Բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարություն

ՀՀ բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարությունը գործադիր իշխանության հանրապետական մարմին է, որը մշակում և իրականացնում է կապի, տեղեկատվայնացման, տեղեկատվական տեխնոլոգիաների և տեղեկատվական անվտանգության, փոստի, լիցենզավորման և թույլտվությունների տրամադրման, ռազմարդյունաբերության ոլորտներում Կառավարության քաղաքականությունը:

ՀՀ բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարն է Վահագն Խաչատուրյանն է, տեղակալները՝ Դավիթ Սահակյանը և Ռոբերտ Խաչատրյանը։
 

ՀՀ-ն և ՌԴ-ն խորհրդակցություն կանցկացնեն երկու երկրների միջև զանգվածային հեռահաղորդակցման ոլորտի Միջպետական համաձայնագրի խախտումների հարցով |armenpress.am|

ՀՀ-ն և ՌԴ-ն խորհրդակցություն կանցկացնեն երկու երկրների միջև զանգվածային հեռահաղորդակցման ոլորտի Միջպետական համաձայնագրի խախտումների հարցով |armenpress.am|

armenpress.am: Բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարությունը պաշտոնապես դիմել է ռուսական կողմին՝ նախաձեռնելով խորհրդակցություններ երկու երկրների իրավասու գերատեսչությունների միջև զանգվածային հեռահաղորդակցման ոլորտում համագործակցության վերաբերյալ ձեռք բերված պայմանավորվածությունների իրականացման ընթացքի շուրջ։ «Արմենպրես»-ի հետ զրույցում այս մասին տեղեկացրեց ՀՀ ԲՏԱ նախարարի տեղակալ Ավետ Պողոսյանը: Նրա խոսքով՝ ռուսական կողմն ընդունել է հրավերը և դեկտեմբերի կեսերին նախատեսված են խորհրդակցություններ՝ Հայաստանի և Ռուսաստանի միջև զանգվածային հեռահաղորդակցման ոլորտի Միջպետական համաձայնագրի 4-րդ և 5-րդ կետերի խախտումների հարցով, համաձայնագրով ձեռք բերված պարտավորությունների իրականացման շուրջ։ «Հայկական կողմը պատրաստակամ է հետևողական քայլեր իրականացնել` հիշյալ Համաձայնագրով ստանձնած պարտավորությունների պահպանման, ինչպես նաև խախտումների բացառման նպատակով»,- շեշտեց Ավետ Պողոսյանը:
12:26 - 04 դեկտեմբերի, 2023
Գիտության առջև դրված խնդիրները և գիտության դերը պետության կարիքների լուծման գործում․ կայացավ «Գիտուժ»-ի առաջին համաժողովը

Գիտության առջև դրված խնդիրները և գիտության դերը պետության կարիքների լուծման գործում․ կայացավ «Գիտուժ»-ի առաջին համաժողովը

