնարավոր տարբերակներից Հայաստանի համար կնքել վատագույնը։ Բոլոր երեք նախագահների ժամանակ սեղանին դրված փաստաթղթերից այս մարդը մեզ համար ընտրեց վատագույնը»,- նշեց նա։
18:34 - 13 նոյեմբերի, 2020
Վարչապետի մոտ քննարկվել են արցախցիների խնդիրների լուծման աշխատանքներն ու առաջիկա քայլերը

Վարչապետի մոտ քննարկվել են արցախցիների խնդիրների լուծման աշխատանքներն ու առաջիկա քայլերը

Վարչապետ Նիկոլ Փաշինյանի գլխավորութամբ տեղի է ունեցել ընդլայնված կազմով խորհրդակցություն, որին մասնակցել են կառավարության անդամներն ու այլ գերատեսչությունների ղեկավարներ: Խորհրդակցությունը սկսվել է մեկ րոպե լռությամբ՝ ի հիշատակ պատերազմում զոհված հայորդների: Վարչապետը նշել է, որ խորհրդակցության նպատակն է քննարկել պատերազմի ընթացքում Արցախից Հայաստան տեղափոխված մեր հայրենակիցների հետ կապված հարցերը: «Մասնավորապես, պետք է քննարկենք, թե աջակցության ինչ ծրագրեր ենք իրականացնելու նրանց համար: Բայց նաև պետք է արձանագրենք, որ մեզ համար առաջնային խնդիր է, որպեսզի նրանք այդ աջակցությունը ստանան Արցախում: Այսինքն, դա պետք է լինի ծրագիր, որը նպաստում է մեր հայրենակիցների՝ Արցախ վերադառնալու գործընթացին: Այս առումով, նախ եկեք արձանագրենք, թե այս ընթացքում մենք ինչ ենք արել, ինչով ենք աջակցել նրանց և առաջիկայում ինչպիսի ծրագրեր ենք նախատեսում, ինչպես ենք իրականացնելու այդ ծրագրերը»,- նշել է վարչապետը: Պատասխանատուները զեկուցել են, որ պատերազմի առաջին օրերին Արցախի մեր հայրենակիցներին աջակցության աշխատանքները կազմակերպելու գործընթացը շուրջօրյա ռեժիմով իրականացվել է վարչապետի աշխատակազմի անմիջական համակարգմամբ Արցախի Հանրապետության գործընկերների հետ սերտ համագործակցությամբ: Ներգրաված են եղել նաև կամավորական խմբեր, որոնք գործել են ինչպես Արցախում, այնպես էլ Հայաստանում: Աշխատանքներն ուղղված են եղել կացարանի, սննդի ապահովմանը, արցախցի երեխաների կրթական, առողջապահական և այլ խնդիրների լուծմանը: Հայաստան տեղափոխված բոլոր արցախցիների սննդի և առաջնային անհրաժեշտության պարագաների, ինչպես նաև հագուստի ապահովումն իրականացվել է նվիրատվությունների, այնպես էլ պետական միջոցների հաշվին: Նշվել է, որ Հայաստան տեղափոխվածների մի մասն այս օրերին տեղավորվել է ինչպես առանձին անհատների բնակարաններում, պետական սեփականություն հանդիսացող տարբեր հաստատություններում, այնպես էլ հյուրանոցներում, հյուրատներում: Կառավարությունը նախատեսում է առաջիկայում իրականացնել վերջիններիս կոմունալ վճարների աջակցության միջոցառում: Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Զարուհի Բաթոյանը ընդգծել է, որ այս օրերի ընթացքում որևէ արցախցի գեթ մեկ գիշեր առանց կացարանի չի մնացել: Այնուհետև անդրադարձ է կատարվել արցախցիների՝ իրենց հայրենի բնակավայրեր վերադառնալու համար անհրաժեշտ ենթակառուցվածքների, բնակֆոնդի վերականգնման աշխատանքների կազմակերպմանը, սոցիալական աջակցության միջոցառումների իրականացմանն ու այլ խնդիրների գույքագրմանը: Վարչապետ Փաշինյանը հանձնարարել է սեղմ ժամկետում Արցախի կառավարության հետ ձևավորել աշխատանքային խումբ, որը կզբաղվի վերը նշված հարցերով և կառաջարկի խնդիրների լուծման համապատասխան առաջարկություններ: Ամենշաբաթյա գրաֆիկով աշխատանքների ընթացքի մասին կզեկուցվի վարչապետին:
18:19 - 13 նոյեմբերի, 2020
Զոհված մայորի մայրը վարչապետից պատասխաններ է պահանջում |armtimes.com|

