Արթուր Դավթյան

ՀՀ  գլխավոր դատախազ, Իրավաբանական գիտությունների թեկնածու։

Ծնվել է 1978թ. դեկտեմբերի 8-ին։ 2000-2006թթ. դասախոսել է Երեւանի պետական համալսարանի քրեական դատավարության եւ կրիմինալիստիկայի ամբիոնում։

2006-2007թթ. նշանակվել է ՀՀ գլխավոր դատախազության հետաքննության եւ նախաքննության օրինականության նկատմամբ հսկողության վարչության դատախազ։ 2007-2008թթ.-ին ՀՀ գլխավոր դատախազության մարդու դեմ ուղղված հանցագործությունների գործերով վարչության ավագ դատախազ։ 2008-2012թթ. զբաղեցրել է ՀՀ գլխավոր դատախազության մարդու դեմ ուղղված հանցագործությունների գործերով վարչության պետի տեղակալի պաշտոնը։

2012-2013թթ.-ին եղել է Երեւան քաղաքի Շենգավիթ վարչական շրջանի դատախազ։ 2013-2016 թթ. զբաղեցրել է Երեւան քաղաքի դատախազի պաշտոնը։ 2016թ. հունիսի 22-ի ՀՀ նախագահի հրամանագրով նշանակվել է ՀՀ գլխավոր դատախազի տեղակալ։ ՀՀ Ազգային ժողովի`15.09.2016 թվականի որոշմամբ նշանակվել է ՀՀ գլխավոր դատախազ։

ԱԺ-ում Փաշինյանի հայտարարությունը հարուցված քրգործի շրջանակում քննության առարկա կդառնա․ մեզ ոչինչ չի կաշկանդում.Դավթյան
 |news.am|

ԱԺ-ում Փաշինյանի հայտարարությունը հարուցված քրգործի շրջանակում քննության առարկա կդառնա․ մեզ ոչինչ չի կաշկանդում.Դավթյան |news.am|

news.am: Դեռևս նախորդ տարի Մովսես Հակոբյանի հաղորդման հիման վրա հարուցված և ներկայումս հակակոռուպցիոն կոմիտեում քննվում է քրեական գործ, որի քննության առարկան է, ըստ էության, 44-օրյա պատերազմի նախապատրաստվելու, պատերազմի ողջ գործընթացում ռազմաքաղաքական ղեկավարության, յուրաքանչյուրի կողմից իր գործողությունները, պարտականությունները բարեխղճորեն կատարելու, ինչպես նաև  դրանց արդյունքների հետ դրանց պատճառական կապը: Այս մասին, այսօր՝ ապրիլի 22-ին, Ազգային ժողովում լրագրողների հետ զրույցում ասաց ՀՀ գլխավոր դատախազ Արթուր Դավթյանը։ Նրա խոսքով, այդ քրեական գործն ունենալով այսպիսի ծավալուն քննության առարկա, ի վերջո  պատասխան պետք է տա այն հարցերին, թե մինչ պատերազմական իրավիճակը, պատերազմի ամբողջ ընթացքում ռազմաքաղաքական ղեկավարությունն իր պարտականությունները  այս կամ այն ուղղությամբ իրավաչա՞փ է իրականացրել, թե՞ իրավաչափ չի իրականացրել։ Ա. Դավթյանն ասաց, որ զոհված զինծառայողների հարազատների կողմից ներկայացված հաղորդումը, ըստ էության, վերաբերում էր ԱԺ նիստի ժամանակ Նիկոլ Փաշինյանի հնչեցրած  համապատասխան խոսքերին՝ «կարող էինք պատերազմն ավելի վաղ կանգնեցնել, բայց, իհարկե, կունենայինք նույն վիճակը, սակայն առանց զոհերի» և այդ խոսքերը դատախազության կողմից  արդեն իսկ ուղարկվել էին, հետևաբար  նաև այդ հաղորդմամբ ներկայացված նյութը դարձյալ ուղարկվել է հակակոռուպցիոն կոմիտե այդ նույն քրեական գործի շրջանակներում քննության առարկա  դարձնելու համար։ «Այսինքն, այդ քրեական գործն անդրադառնում է այդ նույն հանգամանքներին, ինչի վերաբերյալ հնչել է վարչապետի խոսք։ Հետևաբար, այդ խոսքը քրեական գործով ձեռք բերված այլ տվյալների համադրման արդյունքում պետք է արժանանա համապատասխան իրավական գնահատականի, խոսքն ինքնին  իրենով իրավական նշանակություն չի կարող ունենալ եթե ինքն այդ փաստով քննվող այլ քրեական գործի այլ հանգամանքների, ձեռք բերված այլ  ապացույցների հետ համադրության մեջ չդիտարկվի»,- ասաց գլխավոր դատախազը։ Նա համաձայն չէ, որ Նիկոլ Փաշինյանի այդ խոսքը իրավական առումով հանցակազմ է պարունակում. «Ես այդպիսի իրավական գնահատական չեմ կարող տալ: Իրենց ասածն այն է, որ միայն այդ խոսքը կարող էր համարվել որպես մեղադրանքի նկարագրություն եւ մեղադրանք առաջադրվեր: Նույն հաջողությամբ,  նույն անհիմն իրավական տրամաբանությամբ կարող էր  նաեւ  այդպիսի մեղադրանք առաջադրվեր այն դեպքում, երբ առանց համապատասխան պետության պաշտպանություն կազմակերպելու տարածքներ զիջվեին թշնամուն: Մեր ասածը ո՞րն է. որ «պատերազմական գործողությունները կարող էին կանգնեցվել», «կարող էին չիրականացվել» արտահայտությունները քրգործով ձեռք բերված այլ ապացույցների հետ պետք է համադրվեն: Դրանք համադրվում են: Մենք այդ գործով հենց առաջին փուլից ձեռնարկել ու ձեռնարկում ենք բոլոր միջոցները, որ իրականացվի այդ գործով լրիվ, օբյեկտիվ նախաքննություն: Մենք շահագրգիռ ենք, որ այդ տեղեկությունները ժամ առաջ ամբողջականան եւ իրավական գնահատականի արժանանան»,-ասաց Արթուր Դավթյանը: Հարցին՝ բազմաթիվ հայտարարություններ են եղել Նիկոլ Փաշինյանի կողմից  պատերազմը կանխելու, նրա մեղավորության չափի և այլն մասին, այդ գործով Փաշինյանը որևէ  քրեադատավարական կարգավիճակ ունի՞, որևէ անգամ կանչվե՞լ է   հարցաքննության, Ա. Դավթյանն ասաց.  «Ուզում եմ վստահ լինեք մի հարցում. այդ գործի քննության առարկային առնչվող ցանկացած հրապարակային խոսք, որը կհնչի վարչապետից, որևէ մեկից, մենք միջոց ենք ձեռնարկում, որ դրանք բոլորը լինեն այդ քրեական գործում, քանի որ  այդ հանգամանքները պետք է համադրվեն, այդ թվում այդ անձինք պետք է հարցաքննվեն։ Բնականաբար, ՀՀ վարչապետը այդ քրեական գործով  տեղեկություններ հայտնելու  իրավունք ու պարտականություն ունի։ Նախաքննական մարմինը  նրա պարզաբանումները բազում հարցերի շուրջ պետք է ստանա։ Իսկ թե հարցաքննվել է, թե չի հարցաքննվել, քանի անգամ է և դեռ կհարցաքննվի, թույլ տվեք այս պահին դեռևս չասել»,- ասաց Դավթյանը՝ վստահեցնելով, որ ինքը որևէ հարցում կաշկանդված չէ, այդ քրեական գործի արդյունքների առումով իր համար այս պահին տեսանելի են բարդությունները, մեծածավալությունը։ «Որ պահին ակնհայտորեն տեսնեմ, որ խոչընդոտ կա այդ քրեական գործով  օբյեկտիվ իրականությունը բացահայտելու առումով, դրա մասին ես իմ ասելիքը կասեմ»,- նշեց Արթուր Դավթյանը։ Նա նշեց, որ բանակին հավաքական իմաստով ոչ մեկն իրավունք չունի որևէ վատ ասել, կան  կոնկրետ առարկայական հանցանք  կատարած անձինք, որոնք պետք է ենթարկվեն պատասխանատվության։      
14:31 - 22 ապրիլի, 2022
44-օրյա պատերազմին առնչվող գործերով քրեական հետապնդում է հարուցվել 800 անձի նկատմամբ. Դավթյան |armenpress.am|

