Լեւոն Տեր-Պետրոսյան

Հայաստանի Հանրապետության առաջին նախագահը։ Ծնվել է 1945թ․ հունվարի 9-ին։ 1953-1960 թթ. Լևոն Տեր-Պետրոսյանը սովորել է Երևանի No 43 յոթնամյա դպրոցում: 1960-1963 թթ. սովորել է Երևանի No 17 միջնակարգ դպրոցում: 1963-1968 թթ.՝ Երևանի պետական համալսարանի բանասիրական ֆակուլտետի արևելագիտության բաժնի ուսանող: 

1988 թ. փետրվարի վերջին ընտրվել է Մատենադարանի «Ղարաբաղ» կոմիտեի նախագահ և այդ հանգամանքով մասնակցել է հանրապետական «Ղարաբաղ» կոմիտեի՝ համագումարներին։

1989 թ. օգոստոսին, իր բացակայությամբ, ընտրվել է ՀԽՍՀ Գերագույն խորհրդի պատգամավոր: 1989 թ. դեկտեմբերին ընտրվել է Հայոց համազգային շարժման նախագահ՝ այդ պաշտոնը վարելով մինչև 1990 թ. օգոստոսի կեսը: 1990 թ. հունվարին դարձել է ՀԽՍՀ Գերագույն խորհրդի նախագահության անդամ: 1990 թ. մայիսին կրկին ընտրվել է Գերագույն խորհրդի պատգամավոր:

1991թ. հոկտեմբերի 16-ին ընտրվել է ՀՀ առաջին Նախագահ: Վերընտվել է` 1996թ. սեպտեմբերի 22-ին:

1998թ. փետրվարին հրաժարական է տվել:

2012 թ. մայիսի 6-ի Ազգային Ժողովի ընտրություններում, գլխավորելով «Հայ Ազգային Կոնգրես» դաշինքի ցուցակը, Տեր-Պետրոսյանն ընտրվել է պատգամավոր, բայց հրաժարվել է իր մանդատից: 2013 թ. ապրիլի 13-ին ընտրվել է կուսակցության նախագահ:

Ըստ Զուրաբյանի՝ Փաշինյանի հայտարարությունը առաջին նախագահի հետ զրույցի վերաբերյալ չի համապատասխանում իրականությանը |azatutyun.am|

Ըստ Զուրաբյանի՝ Փաշինյանի հայտարարությունը առաջին նախագահի հետ զրույցի վերաբերյալ չի համապատասխանում իրականությանը |azatutyun.am|

azatutyun.am: «Կիրակնօրյա վերլուծական Հրայր Թամրազյանի հետ» հաղորդման ընթացքում նաև այս թեմայով զրուցել է Հայ ազգային կոնգրես կուսակցության փոխնախագահ Լևոն Զուրաբյանի հետ: «Ազատություն». - Մի հարց կուզենայի ձեզ ուղղել, որը վերաբերում է այս շաբաթ Ազգային ժողովում հնչած Նիկոլ Փաշինյանի մի հայտարարության. նա, մասնավորապես, ասաց, որ «2018 թվականի ամռանը առաջին նախագահի հետ հանդիպում է եղել, և գաղտնիք բացեմ՝ ինչ է ասել ինձ Տեր-Պետրոսյանը 2018 թվականի հուլիսին, ասել է՝ հողերը պետք է տաս»: Լևոն Զուրաբյան. - Ես ցավով պետք է արձանագրեմ, որ Հայաստանի ղեկավարը ստախոս է, որովհետև նման բան չի եղել, ընդ որում՝ Նիկոլ Փաշինյանը դա շատ կատեգորիկ ձևով է ասում: Դա բացարձակ սուտ է, դա չի համապատասխանում իրականությանը, նման բան չի եղել: Հայոց պետության ղեկավարի ստելու այդ կարողությունն իրականում ազգային անվտանգությանը վտանգ է ներկայացնում, որովհետև այդ նույն ոճը նա գործածում է ոչ միայն ներքին քաղաքական հանդիպումների ժամանակ, այլ նաև արտաքին քաղաքական հանդիպումների ժամանակ, և այն աղետալի հետևանքները, որ մենք ունենք դիվանագիտության մեջ, այս պատերազմի մեջ, որոշ մասով կապված են նաև իր անվստահելիության հետ և պայմանավորվել չկարողանալու իր այդ որակի հետ և ընդհանրապես բավականին լուրջ համակարգային արատների հետ, որ իր կառավարումն իր մեջ պարունակում է: Ինչ վերաբերում էր իր պնդմանը, կոնկրետ ասում ենք՝ սա բացարձակ սուտ է: Մենք առաջարկում ենք՝ եթե ինքը իր վարկը ցանկանում է փրկել, թեև արդեն այդ վարկը փրկել ոչինչ չի կարող, ուղղակի բերել որևէ ապացույց, առավել ևս, որ ինքը ասում է մեջբերում, սա նշանակում է, որ ինչ-որ ձևով կարող է ապացուցել, որ նման բան ասվել է: Մենք առաջարկում ենք բերել որևէ ապացույց, որ Տեր-Պետրոսյանը ընդհանրապես նման բան ասել է: Ոչ, դա սուտ է, սխալ է, նման բան չկա: Ինչ է ասել Տեր-Պետրոսյանը, ի տարբերություն Նիկոլ Փաշինյանի, որը ոչ միայն չի հասկանում, որ ընդհանրապես գաղտնիքներ չի կարելի բացել, ասում է՝ գաղտնիք ասեմ, հետո բացում է գաղտնիք, բայց դրա վրա էլ ավելացնում է մեկ այլ հանցագործություն, ոչ թե գաղտնիք է բացում, այլ գաղտնիք բացելու շղարշի տակ ներկայացնում է բացարձակ սուտ հորինվածք՝ սա անվայել պահվածք է պետության ղեկավարի համար, հետևաբար, ես ասում եմ՝ մենք մի քիչ այլ բարոյականության տեր մարդիկ ենք և ընդհանրապես բանակցությունների կամ պետական քաղաքականության այլ էթիկայի ներկայացուցիչներ ենք, բնականաբար, կոնֆիդենցիալ խոսակցությունների բովանդակությունը չենք բացում: Խոսացվել է լրիվ այլ բան, լրիվ այլ բաներ են ասվել: «Ազատություն». - Հողերի մասին խոսակցություն չի՞ եղել: Լևոն Զուրաբյան. - Բացարձակ սուտ է դա: Ինչ վերաբերում է Տեր-Պետրոսյանի դիրքորոշմանը ղարաբաղյան հարցում, Տեր-Պետրոսյանի դիրքորոշումը ղարաբաղյան հարցում հայտնի է մեր ժողովրդին 90-ական թվականներից, դա երբեք փոփոխության չի ենթարկվել: 97 թվականին Տեր-Պետրոսյանն առաջարկել է իր հայտնի պլանը, ավելի ճիշտ իր հայտնի հոդվածով ներկայացրել է, թե ինչպիսի լուծում կա ղարաբաղյան խնդրում, և որ այդ լուծումը պետք է ընդունել այն պահին, երբ որ մենք խոսում ենք ուժի դիրքերից, իսկ եթե դա չանենք, այս տարիների ընթացքում, ապագայում Ադրբեջանը բազմիցս հզորանալու է Հայաստանի նկատմամբ, և այն, ինչ որ մենք կարող էինք ստանալ, խնդրելու ենք, բայց չենք ստանալու: Նույն դիրքորոշումը հայտնվեց 2017 թվականին խորհրդարանական ընտրությունների ժամանակ, երբ որ մենք ուղղակի նախազգուշացրեցինք, երբ Տեր-Պետրոսյանը նախազգուշացրեց ամբողջ ազգին, որ արդեն ստեղծվել է մի իրավիճակ, որ եթե մենք չգնանք խաղաղության, մեզ սպառնում է աղետալի պատերազմ՝ իր բոլոր ծանրագույն հետևանքներով: Հիշեցնենք, որ Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանն ապրիլի 14-ին խորհրդարանում հայտարարեց, որ առաջին նախագահը 2018 թվականի հուլիսին իրեն ասել է՝ «հողերը արդեն պետք է տաս»։
10:36 - 19 ապրիլի,2021
Փաշինյանը՝ պատերազմի օրերին Լևոն Տեր-Պետրոսյանի և Ռոբերտ Քոչարյանի ՌԴ մեկնելու առաջարկի մանրամասների մասին |1lurer.am|

