Գագիկ Ծառուկյան

«Բարգավաճ Հայաստան» կուսակցության նախագահ, ԱԺ «Բարգավաճ Հայաստան» խմբակցության գործող ղեկավար։ Ծնվել է 1956թ.-ի նոյեմբերի 25-ին։ 1989թ.-ին ավարտել է Ֆիզիկական կուլտուրայի հայկական պետական ինստիտուտը: 1996թ.-ին հռչակվել է բազկամարտի աշխարհի չեմպիոն, 1998թ.-ին դարձել է Եվրոպայի առաջնության հաղթող: 2004թ.-ից ղեկավարում է Հայաստանի ազգային օլիմպիական կոմիտեն:

2003թ.-ին մեծամասնական կարգով ընտրվել է ՀՀ Ազգային Ժողովի պատգամավոր։ 2004թ.-ին հիմնադրել է «Բարգավաճ Հայստան» կուսակցությունը, որը 2007թ.-ին կայացած ընտրություններում ձեւավորեց մեծությամբ երկրորդ խմբակցությունը։ 2012թ․-ին ԲՀԿ-ն ստացավ 37 մանդատ՝ կրկին գրավելով երկրորդ տեղը, 2017-ին 31 մանդատով՝ երկրորդ տեղում, 2018թ-ին 26 մանդատով՝ երկրորդ տեղում։ 

2020 թ․ հունիսի 13-ին ՀՀ ազգային անվտանգության ծառայությունը հայտարարություն տարածեց Գագիկ Ծառուկյանի բիզնեսներին վերաբերող քրեական գործի հարուցման վերաբերյալ, ըստ որի պետությանը պատճառվել է առանձնապես խոշոր չափերի վնաս։

2020 թվականի հունիսի 16-ին ՀՀ Ազգային Ժողովը նրան զրկեց պատգամավորական անձեռնմխելիությունից եւ համաձայնություն տվեց կալանավորելու միջնորդությանը։

Ռոմանոս Պետրոսյան․ քաղաքապետարանում ՊՎԾ ուսումնասիրությունները պետք չէ քաղաքականացնել
 |azatutyun.am|

Ռոմանոս Պետրոսյան․ քաղաքապետարանում ՊՎԾ ուսումնասիրությունները պետք չէ քաղաքականացնել |azatutyun.am|

azatutyun.am: Պետական վերահսկողական ծառայության ղեկավար Ռոմանոս Պետրոսյանի խոսքով` Երևանի քաղաքապետարանում ուսումնասիրությունները մեկնարկել են դեռ անցած տարեվերջին: Ըստ նրա` դրանք պետք չէ քաղաքականացնել: Այս մասին Ռոմանոս Պետրոսյանը նշեց «Ազատության» «Ֆեյսբուքյան ասուլիսի» շրջանակներում: Ստորև ներկայացնում ենք հատվածներ ասուլիսից. «Երևանի քաղաքապետարանում ՊՎԾ-ն ուսումնասիրությունը մեկնարկել է անցած տարեվերջին, և դրան նախորդել է բավական երկար շրջափուլ վերլուծությունների, որոշակի տեղեկանքների կազմման», - ասաց Պետական վերահսկողական ծառայության ղեկավար Ռոմանոս Պետրոսյանը` ի պատասխան հարցին, թե եթե նախկին քաղաքապետ Հայկ Մարությանը քաղաքական անհամաձայնություն չունենար իշխող կուսակցության հետ, արդյոք կսկսվեի՞ն ուսումնասիրությունները նրա նախկինում ղեկավարած կառույցում: «Հանրագրերի, բողքների, դիմումների ու մեծամասամբ շինթույլտվությունների տրամադրման, դրանց ժամկետների ուշացման, ժամկետների խախտման, մերժումների հիմնավորումների հետ կապված բազմաթիվ բողոքներ են ստացվել Պետական վերահսկողական ծառայություն, և մենք ծառայության ղեկավարի միջնորդությամբ ու վարչապետի համաձայնությամբ հանձնարարագիրը ստորագրել ենք դեկտեմբրի 28 կամ 29-ին։ Շուրջ 6 ամիս է տևել ուսումնասիրությունը», - ասաց Պետրոսյանը։ Ըստ նրա` դեռևս 2020-ի սեպտեմբերին արդեն վարչապետից հանձնարարական է եղել մշտադիտարկման ենթարկել շինթույլտվությունների բլոկը, և նաև դրանք են հիմք հանդիսացել սկսել ուսումնասիրություններ Երևանի քաղաքապետարանում: Հուլիսի 28-ին Պետական վերահսկողական ծառայությունը հրապարակեց քաղաքապետարանում իր կատարած ուսումնասիրության արդյունքները, որոնք սկսվել էին իրականացվել 2019 թվականի դեկտեմբերին։ Ըստ ՊՎԾ-ի՝ Մարությանի օրոք հայտնաբերվել է շուրջ 8,5 միլիարդ դրամի խախտում, որոնք առնչվում են քաղաքի փողոցների ընթացիկ նորոգման և ճաքալցման, բարեկարգման, քաղաքապետարանի ենթակայությամբ գործող «Էլեկտրատրանսպորտ», «Երքաղլույս» և «Երևանտրանս» ընկերությունների գործունեությանը և այլն։ «Եթե Հայկ Մարությանի շրջանում են իրականացվել առերևույթ խախտումները, որոնց մի մասը գուցե օրենսդրական բացերի հետևանք է, մի մասը սուբյեկտիվ որոշումների կայացման, այո, կարծում եմ, դա իմ անձնական տեսակետն է, մի մասին էլ որոշակի կոռուպցիոն սխեմաների գործադրման արդյունք կարող է լինել, դա հետաքննությունը կբացահայտի, բայց Հայկ Մարությանը մենակ չի կառավարել Երևան քաղաքը, և կրտսեր մասնագետից մինչև քաղաքապետ իրենց լիազորություններն ու իրավասություններն են իրացրել, դա պետք չի քաղաքականացնել», - ասաց նա: «Այս պահին շուրջ 60 վերահսկողության գորառույթներ ենք իրականացնում տարբեր մարմիններում», - հայտնեց ՊՎԾ պետը` որպես օրինակ նշելով Առողջապահության նախարարության Պետական առողջապահության գործակալության և շուրջ 11 խոշորագույն բուժհաստատություններում հանդիպակաց ուսումնասիրությունները: Նաև նշեց «Հայ փոստը», Արդարադատության նախարարության քրեակատարողական բուժհաստատությունները և այլն: «ՊՆ-ում 4 ուղղություններով այս պահին ուսումնասիրություններ են ընթանում», - հավելեց Պետրոսյանը: «Գլոբալ առումով այն իրավիճակը, որը հասունացել է Հատիս լեռան հետ կապված, բնականաբար, հաճելի չէ ու շատ մտահոգում է ինձ` որպես Աբովյանի բնակչի, որպես Կոտայքի նախկին մարզպետ», - անդրադառնալով Հատիս լեռան գագաթին Քրիստոսի արձանի տեղադրման հետ կապված իրավիճակին` ասաց Պետրոսյանը: Ըստ նրա` տվյալ նախաձեռնողները հողերը ձեռք բերելուց հետո որևէ գործընթաց չպիտի իրականացնեին, քանի դեռ չունեին ամբողջ նախագծի թույլտվությունները, լսումների արդյունքները և այլն: Նրա խոսքով` իր մարզպետ եղած ժամանակ այս նախաձեռնության վերաբերյալ որևէ խոսք չի եղել: Ռոմանոս Պետրոսյանը նաև հերքեց լուրերը, թե այս տեղանքին մոտ ինքը հողատարածք է ձեռք բերել: ԿԳՍՄ նախարարությունը դիմել է ոստիկանությանը Հատիսի գագաթին հողային աշխատանքները կասեցնելու համար։ Նախարարությունը դիմումի հիմք է ընդունել Հնագիտության և ազգագրության ինստիտուտի հայտարարությունը, թե լեռան գագաթին հայտնաբերված հնավայրը Քրիստոսի արձանի տեղադրման աշխատանքների հետևանքով վնասվել է:  
11:11 - 02 օգոստոսի, 2022
Հատիսի վրա Հիսուսի արձանի տեղադրման ծրագիրը կարող է չիրականանալ՝ անհաղթահարելի խոչընդոտների դեպքում․ Վահան Քերոբյան
 |factor.am|

Հատիսի վրա Հիսուսի արձանի տեղադրման ծրագիրը կարող է չիրականանալ՝ անհաղթահարելի խոչընդոտների դեպքում․ Վահան Քերոբյան |factor.am|

factor.am: Քաղաքացիական ակտիվիստներն ահազանգում են, որ չնայած ԿԳՄՍ-ի, Շրջակա միջավայրի նախարարության զգուշացումներին, որ Հատիս լեռան վրա շինաշխատանքները պետք է կասեցվեն՝ դրանք, այդուհանդերձ, շարունակվում են։ Ինչո՞ւ իրավապահները չեն կասեցնում աշխատանքները, որովհետև Նիկոլ Փաշինյանը ողջունե՞լ է արձանի կանգնեցումը․ ՀՀ Էկոնոմիկայի նախարար Վահան Քերոբյանը, պատասխանելով այս հարցին, նշում է․ «Ես գիտեմ, որ շինարարական աշխատանքները չեն իրականացվում։ Ինձ ՊՎԾ-ի իմ գործընկերն է ասել, որ ոչ մի շինարարություն չի ընթանում։ Մենք այս ծրագիրը դիտարկում ենք որպես պոտենցիալ ներդրումային ծրագիր և, որը կարող է իրականանալ և կարող է չիրականանալ, եթե հանկարծ պարզվի, որ կան անհաղթահարելի խոչընդոտներ։ Եվ եթե պարզվի, որ օրենսդրական առումով չենք կարողանալու հաղթահարել այդ խոչընդոտները, ապա որևէ մեզնից որևէ մեկը կաշկանդված չէ իր՝ որևէ միջոցառման մասնակցությամբ կամ հրապարակային ասած որևէ խոսքով»։
15:46 - 29 հուլիսի, 2022
ԿԳՄՍ-ն դիմել է ոստիկանություն՝ Հատիսում շինաշխատանքների հետ կապված
 |civilnet.am|

