Զվարթնոց օդանավակայան

Երևանի «Զվարթնոց» միջազգային օդանավակայանը սկսել է գործել դեռևս 1961 թվականից: Այն ժամանակ «Զվարթնոց» միջազգային օդանավակայանը սպասարկում էր միայն նախկին Խորհրդային Միության տարածքում չվերթեր իրականացնող ինքնաթիռների:

2001թ. դեկտեմբերի 17-ին ՀՀ կառավարության և արգենտինյան «Կորպորասիոն Ամերիկա» ընկերության միջև ստորագրվեց պայմանագիր, համաձայն որի՝ Երևանի «Զվարթնոց» միջազգային օդանավակայանը 30 տարի ժամկետով կոնցեսիոն կառավարման հանձնվեց «Արմենիա» միջազգային օդանավակայաններ» փակ բաժնետիրական ընկերությանը: 2002թ. հունիսից «Արմենիա» միջազգային օդանավակայաններ» ՓԲԸ-ն ստանձնում է օդանավակայանի կառավարումը: Այդ օրվանից ի վեր ծավալուն աշխատանքներ են իրականացվել օդանավակայանի արդիականացման և ընդլայնման ուղղությամբ:

Դեռևս 1985թ. օդանավակայանին Քաղաքացիական ավիացիայի միջազգային կազմակերպության կողմից (ICAO) շնորհվել է 2-րդ կարգ: Հետագայում օդանավակայանը միջազգային չափանիշներին համապատասխանեցնելու նպատակով ամբողջությամբ վերանորոգվել է թռիչքուղին, տեղադրվել են անվտանգության, տեղեկատվական և հաշվառման նոր համակարգեր, վերանորոգվել են VIP սրահները, կառուցվել է ուղևորային լիովին նոր համալիր, որի ժամանման սրահը շահագործման է հանձնվել 2006թ. սեպտեմբերի 14-ին, իսկ մեկնման սրահը՝ 2007թ. մայիսի 25-ին:

2008թ. գարնանը սկսվեց նոր համալիրի հանրային գոտու շինարարությունը: Նոր 52.000 քմ համալիրում կրկնապատկվեցին ուղևորների հաշվառման սեղանները, զննման կետերը: Կառուցվեց նոր ստորգետնյա ավտոկայանատեղի: Ուղևորային նոր համալիրը շահագործման հանձնվեց 2011թ. աշնանը:

Թռիչքադաշտում տեղակայված նավիգացիոն համակարգը վայրէջքների համար ապահովում է 30x350մ օդերևութաբանական նվազագույն, որը համապատասխանում է ICAO 2-րդ կարգին:

2013թ. հունվարի 30-ին Դուբայում «Զարգացող օդանավակայանների երկրորդ ամենամյա համաժողով-ցուցահանդեսի» ընթացքում հրապարակվեցին ավելի քան 20 անվանակարգերում քվեարկությունների արդյունքները՝ համաձայն որոնց Երևանի «Զվարթնոց» միջազգային օդանավակայանը ճանաչվեց «Ռուսաստանի, ԱՊՀ և Բալթյան երկրների լավագույն օդանավակայան»:

ՄՊՀ-ն վարույթ է հարուցել «Արմենիա միջազգային օդանավակայաններ» ՓԲԸ-ի նկատմամբ գերիշխող դիրքի հնարավոր չարաշահման հատկանիշներով

ՄՊՀ-ն վարույթ է հարուցել «Արմենիա միջազգային օդանավակայաններ» ՓԲԸ-ի նկատմամբ գերիշխող դիրքի հնարավոր չարաշահման հատկանիշներով

Մրցակցության պաշտպանության հանձնաժողովը վարույթ է հարուցել «Արմենիա միջազգային օդանավակայաններ» փակ բաժնետիրական ընկերության նկատմամբ գերիշխող դիրքի հնարավոր չարաշահման հատկանիշներով: ՄՊՀ-ն պարզել է, որ «Արմենիա միջազգային օդանավակայաններ» ընկերության և COVID-19-ի ախտորոշման նպատակով իրականացվող լաբորատոր հետազոտություններ (ՊՇՌ թեստեր) իրականացնող տնտեսվարող սուբյեկտների միջև կնքված թույլտվության պայմանագրերով սահմանվել են մատուցվելիք ծառայությունների գները կամ այդ գները և դրանց փոփոխությունները ընկերության կողմից հաստատելու պահանջ, ինչպես նաև ծառայության արժեքից յուրաքանչյուր իրականացված թեստի դիմաց որոշակի տոկոս կամ ֆիքսված գումար ընկերությանը վճարելու պայմաններ, որոնք հնարավոր է՝ չեն վերաբերում թույլտվության պայմանագրերի առարկային և տնտեսապես ու տեխնոլոգիապես հիմնավորված չեն:
11:16 - 11 նոյեմբերի, 2021
Փաթեթավորման «քովիդյան» մենաշնորհը․ առանց հիմքի արգելք՝ «Զվարթնոց» օդանավակայանի կողմից

Փաթեթավորման «քովիդյան» մենաշնորհը․ առանց հիմքի արգելք՝ «Զվարթնոց» օդանավակայանի կողմից