Փաշինյանը՝ պատերազմի օրերին Լևոն Տեր-Պետրոսյանի և Ռոբերտ Քոչարյանի ՌԴ մեկնելու առաջարկի մանրամասների մասին |1lurer.am|

1lurer.am: Ինձ հանդիպման համար դիմել են Արցախի երկրորդ և երրորդ նախագահները՝ Արկադի Ղուկասյանն ու Բակո Սահակյանը և ասել են, որ գաղափար կա, որ Արցախի և Հայաստանի նախկին ու ներկա նախագահների հետ հանդիպում տեղի ունենա, ես ասել եմ, որ համաձայն եմ՝ խորհրդարանում նշեց վարչապետ Նիկոլ Փաշինյանը: «Նրանք ստանձնել են, որ կկազմակերպեն նման հանդիպում, հետո ինձ ասել են՝ կա գաղափար, որ նախ՝ ՀՀ առաջին և երկրորդ նախագահները մեկնեն Մոսկվա, հանդիպում ունենան ռուսական էլիտայի ներկայացուցիչների հետ, և վերադարձից հետո տեղի ունենա այդ հանդիպումը: Ես ասել եմ, որ ողջունում եմ գաղափարը և պատրաստ եմ նույնիսկ պետական օդանավը տրամադրել, որպեսզի նրանք մեկնեն: Նրանք գնացել ու վերադարձել են հետևյալ առաջարկով, որ երկու նախագահները ուզում են, որ ես միջնորդեմ՝ ՌԴ նախագահը նրանց ընդունի որպես հատուկ բանագնաց: Ես ասել եմ, որ այդտեղ ֆորմատային խնդիրր կա, ես անընդհատ հաղորդակցության մեջ եմ ՌԴ նախագահի հետ, ինքն ինձ կարող է պարզ հարց տալ՝ հիմա դու ի՛նչ ես ուզում ինձ ասել, որ չես կարողանում, և դրա համար անհրաժեշտ է հատուկ բանագնացի ինստիտուտ: Ես առաջարկել եմ իմ տարբերակը, ասել եմ՝ եկեք կազմակերպենք Հայաստանի պաշտոնաթող նախագահների այց ՌԴ պետական մակարդակով, էնտեղ ընդունող կողմը լինի ՌԴ պաշտոնաթող նախագահ Դմիտրի Մեդվեդևը, ով նաև ԱԽ նախագահի տեղակալն է, և այցի շրջանակներում միջնորդենք, որ հանդիպում կկազմակերպի ՌԴ նախագահի և արտգործնախարարի հետ: Իրենք այս տարբերակը մերժել են, և անընդունելի է համարվել իրենց համար: Որից հետո ինձ ասել են, որ իրենք առանց ինձ էլ պայմանավորվել են, որ պետք է գնան ՌԴ արտգործնախարարի հետ հանդիպել: Որից հետո հարցրել եմ՝ ի՛նչ եք ուզում, ի՛նչ է մեզնից հասնում: Ասել են, որ պետական աջակցություն ու միջնորդություն են ուզում, որ երկրորդ նախագահի՝ երկրից դուրս գալու հնարավորություն ստեղծվի: Ասել եմ, որ հաշվի առնելով հարցի՝ ազգային անվտանգության հետ կապված լինելը, ինչ հնարավոր է՝ ես կանեմ:  Դրանից հետո Քոչարյանի ՍԵԿՏ-ը (սահմանային հսկողության համակարգ) բացվել է, համենայն դեպս, միասին չեն մեկնել, և ես որևէ այլ տեղեկություն չունեմ»,- նշեց Փաշինյան:
13:41 - 14 ապրիլի,2021
2018թ․ հուլիսին Լևոն Տեր-Պետրոսյանն ինձ ասել է՝ «Հողերը արդեն պետք է տաս»․ Նիկոլ Փաշինյան

2018թ․ հուլիսին Լևոն Տեր-Պետրոսյանն ինձ ասել է՝ «Հողերը արդեն պետք է տաս»․ Նիկոլ Փաշինյան

