Լին Թրեյսի

2019թ. փետրվարի 19-ից՝ Հայաստանում Միացյալ Նահանգների դեսպանը: Ավագ կադրային դիվանագետ է: Մինչ ՀՀ-ում ԱՄՆ դեսպան նշանակվելը զբաղեցրել է Ռուսաստանի հարցերով ավագ խորհրդականի պաշտոնը՝ Պետքարտուղարության Եվրոպայի եւ Եվրասիայի բյուրոյում: 2014-2017թթ. նա ԱՄՆ փոխդեսպանն էր  Մոսկվայի (Ռուսաստան) դեսպանությունում:

Լ. Թրեյսին զբաղեցրել է մի շարք այլ բարձր պաշտոններ. 2012-2014 թթ. եղել է Կենտրոնական Ասիայի հարցերով պետքարտուղարի փոխտեղակալը՝ Հարավային ու Կենտրոնական Ասիայի բյուրոյում, իսկ 2010-2011 թթ.՝ ԱՄՆ փոխդեսպանը Աշխաբադի (Թուրքմենստան) դեսպանությունում: 2006-2009թթ. նա Փեշավարի (Պակիստան) ԱՄՆ հյուպատոսարանի գլխավոր դիվանագիտական պաշտոնյան էր, ընդ որում, այս պաշտոնում նա արժանացել է պետքարտուղարի կողմից շնորհվող հերոսության պարգեւի:  2004-2006 թթ. նա ղեկավարել է Աստանայում (Ղազախստան) ԱՄՆ դեսպանության ներկայացուցչության գործունեությունը: Լ. Թրեյսին նաեւ ծառայել է Քաբուլի (Աֆղանստան) եւ Բիշկեքի (Ղրղզստան) դեսպանություններում, իսկ 2000-2001 թթ. աշխատել է Պետքարտուղարության Նորանկախ պետությունների հատուկ հանձնակատարի գրասենյակում:

Լ. Թրեյսին բակալավրի կոչում է ստացել Ջորջիայի համալսարանում (Աթենք, Ջորջիա), ապա ուսանել է իրավագիտություն Ակրոնի համալսարանում (Ակրոն, Օհայո): 2017թ. նա արժանացել է Պետքարտուղարության պատվավոր պարգեւի՝ Մոսկվայում ԱՄՆ փոխդեսպանի պաշտոնում իր ակնառու ծառայության համար: Գիտի ռուսերեն:

ԱՄՆ-ն Հայաստանի և Ադրբեջանի հետ քննարկում է տարածաշրջանի ապաշրջափակման հարցում տեխնիկական աջակցություն տրամադրելու հնարավորությունը |azatutyun.am|

ԱՄՆ-ն Հայաստանի և Ադրբեջանի հետ քննարկում է տարածաշրջանի ապաշրջափակման հարցում տեխնիկական աջակցություն տրամադրելու հնարավորությունը |azatutyun.am|

azatutyun.am: ԱՄՆ-ը Հայաստանի և Ադրբեջանի հետ քննարկում է տարածաշրջանի ապաշրջափակման հարցում տեխնիկական աջակցություն տրամադրելու հնարավորությունը: Այս մասին «Ազատություն» ռադիոկայանին տված հարցազրույցում հայտարարել է Հայաստանում ԱՄՆ դեսպան Լին Թրեյսին: Անդրադառնալով ԱՄՆ պետքարտուղար Էնթոնի Բլինքենի՝ Հայաստանի և Ադրբեջանի ղեկավարների հետ հեռախոսազրույցներին և պետքարտուղարի թվիթերյան գրառմանը՝ դեսպան Թրեյսին նկատել է՝ իրենք այլընտրանք չեն տեսնում, քան հետամուտ լինել և աջակցել Հայաստանի ու Ադրբեջանի ջանքերին՝ ուղիղ բանակցելու և փորձելու հասնել հակամարտության խաղաղ կարգավորմանը: «Եվ մենք պատրաստվում ենք կենտրոնացած մնալ դրա վրա: Դիվանագիտական մեծ ներգրավվածություն կա, և ոչ միայն Միացյալ Նահանգներից: Եվրոպական միության մեր գործընկերները ևս ներգրավված են, ինչպես նաև ուրիշներ։ Եվ ես կարծում եմ, որ դա շատ օգտակար է այս թափը պահպանելու համար և հասկանալու, որ դրանք բարդ հարցեր են, և լուծումները հեշտ չեն լինի։ Բայց մենք պետք է համառենք»,- ասել է ամերիկացի դիվանագետը: Ռադիոկայանի հարցին ի պատասխան՝ ի՞նչ օգնություն է առաջարկում Վաշինգտոնը, դեսպանը պարզաբանել է, որ այն, ինչ իրենք քննարկում են Հայաստանի և Ադրբեջանի կառավարությունների հետ, որոշակի տեխնիկական աջակցությունն է, որոշ տեխնիկական գնահատականներ, որոնք կնպաստեն տարածաշրջանում տրանսպորտային կապերի ապաշրջափակմանը: «Մենք շատ ենք կարևորում այդ նպատակը։ Նշեմ, որ մյուս թեման, որին անդրադարձել է պետքարտուղարը, վերաբերում էր Թուրքիայի հետ Հայաստանի հարաբերությունների կարգավորմանը։ Այդ ուղղությունը ևս մենք շատ կարևոր ենք համարում: Մենք ողջունում ենք այն քայլերը, որոնք մինչ այժմ արել են Հայաստանն ու Թուրքիան, և երկու կողմերին էլ կոչ ենք անում առաջընթաց գրանցել»,- ասել է Լին Թրեյսին:
21:03 - 26 հուլիսի, 2022
Ֆինանսների նախարարը ՀՀ-ում ԱՄՆ դեսպանին է ներկայացրել Կառավարության 5-ամյա ծրագրի առաջնահերթությունները