Առողջապահության նախարարի 2020 թվականի օգոստոսի 4-ի հրամանով սահմանվել էր, որ օդանավով փոխադրման ընդունված ուղեբեռները պետք է ենթարկվեն փակ տիպի ուլտրամանուշակագույն ճառագայթիչով ախտահանման («ՀՀ կորոնավիրուսային հիվանդության (COVID-19) տարածման կանխարգելման նպատակով կիրառվող ՍԿ N 3.1.2-001-20 սանիտարական կանոնները հաստատելու մասին» թիվ 17-Ն հրաման, հավելված 22-ի 9-րդ կետի 8-րդ ենթակետ)։ 2020 թվականի օգոստոսի 7-ին «Զվարթնոց» օդանավակայանի Ֆեյսբուքի պաշտոնական էջում, իսկ 8-ին՝ կայքում, հրապարակվեց հայտարարություն, որում, մասնավորապես, ասված էր․ «Տեղեկացնում ենք, որ կորոնավիրուսի՝ հնարավոր ներթափանցումը օդանավ կանխարգելելու նպատակով «Զվարթնոց» միջազգային օդանավակայան մուտք գործելուն պես այսուհետ պարտադիր և անվտանգ կերպով կախտահանվեն ձեր ուղեբեռները և ձեռքի իրերը: Ուստի, խնդրում ենք օդանավակայան ժամանելիս նախապես չփաթեթավորել ձեր ուղեբեռները և ձեռքի իրերը, այլապես օդանավակայանում ստիպված պետք է հեռացվի փաթեթավորումը: Նշենք նաև, որ ցանկության դեպքում օդանավակայանում ևս կարող եք փաթեթավորել ձեր իրերը, որոնք փաթեթավորելուց հետո ևս մեկ անգամ ախտահանվելու են հատուկ նյութերով»: Փաթեթավորված իրերով օդանավակայան մուտք գործելու արգելքը երկու խնդիր էր առաջացրել․ - անգործության էր դատապարտել օդանավակայանից դուրս գտնվող փաթեթավորման ծառայություններին՝ փաստացի մենաշնորհային պայմաններ ապահովելով օդանավակայանի տարածքում գործող ծառայության համար, - օդանավակայանից օգտվողները ստիպված էին ավելի թանկ վճարել փաթեթավորման համար, քանի որ օդանավակայանի տարածքում այս ծառայությունն ավելի թանկ է, քան օդանավակայանից դուրս։ Infocom-ը փորձեց պարզել, թե ինչ հիմնավորմամբ է գործել այս արգելքը, արդյոք փաթեթավորումը խանգարո՞ւմ է ուլտրամանուշակագույն ճառագայթիչով ախտահանման գործընթացին, և եթե այո, ապա ինչպե՞ս է խանգարում։ Օգոստոսի 6-ին վերոնշյալ հարցերի պատասխանը ստանալու համար Infocom-ը կապ հաստատեց Զվարթնոց օդանավակայանի խոսնակ Սաթենիկ Հովհաննիսյանի հետ։ Մեր զրույցում վերջինս ասաց, որ կորոնավիրուսի տարածման, կանխարգելման վերաբերյալ կա պահանջ, համաձայն որի՝ ուղեբեռները պետք է պարտադիր կերպով ախտահանվեն: Սակայն, ինչպես նշեց Հովհաննիսյանը, օդանավակայանում ախտահանումից հետո պարտադիր փաթեթավորման պահանջ չկա․ «Դա ըստ ցանկության է. ուղևորն ինքն է որոշում՝ ուզում է փաթեթավորել, թե ոչ: Օդանավակայանում գործում է փաթեթավորման ծառայություն, որի վերահսկող մարմինը օդանավակայանն է, իսկ ինչ վերաբերում է ծառայության գնագոյացմանը, ապա օդանավակայանը որևէ առնչություն չունի դրա հետ: Անվտանգության, հաշվառման և այլ ծառայության աշխատակիցներ աշխատանքային գործունեության ընթացքում որոշ դեպքերում ստիպված են լինում ուղիղ առնչվել ուղեբեռի հետ և հակահամաճարակային նորմերն առավել արդյունավետ պահպանեու համար պետք է ուղբեռը լինի ախտահանված առանց որևէ հավելյալ փաթեթավորման»։ Պատասխանում որևէ կերպ չէր հստակեցվում, թե ինչով է պոլիէթիլենային փաթեթավորումը խանգարում ախտահանման գործընթացին։ Օգոստոսի 8-ին հարցում ուղարկեցինք Առողջապահության նախարարություն, որին ի պատասխան՝ գերատեսչությունից հայտնեցին, որ ուղեբեռների ախտահանման պահանջը՝ որպես կորոնավիրուսային հիվանդության (COVID 19) կանխարգելման լրացուցիչ միջոցառում, ներառվել է՝ հաշվի առնելով այն հանգամանքը, որ կորոնավիրուսային հիվանդության (COVID 19) հարուցչի վերաբերյալ նախնական հետազոտությունները ցույց են տվել, որ վարակը տարածվում է նաեւ կոնտակտային ճանապարհով, քանի որ տարբեր առարկաների մակերեսներին վիրուսի կենսունակությունը բավական բարձր Է։ Հայտնեցին նաև, որ ախտահանման ենթակա ուղեբեռների փաթեթավորված լինելու կամ չլինելու հարցը Առողջապահության նախարարի 2020 թվականի օգոստոսի 4-ի N 17-Ն հրամանով չի կարգավորվել։  2021 թվականի օգոստոսի 12-ից նախարարի հրամանի այս կետը ուժը կորցրած ճանաչվեց։ Այն հարցին, թե ինչու հանվեց ախտահանման պահանջը, նախարարությունից պատասխանեցին․ «Վերջին շրջանում իրականացված հետազոտությունները ցույց են տվել, որ կոնտակտային ճանապարհով կորոնավիրուսային հիվանդության (COVID 19) տարածումը հիմնականում տեղի է ունենում ձեռքերի միջոցով, հետեւաբար, որպես կանխարգելիչ միջոցառում, առավել կարեւորվել է անձնական հիգիենայի պահպանումը, մասնավորապես՝ ձեռքերի հաճախակի լվացումը եւ պարբերաբար ախտահանումը: Ելնելով նշվածից՝ կորոնավիրուսային հիվանդությամբ (COVID 19) պայմանավորված սահմանափակումները մեղմելու, ինչպես նաեւ ֆինանսական բեռը նվազեցնելու նպատակով, Առողջապահության նախարարի 2011 թվականի հուլիսի 13-ի N 51-Ն հրամանով ուժը կորցրած է ճանաչվել Առողջապահության նախարարի 2020 թվականի օգոստոսի 4-ի N 17-Ն հրամանի 22-րդ հավելվածի 9-րդ կետի 8-րդ ենթակետը՝ ուղեբեռների ախտահանման պահանջը»։ Զրուցեցինք նաև ԱԱՏՄ իրազեկման, խորհրդատվության և հանրության հետ տարվող աշխատանքների բաժնի պետ Գայանե Խաչատրյանի հետ։ Infocom-ի հետ զրույցում Առողջապահության և աշխատանքի տեսչական մարմնից տեղեկացրին, որ նախկինում գործող ուլտրամանուշակագույն ճառագայթիչով ախտահանման կարգը չի սահմանվել Տեսչական մարմինը։ «Տեսչական մարմինն ունի միայն վերահսկողական գործառույթ, քաղաքականություն մշակող չէ, այսինքն՝ վերահսկում է կառավարության, առողջապահության նախարարի կողմից սահմանված կարգի պահպանումը»,- ասաց Խաչատրյանը։ Հարցում ուղարկեցինք նաև «Զվարթնոց» օդանավակայան՝ հասկանալու, թե որ ընկերությունն է իրականացրել ուղեբեռների ախտահանումը, որ մարմինն է որոշել, որ նախապես արված փաթեթավորումը պետք է  հեռացվի և հետո նոր ուղեբեռը ախտահանվի։ Օդանավակայանից մեր հարցմանը տրված պատասխանում միայն նշեցին որ գործընթացը կարգավորվել է նախարարի հրամանով։ Չստանալով մեր հարցերի պատասխանը՝ կրկին դիմեցինք օդանավակայանի խոսնակին, որի հետ ունեցած զրույցից արդյունքում միայն կարողացանք պարզել, որ ախտահանումը որևէ ընկերություն չի իրականացնում,  ախտահանման սարքը ուղղակի դրվել է օդանավակայանում, և ախտահանումն իրականացրել է օդանավակայանը, և ոչ թե որևէ մասնավոր ընկերություն։ Այսպիսով,  ԱՆ թիվ 17-Ն հրամանով, որին հղվում է օդանավակայանը, միայն սահմանված էր փակ տիպի ուլտրամանուշակագույն ճառագայթիչով ախտահանման պահանջը, իսկ ուղեբեռների փաթեթավորված լինելու կամ չլինելու հարցը այս հրամանով չի կարգավորվել։  Ստացվում է՝ ավելի քան մեկ տարի օդանավակայանից օգտվողների համար սահմանված է եղել պահանջ, որի իրավական հիմքն առկա չէ և դրա արդյունքում մենաշնորհային գործունեության հնարավորություն է ստացել օդանավակայանի տարածքում գործող փաթեթավորման ծառայությունը։  Ասպրամ Փարսադանյան  
11:14 - 06 հոկտեմբերի, 2021
Զվարթնոց օդանավակայանում վայրէջք է կատարել Հալեպ-Երևան-Հալեպ չվերթով ժամանած առաջին օդանավը |armenpress.am|