ՀՀ առաջին նախագահն ունի ԼՂ հարցի կարգավորման վերաբերյալ իր պատկերացումը, որը մեզ հայտի է 1997թ․ «Պատերազմ, թե խաղաղություն․ լրջանալու պահը» հոդվածով։ Այս մասին այսօր ԱԺ-ում ասաց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը։ «Բայց ուզում եմ ուշադրություն հրավիրել այն հանգամանքին, որ 1996թ․ նախագահական ընտրություններին առաջին նախագահը մասնակցել է «Հաղթանակ, կայունություն, առաջընթաց» տերմինաբանությամբ, և այդ նախընտրական շրջանում ոչ մի խոսք չի եղել խաղաղության, լրջանալու պահի մասին։ Հետո այդ օրակարգը ձևակերպվել է որպես 1996թ․-ի նախագահական ձախողված ընտրությունների «էքզիթ սթրաթեջի»,- նշեց նա։ Փաշինյանը հիշեցրեց, որ 2018թ․ ամռանը Լևոն Տեր-Պետրոսյանի հետ հանդիպում է տեղի ունեցել։ «Կարող եմ ասել, որ այո, առաջին նախագահը, դեռևս 2016թ․ հուլիսին եմ այս մասին հայտարարել Խորենացի փողոցում տեղի ունեցած իմ ելույթում, առնվազն 2016թ․ Սերժ Սարգսյանին ուղեկցել է բանակցային գործընթացում, և դա կարող եք տեսնել նաև՝ դիտելով 2017թ․ խորհրդարանական ընտրությունների ընթացքոմ առաջին նախագահի տված հարցազրույցը Հանրային հեռուստաընկերությանը։ Հիմա գաղտնիք բացեմ․ ինչ է ասել ինձ առաջին նախագահը մեր հանդիպման ժամանակ՝ 2018թ․ հուլիսին։ Մեջբերում․ «Հողերը արդեն պետք է տաս», մեջբերման ավարտը։ Իսկ ինչի՞ դիմաց։ Առաջին նախագահի պատկերացումը՝ այդ օրը ձևակերպված պատկերացումը այս շրջանակից դուրս չի եկել։ Մնացածը արդեն գնահատման հարց է»,- հայտնեց վարչապետը։
13:22 - 14 ապրիլի,2021
Լևոն Տեր-Պետրոսյան. Մի ակնհայտ իրողության անտեսման ողբերգական հետևանքները