Զոհված մայորի մայրը վարչապետից պատասխաններ է պահանջում |armtimes.com|

armtimes.com: Իշխանությունների հրաժարականի պահանջով Ազատության հրապարակում այսօր հրավիրված հանրահավաքին ներկա է նաեւ պատերազմի զոհված հերոսներից մայոր Մկրտիչ Հակոբյանի մայրը։ Իր ելույթի սկզբում նա նշեց, որ սրտի մեծ կսկիծով է եկել այստեղ․ «Իմ սիրելի՛ հայ ժողովուրդ, երեւի թե պատկերացնում եք, թե սրտի ինչ կսկիծով եմ եկել այստեղ, արցունքը խեղդում է ինձ, 40 օր է՝ ես ողբում եմ, բայց ողբալով ոչինչ հնարավոր չէ անել, ես հասարակ, անկուսակցական մի բուժքույր եմ, որ իր կյանքի 40 տարին ծառայեցրեց ժողովրդին, իր երկրին տվեց մի առյուծ զավակ, Հունաստանում սովորած, լուրջ ծառայություն անցած զինվոր»։ Որդեկորույս մոր խոսքով՝ երբ իր որդին գնում էր սովորելու, ինքը, որպես մայր, հասկանում էր, որ եթե զինվոր է, ուրեմն պիտի իր հայրենիքը պաշտպանի․ «Սա նորմալ է, բայց նորմալ չէ այն, որ ես չգիտեմ, թե ինչի համար իմ որդին գնաց ու զոհվեց։ Ո՞ւր եք, որդոկորու՛յս մայրեր, մի՞թե ոչինչ չունեք ասելու, ինչո՞ւ այստեղ չեք, ես պատասխան եմ պահանջում այն մարդուց, ով ստորագրեց ու հանձնեց, ինչի՞ համար հանձնեց, ինչպես իր տիկինը ասեց՝ հանուն ոչինչի, ես այսօր հասկացա՝ հանուն ոչնչի»։ Զոհված զինծառայողի մայրը պահանջեց, որ վարչապետը գա եւ անձամբ իրեն պատասխանի, թե ինչու հանձնեց հողերը․ «Կներեք, սիրելի՛ ժողովուրդ, չեմ կարողանում խոսել, շատ բան ունեմ ասելու, շատ բան է կուտակված, բայց վարչապետը պիտի գա ու ինձ պատասխան տա, թող իմ աչքերին նայի ու ասի՝ ինչի՞ համար տվեց այդ հողերը, ո՞ւմ համար, թող գա վարչապետը ու պատասխան տա։ Ես ոչինչ այլեւս չունեմ կորցնելու, իմ ամենահարազատ, ամենանվիրական մասունքը տվել եմ ազգին, բայց պարզվում է՝ ես երկրին չեմ տվել, թուրքի հողին եմ տվել, ինչի՞ համար, թող գա վարչապետը ու պատասխան տա, եթե այդքան թասիբ ունի, որ թասիբից էր խոսում, թող գա ու պատասխան տա, եթե կարող է»,- ասաց նա՝ հավելելով, որ հպարտ է, որ որդի է կորցրել հայրենիքի համար, բայց չի ուզում գլուխը կախել։ Որդեկորույս մոր ելույթից հետո իրավիճակը հրապարակում սրվեց․ ԲՀԿ-ական պատգամավոր Իվետա Տոնոյանը կոչ արեց հավաքի մասնակիցներին չտրվել սադրանքների, իսկ ոստիկաններին խորհուրդ տվեց իրենց զենքը չուղղել ժողովրդի ուղղությամբ․ «Հարգելի՛ ոստիկաններ, դուք օրենքի պաշտպաններն եք, դուք ժողովրդի թշնամին չեք»,- ասաց նա։ Շարունակությունը՝ armtimes.com-ում։
17:31 - 13 նոյեմբերի, 2020
Իմ քայլը պահանջում է հաղթանակի ճանապարհային քարտեզ, բայց Շուշիի հանձնելու քարտեզը չի ներկայացրել․ Շաքե Իսայան
 |civilnet.am|