Զվարթնոց օդանավակայանում վայրէջք է կատարել Հալեպ-Երևան-Հալեպ չվերթով ժամանած առաջին օդանավը |armenpress.am|

armenpress.am: «Զվարթնոց» միջազգային օդանավակայանում վայրէջք կատարեց Cham Wings ավիաընկերության օդանավը ՝ մեկնարկելով Հալեպ-Երևան-Հալեպ երթուղով չվերթը: Ավիաընկերության օդանավը դիմավորեցին ջրային կամարով: ՀՀ-ում Սիրիայի դեսպան Մոհամմադ Հաջ Իբրահիմը լրագրողների հետ զրույցում նշեց, որ այս թռիչքը մի ժամանակ առաջ էր որոշվել, սակայն, լոգիստիկ հարցերից ելնելով, հետաձգվեց: «Հիմա երբ ամեն բան կարգավորվեց, որոշվեց իրականացնել այս չվերթը»,- ասաց դեսպանը: Հայաստանում Cham Wings-ի ներկայացուցիչ և գլխավոր տնօրեն Վաչե Փիլիպոսյանը նշեց, որ Երևան ժամանած ինքնաթիռը տեղափոխել է 147 ուղևոր: Նա հայտնեց, որ այս պահին ընկերությունը պլանավորում է շաբաթական մեկ չվերթ իրականացնել Հալեպ-Երևան-Հալեպ ուղղությամբ: Առաջին չվերթով ժամանած ուղևորներից մեկը՝ Անի Մելքոնյանը նշեց, որ ուրախ էր սիրիական ավիաընկերության օդանավով ժամանել հայրենիք: «Մեկ տարի առաջ էի վերջին անգամ Հայաստանում եղել, ուրախ եմ կրկին հայրենիքում լինելու համար»,- նշեց Անին: «Զվարթնոց» օդանավակայանի հանրային կապերի պատասանատու Սաթենիկ Հովհաննիսյանը շնորհավորեց ավիաընկերությանը նոր երթուղի բացելու, նոր երթուղու մեկնարկի կապակցությամբ: «Կարծում ենք, որ սիրիահայերի և հատկապես հալեպահայերի համար սպասված և կարևոր երթուղի կլինի: Ցանկանում ենք, որ ավիաընկերությանը երկարատև և արդյունավետ, անվտանգ չվերթների իրականացնի: Կարծում ենք, որ սա կարևոր կամուրջ կլինի Հայաստանի և Սիրիայի միջև»,- ասաց Հովհաննիսյանը:
18:27 - 04 սեպտեմբերի, 2021
ՏԿԵ նախարար Սանոսյանն այցելել է Քաղաքացիական ավիացիայի կոմիտե և «Զվարթնոց» օդանավակայան

ՏԿԵ նախարար Սանոսյանն այցելել է Քաղաքացիական ավիացիայի կոմիտե և «Զվարթնոց» օդանավակայան

Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար Գնել Սանոսյանն օգոստոսի 13-ին այցելել է ՀՀ ՏԿԵՆ քաղաքացիական ավիացիայի կոմիտե և «Հայաէրոնավիգացիա» ՓԲԸ, այնուհետև շրջայց է կատարել «Զվարթնոց» միջազգային օդանավակայանում։ ՀՀ ՏԿԵ նախարարը քաղաքացիական ավիացիայի կոմիտեի նախագահ Տաթևիկ Ռևազյանի և Արմավիրի մարզպետ Համբարձում Մաթևոսյանի մասնակցությամբ հանդիպել է կոմիտեի ղեկավար աշխատակազմի հետ, ներկայացրել ոլորտի հետագա զարգացման ուղղությամբ համատեղ աշխատանքի վերաբերյալ իր մոտեցումները։ Ողջունելով ՔԱԿ անձնակազմին՝ Գնել Սանոսյանը համոզմունք է հայտնել, որ արդյունավետ համագործակցության միջոցով հնարավոր կլինի առկա խնդիրների վերհանման և հետագա մարտահրավերների կանխատեսման և հաղթահարման ուղղությամբ հաջողությունների հասնել, և այդ առումով կարևորել է քաղաքացիական ավիացիայի կոմիտեի աշխատակազմի մասնագիտական բարձր ներուժը։ «Քաղաքացիական ավիացիայի կոմիտեի նախագահ Տաթևիկ Ռևազյանը ՏԿԵ նախարարին ներկայացրել է իր ղեկավարած կառույցի իրականացրած և շարունակվող աշխատանքները, ոլորտի զարգացումները, ինչպես նաև առկա խնդիրները և դրանց լուծման հնարավոր ուղիները»,- ասվում է հաղորդագրության մեջ։ Նախարարության տեղեկացմամբ՝ «Հայաերոնավիգացիա» ՓԲԸ-ում նախարար Գնել Սանոսյանը գլխավոր տնօրեն Արթուր Գասպարյանի և ոլորտի պատասխանատուների ուղեկցությամբ ծանոթացել է ՀՀ օդային տարածքում օդանավերի աերոնավիգացիոն սպասարկման, մասնավորապես, օդային երթևեկության կարգավարական և աերոնավիգացիոն տեղեկատվության ապահովման համակարգերին ու գործառույթներին, կառույցի տեխնիկական հագեցվածությանը, հետևել է անձնակազմի աշխատանքին։ ՏԿԵ նախարարն այնուհետև «Զվարթնոց» միջազգային օդանավակայանում «Արմենիա» միջազգային օդանավակայաններ» ՓԲԸ գլխավոր մենեջեր Մարսելո Վենդեի և ոլորտի մյուս պատասխանատուների ուղեկցությամբ ճանաչողական շրջայց է կատարել ժամանման, մեկնման սրահներում, ուղևորների նստեցման և սպասարկման հարակից գոտիներում, ծանոթացել է նաև օդանավակայանի անվտանգության կառավարման կենտրոնի աշխատանքին։ «Մարսելո Վենդեն նախարար Գնել Սանոսյանին ներկայացրել է օդանավակայանի ուղևորահոսքերի սպասարկման և դրանց ծավալների ավելացման ուղղությամբ ընկերության կողմից իրականացվող և նախատեսվող աշխատանքները, ինչպես նաև տեղեկացրել է կորոնավիրուսային համավարակի հետևանքով ուղևորների սպասարկման կազմակերպման դժվարությունների մասին։ Մարսելո Վենդեն և ՀՀ ՏԿԵ նախարարը, մասնավորապես, անդրադարձել են օդանավակայանի սպասարկած ուղևորահոսքերի հեռանկարային աճի պայմաններում օդանավակայանի սպասարկման սրահների ընդլայնման և համապատասխան ենթակառուցվածքների զարգացման անհրաժեշտության և այդ ուղղությամբ ոլորտի պետական գերատեսչության ու օդանավակայանի կառավարիչի միջև հետագա գործակցության վերաբերյալ հարցերին»,- հայտնում են ՏԿԵ նախարարությունից։ Շրջայցի ավարտին Գնել Սանոսյանը այցելել է «Զվարթնոց» օդանավակայանի հին մասնաշենք, որտեղ քննարկվել է պատմամշակութային արժեք ներկայացնող կառույցի պահպանման և հնարավոր օգտագործման տարբերակների, ինչպես նաև օդանավակայանի զարգացման համար ենթակառուցվածքների հետագա ընդլայնման հնարավորությունների ուղղությամբ հավասարակշռված լուծումներ գտնելու հարցը։
19:39 - 13 օգոստոսի, 2021
Կայացել է եվրոպական Lufthansa ավիաընկերության առաջին թռիչքը դեպի Հայաստան

