Արարատի մարզ

Արարատի մարզը մարզի կարգավիճակ ունեցող վարչատարածքային միավոր է Հայաստանի հարավ-արևմուտքում։

Մարզի ընդհանուր տարածությունը 2090.0 քառ. կմ, ՀՀ տարածքի 7 %-ը:

Բնակչությունը՝ 258.2 հազ.մարդ, ՀՀ բնակչության 8.7%-ը:

Մարզի գյուղական բնակչությունը` 91 համայնքներով, կազմում է 71.85 %:

Մարզի քաղաքային բնակչությունը՝ 4 քաղաքներով`  28.2%:

Բնակչության խտությունը՝ 124 մարդ 1 քառ. կմ-ի վրա:

Մարզում տնտեսությունների / ծխերի / թիվը՝ 76280:

Ալիևը դեմ է Երասխում գործարանի կառուցմանը․ կոչ է անում Երևանին «հրաժարվել վտանգավոր գործելաոճից»
 |panarmenian.net|

Ալիևը դեմ է Երասխում գործարանի կառուցմանը․ կոչ է անում Երևանին «հրաժարվել վտանգավոր գործելաոճից» |panarmenian.net|

panarmenian.net: Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը իր երկրի սոցիալ-տնտեսական զարգացման հարցերին նվիրված խորհրդակցության ժամանակ խոսել է Երասխում ամերիկյան ներդրումներով կառուցվող մետալուրգիական գործարանի մասին՝ կոչ անելով Երևանին «հրաժարվել այդ վտանգավոր գործելաոճից»։ Նա ասել է, թե Ադրբեջանի դիրքորոշումը հիմնված է միջազգային փորձի, միջազգային կոնվենցիաների, այդ թվում Էսպոյի կոնվենցիայի վրա, գրում է ՏԱՍՍ-ը։ «Այնտեղ ասվում է, որ սահմանների մոտ այնպիսի ձեռնարկությունների կառուցումը, որոնք կարող են աղտոտման աղբյուր համարվել անդրսահմանային գետերի համար և բնապահպանական վտանգ ներկայացնել, պետք է համաձայնեցվեն հարևան երկրների հետ, և մենք պահանջում ենք դա Հայաստանից»,-ասել է նա։ Ըստ նրա, ադրբեջանական ՀԿ-ներն արդեն դիմել են ՀՀ իշխանություններին գործարանի կառուցման հարցով։ «Կարծում եմ, որ Ադրբեջանի կառավարությունը ևս չպետք է մի կողմ քաշվի։ Պետք է տեսնել, թե որ կազմակերպություններին է պետք դիմել պաշտոնական, պետական գծով, որպեսզի Հայաստանը հրաժարվի այդ վտանգավոր գործելաոճից։ Եթե ինչ-որ ձեռնարկություն են ուզում կառուցել, դա նրանց ներքին գործն է, բայց եթե այն մեր սահմանից 500 մետրի վրա է և այնտեղ վտանգավոր նյութեր են օգտագործվելու, դա արդեն մեր հարցն է»,-ասել է Ալիևը։ Հունիսի 13-ից Ադրբեջանի ԶՈւ-ն պարբերաբար կրակ էր բացում Երասխի ուղղությամբ։ Հունիսի 14-ին Ադրբեջանի ԶՈւ-ն կրակ է բացել Երասխում օտարերկրյա ներդրումների միջոցով կառուցվող մետալուրգիական գործարանի ուղղությամբ, ինչի հետևանքով վիրավորում էր ստացել օտարերկրյա 2 քաղաքացի։ Ավելի ուշ հայտնի դարձավ, որ նրանք Հնդկաստանի քաղաքացիներ են։ Ավելի ուշ գործարանում տեղադրվեցին ՀՀ և ԱՄՆ դրոշները, սակայն կրակոցներն այդ ուղղությամբ շարունակվում են։
11:14 - 12 հուլիսի, 2023
Տեխնիկայի շարժը թիրախավորված է. Երասխի գործարանի շինարարությունը կաթվածահար վիճակում է
 |armeniasputnik.am|

