Ոստիկանն է հաղորդել, որ տվյալ անձն իր նկատմամբ բռնություն է կիրառել․ ՔԿ-ն՝ Կարապետ Պողոսյանի մասնակցությամբ միջադեպի մասին
|tert.am|
tert.am: Քննչական կոմիտեն գյումրեցի իրավապաշտպան Կարապետ Պողոսյանի նկատմամբ բռնություն կիրառելու վերաբերյալ հաղորդում չի ստացել։
Այս մասին Tert.am-ին հայտնեց ՔԿ մամուլի խոսնակ Գոռ Աբրահամյանը։
«Այդպիսին ստացվելու դեպքում հիմքերը կուսումնասիրվեն, բավարար հիմքերի դեպքում քրեական վարույթ կնախաձեռնվի»,- ասաց քննչական կոմիտեի մամուլի խոսնակը։
Միաժամանակ Գոռ Աբրահամյանը տեղեկացրեց, որ փոխարենը միջադեպի հետ կապված հաղորդում է ստացվել ոստիկանի կողմից, վերջինս հաղորդում է տվել, որ տվյալ անձի կողմից իր նկատմամբ բռնություն է կիրառվել։
«Կոմիտեն հաղորդում է ստացել ոստիկանի նկատամբ տվյալ անձի կողմից բռնություն կիրառելու վերաբերյալ։ Այդ հաղորդման առթիվ կոմիտեում քրեական վարույթ է նախաձեռնվել ՀՀ քրեական օրենսգրքի 195-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին կետի հատկանիշներով, իրականացվում է նախաքննություն»,-մանրամասնեց նա։
Նշենք՝ երեկ իրավապաշտպան Կարապետ Պողոսյանը ֆեյսբուքյան իր էջում գրել էր, որ հարձակման է ենթարկվել ոստիկանի կողմից։
«Մասնավորապես ոստիկանության Մուշի բաժնի քրեականի աշխատող Արտակ Պողոսյանը ցոցաբերելով բացահայտ ցինիզմ, խուլիգանության ակնհայտ դրսևորմամբ հարձակվել է վրաս։ Քաղաք Գյումրի, Պ. Սևակ փողոցում գտնվող խանությում, որտեղ առկա են նաև տեսախցիկներ։ Հաշվի առնելով հայաստանյան բեզպրիդելը, գործելու եմ իմ իմացածով»,- գրել էր նա։
Հավելենք, որ կատարվածի առնչությամբ հայտարարություն է տարածել ՄԻՊ-ը՝ նշելով, որ դեպքի կապակցությամբ՝ Մարդու իրավունքների պաշտպանը նախաձեռնությամբ սկսվել է քննարկման ընթացակարգ։
ՄԻՊ-ի հաղորդագրության մեջ ասվում է, որ համապատասխան գրություններ կհասցեագրվեն ՀՀ գլխավոր դատախազություն և ՀՀ ներքին գործերի նախարարություն՝ նշված դեպքի հանգամանքները մանրամասն և բազմակողմանի քննության առարկա դարձնելու պահանջով։
12:52 - 10 հուլիսի, 2023