Գիտության ներկան ու ապագան, գիտություն-կրթություն և գիտություն-տնտեսություն կապ, հումանիտար և հասարակագիտական մտքի կարևորություն,  գիտահետազոտական և փորձարարակոնստրուկտորական (ԳՀՓԿ) աշխատանքներ ու ռազմարդյունաբերություն․․․ Այս և այլ թեմաների շուրջ նոյեմբերի 29-ին Հայաստանի ամերիկյան համալսարանում (ՀԱՀ) միավորվել էին Հայաստանի գիտական և տեխնոլոգիական համայնքների, բուհերի, Կառավարության ներկայացուցիչներն ու գիտությամբ հետաքրքրված մարդիկ։ «Գիտուժ» նախաձեռնությունը կազմակերպել էր «Հայաստանի գիտատեխնոլոգիական և նորարարական ազգային համակարգ. խնդիրներից դեպի վերածնունդ» խորագրով  համաժողովը։ Համաժողովը բացեց ՀԱՀ ռեկտոր Բրյուս Պողոսյանը, որը, ողջունելով ներկաներին, ասաց, որ հետևել է «Գիտուժ» նախաձեռնության աճին ինչպես սփյուռքում գտնվելու տարիներին, այնպես էլ Հայաստան այցելությունների ժամանակ։ Բրյուս Պողոսյանը Բրյուս Պողոսյանը խոսեց այն մասին, թե գիտական որքան ուժեղ էկոհամակարգ է ունեցել Հայաստանը Խորհրդային շրջանում, և ինչպես է այդ էկհոմակարգը քանդվել Խորհրդային Միության փլուզումից հետո։ Ամերիկյան համալսարանի ռեկտորը հիշեցրեց նաև այն փաստը, որ Հայաստանում տարիների ընթացքում գիտնականների թիվը նվազել է։ «Կարծում եմ՝ «Գիտուժը» հասկացել է, որ Հայաստանն այլևս ժամանակ չունի։ Հայաստանը կարիք ունի արագ սկսելու ապահով, գիտելիքի վրա հիմնված, արժեք ստեղծող պետություն դառնալու ուղին»,- ասաց նա։   Գիտության առաջնահերություններ, պետական պատվեր, գիտելիքահեն տնտեսություն «Հայաստանի գիտատեխնոլոգիական և նորարարական համակարգի զարգացման հեռանկարները, այդ ճանապարհին խոչընդոտները և դրանց լուծումները». պանելային առաջին քննարկման ժամանակ այս հարցերի պատասխաններն էին փորձում ստանալ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի (ԿԳՄՍ) նախարար Ժաննա Անդրեասյանը, Բարձր տեխնոլոգիական արդյունաբերության (ԲՏԱ) նախարար Ռոբերտ Խաչատրյանը, Ազգային ժողովի փոխնախագահ Հակոբ Արշակյանն ու «Այբ» կրթական հիմնադրամի հոգաբարձուների խորհրդի նախագահ, «Գիտուժ» նախաձեռնության անդամ Արամ Փախչանյանը։ Հակոբ Արշակյանը պանելային քննարկումը սկսեց նորությամբ․ 2024-ին Հայաստանում արհեստական բանականության սուպերհամակարգչային կենտրոն է բացվելու։ Ինչպես և նշել էր ԱԺ փոխնախագահը, Կառավարության երեկվա նիստի ընթացքում հավանության արժանացավ «2024 թ․ պետական բյուջեի մասին» օրենքի լրամշակված նախագիծը։ Պետբյուջեով նախատեսվող միջոցառումներից մեկն արհեստական բանականության գիտահետազոտական կենտրոնի արդիականացումն է։ ԿԳՄՍ նախարար Ժաննա Անդրեասյանը նշեց, որ գիտության առաջնարհերթությունները, թիրախները սահմանված են Կառավարության ծրագրով։ Ինչ վերաբերում է գիտության ռազմավարություն ունենալուն, նախարարը նշեց, որ այս պահին ռազմավարությունը մշակման փուլում է, և ունի  վերանայման կարիք, քանի որ «Կառավարությունն էական ներդումներ է արել, և կարիք կա հասկանալու այդ ներդրումների արդյունավետությունը»։ ԿԳՄՍ նախարարը խոսեց անցած տարի երիտասարդ գիտնականների թվի աճի, գիտնականների աշխատավարձերի բարձրացման և գիտական նոր սարքերի ձեռբերման մասին՝ նշելով, որ «վիճակագրությունը ցույց է տալիս արդյունքներ»։ Ժաննա Անդրեասյանը և Հակոբ Արշակյանը «Բայց այս բոլոր խնդիրների մեջ մենք տեսնում ենք, որ մեզ իրականում անհրաժետ է ունենալ այն ցուցանիշները, որոնք մեզ թույլ են տալու ասել, որ այդ ներդրումներն արդյունավետ են»,- ասաց նա։ Այս համատեքստում ժաննա Անդրեասյանը կարևորեց հասկանալ տարբեր օղակների սպասելիքները գիտությունից։ Նա նշեց՝ գիտությունն ու արվեստը նման են այն առումով, որ գիտնականներն ուզում են ազատություն ու ժամանակ գործելու համար։ Մյուս կողմից էլ, նախարարի խոսքով, տնտեսությունն ուզում է կոնկրետ արդյունքներ։  Ի՞նչ խնդիրներ է տեսնում պետական քաղաքականության մեջ և ի՞նչ է ուզում «Գիտուժը»․ այս հարցին անդրադարձավ Արամ Փախչանյանը՝ նշելով, որ իրենց արձանագրած հիմնական բացը համակարգային մոտեցումն է։ Համաձայնելով Ժաննա Անդրեասյանի այն դիտարկմանը, որ գիտության մեջ կարևոր է ազատությունը, Արամ Փախչանյանը կարևորեց նաև պետության կողմից առաջնահերությունների սահմանումը։ «Պետությունն է, որ պետք է ձևավորի պատվերը։ Ես չեմ ասում պատվեր՝ որպես կոնկրետ հրահանգներ կոնկրետ գիտնականների, այլ պատվեր լայն իմաստով, թե ինչ է պետությունը՝ որպես հասարակության ներկայացուցիչ, որպես գիտության համար պատասխանատու, որպես բիզնեսի և տնտեսության առաջխաղացումն ապահովող մարմին, ակնկալում գիտությունից։ Այստեղ մենք մինչ այսօր ունենք խնդիր, որ պետության կողմից չկա այն մարմինը կամ մարմինների համախումբը, որը կարողանա խոսել գիտական համայնքի հետ գիտական համայնքի համար հասկանալի լեզվով և գործիքներով»,- ասաց նա։ Հակոբ Արշակյանը նշեց՝ Հայաստանը երբեք գիտության համար խնդիրներ չի սահմանել, և անգամ Խորհրդային տարիներին խնդիրներ սահմանողը եղել է ոչ թե Հայաստանը, այլ հենց Խորհրդային Միությունը։ Նա հայտնեց, որ այս ուղղությամբ քայլերը հեշտ չեն, բայց դրանք արվում են․ շուտով վարչապետի ղեկավարությամբ ձևավորվելու է գիտական խորհուրդ, որտեղ ներգրավվելու են նաև Գիտությունների ազգային ակադեմիայից (ԳԱԱ) ներկայացուցիչներ, և որտեղ ապագայում կարող են գիտության համար խնդիրներ ձևակերպվել։ Ռոբերտ Խաչատրյանը, Ժաննա Անդրեասյանը, Հակոբ Արշակյանը և Արամ Փախչանյանը Ժաննա Անդրեասյանն էլ շեշտեց, որ միայն Կառավարությունը չի կարող որոշել գիտության զարգացման առաջնահերթությունները։ Նրա խոսքով կան ոլորտներ, օրինակ՝ ռազմարդյունաբերությունը, որտեղ Կառավարության խոսքը որոշիչ է, և, այսպես կոչված, պատվերի մեխանիզմն աշխատում է։  «Բայց կան ոլորտներ, որտեղ պետության կողմից նման պատվերի ձևակերպումը կարող է շեղել իրերի դրությունը»,- ասաց նախարարը։ Արամ Փախչանյանն էլ նշեց, որ Կառավարությունը պիտի ստեղծի այն համակարգը, որտեղ ամեն գիտնական կհասկանա, թե իր ոլորտում ինչ պիտի անի, ինչ պիտի իր ուսանողներին սովորեցնի, որպեսզի նպաստի պետության խնդիրների լուծմանը։ Ժաննա Անդրեասյանն իր խոսքի սկզբում կարևորեց խնդիրների լուծումների քննարկումը ներառական ու մասնակցային միջավայրում, որտեղ հնարավորություն է տրվում հնչեցնելու ցանկացած կարծիք։ Հակոբ Արշակյանն էլ քննարկման վերջում շեշտեց այն փաստը, որ համաժողովին ներկա են քաղծառայողներ։ Չնայած դրան՝ Կառավարության և Ազգային ժողովի ներկայացուցիչները պանելային առաջին քննարկման ավարտից հետո լքեցին համաժողովը։ Հետագա քննարկումների ընթացքում համաժողովի մի քանի մասնակիցներ ափսոսանք հայտնեցին, որ նրանք չմնացին ու չլսեցին գիտական, կրթական ու տեխնոլոգիական համայնքի ներկայացուցիչների մտահոգություններն ու բարձրացրած հարցերը։   Ինչ է հասցրել անել «Գիտուժն» ու ինչ նպատակներ ունի Պանելային հաջորդ քննարկման ընթացքում  «Գիտուժի» անդամներն ամփոփեցին նախաձեռնության անցած ճանապարհը, ձեռքբերումները և ներկայացրին հետագա անելիքները: Robomart ընկերության համահիմնադիր Տիգրան Շահվերդյանը խոսեց այն մասին, թե ինչու 2021-ին ստեղծվեց «Գիտուժը»։ Նրա խոսքով նախաձեռնության հիմքում կանգնած մարդիկ տեսան, որ Հայաստանում չկա այն գիտակցությունը, որ գիտությունն ու տեխնոլոգիաները կեսնական նշանակություն ունեն պետության կառուցման, անվտանգության և զարգացման գործում։  Նա նշեց, որ հիմնադրումից իր վեր՝ «Գիտուժը» գործել է երկու ուղղությամբ՝ գիտության հանրահռչակում և կառավարության հետ աշխատանք։ Տիգրան Շահվերդյանի խոսքով առաջին ուղղությամբ հաջողություններ ունեն, և էապես աճել է լրատվամիջոցներում գիտության թեմայով հրապարակումների թիվը։ Երկրորդ ուղղության մասին խոսելիս էլ նա նշեց գիտության ֆինանսավորման ավելացման մասին․ «Դրա սկիզբը դրվեց հենց մեր համայնքի ակտիվության պատճառով։ Մենք և՛ հանրային գործողություններ արեցինք, և՛ աշխատանք տարանք պաշտոնյաների հետ»։ Firo և Skycryptor ընկերությունների համահիմնադիր Արամ Ջիվանյանն էլ, խոսելով ապագա անելիքներից, նշեց՝ իրենց առաջնահերթությունները շարունակելու են մնալ երկուսը՝ գիտության հանրահռչակում և համակարգի կայացում։ «Գիտուժի» անդամները «Մենք բավական էներգիա ու ժամանակ ենք շարունակելու ներդնել՝ հասկանալու, թե ինչպիսին պիտի լինի մեր նորարարական համակարգը․ և՛ աշխատելու ենք պատկան մարմինների հետ, և՛ հետազոտություններ ենք կատարելու, որպեսզի փոփոխություն առ փոփոխություն հասնենք մեր կարևոր, վերջնական նպատակին՝ ունենալ համակարգ, որի մուտքում կան ձևակերպված խնդիրներ, և