Արարատ Միրզոյան

ՀՀ արտաքին գործերի նախարար։ Այս պաշտոնին նա նշանակվել է 2021թ․ օգոստոսի 19-ին։

7-րդ գումարման Ազգային ժողովի նախագահն է։ «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության վարչության անդամ։ Ծնվել է 1979թ․ նոյեմբերի 23-ին։ Մասնագիտությամբ պատմաբան է եւ պետական կառավարման, տեղական ինքնակառավարման մասնագետ։

2003-2005 թվականներին աշխատել է ՀՀ ԳԱԱ Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտում՝ որպես կրտսեր գիտաշխատող: 2005-2007 թվականներին աշխատել է Հայաստանի ազգային արխիվում՝ որպես հասարակական-քաղաքական փաստաթղթերի բաժնի գլխավոր արխիվագետ։ 2007-2010 թվականներին աշխատել է «Էյչ-Էս-Բի-ՍԻ Բանկ Հայաստան» ՓԲԸ-ում: 2011-2012 թվականներին որպես վերլուծաբան՝ աշխատել է «Ռեգնում» միջազգային լրատվական գործակալությունում: 2012-2013 թվականներին աշխատել է Ընտրական համակարգերի միջազգային հիմնադրամում (IFES)՝ որպես ընտրողների իրազեկման ծրագրի համակարգող: 2012 թվականի հոկտեմբերից 2013 թվականի փետրվարն ընկած ժամանակահատվածում դասավանդել է ԵՊՀ-ում: 2013-2015 թվականներին եղել է «Հայաստանի զարգացման նախաձեռնություններ» (IDEA) հիմնադրամի «Ավրորա մրցանակ եւ 100 կյանք» նախաձեռնության հետազոտական խմբի ղեկավարը։ 2014-2017 թվականներին աշխատել է որպես Բազմակուսակցական ժողովրդավարության նիդեռլանդական ինստիտուտի (NIMD) քաղաքական կուսակցությունների եւ ռազմավարական պլանավորման փորձագետ։

Արարատ Միրզոյանը «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության հիմնադիր անդամ է: 2016 թվականից հանդիսանում է «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության վարչության անդամ: 2017 թվականի ապրիլի 2-ին «Ելք» կուսակցությունների դաշինքի թիվ 3 ընտրատարածքի տարածքային ընտրական ցուցակով ընտրվել է ՀՀ 6-րդ գումարման Ազգային ժողովի պատգամավոր: 2018 թվականին եղել է «Իմ քայլը» շարժումը նախաձեռնող խմբի անդամ: 2018 թվականի մայիսի 11-ին նշանակվել է ՀՀ առաջին փոխվարչապետ: 2018 թվականի դեկտեմբերի 9-ին կայացած արտահերթ խորհրդարանական ընտրություններում Երեւան քաղաքի Մալաթիա-Սեբաստիա եւ Շենգավիթ վարչական շրջաններն ընդգրկող թիվ 3 ընտրատարածքում լինելով «Իմ քայլը» դաշինքի ռեյտինգային թեկնածուներից մեկը՝ ստացել է 25 550 ձայն: 2019 թվականի հունվարի 10-ին ստացել է պատգամավորական մանդատը։

2019 թվականի հունվարի 14-ին տեղի ունեցած ՀՀ 7-րդ գումարման Ազգային ժողովի առաջին նիստի ժամանակ ընտրվել է ԱԺ նախագահ՝ 131 կողմ ձայնով: 

Ուրուգվայում պաշտոնապես բացվել է Հայաստանի դեսպանությունը

Ուրուգվայում պաշտոնապես բացվել է Հայաստանի դեսպանությունը

Հայաստանի արտաքին գործերի նախարար Արարատ Միրզոյանի և Ուրուգվայի արտաքին գործերի նախարար Օմար Պագանինիի մասնակցությամբ կայացել է Ուրուգվայում ՀՀ դեսպանության բացման պաշտոնական արարողությունը: Այս մասին հայտնել է Հայաստանի արտաքին գործերի նախարարությունը։ ՀՀ ԱԳ նախարարի կողմից բարձրացվել է ՀՀ դրոշը, որից հետո հնչել են Հայաստանի և Ուրուգվայի պետական օրհներգերը: Միջոցառմանը մասնակցել են մի շարք այլ բարձրաստիճան պաշտոնյաներ, այդ թվում՝ Ուրուգվայի ժամանակավոր փոխնախագահ, Գլխավոր Ասամբլեայի և Սենատորների Պալատի նախագահի պաշտոնակատար Գրասիելա Բիանչի Պոլին, Ուրուգվայի ներկայացուցիչների պալատի նախագահ Անա Օլիվերան, Մոնտեվիդեոյում հավատարմագրված դիվանագիտական ներկայացուցչությունների ղեկավարներ, հասարակական-քաղաքական գործիչներ։ Նախարար Միրզոյանն իր խոսքում նշել է. «Մեծարգո՛ պարոն նախարար, մեծարգո՛ տիկին փոխնախագահ, հարգելի՛ հյուրեր, տիկնայք և պարոնայք, ինձ համար մեծ երջանկություն և մեծ պատիվ է ողջունել ձեզ այսօր Ուրուգվայում՝ Մոնտեվիդեոյում՝ արդեն պաշտոնապես Հայաստանի Հանրապետության այս փոքրիկ տարածքում։ Ինձ համար կրկնակի և եռակի մեծ պատիվ և երջանկություն է բարձրացնել իմ երկրի՝ Հայաստանի Հանրապետության դրոշը և, ըստ էության, պաշտոնական մեկնարկ տալ Ուրուգվայի Արևելյան Հանրապետությունում Հայաստանի Հանրապետության ռեզիդենտ դեսպանության բացմանը։ Գոհունակությամբ պետք է խոստովանել, որ 1992 թվականից ի վեր, երբ մեր երկու երկրները հաստատեցին դիվանագիտական հարաբերություններ, մեզ հաջողվել է ջերմ, բարեկամական, գործընկերային հարաբերություններ հաստատել և շատ բարձր մակարդակի քաղաքական երկխոսություն կառուցել։ Միևնույն ժամանակ, պետք է նկատել, որ երկու երկրների ղեկավարության շրջանակներում կա հստակ ըմբռնում, որ ժամանակն է այդ հարաբերությունները, այդ գործընկերությունն է՛լ ավելի խորացնել, դրանց հիման վրա կառուցել տնտեսական հարաբերություններ, մշակութային կապեր, խթանել մարդկանց միջև կապերը, և սրա համար էր, որ պակասում էր մի կարևորագույն օղակ` երկու մայրաքաղաքներում համապատասխանաբար երկու երկրների ռեզիդենտ դեսպանությունները։ Եվ այսօր արդեն հպարտությամբ կարող ենք նկատել, որ այդ բացը լրացված է։ Երևանում գործում է Ուրուգվայի Արևելյան Հանրապետության ռեզիդենտ դեսպանությունը և ծածանվում է Ուրուգվայի դրոշը, և Մոնտեվիդեոյում գործում է Հայաստանի Հանրապետության ռեզիդենտ դեսպանությունը և ծածանվում է Հայաստանի Հանրապետության պետական դրոշը։ Ուզում եմ նաև նշել, որ մեր երկու երկրների միջև հարաբերությունները հիմնված են երկու ժողովուրդների միջև երկարամյա պատմական ջերմ հարաբերությունների վրա։ Ավելի քան հարյուր տարի առաջ Ուրուգվայն ապաստան տվեց Հայոց ցեղասպանությունից մազապուրծ հայերին և դարձավ տուն այդ հայերի համար, ինչի համար մենք իսկապես մեր երախտիքն ենք հայտնում։ Միևնույն ժամանակ, մենք տեսնում ենք, որ հայերը և նրանց սերունդները կարողացել են ունենալ զարգանալու բոլոր հնարավորությունները և այժմ Ուրուգվայի հասարակության կարևոր, լոյալ և բարգավաճ հատվածն են ներկայացնում։ Եվ հիմա ես ուզում եմ նաև իմ ողջույնը փոխանցել Ուրուգվայում հայ համայնքին և իմ շնորհակալությունը հայտնել նաև նրանց՝ երկու պետությունների միջև կամուրջ լինելու համար։ Եվ նաև դրա շատ առարկայական վկայության համար. այս դեսպանությունը ևս Ուրուգվայում հայ համայնքի պահանջով և ջանքերով է կյանքի կոչվել։ Գիտեք, որ Հայաստանը նաև բարդ շրջանների միջով է անցել հարյուր տարի առաջ և այսօր նույնպես։ Եվ ես ուզում եմ օգտվել այս լավ առիթից և կրկին հայ ժողովրդի երախտիքի խոսքը փոխանցել Ուրուգվայի ժողովրդին, Ուրուգվայի Արևելյան Հանրապետությանը բոլոր բարդ փուլերում մեր կողքին լինելու համար։ Մենք այսօր այստեղ ենք շատ լավ առիթի համար, և շնորհակալ եմ, որ միացել եք մեզ կիսելու այս ուրախությունը։ Շնորհավորում եմ բոլորիս։ Շնորհակալ եմ»։
14:29 - 22 մարտի, 2024
Արարատ Միրզոյանն Ուրուգվայի իր գործընկերոջն է ներկայացրել «Խաղաղության խաչմերուկ» ծրագիրը

