ԵՄ

Եվրոպական միությունը (ԵՄ) իրավունքի քաղաքական համայնք է, որի նպատակն է Եվրոպայի երկրների ու ժողովուրդների ինտեգրման ու կառավարման գործառույթի կազմակերպումը: Հիմնվել է 1993 թվականի նոյեմբերի 1-ին, բաղկացած է եվրոպական 27 երկրներից։ ԵՄ կառույցներն են Եվրոպական խորհրդարանը, Եվրամիության խորհուրդը, Եվրոպական խորհուրդ, Եվրոպական խորհուրդ, Եվրամիության Արդարադատության դատարանը, Հաշիվների դատարանը, Եվրոպական կենտրոնական բանկը։

Լիսաբոնյան համաձայնագրի ընդունմամբ՝ Եվրոպական արտաքին գործերի ծառայության պատասխանատվության տակ անցան Եվրոպական միությունը և իր քաղաքացիներին ներկայացնող 140 պատվիրակությունները և գրասենյակները:

Հայաստանում Եվրոպական միության դեսպանն ու ԵՄ պատվիրակության ղեկավարն է Ն.Գ. Անդրեա Վիկտորին։

Եվրախորհրդարանի բանաձևը ևս մեկ առիթ է՝ քննարկելու ՀՀ ապագայի տեսլականը. հանրային քննարկման կարիք կա. Փաշինյան
 |news.am|

Եվրախորհրդարանի բանաձևը ևս մեկ առիթ է՝ քննարկելու ՀՀ ապագայի տեսլականը. հանրային քննարկման կարիք կա. Փաշինյան |news.am|

news.am: Եվրոպական խորհրդարանը երեկ ընդունել է «ԵՄ-ի եւ Հայաստանի միջեւ ավելի սերտ կապերի եւ Ադրբեջանի ու Հայաստանի միջեւ խաղաղության պայմանագրի անհրաժեշտության մասին» բանաձեւը: Այս մասին, այսօր՝ մարտի 14-ին կառավարության նիստում հայտարարեց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը: «Բոլոր խմբակցությունների աջակցությունն ստացած այս փաստաթուղթը ընդունվել է 504 կողմ, 4 դեմ, 32 ձեռնպահ ձայներով: Բանաձեւը 1991 թվականի Ալմա Աթայի հռչակագրի հիման վրա անսասան աջակցություն է արտահայտում Հայաստանի ինքնիշխանությանը, տարածքային ամբողջականությանը եւ անկախությանը: Նաեւ աջակցություն է հայտնում Հայաստանի եւ Ադրբեջանի միջեւ խաղաղության ջանքերին: Այս բանաձեւով եվրախորհրդարանն արձանագրել է Հայաստանիձեռքբերումները ժողովրդավարության, օրենքի գերակայության, կոռուպցիայի դեմ պայքարի ոլորտում, ինչը չափազանց կարեւոր է մեր երկրի միջազգային ընկալման համար: Բանաձեւը մեջբերել է անցած տարի հոկտեմբերի 17-ին  Եվրոպական խորհրդարանի ամբիոնից իմ արած հայտարարությանը, թե Հայաստանը պատրաստ է այնգան մոտ լինել ԵՄ-ին, ինչքան ԵՄ-ն դա հնարավոր կհամարի ՝ արձանագրելով, որ եթե Հայաստանը կցանկանա ԵՄ անդամության թեկնածու դառնալու հայտ ներկայացնել, ԵՄ ինստիտուտները պետք է աջակցեն»,-ասաց նա: Փաշինայնը ողջունելով Եվրոպական խորհրարանի բանաձեւը կարծիք հայտնեց, որ այն Հայաստանում քննարկման առարկա պետք է դառնա. «Սա եւս մեկ առիթ է քննարկելու ՀՀ-ի ապագայի տեսլականը եւ հույս ունեմ, որ ՀՀ քաղաքական ուժերը, ՀԿ-ները, հանրության տարբեր շերտեր, քաղաքացիներ վերաբերմունք կարտահայտեն Եվրոպական խորհրդարանից հնչող այս ուղերձի վերաբերյալ, որովհետեւ նման ուղերձներն ունեն շատ ավելի լայն արձագանքի կարիք, քան կառավարությունը կամ խորհրդարանական մեծամասնությունը: Միաժամանակ պետք է արտահայտեմ ՀՀ կառավարության կամքը՝ շարունակելու աշխատանքները Հայաստան-ԵՄ հարաբերությունների հետագա խորացման եւ զարգացման ուղղությամբ»,-ասաց Փաշինյանը:
11:29 - 14 մարտի, 2024
Եվրոխորհրդարանը ընդունեց  ԵՄ-ի եւ Հայաստանի միջեւ կապերի սերտեցման, Հայաստանի եւ Ադրբեջանի միջեւ խաղաղության համաձայնագրի անհրաժեշտության վերաբերյալ բանաձեւը |armenpress.am|

Եվրոխորհրդարանը ընդունեց ԵՄ-ի եւ Հայաստանի միջեւ կապերի սերտեցման, Հայաստանի եւ Ադրբեջանի միջեւ խաղաղության համաձայնագրի անհրաժեշտության վերաբերյալ բանաձեւը |armenpress.am|