դուրս են գալիս լուծումներ, որոնք անդրառանում են բոլորիս»։ Krisp-ի և 10Web-ի համահիմնադիր Արտավազ Մինասյանն էլ նշեց՝ Կառավարությունը գիտության մեջ դեռ «մանկական քայլեր» է անում․ «Եթե ուզում ենք մրցունակ լինել գիտության ոլորտում, առաջինը պետք է գիտակցենք, որ գիտությունը կարևոր է Հայաստանի համար։ Այդ գիտակցությունը, ցավոք, չկա ո՛չ իշխանության անդամների, ո՛չ հասարակության, ո՛չ բիզնեսի կողմից։ Երկրորդը՝ պետք է էկոհամակարգ ձևավորվի, ու այդտեղ պետք է ներգրավված լինեն և՛ գիտնականները, և՛ մասնավոր հատվածը, և՛ պետական հատվածը։ Այդ համակարգի ձևավորումից հետո պետք է ռազմավարությունը լինի, թե որ ոլորտների վրա ենք շեշտադրումն անում։ Երրորդը՝ ռեսուրսների բաշխումը․ մեր թիրախը պետք է լինի գիտահետազոտական ոլորտին համախառն ներքին արդյունքի (ՀՆԱ) առնվազն 5%-ը տրամադրել, որպեսզի մեր բոլոր գոյաբանական հարցերի պատասխանը ստանանք՝ սկսած պաշտպանության ոլորտից, վերջացրած տնտեսության զարգացմամբ»։   Մասնավոր-կառավարություն երկխոսություն, խնդիրների հստակ սահմանում «Ինչպե՞ս գիտությունը դարձնել առաջնային գործիք Հայաստանի անվտանգության ապահովման և մրցունակության բարձրացման համար»։ Պանելային հաջորդ քննարկումը հենց այս թեմայով էր։ ՀԱՀ Բիզնեսի և տնտեսագիտության քոլեջի դեկան Վաչե Գաբրիելյանի խոսքով շատերին կարող է տրամաբանական թվալ, որ պետք է ՀՆԱ-ի X տոկոսը ծախսել գիտության վրա, բայց պետական ապարատի տեսանկյունից դա տրամաբանական մոտեցում չէ, եթե չի հստակեցվում, թե որ ուղղություններով և ինչ նպատակներով են հատկացվող միջոցները ծախսվելու։ Նա նշեց, որ այս պահին Հայաստանի Կառավարությունը բավականին շատ ֆինանսական աջակցություն է տրամադրում ընկերություններին, բայց չկա հստակ մոտեցում, որ աջակցությունը տրամադրվի հենց գիտաարտադրական տեխնոլոգիաների զարգացման տեսանկյունից։ «Եթե գիտական, տեխնիկական առաջադեմ հանրությունը կարողանա ձևակերպել պահանջներ (որովհետև դա կհստակեցնի, թե որտեղ  ամենամեծ հետադարձ արդյունքը կլինի), ապա հավանականությունն ավելի մեծ է, որ այդ ուղղությամբ կլինեն ավելի մեծ ներդրումներ»,- ասա նա՝ այս համատեքստում կարևորելով մասնավոր հատվածի ու պետության միջև երկխոսությունը։ Գիտությունների Ազգային ակադեմիայի (ԳԱԱ) ակադեմիկոս քարտուղար Արթուր Իշխանյանը համաձայնեց Վաչե Գաբրիելյանի այն մտքին, որ երկխոսության խնդիր կա։ «Անձամբ ես մի քանի անգամ առաջ եմ քաշել Կառավարության հետ երկխոսելու լայն ծրագրեր՝ ներառելով լայն զանգվածներ։ Բոլոր դեպքերում այդ փորձերը հաջողված չեն հենց հակադարձ կապի բացակայության պատճառով»,- ասաց ակադեմիկոս քարտուղարը։ Կոնստանտին Ենկոյանը, Վաչե Գարբիելյանը և Արթուր Իշխանյանը Երևանի պետական բժշկական համալսարանի (ԵՊԲՀ) պրոռեկտոր Կոնստանտին Ենկոյանի կարծիքով Հայաստանում չկան ռեսուրսներ ոչ այնքան նշանակալի հետազոտություններ ֆինանսավորելու համար, այդ պատճառով անհրաժեշտ է հասկանալ, թե ովքեր են «զբաղվում իրական գիտությամբ», զտել ու կենտրոնանալ մի քանի ուղղությունների վրա։ Արթուր Իշխանյանը հակադարձեց նրան՝ նշելով, որ հիմա հնարավոր չէ իմանալ, թե ինչը կարող է կարևոր լինել, օրինակ, 5 տարի անց։ «2019-ին է փակվել Վիրուսոլոգիայի ինստիտուտը։ Վերջնականապես ենք փակել, ավերվել էր մինչ այդ, բայց գոնե ինչ-որ բաներ կային։ 2020-ին սկսվեց համավարակը․․․ Մեզ անհրաժեշտ է պահպանել նվազագույն էկոհամակարգ հնարավորինս ամեն ինչի համար»։ Արթուր Իշխանյանն իր խոսքում անդրադարձավ նաև գիտության կազմակերպման երկու մոդելներին՝ համալսարանական և ակադեմիական՝ շեշտելով, որ որևէ տեղ չկա այդ երկուսից միայն մեկը։ «Առանձին վերցված խնդիրների համար միշտ անհրաժեշտ է ունենալ ճկուն, անկախ հասարակական հետազոտական հաստատություններ՝ ինստիտուտներ, որոնց երբեք պետք չէ դարձնել միայն կրթությանը սպասարկող»,- ասաց նա։ Արթուր Իշխանյանի այս ձևակերպումն, ամենայն հավանականությամբ, վերաբերում է «Ակադեմիական քաղաք» հայեցակարգին, որով բուհերն ու գիտահետազոտական ինստիտուտները միանալու են իրար։   Գիտության կառավարման մոդելներ, բուհերի և ինստիտուտների ներսում առաջնահերթությունների սահմանում «Գիտությունը համալսարաններում և ինստիտուտներում. առկա ներուժ և ապագայի պահանջներ»․ պանելային հաջորդ քննարկմանը մասնակցում էին բուհերի ռեկտորներն ու գիտական ինստիտուտների տնօրենները։ Առաջինը քննարկվում էր այն հարցը, թե ինչպես են բուհերն ու ինստիտուտներն իրենց ներսում առաջնահերթություններ սահմանում։  Էկոլոգանոոսֆերային հետազոտությունների կենտրոնի տնօրեն Լիլիթ Սահակյանը նշեց՝ իրենք ուսումնասիրում են ազգային անվտանգությանը վերաբերող խնդիրներ, և դժվար է ընտրել այնպիսի թեմաներ, որոնք նաև միջազգային կարևորություն ունեն և կարող են տպագրվել միջազգային ամսագրերում։ «Այսօրվա գիտաչափության պահանջները գիտնականների մեջ կոտրում են ռոմանտիզմը, նաև, հայրենասիրությունից ելնելով, հետազոտություններ իրականացնելը, որովհետև մենք ընկնում ենք գիտաչափության հետևից և անում ենք բացառապես այն հետազոտությունը, որով կարող ենք տպագրվել։ Ես համարում եմ, որ մեզ նման ոչ հարուստ պետության համար դա շատ մեծ ճոխություն է. մենք ունենք այնպիսի խնդիրներ, որոնք ուղղակի իրավունք չունենք հրատարակելու, բայց եթե չհրատարակենք, ապա մենք գիտնական չենք համարվելու Հայաստանի Հանրապետությունում։ Դրա համար մենք մի կերպ բալանսի ենք բերում»,- նշեց նա։  Լիլիթ Սահակյանը և Բրյուս Պողոսյանը Հայաստանի ազգային ագրարային համալսարանի (ՀԱԱՀ) ռեկտոր Վարդան Ուռուտյանը նշեց՝ մի քանի տարի առաջ հասկացան, որ իրենց հետազոտական ուղղությունները, մագիստրոսական թեզերի ու թեկնածուական ատենախոսությունների թեմաները բավականին հնացած են, և սկսեցին պետական գերատեսչություններից հավաքել նրանց հուզող խնդիրները։ «Որոշ գերատեսչություններից ստացանք կոնկրետ իրենց հուզող հարցերը։ Իհարկե, այստեղ բախվեցինք խնդիրների․ ոչ բոլոր գերատեսչությունները կարողացան ձևակերպել իրենց խնդիրները և նույնիսկ խնդրեցին, որ մենք մասնագետներ ուղարկենք, որ այդ խնդիրների վերհանումը միասին կարողանանք կատարել»,- նշեց նա։ ՀԱԱՀ ռեկտորն ասաց, որ իրենք խնդիրներ հավաքագրեցին նաև մարզպետարաններից, արդյունաբերական խորհուրդներ ձևավորեցին՝ ներառելով մասնավոր հատվածից ներկայացուցիչների, որ նրանց հուզող հարցերը ևս հասկանան, ապա զտեցին հավաքագրած թեմաներն ու արդիականացրին հետազոտական ուղղությունները։   Անդրադառնալով նախորդ քննարկումների ժամանակ կառավարության սահմանած առաջնահերթյունների ու պետության կարիքների սպասարկման մասին բարձրացված հարցերին՝ Ալիխանյանի անվան ազգային գիտական լաբորատորիայի (ԱԱԳԼ) տնօրեն Գևորգ Քառյանը նշեց․ «Մեզ համար դժվար է, զբաղվեով հիմնարար հետազոտություններով, ուղղակիորեն ազդել կամ ուղղակիորեն այդ գործընթացի մեջ ներգրավվել։ Հիմնարար գիտությունն այն պարարտ հողն է, որի վրա աճում է կիրառական գիտությունների ծառը, և որի պտուղները մենք քաղում ենք տեխնոլոգիաների տեսքով։ Եթե մենք հիմնարար գիտությամբ զբաղվող գիտնականին առաջադրենք այնպիսի խնդիր, որը կիրառական նշանակություն ունի, մենք նրան անելանելի վիճակի մեջ կդնենք, բայց մյուս կողմից՝ առանց հիմնարար հետազոտության ուղղակի իմաստ չունի խոսել կիրառական հետազոտության մասին»։ Գևորգ Քառյանը Հնագիտության և ազգագրության ինստիտուտի տնօրեն Արսեն Բոբոխյանը նշեց՝ կան հարցեր, որոնց պատասխանները հետազոտությամբ ստանալու համար պետք է լինի պետությունից իջեցված պատվեր, բայց նա կարևորեց նաև, որ այդ պատվերները սահմանվեն հենց ինստիտուտների կողմից, և ինստիտուտների ներսում հետազոտություններ կատարվեն, թե իրենց բնագավառները զարգացնելու համար ինչ է պետք։ Նա կարևորեց բրենդային ուղղություների զարգացումը, որոնք Հայաստանի գիտությունը կդարձնեն համաշխարհային գիտության մաս․ «Մեզ պետք չէ ընդհանուր հնագիտություն, կամ մեզ պետք չէ ընդհանուր ազգագրություն․ մեք պետք է այնպիսի հնագիտություն, որում Հայաստանը կարող է առաջնային դիրք գրավել համաշխարհային գիտության տեսանկյունից։ Շատ դեպքերում մենք շփոթում ենք արտասահմանյան ամսագրերում հրատարակվելը գիտական տեսակետի տարածման հետ․ գիտական տեսակետը պետք է ստեղծվի քո երկրում, ազգային հիմքի վրա և տարածվի աշխարհով մեկ որպես քո ստեղծագործություն, բրենդ»։ Խոսելով գիտության համակարգի կառավարման մասին՝ Լիլիթ Սահակյանը զավեշտալի համարեց վերջին շրջանում հնչող հարցադրումը՝ Գիտությունների ազգային ակադեմիա Հայաստանին պե՞տք է, թե՞ ոչ․ «Երեկ կարդում էի [Բարձրագույն