Արարատ Միրզոյանն Ուրուգվայի իր գործընկերոջն է ներկայացրել «Խաղաղության խաչմերուկ» ծրագիրը

Մարտի 21-ին պաշտոնական այցով Մոնտեվիդեոյում գտնվող ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը հանդիպում է ունեցել Ուրուգվայի Արևելյան Հանրապետության ԱԳ նախարար Օմար Պագանինիի հետ: Զրուցակիցները գոհունակությամբ արձանագրել են Հայաստանի և Ուրուգվայի միջև առկա քաղաքական երկխոսության բարձր մակարդակը՝ պատրաստակամություն հայտնելով քայլեր ձեռնարկել տարբեր ոլորտներում երկկողմ օրակարգն էլ ավելի հարստացնելու ուղղությամբ։ Երկուստեք ընդգծվել է, որ ՀՀ ԱԳ նախարարի այս պատմական այցը, ինչպես նաև երկու երկրների մայրաքաղաքաներում ռեզիդենտ դեսպանությունների բացումը փոխգործակցությունը խորացնելու ցանկության լավագույն վկայությունն են։ Արարատ Միրզոյանը և Օմար Պագանինին մեծապես կարևորել են ձևավորված քաղաքական երկխոսության մակարդակին համահունչ առևտրատնտեսական, գործարար կապերի զարգացումը, ինչպես նաև կրթական և բարձր տեխնոլոգիաների ոլորտներում առկա նոր հնարավորությունների առավելագույնս օգտագործումը։ Երկուստեք ընդգծվել է Հայաստանի և Ուրուգվայի արտաքին քաղաքական գերատեսչությունների միջև քաղաքական խորհրդակցությունների անցկացման մեխանիզմի արդյունավետությունը՝ հաստատելով հաջորդ խորհրդակցությունները Երևանում անցկացնելու մտադրությունը։ Երկու նախարարներն ընդգծել են նաև Ուրուգվայում մեծաթիվ հայ համայնքի յուրովի դերը հայ և ուրուգվայցի ժողովուրդների միջև բարեկամական կապերի ամրապնդման գործում։ Այս համատեքստում հիշատակվել է այն, որ Ուրուգվայը, նախորդ դարասկզբին ապաստան տալով Հայոց ցեղասպանությունից փրկված հայերին, 1965 թվականին առաջինը ճանաչեց ցեղասպանությունը, իսկ այսօր իր հասարակական քաղաքական կյունքում տեսնում է հայ գործիչների, մասնագետների նշանակալի ներդրումը։ Հանդիպմանն անդրադարձ է կատարվել նաև բազմակողմ հարթակներում, միջազգային կազմակերպությունների շրջանակներում փոխգործակցության հարցերի։ Հանդիպման ընթացքում անդրադարձ է կատարվել նաև Հարավային Կովկասում տիրող անվտանգային իրավիճակին։ Արարատ Միրզոյանն իր գործընկերոջն է ներկայացրել Հայաստանի և Ադրբեջանի միջև հարաբերությունների կարգավորման գործընթացում վերջին զարգացումները, խաղաղության պայմանագրի շուրջ ընթացող բանակցությունները։ ՀՀ ԱԳ նախարարը շեշտել է ինքնիշխանության և տարածքային ամբողջականության փոխադարձ և միանշանակ ճանաչման կարևորությունը, որը պետք է հիմնված լինի 1991 թվականի Ալմա-Աթայի հռչակագրի վրա և ծառայի որպես Հայաստանի և Ադրբեջանի միջև սահմանազատման քաղաքական հիմք։ Տարածաշրջանային տրանսպորտային և տնտեսական կապուղիների ապաշրջափակման համատեքստում նախարար Միրզոյանը ներկայացրել է ՀՀ կառավարության «Խաղաղության խաչմերուկ» ծրագիրը, վերջինիս միջոցով Հարավային Կովկասի և դրանից անդին ընձեռնվող տնտեսական հնարավորությունները։ Արարատ Միրզոյանն ընդգծել է ներկայիս՝ մարտահրավերներով լի, խարխլված աշխարհակարգի պայմաններում միջազգային իրավունքի հանրահայտ սկզբունքներին միջազգային հանրության կողմից հավատարմության կարևորությունը, ինչի բացակայությունն է, որ շարունակաբար հանգեցնում է նոր սրացումների։ ՀՀ ԱԳ նախարարն իր երախտագիտությունն է հայտնել Ուրուգվայի կողմից Հայաստանի համար առանցքային հարցերի շուրջ մինչ օրս արտահայված դիրքորոշումների համար։ Նախարար Միրզոյանը ներկայացրել է նաև Ադրբեջանի կողմից էթնիկ զտման հետևանքով Լեռնային Ղարաբաղից բռնի տեղահանված հայ բնակչության կարիքների հասցեագրման նպատակով ՀՀ կառավարության կողմից իրականացված քայլերը։ 
13:31 - 22 մարտի, 2024
Ուրուգվայի արտաքին հարաբերությունների հանձնաժողովում Միրզոյանն անդրադարձել է ՀՀ-ում ժողովրդավարական բարեփոխումների ընթացքին