armenpress.am: Եվրախորհրդարանի լիագումար նիստին ներկայացված ԵՄ-ի եւ Հայաստանի միջեւ կապերի սերտեցման, Հայաստանի եւ Ադրբեջանի միջեւ խաղաղության համաձայնագրի անհրաժեշտության վերաբերյալ բանաձեւն ընդունվեց 504 կողմ, 4 դեմ, 32 ձեռնպահ քվեով։ «Արմենպրես»-ի Բրյուսելի թղթակցի փոխանցմամբ՝ բանաձեւում Եվրոպական խորհրդարանի պատգամավորները ողջունում եւ ընդունում են ԵՄ-ի հետ հարաբերություններն ամրապնդելուն միտված Հայաստանի վճռական ցանկությունը եւ կոչ անում Եվրամիության գործադիր մարմիններ Եվրոպական Հանձնաժողովին եւ Եվրոպական խորհրդին՝ դրական արձագանքել այս ցանկությանը եւ շարունակել իրականացնել ԵՄ-Հայաստան Գործընկերության նոր համաձայնեցված օրակարգը՝ ընդգծելով համագործակցության հավակնոտ համատեղ առաջնահերթությունների ակտիվ հետապնդման անհրաժեշտությունը։ Բանաձեւում նշված է, որ ժամանակն է Հայաստանի հետ սկսել վիզաների ազատականացման երկխոսությունը։ Եվրախորհրդարանի պատգամավորները կոչ են անում դիտարկել Հայաստանի՝ ԵՄ-ին անդամակցության թեկնածուի կարգավիճակ տրամադրելու հնարավորությունը։ Եվրախորհրդարանականները համոզված են, որ եթե Հայաստանը շահագրգռված լինի թեկնածուի կարգավիճակ ստանալով և շարունակի իր ժողովրդավարությունն ամրապնդող կայուն բարեփոխումների ուղին, դա կարող է հիմք հանդիսանալ ԵՄ-Հայաստան հարաբերություններում փոխակերպման փուլի համար։ ԵԽ պատգամավորները ընդունված բանաձեւով ԵՄ գործադիրին կոչ են անում ակտիվորեն աջակցել Հայաստանին ԵՄ-ի հետ համագործակցության մեծացման հարցում, ոչ միայն տնտեսական գործընկերության, այլեւ քաղաքական երկխոսության, ոլորտային ինտեգրման եւ անվտանգության ոլորտում համագործակցութան հարցում։ Բանաձեւը դատապարտում է ադրբեջանական ռազմական ուժերի ներխուժումը Հայաստանի միջազգայնորեն ճանաչված տարածք և դրա որոշ հատվածների շարունակվող օկուպացիան, ինչպես նաեւ վերահաստատում է Ադրբեջանի զորքերը Հայաստանի ամբողջ ինքնիշխան տարածքից դուրս բերելու՝ իր պահանջը։ Եվրոպական խորհրդարանի պատգամավորները մտահոգություն են հայտնում Ադրբեջանի նախագահի եւ այլ պաշտոնյաների կողմից Հայաստանի տարածքային ամբողջականությանն ու ինքնիշխանությանը սպառնացող հայտարարությունների, այդ թվում Ադրբեջանը Նախիջեւանին կապող արտաքին միջանցք պահանջելու վերաբերյալ։ Բանաձեւը շեշտադրում է, որ Ադրբեջանը Նախիջեւանին կապող ճանապարհը պետք է լուծվի հարգելով Հայաստանի ինքնիշխանությունն ու տարածքային ամբողջականությունը եւ եւս մեկ անգամ վերահաստատում ԵՄ-ի միանշականակ աջակցությունը Հայաստանի ինքնիշխանությանն ու սահմանների անձեռնմխելիությանը։ Բանաձեւն ընդգծում է, որ ԵՄ-ն պետք է պատրաստ լինի պատժամիջոցների ռեժիմ սահմանել այն անձանց և կազմակերպությունների նկատմամբ, որոնք սպառնում են Հայաստանի ինքնիշխանությանը, անկախությանը և տարածքային ամբողջականությանը։ Բանաձեւն անդրադառնում է նաեւ Լեռնային Ղարաբաղի հայկական մշակութային, կրոնական եւ պատմական ժառանգության պահպանման կարեւորությանը եւ լուրջ մտահոգություն հայտնում այդ ամենի ոչնչացման, վանդալիզմի ենթարկվելու եւ պղծվելու առնչությամբ։ Ադրբեջանին կոչ է արվում պահպանել մշակութային այդ հարստությունը, իսկ ՅՈՒՆԵՍԿՕ-ին՝ անհապաղ միջոցներ ձեռնարկել Լեռնային Ղարաբաղում վտանգի տակ գտնվող հայկական մշակութային ժառանգությունը պահպանելու և պաշտպանելու համար։ Բանաձեւը Ադրբեջանին կոչ է անում Լեռնային Ղարաբաղի հայերի հետ անկեղծորեն ներգրավվել համապարփակ և թափանցիկ երկխոսության մեջ՝ ապահովելու նրանց իրավունքների հարգումը և երաշխավորելու նրանց անվտանգությունը, արժանապատիվ և անվտանգ վերադարձն իրենց տներ՝ միջազգային ներկայության ներքո։ Եվրոպական խորհրդարանի պատգամավորները կոչ են անում Ադրբեջանին Ադրբեջանին ազատ արձակել Լեռնային Ղարաբաղի և Հայաստանի բոլոր բնակիչներին, ովքեր շարունակում են ադրբեջանական կալանքի տակ մնալ։ Ինչպես նաեւ կոչ է արվում անհապաղ և արդյունավետ կերպով իրականացնել Արդարադատության միջազգային դատարանի բոլոր որոշումները։ Հիշեցնելով, որ Հայաստանը վերանայում է ՀԱՊԿ-ին իր անդամակցությունը, բանաձեւը կոչ է անում ԵՄ-ին դրական արձագանքել Հայաստանի  Խաղաղության եվրոպական հիմնադրամի միջոցով իրեն աջակցությունն ցուցաբարելու խնդրանքին։ Բանաձեւում շեշտադրվում է անվտանգության և պաշտպանության ոլորտում Հայաստանի հետ ԵՄ համագործակցության ամրապնդման կարևորությունն ու անհրաժեշտությունը։ Բանաձեւը վերահաստատում է իր աջակցությունը Հայաստանի և Ադրբեջանի միջև հարաբերությունների կարգավորմանը՝ հիմնված տարածքային ամբողջականության և սահմանների անձեռնմխելիության փոխադարձ ճանաչման սկզբունքների վրա՝ հիմնված 1991 թվականի Ալմա-Աթայի հռչակագրի, սահմանների սահմանազատման վրա՝ հիմնված ԽՍՀՄ Գլխավոր շտաբի համապատասխան քարտեզների վրա, որոնք տրամադրվել են կողմերին։    Բանաձեւն իր աջակցությունն է հայտնում Հայաստանի և Ադրբեջանի միջև բոլոր առկախ հարցերի շուրջ բանակցությունների վերսկսմանը` նպատակ ունենալով կնքել խաղաղության պայմանագիր և կոչ է անում երկու կողմերին լիովին հավատարիմ մնալ հիմնախնդրի տեւական և խաղաղ կարգավորմանը երկխոսության և բանակցությունների միջոցով հասնելուն։   Բանաձեւում անդրադարձ կա նաեւ ԵՄ որոշ պաշտոնյաների եւ կառույցների հայտարարությունների տոնայնությանը, որոնք շնորհավորում էին նախագահ Ալիևին վերընտրվելու համար՝ չհիշատակելով Ադրբեջանում ժողովրդավարության բացակայությունը, հատկապես, որ Ադրբեջանը պատասխանատու է Լեռնային Ղարաբաղում հայերի էթնիկ զտման համար։  
21:26 - 13 մարտի, 2024
ՀՀ-ն ԵՄ ավիացիոն «սև ցուցակից» դուրս գալու համար մեծ ծավալի աշխատանք է կատարել. նախարարը մանրամասներ հայտնեց
 |armenpress.am|

ՀՀ-ն ԵՄ ավիացիոն «սև ցուցակից» դուրս գալու համար մեծ ծավալի աշխատանք է կատարել. նախարարը մանրամասներ հայտնեց |armenpress.am|

armenpress.am: Հայաստանը մեծ ծավալի աշխատանք է կատարել նախորդ տարի, որպեսզի դուրս գա Եվրամիության ավիացիոն «սև ցուցակից», այսինքն՝ Հայաստանում գրանցված ավիաընկերությունները կարողանան թռիչքներ իրականացնել դեպի ԵՄ երկրներ, հիմնական փաստաթղթային աշխատանքների գրեթե մեծ մասն իրականացվել է: Այս մասին ասաց Հայաստանի տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար Գնել Սանոսյանն ԱԺ տնտեսական հարցերի հանձնաժողովում՝ Հայաստանի Հանրապետության կառավարության ծրագրի (2021-2026 թթ.) 2023 թվականի կատարման ընթացքի և արդյունքների մասին զեկույցի ներկայացման ընթացքում: «Մենք «սև ցուցակի» հետ կապված խնդիր ունենք: Նախորդ տարի մեծ ծավալի աշխատանք է արվել՝ դուրս գալու «սև ցուցակից»: Հիմնական փաստաթղթային աշխատանքների գրեթե մեծ մասն իրականացվել է, մեր մեծ խնդիրը մնում է տեսուչների հետ կապված աշխատանքը, որը շարունակում ենք իրականացնել»,-ասաց Սանոսյանը: Հայկական ավիացիան Եվրամիության «սև ցուցակում» էր հայտնվել 2020 թվականի հունիսից: Արգելվել է բոլոր հայկական ավիափոխադրողների մուտքը ԵՄ օդային տարածք:
14:58 - 13 մարտի, 2024
Առաջիկայում կունենանք մի քանի որոշումներ, որոնք կլինեն ԵՄ-ի հետ ուժեղ հարաբերությունների արտահայտությունը. Փաշինյան
 |news.am|