կրթության և գիտության կոմիտեի նախագահ] պարոն Հայոցյանի հարցազրույցը։ Ասել, որ Ակադեմիան հոդվածների առումով երկրորդ տեղն է զբաղեցնում, խոսել նրա մասին, որ բուհերը կառավարման համակարգը փոխում են, որովհետև հասկացել են, որ արդյունավետ չէ, բայց հարցականի մեջ դնել ԳԱԱ գոյությո՞ւնը։ Ես, ճիշտն ասած, տրամաբանությունը չեմ հասկանում»։ Արսեն Բոբոխյանն էլ նշեց՝ ինքը կուզենար, որ Հայաստանում միաժամանակ գոյություն ունենային ուժեղ համալսարաններ և ուժեղ, բարեփոխված Ակադեմիա, և համալսարանները լինեին ոչ թե Երևանում կենտրոնացած, այլ ապակենտրոնացած։   Հասարակագիտության և հումանիտար գիտությունների ուսումնասիրության առարկան, գիտաչափությունը, միջազգային գիտությանն ինտեգրումը «Հումանիտար և հասարակագիտական գիտությունները Հայաստանում. մենք կարողանու՞մ ենք մտածել» քննարկման մասնակիցները խոսում էին հարցերից, որոնք գիտության մասին զրույցների ժամանակ երբեմն լուսանցքում են մնում։ Փիլիսոփայական գիտությունների թեկնածու Նաիրա Մկրտչյանի խոսքով հումանիտար և սոցիալական գիտությունների առումով Հայաստանն անհատ կադրերի խնդիր չունի, և խնդիրն ավելի շատ ինստիտուցիոնալ հարթությունում է․ «Ես կարող եմ թվել առնվազն 20-30 մարդու, որոնց գործերն արժե կարդալ, որոնք չեն զիջում միջազգային հարթակում համանման թեմաներով զբաղվող որևէ գիտնականի։ Եվ այդ առանձին անհատները միջազգային մակարդակի հասնում են իրենց անհատական ջանքի շոնրհիվ»։ Հնագիտության և ազգագրության ինստիտուտի առաջատար գիտաշխատող Գայանե Շագոյանն էլ անդրադարձավ գիտաչափությանը, որը նրա խոսքով գալիս է ճշգրիտ գիտություններից․ «Այսօր, լինելով սոցիալ-հումանիտար ոլորտի ներկայացուցիչ, ես պիտի ավելի շատ մտահոգված լինեմ, թե անգլալեզու որ պարբերականում է լույս տեսնելու իմ աշխատանքը, որովհետև այդ դեպքում ես հնարավորություն կունենամ պարկեշտ աշխատավարձ ստանալու։ Եվ հայալեզու արտադրանքը ոչ միայն ստորադասված է, այլև ընդհանրապես հաշվի առնված չէ։ Ես կարող եմ գրել հայերեն մենագրություն, և դա ինձ կբերի 0 միավոր, և ես կարող եմ գրել անգլալեզու ամսագրում երկու էջանոց հոդված, և այստեղ էջը կամ նույնիսկ բովանդակությունը չէ խնդիրը, այլ, թե որտեղ է այն տպված՝ սպասարկելով այն հետաքրքրությունները, որոնք Հայաստանի հանդեպ ունի մեկ այլ պետություն։ Դա, մի կողմից, միջազգային գիտության մեջ ինտեգրվելու մասին է խոսում, բայց, մյուս կողմից, երբ դա իջեցվում է որպես գիտաչափության միակ մոտեցում, խոսում է մեր խնդիրները տեսնելու, բարձրաձայնելու և ուղղելու անտեսման մասին»։ Կալիֆորնիայի Բերքլիի համալսարանի Հայագիտական ծրագրի տնօրեն, «Թուրփանջյան» հասարակական հետազոտությունների կենտրոնի տնօրեն Ստեփան Աստուրյանն էլ առանձնացրեց մի խնդիր, որին բախվում են սփյուռքի հայ գիտնականները հայագիտական թեմաներով հետազոտություններ իրականացելիս․ «Եթե ծագումով հայ ես և հայերին վերաբերող թեմայով ես զբաղվում, օրինակ՝ Ցեղասպանության թեմայով, շատ արագ պիտակավորվում ես որպես էթնիկ գիտնական կամ ազգայնամոլ, եթե քո ասածները չեն համընկնում նրան, ինչ պիտի ասվի այդ միջավայրում, այսինքն՝ գերադաս կարծիքին»։ Թուրքագետ Վահրամ Տեր-Մաթևոսյանը կարևորեց հասկանալ, թե որն է հասարակագիտության և հումանիտար գիտությունների ուսումնասիրության առարկան, և ինչու են դրանք կարևոր։ «Այդ երկու գիտակարգերի նպատակը մեկն է․ կոդավորել ու հասկանալ անցյալը, ներկան, փորձել հասկանալ ապագան ու դա անել պարպերաբար՝ վերակազմավորելով, քանդելով, կրկին վերակազմավորելով ու քանդելով։ Ի՞նչ տեղի ունեցավ հետխորհրդային շրջանում․ առնվազն դիսկուրսի մակարդակում քանդվեց անցյալը, ու չստեղծվեց նորը, ներկան»,- ասաց նա։ Վարհրամ Տեր-Մաթևոսյանի խոսքով այս գիտակարգերում գիտական լավագույն հետազոտություններում ավելի շատ հարցեր են առաջադրված, քան հարցերի պատասխաններ կան․ «Մինչդեռ մեր պարագայում շատ ավելի իմպերատիվ էին, օրինակ, Թուրքիայի և Արդբեջանի մասին հետազոտությունների մեծ մասը հատկապես հետխոհրդային շրջանում։ Այդ հանգստությունը, որը կար Ադրբեջանի և Թուրքիայի նկատմամբ, գալիս էր նաև մեծամտության պարսավելի դրսևորումներից։ Պատճառն այն է, որ մենք չենք ուզում հասկանալ, որ մեզ համար հարկավոր էր տեղավորվել այն բացատրության մեջ, որն ամենահարմարն էր այդ պահին»։   ԳՀՓԿ աշխատանքներ, ռազմարդյունաբերություն «Պաշտպանական ԳՀՓԿ աշխատանքներ. Հայաստանը զարգացման ներուժ ունի՞» թեման ոչ այնքան քննարկում էր, որքան հարցուպատասխան Ռազմարդյունաբերության կոմիտեի (ՌԱԿ) նախագահ Արտյոմ Մեհրաբյանի հետ․ նրան հարցեր ունեին և՛ գիտական, և՛ մասնավոր հատվածի ներկայացուցիչները։ Հարցին, թե ինչու Հայաստանը չի ծախսում գիտահետազոտական և փորձարարակոնստրուկտորական աշխատանքների (ԳՀՓԿ) համար նախատեսված ողջ բյուջեն, Արտյոմ Մեհրաբյանը պատասխանեց․ «Մենք այս տարի ունեցել ենք մոտ 48 հայտ, հաստատվել է ընդամենը 8 աշխատանք»։  Նա նշեց՝ գիտնականների հետ աշխատելու խնդիրներից մեկը ԳՀՓԿ աշխատանքների գաղտնիությունն է․ «Այս տարի առաջարկություն ենք արել և Կառավարության որոշման մեջ փոփոխություն ենք մտցրել, որպեսզի գիտական աշխատանքների վրայից գաղտնիության հարցը հանենք կամ դիտարկենք ամեն մի հայտը առանձնահատուկ, փորձենք, հասկանալով դրա կարևորությունը, գաղտնիացնել»։ Նա նշեց, որ այդպիսով գիտնականների համար ընթացակարգերն ավելի կհեշտանան։ ՌԱԿ նախագահը նաև ասաց, որ հանդիպում են ունենալու գիտական կազմակերպությունների ղեկավարների հետ և ներկայացնելու են նրանց այն ուղղությունները, որոնք ուզում են զարգացնել։ Ա. Նալբանդյանի անվան քիմիական ֆիզիկայի ինստիտուտի տնօրեն Սեյրան Մինասյանը օրենսդրական ու բյուրոկրատական մի քանի խնդիր բարձրաձայնեց։ Նրա խոսքով Հայաստանում զենք-զինամթերքի հետ կապված գիտահետազոտական աշխատանքները հավասարեցված են զենքի արտադրությանը, և դրա համար անհրաժեշտ է լիցենզիա ունենալ, որը ծախսերի հետ է կապված։ Արտյոմ Մեհրաբյանը Արտյոմ Մեհրաբյանը համաձայնեց, որ օրենսդրական բացեր կան՝ նշելով, որ դրանց ուղղությամբ աշխատում են, սպասվող փոփոխություններով լիցենզիա պահանջելու են միայն սերիական արտադրության համար։ Սեյրան Մինասյանը խոսեց նաև այն խնդրից, որ ՌԱԿ կառավարման մեխանիզմն ու գործառույթները հիմնված են Խորհրդային Միության համապատասխան փաստաթղթերից թարգմանված ստանդարտների վրա։ Նրա խոսքով հենց սրանից էլ բխում է այն, որ ՌԱԿ-ին ներկայացված հայտերը և դրանց կատարման ընթացքը բովանդակային խորքային ստուգում չեն անցնում։ Նորմատիվ փաստաթղթերի մասով բարձրաձայնած խնդրին ևս ՌԱԿ նախագահը համաձայնեց՝ նշելով, որ հանդիպում են ունեցել Ստանդարտացման և չափագիտության ազգային մարմնի հետ, այդ հարցը բարձրարցել են։ LT-PYRKAL-ի գլխավոր տնօրեն Գագիկ Բունիաթյանն էլ նշեց՝ ավելի մեծ հարց է Պաշտպանության նախարարության՝ խնդիրներ ձևակերպելու կարողությունը․ «ԳՀՓԿ աշխատանքի իմաստն այն է, որ այն վերջանա սերիական արտադրությամբ, հակառակ դեպքում դա դառնում է ինքնախաբեություն և ֆինանսաների իզուր վատնում։ Ամենակարևոր խնդիրն է, թե ինչ է պետք մեր Զինված ուժերին սերիական արտադրության համար։ Առաջին հերթին, շատ հստակ այդ խնդիրը պետք է ձևակերպի ԶՈՒ-ն, որից հետո խնդիրը պետք է փոխանցվի ՌԱԿ-ին՝ գործընթացը կազմակերպելու»։  ՌԱԿ նախկին նախագահ Ավետիք Քերոբյանի խոսքով կրթական, գիտական, արդյունաբերական և պաշտպանական համակարգերի միջև կապերը խզված են․ «Պաշտպանական համակարգը պատվերով չի ծանրաբեռնում արդյունաբերության համամակարգը, արդյունաբերության համակարգը, հետևաբար, պատվերով չի ծանրաբեռնում գիտական համակարգը։ Ունենք ռազմավարական նպատակների և դրանց իրականացման միջոցների անորոշություն, որը բերում է այս բոլոր խնդիրներին»։ Արտյոմ Մեհրաբյանն ասաց՝ իրենք հասկացել են, որ ՌԱԿ-ին կից մի կառույցի անհրաժեշտության կարիք կա, որը  կազմված կլինի ռազմավարություն մշակողներից, գիտնականներից և ինժեներներից, որոնց շփումից կստեղծվեն գաղափարներ ու կփոխանցվեն ՌԱԿ-ին։ Նա նշեց՝ այդ ուղղությամբ աշխատանքներ տանում են՝ շատ փակագծեր չբացելով։ *** Քննարկումներից մեկի ընթացքում «Գիտուժի» անդամները նշեցին, որ սա իրենց առաջին համաժողովն է, և հույս ունեն, որ մի քանի տարի անց կկազմակերպեն վերջին համաժողովը, քանի որ իրենց բարձրաձայնած խնդիրները լուծված կլինեն և գիտության հանդեպ այնպիսի վերաբերմունք ձևավորված կլինի, որ «Գիտուժի» կարիքն այլևս չի լինի։   Աննա Սահակյան  
19:48 - 01 դեկտեմբերի, 2023
ԲՏԱ նախարարը ծանոթացել է Ինժեներական քաղաքում իրականացվող կրթական ծրագրերին