Ֆինանսների նախարարը ՀՀ-ում ԱՄՆ դեսպանին է ներկայացրել Կառավարության 5-ամյա ծրագրի առաջնահերթությունները

ՀՀ ֆինանսների նախարար Տիգրան Խաչատրյանն այսօր՝ հուլիսի 26-ին, ընդունել է Հայաստանում Ամերիկայի Միացյալ Նահանգների արտակարգ եւ լիազոր դեսպան տիկին Լին Թրեյսիի գլխավորած պատվիրակությանը։ Ողջունելով հյուրերին՝ նախարար Խաչատրյանը շնորհակալություն է հայտնել ԱՄՆ կառավարությանը Հայաստանում նախաձեռնված բարեփոխումների իրականացման գործում ցուցաբերած աջակցության համար: Այնուհետեւ նախարարը հյուրերին է ներկայացրել Կառավարության 5-ամյա ծրագրի առաջնահերթությունները եւ Ֆինանսների նախարարության վարած ֆիսկալ քաղաքականության օրակարգը: ԱՄՆ դեսպան Լինն Թրեյսին նախարարին հայտնել է ամերիկյան կողմի պատրաստակամությունը շարունակելու ցուցաբերել աջակցություն ինչպես կարճաժամկետ ծրագրերի, այնպես էլ երկարաժամկետ ռազմավարական բարեփոխումների իրականացման ուղղությամբ: Հանդիպման ընթացքում զրուցակիցները մտքեր են փոխանակել Հայաստանում բարենպաստ ներդրումային միջավայր ստեղծելու հնարավորությունների եւ հայ-ամերիկյան համագործակցության զարգացման հեռանկարի շուրջ:
15:31 - 26 հուլիսի, 2022
Հայաստանն ու ԱՄՆ-ն հետաքրքրված են բարձր տեխնոլոգիաների ոլորտում համագործակցությունն ընդլայնելու հեռանկարով

Հայաստանն ու ԱՄՆ-ն հետաքրքրված են բարձր տեխնոլոգիաների ոլորտում համագործակցությունն ընդլայնելու հեռանկարով

ՀՀ բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարար Ռոբերտ Խաչատրյանը հուլիսի 13-ին ընդունել է Հայաստանի Հանրապետությունում Ամերիկայի Միացյալ Նահանգների արտակարգ և լիազոր դեսպան Լին Թրեյսիին: Այս մասին հայտնում են ՀՀ բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարությունից: Կողմերն անդրադարձել են բարձր տեխնոլոգիաների ոլորտում երկու երկրների միջև առկա համագործակցությանը։ Ռոբերտ Խաչատրյանն ընդգծել է տեխնոլոգիական ոլորտի զարգացման գործընթացներում ԱՄՆ կողմից ցուցաբերված օժանդակությունը, որի շնորհիվ՝ հատկապես ինժեներական ուղղություններով, բազմաթիվ ձեռնարկություններ են հիմնվել Հայաստանում։  Լին Թրեյսին բարձր է գնահատել այն հանգամանքը, որ բարձր տեխնոլոգիական ոլորտի առաջընթացը Հայաստանն առավելապես կապում է գիտելիքի և կրթության հետ՝ առաջ մղելով գիտելիքահեն տնտեսության զարգացման մոդելը։ Հանդիպման ընթացքում քննարկվել են արհեստական բանականության, տեխնոլոգական կրթության, տիեզերական տեխնոլոգիաների, միկրոէլեկտրոնիկայի, թվայնացման, մի շարք այլ ուղղություններով համագործակցության ընդլայնման հնարավորությունները։  Անդրադարձ է կատարվել նաև բարձր տեխնոլոգիական արդյունաբերության զարգացման ոլորտում ԱՄՆ ՄԶԳ և ԱՄՆ-ում հայկական սփյուռքի ունեցած դերակատարությանը, Ինժեներական քաղաք ծրագրին, փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող մի շարք այլ հարցերի:
15:53 - 14 հուլիսի, 2022
Բայդենը Սենատի հաստատմանն է ներկայացրել Հայաստանում ԱՄՆ նոր դեսպանի թեկնածությունը

 |armenpress.am|

Բայդենը Սենատի հաստատմանն է ներկայացրել Հայաստանում ԱՄՆ նոր դեսպանի թեկնածությունը |armenpress.am|