Առաջիկայում կունենանք մի քանի որոշումներ, որոնք կլինեն ԵՄ-ի հետ ուժեղ հարաբերությունների արտահայտությունը. Փաշինյան |news.am|

news.am: Ես Եվրոպական խորհրդարանում հայտարարեցի, որ մենք պատրաստ ենք ԵՄ-ի հետ լինել այնքան մոտիկ, ինչքան ԵՄ-ն հնարավոր կհամարի: Սա ասվել է, ու հիմա պետք է հասկանանք՝ ԵՄ-ն ինչքան հնարավոր կհամարի, դրանից հետո անենք հետեւություններ: Այս մասին այսօր՝ մարտի 12-ին, մամուլի ասուլիսի ժամանակ նշեց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը: «Բայց նաեւ կարեւոր է, թե Հայաստանի ժողովուրդը ինչքան հնարավոր կհամարի: Մենք տեսնում ենք, որ ԵՄ-ի հետ մեր հարաբերությունները շատ ակտիվ են, եւ հիմա լավ է, որ ԵՄ-ն է ասում, որ Հայաստանի ու ԵՄ-ի հարաբերությունները երբեք այսքան խորը եւ ամուր չեն եղել: Ես հույս ունեմ, որ առաջիկայում մենք կունենանք մի քանի որոշումներ, որոնք կլինեն այդ ուժեղ հարաբերությունների արտահայտությունը: Չնայած, այնպես չէ, որ մինչեւ հիմա այդ հարաբերությունները չենք ունեցել: Ուղղակի կարծում եմ, որ հարաբերությունները զարգանում են եւ դա նոր արտահայտություններ ու դրսեւորումներ պետք է ունենան: Այդ արտահայտություններից մեկը կարող է լինել վիզաների ազատականացման բանակցությունների մեկնարկը Հայաստանի եւ ԵՄ-ի միջեւ: Հաջորդ թեմաներից մեկը կարող է լինել առեւտրային արտոնյալ պայմանների տրամադրումը ՀՀ-ում արտադրված ապրանքներին եւ Հայաստանի հետ տնտեսական կապերի խորացման ուղղությամբ: Հաջորդ արտահայտությունը կարող է լինել անվտանգության ոլորտում մեր համագործակցության եւ հարաբերությունների խորացումը նաեւ Հայաստանում ԵՄ դիտորդական առաքելության կարողությունների մեծացումը, նաեւ ԵՄ դիտորդների մանդատի երկարաձգումը: Այս պահին երկու տարի է, եւս երկու տարով երկարաձգելու որոշում կարող է լինել»,-ասաց նա: Փաշինյանը հավելեց. «Մենք ունենք շատ լայն օրակարգ եւ պատրաստ ենք այն ընդլայնել ու խորացնել: Այս պահին արդեն բավարարը ասված է նոր բան չասելու համար»:
14:15 - 12 մարտի, 2024
Մշակութային ժառանգությունը պետք է միջազգային իրավունքին համապատասխան եւ արդյունավետ կերպով պաշտպանվի. ԵՄ խոսնակ
 |armenpress.am|

Մշակութային ժառանգությունը պետք է միջազգային իրավունքին համապատասխան եւ արդյունավետ կերպով պաշտպանվի. ԵՄ խոսնակ |armenpress.am|

armenpress.am: Բոլոր համայնքների մշակութային ժառանգությունը պետք է միջազգային իրավունքին համապատասխան եւ արդյունավետ կերպով պաշտպանվի։ Այս մասին «Արմենպրես»-ի Բրյուսելի թղթակցին ասել է ԵՄ արտաքին հարաբերությունների հարցերով գլխավոր խոսնակ Պիտեր Ստանոն։  ԵՄ խոսնակը ցավ է հայտնել, որ 1988 թվականի հակամարտության սկզբից ի վեր և՛ Հայաստանում, և՛ Ադրբեջանում մշակութային և կրոնական ժառանգության օրինակներ, ինչպիսիք են պաշտամունքի վայրերն ու հուշարձանները, ոչնչացվել կամ վնասվել են, եւ կոչ է արել երկրներին միջոցներ ձեռնարկել իրենց երկրների բոլոր համայնքների մշակութային ժառանգության վայրերը ավելի լավ պաշտպանելու և հարգելու համար:  «Ադրբեջանում մշակութային և կրոնական վայրերից օբյեկտների հեռացման մասին վերջին լուրերը մտահոգիչ են և կարող են վնասել փոխվստահության զարգացմանը», - ասել է Պիտեր Ստանոն։ 
18:07 - 09 մարտի, 2024
ԵՄ ռազմական կոմիտեի նախագահը Հայաստանին կարևոր գործընկեր է համարում Հարավային Կովկասում

ԵՄ ռազմական կոմիտեի նախագահը Հայաստանին կարևոր գործընկեր է համարում Հարավային Կովկասում

Եվրամիությունում Հայաստանի Հանրապետության ներկայացուցչության ղեկավար, դեսպան Տիգրան Բալայանը հանդիպել է Եվրոպական միության ռազմական կոմիտեի նախագահ գեներալ Ռոբերտ Բրիգերի հետ, հաղորդում է ԵՄ-ում ՀՀ ներկայացուցչության ֆեյսբուքյան էջը։ Գեներալ Բրիգերը ներկայացրել է ռազմական և պաշտպանական ոլորտում Եվրոպական միության ռազմավարությունը և դրանից բխող առաջնահերթությունները, համաեվրոպական անվտանգության տեսլականը՝ այս համատեքստում նշելով, որ Հայաստանը ԵՄ կարևոր գործընկերն է Հարավային Կովկասում։  Շնորհակալություն հայտնելով ընդունելության համար, դեսպան Բալայանը բարձր է գնահատել Հայաստան-Եվրոպական միություն ընդհանուր փոխգործակցության մակարդակը՝ կարևորելով դրա անվտանգային և պաշտանական բաղադրիչի ընդլայնումը։ Նա գործընկերոջ ուշադրությունը հրավիրել է Հայաստանի կառավարության կողմից իրականացվող զինված ուժերի մասշտաբային բարեփոխումների ծրագիրը՝ այս առնչությամբ ընդգծելով ԵՄ աջակցության անհրաժեշտությունը։  Անդրադառնալով Հայաստանում Եվրոպական միության քաղաքացիական դիտորդական առաքելությանը գործունեությունը, դեսպանը նշել է, որ այն կարևոր կայունացնող դերակատարություն ունի տարածաշրջանային անվտանգության տեսանկյունից։  Զրուցակիցները մտքեր են փոխանակել Հարավային Կովկասում և Արևելյան Եվրոպայում վերջին զարգացումների, տարածաշրջանային անվտանգության հեռանկարների ու համագործակցության հնարավորությունների շուրջ։ 
11:29 - 09 մարտի, 2024
Հայաստանում ակտիվորեն քննարկվում են առկա նոր հնարավորությունները․ Միրզոյանը՝ ԵՄ-ին անդամակցության մտադրության մասին

Հայաստանում ակտիվորեն քննարկվում են առկա նոր հնարավորությունները․ Միրզոյանը՝ ԵՄ-ին անդամակցության մտադրության մասին