ԲՏԱ նախարարը ծանոթացել է Ինժեներական քաղաքում իրականացվող կրթական ծրագրերին

Նոյեմբերի 25-ին ՀՀ բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարար Ռոբերտ Խաչատրյանն այցելել է «Հայաստան - Ճարտարագիտական շաբաթ 2023» միջոցառման շրջանակում կազմակեպված ճարտարագիտական ցուցահանդես, որտեղ ներկայացված էին ինժեներական ընկերությունների արտադրված սարքավորումները։ Այս մասին հայտնում են նախարարությունից։ «Ձեռնարկությունների Ինկուբատոր» հիմնադրամի տնօրեն Բագրատ Ենգիբարյանի ուղեկցությամբ նախարարը շրջել է «Ճարտարագիտական երիտասարդական գոտում», ծանոթացել Ինժեներական քաղաքում իրականացվող կրթական ծրագրերին, աշակերտների և ուսանողների ստեղծած նախագծերին։ ճարտարագիտական ցուցահանդեսին զուգահեռ տեղի են ունեցել պանելային քննարկումներ՝ նվիրված գյուղատնտեսության նորարարությանը, ճարտարագիտության և գիտության միջոլորտային համագործակցության հնարավորություններին, ինչպես նաև աշխատաժողովներ՝ Հայաստանի ազգային գերհամակարգչային կենտրոնի թվային էկոհամակարգի և կիբեռանվտանգության վերաբերյալ։
22:52 - 25 նոյեմբերի, 2023
Լուծարված ընկերության աջակցություն չի տրամադրվել. նախարարությունն արձագանքել է Հետքի հետաքննությանը |armenpress.am|

Լուծարված ընկերության աջակցություն չի տրամադրվել. նախարարությունն արձագանքել է Հետքի հետաքննությանը |armenpress.am|

armenpress.am: Բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարությունը լուծարված ընկերություններին աջակցություն չի տրամադրել, իսկ ընկերությունների գործունեության ժամանակավոր դադարեցումը դեռևս լուծարում չէ: «Արմենպրես»-ի հետ զրույցում ընդգծեց ՀՀ ԲՏԱ նախարարի տեղակալ Դավիթ Սահակյանը` անդրադառնալով Հետքի հետաքննությանը, ըստ որի՝ նախարարության աջակցությունից օգտվել են ՏՏ ոլորտի լուծարված ու գործունեությունը դադարեցրած ընկերություններ։ Կառավարության 2022 թվականի դեկտեմբերի 1-ի որոշմամբ՝ արտարժույթի արժեզրկման և գլոբալ ՏՏ ճգնաժամի պատճառով ՏՏ ոլորտի առևտրային կազմակերպությունների և անհատ ձեռնարկատերերի կրած վնասները մեղմելու և առկա աշխատատեղերը պահպանելու նպատակով շուրջ 7.4 մլրդ դրամ պետական աջակցություն տրամադրվեց տեղեկատվական տեխնոլոգիաների (ՏՏ) ոլորտի ընկերություններին։ Տարածվող տեղեկությունների համաձայն՝ աջակցությունը ստանալուց հետո ընկերություններից 14-ը դադարեցրել է գործունեությունը, իսկ 4-ը՝ լուծարման գործընթաց սկսել:  Նախարարությունը, սակայն, բացատրում է՝ ոլորտի համար գործունեության ժամանակավոր դադարեցումը հնարավոր երևույթ է, և հավելել, որ նախատեսում են նաև ծրագրի առանձին վերլուծություն իրականացնել։ «Կառավարության աջակցությունը ստանալու պահին ընկերություններից որևէ մեկը լուծարված չի եղել։ Մինչև այժմ էլ չկան օգնություն ստացած ու փաստացի լուծարված ընկերություններ․ միայն 4 ընկերություն լուծարման գործընթացի մեջ է։ Ինչ վերաբերում է գործունեությունը ժամանակավորապես կասեցրած ընկերություններին, սա ոլորտային ընկերությունների պարագայում բնական ընթացք է։ Գործունեությունը  ժամանակավոր դադարեցնելը չի նշանակում, որ այդ ընկերությունները փակված են, ուղղակի որոշ ընկերություններ կախված որոշակի հանգամանքներից, ժամանակավոր դադար են վերցրել, մինչև կարգավորեն իրենց հարաբերությունները գործընկերների հետ»,- նշեց Սահակյանը: Նախարարի տեղակալն անդրադարձավ նաև այն 4 ընկերություններին, որոնք լուծարման գործընթաց են սկսել, ընդգծելով, որ դրանք բավարարել են որոշման պայմաններին և լուծարման գործընթաց են սկսել աջակցությունը ստանալուց հետո: Նա հավելել է, որ քննարկվող «Օպտիմ Արմենիա» ընկերությունը չի հրաժարվել աջակցություն ստանալուց, փոխարենը եղել են ընկերություններ, որոնք լուծարման գործընթացի մասին տեղեկացնելուն զուգահեռ հրաժարվել են աջակցությունից: Սահակյանը մանրամասնեց՝ հայտարարված աջակցությունը ստանալու համար տեղեկատվական տեխնոլոգիաների ոլորտի ավելի քան 510 ընկերություն էր դիմել, ներկայացված պահանջներին բավարարել է դրանցից 332-ը։ 2 ընկերություն էլ հրաժարվել էր աջակցությունից, քանի որ գործունեությունը շարունակելու հեռանկար չէր ունեցել։ Սակայն այդ ընկերությունների ցուցակում չի եղել «Օպտիմ Արմենիա» ընկերությունը: Նախարարի տեղակալը  հիշեցրեց, որ աջակցությունից կարող էին օգտվել այն ընկերությունները, որոնք բավարարել են ՀՀ կառավարության 2022թ. դեկտեմբերի 1-ի թիվ 1863-Լ որոշման պայմաններին, մասնավորապես՝ 20%-ից ավել չեն կրճատել աշխատավարձի ֆոնդը և արտահանումը կազմել է շրջանառության 70%-ից ավել: «Պետք է նշեմ, որ այս ծրագիրը ուղղված է եղել դրամի կտրուկ արժևորումից և ՏՏ գլոբալ ճգնաժամից կրած վնասների փոխհատուցմանը: Միևնույն ժամանակ, մենք դիտարկում ենք տարբերակ, որպեսզի իրականացնենք պետական աջակացության այս ծրագրի մոնիթորինգ. գնահատվելու է աջակցություն ստացած բոլոր 330 ընկերությունների գումարի նպատակային օգտագործումը, և միայն այս տվյալների հիման վրա հնարավոր կլինի գնահատական տալ ամբողջ ծրագրին»,- պարզաբանեց նախարարի տեղակալը։ Սահակյանը կարևորեց նաև անդրադառնալ այն հարցին, թե ինչու է աջակցությունը տրամադրվել միայն արտահանող ընկերություններին: «Բարձր տեխնոլոգիաների ոլորտը գլոբալ ոլորտ է և հանդիսանում է  որպես կատալիզատոր տարբեր ոլորտների զարգացման և առաջընթացի համար: ՀՀ կառավարությունը բարձր տեխնոլոգիաների ոլորտը սահմանել է գերակա ճյուղ՝ հաշվի առնելով բարձր տեխնոլոգիաների կարևորությունը Հայաստանի Հանրապետության տնտեսության համար: Աջակցելով ԲՏ ոլորտի զարգացմանը, մենք հնարավորություն ենք տալիս այս ընկերությունների ստեղծած տեխնոլոգիաները հասանելի դարձնել, ներդնել այլ ոլորտներում»,- մանրամասնեց Սահակյանը:  Եզրափակելով խոսքը՝ նախարարի տեղակալը նշեց, որ հանդիպումներ են անցկացնում նշված 18 ընկերությունների հետ՝ հասկանալու գործունեության ժամանակավոր դադարեցման կամ ընկերությունների լուծարման գնալու պատճառները: Ընդհանրապես, ոլորտային ընկերությունները մշտապես նախարարության ուշադրության կենտրոնում են, կազմակերպվում են հանդիպումներ ոլորտի ներկայացուցիչների հետ, հենց իրենցից լսելու առկա խնդիրները և առաջարկվող լուծումները, որտեղ կարող է պետությունը գործուն դեր ունենալ:  Կառավարությունը նախորդ տարի դեկտեմբերին որոշել էր աջակցել դրամի արժևորումից տուժած մի շարք ընկերությունների․ այդ նպատակով 10 միլիարդ դրամ էր հատկացվել։ «Հետքը» պարզել էր, որ աջակցություն ստացած ընկերություններից 14-ը աջակցությունը ստանալուց հետո դադարեցրել է գործունեությունը, իսկ 4-ը՝ լուծարման գործընթաց սկսել։
10:24 - 24 նոյեմբերի, 2023
«Դիմումները ներկայացնելու պահին լուծարված ընկերություն չի եղել». Ռոբերտ Խաչատրյանը՝ ՏՏ ընկերությունների դրամաշնորհների մասին |hetq.am|