44-օրյա պատերազմին առնչվող գործերով քրեական հետապնդում է հարուցվել 800 անձի նկատմամբ. Դավթյան |armenpress.am|

armenpress.am: 44-օրյա պատերազմին առնչվող քրեական գործերի նախաքննությունների ընթացքում պարզվել է, որ ԶՈՒ բազմաթիվ  ներկայացուցիչներ, սպաներ և բարձրաստիճան սպաներ մարտական ծառայության պարտականությունները պատշաճ չեն կատարել: Ազգային ժողովի պետական-իրավական հարցերի մշտական հանձնաժողովի նիստի ժամանակ այս մասին ասաց ՀՀ գլխավոր դատախազ Արթուր Դավթյանը՝ ներկայացնելով Հայաստանի Հանրապետության դատախազության 2021 թվականի գործունեության մասին հաղորդումը: «Իսկզբանե մենք որդեգրել ենք հետևյալ երկու ուղղությունները`  44-օրյա պատերազմին առնչվող քրեական գործերով քննության առարկա են դառնում ինչպես Ադրբեջանի ռազմաքաղաքական ղեկավարության կողմից իրականացված պատերազմական հանցագործությունները, այնպես էլ այդ նույն պատերազմական գործողությունների ընթացքում մեր ռազմաքաղաքական ղեկավարության, Զինված ուժերի կողմից թույլ տված ենթադրյալ հանցավոր խախտումները»,- ասաց Դավթյանը: Գլխավոր դատախազի խոսքով` տարվա ընթացքում քննվել է պատերազմական հանցագործությունների վերաբերյալ 2150 քրեական գործ: «Այդ քրեական գործերով տարվա ավարտի դրությամբ քրեական հետապնդում է իրականացվել 800 անձի վերաբերյալ, 55 անձինք արդեն իսկ այդ քրեական գործերով դատի են տրվել, ունենք համապատասխան դատավճիռներ: Մեր համար արդեն իսկ ավարտված քրեական գործերով պարզվել է, որ, ցավոք, այդ պատերազմական գործողությունների ընթացքում մեր զինված ուժերի ներկայացուցիչներ, բազում սպաներ, այդ թվում` բարձրաստիճան սպաներ, մարտական ծառայության պարտականությունները պատշաճ չկատարելու դրսևորումներ են ունեցել, որոնցով ունենք այդ անձանց նկատմամբ քրեական հետապնդումներ, ունենք նաև դատի տրված անձինք: Մնացած գործերով նախաքննությունը շարունակվում է: Բոլորս նախանձախնդիր ենք առավելագույնս ճշմարտությունը բացահայտելու հարցում»,- եզրափակեց Դավթյանը:
12:56 - 22 ապրիլի, 2022
Ամենայն Հայոց Կաթողիկոսն ընդունել է Վրաստանի գլխավոր դատախազին

Ամենայն Հայոց Կաթողիկոսն ընդունել է Վրաստանի գլխավոր դատախազին

Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Երկրորդ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսը Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում այսօր ընդունել է Վրաստանի գլխավոր դատախազ Իրակլի Շոթաձեի գլխավորած պատվիրակությանը՝ ուղեկցությամբ ՀՀ գլխավոր դատախազ Արթուր Դավթյանի։   Հանդիպման սկզբում ՀՀ գլխավոր դատախազը Նորին Սրբությանը ներկայացրել է Հայաստանի և Վրաստանի գլխավոր դատախազությունների միջև հաստատված սերտ փոխգործակցությունը։   Ողջույնի իր խոսքում Ամենայն Հայոց Կաթողիկոսը գոհունակությամբ արձանագրել է, որ վերջին տասնամյակներին երկու երկրների միջև գործակցությունն առավել խորանում և ընդլայնվում է՝ համահունչ երկու ժողովուրդների դարավոր բարեկամությանը:   Նորին Սրբությունը նկատել է, որ հայ և վրաց ժողովուրդները դարեր շարունակ հարատևել են քրիստոնեական հավատքի շնորհիվ և միմյանց զորավիգ լինելով՝ կարողացել են հաղթահարել բազմաթիվ դժվարություններ՝ պահպանելով իրենց ազգային ինքնությունը:   Շնորհավորելով վրաց ժողովրդին Տեր Հիսուս Քրիստոսի Սուրբ Հարության գալիք տոնի առիթով՝ Հայոց Հովվապետը մաղթել է, որ երկու ժողովուրդների համագործակցությունը լինի արդյունավետ և նպաստի երկու բարեկամ պետությունների զարգացմանը, առաջընթացին ու բարօր կյանքի կերտմանը։   Ամենայն Հայոց Կաթողիկոսը նաև իր եղբայրական ողջույններն ու բարեմաղթանքներն է փոխանցել Համայն Վրաստանի Իլյա Բ Կաթողիկոս-Պատրիարքին:   Իր հերթին Վրաստանի գլխավոր դատախազ Իրակլի Շոթաձեն ընդգծել է, որ նման այցերը նպաստում են երկու երկրների պետական կառույցների փոխհարաբերությունների առավել սերտացմանը։   Պարոն Շոթաձեն Վեհափառ Հայրապետին փոխանցել է նաև Վրաց Ուղղափառ Եկեղեցու հովվապետի ողջույնները։  
17:45 - 19 ապրիլի, 2022
Հայաստան է ժամանել Վրաստանի գլխավոր դատախազ Իրակլի Շոթաձեի գլխավորած պատվիրակությունը

Հայաստան է ժամանել Վրաստանի գլխավոր դատախազ Իրակլի Շոթաձեի գլխավորած պատվիրակությունը

Հայաստան է ժամանել Վրաստանի գլխավոր դատախազ Իրակլի Շոթաձեի գլխավորած պատվիրակությունը: Վրաստանի գլխավոր դատախազի այցը ՀՀ տեղի է ունենում դեռևս 2018թ. մայիսի 30-ին Վրաստան կատարած այցի ժամանակ ՀՀ գլխավոր դատախազ Արթուր Դավթյանի կողմից արված հրավերի շրջանակում:  ՀՀ գլխավոր դատախազությունում ապրիլի 19-ին կայացել է երկու երկրների գլխավոր դատախազների հանդիպումը: Արթուր Դավթյանը շնորհակալություն է հայտնել իր վրաց գործընկերոջը՝ հրավերն ընդունելու և օբյեկտիվ պատճառներով հետաձգվող այցը հնարավոր դարձնելու համար: Նա հույս է հայտնել, որ բազմադարյա պատմամշակութային կապերի, Վրաստանում մեծաթիվ հայ համայնքի դերակատարությամբ պայմանավորված՝ երկու հարևան երկրների միջև զարգացող ջերմ, բարեկամական հարաբերություններին համահունչ, գլխավոր դատախազների հանդիպումները ևս կդառնան առավել հաճախակի:  ՀՀ գլխավոր դատախազն ընդգծել է, որ երկու պետությունների գլխավոր դատախազությունների միջև վստահության բարձր մակարդակը թույլ է տալիս օպերատիվ կերպով լուծելու երկուստեք բարձրացվող՝  իրավական փոխօգնության, հանձնման գործընթացների հետ կապված հարցերը: Նա օրինակելի է համարել էլեկտրոնային արդարադատության ներդրման և քրեական ենթամշակույթի դեմ պայքարի ոլորտներում փորձի փոխանակման հարցում համատեղ շահագրգիռ աշխատանքը:       Արթուր Դավթյանը նշել է, որ քրեական գործերով միջազգային-իրավական համագործակցությունն իրականացվում է ոչ միայն երկկողմ և բազմակողմ միջազգային պայմանագրերի, այլ նաև երկու երկրների դատախազությունների բարեկամական կապերի ու բարի կամքի հիման վրա: Նա բարձր է գնահատել Վրաստանի տարածքով Հայաստան ապրանքների տեղափոխման, զբոսաշրջության ոլոտրերում վրաց ժողովրդի ու պետության կողմից ՀՀ քաղաքացիների նկատմամբ ցուցաբերվող հոգատար վերաբերմունքը: Շեշտվել է հատկապես Ադրբեջանի կողմից Արցախի և Հայաստանի դեմ սանձազերծված ագրեսիվ պատերազմի հետևանքներով պայմանավորված՝ հումանիտար խնդիրների լուծման հարցում վրացական կողմի ունեցած ներդրումը:       Վրաստանի գլխավոր դատախազ Իրակլի Շոթաձեն շնորհակալություն է հայտնել ջերմ ընդունելության համար և վստահություն հայտնել, որ իր այցը նոր մակարդակի կտեղափոխի դատախազական կառույցների հարաբերությունները: Նա նշել է, որ հայ և վրաց ժողովուրդների եղբայրությունը դարերի պատմություն ունի, երկու երկրնեի միջև ապրանքաշրջանառությունը և քաղաքացիների փոխադարձ այցելությունները դինամիկ աճում են, և Վրաստանը Հայաստանին տարածաշրջանում մոտենում է որպես կարևոր հենարանի: Նա համոզմունք է հայտնել, որ իրավական ոլորտում երկու երկրների դատախազությունների համագործակցության խորացումը առավել կխթանի ինչպես այդ կապերի ամրապնդմանը, այնպես էլ անդրազգային հանցավորության դեմ համատեղ պայքարին: Իրակլի Շոթաձեն Արթուր Դավթյանին սիրով հրավիրել է մասնակցելու սեպտեմբերին Թբիլիսիում կայանալիք դատախազների միջազգային համաժողովին:    Հանդիպման ընթացքում քննարկվել են միմյանց երկրներում և հատկապես սահմանային անցակետերում երկու պետությունների քաղաքացիների իրավունքների պաշտպանության արդյունավետության բարձրացման, սահմանային շրջանների դատախազությունների միջև շփումների մեխանիզմների ստեղծման, հայ-վրացական սահմանին վերահսկողության ուժեղացման, ապօրինի սահմանահատումների դեմ համատեղ պայքարը կատարելագործելու հետ կապված հարցեր:  Հանդիպման արդյունքում Արթուր Դավթյանը և Իրակլի Շոթաձեն ստորագրել են Հայաստանի և Վրաստանի դատախազությունների միջև համագործակցության մասին փոխըմբռնման հուշագիր: Վերջինս իրավական հիմքեր է ստեղծում համագործակցելու քրեական արդարության արդյունավետ իրականացմանն առնչվող տեղեկատվության և փորձի փոխանակման, դատախազությունների աշխատակիցների մասնագիտական կարողությունների զարգացման և այլ ուղղություններով:  Գլխավոր դատախազները հուշագրի ստորագրումը կարևորել են կողմերի միջև դեռևս 2005թ. կնքված իրավական օգնության և համագործակցության մասին հուշագրից հետո գործակցությունը թարմացնելու, երկկողմ ներկայիս պահանջներին համապատասխանեցնելու, դատախազների միջև նաև միջնանձնային կապերը խթանելու առումով:  Պայմանավորվածություն է ձեռք բերել առաջիկայում մշակել և ընդունել հուշագրից բխող կոնկրետ միջոցառումների ծրագիր, ինչպես նաև ավելի հաճախակի դարձնել գլխավոր դատախազների մակարդակով հանդիպումները:
15:37 - 19 ապրիլի, 2022
ՀՀ գլխավոր դատախազն ու Նիդերլանդների դեսպանը քննարկել են համագործակցության հեռանկարները