Անթալիայի դիվանագիտական ֆորումին մասնակցության շրջանակներում ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը հարցազրույց է տվել թուրքական «TRT World» հեռուստաալիքին։ Անդրադարձ է կատարվել ՀՀ արտաքին քաղաքական մի շարք հարցերի, այդ թվում՝ ԱՄՆ, ԵՄ հետ հարաբերություններին, Հարավային Կովկասում անվտանգային իրավիճակին, հայ-թուրքական հարաբերությունների կարգավորման գործընթացին, Հայաստանի և Ադրբեջանի միջև բանակցային գործընթացում առկա առանցքային հարցերին։ Այս մասին հաղորդում է ՀՀ ԱԳՆ-ն։ Հարցազրույցը՝ ստորեւ։ Հարց. Նայելով Հարավային Կովկասին՝ տեսնում ենք, որ տարածաշրջանն անցնում է փոխակերպումների շրջան, հետխորհրդային տարածքի երկրներն անցնում են աշխարհաքաղաքական փոփոխությունների միջով։ Նայելով Հայաստանին, հատկապես վերջին մի քանի տարիների ընթացքում՝ տեսնում ենք, որ այն ընդլայնել է դաշնակիցների իր ցանցը՝ ավանդական դաշնակիցներից անցում նոր դաշնակիցների։ Որպես ՀՀ արտաքին քաղաքական գերատեսչության ղեկավար, ի՞նչ հետագծով եք ցանկանում տանել ձեր երկիրը։ Պատասխան. Հիրավի, տարածաշրջանը՝ ներառյալ Հայաստանն, անցնում է լուրջ վերափոխումների միջով։ Դա մեզ մոտ նաև ներքին գործընթաց է. Հայաստանի ժողովուրդն ընտրել է հասարակական կյանքի կառուցման ժողովրդավարական ուղին, մենք ապացուցել ենք այս ընտրությունը մի քանի անգամ ընտրությունների, ինչպես նաև ժողովրդավարական ինստիտուտները զարգացնելու միջոցով։ Եվ այս ճանապարհին մենք տեսնում ենք, որ Եվրոպական միությունը, ԱՄՆ-ն մեծապես աջակցում են մեր ժողովրդավարական բարեփոխումներին, ինստիտուցիոնալ փոփոխություններին։ Եվ ընդհանուր առմամբ, կարևոր է հնարավորինս դիվերսիֆիկացնել, ընդլայնել գործընկերների, դաշնակիցների շրջանակը։ Այսպիսով, սա այն ճանապարհն է, որով մենք առաջ ենք գնում՝ էականորեն խորացնելով մեր հարաբերությունները ԵՄ, ԱՄՆ հետ, միաժամանակ պահպանելով ավանդական կապերը կամ, օրինակ՝ նայելով նաև դեպի Արևելք։ Գիտեք՝ մենք կառուցում ենք լիովին նոր որակի հարաբերություններ Հնդկաստանի հետ և այլն։ Կցանկանայի, իհարկե, նաև շեշտադրել մեր առաջնահերթությունը՝ կարգավորել և առաջին հերթին զարգացնել հարաբերությունները հարևանների հետ։ Սա է մեր արտաքին քաղաքականության կարճ բնութագիրը։ Հարց. Խոսեցիք ԵՄ մասին. ԵՄ-ն ընդլայնվում է, երբևէ մտածե՞լ եք ԵՄ-ին անդամակցության մասին, արդյո՞ք դա հնարավոր է մոտ կամ հեռավոր ապագայում։ Կամ գուցե ՆԱՏՕ-ին անդամակցությու՞նն է Հայաստանին հետաքրքրում՝ որպես դեպի Արևմուտք ձգտող արտաքին քաղաքականության մաս։ Պատասխան. Հաշվի առնելով այն բոլոր մարտահրավերները, որոնց մենք ստիպված ենք դիմակայել վերջին 3-4 տարիների ընթացքում՝ Հայաստանում ակտիվորեն քննարկվում են առկա նոր հնարավորությունները։ Գաղտնիք չեմ բացահայտնի, եթե ասեմ, որ այդ շարքում է նաև ԵՄ-ին անդամակցության գաղափարը. Հայաստանի ժողովուրդն ունի եվրոպական ձգտումներ, և ինչպես ասացի, մենք անցնում ենք գործընթացի միջով և կտեսնենք, թե ինչպիսին կլինի գործընթացի ավարտը, որն այս պահին ոչ ոք չի կարող վստահ լինել կամ կանխատեսել։ Հարց. Ինչպե՞ս կգնահատեք արևմտյան երկու երկրների՝ ԱՄՆ-ի և Ֆրանսիայի հետ հարաբերությունների ներկա փուլը, և ինչպե՞ս են նրանք ձեզ սատարում ձեր ճանապարհին։ Պատասխան. Մենք ունենք Ֆրանսիայի, ԱՄՆ հետ փոխգործակցության նոր հնարավորութուններ։ ԱՄՆ հետ ունենք ռազմավարական երկխոսություն, որի շրջանակներում ուսումնասիրում ենք նոր ուղղություններ։ Նույնը կարող եմ ասել նաև Եվրոպական միության մասով. ԵՄ հետ մենք ունենք Համապարփակ և ընդլայնված գործընկերության համաձայնագիրը, բայցև նայում ենք այս համաձայնագրից անդին։ Քննարկում ենք վիզաների ազատականացման հարցը, մի քանի նոր մեխանիզմներ, որոնք կարող են օգտագործվել մեր հարաբերություններում։ Կցանկանայի նաև հավելել, որ պատմության մեջ առաջին անգամ Եվրոպական միությունը ներգրավվել է մեր տարածաշրջանի անվտանգային հարցերում. գիտեք, որ ՀՀ-ում տեղակայվել է ԵՄ մշտադիտարկման առաքելությունը, որը մշտադիտարկում է Հայաստանի և Ադրբեջանի միջև սահմանը; Կարևոր է նաև նշել, որ առաքելության տեղակայումից ի վեր սահմանին լարվածությունը նվազել է, և մենք տեսնում ենք, որ առաքելությունը նպաստել է կայունությանը։ Այսպիսով, նոր ուղղություններ, նոր ոլորտներ ենք ընդգրկում մեր գործընկերության մեջ, և մենք դեռ գործընթացի կես ճանապարհին ենք։ Հարց. Մենք հիմա Անթալիայում ենք՝ դիվանագիտական ֆորումի շրջանակներում, և նայելով Թուրքիայի հետ վերջին մեկ տարվա հարաբերություններին, հատկապես երկրաշարժի շրջանում, տեսնում ենք Հայաստանի աջակցությունը Թուրքիային, սահմանին կամուրջի բացումը, որը փակ էր շատ երկար ժամանակ։ ՀՀ վարչապետը ժամանեց Թուրքիայի նախագահի երդմնակալության արարողությանը։ Թվում է, թե դա նոր խթան է հանդիսացել երկու երկրների միջև հարաբերությունների կարգավորման հարցում։ Ինչպե՞ս եք տեսնում կարգավորման գործընթացն այս պահին, ի՞նչ է պակասում հաջորդ քայլն անելու համար։ Պատասխան. Խոսելով երկրաշարժի և Հայաստանի արձագանքի, ցուցաբերած աջակցության մասին՝ կցանկանայի սա առանձնացնել կարգավորման գործընթացի համատեքստից. կարգավորումը քաղաքական գործընթաց է, իսկ երբ խոսում ենք երկրաշարժի մասին, մարդկային կյանքի կորստի, ողբերգության, զոհվածների ընտանիքների անդամների մասին, դրանք այլ արժեքներ են, մի իրավիճակ, որում մեզ առաջնորդում են լիովին այլ զգացողություններ։ Մենք աջակցություն տրամադրեցինք ի սրտե, քանզի գիտեք՝ մենք ինքներս տեսել ենք ավերիչ երկրաշարժի արհավիրքը Հայաստանի հյուսիսում, և այն ժամանակ աջակցության մի մասը Հայաստան հասավ Թուրքիայի հետ սահմանով, ուստի այս անգամ էլ սահմանը բացվեց մեր ուղարկած փրկարարների, մարդասիրական աջակցության համար։ Ինչ վերաբերում է կարգավորման գործընթացին, ապա գիտեք, որ մենք նշանակել ենք հատուկ ներկայացուցիչներ, ովքեր ունեցել են ակտիվ քննարկումներ, եղել են հանդիպումներ նախարարարկան մակարդակում, զրույցներ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի և Թուրքիայի նախագահ Ռեջեպ Թայիփ Էրդողանի միջև։ Շատ բաներ արվել են, շատ բաներ քննարկվում են, եկել ենք համաձայնության որոշ հարցերի շուրջ, բայց դրանք դեռ չեն իրականացվել, օր.՝ սահմանի բացումը երրորդ երկրների քաղաքացիների և դիվանագիտական անձնագիր կրող՝ ՀՀ ու Թուրքիայի  քաղաքացիների համար։ Սա համաձայնեցվել է, բայց, ցավոք, դեռ կյանքի չի կոչվել։ Մենք հուսով ենք, որ դա տեղի կունենա շուտով։ Կան նաև վստահության ձևավորման այլ միջոցներ, որոնց շուրջ մենք համաձայնության ենք եկել, օր.՝ Անիի պատմական կամրջի վերականգնումը։ Սա գործընթաց է, որի միջով մենք անցնում ենք, բայց նաև արդեն ժամանակն է տեղում տեսնել շոշափելի արդյունքներ։ Հարց. Ընդհանուր առմամբ, երբ առնչվում ենք կարգավորման գործընթացի և, ինչպես Դուք նշեցիք, վստահության ձևավորման միջոցների մասին, տնտեսությունը սովորաբար շատ կարևոր դեր է կատարում։ Ինչպե՞ս եք տեսնում Հայաստանի և Թուրքիայի միջև առևտուրը։ Պատասխան. Իհարկե, Հայաստանի և Թուրքիայի միջև սահմանի բացման և առևտրային կապերի զարգացման միջև կա ուղղակի հարաբերակցություն, կարելի է քննարկել, թե որը մյուսի վրա ավելի շատ կազդի, բայց ես հավատացած եմ, որ եթե մենք բացենք սահմանը, գործարար կապերն ինքնուրույն կզարգանան։ Իմ տպավորությունն այն է, որ ունենք առաջնորդություն, քաղաքական կամք երկու կողմերից, և եթե մենք անենք վերջնական քայլերը, բացենք սահմանը, հաջորդիվ տնտեսական կապերը կզարգանան, կգտնեն իրենց ուղին։ Հարց. Խոսենք նաև Ադրբեջանի մասին։ Դուք հանդիպումներ եք ունեցել վերջին մի քանի ամիսներին, կարող ենք ասել տարիներին։ Ինչպե՞ս եք գնահատում խաղաղության հեռանկարները, իրական խաղաղության, ամբողջական կարգավորման, ոչ զինադադարի։ Հասկանալիորեն դա դեռ ենթադրում է երկար ճանապարհ, բայց դիվանագիտական ճակատում ի՞նչ փուլի եք հասել։   Պատասխան. Հիրավի, Ադրբեջանի հետ մենք քննարկում ենք ոչ թե զինադադար, այլ խաղաղության հասնելու գործընթաց։ Մենք բանակցում ենք խաղաղության պայմանագրի նախագծի շուրջ, կան նաև այլ քննարկումների հարթակներ։ Կայացել են հանդիպումներ երկրների ղեկավարների մակարդակով, բանակցություններ արտաքին գործերի նախարարների միջև։ Շատ բաների շուրջ մեզ հաջողվել է համաձայնության գալ, բայց կան առանցքային, շատ կարևոր հարցեր, որոնց շուրջ կողմերի դիրքորոշումները դեռ հեռու են իրարից։ Կցանկանայի նշել մի քանիսը՝ առավել կարևորները։  Նախ, առաջինը տարածքային ամբողջականության, սահմանների ճանաչման և հետագա սահմանազատման գործընթացի ապահովման հարցն է։ Երկու երկրները 1991 թվականին ստորագրել և վավերացրել են փաստաթուղթ, որով ճանաչել են միմյանց տարածքային ամբողջականությունը, սահմանները։ Դա Ալմա-Աթայի հռչակագիրն է։ Առանց շատ մանրամասների