Երևանի քաղաքապետարան

Երևանի քաղաքապետարանը համայնքային ծառայություններ իրականացնող պետական մարմին, որի նպատակն ու խնդիրն ավագանու և քաղաքապետի լիազորությունների լիարժեք և արդյունավետ իրականացման, ինչպես նաև քաղաքացիական իրավահարաբերություններին ավագանու և քաղաքապետի մասնակցության ապահովումն է։ Երևանի քաղաքապետը և ավագանին քաղաքապետարանի միջոցով համակարգում Երևանի ենթակայության հիմնարկների, առևտրային և ոչ առևտրային կազմակերպությունների գործունեությունը, կազմակերպում հանրապետական գործադիր մարմինների և դրանց՝ Երևանի տարածքային ծառայությունների հետ հարաբերությունները։

Քաղաքապետարանը ստեղծվում, վերակազմակերպվում և նրա գործունեությունը դադարեցվում է ավագանու որոշմամբ։ 

«40 տարվա ընդմիջումից հետո Երևան բերեցիք շատ կարևոր հաղթանակ». Հայկ Մարությանը պարգևատրել է մարմնամարզիկ Արթուր Դավթյանին

«40 տարվա ընդմիջումից հետո Երևան բերեցիք շատ կարևոր հաղթանակ». Հայկ Մարությանը պարգևատրել է մարմնամարզիկ Արթուր Դավթյանին

Երևանի քաղաքապետ Հայկ Մարությանը հյուրընկալել է Տոկիոյում կայացած 32-րդ ամառային Օլիմպիական խաղերում հաջողություն գրանցած՝ Հայաստանի մարմնամարզության հավաքականի ներկայացուցիչներին: Այս մասին հայտնում են Երևանի քաղաքապետարանից։ Շնորհավորելով ձեռքբերված հաջողության համար, սպորտի զարգացման գործում ներդրած նշանակալի ավանդի և ակնառու հաջողությունների համար՝ քաղաքապետը Ալբերտ Ազարյանի անվան մարմնամարզության օլիմպիական հերթափոխի մանկապատանեկան մարզադպրոց» ՀՈԱԿ-ի մարզիկ, 32-րդ ամառային Օլիմպիական խաղերի մարմնամարզության առանձին վարժությունների հենացատկի եզրափակչում բրոնզե մեդալակիր Արթուր Դավթյանին պարգևատրել է «Էրեբունի-Երևան 2800»-ամյակի հուշամեդալով: Մարմնամարզության ՀՀ հավաքականի գլխավոր մարզիչ Հակոբ Սերոբյանին և մարզիչ Հայկ Նազարյանին հանձնվել է քաղաքապետի պատվոգիր: «Այս մարզաձևում ավելի քան 40 տարվա ընդմիջումից հետո դուք Երևան բերեցիք շատ կարևոր հաղթանակ: Այն պատիվ է ոչ միայն մեր երկրի, այլև մայրաքաղաքի համար: Քաղաքային իշխանությունն իր հերթին պարտավորվել է բարելավել պայմանները՝ կառուցելով նոր մարզադպրոց, որտեղ հնարավոր կլինի լիարժեք մարզվել ու անցկացնել նաև միջազգային առաջնություններ»,-ընդգծել է Հայկ Մարությանը: Արթուր Դավթյանը, շնորհակալություն հայտնելով քաղաքապետին, նկատել է, որ, անկախ պայմաններից, բոլոր մարզիկները մշտապես փորձում են լավագույնս ներկայանալ: Հանդիպմանը ներկա Հայաստանի մարմնամարզության ֆեդերացիայի նախագահ Գագիկ Վանոյանն իր հերթին նշել է, որ քաղաքային իշխանության կողմից նման ուշադրությունն ու վերաբերմունքը ոգևորող է, իսկ նոր, միջազգային չափորոշիչներին համապատասխան մարզադպրոց ունենալը՝ գլխավոր երազանք:  
16:05 - 17 օգոստոսի, 2021
Կենդանաբանական այգու տնօրեն Սիմոնյանը փաստաթղթերով չէր համապատասխանում ներկայացվող պահանջներին. Երևանի քաղաքապետարան |armenpress.am|

Կենդանաբանական այգու տնօրեն Սիմոնյանը փաստաթղթերով չէր համապատասխանում ներկայացվող պահանջներին. Երևանի քաղաքապետարան |armenpress.am|

armenpress.am: Երևանի կենդանաբանական այգու տնօրենի նախկին պարտականությունները կատարող Վլադիմիր Սիմոնյանն ազատվել է աշխատանքից, քանի որ փաստաթղթերով չի համապատասխանել տնօրենին ներկայացվող պահանջներին: Այս մասին հայտնեց Երևանի քաղաքապետի մամուլի խոսնակ Հակոբ Կարապետյանը: Հարցին, թե այդ դեպքում ինչպես է նշանակվել այդ պաշտոնին, Կարապետյանը նշեց, որ տվյալները վերջերս են ի հայտ եկել: «Այդ տվյալները փաստում են այն մասին, որ փաստաթղթերով Սիմոնյանը չի համապատասխանում տնօրենին ներկայացվող պահանջներին: Այդ պատճառով տնօրենի նոր պաշտոնակատար նշանակելու անհրաժեշտություն առաջացավ: Որոշում է կայացվել ԺՊ նշանակել Արևիկ Մկրտչյանին, ով զգալի փորձ ունի ոլորտում՝ աշխատել է Կենդանաբանական այգում, բացի դրանից, ոլորտում փորձառու և որակյալ մասնագետ է»,- նշեց Երևանի քաղաքապետի մամուլի խոսնակը: Երևանի կենդանաբանական այգու աշխատակիցներն օգոստոսի 9-ին բողոքի ակցիա էին իրականացնում՝ դեմ արտահայտվելով տնօրենի նոր պաշտոնակատար Արևիկ Մկրտչյանի նշանակմանը: Աշխատակիցները նշում էին, որ Մկրտչյանը նախկին տնօրեն Ռուբեն Խաչատրյանի մտերիմն ու թիմակիցն է, և պնդում, որ թույլ չեն տալու նախկինների վերադարձը: Հարցին, արդյոք այդ ամենը համապատասխանում է իրականությանը, Կարապետյանը բացասական պատասխան տվեց:  «Այո, Արևիկ Մկրտչյանն աշխատել է նախկին տնօրեն Ռուբեն Խաչատրյանի հետ: Թյուրընկալումներից խուսափելու համար պետք է արձանագրել, որ կենդանաբանական այգում այսօր աշխատողների մեծ մասը նույնպես աշխատել է այդ ժամանակ: Ցանկանում եմ փարատեմ այն մտայնությունը, որ Արևիկ Մկրտչյանը գալու է ու կատարի Ռուբեն Խաչատրյանի ծրագրերը. այդպիսի բան չի լինի»,- ասաց Կարապետյանը: Անդրադառնալով այն լուրին, թե Վլադիմիր Սիմոնյանին, ով այս պահին գտնվում է հիվանդանոցում, չի ծանուցվել աշխատանքից ազատման մասին, Երևանի քաղաքապետի մամուլի խոսնակը նշեց, որ բանավոր նրան այդ մասին մի քանի անգամ հայտնել են: «Տնօրենի պարտականությունները կատարողին այդ լիազորությունների դադարեցման մասին ծանուցման կարգ օրենսդրությամբ չի նախատեսվում: Մինչև հիվանդանոց գնալը, պարոն Սիմոնյանը բանավոր տեղեկացել է այդ մասին և տեղյակ է եղել»,- ընդգծեց Կարապետյանը:
18:23 - 09 օգոստոսի, 2021
Քաղաքապետ Հայկ Մարությանը ներկայացրել է Նոր Նորք վարչական շրջանի նոր ղեկավարին

Քաղաքապետ Հայկ Մարությանը ներկայացրել է Նոր Նորք վարչական շրջանի նոր ղեկավարին

Երևանի քաղաքապետ Հայկ Մարությանը Նոր Նորք վարչական շրջանի աշխատակազմին է ներկայացրել վարչական շրջանի նորանշանակ ղեկավար Սուրեն Ղամբարյանին, տեղեկացնում է Երևանի քաղաքապետարանի մամուլի ծառայությունը։Քաղաքապետ Մարությանն իր խոսքում շնորհակալություն է հայտնել վարչական շրջանի նախկին ղեկավար Հովհաննես Մանուկյանին և աշխատակազմին՝ կատարած աշխատանքի համար՝ ակնկալելով վարչական շրջանի նոր ղեկավարի հետ արդյունավետ աշխատանք:Քաղաքային տնտեսության տարբեր ոլորտներում իրականացվող ծրագրերի վերաբերյալ ներկայացնելով իր դիտարկումները՝ քաղաքապետը նշել է այն ուղղությունները, որոնք առաջնահերթ են առկա խնդիրները լուծելու համար:«Մենք նախաձեռնել ենք բազում ծրագրեր ու կյանքի ենք կոչել տարբեր նախագծեր, որոնք հետզհետե լուծումներ են տալիս քաղաքի առջև ծառացած տասնամյակների խնդիրներին: Այս ամենը շարունակելու, և զարգացման ծրագրերն ընդլայնելու համար հարկավոր է ամենօրյա նվիրված աշխատանք ու հետևողականություն: Վարչական շրջանները քաղաքացիների հետ շփման առաջին օղակն են և, ուրեմն, մենք պարտավոր ենք բարեհամբույր սպասարկում ապահովել մեր բնակիչների համար ու, եթե անգամ խնդիրը մեր տիրույթում չէ, ուղղորդել նրանց: Մեր աշխատանքը ծառայություն է երևանցիներին, և այդ ծառայությունը պետք է կատարենք պատվով»,- ընդգծել է Հայկ Մարությանը: Քաղաքապետը վարչական շրջանի ղեկավարի աշխատակազմի առաջնահերթ խնդիրների շարքում նշել է, մասնավորապես, եկամուտների հավաքագրման ցուցանիշների բարձրացումը և բազմաբնակարան շենքերի աղբամուղների փակման գործընթացի կազմակերպումը։
18:47 - 05 օգոստոսի, 2021
Հայկ Մարությանը պարգևատրել է Արցախյան պատերազմի ընթացքում Երևանին աջակցած ընկերություններին ու անհատներին

Հայկ Մարությանը պարգևատրել է Արցախյան պատերազմի ընթացքում Երևանին աջակցած ընկերություններին ու անհատներին

 Երևանի քաղաքապետ Հայկ Մարությանը հյուրընկալել է Արցախյան պատերազմի ընթացքում համայնքին աջակցած մի շարք ընկերությունների, հասարակական կազմակերպությունների ներկայացուցիչների և տարբեր ոլորտներում գործունեություն ծավալող անհատների: Քաղաքապետը շնորհակալություն է հայտնել պատերազմի ծանր ու պատասխանատու օրերին համայնքի կողքին կանգնելու համար: «2020 թվականին, երբ ամբողջ աշխարհը պայքարում էր համավարակի դեմ, մենք առնչվեցինք նաև պատերազմին: Մարդիկ անգամ պատկերացում չունեն, թե ինչ մեծ ծավալի աշխատանք կատարվեց այդ օրերին թիկունքում, ինչը հնարավոր դարձավ նաև բազմաթիվ նվիրյալների շնորհիվ, ովքեր կանգնեցինք համայնքի, երևանցիների ու այդ օրերին Երևան տեղափոխված արցախցիների կողքին: Այդ միասնությունը, որ մենք զգացինք, շատ կարևոր էր: Վստահ եմ՝ անհրաժեշտության դեպքում դուք նորից կդառնաք համայնքի աջակիցն ու գործընկերը: Մենք պետք է ուժեղանանք, կանգնենք ոտքի և վերականգնենք մեր պետության հզորությունը, ինչը հնարավոր է միայն միասնական ջանքերով»,- ընդգծել է քաղաքապետը: Ըստ աղբյուրի՝ Արցախի դեմ ծավալված ագրեսիայի ընթացքում Երևանին ցուցաբերած աջակցության համար Երևանի քաղաքապետը պատվոգրերով և շնորհակալագրերով է պարգևատրել քաղաքապետարանում հյուրընկալված կազմակերպությունների ներկայացուցիչներին ու անհատներին:
19:31 - 04 օգոստոսի, 2021
Երեւանի քաղաքապետարանի եւ վարչական շրջանների աշխատակիցների աշխատավարձերը կբարձրանա. ավագանին հաստատեց |armtimes.com|

Երեւանի քաղաքապետարանի եւ վարչական շրջանների աշխատակիցների աշխատավարձերը կբարձրանա. ավագանին հաստատեց |armtimes.com|

