Ժոզեպ Բորել

Ադրբեջանը դատապարտել է Հայաստանին աջակցելու վերաբերյալ Բորելի հայտարարությունները
 |1lurer.am|

Ադրբեջանը դատապարտել է Հայաստանին աջակցելու վերաբերյալ Բորելի հայտարարությունները |1lurer.am|

1lurer.am: Ադրբեջանի արտգործնախարարությունն արձագանքել է Եվրամիության արտաքին գործերի և անվտանգության քաղաքականության հարցերով բարձր ներկայացուցիչ Ժոզեպ Բորելի հայտարարություններին: Բաքվից նշել են, թե Բորելի «մեղադրանքները սպառնալիք են Ադրբեջանի տարածքային ամբողջականությանը և ինքնիշխանությանը»: «Այն ժամանակաշրջանում, երբ ԵՄ անդամ երկրները տառապում են ագրեսիվ անջատողականության միտումներից, մեր երկրի տարածքում անջատողականություն հրահրելու ԵՄ արտաքին քաղաքական գերատեսչության փորձերը լուրջ մտահոգության աղբյուր են»,- նշված է Ադրբեջանի ԱԳՆ հայտարարությունում։ Ավելի վաղ Բորելը հայտարարել էր, որ Եվրամիությունը դիտարկում է Հայաստանին ռազմական օգնություն տրամադրելու, ինչպես նաև քաղաքացիների համար վիզային ռեժիմի ազատականացման հնարավորությունը։ Նա նաև նշել էր, որ ԵՄ-ն զգուշացնում է Ադրբեջանին, որ Հայաստանի տարածքային ամբողջականության և ինքնիշխանության ցանկացած խախտում անընդունելի է և կհանգեցնի «ծանր հետևանքների»։
12:48 - 14 նոյեմբերի, 2023
Մենք պետք է շատ զգոն լինենք Հայաստանի անկայունացման ցանկացած փորձի հանդեպ. Բորել
 |armenpress.am|

Մենք պետք է շատ զգոն լինենք Հայաստանի անկայունացման ցանկացած փորձի հանդեպ. Բորել |armenpress.am|

armenpress.am: Բրյուսելում ավարտվեց ԵՄ արտգործնախարարների խորհրդի նիստը, որի ժամանակ, ինչպես նախապես հայտարարվել էր, քննարկվել են նաեւ Հայաստան-Ադրբեջան հարաբերությունները։ «Արմենպրես»-ի Բրյուսելի թղթակցի փոխանցմամբ՝  ԵՄ արտաքին հարաբերությունների բարձր հանձնակատար Ժոզեպ Բորելը մամուլի ասուլիսին հայտարարել է, որ ԵՄ-ն իր անխտիր աջակցությունն է հայտնում Հայաստանի ժողովրդավարական ճանապարհով ընտրված իշխանություններին եւ սատարում երկրի անվտանգությանը։ Բորելը նշել է, որ հաշվի առնելով երկրում բարեփոխումների շարունակականությունը, ԵՄ-ն որոշել է ուժեղացնել իր առաքելությունը Հայաստանում եւ ավելի շատ պարեկություն անցկացնել սահմանի զգայուն հատվածներում։ Ըստ բարձր հանձնակատարի՝ տարբերակներ են քննարկվում Հայաստանի համար վիզային ռեժիմի ազատականացման համար։ «Մենք պետք է շատ զգոն լինենք Հայաստանի անկայունացման ցանկացած փորձի հանդեպ՝ ներքին, թե արտաքին։ Իսկ Ադրբեջանին ուղղված մեր ուղերձը հստակ է՝ Հայաստանի տարածքային ամբողջականության ցանկացած խախտում անընդունելի կլինի եւ դա ծանր հետևանքներ կունենա մեր հարաբերությունների որակի համար։ Մենք կոչ ենք անում վերսկսել բանակցությունները Հայաստանի և Ադրբեջանի միջև՝ Եվրոպական խորհրդի նախագահի կատարած աշխատանքի ներքո, քանի որ մեզ դա պետք է։ Խաղաղության պայմանագիրը կարող է կնքվել, և մենք պարտավորվում ենք շարունակել մեր միջնորդական դերը», - ասել է Ժոզեպ Բորելը։
20:44 - 13 նոյեմբերի, 2023
Բորելը Մելանի Ժոլիի հետ քննարկել է Հայաստանում ԵՄ առաքելությանը Կանադայի մասնակցության հարցը
 |factor.am|