Լևոն Տեր-Պետրոսյան. Մի ակնհայտ իրողության անտեսման ողբերգական հետևանքները

Իմ ելույթներում, հարցազրույցներում և հրապարակումներում ես բազմիցս արտահայտել եմ «Ղարաբաղի հարցի լուծման բանալին գտնվում է Ռուսաստանի ձեռքում» միտքը, որը տարակուսանքով կամ զայրույթով է ընկալվել թե՛ քաղաքական ուժերի, թե՛ փորձագիտական շրջանակների, և թե՛ օրվա իշխանությունների կողմից: Հաշվի առնելով խնդրի այժմեականությունը՝ ավելորդ չեմ համարում հիշեցնել ժամանակին այդ առթիվ հրապարակած իմ տեսակետները՝ միաժամանակ ներողություն խնդրելով ընթերցողից ընդարձակ քաղվածքներ կատարելու համար: Այս մասին հայտարարություն է տարածել ՀՀ առաջին նախագահ Լևոն Տեր-Պետրոսյանը։ ««Ի տարբերություն Արեւմուտքի, Ռուսաստանի համար Այսրկովկասը եղել եւ մնում է կենսական շահերի ոլորտ, եւ միամտություն է կարծել, թե նա երբեւէ հրաժարվելու է այդ շահերը պաշտպանելու ուղեգծից։ Արեւմուտքի վերը շոշափված պասիվությունը եւս մասամբ բացատրվում է նրանով, որ ինքն էլ, թեկուզ ենթագիտակցո¬րեն, տարածաշրջանը դիտում է որպես Ռուսաստանի ազդեցության գոտի։ Եթե ոչ Ամերիկայի Միացյալ Նահանգները, ապա առնվազն Եւրոմիության երկրներից շատերն ինչ-որ կերպ համակերպվել են այս մտքին եւ ակնհայտորեն մտադիր չեն ակտիվորեն միջամտելու Այսրկովկասի գործերին։ Սա նշանակում է, որ Ղարաբաղյան հակամարտության, ինչու չէ, նաեւ հայ–թուրքական հարաբերությունների կարգավորման բանալին գտնվում է Ռուսաստանի ձեռքում։ Հետեւաբար, անկախ իր նախապատվություններից, Հայաստանի ցանկացած իշխանություն կենսական այդ խնդիրների լուծումը պետք է որոնի տվյալ աշխարհաքաղաքական համատեքստում։ Նման վարքագիծը կապված է ո՛չ ցանկությունների, ո՛չ էլ կողմնորոշումների, այլ բացառապես իրականության գիտակցության եւ քաղաքական ռեալիզմի հրամայականի հետ։ Հայաստանի իշխանություններն, իմ տպավորությամբ, առայժմ չեն գիտակցում դա։ Մինչդեռ Թուրքիան եւ Ադրբեջանը, ակնհայտորեն, ավելի ճիշտ են գնահատում իրականությունը, ինչի մասին են վկայում վերջին շրջանում այդ երկրների ակտիվ շփումները Ռուսաստանի հետ։ Մենք, ըստ այդմ, հայտնվել ենք 1920թ. վիճակում, որից, դժբախտաբար, ժամանակին ճիշտ ելք չգտանք։ Այսօր նույն սխալը կրկնելու իրավունք չունենք» (Ելույթ ՀՀՇ 16-րդ համագումարում, 17.07.2010): *** «Աֆղանստանը, Իսրայելը, Իրանը եւ տնտեսական ճգնաժամը այնպիսի ծանր բեռ են Արեւմուտքի համար, որ նրան Ղարաբաղի եւ ընդհանրապես Այսրկովկասի մասին մտածելու տեղ չեն թողնում։ ... Ի տարբերություն Արեւմուտքի, Ռուսաստանի համար Այսրկովկասը եղել եւ մնում է կենսական շահերի ոլորտ, եւ միամտություն է կարծել, թե նա երբեւէ հրաժարվելու է այդ շահերը պաշտպանելու ուղեգծից։ ... Սա նշանակում է, որ Ղարաբաղյան հակամարտության, ինչու չէ, նաեւ հայ–թուրքական հարաբերությունների կարգավորման բանալին գտնվում է Ռուսաստանի ձեռքում։ Հետեւաբար, անկախ իր նախապատվություններից, Հայաստանի ցանկացած իշխանություն կենսական այդ խնդիրների լուծումը պետք է որոնի տվյալ աշխարհաքաղաքական համատեքստում։ Անկասկած, Հայաստանում տեղակայված ռուսական ռազմաբազայի գործողության ժամկետի երկարաձգումը եւ Ադրբեջանին С-300 հրթիռակայանների վաճառքի վերաբերյալ գործարքը ավելի եւս ամրապնդում են Ռուսաստանի դիրքերն Այսրկովկասում եւ անսահմանորեն մեծացնում նրա դերակատարությունը Ղարաբաղյան կարգավորման գործընթացում։ Նշված նորագույն իրադարձությունների լույսի ներքո այլեւս վերջնականապես ակնհայտ է դառնում, որ որքան էլ Ռուսաստանը համաձայն լինի Մինսկի խմբի կողմից մշակված սկզբունքներին ու ծրագրերին, նա ոչ մի դեպքում թույլ չի տալու միջազգային խաղաղարար ուժերի տեղակայումը հակամարտության գոտում, առավել եւս չի հաշտվելու Այսրկովկասում ՆԱՏՕ-ի որեւէ կարգի ներկայության փաստի հետ։ Այս դատողություններն ամենեւին ռուսամետության կամ հակաարեւմտականության արտահայտություն չի կարելի համարել, ինչպես ընկալեցին կամ փորձեցին ներկայացնել ոմանք, այլ ընդամենը իրականության պարզ արձանագրում, որը կապված չէ ո՛չ որեւէ մեկի ցանկության, ո՛չ էլ քաղաքական կողմնորոշման հետ։ Ցավոք, Հայաստանի իշխանություններն, իմ ունեցած տեղեկություններով, փոխանակ ճիշտ եզրակացություններ անելու տվյալ իրականությունից, ջանում են ժամանակավոր օգուտներ քաղել ու ամեն ինչ կապել կողմնորոշումների հետ: ...Չեմ կարող չանդրադառնալ նաեւ քաղաքագետների ուշադրությունից վրիպած հետեւյալ նշանակալից իրադարձությանը, որը երկու շաբաթ առաջ տեղի ունեցավ Բաքվում։ Նկատի ունեմ նախագահներ Մեդվեդեւի եւ Ալիեւի շուրթերից հնչած այն միանշանակ հայտարարությունը, որ Ռուսաստանն ու Ադրբեջանն այլեւս ստրատեգիական գործընկերներ են։ Թեեւ նման խոսքեր առաջ էլ էին ասվել, բայց առաջին անգամն է, որ դրանց մեջ կոնկրետ բովանդակություն է դրվում։ Այսինքն կատարվեց այն, ինչ ես կանխատեսել էի դեռեւս 1998թ. հունվարի 8-ին ՀՀ Անվտանգության խորհրդի նիստում ունեցած իմ ելույթում, նշելով մասնավորապես հետեւյալը. «Ես չեմ բացառում, այլեւ ընդհակառակը՝ չափազանց բնական ու հավանական եմ համարում, որ նկատի ունենալով կասպիական նավթի շահագործման եւ նավթամուղերի կառուցման խնդիրները, Ռուսաստանն առաջիկայում լուրջ ջանքեր է գործադրելու Ադրբեջանի հետ նորմալ հարաբերություններ հաստատելու ուղղությամբ, եւ այդ դեպքում Հայաստանը կորցնելու է Անդրկովկասում Ռուսաստանի միակ դաշնակիցը կամ ստրատեգիական գործընկերը լինելու առավելությունը» (ԼՏՊ, Ընտրանի, էջ 658)։ Թե Հայաստանի ու Ղարաբաղի համար ինչ հետեւանքներ կարող է ունենալ Ռուսաստանի ու Ադրբեջանի ստրատեգիական գործընկերությունը, կարծում եմ, դժվար չպետք է լինի պատկերացնել։ Այսպիսով, բոլոր նշաններն առկա են եզրակացնելու համար, որ Ղարաբաղյան կարգավորման գործընթացում նոր՝ ռուս–թուրք–ադրբեջանական ձեւաչափի ձեւավորումը փաստ է դառնում։ Դա չի նշանակում, անշուշտ, որ այն փոխարինելու է գալիս Մինսկի խմբին, որն, իմ կարծիքով շարունակելու է պահպանվել՝ թեկուզ միջազգային ջանքերի համադրման տպավորություն ստեղծելու եւ Արեւմուտքին ավելորդ տեղը չգրգռելու նպատակով։ Մինչդեռ բուն գործընթացները տեղի են ունենալու նոր ձեւաչափում, ինչն էլ նախորդ ելույթում ինձ հիմք էր տվել ներկայիս իրավիճակը համեմատելու 1920 թվականի իրավիճակի հետ։ ... Ողջ հայ ժողովրդի ուշադրությունն այս մտահոգիչ իրավիճակում պետք է կենտրոնացվի Ղարաբաղի ու Հայաստանի գլխին կախված վտանգների վրա, քանի որ, ինչպես 1920 թվականին, մենք կանգնած ենք պարտադրված լուծումների սպառնալիքի առջեւ» (Ելույթ 2010թ. սեպտեմբերի 17-ի հանրահավաքում): *** Ղարաբաղյան հակամարտության այն հանգուցալուծմանը, որին Հայաստանը առավելագույն ջանքերի գնով կարող է հասնել ներկայումս, շատ ավելի շահեկան պայմաններով մենք կարող էինք հասնել դեռեւս 1998 թվականին։ Եթե