ԿԳՄՍՆ

ՀՀ կրթության, գիտության, մշակույթի եւ սպորտի նախարարությունը գործադիր իշխանության հանրապետական մարմին է, որը մշակում եւ իրականացնում է կրթության, գիտության, մշակույթի եւ սպորտի բնագավառներում ՀՀ կառավարության քաղաքականությունը:

Նախարարն է Վահրամ Դումանյանը։ 

Երկարաձգվել է արտադպրոցական հաստատությունների մանկավարժական աշխատողների կամավոր ատեստավորման հայտերի ընդունման ժամկետը

Երկարաձգվել է արտադպրոցական հաստատությունների մանկավարժական աշխատողների կամավոր ատեստավորման հայտերի ընդունման ժամկետը

ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությունը երկարաձգել է արտադպրոցական ուսումնական հաստատությունների մանկավարժական աշխատողների կամավոր ատեստավորման հայտերի ընդունելության ժամկետը մինչև 2024 թվականի ապրիլի 12-ը ներառյալ: Գործընթացը կիրականացվի՝ համաձայն ՀՀ կառավարության 2023 թվականի մարտի 2-ի «Պետական կամ համայնքային կազմակերպությունների արտադպրոցական ծրագրեր իրականացնող մանկավարժական աշխատողների կամավոր ատեստավորման և Հայաստանի Հանրապետության պետական բյուջեից լրավճարի տրամադրման կարգը սահմանելու մասին» N 269-Ն որոշման: Վերոնշյալ որոշման հավելվածով սահմանված կարգին համապատասխան՝ 2024 թվականից սկսած՝ ատեստավորմանը կարող են մասնակցել նաև պետական և համայնքային մանկապատանեկան ստեղծագործական և գեղագիտական կենտրոններում, մշակույթի տներում դասավանդող մանկավարժական աշխատողները։ Ատեստավորումն ըստ ուղղությունների իրականացվում է թեստավորման եղանակով: Անկախ դասավանդած ուղղությունների քանակից՝ մանկավարժական աշխատողը տվյալ տարում կարող է ատեստավորման հայտ ներկայացնել միայն մեկ ուղղությամբ՝ իր ընտրությամբ։ Ատեստավորմանը մասնակցելու համար մանկավարժական աշխատողները հայտերը ներկայացնում են Կրթության կառավարման տեղեկատվական համակարգի էլեկտրոնային մատյանում` at.emis.am, մինչև ապրիլի 7-ը՝ ժամը 18:00-ը, և ստանում հաղորդագրություն՝ հայտն ընդունված լինելու վերաբերյալ: Հայտարարությամբ նշված ժամկետի ավարտից հետո ներկայացված հայտերը չեն քննարկվում և վերադարձվում են հայտ ներկայացրած մանկավարժական աշխատողին՝ նշելով պատճառը: Ատեստավորման հայտ ներկայացնելիս պահանջվում են հետևյալ փաստաթղթերն ու տեղեկատվությունը՝ մանկավարժական աշխատողի անունը, ազգանունը, հայրանունը. ուսումնական հաստատության անվանումը, գտնվելու վայրը (մարզ, տարածաշրջան). դասավանդվող ուղղությունը, որից պատրաստվում է ատեստավորվել՝ նշելով դրույքաչափը. այլ արտադպրոցական ուսումնական հաստատությունում համատեղությամբ աշխատելու դեպքում՝ տեղեկանք աշխատանքի վայրից. հանրային ծառայությունների համարանիշը. մանկավարժական աշխատողի էլեկտրոնային հասցեն, բջջային հեռախոսահամարը. մարզադպրոցներում դասավանդող մանկավարժական աշխատողները ներկայացնում են նաև բարձրագույն կրթությունը հավաստող դիպլոմի պատճենը, արվեստի և երաժշտական դպրոցներում դասավանդող մանկավարժական աշխատողները՝ բարձրագույն կամ միջին մասնագիտական կրթությունը հավաստող դիպլոմի պատճենը, իսկ մանկապատանեկան ստեղծագործական և գեղագիտական կենտրոններում, մշակույթի տներում դասավանդող մանկավարժական աշխատողները՝ բարձրագույն կամ միջին մասնագիտական կրթությունը հավաստող կամ վերջին 5 տարում ատեստավորվող ուղղության դասավանդումը հավաստող տեղեկանքը։ Որևէ արտադպրոցական ուսումնական հաստատությունում չաշխատող և մանկավարժական աշխատողի պահանջները բավարարող անձը ատեստավորմանը մասնակցելու համար ներկայացնում է հետևյալ տեղեկատվությունը՝ անունը, ազգանունը, հայրանունը. կրթությունը հավաստող փաստաթուղթը (բարձրագույն կամ միջին մասնագիտական կրթության դիպլոմ, միջնակարգ կրթության ատեստատ). աշխատանքային ստաժի վերաբերյալ տեղեկանք. բնակության վայրը (մարզը, համայնքը). ուղղությունը, որից պատրաստվում է ատեստավորվել. հանրային ծառայությունների համարանիշը. էլեկտրոնային հասցեն, հեռախոսահամարը։ Մինչև երեք տարեկան երեխայի խնամքի համար արձակուրդում գտնվող մանկավարժական աշխատողը կարող է մասնակցել ատեստավորմանը և սահմանված արդյունք ցուցաբերելու դեպքում օգտվել լրավճարի տրամադրման իրավունքից՝ արձակուրդից վերադառնալուց հետո։ Լրավճարի տրամադրման հնգամյա ժամկետը հաշվարկվում է ատեստավորման օրվանից սկսած։ Ատեստավորման անցկացումը նախատեսվում է 2024 թվականի մայիսի 4-ին և 5-ին։ Ատեստավորման անցկացման վերջնական ժամանակացույցը կհրապարակվի հայտերն ամփոփվելուց հետո։ Հայտերի լրացման մանրամասների վերաբերյալ հղումն այստեղ՝ չաշխատող անձի համար - https://support.emis.am/article/910, մանկավարժական աշխատողների համար - https://support.emis.am/article/909։ Տեխնիկական հարցերի դեպքում զանգահարել Կրթական տեխնոլոգիաների ազգային կենտրոնին հետևյալ հեռախոսահամարին՝ (+374 10) 578-455:
14:30 - 27 մարտի, 2024
Ժաննա Անդրեասյանը շնորհավորական ուղերձ է հղել Թատրոնի միջազգային օրվա կապակցությամբ

Ժաննա Անդրեասյանը շնորհավորական ուղերձ է հղել Թատրոնի միջազգային օրվա կապակցությամբ

Հայաստանի կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Ժաննա Անդրեասյանը շնորհավորական ուղերձ է հղել Թատրոնի միջազգային օրվա կապակցությամբ։ Ներկայացնում ենք նախարարի ուղերձը․ «Թատերական աշխարհի սիրելի՛ ներկայացուցիչներ, հարգելի՛ թատերասերներ, ջերմորեն շնորհավորում եմ Թատրոնի միջազգային օրվա կապակցությամբ։ Այս օրը մշակութային կյանքի, թատերասեր հանրության համար կարևոր իրադարձություն է՝ ևս մեկ անգամ ընդգծելու թատրոնի անփոխարինելի դերը բոլոր ժամանակներում։ Թատրոնն այն հայելին է, որում արտացոլվում է հասարակությունը՝ իր վարքականոններով, կենցաղավարությամբ, բարոյահոգեբանական նկարագրով, արժեհամակարգով և գեղագիտական ընկալումներով։ Թատրոնը նաև այն ճանապարհներից մեկն է, որը հասարակությանը տանում է դեպի կատարելագործում, ինքնակրթում և հոգևոր ապաքինում։ Թատրոնների զարգացման նպատակով մենք ձեռնամուխ ենք եղել թատերհամերգային կազմակերպություններում ֆինանսավորման նոր մոդելի ներդրմանը, որն ապահովել է էական փոփոխություն և նոր որակի է հասցնելու թատերական գործունեությունը՝ նպաստելով տնտեսության կարևոր ճյուղի՝ ստեղծարար արդյունաբերության զարգացմանն ու մշակութային կյանքին մարդկանց հաղորդակցմանը՝ այդպիսով բարձրացնելով նաև կյանքի որակը: Մենք կարևորում և խրախուսում ենք նաև թատերական գործունեության մասնավոր նախաձեռնությունները և աշխատանքի նորարար ոճը՝ արվեստի այս տեսակը դիտարկելով ունեցած արժեքների պահպանման ու նորի գիտակցման ներդաշնակ հարաբերակցության մեջ: Թատրոնի գրավչությունը բարձրացնելու, այն հասարակության ավելի լայն շերտերին՝ դպրոցահասակ երեխաներից սկսած՝ ավելի հասանելի և հետաքրքիր ներկայացնելու, թատերական կյանքն աշխուժացնելու և առավել մրցունակ դարձնելու ուղղությամբ պետության ուշադրությունը լինելու է շարունակական։ Ընդամենը օրեր առաջ` Թատրոնի միջազգային օրվան ընդառաջ. մենք հայտարարեցինք «Թատերական շաբաթ» նոր նախաձեռնության մասին, որի շրջանակում բազմաթիվ թատրոններ հանրության համար բացել են իրենց հյուրընկալ դռները ոչ միայն տարբեր ներկայացումներով, այլև կրթամշակութային ծրագրերով, ճանաչողական շրջայցերով, անվանի դերասանների և բեմադրիչների  հետ հանդիպումներով` ցուցադրելով թատրոնի իրականությունը վարագույրից այն կողմ` հետնաբեմում։ Մենք նախատեսել ենք, որ այս ծրագրի հիմնական շահառուները լինելու են դպրոցականները, որոնց համար թատրոնը ներսից տեսնելու հնարավորությունը կարևոր նշանակություն կունենա նաև մասնագիտական կողմնորոշման առումով: Թատերական շաբաթը դառնալու է մեր մշակութային կյանքի անբաժան մասը և իրականացվելու է ամեն տարի: Այս կարևոր օրն առանձնահատուկ ցանկանում եմ շնորհավորել թատրոնի երախտավորներին, որոնք իրենց գործունեությամբ թատրոնի պատմությունն են կերտում՝ միաժամանակ կերտելով հասարակության նկարագիրը։ Թատրոնի նվիրյալներին իրենց ստեղծագործ և պատասխանատու գործում մաղթում եմ անսպառ ներշնչանքներ, նոր գաղափարների իրագործման կամք և խիզախություն, իսկ մեր թատերասերներին՝ մշակութային բուռն օրեր և նոր բացահայտումներ»։
10:57 - 27 մարտի, 2024
Վրաստանի կրթության, գիտության և երիտասարդության նախարարը ծանոթացել է հայկական ձեռագրերին