armenpress.am: Միացյալ Նահանգների նախագահ Ջո Բայդենը Հայաստանում նոր դեսպանի պաշտոնում Սենատին է ներկայացրել Ուկրաինայում ԱՄՆ գործերի նախկին հավատարմատար Քրիստինա Քվիենի թեկնածությունը: Այս մասին հայտնում է Սպիտակ տան մամուլի ծառայությունը: Սենատի համապատասխան հանձնաժողովը պետք է լսումների օր նշանակի, որի ժամանակ Քվիենը կպատասխանի օրենսդիրների հարցերին: Դրանից որոշ ժամանակ անց վերին պալատում քվեարկություն տեղի կունենա՝ հաստատելու նրա թեկնածությունը Հայաստանում ԱՄՆ դեսպանի պաշտոնում: Քրիստինա Քվիենը 2019 թվականից Ուկրաինայում ԱՄՆ դեսպանի պաշտոնակատարն էր: 2016 թվականից մինչև 2019 թվականի ապրիլը նա զբաղեցրել է Փարիզում ԱՄՆ-ի փոխդեսպանի պաշտոնակատարի, դեսպանատան տնտեսական հարցերով խորհրդականի պաշտոնները: Դիվանագիտական ծառայության ընթացքում տարբեր պաշտոններ է զբաղեցրել Թայլանդում, Մեծ Բրիտանիայում, Եվրամիությունում, Ռուսաստանում, Ֆիլիպիններում ԱՄՆ դիվանագիտական առաքելություններում: Քվիենը եղել է նաև ԱՄՆ Ազգային անվտանգության խորհրդի ԵՄ, Ուկրաինայի և Բելառուսի հարցերով տնօրեն: Կալիֆորնիայում ծնված դիվանագետն ունի քաղաքագիտության բակալավրի աստիճան և ռազմավարական հետազոտությունների մագիստրոսի աստիճան: Հայաստանում ԱՄՆ դեսպանի պաշտոնը 2019 թ. փետրվարի 19-ից զբաղեցնում է Լին Թրեյսին:
09:54 - 12 հուլիսի, 2022
Մենք գնահատում ենք ձեր ջանքերը ժողովրդավարության ուղղությամբ. ԱՄՆ դեսպանի պատասխանը Թագուհի Թովմասյանին

Մենք գնահատում ենք ձեր ջանքերը ժողովրդավարության ուղղությամբ. ԱՄՆ դեսպանի պատասխանը Թագուհի Թովմասյանին

Քաղաքական խմբակցություններից ակնկալում ենք աշխատել խորհրդարանում իրենց հասանելի ժողովրդավարական գործընթացների շրջանակներում: Այս մասին ասվում է ԱԺ մարդու իրավունքների պաշտպանության և հանրային հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ, անկուսակցական Թագուհի Թովմասյանի հրատապ նամակին ի արձագանք ՀՀ-ում ԱՄՆ դեսպան Լին Թրեյսիի պատասխանում: «ԱԺ նախագահի տեղակալի պաշտոնից Իշխան Սաղաթելյանին հետ կանչելու, Վահե Հակոբյանի՝ որպես ԱԺ տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովի նախագահի լիազորությունները դադարեցնելու վերաբերյալ իշխող խմբակցության կողմից ներկայացված՝ Ազգային ժողովի որոշման նախագծերի շրջանառումից հետո հրատապ կերպով գրություններ էի պատրաստել և ուղարկել միջազգային կառույցներին, ՀՀ-ում հավատարմագրված դեսպաններին։ Գրություններով իմ գործընկերների հրատապ ուշադրությունն էի հրավիրել նշված նախագծերին և նշել, որ, ինչպես դրանց հիմնավորումներից է պարզ դառնում, իշխող խմբակցությունը նման նախաձեռնություններով է հանդես գալիս ընդդիմադիր պատգամավորների կողմից խորհրդարանական աշխատանքի բոյկոտի (քվեարկություններին չմասնակցելու, ԱԺ խորհրդի, մշտական հանձնաժողովի նիստերից բացակայությունների), ցույցերի, երթերի ժամանակ արտահայտած կարծիքների պատճառով։ Բոյկոտի առնչությամբ նշել էի, որ համաձայն Եվրոպական դատարանի դիրքորոշման` բոյկոտը հակառակ կարծիք արտահայտելու ձև է և պաշտպանված է Կոնվենցիայի 10-րդ հոդվածով, և որ հատկապես խորհրդարանական բոյկոտը լայն տարածում ունի բոլոր ժողովրդավարական պետություններում: Ինչ վերաբերում է ցույցերի, երթերի ընթացքում ընդդիմադիրների արտահայտած կարծիքներին և հնչեցրած կոչերին, ապա այս դեպքում նույնպես դրանք պաշտպանված են Մարդու իրավունքների և հիմնարար ազատությունների պաշտպանության եվրոպական կոնվենցիայի 10-րդ հոդվածով (արտահայտվելու ազատություն): Եթե իշխանական պատգամավորների կարծիքով դրանք պարունակում են քրեական օրենքի խախտումներ, ապա դրանց պետք է տրվի քրեաիրավական գնահատական, իսկ եթե ոչ, դրանք հատկապես պատգամավորների համար ամբողջովին պաշտպանված են արտահայտվելու ազատությանը վերաբերող ներպետական և միջազգային նորմերով և, հետևաբար, դրանց համար նույնպես պատգամավորը չի կարող պատժվել: Այս հարցում գործընկերներիս խնդրել էի հրապարակային խոսքով հանդես գալ իշխանական խմբակցության այս վարքագծի վերաբերյալ, որը դեմ է ժողովրդավարական սկզբունքներին։ ՀՀ-ում ԱՄՆ դեսպան Լին Թրեյսին ի պատասխան հայտնում է. «Միացյալ Նահանգները հակված է Հայաստանի հետ գործընկերությանը՝ ամրապնդելու ժողովրդավարական ինստիտուտները, որոնք արտացոլում են մեր ընդհանուր արժեքները։ Մենք քաղաքական խմբակցություններից ակնկալում ենք աշխատել խորհրդարանում իրենց հասանելի ժողովրդավարական գործընթացների շրջանակներում, ինչպես հաստատված է Հայաստանի օրենսդրությամբ։ Մենք Հայաստանի համապատասխան մարմիններին ենք թողնում ընդդիմադիրներին իրենց պաշտոններից հեռացնելու՝ խորհրդարանում հուլիսի 1-ին ընդունված որոշումների օրինականությունը։ Մենք նաև շեշտում ենք, որ կառուցողական ընդդիմությունը կարևոր դեր է խաղում յուրաքանչյուր ժողովրդավարությունում։ Միացյալ Նահանգները հակված է աջակցել հայ ժողովրդին, քանզի նրանք շարունակում են հետապնդել ժողովրդավարական օրակարգ․ Ես գնահատում եմ Ձեր կառուցողական ջանքերն այս ուղղությամբ»,- ասվում է Թրեյսիի պատասխանում»։
12:52 - 09 հուլիսի, 2022
ՀՀ փոխվարչապետը մասնակցել է ԱՄՆ անկախության տարեդարձին նվիրված տոնակատարությանը

