Թուրքիա

Թուրքիայի Հանրապետությունը պետություն է Եվրասիայի հարավարեւմտյան հատվածում։ Սահմանակցում է Հունաստանին, Բուլղարիային, Վրաստանին, Իրաքին, Սիրիային, Հայաստանին, Իրանի Իսլամական Հանրապետությանը եւ Ադրբեջանի էքսկլավ Նախիջեւանի Ինքնավար Հանրապետությանը։ Բնակչությունը 2015թ. մարդահամարի տվյալներով 82.003.882 մարդ։ Տարածքը 783.562 կմ²։ Երկիրը ղեկավարում է նախագահ Ռեջեբ Թայիփ Էրդողանը։

Թուրքիայի և Ռուսաստանի արտաքին գործերի փոխնախարարներն անդրադարձել են հայ-ադրբեջանական գործընթացին
 |azatutyun.am|

Թուրքիայի և Ռուսաստանի արտաքին գործերի փոխնախարարներն անդրադարձել են հայ-ադրբեջանական գործընթացին |azatutyun.am|

azatutyun.am: Ռուսաստանի Դաշնության փոխարտգործնախարար Միխայիլ Գալուզինին Անկարայում ընդունել է նրա թուրք պաշտոնակից Բուրաք Աքչափարը: Փոխնախարարները քննարկել են ռուս-ուկրաինական պատերազմի դադարեցման ուղիները և Հարավային Կովկասում ստեղծված իրավիճակը: Աքչափարը և Գալուզինն ընդգծել են «հայ-ադրբեջանական կարգավորման կարևորությունը և դրան առաջին հերթին տարածաշրջանային ձևաչափերի շրջանակներում նպաստելու անհրաժեշտությունը»։ «Անդրադարձ է եղել ռուս-թուրքական համագործակցության խորացման և կառուցողական երկխոսության հետագա համատեղ քայլերին: Կողմերը պայմանավորվել են շարունակել շփումները»,- ասվում է ՌԴ ԱԳՆ հաղորդագրությունում: Ավելի վաղ Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը հայտարարել է ռուս-ուկրաինական վեճի կարգավորմանը նպաստելու Թուրքիայի պատրաստակամության մասին: Էրդողանը միաժամանակ շփումներ է պահպանում թե՛ Ռուսաստանի և թե՛ Ուկրաինայի նախագահների հետ։
09:32 - 14 մարտի, 2024
Ադրբեջանի, Վրաստանի և Թուրքիայի ԱԳ նախարարների եռակողմ հանդիպումը տեղի կունենա մարտի 15-ին Վրաստանում
 |azatutyun.am|

Ադրբեջանի, Վրաստանի և Թուրքիայի ԱԳ նախարարների եռակողմ հանդիպումը տեղի կունենա մարտի 15-ին Վրաստանում |azatutyun.am|

azatutyun.am: Մարտի 15-ին տեղի կունենա Ադրբեջանի, Վրաստանի և Թուրքիայի արտաքին գործերի նախարարների 9-րդ եռակողմ հանդիպումը, APA-ին փոխանցել են Ադրբեջանի արտգործնախարարությունից։ Բաքուն նշում է, որ եռակողմ հանդիպման շրջանակում Ադրբեջանի արտաքին գործերի նախարար Ջեյհուն Բայրամովը նաև առանձին հանդիպումներ կունենա իր գործընկերների հետ, ինչպես նաև երեք երկրների արտգործնախարարները հանդես կգան համատեղ մամուլի ասուլիսով։ Վրաստան-Թուրքիա-Ադրբեջան եռակողմ ձևաչափով հանդիպումների հիմքը դրվել է 2012 թվականի հունիսին Տրապիզոնում: Ըստ Վրաստանի պաշտպանության նախարար Իրակլի Չիկովանիի՝ հանդիպումը տեղի է ունենալու Վրաստանում։ Չիկովանին այս մասին հայտնել է երեկ Թբիլիսիում Վրաստանի անվտանգության խորհրդի քարտուղար Ռամիլ Ուսուբովի հետ հանդիպման ժամանակ։ Պաշտպանության նախարարը նշել է, որ Վրաստանը շարունակում է իր պատրաստակամությունը հայտնել՝ նպաստելու Հարավային Կովկասում խաղաղության և կայունության հաստատմանը։ Հանդիպմանը քննարկվել են պաշտպանության ոլորտում համագործակցության հարցեր։
11:48 - 13 մարտի, 2024
Թուրքիայի հետ մեր հարաբերություններում մի կարեւոր բան է տեղի ունենում․ մենք խոսում ենք իրար հետ․ Նիկոլ Փաշինյան

Թուրքիայի հետ մեր հարաբերություններում մի կարեւոր բան է տեղի ունենում․ մենք խոսում ենք իրար հետ․ Նիկոլ Փաշինյան