«Դիմումները ներկայացնելու պահին լուծարված ընկերություն չի եղել». Ռոբերտ Խաչատրյանը՝ ՏՏ ընկերությունների դրամաշնորհների մասին |hetq.am|

hetq.am: Բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարար Ռոբերտ Խաչատրյանը կառավարության նիստից հետո տեղի ունեցած ճեպազրույցի ընթացքում պատասխանելով լրագրողների հարցին՝ անդրադարձել է ՏՏ ոլորտի ընկերությունների հետ կնքված դրամաշնորհային պայմանագրերին։ Նոյեմբերի 14-ին «Հետքը» հոդված հրապարակեց այն մասին, որ ԲՏԱ նախարարությունը դրամաշնորհային պայմանագրեր է կնքել գործունեությունը ժամանակավոր դադարեցրած ընկերությունների հետ, իսկ ընկերություններից մեկը՝ «Օպտիմ Արմենիա» ՍՊԸ-ն, որին որպես դրամաշնորհ փոխանցվել է 46 մլն դրամ, լուծարման գործընթաց է սկսել հենց դրամաշնորհային պայմանագրի կնքման օրը։ «Ինչո՞ւ է ԲՏԱ նախարարությունը պայմանագրեր կնքել այս ընկերությունների հետ» հարցին նախարար Ռոբերտ Խաչատրյանը պատասխանեց․ «Աջակցություն ստանալը և դիմումը, որ իրենք ներկայացրել են, տարբեր ժամանակներ են եղել։ Մենք դիմումը ընդունելու ժամանակ ենք նայել՝ այդ ընկերությունների չափանիշները համապատասխանո՞ւմ են, թե չեն համապատասխանում, դրանից հետո անցել է երևի թե չորս ամիս, թե վեց ամիս, որ գումարը իրենք ստացել են, այդ ընթացքում ընկերությունը գնացել է առողջացման, թե չի կարողացել գնալ առողջացման, մենք այդ մասով հսկողություն չենք նախատեսել։ Դիմումները ներկայացնելու պահին լուծարված ընկերություն չի եղել, այո, բնական պրոցես է այնքանով, որ դա ընկերության որոշումն է, կարող է ժամանակավոր դադարեցնի, կարող է նաև գնա լուծարման գործընթացի, բայց ժամանակավոր դադարեցված ընկերությունները գումարը ստանալուց հետո համարվում են գործող ընկերություն, և ժամանակավոր դադարեցում չի նշանակում, որ ընկերությունը լուծարվելու է կամ լուծարման գործընթացի մեջ է գտնվում, և բազմաթիվ ընկերություններ կան, որ ժամանակ առ ժամանակ դադարեցնում են իրենց գործունեությունը, հետո վերսկսում են»։ Նախարար Խաչատրյանը պատասխանեց նաև այն հարցին, թե ինչու չի հրապարակվել ընկերությունների ցանկը, որոնց հետ դրամաշնորհային պայմանագրեր են կնքվել։ Հիշեցնենք, որ նախարարությունն այդ ցուցակը չտրամադրեց, և «Հետքը» («Հետաքննող լրագրողներ» ՀԿ-ն) դատական հայց ներկայացրեց նախարարության դեմ։ «Այդ ամեն ինչը (պայմանագրերը-խմբ.) ի սկզբանե հրապարակված է եղել, այո՛, տեխնիկական խնդիր է եղել, մենք, գուցե, մեր պատասխանի մեջ այնպես չենք պատասխանել, որ ամեն ինչը հրապարակված է, բայց առաջին իսկ օրվանից ամեն ինչ հրապարակված է եղել, նույն ձեր գործընկերները այդ տվյալներից օգտվելով են այս վերլուծությունը արել»,- ասաց Ռոբերտ Խաչատրյանը։
19:11 - 17 նոյեմբերի, 2023
ՀԾԿՀ-ն հավանություն է տվել «ՄՏՍ Հայաստան»-ի վաճառքին

ՀԾԿՀ-ն հավանություն է տվել «ՄՏՍ Հայաստան»-ի վաճառքին

Հայաստանի հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովը հավանություն է տվել «ՄՏՍ Հայաստան» ընկերության վաճառքի գործարքին։ ՀԾԿՀ-ն նման որոշում է կայացրել նոյեմբերի 15-ին կայացած նիստի ընթացքում։ Ընկերության բաժնետոմսերի 100 տոկոսը ձեռք կբերի Կիպրոսում գրանցված «Ֆեդիլքո Գրուպ Լիմիթիդ» ընկերությունը։ ՀԾԿՀ-ի որոշման մեջ նշվում է՝ ԲՏԱ-ն հայտնել է, որ գործարքի կայացման վերաբերյալ իր իրավասությունների շրջանակում առարկություններ չունի՝ գրությանը կից ներկայացնելով Հայտի առնչությամբ դիտողություն չունենալու վերաբերյալ ՀՀ ԱԱԾ դիրքորոշումը։ Հիշեցնենք, որ այս տարվա ապրիլին ԾԿՀ-ն մերժել էր «ՄՏՍ Հայաստան»-ի վաճառքի գործարքին համաձայնության տրամադրումը։ ԲՏԱ նախարարությունը՝ որպես իրավասու մարմին, առարկել էր գործարքի կնքումը՝ հաշվի առնելով, որ այն վնասում է կամ կարող է վնասել ազգային անվտանգությանը կամ պետական շահերին։  
17:19 - 15 նոյեմբերի, 2023
ՏՏ ընկերությունները պետբյուջեից դրամաշնորհ են ստացել և լուծարվել |hetq.am|