նշեմ, որ դա այն փաստաթուղթն է, որով ԽՍՀՄ տասներկու հանրապետություններն ընդունել են, որ, նախ, ԽՍՀՄ-ը դադարել է գոյություն ունենալ, և երկրորդ՝ նրանց միջև վարչական սահմանները ճանաչվել են որպես միջպետական, միջազգային սահմաններ։ Հայաստանն ու Ադրբեջանն այդ հանրապետությունների շարքում էին։ Վերջին շրջանի բանակցությունների ընթացքում երկու երկրների ղեկավարները վերահաստատել են հանձնառությունն Ալմա-Աթայի հռչակագրին, դրա սկզբունքներին, մասնավորապես 2022թ. Պրահայում, հաջորդիվ Սոչիում, Բրյուսելում, նաև այլ առիթներով։ Ուստի, երկու երկրները վերահաստատել են, որ ճանաչում են միմյանց տարածքային ամբողջականությունը և համաձայնել են հետագա սահմանազատման գործընթացն իրականացնել Ալմա-Աթայի հռչակագրի, 1991թ. սահմանագծի հիման վրա։ Այդուհանդերձ, այժմ, երբ մենք ցանկանում ենք խաղաղության պայմանագրում հղում կատարել Ալմա-Աթայի հռչակագրին, նշելով այն, ինչ ես քիչ առաջ նկարագրեցի, ոչ ավելին, մենք տեսնում ենք Ադրբեջանի կողմից դժկամություն ստորագրել այդպիսի փաստաթուղթ. նրանք պարզապես տեքստից հեռացնում են այդ հղումը, հատվածը։ Սա առնվազն հարցեր է առաջացնում ՀՀ դիվանագետների շրջանում, քանզի կան կասկածներ, որ մեր տարածաշրջանում տեղի ունեցած ոճրագործություններից, Լեռնային Ղարաբաղից՝ իրենց հայրենիքից հայերի բռնի տեղահանումից հետո, Ադրբեջանը կարող է ունենալ հետագա ծրագրեր, շարունակել իր նկրտումները ՀՀ ինքնիշխան տարածքի նկատմամբ։ Խուսափելու համար նմանօրինակ սցենարից կամ սխալ ընկալումից, եթե դա սխալ ընկալում է՝ Ադրբեջանը կարող է պարզապես ստորագրել իմ նշած տեքստի ներքո, վավերացնել այն։  Հարց. Եղել են շատ հարթակներ, որոնք փորձել են Հայաստանին ու Ադրբեջանին բերել մի սեղանի շուրջ. Վրաստանը, Ռուսաստանը, Եվրոպան փորձել են դա անել։ Հասկանում եմ, որ երկար ժամանակ թշնամանք է եղել երկու երկրների միջև, ուստի պարզամիտ կամ շատ լավատեսական կլինի մտածել, որ դիվանագիտությունը կարող է միանգամից նպաստել թշնամանքի վերացմանն ու կառուցողական քննարկումներին։ Այդուհանդերձ, ո՞ր հարթակներն եք Դուք համարում առավել հարմարավետ կառուցողական քննարկումների համար։   Պատասխան. Կարճ պատասխան՝ բոլոր հարթակներում։ Միակ խնդիրն, առնվազն իմ անձնական տպավորությամբ, մյուս կողմից բացակայող քաղաքական կամքն է՝ կնքել խաղաղության համաձայնագիրը։  Հարց. Թուրքիայի հետ քննարկե՞լ եք Ադրբեջանի հետ հարաբերությունները։ Թուրքիան երբևէ փորձե՞լ է միջնորդել կամ առնվազն կողմերին միավորել որոշ հարցերի շուրջ։ Պատասխան. Այո, մենք տեսել ենք նման մի քանի փորձեր։ Ամենայն հարգանքով հանդերձ, մեր արձագանքը եղել է այն, որ միջնորդության ջանքերի համար, և սա չի վերաբերվում միայն Թուրքիային, այլև մյուս բոլոր դերակատարներին, մենք պետք է տեսնենք, որ հնարավոր միջնորդի դիրքորոշումներն ու մտադրությունները լիովին հավասարակշռված են, լիովին չեզոք։ Մենք կարող ենք ասել, առնվազն ընկալումն այդպիսին է, որ Ադրբեջանի և Թուրքիայի դիրքորոշումները նույնական են, ինչը սովորաբար միջնորդության միջավայր չի ձևավորում։ Այդուհանդերձ, մենք ներկայացրել ենք մեր ընկալումները, և ծավալվում է կառուցողական քննարկում նաև այս հարցում։  Հարց. Մի հարց էլ առևտրային միջանցքների մասին։ Մենք տեսնում ենք, թե ինչ փոփոխություններ են տեղի ունենում միջազգային ճանապարհների հետ. առևտրային ուղիները վերադասավորվում են, Միջին միջանցքն այժմ շատ կարևոր է՝ միտված Չինաստանը եվրոպական շուկաներին կապելուն, խոսվում է Հնդկաստան-Մերձավոր Արևելք միջին միջանցքի, Իրաքն ու Թուրքիան Եվրոպական շուկաներին կապող զարգացման ճանապարհի մասին, ԵՄ-ում՝   «համաշխարհային դարպասի», ԱՄՆ-ում՝ «վերակառուցիր ավելի լավ», իսկ Չինաստանում՝ «Մեկ գուտի, մեկ ճանապարհ» ծրագրերի մասին։ Ո՞րն է Ձեր տեսակետն այն միջանցքների վերաբերյալ, որոնք Հայաստանին ու Ադրբեջանին կկապեն այդ ավելի լայն ցանցին։   Պատասխան. Հասկանալիորեն, Հայաստանը ոչ միայն հետաքրքրված է, այլև նաև պատրաստ է մաս դառնալ նոր միջազգային լոգիստիկ, տարանցիկ ուղիների։ Այս թեմայի շուրջ քննարկումը կառուցողականորեն ծավալելու, շոշափելի արդյունքների համար, ինչպես նաև մեր մտադրությունները, պատրաստվածությունը լավագույնս ներկայացնելու նպատակով մենք մշակել ենք «Խաղաղության խաչմերում» նախագիծը, որն իրականացվելու պարագայում տնտեսական առավելություններ կբերի տարածաշրջանի բոլոր երկրներին և դրանից անդին, և ոչ միայն տնտեսական, այլ նաև քաղաքական. իրականացվելու պարագայում այն կարող է դառնալ տարածաշրջանում խաղաղությանը նպաստող նշանակալի գործոն, քանի որ առևտուրը, փոխկապակցվածությունն իրենց հետ բերում են որոշակի կայունություն, խաղաղություն։ Սա է մեր մտադրությունը։ Այս նախաձեռնությունը մենք շարունակում ենք ներկայացնել մեր բոլոր հնարավոր գործընկերներին։ Դրա հիմքում դրված գաղափարն այն է, որ Ադրբեջանից բեռները, անձինք կարող են հատել, անցնել ՀՀ սահմանը և մուտք գործել Նախիջևանի տարածք, և նույնը պետք է գործի ՀՀ քաղաքացիների համար։ Կա չորս կարևոր պայման, որոնք թույլ կտան գործընթացը պատշաճորեն իրականացնել։ Մի քանի տասնամյակ շրջափակման մեջ եղած ենթակառուցվածքները պետք է ապաշրջափակվեն այն երկրների ինքնիշխանության ներքո, որոնց տարածքով դրանք անցնում են, դրանք պետք է գործեն կողմերի ազգային իրավազորության ներքո, ինչպես նաև հավասարության և փոխդարձության սկզբունքներով։ Այս սկզբունքները շատ բնական են, աշխարհում բոլորը կհամաձայնեն, իսկ Ադրբեջանից մենք լսում ենք, որ նրանք հարգում են այս սկզբունքները, մտադրություն չունեն խախտել ՀՀ ինքնիշխանությունը, բայց միաժամանակ առաջարկում են, որ երրորդ երկրի ուժեր տեղակայվեն, օր.՝ ՀՀ-ով անցնելիք երկաթգծի երկայնքով։ Նրանց ակնկալիքը նաև այն է, որ Ադրբեջանի քաղաքացիները կանցնեն ՀՀ տարածքով՝ առանց անցնելու սահմանային ստուգման ընթացակարգեր, մաքսային հսկողություն։ Մենք հավատացած ենք, որ ՀՀ-ն կարող է ապահովել իր տարածքով անցնող ուղևորների անվտանգությունը, մենք կարող ենք դյուրացնել ընթացակարգերը, ժամանակակից, նորարար տեխնոլոգիաներն այդ հարցում կարող են օգտակար լինել, բայց ոչ ոք չի կարող մուտք գործել և դուրս գալ մեր երկրից առանց պատշաճ գրանցման։  Հարց. Ցանկանում եմ հարցնել նաև միջազգային զարգացումների վերաբերյալ, որոնք ազդում են միջազգային աշխարհակարգի վրա։ Պատերազմ է ընթանում Ուկրաինայում, Գազայում, գործ է քննվում Արդարադատության միջազգային դատարանում, հնարավոր է նոր հակամարտությունների բռնկում, մինչդեռ եղած հակամարտությունները ևս դեռ լիարժեքորեն կարգավորված չեն՝ լինի դա Սիրիան, թե Լիբիան։ ՄԱԿ-ում Ձեր գործընկերների հետ քննարկումներում անդրադառնու՞մ եք այն հարցին, թե ինչու՞ այս՝ համաշխարհային պատերազմից հետո ձևավորված համակարգը չի կարողացել կարգավորել այս հակամարտություններից ոչ մեկը։ Պատասխանել. Վստահաբար չեմ կարող պատասխանել, թե ինչու, բայց կարող եմ ասել, որ հիրավի, մեր գործընկերներից շատերը, փաստացիորեն բոլորն աշխարհում ընդունում են, որ միջազգային աշխարհակարգի վատթարացումը հանգեցրել է մի շարք խնդիրների, և հիմա ժամանակն է, քաղաքական միտքը նաև ջանքեր գործադրի ավելի արդար, կայուն ու եկարատև աշխարհակարգ կառուցելու ուղղությամբ՝ հիմնված միջազգային իրավունքի վրա, մարդկային արժեքների, կյանքերի փրկության համար։ Սրանք մեզ համար ընդհանրական բառեր չեն, սա այն է, ինչին մենք բախվել ենք մեր տարածաշրջանում։ Ես արդեն նշեցի Լեռնային Ղարաբաղից ողջ հայ բնակչության բռնի տեղահանումը, մեր ինքնիշխան տարածք ներխուժումները, հակամարտությունները, որոնց միջով մենք անցել ենք տասնամյակներ շարունակ, իսկ հիմա փորձում ենք խնդիրներին լուծումներ գտնել։ Մենք տեսնում ենք, որ մենք միայնակ չենք այս հարցում։ Համաշխարհային մակարդակում պետք է լրացուցիչ ջանքեր գործադրվեն լուծումներ փնտրելու ուղղությամբ համար, որոնք, ցավոք, դեռ գտնված չեն։  Հարց. Ի՞նչ կցանկանայիք փոխել ՄԱԿ Անվտանգության խորհրդի կամ ՄԱԿ համակարգի այլ մեխանիզմներում՝ ձևավորելու ավելի արդար համակարգ։ ՄԱԿ-ը կոչված է լինելու հակամարտությունների կարգավորման, խաղաղության կենտրոն։ Ինչպե՞ս եք տեսնում դրա վերափոխումն այդ նպատակին ծառայեցնելու համար։ Ո՞րն է բացակայող բաղադրիչը։ Պատասխան. Բացակայող բաղադրիչը հարկադրումն է՝ բանաձևերի, որոշումների, այդ թվում՝ Արդարադատության միջազգային դատարանի որոշումների կյանքի կոչումը։ Մեր պարագայում ևս, ընդունվել են բանաձևեր, դատարանի որոշումներ, սակայն մենք չենք տեսնում դրանց իրականացումը տեղում՝ գետնի վրա։ Միջազգային իրավակարգը պատշաճորեն չի գործում և բացակայող բաղադրիչը գուցե հենց հարկադրումն է, դրանց իրականացումը։
10:41 - 09 մարտի, 2024
Մենք ցանկանում ենք ավելի խորացնել մեր հարաբերությունները ԵՄ-ի հետ. Միրզոյան
 |1lurer.am|