Ես կարծում եմ՝ Թուրքիայի հետ մեր հարաբերություններում մի կարեւոր բան է տեղի ունենում․ մենք խոսում ենք իրար հետ։ Այս մասին ասուլիսում հայտարարեց Նիկոլ Փաշինյանը։  Նա նշեց՝ Թուրքիայի նախագահի հետ կա խոսակցություն եւ երկխոսություն։ Երկխոսությունը, Փաշինյանի խոսքով, շատ բարդ է, բայց շատ կարեւոր է, որ լինի։  «Էս ընդհանուր պրոցեսների մեջ բաներ կա, որ հետահայաց նայում ես, զարմանում ես՝ էդ ինչի՞ ա էդքան դժվար եւ ինչի ա դա հաղթահարելն էդքան դժվար։ Ես հիշում եմ մեր քննարկումները, ընկալումները, զգացողությունները, երբ ես որեւէ շփում ունեցա Պրահայում Թուրքիայի նախագահի հետ, եւ դա լուսանկարվել, համացանցում էր հայտնել, ես հիշում եմ՝ էդ լուսանկարը մեծ շփոթ, քննարկում, արձագանք էր առաջացրել, շատ մեծ աղմուկ, ու հիշում եմ նաեւ Հայաստանում մեր շատ թիմակիցների լարվածությունը դրանից։ Իսկ ի՞նչն ա տարօրինակ էդտեղ, ընդհակառակը՝ տարօրինակ ա՝ երկու երկիր, որ ընդհանուր սահման ունեն, իրար հետ խոսակցություն չունեն։ Բայց մինչեւ էդ հանգամանքը հաշվի առնելը՝ դուք կարող եք պատկերացնել, թե ինչքան մեծ ջանք ա պահանջվում՝ կայացնել որոշում գնալ Թուրքիա եւ մասնակցել նախագահի երդմնակալության արարողությանը։ Ընդ որում՝ ինչի ա էդ ջանքը պահանջվում, որովհետեւ ի վերջո մենք հո օդից չե՞նք ընկել, մենք հո էս շենքում չենք ծնվել-մեծացել, մենք գիտենք՝ ինչ շերտեր կան գիտակցության, ենթագիտակցության եւ այլն։ Կամ հաղորդագրություն, որ ՀՀ վարչապետն ու Թուրքիայի նախագահը հեռախոսազրույց  են ունեցել, մինչդեռ դա պետք ա լիներ եւ պետք ա լինի շատ սովորական եւ առօրյա բան»։ Փաշինյանը նշեց՝ ուրախ է, որ էսօր երկրների հատուկ ներկայացուցիչները մշտական կապի մեջ են, ԱԳ նախարարների միջեւ կա երկխոսություն․ «Այդ խոսակցության մեջ մենք երբեմն հասկանում ենք, որ առնվազն որոշ դրվագներում մենք իրանց ասածը չենք էդքան ճշգրիտ հասկանում, իրանք՝ մեր ասածը, եւ էս չհասկացվածությունների արանքում առաջանում ա նեգատիվ մեծ էներգիա, որը հասկացվածության արդյունքում չի նշանակում, որ կզրոյանա, բայց որ կնվազի՝ ակնհայտ ա, էդ նվազումը փաստ չի, որ կբերի կոնկրետ արդյունքների, բայց որ առանց նվազման արդյունք չի լինի, էդ երաշխավորված ա»։ ՀՀ վարչապետը նշեց՝ մենք էլի Թուրքիային ընկալում ենք մի երկիր, որը մեր դիմացի հարեւանն ա, ընկալում ենք Ադրբեջանի հետ մեր հարաբերությունների միջոցով, մինչդեռ մենք պետք է Թուրքիայի հետ օրակարգ ունենանք․ «Ունենք, ափսոս, որ էդ օրակարգը պատշաճ արագությամբ չի իրացվում»։ Նրա խոսքով՝ մենք պետք է առերեսվենք փաստի հետ, որ Թուրքիան միջազգային մեծ դերակատար է։
15:59 - 12 մարտի, 2024
Թուրքիայում ավելի քան 30 անձ է ձերբակալվել ահաբեկչություն նախապատրաստելու կասկածանքով |armenpress.am|

Թուրքիայում ավելի քան 30 անձ է ձերբակալվել ահաբեկչություն նախապատրաստելու կասկածանքով |armenpress.am|

armenpress.am: Թուրքիայի արևմտյան Սաքարիա նահանգում ձերբակալվել է 33 անձ՝  մարտի 31-ին կայանալիք տեղական ընտրությունների նախաշեմին ահաբեկչություններ նախապատրաստելու կասկածանքով: Այս մասին X-ի միկրոբլոգում կատարած գրառմամբ հայտարարել է Թուրքիայի ներքին գործերի նախարար Ալի Յերլիքայան՝ մանրամասնելով, որ հատուկ գործողության արդյունքում ձերբակալված անձինք կասկածվում են «Իսլամական  պետություն» ահաբեկչական խմբավորման հետ կապված լինելու մեջ: Ըստ Թուրքիայի ներքին գործերի նախարարի՝ նրանք պատրաստվում էին գործողությունների՝ առաջիկա ՏԻՄ ընտրություններին ընդառաջ։ Նրանց մոտ հայտնաբերվել են  չլիցենզավորված զենքեր, մեծաքանակ արտարժույթ, առգրավվել՝ մեծ թվով արգելված գրականություն և կազմակերպչական փաստաթղթեր։ Նշվում է, որ ձերբակալվածների մեջ կան անձինք, ովքեր զինյալներ էին ուղարկում հակամարտության գոտիներ, ֆինանսական օգնություն ցուցաբերում ահաբեկիչներին և անօրինական մզկիթներ ու մեդրեսեներ էին ղեկավարում:
15:03 - 10 մարտի, 2024
Բլինքեն․ «ԱՄՆ-ն և Թուրքիան կարևոր և սերտորեն համագործակցող դաշնակիցներ են»
 |azatutyun.am|