Տեխնիկայի շարժը թիրախավորված է. Երասխի գործարանի շինարարությունը կաթվածահար վիճակում է |armeniasputnik.am|

armeniasputnik.am: Երասխում օտարերկրյա ներդրումների միջոցով կառուցվող մետալուրգիական գործարանի աշխատանքը կաթվածահար վիճակում է։ Այս մասին Sputnik Արմենիային հայտնեց մետաղաձուլարանը կառուցող «Ջի Թի Բի Սթիլ» ընկերության տնօրեն Տիրան Հակոբյանը։ Պատճառը Ադրբեջանի կողմից գործարանի թիրախավորված լինելն է։ Չնայած հանգամանքին, որ դրա տարածքում բարձրացվել է Ամերիկայի Միացյալ Նահանգների դրոշները` Ադրբեջանի ԶՈւ–ն պարբերաբար կրկին կրակ է բացումգործարանի ուղղությամբ։ Իսկ հունիսի 14-ին տեղի ունեցած հրաձգության հետևանքով հաստատությունում աշխատող Հնդկաստանի երկու քաղաքացի է վիրավորվել։ Հակոբյանը նշեց, որ շուրջ մեկ շաբաթ է գործարանն աշխատում է սահմանափակ ռեժիմով։ «Ցանկացած տեխնիկայի շարժ թիրախավորված է, դրանով պայմանավորված շատ սահմանափակ աշխատանքներ են տեղի ունենում»,–ասաց տնօրենը։ Նա միևնույն ժամանակ տեղեկացրեց, որ վիրավորում ստացած Հնդկաստանի քաղաքացիները հիվանդանոցից դուրս են գրվել և վերադարձել են իրենց աշխատանքին
15:28 - 07 հուլիսի, 2023
ՊԵԿ-ը Արարատի մարզում բացահայտել է ապօրինի հանքարդյունահանման դեպք. նախաձեռնվել է քրեական վարույթ

ՊԵԿ-ը Արարատի մարզում բացահայտել է ապօրինի հանքարդյունահանման դեպք. նախաձեռնվել է քրեական վարույթ

ՊԵԿ հետաքննության և օպերատիվ հետախուզության վարչության աշխատակիցների ձեռնարկած օպերատիվ- հետախուզական միջոցառումների արդյունքում պարզվել է, որ Արարատի մարզի Սիս գյուղի վարչական տարածքում՝ դաշտամիջյան ճանապարհի և դրենաժային առվի միջնամասում գտնվող գյուղատնտեսական նշանակության հողատարածքում, «Կ. Նարեկ» ՍՊ ընկերությունն իրականացնում է ավազի և ավազակոպճային խառնուրդի արդյունահանում: Պարզվել է նաև, որ տվյալ տարածքում ավազակոպճային խառնուրդի արդյունահանում իրականացնող ընկերությունը ՀՀ տարածքում օգտակար հանածոյի արդյունահանման նպատակով ընդերքօգտագործման, մասնավորապես, ավազակոպճային խառնուրդի արդյունահանման թույլտվություն չունի և երբևէ չի էլ ունեցել: Օպերատիվ-հետախուզական միջոցառումների ընթացքում ձեռք բերված տեղեկությունների բազմակողմանիությունը և լրիվությունն ապահովելու նպատակով՝ վարչության աշխատակիցները համագործակցել են նաև ՀՀ բնապահպանության և ընդերքի տեսչական մարմնի աշխատակիցների հետ: Վերջիններիս կողմից իրականացրած չափագրման արդյունքում պարզվել է, որ 6554 քառակուսի մետր ընդհանուր մակերեսով տարածքից տեղահանվել է 14689 խորանարդ մետր ծավալով ավազանման լեռնային զանգված: Տվյալ գործունեության արդյունքում դեգրադացվել է 12293 քառակուսի մետր մակերեսով տարածք: Օպերատիվ-հետախուզական միջոցառումների արդյունքում ձեռք բերված փաստական տվյալների հիմքով` առանց թույլտվության ընդերքի բնական պաշարներն օգտագործելու համար, կազմվել է արձանագրություն, որի հիմքով «Վարչարարության հիմունքների և վարչական վարույթի մասին» ՀՀ օրենքի համաձայն հարուցվել է վարչական վարույթ: Կազմված արձանագրությունը և կից նյութերն ուղարկվել են ՊԵԿ Իրավաբանական վարչություն` անձի վարչական պատասխանատվության հարցը քննարկելու համար: Միաժամանակ, դեպքի առթիվ կատարվել է պետությանը պատճառված վնասի նախնական հաշվարկ, որը կազմել է շուրջ 36 միլիոն 763 հազար դրամ: ՀՀ քննչական կոմիտեի տնտեսական հանցագործությունների և մաքսանենգությունների քննության գլխավոր վարչությունում նախաձեռնվել է քրեական վարույթ: Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով՝ դատարանի՝ օրինական ուժի մեջ մտած դատավճռով։  
15:22 - 28 հունիսի, 2023
«Մենք էստեղից տեղ չենք գնալու»․Երասխի մետաղաձուլական գործարանում բարձրացվեցին ՀՀ և ԱՄՆ դրոշները
 |azatutyun.am|