ԿԳՄՍ-ն դիմել է ոստիկանություն՝ Հատիսում շինաշխատանքների հետ կապված |civilnet.am|

civilnet.am: «Բարգավաճ Հայաստան» կուսակցության առաջնորդ, գործարար Գագիկ Ծառուկյանի նախաձեռնությամբ Հիսուս Քրիստոսի մոնումենտալ արձանի հիմնարկեքը Հատիս լեռան գագաթին տեղի ունեցավ հուլիսի 9-ին։ Արձանի գաղափարը և հատկապես դրա տեղադրությունը վիճահարույց է և քննադատության է արժանացել մասնագիտական որոշ շրջանակների կողմից։ Կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության (ԿԳՄՍ) խոսնակ Գեղամ Մելիքբեկյանը հուլիսի 19-ին հայտնեց, որ հիմք ընդունելով Հնագիտության և ազգագրության ինստիտուտի մասնագիտական եզրակացությունը՝ Հատիս լեռան գագաթին նոր հայտնաբերված ամրոցի վնասման վերաբերյալ, նախարարությունը դիմել է ոստիկանություն՝ հնարավորինս սեղմ ժամկետում միջոցներ ձեռնարկելու Հատիսի գագաթին հողային աշխատանքները կասեցնելու, ինչպես նաև ներկայացված եզրակացությունը ուսումնասիրելու և օրենքով սահմանված կարգով ընթացք տալու համար։ Օրեր առաջ լեռան գագաթին գտնվող հնավայր-ամրոցի տարածքում իրականացվել էին հողի լիցքի և հարթեցման աշխատանքներ։ Հնագիտության և ազգագրության ինստիտուտը հայտարարություն էր տարածել, որ այդ աշխատանքների հետևանքով «անդառնալիորեն աղճատվել է հնավայրի՝ հատկապես կենտրոնական հատվածը, այնտեղ առկա կառույցները և արևելյան պարսպապատի մի հատվածը»։ Հատկանշական է, որ արձանի հիմնարկեքին մասնակցել էր Էկոնոմիկայի նախարարը, իսկ երկու նախարարություններ հաջորդող օրերին հայտարարել էին, որ չեն հաստատել նախագիծը և մտահոգություններ հայտնել լեռան վրա տեղակայված պատմական հուշարձանների և լեռան՝ որպես բնության հուշարձանի խաթարման վերաբերյալ։ Չնայած կառավարությունը դեռ չի հաստատվել արձանի նախագիծը, Հատիս լեռան գագաթ տանող ճանապարհի և ենթակառուցվածքների կառուցման աշխատանքներն արդեն իրականացվում են։ Նախապատմություն Հայաստանում Հիսուս Քրիստոսի արձան կառուցելու մասին Ծառուկյանը հայտարարեց 2022-ի հունվարին։ Հայ առաքելական եկեղեցին առաջարկին դեմ էր արտահայտվել, իսկ վարչապետ Նիկոլ Փաշինյանը հայտարարել էր, որ վերջին խոսքը կառավարությանն է։ «Ի վերջո կա օրենք, կա կարգ, կան կառավարության որոշումներ, և երբ որ այդ նախագիծը սահմանված կարգով կներակայցվի, այդ թվում մասնագիտական քննարկման […] պետությունը սահմանված ընթացակարգերով որոշում կկայացնի»,- հունվարի 24-ի ասել էր Փաշինյանը։ Մայիսի 10-ին հայտարարվեց Հիսուս Քրիստոսի մոնումենտալ արձան-համալիրի տարբերակի վերջնական ընտրության մասին։ Ավելի վաղ հայտարարվել էր, որ այն կունենա 33 մետր բարձրություն։ Հուլիսի 7-ի կառավարության նիստին Փաշինյանը հայտնեց, որ նախնական դրական գնահատական է տրվել Հատիս լեռան վրա արձան տեղադրելու նախագծին, որովհետև այն Հայաստանի հանդեպ զբոսաշրջային հետաքրքրությունը կմեծացնի։ Փաշինյանը նաև նշեց, որ կառավարության մարմինները դեռ պետք է քննարկեն և որոշում կայացնեն։ «Հուսով եմ՝ մեր համապատասխան մարմինները պատշաճ ժամկետներում հարցը կքննարկեն։ Այնտեղ մի շարք վարչական որոշումների անհրաժեշտություն կա։ Այդ որոշումները կկայացնենք, և նախագիծը առաջ կընթանա նախատեսված ձևով և տրամաբանությամբ»,- ասաց Փաշինյանը։ Հիմնարկեքը և նախարարությունների արձագանքը Նախնական դրական եզրակացությունից երկու օր անց՝ հուլիսի 9-ին, տեղի ունեցավ արձանի հիմնարկեքը, որին մասնակցում էր նաև էկոնոմիկայի նախարար Վահան Քերոբյանը։ Նա նախագիծը անվանեց «շռնդալից» և շնորհակալություն հայտնեց Ծառուկյանին։ «Մենք, ինչպես այլ ներդրումների պարագայում, այս դեպքում էլ պատրաստ ենք հնարավորինս ամեն ինչ անել, որպեսզի նախագիծը ինչքան հնարավոր է արագ և առանց խոչընդոտների իրականություն դառնա»,- ասում էր Քերոբյանը։ Նախարարն ավելի ուշ՝ հուլիսի 18-ին, պնդեց, որ արձանի հիմնարկեքին իր մասնակցությունը դեռևս չի նշանակում, որ կառավարության համապատասխան բոլոր որոշումները կան։ Հիմնարկեքի հաջորդ օրը ԿԳՄՍ-ն հայտարարություն արեց՝ պահանջելով դադարեցնել ցանկացած գործունեություն Հատիսի գագաթին առկա բրոնզ-երկաթեդարյան հնավայր-ամրոցի տարածքում, որը հակասում է գործող օրենսդրությանը և կարգերին։ Հայտարարության մեջ նաև նշվում էր, որ Հատիսի փեշերին ընդհանուր առմամբ առկա է պետական ցուցակում գրանցված պատմության և մշակույթի շուրջ 20 հուշարձան: Շարունակությունը՝ civilnet.am-ում
17:17 - 19 հուլիսի, 2022
Քերոբյանի խոսքով՝ Քրիստոսի արձանի շինարարության մեկնարկին իր մասնակցությունը չի նշանակում, որ պետք է շրջանցվեն օրենքները |azatutyun.am|

Քերոբյանի խոսքով՝ Քրիստոսի արձանի շինարարության մեկնարկին իր մասնակցությունը չի նշանակում, որ պետք է շրջանցվեն օրենքները |azatutyun.am|