ՀՀ գլխավոր դատախազն ու Նիդերլանդների դեսպանը քննարկել են համագործակցության հեռանկարները

ՀՀ գլխավոր դատախազություն է այցելել Հայաստանի Հանրապետությունում Նիդերլանդների Թագավորության արտակարգ և լիազոր դեսպան Նիկո Սխերմերսը: Ընդունելով դեսպանին՝ ՀՀ գլխավոր դատախազ Արթուր Դավթյանը նախ շնորհակալություն է հայտնել հանդիպման նախաձեռնության համար՝ շեշտելով, որ այն նոր խթան կհանդիսանա երկու երկրների իրավապահ համակարգերի միջև համագործակցության խորացման համար՝ հաշվի առնելով նաև Հայաստանի և Նիդերլանդների միջև փոխադարձ վստահության հենքի վրա զարգացող միջպետական հարաբերությունների բարձր մակարդակը: Արթուր Դավթյանը, բարձր գնահատելով առանձին կարևոր քրեական գործերով ՀՀ կողմից ներկայացված քննչական հարցումներին Նիդերլանդների իրավասու մարմինների գործընկերների կողմից պատշաճ ընթացք տալու հարցում դրսևորած շահագրգռությունը, գործընթացին լրացուցիչ օպերատիվություն հաղորդելը կարևորել է հատկապես ՀՀ-ում իրականացվող կոռուպցիայի դեմ պայքարի և ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման գործընթացի արդյունավետության տեսանկյունից: Նա նշել է, որ բազմաթիվ ակտիվներ, արժեքներ ապօրինի կերպով դուրս են բերվել Հայաստանից՝ այդ թվում նաև դեպի եվրոպական երկրներ: Ուստի եվրոպական երկրների, այդ թվում նաև` Նիդերլանդների իրավապահ մարմինների հետ սերտ գործակցությունը կարող է էական նշանակություն ունենալ դրանք իր օրինական տիրոջը՝ Հայաստանի Հանրապետությանը վերադարձնելու հարցում: Դեսպան Սխերմերսը նշել է, որ ՀՀ-ում Նիդերլանդների Թագավորության դեսպանատունը պատրաստ է ապահովել արդյունավետ հաղորդակցություն երկու երկրների իրավապահ կառույցների միջև, և ելնելով հայկական կողմի առաջնայություններից՝ շահագրգիռ են նպաստելու քրեական արդարադատության ոլորոտի բարեփոխումներին, դատախազության գործառույթների իրականացման արդյունավետության բարձրացման նախաձեռնություններին: Հանդիպման ընթացքում քննարկվել են իրավական փոխօգնության, անդրազգային հանցավորության դեմ պայքարում երկկողմ համագործակցության ամրապնդման հեռանկարներն ու հնարավորությունները:  Կողմերը պայմանավորվել են ակտիվացնել շփումները և ձևավորել համագործակցությունից բխող տեղեկատվության փոխանակման կայուն և շարունակական կառուցակարգեր:
15:41 - 06 ապրիլի, 2022
ՀՀ գլխավոր դատախազն ընդունել է Եվրոպական միության «Եվրոջասթ» գործակալության պատվիրակությանը

ՀՀ գլխավոր դատախազն ընդունել է Եվրոպական միության «Եվրոջասթ» գործակալության պատվիրակությանը

ՀՀ գլխավոր դատախազն այսօր ընդունել է Եվրոպական միության (ԵՄ) քրեական արդարադատության ոլորտում համագործակցության «Եվրոջասթ» (Eurojust՝) գործակալության ղեկավար Լադիսլավ Համրանի գլխավորած պատվիրակությանը: Հանդիպմանը մասնակցել է նաև Նիդերլանդներում ՀՀ արտակարգ և լիազոր դեսպան Տիգրան Բալայանը: Այս մասին հայտնում է Դատախազության հանրային կապերի բաժինը։  Ողջունելով հյուրերին՝ Արթուր Դավթյանը նշել է, որ ԵՄ-ի հետ երկարամյա բազմաշերտ համագործակցությունը նպաստել է մեր երկրում  արդարադատության ոլորտի բարեփոխումներին, ժողովրդավարության, մարդու իրավունքների և ազատությունների պաշտպանության ինստիտուտների զարգացմանը:  ՀՀ գլխավոր դատախազն ընդգծել է, որ կոռուպցիայի և փողերի լվացման դեմ պայքարը ՀՀ դատախազության բացարձակ առաջնահերթություններից է: Նա ընդհանուր գծերով ներկայացրել է ՀՀ-ում իրականացվող հակակոռուպցիոն բարեփոխումները, այդ շրջանակում՝ մասնավորապես, ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման ինստիտուտի ներդրումն ու առկա արդյունքները: Շեշտվել է, որ վարույթների շրջանակներում պարզված ապօրինի ակտիվների մի զգալի մասը դուրս է բերվել հանրապետությունից, այդ թվում՝ դեպի ԵՄ երկրներ, և դրանց վերադարձման առումով օտարերկրյա պետությունների պատկան կառույցների հետ գործակցության հարցում գործակալության աջակցությունը կարող է էական դեր կատարել:  Նա շնորհակալություն է հայտնել գործակալությանը համագործակցության շրջանակներում ՀՀ դատախազությանը բարի կամքի հիման վրա ցուցաբերված աջակցության համար: 2020թ. սկզբից «Եվրոջասթ»-ի ուղիներով այլ պետությունների իրավասու մարմիններին հասցեագրվել է իրավական օգնություն ցուցաբերելու մասին 50-ից ավելի միջնորդություն, որոնց մեծ մասը կատարվել է և ստացվել են նմանատիպ միջնորդություններ:   Լադիսլավ Համրանը ողջունել է «Եվրոջասթ»-ի հետ գործակցությունն ընդլայնելու հայկական կողմի շահագրգռությունը և պատրաստակամություն հայտնել շարունակելու ՀՀ-ի և ԵՄ անդամ երկրների արդարադատության ոլորտի մարմինների միջև արդյունավետ հաղորդակցության հարթակ տրամադրելու մոտեցումը: Նա հույս է հայտնել, որ իրավական հիմքերի ստեղծման ուղղությամբ տարվող աշխատանքները որակապես նոր մակարդակի կտեղափոխեն այդ հարաբերությունները:  Հանդիպման ընթացքում քննարկվել են, սկսած 2020թ. Ադրբեջանի կողմից սանձազերծված ագրեսիվ պատերազմի օրերից, գործակալությանը տրամադրված՝ պատերազմում Ադրբեջանի կողմից ահաբեկչական, վարձկան խմբավորումների ներգրավման և կատարված այլ պատերազմական հանցագործությունների վերաբերյալ առկա ապացույցների հիման վրա «Եվրոջասթի»-ի «Ցեղասպանության ցանց»-ի շրջանակում ռազմական հանցագործությունների օբյեկտիվ բացահայտմանը նպաստելու նպատակով ունիվերսալ իրավազորությամբ իրավական գնահատականներ տալու ընդհանուր սկզբունքների կիրառման խնդիրները:      Քննարկվել են նաև «քննչական հարցումների կատարման, անդրազգային հանցավորության դեմ պայքարում գործընկերային ռեսուրսներն առավել նպատակային օգտագործելու, եվրոպական իրավունքի զարգացման հենքին դատախազների մասնագիտական կարողությունները կատարելագործելու և այլ ոլորտներում Եվրոջասթ»-ի հետ համագործակցության զարգացման կառուցակարգերն ու հնարավորությունները:        
16:49 - 25 մարտի, 2022
Վերջին շրջանում աճել են քաղաքացիների անձնական տվյալներով առցանց վարկերի ձևակերպմամբ հափշտակություններ կատարելու դեպքերը. Գլխավոր դատախազը դիմնել է ԿԲ նախագահին

Վերջին շրջանում աճել են քաղաքացիների անձնական տվյալներով առցանց վարկերի ձևակերպմամբ հափշտակություններ կատարելու դեպքերը. Գլխավոր դատախազը դիմնել է ԿԲ նախագահին