ՀՀ փոխվարչապետը մասնակցել է ԱՄՆ անկախության տարեդարձին նվիրված տոնակատարությանը

Հայաստանի Հանրապետության փոխվարչապետ Համբարձում Մաթևոսյանը հունիսի 30-ին Հայաստանում ԱՄՆ դեսպանատանը մասնակցել է ԱՄՆ անկախության 246-րդ տարեդարձին նվիրված տոնակատարությանը։ Այս մասին հայտնում են փոխվարչապետի գրասենյակից։ Դեսպանատան ծովահետևակայինների կողմից անցկացվող դրոշի հանդիսավոր արարողությունից հետո հնչել են Հայաստանի և ԱՄՆ-ի ազգային օրհներգերը՝ «Հովեր» պետական կամերային երգչախմբի կատարմամբ։ Հայաստանում ԱՄՆ արտակարգ և լիազոր դեսպան Լին Թրեյսիի ողջույնի և շնորհավորանքի խոսքին հաջորդել է փոխվարչապետ Համբարձում Մաթևոսյանի ելույթը, որում, մասնավորապես, նշել է․ «Ազգային ժողովի մեծարգո՛ նախագահ, Ձերդ գերազանցություն տիկի՛ն դեսպան, Օրենսդիր, դատական և գործադիր իշխանությունների հարգելի գործընկերներ, Տիկնա՛յք և պարոնա՛յք, Հայաստանի Հանրապետության կառավարության անունից ջերմորեն շնորհավորում և բարեմաղթանքներս եմ հղում Ամերիկայի Միացյալ Նահանգների անկախության 246-րդ տարեդարձի կապակցությամբ: Օգտվելով առիթից՝ թույլ տվեք նաև շնորհավորել հայ և ամերիկացի ժողովուրդներին՝ դիվանագիտական հարաբերությունների հաստատման 30-ամյակի կապակցությամբ։ Հայաստանի անկախությունից ի վեր ԱՄՆ կառավարությունը շարունակական աջակցություն է ցուցաբերել մեր երկրին՝ մշտապես հավատարիմ լինելով հայ ժողովրդի առավել բարեկեցիկ, տնտեսապես ավելի կայուն, կոռուպցիայից զուրկ, օրենքի գերակայության վրա հիմնված ժողովրդավարական երկրում ապրելու ձգտմանը, ինչի համար իմ անկեղծ երախտագիտությունն եմ հայտնում ԱՄՆ կառավարությանը։ Մեր երկու երկրների միջև սերտ համագործակցության մասին է վկայում այն, որ թավշյա հեղափոխությունից հետո հայ-ամերիկյան հարաբերությունների մակարդակը որակապես նոր փուլ մտավ, և երկկողմ միջկառավարական խորհրդակցությունները տնտեսական շրջանակներից վերաճեցին ռազմավարական երկխոսության։ Ես ուրախ եմ, որ այսօր ունենք հագեցած օրակարգ, որն արդեն ընդգրկում է բազմաթիվ ոլորտներ՝ սկսած իրավական բարեփոխումներից և կոռուպցիայի կանխարգելումից մինչև էներգետիկա և տեղեկատվական տեխնոլոգիաներ։ Գոհունակությամբ պետք է նշեմ, որ 2022 թվականի գարնանը վերսկսվեցին Հայ-ամերիկյան ռազմավարական երկխոսության ամենամյա նիստերը և մայիսի 2-ին Հայաստանի Արտաքին գործերի նախարարի և ԱՄՆ պետքարտուղարի կողմից Վաշինգտոնում տրվեց ամփոփիչ նիստի մեկնարկը։ 2022 թվականի ռազմավարական երկխոսության ձեռքբերումներից պետք է համարել «Քաղաքացիական միջուկային համագործակցության վերաբերյալ» փոխըմբռնման հուշագիրը, որը ստորագրեցին երկու երկրների արտաքին գերատեսչությունների ղեկավարները։ Այս ոլորտում համագործակցության խորացումը, վստահ եմ, նոր հնարավորություններ կբացի Հայաստանի առջև։ Ձերդ գերազանցություն տիկի՛ն դեսպան, Հայաստանի Հանրապետությունը բարձր է գնահատում Ամերիկայի Միացյալ Նահանգների ջանքերն՝ ուղղված ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահության շրջանակներում Լեռնային Ղարաբաղի հակամարտության խաղաղ կարգավորման հարցում: Հուսանք, որ այս ջանքերը կլինեն շարունակական, և կհասնենք տարածաշրջանում խաղաղություն հաստատելու մեր նպատակին՝ չանտեսելով այսօր Արցախում ապրող մեր հայրենակիցների իրավունքները: Խորին երախտագիտությունս եմ հայտնում նաև Հայոց ցեղասպանության վերաբերյալ ԱՄՆ վարչակազմի դիրքորոշման համար։ Նախագահ Ջո Բայդենի կողմից Հայոց ցեղասպանության ճանաչումը անփոխարինելի քայլ էր ողջ աշխարհում հայ ժողովրդի կողմից մղվող դարավոր պայքարի արդարացիության և ցեղասպանությունը ժխտողներին կոշտ պատասխան տալու համար: Այս տարվա ապրիլի 24-ին դիրքորոշման վերահաստատումը ցույց է տալիս, որ Միացյալ Նահանգները շարունակում է հավատարիմ մնալ մարդու իրավունքների և համամարդկային արժեքների գերակայությանը:  Ուզում եմ անդրադառնալ նաև այսօր հայկական խոշորագույն համայնքներից մեկին՝ ամերիկահայությանը, ազգությամբ հայ ԱՄՆ քաղաքացիներին, որոնք, լինելով տարբեր մասնագիտությունների տեր մարդիկ, իրենց ծառայությունն են մատուցում ԱՄՆ-ին: Նրանք նաև երրորդ հանրապետության հիմնադրման առաջին օրվանից և արդեն 3 տասնամյակից ավելի կանգնած են Հայաստանի կողքին՝ իրենց անմիջական աջակցությունը ցուցաբերելով երկրի տարբեր ոլորտների զարգացմանը: Հայ համայնքը յուրօրինակ կամուրջ է, որ կապում է երկու երկրները, նպաստում հարաբերությունների ամրապնդմանը և ընդհանուր արժեքների վրա խարսխված գործընկերության մակարդակի բարձրացմանը: Ձերդ գերազանցություն տիկին դեսպան, Տիկնայք և պարոնայք, Թույլ տվեք Հայաստանի Հանրապետության կառավարության անունից ևս մեկ անգամ շնորհավորել Ձեզ և Ամերիկայի ժողովրդին՝ Ամերիկայի Միացյալ Նահանգների Անկախության 246-րդ տարեդարձի կապակցությամբ։ Կեցցե հայ-ամերիկյան բարեկամությունը: Շնորհավո՛ր Անկախության օրը»։
10:35 - 01 հուլիսի, 2022
Վահագն Խաչատուրյանը ԱՄՆ Անկախության օրվան ընդառաջ այցելել է Հայաստանում ԱՄՆ դեսպանի կեցավայր