Իմ քայլը պահանջում է հաղթանակի ճանապարհային քարտեզ, բայց Շուշիի հանձնելու քարտեզը չի ներկայացրել․ Շաքե Իսայան |civilnet.am|

civilnet.am: ԱԺ «Բարգավաճ Հայաստան» խմբակցության պատգամավոր Շաքե Իսայանն ասում է, որ իրենք ի սկզբանե ցանկացել են խորհրդարանի միջոցով լուծել վարչապետ Նիկոլ Փաշինյանի հրաժարականի հարցը, սակայն «Իմ քայլի» պատճառով դա տեղի չունեցավ։ Նա դիմեց իշխանական պատգամավորներին. «Ժողովուրդը պահանջում է, որ վարչապետը անցնցում հեռանա»։ Հարցին, թե ինչ տարբերակներ ունեն չեղարկելու հայտնի փաստաթուղթը, նա պատասխանեց, որ լուծումները տարբեր են, դրա համար հարկավոր էր ԱԺ նիստ հրավիրել։ Հետաքրքրվեցինք, թե արդյոք կարող է փաստաթղթի ճակատագիրը փոխել Նիկոլ Փաշինյանի հրաժարականի պահանջը, ինչին ի պատասխան Իսայանն ասաց․ «Քանի դեռ նրանք ստորագրել են այդ փաստաթղթի տակ, առանց խորհրդակցելու ՀՀ-ի քաղաքացիների հետ, նրանք պետք է հեռանան, ու այլևս ժողովուրդը պետք է որոշի այդ բանակցությունների ընթացքը»։
21:54 - 12 նոյեմբերի, 2020
Ղարաբաղի հարցը ինչպես լուծված չէր, այնպես էլ լուծված չէ, եւ այս առումով անելիքները դեռ առջեւում են․ Նիկոլ Փաշինյանի ուղերձը

Ղարաբաղի հարցը ինչպես լուծված չէր, այնպես էլ լուծված չէ, եւ այս առումով անելիքները դեռ առջեւում են․ Նիկոլ Փաշինյանի ուղերձը