ՀՀ գլխավոր դատախազությունում իրականացված՝ համակարչի օգնությամբ կատարված հանցագործություններին առնչվող քրեական գործերի ուսումնասիրությունը փաստում է, որ վերջին շրջանում աճել են քաղաքացիների վստահությունը չարաշահելով նրանց անձնական տվյալների օգտագործմամբ բանկերից և վարկային կազմակերպություններից առցանց վարկերի ձևակերպմամբ հափշտակություններ կատարելու դեպքերը: Որպես կանոն, նշված բնույթի  հանցագործությունները կատարվել են կոնկրետ հանցավոր սխեմայի կիրառմամբ: Այս մասին տեղեկացնում է Դատախազությունը: Մասնավորապես՝ հանցավորները տարբեր սոցիալական ցանցերում և առավելապես «facebook.com» սոցիալական կայքում ստեղծել են տարբեր անվանումներով օգտահաշիվներ: Դրանց միջոցով նամակագրություն են հաստատել նույն կայքերում գրանցված տարբեր անձանց հետ այն մասին, որ անկախ նրանց վատ վարկային պատմություն ունենալու հանգամանքից, կարող են օգնել վարկեր ստանալու հարցում: Այդ պատրվակով քաղաքացիների անվամբ Իդրամ էլեկտրոնային դրամապանակ գրանցելու, դրանք նույնականացնելուն աջակցելու, բոնուսներ տրամադրելու  համար նշված անձինք պահանջել և ստացել են քաղաքացիների անձնագրային տվյալները, բջջային հեռախոսահամարները, հեռախոսահամարներին «Իդրամ» համակարգից ստացված ծածկագրերը: Որոշ դեպքում նաև ուղղորդել են նշված անձանց Իդրամ վճարային համակարգում «Իդրամ» դրամապանակները նույնականացնելու գործընթացում: Այնուհետև, ունենալով վերջիններիս անվամբ գրանցված և նույնականացված «Իդրամ» էլեկտրոնային դրամապանակների տվյալները, հանցագործները փոխել են դրանց կցված բջջային հեռախոսահամարներն ու կցել իրենց անվամբ գրանցված և իրենց կողմից օգտագործվող հեռախոսահամարները: Ապա էլեկտրոնային դրամապանակների միջոցով հիշյալ անձանց անվամբ տարբեր բանկերում առցանց եղանակով ձևակերպել են վարկային պայմանագրեր և հափշտակել պայմանագրերով հաստատված ու իրենց (կամ այլ անձանց) կողմից կառավարվող էլեկտրոնային դրամապանակներին, ինչպես նաև դրանց կցված բանկային քարտերին մուտքագրված գումարները: Առանձին դեպքերում հանցանք կատարած անձինք այլ անձանց անձնագրային տվյալներն օգտագործել են առանց նրանց գիտության: Եվ նրանց անվամբ առցանց ձևակերպած և ստացած վարկերը հափշտակելով՝ ստացված գումարը նրանք փոխանցել են բուքմեյքերական կայքերում իրենց կամ այլ անձանց անվամբ գրանցված և իրենց կողմից օգտագործվող խաղային հաշիվներին կամ ուղղակի կանխիկացրել են: Վերլուծությունը վկայում է, որ նշված հանցատեսակների աճին նպաստել է ոչ միայն բանկային գործառնությունների, այդ թվում՝ առցանց վարկերի տրամադրման հնարավորությունների աճը: Էական նշանակություն է ունեցել նաև այդ գործառնությունների անվտանգության մեխանիզմները հանցավոր պրակտիկայում հաղթահարելու առկա հնարավորութունները, այդ մեխանիզմների չկատարելագործված լինելը. օրինակ, էլեկտրոնային դրամապանակին կցված հեռախոսահամարը փոփոխելու հնարավորությունը: Այսինքն դրամապանակին կցված հեռախոսահամարը փոփոխելու հնարավորությունը բարդացնելը, ի սկզբանե գրանցված հեռախոսահամարին այդ մասին տեղեկություն ուղարկելը կամ դրա միջոցով հաստատում պահանջելը, կարող են նպաստել նման դեպքերի կանխմանը: Հաշվի առնելով այս հանգամանքները՝ ներկայացված եղանակով կատարվող հանցագործությունները նախականխելու, կանխելու անհրաժեշտությամբ պայմանավորված՝ ՀՀ գլխավոր դատախազ Արթուր Դավթյանը միջնորդագիր է հասցեագրել ՀՀ կենտրոնական բանկի նախագահ Մարտին Գալստյանին՝  միջոցներ ձեռնարկելու առցանց գործարքների կատարման ժամանակ անվտանգության կատարելագործված մեխանիզմներ մշակելու և ներդնելու համար:
17:35 - 23 մարտի, 2022
Գլխավոր դատախազության պարզաբանումը՝  Հովիկ Աբրահամյանի առանձնատան վաճառքի և Հակակոռուպցիոն կոմիտեի հաղորդագրության վերաբերյալ

Գլխավոր դատախազության պարզաբանումը՝ Հովիկ Աբրահամյանի առանձնատան վաճառքի և Հակակոռուպցիոն կոմիտեի հաղորդագրության վերաբերյալ

Երեկ ՀՀ գլխավոր դատախազ Արթուր Դավթյանը լրագրողների հարցին, թե հանրությունը տարակուսած է, թե ինչպես կարող է կալանքի տակ գտնվող առանձնատունը վաճառվել, Արթուր Դավթյանը ասել էր, թե Գլխավոր դատախազությունում նույնպես տարակուսած են, քանի որ դատախազության որոշման դեմ բողոք էր ներկայացվել։ Դատարանի որոշման ու դատախազության բողոքի վերաբերյալ Արթուր Դավթյանի պատասխաններին արձագանքել էր Հակակոռուպցիոն կոմիտեն։  Իսկ այժմ ՀՀ Հակակոռուպցիոն կոմիտեի պարզաբանմանն անդրադարձել է Գլխավոր դատախազությունը, որը հայտնել է, որ Երևան քաղաքի ընդհանուր իրավասության առաջին ատյանի դատարանի՝ 2022թ. փետրվարի 3-ի որոշումը (նախքան դատախազության կողմից դրա բողոքարկման հարցի լուծումը) կատարելու վերաբերյալ, ոչ միայն չի բխում քրեական դատավարության օրենսգրքի կարգավորումներից, ձևավորված դատական կայուն պրակտիկայից, այլև ուղղակիորեն  հակասում է իր իսկ վարույթում գտնվող բազմաթիվ այլ գործերով ՀՀ ՀԿ (ինչպես նաև նախկին ՀՀ ՀՔԾ) դրսևորված իրավական դիրքորոշմանը: «ՀՀ Հակակոռուպցիոն կոմիտեի պարզաբանումը իր կողմից Երևան քաղաքի ընդհանուր իրավասության առաջին ատյանի դատարանի՝ 2022թ. փետրվարի 3-ի որոշումը (նախքան դատախազության կողմից դրա բողոքարկման հարցի լուծումը) կատարելու վերաբերյալ, ոչ միայն չի բխում քրեական դատավարության օրենսգրքի կարգավորումներից, ձևավորված դատական կայուն պրակտիկայից, այլև ուղղակիորեն  հակասում է իր իսկ վարույթում գտնվող բազմաթիվ այլ գործերով ՀՀ ՀԿ (ինչպես նաև նախկին ՀՀ ՀՔԾ) դրսևորված իրավական դիրքորոշմանը: Նախ՝ խիստ տարօրինակ է, որ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 427-րդ հոդվածի 1-ին մասին հղում կատարելու պարագայում ՀՀ հակակոռուպցիոն կոմիտեի գործընկերները այս անգամ չեն հիշել ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 103-րդ հոդվածի 4-րդ մասի գոյության մասին, համաձայն որի օրենսգրքով նախատեսված դեպքում բողոք տալը կասեցնում է բողոքարկվող որոշումն ի կատար ածելը: Եվ դա այն դեպքում, երբ նույն 103-րդ հոդվածի 4-րդ մասի հիմքով, սկսած նախկին ՀՔԾ-ից, հենց Հակակոռուպցիոն կոմիտեում ձևավորված է կայուն պրակտիկա, ըստ որի՝ գործն ըստ էության չլուծող դատական ակտերի դեմ բողոք տանելը կասեցնում է դրանց կատարումը, մինչև վերադաս դատարանի կողմից որոշման կայացումը: Դատական պրակտիկան զարգացել է այն ուղղությամբ, որ նման դատական ակտերն ի կատար են ածվում դրանցում նշած բողոքարկման ժամկետներն անցնելուց հետո, իսկ այդ ակտերի բողոքարկման դեպքում՝ վերադաս դատական ատյանների կողմից համապատասխան որոշում կայացնելուց հետո: Ակնհայտ է, որ հակառակ մոտեցման պարագայում առհասարակ իմաստազրկվում է բողոքարկման ինստիտուտը, իսկ հետևանքների առումով կարող են առաջանալ անդառնալի հետևանքներ: Ինչ վերաբերում է ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 427-րդ հոդվածի 2-րդ մասով սահմանվող՝ դատական ակտի կատարման համար 3-օրյա ժամկետին, ինչին հղում է կատարվում ՀՀ ՀԿ պարզաբանման մեջ, ապա այն կարող է վերաբերել միայն հիմնական ուժի մեջ մտած դատական ակտի կատարմանը: Այս դիրքորոշումը պաշտպանվել է նաև դատարանների իրավական մեկնաբանություններով: Մասնավորապես, հենց Հակակոռուպցիոն կոմիտեի քննիչների վարույթում քննվող մեկ այլ գործով գույքի վրա կալանք դնելու հարցով ՀՀ դատախազության ներկայացրած բողոքի հիման վրա ՀՀ վերաքննիչ դատարանը կայացրած որոշմամբ (ԵԴ/0513/11/20), վերլուծության ենթարկելով ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 427-րդ և 428-րդ հոդվածները՝ հստակ ամրագրել է, որ եռօրյա ժամկետը սահմնվում է հիմնական ուժի մեջ մտած դատական ակտը կատարման հանձնելու համար, իսկ օրենսդրի սահմանած եռօրյա այդ ժամկետը վերաբերում է դատական ակտը կայացրած դատարանին և այդ ժամկետում դատական ակտը կատարման հանձնելու դատարանի պարտականությանը, այլ ոչ դատական ակտը կատարող մարմնին: Ընդ որում՝ վարույթն իրականացնող մարմինը, շտապելով դատարանի նշված որոշումն ուղարկել ՀՀ կադաստրի կոմիտեի ղեկավարին՝ վերացնելու քրեական գործով Ա.Աբրահամյանին պատկանող հողամասի նկատմամբ կիրառված սահմանափակումները, ինչպես արդեն նշվել է, գործել է իր իսկ վարույթում գտնվող բազմաթիվ այլ քրեական գործերով ձևավորած պրակտիկային հակառակ: Մասնավորապես, բազմաթիվ են նույնատիպ իրավիճակներում դատավարության մասնակիցների գրություններին ի պատասխան  հենց վերոնշյալ՝ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 103-րդ հոդվածի 4-րդ մասի հիմքով դատական ակտը չկատարելու վերաբերյալ ՀՀ ՀԿ քննիչների գրությունները, ինչպես նաև նույն հիմքով դատական ակտերը բողոքարկելու հնարավորության հարցը քննարկելու նպատակով քննիչների կողմից հսկողություն իրականացնող դատախազին դիմելու դեպքերը , ինչը կոնկրետ այս դեպքում ՀՀ ՔԿ-ում, փաստորեն, մոռացել են անել: Ավելին, համանման վարքագիծ դրսևորել է նաև հենց այն քննիչը, որը սույն գործով գրություն է հասցեագրել ՀՀ կադաստրի կոմիտե: Ինչ վերաբերում է ՀՀ ՀԿ պարզաբանման այն հատվածին, որ օրինական ուժի մեջ մտած դատական ակտը դիտավորությամբ չկատարելը, համաձայն ՀՀ քրեական օրենսգրքի 353-րդ հոդվածի, համարվում է հանցագործություն, ապա պարզաբանման հեղինակները գուցե տեղյակ չեն, որ բամաթիվ են դեպքերը, երբ դատավարության մասնակիցների կողմից նույն նորմի վկայակոչմամբ գործն ըստ էության չլուծող դատական ակտը չկատարելու վերաբերյալ ներկայացված հանցագործության մասին հաղորդումների կապակցությամբ ՀՀ ՀԿ քննիչները կայացրել են քրեական գործ հարուցելը մերժելու մասին որոշումներ կամ դրանց անդրադառնալը հնարավոր են համարել միայն վերադաս դատարանում այդ ակտերի դեմ ներկայացված բողոքների քննության արդյունքներով պայմանավորված:      Այս ամենի ֆոնին տվյալ առանձին վերցրած գործով ձևավորված կայուն պրակտիկայից ակնհայտորեն շեղվող վարքագիծ դրսևորելու և այն հրապարակայնորեն պաշտպանելու իրողությունը տարակուսելի է, հաշվի առնելով, որ դատական ակտը 2022թ. փետրվարի 11-ին ստացվելուց հետո՝ 4 օր անց՝ փետրվարի 15-ին, նախքան նույնիսկ ՀՀ դատախազության կողմից վերաքննիչ բողոք տանելը, քննիչը շտապել է առանց հսկող դատախազին իրազեկելու, չսպասելով բողոքարկման ժամկետի ավարտին, գրություն ուղարկել ՀՀ կադաստրի կոմիտեի ղեկավարին՝ վերացնելու քրեական գործով Ա.Աբրահամյանին պատկանող հողամասի նկատմամբ կիրառված սահմանափակումները: Արդյունքում նշված անշարժ գույքը օտարվել է: Ակնհայտ է, որ նման տարբերակված մոտեցման մասին վկայող իրողություններն առաջացնում են գույքի օտարմանը նպաստած բոլոր հանգամանքները պարզելու անհրաժեշտություն, ինչի առումով դրսևորվելու է հետևողականություն: Դրա մասին է նշել ՀՀ գլխավոր դատախազը՝ լրագրողների կողմից տրված հարցին ի պատասխան»: 
20:25 - 14 մարտի, 2022
Քննիչը պարտավոր էր առաջնորդվել օրենքով. Հակակոռուպցիոն կոմիտեն՝ Դավթյանի՝ Աբրահամյանի տան վաճառքի հայտարարության մասին
 |armtimes.com|