Վահագն Խաչատուրյանը ԱՄՆ Անկախության օրվան ընդառաջ այցելել է Հայաստանում ԱՄՆ դեսպանի կեցավայր

Հայաստանի նախագահ Վահագն Խաչատուրյանն Ամերիկայի Միացյալ Նահանգների Անկախության օրվան ընդառաջ այսօր այցելել է Հայաստանի Հանրապետությունում Միացյալ Նահանգների արտակարգ և լիազոր դեսպան Լին Թրեյսիի կեցավայր: Նախագահ Վահագն Խաչատուրյանը շնորհավորել է դեսպան Թրեյսիին, դեսպանության անձնակազմին, Միացյալ Նահանգների ողջ ժողովրդին ազգային տոնի առթիվ և մաղթել հաջողություններ: Նախագահը բարձր է գնահատել Հայաստանի անկախությունից ի վեր մեր երկրի զարգացման, ժողովրդավարական գործընթացներում առաջընթաց գրանցելու գործում Միացյալ Նահանգների աջակցությունը: Նախագահ Խաչատուրյանն իր ջերմ հիշողություններով է կիսվել Հայաստանում ԱՄՆ առաջին դեսպան Հարի Գիլմորի մասին, որի հետ ծանոթացել է տարիներ առաջ, երբ Երևանի քաղաքապետի պաշտոնն է զբաղեցրել: Նա նշել է, որ երբեք չի մոռացվի այն, ինչ Հարի Գիլմորն է արել Հայաստանի համար այդ դժվարին օրերին: Զրուցակիցները մտքեր են փոխանակել հայ-ամերիկյան հարաբերությունների ներկա օրակարգի և երկկողմ գործակցության զարգացման հեռանկարների շուրջ:
14:36 - 29 հունիսի, 2022
Բայդենը ՀՀ-ում ԱՄՆ դեսպանի պաշտոնում մտադիր է առաջադրել Ուկրաինայում ԱՄՆ-ի դեսպանի նախկին պաշտոնակատարին
 |amerikayidzayn.com|