Ուրուգվայի արտաքին հարաբերությունների հանձնաժողովում Միրզոյանն անդրադարձել է ՀՀ-ում ժողովրդավարական բարեփոխումների ընթացքին

ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը հանդիպում է ունեցել Ուրուգվայի Սենատի արտաքին հարաբերությունների հանձնաժողովում, որին մասնակցել են հանձնաժողովի նախագահ Խոսե Կառլոս Մահյանը, հանձնաժողովի՝ տարբեր քաղաքական կուսակցություններ ներկայացնող անդամներ, ինչպես նաև Հայաստան-Ուրուգվայ խորհրդարանական բարեկամական խմբի անդամներ:   ՀՀ ԱԳՆ-ից տեղեկացնում են, որ նախարար Միրզոյանն իր խոսքում անդրադարձել է Հայաստանում ժողովրդավարական բարեփոխումների ընթացքին՝ ընդգծելով, որ ժողովրդավարական սկզբունքներին հավատարմությունը միտված է ոչ միայն ՀՀ ինքնիշխանության ամրապնդմանը, այլ նաև համախոհ երկրների, այդ թվում՝ Ուրուգվայի հետ հարաբերությունների սերտացմանը։   Անդրադառնալով տարածաշրջանային թեմաներին՝ նախարար Միրզոյանը հանգամանալից ներկայացրել է Հարավային Կովկասում անվտանգային իրավիճակը, հարևանների հետ հարաբերությունների կարգավորմանն ուղղված ջանքերը՝ միտված տարածաշրջանում հարատև կայունության հաստատմանը։ Արարատ Միրզոյանը ներկայացրել է Հայաստանի և Ադրբեջանի միջև հարաբերությունների կարգավորմանն ուղղված պայմանագրի նախագծում այս պահին առկա հիմնական հարցերը, որոնց հանգուցալուծումը հայկական կողմը տեսնում է հանրաճանաչ սկզբունքներին՝ տարածքային ամբողջականության և միջազգայնորեն ճանաչված սահմանների անքակտելիության նկատմամբ հստակ հանձնառության միջոցով։   Հարավային Կովկասի զարգացման և լոգիստիկ առավելությունների լավագույնս օգտագործման համատեքստում Արարատ Միրզոյանը շեշտել է տարածաշրջանային տնտեսական ու տրանսպորտային կապուղիների՝ ինքնիշխանության և իրավազորության հարգման, հավասարության և փոխադարձության սկզբունքների հիման վրա ապաշրջափակման միջոցով ընձեռնվելիք հնարավորությունները:   Նախարար Միրզոյանը, անդրադառնալով Հայաստանի համար մարտահրավերներով լի ժամանակաշրջանում միջազգային հանրության կողմից հասցեական ուղերձներին, հավելել է. «Ես այստեղ եմ նաև մեր երախտիքը հայտնելու տարբեր ժամանակահատվածներում Հայաստանի համար առաջնահերթություն ներկայացնող հարցերի շուրջ ձեր արտահայտած սկզբունքային դիրքորոշումների համար»:
20:21 - 21 մարտի, 2024
Միրզոյանն ու Ուրուգվայի ժամանակավոր փոխնախագահն անդրադարձել են Հարավային Կովկասում անվտանգությանն ու կայունությանը վերաբերող հարցերի

Միրզոյանն ու Ուրուգվայի ժամանակավոր փոխնախագահն անդրադարձել են Հարավային Կովկասում անվտանգությանն ու կայունությանը վերաբերող հարցերի

Պաշտոնական այցով Մոնտեվիդեոյում գտնվող ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը հանդիպում է ունեցել Ուրուգվայի Արևելյան Հանրապետության ժամանակավոր փոխնախագահ, Գլխավոր ասամբլեայի և Սենատորների պալատի նախագահի պաշտոնակատար Գրասիելա Բիանչի Պոլիի հետ: Այս մասին տեղեկացնում են ՀՀ ԱԳՆ-ից:   Հանդիպմանը ներկա են եղել նաև Ուրուգվայի առողջապահության փոխնախարար Խոսե Լուիս Սանջյանը և Ուրուգվայի խորհրդարանում հայ-ուրուգվայական բարեկամական խմբի անդամ Պեդրո Խիսդոնյանը:   Հանդիպմանը երկուստեք ընդգծվել է Հայաստանի և Ուրուգվայի միջև առկա բարձրաստիճան քաղաքական երկխոսությունը, որի լավագույն դրսևորումներից են վերջին շրջանի բարձրաստիճան այցերը, ինչպես նաև երկու երկրների մայրաքաղաքներում ռեզիդենտ դիվանագիտական ներկայացուցչությունների բացումը: Նախարար Միրզոյանն ընդգծել է, որ Մոնտեվիդեոյում դեսպանության բացումը միտված է ավելի խորացնել մեծ համակրանքի ու վստահության վրա հիմնված բարեկամական հարաբերությունները, ինչը մեծապես ողջունվել է Ուրուգվայի գործընկերների կողմից:   Նախարար Միրզոյանը շնորհակալություն է հայտնել Ուրուգվայի խորհրդարանին Հայաստանի համար առաջնահերթություն ներկայացնող հարցերի շուրջ սկզբունքային դիրքորոշման համար, այդ թվում՝ Լեռնային Ղարաբաղի ժողովրդի նկատմամբ Ադրբեջանի հարձակման ու ԼՂ-ում էթնիկ զտման քաղաքականության առնչությամբ:   Հանդիպմանը զրուցակիցներն անդրադարձել են նաև Հարավային Կովկասում անվտանգությանն ու կայունությանը վերաբերող հարցերի։ Նախարար Միրզոյանը ներկայացրել է Հայաստանի և Ադրբեջանի միջև հարաբերությունների կարգավորման գործընթացում վերջին զարգացումները և ՀՀ հետևողական մոտեցումներն առանցքային հարցերի շուրջ՝ շեշտելով ինքնիշխանության, տարածքային ամբողջականության սկզբունքներին հավատարմության կարևորությունը։ Արարատ Միրզոյանն անդրադարձել է նաև Հայաստանի և Ադրբեջանի միջև սահմանազատման գործընթացի շուրջ քննարկումներին, որի համար իրավական հիմք պետք է լինի 1991 թ. Ալմա-Աթայի հռչակագիրը։
18:32 - 21 մարտի, 2024
Հայաստանը ֆրանկոֆոն ընտանիքի հետ միասին այսօր նշում է ֆրանկոֆոնիայի միջազգային օրը․ Միրզոյան