Մենք ցանկանում ենք ավելի խորացնել մեր հարաբերությունները ԵՄ-ի հետ. Միրզոյան |1lurer.am|

1lurer.am: Թուրքական «Անադոլու» լրատվական գործակալությանը տված հարցազրույցում Հայաստանի և ԵՄ-ի հարաբերությունների սերտացման վերաբերյալ հարցին ի պատասխան՝ Արարատ Միրզոյանը նշել է, որ ՀՀ-ն շարունակում է խորացնել հարաբերությունները տարբեր ոլորտներում ինչպես ԵՄ-ի, այնպես էլ եվրոպական երկրների հետ՝ վկայակոչելով առկա ինտենսիվ քաղաքական երկխոսությունը։  Հայաստանի արտաքին գործերի նախարարը հայտարարել է, որ Հայաստանը համագործակցում է ԵՄ հետ՝ տնտեսական կայունությունը և տնտեսական ռեսուրսների դիվերսիֆիկացումն ապահովելու նպատակով: «Մենք ցանկանում ենք ավելի խորացնել մեր հարաբերությունները ԵՄ-ի հետ»,- նշել է Միրզոյանը՝ մեջբերելով ՀՀ վարչապետ Փաշինյանի հետևյալ հայտարարությունը. «Հայաստանը պատրաստ է հարաբերությունները խորացնել ԵՄ հետ այնքան, որքան Եվրոպական միությունը դա հնարավոր կհամարի»։
21:13 - 07 մարտի, 2024
Կառավարությունը հավանություն տվեց ՀՀ ՆԳՆ-ի և ԵՄ գործակալության միջև անվտանգ կապուղու մասին համաձայնագրին
 |panorama.am|