Բայդենը ՀՀ-ում ԱՄՆ դեսպանի պաշտոնում մտադիր է առաջադրել Ուկրաինայում ԱՄՆ-ի դեսպանի նախկին պաշտոնակատարին |amerikayidzayn.com|

amerikayidzayn.com: Ինչպես տեղեկացնում է Սպիտակ տունը, ԱՄՆ նախագահ Ջո Բայդենը հայտնել է ՀՀ-ում ԱՄՆ դեսպանի պաշտոնին Ուկրաինայում ԱՄՆ-ի դեսպանի նախկին պաշտոնակատար Քրիստինա Քվիենի (Kristina Kvien) թեկնածության առաջադրման մտադրության մասին: Ծնունդով Կալիֆոռնիայից Քրիստինա Քվիենն արհեստավարժ դիվանագետ է: Նա Ուկրաինա է ժամանել 2019 թվականի մայիսին և ստանձնել դեսպանի ժամանակավոր պաշտոնակատարի պաշտոնը Ջոզեֆ Փենինգտոնի հեռանալուց հետո: Երկրորդ անգամ Ուկրաինայում ԱՄՆ փոխդեսպան Քրիստինա Քվիենը դեսպանի գործառույթները որպես պաշտոնակատար ստանձնել է 2020 թ. հունվարից մինչև մայիսի վերջ: Դրանից առաջ 2016 թվականից մինչև 2019 թվականի ապրիլ նա զբաղեցրել է Փարիզում ԱՄՆ-ի փոխդեսպանի պաշտոնակատարի, դեսպանատան Տնտեսական հարցերով խորհրդականի պաշտոնները: Բացի այդ, իր դիվանագիտական գործունեության ընթացքում Քրիստինա Քվիենը տարբեր պաշտոններ է զբաղեցրել Թայլանդի, Մեծ Բրիտանիայի, Ռուսաստանի, ԵՄ-ի, Ֆիլիպինների ամերիկյան դիվանագիտական առաքելություններում:Վաշինգտոնում ԱՄՆ-ի պետքարտուղարությունում նա աշխատել է Եվրամիության խնդիրների և Սլովենիայի հետ երկկողմ հարաբերությունների ոլորտներում: Ավելի վաղ իր կարիերայի ընթացքում Քվիենը Վաշինգտոնում Ազգային անվտանգության խորհրդում հանդիսացել է ԵՄ, Ուկրաինայի և Բելառուսի հարցերով տնօրեն: Քրիստինա Քվիենը քաղաքագիտության բակալավրի աստիճան է ստացել Օքսիդենտալ (Occidental) քոլեջից, իսկ ռազմավարական հետազոտությունների մագիստրոսի աստիճանը՝ ԱՄՆ-ի բանակի և պատերազմի քոլեջից (U.S. Army War College): Հետևե՛ք մեզ նաև Telegram-ում
10:11 - 23 հունիսի, 2022
ՀՀ արդարադատության նախարարը և ԱՄՆ պետքարտուղարի փոխտեղակալը քննարկել են մարդու իրավունքների պաշտպանության հարցեր

ՀՀ արդարադատության նախարարը և ԱՄՆ պետքարտուղարի փոխտեղակալը քննարկել են մարդու իրավունքների պաշտպանության հարցեր

 Արդարադատության նախարար Կարեն Անդրեասյանն ընդունել է ԱՄՆ պետքարտուղարի փոխտեղակալ Կարա ՄքԴոնալդին, Հայաստանում ԱՄՆ դեսպան Լին Թրեյսիին և Հայաստանում ԱՄՆ դեսպանության թմրամիջոցների դեմ պայքարի և իրավապահ համագործակցության ծրագրի տնօրեն Ալեքսիս Հաֆտվանիին: Այս մասին հայտնում են ՀՀ արդարադատության նախարարությունից։ Նախարարը գոհունակություն է հայտնել ԱՄՆ-ի աջակցությամբ իրականացվող ծրագրերի արդյունավետության, արձանագրած արդյունքների և հայ-ամերիկյան համագործակցության բարձր մակարդակի վերաբերյալ: «ԱՄՆ պետքարտուղարի փոխտեղակալ Կարա ՄքԴոնալդն իր հերթին պատրաստակամություն է հայտնել նոր ներդրումային ծրագրերով աջակցել Հայաստանի կառավարությանը պետական ծրագրերի իրագործման հարցում: Հատկապես կարևորվել է մեդիա դաշտի հիմնախնդիրները: ԱՄՆ ներկայացուցիչներն իրենց աջակցությունն են հայտնել Հայաստանում բարեկիրթ մեդիա հարթակ ունենալուն, որտեղ ատելության խոսքը, բռնության քարոզը և վիրավորանքը տեղ չեն ունենա, սակայն միևնույն ժամանակ չի տուժի քաղաքացիների խոսքի ազատության իրավունքը: ԱՄՆ գործընկերներն համատեղ աշխատանքի արդյունքում ձեռքբերումներից լավագույնն են համարել Հայաստանում ժողովրդավարության առկա բարձր մակարդակը: Հանդիպման ընթացքում քննարկվել են մարդու իրավունքների պաշտպանությանն ուղղված հարցեր՝ մատնանշվել են այդ ուղղությամբ կատարված աշխատանքները, ձեռքբերումները և այն բացերը որոնց օրենսդրական կարգավորման ուղղությամբ դեռ անհրաշետ է աշխատանքներ տանել»,- ասվում է հաղորդագրության մեջ: հանդիպման առանցքում են եղել նաև դատաիրավական համակարգի բարեփոխումները: Նախարարը ներկայացրել է դատավորների ընտրության, բարեվարքության ստուգման հարցում ունեցած ձեռքբերումները  և նշել, որ գրանցած արդյունքներով չպետք է բավարարվել և  պետք է անել հնարավորը, որպեսզի Հայաստանն ունենա իրապես բարեվարք և լիովին ապակոռումպացված դատական համակարգ: Նախարար Անդրեասյանը ներկայացրել է նաև ոստիկանության համակարգում տեղի ունեցող բարեփոխումները, մասնավորապես՝ նոր Ներքին գործերի նախարարության ձևավորման ուղղությամբ կատարված աշխատանքները, որտեղ մեծ դերակատարում ունի նաև ամերիկյան կողմը: Նշվում է, որ անդրադարձ է կատարվել նաև Հայաստանում սահմանադրական բարեփոխումների ընթացքին, որի վերջնարդյունքում միայն հնարավոր կլինի հասնել թիրախային խնդիրների համապարփակ լուծմանը: Հանդիպման ավարտին բարձր գնահատելով գրանցած արդյունքները՝ Արդարադատության նախարարության և ԱՄՆ ներկայացուցիչների միջև վերահաստատվել է վճռական կամքը՝ համատեղ ծրագրերի իրագործման և նոր ծրագրերի ուղենշման հարցում:
20:34 - 09 հունիսի, 2022
Հայ-ամերիկյան հարաբերությունների օրակարգի շուրջ քննարկում են ունեցել ՀՀ վարչապետն ու ԱՄՆ-ի դեսպանը