Բլինքեն․ «ԱՄՆ-ն և Թուրքիան կարևոր և սերտորեն համագործակցող դաշնակիցներ են» |azatutyun.am|

azatutyun.am: «ԱՄՆ-ը և Թուրքիան կարևոր և սերտորեն համագործակցող դաշնակիցներ են մի ժամանակաշրջանում, երբ բախվում են ընդհանուր մարտահրավերների»,- հայտարարել է Միացյալ Նահանգների պետքարտուղար Էնթոնի Բլինքենը իր թուրք պաշտոնակից Հաքան Ֆիդանի հետ նախօրեին Վաշինգտոնում կայացած բանակցությունների ժամանակ։ Ընդլայնված կազմով բանակցությունների մեկնարկին ամերիկյան դիվանագիտության ղեկավարն իր երախտագիտությունն է հայտնել թուրքական կողմին ՆԱՏՕ-ին Շվեդիայի անդամակցության գործընթացին նպաստելու համար։ Ամերիկյան աղբյուրների փոխանցմամբ՝ թուրք-ամերիկյան բանակցությունների ընթացքում կողմերը քննարկել են մի շարք հարցեր՝ այդ թվում Ուկրաինայում և Գազայում շարունակվող ռազմական գործողությունների թեման։ «Վերջին մի քանի ամիսներին սա իմ և Թոնիի արդեն երրորդ հանդիպումն է։ Դրա պատճառն այն է, որ աշխարհքաղաքական և տարածաշրջանային զարգացումները հուշում են մեզ, որ պետք է սերտորեն համագործակցել և աշխատել իրար հետ», - նշել է Թուրքիայի արտգործնախարարը։
14:50 - 09 մարտի, 2024
Հայաստանում ակտիվորեն քննարկվում են առկա նոր հնարավորությունները․ Միրզոյանը՝ ԵՄ-ին անդամակցության մտադրության մասին

Հայաստանում ակտիվորեն քննարկվում են առկա նոր հնարավորությունները․ Միրզոյանը՝ ԵՄ-ին անդամակցության մտադրության մասին