Վրաստանի կրթության, գիտության և երիտասարդության նախարարը ծանոթացել է հայկական ձեռագրերին

Պաշտոնական այցով Հայաստանում գտնվող Վրաստանի կրթության, գիտության և երիտասարդության նախարար Գիորգի Ամիլախվարիի գլխավորած պատվիրակությունն այցելել է «Մատենադարան» Մ. Մաշտոցի անվան հին ձեռագրերի գիտահետազոտական ինստիտուտ: Պատվիրակությանն ուղեկցել է ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարի տեղակալ Արթուր Մարտիրոսյանը: Ինչպես տեղեկանում ենք ՀՀ ԿԳՄՍ նախարարության տարածած հաղորդագրությունից, մատենադարանի տնօրեն  Արա Խզմալյանի ուղեկցությամբ Վրաստանի կրթության, գիտության և երիտասարդության նախարար Գիորգի Ամիլախվարին շրջայց է կատարել Մատենադարանի թանգարանային համալիրում և գիտական մասնաշենքում: Մշտական ցուցադրությունների սրահում նախարար Գիորգի Ամիլախվարին ծանոթացել է հայկական ձեռագրերին և ձեռագրակազմերին: Նվիրատուների ցուցասրահում ներկայացվել են Մատենադարանում պահվող վրացերեն ձեռագրերը: Վերականգնման բաժնում Վրաստանի նախարարը հանգամանորեն ծանոթացել է  հին ձեռագրերի մշակման և վերականգնման գործընթացներին: Շրջայցի ավարտին տեղի է ունեցել առանձնազրույց, որի ընթացքում Մատենադարանի տնօրեն Արա Խզմալյանը նախարար Գիորգի Ամիլախվարիին ներկայացրել է  2024 թ․ մարտի 18-19-ին Մեսրոպ Մաշտոցի անվան Մատենադարանի պատվիրակության` Թբիլիսիի Կորնելի Կեկելիձեի անվան ձեռագրերի ազգային կենտրոն կատարած պաշտոնական այցի արդյունքները: Արա Խզմալյանի տեղեկացմամբ՝ առաջիկայում Մատենադարանի տնօրինության հրավերով նախատեսվում է կենտրոնի հայագիտական բաժնի աշխատակիցների մեկշաբաթյա այց Երևան, ինչպես նաև Կ.Կեկելիձեի անվան ձեռագրերի ազգային կենտրոնի տնօրեն Զազա Աբաշիձեի մասնակցությունը հուլիսին կայանալիք միջազգային հայագիտական կոնգրեսին։
17:50 - 26 մարտի, 2024
Վրաստանի կառավարության անդամների հետ երկխոսությունը վկայում է երկու երկրների միջև առկա կապերի բարձր մակարդակը. Ժաննա Անդրեասյան

Վրաստանի կառավարության անդամների հետ երկխոսությունը վկայում է երկու երկրների միջև առկա կապերի բարձր մակարդակը. Ժաննա Անդրեասյան

ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Ժաննա Անդրեասյանն այսօր ընդունել է Վրաստանի կրթության, գիտության և երիտասարդության նախարար Գիորգի Ամիլախվարիի գլխավորած պատվիրակությանը, որը Հայաստանում է՝ Վրաստանի վարչապետ Իրակլի Կոբախիձեի պաշտոնական այցի շրջանակում: Հանդիպմանը ներկա են եղել նաև ԿԳՄՍ նախարարի տեղակալներ Արթուր Մարտիրոսյանը և Արաքսիա Սվաջյանը, Բարձրագույն կրթության և գիտության կոմիտեի նախագահ Սարգիս Հայոցյանը, Վրաստանում Հայաստանի Հանրապետության դեսպան Աշոտ Սմբատյանը, ՀՀ-ում Վրաստանի դեսպան Գիորգի Շարվաշիձեն: Ողջունելով Վրաստանի նախարարին՝ ԿԳՄՍ նախարար Ժաննա Անդրեասյանը կարևորել է երկու երկրների միջև բարեկամական սերտ համագործակցությունն ու երկկողմ հարաբերությունների շարունակական զարգացումը և ընդգծել, որ կրթության, գիտության և երիտասարդական քաղաքականության բնագավառներում առկա են համատեղ ծրագրեր իրականացնելու նոր հնարավորություններ: «Վրաստանի կառավարության անդամների հետ երկխոսությունը վկայում է երկու երկրների միջև առկա կապերի բարձր մակարդակը»,- ասել է Ժաննա Անդրեասյանն ու կարևորել, մասնավորապես, կրթական կառույցների միջև ուղիղ կապերի զարգացումն ու համատեղ հեռանկարային նախաձեռնությունների խրախուսումը: Այս համատեքստում Ժաննա Անդրեասյանը կարևորել է նաև ԵՊՀ-ում վրացագիտության կենտրոնի բացումը, որը, նախարարի գնահատմամբ, էապես կնպաստի Հայաստանում վրացերենի տարածմանը և զարգացմանը: Այս համատեքստում կարևորվել է նաև Թբիլիսիի պետական համալսարանում գործող հայագիտական կենտրոնի գործունեությունը: Վրաստանի կրթության, գիտության և երիտասարդության նախարար Գիորգի Ամիլախվարին, շնորհակալություն հայտնելով ջերմ ընդունելության համար, ընդգծել է՝ նախարարությունների մակարդակով սերտ համագործակցությունը, անկասկած, նպաստելու է երկու երկրների միջև բարեկամության ամրապնդմանը: Վրաստանի նախարարը պատրաստակամություն է հայտնել շարունակելու համագործակցությունը կրթության, գիտության և երիտասարդության քաղաքականության բնագավառներում համատեղ ծրագրեր իրականացնելու ուղղությամբ: ԿԳՄՍ նախարար Ժաննա Անդրեասյանը շնորհակալություն է հայտնել Վրաստանի կառավարությանը՝ հայերենի ուսուցմամբ հանրային դպրոցներին աջակցելու և արդյունավետ համագործակցության համար: Ժաննա Անդրեասյանը տեղեկացրել է, որ 2023 թվականին Վրաստանի կրթության, գիտության և երիտասարդության նախարարության կողմից ներկայացված դասագրքերի պահանջարկի հայտը ՀՀ-ի կողմից ամբողջությամբ կբավարարվի՝ Վրաստանի հայկական դպրոցներին տրամադրելով 27 հազար 470 դասագիրք և ուսումնական նյութ: Կողմերը կարևորել են նաև համատեղ իրականացվող աշխատանքները Վրաստանի հայալեզու դպրոցների հայոց լեզվի և գրականության ուսուցիչների մասնագիտական վերապատրաստման, ատեստավորման և հավաստագրման գործընթացի շրջանակում:  Անդրադառնալով Հայաստանի հանրակրթական դպրոցներում վրացերենի դասավանդմանը՝ Ժաննա Անդրեասյանը շեշտել է՝ ՀՀ կառավարության 2021-2026 թվականների գործունեության միջոցառումների ծրագրում հստակ ամրագրված է կրթության տարբեր մակարդակներում տարածաշրջանային լեզուների ուսուցման կարևորությունը: Տարածաշրջանային լեզուների ներդրման շրջանակում ՀՀ 4 դպրոցում իրականացվում է վրացերենի ուսուցում: Ծրագրի ընդլայնման առումով հիմնական խնդիրը, ըստ Ժաննա Անդրեասյանի, դասավանդող մասնագետների հարցն է: Այս համատեքստում ԿԳՄՍ նախարարն առաջարկել է փորձի փոխանակում իրականացնել ուսուցիչների կարողությունների հզորացման, ինչպես նաև չափորոշչի ու կրթական ծրագրի մշակման, ուսումնական գրականության պատրաստման շրջանակում: Նախարար Ժաննա Անդրեասյանը կարևորել է միջպետական ծրագրի շրջանակում իրականացվող կրթաթոշակային ծրագիրը, որը երկու երկրների քաղաքացիներին հնարավորություն է ընձեռում մագիստրոսական կրթություն ստանալ հարևան երկրի բուհերում: Կողմերը քննարկել են նաև դպրոցականների համար համատեղ ամառային ճամբարների, Հայաստանի և Վրաստանի երիտասարդների մասնակցությամբ համաժողովների կազմակերպման հնարավորությունները: Երկու երկրների նախարարներն անդրադարձել են նաև գիտության, բարձրագույն կրթության ու երիտասարդության ոլորտներում երկկողմ համագործակցության ծրագրերին՝ վերահաստատելով հարաբերությունների ամրապնդմանն ուղղված քայլերի պատրաստակամությունը: Մասնավորապես՝ կարևորվել է Erasmus+, Horizon Europe ծրագրերի շրջանակում համատեղ ծրագրերի իրականացման հնարավորությունը, որը կնպաստի երկու պետությունների բուհերի և գիտական կազմակերպությունների միջազգայնացման գործընթացի զարգացմանը: Հանդիպման ընթացքում քննարկվել են նաև երկկողմ հետաքրքրություն ներկայացնող այլ հարցեր:
16:38 - 26 մարտի, 2024
Օլիմպիական կրկնակի չեմպիոն Արմեն Նազարյանն ու աշխարհի չեմպիոն Վաղինակ Գալուստյանը պարգևատրվել են ԿԳՄՍՆ ոսկե մեդալով