Կայացել է եվրոպական Lufthansa ավիաընկերության առաջին թռիչքը դեպի Հայաստան

Կայացել է եվրոպական առաջատար Lufthansa ավիաընկերության առաջին թռիչքը դեպի Հայաստան՝ Ֆրանկֆուրտ-Երևան ուղղությամբ։ Այս մասին տեղեկացնում են ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարությունից: Հանդիսավոր արարողությանը մասնակցել են ՀՀ ՏԿԵ նախարարի տեղակալ Արմեն Սիմոնյանը, Հայաստանում Գերմանիայի արտակարգ և լիազոր դեսպան Միխայել Բանցհաֆը, այլ պաշտոնատար անձինք։ Lufthansa ավիաընկերությունների խումբն օգոստոսի 13-ից սկսած ամռանը շաբաթական մինչև 16 չվերթ կիրականացնի դեպի Երևան: Այն հնարավորություն կտա ՀՀ քաղաքացիներին ճանապարհորդել 280 ուղղությամբ՝ դեպի 100 երկիր: Ամեն օր չվերթներ են իրականացվելու Երևան-Վիեննա, շաբաթական 3 անգամ՝ Երևան-Ֆրանկֆուրտ, շաբաթական 5 անգամ՝ Երևան Բրյուսել և շաբաթական 1 անգամ՝ Երևան-Քյոլն ուղղություններով:
11:12 - 13 օգոստոսի, 2021
Lufthansa ավիաընկերությունը երկարատև դադարից հետո վերադառնում է Հայաստան

 |armenpress.am|

Lufthansa ավիաընկերությունը երկարատև դադարից հետո վերադառնում է Հայաստան |armenpress.am|

armenpress.am: Եվրոպական առաջատար Lufthansa ավիաընկերությունը երկար տարիների դադարից հետո կրկին վերադառնում է հայկական շուկա: Lufthansa ավիաընկերությունների խումբն օգոստոսի 13-ից սկսած ամռանը շաբաթական մինչև 16 չվերթ է իրականացնելու դեպի Երևան: «Արմենիա» միջազգային օդանավակայաններ» ՓԲԸ տնօրեն Մարսելո Վենդեն  լրագրողների հետ զրույցում ասաց, որ աշխարհի ամենահեղինակավոր ու վստահելի ավիաընկերություններից մեկը վերսկսելու է չվերթներ իրականացնել դեպի Հայաստան: «Lufthansa խմբի ներկայությունը Հայաստանում բավականին լայն նշանակություն ունի, այն հնարավորություն կտա ՀՀ քաղաքացիներին ճանապարհորդել 280 ուղղությամբ՝ դեպի 100 երկիր: Ներկայում, ՀՀ-ում թռիչքներ իրականացնող ավիաընկերություններից որևէ մեկը չի առաջարկում նման բան: Այս համակցումը թույլ կտա Lufthansa խմբին, տարեկան ավելի քան 100 մլն ուղևոր փոխադրել»,- նշեց Մարսելով Վենդեն և հավելեց, որ այս քայլը հնարավորություն կտա տարբեր երկրներից Հայաստան ժամանող զբոսաշրջիկների թիվն ավելացնել: Վենդեն շեշտեց, որ իրենք պատրաստ են աջակցել Lufthansa խմբին բոլոր անհրաժեշտ հարցերում՝ այս նոր ուղղություններում հաջողելու համար: Ամեն օր չվերթներ են իրականացվելու Երևան-Վիեննա, շաբաթական 3 անգամ՝ Երևան-Ֆրանկֆուրտ, շաբաթական 5 անգամ Երևան Բրյուսել և շաբաթական 1 անգամ՝ Երևան-Քյոլն ուղղություններով: Lufthansa խմբի Կենտրոնական, Արևելյան և Հարավարևելյան Եվրոպայի վաճառքի գծով գլխավոր տնօրեն Պիտեր Փուլլեմը նշեց, որ իրենց խմբում կա մի քանի բրենդ՝ «Austrian», «Brussels airlines», «SWISS», «Eurowings», «Lufthansa» ավիաընկերությունները: «Հաճախորդների պահանջարկի կտրուկ աճը թույլ տվեց մեզ ընդլայնել մեր թռիչքների ժամանակացույցը: Մենք այժմ նոր ներդրումներ ենք կատարում տեխնոլոգիաների մեջ, որոնք առկա են օդանավերում, բարելավել ենք ենթակառուցվածքները, ինչպես նաև կարողանում ենք նվազեցնել ածխածնի արտանետումների թիվը, ինչը թույլ է տալիս պահպանել շրջակա միջավայրը»,- ասաց Փուլլեմը:  Lufthansa խմբի ավիաընկերություններից մեկը՝ Eurowings-ը, անցած շաբաթվանից, արդեն իսկ չվերթներ է սկսել իրականացնել դեպի Երևան:   Lufthansa ավիաընկերությունը Երևան-Մյունխեն երթուղով չվերթներ է իրականացրել 2005 թվականի հուլիսից մինչև 2009 թվականի մարտ ամիսը: Երկարատև դադարից հետո՝ օգոստոսի 13-ից, ավիաընկերությունը կվերսկսի չվերթները Երևան-Ֆրանֆուրտ երթուղով: Օդանավում լինելու է անվճար wifi: Lufthansa խմբի Ուկրաինայի, Բելառուսի, Թուրքմենստանի և Հարավային կովկասի վաճառքի գծով գլխավոր մենեջեր Ռենե Քոինզաքը շեշտեց, որ իրենք դեպի Հայաստան իրականացվելիք չվերթների մասով բավականին մեծ փորձառություն ունեն: «Ավստրիական ավիաընկերությունն արդեն 20 տարի է ինչ չվերթներ է իրականացնում դեպի Հայաստան: Մեզ համար սա կարևոր օր է, քանի որ Lufthansa ավիաընկերությունը վերադառնում է Հայաստան: Առաջին անգամ Հայաստանում է եղել 1988 թվականի դեկտեմբերին՝ մատակարարվել է 108 տոննա օգնություն (Սպիտակի երկրաշարժի ժամանակ – հեղ.)»,- ասաց Քոինզաքը: Այն հարցին, արդյոք քննարկումներ կան նաև դեպի Գյումրի չվերթներ իրականացնելու վերաբերյալ, Փուլեմը նշեց, որ դեռևս նման քննարկումներ չկան: «Այս պահին մենք պլանավորում ենք չվերթներ իրականացնել Երևանից՝ շաբաթական 16 անգամ, տարբեր ավիաընկերությունների միջոցով: Հետո, տեսնենք, թե ինչպես են լինելու զարգացումները, այնուհետև կմտածենք երկրորդ օդանավակայանի մասին: Դեռևս նման քննարկումներ չկան»,- ասաց Փուլլեմը:
17:33 - 12 օգոստոսի, 2021
Eurowings-ն առաջին անգամ չվերթեր կիրականացնի դեպի Հայաստան