Բորելը Մելանի Ժոլիի հետ քննարկել է Հայաստանում ԵՄ առաքելությանը Կանադայի մասնակցության հարցը |factor.am|

factor.am: ԵՄ արտաքին հարաբերությունների և անվտանգության քաղաքականության բարձր ներկայացուցիչ Ժոզեպ Բորելը Կանադայի ԱԳ նախարար Մելանի Ժոլիի հետ, ի թիվս այլ հարցերի, քննարկել է Հայաստանում ԵՄ քաղաքացիական առաքելությանը կանադական կողմի մասնակցությունը։ «Հաճելի էր հանդիպել իմ ընկերոջը՝ Մելանի Ժոլիին ԵՄ-Կանադա գագաթնաժողովին ընդառաջ։ Մենք մանրամասն քննարկում ունեցանք Մերձավոր Արևելքում տիրող իրավիճակի վերաբերյալ։ Ես շնորհակալություն հայտնեցի Հայաստանում ԵՄ առաքելությանը Կանադայի մասնակցության համար և ընդգծեցի Կանադայի կարևոր աշխատանքը Հայիթիի ուղղությամբ»,-գրել է Բորելը X-ի իր էջում։ Հիշեցնենք, որ  Կանադայի ԱԳ նախարարը հոկտեմբերի վերջին Հայաստան այցի ընթացքում այցելել էր նաև Ջերմուկում ԵՄ քաղաքացիական առաքելություն ու հայտնել, որ կանադական կողմը երկու դիտորդ է ուղարկելու, որոնք պետք է միանան առաքելությանը։
17:22 - 08 նոյեմբերի, 2023
Իսրայելի որոշ գործողություններ խախտում են միջազգային իրավունքը. Ժոզեպ Բորել
 |hetq.am|

Իսրայելի որոշ գործողություններ խախտում են միջազգային իրավունքը. Ժոզեպ Բորել |hetq.am|

hetq.am: Եվրոպական միության արտաքին քաղաքական ծառայության ղեկավար Ժոզեպ Բորելը հայտարարել է, որ ԵՄ-ն դեմ է Իսրայելի կողմից Գազայի հատվածի տոտալ շրջափակմանը: «Իսրայելն իրավունք ունի պաշտպանել իրեն, բայց դա պետք է արվի միջազգային իրավունքին, մարդասիրական իրավունքին համապատասխան։ Իսկ մի շարք որոշումներ հակասում են միջազգային իրավունքին»,- BBC-ի փոխանցմամբ ասել է Բորելը։ Բորելը նման հայտարարությամբ հանդես է եկել ԵՄ արտաքին գործերի նախարարների արտահերթ հանդիպումից հետո: «Որոշ գործողություններ, ինչպիսիք են էլեկտրաէներգիայի անջատումը և քաղաքացիական բնակչությանը սննդի մատակարարման դադարեցումը, հակասում են միջազգային իրավունքին»,- ընդգծել է եվրոպացի պաշտոնյան։ ԵՄ արտաքին գործերի նախարարները երկու կողմերին կոչ են արել հարգել միջազգային մարդասիրական իրավունքը: «Դա նշանակում է, որ Գազայի քաղաքացիական բնակչության համար չպիտի կտրվի ջուրը, սնունդը կամ էլեկտրաէներգիան»,- հավելել է եվրոպական դիվանագիտության ղեկավարը: Նա ընդգծել է, որ ԵՄ-ն «Համաս» արմատական խմբավորմանը ահաբեկչական կազմակերպություն է համարում, սակայն «ոչ բոլոր պաղեստինցիներն են ահաբեկիչներ»։ «Հետևաբար, կոլեկտիվ պատիժը կլինի անարդար և անարդյունավետ: Դա կհակասեր մեր և աշխարհի շահերին»,- եզրափակել է Բորելը։
11:30 - 11 հոկտեմբերի, 2023
Ժոզեպ Բորելը հույս ունի, որ Հայաստանի ու Ադրբեջանի ղեկավարները կհանդիպեն Բրյուսելում
 |hetq.am|