«Մենք էստեղից տեղ չենք գնալու»․Երասխի մետաղաձուլական գործարանում բարձրացվեցին ՀՀ և ԱՄՆ դրոշները |azatutyun.am|

azatutyun.am: Երասխի մետաղաձուլական գործարանում բարձրացվեցին Հայաստանի և Միացյալ Նահանգների դրոշները։ Գործարանի ներկայացուցիչ Տիրան Հակոբյանը, լրագրողների հետ ճեպազրույցում, ասաց, որ դրոշի բարձրացումը զուտ հոգեբանական ազդեցություն կարող է ունենալ ադրբեջանցիների վրա, հայկական կողմը չի ակնկալում, որ այս քայլը հատուկ ռազմական պաշտպանություն է տալու։ «Սա ուղղակի մեր արձանագրումն է․ մենք դրոշները բարձրացնելով արձանագրում ենք մեր որոշումը, որ մենք էստեղից տեղ չենք գնալու և շարունակելու ենք գործարանի կառուցումը։ Մեզ այս տեղում լինելու, գործունեություն ծավալելու, որևէ բան կառուցելու և չկառուցելու, համաձայնվելու և չհամաձայնվելու միակ օբյեկը Հայաստանի Հանրապետությունն է, և Հայաստանից մենք ունենք այդ թույլատրությունն ու ցանկությունը, օրենքով սահմանված բոլոր փաստաթղթերը՝ այստեղ կառուցելու գործարանը», - ասաց Հակոբյանը՝ նշելով, որ շինարարական աշխատանքներն այսօրվանից կվերսկսվեն ու կշարունակվեն։ Գործարանի կառուցման աշխատանքները մեկնարկել են մոտ 3 ամիս առաջ, և նախատեսվում է, որ պետք է ավարտվեն մինչև տարեվերջ, սակայն շաբաթներ առաջ Ադրբեջանի բնապահպանության նախարարությունը հայտարարեց, թե այդ նախագիծը հարվածում է տարածաշրջանի բնապահպանական անվտանգությանը և կարող է աղտոտել Արաքսի ջրերը, ինչից մի քանի օր անց սկսվեցին կրակոցները, նույնիսկ երկու շինարար վիրավորվեց, շինտեխնիկան վնասվեց։ Այսօր Հակոբյանը պարզաբանեց՝ գործարանն Արաքսից գտնվում է մոտ 6 կմ հեռավորության վրա և որևէ կերպ ազդեցություն չի լինելու Արաքսի ջրերի վրա։
14:39 - 20 հունիսի, 2023
Երասխում ադրբեջանական ագրեսիայի հետևանքները կներկայացվեն միջազգային կազմակերպություններին ու դերակատարներին․ Անահիտ Մանասյանը տեղում իրականացրել է փաստահավաք աշխատանքներ

Երասխում ադրբեջանական ագրեսիայի հետևանքները կներկայացվեն միջազգային կազմակերպություններին ու դերակատարներին․ Անահիտ Մանասյանը տեղում իրականացրել է փաստահավաք աշխատանքներ