Հայ-ամերիկյան հարաբերությունների օրակարգի շուրջ քննարկում են ունեցել ՀՀ վարչապետն ու ԱՄՆ-ի դեսպանը

Վարչապետ Նիկոլ Փաշինյանն ընդունել է Հայաստանի Հանրապետությունում Ամերիկայի Միացյալ Նահանգների արտակարգ և լիազոր դեսպան Լին Թրեյսիին: Վարչապետն ընդգծել է հայ-ամերիկյան համագործակցության, ռազմավարական երկխոսության ակտիվացումը և կարևորել ԱՄՆ-ի՝ որպես ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահող երկրի հստակ դիրքորոշումը Լեռնային Ղարաբաղի հիմնախնդրի կարգավորման հարցում, որը նպաստում է տարածաշրջանային կայունությանը: Նիկոլ Փաշինյանը նշել է, որ ՀՀ կառավարությունն առաջնորդվում է խաղաղության հաստատման օրակարգով և բարձր է գնահատում միջազգային գործընկերների, այդ թվում՝ Միացյալ Նահանգների շարունակական օժանդակությունն այդ գործընթացին: Լին Թրեյսին շնորհակալություն է հայտնել վարչապետին գնահատականի համար և վերահաստատել ԱՄՆ պատրաստակամությունը՝ շարունակելու աջակցությունը մեր երկրի ժողովրդավարական բարեփոխումներին, ԼՂ հիմնախնդրի կարգավորմանը, տարածաշրջանային կայունության հաստատմանը: Այս համատեքստում Լին Թրեյսին հիշատակել է օրեր առաջ ՀՀ վարչապետի՝ ԱՄՆ պետքարտուղար Էնթոնի Բլինքենի հետ ունեցած հեռախոսազրույցը, ինչպես նաև ամերիկյան կողմի գոհունակությունը հայտնել երկկողմ հարաբերությունների ակտիվացման գործում ԱՄՆ-ում ՀՀ դեսպան Լիլիթ Մակունցի ջանքերի կապակցությամբ: Զրուցակիցները մտքեր են փոխանակել հայ-ամերիկյան հարաբերությունների օրակարգի շուրջ:
13:36 - 26 մայիսի, 2022
ԱՄՆ դեսպանը մտահոգություն է հայտնել ցուցարարների նկատմամբ իրավապահների կողմից ուժի կիրառման առթիվ
 |azatutyun.am|

ԱՄՆ դեսպանը մտահոգություն է հայտնել ցուցարարների նկատմամբ իրավապահների կողմից ուժի կիրառման առթիվ |azatutyun.am|

azatutyun.am: Հայաստանում ԱՄՆ դեսպան Լին Թրեյսին այսօր անդրադարձել է ընդդիմության անհնազանդության ակցիաների ընթացքում ոստիկանների մասնակցությամբ տեղի ունեցած միջադեպերին։ «Ժողովրդավարության հայկական ֆորումի» ընթացքում դեսպանը մտահոգություն է հայտնել, որ իրավապահներն ուժ են կիրառում բողոքի ակցիայի մասնակցիների նկատմամբ։ «Տեսնելով, թե ինչ է տեղի ունենում ցուցարարների հետ, ակնհայտ է, որ այստեղ կան մտահոգություններ: Այն, ինչ մենք տեսնում ենք ռեպորտաժներում, տեսանյութերում, անհամաչափ ուժի կիրառում է։ Այս դեպքերը պետք է հետաքննվեն, այս ոլորտում պետք է պատասխանատվություն լինի։ Եվ մենք ազդակներ տեսել ենք, որ կառավարությունը ցանկանում է հետաքննել այս դեպքերը», - ասել է ՀՀ-ում ԱՄՆ դեսպանը։ Լին Թրեյսին նաև խոսել է ցույցերի ընթացքում լրագրողների աշխատանքը հարգելու, նրանց նկատմամբ ոտնձգությունները բացառելու անհրաժեշտության մասին, անդրադարձել ցուցարարներին ևս. «Ցուցարարները ևս ունեն պատասխանատվություն խաղաղ իրականացնելու ակցիաները՝ քաոս, խառնաշփոթ չստեղծելու, մյուսների իրավունքները չոտնահարելու հարցում»։ Արդեն կես ամսից ավելի փողոցային պայքար սկսած ընդդիմությունն արևմտյան երկրներին, այդ թվում` Միացյալ Նահանգներին, մեղադրում էր Հայաստանում տեղի ունեցող իրադարձությունները չդատապարտելու ու երկակի ստանդարտներ կիրառելու համար:
14:51 - 20 մայիսի, 2022
Միացյալ Նահանգները լավ գործընկեր է ձեռք բերել՝ ի դեմս Հայաստանի կառավարության