Հայաստանը ֆրանկոֆոն ընտանիքի հետ միասին այսօր նշում է ֆրանկոֆոնիայի միջազգային օրը․ Միրզոյան

ՀՀ ԱԳ նախարարն ուղերձ է հղել Ֆրանկոֆոնիայի միջազգային օրվա և Հայաստանում Ֆրանկոֆոնիայի 2024 թվականի երկամսյակի մեկնարկի կապակցությամբ․ «Հայաստանը ֆրանկոֆոն ընտանիքի հետ միասին այսօր նշում է ֆրանկոֆոնիայի միջազգային օրը, և ավանդական երկամսյակն այս տարի մեկնարկում է մեզ համար միանգամայն նոր ու պատասխանատու հանձնառությամբ՝ Ֆրանկոֆոնիայի 10-րդ միջազգային մարզամշակութային խաղերը 2027 թվականին Հայաստանում անցկացնելու մասին կարևորագույն որոշման համատեքստում։ Միջազգային այս հեղինակավոր միջոցառումը Հայաստանում հյուրընկալելու միաձայն որոշումը վկայում է Ֆրանկոֆոնիայի միջազգային կազմակերպության դավանած արժեքներին Հայաստանի անվերապահ հավատարմության և կազմակերպության ու գործընկեր պետությունների կողմից Հայաստանի նկատմամբ լիակատար վստահության մասին։ Հայաստանը հանձնառու է բարձր մակարդակով կազմակերպել Ֆրանկոֆոնիայի խաղերը՝ մեկ վայրում միավորելով ֆրանկոֆոն ընտանիքի տարբեր մարզիկներին ու արվեստագետներին՝ խաղաղության, ժողովրդավարության և մարդու իրավունքների արժեքների ներքո։ Այս տարվա Ֆրանկոֆոնիայի երկամսյակը խորհրդանշական է նաև նրանով, որ 2024 թվականին ամբողջ աշխարհը նշում է ֆրանսահայ աշխարհահռչակ շանսոնյե Շառլ Ազնավուրի ծննդյան 100-ամյակը։ Այս կարևոր հոբելյանը Հայաստանի և Ֆրանսիայի համատեղ առաջարկով և ֆրանկոֆոն պետությունների խմբի միաձայն աջակցությամբ ընդգրկվել է ՅՈւՆԵՍԿՕ-ի՝ Հռչակավոր մարդկանց և կարևոր իրադարձությունների տարելիցների 2024-2025թթ. օրացույցում։ Ազնավուրն ասում էր. «Իմ երկիրը՝ նաև ֆրանսերեն լեզուն է»։ Այս խոսքերը միանգամայն արտահայտում են ֆրանկոֆոնիայի հումանիստական, միավորող ու մշակութային բազմազանությունը խրախուսող բացառիկ բնույթը։ Այս տարի ևս ֆրանկոֆոնիան Հայաստանում մեկ տանիքի ներքո միավորելու է մեր երկրի մշակութային և կրթական գլխավոր դերակատարներին. տասնյակ համալսարաններ, դպրոցներ, թատրոններ, գրադարաններ, մշակութային կենտրոններ երկու ամիս շարունակ խոսելու են ֆրանսերեն, ապրելու են ֆրանկոֆոնիայի գույներով և նշելու են բազմազանության այս բացառիկ տոնը։ Ավանդույթի համաձայն՝ Հայաստանի պետական գերատեսչությունների, տեղական ինքնակառավարման մարմինների, Հայաստանում հավատարմագրված ֆրանկոֆոն երկրների դիվանագիտական ներկայացուցչությունների և Հայաստանում գործող ֆրանկոֆոն հասարակական կազմակերպությունների գործուն ջանքերով ամբողջ երկրի տարածքում տեղի են ունենալու շուրջ 800 մշակութային և ուսուցողական միջոցառումներ։ Ամենայն հաջողություն և անխափան ընթացք եմ մաղթում Հայաստանում Ֆրանկոֆոնիայի երկամսյակին»:
12:21 - 20 մարտի, 2024
Հայաստանը և Ղազախստանը քննարկում են համատեղ ձեռնարկատիրական խորհուրդ ստեղծելու հարցը |armenpress.am|

Հայաստանը և Ղազախստանը քննարկում են համատեղ ձեռնարկատիրական խորհուրդ ստեղծելու հարցը |armenpress.am|