Մարդու իրավունքների պաշտպան Անահիտ Մանասյանը հունիսի 15-ին այցելել է Արարատի մարզի Արարատ խոշորացված համայնքի Երասխ բնակավայր հունիսի 13-14-ը ադրբեջանական զինված ուժերի ագրեսիայի հետևանքով մարդու իրավունքների խախտումները հաստատող փաստեր և ապացույցներ տեղում հավաքագրելու, բնակիչներին հանդիպելու և մտահոգող խնդիրներին ծանոթանալու համար։ ՄԻՊ աշխատակազմից նշում են՝ առաջին կանգառը Երասխում նոր կառուցվող մետալուրգիական գործարանի տարածքն էր, որտեղ Պաշտպանը հանդիպել ու առանձնազրույց է ունեցել գործարանի տնօրինության ու շինարարական աշխատանքներում ներգրավված Հայաստանի և Հնդկաստանի քաղաքացիների հետ։ Գործարանում աշխատում են շուրջ 130 հայ և 70 հնդիկ։ Նրանք Պաշտպանին մանրամասն տեղեկություններ են հայտնել այն մասին, թե ինչպես են ադրբեջանական զինծառայողները հունիսի 13-ի երեկոյան մեկուկես ժամից ավելի ինտենսիվ կրակ բացել գործարանի վրա։ Այդ ժամանակ գործարանի տարածքում ակտիվ շինարարական աշխատանքներ են ընթացել, սակայն կրակոցների պատճառով աշխատանքները ստիպված դադարեցվել են։ Կրակոցների հետևանքով վնասվել են գործարանի նոր կառուցված սյուները, պատերը, պարիսպը, վարչական շենքը, ինչպես նաև շինարարական աշխատանքներին ներգրավված տեխնիկաները։ Աշխատակիցները հայտնել են, որ այդ օրը կրակոցներն արձակվել են տարբեր տրամաչափի զենքերից, կրակահերթերը եղել են նպատակային և թիրախավորված։ Նրանք Պաշտպանին պատմել են նաև, որ հաջորդ օրը՝ հունիսի 14-ի առավոտյան, գործարանի ակտիվ շինարարական աշխատանքները վերսկսվել են։ Մինչդեռ, ժամը 11։00-ի սահմաններում ադրբեջանական զինված ուժերը կրկին կրակոցներ են արձակել աշխատանք իրականացնողների ու տեխնիկայի վրա։ Ընդ որում, մարդիկ նշել են, որ կրակոցները եղել են կոնկրետ տեսակի դիպուկահար հրացաններից, քանի որ դրանք առավել թիրախավորված ու վնասաբեր են եղել։ Հենց այդ կրակոցների հետևանքով բեկորային վիրավորում է ստացել գործարանի շինարարության վրա աշխատող Հնդկաստանի երկու քաղաքացի։ Աշխատողները նշել են, որ հազիվ են կարողացել վիրավորում ստացածներին դուրս բերել տարածքից, քանի որ ադրբեջանական զինվորները կրակոցներ են արձակել ինչպես վիրավորներին տեղափոխող, այնպես էլ կրակոցներից թաքնվող մյուս աշխատողների հետևից։ Հիշյալ իրավիճակը քաղաքացիական օբյեկտների ու քաղաքացիական անձանց ակնհայտ և ուղղակի թիրախավորում է, ինչը  կոպտորեն խախտում է ժամանակակից աշխարհում ընդունված իրավական չափանիշներն ու սկզբունքները, այդ թվում` միջազգային մարդասիրական իրավունքի պահանջները։ Տնօրինությունն ու աշխատողները գործարանի տարածքում շրջայցի ընթացքում ներկայացրել են կրակոցների հետևանքները, գործարանի կրած վնասներն ու բազմաթիվ այլ մանրամասներ։ Պաշտպանն արձանագրում է, որ ադրբեջանական զինված ուժերի ագրեսիայի պատճառով խախտվում է գործարարների միջազգայնորեն երաշխավորված և ՀՀ Սահմանադրությամբ ամրագրված տնտեսական գործունեությամբ զբաղվելու իրավունքը։ Լրջորեն վտանգվում են հարյուրավոր քաղաքացիների աշխատանքային իրավունքները։ Այնուհետև