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը ուղերձ է հրապարակել, որը ներկայացնում ենք ամբողջությամբ․ «Հայաստանն ու հայ ժողովուրդն ապրում են չափազանց դժվար օրեր։ Բոլորիս սրտերում կսկիծ կա, բոլորիս աչքերի մեջ՝ արցունք, հոգում՝ ցավ։ Սեպտեմբերի 27-ին մեկնարկած պատերազմի ավարտն այնպիսի մի պայմանագրի ստորագրմամբ, ինչպիսին է ՀՀ վարչապետի, Ադրբեջանի եւ ՌԴ նախագահների նոյեմբերի տասի համատեղ հայտարարությունը, ըստ էության, հանրային հուսահատություն է առաջացրել եւ բազմաթիվ հարցեր, որոնք պատասխանն ակնկալվում է առաջին հերթին ինձանից։ Ինչու ստորագրվեց Հայաստանի համար նման ոչ շահեկան փաստաթուղթ։ Դա տեղի է ունեցել այն պայմաններում, երբ ՀՀ ԶՈՒ ԳՇ-ն զեկուցում էր, որ ամեն րոպեն շատ կարեւոր է եւ րոպե առաջ պետք է կանգնեցնել պատերազմը։ Իսկ Արցախի նախագահն ահազանգում էր, որ եթե ռազմական գործողությունները չկանգնեն, օրերի, նույնիսկ ժամերի ընթացքում կարող ենք կորցնել Ստեփանակերտը։ Շատերն, իհարկե, կարող են ասել, որ եթե արդեն կորցրել էինք Հադրութը, Շուշին, կարող էինք կորցնել նաեւ Ստեփանակերտը, բայց դրանից շատ բան չէր փոխվի։ Բայց իրականությունը մի փորք այլ է, որովհետեւ եթե կորսվեր Ստեփանակերտը, որն, ինչպես արդեն հրապարակային ելույթով հաստատեց Արայիկ Հարությունյանը, մեծ հաշվով անպաշտպան էր, դրանից հետո անխուսափելիորեն կորսվելու էին Ասկերանը, Մարտակերտը, ընդ որում՝ չափազանց կանխատեսելիորեն, որովհետեւ այս քաղաքները պատերազմի մեկնարկի պահին թիկունք էին՝ առաջնագծից բավականին հեռու եւ չունեին պաշտպանական ամրություններ ու կառույցներ։ Իսկ ինչ տեղի կունենար այս քաղաքների անկումից հետո․ ՊԲ երկրորդ, երրորդ, չորրորդ, հինգերորդ, վեցերորդ, յոթերորդ պաշտպանական շրջանները կհայտնվեին հակառակորդի շրջափակման մեջ, ինչը նշանակում է, որ մեր՝ ավելի քան քսան հազար զինվորներ եւ սպաներ կհայտնվեին հակառակորդի զորքերի կողմից օղակված վիճակում՝ անխուսափելիորեն հայտնվելով զոհվելու կամ գերեվարվելու հեռանկարի առջեւ։  Այս պայմաններում հասկանալիորեն անխուսափելի կլիներ նաեւ Քարվաճառի եւ Քաշաթաղի շրջանների անկումը՝ հանգեցնելով ամբողջական աղետի։ Շատերը ժամանակի տրամաբանության բերումով հնարավոր է հարց հնչեցնեն՝ իսկ ինչու էի ես փաստաթուղթը ստորագրելու պահին այդքան մտահոգ մեր զինվորների անվտանգությամբ եւ ինչո՞ւ նույնքան մտահոգ չէի դրանից առաջ։ Խնդիրը հետեւյալն է․ ըստ էության, հրամանատարի ամենակարեւոր գործառույթը կայանում է զինվորի առաջ խնդիր դնելը, որոնք ունեն կոնկրետ մարտավարական կամ ռազմավարական նպատակ, եւ հրամանատարն այդ խնդիրներն առաջադրում է՝ հասկանալով, որ դրանց կատարումը կարող է հանգեցնել հանուն հայրենիքի զինվորի զոհվելուն։ Փաստացի, լինելով գերագույն հրամանատարի դերում, պատերազմի մեկնարկի առաջին օրից հենց այդպիսի խնդիրներ եմ դրել բանակի, ԶՈՒ-ի առջեւ, բայց երբ ստեղծվում է իրավիճակ, երբ զինվորը որեւէ կերպ չի կարող ազդել իրադարձությունների հետագա ընթացքի վրա, արդեն ոչ թե զինվորը պետք է զոհվի հանուն հայրենիքի, այլ հայրենիքը պետք է զոհաբերությունների գնա՝ հանուն զինվորի, հրամանատարը ոչ թե զոհվելու հրաման պիտի տա զինվորին, այլ ինքը պետք է զոհվի հանուն զինվորի։  Այս գիտակցությամբ եմ ստորագրել բոլորիդ հայտնի տխրահռչակ փաստաթուղթը եւ այն ստորագրելիս հասկացել եմ, որ անձամբ իմ զոհվելու հավանականությունը չափազանց մեծ է ոչ միայն քաղաքական, այլեւ ֆիզիկական իմաստով։ Բայց քսանհինգ հազար զինվորի կյանքն ավելի կարեւոր էր, կարծում եմ՝ նաեւ ձեզ համար։ Սպառնալիքի տակ էր հայրենիքին անմնացորդ ծառայություն մատուցած զինվորների կյանքը։ Ընդ որում՝ այդ զինվորները թիկունքում ստեղծվող այդ իրադրության վրա ազդելու ոչ մի հնարավորություն չունեին։ Թիկունքում այլեւս չկային մարտունակ այնպիսի ուժեր, որոնք իրատեսորեն կարող էին ազդել իրավիճակի վրա։ Եւ, ուրեմն, եկել էր հրամանատարի ժամանակը՝ հանուն այդ զինվորների վտանգելու սեփական կյանքը՝ թե՛ ֆիզիկական,թ ե՛ քաղաքական առումով։ Եկել էր հայրենիքի ժամանակը՝ հանուն հայրենիքի ոչինչ չխնայած այդ զինվորների համար գնալ զոհողությունների, եւ ես այդ թուղթը ստորագրել եմ այդ գիտակցությամբ։ Ընդ որում՝ այս իրավիճակում եւ պայմաններում հարցն արդեն ոչ թե օրերի եւ շաբաթների տիրույթ էր մտել, որտեղ ոչ թե կարելի էր խուսանավել, խորամանկել, այլ որոշում պետք է կայացվեր։ Ժամերի ընթացքում պետք է որոշում կայացվեր, հակառակ դեպքում կարող էր սկսվել մի պրոցես, որը կավարտվեր մեր տասը, քսան, քսանհինգ հազար զինվերների զոհվելով կամ գերեվարությամբ։ Իսկ ինչու հրաժարական չտվեցի այդ թուղթը չստորագրելու համար, որովհետեւ դա կնշանակեր դասալքություն, դա կնշանակեր հանուն զինվորի դժոխային առաքելություն կատարելու պարտավորությունը թողնել մեկ ուրիշի ուսերին այն հույսով, որ հետո կասեին՝ վարչապետ Փաշինյանն էնքան հայրենասեր էր, որ էդ ստորացուցիչ թուղթը չստորագրեց, իսկ էս մյուսը թուլամորթ ու դավաճան գտնվեց եւ գնաց նման ամոթալի քայլի։ Որոշումները պետք է կայացվեին ժամերի ընթացքում, հակառակ դեպքում՝ թափանիվը կարող էր պտտվել, որն այլեւս որեւէ կերպ հնարավոր չէր լինի կանգնեցնել։ Իսկ այդ փաստաթղթի ստորագրումից առաջ ինչո՞ւ չխորհրդակցեցի ժողովրդի հետ․ շատ պարզ պատճառով․ ժողովրդի հետ խոսելու ժամանակ պետք է հրապարակային անկեղծորեն ներկայացնեի օբյեկտիվ իրավիճակը, իսկ դա նշանակում է՝ իրադարության մասին մանրամասն տեղեկություններ հաղորդել նաեւ հակառակորդին, դեռ ավելին՝ մեր քսանհինգ հազար զինվերների՝ ժամերի ընթացքում շրջափակելու մանրամասն ծրագիր ներկայացնել նրան՝ սրանից բխող բոլոր հետեւանքներով։  Եվ հետո, ես խոստացել եմ ժողովրդի հետ քննարկել Ղարաբաղի հարցի կարգավորման տարբերակները, իսկ այս փաստաթղթով հարցի բովանդակային լուծում նախատեսված չէ, այլ ընդամենը ռազմական գործողությունների դադար։ Ղարաբաղի հարցը ինչպես լուծված չէր, այնպես էլ լուծված չէ, եւ այս առումով անելիքները դեռ առջեւում են։ Մենք, ավելի կոնկրետ՝ Արցախի նախագահը, ԶՈՒ ԳՇ պետը, ՊԲ հրամանատարը, ես ինքս, ՀՀ կառավարությունը, մեր քաղաքական թիմի ներկայացուցիչները, եւ, բնականաբար, առաջին հերթին ու գլխավորապես կռիվ տվող մեր զինվորները, կամավորները, սպաները, գեներալները ամեն ինչ արել ենք ամեն սանտիմետր ատամներով պահելու համար։  Մեր զորքը կռվել է հերոսաբար, կռվել է ոչ թե հանձնելու, այլ պահելու համար, կռվել է ոչ թե պարտվելու, այլ հաղթելու համար, ու կռվել է գործնականում երեք բանակների, դեմ, բայց, ցավոք, ինչպես Արցախի նախագահը երեկ նշեց՝ մենք բավարար չափով բանակի կողքին չկարողացանք կանգնել, կամավորական եւ զորահավաքային շարժումն, իհարկե, բազմաթիվ հերոսական դրսեւորումներով այնքան ամուր չգտնվեց, որ հնարավոր լինի առաջադրած խնդիրը լուծել, ու մենք կանգնեցինք մի իրողության առաջ, որից այլ ելք պարզապես չկար։ Ինչ վերաբերում է բուն փաստաթղթի բովանդակությանը, այն իսկապես վատն է մեզ համար, բայց պետք չէ այն ավելի վատացնել, քան կա իրականում։ Մասնավորապես, լուրեր են տարածում Մեղրին հանձնելու մասին, ինչը բացարձակ անհեթեթություն է․ խոսքն ընդամենը տարածաշրջանի տրանսպորտային ուղիներն ապաշրջափակելու մասին է, այդ թվում՝ Ադրբեջանից Նախիջեւան, բայց սա նշանակում է, որ պետք է ապաշրջափակվեն նաեւ Երեւանից Նախիջեւանով Սյունիք տանող տրանսպորտային ուղիները, այդ թվում՝ Հայաստանի երկաթուղային հաղորդակցությունը՝ Իրանի հետ, ինչը էական նշանակություն կարող է ունենալ մեր երկրի տնտեսության հետագա զարգացման գործում։  Ինչ վերաբերում է ԼՂ այն հատվածին, որը Արցախի իշխանությունների վերահսկողության ներքո է, ՌԴ խաղաղապահների տեղակայմամբ Լաչինի միջանցքը՝ Գորիսից մինչեւ Ստեփանակերտ, անխափան գործելու է, ընդ որում՝ նաեւ Շուշիի հատվածում։ Ռուս խաղաղապահներն ապահովելու են նույնպիսի անվտանգ ճանապարհ ամբողջ տարածությամբ, եւ Ստեփանակերտ-Երեւան կապը պիտի լինի հուսալի։ Խաղաղապահներն ապահովելու են նաեւ Արցախի այն հատվածների, սահմանի անվտանգությունը, այնպես որ խաղաղապահների տեղակայման պարագծից ներս գտնվող բնակավայրերի բնակիչները պիտի հնարավորինս շուտ վերադառնան իրենց բնակավայրեր, եւ ՀՀ ու Արցախի կառավարություններն ամեն ինչ կանեն՝ ավերածությունները հնարավորինս արագ վերացնելու, խաղաղ եւ բնականոն կյանքի համար անհրաժեշտ բոլոր պայմանները ստեղծելու համար։  Սկզբունքային կարեւոր նշանակություն ունի Ղարաբաղի վերջնական լուծման եւ Արցախի կարգավիճակի հարցը։ Այս մասով մեր անելիքները չեն փոխվում, եւ Արցախի Հանրապետության միջազգային ճանաչումը դառնում է բացարձակ առաջանահերթւոյւն, եւ, ըստ էության, Արցախի միջազգային ճանաչման համար հիմա կան ավելի ծանրակշիռ փաստարկներ։  Կառավարությունը տուրք չի տալու նախկին իշխանություններից հովանավորվող ջարդարարների խմբերի սադրանքներին։ Տեղի ունեցած անկարգությունների կազմակերպիչներն ու ակտիվ մասնակիցներից շատերը ձերբակալված են, շատերը թաքնվում են, բայց անպայման կհայտնաբերվեն եւ պատասխանատվության կենթարկվեն։ Մեր բոլոր հայրենակիցներին կոչ եմ անում չտրվել սադրանքներին եւ համախմբվել կառավարության շուրջ, որը վճռական է երկիրն այս իրավիճակից դուրս բերելու իր պատասխանատվությունն անմնացորդ կրելու գործում՝ միեւնույն ժամանակ երաշխավորելով, որ ժողովրդին պատկանող իշխանությունը որեւէ մեկը չի խլելու՝ երկիրը թալանի, կոռւոպցիայի հորձանուտ վերադարձնելու իր նպատակներն իրագործեկու համար։ Հենց այս թալանի ու կոռուպցիայի դառը պտուղներն ենք քաղում այսօր, երբ տասնյակ տարիներ երկրի ունեցվածքն ու եկամուտները հոսել են ձեզ հայտնի անձանց գրպաններ, եւ ոչ թե բանակի զարգացման գործին։  Սիրելի՛ ժողովուրդ, մեր երկիրն ունի ապագա, եւ մենք ամեն ինչ պիտի անենք, որ մեր այս դժվար փորձությունը դառնա այդ ապագայի կարեւոր անկյունաքար, եւ մենք պետք է ազգովի դասեր քաղենք մեր գործած սխալներից։ Շատերը կհարցնեն՝ արդյոք այս դաժան պատերազմից հետո կարելի է խոսել լավ ապագայի մասին, այո՛, որովհետեւ այսօր աշխարհում կան նույնիսկ այնպիսի պետություններ, որոնք 20-րդ դարի ամենադաժան կապիտուլյացիաներին են ենթարկվել, բայց այսօր դասվում են աշխարհի ամենահզոր երկրների շարքում։ Զոհվածների հարազատները, իհարկե, մեզ մի հարց պիտի տան, թե ի վերջո ինչի՞ համար զոհվեցին իրենց հարազատները․ այս հարցի պատասխանը մեկն է․ առաջին հերթին՝ Արցախի ժողովրդին ցեղասպանությունից փրկելու համար, հայ ժողովրդի ապրելու իրավունքը պաշտպանելու համար։ Մենք պարտավոր ենք մեր հայրենիքը ապրեցնելով ու զարգացնելով տեր կանգնել նրանց արյանը, նրանց զավակների ապագային, նրանց անմնացորդ նվիրումին։ Մեր խոնարհումը նրանց առջեւ մեր ամենօրյա ստեղծարար աշխատանքն է, կրթությունը, որ պիտի շենացնի մեր երկիրը»։
14:12 - 12 նոյեմբերի, 2020
Բոլոր այն քաղաքական ուժերը, որոնք այսօր նշում են, թե տեղյակ չեն եղել առաջնագծի զարգացումներին նվազագույնը ազնիվ չեն հասարակության առաջ. Մանե Գևորգյան