armtimes.com: Երեւանի ավագանին հաստատեց Երեւանի քաղաքապետարանի եւ վարչական շրջանների աշխատակիցների աշխատավարձերի բարձրացմանը վերաբերող ավագանու որոշման նախագիծը: Նախագծի հեղինակներն են Երեւանի ավագանու «Իմ քայլը» խմբակցության անդամ Լեւոն Հովհաննիսյանն ու «Իմ քայլը» խմբակցության ղեկավար Արմեն Գալջյանը: Նախագիծը զեկուցող Լեւոն Հովհաննիսյանը նշեց, որ առաջարկվում է վերանայել Երեւանի քաղաքապետարանի եւ վարչական շրջանների աշխատակիցների աշխատավարձերի սահմանված թիվը: Սույն նախագծով առաջարկվում է բարձրացնել շուրջ 2000 աշխատակիցների աշխատավարձեր։ «Հարկ եմ համարում նշել, որ այս նախագծով ավագանու անդամների ստացած ամսական նվազագույն աշխատավարձի չափով (68000 դրամ) փոխհատուցման գումարը չի ավելանում»,-աաց նա: Նա նաեւ հավելեց՝ Երեւանի քաղաքապետարանի աշխատավարձերի և հավելավճարների ընդհանուր տարեկան ֆոնդը կազմում է մոտ 7մլրդ դրամ, եւ կարեւորեց նշել , որ այս նախագծով Երեւան քաղաքի բյուջեի վրա հավելյալ ծանրաբեռնվածություն չի ավելանում, քանի որ այն գումարները, որոնք վերջին տարիներին քաղաքապետարանի կողմից տրվել են պարգեւավճարի տեսքով փաստացի որպես հավելյալ աշխատավարձ, այսուհետ տրամադրվելու են որպես հիմնական աշխատավարձ: «Քանի որ գործող աշխատավարձերը չեն համապատասխանում ընթացիկ աշխատանքային շուկայի պայմաններին, եւ հաճախ թույլ չեն տալիս ներգրավել բարձրակարգ մասնագետներ, ուստի  այս նախագծով համայնքային աշխատակիցները կստանան ֆիքսված ավելի բարձր աշխավարձ: Իսկ պարգևավճարների վճարման պրակտիկան, որը շատ հաճախ չհիմնավորված էր եւ հանրության շրջանում այդքան էլ միանշանակ չէր ընդունվում կվերացվի, եւ հավելավճարներ կստանան միայն այն աշխատակիցները, որոնք իսկապես հավելյալ աշխատանք կկատարեն»,-եզրափակեց նա: Հովհաննիսյանի զեկույցից հետո, ավագանու անդամները քննարկեցին ու մտքերի փոխանակում իրականացրին: Շատերը կարծիք հայտնեցին, որ վերոնշյալ նախագծին արտահերթ նիստով օրակարգ բերելու անհրաժեշտություն չեն տեսնում ու դա անհասկանալի է իրենց համար: «» Մի քանի ժամ տեւած քննարկումներից հետո, ի վերջո հարցը դրվեց քննարկման: Որոշումն ընդունվեց՝ 34 կողմ, դեմ 2 ձեռնպահ ձայների արդյունքում:
13:35 - 29 հուլիսի, 2021
Կառավարությունը Երևանի քաղաքապետին լիազորեց հանրային գերակա շահի պայմանագիր կնքել |armenpress.am|

Կառավարությունը Երևանի քաղաքապետին լիազորեց հանրային գերակա շահի պայմանագիր կնքել |armenpress.am|

armenpress.am: Կառավարությունը լիազորեց Երևանի քաղաքապետին՝ Հայաստանի Հանրապետության անունից «Ջի էմ դեւելոփեր» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերության հետ կնքել Երևան քաղաքի Ամիրյան փ., 76-80, Փ. Բուզանդի 103-105 փ., հասցեներով սահմանափակված տարածքում սեփականության օտարման գործընթացի ընթացքում պետության և ձեռք բերողի իրավունքները, պարտականություններն ու պատասխանատվությունը սահմանող պայմանագիր: Որոշման հիմնավորման մեջ նշվում է, որ տվյալ տարածքի նկատմամբ բացառիկ` գերակա հանրային շահ ճանաչելու համար անհրաժեշտ է «Ջի էմ դեւելոփեր» ՍՊԸ-ի հետ կնքել սեփականության օտարման գործընթացի ընթացքում պետության և ձեռք բերողի իրավունքները, պարտականություններն ու պատասխանատվությունը սահմանող պայմանագիր, քանի որ համաձայն օրենսդրության, եթե հասարակության և պետության կարիքների համար օտարվող սեփականություն ձեռք բերողը պետությունը չէ, ապա բացառիկ` գերակա հանրային շահ ճանաչելու մաuին կառավարության որոշմանը կցվում է համապատաuխան ոլորտի պետական կառավարման մարմնի և ձեռք բերողի միջև կնքված պայմանագիրը: Եթե ձեռք բերողը Երևանի համայնքը չէ, և եթե oտարվող գույքը գտնվում է Երևան քաղաքի վարչական տարածքում, ապա ՀՀ կառավարությունն իրավունք ունի uույն մաuով նախատեuված պետության անունից պայմանագիրը կնքելու լիազորությունը` որպեu պատվիրակված լիազորություն, վերապահելու Երևանի քաղաքապետին: Այդ պայմանագիրն ուժի մեջ է մտնում բացառիկ՝ գերակա հանրային շահ ճանաչելու մաuին կառավարության որոշումն ուժի մեջ մտնելու պահից: Նշված տարածքի նկատմամբ արդեն իսկ ճանաչվել էր բացառիկ` գերակա հանրային շահ և տարածքի ձեռք բերող էր ճանաչվել «Լիդեր Մոբիլ» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերությունը: Օրենքի 10-րդ հոդվածի 1-ին կետի համաձայն «Ձեռք բերողը պարտավոր է մինչև բացառիկ` գերակա հանրային շահ ճանաչելու մաuին կառավարության որոշմամբ uահմանված uեփականության oտարման գործընթացն uկuելու վերջնական ժամկետից oտարվող uեփականության uեփականատերերին և oտարվող uեփականության նկատմամբ գույքային իրավունքներ ունեցողներին պատշաճ ձևով ուղարկել uեփականության oտարման պայմանագրի (այuուհետ` oտարման պայմանագիր) նախագիծը»: Հաշվի առնելով, որ վերը նշված որոշումներով սահմանված օտարման գործընթացի վերջնաժամկետում տարածքում որոշ սեփականատերերի չեն ուղարկվել օտարման պայմանագրերի նախագծերը, Օրենքի 16-րդ հոդվածի 1-ին կետի ուժով ՀՀ կառավարության նշված որոշումները չօտարված սեփականությունների մասով համարվել են անվավեր, իսկ «Լիդեր Մոբիլ» ՍՊԸ-ն ճանաչվել է սնանկ: ՀՀ կառավարությունը դեռ 2017-ին հավանություն է տրվել «Ջի էմ դեւելոփեր» ընկերության ներկայացրած՝ Երևան քաղաքի Կենտրոն վարչական շրջանում Երևանի թատրոնի և կինոյի պետական ինստիտուտի և Մուշեղ Իշխանի անվան N 5 հիմնական դպրոցի միջանկյալ տարածքում բազմաբնակարան շենքի կառուցման ներդրումային ծրագրին: Նշված արձանագրային որոշմամբ ներդրումային ծրագիրը նախատեսվել է իրականացնել 2 /երկու/ փուլով. 1-ին փուլ՝ Երևան քաղաքի Կենտրոն վարչական շրջանում Երևանի թատրոնի և կինոյի պետական ինստիտուտի և Մուշեղ Իշխանի անվան թիվ 5 դպրոցին հարակից 1278.07 քմ ընդհանուր մակերեսով տարածքում նախատեսվել է կառուցել բազմաբնակարան շենք, ինչպես նաև մոտ 955.69 քմ, հողամասի վրա ապամոնտաժել առկա շենքը և կառուցել Սոս Սարգսյանի անվան Համազգային թատրոնի (այսուհետ` Թատրոն) նոր շենք: 2-րդ փուլով նախատեսվել է Երևան քաղաքի Կենտրոն վարչական շրջանում, Ամիրյան փողոցի 76-80, Փ. Բուզանդի փողոցի 103-105 հասցեներով սահմանափակված տարածքում նախկին ձեռք բերող «Լիդեր Մոբիլ» ՍՊ ընկերության չիրականացրած քաղաքաշինական ծրագրի իրականացում՝ հասարակության և պետության կարիքների համար տարածքի իրացում: Պայմանագրերի կնքումից հետո հնարավոր կլինի նշված տարածքի նկատմամբ ճանաչել բացառիկ` գերակա հանրային շահ և ավարտին հասցնել քաղաքաշինական ծրագրի իրականացումը, որով մասնավոր ներդրումների հաշվին Երևանի կենտրոնից կվերանա կիuախարխուլ ոչ uեյuմակայուն, հիմնականում վթարային հանդիuացող բնակելի ֆոնդը, և Գլխավոր պողոտայի տվյալ հատվածում կարդիականացվի տարածքը, կամրացվեն կիրառական ենթակառուցվածքները, միաժամանակ կմեծանա տարածքի առևտրային և մշակութային նշանակությունը և կդառնա ներդաշնակ արդեն իսկ կառուցապատված հարակից տարածքներին:
13:00 - 29 հուլիսի, 2021
Հայկ Մարությանն այցելել է Երևանի բարեկարգվող այգիներ