Կառավարությունը հավանություն տվեց ՀՀ ՆԳՆ-ի և ԵՄ գործակալության միջև անվտանգ կապուղու մասին համաձայնագրին |panorama.am|

panorama.am: Կառավարությունն այսօր չզեկուցվող հարցերի թվում  ընդունեց «Հայաստանի Հանրապետության ներքին գործերի նախարարության և Եվրոպական միության իրավապահ ոլորտում համագործակցության գործակալության միջև անվտանգ կապուղու մասին» փոխըմբռնման հուշագիրը վավերացնելու մասին» ՀՀ օրենքի նախագիծը։ Նախագծով նախատեսվում է Միջազգային պայմանագրում ամրագրված պարտավորությունների՝ Հայաստանի Հանրապետության Սահմանադրությանը համապատասխանությունը որոշելու նպատակով դիմել Հայաստանի Հանրապետության սահմանադրական դատարան: Օրինագծում ասվում է. «Հայաստանի Հանրապետության սահմանադրական դատարանի կողմից  միջազգային պայմանագրում ամրագրված պարտավորությունները Հայաստանի Հանրապետության Սահմանադրությանը համապատասխանող ճանաչելու մասին որոշման առկայության դեպքում Հայաստանի Հանրապետության կառավարության օրենսդրական նախաձեռնությունը սահմանված կարգով ներկայացնել Հայաստանի Հանրապետության Ազգային ժողով: Հայաստանի Հանրապետության սահմանադրական դատարանում Հայաստանի Հանրապետության կառավարության ներկայացուցիչ նշանակել Հայաստանի Հանրապետության ներքին գործերի նախարարի տեղակալ Արփինե Սարգսյանին»։
11:42 - 07 մարտի, 2024
ԵՄ-ն ԱՄՆ-ի պատվերն է կատարում և ՀՀ-ն դիտարկում է որպես մուտքի կետ տարածաշրջան. Զախարովա
 |armeniasputnik.am|

ԵՄ-ն ԱՄՆ-ի պատվերն է կատարում և ՀՀ-ն դիտարկում է որպես մուտքի կետ տարածաշրջան. Զախարովա |armeniasputnik.am|

armeniasputnik.am: ԵՄ-ն ԱՄՆ-ի ուղիղ պատվերն է կատարում և Հայաստանը դիտարկում է որպես տարածաշրջան մտնելու կետ։ Այս մասին ճեպազրույցի ժամանակ հայտարարել է ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան՝ մեկնաբանելով ԵՄ-ի հետ Հայաստանի մերձեցումը։ Նրա խոսքով՝ Արևմուտքը, հիասքանչ ապագա խոստանալով, այդ ցանցն է գցել նաև Կիևի ռեժիմն ու Ուկրաինան։ Սակայն հետո «գցել է» նրանց։ «Միայն թե նորից այդպես չլինի, ես հույս ունեմ, հաստատ նման բան չի լինի, ես չէի ցանկանա, որ Հայաստանի հետ նման բան լինի։ Որովհետև Հայաստանը ծանրագույն պատմական ճանապարհ է անցել, որում եղել է և Ցեղասպանություն, սեփական ինքնիշխանության պաշտպանություն, պայքար սեփական մշակույթի համար, ծանրագույն տարածքային վեճեր, հարցեր, հակամարտություններ»,-ասել է Զախարովան։ Նա նշել է, որ Հայաստանն ու հայ ժողովուրդը արժանի են խաղաղ կյանքի և ոչ մի դեպքում չպետք է մանրադրամ դառնան արևմտյան քաղաքական փնթի գործիչների ձեռքում։ Զախարովան ընդգծել է, որ Ռուսաստանը անկեղծորեն խաղաղություն է ցանկանում Հայաստանին, նրա համար այդ երկիրը դաշնակից է, որի հետ Մոսկվան երկարատև պատմական կապեր ունի։ Նա շեշտել է, որ ի սրտե խաղաղություն, կայունություն և բարգավաճում է ցանկանում Հայաստանին՝ այդ երկրի և ժողովրդի հանդեպ սիրո և պրագմատիզմի տեսանկյունից: Զախարովան ընդգծել է, որ Երևանի բարեկեցությունից է կախված նաև ամբողջ տարածաշրջանի բարեկեցությունը: Միաժամանակ նա մատնանշել է Արևմուտքին, որը, ձանձրանալով Ուկրաինայի հետ խաղալուց և կոտրելով այն, անձեռ-անոտ մնացած տիկնիկի պես նրան մի անկյուն շպրտելուց հետո սկսել է նոր զոհ փնտրել։ Զախարովան անհանգստանում է, որ այդ զոհը կարող է դառնալ Հայաստանը, որն, ի դեպ, արդեն պատմական փորձ ունի, և տեղյակ է, թե ով է միշտ օգնության հասել։ «Երևանում առանձին քաղաքական գործիչներ ԵՄ-ի կողմից հանրապետության նկատմամբ հանկարծակի մեծացած ուշադրությունը ընկալում են կամ որպես համադարման, կամ որպես խայծ»,-ասել Է Զախարովան: Նա նաև զուգահեռ է անցկացրել զավթողական քաղաքականություն վարող սպիտակ մարդու հետ։ Զախարովան կարծում է, որ Հայաստանում մի շարք քաղաքական գործիչներ չեն էլ մտածում, որ Հայաստանը վերածում են արևմտյան աշխարհաքաղաքականության, զվարճանքի հերթական գործիքին, ծախսվող նյութ են դարձնում։ Իսկ այդ ընթացքում հավաքական Արևմուտքը պետությունն օգտագործում է իր պատեհապաշտական նպատակներով ու բախտի քմահաճույքին է թողնում։
16:30 - 06 մարտի, 2024
ԵՄ-ն կարևորում է Արցախի հայերի վերադարձի համար պայմանների ստեղծումն ու իրենց տներում արժանապատիվ ապրելու իրավունքը |factor.am|