Անթալիայի դիվանագիտական ֆորումին մասնակցության շրջանակներում ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը հարցազրույց է տվել թուրքական «TRT World» հեռուստաալիքին։ Անդրադարձ է կատարվել ՀՀ արտաքին քաղաքական մի շարք հարցերի, այդ թվում՝ ԱՄՆ, ԵՄ հետ հարաբերություններին, Հարավային Կովկասում անվտանգային իրավիճակին, հայ-թուրքական հարաբերությունների կարգավորման գործընթացին, Հայաստանի և Ադրբեջանի միջև բանակցային գործընթացում առկա առանցքային հարցերին։ Այս մասին հաղորդում է ՀՀ ԱԳՆ-ն։ Հարցազրույցը՝ ստորեւ։ Հարց. Նայելով Հարավային Կովկասին՝ տեսնում ենք, որ տարածաշրջանն անցնում է փոխակերպումների շրջան, հետխորհրդային տարածքի երկրներն անցնում են աշխարհաքաղաքական փոփոխությունների միջով։ Նայելով Հայաստանին, հատկապես վերջին մի քանի տարիների ընթացքում՝ տեսնում ենք, որ այն ընդլայնել է դաշնակիցների իր ցանցը՝ ավանդական դաշնակիցներից անցում նոր դաշնակիցների։ Որպես ՀՀ արտաքին քաղաքական գերատեսչության ղեկավար, ի՞նչ հետագծով եք ցանկանում տանել ձեր երկիրը։ Պատասխան. Հիրավի, տարածաշրջանը՝ ներառյալ Հայաստանն, անցնում է լուրջ վերափոխումների միջով։ Դա մեզ մոտ նաև ներքին գործընթաց է. Հայաստանի ժողովուրդն ընտրել է հասարակական կյանքի կառուցման ժողովրդավարական ուղին, մենք ապացուցել ենք այս ընտրությունը մի քանի անգամ ընտրությունների, ինչպես նաև ժողովրդավարական ինստիտուտները զարգացնելու միջոցով։ Եվ այս ճանապարհին մենք տեսնում ենք, որ Եվրոպական միությունը, ԱՄՆ-ն մեծապես աջակցում են մեր ժողովրդավարական բարեփոխումներին, ինստիտուցիոնալ փոփոխություններին։ Եվ ընդհանուր առմամբ, կարևոր է հնարավորինս դիվերսիֆիկացնել, ընդլայնել գործընկերների, դաշնակիցների շրջանակը։ Այսպիսով, սա այն ճանապարհն է, որով մենք առաջ ենք գնում՝ էականորեն խորացնելով մեր հարաբերությունները ԵՄ, ԱՄՆ հետ, միաժամանակ պահպանելով ավանդական կապերը կամ, օրինակ՝ նայելով նաև դեպի Արևելք։ Գիտեք՝ մենք կառուցում ենք լիովին նոր որակի հարաբերություններ Հնդկաստանի հետ և այլն։ Կցանկանայի, իհարկե, նաև շեշտադրել մեր առաջնահերթությունը՝ կարգավորել և առաջին հերթին զարգացնել հարաբերությունները հարևանների հետ։ Սա է մեր արտաքին քաղաքականության կարճ բնութագիրը։ Հարց. Խոսեցիք ԵՄ մասին. ԵՄ-ն ընդլայնվում է, երբևէ մտածե՞լ եք ԵՄ-ին անդամակցության մասին, արդյո՞ք դա հնարավոր է մոտ կամ հեռավոր ապագայում։ Կամ գուցե ՆԱՏՕ-ին անդամակցությու՞նն է Հայաստանին հետաքրքրում՝ որպես դեպի Արևմուտք ձգտող արտաքին քաղաքականության մաս։ Պատասխան. Հաշվի առնելով այն բոլոր մարտահրավերները, որոնց մենք ստիպված ենք դիմակայել վերջին 3-4 տարիների ընթացքում՝ Հայաստանում ակտիվորեն քննարկվում են առկա նոր հնարավորությունները։ Գաղտնիք չեմ բացահայտնի, եթե ասեմ, որ այդ շարքում է նաև ԵՄ-ին անդամակցության գաղափարը. Հայաստանի ժողովուրդն ունի եվրոպական ձգտումներ, և ինչպես ասացի, մենք անցնում ենք գործընթացի միջով և կտեսնենք, թե ինչպիսին կլինի գործընթացի ավարտը, որն այս պահին ոչ ոք չի կարող վստահ լինել կամ կանխատեսել։ Հարց. Ինչպե՞ս կգնահատեք արևմտյան երկու երկրների՝ ԱՄՆ-ի և Ֆրանսիայի հետ հարաբերությունների ներկա փուլը, և ինչպե՞ս են նրանք ձեզ սատարում ձեր ճանապարհին։ Պատասխան. Մենք ունենք Ֆրանսիայի, ԱՄՆ հետ փոխգործակցության նոր հնարավորութուններ։ ԱՄՆ հետ ունենք ռազմավարական երկխոսություն, որի շրջանակներում ուսումնասիրում ենք նոր ուղղություններ։ Նույնը կարող եմ ասել նաև Եվրոպական միության մասով. ԵՄ հետ մենք ունենք Համապարփակ և ընդլայնված գործընկերության համաձայնագիրը, բայցև նայում ենք այս համաձայնագրից անդին։ Քննարկում ենք վիզաների ազատականացման հարցը, մի քանի նոր մեխանիզմներ, որոնք կարող են օգտագործվել մեր հարաբերություններում։ Կցանկանայի նաև հավելել, որ պատմության մեջ առաջին անգամ Եվրոպական միությունը ներգրավվել է մեր տարածաշրջանի անվտանգային հարցերում. գիտեք, որ ՀՀ-ում տեղակայվել է ԵՄ մշտադիտարկման առաքելությունը, որը մշտադիտարկում է Հայաստանի և Ադրբեջանի միջև սահմանը; Կարևոր է նաև նշել, որ առաքելության տեղակայումից ի վեր սահմանին լարվածությունը նվազել է, և մենք տեսնում ենք, որ առաքելությունը նպաստել է կայունությանը։ Այսպիսով, նոր ուղղություններ, նոր ոլորտներ ենք ընդգրկում մեր գործընկերության մեջ, և մենք դեռ գործընթացի կես ճանապարհին ենք։ Հարց. Մենք հիմա Անթալիայում ենք՝ դիվանագիտական ֆորումի շրջանակներում, և նայելով Թուրքիայի հետ վերջին մեկ տարվա հարաբերություններին, հատկապես երկրաշարժի շրջանում, տեսնում ենք Հայաստանի աջակցությունը Թուրքիային, սահմանին կամուրջի բացումը, որը փակ էր շատ երկար ժամանակ։ ՀՀ վարչապետը ժամանեց Թուրքիայի նախագահի երդմնակալության արարողությանը։ Թվում է, թե դա նոր խթան է հանդիսացել երկու երկրների միջև հարաբերությունների կարգավորման հարցում։ Ինչպե՞ս եք տեսնում կարգավորման գործընթացն այս պահին, ի՞նչ է պակասում հաջորդ քայլն անելու համար։ Պատասխան. Խոսելով երկրաշարժի և Հայաստանի արձագանքի, ցուցաբերած աջակցության մասին՝ կցանկանայի սա առանձնացնել կարգավորման գործընթացի համատեքստից. կարգավորումը քաղաքական գործընթաց է, իսկ երբ խոսում ենք երկրաշարժի մասին, մարդկային կյանքի կորստի, ողբերգության, զոհվածների ընտանիքների անդամների մասին, դրանք այլ արժեքներ են, մի իրավիճակ, որում մեզ առաջնորդում են լիովին այլ զգացողություններ։ Մենք աջակցություն տրամադրեցինք ի սրտե, քանզի գիտեք՝ մենք ինքներս տեսել ենք ավերիչ երկրաշարժի արհավիրքը Հայաստանի հյուսիսում, և այն ժամանակ աջակցության մի մասը Հայաստան հասավ Թուրքիայի հետ սահմանով, ուստի այս անգամ էլ սահմանը բացվեց մեր ուղարկած փրկարարների, մարդասիրական աջակցության համար։ Ինչ վերաբերում է կարգավորման գործընթացին, ապա գիտեք, որ մենք նշանակել ենք հատուկ ներկայացուցիչներ, ովքեր ունեցել են ակտիվ քննարկումներ, եղել են հանդիպումներ նախարարարկան մակարդակում, զրույցներ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի և Թուրքիայի նախագահ Ռեջեպ Թայիփ Էրդողանի միջև։ Շատ բաներ արվել են, շատ բաներ քննարկվում են, եկել ենք համաձայնության որոշ հարցերի շուրջ, բայց դրանք դեռ չեն իրականացվել, օր.