դա տեղի ունեցած լիներ, ապա ոչ միայն կխուսափեինք անցած տասնութ տարիների անտեղի տառապանքներից ու կորուստներից, այլեւ այսօր կունենայինք բոլորովին մի այլ՝ ծաղկուն, մարդաշատ, զարգացող երկիր եւ ապահով Ղարաբաղ։ Ցավում եմ, որ այս պարզ ճշմարտությունները ժամանակին չհասկացվեցին իմ որոշ գործընկերների կողմից, եւ մենք կորցրեցինք հարցի լուծման հարմարագույն պահը։ Հուսով եմ, որ այս պնդումը կընկալեք ոչ թե որպես ոմանց ուղղված կշտամբանք, այլ որպես զգուշացում առ այն, որ եթե նորից ժամանակ կորցնենք, հետագայում ստիպված ենք լինելու հարցը լուծել ավելի վատ պայմաններով ու շատ ավելի թույլ վիճակում։ 1998 թվականի իշխանափոխության կործանարար հետեւանքների պատճառը պետք է փնտրել ոչ թե գործող անձանց փոփոխության, այլ քաղաքականության շարունակականության խաթարման մեջ։ Անցյալը մի կողմ դրած, ակնհայտ է, որ այսօր մենք կրկին կանգնած ենք Ղարաբաղյան հակամարտության կարգավորման հերթական պահը բաց չթողնելու հրամայականի առջեւ, ինչի վկայությունն են, մասնավորապես, վերջին շրջանում այդ ուղղությամբ Ռուսաստանի գործադրած լուրջ ջանքերը։ Մի առիթով ես ասել եմ, որ Ղարաբաղի հարցի լուծման բանալին գտնվում է Ռուսաստանի ձեռքում, եւ նրա այդ ջանքերն, արդ, գալիս են ապացուցելու տվյալ պնդման ճշմարտացիությունը։ Ընդ որում, Արեւմուտքը եւս, որի առաջնահերթությունների շարքում, ինչպես նշվեց, Ղարաբաղյան կարգավորումը տեղ չի գրավում, վստահաբար, ոչ միայն գիտակցում, այլեւ գնահատում է Ռուսաստանի առանձնահատուկ դերակատարությունն այդ հարցում։ Հայ Ազգային Կոնգրեսը, իր նախորդի՝ Հայոց Համազգային Շարժման պես, Հայաստանի միակ կուսակցությունն է, որը ոչ միայն երբեք չի թաքցրել, այլեւ բազմիցս հրապարակավ հայտարարել է փոխզիջման եւ խաղաղության կողմնակցի իր դավանանքը։ Հետեւաբար, ոչ միայն սկզբունքի տեսակետից, այլեւ իրավիճակի թելադրանքով Կոնգրեսն առաջիկա խորհրդարանական ընտրություններին պետք է մասնակցի սպառազինությունների մրցավազքի դադարեցման, նոր պատերազմի վտանգի բացառման, Ղարաբաղի հարցի լուծման, Թուրքիայի հետ հարաբերությունների կարգավորման կառուցողական ծրագրով, որը բխում է ոչ թե մեր կուսակցության, այլ բացառապես Հայաստանի ու Ղարաբաղի ժողովրդի կենսական շահերից։ Այդ ծրագիրը, բնականաբար, հնարավոր է իրականացնել միայն ընտրություններում Կոնգրեսի հաղթանակի կամ Ազգային Ժողովում պատկառելի ներկայություն ունենալու պարագայում (Ելույթ Հայ Ազգային Կոնգրեսի համագումարում, 17.12.2016): *** Ետհամագումարյան բանավեճում բուռն քննարկման առարկա է դարձել նաեւ իմ «Ղարաբաղի հարցի լուծման բանալին գտնվում է Ռուսաստանի ձեռքում» արտահայտությունը։ Ռուսաստանի նկատմամբ համակրանքի կամ հակակրանքի տարր չպարունակող եւ արտաքին քաղաքական կողմնորոշման հետ կապ չունեցող այս ակնհայտ ճշմարտությունը տեղիք է տվել աշխարհաքաղաքական բնույթի այնպիսի բռնազբոսիկ ու անհեթեթ մեկնաբանությունների, որոնց անդրադառնալը պարզապես անլրջություն կնշանակեր։ Ղարաբաղի հարցի լուծման բանալու վերաբերյալ իմ արտահայտած պնդման հիմքում ընկած են հետեւյալ անժխտելի իրողությունները։ Ի տարբերություն Ռուսաստանի, Ղարաբաղի հարցը երբեք Արեւմուտքի համար առաջնահերթություն չի եղել, ինչի վկայությունն է այն, որ վերջինս, պաշտոնական հայտարարություններից ու դիվանագիտական նախաձեռնություններից բացի, այդ ուղղությամբ որեւէ գործնական քայլ չի կատարել։ Ադրբեջանի եւ Ղարաբաղի միջեւ թե՛ 1994, թե՛ 2016 թվականի զինադադարները կնքվել են բացառապես Ռուսաստանի ջանքերով։ Վերսկսված սառը պատերազմի ներկա հանգրվանում ակտիվորեն ներգրավված լինելով Մերձավորարեւելյան իրադարձությունների հորձանուտում, Ռուսաստանը չի կարող իր սահմանների անմիջական հարեւանությամբ մի այնպիսի պայթյունավտանգ օջախ հանդուրժել, ինչպիսին Ղարաբաղյան հակամարտությունն է։ Դա է պատճառը, որ վերջին շրջանում այդ հակամարտության կարգավորման նախաձեռնությունն անցել է Ռուսաստանի ձեռքը, ինչն ըմբռնումով է ընկալվում նաեւ Արեւմուտքի կողմից։ Կրկին, ի տարբերություն Արեւմուտքի, Ռուսաստանն է, որ Ադրբեջանի եւ Հայաստանի իշխանությունների վրա ազդեցություն գործելու ու նրանց միջեւ համաձայնություն կայացնելու արդյունավետ լծակների է տիրապետում՝ իրողություն, որ նույնպես բազմիցս շեշտվել է արեւմտյան քաղաքագետների կողմից։ Ինչպես դեռեւս մեկ տարի առաջ նշել եմ իմ հոդվածներից մեկում, «խոսքն ամենեւին չի վերաբերում Ռուսաստանի կողմից Ղարաբաղի հարցի լուծման ինչ-որ նոր ծրագիր պարտադրելուն, այլ ընդամենը Մինսկի խմբի եռանախագահության ջանքերով Մադրիդյան սկզբունքների հիման վրա կազմված ծրագրին նոր ավյուն հաղորդելուն» (iLur.am, 28.12.2016):   Վերջում ավելորդ չեմ համարում ընթերցողի ուշադրությունը հրավիրել Մինսկի խմբի ամերիկյան նախկին համանախագահ Ռիչարդ Հոգլանդի օրերս հրապարակած ընդարձակ և բովանդակալից հոդվածի վրա, որում հաստատվում են իմ վերոհիշյալ պնդումները. «When the so-called Lavrov Plan was released, I asked my excellent colleague, the Russian Co-Chair Ambassador Popov, if the Kremlin would really agree to implement it, should Yerevan and Baku buckle and accept it.  His candid reply?  “Of course not.”  More than anything else, this made clear to me that Nagorno-Karabakh is not just a bilateral problem between Armenia and Azerbaijan.  In reality, it’s a trilateral issue with Russia playing a key, perhaps even decisive, role». Թարգմ. «Երբ, այսպես կոչված, «Լավրովի պլանը» հրապարակվեց, ես հարցրեցի իմ գործընկերոջը՝ ռուս համանախագահ դեսպան Պոպովին, Կրեմլն իսկապե՞ս այն կիրականացնի, եթե Երևանն ու Բաքուն ընդունեն։ Նա անկեղծ պատասխանեց ՝ «իհարկե՝ ոչ»։ Այդ ժամանակ ինձ համար պարզ դարձավ, որ ԼՂ-ն երկկողմանի խնդիր չէ Հայաստանի ու Ադրբեջանի միջև, իրականում այն եռակողմ է, որում Ռուսաստանը առանցքային, եթե ոչ՝ որոշիչ դեր ունի»։ Իմ համոզմամբ՝ Արցախի հարցում մեզ վիճակված ողբերգության գլխավոր պատճառներից մեկն այս իրողության չգիտակցումը կամ անտեսումն է եղել նախորդ երկու և ներկա իշխանությունների կողմից: Եթե սա միայն պատմական իրողության արձանագրում լիներ, ես հարկ չէի համարի կրկին անդրադառնալ դրան: Դժբախտաբար, այսօր էլ քաղաքական գրեթե բոլոր շրջանակների ու պետական մարմինների, մասնավորապես Կառավարության անդամների և հատկապես Արտաքին գործերի նախարարության կողմից ակնհայտ հայտարարություններ են հնչում Ղարաբաղի հարցի լուծման հույսը վերստին Մինսկի խմբի հետ կապելու վերաբերյալ: Այս միտումը հղի է մեզ սպասող նորանոր հուսախաբություններով, եթե ոչ՝ ծանր կորուստներով»:
18:36 - 01 ապրիլի,2021
Ես նմա՞ն եմ մարդու, ով կարող է փախչել. Նիկոլ Փաշինյանը հակադարձեց Լևոն Տեր- Պետրոսյանին |armenpress.am|