Պաշտպանը հանդիպել է Երասխի բնակիչների հետ: Նրանք պատմել են, որ հունիսի 13-ին և 14-ին ադրբեջանական մարտական դիրքերից կրակոցները ինտենսիվ են եղել, կիրառվել են խոշոր տրամաչափի զենքեր: Կրակոցները գյուղում պարզ լսվել են, ինչն առաջացրել է անհանգստություն, տագնապ և լարված մթնոլորտ։ Բնակիչները նշել են, որ ադրբեջանական կողմն ուղիղ կրակ է բացել նաև բնակավայրի կենտրոնում՝ Մ-2 միջպետական ավտոճանապարհին տեղադրված Հայաստանի դրոշի ուղղությամբ, ինչի հետևանքով այն վնասվել է։ Երասխի միջնակարգ դպրոցի տնօրենը հայտնել է, որ դպրոցում սովորում է 129 աշակերտ։ Դպրոցը մոտակա ադրբեջանական մարտական դիրքից հեռու է մոտ 300-400 մետր։ Դպրոցի տնօրենի տեղեկացմամբ՝ հունիսի 14-ի առավոտյան՝ աշակերտների քննություն հանձնելու ժամանակ, սկսվել են կրակոցները։ Հաշվի առնելով կրակոցների ինտենսիվության և դրանց բարձր ձայնի պատճառով երեխաների և ուսուցիչների անհանգստությունը՝ քննությունը ստիպված վաղաժամ դադարեցվել է, որից հետո ուսուցիչներն ու երեխաները տարհանվել են։ Ակնհայտ է, որ իրական սպառնալիքներ են առաջացել նաև բնակիչների կյանքի, առողջության, սեփականության և կենսական կարևորություն ունեցող մյուս իրավունքների համար։ Պաշտպանն արձանագրում է, որ Հայաստանի սահմանամերձ բնակավայրերի ուղղությամբ Ադրբեջանի զինված ուժերի շարունակվող ագրեսիվ վարքագիծն ուղղակիորեն ազդում է երեխաների բնականոն կյանքի, այդ թվում՝ կրթության իրավունքի պատշաճ իրացման վրա՝ կոպտորեն խախտելով միջազգային իրավունքով երաշխավորված հիմնարար իրավունքները: Պաշտպանն այցելել է նաև Արարատի բժշկական կենտրոն, որտեղ տեսակցել է ադրբեջանական կրակոցներից վիրավորում ստացած Հնդկաստանի երկու քաղաքացիներին՝ Մուհամադ Ասիֆին և Միրհասան Սահաջանին։ Հունիսի 14-ի առավոտյան վիրավորում ստանալուց հետո նրանք անմիջապես տեղափոխվել են բժշկական կենտրոն և վիրահատվել։ Բժիշկը հայտնել է, որ բոլոր բեկորները վիրահատությամբ դուրս են բերվել, նրանց կյանքին վտանգ չի սպառնում։ Պաշտպանը հետաքրքրվել է նրանց առողջական վիճակով, ծանոթացել բուժման ընթացքին ու այլ մանրամասների: Բուժկենտրոնի տնօրենը տեղեկացրել է, որ նրանք մշտապես գտնվում են բժիշկների հսկողության ներքո, ցուցաբերվում է անհրաժեշտ բժշկական օգնություն: Պաշտպանը Մուհամադ Ասիֆին և Միրհասան Սահաջանին առողջություն ու շուտափույթ ապաքինում է մաղթել։ Պաշտպանն արձանագրում է, որ բազմաթիվ են անհերքելի ապացույցներն առ այն, որ ադրբեջանական զինծառայողներն ուղղակիորեն քաղաքացիական անձանց ու ենթակառուցվածքներն են թիրախավորել։ Ադրբեջանի այդօրինակ վարքագիծը խախտում է միջազգային իրավունքի նորմերը։ Մարդու իրավունքների պաշտպանը մանրամասն փաստագրել է Երասխի ուղղությամբ ադրբեջանական զինված ուժերի ագրեսիայի հետևանքով մարդու իրավունքների խախտումները։ Դրանք կներկայացվեն միջազգային կազմակերպություններին ու դերակատարներին։
11:22 - 16 հունիսի, 2023
Ակնհայտ է՝ Ադրբեջանի նպատակն է խոչընդոտել Երասխում գործարանի կառուցումը. Արարատի մարզպետը՝ դիվանագետներին
 |news.am|