՝ սահմանի բացումը երրորդ երկրների քաղաքացիների և դիվանագիտական անձնագիր կրող՝ ՀՀ ու Թուրքիայի  քաղաքացիների համար։ Սա համաձայնեցվել է, բայց, ցավոք, դեռ կյանքի չի կոչվել։ Մենք հուսով ենք, որ դա տեղի կունենա շուտով։ Կան նաև վստահության ձևավորման այլ միջոցներ, որոնց շուրջ մենք համաձայնության ենք եկել, օր.՝ Անիի պատմական կամրջի վերականգնումը։ Սա գործընթաց է, որի միջով մենք անցնում ենք, բայց նաև արդեն ժամանակն է տեղում տեսնել շոշափելի արդյունքներ։ Հարց. Ընդհանուր առմամբ, երբ առնչվում ենք կարգավորման գործընթացի և, ինչպես Դուք նշեցիք, վստահության ձևավորման միջոցների մասին, տնտեսությունը սովորաբար շատ կարևոր դեր է կատարում։ Ինչպե՞ս եք տեսնում Հայաստանի և Թուրքիայի միջև առևտուրը։ Պատասխան. Իհարկե, Հայաստանի և Թուրքիայի միջև սահմանի բացման և առևտրային կապերի զարգացման միջև կա ուղղակի հարաբերակցություն, կարելի է քննարկել, թե որը մյուսի վրա ավելի շատ կազդի, բայց ես հավատացած եմ, որ եթե մենք բացենք սահմանը, գործարար կապերն ինքնուրույն կզարգանան։ Իմ տպավորությունն այն է, որ ունենք առաջնորդություն, քաղաքական կամք երկու կողմերից, և եթե մենք անենք վերջնական քայլերը, բացենք սահմանը, հաջորդիվ տնտեսական կապերը կզարգանան, կգտնեն իրենց ուղին։ Հարց. Խոսենք նաև Ադրբեջանի մասին։ Դուք հանդիպումներ եք ունեցել վերջին մի քանի ամիսներին, կարող ենք ասել տարիներին։ Ինչպե՞ս եք գնահատում խաղաղության հեռանկարները, իրական խաղաղության, ամբողջական կարգավորման, ոչ զինադադարի։ Հասկանալիորեն դա դեռ ենթադրում է երկար ճանապարհ, բայց դիվանագիտական ճակատում ի՞նչ փուլի եք հասել։   Պատասխան. Հիրավի, Ադրբեջանի հետ մենք քննարկում ենք ոչ թե զինադադար, այլ խաղաղության հասնելու գործընթաց։ Մենք բանակցում ենք խաղաղության պայմանագրի նախագծի շուրջ, կան նաև այլ քննարկումների հարթակներ։ Կայացել են հանդիպումներ երկրների ղեկավարների մակարդակով, բանակցություններ արտաքին գործերի նախարարների միջև։ Շատ բաների շուրջ մեզ հաջողվել է համաձայնության գալ, բայց կան առանցքային, շատ կարևոր հարցեր, որոնց շուրջ կողմերի դիրքորոշումները դեռ հեռու են իրարից։ Կցանկանայի նշել մի քանիսը՝ առավել կարևորները։  Նախ, առաջինը տարածքային ամբողջականության, սահմանների ճանաչման և հետագա սահմանազատման գործընթացի ապահովման հարցն է։ Երկու երկրները 1991 թվականին ստորագրել և վավերացրել են փաստաթուղթ, որով ճանաչել են միմյանց տարածքային ամբողջականությունը, սահմանները։ Դա Ալմա-Աթայի հռչակագիրն է։ Առանց շատ մանրամասների նշեմ, որ դա այն փաստաթուղթն է, որով ԽՍՀՄ տասներկու հանրապետություններն ընդունել են, որ, նախ, ԽՍՀՄ-ը դադարել է գոյություն ունենալ, և երկրորդ՝ նրանց միջև վարչական սահմանները ճանաչվել են որպես միջպետական, միջազգային սահմաններ։ Հայաստանն ու Ադրբեջանն այդ հանրապետությունների շարքում էին։ Վերջին շրջանի բանակցությունների ընթացքում երկու երկրների ղեկավարները վերահաստատել են հանձնառությունն Ալմա-Աթայի հռչակագրին, դրա սկզբունքներին, մասնավորապես 2022թ. Պրահայում, հաջորդիվ Սոչիում, Բրյուսելում, նաև այլ առիթներով։ Ուստի, երկու երկրները վերահաստատել են, որ ճանաչում են միմյանց տարածքային ամբողջականությունը և համաձայնել են հետագա սահմանազատման գործընթացն իրականացնել Ալմա-Աթայի հռչակագրի, 1991թ. սահմանագծի հիման վրա։ Այդուհանդերձ, այժմ, երբ մենք ցանկանում ենք խաղաղության պայմանագրում հղում կատարել Ալմա-Աթայի հռչակագրին, նշելով այն, ինչ ես քիչ առաջ նկարագրեցի, ոչ ավելին, մենք տեսնում ենք Ադրբեջանի կողմից դժկամություն ստորագրել այդպիսի փաստաթուղթ. նրանք պարզապես տեքստից հեռացնում են այդ հղումը, հատվածը։ Սա առնվազն հարցեր է առաջացնում ՀՀ դիվանագետների շրջանում, քանզի կան կասկածներ, որ մեր տարածաշրջանում տեղի ունեցած ոճրագործություններից, Լեռնային Ղարաբաղից՝ իրենց հայրենիքից հայերի բռնի տեղահանումից հետո, Ադրբեջանը կարող է ունենալ հետագա ծրագրեր, շարունակել իր նկրտումները ՀՀ ինքնիշխան տարածքի նկատմամբ։ Խուսափելու համար նմանօրինակ սցենարից կամ սխալ ընկալումից, եթե դա սխալ ընկալում է՝ Ադրբեջանը կարող է պարզապես ստորագրել իմ նշած տեքստի ներքո, վավերացնել այն։  Հարց. Եղել են շատ հարթակներ, որոնք փորձել են Հայաստանին ու Ադրբեջանին բերել մի սեղանի շուրջ. Վրաստանը, Ռուսաստանը, Եվրոպան փորձել են դա անել։ Հասկանում եմ, որ երկար ժամանակ թշնամանք է եղել երկու երկրների միջև, ուստի պարզամիտ կամ շատ լավատեսական կլինի մտածել, որ դիվանագիտությունը կարող է միանգամից նպաստել թշնամանքի վերացմանն ու կառուցողական քննարկումներին։ Այդուհանդերձ, ո՞ր հարթակներն եք Դուք համարում առավել հարմարավետ կառուցողական քննարկումների համար։   Պատասխան. Կարճ պատասխան՝ բոլոր հարթակներում։ Միակ խնդիրն, առնվազն իմ անձնական տպավորությամբ, մյուս կողմից բացակայող քաղաքական կամքն է՝ կնքել խաղաղության համաձայնագիրը։  Հարց. Թուրքիայի հետ քննարկե՞լ եք Ադրբեջանի հետ հարաբերությունները։ Թուրքիան երբևէ փորձե՞լ է միջնորդել կամ առնվազն կողմերին միավորել որոշ հարցերի շուրջ։ Պատասխան. Այո, մենք տեսել ենք նման մի քանի փորձեր։ Ամենայն հարգանքով հանդերձ, մեր արձագանքը եղել է այն, որ միջնորդության ջանքերի համար, և սա չի վերաբերվում միայն Թուրքիային, այլև մյուս բոլոր դերակատարներին, մենք պետք է տեսնենք, որ հնարավոր միջնորդի դիրքորոշումներն ու մտադրությունները լիովին հավասարակշռված են, լիովին չեզոք։ Մենք կարող ենք ասել, առնվազն ընկալումն