azatutyun.am: Էկոնոմիկայի նախարար Վահան Քերոբյանի խոսքով՝ Հիսուս Քրիստոսի մոնումենտալ արձանի շինարարության մեկնարկին իր մասնակցությունը չի նշանակում, որ պետք է շրջանցվեն օրենքները, հակառակը: «Սա ինչ-որ նախագծի մեկնարկի մասին միջոցառում է, և որևէ շինարարության մասին խոսք չի գնում, բնականաբար այս նախագիծը պետք է անցնի բոլոր ընթացակարգերով և հաստատումները ստանալուց հետո անցնի աշխատանքային փուլի», - «Ազատության» «Ֆեյսբուքյան ասուլիսի» շրջանակներում ասաց նա: Ստորև ներկայացնում ենք հատվածներ ասուլիսից. «Մեր ինչ-որ միջոցառումների մասնակցելը դեռևս չի նշանակում, որ կառավարության համապատասխան բոլոր որոշումները կան, և ըստ ընթացակարգերի արդեն անցել են շինարարական աշխատանքների», - անդրադառնալով Հատիս լեռան բարձունքին Հիսուս Քրիստոսի մոնումենտալ արձանի շինարարության մեկնարկին իր մասնակցությանն՝ ասաց էկոնոմիկայի նախարար Վահան Քերոբյանը: «Սա ինչ-որ նախագծի մեկնարկի մասին միջոցառում է, և որևէ շինարարության մասին խոսք չի գնում, բնականաբար այս նախագիծը պետք է անցնի բոլոր ընթացակարգերով և հաստատումները ստանալուց հետո անցնի աշխատանքային փուլի: Իհարկե, կա մեծ տրամադրվածություն թե՛ ներդրողի կողմից, թե՛ վարչապետն իր ելույթների ընթացքում հրապարակային հավանության է արժանացրել այս նախագիծը, բայց ակնհայտորեն մեզանից որևէ մեկը չի պատրաստվում օրենքներ խախտելով նախագծեր իրականացնել: Ամեն ինչը կկատարվի օրենքով սահմանված կարգով», - վստահեցրեց կառավարության ներկայացուցիչը: Ըստ նրա՝ եթե ծրագիրը իրականանա, ապա այնտեղ շատ մեծ զբոսաշրջային հոսք կառաջանա նաև. «Ամայի տարածք է իրականում Հատիսի սարը, արշավներ են գնում, բայց չնչին ակտիվություն է՝ համեմատած նրա, ինչ որ նախատեսվում է: Եթե ծրագիրն իրականանա, ապա այնտեղ տասնյակ, եթե ոչ հարյուրավոր միլիոն դոլարների ներդրումներ կլինեն: Պատմամշակութային տարածքներում բացառված չեն ներդրումները, սակայն կա հատուկ կարգ ներդրումները անելու, պետք է տարբեր գերատեսչություններ իրենց համաձայնությունը տան, պատմամշակութային միջավայրը չխաթարվի», - ասաց նա: Նախարարն ընդգծեց՝ իր ներկայանալը այդ միջոցառմանը չի նշանակում, որ պետք է շրջանցեն օրենքները, հակառակը: Չնայած պետական երկու գերատեսչությունների հայտարարություններին, որ Հատիս լեռան վրա շինարարությունը կասեցվել է, այսօր էլ սարի լանջին շինաշխատանքներ էին ընթանում, պարզել էր «Ազատության» նկարահանող խումբը: Նախարարն ասուլիսի ժամանակ ասաց, թե այն, ինչ կատարվում է, օրենքով թույլատրելի է: Իսկ եթե այս տարածքը բացառվի, կգտնեն այլ լուծումներ, հավաստիացրեց Քերոբյանը: Էկոնոմիկայի նախարարն անդրադարձավ նաև անկանխիկ գործարքներին անցնելուն. հուլիսի 1-ից կանխիկի կրճատման օրենքը մտել է շրջանառության մեջ, և մասնավոր ընկերությունները, անհատ ձեռներեցները 300 հազար դրամը գերազանցող իրենց գործարքները պետք է իրականացնեն միայն անկանխիկ։ «Մենք խոսում ենք նրա մասին, որ կառուցենք երկիր, որ արժանի տեղ կլինի մեր երեխաների համար ապրելու», - նախ ասաց նախարարը՝ հավելելով, որ վաղուց պետք է ընկերություններում սովորած լինեին անկանխիկ գործարքներին: Քերոբյանը կոչ արեց բոլորին մտածել, թե ինչպես թափանցիկ աշխատելով կարողանան աշխատել եկամտաբեր. «Հաճախ աշխատում ենք ցածր արտադրողականությամբ, և բիզնեսների խնդիրների մեծ մասը ցածր արտադրողականության մեջ է թաղված, և շատ ժամանակ ընկերությունների հիմնադիրները փոխանակ google անեն և տեսնեն, թե աշխարհի մյուս երկրներում իրնց գործընկերներն ինչպես են բարձր արտադրողականությամբ աշխատում նույն բիզնեսն անելիս, մտածում են, որ հարկերից խուսափելը կամ հարկերը թաքցնելը ամենալավ ձևն է փող աշխատելու: ՀՀ միջին բիզնեսը մոտ 7-8 անգամ ավելի ցածր արտադրողականություն ունի, քան նույն բիզնեսը տնտեսական զարգացման և համագործակցության կազմակերպության անդամ երկրների մեջ», - հավելեց նա: Օգտատերերից մեկը հետաքրքրվել էր՝ եթե դրամն էլի արժևորվի, Կենտրոնական բանկը պե՞տք է թույլ տա անվերջ լողալ, թե՞ ոչ, Վահան Քերոբյանն արձագանքեց. «Այնպես չէ, որ ԿԲ-ն հիմա ոչինչ չի անում, այնպես չէ, որ այս աշխատանքը միայն ԿԲ-ն պիտի անի: Մեր կարծիքով՝ 450 դրամը մեր տնտեսության համար կարմիր գիծ է, և այսպիսի բարձր արժևորում ունեցող դրամը խիստ վտանգում է մի շարք արտահանմանը միտված ոլորտներ»: Հարցին, թե ունե՞ն ծրագրեր՝ ՀՀ տեղափոխված ռուս մասնագետներին երկրում պահելու համար, Վահան Քերոբյանը պատասխանեց. «Մենք ՄըքՔենզի ընկերության հետ բավական լուրջ աշխատանք ենք կատարել և այդ աշխատանքի արդյունքում ձևավորել ենք այն անելիքների ցանկը, որը անելու պարագայում կկարողանանք երկար պահել այս մարդկանց Հայաստանում: Ամբողջ աշխարհում շատ սուր պայքար է նորարարական մտածելակերպ ունեցող տաղանդավոր մարդկանց համար, և աշխարհի քաղաքները սուր մրցակցության մեջ են այդ պայքարում: Այս պայքարին միացավ նաև Հայաստանը, և մենք տեսնում ենք շատ լավ հնարավորություններ»: Ըստ նրա՝ իրենց բիզնեսը ՀՀ տեղափոխած շատ ընկերություններ են խոստացել մնալ Հայաստանում: Օգտատերերից մեկի հարցին՝ կո՞ղմ է արդյոք հայ - թուրքական սահմանի բացմանը՝ հաշվի առնելով առկա մտավախությունները, մասնավորապես՝ թե Հայաստանի տնտեսությունը «կուլ կգնա» այդ մեծ տերության տնտեսությանը, տեղական արտադրողները կտուժեն, հաշվարկվա՞ծ են արդյոք վտանգները, նախարարն արձագանքեց. «Մենք ժամանակին շատ դեմ էինք, որ հայ - թուրքական սահմանը բացվի, թուրքական ապրանքների արգելքը հանվի, բայց մեր գործընկերների հետ, կառավարության գործընկերների հետ տնտեսական և քաղաքական շահերը համադրելու արդյունքում որոշվեց, որ պետք է բացվի, հանվի թուրքական ապրանքների էմբարգոն: Եվ հիմա, ըստ էության, շուկան աշխատում է միակողմանի, առևտուրը աշխատում է միակողմանի՝ մենք միայն գնում ենք: Եվ հիմա հայ - թուրքական սահմանի բացումը տնտեսական առումով նշանակելու է, որ մենք ոչ միայն գնում ենք, այլ նաև վաճառում ենք, և դա էապես լավացնելու է այսօրվա իրավիճակը, ոչ թե վատացնելու»: «Այսօր մենք արդեն որևիցե սահմանափակում չունենք թուրքական ապրանքներ գնելու առումով, և մեր ընկերությունները, ինչքան իրենց անհրաժեշտ է, այդ ապրանքները գնում են», - նշեց Քերոբյանը՝ տեղական արտադրողների վերաբերյալ հարցին պատասխանելով. - «Տեղական արտադրողները որոշ չափով արդեն տուժում են, որովհետև թուրքական տնտեսությունը հզոր է, թուրքական լիրան կտրուկ ձևի արժեզրկվում է, իսկ մերը՝ արժևորվում, բազմաթիվ դժվարություններ կան: Բայց, էլի եմ ասում՝ եթե հայ - թուրքական սահմանը բացվի, մենք կկարողանանք գնելու հետ մեկտեղ նաև վաճառել, այսօր մենք միայն կարողանում ենք գնել»: «Հայ - թուրքական սահմանի բացվելը միայն մեզ է օգուտ՝ այս պարագայում», - վստահեցրեց նախարարը:  
09:32 - 19 հուլիսի, 2022
Պահանջում ենք անհապաղ դադարեցնել Հատիս լեռան վրա ցանկացած շինաշխատանք․ հայտարարություն

Պահանջում ենք անհապաղ դադարեցնել Հատիս լեռան վրա ցանկացած շինաշխատանք․ հայտարարություն

Մի խումբ ՀԿ-ներ հանդես են եկել Հատիս լեռան վրա Հիսուսի արձանի տեղադրման, հարակից տարածքում այլ օբյեկտների շինաշխատանքների դեմ հայտարարությամբ: Հայտարարության մեջ նշվում է. «2022 թվականի հուլիսի 7-ին ՀՀ Կառավարության կողմից նախնական հավանություն է տրվել Հատիս լեռան վրա Գագիկ Ծառուկյանի կողմից Հիսուս Քրիստոսի արձանի կառուցման վերաբերյալ։ Ինչպես նախագծի հեղինակի, այնպես էլ ՀՀ կառավարության կողմից նշվել է, որ Հիսուսի արձանի տեղադրումը Հատիս լեռան վրա էականորեն կմեծացնի զբոսաշրջային հետաքրքրությունը Հայաստանի նկատմամբ։ Հետաքննող լրագրողների կողմից օրերս իրականացված ուսումնասիրության արդյունքներից էլ պարզ է դարձել, որ «Գագիկ Ծառուկյան» բարեգործական հիմնադրամը սեփականության իրավունքով ձեռք է բերել Հատիս լեռան վրա գտնվող 9 հողակտոր։ Հողակտորների կադաստրային կոորդինատները համադրելով արբանյակից արված լուսանկարների հետ՝ պարզ է դառնում, որ տարածքը գտնվում է անմիջապես Հատիս լեռան գագաթին։ «Գագիկ Ծառուկյան» հիմնադրամի ձեռք բերած հողակտորները ներառում են նաև Հատիսի բերդ կոչվող հնագիտական վայրը։ 2022 թվականի հուլիսի 14-ին հրապարակված մեկ այլ ուսումնասիրության համաձայն՝ Հատիս լեռան գագաթ տանող ճանապարհներ են կառուցվում, էլեկտրալարերի սյուներ տեղադրվում։ Ըստ տեղեկության՝ Կոտայքի մարզի Ակունք խոշորացված համայնքի գյուղերից դեպի Հատիս լեռան գագաթ տանող ճանապարհներ են կառուցվում։ Մեկ այլ հրապարակման համաձայն՝Հատիս լեռան ճանապարհին արդեն իսկ տեղադրվել են դարպասներ, որոնք թույլ չեն տալիս կողմնակի անձանց հատել դարպասներն ու բարձրանալ լեռը։ Համաձայն «Պատմության և մշակույթի անշարժ հուշարձանների ու պատմական միջավայրի պահպանության և օգտագործման մասին» ՀՀ օրենքի հոդված 22-ի՝ «Հուշարձաններ ներառող տարածքներում շինարարական, գյուղատնտեսական և այլ կարգի աշխատանքների համար հողի հատկացումները, կառուցապատման, ինժեներատրանսպորտային հաղորդակցության ուղիների նախագծերը սահմանված կարգով համաձայնեցվում են լիազորված մարմնի հետ»: Եթե նշված աշխատանքները կարող են վտանգել այդ տարածքներում գտնվող հուշարձանների պահպանությունն ու անվթարությունը, նախապես, աշխատանքների պատվիրատուի միջոցներով իրագործվում են հուշարձանների պահպանությունն ու անվթարությունն ապահովող միջոցառումներ` հետախուզություն, պեղումներ, վերականգնման աշխատանքներ, բացառիկ դեպքերում` տեղափոխում և լիազորված մարմնի կողմից առաջարկվող այլ աշխատանքներ: Հոդված 24-ի բ ենթակետը սահմանում է հուշարձանների կամ դրանց պահպանության գոտիների տարածքներում գյուղատնտեսական, շինարարական կամ այլ աշխատանքների ընթացքում հուշարձանները ուսումնասիրելու, վավերագրելու, պահպանելու, իսկ բացառիկ դեպքերում` տեղափոխելու անհրաժեշտությունը։ Համաձայն «Պատմության և մշակույթի անշարժ հուշարձանների պետական հաշվառման, ուսումնասիրման, պահպանության, ամրակայման, նորոգման, վերականգնման և օգտագործման կարգը հաստատելու մասին» ՀՀ կառավարության 2002 թվականի ապրիլի 20-ին ընդունված որոշման 33-րդ կետի՝ Հուշարձանի զբաղեցրած տարածքում արգելվում են հուշարձանի նպատակային օգտագործմանը չհամապատասխանող շինարարական, գյուղատնտեսական և այլ աշխատանքների կատարումը, ինչպես նաև տնտեսական ու արտադրական գործունեությունը: Այդ տարածքում կարող են կատարվել միայն հուշարձանի ուսումնասիրման, պահպանման, թանգարանացման և ցուցադրության կազմակերպման, ինչպես նաև հուշարձանի նպատակային օգտագործմանը նպաստող վերականգնողական և նորոգման աշխատանքներ: Սույն որոշման 42-րդ կետի համաձայն «Հուշարձաններ ընդգրկող տարածքներում շինարարական, ճանապարհաշինարարական, երկրաբանական և այլ աշխատանքների նախագծերը լիազորված մարմնի հետ համաձայնեցվում են նոր շինարարության նախագծման ու տեխնիկատնտեսական հիմնավորման առաջադրանքի մշակման նախապատրաստման փուլում»: 2008 թվականից ի վեր Հատիսը ճանաչված է որպես բնության հուշարձան: «Բնության հատուկ պահպանվող տարածքների մասին» ՀՀ օրենքի 1-ին հոդվածի համաձայն՝ բնության հուշարձանը «գիտական, պատմամշակութային և գեղագիտական առանձնահատուկ արժեք ներկայացնող բնական օբյեկտ» է: Ըստ նույն օրենքի 19-րդ հոդվածի 1-ին մասի ՝ «Հայաստանի Հանրապետությունում բնության հուշարձանի զբաղեցրած տարածքում արգելվում է ցանկացած գործունեություն, որը սպառնում է դրա պահպանությանը»։ Ավելին, «Շրջակա միջավայրի վրա ազդեցության գնահատման և փորձաքննության մասին» ՀՀ օրենքի 14-րդ հոդվածը սահմանում է շրջակա միավայրի վրա ազդեցության գնահատման և փորձաքննության ենթակա հիմնադրութային փաստաթղթերը եւ նախատեսվող գործունեության տեսակները։ Նույն հոդվածի 8-րդ մասը նախատեսում է, որ փորձաքննության ենթակա են նաև այդ հոդվածի 3-րդ մասում չթվարկված բոլոր նախատեսվող գործունեության տեսակները, որոնք իրականացվելու են բնության հատուկ պահպանվող և անտառային տարածքներում, պատմամշակութային հուշարձանների սահմաններում, ընդհանուր օգտագործման կանաչ տարածքներում։ Այսինքն, մինչ Կառավարության կողմից նախնական թույլտվություն տալը, ծրագրի հեղինակները պարտավոր էին իրականացնել օրենքով սահմանված՝ շրջակա միջավայրի վրա ազդեցության գնահատումը և փորձաքննությունը, քանի որ քննարկող տարածքը ինչպես ներկայացվեց, համարվում է հատուկ պահպանության ենթակա բնության հուշարձան: Հատիս լեռան վրա Հիսուսի արձանի կառուցման եւ նշված տարածքների օտարման առնչությամբ ակնհայտ են առնվազն հետևյալ խնդիրները՝ – Հանրային նշանակության եւ մշակութային հուշարձան հանդիսացող տարածքը մասնավոր անձի օտարելը լի է կոռուպցիոն ռիսկերով, և հերթական անգամ վեր է հանում ՀՀ իշխանությունների անհետևողական, ոչ թափանցիկ գործունեությունը, ինչը մեծացնում է իշխանությունների նկատմամբ հանրային անվստահությունը։ – ՀՀ իշխանությունները, ի դեմս Կառավարության, խախտում են ՀՀ մշակութային ժառանգության պահպանության օրենսդրությունը։ Մինչդեռ Կառավարությունը առաջնային պատասխանատվություն է կրում հետևել ՀՀ օրենսդրությանն ու հետևողական լինել մշակութային ժառանգության օբյեկտների պահպանությանը։ – ՀՀ իշխանությունները եւ արձանի կառուցման հեղինակները կոպտորեն խախտում են «Շրջակա միջավայրի վրա ազդեցության գնահատման եւ փորձաքննության մասին» ՀՀ օրենքի և «Բնության հատուկ պահպանվող տարածքների մասին» ՀՀ օրենքի պահանջները։ – Հանրային նշանակության և նման կարևորության հարցի առնչությամբ ակնկալվում էր հանրային լսումների անցկացում, որը անտեսվել է ՀՀ իշխանությունների կողմից։ Մինչդեռ նման լսումները կարող էին օբյեկտիվ քննության առարկա դարձնել ինչպես արձանի կառուցման նպատակային նշանակության և անհրաժեշտության, այնպես էլ անօրինական կերպով մշակութային հուշարձանը օտարելու հետ կապված մի շարք հարցեր։ Հաշվի առնելով ներկայացված հանգամանքները, հարցի առնչությամբ տիրող հանրային բողոքն ու ակնհայտ անօրինականությունները՝ Պահանջում ենք՝ Անհապաղ դադարեցնել Հատիս լեռան վրա եւ տարածքում ցանկացած շինարարական աշխատանքի իրականացում, Չեղարկել Հատիս լեռան վրա Հիսուսի արձանի կառուցման Կառավարության նախնական համաձայնությունը, Իրականացնել հանրային լսումներ արձանի կառուցման նպատակային նշանակության եւ անհրաժեշտության վերաբերյալ՝ բոլոր շահագրգիռ կողմերի մասնակցությամբ, Իրականացնել քննություն Հատիս լեռան գագաթի օտարման ու սեփականաշնորհման օրինականության ստուգման նպատակով, ինչպես նաև ուսումնասիրել Հատիս լեռան վրա ապօրինի շինարարական աշխատանքների կատարումն ու պատասխանատվության ենթարկել մեղավորներին։ Իրավունքների պաշտպանություն առանց սահմանների ՀԿ Թրանսփարենսի Ինթերնեշնլ Հակակոռուպցիոն Կենտրոն Հելսինկյան Քաղաքացիական ասամբլեայի Վանաձորի գրասենյակ Բաց Հասարակության հիմնադրամներ Հայաստան «Համայնքային համախմբման և աջակցության կենտրոն» ՀԿ Երևանի Մամուլի Ակումբ Ինֆորմացիայի ազատության կենտրոն Հելսինկյան ասոցիացիա իրավապաշտպան ՀԿ «Ազատ քաղաքացի» քաղաքացիական նախաձեռնությունների աջակցման ՀԿ «Հեռանկարային զարգացման կենտրոն» ՀԿ Հանրային լրագրության ակումբ Գորիսի մամուլի ակումբ Մեդիա նախաձեռնությունների կենտրոն Հայկական բնապահպանական ճակատ կամավորական նախաձեռնություն Խոսքի ազատության պաշտպանության կոմիտե Իրավունքի զարգացման և պաշտպանության հիմնադրամ
17:22 - 18 հուլիսի, 2022
«Արմօյլ» ՓԲԸ-ին սնանկ ճանաչելու պահանջով հայց է ներկայացվել դատարան
 |hetq.am|