Բոլոր այն քաղաքական ուժերը, որոնք այսօր նշում են, թե տեղյակ չեն եղել առաջնագծի զարգացումներին նվազագույնը ազնիվ չեն հասարակության առաջ. Մանե Գևորգյան

Բոլոր այն քաղաքական ուժերը, որոնք այսօր նշում են, թե տեղյակ չեն եղել առաջնագծի զարգացումներին, զինված ուժերի տեխնիկական հագեցվածությանը, զորքը համալրելու խնդիրներին, քաղաքական կարգավորման քննարկումներին, այդ թվում ՌԴ նախագահի միջոցով բանակցությունների մանրամասներին, նվազագույնը ազնիվ չեն հասարակության առաջ։  Այս մասին հայտարարություն է տարածել վարչապետի մամուլի խոսնակ Մանե Գևորգյանը, որում, մասնավորապես, ասվում է․ «Վարչապետ Նիկոլ Փաշինյանը ինչպես խորհրդարանական ընդդիմադիր ուժերի հետ ԱԺ-ում կայացած հանդիպմանը, Անվտանգության խորհրդի ընդլայնված կազմով նիստում, որին եւս մասնակցել են խորհրդարանական ընդդիմության ներկայացուցիչները, այնպես էլ արտախորհրդարանական քաղաքական ուժերի հետ տեղի ունեցած երկու հանդիպումների ընթացքում մանրամասն եւ բաց ներկայացրել է ինչպես առաջնագծում, այնպես էլ դիվանագիտական քննարկումների հետ կապված իրավիճակը, մասնավորապես հնարավոր քաղաքական լուծումները, որոնք պայմանավորված էին նաեւ ճակատում տեղի ունեցողով։ Բոլոր այն քաղաքական ուժերը, որոնք այսօր նշում են, թե տեղյակ չեն եղել առաջնագծի զարգացումներին, զինված ուժերի տեխնիկական հագեցվածությանը, զորքը համալրելու խնդիրներին, քաղաքական կարգավորման քննարկումներին, այդ թվում ՌԴ նախագահի միջոցով բանակցությունների մանրամասներին, նվազագույնը ազնիվ չեն հասարակության առաջ։  Ավելին, այսօր մեր երկիրը կանգնեցնում են քաղաքացիական լարվածության շեմին՝ հանուն իրենց նեղ քաղաքական եւ նյութական շահերի»։ 
23:08 - 11 նոյեմբերի, 2020
Հադրութցիները պահանջում են վերադարձնել Հադրութի շրջանը |hetq.am|