Eurowings-ն առաջին անգամ չվերթեր կիրականացնի դեպի Հայաստան

Գերմանական Eurowings ավիաընկերությունն օգոստոսի 6-ից կառաջարկի ուղիղ չվերթեր դեպի Հայաստան՝ իր ուղևորների համար առաջին անգամ հնարավորություն ստեղծելով Քյոլնից/Բոնից մեկնել Հայաստանի մայրաքաղաք Երևան: Ինչպես հաղորդում է «Զվարթոնց» միջազգային օդանավակայանի ֆեյսբուքյան էջը, յուրաքանչյուր ուրբաթ օր Airbus A320 օդանավը Հայաստան կմեկնի 14:20-ին և կժամանի 20:40-ին: Հետադարձ թռիչքը կիրականացվի նույն օրը՝ ժամը 21:30-ին, և Քյոլնի/Բոնի օդանավակայանում վայրէջք կկատարի ժամը 00:20-ին: Թռիչքի բոլոր ժամերը ներկայացված են տեղական ժամանակով: Eurowings-ը շուկայի այս հատվածի առաջատարն է և աճող պահանջարկի շնորհիվ ավելի է ընդլայնում իր դիրքերը: Ընդհանուր առմամբ, Eurowings-ի երթուղային ցանցը Եվրոպայում ներառում է ավելի քան 100 ուղղություն: «Արմենիա» միջազգային օդանավակայաններ» ՓԲ ընկերության տնօրեն Մարսելո Վենդեն նշել է. «Ուրախ ենք, որ Eurowings-ը մուտք է գործում հայկական շուկա: Շնորհավորում ենք ավիաընկերությանը և մաղթում հաջող գործունեություն ու անվտանգ թռիչքներ: Այսուհետ դեպի Եվրոպա ուղիղ մեկնելու հնարավորություններն ավելի կմեծանան»: «Մեզ համար Eurowings-ում մեծ հաճույք է առաջին անգամ սպասարկել հայաստանյան շուկան և առաջարկել կանոնավոր թռիչքներ Երևանի «Զվարթնոց» միջազգային օդանավակայանից դեպի Քյոլն: Austrian Airlines-ի, Brussels Airlines-ի, հաջորդ ուրբաթ օրվանից Lufthansa-ի և արդեն  Eurowings-ի հետ միասին, որն առաջատար եվրոպական low-cost  ավիափոխադրողներից է, մենք ուրախ ենք մեծացնել մեր` Lufthansa խմբի ներկայությունը Երևանում և, հետևաբար, ավելի շատ հնարավորություններ առաջարկել Հայաստանից ճանապարհորդների համար»,- նշել է Lufthansa խմբի Ուկրաինայի, Բելառուսի, Թուրքմենստանի և Հարավային Կովկասի վաճառքի գծով գլխավոր մենեջեր Ռենե Կոինչակը: Չվերթեր կարելի է ամրագրել Eurowings կայքի, հավելվածի կամ տուրիստական գործակալությունների միջոցով՝ սկսած 129,99 եվրոյից: Գները ներկայացված են միակողմանի ուղղության համար: Բոլոր չվերթերի դեպքում Eurowings-ի ուղևորներն օգտվում են Lufthansa խմբի առողջապահության և հիգիենայի ոլորտի առաջատար հայեցակարգից: Ավիաընկերությունն իրականացրել է համապարփակ պաշտպանիչ և հիգիենիկ միջոցառումներ իր ամբողջ ճանապարհորդական ցանցում՝ ուղևորներին անվտանգ կերպով իրենց նշանակման վայր հասցնելու և լավագույն աջակցություն ցուցաբերելու համար՝ սկսած ճանապարհորդության պլանավորումից մինչև վերջնակետ հասնելը, ինչպես նաև Գերմանիա վերադառնալու ընթացքում: Eurowings-ի օդանավերում դիմակ կրելը մնում է պարտադիր: Eurowings-ը Lufthansa խմբի «հանգստի կազմակերպման» ավիաընկերությունն է և, հետևաբար, աշխարհի ամենամեծ ավիացիոն խմբի մի մասը: Eurowings-ը Դյուսելդորֆի, Համբուրգի, Շտուտգարտի և Քյոլն/Բոնի օդանավակայանների շուկայի առաջատարն է և ներկայումս ունի շուրջ 100 ինքնաթիռից բաղկացած շարժակազմ: Eurowings-ը հիմնականում կենտրոնացած է low-cost ապրանքների և ծառայությունների վրա և առաջարկում է ուղիղ չվերթեր Եվրոպայի ներսում: Ամռան թռիչքների ժամանակացույցում ավիաընկերությունը չվերթեր է իրականացնում ավելի քան 100 ուղղությամբ: Իր լայնածավալ երթուղային ցանցով և շուտով արդեն 10 միջազգային բազաներով` ներառյալ Եվրոպայի թիվ մեկ հանգստի կղզին` Պալմա դե Մայորկան, Eurowings-ը Գերմանիայի ամենամեծ «արձակուրդային» ավիաընկերությունն է: Ներկայում Eurowings-ն ունի շուրջ 3500 աշխատակից ամբողջ Եվրոպայում:  
11:12 - 07 օգոստոսի, 2021
Lufthansa ավիաընկերությունը մուտք է գործում հայկական շուկա |armtimes.com|