Ժոզեպ Բորելը հույս ունի, որ Հայաստանի ու Ադրբեջանի ղեկավարները կհանդիպեն Բրյուսելում |hetq.am|

hetq.am: ԵՄ արտաքին հարաբերությունների և անվտանգության քաղաքականության հարցերով բարձր ներկայացուցիչ Ժոզեպ Բորելը հույս է հայտնել, որ Հայաստանի և Ադրբեջանի իշխանությունները կկարողանան հանդիպել Բրյուսելում և քննարկել տարածաշրջանում հակամարտության զարգացման կանխարգելումը: Ինչպես Գրանադայում Եվրոպական քաղաքական համայնքի գագաթնաժողովի ընթացքում հայտարարել է ԵՄ դիվանագիտության ղեկավարը, «ափսոս, որ այստեղ չի Ադրբեջանը, ափսոս, որ Թուրքիան՝ Ադրբեջանին աջակցող գլխավոր երկիրը, նույնպես չկա»: «Այդ իսկ պատճառով մենք չենք կարող այստեղ խոսել այնպիսի լուրջ բանի մասին, ինչպիսին այն փաստն է, որ ավելի քան 100 հազար մարդ ստիպված է եղել լքել իր տունը»,- նշել է Բորելը: Նրա խոսքով՝ ԵՄ-ն դատապարտում է «հակամարտությունների կարգավորման համար ռազմական ուժի կիրառումը»: «Ես հույս ունեմ, որ Բրյուսելում Հայաստանի և Ադրբեջանի միջև կարող են հանդիպումներ տեղի ունենալ, հատկապես հակամարտության հետագա զարգացումը կանխելու և Հայաստանը քաղաքականապես կայունացնելու համար»,- եզրափակել է եվրոպացի պաշտոնյան:
20:07 - 05 հոկտեմբերի, 2023
ԵՄ-ն ողջունում է Հայաստանի կողմից Հռոմի ստատուտի վավերացումը. Բորել
 |lragir.am|

ԵՄ-ն ողջունում է Հայաստանի կողմից Հռոմի ստատուտի վավերացումը. Բորել |lragir.am|

lragir.am: Եվրամիությունը ողջունում է Միջազգային քրեական դատարանի (ՄՔԴ) Հռոմի ստատուտի վավերացումը Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի կողմից։ Հայաստանի նախագահի ստորագրությունից հետո որոշումն ուժի մեջ կմտնի։ Այս մասին նշվել է ԵՄ դիվանագիտության ղեկավար Ժոզեպ Բորելի հայտարարությունում։ «ՄՔԴ-ն առաջին մշտական միջազգային դատարանն է, որն ստեղծվել է միջազգային հանրությանն անհանգստացնող առավել ծանր հանցագործությունները հետաքննելու եւ դատական հետապնդման համար։ ԵՄ-ն կոչ է անում բոլոր պետություններին, որոնք դեռ չեն միացել, միանալ Հռոմի ստատուտին։ Յուրաքանչյուր միացում Հռոմի ստատուտին միջազգային հանրությանը կմոտեցնի համընդհանուր մասնակցությանը եւ կամրապնդի անպատժելիությանը վերջ դնելու եւ հաշվետու լինելու մշակույթի զարգացմանը նպաստելու ընդհանուր վճռականությունը։ Միջազգային գործընկերների հետ միասին ԵՄ-ն կշարունակի աշխատել եւ նպաստել Հռոմի ստատուի վավերացմանն ու իրականացմանը, ինչպես նաեւ ՄՔԴ-ի ամբողջականությանը»։
12:20 - 04 հոկտեմբերի, 2023
Կոչ ենք անում Ադրբեջանին համապարփակ եւ թափանցիկ երկխոսություն ծավալել Ղարաբաղի հայերի հետ․ Ժոզեպ Բորելը՝ ՄԱԿ-ում