այդպիսին է, որ Ադրբեջանի և Թուրքիայի դիրքորոշումները նույնական են, ինչը սովորաբար միջնորդության միջավայր չի ձևավորում։ Այդուհանդերձ, մենք ներկայացրել ենք մեր ընկալումները, և ծավալվում է կառուցողական քննարկում նաև այս հարցում։  Հարց. Մի հարց էլ առևտրային միջանցքների մասին։ Մենք տեսնում ենք, թե ինչ փոփոխություններ են տեղի ունենում միջազգային ճանապարհների հետ. առևտրային ուղիները վերադասավորվում են, Միջին միջանցքն այժմ շատ կարևոր է՝ միտված Չինաստանը եվրոպական շուկաներին կապելուն, խոսվում է Հնդկաստան-Մերձավոր Արևելք միջին միջանցքի, Իրաքն ու Թուրքիան Եվրոպական շուկաներին կապող զարգացման ճանապարհի մասին, ԵՄ-ում՝   «համաշխարհային դարպասի», ԱՄՆ-ում՝ «վերակառուցիր ավելի լավ», իսկ Չինաստանում՝ «Մեկ գուտի, մեկ ճանապարհ» ծրագրերի մասին։ Ո՞րն է Ձեր տեսակետն այն միջանցքների վերաբերյալ, որոնք Հայաստանին ու Ադրբեջանին կկապեն այդ ավելի լայն ցանցին։   Պատասխան. Հասկանալիորեն, Հայաստանը ոչ միայն հետաքրքրված է, այլև նաև պատրաստ է մաս դառնալ նոր միջազգային լոգիստիկ, տարանցիկ ուղիների։ Այս թեմայի շուրջ քննարկումը կառուցողականորեն ծավալելու, շոշափելի արդյունքների համար, ինչպես նաև մեր մտադրությունները, պատրաստվածությունը լավագույնս ներկայացնելու նպատակով մենք մշակել ենք «Խաղաղության խաչմերում» նախագիծը, որն իրականացվելու պարագայում տնտեսական առավելություններ կբերի տարածաշրջանի բոլոր երկրներին և դրանից անդին, և ոչ միայն տնտեսական, այլ նաև քաղաքական. իրականացվելու պարագայում այն կարող է դառնալ տարածաշրջանում խաղաղությանը նպաստող նշանակալի գործոն, քանի որ առևտուրը, փոխկապակցվածությունն իրենց հետ բերում են որոշակի կայունություն, խաղաղություն։ Սա է մեր մտադրությունը։ Այս նախաձեռնությունը մենք շարունակում ենք ներկայացնել մեր բոլոր հնարավոր գործընկերներին։ Դրա հիմքում դրված գաղափարն այն է, որ Ադրբեջանից բեռները, անձինք կարող են հատել, անցնել ՀՀ սահմանը և մուտք գործել Նախիջևանի տարածք, և նույնը պետք է գործի ՀՀ քաղաքացիների համար։ Կա չորս կարևոր պայման, որոնք թույլ կտան գործընթացը պատշաճորեն իրականացնել։ Մի քանի տասնամյակ շրջափակման մեջ եղած ենթակառուցվածքները պետք է ապաշրջափակվեն այն երկրների ինքնիշխանության ներքո, որոնց տարածքով դրանք անցնում են, դրանք պետք է գործեն կողմերի ազգային իրավազորության ներքո, ինչպես նաև հավասարության և փոխդարձության սկզբունքներով։ Այս սկզբունքները շատ բնական են, աշխարհում բոլորը կհամաձայնեն, իսկ Ադրբեջանից մենք լսում ենք, որ նրանք հարգում են այս սկզբունքները, մտադրություն չունեն խախտել ՀՀ ինքնիշխանությունը, բայց միաժամանակ առաջարկում են, որ երրորդ երկրի ուժեր տեղակայվեն, օր.՝ ՀՀ-ով անցնելիք երկաթգծի երկայնքով։ Նրանց ակնկալիքը նաև այն է, որ Ադրբեջանի քաղաքացիները կանցնեն ՀՀ տարածքով՝ առանց անցնելու սահմանային ստուգման ընթացակարգեր, մաքսային հսկողություն։ Մենք հավատացած ենք, որ ՀՀ-ն կարող է ապահովել իր տարածքով անցնող ուղևորների անվտանգությունը, մենք կարող ենք դյուրացնել ընթացակարգերը, ժամանակակից, նորարար տեխնոլոգիաներն այդ հարցում կարող են օգտակար լինել, բայց ոչ ոք չի կարող մուտք գործել և դուրս գալ մեր երկրից առանց պատշաճ գրանցման։  Հարց. Ցանկանում եմ հարցնել նաև միջազգային զարգացումների վերաբերյալ, որոնք ազդում են միջազգային աշխարհակարգի վրա։ Պատերազմ է ընթանում Ուկրաինայում, Գազայում, գործ է քննվում Արդարադատության միջազգային դատարանում, հնարավոր է նոր հակամարտությունների բռնկում, մինչդեռ եղած հակամարտությունները ևս դեռ լիարժեքորեն կարգավորված չեն՝ լինի դա Սիրիան, թե Լիբիան։ ՄԱԿ-ում Ձեր գործընկերների հետ քննարկումներում անդրադառնու՞մ եք այն հարցին, թե ինչու՞ այս՝ համաշխարհային պատերազմից հետո ձևավորված համակարգը չի կարողացել կարգավորել այս հակամարտություններից ոչ մեկը։ Պատասխանել. Վստահաբար չեմ կարող պատասխանել, թե ինչու, բայց կարող եմ ասել, որ հիրավի, մեր գործընկերներից շատերը, փաստացիորեն բոլորն աշխարհում ընդունում են, որ միջազգային աշխարհակարգի վատթարացումը հանգեցրել է մի շարք խնդիրների, և հիմա ժամանակն է, քաղաքական միտքը նաև ջանքեր գործադրի ավելի արդար, կայուն ու եկարատև աշխարհակարգ կառուցելու ուղղությամբ՝ հիմնված միջազգային իրավունքի վրա, մարդկային արժեքների, կյանքերի փրկության համար։ Սրանք մեզ համար ընդհանրական բառեր չեն, սա այն է, ինչին մենք բախվել ենք մեր տարածաշրջանում։ Ես արդեն նշեցի Լեռնային Ղարաբաղից ողջ հայ բնակչության բռնի տեղահանումը, մեր ինքնիշխան տարածք ներխուժումները, հակամարտությունները, որոնց միջով մենք անցել ենք տասնամյակներ շարունակ, իսկ հիմա փորձում ենք խնդիրներին լուծումներ գտնել։ Մենք տեսնում ենք, որ մենք միայնակ չենք այս հարցում։ Համաշխարհային մակարդակում պետք է լրացուցիչ ջանքեր գործադրվեն լուծումներ փնտրելու ուղղությամբ համար, որոնք, ցավոք, դեռ գտնված չեն։  Հարց. Ի՞նչ կցանկանայիք փոխել ՄԱԿ Անվտանգության խորհրդի կամ ՄԱԿ համակարգի այլ մեխանիզմներում՝ ձևավորելու ավելի արդար համակարգ։ ՄԱԿ-ը կոչված է լինելու հակամարտությունների կարգավորման, խաղաղության կենտրոն։ Ինչպե՞ս եք տեսնում դրա վերափոխումն այդ նպատակին ծառայեցնելու համար։ Ո՞րն է բացակայող բաղադրիչը։ Պատասխան. Բացակայող բաղադրիչը հարկադրումն է՝ բանաձևերի, որոշումների, այդ թվում՝ Արդարադատության միջազգային դատարանի որոշումների կյանքի կոչումը։ Մեր պարագայում ևս, ընդունվել են բանաձևեր, դատարանի որոշումներ, սակայն մենք չենք տեսնում դրանց իրականացումը տեղում՝ գետնի վրա։ Միջազգային իրավակարգը պատշաճորեն չի գործում և բացակայող բաղադրիչը գուցե հենց հարկադրումն է, դրանց իրականացումը։
10:41 - 09 մարտի, 2024
Reuters. ԱՄՆ-ը և Թուրքիան հարաբերությունների բարելավման համապարփակ բանակցություններ են նախաձեռնում |azatutyun.am|