Lufthansa ավիաընկերությունը մուտք է գործում հայկական շուկա |armtimes.com|

armtimes.com: «Զվարթնոց» օդանավակայանից տեղեկացնում են, որ տևական ժամանակ ընթացող բանակցություններն ավարտին հասան. սույն թվականի օգոստոսի 13-ից հայկական շուկա մուտք կգործի Lufthansa ավիաընկերությունը: Ավիաընկերությունը չվերթներ կիրականացնի Ֆրանկֆուրտ (Գերմանիա) - Երևան -Ֆրանկֆուրտ (Գերմանիա) երթուղով՝ շաբաթական 3 չվերթ հաճախականությամբ: Ֆրանկֆուրտից Երևան չվերթները կիրականացվեն երեքշաբթի, հինգշաբթի և կիրակի օրերին, իսկ Երևանից Ֆրանկֆուրտ՝ երկուշաբթի, չորեքշաբթի և ուրբաթ օրերին: Ավիատոմսերի առկայության, վերջիններիս ձեռքբերման և այլ մանրամասների համար խնդրում ենք այցելել ավիաընկերության կայք՝ lufthansa.com կամ կապ հաստատել տեղական տուրիստական գործակալությունների հետ: Lufthansa-ն Lufthansa խմբի մի մասն է, որն արդեն իսկ մեծ ներկայություն ունի Հայաստանում: Austrian ավիաուղիները վերջին 20 տարվա ընթացքում չվերթներ է իրականացնում Վիեննայից Երևան: Brussels ավիաուղիներն այժմ առաջարկում է շաբաթական 5 չվերթ Բրյուսելից Երևան և Eurowings-ը շուտով՝ 2021 թվականի օգոստոսի 5-ից, ուղիղ չվերթներ կիրականացնի Քյոլնից: «Մենք՝ որպես Lufthansa խմբի ավիաուղիներ, ուրախ ենք ավելացնել մեր ներկայությունը Երևանի «Զվարթնոց» միջազգային օդանավակայանում և ներկայացնել մեր նոր՝ Երևան-Ֆրանկֆուրտ ուղղությունը՝ շաբաթական երեք չվերթ հաճախականությամբ: Austrian ավիաուղիների՝ դեպի Երևան իրականացվող չվերթների 20 տարվա արդյունավետ գործունեությունից հետո՝ սկսած օգոստոսի 13-ից, մեր խոշոր ավիափոխադրողներից մեկը՝ Lufthansa-ն, մուտք է գործելու շուկա և Հայաստանից մեկնող մեր ճանապարհորդներին աշխարհին միանալու ավելի շատ հնարավորություններ է առաջարկելու: Այս նոր միացումներով Lufthansa խումբը շուտով կառաջարկի շաբաթական մինչև 16 չվերթ հաճախականությամբ չվերթներ Երևանից Վիեննա, Բրյուսել, Քյոլն և Ֆրանկֆուրտ»,- նշել է Ուկրաինայի, Բելառուսի, Թուրքմենստանի և Հարավային Կովկասի վաճառքի գծով գլխավոր մենեջեր Ռենե Կոինչակը:
11:27 - 15 հուլիսի, 2021
2021 թվականի փետրվար-մայիս ամիսներին Հայաստանից օդային ճանապարհով մեկնել և չի վերադարձել 75,826 մարդ

2021 թվականի փետրվար-մայիս ամիսներին Հայաստանից օդային ճանապարհով մեկնել և չի վերադարձել 75,826 մարդ