«Արմօյլ» ՓԲԸ-ին սնանկ ճանաչելու պահանջով հայց է ներկայացվել դատարան |hetq.am|

hetq.am: «Արմօյլ» փակ բաժնետիրական ընկերությանը սնանկ ճանաչելու պահանջով «Անքրաժ» ՍՊԸ-ն հայցադիմում է ներկայացրել Սնանկության դատարան։ Այս մասին տեղեկանում ենք «Դատալեքս» դատական տեղեկատվական համակարգից։ Հայցադիմումը դատարում ստացվել է 2022թ․ հունիսի 23-ին։ Հունիսի 28-ին դատավոր Նելլի Հարությունյանը վարույթ է ընդունել «Անքրաժ» ՍՊԸ-ի դիմումը։ Ձգձգված շինարարություն և իրավական խնդիրներ «Բարգավաճ Հայաստան» կուսակցության նախագահ Գագիկ Ծառուկյանին և իրանահայ գործարար Հենրիկ Տեր-Ղուկասյանին պատկանող «Արմօյլ» ՓԲԸ-ն Կոտայքի մարզի Եղվարդ համայնքում նավթամթերքի վերամշակման գործարան է կառուցել, որտեղ նախատեսվում էր բիտում և քսայուղեր արտադրել։  Գործարանի շինարարությունը մեկնարկել էր 2015 թվականին և ավարտվել 2019-ին, սակայն մինչև օրս գործարանը շահագործման չի հանձնվել, քանի որ ամբողջ ընթացքում իրավական ընթացակարգերի հետ կապված տարատեսակ հարցեր են առաջացել։ Նախ առաջինը՝ ընկերության կառուցած հսկայական շինություններն ինքնակամ են, քանի որ «Արմօյլը» Եղվարդի քաղաքապետարանից (այժմ՝ Նաիրի խոշորացված համայնք) շինարարական թույլտվություն չէր ստացել։  Չնայած դրան՝ ընկերությունը գործարանի կառուցման համար կառավարությունից արտոնություն էր ստացել 2015թ․ դեկտեմբերի 24-ին, իսկ 2018 թվականի օգոստոսի 30-ին արտոնության ժամկետը երկարաձգվել էր։ Ընկերությանը թույլատրվել էր ներդրումային ծրագրի շրջանակներում սարքավորումներ ներմուծել առանց ավելացված արժեքի հարկի վճարման: Երկրորդ գլխավոր հարցը վերաբերում էր շրջակա միջավայրի վրա ազդեցության գնահատմանը (ՇՄԱԳ), քանի որ ընկերության գործունեությունը Շրջակա միջավայրի վրա ազդեցության գնահատման և փորձաքննության մասին օրենքով՝ ենթակա էր բնապահպանական փորձաքննության՝ պարզելու համար, թե որքանով է այդ տեսակի գործունեությունը անվտանգ շրջակա միջավայրի համար։ ՇՄԱԳ փորձաքննություն իրականացնելու համար ընկերությունը մի քանի անգամ դիմել է փորձաքննական կենտրոնին, սակայն փաստաթղթերը լրակազմ չլինելու պատճառով հետ են վերադարձվել։ Դրանից հետո «Արմօյլը» մշտապես պնդում էր, թե ընկերության գործունեությունը ենթակա է չէ փորձաքննության։ Բնապահպանության և ընդերքի տեսչական մարմինը մի քանի անգամ վարչական տույժերի է ենթարկել ընկերությանը՝ արգելելով գործարանի տարածքում որևէ տեսակի գործողություն, սակայն «Արմօյլը» այնուամենայնիվ, ավարտին է հասցրել գործարանի շինարարությունը, սակայն ՇՄԱԳ փորձաքննության վերաբերյալ ընկերության և պետության տարբեր մոտեցումների պատճառով, գործարանն այդպես էլ չի գործարկվել։   Շարունակությունը՝ hetq.am-ում
16:07 - 14 հուլիսի, 2022
ՀԱԻ Գիտխորհուրդը հայտարարություն է տարածել Հատիս լեռան գագաթին Քրիստոսի մոնումենտալ արձանի տեղադրման նախագծի վերաբերյալ

ՀԱԻ Գիտխորհուրդը հայտարարություն է տարածել Հատիս լեռան գագաթին Քրիստոսի մոնումենտալ արձանի տեղադրման նախագծի վերաբերյալ