Քննիչը պարտավոր էր առաջնորդվել օրենքով. Հակակոռուպցիոն կոմիտեն՝ Դավթյանի՝ Աբրահամյանի տան վաճառքի հայտարարության մասին |armtimes.com|

armtimes.com: Հակակոռուպցիոն կոմիտեն գործում է միայն օրենքով իրեն վերապահված լիազորությունների շրջանակներում, իսկ օրենքից տեղյակ կամ անտեղյակ սուբյեկտների անհիմն, ականջահաճո արտահայտությունները չեն կարող ազդեցություն ունենալ օրինականության սկզբունքին անշեղ հետևելու՝ Կոմիտեի կամքի վրա և ստվերել նրա գործունեությունը: Ի պատասխան ՀՀ գլխավոր դատախազ Արթուր Դավթյանի կողմից երեկ արված այն հայտարարության, ըստ որի՝ Գլխավոր դատախազությունում նույնպես տարակուսած են, քանի որ իրենց հայտնի չի եղել, թե ինչպե՞ս վաճառվեց նախկին վարչապետ Հովիկ Աբրահամյանի՝ կալանքի տակ գտնվող Մոնումենտի առանձնատունը՝ այս մասին հայտնել են Հակակոռուպցիոն կոմիտեից: «ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 427-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն՝ Առաջին ատյանի դատարանի՝ գործը, ըստ էության, չլուծող դատական ակտն ուժի մեջ է մտնում կայացման պահից: Նույն հոդվածի 2-րդ մասը սահմանում է, որ օրինական ուժի մեջ մտած դատական որոշումը կատարման է հանձնվում որոշումը կայացրած դատարանի կողմից ոչ ուշ, քան 3 օր հետո, ընդ որում՝ վերը նշված որոշումների բողոքարկումը չի կասեցնում դրանց կատարումը»,- պարզաբանեցին Կոմիտեից՝ հավելելով. «Հետևաբար ՀՀ հակակոռուպցիոն կոմիտեի քննիչը պարտավոր էր առաջնորդվել բացառապես օրենքով և կատարել դատարանի որոշումը։ Ի դեպ, օրինական ուժի մեջ մտած դատական ակտը դիտավորությամբ չկատարելը, համաձայն ՀՀ քրեական օրենսգրքի 353-րդ հոդվածի, համարվում է հանցագործություն»: ՀՀ հակակոռուպցիոն կոմիտեից նաև նշեցին՝ առնվազն տարակուսելի են համարում, որ Գլխավոր դատախազը, քաջատեղյակ լինելով վերը նշված քրեադատավարական նորմերին, նման կերպ է արձագանքել: «Հակակոռուպցիոն կոմիտեն գործում է միայն օրենքով իրեն վերապահված լիազորությունների շրջանակներում, իսկ օրենքից տեղյակ կամ անտեղյակ սուբյեկտների անհիմն, ականջահաճո արտահայտությունները չեն կարող ազդեցություն ունենալ օրինականության սկզբունքին անշեղ հետևելու՝ Կոմիտեի կամքի վրա և ստվերել նրա գործունեությունը»,- հավելեցին կառույցից: Հիշեցնենք՝ վերջերս մամուլում լուրեր էին շրջանառվել, որոնց համաձայն՝ նախկին վարչապետ Հովիկ Աբրահամյանը վաճառել է Մոնումենտում գտնվող շքեղ առանձնատունը, որի վրա կալանք էր դրված: Գնորդը Նարեկ Նալբանդյանն է, որը օրեր առաջ 5 միլիարդ դրամով ձեռք էր բերել «Գոլդեն փելիս» հյուրանոցային համալիրը:
19:50 - 14 մարտի, 2022
ՀՀ գլխավոր դատախազը և ԵՄ պատվիրակության ղեկավարը քննարկել են Հայաստանում դատաիրավական ոլորտի բարեփոխումների հարցեր

ՀՀ գլխավոր դատախազը և ԵՄ պատվիրակության ղեկավարը քննարկել են Հայաստանում դատաիրավական ոլորտի բարեփոխումների հարցեր