Հայկ Մարությանն այցելել է Երևանի բարեկարգվող այգիներ

Երևանի քաղաքապետարանը բարեկարգման ծավալուն ծրագրեր է իրականացնում մայրաքաղաքի հանգստի գոտիներում: Աշխատանքների ընթացքին ծանոթացել է Երևանի քաղաքապետ Հայկ Մարությանը: Ինչպես հայտնեցին Երևանի քաղաքապետարանի լրատվության վարչությունից, տարեկան ծրագրով ամբողջությամբ հիմնանորոգվում է շուրջ 3 հա տարածք զբաղեցնող «Նոր Արաբկիր» զբոսայգին՝ ժողովրդին առավել հայտնի «Մոլոկանի այգի» անունով: «Նոր Արաբկիր զբոսայգին երբևիցե չէր հիմնանորոգվել, այժմ մեծածավալ աշխատանքներ ենք սկսել: Մինչ աշխատանքներին անցնելը, կցանկանայի նշել, որ մասնավորի հետ բանակցությունների շնորհիվ կարողացել ենք այնպես անել, որ վերադարձնենք համայնքին ու սկսենք այս շինարարությունը: Աշխատանքներն ընթանում են ամբողջ ծավալով»,- ընդգծում է քաղաքապետը: Համալիր բարեկարգմամբ հանգստի գոտին կապահովվի ոռոգման նոր համակարգով ու արտաքին լուսավորության նոր ցանցով, կտեղադրվեն էներգախնայող ԼԷԴ լուսատուներ, կկառուցվեն թեքահարթակներ, կվերագործարկվեն շատրվաններն ու ջրթափները, կվերանորոգվի «Նոր Արաբկիր» հուշարձանը, կբարեկարգվեն ճեմուղիները: Այգին ապահովված կլինի նստարաններով, զրուցարաններով, կկառուցվեն սանհանգույցներ: Քանաքեռ ՀԷԿ թաղամասի զբոսայգում բարեկարգման ծրագիրն արդեն ավարտական փուլում է: Զբոսայգու ընդարձակ կանաչ գոտին ոռոգելու նպատակով կառուցվել է հատուկ ջրավազան և անցկացվել ճնշումային ոռոգման համակարգ: Բարեկարգվել են ճեմուղիները, կառուցվել են թեքահարթակներ, համերգային հարթակ, ավազածածկ խաղահրապարակ, հանգստի գոտին ապահովվել է ժամանակակից գեղարվեստական լուսավորությամբ, տեղադրվել են զրուցատաղավարներ, նստարաններ ու աղբամաններ: Իհարկե, նաեւ նոր ծառեր են տնկվել: Շրջայցի ընթացքում ծանոթանալով կատարված աշխատանքին՝ քաղաքապետ Մարությանը նաև մի շարք դիտարկումներ արեց: «Կան աշխատանքներ, որոնք պետք է շտկվեն: Այդ բոլոր դիտողություններն արել եմ և վարչական շրջանին, և մեր կանաչապատման կազմակերպությանը, և շինբարեկարգման վարչությանը: Իրենք այդ ուղղությամբ կաշխատեն, որ վերջնական՝ 100%-ով հանձնենք մեր բնակչությանը: Ընդհանուր առմամբ գոհ եմ, բավականին մեծ տարածք է և արդեն մարդիկ իրենց հանգիստն են վայելում այստեղ»,- ասում է Հայկ Մարությանը: Մարտիրոս Սարյանի անվան պուրակում ևս բարեկարգման փուլի վերջին շտկումներն են: Հանգստի այս գոտու նորոգումը հնարավոր դարձավ «Ակտիվ քաղաքացի» հարթակի շնորհիվ, երբ այն դարձավ հաղթող նախագծերից մեկը: Շուտով բնակիչների տնօրինմանը կհանձնվի ևս մեկ նոր հանգստի գոտի. Երևանը ժամանակակից հանրային սքեյթ-պարկ կունենա: Այն լինելու է Օղակաձև զբոսայգու տարածքում: Այս նախագծին զուգահեռ՝ քաղաքապետարանը նախաձեռնեց նաև զբոսայգու ամբողջ 6-րդ հատվածի բարեկարգումը, որը ևս ավարտական փուլում է:
10:51 - 29 հուլիսի, 2021
Էրեբունու հնագիտական պեղումներն ավարտվել են. Ժոնաթան Լաքոտին ու Գայանե Մելքոմ Մելքոմյանին ներկայացրին աշխատանքները |armenpress.am|

Էրեբունու հնագիտական պեղումներն ավարտվել են. Ժոնաթան Լաքոտին ու Գայանե Մելքոմ Մելքոմյանին ներկայացրին աշխատանքները |armenpress.am|

armenpress.am: Էրեբունի հնավայրում Էրեբունու հնագիտական պեղումներն ավարտելու կապակցությամբ Երևանի փոխքաղաքապետ Գայանե Մելքոմ Մելքոմյանին և ՀՀ-ում Ֆրանսիայի դեսպան Ժոնաթան Լաքոտին ներկայացվեցին 2021 թվականի առաքելության ուսումնասիրությունների արդյունքները: Մելքոմ Մելքոմյանն ու Լաքոտը շրջեցին հնավայրի տարածքում, ծանոթացան կատարված աշխատանքներին, այնուհետև ասուլիսով հանդես եկան: «Այս ծրագիրը Երևանի քաղաքապետարանի և Ֆրանսիայի կարևոր համագործակցություններից մեկն է: «Էրեբունի» պատմահնագիտական արգելոց-թանգարանը, լինելով մեր կարևորագույն հուշարձաններից, մեծ ուշադրության է արժանանում մեր կողմից: Ե՛վ այս ծրագրով, և՛ այլ նախաձեռնություններով մենք փորձում ենք խթանել արգելոց-թանգարանի զարգացմանը»,- նշեց Երևանի փոխքաղաքապետ Գայանե Մելքոմ Մելքոմյանը:   ՀՀ-ում Ֆրանսիայի արտակարգ և լիազոր դեսպան Ժոնաթան Լաքոտն էլ ընդգծեց, որ այս ժառանգությունը բավական կարևոր է Երևանի  և ընդհանուր տարածաշրջանի պատմության համար: «Սա Ֆրանսիայի կողմից Հայաստանում իրագործվող ժառանգության ոլորտում ընդհանուր մեծ ծրագրերի մաս է կազմում: Ֆրանսիան Հայաստանի հետ սկսելու է ժառանգության պահպանման համագործակցություն, քանի որ հայկական ժառանգությունը վտանգված է: Մենք ցանկանում ենք Հայաստանի կողքին լինել, որպեսզի պահպանենք այդ ժառանգությունն ու արժևորենք»,- նշեց Լաքոտը: Արգելոց-թանգարանի տնօրեն Միքայել Բադալյանն էլ շեշտեց, որ այս հնավայրը շատ կարևոր նշանակություն ունի ոչ միայն Հայաստանում, այլև ամբողջ տարածաշրջանի հնագիտության ուսումնասիրության համար: «Այս ուսումնասիրությունների մասին տեղյակ են բազմաթիվ հնագետներ և ամենահեղինակավոր ուրարտագետների կողմից արժանացել են ամենաբարձր գնահատանքին»,- ասաց Բադալյանը:
14:52 - 28 հուլիսի, 2021
Երևանի քաղաքապետարանում աշխատավարձերի բարձրացումից հետո պարգևավճարների պրակտիկան կվերանա