ՀԱԻ (Հնագիտության և ազգագրության ինստիտուտ) Գիտխորհուրդը հայտարարություն է տարածել Հատիս լեռան գագաթին Քրիստոսի մոնումենտալ արձանի տեղադրման նախագծի վերաբերյալ, որը ներկայացնում ենք ստորև․   «Հաշվի առնելով Հատիս լեռան գագաթին Հիսուս Քրիստոսի արձանը տեղադրելու՝ հասարակական լայն հնչեղություն ստանալու հանգամանքը և արդեն իսկ տեղում համապատասխան շինարարական աշխատանքների նախաձեռնումը՝ Հնագիտության և ազգագրության ինստիտուտի Գիտական խորհուրդն անհրաժեշտ է համարում իր մասնագիտական ուղղվածության շրջանակներում անդրադառնալ նշված խնդրի հետևյալ երկու հայեցակետերին՝ իրենց ենթակետերով.   1. Պատմամշակութային-հնագիտական 2. Մարդաբանական-մշակութաբանական:   1. Մոնումենտալ արձանի կառուցումը Հատիսի գագաթին խաթարում է բնական և պատմամշակութային հուշարձանի ողջ համակարգն ու միջավայրը:   ա. Հատիս լեռան գագաթին գտնվող բրոնզ-երկաթեդարյան ամրոցը և օժանդակ շինությունները ներկա պահին դեռևս գրանցված չեն ՀՀ հուշարձանների պետական ցուցակում, քանի որ համարվում են նորահայտ հուշարձան՝ համաձայն «Պատմության և մշակույթի անշարժ հուշարձանների ու պատմական միջավ1այրի պահպանության և օգտագործման մասին» ՀՀ օրենքի հոդված 20-ի [1]: Հնագիտության և ազգագրության ինստիտուտի հայ-իտալական արշավախումբը (ղեկավարներ՝ Արթուր Պետրոսյան, Ռոբերտո Դան) Կոտայքի հետախուզական ծրագրի շրջանակում (KSP) 2019 թ. սկսած ուսումնասիրություններ է իրականացրել Հատիս լեռան մերձակա բնակավայրերի վարչական տարածքներում գտնվող հնավայրերի և մասնավորաբար՝ KSP 163 կամ Հատիսի ամրոց հնավայրի տարածքում:   Վերջինս գտնվում է Հատիս լեռան գագաթին (GPS 40°18'25.80"N, 44°43'30.90"E, բարձ․ 2530 m), Զովաշեն 1,5 կմ, Կապուտան 3 կմ, Հատիս 2,5 կմ, խոշորացված համայնքի կենտրոն Ակունքից ավելի քան 5 կմ հեռավորության վրա։ Ամրոցը ժողովրդի մեջ հայտնի է Շամիրամի կամ Քյոռօղլու բերդ անվանումներով: Հնավայրը գերիշխող դիրք ունի շրջակայքի բոլոր կարևոր ամրաշինական կառույցների վրա: Համալիրը բաղկացած է լեռան գագաթային մասը շրջառող ամրաշինական պարսպապատերից և կենտրոնական մասում տեղակայված կառույցներից: Պարսպապատերն իրար զուգահեռ ձգվում են հյուսիս – հարավ ուղղվածությամբ, արևելյան պարսպապատն ունի 140 մ երկարություն, մոտ 4,5 մ լայնություն։ Այս պարսպապատի հարավային մասին կից է 5 x 6 մ չափերի աշտարակը, որից 12 մ հյուսիս պահպանվել են որմնահեցի մնացորդները՝ պատի 2 մ հաստությամբ։ Այս հատվածից 20 մ հյուսիս պահպանվել է 3 մ լայնության մուտքը, որի երկու կողմերում ևս երկու որմնահեցեր կան։ Արևմտյան պարսպաշարն ունի 280 մ երկարություն, պատի արևելյան հատվածում տեղակայված են հնավայրի հիմնական կառույցները։ Պարսպաշարը կառուցված է խոշոր քարերից, պահպանվել է ավելի քան 10 շարք՝ մոտ 3 մ բարձրությամբ։ Արևմտյան պարսպաշարին կից առկա են տարածաշրջանի մի շարք հնավայրերում արձանագրված քարացրոններին կից կամ նրանց մեջ տեղակայված կառույցներ: Ամբողջ հնավայրի մակերեսը գրավում է Հատիս լեռան գագաթը՝ ավելի քան 280 x 100 մ չափսերով (1,65 հա)։ Հնավայրի թե՛ պարսպաշարը, թե՛ կառույցները շարված են առանց լիցք՝ հրաբխի արդյունքում լեռան գագաթին մերկացած բազալտի խոշոր և միջին բլոկներով։ Թեև վերգետնյա գտածոները բացակայում են, ըստ կառուցման տեխնիկայի և հատակագծային լուծումների՝ այս հնավայրը թվագրվում է բրոնզ-երկաթեդարյան ժամանակաշրջանով (մ.թ.ա. 2-րդ – 1-ին հազարամյակների սահման)։   Քննարկվող հնավայրի տարածքում արձանի տեղադրման նպատակով կատարված շինարարական աշխատանքների արդյունքում անդառնալիորեն աղճատվել է հնավայրի հատկապես կենտրոնական հատվածը, այստեղ առկա կառույցները և արևելյան պարսպապատի մի հատվածը։ Հողաշերտի հեռացման արդյունքում արևելյան պարսպապատի խաթարված հատվածը հնարավոր է վերականգնել, մինչդեռ դա այլևս անհնար է կենտրոնական մասում առկա կառույցների պարագայում, քանի որ դրանք ենթարկվել են ծանր տեխնիկայով քանդման, ինչից հետո նոր հող է կուտակվել այդ հատվածում ապագայում նախատեսված արձանի հիմքի համար։ Հնավայրի արևմտյան հատվածի պարսպապատը չի վնասվել, անդառնալիորեն ավերվել են նրան կից կառույցները, ինչը նույնպես հողալիցքի հեռացնելուց հետո հնարավոր չէ մաքրել և վերականգնել։   Հուշարձանների պահպանության իրավա-օրենսդրական հիմքը կազմում են «Պատմության և մշակույթի անշարժ հուշարձանների ու պատմական միջավայրի պահպանության և օգտագործման մասին» օրենքն՝ ընդունված 1998-ի նոյեմբերի 11-ին (https://www.arlis.am/DocumentView.aspx?DocID=38019), «Պատմության և մշակույթի անշարժ հուշարձանների պետական հաշվառման, ուսումնասիրման, պահպանության, ամրակայման, նորոգման, վերականգնման և օգտագործման կարգը հաստատելու մասին» ՀՀ կառավարության 2002-ի ապրիլի 20-ին ընդունված որոշումը (https://www.arlis.am/documentview.aspx?docID=22601) և «Մշակութային օրենսդրության հիմունքների մասին» ՀՀ օրենքն՝ ընդունված 2002-ի նոյեմբերի 20-ին։   Համաձայն «Պատմության և մշակույթի անշարժ հուշարձանների ու պատմական միջավայրի պահպանության և օգտագործման մասին» ՀՀ օրենքի հոդված 22-ի՝ «Հուշարձաններ ներառող տարածքներում շինարարական, գյուղատնտեսական և այլ կարգի աշխատանքների համար հողի հատկացումները, կառուցապատման, ինժեներատրանսպորտային հաղորդակցության ուղիների նախագծերը սահմանված կարգով համաձայնեցվում են լիազորված մարմնի հետ»: Եթե նշված աշխատանքները կարող են վտանգել այդ տարածքներում գտնվող հուշարձանների պահպանությունն ու անվթարությունը, նախապես՝ աշխատանքների պատվիրատուի միջոցներով իրագործվում են հուշարձանների պահպանությունն ու անվթարությունն ապահովող միջոցառումներ` հետախուզություն, պեղումներ, վերականգնման աշխատանքներ, բացառիկ դեպքերում` տեղափոխում և լիազորված մարմնի կողմից առաջարկվող այլ աշխատանքներ:   Հոդված 24-ի բ ենթակետը սահմանում է հուշարձանների կամ դրանց պահպանության գոտիների տարածքներում գյուղատնտեսական, շինարարական կամ այլ աշխատանքների ընթացքում հուշարձաններն ուսումնասիրելու, վավերագրելու, պահպանելու, իսկ բացառիկ դեպքերում` տեղափոխելու անհրաժեշտությունը։   Համաձայն «Պատմության և մշակույթի անշարժ հուշարձանների պետական հաշվառման, ուսումնասիրման, պահպանության, ամրակայման, նորոգման, վերականգնման և օգտագործման կարգը հաստատելու մասին» ՀՀ կառավարության 2002-ի ապրիլի 20-ին ընդունված որոշման 33-րդ կետի՝ Հուշարձանի տարածքում արգելվում են հուշարձանի նպատակային օգտագործմանը չհամապատասխանող շինարարական, գյուղատնտեսական և այլ աշխատանքների կատարումը, ինչպես նաև տնտեսական ու արտադրական գործունեությունը: Այդ տարածքում կարող են կատարվել միայն հուշարձանի ուսումնասիրման, պահպանման, թանգարանացման և ցուցադրության կազմակերպման, ինչպես նաև հուշարձանի նպատակային օգտագործմանը նպաստող վերականգնողական և նորոգման աշխատանքներ: Սույն որոշման 42-րդ կետի համաձայն՝ «Հուշարձաններ ընդգրկող տարածքներում շինարարական, ճանապարհաշինարարական, երկրաբանական և այլ աշխատանքների նախագծերը լիազորված մարմնի հետ համաձայնեցվում են նոր շինարարության նախագծման ու տեխնիկատնտեսական հիմնավորման առաջադրանքի մշակման նախապատրաստման փուլում»:   բ. Ինչ վերաբերում է բնական հուշարձանի միջավայրին, ապա Հատիսը որպես բնության հուշարձան գրանցվել է դեռևս 2008-ին (https://www.arlis.am/documentview.aspx?docid=93314), ըստ այդմ՝ ՀՀ-ում բնության հուշարձանի տարածքում արգելվում է ցանկացած գործունեություն, որը սպառնում է դրա պահպանությանը» https://www.arlis.am/DocumentView.aspx?DocID=29624): Բնության հուշարձանի տարածքում ցանկացած գործողություն նախապես (այս դեպքում՝ նախքան որևէ մրցույթ հայտարարելը կամ առավել ևս՝ սեփականաշնորհելուց առաջ) պետք է ստանար ՀՀ շրջական միջավայրի նախարարության թույլտվությունը:   2. Մարդաբանական-մշակութաբանական տեսանկյունից՝ անհրաժեշտ ենք համարում նշել, որ դարերի ընթացքում ձևավորված հայ քրիստոնեական լանդշաֆտում հատուկ կարևորություն է տրվել բացօթյա սրբազան տարածքների կազմակերպմանը, որի դոմինանտները 5-7-րդ դարերում կազմել են թևավոր խաչով պսակվող տարատեսակ կոթողները, իսկ 9-րդ դարից սկսած՝ այդ դերակատարումը ստանձնել է խաչքարը: Հայ քրիստոսաբանությունն, իր ձևավորման փուլից սկսած, Քրիստոսին և նրա փրկագործական խաչելությունը ներկայացնելու համար ընտրել է ոչ թե կերպարը, այլ նշանը, այսինքն՝ խաչը, պատկերներին տալով օժանդակ նշանակություն: Քառակող քանդակը չի կիրառվել ոչ միայն բացօթյա, այլև փակ սրբազան տարածքներում (եկեղեցի, մատուռ, գավիթ, զանգակատուն ևն): Հանրային տարածքում քրիստոնեական սրբերի և կերպարների պատվին արձաններ կանգնեցնելը խախտում է Հայաստանեայց Առաքելական եկեղեցու գաղափարական, տարածքի կազմակերպման, ծիսակարգի և պատկերագրական ավանդույթները: Այն նաև աղավաղում է հայկական դասական մշակութայնացված լանդշաֆտը:   Վերջին օրերին զարգացող իրադարձությունները ցույց են տալիս, որ Հատիս լեռան վրա՝ իր չափերով միջավայրը ճնշող և խաթարող հուշարձանի տեղադրման գաղափարը չի անցել բավարար փորձաքննություն, չեն պահպանվել համապատասխան ընթացակարգերը։ Ավելին, խնդիրը չի դիտարկվել ազգային ինքնության, մշակույթի, կրոնական ինքնության համատեքստերում՝ այն դեպքում, երբ խոսքը ոչ թե սոսկ արձանի, այլ մշակութային ու կրոնական ինքնության նոր տեսլական առաջարկող, հայոց մշակույթում ընդունված մոդելներին խորթ մի նախաձեռնության մասին է։ Ասվածը վկայում է Հայաստանում համակարգային լուրջ բացթողումների, ինստիտուտների միջև համադրվող աշխատանքի բացակայության, ինչպես նաև պետական և մասնավոր սեկտորների չհատվող իրականությունների մասին։   Կարծում ենք, որ հայ ինքնության տեսանկյունից կարևոր նշանակություն ունեցող հարցերը (և սա միայն եկեղեցու հետ հարաբերությունների խնդիր չէ) չեն կարող լուծվել միայն մեկ անհատի ցանկությամբ։ Փորձը ցույց է տալիս, որ առավել վտանգավոր ու էթնոմշակութային համալիրների վրա կործանարար ազդեցություն ունեցող մենաշնորհները հենց մշակույթի ոլորտի մենաշնորհներն են. խորհրդային անցյալը, թերևս, դրա ամենավառ ապացույցն է։   Կարևոր խնդիր է այստեղ՝ նման խոշոր նախագծեր իրականացնելուց առաջ բազմակողմանի հետազոտության (ոչ միայն հնագիտական, այլև զբոսաշրջային, տնտեսական, սոցիալական, մարդաբանական, բնապահպանական ևն) ու համապատասխան հաշվարկների բացակայությունը և պետության կողմից նման պահանջ չներկայացնելը, համապատասխան ընթացակարգ չունենալը, որով հաշվի կառնվեին ոչ միայն գործարարի հնարավոր շահույթը և համապատասխան ներդրումներն ու հնարավոր հարկերը, այլև շրջակա միջավայրի վրա ազդեցությունը, սոցիալական արդարության սկզբունքի պահպանումը, նյութական և ոչ-նյութական առկա արժեքների հետ համադրումը։ Եթե խնդիրը դիտարկենք զբոսաշրջային ոլորտի զարգացման ծիրում, ապա հանրահայտ փաստ է, որ Հատիս լեռը բազմաթիվ արշավախմբերի համար սիրված և տարբեր զբոսաշրջային երթուղիներում ներառված վայրերից է։ Նման զբոսաշրջությունը, որը հաշվի է առնում լեռան բնապատմական միջավայրն անխաթար պահելու պայմանը, այսօր առավել նախընտրելի և զբոսաշրջության առավել զարգացած տեսակներից է։ Այն ոչ միայն էկոտուրիզմի մեջ տեղավորվող տեսակներից է, այլև սոցիալական արդարության՝ լեռան հասանելիությունն ու հավասար մատչելիությունը ապահովող մոտեցումներից։ Չկա որևէ հիմնավորում, թե ինչու՛ է պետք փոխել զբոսաշրջիկների տեսակն ու սոցիալական կազմը՝ ժամանցային ծառայություններից օգտվող զբոսաշրջիկով։   Աչքի առաջ ունենալով նշված նախադեպը և այսուհետ նմանատիպ այլ դեպքերից ու հապճեպ որոշումներից խուսափելու նպատակով՝ ակնհայտ է, որ անհրաժեշտություն կա լայնամասշտաբ նախագծեր նախաձեռնելու և որոշումներ ընդունելու ընթացակարգերում անպայմանորեն հաշվի նստել համապատասխան կառույցների փորձագիտական կարծիքի հետ: Մանավանդ, որ վտանգ կա, որ առանց լուրջ փորձագիտական եզրակացությունների որոշումներ կայացնելու արատավոր այս շղթան կարող է շարունակական լինել և հանգեցնել նորանոր հասարակական դժգոհությունների:   [1] «Պատմական, գիտական, գեղարվեստական կամ մշակութային այլ արժեք ունեցող նոր հայտնաբերված կամ նոր արժեքավորված օբյեկտն ստանում է նորահայտ հուշարձանի կարգավիճակ և պահպանվում է մինչև հուշարձանների պետական ցուցակում ընդգրկվելը` օրենսդրությամբ սահմանված կարգով:   Նորահայտ հուշարձանը տնօրինող իրավաբանական կամ ֆիզիկական անձը պարտավոր է ապահովել դրա անվթարությունը, իսկ պետության կողմից այն վերցնելու դեպքում սեփականատիրոջ կրած վնասը փոխհատուցվում է օրենսդրությամբ սահմանված կարգով: Հուշարձանի հայտնաբերման փաստը թաքցնող, այն հաշվառելու և ուսումնասիրելու համար արգելքներ ստեղծող, ինչպես նաև գտածոները ոչնչացնող կամ յուրացնող անձը պատասխանատվություն է կրում Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով»:
15:22 - 14 հուլիսի, 2022
Վահրամ Դումանյանը տեղյակ չէ, թե ինչ պայմաններում եւ ինչպես է Հատիս լեռան 140 հեկտար հողատարածը օտարվել Գագիկ Ծառուկյանին |news.am|