Օլիմպիական կրկնակի չեմպիոն Արմեն Նազարյանն ու աշխարհի չեմպիոն Վաղինակ Գալուստյանը պարգևատրվել են ԿԳՄՍՆ ոսկե մեդալով

Հունահռոմեական ոճի ըմբշամարտի կրկնակի օլիմպիական չեմպիոն, աշխարհի եռակի, Եվրոպայի վեցակի չեմպիոն Արմեն Նազարյանն ու ըմբշամարտի աշխարհի 2001 թվականի չեմպիոն Վաղինակ Գալուստյանը սպորտի ոլորտում ունեցած նշանակալի ավանդի և ներդրման համար պարգևատրվել են ԿԳՄՍՆ ոսկե մեդալnվ: Այս մասին հայտնում են ԿԳՄՍ նախարարությունից: Պարգևներն անվանի մարզիկներին հանձնել է ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Ժաննա Անդրեասյանը: Ողջունելով հյուրերին և շնորհավորելով ծննդյան 50-ամյա հոբելյանների առթիվ՝ Ժաննա Անդրեասյանը շնորհակալություն է հայտնել սպորտի ոլորտում կատարած մեծ աշխատանքի և հաղթանակների համար. «Ձեր հաղթանակների շնորհիվ մեր հասարակությունն աննկարագրելի էմոցիաներ և ոգևորություն է ապրել: Վստահ եմ՝ ձեր օրինակով մեր շատ երեխաների ոգեշնչել եք զբաղվելու սպորտով: Անկասկած, ձեր սպորտային նվաճումների ու մեդալների կողքին սա ավելի խորհրդանշական նշանակություն կունենա, բայց այն ևս մեկ անգամ ձեր ներդրման արժևորման ու գնահատանքի միջոց է»: ԿԳՄՍ նախարարի տեղակալ Կարեն Գիլոյանը ևս բարձր է գնահատել անվանի մարզիկների ներդրումն ու ավանդը հայկական ըմբշամարտի զարգացման գործում: «Արմեն Նազարյանն արդի ժամանակների ամենատիտղոսակիր ու հռչակավոր մարզիկներից մեկն է: Ճիշտ է՝ Արթուր Ալեքսանյանն արդեն գերազանցել է Նազարյանին՝ նվաճած տիտղոսների քանակով, բայց օլիմպիական կրկնակի չեմպիոնությունը դեռևս անգերազանցելի արդյունք է: Արմեն Նազարյանի հետադարձ բռնվածքն ըմբշամարտի աշխարհում շատ հայտնի փաստ էր. բոլոր մրցակիցները փորձում էին պաշտպանվել, բայց ապարդյուն: Վաղինակ Գալուստյանը Պատրասում տեղի ունեցած աշխարհի առաջնության ժամանակ առաջինից մինչև վերջին գոտեմարտ ապահովեց վստահ հաղթանակներ, որոնք ամենատպավորիչն էին. նա մեկ գլուխ բարձր էր բոլորից»,- ասել է Կարեն Գիլոյանը: Անկախ Հայաստանի առաջին օլիմպիական չեմպիոն Արմեն Նազարյանը, շնորհակալություն հայտնելով ընդունելության և գնահատանքի համար, ընդգծել է՝ Օլիմպիական խաղերում, աշխարհի ու Եվրոպայի առաջնություններում Հայաստանի դրոշը ծածանելն ու հայ ազգի անունը բարձր պահելը մեծ հպարտություն է եղել: «Երկար տարիներ է՝ Հայաստանում չեմ ապրում, և այս գնահատանքը, իսկապես, կարևոր նշանակություն ունի ինձ համար: Այս մեդալն էլ իմ մյուս մեդալների կողքին իր տեղը կունենա»,- ասել է Արմեն Նազարյանը: Լեգենդար մարզիկը ԿԳՄՍ նախարար Ժաննա Անդրեասյանի հետ հանդիպմանը տեղեկացրել է, որ այժմ ղեկավարում և համակարգում է Բուլղարիայի երեք տարիքային հավաքականների աշխատանքները, բայց հայրենիքի հետ կապը չի խզել: Նա հաճախ այցելում է Հայաստան և Բուլղարիայի ըմբշամարտի հավաքականների հետ նաև համատեղ ուսումնամարզական հավաքներ է կազմակերպում մեր երկրում: Արմեն Նազարյանը նաև կիսվել է մարզական հարուստ կարիերայի վերաբերյալ հուշերով: Ըմբշամարտի աշխարհի 2001 թվականի չեմպիոն, Երևանի օլիմպիական հերթափոխի պետական մարզական քոլեջի տնօրեն Վաղինակ Գալուստյանը ևս շնորհակալություն է հայտնել վետերան մարզիկներին ուշադրության արժանացնելու համար: «Հաճելի և պարտավորեցնող է, երբ գնահատվում են նաև նախկինում սպորտային պատմություն ունեցող մարզիկները: Մեծ սպորտում այսօրվա հաղթանակները պատահական չեն. դրանք պետության ուշադրության արդյունք են: Վերջին 3-4 տարիներին մեր մեդալների քանակը լավագույնս վկայում է այդ մասին: Հաճելի է նաև տեսնել երեխաների հոսքը դեպի մարզադպրոցներ, ինչն այժմ նկատելի է: Վերջին տարիներին մեր երկրում անցկացված խոշոր մարզական միջոցառումներն էականորեն նպաստում են երեխաների շրջանում սպորտի հանդեպ հետաքրքրության բարձրացմանը: Ժամանակին մեզ համար երազանք էր սեփական պատերի ներքո մրցասպարեզ մտնելը. ցավոք, ժամանակին նման հնարավորություն չենք ունեցել: Այժմ միջազգային մրցաշարերի հյուրընկալումը գեղեցիկ ավանդույթ է դառնում, որը ոգևորիչ է և հաճելի»,- ընդգծել է Վաղինակ Գալուստյանը: Հանդիպման ընթացքում անդրադարձ է կատարվել նաև սպորտի ոլորտում պետության կողմից իրականացվող քաղաքականությանը, նոր նախաձեռնություններին, ինչպես նաև Փարիզի 2024 թվականի Օլիմպիական խաղերի նախապատրաստությանը վերաբերող հարցերին։
13:48 - 25 մարտի, 2024
ՀՀ ԿԳՄՍ նախարարն ընդունել է Եվրոպական կրթական հիմնադրամի փորձագիտական առաքելության ներկայացուցիչներին

ՀՀ ԿԳՄՍ նախարարն ընդունել է Եվրոպական կրթական հիմնադրամի փորձագիտական առաքելության ներկայացուցիչներին