ՏՏ ընկերությունները պետբյուջեից դրամաշնորհ են ստացել և լուծարվել |hetq.am|

hetq.am: Կառավարության 2022-ի դեկտեմբերի 1-ի որոշմամբ 10 մլրդ դրամ պետական աջակցություն տրամադրվեց տեղեկատվական տեխնոլգիաների (ՏՏ) ոլորտի ընկերություններին։ Մենք կարողացանք պարզել պետական աջակցություն ստացած ընկերությունների անունները: Հիշեցնենք, որ նախարարությունն այդ ցուցակը չտրամադրեց, և «Հետքը» («Հետաքննող լրագրողներ» ՀԿ-ն) դատական հայց ներկայացրեց նախարարության դեմ։ Որոշման նպատակն էր օգնել ՏՏ ոլորտի ընկերություններին հաղթահարել ֆինանսական խնդիրները, որոնք առաջացել էին դրամի արժևորման ֆոնին արժեզրկված դոլարի արդյունքում։ «Հետքը» գրել է աջակցության չափերի և ընկերությունների մասին։ Ունենալով այդ ընկերությունների մի մասի ցանկը՝ պարզել ենք, որ դրանցից 14-ը գործունեությունը ժամանակավոր դադարեցրել են, 4-ը լուծարման գործընթացում է։ Սրանցից շատերը, մինչ Բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարության (ԲՏԱ) հետ դրամաշնորհի պայմանագիր կնքելը, արդեն դադարեցրած են եղել իրենց գործունեությունը։ Ստացվում է՝ ԲՏԱ նախարարությունը ֆինանսապես աջակցել է ընկերությունների, որոնք արդեն իսկ ժամանակավորապես դադարեցրած են եղել իրենց գործունեությունը։ 18 ընկերությունները միասին պետությունից, որպես դրամաշնորհ, ստացել են 190 մլն դրամ։ Ընկերություններից 8-ը պատկանում է օտարերկրյա քաղաքացիների կամ կազմակերպությունների։  Լուծարման գործընթացում գտնվող ընկերությունները ԲՏԱ նախարարության հետ պետական աջակցության պայմանագիր կնքած ընկերություններից չորսն այժմ լուծարման գործընթացում են, դրանցից երեքը պատկանում է օտարերկրյա կազմակերպությունների։ Այսպիսով, պետությունը դրամաշնորհային ծրագրով փորձում էր աջակցել ՏՏ ոլորտի ընկերություններին, որ նրանք կարողանան հաղթահարել ֆինանսական խնդիրները, բայց այս ընկերությունները լուծարման են գնացել դրամաշնորհը ստանալուց կարճ ժամանակ անց: «Օպտիմ Արմենիա» ընկերությունը լուծարման գործընթաց է սկսել հենց պայմանագրի կնքման օրը՝ ստանալով 46 մլն դրամ: Չորս ընկերությունները («Օպտիմ Արմենիա» ՍՊԸ, «Մատերիալ էքսչենջ էյէմ» ՍՊԸ, «Կապիտալ հելթքեր» ՍՊԸ, «Հայլըրն» ՓԲԸ) միասին պետությունից, որպես դրամաշնորհ, ստացել են 103 մլն դրամ։ «Օպտիմ Արմենիա» ՍՊԸ-ն հիմնադրվել է 2015-ի հունիսի 15-ին։ 99.99% բաժնեմասերը պատկանում են ԱՄՆ-ում գրանցված «Իննովաթիվ սքեդյուլինգ» ընկերությանը, իսկ 0․01%-ը Տիգրան Գրիգորյանին, որը գործունեություն է ծավալում նաև Հնդկաստանում։ Այն առաջարկում է ծրագրային լուծումներ տրանսպորտի և բեռնափոխադրումների ոլորտների համար։ Ընկերության և ԲՏԱ նախարարության միջև պայմանագիրը կնքվել է 2023-ի հունիսի 28-ին, ընկերությունը ստացել է 46 մլն դրամ՝ որպես պետական աջակցություն։ Ըստ իրավաբանական անձանց գրանցման պետական ռեգիստրի տվյալների՝ ընկերությունը լուծարման գործընթաց է սկսել հունիսի 28-ին՝ ԲՏԱ-ի հետ պայմանագիր կնքելու օրը, որը հաստատվել է երկու օր անց՝ հունիսի 30-ին։ Ըստ Իրավաբանական անձանց պետական գրանցման մասին օրենքի 47-րդ հոդվածի 2-րդ կետի՝ համապատասխան փաստաթղթերը ներկայացնելուց և պետության հանդեպ պարտավորությունների բացակայությունը հաստատվելուց հետո, երկու աշխատանքային օրվա ընթացքում թույլտվություն է տրվում իրավաբանական անձին՝ լուծարման գործընթաց սկսելու համար։ Արտյոմ Բաղդասարյանը, մինչ «Օպտիմ Արմենիա» ընկերության լուծարման գործընթացը սկսելը, տնօրենն է եղել: Մեզ հետ զրույցում նա ասաց, որ ընկերությունը, մինչ դրամաշնորհային պայմանագիր կնքելը, ԲՏԱ նախարարությանը տեղեկացրել է, որ պատրաստվում է լուծարման գնալ: Չնայած այս հանգամանքին` ԲՏԱ  նախարարությունը 46 մլն դրամի դրամաշնորհային պայմանագիր է կնքել: «Մատերիալ էքսչենջ էյէմ» ՍՊ ընկերության և ԲՏԱ նախարարության միջև պայմանագիրը կնքվել է 2023-ի հունիսի 26-ին, որի համաձայն՝ «Մատերիալ էքսչենջ էյէմ» ՍՊԸ-ին փոխանցվել է 21 մլն դրամ։ Պայմանագրի կնքման օրվանից մոտ 3 ամիս անց՝ սեպտեմբերի 29-ին, ընկերությունը լուծարման գործընթաց է սկսել։ Ընկերությունը հիմնադրվել է 2019-ի հոկտեմբերին,  դրա 100% բաժնեմասերը պատկանում են շվեդական «Մատերիալ էքսչենջ վենչուրս աբ» ընկերությանը։ Ընկերությունը մասնաճյուղեր ունի ևս հինգ երկրում՝ ԱՄՆ, Սերբիա, Հնդկաստան, Չինաստան, Մեծ Բրիտանիա։ Այն զբաղվում է ծրագրային ապահովման մշակմամբ։  «Կապիտալ հելթքեր» ՍՊԸ-ն ԲՏԱ-ի հետ պայմանագրի համաձայն, ստացել է 29 մլն դրամ։ Պայմանագիրը կնքվել է 2023-ի հունիսի 28-ին, լուծարման գործընթաց ընկերությունը  սկսել է հոկտեմբերի 19-ին։ Այն հիմնադրվել է 2020-ի մարտի 13-ին, պատկանում է համանուն օտարերկրյա կազմակերպությանը, որը գրանցված է ԱՄՆ-ում։ «Հայլըրն» ՓԲ ընկերությունը որպես դրամաշնորհ՝ նույն որոշման արդյունքում ստացել է 7 մլն դրամ։ Պայմանագիրը կնքվել է 2023-ի հունիսի 26-ին, իսկ լուծարման գործընթաց ընկերությունը սկսել է սեպտեմբերի 8-ին։ Ավելի մանրամասն՝ hetq.am-ում։ 
09:29 - 15 նոյեմբերի, 2023
Ռոբերտ Խաչատրյանի և ՀՀ-ում Բելգիայի դեսպանի հանդիպմանը մանրամասներ են ներկայացվել մեր երկրի բարձր տեխնոլոգիաների ոլորտի ենթակառուցվածքների մասին

Ռոբերտ Խաչատրյանի և ՀՀ-ում Բելգիայի դեսպանի հանդիպմանը մանրամասներ են ներկայացվել մեր երկրի բարձր տեխնոլոգիաների ոլորտի ենթակառուցվածքների մասին

ՀՀ բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարար Ռոբերտ Խաչատրյանը ընդունել է Հայաստանի Հանրապետությունում Բելգիայի Թագավորության արտակարգ և լիազոր դեսպան Էրիկ Դե Մույնքին։ Ինչպես հայտնում են ՀՀ ԲՏԱՆ-ից, նախարարը ողջունել և շնորհավորել է դեսպանին Հայաստանում դիվանագիտական առաքելությունը սկսելու կապակցությամբ, այնուհետև ներկայացրել նախարարության գործունեության շրջանակները և այդ ուղղությամբ իրականացվող աշխատանքները։ Դեսպանը շնորհակալություն է հայտնել ընդունելության համար և նշել, որ իր համար պարտավորեցնող է լինել ՀՀ-ում առաջին դեսպանը: Հայաստանում Բելգիայի դեսպանատան բացումը կարող է լուրջ նախադրյալներ ստեղծել երկու երկրների տեխնոլոգիական համայնքների միջև ամուր կապեր ստեղծելու և համագործակցության հեռանկարներ նախանշելու համար: Հանդիպման ընթացքում մանրամասներ են ներկայացվել մեր երկրի բարձր տեխնոլոգիաների ոլորտի ենթակառուցվածքների, ընկերությունների գործունեության, զարգացման հեռանկարների վերաբերյալ։ Անդրադարձ է կատարվել «Ինժեներական քաղաք» ծրագրին, «Թումո» ստեղծարար տեխնոլոգիաների կենտրոնի գործունեությանը, «Սևան ստարտափ սամիթ»-ին, Հայաստանում անցկացվող տեխնոլոգիական ցուցահանդեսներին, տեխնոլոգիական կրթության ուղղությամբ իրականացվող աշխատանքներին։ Քննարկվել են երկկողմ հետաքրքրություն ներկայացնող մի շարք այլ հարցեր։ Հանդիպման ավարտին դեսպան Էրիկ Դե Մույնքին հավաստիացրել է, որ իր լիազորությունների շրջանակներում կձեռնարկի անհրաժեշտ քայլեր նախարարության գործունեության ոլորտներում Հայաստանի և Բելգիայի միջև կապեր ստեղծելու և ամրապնդելու համար։
16:19 - 26 հոկտեմբերի, 2023
ՀՌՀ-ից ստացել ենք հաղորդում որոշակի խախտումների վերաբերյալ. Ռոբերտ Խաչատրյանը՝ ՀՀ-ում հեռարձակվող ռուսական ալիքների մասին
 |azatutyun.am|

ՀՌՀ-ից ստացել ենք հաղորդում որոշակի խախտումների վերաբերյալ. Ռոբերտ Խաչատրյանը՝ ՀՀ-ում հեռարձակվող ռուսական ալիքների մասին |azatutyun.am|

azatutyun.am: Բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարար Ռոբերտ Խաչատրյանն այսօր Ազգային ժողովի հարցուպատասխանի ժամանակ անդրադարձել է Հայաստանում հեռարձակվող ռուսական ալիքների մասին հարցին: Խաչատրյանին մասնավորապես հարցրել էին՝ ի՞նչ քայլեր են ձեռնարկվել խախտումները արձանագրելու և բացառելու համար: «Այդ հարցը մեր ուշադրության կենտրոնում է, մենք տեղյակ ենք համաձայնագրից, տեղեկացնեմ, որ համաձայնագիրը ուժի մեջ է մտել ռուսական կողմից 2023 թվականի մարտին, օրը չեմ հիշում, այսինքն, այդ կոնսուլտացիաների համար դեռ ժամանակ չի եղել, քանի որ նախկինում դեռ վավերացված չի եղել ռուսական կողմից: Անհրաժեշտության դեպքում, իհարկե, կոնսուլտացիաները կիրականացվեն, բայց աշխատանքային կարգով որոշակի շտկումներ կան և խախտումների արձանագրությունների հետ կապված պատասխանատուն է, ըստ պայմանագրի, Հեռուստատեսության և ռադիոյի հանձնաժողովը: Եվ վերջերս մենք հարցում ենք ուղարկել ու ստացել ենք որոշակի խախտումներ, որոնք արձանագրվել են վերջին շրջանում նաև ամսի 23-ին տեղի ունեցած հեռուստաեթերում հնչած որոշ հաղորդումներից ևս արձանագրություններ կան խախտումների վերաբերյալ», - պատասխանեց Խաչատրյանը:
20:47 - 25 հոկտեմբերի, 2023
«Յուքոմ»-ի բաժնետոմսերը գրավադրվել են
 |civilnet.am|