 |armenpress.am|

Միացյալ Նահանգները լավ գործընկեր է ձեռք բերել՝ ի դեմս Հայաստանի կառավարության |armenpress.am|

armenpress.am: Հայաստանի և Ամերիկայի Միացյալ Նահանգների կառավարություններն աշխատում են տարբեր ոլորտներում, որոնք միտված են ժողովրդավարության խթանմանը, ժողովրդավարական հաստատությունների կառուցմանը, կոռուպցիայի դեմ պայքարին, տնտեսության զարգացմանը: Ժողովրդավարության հայկական ֆորումի ընթացքում ունեցած ելույթում այս մասին ասաց ՀՀ-ում ԱՄՆ դեսպան Լին Թրեյսին:  «Միացյալ Նահանգները  լավ գործընկեր է ձեռք բերել՝ ի դեմս Հայաստանի կառավարության: Մենք աշխատում ենք տարբեր ոլորտներում, որոնք միտված են ժողովրդավարության խթանմանը, ժողովրդավարական հաստատությունների կառուցմանը, կոռուպցիայի դեմ պայքարին, տնտեսության զարգացմանը: Եվ մի բան, որ ամենակարևորն է, կարծում եմ, դա մարդկային կապիտալում ներդրումներն են: Դրանք բացարձակ մեծ անհրաժեշտություն ունեն: Եթե մարդկային կապիտալում ներդրում չես անում, չես կարող հաջողության հասնել այլ ոլորտներում»,- ասաց դեսպանը: Անդրադառնալով ՀՀ վարչապետի այն  մտքին, որ քաղաքացիներին պետք է պատրաստել ժողովրդավարությանը մասնակից լինելուն՝ դեսպանը կարծիք հայտնեց, որ դա կարևոր գործոն է, որպեսզի ժողովրդավարությունը զարգացում ապրի:
14:34 - 20 մայիսի, 2022
Հայ դատի հանձնախումբը Բայդենին կոչ է անում հետ կանչել Հայաստանում ԱՄՆ դեսպանին |civilnet.am|

Հայ դատի հանձնախումբը Բայդենին կոչ է անում հետ կանչել Հայաստանում ԱՄՆ դեսպանին |civilnet.am|

civilnet.am: Ամերիկայի Հայ դատի հանձնախումբը (ANCA) ԱՄՆ նախագահ Ջո Բայդենին կոչ է անում հետ կանչել Հայաստանում Միացյալ Նահանգների դեսպան Լին Թրեյսիին։ Հանձնախումբը նշում է, որ դիվանագիտական պաշտոնում ավելի քան երեք տարի գտնվելու ընթացքում Լին Թրեյսին «վատ ցուցանիշներ է գրանցել, որոնց թվում են՝ ԱՄՆ-ի կողմից արցախցի փախստականներին շոշափելի օգնության բացակայությունը, հայաստանյան քաղաքական ուժերի նկատմամբ ֆավորիտիզմը, Հայաստանի անվտանգության և տարածաշրջանային դիրքերի հետագա բարդացումը, ինչպես նաև Ադրբեջանի կողմից հայ ռազմագերիների ապօրինի ձերբակալությանը, դաժան վերաբերմունքին և սպանությանը ողջամտորեն արձագանքելու անկարողությունը»։ «Հայ դատը ցանկանում է, որ Հայաստանում ԱՄՆ յուրաքանչյուր դեսպան հաջողի»,- ասել է Ամերիկայի Հայ դատի հանձնախմբի նախագահ Րաֆֆի Համբարյանը: Նրա խոսքով՝ Լին Թրեյսին լռել է ոչ միայն 44-օրյա պատերազմի ընթացքում, այլև դրանից հետո, մասնավորապես, տեղահանված արցախահայերի խնդիրների և Հայաստանի ինքնիշխան տարածքի նկատմամբ Ադրբեջանի շարունակական ոտնձգությունների հարցերում։ «ԱՄՆ-ի դիվանագիտական ծառայության աշխատակիցները, ինչպիսիք են դեսպան Թրեյսին, սովորաբար ծառայում են մոտավորապես երեք տարի: Քանի որ նրա Հայաստանում գտնվելն արդեն գերազանցել է այդ ժամանակահատվածը, կոչ ենք անում Բայդենի վարչակազմին ամուր հիմքի վրա վերականգնել հայ-ամերիկյան հարաբերությունները՝ նշանակելով նոր դեսպան Երևանում: ANCA-ն ակնկալում է սերտ համագործակցություն ԱՄՆ Սենատի միջազգային հարաբերությունների կոմիտեի հետ՝ ապահովելու համար ԱՄՆ-ի արժեքներին հավատարիմ, արհեստավարժ թեկնածուի հաստատումը»,- ասված է Հանձնախմբի հայտարարությունում։
12:10 - 19 մայիսի, 2022