Հայաստանի Հանրապետության կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Ժաննա Անդրեասյանն աշխատանքային հանդիպում է ունեցել  Եվրոպական կրթական հիմնադրամի  փորձագիտական առաքելության ներկայացուցիչների հետ: Հանդիպմանը ներկա են եղել ԿԳՄՍ նախարարի տեղակալ Արթուր Մարտիրոսյանը, Եվրոպական կրթական հիմնադրամի հայաստանյան համակարգող Քրիստիանա Բուրզոն, ԵՄ կողմից ֆինանսավորվող «Կրթական բարեփոխումներ և հմտություններ Արևելյան գործընկերության տարածաշրջանում» եռամյա ծրագրի համակարգող Տիմո Կուսելան, ԵԿՀ փորձագիտական առաքելության այլ ներկայացուցիչներ: Պատվիրակությունը Հայաստանում է «Կրթական բարեփոխումներ և հմտություններ Արևելյան գործընկերության տարածաշրջանում» (2024-2026 թթ.) եռամյա ծրագիրը ներկայացնելու, քննարկելու, հանդիպումներ և խորհրդակցություններ անցկացնելու նպատակով: Ինչպես տեղեկանում ենք ԿԳՄՍ նախարարության տարածած հաղորդագրությունից, ծրագրի շրջանակում կրթության տարբեր մակարդակներում իրականացվելու է կարողությունների զարգացման և կարիքի գնահատման հետազոտություն: Ողջունելով հյուրերին՝ ԿԳՄՍ նախարարը շնորհակալություն է հայտնել Եվրոպական կրթական հիմնադրամի հետ երկարամյա արդյունավետ համագործակցության համար՝ հատկապես շեշտելով մասնագիտական կրթության և ուսուցման ոլորտում իրականացված ծրագրեր: Անդրադառնալով  ՀՀ կրթության՝ մինչև 2030 թվականի զարգացման ռազմավարության հաստատումից հետո իրականացվող կրթական բարեփոխումներին՝ Ժաննա Անդրեասյանն առանձնացրել է մասնագիտական կրթության և ուսուցման ոլորտում իրականացվող օրենսդրական կարգավորումները: «Ազգային ժողովում առաջին ընթերցմամբ ընդունվել է «Մասնագիտական կրթության և ուսուցման մասին» օրենքի նախագիծը, որը նոր կարգավորումներ կբերի ոլորտում մասնավորի հետ համագործակցության և դուալ կրթության ներդրման մեխանիզմների կանոնակարգման տեսանկյունից»,- ասել է ԿԳՄՍ նախարարը` օրենսդրական փաթեթի մշակման հարցում ընդգծելով միջազգային գործընկերների, այդ թվում՝ Եվրոպական կրթական հիմնադրամի հետ արդյունավետ համագործակցությունը: «Եվրոպական կրթական հիմնադրամի» հայաստանյան համակարգող Քրիստիանա Բուրզիոն վերահաստատել է ԵԿՀ աջակցությունը Հայաստանում ՄԿՈՒ բարեփոխումների գործընթացին, մասնավորապես՝ աշխատանքի վրա հիմնված ուսուցման զարգացմանն ուղղված աշխատանքներին, ՄԿՈՒ ոլորտում ուսումնական գործընթացի թվայնացմանը, թվային հմտությունների և որակավորումների զարգացմանը, որակի ապահովման համակարգերի բարելավմանը: Եվրոպական կրթական հիմնադրամի փորձագիտական առաքելության ներկայացուցիչները Հայաստան այցի շրջանակում հանդիպումներ են ունեցել ՀՀ ԿԳՄՍ նախարարության կրթության տարբեր ստորաբաժանումների, նախարարության ենթակայությամբ գործող մարմինների հետ (ԿՏԱԿ ԿԶՆԱԿ և այլն), ինչպես նաև այցելել են մարզային հաստատություններ: Մարզային դպրոցներ ու նախադպրոցական կրթական ուսումնական հաստատություններ կատարած այցերի արդյունքներով հիմնադրամի փորձագիտական առաքելության ներկայացուցիչներն առանձնացրել են հատկապես կրթությունից դուրս մնացած երեխաների, նախադպրոցական տարիքի երեխաների ներգրավվածության, ԼՂ-ից բռնի տեղահանված երեխաների կրթական իրավունքների լիարժեք իրացման հետ կապված խնդիրները: Ծրագրի համակարգող Տիմո Կուսելան շնորհակալություն է հայտնել ընդունելության և շահառու կառույցների հետ հանդիպման հնարավորությունների ու հագեցած օրակարգի համար:  Եվրոպական կրթական հիմնադրամի ներկայացուցիչները բարձր են գնահատել ՀՀ կառավարության՝ կրթության ոլորտի բարեփոխումների ուղղությամբ իրականացվող մեծածավալ աշխատանքներն ու ներդրված ջանքերը՝ մասնավորապես ընդգծելով կրթության ոլորտում 2023 թվականին կապիտալ ծախսերի 104 տոկոս աճը: ԿԳՄՍ նախարար նշել է, որ հանրակրթության ոլորտում փոփոխություններ են իրականացվում թե՛ բովանդակության, թե՛ կառավարման, թե՛ ֆինանսավորման ուղղություններով, ուստի արտաքին գնահատումը կարևոր է` կատարվող աշխատանքի  վերլուծության և արդյունավետության դիտարկման առումով: Որպես համագործակցության կարևոր ուղղություն՝ կողմերը մատնանշել են ուսուցիչների մասնագիտական զարգացման համակարգի բարեփոխումը, վերապատրաստումների ու սեմինարների կազմակերպումն ու համատեղ մասնակցությունը, ինչպես նաև դպրոցական ցանցերի և համակարգերի վերանայումը՝ հատկապես փոքր դպրոցների խնդիրները հաշվի առնելով: Անդրադառնալով ուսումնական գործընթացի թվայնացման, թվային հմտությունների և որակավորումների զարգացմանը՝ ԿԳՄՍ նախարարն ընդգծել է՝ թվայնացումն ընդհանուր առմամբ մեր կողմից դիտվում է ոչ միայն որպես կրթական տեխնոլոգիա, այլև համակարգում արդյունավետության բարձրացման կարևոր գործիք: «Այդուհանդերձ, տևական ժամանակ, հատկապես Քովիդի համավարակով պայմանավորված, թվային տեխնոլոգիաները սկսեցին ընկալվել որպես հեռավար ուսուցման ապահովման միջոց: Սակայն կրթության չափորոշիչների փոփոխությունն առաջադրում է նաև տեխնոլոգիաների կիրառության այլ պահանջներ՝ սկսած առանձին առարկայից, որը մշակվել է հենց թվային գրագիտության համար և ներդրվում է երկրորդ դասարանից, մինչև բոլոր դպրոցներում անհրաժեշտ ենթակառուցվածքների ստեղծում, արդիական տեղեկատվական տեխնոլոգիաների տրամադրում, որոնք ՀՀ կառավարության ծրագրի կարևոր մասն են»,- ասել է Ժաննա Անդրեասյանը: Այս համատեքստում կողմերը քննարկել են նաև թվային կրթության ռազմավարություն ունենալու ու դրա շուրջ համատեղ աշխատանքներ իրականացնելու հնարավորությունը: Հանդիպման ընթացքում անդրադարձել են նաև ուսումնական հարստությունների կառավարման, ֆինանսավորման համակարգերին, գյուղական և քաղաքային համայնքների կրթական առանձնահատկություններին և համակարգային այլ հարցերի:  
16:45 - 22 մարտի, 2024
Ժաննա Անդրեասյանն ու Իրանի գրավոր ժառանգության ուսումնասիրության և հրատարակման կենտրոնի տնօրենը քննարկել են դպրոցներում պարսկերենի ուսուցմանն առնչվող հարցեր

Ժաննա Անդրեասյանն ու Իրանի գրավոր ժառանգության ուսումնասիրության և հրատարակման կենտրոնի տնօրենը քննարկել են դպրոցներում պարսկերենի ուսուցմանն առնչվող հարցեր

ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Ժաննա Անդրեասյանն ընդունել է Իրանի Իսլամական Հանրապետության գրավոր ժառանգության ուսումնասիրության և հրատարակման կենտրոնի տնօրեն Աքբար Իրանիին: Հանդիպմանը ներկա են եղել ԿԳՄՍ նախարարի տեղակալ Արթուր Մարտիրոսյանը, ՀՀ-ում Իրանի Իսլամական Հանրապետության դեսպան Մեհդի Սոբհանին, «Մատենադարան» Մեսրոպ Մաշտոցի անվան հին ձեռագրերի գիտահետազոտական ինստիտուտի տնօրեն Արայիկ Խզմալյանը և այլք:  ԿԳՄՍ նախարար Ժաննա Անդրեասյանը նախ շնորհավորել է իրանական Նոր տարվա՝ Նովրուզի առթիվ, ապա անդրադարձել երկկողմ համագործակցությանը՝ կարևորելով հատկապես Մատենադարանի ու ԻԻՀ գրավոր ժառանգության ուսումնասիրության և հրատարակման կենտրոնի միջև ձևավորված փոխգործակցությունը: Այս համատեքստում ԿԳՄՍ նախարարն ընդգծել է Մատենադարանում մեկնարկած «Պատկերի պոեզիան» հայ-իրանական համաժողովի կարևորությունը՝ ընդգծելով, որ գիտաժողովն ուղղված է հայ-իրանական միջնադարյան գրականությունն ու արվեստն ավելի տեսանելի դարձնելուն: «Գրավոր ժառանգության ուսումնասիրությունը թույլ է տալիս առաջին հերթին ավելի լավ ճանաչելու ինքներս մեզ, մեր դարավոր փոխհարաբերությունները. դա այն հարստությունն է, որ մենք երկուստեք ունենք»,- ասել է Ժաննա Անդրեասյանը: Հանդիպմանն անդրադարձ է կատարվել «Մատենադարան» Մեսրոպ Մաշտոցի անվան հին ձեռագրերի գիտահետազոտական ինստիտուտի պատվիրակության՝ Իրանի Իսլամական Հանրապետություն վերջերս կատարած աշխատանքային այցի շրջանակում ձեռքբերված պայմանավորվածություններին՝ շեշտելով հատկապես կրթական ծրագրերի ու վերականգնման ոլորտում  մասնագիտական դասընթացների կազմակերպման հնարավորությունը:   Հյուրերին ողջունել է նաև Մատենադարանի տնօրեն Արայիկ Խզմալյանը: Նրա խոսքով՝ անհրաժեշտ է ապահովել հայ-իրանական պատմական ժառանգությանը համարժեք համագործակցություն: Արայիկ Խզմալյանը տեղեկացրել է նաև, որ ԻԻՀ կատարած այցի շրջանակում հանդիպումներ են տեղի ունեցել Սպահան, Ղոմ և Թեհրան քաղաքների հոգևոր և ձեռագրական կենտրոնների, արխիվ-թանգարանների ղեկավարների և հայկական համայնքի ներկայացուցիչների հետ։ Ձեռք են բերվել համագործակցության վերաբերյալ պայմանավորվածություններ ձեռագրերի վերականգման, համատեղ ուսումնասիրությունների, թվային պատճենների փոխանակման, գիտական միջոցառումների կազմակերպման և նյութերի հրատարակման վերաբերյալ: Համաձայն ձեռք բերված պայմանավորվածության՝ Նոր Ջուղայի Ազգային Սուրբ Ամենափրկիչ վանքի արխիվատան և արխիվների վերականգնման կենտրոնի վերականգնողներն աշնանը Մատենադարանում կանցնեն վերապատրաստման դասընթացներ՝ հին ձեռագրերի վերականգնման ոլորտում մասնագիտական կարողությունների կատարելագործման նպատակով: Իրանի Իսլամական Հանրապետության գրավոր ժառանգության ուսումնասիրության և հրատարակման կենտրոնի տնօրեն Աքբար Իրանին, շնորհակալություն հայտնելով ընդունելության համար, պատրաստակամություն է հայտնել զարգացնել համագործակցությունը: Մասնավորապես՝ Ա. Իրանին առաջարկել է դիտարկել երկկողմ համագործակցությունն արաբերեն և պարսկերեն կրթական ծրագրերի ցանկի համալրման և վերանայման, 5 հայերեն ձեռագրերի՝ Թեհրանում հրատարակության, ինչպես նաև հայ-իրանական բառարանի՝ 4 լեզվով հրատարակության ուղղությամբ: Հանդիպման ընթացքում անդրադարձ է կատարվել նաև ՀՀ հանրակրթական դպրոցներում պարսկերենի ուսուցմանն առնչվող հարցերին: Ժաննա Անդրեասյանն ընդգծել է՝ ՀՀ կառավարության 2021-2026 թվականների գործունեության միջոցառումների ծրագրում հստակ ամրագրված է կրթության տարբեր մակարդակներում տարածաշրջանային լեզուների ուսուցման կարևորությունը, որի համատեքստում դիտարկվում է նաև պարսկերենի ուսուցման զարգացումը: Կողմերը քննարկել են Հայաստանի և Իրանի միջև նաև կրթության, գիտության ու երիտասարդության ոլորտներում հարաբերությունների առավել ամրապնդմանը, տարբեր բնագավառներում համագործակցության օրակարգի ընդլայնմանն ու զարգացմանը վերաբերող մի շարք այլ հարցեր:
18:34 - 21 մարտի, 2024
Ժաննա Անդրեասյանն ընդունել է ԳԱԱ Օրգանական և դեղագործական քիմիայի գիտատեխնոլոգիական կենտրոնի ներկայացուցիչներին

Ժաննա Անդրեասյանն ընդունել է ԳԱԱ Օրգանական և դեղագործական քիմիայի գիտատեխնոլոգիական կենտրոնի ներկայացուցիչներին

ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Ժաննա Անդրեասյանն այսօր ընդունել է ԳԱԱ Օրգանական և դեղագործական քիմիայի գիտատեխնոլոգիական կենտրոնի ներկայացուցիչներին: Այս մասին հայտնում են ՀՀ ԿԳՄՍՆ-ից։  Գիտական կենտրոնի ներկայացուցիչները ներկայացրել են իրենց մտահոգությունը` մոտ 20 տարի առաջ ինստիտուտի տարածքից առանձնացված և օտարված տարածքում ընթացող ծավալուն կառուցապատում իրականացնելու վերաբերյալ: Նրանց խոսքով՝ կենտրոնի հարևանությամբ ընթացող մեծածավալ շինարարական աշխատանքների պատճառով խաթարված է կենտրոնի գիտաշխատողների գործունեության բնականոն ընթացքը: Վերջին տարիներին պետական ֆինանսավորմամբ ինստիտուտում գիտական սարքավորումների ձեռքբերման մեծ աշխատանքներ են իրականացվել, այդ թվում՝ ՀՀ-ի ու տարածաշրջանի համար եզակի ու թանկարժեք սարքավորումների, որոնց նպատակային աշխատանքը ստեղծված պայմաններում, մասնագետների դիտարկմամբ, լրջորեն վտանգված է: Բացի դրանից՝ գիտաշխատողները չեն կարողանում լիարժեքորեն և ամբողջությամբ իրականացնել նաև այն գիտական նախագծերը, որոնցում ընդգրկված են: ԿԳՄՍ նախարարը նշել է, որ խնդիրը երկար տարիների պատմություն ունի, և անհրաժեշտ է քննարկել գործընթացում ներգրավված բոլոր կողմերի և պետական կառույցների հետ: «ՀՀ կառավարությունը գիտական սարքավորումների ձեռքբերման, գիտնականների վարձատրության ու խրախուսման տարատեսակ այլ ծրագրերի ուղղությամբ մեծ ներդրումներ է կատարել: Մենք ևս շահագրգիռ ենք, որ գիտատեխնոլոգիական կենտրոնի աշխատանքը չխաթարվի»,- ասել է ԿԳՄՍ նախարարը և ընդգծել՝ պետք է գտնել լուծման այնպիսի տարբերակներ, որոնցում համադրելի կլինեն գիտական կենտրոնի շահերը, սեփականատիրոջ օրինական իրավունքները և պետության առաջնահերթությունները: Ժաննա Անդրեասյանը հավաստիացրել է՝ խնդիրը խորությամբ կուսումնասիրվի, և հարցը կդառնա քննարկման առարկա՝ հիմնվելով այն գաղափարի վրա, որ որևէ ոլորտում ընթացող գործընթաց պետք է չխոչընդոտի գիտական գործունեությանը՝ հաշվի առնելով, որ գիտության ոլորտի զարգացումը Հայաստանի Հանրապետության ռազմավարական առաջնահերթություններից է, և Կառավարության տարբեր ծրագրերով սահմանվել են հավակնոտ թիրախներ՝ գիտական գործունեության զարգացման ուղղությամբ:
17:25 - 21 մարտի, 2024
Քիմիկոսների խնդրի լուծումը ակադեմիական քաղաքն է. ԿԳՄՍ նախարար
 |news.am|

Քիմիկոսների խնդրի լուծումը ակադեմիական քաղաքն է. ԿԳՄՍ նախարար |news.am|

news.am: Քիմիկոսների խնդրի լուծումը ակադեմիական քաղաքն է։ Այս մասին, այսօր՝ մարտի 21-ին, ՀՀ կառավարության նիստից հետո ճեպազրույցի ժամանակ հայտարարեց ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Ժանա Անդրեասյանը` անդրադառնալով քիմիկոսների բողոքի ակցիային։ Ավելի վաղ հայտնել էինք` քիմիկոսները դժգոհում են, որ չեն կարողանում աշխատել. իրենց ինստիտուտի հարևանությամբ բազմաբնակարան շենք է կառուցվում։ «Սա նոր հարց չէ. մենք մի քանի տարի շարունակ մասնագիտական քննարկումներ ենք իրականացրել, նախարարությունը բազմիցս իր դիրքորոշումը հայտնել է, որ ինստիտուտի աշխատանքը պետք է ապահովվի, ու համապատասպան պայմաններ լինեն»,- նշեց նախարարը։ Ըստ նրա` խնդիրը բարդ է, ու այդ պատճառով ԿԳՄՍՆ-ն գտնում է, որ միակ լուծումը ակադեմիական քաղաքն է, որտեղ կլինի ամբողջական միջավայր գիտական հետազոտությունների համար, և այնտեղ ստիպված չեն լինի հարակից միջավայրի հետ հաշվի նստելու։
14:00 - 21 մարտի, 2024
Ինձ համար այս հարցը սպառված է. ԿԳՄՍ նախարարը՝ ՀՊՏՀ ռեկտորի հրաժարականի մասին
 |armeniasputnik.am|