Երևանի քաղաքապետարանում աշխատավարձերի բարձրացումից հետո պարգևավճարների պրակտիկան կվերանա

Երևանի ավագանու անդամ, «Իմ քայլը» խմբակցության քարտուղար Արմեն Գալջյանը հայտարարություն է տարածել՝ մանրամասներ ներկայացնելով Երևանի քաղաքապետարանի աշխատակիցների աշխատավարձերը բարձրացնելու նախագծի վերաբերյալ: Արմեն Գալջյանը հայտնել է, որ իր գործընկեր, Երևանի ավագանու անդամ Լևոն Հովհաննիսյանի հետ շրջանառության մեջ են դրել Երևանի քաղաքապետարանի և վարչական շրջանների աշխատակիցների աշխատավարձերի բարձրացման ավագանու որոշման նախագիծ։ «Նախագծով առաջարկվում է բարձրացնել շուրջ 2000 աշխատակիցների աշխատավարձեր։ Հարկ եմ համարում նշել, որ այս նախագծով ավագանու անդամների ստացած ամսական նվազագույն աշխատավարձի չափով (68000 դրամ) փոխհատուցման գումարը չի ավելանում։ Երևանի քաղաքապետարանի աշխատավարձերի և հավելավճարների ընդհանուր տարեկան ֆոնդը կազմում է մոտ 7մլրդ դրամ, և կարևոր է նաև նշել , որ այս նախագծով Երևան քաղաքի բյուջեի վրա հավելյալ ծանրաբեռնվածություն չի ավելանում, քանի որ այն գումարները, որոնք վերջին տարիներին քաղաքապետարանի կողմից տրվել են պարգևավճարի տեսքով փաստացի որպես հավելյալ աշխատավարձ, այսուհետ տրամադրվելու են որպես հիմնական աշխատավարձ»,- մանրամասնել է Երևանի ավագանու անդամը։ Նրա խոսքով՝ քանի որ գործող աշխատավարձերը չեն համապատասխանում ընթացիկ աշխատանքային շուկայի պայմաններին, և հաճախ թույլ չեն տալիս ներգրավել բարձրակարգ մասնագետներ, քանի որ սահմանվել են դեռևս 2011 թվականին, այս նախագծով համայնքային աշխատակիցները կստանան ֆիքսված ավելի բարձր աշխատավարձ: Գալջյանը հավելել է, որ պարգևավճարների վճարման պրակտիկան, որը շատ հաճախ չհիմնավորված էր և հանրության շրջանում այդքան էլ միանշանակ չէր ընդունվում, կվերացվի, իսկ հավելավճարներ կստանան միայն այն աշխատակիցները, որոնք իսկապես հավելյալ աշխատանք կկատարեն։ «Այս կապակցությամբ հարկ եմ համարում ընդգծել, որ Երևանի ավագանու «Իմ քայլը» խմբակցությունը այս որոշման ընդունումից հետո բազմապատկելու է իր վերահսկողական լծակները քաղաքապետարանի և վարչական շրջանների աշխատանքի նկատմամբ և հետևողական է լինելու, որպեսզի բացառվեն չհիմնավորած պարգևավճարների տրամադրումը»,- ասված է հայտարարության մեջ։
14:20 - 27 հուլիսի, 2021
Ես կտրականապես դեմ եմ, որ իմ աշխատավարձը բարձրանա․ եթե ավագանին որոշումը ընդունի, կհրաժարվեմ ավելացած գումարից և կստանամ նույն աշխատավարձը, ինչ ստացել եմ 2,5 տարվա ընթացքում՝ 415.000 դրամ․ Մարության

Ես կտրականապես դեմ եմ, որ իմ աշխատավարձը բարձրանա․ եթե ավագանին որոշումը ընդունի, կհրաժարվեմ ավելացած գումարից և կստանամ նույն աշխատավարձը, ինչ ստացել եմ 2,5 տարվա ընթացքում՝ 415.000 դրամ․ Մարության

Երևանի քաղաքապետ Հայկ Մարությանը ֆեյսբուքյան էջում գրել է․ «Երևանի ավագանու մի խումբ անդամների նախաձեռնությամբ այս շաբաթ հրավիրվել է արտահերթ նիստ, որտեղ կքննարկվի  քաղաքապետարանի շուրջ 2000 աշխատակիցների աշխատավարձերի ավելացման հարցը։ Համակարգային առումով սա հնարավորություն կտա որակյալ կադրեր ներգրավել՝ քաղաքն ու քաղաքացիներին սպասարկելու համար: Բայց օրենքը պահանջում է այլ աշխատակիցների աշխատավարձի բարձրացման  համար բարձրացնել նաև քաղաքապետի աշխատավարձը: Ես արդեն առիթ ունեցել եմ այս առումով հայտնելու իմ դիրքորոշումը. հեղափոխության արդյունքում հանրային պաշտոն ստանձնած մարդը չպետք է ձգտի սեփական աշխատավարձի բարձրացմանը։ Ուստի, ես  կտրականապես դեմ եմ, որ իմ աշխատավարձը բարձրանա, այդ պատճառով չեմ մասնակցելու քվեարկությանը։ Իսկ եթե ավագանու քվեարկությամբ  որոշումը ընդունվի, կհրաժարվեմ այդ ավելացած գումարից և կստանամ նույն աշխատավարձը, ինչ ստացել եմ այս 2,5 տարվա ընթացքում, այսինքն, 415.000 դրամ: Ավելացած գումարը կուղղվի բարեգործության»:
10:42 - 27 հուլիսի, 2021
Դպրոցների կառավարման խորհուրդների նոր կարգի հաստատումից հետո 30-օրյա ժամկետում բոլոր դպրոցներում պետք է ձևավորվեին խորհուրդներ․ կարգը խախտվել է