ՀՀ գլխավոր դատախազ Արթուր Դավթյանը մարտի 3-ին ընդունել է Հայաստանում Եվրոպական Միության պատվիրության ղեկավար  Անդրեա Վիկտորինին: Այս մասին հայտնում է ՀՀ գլխավոր դատախազությունը։ Ողջունելով հյուրերին՝ Արթուր Դավթյանը բարձր է գնահատել ԵՄ պատվիրակության առաքելության դերը, ինչի վկայությունն են հաստատված սերտ և արդյունավետ համագործակցության արդյունքում ի նպաստ օրենքի, ժողովրդավարության և մարդու իրավունքների գերակայության, Հայաստանում և մասնավորապես ՀՀ դատախազության համակարգում ԵՄ աջակցությամբ իրագործվող բազմաթիվ ծրագրերը: Դրանում առանցքային նշանակություն ունի ՀՀ-ի և ԵՄ-ի միջև ստորագրված Համապարփակ և ընդլայնված գործընկերության համաձայնագիրը, որով նախանշված են տարբեր ոլորտներում ռազմավարական բարեփոխումների հիմնական ուղղություններն ու նպատակները: «Գլխավոր դատախազն ընդգծել է, որ կոռուպցիայի դեմ պայքարը շարունակում է մնալ ՀՀ դատախազության բացարձակ առաջնահերթություններից: Նա ներկայացել է այս ուղղությամբ դատախազության համակարգում կատարված բարեփոխումները՝ կապված հակակոռուպցիոն, ինչպես նաև ապօրինի ծագում ուենցող գույքի բռնագանձման հարցերով մասնագիտացած ստորաբաժանումների ստեղծման և վերջիններիս արդյունավետ գործունեության հետ: Արթուր Դավթյանը հավելել է, որ ՀՀ դատախազությունը հանձնառու է կատարելու դատաիրավական և հակակոռուպցիոն ոլորտներում բարեփոխումների ռազմավարական ծրագրերով ստանձնած իր պարտավորությունները՝ հույս հայտնելով, որ ԵՄ-ն կաջակցի դրանց կենսագործմանը»,- ասվում է հաղորդագրության մեջ: Ըստ աղբյուրի՝ Անդրեա Վիկտորինը արժևորել է այն հանգամանքը, որ չնայած 2020թ. արցախյան պատերազմի, կորոնավիրուսային համավարակի հարուցած ծանր հետևանքներին և նոր մարտահրավերներին՝ Հայաստանը շարունակում է կենսագործել օրենքի գերակայության, ժողովրդավարության և մարդու իրավուքնների պաշտպանության ինստիտուտների ուժեղացմանն ուղղված բարեփոխումների փաթեթը՝ փոխանցելով ԵՄ-ի պատրաստակամությունը աջակցելու այդ գործընթացին: Նա ընդգծել է, որ բարեփոխումների ծրագրով դատախազության բաղադրիչը իրականացվում է հաջողությամբ: Նշվում է, որ հանդիպման ընթացքում քննարկվել են դատաիրավական ոլորտի բարեփոխումներին, էլեկտրոնային արդարադատության համակարգի ներդրմանն ուղղված ԵՄ աջակցության ծրագրերը, փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող հարցեր, այդ թվում՝ նաև կալանքը որպես խափանման միջոց կիրառելու հայաստանյան պրակտիկան, դրա բարելավմանն ուղղված ՀՀ դատախազության նախաձեռնությունները:   ՀՀ գլխավոր դատախազության տեղեկացմամբ՝ Անդրեա Վիկտորինի խնդրանքով ՀՀ գլխավոր դատախազը հանգամանալից ներկայացրել է Հայաստանում ծանր վիրավորանքի քրեականացման անհրաժեշտության հիմնավորումները, նոր իրավակարգավորմամբ հետապնդվող՝ հանրային խոսույթում ատելության խոսքի ծավալն ու ազդեցությունը նվազեցնելու կամ չեզոքացնելու նպատակները:    
20:17 - 03 մարտի, 2022
Մայրաքաղաքում հանցագործության դեպքերի թիվն աճել է. Դատախազություն

Մայրաքաղաքում հանցագործության դեպքերի թիվն աճել է. Դատախազություն

ՀՀ գլխավոր դատախազ Արթուր Դավթյանը Երևան քաղաքի դատախազությունում անցկացրել է խորհրդակցություն՝ ամփոփելով 2021թ. ընթացում մայրաքաղաքում հանցավորության ընդհանուր շարժընթացի, դրա դեմ պայքարի, Երևան քաղաքի և վերջինիս վարչական շրջանների դատախազությունների կատարած աշխատանքի արդյունքները: Ինչպես հայտնում Գլխավոր դատախազությունից, խորհրդակցությանը մասնակցել է Երևանի քաղաքապետ Հրաչյա Սարգսյանը, ինչպես նաև՝   հետաքննության և նախաքննության մարմինների՝ Երևան քաղաքի ստորաբաժանումների ղեկավարները: Երևան քաղաքի դատախազ Սևակ Հովհաննիսյանը զեկուցել է, որ 2021թ. մայրաքաղաքում գրանցվել է հանցագործության 16438  դեպք՝ նախորդ տարվա 13892 դեպքի փոխարեն, այսինքն՝ դեպքերը աճել են 2546-ով կամ 18.3 % - ով: Բացահայտումը կազմել է 51.6%՝ նախորդ տարվա 50.4% - ի դիմաց: Հատկապես անհանգստացնող է համարվել մայրաքաղաքում սպանությունների կատարման դեպքերի աճը: Մասնավորապես, 2021թ. Երևանում արձանագրվել է սպանության 26 դեպք, որը նախորդող տարվա համեմատ ավելի է 15-ով կամ 136.4%-ով: Անդրադառնալով այս խնդրին՝ Երևան քաղաքի դատախազը նշել է, որ դրանց մի մասը կատարվել է լարված հարաբերությունների, անձնական թշնամանքի և վրեժի հողի վրա: Որոշ դեպքերում դրանք կատարվել են նաև քրեական ենթամշակույթից ածանցվող մտածողության և վարքագծի ազդեցությամբ: ՀՀ գլխավոր դատախազն այս կապակցությամբ առկա իրավիճակը համարել է ահազանգող։ Նա շեշտել է հատկապես պրոֆիլակտիկ, կանխարգելիչ միջոցառումների, հանցավոր վարքագիծ ունեցող անձանց նկատմամբ հսկողության գործառույթների անշեղ իրականացման անհրաժեշտությունը՝ հաշվի առնելով նաև, որ մայրաքաղաքում ավելացել են կրկնահանցագործությունները: Արթուր Դավթյանը հանձնարարել է սպանության, ծանր մարմնական վնասվածքներ հասցնելու, ավազակության բոլոր դեպքերն ուսումնասիրել, և այն դեպքերում, երբ կպարզվի, որ դրանց նպաստել է նաև պրոֆիլակտիկ պարտադիր աշխատանքների կատարման պարտականությունների չկատարումը, համաչափորեն նախաձեռնել Ոստիկանության տվյալ աշխատակիցների նկատմամբ ծառայողական քննություն անցկացնելու գործընթաց: Իսկ քրեական ենթամշակույթի դեմ պայքարում որևէ նահանջ, փոխզիջում չպետք է լինի: Խնդրահարույց ուղղություններից մեկը շարունակում է մնալ մայրաքաղաքում երթևեկության կանոնների հանցավոր խախտման, մահվան ելքով դեպքերի  աճը: 2021թ. մայրաքաղաքում գրանցվել է ՃԵԿ խախտման հետևանքով անձանց առողջությանն անզգուշությամբ վնաս պատճառելու 625 դեպք, որը 15.5%-ով ավելի է նախորդող տարվա համեմատ, իսկ մահվան ելքով դեպքերը եղել են 64-ը՝ 2020թ. 59 դեպքի դիմաց: Որոշ չափով աճել է այս բնույթի հանցագործությունների բացահայտման մակարդակը՝ կազմելով 85.1%, նախորդ տարված 79.8%-ի դիմաց: Արթուր Դավթյանը դատախազներին հանձնարարել է յուրաքանչյուր նման քրեական գործով օպերատիվ կերպով պարզել ՃՏՊ-ի պատճառները և նպաստած գործոնները և բոլոր այն դեպքերում, երբ դրանք պայմանավորված են իրավասու մարմինների գործառույթների, դրանց թերի կատարման հետ, այդ մարմիններին պարտադիր ներկայացնել դրանց վերացմանն ուղղված՝ առարկայական լուծումների առաջարկներ պարունակող միջնորդագրեր:  Երևանի քաղաքապետ Հրաչյա Սարգսյանը նշել է, որ Երևան քաղաքի դատախազության հետ արդյունավետ հաղորդակցություն է հաստատվել: Դրա արդյունքում դատախազությունից ստացել են այնքան տեղեկատվություն, որը թույլ է տալիս բավարար վերլուծությունների հիման վրա հասցեական միջոցառումներ իրականացնել մայրաքաղաքում տրանսպորտային երթևեկության անվտանգությունը բարձրացնելու ուղղությամբ: Նա նաև մանրամասներ է ներկայացրել քաղաքապետարանի կողմից երթևեկության կազմակերպման ոլորտում նախաձեռնված բարեփոխումներից, որոնք մի մասով ուղղված են նաև ՃԵԿ իրավախախտումների արձանագրման առավել ճկուն համակարգի ներդրմանը: Թեև ընդհանուր առմամբ հանցագործությունների պատճառների և նպաստող պայմանների վերացման նպատակով իրավասու մարմիններին կամ սուբյեկտներին Երևան քաղաքի և վարչական շրջանների դատախազությունների դատախազների կողմից միջնորդագրեր ներկայացնելու ցուցանիշը գրեթե կրկնապատկվել է, սակայն գլխավոր դատախազը դա բավարար չի համարել: Նա նշել է, որ այդ գործառույթի իրականացումը իրավիճակի փոփոխմանը միտված դատախազական ներգործության ամենաազդեցիկ միջոցներից է, և այդ գործիքը պետք է կիրառվի բոլոր անհրաժեշտ դեպքերում: Ընդ որում՝ նա հանձնարարել է նախաձեռնողականությունն ավելացնել ոչ միայն միջնորդագրերի ներկայացման, այլ նաև դրանցով գործնական արդյունքների ապահովմանը հետամուտ լինելու հարցում: Արթուր Դավթյանը շեշտել է, որ ինչպես այս, այնպես էլ նախնական քննության արդյունավետության, լրիվության և բազմակողմանիության ապահովման նպատակով նախաքննության մարմիններին արդյունավետ ցուցումներ, օպերատիվ-հետախուզական մարմիններին առարկայական հանձնարարություններ տալու դատախազական գործառույթի իրականացման ցուցանիշը դառնալու է դատախազների խրախուսման, առաջխաղացման հարցի քննարկման հիմնական բաղադրիչներից մեկը: Այս առումով Սևակ Հովհաննիսյանը նշել է, որ  Երևան քաղաքի դատախազության և մայրաքաղաքի վարչական շրջանների դատախազների կողմից ներկայացվել է ընդհանուր 421 միջնորդագիր և հաղորդում, իսկ  քրեական գործերով վարույթն իրականացնող մարմնին տրվել է 1919 ցուցում, հետաքննության մարմնին՝  օպերատիվ-հետախուզական միջոցառումներ ձեռնարկելու 842 հանձնարարություն, որոնք ևս կրկնակի ավելի են նախորդող տարվա համեմատ: Դրանից բացի՝ դատախազների կողմից նախնական քննության օրինականության ապահովման համատեքստում վերացվել են վարույթն իրականացնող մարմնի կողմից կայացված՝ քրեական գործ հարուցելը մերժելու մասին 127, քրեական գործի վարույթը կարճելու մասին 262, ինչպես նաև քրեական գործի վարույթը կասեցնելու մասին 418 որոշում: Նրանց կողմից նաև հաստատվել է 1869 քրեական գործով մեղադրական եզրակացություն, այդ գործերն ուղարկվել են դատարան՝ ըստ էության քննելու:   Խորհրդակցության ընթացքում անդրադարձ է կատարվել նաև բնակարանային գողությունների դեպքերի նվազմանը, դրան միտված դատախազության նախաձեռնությունների շարունակմանը, Երևանի ժամանցային վայրերում գիշերային ժամերին տեղի ունեցող խուլիգանությունների դեմ պայքարի միջոցների կոշտացմանը, Երևանի խոշոր առևտրի կենտրոններում տեղի ունեցող գողությունների դեմ պայքարի արդյունավետությանը: Մանրամասն քննարկվել են նաև պետական շահերի պաշտպանության ոլորտում Երևան քաղաքի դատախազության կողմից նախաձեռնված ոլորտային ծավալուն ուսումնասիրությունների միջանկյալ արդյունքները: Ամփոփելով՝ ՀՀ գլխավոր դատախազը տվել է խորհրդակցության  արդյունքներից բխող կոնկրետ այլ հանձնարարություններ ևս:  Նա շնորհակալություն է հայտնել դատախազներին՝ 2021թ. ընթացքում տեղի ունեցած համապետական ընտրությունների օրինականությունը, քաղաքացիների ընտրական ազատ կամարտահայտությունն ապահովելու հարցում դրսևորած հետևողականության,  պետության կայունության տեսանկյունից վճռորոշ ժամանակահատվածում բացարձակ քաղաքական զսպվածություն և պետական ծառայողին հարիր անկողմնակալություն ցուցաբերելու համար: Նա շեշտել է, որ դատախազության ստորաբաժանումները հիմնական առաջնահերթություն պետք է դարձնեն նաև քաղաքացիների հետ ուղիղ հաղորդակցության ձևավորումը, քաղաքացիների, դատավարության մասնակիցների հետ ինչպես վերջիններիս, այնպես էլ հենց դատախազների նախաձեռնությամբ ընդունելությունների կազմակերպումը:
16:27 - 23 փետրվարի, 2022
Արթուր Դավթյանը խորհրդակցություն է անցկացրել Կենտրոն և Նորք Մարաշ վարչական շրջանների դատախազությունում