Reuters. ԱՄՆ-ը և Թուրքիան հարաբերությունների բարելավման համապարփակ բանակցություններ են նախաձեռնում |azatutyun.am|

azatutyun.am: Միացյալ Նահանգների և Թուրքիայի բարձրաստիճան պաշտոնյաներն այսօր բանակցություններ կանցկացնեն Վաշինգտոնում «ռազմավարական մեխանիզմ» անվանումը ստացած ձևաչափում։ Դիվանագիտական աղբյուրները վկայակոչելով այս մասին հաղորդում է Reuters գործակալությունը՝ նշելով, որ Պետդեպարտամենտում սպասվող այս քննարկմանը հաջորդելու են ԱՄՆ պետքարտուղար Էնթոնի Բլինքենի և Թուրքիայի ԱԳ նախարար Հաքան Ֆիդանի՝ վաղը նախատեսված բանակցությունները։ «Թուրք-ամերիկյան շփումների գլխավոր օրակարգային թեմաներն են սիրիական ճգնաժամը, Ուկրաինայի պատերազմը, պաշտպանական ոլորտում երկկողմ համագործակցությունը և Գազայի հատվածում Իսրայելի և «Համաս» խմբավորման միջև ծավալված պատերազմը», - նշում է Reuters-ը՝ հավելելով, որ այս «համապարփակ բանակցությունների» միջոցով Վաշինգտոնը և Անկարան փորձում են դիտարկել երկկողմ հարաբերությունների բարելավման հեռանկարները։
18:18 - 07 մարտի, 2024
2 կարևոր հարցի շուրջ Երևանի և Բաքվի մոտեցումները տարբեր են. Միրզոյան
 |tert.am|