Դպրոցների կառավարման խորհուրդների նոր կարգի հաստատումից հետո 30-օրյա ժամկետում բոլոր դպրոցներում պետք է ձևավորվեին խորհուրդներ․ կարգը խախտվել է

ՀՀ ԿԳՄՍ նախարարի պաշտոնակատար Վահրամ Դումանյանի հրամանով ամիսներ առաջ հաստատվեց պետական հանրակրթական ուսումնական հաստատությունների կառավարման խորհուրդների ձեւավորման նոր կարգը, որն ուժի մեջ մտավ 2021 թվականի ապրիլի 1-ից: Նոր կարգով դպրոցների կառավարման խորհուրդների համակարգում կտրուկ փոփոխություն է նախատեսվում: Մասնավորապես, ներմուծվում է դպրոցների միացյալ եւ առանձին խորհուրդների գաղափարը: Համաձայն կարգի` հանրակրթական ուսումնական հաստատության խորհուրդը ձեւավորվում է 3 տարի ժամկետով` իբրեւ առանձին հաստատության խորհուրդ` առնվազն 3000 բնակչություն ունեցող բնակավայրերում գործող դպրոցների դեպքում, իբրեւ միացյալ խորհուրդ` առավելագույնը երեք հաստատության համար: Առանձին խորհուրդը կազմվում է 9 անդամից, միացյալ խորհուրդը կարող է ունենալ առավելագույնը 19 անդամ: Խորհրդի անդամներին առաջադրում են ԿԳՄՍ նախարարը, լիազորված մարմինը (մարզպետարաններ, Երեւանի քաղաքապետարան), մանկավարժական եւ ծնողական խորհուրդները, տեղական ինքնակառավարման մարմնի ղեկավարը: Դպրոցի մանկավարժական եւ ծնողական խորհուրդներն իրենց կազմից փակ քվեարկությամբ ընտրում են խորհրդի 2-ական անդամ, ընդ որում՝ նույն անձը խորհրդի կազմում չի կարող ընդգրկվել 2 անգամ անընդմեջ: Ըստ սահմանված  30-օրյա ժամկետում, սույն կարգի համաձայն, լիազոր մարմինը պետք է  կազմակերպի  և ապահովի խորհուրդի անդամների ընտրության գործընթացը: Այսպիսով, մայսի 1-ի դրությամբ գործընթացը բոլոր դպրոցներում պետք է ավարտված լիներ։  Կառավարման խորհուրդների ձեւավորման նոր կարգի, առաջացած խոչընդոտների վերաբերյալ Infocom.am-ը զրուցել է «Հակոբ Կոջոյան» կրթահամալիրի փոխտնօրեն, «Միասին կարող ենք» ՀԿ նախագահ Ռուզաննա Երեմյանի հետ։ Մեր զրույցում Երեմյանն ընդգծեց, որ նախնական տարբերակում խորհրդի այլ տարբերակ էր առաջարկվում՝ 3, 3, 3, այսինքն՝ երեք հոգի ներկայացնում էին ծնողական համայնքը, երեքը՝ ուսուցչական համայնքը, երեքը՝ լիազոր մարմինը։ Փոխտնօրենի խոսքով՝ կրթական ոլորտին անհրաժեշտ են փոփոխութուններ, բայց փոփոխություններ անելուց առաջ պետք է դաշտը նախապատրաստել, նախապատրաստել ամբողջ գործընթացը եւ հետո նոր կարգը դնել գործածության մեջ։ «Ըստ նախարարության մշակած եւ հաստատած կարգի՝ ապրիլի մեկից մինչեւ մայիսի մեկը պետք է ձեւավորվեին հանրակրթական դպրոցների կառավարման խորհուրդները, որոնք, ըստ իս, շատ կարեւոր գործառույթ ունեն դպրոցում։ Մայիսի մեկից բավականին երկար ժամանակ է անցել, բայց դեռ կան դպրոցներ, որոնք խորհուրդներ չունեն, ինչը, իհարկե, խնդիր է առաջացնում, որովհետեւ կան դպրոցներ, որտեղ պետք է մրցույթներ հայտարարվեն, կան դպրոցներ, որոնք ամռան ընթացքում ունեն կարիքներ, որոնք պետք է բավարարվեն, կան խնդիրներ, որոնք պետք է լուծվեն, եւ դրա համար անշուշտ խորհուրդների համաձայնությունը, հավանությունը անհրաժեշտ է, որպեսզի դպրոցը կարողանա դիմել լիազոր մարմնին՝ ֆինանսական որեւէ գործարք իրականացնելու համար։ Քանի որ ամառվա ամիսները դպրոցների համար դադարի ժամանակ են, ե՛ւ դպրոցական շենքը, ե՛ւ ուսումնամեթոդական նյութերը պետք է հենց ամռանը պատրաստել՝ սեպտեմբերի մեկից երեխաներին ավելի լավ պայմաններով դիմավորելու համար․ այս դեպքում, կարծում եմ, այդ աշխատանքները խոչընդոտվում են»,- հավելեց Երեմյանը։ Վերջինիս խոսքով՝ դպրոցները կանգնած են լուրջ խնդրի առջեւ, եւ անգամ այն դեպքում, երբ չի բարձրաձայնում, միեւնույն է՝ խնդիրը կա, իսկ այս իրավիճակը խանգարում է դպրոցների բնականոն աշխատանքին։ Այն հարցին, թե նախապես ի՞նչ քայլեր պետք է արվեին, որպեսզի կարգի հաստատումից հետո դպրոցները նման խնդրի առաջ չկանգնեին, Երեմյանը շեշտեց, որ, իր կարծիքով, նախարարությունը այստեղ շատ մեծ բացթողում ունի, որովհետեւ ինքն է մշակել կարգը, եւ պետք է հաշվի առնեին ռիսկերը․ առանց դրանք հաշվի առնելու, գնահատելու, կարգը չպետք է դրվեր շրջանառության մեջ։ Երեմյանի խոսքով պետք է հաշվի առնվեին նաև ռիսկերը,  որպեսզի ժամկետները չխախտվեին։ Գործընթացը պետք է ավարտված լիներ մայիսի 1-ին, այնինչ այն հուլիս ամսվա դրությամբ ավարտված չէ։  «Ըստ մեր ունեցած տեղեկության՝ շատերին են դիմում, ու շատ քաղաքացիներ՝ ե՛ւ նախարարության աշխատակիցներ, ե՛ւ այլ գերատեսչությունների աշխատակիցներ հրաժարվում են խորհուրդներում աշխատել, որովհետեւ դա հասարակական աշխատանք է։ Այդ դեպքում, եթե բավարար քանակը եւս վեց ամիս չհավաքվի, ինչպե՞ս են աշխատելու դպրոցները։ Ի վերջո, դպրոցը չի կարող ամիսներով սպասել, ինքնահոսի աշխատել։ Եթե մենք գնում ենք ինստիտուցիոնալ խնդիրների լուծմանը, գնում ենք օրենքը պաշտպանելու գաղափարի հետեւից, ապա, կարծում եմ, որ առաջին հերթին