Ես նմա՞ն եմ մարդու, ով կարող է փախչել. Նիկոլ Փաշինյանը հակադարձեց Լևոն Տեր- Պետրոսյանին |armenpress.am|

armenpress.am: ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը մարտի   անդրադարձավ ՀՀ առաջին նախագահ Լևոն Տեր-Պետրոսյանի  այն հայտարարությանը, որով նա առաջարկել էր ՀՀ վարչապետին անձեռնմխելիության իրավական երաշխիքների ապահովմամբ ապաստանել արտերկրում: Մարտի 20-ին Ներքին Բազմաբերդի բնակիչների հանդիպման ժամանակ ՀՀ վարչապետը ընդգծեց, որ ինքը ժողովրդի տված վստահությունը չի անարգի որևէ փախուստով:  «Լևոն Տեր-Պետրոսյանը հայտարարություն է անում, ասում է` կազմակերպենք վարչապետը Հայաստանից գնա ուրիշ երկրում ապաստան գտնի: Չհասկացա: Լևոն Տեր-Պետրոսյանը իր փառահեղ քաղաքական կարիերայի ընթացքում երկու անգամ փախուստի շատ լավ օրինակ է ցույց տվել: Ես նմա՞ն եմ մի մարդու, ով կարող է փախչել, եթե ժողովուրդը որոշի, որ ինձ գնդակահարելու է, ես խոնարհ կանգնելու եմ այդ գնդակահարության պատի տակ: Որևէ մեկը չմտածի, որ ժողովրդի կայացրած որևէ որոշումից կփախչեմ: Եվ դուք ունեք այդ իրավունքը, ժողովուրդ: Փախչողները թող մտածեն փախչելու մասին»,- եզրափակեց Փաշինյանը:
14:22 - 20 մարտի,2021
Լևոն Տեր-Պետրոսյանի հայտարարության մեջ ես տեսնում եմ, որ նախագահը միացավ ընդդիմադիր 17 ուժերին․ Անդրանիկ Քոչարյան |tert.am|

Լևոն Տեր-Պետրոսյանի հայտարարության մեջ ես տեսնում եմ, որ նախագահը միացավ ընդդիմադիր 17 ուժերին․ Անդրանիկ Քոչարյան |tert.am|