Ինձ համար այս հարցը սպառված է. ԿԳՄՍ նախարարը՝ ՀՊՏՀ ռեկտորի հրաժարականի մասին |armeniasputnik.am|

armeniasputnik.am: ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Ժաննա Անդրեասյանի համար Հայաստանի պետական տնտեսագիտական համալսարանի ռեկտոր Դիանա Գալոյանի պաշտոնից ազատման հարցը սպառված է։ ՀՀ կառավարության նիստից հետո ճեպազրույցի ժամանակ նա հրաժարվեց այլ մեկնաբանություններ տալ։ Նախարարը տեղեկացրեց, որ բուհի ղեկավարման պարտականությունը ժամանակավորապես դրված է պրոռեկտորի վրա։ Լրագրողի հարցին՝ արդյոք Գալոյանի հրաժարականը կապ ունի՞ այն լուրերի հետ, որ նա իբր ԱՄՆ–ում գողություն է արել, և ԿԳՄՍ նախարարի գրության համապատասխան պատասխանը եկել է ԱՄՆ–ից։ «Ես հարգանքով եմ վերաբերում Դիանա Գալոյանի որոշմանը։ Կարծում եմ` մնացած բոլոր հարցերը օրակարգային չեն»,- նշեց Անդրեասյանը։ Հարցին՝ արդյոք նա զրուցե՞լ է Գալոյանի հետ, նախարարը պատասխանեց, որ ինքը պարբերաբար աշխատանքյաին հանդիպումներ ու քննարկումներ է ունենում բուհերի բոլոր ռեկտորների հետ։ Հիշեցնենք՝ Դիանա Գալոյանը ՀՊՏՀ ռեկտոր էր նշանակվել 2020 թ. դեկտեմբերի 23-ին։Այս տարվա մարտի 19-ին հայտնի դարձավ, որ նա հրաժարական է տվել։
12:19 - 21 մարտի, 2024
Չենք կարողանում աշխատել. քիմիկոսները բողոքում են կենտրոնի մոտ ընթացող շինարարությունից |armeniasputnik.am|

Չենք կարողանում աշխատել. քիմիկոսները բողոքում են կենտրոնի մոտ ընթացող շինարարությունից |armeniasputnik.am|

armeniasputnik.am: Նուրբ օրգանական քիմիայի ինստիտուտի աշխատակիցները կառավարության շենքի մոտ բողոքի ակցիա են իրականացնում։ Նրանք դժգոհում են, որ չեն կարողանում աշխատել, քանի որ իրենց ինստիտուտի հարևանությամբ բազմաբնակարան շենք է կառուցվում։ Օրգանական և դեղագործական քիմիայի գիտատեխնոլոգիական կենտրոնի հարևանությամբ (միավորվում է 3 կառույց՝ Մնջոյանի անվան նուրբ օրգանական քիմիայի ինստիտուտը, Օրգանական քիմիայի ինստիտուտը և Մոլեկուլի կառույցի ուսումնասիրման կենտրոնը) կառուցվող բնակելի շենքի շինթույլտվությունը Երևանի քաղաքապետարանը տվել է 2023 թվականի դեկտեմբերի 29-ին։ «Հորատման աշխատանքներն արդեն սկսվել են, ցնցումներ են լինում, աղմուկ ու փոշի, այդ իսկ պատճառով մենք չենք կարողանում մեր գիտական գործունեությունը ծավալել։ Անհամատեղելի է այդ ամենը»,- նշեց ինստիտուտի աշխատակիցներից մեկը։ Շեշտեց, որ բազմիցս դիմել են կառավարությանը, Երևանի քաղաքապետարանին, որպեսզի այդ շենքը կառուցելու համար այլ տարածք տրամադրեն կառուցապատողին։ Քիմիկոսներն ու ինստիտուտի մյուս աշխատակիցները նաև առաջարկում են, որպեսզի շինաշխատանքները ժամանակավորապես դադարեցվեն ու վերսկսվեն այն ժամանակ, երբ իրենց կտեղափոխեն Ակադեմիական քաղաք։ Նա ընդգծեց, որ այսօր էլ եկել են կառավարության մոտ, ուզում են՝ որևէ մեկն իրենց լսի և իրենց պատասխան տա, թե ինչ լուծում է տեսնում ստեղծված իրավիճակում։ Չէ որ իրենց ինստիտուտում բազմաթիվ թանկարժեք սարքեր կան, որոնք նման պայմաններում չեն կարող լիարժեք աշխատել։ Բողոքի ակցիայի մեկնարկից որոշ ժամանակ անց Նուրբ օրգանական քիմիայի ինստիտուտի 2 քիմիկոս ու կենտրոնի փաստաբան Տիգրան Նաղդալյանը մտան կառավարության շենք։ Նուրբ օրգանական քիմիայի ինստիտուտում նոր դեղամիջոցներ են արտադրվում, դրանք Ուկրաինա և Բելառուս են արտահանվում։ Այնտեղի սարքերի միջոցով նաև գիտահետազոտական աշխատանքներ են իրականացնում տարածաշրջանի համար։
11:29 - 21 մարտի, 2024
Ակադեմիական քաղաքի ծրագիրը հնարավորություն է միջպետական բուհերի ընդլայնման և հետագա զարգացման համար. Ժաննա Անդրեասյան

Ակադեմիական քաղաքի ծրագիրը հնարավորություն է միջպետական բուհերի ընդլայնման և հետագա զարգացման համար. Ժաննա Անդրեասյան

ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Ժաննա Անդրեասյանն աշխատանքային հանդիպում է ունեցել ՀՀ-ում գործող միջպետական բարձրագույն ուսումնական հաստատությունների ռեկտորների հետ՝ ներկայացնելով Ակադեմիական քաղաք ծրագրի հիմնական սկզբունքները: Հանդիպմանը ներկա են եղել նաև ԿԳՄՍ նախարարի տեղակալ Արթուր Մարտիրոսյանը և Բարձրագույն կրթության և գիտության կոմիտեի նախագահ Սարգիս Հայոցյանը: Ողջունելով ներկաներին՝ նախարար Ժաննա Անդրեասյանը կարևորել է Ակադեմիական քաղաք ծրագրի իրականացման շրջանակում միջպետական բուհերի ակտիվ մասնակցությունը՝ նրանց կարիքները, առաջարկությունները, գաղափարները դիտարկելու և մշակվող նախագծում դրանք հաշվի առնելու նպատակով: Այս համատեքստում ներկայացվել են ակադեմիական քաղաքի համար նախագծվող ենթակառուցվածքները և այն նոր հնարավորությունները, որոնք նախատեսված են բուհերի ուսումնական և հետազոտական գործընթացի համար: ԿԳՄՍ նախարարն ընդգծել է՝ Ակադեմիական քաղաքը Կառավարության ամենամեծ ծրագրերից է, որի նպատակն է էապես բարելավել բարձրագույն կրթության կազմակերպման, հետազոտական և գիտական աշխատանքների պայմանները: Ակադեմիական քաղաքը բաղկացած է լինելու 6 ակադեմիական կլաստերներից: Նախարարը տեղեկացրել է՝ ակադեմիական քաղաքի գլխավոր հատակագծի նախագծումն իրականացվում է գերմանական gmp International GmbH Architects and Engineers ճարտարապետական ընկերության հետ համագործակցությամբ, որը ոլորտում հեղինակավոր և փորձառու կազմակերպություն է: Նրա խոսքով՝ ակնկալվում է, որ ծրագիրը մեծ նշանակություն կունենա ոչ միայն Երևանի և շրջակա համայնքների, այլև ողջ հանրապետության համար՝ կարևորվելով ինչպես իր ճարտարապետական բաղադրիչով, այնպես էլ էական դրական ազդեցություն թողնելով երկրի ողջ ակադեմիական համակարգի վրա: Այնուհետև Ժաննա Անդրեասյանը, ներկայացնելով գլխավոր հատակագծի նախնական տարբերակի մանրամասները, անդրադարձել է տեղադիրքի և դրա ենթակառուցվածքների առավել արդյունավետ օգտագործման հնարավորություններին: Նրա խոսքով՝ գլխավոր հատակագծի հայեցակարգն այժմ մշակվում է առավել մանրամասնությամբ և առաջիկայում կներկայացվի: Ծրագրի հիմնական մարտահրավերների համատեքստում ԿԳՄՍ նախարարը նշել է քաղաքի շահառուների և այցելուների համար տրանսպորտային հասանելիության ապահովման հիմնախնդիրը, որը պետք է ապահովի քաղաքի բնականոն գործունեությունը։ Անդրադառնալով միջպետական բուհերի հետագա գործունեությանը վերաբերող հարցերին՝ ԿԳՄՍ նախարարը բուհերի ռեկտորներին առաջարկել է իրենց գործունեության զարգացման ու ընդլայնման օրակարգը դիտարկել Ակադեմիական քաղաք ծրագրի շրջանակում: «Ստեղծվելու է ենթակառուցվածք, որն իր որակով, բազմազանությամբ և հասանելիությամբ շատ ավելի գրավիչ կլինի բարձրագույն կրթության ու հետազոտության կազմակերպման համար: Նմանօրինակ միջավայրի առկայության պարագայում վստահ ենք՝ բուհերն իրենք կցանկանան քաղաքում տեղ գտնել: Կառավարության այս ծրագիրը հնարավորություն է նաև միջպետական բուհերի ընդլայնման և հետագա զարգացման համար: Ընդ որում՝ ակադեմիական քաղաքի՝ ամբողջ ծավալով գործելու համար երկարատև ժամանակ է անհրաժեշտ»,- ասել է Ժաննա Անդրեասյանը՝ միջպետական բուհերի ռեկտորներին առաջարկելով ծրագրի հետ կապված ներկայացնել դիտարկումներ և առաջարկներ: Առաջարկվել է ձևավորել աշխատանքային առանձին խումբ՝ միջպետական բուհերի կարիքներն ու պահանջներն ակադեմիական քաղաքի ստեղծման գործընթացում հնարավորինս հաշվի առնելու, մշտական իրազեկման աշխատանքներն ավելի արդյունավետ կազմակերպելու, նախատեսվող լուծումների քննարկումներն առավել մասնակցային դարձնելու նպատակով: Միջպետական բուհերի ռեկտորներն Ակադեմիական քաղաք ծրագրի շրջանակում կարևորել են շարունակական հանդիպումներն ու քննարկումները` պատրաստակամություն հայտնելով իրենց հեռահար զարգացման ծրագրերում դիտարկելու նաև ակադեմիական քաղաքին ներգրավվածության հնարավորությունը։
18:38 - 20 մարտի, 2024
«Ակադեմիական քաղաք» ծրագրի իրական պտուղները տեսանելի են դառնալու ապագայում. դրա իրական շահառուներն այսօր դեռ դպրոցում սովորող աշակերտներն են․ Ժաննա Անդրեասյան