2 կարևոր հարցի շուրջ Երևանի և Բաքվի մոտեցումները տարբեր են. Միրզոյան |tert.am|

tert.am: Հայաստանը վերահաստատում է իր հավատարմությունը խաղաղության օրակարգին։ Այս մասին ասել է ՀՀ արտաքին գործերի նախարար Արարատ Միրզոյանը թուրքական «Անադոլու» գործակալութանը տված հարցազրույցում: Նշելով, որ կողմերի միջև եղել են որոշակի խնդիրներ, և որ դրանցից մի քանիսի շուրջ հայկական կողմը պայմանավորվածություն է ձեռք բերել Ադրբեջանի հետ: Միրզոյանը հայտարարել է, որ երկու կարևոր հարցի շուրջ կողմերի մոտեցումները տարբեր են: Միրզոյանի խոսքով՝ այդ խնդիրներից առաջինը վերաբերում է երկու երկրի սահմանների որոշման սկզբունքներին, իսկ մյուսը՝ տարածաշրջանային կապերին ու տրանսպորտային գծերին։ Միրզոյանը կրկնել է, որ կողմերը ճանաչում են միմյանց տարածքային ամբողջականությունը, և նշել, որ  սահմանազատման գործընթացը, որը ներառում է սահմանների սահմանում և գծում, պետք է տեղի ունենա Ալմա Աթիի հռչակագրի շրջանակում։ Նշելով, որ ոչ ոք նոր սահմաններ գծելու իրավասություն չունի՝ Միրզոյանն ասել է, որ Երևանը ցանկանում է, որ այս հռչակագիրը ներառվի խաղաղության համաձայնագրի նախագծում։ Միրզոյանը հայտարարել է, որ այս հարցում Ադրբեջանից դրական պատասխան ստանալ հնարավոր չի եղել: «Մեզ համար առաջին հերթին կարևոր է տարածաշրջանային տրանսպորտային հաղորդակցությունների բացումը և դա տնտեսական օգուտներ կբերի մեզ»,- նշել է ԱԳ նախարարը։ Ըստ Միրզոյանի՝  Հայաստանը նախատեսում է, որ իր կողմից օրակարգ բերված «խաղաղության խաչմերուկ» նախագիծը կլինի տնտեսապես կարևոր և տարածաշրջանում մշտական խաղաղության երաշխավորը։ Հայաստանի արտգործնախարարը հայտարարել է, որ տարածաշրջանում տրանսպորտային հաղորդակցությունները պետք է լինեն այն երկրների ինքնիշխանության և իրավասության ներքո, որտեղ գտնվում են։ Նա հավելել է, որ կարևոր են նաև հավասարության և փոխադարձության սկզբունքները։Հայաստանի արտգործնախարարը հայտարարել է, որ հավասարության նույն սկզբունքը կգործի Ադրբեջանով անցնող տրանսպորտային ուղիների պարագայում։ «Մեր ժողովուրդն արժանի է խաղաղության, և մեզանից ոչ ոք դատապարտված չէ մշտական թշնամանքի: Մենք իսկապես խաղաղության հնարավորություն ունենք հիմա», - ասել է նա:
17:42 - 07 մարտի, 2024
Լավրովը և Ֆիդանը խոսել են Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության գործընթացի մասին
 |armeniasputnik.am|

Լավրովը և Ֆիդանը խոսել են Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության գործընթացի մասին |armeniasputnik.am|

armeniasputnik.am: Թուրքիայի արտաքին գործերի նախարար Հաքան Ֆիդանը հայտնել է, որ ՌԴ գործընկերոջ` Սերգեյ Լավրովի հետ Անթալիայում հանդիպման ժամանակ քննարկել է Կովկասում, Սև ծովում և Սիրիայում տիրող իրավիճակները։ Նախարարները հանդիպել են մարտի 1-ին` Անթալիայում կայացած Դիվանագիտական ֆորումի ժամանակ։   «Օրակարգում շատ հարցեր կային և բացի երկկողմ համագործակցությունից, մենք տարածաշրջանային հարցերն ենք քննարկել։ Հնարավորություն ենք ունեցել քննարկելու Կովկասում խաղաղության գործընթացին (Հայաստանի և Ադրբեջանի միջև – խմբ.) առնչվող հարցեր, քննարկել ենք նաև տարբեր ուղիներով ընթացող գործընթացները` կապված Սև ծովում անվտանգության հարցերի հետ։ Սիրիայի հարցով նույնպես պետք էր քննարկել մի շարք հարցեր։ Դրա համար ավելի շատ ժամանակ է պետք, բայց մեզ հաջողվել է քննարկել այդ թեման, մենք պայմանավորվել ենք ավելի շատ ժամանակ հատկացնել այդ թեմային»,– ասել է Ֆիդանը։
15:08 - 03 մարտի, 2024