Կոչ ենք անում Ադրբեջանին համապարփակ եւ թափանցիկ երկխոսություն ծավալել Ղարաբաղի հայերի հետ․ Ժոզեպ Բորելը՝ ՄԱԿ-ում

Արցախում իրավիճակի հարցով ՄԱԿ ԱԽ նիստին ԵՄ արտաքին հարաբերությունների և անվտանգության հարցերով բարձր ներկայացուցիչ Ժոզեպ Բորելը հայտարարել է՝ ԵՄ-ն ուշի ուշով հետեւում է զարգացումներին, ամբողջական համերաշխություն եմ հայտնում Ղարաբաղի հայերին, որոնք ինտենսիվ դժվարությունների ժամանակաշրջանում են ապրում։  «Նրանք ամիսներ շարունակ մեկուսացած են եղել Լաչինի միջանցքի արգելափակման հետեւանքով, ինչի պատճառով սննդի եւ դեղորայքի անբավարարություն է, նրանց տեղաշարժի ազատությունը սահմանափակված է եղել։ Նրանք գազի եւ էլէներգիայի մատակարարման բազմաթիվ ընդհատումներ են ունեցել», - նշել է նա։ ԵՄ պաշտոնյան հայտարարել է, որ Ադրբեջանն է կրում պատասխանատվությունը՝ ապահովելու լիարժեք հարգանքը Ղարաբաղի հայերի իրավունքների եւ անվտանգության նկատմամբ։ Նա նշել է, որ ԵՄ-ն բազմիցս հստակորեն ընդծել է, որ վեճերը լուծելու նպատակով ուժի գործադրումն ընդունելի չէ։ Այդ պատճառով ԵՄ-ն դատապարտել է Ադրբեջանի ռազմական գործողությունը։  «Դատապարտելի ենք համարում այդ լարվածության հետեւանքով տեղի ունեցած մարդկային կորուստները։ Մենք ի գիտություն ենք ընդունել հրադադարի մասին համապատասխան հայտարարությունները եւ ակնկալում ենք, որ մարտական գործողությունների և որեւէ տեսակի բռնության դադարը կպահպանվի։ Տեղի բնակչությանը հրատապ անհրաժեշտ է մարդասիրական օգնություն, նրանց անհրաժեշտ են նաեւ երաշխիքներ, որ նրանց իրավունքներն ու անվտանգությունը կհարգվեն», - ասել է Բորելը՝ նշելով, որ կոչ են անում Ադրբեջանին այս առումով կոնկրետ քայլեր ձեռնարկել։ Բորելը 2 կետ է առանձնացրել. «Առաջին՝ ապահովել առանց խոչընդոտների մարդասիրական հասանելիությունը կարիքի մեջ գտնվող քաղաքացիական բնակչության համար, այդ թվում լիարժեքորեն բացելով Լաչինի միջանցքը, կարեւոր է, որպեսզի մարդասիրական կառույցները կարողանան ընդլայնել իրենց գործունեությունը, ինչն անհրաժեշտ է ներկայիս իրավիճակում։ ԵՄ-ն եւ վերջինիս անդամ պետությունները պատրաստ են հրատապ մարդասիրական օգնություն ցուցաբերել, եւ այսօր Եվրոպական հանձնաժողովը հայտարարել է մարդասիրական օգնության առաջին փաթեթի մասին կարիք ունեցող մարդկանց օգնելու նպատակով։ - Երկրորդը՝ համապարփակ եւ թափանցիկ երկխոսություն ծավալել Ղարաբաղի հայերի հետ՝ ապահվելու համար նրանց անվտանգության իրավունքները, այդ թվում՝ իրենց տներում արժանապատվորեն ապրելու իրենց իրավունքը։ Ի գիտություն ենք ընդունում, որ այսօր այս հարցին նվիրված հանդիպում է տեղի ունեցել։ Հստակ հայտարարեմ՝ ԵՄ-ն լիովին սատարում է Ադրբեջանի եւ Հայաստանի ինքնիշխանությանը եւ տարածքային ամբողջականությանը, եւ ակնկալում, որ բոլոր դերակատարները նույնը կանեն։ Ադրբեջանին կոչ ենք անում վերահաստատել իր աներկբա հարգանքը Հայաստանի տարածքային ամբողջականության նկատմամբ եւ համաձայնել իրենց սահմանի սահմանազատմանը՝ 91թ․ Ալմա-Աթայի հռչակագրի տառին եւ ոգուն համահունչ։ ԵՄ-ն նաեւ կոչ է անում վերսկսել բանակցությունները Հայաստանի եւ Ադրբեջանի միջեւ բոլոր առկա հարցերի վերաբերյալ՝ նպատակ ունենալով կնքել խաղաղության համաձայնագիր։ Մենք պատրաստ ենք շարունակելու ֆասիլիտացնելու կողմերի երկխոսությունը, որպեսզի համապարփակ, մնայուն խաղաղություն ձեւավորվի՝ հանուն տարածաշրջանի բոլոր ժողովուրդների», - ելույթը եզրափակելով՝ նշել է Բորելը։
02:03 - 22 սեպտեմբերի, 2023
ԼՂ-ից քաղաքացիական բնակչության բռնի տեղահանումը ռազմական կամ այլ միջոցներով կարժանանա ԵՄ-ի խիստ արձագանքին․ Ժոզեպ Բորել