«Ակադեմիական քաղաք» ծրագրի իրական պտուղները տեսանելի են դառնալու ապագայում. դրա իրական շահառուներն այսօր դեռ դպրոցում սովորող աշակերտներն են․ Ժաննա Անդրեասյան

ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Ժաննա Անդրեասյանն աշխատանքային քննարկում է ունեցել ՀՀ պետական բարձրագույն ուսումնական հաստատությունների ռեկտորների հետ:   Հանդիպման ընթացքում քննարկվել են «Ակադեմիական քաղաք» նախագծի ընթացքին, կրթաթոշակային նոր քաղաքականությանը և ոլորտին առնչվող մի շարք հարցեր:   Հանդիպմանը ներկա է եղել նաև ԿԳՄՍՆ բարձրագույն կրթության և գիտության կոմիտեի նախագահ Սարգիս Հայոցյանը:   ԿԳՄՍ նախարարը նշել է, որ բոլոր բուհերից ստացված արձագանքների հիման վրա ՀՀ պետական բուհերի խոշորացման և գիտահետազոտական կազմակերպությունների հետ ինտեգրման գործընթացի շրջանակում ձևավորվել են աշխատանքային խմբեր՝ ոլորտային կազմակերպությունների ներգրավմամբ: Նախարարը շնորհակալություն է հայտնել բուհերի ռեկտորներին՝ պատրաստակամության, բարձր մասնակցայնության և ներկայացված առաջարկների համար. «Բուհերն այս ընթացքում հանդես են գալիս կոնկրետ առաջարկներով և ակտիվորեն մասնակցում են աշխատանքային խմբերի քննարկումներին, ինչը շատ կարևոր է: Այժմ ընթանում են ակադեմիական քաղաքի գլխավոր հատակագծի հայեցակարգի մշակման աշխատանքները: Գործընկերների գնահատմամբ՝ նախատեսված տարածքը բավարար է մեր պատկերացրած ֆունկցիոնալ հնարավորությունները ստանալու համար»,- ասել է ԿԳՄՍ նախարարն ու ընդգծել՝ ուսումնասիրվում են բազմաթիվ շերտեր, իրականացվում է մանրակրկիտ աշխատանք: Ակադեմիական քաղաքի նախագծային աշխատանքներում ընդգրկված է նաև Ճարտարապետության և շինարարության Հայաստանի ազգային համալսարանը՝ հանդիսանալով ակադեմիական քաղաքի գլխավոր հատակագիծը նախագծող գերմանական gmp International GmbH Architects and Engineers ընկերության գործընկերը: ՃՇՀԱՀ ռեկտոր Եղիազար Վարդանյանը, ներկայացնելով նախագծային աշխատանքների ընթացքը, նշել է, որ ակադեմիական քաղաքի հայեցակարգը նախագծվում է պրոֆեսիոնալ բարձր մակարդակով. «Նախագիծը քննարկվում է ամենայն մանրամասնությամբ՝ դիտարկելով յուրաքանչյուր դետալ: Մեր իրականության մեջ քաղաքաշինական որևէ նախագիծ, թերևս, այսպիսի մանրամասնությամբ չի քննարկվել մասնագետների կողմից: Այս նախագիծը մեզ համար՝ որպես ճարտարապետության և շինարարության ոլորտում կրթական ծրագիր իրականացնող բուհի, շատ հետաքրքիր և ուսանելի նորություն է»: Անդրադառնալով բովանդակային հարցերին՝ ԿԳՄՍ նախարարը տեղեկացրել է՝ նախարարությունն առանձին ուղղություններով հայեցակարգային 36 առաջարկ է  ստացել բարձրագույն ուսումնական հաստատություններից, որոնց մշակման և ամփոփման աշխատանքներում, բացի Հայաստանի ոլորտային փորձառու կազմակերպություններից և բուհերից, ներգրավվելու են նաև միջազգային գործընկերներ: Հանդիպման ընթացքում բուհերի ղեկավարները ներկայացրել են իրենց դիտարկումներն ու առաջարկները: Ժաննա Անդրեասյանը տեղեկացրել է, որ ակադեմիական քաղաքի սահիկաշարն առաջիկայում կներկայացվի բուհերի ռեկտորներին, և յուրաքանչյուր բուհում կլինեն հանդիպումներ՝ ծրագրի մանրամասների ներկայացման ու քննարկումների նպատակով: Բուհերի ռեկտորների հետ հանդիպման ընթացքում անդրադարձ է եղել նաև բուհերի խոշորացման գործընթացին. ԿԳՄՍ նախարար Ժաննա Անդրեասյանն ընդգծել է՝ գործընթացը բավականին բարդ է և բազմաշերտ, բայց դրա շրջանակում ցանկացած քայլ կատարվում է բարձրագույն ուսումնական հաստատությունների անմիջական ներգրավմամբ: «Յուրաքանչյուր բուհի հետ կունենանք առանձին քննարկում՝ ներկայացնելով նախագիծը: Սա բարդ և երկարատև գործընթաց է, որը չի կարող արդյունավետ իրականացվել՝ առանց բուհերի հետ համագործակցված աշխատանքի: Այս առումով նախարարությունը,  Բարձրագույն կրթության և գիտության կոմիտեն և բուհերը գործընկերներ են, որոնց միավորում է բարձրագույն կրթության և գիտության որակի բարելավումը, որը ենթադրում է բուհերում հետազոտության բաղադրիչի ուժեղացում: Կարևորում ենք բուհական հանրույթի հետ արդյունավետ համագործակցությունը և կարծում ենք՝ երկխոսությունը պետք է հանգեցնի այնպիսի մի իրավիճակի, որ «Ակադեմիական քաղաք» ծրագիրը հանրային ընկալումներում դիտարկվի ոչ միայն Կառավարության կամ նախարարության, այլև առաջին հերթին բուհերի ծրագիր: Ծրագրի իրական պտուղները տեսանելի են դառնալու ապագայում. դրա իրական շահառուներն այսօր դեռ դպրոցում սովորող աշակերտներն են, որոնց համար մենք ցանկանում ենք ապահովել որակյալ և մրցունակ բարձրագույն կրթության հնարավորություն»,- նշել է Ժաննա Անդրեասյանը: Հանդիպման ընթացքում քննարկվել է նաև ՀՀ կառավարության կողմից կրթաթոշակի տրամադրման նոր քաղաքականությունը, ըստ որի՝ պետության համար կարևոր և առաջնահերթ մասնագիտություններով ընդունելության գրավչության բարձրացման և առավել պահանջարկ ունեցող աշխատատեղերի համալրման խնդրի համաչափ կարգավորման նպատակով յուրաքանչյուր ուսումնական տարի հաստատվում է գերակա մասնագիտությունների ցանկ, և այդ մասնագիտություններով ընդունվածներին տրամադրվում է բարձր կրթաթոշակ: Ժաննա Անդրեասյանը բարձրագույն ուսումնական հաստատությունների ղեկավարներին առաջարկել է ներկայացնել առաջարկներ՝ մասնագիտությունների ցանկի համալրման նպատակով: Հանդիպման ընթացքում բուհերի ռեկտորները ներկայացրել են նաև իրենց հուզող հարցերը, որոնք վերաբերել են գիտական գործունեության նոր չափանիշներին, գնումների գործընթացին, մասնագիտությունների և տեղերի հաստատմանը և  ընթացիկ մի շարք այլ խնդիրների:
18:40 - 15 մարտի, 2024
ԵՊԿ ռեկտորը ներկայացրել է Կոնսերվատորիան առանձին կարգավիճակով պահպանելու հիմնավորումները

ԵՊԿ ռեկտորը ներկայացրել է Կոնսերվատորիան առանձին կարգավիճակով պահպանելու հիմնավորումները