armenpress.am: Հայաստանը և Ղազախստանը շարունակում են ակտիվորեն զարգացնել երկկողմ համագործակցությունը ինչպես արտաքին քաղաքական, այնպես էլ առևտրատնտեսական, մշակութային և հումանիտար բնագավառներում։ Այս մասին ասաց Ղազախստանի Հանրապետության ԱԳ նախարար Մուրատ Նուրտլեուն  Հայաստանի Հանրապետության արտաքին գործերի նախարար Արարատ Միրզոյանի հետ համատեղ ասուլիսի ժամանակ։ Ղազախստանի ԱԳ նախարարը նախ շնորհակալություն հայտնեց Հայաստանի արտաքին գործերի նախարար Արարատ Միրզոյանին հյուրընկալության համար՝ ընդգծելով, որ իր համար շատ մեծ պատիվ է այցելել Հայաստան։ «Հայաստանը և Ղազախստանը գործընկեր երկրներ են։ Մենք դարերով պահպանել ենք փոխադարձ հարգանքի և աջակցության արժեքները։ Մեզ համար Երևանը հատուկ դեր է խաղում ինչպես ԱՊՀ-ում, այնպես էլ Հարավային Կովկասում։ Մեր երկրները տարեցտարի շարունակում են ակտիվորեն զարգացնել համագործակցությունը ինչպես արտաքին քաղաքական, այնպես էլ առևտրատնտեսական, մշակութային և հումանիտար բնագավառներում։ Ամենակարևորն այն է, որ մեր երկկողմ հարաբերությունները բարեկամական ազգերին բնորոշ մակարդակի են։ Մենք շարունակաբար աջակցում ենք իրար և ունենք փոխադարձ հարգանք և վստահություն»,- ընդգծեց Ղազախստանի ԱԳ նախարարը՝ շեշտելով, որ Հայաստանն ու Ղազախստանը ակտիվորեն աշխատում են այս հարստությունը մեծացնելու համար։ Մուրատ Նուրտլեուի հավաստիացմամբ՝ Հայաստանն ու Ղազախստանը վստահ են այն բանում, որ երկու կողմերի միջև շարունակական կառուցողական աշխատանքը միանշանակ հաջողելու է։ «Դրա մասին է վկայում է ամենաբարձր մակարդակում համագործակցությունը և կառուցողական երկխոսությունը։ Վերջին շրջանում միջկառավարական հանձնաժողովների, խորհրդարանական բարեկամական խմբերի միջև համակցված աշխատանքը իր արդյունքն է տալիս։ Շարունակելով զարգացնել մեր առևտրատնտեսական ծրագրերը՝ այս պահի դրությամբ քննարկում ենք հայ-ղազախական ձեռնարկատիրական խորհրդի ստեղծումը»,- ընդգծեց Ղազախստանի ԱԳ նախարարը։ Նախարարի կարծիքով՝ Աստանան ու Երևանը բաց են իրենց քաղաքական մոտեցումների մեջ, առկա են բազում հնարավորություններ առևտրա-տնտեսական բնագավառում։ «Մեր ազգերի մշակութային և հումանիտար կապի հիմքը չափազանց ուժեղ է։ Մեզ անհրաժեշտ է պահպանել դա և փոխանցել հաջորդ սերունդներին»,- եզրափակեց Մուրատ Նուրտլեուն։  
14:09 - 18 մարտի, 2024
Մենք չիրացված մեծ հնարավորություններ ունենք. Միրզոյանը՝ հայ-ղազախական հարաբերությունների մասին |tert.am|

Մենք չիրացված մեծ հնարավորություններ ունենք. Միրզոյանը՝ հայ-ղազախական հարաբերությունների մասին |tert.am|

tert.am: ՀՀ-ն շահագրգռված է երկկողմ հարաբերությունների զարգացմամբ, և իհարկե, Ղազախստանի հետ հարաբերությունները շատ մեծ դեր ունեն։ Այս մասին այսօր Հայաստանի և Ղազախստանի ԱԳ նախարարների համատեղ մամուլի ասուլիսի ժամանակ  հայտարարեց ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը։ «Այսօր կոնկրետ պայմանավորվածություններ կան՝ հարաբերությունները զարգացնելու համար։ Չենք կարող չանդրադառնալ տրանսպորտային կապերին։ Նոր հնարավորությունների բացահայտումը կարևոր ու առանցքային է մեզ համար։ Մենք մեր տեսլականն ունենք՝ խաղաղության խաչմերուկ, այն է՝ լոգիստիկ հնարավորություններ հիմնված երկրների հավասարության ու ինքնիշխանության սկզբունքների պահպանման վրա։ Ես մեկ անգամ ընդգծել եմ, որ ՀՀ-ն հավատարիմ է խաղաղության օրակարգին և գործադրում է բոլոր ջանքերը՝ դրան հասնելու համար»,- նշեց նա։ Նախարարը հիշեցրեց, որ այս տարվա սեպտեմբերին լրանում է Հայաստանի և Ղազախստանի միջև բարեկամության և համագործակցության մասին պայմանագրի 25-րդ տարեդարձը։ «Նշելով այս տարեդարձը՝ մենք միևնույն ժամանակ լավ հնարավորություն ունենք ամփոփել 25 տարվա գործընկերությունը և նոր էջ բացել մեր հարաբերություններում՝ ի շահ երկու երկրների բարօրության։ Անշուշտ, մենք ընդլայնում ենք մեր փոխգործակցության հիմքերը, մեր քաղաքական երկխոսության բարձր մակարդակը վկայում է անհրաժեշտ նախադրյալների մասին, մեր առևտրատնտեսական հարաբերությունները դինամիկ զարգանում են։ Այս ամենով հանդերձ՝ մենք չիրացված մեծ հնարավորություններ ունենք։ Այս հանդիպման ընթացքում եկել ենք եզրահանգման, որ երկու կողմն էլ ունեն պատրաստակամություն զարգացնել այդ հարաբերությունները և իրացնել այդ չիրացված հնարավորությունները»,- եզրափակեց Միրզոյանը։    
14:02 - 18 մարտի, 2024
Մոսկվան զգուշացրել է Երևանին Արևմուտքի հակառուսական կուրսի մեջ ներքաշվելու ռիսկերի մասին․ Զախարովա

Մոսկվան զգուշացրել է Երևանին Արևմուտքի հակառուսական կուրսի մեջ ներքաշվելու ռիսկերի մասին․ Զախարովա