Հայաստանից արտագաղթի տեմպերը նվազեցնելը և արտագաղթը կանգնեցնելը մշտապես եղել է բոլոր կառավարություններին հուզող հարցերից մեկը։ Այս կառավարությունը 2018 թվականից հետո որպես դրական ցուցանիշ է ներկայացրել Հայաստան ավելի շատ ժամանած, քան մեկնած մարդկանց թիվը։ Օրինակ՝ Նիկոլ Փաշինյանը 2020 թվականին հայտարարել էր, որ 2018 և 2019 թվականներին ավելի շատ մարդ է ժամանել Հայաստան, քան մեկնել։ Սակայն վերջերս թե՛ ՀՀ առաջին նախագահը, թե՛ ՀՀ երկրորդ նախագահը խոսել են Հայաստանից արտագաղթի աննախադեպ տեմպերի մասին։ Առավել համապարփակ պատկեր ստանալու համար Infocom-ը հարցումով դիմել է «Արմենիա» միջազգային օդանավակայանին՝ պարզելու, թե որքան մարդ է «Զվարթնոց» և «Շիրակ» օդանավակայաններով Հայաստանից մեկնել և որքան մարդ է ժամանել Հայաստան 2017-2021 թվականների փետրվար-մայիս ամիսներին։ Այսպիսով՝ պաշտոնական պատասխանի համաձայն 2017 թվականի փետրվարին «Զվարթնոց» և «Շիրակ» օդանավակայաններից մեկնել է 70,873 ուղևոր և «Զվարթնոց» ու «Շիրակ» օդանավակայաններով Հայաստանի Հանրապետություն է ժամանել 65,396 ուղևոր։ 2017 թվականի փետրվարին Հայաստանից մեկնել և չեն վերադարձել 5477 ուղևոր։ 2017 թվականի մարտին «Զվարթնոց» և «Շիրակ» օդանավակայաններից մեկնել է 86,875 ուղևոր և «Զվարթնոց» ու «Շիրակ» օդանավակայաններով Հայաստանի Հանրապետություն է ժամանել 83,653 ուղևոր։ Մարտին Հայաստանից մեկնել և չեն վերադարձել 3222 ուղևոր։ 2017 թվականի ապրիլին «Զվարթնոց» և «Շիրակ» օդանավակայաններից մեկնել է 99,631 ուղևոր և «Զվարթնոց» ու «Շիրակ» օդանավակայաններով Հայաստանի Հանրապետություն է ժամանել 88,760 ուղևոր։ Ապրիլին Հայաստանից մեկնել և չեն վերադարձել 10,871 ուղևոր։ 2017 թվականի մայիսին «Զվարթնոց» և «Շիրակ» օդանավակայաններից մեկնել է 103,944 ուղևոր և «Զվարթնոց» ու «Շիրակ» օդանավակայաններով Հայաստանի Հանրապետություն է ժամանել 102,478 ուղևոր։ Մայիսին Հայաստանից մեկնած և չվերադարձած ուղևորների թիվը 1466 է։ Ընդհանուր առմամբ 2017 թվականի փետրվար-մայիս ամիսներին Հայաստանից մեկնել և չեն վերադարձել 21,036 ուղևոր։ 2018 թվականի փետրվարին «Զվարթնոց» և «Շիրակ» օդանավակայաններից մեկնել է 76,296 ուղևոր և «Զվարթնոց» ու «Շիրակ» օդանավակայաններով Հայաստանի Հանրապետություն է ժամանել 72,861 ուղևոր։ 2018 թվականի փետրվարին Հայաստանից մեկնել և չեն վերադարձել 3435 ուղևոր։ 2018 թվականի մարտին «Զվարթնոց» և «Շիրակ» օդանավակայաններից մեկնել է 89,507 ուղևոր և «Զվարթնոց» ու «Շիրակ» օդանավակայաններով Հայաստանի Հանրապետություն է ժամանել 97,236 ուղևոր։ Մարտին Հայաստանից մեկնածների թիվը Հայաստան ժամանածների թվի համեմատ փոքր է, այսինքն՝ 7729 մարդ ավելի է ժամանել Հայաստան, քան մեկնել։ 2018 թվականի ապրիլին «Զվարթնոց» և «Շիրակ» օդանավակայաններից մեկնել է 111,127 ուղևոր և «Զվարթնոց» ու «Շիրակ» օդանավակայաններով Հայաստանի Հանրապետություն է ժամանել 101,650 ուղևոր։ Ապրիլին Հայաստանից մեկնել և չեն վերադարձել 9477 ուղևոր։ 2018 թվականի մայիսին «Զվարթնոց» և «Շիրակ» օդանավակայաններից մեկնել է 107,224 ուղևոր և «Զվարթնոց» ու «Շիրակ» օդանավակայաններով Հայաստանի Հանրապետություն է ժամանել 110,390 ուղևոր։ Մայիսին Հայաստան են վերադարձել 3166-ով ավելի ուղևորներ, քան մեկնել են։ Ընդհանուր առմամբ 2018 թվականի փետրվար-մարտ ամիսներին Հայաստանից մեկնած և չվերադարձածների թիվը 2017 է։  2019 թվականի փետրվարին «Զվարթնոց» և «Շիրակ» օդանավակայաններից մեկնել է 84,628 ուղևոր և «Զվարթնոց» ու «Շիրակ» օդանավակայաններով Հայաստանի Հանրապետություն է ժամանել 81,921 ուղևոր։ Փետրվարին Հայաստանից մեկնել և չեն վերադարձել 2707 ուղևոր։ 2019 թվականի մարտին «Զվարթնոց» և «Շիրակ» օդանավակայաններից մեկնել է 98,736 ուղևոր և «Զվարթնոց» ու «Շիրակ» օդանավակայաններով Հայաստանի Հանրապետություն է ժամանել 101,119 ուղևոր։ Մարտին Հայաստան է ժամանել 2383-ով ավելի մարդ, քան մեկնել է։ 2019 թվականի ապրիլին «Զվարթնոց» և «Շիրակ» օդանավակայաններից մեկնել է 108,312 ուղևոր և «Զվարթնոց» ու «Շիրակ» օդանավակայաններով Հայաստանի Հանրապետություն է ժամանել 108,714 ուղևոր։ Ապրիլին Հայաստան է ժամանել 402-ով ավելի մարդ, քան մեկնել է։ 2019 թվականի մայիսին «Զվարթնոց» և «Շիրակ» օդանավակայաններից մեկնել է 118,596 ուղևոր և «Զվարթնոց» ու «Շիրակ» օդանավակայաններով Հայաստանի Հանրապետություն է ժամանել 124,420 ուղևոր։ Մայիսին Հայաստան է ժամանել 5824-ով ավելի մարդ, քան մեկնել է։ Ընդհանուր առմամբ 2019 թվականի փետրվար-մայիս ամիսներին Հայաստան ժամանել է 5902-ով ավելի մարդ, քան մեկնել է։ 2020 թվականի փետրվարին «Զվարթնոց» և «Շիրակ» օդանավակայաններից մեկնել է 99,065 ուղևոր և «Զվարթնոց» ու «Շիրակ» օդանավակայաններով Հայաստանի Հանրապետություն է ժամանել 96,750 ուղևոր։ Փետրվարին Հայաստանից մեկնել և չեն վերադարձել 2315 ուղևոր։ 2020 թվականի մարտին «Զվարթնոց» և «Շիրակ» օդանավակայաններից մեկնել է 64,738 ուղևոր և «Զվարթնոց» ու «Շիրակ» օդանավակայաններով Հայաստանի Հանրապետություն է ժամանել 58,788 ուղևոր։ Մարտին Հայաստանից մեկնել և չեն վերադարձել 5950 ուղևոր։ 2020 թվականի ապրիլին «Զվարթնոց» և «Շիրակ» օդանավակայաններից մեկնել է 1262 ուղևոր և «Զվարթնոց» ու «Շիրակ» օդանավակայաններով Հայաստանի Հանրապետություն է ժամանել 4107 ուղևոր։ Ապրիլին Հայաստան է ժամանել 2845-ով ավելի մարդ, քան մեկնել է։ 2020 թվականի մայիսին «Զվարթնոց» և «Շիրակ» օդանավակայաններից մեկնել է 3462 ուղևոր և «Զվարթնոց» ու «Շիրակ» օդանավակայաններով Հայաստանի Հանրապետություն է ժամանել 4403 ուղևոր։ Մայիսին Հայաստան է ժամանել 941-ով ավելի մարդ, քան մեկնել է։ Ընդհանուր առմամբ 2020 թվականի փետրվար-մայիս ամիսներին Հայաստանից մեկնել և չեն վերադարձել 4479 ուղևոր։ 2021 թվականի փետրվարին «Զվարթնոց» և «Շիրակ» օդանավակայաններից մեկնել է 58,310 ուղևոր և «Զվարթնոց» ու «Շիրակ» օդանավակայաններով Հայաստանի Հանրապետություն է ժամանել 31,901 ուղևոր։ Փետրվարին Հայաստանից մեկնել և չեն վերադարձել 26,409 ուղևոր։ 2021 թվականի մարտին «Զվարթնոց» և «Շիրակ» օդանավակայաններից մեկնել է 74,199 ուղևոր և «Զվարթնոց» ու «Շիրակ» օդանավակայաններով Հայաստանի Հանրապետություն է ժամանել 42,283 ուղևոր։ Մարտին Հայաստանից մեկնել և չեն վերադարձել 31,916 ուղևոր։ 2021 թվականի ապրիլին «Զվարթնոց» և «Շիրակ» օդանավակայաններից մեկնել է 75,152 ուղևոր և «Զվարթնոց» ու «Շիրակ» օդանավակայաններով Հայաստանի Հանրապետություն է ժամանել 58,978 ուղևոր։ Ապրիլին Հայաստանից մեկնել և չեն վերադարձել 16,174 ուղևոր։ 2021 թվականի մայիսին «Զվարթնոց» և «Շիրակ» օդանավակայաններից մեկնել է 83,840 ուղևոր և «Զվարթնոց» ու «Շիրակ» օդանավակայաններով Հայաստանի Հանրապետություն է ժամանել 82,513 ուղևոր։ Մայիսին Հայաստանից մեկնել և չեն վերադարձել 1327 ուղևոր։ Ընդհանուր առմամբ 2021 թվականի փետրվար-մայիս ամիսներին Հայաստանից մեկնել և չեն վերադարձել 75,826 ուղևոր։ Այսպիսով՝ 2017 թվականին փետրվար-մայիս ամիսներին Հայաստանից մեկնել և չեն վերադարձել 21,036 մարդ, 2018 թվականի 4 ամիսներին՝ 2017 մարդ, 2019 թվականի 4 ամիսներին 5902-ով ավելի մարդ է ժամանել Հայաստան, քան մեկնել, 2020 թվականի 4 ամիսներին Հայաստանից մեկնել և չեն վերադարձել 4479 մարդ, իսկ 2021 թվականի 4 ամիսներին Հայաստանից մեկնել և չեն վերադարձել 75,826 մարդ։  Թեև արտագաղթի տեմպերի մասին պատկերացում կազմելու համար անհրաժեշտ է դիտարկել ամբողջ տարվա կտրվածքով մեկնածների և ժամանածների արդյունքները, սակայն մի քանի տարիների նույն ժամանակահատվածում մեկնածների և ժամանածների տվյալները համեմատելիս ակնհայտ է, որ այս տարվա փետրվար-մայիս ամիսներին մեկնած և չվերադարձած ուղևորների թիվը շեշտակի ավելացել է։ Նարեկ Մարտիրոսյան
18:21 - 28 հունիսի, 2021
ՌԴ-ի հետ սահմանի բացման առաջին օրն ավելի շատ ուղեւոր է մեկնել, քան ժամանել․ Փաշինյանի հայտարարությունն իրականությանը չի համապատասխանում