Արթուր Դավթյանը խորհրդակցություն է անցկացրել Կենտրոն և Նորք Մարաշ վարչական շրջանների դատախազությունում

ՀՀ գլխավոր դատախազ Արթուր Դավթյանը Երևան քաղաքի Կենտրոն և Նորք Մարաշ վարչական շրջաննների դատախազության դատախազների հետ, Երևան քաղաքի դատախազ Սևակ Հովհաննիսյան, նշված տարածքներն սպասարկող՝ իրավապահ մյուս մարմինների ստորաբաժանումների ղեկավարների մասնակցությամբ ամփոփել է նշված վարչական շրջաննների դատախազության 2021թ. թվականի գործունեության արդյունքները․ տեղեկացնում են ՀՀ գլխավոր դատախազությունից։ Կենտրոն և Նորք Մարաշ վարչական շրջաննների դատախազ Պետրոս Մարտիրոսյանը ներկայացրել է դատախազական գործառությների բոլոր ուղղություններով կատարված աշխատանքների արդյունքները: Արձանագրվել է, որ 2021թ. նշված վարչական շրջանների տարածքում արձանագրվել է հանցագործության 3834 դեպք` 2020թ-ի համեմատ 271-ով կամ 7,6%-ով ավելի, իսկ բացահայտումը կազմել է 32,7%՝ 2020թ. 30,4%-ի դիմաց: 2021թ. ընթացքում վարչական շրջանների դատախազության դատախազների կողմից հսկողություն է իրականացվել վարույթում գտնվող 6140 քրեական գործով, որը նախորդող տարվա համեմատ ավելի է 44%-ով: Այսինքն գործնականում դատախազության յուրաքանչյուր դատախազ դատավարական ղեկավարում և հսկողություն է իրականացրել 400-ից ավել քրեական գործի, 400 նյութի նախապատրաստման նկատմամբ, ինչը վկայում է մեծ ծանրաբեռնվածության մասին: Խորհրդակցության ընթացքում արձանագրվել է վարչական շրջաննների դատախազության դաախազների կողմից ակտիվ նախաձեռնողականությունը, ըստ էության, բոլոր գործառույթների, հատկապես հետաքննության և նախաքննության օրինականության ապահովման շրջանակում դատախազական ներգործության միջոցների կիրառման առումով: Մասնավորապես՝ 2021թ. դատախազների կողմից վերացվել է վարույթը կասեցնելու 190 և վարույթը կարճելու 123 որոշում, ինչը գրեթե եռակի ավելի է 2020թ. համեմատ: Դատախազների որոշումներով 9 քրեական գործով վերացվել են 9 անձի նկատմամբ կալանավորումը որպես խափանման միջոց ընտրելու մասին որոշումներ: 2021թ.ընթացքում վարչական շրջանների դատախազության դատախազների կողմից քրեական գործերի քննության օպերատիվությունը, լրիվությունն ապահովելու նպատակով քննիչներին տրվել է 611 ցուցում (նախորդող տարվա 225-ի դիմաց: Բացի այդ, ապացույցների բավարար համակցություն ապահովված չլինելու, անձանց արարքներին սխալ իրավական գնահատական տալու և քրեադատավարական օրենքի պահանջները պահպանված չլինելու պատճառներով հսկող դատախազների կողմից 17 գործով մեղադրական եզրակացությունը չի հաստատվել և քրեական գործերն ուղարկվել են լրացուցիչ նախաքննության (2020թ. նման 4 դեպք է արձանագրվել): Այս գործերից, ի վերջո, 13-ն ավարտվել է մեղադրական եզրակացությամբ և դատարան ուղարկելով, 2-ով վարույթը կարճվել է, իսկ 2 քրեական գործով նախաքննությունն ընթացքի մեջ է: Հետաքննություն և նախաքննություն իրականացնող անձանց կողմից թույլ տրված դատավարական խախտումների կապակցությամբ ներկայացվել է 39 ծառայողական քննություն կատարելու միջնորդություն: Ծառայողական քննության միջնորդությունները պայմանավորված են եղել անձնական խուզարկության, մեղադրյալի պաշտպանության իրավունքի, նախաքննության և կալանքի տակ պահելու ժամկետների, գործով բազմակողմանի, լրիվ և օբյեկտիվ քննություն իրականացնելու պահանջների խախտմամբ և այլն: Դատախազական նման հետևողական հսկողության արդյունքում հաջողվել է մեղադրական եզրակացությամբ դատարան ուղարկել 403 գործ՝ ինչը 173-ով կամ 75%-ով ավելի է 2020թ. համեմատ: Ընդ որում՝ նշված վարչական շրջանների դատախազության դատախազների կողմից դատարանում մեղադրանքը պաշտպանվել է 151 գործով 161 անձի նկատմամբ, որը շուրջ 24% գերազանցում է 2020թ. ցուցանիշը: ՀՀ գլխավոր դատախազը, դրական գնահատելով արձանագրված ցուցանիշները, խորհրդակցության ընթացքում տվել է կոնկրետ հանձնարարություններ մի շարք ուղություններով: Մասնավորապես՝ խնդիր է դրվել առավել զգայուն լինել քաղաքացիների բողոքների, դժգոհությունների, բարձրացրած խնդիրների նկատմամբ և դրանց պատշաճ արձագանքումն ապահովելու նպատակով ավելացնել դատախազների մոտ քաղաքացիների ընդունելությունները, շփումները: Բացի այդ, հանձնարարվել է լինել առավել հետևողական հնարավորինս թարմ հետքերով հանցագործությունների բացահայտման նպատակով հետաքննության մարմնին օպերատիվ-հետախուզական միջոցառումներ անցկացնելու հանձնարարություն տալու և կոնկրետ արդյունքներ ակնկալելու հարցում: Թեև գլխավոր դատախազն արձանագրել է, որ ընդհանուր առմամբ վարչական շրջաննների դատախազության դատախազների հսոկղության ներքո գործերով կալանավորումը որպես խափանման միջոց ընտրելու միջնոդրությունների հիմնավորվածության մակարդակը էապես բարձրացել է, սակայն անհրաժեշտ է հնարավորության դեպքում մասնակցել առաջին ատյանի դատարաններում միջնորդությունների քննութուններին: Արթուր Դավթյանը նշել է նաև, որ հիմնական ուղղություններից մեկը պետք է լինի հանցանքների կատարմանը նպաստող պայմանները վերացնելու, դրանց պատճառները բացահայտելու նպատակով իրավասու մարմիններին, սուբյեկտներին հիմնավորված և առարկակական լուծումների նախանշմամբ միջնորդագրերի ներկայացման գործընթացի ակտիվացումը; Ընդհանուր առմամբ նշված վարչական շրջանների դատախազության դատախազների կողմից 2021թ. ընթացքում ներկայացվել է 59 միջնորդագիր և հաղորդում, ինչը 2020թ. համեմատ ավելի է 55%-ով:
17:19 - 16 փետրվարի, 2022
ԱՄՆ վարչակազմը կշարունակի աջակցել ՀՀ ժողովրդավարական ինստիտուտների զարգացմանը. դեսպանը՝ ՀՀ գլխավոր դատախազին