Շփումների ընթացքում Մոսկվան Հայաստանի հետ քննարկում է այն հարցը, որ արևմտյան երկրները Երևանին ներքաշում են իրենց հակառուսական կուրսի մեջ։ Մոսկվան զգուշացրել է ռիսկերի մասին, որոշ փաստարկներ հայկական կողմն ընդունել է։ Այս մասին «Ռիա Նովոստի» գործակալությանն ասել է ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան։ Մարտի սկզբին Հայաստանի արտգործնախարարության ղեկավար Արարատ Միրզոյանը թուրքական TRT World հեռուստաընկերությանը տված հարցազրույցում ասել էր, որ, հաշվի առնելով բոլոր այն մարտահրավերները, որոնց Երևանը ստիպված է եղել դիմակայել վերջին երեք-չորս տարիների ընթացքում, ակտիվորեն քննարկվում են նոր հնարավորությունները, այդ թվում՝ Հայաստանի՝ ԵՄ անդամակցության գաղափարը։ Նա նշել էր՝ «Հայաստանի ժողովուրդը եվրոպական նկրտումներ ունի»։ «Ցավոք, մենք բավականին վաղուց տեսնում ենք այդ միտումը և խոսում ենք դրա մասին: Մենք խոսում ենք, այդ թվում՝ շատ գաղտնի, մեր հայ կոլեգաների, գործընկերների հետ, միայն մեկ նպատակով՝ զգուշացնելու»,- ասել է Զախարովան՝ հավելելով, որ Մոսկվայի որոշ փաստարկներ հայկական կողմն ընդունել է, «նույնիսկ որոշակի միջոցներ են ձեռնարկվել»։ Զախարովայի խոսքով Մոսկվան անկեղծորեն ուզում է, որ Հայաստանը պահպանի իր ինքնիշխանությունը և կառուցի քաղաքականություն՝ ազգային շահի վրա հիմնված։ «Ի՞նչ է ազգային շահը։ Դրանք այն շահերը չեն, որոնք ինչ-որ մեկը գրել է Բրյուսելում կամ մեկ այլ տեղում, այլ նրանք, որ արտացոլում են ազգի մշակութային ինքնությունը, որոնք համընկնում են մարդկանց շահերի հետ, որոնք ամեն օր իրենց աշխատանքով հանրային բարիք են ստեղծում, որոնք ուզում են իրենց երեխաներին և թոռներին մեծացնել իրենց երկրում, որոնք Հայաստանին չեն վերաբերվում որպես տարանցիկ երկրի և ցանկանում են ապրել այնտեղ, ցանկանում են այնտեղ ստեղծել ազգային արդյունք, իրենց ընտանիքը, իրենց տունը»,- ասել է Զախարովան։
10:54 - 16 մարտի, 2024
«Դուք հակասահմանադրական գործողություն եք անում, գերազանցել եք ձեր լիազորությունները, ԱԺ մեծամասնությունը պետք է կառավարությունը փոխի»․ Արմեն Ռուստամյան
 |aravot.am|

«Դուք հակասահմանադրական գործողություն եք անում, գերազանցել եք ձեր լիազորությունները, ԱԺ մեծամասնությունը պետք է կառավարությունը փոխի»․ Արմեն Ռուստամյան |aravot.am|

aravot.am: ԱԺ արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի նիստում «Հայաստան» խմբակցության պատգամավոր Արմեն Ռուստամյանը հարցրեց ԱԳ նախարար Արարատ Միրզոյանին՝ որքանո՞վ է կառավարության գործունեությունը համապատասխանում Ազգային ժողովի կողմից հաստատված ծրագրին։ «Ազգային ժողովը հաստատել է մի ծրագիր, որտեղ գրված է մի բան, իսկ դու անում եք բոլորովին այլ բան կամ դրա ճիշտ հակառակը։ Դա ինչպե՞ս կմեկնաբանեք։ Մասնավորապես, ծրագրում գրված է հետեւյալը՝ ՀԱՊԿ-ը, դիտարկելով որպես ՀՀ անվտանգային համակարգի կարեւոր օղակ, կառավարությունը շարունակելու է ակտիվորեն ներգրավված լինել կառույցի աշխատանքներում։ Ձեր կատարողականում նշվում է՝ նվազագույնի է հասցվել, գործնականում սառեցվել է ՀՀ ակտիվությունը ՀԱՊԿ-ում։ Սա հակառակն է նրա, ինչ գրված է ծրագրում, ի՞նչ իրավունքով եք դուք դա արել»,- հարցրեց Ռուստամյանը։ Արարատ Միրզոյանը պատասխանեց․ «Ես չեմ բացառում, որ ցանկացած ստանդարտ իրավիճակում անգամ, ցանկացած ստանդարտ տարում ոչ ամբողջությամբ կատարողականը համահունչ կլինի ծրագրին։ Կլինեն բաներ, որոնք հանգամանքների բերումով այլեւս անհնար կլինի իրականացնել կամ անկախ քո ջանքերից՝ անհնար կլինի հասնել նպատակին։ Սա ցանկացած ստանդարտ երկրի համար է անգամ աքսիոմատիկ, մեր դեպքում՝ առավել եւս։ Իհարկե, չնայած մեր ջանքերին, ի հեճուկս մեր ջանքերի, տեղի են ունեցել իրադարձություններ, որոնք առանձին բաներ կատարելը դարձրել են անհնար։ Մասնավորապես, ՀԱՊԿ մասին եք հարցնում, ես էլ ձեր հարցին հարցով պատասխանեմ՝ այո, հանգամանքների բերումով ՀԱՊԿ-ում մեր մասնակցությունը չենք արել այնպես, ինչպես դա Ազգային ժողովում ներկայացրել ենք 2021 թվականին։ Ինչո՞ւ, արդեն ասացի՝ ՀՀ վրա տեղի է ունեցել հարձակում, մեր սահմանները խախտվել են, եւ այն անվտանգային կազմակերպությունը, որի հետ պայմանավորվել ենք, որ այդպիսի դեպքերում պետք է ասենք, որ այդպիսի փաստ տեղի է ունեցել եւ անենք գործողություններ, եթե հնարավոր չէ հարցը լուծել քաղաքական-դիվանագիտական ճանապարհով, ապա ռազմական փոխօգնության հասնել իրար, ահա այս կազմակերպությունը, երբ մեզ վրա է տեղի ունեցել հարձակում, մեր սահմանները խախտվել են, մենք այդ պարտավորություններն ունեցող գործընկերների կողմից իրենց պարտավորություններին համահունչ արձագանք չենք ստացել։ Անգամ հրապարակային փաստի ընդունումը, որ, այո, ՀՀ ինքնիշխան տարածքը եւ սահմանները ոտնահարվել են, անգամ այս փաստի ընդունումը տեղի չի ունեցել։ Այս պայմաններում ցանկացած ողջամիտ արձագանք կլինի՝ ապահովել, այնուամենայնիվ, այդ փոխըմբռնումն այդ գործընկերների շրջանակում, իսկ եթե դա հնարավոր չէ, առնվազն չտեսնել այդ գործընկերներին այնպիսին, ինչպիսին գրված է թղթի վրա։ Հակառակ դեպքում դա կլինի ինքնախաբեություն»։ Արարատ Միրզոյանը հարցրեց Արմեն Ռուստամյանին․ «Պարոն Ռուստամյան, կներեք, հիմա դուք ո՞ւմ կողմից եք՝ ՀԱՊԿ-ի՞, որը չի ընդունում, որ Հայաստանի սահմանները ոտնահարվել են, թե՞ Հայաստանի, որը մեղմ ձեւակերպմամբ չունի բավարարվածության զգացում, որ ՀԱՊԿ-ն այդ փաստը չի ճանաչել»։ Արմեն Ռուստամյանը պատասխանեց․ «Ես Ազգային ժողովի կողմից եմ։ Ազգային ժողով ենք եկել, դուք էլ եկել եք Ազգային ժողով՝ ձեր կատարողականով։ Ես Ազգային ժողովի կողմից եմ հարցերը տալիս»։ Արարատ Միրզոյանը հարցրեց Արմեն Ռուստամյանին․ «Պարոն Ռուստամյան, կներեք, հիմա դուք ո՞ւմ կողմից եք՝ ՀԱՊԿ-ի՞, որը չի ընդունում, որ Հայաստանի սահմանները ոտնահարվել են, թե՞ Հայաստանի, որը մեղմ ձեւակերպմամբ չունի բավարարվածության զգացում, որ ՀԱՊԿ-ն այդ փաստը չի ճանաչել»։ Արմեն Ռուստամյանը պատասխանեց․ «Ես Ազգային ժողովի կողմից եմ։ Ազգային ժողով ենք եկել, դուք էլ եկել եք Ազգային ժողով՝ ձեր կատարողականով։ Ես Ազգային ժողովի կողմից եմ հարցերը տալիս»։ Ըստ Ռուստամյանի՝ խորհրդարանական երկրում, երբ կառավարության ծրագիր է ընդունվում, կառավարությունը պարտավոր է այդ ծրագիրը կատարել։ «Հիմա դուք պատճառաբանություններ եք բերում, այս ծրագրով նշանակում էր այդ հարցերը լուծել ՀԱՊԿ-ում ակտիվությամբ, ոչ թե պասիվությամբ։ Իսկ եթե դուք կարծում եք, որ անհնար է, ստեղծվել է ֆորսմաժորային իրավիճակ, ձեւը մեկն է՝ մեծամասնություն կա Ազգային ժողովում, թող կառավարությունը փոխի, գա նոր ծրագրով, ասի՝ ստեղծվել է նոր իրավիճակ, մենք ՀԱՊԿ-ից դուրս պետք է գանք։ Ես պետության մտածելակերպ ունեցող անձանց կողմից եմ, ոչ թե ինքնագլուխ մի կառավարություն ենք ստեղծում, որն ապօրինի գործում է։ Հիմա դուք հակասահմանադրական գործողություն եք անում, եկել եք բացատրում եք, թե ինչու եք հակասահմանադրական գործողություն կատարել։ Դուք գերազանցել եք ձեր լիազորությունները»,- ասաց Ռուստամյանը։ Շարունակությունը՝ սկզբնաղբյուր կայքում
16:59 - 15 մարտի, 2024
Արցախի 6 օրվա իշխանությունն ամեն ինչում մեղավո՞ր է, 6 տարվա իշխանությունը ոչնչում մեղավոր չէ՞. Ք․ Վարդանյանը՝ Միրզոյանին
 |panorama.am|