ԵՄ-ն կարևորում է Արցախի հայերի վերադարձի համար պայմանների ստեղծումն ու իրենց տներում արժանապատիվ ապրելու իրավունքը |factor.am|

factor.am: ՄԱԿ-ի Մարդու իրավունքների խորհրդի 55-րդ նիստում ԵՄ պատվիրակության ներկայացուցիչն իր ելույթում անդրադարձել է աշխարհի տարբեր կետերում մարդու իրավունքների իրավիճակին, այդ թվում՝ Ադրբեջանի կողմից Արցախում իրականացված էթնիկ զտմանը։ Հայտարարության մեջ ասվում է, որ ԵՄ-ն ընդգծում է իր շարունակական աջակցությունը Հայաստանի և Ադրբեջանի միջև կայուն ու տևական խաղաղության հաստատմանը, որը հիմնված է ինքնիշխանության, սահմանների անձեռնմխելիության և տարածքային ամբողջականության ճանաչման սկզբունքների վրա՝ 1991 թվականի Ալմա-Աթայի հռչակագրին համապատասխան: «ԵՄ-ն լիովին հավատարիմ է մնում Բրյուսելի կարգավորման գործընթացի միջոցով այդ նպատակին ուղղված ջանքերը դյուրացնելուն և կողմերին կոչ է անում բարեխղճորեն ներգրավվել գործընթացում»,- ասվում է ելույթում։ Բացի այդ, ԵՄ-ն ընդգծում է Արցախի հայերի՝ ԼՂ վերադարձի իրավունքը։ «ԵՄ-ն հավասարապես ընդգծում է Ղարաբաղի հայերի իրավունքների և անվտանգության ապահովման, ինչպես նաև փախստականների և տեղահանվածների՝ Լեռնային Ղարաբաղ կամավոր, անվտանգ, արժանապատիվ և կայուն վերադարձի համար պայմանների ստեղծումը, մասնավորապես, իրենց տներում արժանապատիվ ապրելու իրավունքը՝ առանց ահաբեկման կամ խտրականության»,- ասվում է հայտարարության մեջ։ Նշվում է նաև, որ տեղի բնակչության մշակութային ժառանգությունը և սեփականության իրավունքները պետք է արդյունավետորեն պաշտպանվեն և երաշխավորվեն: Բացի այդ, չափազանց կարևոր է ՄԱԿ-ի Արդարադատության միջազգային դատարանի հրամանների լիարժեք կատարումը։
14:01 - 05 մարտի, 2024
Լավրովի հետ հանդիպումից ԵՄ դեսպանների հրաժարումը հարցեր է առաջացնում Ռուսաստանում նրանց աշխատանքի մասին. ՌԴ ԱԳՆ |news.am|

Լավրովի հետ հանդիպումից ԵՄ դեսպանների հրաժարումը հարցեր է առաջացնում Ռուսաստանում նրանց աշխատանքի մասին. ՌԴ ԱԳՆ |news.am|

news.am: Ռուսաստանի արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովի հետ հանդիպումից Եվրամիության դեսպանների հրաժարումը հարցեր է առաջացնում Ռուսաստանում նրանց աշխատանքի մասին, հայտնել է ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան։ «Այս դեպքում, այդ մարդկանց հանդեպ ողջ հարգանքով կամ անհարգալից վերաբերմունքով հանդերձ, նրանք միայն ֆունկցիա են, նրանք միայն տեղեկություն են փոխանցում մի երկրից մյուսին։ Եվ հարց է առաջանում, ընդ որում՝ բոլորի մոտ միեւնույն հարցը. ըստ էության ի՞նչ են անում այդ մարդիկ եւ ինչո՞ւ, ինչպե՞ս են իրենք իրենց հասկանում մեր երկրի տարածքում, եթե իրենց գլխավոր ֆունկցիան չեն կատարում»,- ասել է նա «Соловьев Live»-ի եթերում։ «Նրանք իրենց ամբողջ ժամանակը, նկատի ունեմ դեսպանների արեւմտյան մասին, ՆԱՏՕ-ականներին, նվիրում են միայն մի բանի։ Չեմ ասում բոլորի մասին, բայց ասում եմ այդ «շարժիչի» մասին։ Նրանք զբաղվում են, առաջին՝ մեր երկրի ներքին գործերին միջամտելով։ Երկրորդ՝ տառացիորեն պերֆորմանսներով, որոնք նույնպես կապվում են Ռուսաստանի Դաշնության ներքին գործերին միջամտելու հետ»,- ավելացրել է Զախարովան։ Երկուշաբթի Լավրովը հայտնել էր, որ վերջերս հրավիրել է Եվրամիության դեսպաններին խոսակցության Ռուսաստանի նախագահի ընտրություններից առաջ, բայց նրանք հրաժարվել են հանդիպումից երկու օր առաջ։
11:51 - 05 մարտի, 2024
Ֆրանսիան առաջատար տեխնոլոգիաներով զինամթերք է տրամադրում մեզ․ ԱԽ քարտուղար |news.am|

Ֆրանսիան առաջատար տեխնոլոգիաներով զինամթերք է տրամադրում մեզ․ ԱԽ քարտուղար |news.am|

news.am: Եթե Եվրամիությունն առաջարկի Հայաստանին անդամակցել, կարձագանենք։ Այս մասին Հանրային հեռուստաընկերությանը տված հարցազրույցում հայտարարել է Անվտանգության խորհրդի քարտուղար Արմեն Գրիգորյանը։ Դիտարկմանը, որ Երևանն արդեն իսկ արձագանքել է՝ հայտարարելով, որ պատրաստ է խորացնել կապերն այնքան, որքան Եվրամիությունը կցանկանա և պատրաստ կլինի, Գրիգորյանը նկատել է՝ ԵՄ-ի հետ շատ ընդլայնված օրակարգ կա։ «Վիզաների ազատականացումից մինչև Եվրոպական խաղաղության գործիքակազմ։ Անվտանգությունը շատ մեծ տեղ է զբաղեցնում Եվրամիության հետ օրակարգում։ Ֆրանսիան մեծ ծավալի ռազմատեխնիկական համագործակցություն է սկսել Հայաստանի հետ»,- ասել է Գրիգորյանը։ Անդրադառնալով այն հակափաստարկներին, որ Ֆրանսիայի մատակարարած սպառազինության տեսականին սահմանափակ է՝ ռեալ զենք չկա, Գրիգորյանն ասել է, որ զարմացած է այդ կարծիքներից։ «Ֆրանսիացիներն առաջատար տեխնոլոգիաներով զինամթերք են տրամադրում մեզ»,- ասել է Գրիգորյանը։ Ճշտող հարցին՝ ինչի՞ մասին է կոնկրետ խոսքը, արդյո՞ք հրապարակվածից զատ այլ զինատեսակների գնման պայմանագրեր էլ կան կքնված, Գրիգորյանն արձագանքել է․ «Ռազմատեխնիկական համագործակցությունն այնպիսին չէ, որ ամբողջովին բաց քննարկենք։ Դա հանգիստ աշխատանք է պահանջում»։
10:57 - 02 մարտի, 2024