Հադրութցիները պահանջում են վերադարձնել Հադրութի շրջանը |hetq.am|

hetq.am: Հադրութի շրջանի բնակիչներն այսօր՝ նոյեմբերի 11-ին բաց նամակով դիմել են Արցախի նախագահ Արայիկ Հարությունյանին՝ Հադրութի շրջանն ամբողջությամբ Արցախին վերադարձնելու պահանջով: Նրանք ստորագրահավաք են կազմակերպել և դիմել նաև միջազգային կառույցներին: Այս մասին հայտնեց Հադրութ քաղաքի բնակիչ, Հադրութի մշակույթի և երիտասարդության հարցերի բաժնի վարիչ Երազիկ Ավանեսյանը: «Հադրութն իր պատմության մեջ չի եղել Ադրբեջանի տիրապետության տակ: Մենք պահանջում ենք, որ Հադրութը վերադարձնեն հադրութցիներին: Ինչո՞ւ տալ Հադրութը ադրբեջանցուն, և չգրավված Աղդամը հենց այնպես նվիրել ադրբեջանցիներին: Եթե հարցը փոխզիջմանն է վերաբերում, և Աղդամը տալիս են, գոնե այնպես անեին Հադրութը հետ վերցնեին: Մեծ մեղք է, որ մեր հայկական հողը նվիրենք Ադրբեջանին: Սա նվեր է, որովհետև ոչ մի փոխզիջում Հադրութի համար չեն արել, նույնն էլ Շուշիի համար»,- հայտնեց Երազիկ Ավանեսյանը: Հադրութի բնակիչն այս ամենն անարդար է համարում:  «Որպես արցախցի մենք այնքան բարեկիրթ էինք, որ այս 40 օրվա ընթացքում երբեք դուրս չենք եկել ցույցերի Նիկոլ Փաշինյանի հրաժարականի պահանջով՝ հաշվի առնելով, որ մենք չենք ընտրել նրան: Ստացվում է, որ ինքն այդքան էլ բարեկիրթ չի ու մեր փոխարեն որոշել է: Ցավոտ է, ու այս կորուստն անդառնալի է: Եթե նրանք Հադրութը հետ չտան, ամեն մի արցախցի Կոմիտասի նման է լինելու, բոլորս այս պահին խելագարման եզրին ենք: Հայաստանի և Արցախի հանրապետությունները մի տողով չեն ասում, թե ինչ է լինելու Արցախի բնակչության հետ: 100-150 հազար բնակիչ Արցախից այսօր Հայաստանում է: Ոչ ոք չի ասում՝ մեր ճակատագիրը որտեղ է ավարտվելու»,- նշեց նա: Փոխզիջումների մասին խոսելիս Երազիկն ասում է, որ համաձայնագրի մեջ դրանք գոնե մի տողով պետք է լինեին՝ ի շահ Արցախի. «Այս համաձայնագրի մեջ չկա մի այնպիսի տող, որտեղ արցախցին ունի ինչ-որ շահ: Ո՞րն է այս համաձայնագրում արցախցու բաժինը: Չկա»: Հադրութցիները Հայաստանի իշխանություններին չեն պատրաստվում դիմել: Ավելին՝ hetq.am-ում։
19:51 - 11 նոյեմբերի, 2020
Մինչև 24։00-ն Նիկոլ Փաշինյանին հրաժարական տալու ժամկետ ենք սահմանում. Իշխան Սաղաթելյան
 |pastinfo.am|