Ակնհայտ է՝ Ադրբեջանի նպատակն է խոչընդոտել Երասխում գործարանի կառուցումը. Արարատի մարզպետը՝ դիվանագետներին |news.am|

news.am: Ադրբեջանի բոլոր գործողությունները միտում ունեն խանգարել Հայաստանի սահմանամերձ բնակավայրերի բնականոն զարգացմանը: Այս մասին, այսօր՝ հունիսի 15-ին, Երասխ գյուղում Հայաստանում հավատարմագրված դեսպնատների ներկայացուցիչներին հայտնեց Արարատի մարզպետ Սեդրակ Թեւոնյանը՝ անդրադառնալով հունիսի 13-ին տեղի ունեցած դեպքին, երբ Ադրբեջանը կրակ էր բացել Երասխում կառուցվող գործարանի ուղղությամբ եւ վիրավորել երկու հնդիկ աշխատակիցների: «Իրենց պնդումները, թե ինչ-որ բնապահպանական խնդիրներ կան, ես վստահեցնում եմ, որ որեւէ խնդիր չունենք: Սա միտում է, որ մեր սահմանամերձ բնակավայրերն ուղղակի չզարգանան: Ակնհայտ է, որ նրանց նպատակն այն է, որ գործարանը չկառուցվի: Դուք բոլորդ դա տեսնում եք: Միջազգային գործընկերներին հրավիրել ենք, որ իրենք էլ իրենց ներդրումն ունենան այս հարցի լուծման գործում: Գործարանում դեռ կառուցման աշխատանքներ են գնում, հետեւաբար, չեն կարող բնապահպանական խնդիրներ լինել առնվազն այս պահին: Ընդ որում, գործարանի կառուցման ներդրումները գալիս են ԱՄՆ-ից: Խոսքը 70 եւ ավելի մլն դոլարի ներդրման մասին է: Այս պահին գործարանում 200 մարդ է աշխատում, բայց այն շահագործման հանձնվելուց հետո մոտ հազար մարդ կաշխատի»,- ընդգծեց մարզպետը: Հիշեցնենք, որ հունիսի 13-ին՝ ժամը 18:40-ին, Ադրբեջանի ԶՈՒ ստորաբաժանումները տարբեր տրամաչափի հրաձգային զենքերից կրակ են բացել Երասխի հատվածում տեղակայված հայկական դիրքերի ուղղությամբ։ ՊՆ-ի հաղոդրմամաբ՝ Երասխի ուղղությամբ Ադրբեջանի ԶՈՒ կրակի հետևանքով վնասվել է քաղաքացիական ավտոմեքենա և այլ օբյեկտ, ինչի առթիվ ՀՀ ՔԿ-ում վարույթ է հարուցվել: ՀՀ ԱԳՆ-ն հայտարարություն էր տարածել Երասխի ուղղությամբ Ադրբեջանի գործողությունների վերաբերյալ` կոչ անելով միջազգային հանրությանը քայլեր ձեռնարկել՝ սահմանափակելու Ադրբեջանի ծավալապաշտական նկրտումները: Հունիսի 14-ին, ՊՆ-ից կրկին հայտնել են, որ ժամը 11:45-ի սահմաններում Երասխում կառուցվող մետալուրգիական գործարանի ուղղությամբ Ադրբեջանի սադրանքի հետևանքով վիրավորում է ստացել օտարերկրյա 2 քաղաքացի: Առողջապահության նախարարությունից հայտնել են, որ վիրավորում ստացած երկու օտարերկրացի աշխատակիցների առողջական վիճակը գնահատվում է միջին ծանրության:
13:08 - 15 հունիսի, 2023
Ի բարօրություն ՀՀ-ի՝ շարունակելու ենք գործունեություն իրականացնել սահմանամերձ երասխում. մետաղաձուլարան կառուցող ընկերությունը հակադարձել է Ադրբեջանին

Ի բարօրություն ՀՀ-ի՝ շարունակելու ենք գործունեություն իրականացնել սահմանամերձ երասխում. մետաղաձուլարան կառուցող ընկերությունը հակադարձել է Ադրբեջանին