Արցախի 6 օրվա իշխանությունն ամեն ինչում մեղավո՞ր է, 6 տարվա իշխանությունը ոչնչում մեղավոր չէ՞. Ք․ Վարդանյանը՝ Միրզոյանին |panorama.am|

panorama.am: «Անթույլատրելի է Արցախի ղեկավարությանը որևէ բանի մեջ մեղադրելը։ Այսինքն, 6 օրվա իշխանությունն ամեն ինչում մեղավո՞ր է, 6 տարվա իշխանությունը ոչնչում մեղավոր չէ՞։ Սա՞ եք ասում»,- ԱԺ արտաքին հարաբերությունների հանձնաժողովում ՀՀ կառավարության ծրագրի (2021-2026 թթ.) 2023 թվականի կատարման ընթացքի և արդյունքների մասին զեկույցի քննարկման ժամանակ ասաց ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Քրիստինե Վարդանյանը՝ արձագանքելով ԱԳ նախարար Արարատ Միրզոյանի հայտարարություններին։ Նա հարցադրում արեց, թե ի՞նչ է զիջում Ադրբեջանը Հայաստանին. «Եթե Ադրբեջանը զիջում է այն, որ ընդունում է  իր կողքը Հայաստանի Հանրապետություն կա, այսինքն դառնում է, որ դուք Ադրբեջանը սարքել եք Հայաստանի Հանրապետության անվտանգության երաշխավոր։ Այո, Ադրբեջանն ընդունում է, որ կողքը Հայաստան կա, բայց չի ընդունում ինչ սահմանով և որ տարածքում գոյություն ունի։ Եթե դա է ձեր բանակցային արդյունքը, ասեք՝ որ դուք Ադրբեջանը սարքել եք մեր անվտանգության երաշխավորը»։ Ք.Վարդանյանը նաև հայտարարեց, որ վերահաստատում է՝ այն փաստաթուղթում,  որն առնվազն ինքը տեսել է ու բանակցվում էր, չկա 29 հազար 800 քկմ. ամրագրում. «Ադրբեջանը չի ընդունում սահմանազատման, սահմանագծման հիմքը, չկա որևէ մեխանիզմ, որը երաշխավորում է, որ այդ փաստաթուղթը ստորագրելու հաջորդ օրը Ադրբեջանն էլի չի հարձակվում։ «Ձեր վարած քաղաքականության գնահատականը տրել է պատմությունը՝ 2023 թվականը հայ ազգի երկորդ ցեղասպանության տարին է,  մենք ունեցանք 1915 թվականի ցեղասպանության գունավոր  նկարների տարբերակը հայկական երկու պետոթյան գոյության պայմաններում»,- ասաց ընդդիմադիր պատգամավորը։ 
16:57 - 15 մարտի, 2024
Ինչքա՞ն եք «նեղացած հարսի» քաղաքականությունը շարունակելու, արդյո՞ք ՀԱՊԿ-ից դուրս գալու հարցը քննարկել եք. Խամոյանը՝ Միրզոյանին
 |tert.am|