նախարարությունը պետք է այդ կարգը պահեր։ Իր մշակած կարգը խախտել եւ դպրոցներից կամ այլ կրթական հաստատություններից պահանջել, որ վերջիններս կարգին հետեւեն, ճիշտ չէ, կրթության ոլորտում չպետք է այդպես աշխատել»,- մանրամասնեց մեր զրուցակիցը, որի կարծիքով, սակայն, կառավարման խորհուրդների ձեւավորման կարգի փոփոխությունն իսկապես անհրաժեշտ էր։ Նախկինում խորհրդի անդամներն ութն էին, եւ տնօրենի ընտրության ժամանակ ձայների հավասար բաժանման դեպքում վերջնական որոշում կայացնում էր լիազոր մարմինը, եւ այդտեղ խնդիր էր առաջանում․ շատ հաճախ խորհրդի անդամները որոշումը համարում էին սուբյեկտիվ։ Կառավարման խորհրդում ինն անդամի ներգրավման որոշումը պայմանավորված է նաեւ նրանով, որ ձայների հավասարաչափ սկզբունքը կխախտվի, օրինակ, տնօրենների ընտրությունների դեպքում խնդիրը կստանա տեղային լուծում։ Երեմյանի կարծիքով, սակայն, փոփոխությունից հետո դպրոցի դերը պետք է ավելի բարձրացվեր, որովհետեւ դպրոցը կենդանի օրգանիզմ է։ «Գերատեսչություններից եղել են պատասխաններ, որ աշխատանքը շատ է, չեն հասցնում, եղել են պատճառներ, որ ուղղակի մարդկանց թիվը չեն հասցնում ապահովել, մարդիկ հրաժարվում են հասարակական հիմունքներով աշխատել, եւ այլն։ Ես կարծում եմ, որ դա մեր՝ դպրոցում աշխատող, դպրոցական կյանքով ապրող անձանց, տնօրեններ, կոլեկտիվների խնդիրը չէ, որովհետեւ եթե խնդիրը դրվեր ինստիտուցիոնալ լուծման, այսինքն՝ ունենայինք համապատասխան թվով անձինք, նախապես համաձայնեցվեր այդ անձանց հետ, ստանային նրանց համաձայնությունը, որ պատրաստ են հասարակական գործունեություն ծավալել, հետո նոր գործածության մեջ դնել կարքը, ապա խնդիրներ չէին առաջանա։ Կարծում եմ, որ հարցը պետք է շատ արագ լուծում ստանա, բայց եթե այդպես չլինի, ուրեմն կստացվի, որ այն արժեքները, որոնք մենք կրում ենք՝ օրենքի գերակայության մասին, օրենքին հետեւելու մասին, մենք ինքներս խախտում ենք։ Ես, կրթության ոլորտում դեմ եմ նման մոտեցմանը, որովհետեւ կրթությունը ամեն ինչի հիմքն է, հասարակության ամենանուրբ զգայարանները անցնում են դպրոցներով»,- եզրափակեց կրթահամալիրի փոխտնօրենը։ Հուլիսի 9-ին  ԿԳՄՍ նախարարությունից ստացած պատասխանի մեջ նշվում է, որ փոփոխությունից հետո ՀՀ բոլոր հանրակրթական ուսումնական հաստատություններում ձեւավորվել են կառավարման նոր խորհուրդներ՝ 3 տարի ժամկետով։ Կառավարման խորհուրդների ձեւավորման գործընթացն իրականացվել է կարգի պահանջների համաձայն։ Հարցման պատասխանի մեջ, մասնավորապես, ասված է․ «Նախարարության ենթակայության հաստատությունների խորհուրդների ձեւավորման աշխատանքներն ավարտված են, իսկ մարզային եւ Երեւանի քաղաքապետարանի ենթակայության հաստատությունների առանձին խորհուրդներում ԿԳՄՍ նախարարն առաջադրել է մեկական, իսկ միացյալ խորհուրդներում՝ երկուական անդամ»։  Երեւանի քաղաքապետարանի ենթակայությամբ գործող հաստատությունների կառավաման խորհուրդների ձեւավորման վերաբերյալ տեղեկություն ստանալու համար հարցում ուղարկեցինք նաեւ Երեւանի քաղաքապետարան։ Նախորդ շաբաթ մեզ տրված պատասխանում նշված է, որ Երեւանի քաղաքապետարանի ենթակայության տակ գտնվող դպրոցներում կոլեգիալ կառավարման մարմինների՝ խորհուրդների ձեւավորումը ընթացքի մեջ է, առանձին դպրոցների խորհուրդներ չեն ձեւավորվել, քանի որ խորհուրդների անհատական կազմերի հաստատումն իրականացվելու է ըստ Երեւանի վարչական շրջանների՝ Երեւանի քաղաքապետի միասնական որոշմամբ: Դպրոցների խորհուրդների ձեւավորման գործընթացի ավարտը նախատեսվում է առաջիկա օրերին, քանի որ արդեն շրջանառության են ներկայացված Երեւանի քաղաքապետի համապատասխան որոշումների նախագծերը: Գործընթացի ավարտի վերաբերյալ քաղաքապետարանից նոր տեղեկություն ստանալ չհաջողվեց։ Քաղաքապետարանի հասարակայնության հետ կապերի բաժնից մեր հարցերին ի պատասխան ընդգծել էին, որ խորհուրդների ձեւավորման գործընթացում հիմնական խնդիրները վերաբերել են անդամների ներգրավմանը, քանի որ Երեւանի քաղաքապետարանը խորհուրդների անհատական կազմի ձեւավորման գործընթացում հիմնականում առաջնորդվել է համայնքային ծառայողների, քաղաքապետարանի ենթակայությամբ գործող հաստատությունների, հասարակական ոլորտում գործունեություն ծավալող անձանց ընդգրկման համամասնության ապահովման սկզբունքով:  Դպրոցների խորհուրդների անդամների ներգրավման նպատակով քաղաքապետարանը գրություններ է ուղղել ինչպես քաղաքապետարանի ստորաբաժանումների եւ վարչական շրջանների ղեկավարներին, այնպես էլ հասարակական կազմակերպություններին, արդյունքում՝ պատրաստակամություն հայտնած անձինք հնարավորինս ներգրավվել են տարբեր դպրոցների խորհուրդների կազմերում: Խորհուրդներին անդամակցելու առաջարկ ստացած եւ հրաժարված անձանց վերաբերյալ վիճակագրություն չի վարվել: Ասպրամ Փարսադանյան
18:34 - 21 հուլիսի, 2021
Երևանյան բակերը հերթով բարեկարգվում են