Հայաստանի Հանրապետության Արարատի մարզի Երասխ գյուղում մետաղաձուլարան կառուցող «Ջի Թի Բի Սթիլ» ընկերությունը հայտարարություն է տարածել՝ հակադարձելով Ադրբեջանի բնապահպանության նախարարության այն պնդմանը, թե մետաղաձուլարանի կառուցումը և շահագործումը վնաս է հասցնելու իրենց երկրի շրջակա միջավայրին: «Այսօր մամուլում տարածվեց Ադրբեջանի բնապահպանության նախարարության հայտարարությունը Հայաստանում՝ Արարատի մարզի Երասխ գյուղում, սև մետաղի ջարդոնի վերամշակման գործարանի (մետաղաձուլարանի) կառուցման վերաբերյալ։ Ադրբեջանի բնապահպանության նախարարությունն իր հայտարարությամբ հայտնել է, որ մետաղաձուլարանի կառուցումը/շահագործումը վնաս է հասցնելու իրենց երկրի շրջակա միջավայրին։ Չկարևորելով Ադրբեջանի վերոնշյալ  հայտարարությունը՝ այնուամենայնիվ, օգտվելով հայաստանյան հասարակությանը մեր նախագծի մասին առավել մանրամասն տեղեկատվություն տրամադրելու հնարավորությունից և ելնելով թափանցիկ ու  հաշվետու գործունեություն իրականացնելու սեփական հանձնառությունից, հայտնում ենք հետևյալը. կառուցվող մետաղաձուլարանի սեփականատեր հանդիսանում  է «Ջի Թի Բի Սթիլ» ՍՊԸ-ն, որը ՀՀ օրենսդրությամբ սահմանված կարգով դիմել և ներպետական իրավասու մարմնի՝ ՀՀ բնապահպանության նախարարության կողմից ստացել է շրջակա միջավայրի վրա ազդեցության դրական եզրակացություն՝ համապատասխան փորձաքննական պահանջներով, որոնք համապատասխանում են բոլոր միջազգային չափորոշիչներին։ Եզրակացությամբ հաստատվել է, որ ներդրվելու են շրջակա միջավայրի նկատմամբ բացասական ազդեցության բացառման բոլոր ժամանակակից տեխնոլոգիաներն ու իրականացվելու են բոլոր համարժեք միջոցառումները։ Նշենք նաև, որ մետաղաձուլարանը  չի շահագործվում և դեռևս գտնվում է կառուցման փուլում»,- ասված է ընկերության տարածած հայտարարության մեջ: Մեկտեղ շեշտվում է, որ «Ջի Թի Բի Սթիլ» ՍՊԸ-ն շարունակելու է իր գործունեությունն իրականացնել Հայաստանի Հանրապետության համար այդքան կարևոր սահմանամերձ Երասխ համայնքում՝ ՀՀ օրենսդրությամբ սահմանված բոլոր պահանջներին համապատասխան և ի բարօրություն Հայաստանի Հանրապետության: «Թերևս, սրանով է պայմանավորված հարևան պետության այսչափ ջղաձիգ արձագանքը։ Ի հեճուկս թշնամական շարժառիթներ ունեցող վերոնշյալ գործողությունների, մենք լիակամ ենք շարունակելու Հայաստանի Հանրապետության տնտեսության համար այդքան կարևոր մեր նախագիծը սահմանամերձ Երասխ համայնքում»,- ասված է «Ջի Թի Բի Սթիլ» ընկերության հայտարարության մեջ:
18:00 - 08 հունիսի, 2023
Լաբորատոր փորձաքննությամբ հայտնաբերվել են անհամապատասխանություններ. պարզվել է Արտաշատի թիվ 4 մսուր-մանկապարտեզում 14 երեխաների թունավորման պատճառը

Լաբորատոր փորձաքննությամբ հայտնաբերվել են անհամապատասխանություններ. պարզվել է Արտաշատի թիվ 4 մսուր-մանկապարտեզում 14 երեխաների թունավորման պատճառը