tert.am: Լևոն Տեր-Պետրոսյանը առաջնորդվում է իր հետ եղած դեպքերով և իրավիճակի ելք է համարում վարչապետ Նիկոլ Փաշինյանի հրաժարականը, իսկ իր այդ հայտարարությամբ նա միացավ ընդդիմադիր 17 ուժերին: Այս մասին լրագրողների հետ զրույցում ասաց ՀՀ ԱԺ Պաշտպանության և անվտանգության հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ, «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Անդրանիկ Քոչարյանը։ «Առաջին նախագահը երևի շարժվում է այն դրդապատճառով, որ հայտնի ուժերի պահանջով ինքը հրաժարական տվեց, իսկ այսօր հայտնի ուժերի դերում և հանրային ընկալման մեջ Նիկոլ Փաշինյանը ունի առաջնային մանդատ և դրանից ելնելով՝  առաջարկում է արտահերթ ընտրությունների միջոցով լուծել իշխանությունների խնդիրը, Լևոն Տեր-Պետրոսյանի հայտարարության մեջ ես տեսնում եմ, որ նախագահը միացավ ընդդիմադիր 17 ուժերին»,- ասաց Անդրանիկ Քոչարյանը: Նա նաև նշեց՝ տվյալ ժամանակահատվածում ընդդիմությունը հույսը դրել էր Զինված ուժերի վրա և սպասում էր, որ նրանք հանրային պահանջով հանդես կգան, բայց դա չի եղել: «1998 թվականին ուժային կառույցները պահանջ ներկայացրեցին, որ ըստ էության հենց նախագահի հայտնի  ձևակերպումն է՝ հայտնի ուժերի պահանջով  է հրաժարական տվել 1-ին նախագահը, իսկ  այսօր ԶՈՒ-ի փեշերից կախվել էին բոլորը և ուզում էին հայտնի ուժերի դերում տեսնել ԶՈՒ-ի վերին սպայակազմին, բայց դա չի եղել»,- ասաց նա: ՀՀ ԱԺ պաշտպանության և անվտանգության հարցերի մշտական հանձնաժողովի նախագահը նշեց՝ Տեր-Պետրոսյանը որևէ մեկի հետ չի համագործակցում, բայց արել է քայլ, որը պետք էր ընդդիմությանը: «Լևոն Տեր-Պետրոսյանը միշտ եղել է ինքնուրույն գործող անձ և իր տեսակետները որևէ մեկի հետ կիսելու կամ համագործակցելու գիծ չեմ տեսնում, բայց նա արել է հայտարարություն, որը ցանկալի էր ընդդիմադիր ուժերին»,- նշեց նա: Անդրանիկ Քոչարյանի հավաստմամբ՝ արտահերթ ընտրությունների դեպքում պետք է որևէ կերպ բացառել կեղծիքը, քանի որ գործող իշխանությունը Հայաստանում  վերականգնեց լեգիտիմությունը և որևէ փաստ չկա, որ 2018 թվականի ընտրությունները կեղծվել են:
14:53 - 16 մարտի,2021
Միակ ելքը վարչապետի անհապաղ և ինքնակամ հրաժարականն է . Լևոն Տեր-Պետրոսյան
 |ilur.am|

Միակ ելքը վարչապետի անհապաղ և ինքնակամ հրաժարականն է . Լևոն Տեր-Պետրոսյան |ilur.am|

ilur.am: Լևոն Տեր-Պետրոսյանը հայտարարություն է տարածել երկրի ներքաղաքական իրավիճակի վերաբերյալ, որը ներկայացնում ենք ստորև․ «Վազգեն Մանուկյանն այսօր ներկայացրել է ներքաղաքական ճգնաժամի հանգուցալուծման երեք տարբերակ՝ ա. ռազմական հեղաշրջումը,  բ. Հայրենիքի փրկության շարժման կազմակերպած համաժողովրդական ճնշման շնորհիվ վարչապետի պաշտոնանկությանը հասնելու ճանապարհը և գ. գործող վարչապետի կողմից արտահերթ ընտրության անցկացման անթույատրելիությունը: Նա հաշվի չի առնում, սակայն, հետևյալ հանգամանքները. առաջին տարբերակը բացարձակապես հակասահմանադրական է, ինչը գիտակցելով՝ բանակը, հակառակ իր վրա ընդդիմության գործադրած ճնշումներին՝ մերժեց ամենայն վճռականությամբ: Ինչ վերաբերում է Հայրենիքի փրկության շարժմանը, ապա այն այլևս ժամանակավրեպ է, քանի որ ավելի քան քառամսյա հրապարակային միջոցառումներն ու ներքին սուր տարաձայնությունները ցույց տվեցին, որ այն բացարձակապես չի վայելում լայն զանգվածների աջակցությունը և լիովին սպառված է: Երրորդ տարբերակի հարցում ես լիովին համամիտ եմ Մանուկյանի հետ: Ինչու՞. որովհետև վարչապետն ու նրա հենարանը հանդիսացող քաղաքական ուժը, կրած խայտառակ պարտության համար պատասխանատվությունից խուսափելուց բացի, առաջնորդվում են ոչ թե պետության ամրապնդման և հզորացման մտահոգությամբ, այլ բացառապես իրենց իշխանությունն ամեն գնով պահպանելու անթաքույց մոլուցքով: Համաձայն եմ նաև հանրության մեջ հնչեցվող այն պնդումներին, որ իշխող ուժի կողմից կազմակերպված արտահերթ ընտրությունների անցկացման դեպքում, նրանք չեն խորշելու վարչական ռեսուրսների համատարած օգտագործումից, ինչի հետևանքով բոլոր ընտրատեղամասերը կարող են վերածվել լարվածության օջախների: Համոզված եմ, որ այդ պարագայում մենք ականատես ենք լինելու Հայաստանի պատմության ամենախայտառակ ընտրություններին: Իսկ դա կարող է նշանակել Հայոց պետականության վերջը կամ երկարատև մղձավանջային գոյատևումը: Ուստի թե՛ պետության, թե՛ ժողովրդի, թե՛ նաև անձամբ վարչապետի շահերից բխող միակ ելքն, իմ կարծիքով, վերջինիս անհապաղ և ինքնակամ հրաժարականն է և Ազգային ժողովի կողմից անձեռնմխելիության իրավական երաշխիքների ապահովմամբ, նրա, թեկուզ ժամանակավոր, ապաստանումն արտերկրում: Այդ պարագայում վարչապետի պարտականությունները պետք է դրվեն անկուսակցական փոխվարչապետի վրա, որն իր չեզոքության հանգամանքով ունակ է ապահովելու արդար ընտրությունների անցկացումը»։
20:58 - 15 մարտի,2021
Ոչ այնքան պահի, որքան հեռանկարի խնդիր․ Լևոն Տեր-Պետրոսյան |ilur.am|