Ինչքա՞ն եք «նեղացած հարսի» քաղաքականությունը շարունակելու, արդյո՞ք ՀԱՊԿ-ից դուրս գալու հարցը քննարկել եք. Խամոյանը՝ Միրզոյանին |tert.am|

tert.am: Դուք մեր երկրի թիվ 1 դիվանագետն եք և ցավում եմ ձեր այսպիսի նյարդային պահվածքի համար, քանի որ հայ ժողովուրդը լավ հետևություններ չի անի թե ինչպիսին է ձեր վարքագիծը բանակցությունների սեղանին, ևս մեկ անգամ ձեզ զսպվածության կոչ եմ անում՝ հաշվի առնելով ձեր պաշտոնը: Այսպես սկսեց իր հարցն ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Ագնեսա Խամոյանն ուղղված ԱԳ նախարար Արարատ Միրզոյանին: Ի վերջո՝ այսօր ինչպիսի՞ն են ՀՀ-ՌԴ հարաբերությունները՝ լավ, վատ, վատթար, գերազանց: Ինչպիսի՞ գնահատական կտաք: Ո՞ւր է տանելու ՀՀ իշխանությունների ռազմավարությունը ՀԱՊԿ-ի մասով, ի՞նչ եք ուզում ՀԱՊԿ-ից: Սառեցման գործընթացը քաղաքական դիրքորոշում է հիշեցնում, ինչքա՞ն եք «նեղացած հարսի» քաղաքականությունը շարունակելու: Արդյո՞ք եղել է ՀԱՊԿ-ից դուրս գալու մասով քննարկում: «Պետք չի ինձ զսպվածության կոչ անել, ձեր կոչի հասցեատերը ձեզ ավելի մոտ է գտնվում: Ձեզ կոչ կանեմ ինձ կոչ չանել: Մենք ոչ մեկից ոչ մի բան չենք ուզում, մենք առաջնորդվում ենք ՀՀ շահերով: Այլ բան, քան մեր սահմանների անվտանգությունը մենք չենք ուզում: Դուք ո՞ւմ կողմից եք: Ցավ եմ ապրում, որ ձեր քաղաքական ուժը վերաբերվում է ՀՀ-ին որպես «նեղացած հարսի», բացի զուտ սեռային հարգանքի կոնտեքստից, բայց մի քիչ հարգանք ունենանք մեր ինքնիշխանության մասին: Ոչ բան ենք ուզել, ոչ նեղացել ենք, մենք շատ ռացիոնալ աշխարհում ենք ապրում: Ոչ նեղանում ենք, ոչ չենք նեղանում»,- պատասխանեց Միրզոյանը:
16:56 - 15 մարտի, 2024
Հայաստանում, Ռուսաստանում և Ադրբեջանում որոշ մարդկանց դիրքորոշումները մի շարք հարցերում գրեթե նույնական են․ Արարատ Միրզոյան

Հայաստանում, Ռուսաստանում և Ադրբեջանում որոշ մարդկանց դիրքորոշումները մի շարք հարցերում գրեթե նույնական են․ Արարատ Միրզոյան

Չէի ուզի դավադրաբանական դատողություններ անել և կապեր տեսնել, դիրքորոշումները որոշ մարդկանց կողմից Հայաստանում, որոշ մարդկանց կողմից Ադրբեջանում, որոշ մարդկանց կողմից Ռուսաստանում գրեթե իդենտիկ են, եթե չասեմ, որ իդենտիկ են։ Այս մասին ԱԺ արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի նիստի ժամանակ ասաց ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը իր եզրափակիչ ելույթի ժամանակ։ Ըստ նրա՝ այդ դիրքորոշումները սրանք են․ «ՀՀ-ն չունի սահմաններ, որոնք խախտելով՝ կդառնա, որ միջազգային իրավունք ես խախտում։ ՀՀ-ն պետք է թույլ տա երկրներին օգտագործել իր տրանսպորտային ենթակառուցվածքները այնպես, ինչպես իրենք են ուզում, այդ թվումմ՝ երրորդ երկրների ուժեր տեղակայելով։ Այո, զարմանալիորեն և ցավոք սրտի այս հարցերում գրեթե բառացիորեն այս նույն դիրքորոշումը կիսում են որոշ մարդիկ Հայաստանում, Ադրբեջանում, Ռուսաստանում»։ «Զարմանալիորեն այդ նույն խմբերը՝ մի մասը՝ չգիտակցելով, բայց վստահ եմ՝ մի մասը գիտակցելով, փորձում է այնպես զարգացնել նարատիվները և էնպիսի ուղղությամբ տանել իրադարձությունների զարգացումը, որ Հայաստանը ներքաշվի նոր կոնֆլիկտի, նոր պատերազմի մեջ, որը առիթ կտա այն երկրներինյ, որոնք դա պլանավորում են, շարունակել օկուպացիան Հայաստանի սուվերեն տարածքների, ինչու չէ, նաև որոշակի հանգամանքների ճիշտ դասավորման դեպքում՝ դիմել ֆիզիկական փրկության՝ զոհելով, օրինակ, ինքնիշխանությունը»,- ասաց Միրզոյանը։ Նա նշեց, որ իրենք պարտավոր են ջանքեր գործադրել, որ այս սցենարները չիրականանան, այլ իրականություն դառնան այն սցենարները, որոնք «անշեղորեն» տանելու են խաղաղության, ժողովրդավարական ուղով զարգացման, բարգավաճման․ «Ես գիտակցում եմ, որ սա է ՀՀ ժողովրդի պատվերը․ «Եվ ես անշեղորեն իրականացնելու եմ ՀՀ ժողովրդի պատվերը։ Մնացածը, կարծում եմ, շատ մոտ ապագայում կարող են գտնել պատմության լուսանցքում»։
16:15 - 15 մարտի, 2024
ՀՀ բոլոր իշխանությունները միշտ բանակցել են որոշակի տարածքներ զիջելու վերաբերյալ․ Արարատ Միրզոյանը՝ Ալիևի հայտարարության վերաբերյալ

ՀՀ բոլոր իշխանությունները միշտ բանակցել են որոշակի տարածքներ զիջելու վերաբերյալ․ Արարատ Միրզոյանը՝ Ալիևի հայտարարության վերաբերյալ

Հայաստանի բոլոր իշխանությունները միշտ բանակցել են որոշակի տարածքներ զիջելու վերաբերյալ։ Այս մասին ԱԺ արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի նիստի ժամանակ հայտարարեց Արարատ Միրզոյանը։ Մարտի 14-ին Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը Բաքվի գլոբալ ֆորումի ժամանակ հայտարարել էր, որ  2018-ին Հայաստանի նոր կառավարությունից հավաստիացումներ են ստացել, որ «տարածքները կվերադարձվեն»։ ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Աննա Գրիգորյանը հարց ուղղելիս ասաց, որ Միրզոյանն արձագանքի Ալիևի այս հայտարարությանը։ Արարա Միրզոյանը նշեց, որ բանակացությունները եղել են տարածքներ զիջելու բանակցություններ։  «Չգիտեմ՝ ով, ինչ, որ փուլում, որ պատմական պահին ինչ շահ է ունեցել այլ բան ասելու ՀՀ հանրությանը, կարծում եմ՝ բոլորը արդեն կարող են ակնհայտորեն հասկանալ, որ այդ բանակցություններն առաջին օրվանից եղել են տարածքներ զիջելու բանակցություններ»,- եզրափակեց Միրզոյանը։
14:51 - 15 մարտի, 2024