Երևանյան բակերը հերթով բարեկարգվում են

Երևանյան բակերում այս օրերին ընթացող բարեկարգման աշխատանքները մեկ նպատակ ունեն՝ հարմարավետ միջավայր ապահովել բնակիչների համար: Գործընթացն ավելի արդյունավետ է դառնում, երբ հենց համայնքի բնակիչներն են իրենց իսկ շրջակայքի բարեկարգման գաղափարներ տալիս: Երևանի քաղաքապետարանի գործարկած «Ակտիվ քաղաքացի» հարթակը լավ հնարավորություն էր բոլոր այն մարդկանց համար, ովքեր Երևանի զարգացման իրենց առաջարկներն ունեին. ծրագրեր, որոնք այսօր արդեն կյանքի են կոչվում: Այս մասին հաղորդագրություն է տարածել Երևանի քաղաքապետարանը: «Մենք ընտանիքով որոշեցինք մասնակցել նախագծին. սկզբից քննարկեցինք մի քանի տարբերակներ, բայց կանգ առանք «Հաղթանակ» թաղամասում մարզադաշտ կառուցելու և ԼԷԴ լուսավորության վրա: Ակտիվ հաղթանակցիների ակտիվ քվերակության շնորհիվ երկու ծրագրերն էլ հաղթող դուրս եկան: Այժմ արդեն տրվել է մեկնարկը»,- նշում է «Ակտիվ քաղաքացի» նախագծի հաղթող Շուշանիկ Ղևոնդյանը: «Հնարավորություն էր տրվում բոլոր երևանցիներին իրենց լուման ունենալ Երևանի զարգացման գործում: Ես և ընկերս՝ Արթուր Մարոնյանը, փորձեցինք անմասն չմնալ. կազմեցինք նախագիծը, հանդիպեցինք բնակիչների հետ, արժանացանք նրանց հավանությանը, որը հետագայում նրանք դրսևորեցին իրենց քվերակությամբ: Ինչո՞ւ ընտրեցինք Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանը, քանի որ մշտապես ունեցել ենք այն համոզմունքը, որ վարչական շրջանները պետք է զարգանան համաչափ»,- նշում է «Ակտիվ քաղաքացի» նախագծի հաղթող Տարոն Միրոյանը: Երևանի քաղաքապետարանի ընթացիկ ծրագրերով ևս վարչական շրջաններում հանգստի գոտիներ են ստեղծվում և բարեկարգվում են բակերը: Նախագծերի հիմքում դրված է համաչափ զարգացման սկզբունքը: «Դավթաշենում այս տարի բարեկարգելու ենք բակային 3 տարածք և ամենամեծ ծրագիրը, որ այս տարի իրականացնելու ենք նոր ֆուտբոլի դաշտի կառուցումն է: Նախագիծը բաղկացած է երկու փուլից: Հաջորդ փուլում նույն վայրում կառուցելու ենք բասկետբոլի դաշտ և վազքուղի»,- ասում է Երևանի Դավթաշեն Վարչական շրջանի ղեկավարի տեղակալ Սաշա Կատվալյանը: «Այս տարվա քաղաքային ծրագրով ամբողջությամբ վերանորոգվել է 11-րդ փողոցի հարակից այգին՝ մոտ 5000 քմ: Ամբողջությամբ սալիկապատվել է, նոր ԼԷԴ լուսատուներ են դրվել, նստարաններ, երեխաների համար խաղահրապարակներ են կառուցվել»,- ասում է Երևանի Նուբարաշեն վարչական շրջանի ղեկավար Անդրանիկ Գասպարյանը: «Ամենամեծ ծավալի բակային բարեկարգման ծրագրերն են իրականացվում այս տարի Կենտրոն վարչական շրջանում: Եվ, հաշվի առնելով այն միջավայրը, որն առկա է կենտրոնի բակերում. բնակիչների, հարևանների միմյանց հետ շփվելու տաղավարային, բակային զբոսանքները, մենք առավելագույն պայմաններ ենք փորձում ապահովել բնակիչների համար»,- նկատում է Երևանի Կենտրոն վարչական շրջանի ղեկավար Ավետ Պողոսյանը: Ավտոտնակների փոխարեն խաղահրապարակներ. այս մոտեցումն արդեն մեծ կիրառում է գտել տարբեր վարչական շրջաններում: Բնակիչների հետ տարվող բանակցությունների շնորհիվ ավտոտնակներով կամ ինքնակամ կառույցներով տարիներ շարունակ զբաղեցված տարածքները բարեկարգվում են և հանձնվում բնակիչների տնօրինմանը: «Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանում այս տարի նախատեսել ենք բարեկարգել բակային 3 տարածք: Բակերը վերակառուցվում են հիմնականում ավտոտնակների, ցանկապատ տարածքների հաշվին: Ձգտում ենք, որ երեխաների և տարեց մարդկանց հանգիստը լավ կազմակերպվի»,- ասում է Երևանի Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանի ղեկավար Կարեն Հակոբյանը: «Արդեն երկրորդ տարին է՝ շարունակում ենք այս նախաձեռնությունը: Անցած տարի էլ ենք ունեցել բակեր, որոնք ավտոտնակներից ազատել ենք, և այսօր հանգստի հարմարավետ գոտիներ են այդ տարածքներում: Այս տարի ևս 4-5 բակ ենք վերանորոգում: Ընտրում եմ ամենավատ ամենավատ, ամենաանբարեկարգ բակերը և ամենախիտ ավտոտնակներով լցվածները»,- նշում է Երևանի էրեբունի վարչական շրջանի ղեկավար Արման Աբրահամյանը: Համայնք-մասնավոր հատված համագործակցության բազմաթիվ օրինակներ կան. սոցիալական պատասխանատվության սկզբունքը կիրառում է գտել նաև հանգստի գոտիների ստեղծման գործում: Ներքին Չարբախը շուտով հանգստի հարմարավետ գոտի կունենա: «Ես այստեղ եմ դպրոց գնացել, իմ ընկերներն այստեղ են, իմ ծնողներն այստեղ են ապրում, մի խոսքով՝ իմ սիրտն ու հոգին Ներքին Չարբախին է կապված: Ոչ մեկս հավիտյան չենք ապրում, բայց մեր անունը հավիտյան թողնում ենք գործով: Իմ մարզիչն ասում է. «Ոչ մի բան ավելի հին չի, քան երեկվա հաջողությունը»: Մարդ պետք է մի բան թողնի, որ այդ հաջողությունը միշտ պահպանվի»,- ընդգծում է բռնցքամարտիկ, Երևանի պատվավոր քաղաքացի Արթուր Աբրահամը: «Մասնավորի հետ համագործակցելով՝ համայնքն էլ ավելի շուտ կզարգանա և էլ ավելի առաջ կգնանք: Եվ, որ ամենակարևորն է, հողատարածքը պատկանում էր Արթուր Աբրահամին, որը նա նախկինում գնել էր և այդ տարածքը չօգտագործեց ուրիշ նպատակներով, այլ ծառայեցրեց համայնքին, բնակչությանը»,- նկատում է Երևանի Շենգավիթ վարչական շրջանի ղեկավար Ռազմիկ Մկրտչյանը: Քաղաքային իշխանության ուղենիշն է՝ Երևանը դարձնել անվտանգ, առողջ, ապրելու, գործելու և հանգստի համար հարմարավետ կենսամիջավայր, իսկ այցելուների համար՝ գրավիչ ճամփորդական ուղղություն: Բոլոր այս նախաձեռնությունների մեկնարկը տրված է, դրանց հաջողությամբ կյանքի կոչելու հիմքում էլ դրված է բնակիչների հետ աշխույժ համագործակցությունը:
15:48 - 19 հուլիսի, 2021