Վահրամ Դումանյանը տեղյակ չէ, թե ինչ պայմաններում եւ ինչպես է Հատիս լեռան 140 հեկտար հողատարածը օտարվել Գագիկ Ծառուկյանին |news.am|

news.am: ԿԳՄՍ նախարար Վահրամ Դումանյանը տեղյակ չէ, թե ինչ պայմաններում եւ ինչպես է Հատիս լեռան 140 հեկտար հողատարածը օտարվել Գագիկ Ծառուկյանին։ Այս մասին այսօր՝ հուլիսի 14-ին, կառավարության նիստից հետո՝ լրագրողների հետ զրույցում ասաց Վահրամ Դումանյանը՝ ի պատասխան լրագրողների ճշտող հարցերին։ «Ես չգիտեմ։ «Հետքն» է գրել, իրենց հարցրեք։ Ես չգիտեմ՝ ինչպես, քանի միլիոնով է վաճառվել։ Դա դուք գիտեք, հարգելի լրագրողներ։ Ես մանրամասներ չգիտեմ։ Արդյոք միայն այդ սարն է վաճառված։ Գուցե էլի սարեր կան, ինչո՞ւ եք հենց այդ սարի վրա ֆիսքվել։ Լրագրողի դիտարկմանը, որ կառավարությունը մեկ ընդհանուր օրգանիզմ է, եւ մի մարմինը մյուսից պետք է տեղյակ լինի, նախարարը հակադարձեց․ «Դուք, մեկ ընդհանուր օրգանիզմ ասելով,  ի՞նչ եք հասկանում, որ բոլորս բոլորի ամեն ինչին կարող ենք խառնվել։ Ամեն մեկն իր պրոֆեսիոնալ դաշտն է ծածկում։ Դուք ուզում եք բոլորին մեկտեղել եւ բոլորին ձեր ցանկացած հարցը տալ»։      
14:01 - 14 հուլիսի, 2022
«Ծառուկյան» հիմնադրամին է օտարվել Հատիս լեռան գագաթը․ տարածքը ներառում է նաև հնավայրը
 |hetq.am|

«Ծառուկյան» հիմնադրամին է օտարվել Հատիս լեռան գագաթը․ տարածքը ներառում է նաև հնավայրը |hetq.am|

hetq.am: «Գագիկ Ծառուկյան» բարեգործական հիմնադրամը սեփականության իրավունքով ձեռք է բերել Հատիս լեռան վրա գտնվող 9 հողակտոր։ Հողակտորների կադաստրային կոորդինատները համադրելով արբանյակից արված լուսանկարների հետ՝ պարզ է դառնում, որ այն գտնվում է անմիջապես Հատիս լեռան գագաթին։ «Գագիկ Ծառուկյան» հիմնադրամի ձեռք բերած հողակտորները ներառում են նաև Հատիսի բերդ կոչվող հնագիտական վայրը։ Կոտայքի մարզի Ակունք համայնքի ղեկավար Հունան Ռուբենյանը «Հետք»-ի հետ զրույցում հաստատեց, որ օտարված հողակտորները գտնվում են Հատիս լեռան գագաթին։ Հունան Ռուբենյանի խոսքով, 100 հեկտար հողակտորը «Ծառուկյան» հիմնադրամին օտարվել է համայնքի կողմից, իսկ 46 հեկտարը 2008 թ.-ին էր օտարվել քաղաքացի Նորիկ Պետրոսյանին, որն էլ այն նվեր է տվել «Գագիկ Ծառուկյան» հիմնադրամին։ «Հետք»-ը պարզել է, որ 2022 թ.-ի մայիս-հունիս ամիսներին Կոտայքի մարզի Ակունք, Հատիս և Զովաշեն համայնքների վարչական տարածքներում գտնվող շուրջ 140 հեկտար հողատարածք աճուրդային կարգով օտարվել է «Գագիկ Ծառուկյան» բարեգործական հիմնադրամին։ Կոտայքի մարզի Ակունք խոշորացված համայնքի ղեկավար Հունան Ռուբենյանը 2022 թ-ի հունիսի 3-ին որոշում է ստորագրել, որով «Գագիկ Ծառուկյան» բարեգործական հիմնադրամին են օտարվել ստորև ներկայացվող 4 առանձին հողակտերները։ Այդ որոշմանը նախորդել են նույն օրը համայնքի կողմից անցկացված աճուրդները։   Շարունակությունը՝ hetq.am-ում  
17:40 - 11 հուլիսի, 2022
«Պիտի տեղադրվին» կլինի այն ժամանակ, երբ լինի նախագիծը․ Դումանյանը՝  Հատիսում Հիսուսի արձան տեղադրելու մասին
 |armtimes.com|