«Յուքոմ»-ի բաժնետոմսերը գրավադրվել են |civilnet.am|

civilnet.am:  Հեռահաղորդակցության օպերատոր «Յուքոմ»-ի բաժնետոմսերի մոտ 78 տոկոսը կգրավադրվի «Արդշինբանկ»-ում։ «Յուքոմ»-ը դիմել էր Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողով (ՀԾԿՀ)՝ բաժնետոմսերի գրավադրմանը համաձայնություն տալու համար, հանձնաժողովն էլ համաձայնություն է տվել գործարքին։ Այս տարվա օգոստոսի 31-ին, սակայն, ՀԾԿՀ-ն նույն գործարքի կատարումը մերժել էր, քանի որ դրան դեմ էր արտահայտվել Ազգային անվտանգության ծառայությունը։ Շուրջ 2 ամիս անց, այնուամենայնիվ, ՀԾԿՀ-ն գործարքին համաձայնություն է տվել։ Դրանով կգրավադրվեն «Յուքոմ»-ի բաժնետոմսերի մոտ 78 տոկոսը։ Դրանից ավելի քան 29 տոկոսը պատկանում է «Այյու թելեքոմյունիքեյթ» ընկերությանը, որի սեփականատերը Պետեկամուտների կոմիտեի նախկին նախագահ Գագիկ Խաչատրյանի ընտանիքն է։ Գրավադրվել են նաև Գագիկ Խաչատրյանի որդիներին՝ Գուրգեն Խաչատրյանին պատկանող 11,9 տոկոս, Արտյոմ Խաչատրյանին պատկանող 11,9 տոկոս, Գագիկ Խաչատրյանի հորեղբոր որդուն՝ Արամ Խաչատրյանին պատկանող 24 տոկոսի բաժնետոմսերը։ Սա որպես ապահովության միջոց է՝ «Արդշինբանկ»-ից վարկ ներգրավելու համար։ Բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարությունն ու ԱԱԾ-ն գործարքի հարցում առարկություններ չեն ներկայացրել։ «Սիվիլնեթ»-ի հարցին, թե ինչու՞ է օգոստոսին մերժված գործարքը հավանության արժանանում հոկտեմբերին, ՀԾԿՀ նախագահ Գարեգին Բաղրամյանն ասաց՝ նախորդ անգամ բացասական եզրակացությունը եղել էր ԱԱԾ կողմից, իսկ հիմա «որոշման պայմանները փոխվել են, փոխվել է նաև ներգրաված գումարի չափը»։ Չնշելով ներգրավվելիք վարկի չափը՝ Բաղրամյանը տեղեկացրեց, որ վարկային միջոցներն ուղղվելու են ընկերության վերաֆինանսավորմանը. «Ամենագլխավոր նպատակը եղել է թեթևացնել ընկերության հիմնական ֆինանսական բեռը՝ վերցրած վարկերի մարում և այլն։ Կային նաև այլ նպատակներ»,- փոխանցեց Բաղրամյանը։ «Յուքոմ»-ը Հայաստանում ֆիքսված ինտերնետի մատուցման առաջատարն է, ունի սեփական օպտիկամանրաթելային ցանց։ Ընկերությունն ունի շուրջ 1 400 աշխատակիցներ։ «Յուքոմ»-ի ֆիքսված և շարժական կապի ծառայություններից օգտվում է ավելի քան 700 000 բաժանորդ։ Այս տարվա մարտին «Յուքոմ»-ի գլխավոր տնօրեն դարձավ «ՄՏՍ-Հայաստան»-ի երկարամյա նախկին տնօրեն Ռալֆ Յիրիկյանը։  
16:28 - 24 հոկտեմբերի, 2023
ԱՄԷ պատվիրակությունը ժամանել է Հայաստան՝ խթանելու երկու երկրների մասնավոր հատվածների միջև գործարար կապերի զարգացումը

ԱՄԷ պատվիրակությունը ժամանել է Հայաստան՝ խթանելու երկու երկրների մասնավոր հատվածների միջև գործարար կապերի զարգացումը

ՀՀ բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարար Ռոբերտ Խաչատրյանն ընդունել է Արաբական Միացյալ Էմիրությունների (ԱՄԷ) պատվիրակության ներկայացուցիչներին՝ ԱՄԷ առևտրաարդյունաբերական պալատների ֆեդերացիայի նախագահ Աբդուլլահ Ալ Մազրուիի գլխավորությամբ: Հանդիպմանը մասնակցել է նաև Հայաստանի Հանրապետությունում ԱՄԷ արտակարգ և լիազոր դեսպան Նարիման Մուհամմեդ Շարիֆ Ալ Մուլլան: Ողջունելով պատվիրակության անդամներին՝ Ռոբերտ Խաչատրյանը ներկայացրել է նախարարության գործունեության ընդհանուր շրջանակը, առաջնահերթ ուղղությունները և իրականացվող ծրագրերը: Նախարարն անդրադարձել է Հայաստան-ԱՄԷ հարաբերություններին՝ հույս հայտնելով, որ ԱՄԷ ներկայացուցչական պատվիրակության այցը կնպաստի երկկողմ կապերի ամրապնդմանը և կուրվագծի համագործակցության նոր ուղղություններ: Աբդուլլահ Ալ Մազրուին նշել է, որ ԱՄԷ պատվիրակությունը Հայաստան է ժամանել երկու երկրների մասնավոր հատվածների միջև գործարար կապերի զարգացումը խթանելու նպատակով:  Նա նաև ընդգծել է ՀՀ բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարության առանցքային դերը երկկողմ գործարար կապերի և հատկապես տեխնոլոգիական ոլորտում համագործակցության զարգացման գործում: Կողմերը շեշտել են բարձր տեխնոլոգիական ոլորտի զարգացման մեծ ներուժը և պատրաստակամություն են հայտնել փոխանակվելու ունեցած գիտելիքներով և փորձով: Հանդիպման ավարտին նախարար Ռոբերտ Խաչատրյանը ներկայացրել է Հայաստանում անցկացվող տեխնոլոգիական միջոցառումները և հրավիրել ԱՄԷ ընկերություններին մասնակցելու հոկտեմբերին Երևանում կայանալիք «ԴիջիԹեք 2023» տեխնոլոգիական ցուցահանդեսին: 
12:10 - 27 սեպտեմբերի, 2023
ՀՀ ԲՏԱ նախարարությունը տիեզերական գործունեություն իրականացնելու լիցենզիա է տրամադրել «Բազումք» տիեզերական հետազոտությունների լաբորատորիային

ՀՀ ԲՏԱ նախարարությունը տիեզերական գործունեություն իրականացնելու լիցենզիա է տրամադրել «Բազումք» տիեզերական հետազոտությունների լաբորատորիային

ՀՀ բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարար Ռոբերտ Խաչատրյանը սեպտեմբերի 7-ին տիեզերական գործունեություն իրականացնելու լիցենզիա է հանձնել «Բազումք» տիեզերական հետազոտությունների լաբորատորիա հիմնադրամին: Լիցենզիան հնարավորություն կտա հիմնադրամին առավել շահավետ իրականացնել աշխատանքները, քանի որ 2020 թվականի մարտին ընդունված «Տիեզերական գործունեության մասին» ՀՀ օրենքի համաձայն կազատվի ԱԱՀ-ից և հնարավորություն կստանա գումարներն ավելի նպատակային օգտագործել: Նախարար Ռոբերտ Խաչատրյանը շնորհավորել է «Բազումք» տիեզերական հետազոտությունների լաբորատորիայի անձնակազմին լիցենզիա ստանալու կապակցությամբ, ընդգծել, որ ՀՀ կառավարությունը կարևորում է տիեզերական գործունեություն զարգացումը Հայաստանում: «Սա նշանակալի իրադարձություն է մեզ համար, քանի որ առաջին մասնավոր ընկերությունն եք, որ տիեզերական գործունեության լիցենզիա եք ստանում: Ձեր կատարած աշխատանքն արդեն իսկ տեսանելի է, և հուսով ենք, որ լիցենզիան ստանալուց հետո էլ ավելի կընդլայնվի ձեր գործունեությունը, ավելի մեծ և ծավալուն աշխատանք կիրականացնեք: Թող սա հիմք հանդիսանա մեր համագործակցության, որպեսզի կյանքի կոչվեն նախանշված բոլոր ծրագրերն ու մտադրությունները»,- իր խոսքում նշել է Ռոբերտ Խաչատրյանը՝ հավելելով, որ նախարարությունը պատրաստակամ է օգնելու, աջակցելու լաբորատորիայի գործունեությանը: ՀՀ բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարի տեղակալ Ավետ Պողոսյանը, կարևորելով հիմնադրամի աշխատանքը, ընդգծել է, որ ամբողջ աշխարհում տիեզերական տեխնոլոգիաներն այսօր բուռն զարգացում են ապրում, և Հայաստանը չի կարող անմասն մնալ այս գործընթացից: «Բազումք» տիեզերական հետազոտությունների լաբորատորիա հիմնադրամի տնօրեն Ավետիք Գրիգորյանը, շնորհակալություն հայտնելով նախարարությանը, նշել է. «Տեսնում ենք պետության գործուն աջակցությունը, հեռանկարային մոտեցումը, հետևաբար ոգևորված ենք և այդ ոգով կշարունակենք իրականացնել մեր գործն ու առաքելությունը: Համոզված եմ, որ տիեզերական գործունեության խթանումը արդյունավետ լոկոմոտիվ կհանդիսանա մեր երկրում բոլոր գիտարար և տեխնոլոգիական ոլորտների զարգացման համար»: Այնուհետև նախարար Ռոբերտ Խաչատրյանը շրջայց է կատարել նորագույն սարքավորումներով հագեցած «Բազումք» տիեզերական հետազոտությունների լաբորատորիայում, ծանոթացել աշխատանքային պայմաններին:Նշենք, որ «Բազումք» տիեզերական հետազոտությունների լաբորատորիա հիմնադրամը նախաձեռնել է Hayasat-1 անվանումով CubeSat նանո արբանյակի մշակման, ստեղծման, ծրագրավորման, փորձարկման արձակման կազմակերպման ծրագրի գործընթացը։ Արբանյակի թեստավորումը կավարտվի սեպտեմբերի վերջին և նոյեմբերին այն տիեզերք կուղարկվի SpaceX ընկերության Falcon-9 հրթիռով:
16:18 - 08 սեպտեմբերի, 2023