ՌԴ-ի հետ սահմանի բացման առաջին օրն ավելի շատ ուղեւոր է մեկնել, քան ժամանել․ Փաշինյանի հայտարարությունն իրականությանը չի համապատասխանում

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը մոտ երկու շաբաթ առաջ՝ փետրվարի 3-ին, շրջում էր Արտաշատ քաղաքում, զրուցում բնակիչների հետ։ Քաղաքացիներից մեկի հետ հանդիպման ժամանակ, խոսելով կանոնավոր չվերթների բացման դեպքում դրական տեղաշարժի մասին, նա ասաց, թե ՌԴ-ի հետ սահմանը բացվելու առաջին օրն ավելի շատ մարդ եկել է, քան գնացել․ «Ի միջի այլոց, որ ՌԴ-ն բացվում է, օրինակ, առաջին օրը ավելի շատ մարդ եկել է, քան գնացել: Հիմա շատ մարդ կա, որ Ռուսաստանում աշխատում են եւ նրանք մեկ տարի է՝ չեն եկել: Հիմա մտածում ենք, որ կանոնավոր չվերթները սկսեն բացվել, կսկսեն գալ ու փող կծախսեն»,- ասել է Փաշինյանը: Վարչապետի այս խոսքն արտատպվել է մի շարք լրատվականներում [1,2,3,4,], սակայն այն չի համապատասխանում իրականությանը։ ՌԴ-ի հետ երկկողմ օդային հաղորդակցությունը, փաստորեն, սկսվել է փետրվարի 1-ին։  Infocom-ը «Արմենիա միջազգային օդանավակայաններ» ՓԲԸ-ից գրավոր հարցմամբ տեղեկացավ, որ փետրվարի 1-ին՝ ՌԴ-ի հետ օդային սահմանի բացման առաջին օրը, ՀՀ-ից դեպի ՌԴ իրականացվել է 8 չվերթ, իսկ ՌԴ-ից դեպի ՀՀ՝ 9 չվերթ։ Սակայն նույն օրը Հայաստանից Ռուսաստան մեկնել է 1135, իսկ Ռուսաստանից Հայաստան ժամանել է 906 ուղեւոր (ներառյալ ՀՀ քաղաքացիները)։ Այսինքն՝ ՌԴ-ի հետ սահմանի բացման առաջին օրը Հայաստանից մեկնածների թիվը 229-ով ավելի է, քան ժամանածներինը։ Փետրվարի 2-ին ՀՀ-ից դեպի ՌԴ եւ հակառակ ուղղությամբ իրականացվել է 4-ական չվերթ։ Նույն օրը Հայաստանից Ռուսաստան մեկնել է 667, իսկ Ռուսաստանից Հայաստան ժամանել է 466 ուղեւոր (ներառյալ ՀՀ քաղաքացիները)։ Այսինքն՝ ՌԴ-ի հետ սահմանի բացման երկրորդ օրը Հայաստանից մեկնածների թիվը 201-ով ավելի է, քան ժամանածներինը։ Փետրվարի 3-ին ՀՀ-ից դեպի ՌԴ եւ հակառակ ուղղությամբ իրականացվել է 3-ական չվերթ։ Նույն օրըՀայաստանից Ռուսաստան մեկնել է 541, իսկ Ռուսաստանից Հայաստան ժամանել է 357 ուղեւոր (ներառյալ ՀՀ քաղաքացիները)։ Այսինքն՝ ՌԴ-ի հետ սահմանի բացման երրորդ օրը Հայաստանից մեկնածների թիվը 184-ով ավելի է, քան ժամանածներինը։ Ընդհանուր առմամբ՝ փետրվարի առաջին երեք օրերի ընթացքում Հայաստանից ՌԴ մեկնածների թիվը 614-ով ավելի է, քան ժամանածներինը։ Ուստի Փաշինյանի հայտարարությունը, թե ՌԴ-ի հետ սահմանի բացման առաջին օրը ավելի շատ մարդ է եկել, քան գնացել, իրականությանը չի համապատասխանում ոչ միայն փետրվարի 1-ի տվյալների մասով, այլ նաեւ երեք օրերի։  Ինչ վերաբերում է Վրաստանի տարածքով ՀՀ-ից ՌԴ եւ ՌԴ-ից ՀՀ մեկնելու ու ժամանալու հավանականությանը՝ նշենք, որ փետրվարի 1-ին ՀՀ-ից Վրաստան մեկ չվերթ է իրականացվել՝ առանց ուղեւորների։ Նույն օրը Վրաստանից Հայաստան չվերթ չի իրականացվել։ Ի հավելումն նշենք, որ փետրվարի 4-ին ՀՀ փոխվարչապետ Մհեր Գրիգորյանը կառավարության նիստի ժամանակ ընդհանուր տվյալներով հայտարարեց, որ նախորդ երեք օրվա ընթացքում օդային ուղիներով Հայաստանից մեկնել է 3900 մարդ, Հայաստան է եկել 3400 մարդ։ Նա նշեց, որ հայկական անձնագրով մեկնածների թիվը 1423 է, հայկական անձնագրով ժամանածների թիվը՝ 1263։ Եւ քանի որ փոխվարչապետն այս տվյալները հայտնեց դեպի ՌԴ չվերթների վերաբերյալ քննարկման ընթացքում, որոշ քաղաքացիների մոտ տպավորություն ստեղծվեց, թե տվյալները վերաբերում են կոնկրետ ՌԴ մեկնած եւ ՌԴ-ից վերադարձած ուղեւորներին։ Սակայն Infocom-ը փոխվարչապետի գրասենյակից տեղեկացավ, որ Գրիգորյանի հայտնած թվերը վերաբերում են փետրվարի առաջին երեք օրերին ՀՀ-ից տարբեր ուղղություններ մեկնած եւ վերադարձած ուղեւորներին, եւ ոչ թե միայն Ռուսաստան։ Հայարփի Բաղդասարյան
17:01 - 21 փետրվարի, 2021