«Պիտի տեղադրվին» կլինի այն ժամանակ, երբ լինի նախագիծը․ Դումանյանը՝ Հատիսում Հիսուսի արձան տեղադրելու մասին |armtimes.com|

armtimes.com: Հիմա միայն գաղափարը կա, և փաստաթղթավորման հետ կապված խնդիրները պետք է լուծվեն, դրանց լուծումը ընթացքի մեջ է։ Այս մասին այսօր լրագրողների հետ ճեպազրույցի ժամանակ ասաց ԿԳՄՍ նախարար Վահրամ Դումանյանը՝ անդրադառնալով Հատիս լեռան վրա Հիսուս Քրիստոսի արձանի կառուցմանը։ Ըստ նախարարի՝ արձանի տեղադրման և տեղադիրքի մասին խոսակցություն չի եղել, այլ միայն՝ գաղափարի մասին։ «Այս պահին արձանի վերաբերյալ նախագիծ չկա։ Ցանկացած քաղաքաշինական հարցով, եթե կա մտահոգություն, որ կարող է կարգին կամ օրենսդրությանը դեմ գործընթաց գնալ, լիազոր մարմինը պահանջում է խստորեն պահպանել կարգը և հետևել օրենսդրության պահանջներին։ Եթե չհետևեն, սահմանված կարգով համապատասխան դիմումներ կլինեն, և պատկան մարմինը կզբաղվի իր գործով»,- ասաց նա։ Դումանյանը նաև անդրադարձավ արձանի տեղադրման վերաբերյալ երեկ երեկոյան նախարարության տարածած հայտարարությանը, որը այսօր առավոտյան հեռացվեց ԿԳՄՍՆ ֆեյսբուքյան էջից, ապա մեկ ժամ հետո կրկին վերահրապարկվեց։ Նշենք՝ հայտարարությամբ նախարարությունը հորդորել է որոշ ժամանակով դադարեցնել ցանկացած գործունեություն Հատիս հնավայր-ամրոցի տարածքում, որը հակասում է գործող օրենսդրությանը և կարգերին։ Դումանյանը մեկնաբանեց, թե ինչո՞ւ է նախարարությունը տեքստից հեռացրել այն հատվածը, որտեղ նշված էր՝ «Հատիս լեռան՝ որպես տեղադիրքի ընտրության վայր տեղեկատվությունը ստացվել է լրատվամիջոցներից»: «Համապատասխան հայտարարությունը կա մեր ֆեյսբուքյան էջում։ Պարզապես դուրս է հանվել տեքստից այն, որը ծանրաբեռնել էր տեքստը։ Եկեք փնտրեք այնտեղ, որտեղ կորցրել ենք, այլ ոչ թե այնտեղ, որտեղ լույս կա: Դուք ֆիքսվել եք մի դրվագի վրա, որը կարեւոր չէ: Այն հայտարարությունը, որը տեղադրված է այսօր, նույնն է: Նախորդ օրը, եթե դուք ինչ-որ բան եք նկատել, տեխնիկական խնդիր է եղել: Կառավարության նիստին նշվել է, որ մեր դիրքորոշումը դրական է, եւ հետագա գործընթացը պետք է լինի գործող կարգին համապատասխան: Ի՞նչ եք կարծում՝ Կառավարությունը լրատվամիջո՞ց է: Մեզ հայտնի է, որ գաղափարը Հիսուսի արձանը Հատիսի վրա տեղադրելն է: Որ օրը եղավ հաստատված նախագիծը, այդ պահից էլ կարող ենք ասել, որ տեղադրվում է»,- նշեց նախարարը։ Ըստ նրա՝ պաշտոնական մասով որևէ խորհրդակցություն նախարարության հետ չի եղել։ Ինքը նախարարը արձանի հետ կապված հանդիպում չի ունեցել Գագիկ Ծառուկյանի հետ։ Վերջինս շեշտեց՝ ընդամենը գաղափար է, որ արձանը տեղադրվի Հատիս լեռան վրա, սակայն ոչ ոք չի ասում, որ «պիտի տեղադրվի»: «Մեզ հայտնի է, որ գաղափարն է այդպիսին, «պիտի տեղադրվին» կլինի այն ժամանակ, երբ որ կլինի սահմանված կարգով հաստատված նախագիծ»: Այս պահին այդ հաստատված նախագիծը չկա»,- ասաց նա: Դումանյանը նկատեց՝ որպես քաղաքացի՝ արձանի մասով չի կարող ասել, որ դա խիստ անհրաժեշտ բան է, սակայն չի էլ կարող նշել, որ այն վատն է։  
16:50 - 11 հուլիսի, 2022
Հիսուս Քրիստոսի մոնումենտալ արձանի շինարարությունը մեկնարկելու է միայն պատկան մարմինների դրական եզրակացություններից հետո. Գագիկ Ծառուկյան հիմնադրամ

Հիսուս Քրիստոսի մոնումենտալ արձանի շինարարությունը մեկնարկելու է միայն պատկան մարմինների դրական եզրակացություններից հետո. Գագիկ Ծառուկյան հիմնադրամ

«Գագիկ Ծառուկյան» բարեգործական հիմնադրամը հայտարարություն է տարածել՝ անդրադառնալով «Հիսուս Քրիստոս» մոնումենտալ արձանի տեղադիրքին առնչվող քննարկումներին, որի մեջ, մասնավորապես, ասված է. «Հաշվի առնելով Հատիս լեռան տարածքում պատմության և մշակույթի հուշարձանների առկայության վերաբերյալ մասնագիտական հանրույթի ու հանրային տարբեր շերտերի հնչեցրած մտահոգությունները՝ «Գագիկ Ծառուկյան» բարեգործական հիմնադրամը դիմել է պատկան մարմիններին՝ ստանալու համապատասխան մասնագիտական եզրակացություններն ու թույլտվությունները շինարարական աշխատանքները սկսելու համար: Այժմ իրականացվում են բացառապես ենթակառուցվածքների՝ ճանապարհների, էլեկտրականության, գազի, ջրի մատակարարումն ապահովելու ուղղությամբ տարվող որոշակի աշխատանքներ, իսկ Հիսուս Քրիստոսի մոնումենտալ արձանի շինարարությունը մեկնարկելու է պատկան մարմինների դրական եզրակացություններից հետո միայն»: Ավելի վաղ թեմայի շուրջ հայտարարություն էր տարածել նաև ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությունը: ԿԳՄՍ նախարարության հայտարարության մեջ նշված էր, որ ընդունելի համարելով «Հիսուս Քրիստոս» մոնումենտալ արձանի գաղափարը, միևնույն ժամանակ իր լիազորությունների և պատասխանատվության սահմաններում մինչ սահմանված կարգով նախագծի ներկայացումը և մասնագիտական ուսումնասիրությունը նախարարությունը պահանջում է դադարեցնել ցանկացած գործունեություն հնավայր-ամրոցի տարածքում, որը հակասում է գործող օրենսդրությանը և կարգերին:
12:43 - 11 հուլիսի, 2022
Հատիս լեռան՝ որպես տեղադիրքի ընտրության վայր տեղեկատվությունը ստացվել է լրատվամիջոցներից․ ՀՀ ԿԳՄՍ նախարարության պարզաբանումը

Հատիս լեռան՝ որպես տեղադիրքի ընտրության վայր տեղեկատվությունը ստացվել է լրատվամիջոցներից․ ՀՀ ԿԳՄՍ նախարարության պարզաբանումը

ԿԳՄՍ նախարարությունը արզաբանում է տարածել (ավելի ուշ նախարարությունը խմբագրել է հայտարարությունը) «Հիսուս Քրիստոս» մոնումենտալ արձանի տեղադրման և Հատիս լեռան տարածքում պատմության և մշակույթի հուշարձանների առկայության վերաբերյալ​, որում ասվում է․  «2022 թ. փետրվարի 28-ին «Գագիկ Ծառուկյան» բարեգործական հիմնադրամից ստացված՝ «Հիսուս Քրիստոս» մոնումենտալ արձանի տեղադրմանը վերաբերող գրությանն ի պատասխան՝ ԿԳՄՍ նախարարությունը մարտի 17-ի N 34/14.2/5473-2022 գրությամբ հիմնադրամին տեղեկացրել է, որ «… նախատեսվող մոնումենտալ քանդակ-համալիրի տեղադիրքը որոշելիս անհրաժեշտ է հաշվի առնել «Պատմության և մշակույթի անշարժ հուշարձանների ու պատմական միջավայրի պահպանության և օգտագործման մասին» ՀՀ օրենքի դրույթները և բացառել պատմության և մշակույթի հուշարձանների կամ դրանց պահպանական գոտիների տարածքներում այն տեղադրելուց»: Վերոնշյալ գրությունից հետո որևէ նախագիծ կամ ծրագիր նշյալ հիմնադրամի կողմից ՀՀ ԿԳՄՍ նախարարություն չի ներկայացվել, իսկ Հատիս լեռան՝ որպես տեղադիրքի ընտրության վայր տեղեկատվությունը ստացվել է լրատվամիջոցներից: Միևնույն ժամանակ նախարարության ենթակայության «Պատմամշակութային արգելոց-թանգարանների և պատմական միջավայրի պահպանության ծառայություն» ՊՈԱԿ-ի մարզային աշխատակիցներն ահազանգել են, որ դեպի Հատիս լեռան գագաթ իրականացվում են ճանապարհի ուղղման և լայնացման աշխատանքներ: ՀՀ ԿԳՄՍ նախարարության պատմության և մշակույթի հուշարձանների պահպանության վարչության հանձնարարությամբ ս/թ հուլիսի 7-ին վերոնշյալ ՊՈԱԿ-ի Կոտայքի մարզի հուշարձանների պահպանության մարզային ծառայության աշխատակիցները հնագետի ուղեկցությամբ այցելել են տարածք, կատարել համապատասխան ուսումնասիրություններ: Հիշեցնենք, որ Հատիս լեռան փեշերին ընդհանուր առմամբ առկա են պատմության և մշակույթի՝ պետական ցուցակում գրանցված շուրջ 20՝ տարբեր դարաշրջաններով թվագրվող հուշարձաններ: Տեղեկացնենք նաև, որ դեռևս 2019 թ․ հայ-իտալական հնագիտական արշավախմբի ուսումնասիրությունների արդյունքում Հատիս լեռան գագաթին նախնական տվյալներով առկա է բրոնզ-երկաթեդարյան հնավայր-ամրոց /նորահայտ օբյեկտ/, որի պարիսպները շատ լավ տեսանելի են օդային լուսանկարներից: Նշյալ նոր հայտնաբերված հնավայր-ամրոցի տարածքում իրականացվել են հողի լիցքի և հարթեցման աշխատանքներ: Այնուամենայնիվ, անգամ եթե նորահայտ օբյեկտը դեռ ընդգրկված չէ հուշարձանների պետական ցուցակում, ակնհայտ է, որ այն հնավայր-ամրոց է, և համաձայն ՀՀ կառավարության 2002 թվականի ապրիլի 20-ի «Պատմության և մշակույթի անշարժ հուշարձանների պետական հաշվառման, ուսումնասիրման, պահպանության, ամրակայման, նորոգման, վերականգնման և օգտագործման կարգը հաստատելու մասին» N 438 որոշման 43-րդ կետի՝ «Հիմնարկները, իրավաբանական և ֆիզիկական անձինք աշխատանքների կատարման ժամանակ պատմական, գիտական, գեղարվեստական և այլ մշակութային արժեք ունեցող հնագիտական և մյուս օբյեկտների հայտնաբերման պահից պարտավոր են դադարեցնել աշխատանքները և դրա մասին անհապաղ հայտնել լիազոր մարմնին»:​ Համաձայն «Պատմության և մշակույթի անշարժ հուշարձանների ու պատմական միջավայրի պահպանության և օգտագործման մասին» ՀՀ օրենքի 20-րդ հոդվածի` «Պատմական, գիտական, գեղարվեստական կամ մշակութային այլ արժեք ունեցող նոր հայտնաբերված կամ նոր արժեքավորված օբյեկտն ստանում է նորահայտ հուշարձանի կարգավիճակ և պահպանվում է մինչև հուշարձանների պետական ցուցակում ընդգրկվելը` օրենսդրությամբ սահմանված կարգով: Նորահայտ հուշարձանը տնօրինող իրավաբանական կամ ֆիզիկական անձը պարտավոր է ապահովել դրա անվթարությունը, իսկ պետության կողմից այն վերցնելու դեպքում սեփականատիրոջ կրած վնասը փոխհատուցվում է օրենսդրությամբ սահմանված կարգով: Հուշարձանի հայտնաբերման փաստը թաքցնող, այն հաշվառելու և ուսումնասիրելու համար արգելքներ ստեղծող, ինչպես նաև գտածոները ոչնչացնող կամ յուրացնող անձը պատասխանատվություն է կրում Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով»: ՀՀ ԿԳՄՍ նախարարությունը, ընդունելի համարելով «Հիսուս Քրիստոս» մոնումենտալ արձանի գաղափարը, միևնույն ժամանակ իր լիազորությունների և պատասխանատվության սահմաններում մինչ սահմանված կարգով նախագծի ներկայացումը և մասնագիտական ուսումնասիրությունը պահանջում է դադարեցնել ցանկացած գործունեություն հնավայր-ամրոցի տարածքում, որը հակասում է գործող օրենսդրությանը և կարգերին։
09:33 - 11 հուլիսի, 2022
Եթե Գագիկ Ծառուկյանը խառնվում է ինչ–որ գործի, ուրեմն դա պետք է լինի ամենալավը. Ծառուկյանը՝ Քրիստոսի արձանի մասին
 |news.am|