ԱՄՆ վարչակազմը կշարունակի աջակցել ՀՀ ժողովրդավարական ինստիտուտների զարգացմանը. դեսպանը՝ ՀՀ գլխավոր դատախազին

Հայաստանի Հանրապետության գլխավոր դատախազ Արթուր Դավթյանը փետրվարի 10-ին ընդունել է Հայաստանի Հանրապետությունում Ամերիկայի Միացյալ Նահանգների արտակարգ և լիազոր դեսպան Լին Թրեյսիին: Նրան ուղեկցել են  ԱՄՆ դեսպանության թմրամիջոցների դեմ պայքարի և իրավապահ համագործակցության (ԹՊԻՀ) գրասենյակի տնօրեն Ալեքսիս Հաֆթվանը և ԱՄՆ դեսպանատան մարդու իրավունքների և քաղաքացիական հարցերով պատասխանատու Քրիստինա Հանսելը: Այս մասին տեղեկացրին ՀՀ գլխավոր դատախազությունից։ «ՀՀ գլխավոր դատախազը բարձր է գնահատել իրավական ոլորտում երկկողմ համագործակցության խորացմանը, կոնկրետ ուղղություններով ՀՀ դատախազության կարողությունների զարգացմանը միտված ԱՄՆ կառավարության և անձամբ ՀՀ-ում ԱՄՆ դեսպանի գործադրած ջանքերը: Հատկապես կարևորվել է Հայաստանում ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման ինստիտուտի ներդրման և կայացման, ինչպես նաև մարդու իրավունքների պաշտպանության, ապօրինի հարստացման, հիպերհանցագործությունների դեմ պայքարում և այլ ուղղություններով ՀՀ դատախազների վերապատրաստումներին ցուցաբերված խորհրդատվական, տեխնիկական օժանդակությունը», ասվում է հաղորդագրության մեջ: Արթուր Դավթյանը նշել է, որ ՀՀ դատախազությունը հետևողական է կոռուպցիայի դեմ պայքարում և հատկապես պետությունից հափշտակված և դուրս բերված ակտիվները Հայաստան վերադարձնելու հարցում, ընդգծել է իրավական փոխօգնության շրջանակում ԱՄՆ-ի հետ համագործակցության առավել խորացման նշանակությունը: Նշվում է, որ դեսպան Թրեյսին շնորհակալություն է հայտնել հանդիպման և հետաքրքրող հարցերի շուրջ քննարկում ունենալու հնարավորության համար: Նա ընդգծել է, որ նշվում է հայ-ամերիկյան գործընկերության 30-ամյակը և փոխանցել է ԱՄՆ վարչակազմի պատրաստակամությունը՝ շարունակելու աջակցությունը ժողովրդավարական ինստիտուտների զարգացմանը, մարդու իրավունքների պաշտպանության կառուցակարգերի ամրապնդման, կոռուպցիայի դեմ պայքարի ոլորտներում ՀՀ իրավասու մարմինների գործադրած ջանքերին: ՀՀ գլխավոր դատախազության տեղեկացմամբ՝ հանդիպման ընթացքում կողմերն իրենց պատկերացումներն ու ակնկալիքներն են հայտնել իրավական փոխօգնության, քննչական հարցումների կատարման, էքստրադիցիայի, ՀՀ դատախազության կարիքների գնահատմամբ նոր ծրագրերի իրականացման ոլորտներում համագործակցության հեռանկարների և այլ հարցերի շուրջ: Դեսպան Թրեյսիի կողմից բարձրացված առանձին իրավական հարցերի շուրջ տեղի է ունեցել շահագրգիռ քննարկում:   
18:42 - 10 փետրվարի, 2022
Արթուր Դավթյանը դեկան նշանակվելու կամ նմանատիպ զրույց որևէ մեկի հետ չի ունեցել. Գոռ Աբրահամյան

Արթուր Դավթյանը դեկան նշանակվելու կամ նմանատիպ զրույց որևէ մեկի հետ չի ունեցել. Գոռ Աբրահամյան

ՀՀ գլխավոր դատախազի խորհրդական Գոռ Աբրահամյանն արձագանքել է մամուլում տարածված տեղեկություններին, թե վարչապետ Նիկոլ Փաշինյանը գլխավոր դատախազ Արթուր Դավթյանին առաջարկել է ԵՊՀ իրավաբանական ֆակուլտետի դեկանի պաշտոնը: Գոռ Աբրահամյանը «Ֆեյսբուք»-ի իր էջում գրել է, որ ՀՀ գլխավոր դատախազ Արթուր Դավթյանը բնականոն շարունակում է իր գործունեությունը, և այս պահին չկա դա անհնարին դարձնող որևէ հանգամանք: «Դեկան նշանակվելու կամ նմանատիպ որևէ զրույց ՀՀ գլխավոր դատախազը որևէ մեկի հետ չի ունեցել. գրված բամբասանքին նման մտավարժանքներով արժանահավատություն հաղորդելու փորձերը պրիմիտիվ են»,- գրել է Աբրահամյանը: Անդրադառնալով տարածվող տեղեկատվությունը, թե գլխավոր դատախազը դիմել է ՌԴ-ին քաղաքացիության հարցով՝ Աբրահամյանը գրել է, որ արդեն հերքվածը կրկին հերքելու կարիք չկա՝ հիշեցնելով, որ նման տեղեկատվություն տարածվել էր նաև 2021 թվականի նոյեմբերին, որը հերքվել է:
12:40 - 24 հունվարի, 2022
ՀՀ ԶՈՒ ԳՇ պետը և Կիպրոսի ազգային գվարդիայի ԳՇ պետը քննարկել են տարածաշրջանային անվտանգությանը և ռազմական համագործակցությանն առնչվող հարցեր

ՀՀ ԶՈՒ ԳՇ պետը և Կիպրոսի ազգային գվարդիայի ԳՇ պետը քննարկել են տարածաշրջանային անվտանգությանը և ռազմական համագործակցությանն առնչվող հարցեր

Հունվարի 18-ին Հայաստան է ժամանել Կիպրոսի Հանրապետության ազգային գվարդիայի գլխավոր շտաբի պետ, գեներալ-լեյտենանտ Դեմոկրիտոս Զերվակիսի գլխավորած պատվիրակությունը: Այս մասին հաղորդում է ՀՀ ՊՆ-ն: Հունվարի 19-ին ՀՀ ՊՆ վարչական համալիրում տեղի ունեցած դիմավորման պաշտոնական արարողությունից հետո կայացել է գեներալ-լեյտենանտ Դեմոկրիտոս Զերվակիսի և ՀՀ զինված ուժերի գլխավոր շտաբի պետ, գեներալ-լեյտենանտ Արտակ Դավթյանի հանդիպումը: Զրուցակիցները քննարկել են տարածաշրջանային անվտանգությանը և ռազմական համագործակցությանն առնչվող հարցեր: Կիպրական կողմին են ներկայացվել 44-օրյա պատերազմից հետո ստեղծված իրավիճակը և տարածաշրջանում առկա մարտահրավերները: Քննարկվել են նաև երկու երկրների զինված ուժերի մարտունակության ամրապնդմանը միտված համագործակցության ուղղությունները՝ առկա մարտահրավերներին արդյունավետ դիմակայելու նպատակով: Կարևորվել է ինչպես երկկողմ, այնպես էլ 2019 թվականին նախաձեռնված Հայաստան-Կիպրոս-Հունաստան եռակողմ համագործակցությունը, որի շրջանակներում 2021թ․-ին արդեն իրականացվել են մի շարք միջոցառումներ: Կիպրոսի Հանրապետության ազգային գվարդիայի գլխավոր շտաբի պետի գլխավորած պատվիրակությանն ընդունել է ՀՀ պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանը: Պաշտպանական գերատեսչության ղեկավարը շնորհակալություն է հայտնել կիպրական կողմին Արցախի հարցում հստակ դիրքորոշման և միջազգային հարթակներում աջակցության համար, հաստատել հայկական կողմի դիրքորոշումները Կիպրոսի հիմնահարցի և Արևելյան Միջերկրական տարածաշրջանում ստեղծված իրավիճակի վերաբերյալ: ՀՀ պաշտպանության նախարարը կարևորել է երկկողմ ռազմատեխնիկական համագործակցությունը և հայտնել հայկական կողմի պատրաստակամությունը այս ուղղությամբ ստեղծված միջկառավարական հանձնաժողովի աշխատանքների վերսկսման վերաբերյալ։ Գեներալ-լեյտենանտ Դեմոկրիտոս Զերվակիսը հաստատել է բոլոր ուղղություններով համագործակցությունը զարգացնելու և նոր ոլորտներ նախաձեռնելու կիպրական կողմի պատրաստակամությունը: Հանդիպման ընթացքում ձեռք են բերվել հետագա փոխգործակցության վերաբերյալ մի շարք պայմանավորվածություններ, որոնք կյանքի կկոչվեն այս տարի: Գեներալ-լեյտենանտ Դեմոկրիտոս Զերվակիսի գլխավորած պատվիրակությունն այցելել է Հայոց ցեղասպանության զոհերի հուշահամալիր, եղել ՀՀ ՊՆ մի շարք զորամասերում:     
19:03 - 19 հունվարի, 2022