Ոչ այնքան պահի, որքան հեռանկարի խնդիր․ Լևոն Տեր-Պետրոսյան |ilur.am|

ilur.am: Լևոն Տեր-Պետրոսյանը հայտարարություն է տարածել, որում ասվում է․ «Եւս մեկ անգամ գնահատելով բանակի զսպվածությունը ընդդիմության կողմից իրեն քաղաքական գործընթացների մեջ ներքաշելու ճնշումների նկատմամբ, ես միաժամանակ ողջունում եմ ՀՀ Զինված ուժերի Գլխավոր շտաբի պետի որոշումը՝ իր պաշտոնանկության խնդիրը իրավական ճանապարհով վիճարկելու հարցում։ Ուզում եմ ընդգծել նաեւ, որ ստեղծված պայթյունավտանգ իրավիճակի բուն եւ միակ պատճառը երկիրը ղեկավարելու իր առաքելության մեջ լիովին ձախողված եւ մեր ժողովրդին ստորացուցիչ պարտության մատնած անձի հիվանդագին կառչածությունն է սեփական աթոռին, ինչը հղի է մեզ վիճակված նորանոր եւ շատ ավելի ցավալի վտանգներով։ Դրանով հանդերձ, արդեն քանիերորդ անգամ հարկադրված եմ կրկնել, որ իշխանափոխության հարցը պետք է լուծվի բացառապես սահմանադրական ճանապարհով, ինչի նախապայմանը իշխանության եւ ընդդիմության միջեւ փոխզիջման անհապաղ կայացումն է։ Դրա հնարավորությունը դեռեւս սպառված չեմ համարում, քանի որ հակառակ իր կոշտ հռետորաբանությանը, ընդդիմությունն առայժմ կարմիր գծերը չի հատել։ Սահմանադրական ճանապարհից շեղվելու պարագայում Հայաստանն այլեւս երբեք նորմալ եւ արժանապատիվ պետություն դառնալու հնարավորություն չի ունենա։ Այնպես որ ներկայիս իրավիճակի հանգուցալուծումը ո՛չ միայն եւ ո՛չ այնքան պահի, որքան հեռանկարի խնդիր է»։
16:51 - 10 մարտի,2021
Ուզում եմ ողջունել զինվորականության պահվածքը՝ որոշ ուժերի՝ նրան հակասահմանադրական գործողությունների մղելու կոչերի նկատմամբ․ Լևոն Տեր-Պետրոսյան |ilur.am|

Ուզում եմ ողջունել զինվորականության պահվածքը՝ որոշ ուժերի՝ նրան հակասահմանադրական գործողությունների մղելու կոչերի նկատմամբ․ Լևոն Տեր-Պետրոսյան |ilur.am|

ilur.am-ում հրապարակվել է Լևոն Տեր-Պետրոսյանի հայտարարությունը , որում ասվում է․ «Ինձ համար լիովին հասկանալի է զինվորականության բարձրագույն հրամկազմի վրդովմունքը և բանակի դիրքորոշումը՝ միջամտելու իր իրավասություններից դուրս գտնվող քաղաքական գործընթացներին, ինչի պատճառը ոչ այլ ինչն էր, եթե ոչ վարչապետի անզգույշ փորձը՝ իր կրած նվաստացուցիչ պարտության մեղքը բանակի վրա բարդելու: Դրանով հանդերձ, ուզում եմ ողջունել զինվորականության զուսպ պահվածքը՝ որոշ ուժերի կողմից նրան հակասահմանադրական գործողությունների մղելու կոչերի և դրդումների նկատմամբ: Նման պահվածքը ես գնահատում եմ, որպես բանակի ղեկավարության պետական մտածողության օրինակելի դրսևորում և երկիրը կործանարար ցնցումներից զերծ պահելու ազնիվ ձգտում, ինչն արժանի է մեր ողջ ժողովրդի անկեղծ երախտագիտությանը: Միաժամանակ չափազանց վտանգավոր և դատապարտելի եմ համարում որոշ քաղաքական գործիչների անպատասխանատու հայտարարությունները՝ ռազմական հեղաշրջումը որպես պետության առողջացման դրական միջոց ներկայացնելու՝ դա հիմնավորելով որոշ երկրներում արձանագրված հաջող օրինակներով (Հարավային Կորեա, Եգիպտոս): Այդպիսի օրինակներ, անշուշտ, կան, բայց տասնապատիկ ավելի շատ են այն դեպքերը, երբ հեղաշրջումները, դառնալով պարբերական, բառիս բուն իմաստով հանգեցրել են պետականության ոչնչացման և ժողովուրդների տևական տառապանքների (Աֆղանստան, Սուդան, Լիբիա, Սոմալի, Հաիթի, Եմեն, Իրաք, Սիրիա, Լիբանան, Դոմինիկյան հանրապետություն, Նիկարագուա և այլն): Ուստի ողջ հայության պարտքն է՝ առաջնորդվել բացառապես այս գիտակցությամբ և անել ամեն ինչ, որպեսզի Հայաստանը չլրացնի հիշյալ պետությունների շարքը»։
16:08 - 08 մարտի,2021
ՌԴ դեսպանն անդրադարձել է Հայաստանի նախագահների հետ հանդիպումներում քննարկված հարցերին


 |armenpress.am|

ՌԴ դեսպանն անդրադարձել է Հայաստանի նախագահների հետ հանդիպումներում քննարկված հարցերին |armenpress.am|

armenpress.am:  Հայաստանում Ռուսաստանի Դաշնության արտակարգ և լիազոր դեսպան Սերգեյ Կոպիրկինի և Հայաստանի նախկին ղեկավարների հետ քննարկումների առանցքում եղել է ռուս-հայկական բարեկամությունը։ Այս մասին դեսպանն ասել է լրագրողների հետ ճեպազրույցում: «Մենք խոսել ենք բոլոր արդիական հարցերի, այդ թվում՝ այն խնդիրների մասին, որոնք առաջացել են 2020 թվականի վերջին ողբերգական իրադարձություններից հետո: Խոսել ենք Ռուսաստանի կողմից իրականացվող խաղաղապահ առաքելության, հումանիտար աջակցության մասին»,- ասել է ՌԴ դեսպանը: Կոպիրկինն ընդգծել է, որ իր համար հետաքրքիր է եղել լսել գնահատականներ Հայաստանի քաղաքականության վերաբերյալ: ՌԴ դեսպանը հունվարի 25-ին հանդիպել էր Հայաստանի առաջին նախագահ Լևոն Տեր-Պետրոսյանի, իսկ փետրվարի 4-ին՝ Հայաստանի երրորդ նախագահ Սերժ Սարգսյանի հետ:
20:10 - 08 փետրվարի,2021