Եթե Գագիկ Ծառուկյանը խառնվում է ինչ–որ գործի, ուրեմն դա պետք է լինի ամենալավը. Ծառուկյանը՝ Քրիստոսի արձանի մասին |news.am|

news.am: Հիսուս Քրիստոսի արձանը տեղադրվելու է Հատիս լեռան վրա, որովհետեւ դիրքը շատ լավն է։ Այս մասին այսօր՝ հուլիսի 9-ին, լրագրողների հետ զրույցում ասաց  Գագիկ Ծառուկյանն՝ անդրադառնալով հարցին, թե ինչու է որոշվել Հիսուսի արձանը Հատիս լեռան վրա տեղադրվել։ «Ամբողջ Հայաստանից որտեղից էլ նայես՝ սա երեւում է, ինքներդ էլ եղաք այստեղ, տեսաք, թե ինչ դիրք ունի»,– ասաց Գագիկ Ծառուկյանը եւ նշեց, քանի որ խոսակցություններ են եղել, թե պետք չէ, որ արձանը լինի պատմամշակութային տարածքներում, իրեն ընտրել են ոչ  պատմամշակութային տարածք։ Անդրադառնալով հարցին, թե որոշ ժամանակ առաջ ասել էր, թե արձանի կառուցումը ոչ միայն հոգեւոր ուղերձ ունի, այլեւ ներքին հակասությունները հաղթահարելու հնարավորություն է, հիմա կարծո՞ւմ է, որ այդ ուղերձը տեղ է հասել,  հաշվի առնելով արձանի շուրջ խոսակցությունները, Գագիկ Ծառուկյանն ասաց. «Ուղերձը արդեն տեղ է հասել, ամենակարեւորը, որ մենք կարողանանք մեր ժողովրդին համախմբել, լինի հույս, հավատ, առանց հույսի ու հավատի ոչ մի բան չի լինելու, եթե կա հավատ, հույս, ամեն ինչն էլ իրականանալի է»։ Գագիկ Ծառուկյանը նախընտրեց չմեկնաբանել Հայ առաքելական եկեղեցու՝ Հիսուս Քրիստոսի արձանի տեղադրմանը դեմ լինելու հանգամանքը։ Ըստ Գագիկ Ծառուկյանի՝  դեպի Հատիս լեռ ճանապարհը բարեկարգվելու է, բացի այդ՝ կառուցվելու է 5 կմ երկարությամբ ճոպանուղի։ «Եթե Գագիկ Ծառուկյանը խառնվում է ինչ-որ գործի, ուրեմն դա պետք է լինի ամենալավը, ամենահարմարավետը, մենք սա ամբողջ աշխարհին ենք ներկայացնելու»,– ասաց Գագիկ Ծառուկյանը։ Ծառուկյանը, սակայն, չասաց, թե արձանը տեղադրելու համար որքան ներդրում է կատարելու։ Ծառուկյանի խոսքով` արձանի առաջին հարկում լինելու է թանգարան, արձանի տարածքում ոչինչ չի լինելու, իսկ լեռան ներքեւում լինելու են քոթեջներ, սրճարաններ: «Ինչ-որ անհրաժեշտ է, որ մարդիկ գան հարմարավետ զգան իրենց»,– ասաց նա։
18:19 - 09 հուլիսի, 2022
Զբոսաշրջության զարգացման գլխավոր անելիքը համարում ենք բարձրակարգ ենթակառուցվածքների կառուցումը, որը թույլ կտա զբոսաշրջիկներին Հայաստանում ավելի շատ բան տեսնել․ Վահան Քերոբյան

Զբոսաշրջության զարգացման գլխավոր անելիքը համարում ենք բարձրակարգ ենթակառուցվածքների կառուցումը, որը թույլ կտա զբոսաշրջիկներին Հայաստանում ավելի շատ բան տեսնել․ Վահան Քերոբյան

Էկոնոմիկայի նախարար Վահան Քերոբյանի կարծիքով՝ Հատիս սարի վրա Հիսուս Քրիստոսի արձանի կառուցումը «շռնդալից» զբոսաշրջային նախագիծ է։ Այս մասին այսօր՝ հուլիսի 9-ին, լրագրողների հետ զրույցում ասել է նախարարը։ «Ինչպես այլ ներդրումների պարագայում, այս դեպքում էլ մենք պատրաստ ենք հնարավորինս ամեն ինչ անել, որպեսզի նախագիծը առանց խոչընդոտների իրականություն դառնա։ Այսօր եկել ենք Հատիս լեռը, որպեսզի հասկանանք Կառավարության անելիքները, բնականաբար, այսօր պարզ չեն լինի բոլոր անելիքները, բայց կստորագրենք հուշագիր, որով Կառավարությունը իր օժանդակությունը կհայտնի այս նախագծին։ Հետո էլ բոլոր խնդիրները լուծելու համար կստեղծենք աշխատանքային խումբ, որը նախագծի օժանդակությունը կապահովի»,- ասաց Վահան Քերոբյանը։ Էկոնոմիկայի նախարարը նշեց, թե զբոսաշրջության բյուջեն վերջին տարիներին մեծացել է, օրինակ, 2021-ին, 4 մլրդ դրամ է ուղղվել զբոսաշրջային ենթակառուցվածքների զարգացմանը։ «Ամեն տարի այդ ծավալը մեծանալու է։ Մենք զբոսաշրջության զարգացման գլխավոր անելիքը համարում ենք պատշաճ, բարձրակարգ ենթակառուցվածքների կառուցումը, որը թույլ կտա զբոսաշրջիկներին Հայաստանում ավելի շատ բան տեսնել։ Այս տարվա բյուջեն ավելի մեծ է, հաջորդ տարվա համար էլ նախատեսել ենք մոտ 9 մլրդ դրամ ներդրումներ՝ զբոսաշրջային ենթակառուցվածքների կառուցման համար։ Միայն կառավարությունը չէ, որ ներդրումներ պետք է անի զբոսաշրջության զարգացման համար, այս նախագիծն էլ լավ օրինակ է, թե ինչ խոշոր մասշտաբի ներդրում է կատարվում Հայաստանում, շնորհակալ ենք Գագիկ Ծառուկյանին այս նախաձեռնության համար։ Կարծում ենք, որ մեծ զբոսաշրջային հոսք կապահովվի, ճշգրիտ հոսքի մասին խոսել չենք կարող, դա անշնորհակալ գործ կլինի, բայց մենք էլ պետք է աշխատենք, որ մեր ենթակառուցվածքները հասնեն այն մակարդակին, որ կարողանանք պատշաճ կերպով նոր զբոսաշրջային հոսք ապահովել»,- ընդգծեց էկոնոմիկայի նախարար Վահան Քերոբյանը։
17:23 - 09 հուլիսի, 2022
Մեր նախնական գնահատականը դրական է նախագծի վերաբերյալ. Փաշինյանը՝ Հիսուս Քրիստոսի արձանի կառուցման մասին |1lurer.am|

Մեր նախնական գնահատականը դրական է նախագծի վերաբերյալ. Փաշինյանը՝ Հիսուս Քրիստոսի արձանի կառուցման մասին |1lurer.am|

1lurer.am: ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը Կառավարության նիստի ընթացքում նշեց, որ Կառավարության նախնական գնահատականը դրական է Հիսուս Քրիստոսի արձանի նախագծի վերաբերյալ: ««Մուլտի գրուպ» ընկերության նախագահը կամ ընկերությունը հանդես է եկել նախաձեռնությամբ՝ Հատիս սարի վրա Հիսուս Քրիստոսի արձանի կառուցման վերաբերյալ: Համապատասխան փաստաթղթերը ներկայացրել են Կառավարություն, Կառավարության մարմինները պետք է քննարկեն և որոշում կայացնեն: Մեր նախնական գնահատականը դրական է նախագծի վերաբերյալ, որովհետև կարծում ենք, որ բավականին էական զբոսաշրջային հետաքրքրությունը ՀՀ-ի համար կմեծացնի: Հուսով եմ, որ մեր համապատասխան մարմինները պատշաճ ժամկետներում հարցը կքննարկեն. այնտեղ մի շարք վարչական որոշումների անհրաժեշտություն կա: Այս որոշումները կկայացնենք, և նախագիծն առաջ կընթանա նախատեսված ձևով և տրամաբանությամբ»,- ասաց Փաշինյանը:
11:52 - 07 հուլիսի, 2022