ԼՂ-ից քաղաքացիական բնակչության բռնի տեղահանումը ռազմական կամ այլ միջոցներով կարժանանա ԵՄ-ի խիստ արձագանքին․ Ժոզեպ Բորել

ԵՄ արտաքին գործերի ու անվտանգության քաղաքականության հարցերով Բարձր ներկայացուցիչ Ժոզեպ Բորելը հայտարարել է՝ ԵՄ-ն դատապարտում է Ադրբեջանի ռազմական գործողությունը ԼՂ հայ բնակչության դեմ և ափսոսանք է հայտնում այս էսկալացիայի հետևանքով զոհերի և մարդկային կորուստների համար։ Հայտարարության մեջ նշվում է․ «Մենք ի գիտություն ենք ընդունել  հրադադարի պայմանավորվածության մասին հայտարարությունները։ Մենք ակնկալում ենք ռազմական գործողությունների անհապաղ և ամբողջական դադարեցում և հրադադարի պահպանում։ ԵՄ-ն կոչ է անում Ադրբեջանին թույլատրել անհապաղ և անարգել հումանիտար մուտքը կարիքավոր բնակչությանը, այդ թվում՝ Լաչինի միջանցքի ամբողջական վերաբացման միջոցով՝ համաձայն Արդարադատության միջազգային դատարանի՝ 2023 թ․ փետրվարի և հուլիսի հրամանների: Մարդասիրական դերակատարները պետք է կարողանան ազատորեն գործել: ԵՄ-ն և նրա անդամ երկրները պատրաստ են հրատապ մարդասիրական օգնություն ցուցաբերել։ ԵՄ-ն կոչ է անում Բաքվին և Ղարաբաղի հայերին հրատապ ներգրավվել համապարփակ և թափանցիկ երկխոսության մեջ։ Ադրբեջանը պատասխանատվություն է կրում ապահովելու՝ ԼՂ հայերի իրավունքները և անվտանգությունը, այդ թվում՝ առանց ահաբեկման և խտրականության իրենց տներում ապրելու իրավունքը։ Քաղաքացիական բնակչության բռնի տեղահանումը ռազմական կամ այլ միջոցներով կարժանանա ԵՄ-ի խիստ արձագանքին։ ԵՄ-ն պատրաստ է ձեռնարկել համապատասխան գործողություններ իրավիճակի հետագա վատթարացման դեպքում։ ԵՄ-ն վերահաստատում է իր աջակցությունը ինչպես Ադրբեջանի, այնպես էլ Հայաստանի ինքնիշխանությանը և տարածքային ամբողջականությանը։ Մենք կոչ ենք անում Ադրբեջանին վերահաստատել իր միանշանակ հավատարմությունը Հայաստանի տարածքային ամբողջականությանը՝ 1991թ. Ալմաթիի հռչակագրի համաձայն»։  
20:17 - 21 սեպտեմբերի, 2023