Ինչպես հայտնի է, մայիսի 18-ին Արտաշատի թիվ 4 մսուր-մանկապարտեզից «Սննդային թունավորում չճշտված էթիոլոգիայով» ախտորոշմամբ հիվանդանոց տեղափոխված բոլոր երեխաները մայիսի 22-ին դուրս են գրվել մանկական բաժանմունքից: Մանկապարտեզի 18․05․2023թ․ ճաշացանկում ներառված սննդամթերքի (խաշած ձու, թանապուր, ոլոռով սուպ, մակարոնով փլավ) նմուշները հանձնվել էին լաբորատոր հետազոտության: Նմուշներ էին վերցվել նաև խոհանոցի և խմբասենյակների շփվող մակերեսներից, ինչպես նաև կենսանմուշներ մանկապարտեզի սաներից և սպասարկող անձնակազմից: ՀՀ սննդամթերքի անվտանգության տեսչական մարմին և ՀՀ ԱՆ հիվանդությունների վերահսկման և կանխարգելման ազգային կենտրոն ՊՈԱԿ-ը հայտնում են, որ Սննդամթերքի փորձաքննության արդյունքներով՝ ներկայացված թանապուրը՝ ՄԱՖԱնՄՔ (մեզոֆիլ աէրոբ և ֆակուլտատիվ անաէրոբ մանրէներ) և ոսկեգույն ստաֆիլակոկ (S․aureus), ոլոռով սուպը՝ ՄԱՖԱնՄՔ և ԱՑԽՄ (աղիքային ցուպիկի խմբի մանրէներ), իսկ մակարոնով փլավը ԱՑԽՄ ցուցանիշներով չեն համապատասխանել Մաքսային Միության տեխնիկական կանոնակարգի պահանջներին: Խաշած ձվում անհամապատասխանություններ չեն հայտնաբերվել: Շեղումներ չեն հայտաբերվել նաև վերցված խմելու ջրի նմուշում։ Շեղում է արձանագրվել խոհանոցից և խմբասենյակներից վերցված լվացուկներում, իսկ մանկապարտեզի սաների և սպասարկող անձնակազմի կլինիկական նմուշների լաբորատոր հետազոտության արդյունքում հայտնաբերվել են նորովիրուսի հարուցիչներ։ Հաշվի առնելով վերը նշվածը՝ մանկապարտեզում բռնկման հավանական պատճառը երկրորդային աղտոտվածությունն է։ Այս պահին ՀՀ սննդամթերքի անվտանգության տեսչական մարմնի Արարատի կենտրոնի տեսուչները Արտաշատի թիվ 4 մսուր-մանկապարտեզում իրականացնում են պետական վերահսկողություն՝ ստուգում:
12:03 - 24 մայիսի, 2023
Մանկապարտեզի ճաշացանկում ներառված սննդամթերքի նմուշները ներկայացվել են լաբորատոր փորձաքննության

Մանկապարտեզի ճաշացանկում ներառված սննդամթերքի նմուշները ներկայացվել են լաբորատոր փորձաքննության

ՀՀ ՍԱՏՄ-ից տեղեկացնում են, որ երեկ՝ 18.05.2023 թ.՝ ժամը 22:30-ին, ՀՀ սննդամթերքի անվտանգության տեսչական մարմնի Արարատի մարզային կենտրոնը բանավոր ահազանգ է ստացել Առողջապահության նախարարության «Հիվանդությունների վերահսկման և կանխարգելման ազգային կենտրոն» ՊՈԱԿ-ից այն մասին, որ սննդային թունավորման նշաններով «Արտաշատի բժշկական կենտրոն» ԲԲԸ են տեղափոխվել «Արտաշատ քաղաքի թիվ 4 մսուր-մանկապարտեզ» ՀՈԱԿ հաճախող 3-4 տարեկան 6 երեխա:   «Մեկ երեխա տեղափոխվել է Երևանի «Մուրացան» հիվանդանոցային համալիր: 19․05․2023թ․ առավոտյան ժամը 10:30-ի դրությամբ՝ հիվանդանոց տեղափոխված երեխաների թիվը հասել է 16-ի, որոնցից 2-ը գտնվում են ինֆեկցիոն բաժանմունքում: Երեխաների վիճակը գնահատվել է բավարար: Նախնական ախտորոշվել է սննդային թունավորում (չճշտված) և փսխումային համախտանիշ:   Արագ արձագանքելով ստացված տեղեկատվությանը՝ Արարատի մարզային կենտրոնի տեսուչները ձեռնարկել են վերահսկողական միջոցառումներ, մասնավորապես՝ կատարվել է նմուշառում մանկապարտեզի 18․05․2023 թ․ ճաշացանկում ներառված սննդամթերքից (խաշած ձու, թանապուր, ոլոռով սուպ, մակարոնով փլավ): Նմուշները ներկայացվել են լաբորատոր փորձաքննության, արդյունքները կհրապարակվեն»,- ասված է հաղորդագրության մեջ:
14:55 - 19 մայիսի, 2023