Մինչև 24։00-ն Նիկոլ Փաշինյանին հրաժարական տալու ժամկետ ենք սահմանում. Իշխան Սաղաթելյան |pastinfo.am|

pastinfo.am: ԱԺ «Լուսավոր Հայաստան» խմբակցությունը միացել է «Բարգավաճ Հայաստան» խմբակցությանը և արտահերթ նիստ հրավիրելու պահանջը մուտք է եղել։ Այս մասին քիչ առաջ հայտարարեց ՀՅԴ ԳՄ ներկակացուցիչ Իշխան Սաղաթելյանը։ «Հույս ունենք, որ «Իմ քայլը» խմբակցության պատգամավորները կունենան այդ գիտակցությունը, պատասխանատվությունը և այսօր մինչև ժամը 00։00-ն կհրավիրեն խորհրդարանի արտահերթ նիստ Նիկոլ Փաշինյանի պաշտոնանկության հարցով։ Մենք առաջարկում ենք հետևյալ ծրագիիրը. Մինչև այսօր ժամը 00։00-ն Նիկոլ Փաշինյանին հրաժարական տալու հնարավորություն և ժամկետ ենք սահմանում։ Եթե մինչև 00։00-ն այդ երկու գործողություններից որևէ մեկը տեղի չունենա, մենք 00։30-ին կհրավիրենք մամուլի ասուլիս, մանրամասն կներկայացնենք մեր վաղվա գործողությունների ծրագիրը և վաղը մինչև երեկո կլուծենք Նիկոլ Փաշինյանի և իր քաղաքական թիմի հեռացման հարցը»,-ասաց Իշխան Սաղաթելյանը։
19:40 - 11 նոյեմբերի, 2020
Փաշինյանի կողմից ստորագրված փաստաթուղթն իրավական ուժ չունի․ ԲԴԽ անդամ

Փաշինյանի կողմից ստորագրված փաստաթուղթն իրավական ուժ չունի․ ԲԴԽ անդամ

Բարձրագույն դատական խորհրդի անդամ Հայկ Հովհաննիսյանը հրաժարական է ներկայացրել։ Նա նաև իր ֆեյսբուքյան էջում գրել է․ «Սեպտեմբերի 27-ին պատրաստվում էի հրաժարական ներկայացնել, քանզի ավարտել էի իմ առաքելությունը դատական իշխանությունում։ Սանձասերծված պատերազմը ստիպեց հետաձգել հրաժարականիս պաշտոնական գործընթացը` մեր  հանրության բարոյալքմանը չնպաստելու համար. սա կփաստեն ԲԴԽ իմ գործընկերները։ Սակայն հնարավոր չէ պատկերացնել ավելի բարոյալքող փաստաթուղթ, որը ստորագրեց Նիկոլ Փաշինյանը։ Այս իրավիճակում ես չեմ ցանկանում լինել չեզոք և զուսպ, ես պնդում եմ իմ հրաժարականը։ Նիկոլ Փաշինյանի կողմից ստորագրված փաստաթուղթն իրավական ուժ չունի։ Առաջարկում եմ համախմբվել Հանրապետության նախագահի շուրջ։ Հայաստանը չպետք է ճանաչի Փաշինյանի ստորագրած փաստաթղթով ստանձնած պարտավորությունները։ Մենք պետք է շարունակենք պայքարը դիվանագիտական ճակատում, իսկ ըստ անհրաժեշտության նաև ռազմադաշտում։ Խնդրում եմ ընդունել հրաժարականս»։
18:30 - 11 նոյեմբերի, 2020