ԵՊԿ ռեկտոր, պրոֆեսոր Սոնա Հովհաննիսյանը ներկայացրել է Երևանի Կոմիտասի անվան պետական կոնսերվատորիան առանձին կարգավիճակով պահպանելու հիմնավորումները. «Ամենայն հարգանքով վերաբերվելով գերատեսչական նախագծերին անհրաժեշտ եմ համարում օր առաջ հայտնել իմ դիրքորոշումն արվեստի բուհերի միավորման և Երևանի Կոմիտասի անվան պետական կոնսերվատորիան ապագա ակադեմիական քաղաքի մաս դարձնելու, տեղափոխելու վերաբերյալ: Վստահ եմ, որ այս հարցում արժե ականջալուր լինել պրոֆեսիոնալների կարծիքին, նախքան վերջնական որոշում կայացնելը: Գտնում եմ, որ Կոնսերվատորիան այլ արվեստի բուհերի հետ միավորելն առաջ կբերի մի շարք նոր խնդիրներ: Բոլոր ժամանակներում երաժշտական կրթության հարցը եղել է Հայաստանի պետական քաղաքականության առաջնահերթությունների շարքում, և երաժշտարվեստը մշտապես պատվով է կատարել  ազգային ինքնության ամենաներկայանալիներից մեկը լինելու իր առաքելությունը։ Այս պատմական պահին, երբ Հայաստանի պետականության պահպանումը բոլորիս գերնպատակն է, երաժշտական մշակույթի նշանակությունը տասնապատկվում է: 1. ԿՈՆՍԵՐՎԱՏՈՐԻԱՅԻ ՏԵՂԱԿԱՅՄԱՆ ԱՌԱՆՁՆԱՀԱՏԿՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ 1.1 Կոնսերվատորիան գտնվում է Երևանի կենտրոնում, ինչպես Փարիզի, Ժնևի, Մոսկվայի, Տալլինի, Լայպցիգի, Բեռլինի, Վիեննայի, Մյունխենի, Պրահայի, Վարշավայի, Բեռնի, Լիոնի, Բուդապեշտի, Ամստերդամի, Հռոմի, Մադրիդի, Թբիլիսիի, Կոպենհագենի, Պետերբուրգի և մի շարք այլ եվրոպական առաջատար Կոնսերվատորիաները։ Կոնսերվատորիայի շենքը տեղակայված է Oպերայի և բալետի ակադեմիական թատրոնի և «Արամ Խաչատրյան» համերգասրահի հարևանությամբ՝ ստեղծելով Օպերա-Ֆիլհարմոնիա-երաժշտական դպրոցներ-քոլեջներ-Կամերային երաժշտության ազգային կենտրոն-երաժշտական թանգարաններ և Կոնսերվատորիա համակարգված իդեալական երաժշտական բնական կամպուս-միջավայր՝ այն, ինչին միտված են ներկայիս պետական բարեփոխումները։ Տեխնիկական մասնագիտությունների համար միանգամայն ընդունելի է ուսումնառության կազմակերպումը կամպուսում, այնինչ մշակութային բուհերը մայրաքաղաքի մշակութային միջավայրի մաս են կազմում և այս պատճառով քաղաքաշինական նախագծերում Կոնսերվատորիան տեղակայված է փոքր կենտրոնում։ 1.2 Միևնույն ժամանակ, գտնվելով փոքր կենտրոնում, Կոնսերվատորիան հեռու է փողոցի երթևեկելի հատվածից՝ անջատված լինելով Կոմիտասի արձանի հարակից այգով, հեռու աղմուկից։ Կոնսերվատորիայի շենքի հեղինակների մտահղացմամբ ԲՈւՀ-ն այնպես է տեղակայված, որ ներսում ընթացող երաժշտական գործիքների և երգիչների պարապմունքների ձայները չխանգարեն շրջակայքին։ Սրանով լուծված է նաև մի շատ կարևոր այլ հարց, որն է՝ Կոնսերվատորիայի շենքում ուսանողների մշտապես պարապելու հնարավորությունը, որովհետև անհնարին է ուսանողների ժամեր տևող վարժանքները լսել բնակելի տարածքներում։ 1.3 Կոնսերվատորիայի դիրքը հարմար է նաև այն առումով, որ ուսանողներն ու դասախոսները, մեկ փողոց անցնելով, ներգրավվում են իրենց մասնագիտության կատարողական-գործնական մասին, որպես համերգի մասնակից-երաժիշտ և կամ ունկնդիր՝ այդպիսով հետ չմնալով համերգային ակտիվ գործունեությունից։ 1.4. Կոնսերվատորիան չունի այլ մասնաշենքեր, հետևաբար նաև դասախոսների և ուսանողների տեղաշարժերի հետ կապված խնդիրներ։ Չեմ ցանկանում ծանրաբեռնել ասելիքս` թվարկելով կոնսերվատորիական կրթության  մանրամասներ, որոնք հղկվել են տասնամյակների ընթացքում։ Դրանց խաթարումը հաստատապես ավելորդ խոչընդոտներ է ստեղծելու երաժիշտների պրոֆեսիոնալ կայացման համար։ 2. ԲՈՒՀԻ ԱՆՎԱՆՈՒՄԸ 2.1 Կարևոր հանգամանք է նաև այն, որ առանձին անվանմամբ Պետական կոնսերվատորիա ունենալն ինքնին պատվաբեր է մեր երկրի համար։ «Կոնսերվատորիա» անվանումը չի կրկնում որևէ բուհի անվանում։ Ունենալով համալսարանական ընդգրկում, այն, այնուամենայնիվ, ոչ համալսարան է և ոչ էլ ինստիտուտ։ Սա ևս երաժշտական կրթության ինքնատիպության մասին է խոսում, ինչը պատահական լինել չի կարող։ Որպես առանձին համակարգ, այն գործում է առավել ճկուն, մոբիլ է և կերպարային իմաստով՝ ամբողջական։ 2.2 Արվեստի բոլոր ճյուղերն ունեն իրենց առանձնահատկությունները, և դրանց մեկ համակարգում ընդգրկելը կբերի երաժշտակատարողական արվեստի դիմազրկման, բազմաթիվ նրբություններ մեկ կենտրոնին հասցնելու և բացատրելու անհարկի երկարաձգումների և դրանցից բխող նախաձեռնողականության նվազման։  3. ՎԵՐԱՆՈՐՈԳՄԱՆ ԳՈՐԾՆԱԿԱՆ ՓՈՒԼԻ ՄԵԿՆԱՐԿ 3.1 Պատերազմով և համավարակով պայմանավորված որոշ ժամանակային ձգձգումներից հետո, կոնսերվատորիայի հիմնանորոգումը մտավ գործնական փուլ։ Մեր երախտագիտությունն ենք հայտնում առ այն, որ չնայած մեր երկրի շուրջ ստեղծված դժվարագույն իրավիճակի, տասնամյակներ հետաձգված հիմնանորոգումը նախաձեռնվում և իրականանում է պետական որոշմամբ ու միջոցներով։ Հիմնանորոգում և ԲՈւՀ-ի տեղափոխություն՝ երկու իրարամերժ գործընթաց․․․ Կրել դժվարություններ և լռելյայն տեղափոխվե՞լ․․․ 4. ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ՀԱՎԱՏԱՐՄԱԳՐՄԱՆ ԱՐԴՅՈՒՆՔՆԵՐԸ 4.1 Միջազգային հավատագրման արդյունքներով բուհը  շենքային պայմանների մասով չունի միջազգային չափանիշների հետ կապված անհամապատասխանություններ։ 4.2 Շենքի հնարավորություններն ու ուսանողության թվաքանակը ևս համապատասխանում են միջազգային չափանիշներին։ 4.3 Կոնսերվատորիայի լսարանների առաստաղները  նախագծված են բարձր, ինչը ապահովում է անհրաժեշտ ռեզոնացիան` դա ևս մի առանձնահատուկ մասնագիտական նրբություն է։ 4.4 Շենքի հիմնանորոգման հետ կապված խնդիրները վերաբերում են կոմունիկացիաների, օդափոխության համակարգի ներդրման, ջրահեռացման հետ կապված թերություններին, չօգտագործվող նկուղային հատվածներն օգտագործելի դարձնելու, արևի էներգիայի միջոցով խնայողության հետ, որի մասին անձամբ բարձրաձայնել եմ իմ պաշտոնավարման առաջին իսկ օրից և ստացել կառավարության կողմից դրական արձագանք՝ Կոնսերվատորիայի հիմնանորոգման անհրաժեշտության հաստատում։ Հիմնանորոգման արդյունքում այս բացերը կվերացվեն՝ բուհի ներկա շենքային պայմանները հասցնելով միջազգային չափանիշների, դարձնելով այն առավել գրավիչ։ Հարկավոր չէ տուրք տալ կեղծ լուրերին, թե իբր հիմնանորոգվող մասնաշենքի դասասենյակներին կից առանձին լողասենյակներ են կառուցվում՝ հետագայում շենքը հյուրանոց դարձնելու նպատակով։ Ամենայն պատասխանատվությամբ հայտարարում եմ, որ լողասենյակներ նախագծված չեն հիմնանորոգվող մասնաշենքում։ 5. ՈՒՍՄԱՆ ՈՐԱԿԻ ԱՐԴՅՈՒՆԱՎԵՏՈՒԹՅՈՒՆ` ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ՉԱՓԱՆԻՇՆԵՐԻ ՀԱՄԱՁԱՅՆ 5.1. Երևանի պետական կոնսերվատորիայի շրջանավարտները սպասված մասնագետներ են լավագույն միջազգային համերգային հարթակներում: Ուսումնառությունն ավարտելուն պես մեր ուսանողները աշխատում են բազմաթիվ երկրների օպերային թատրոններում, սիմֆոնիկ և կամերային նվագախմբերում, ուստի արդյունավետության ցուցանիշներով  Կոնսերվատորիան մնում է բարձր դիրքերում։ Այս պահին էլ մեր ուսանողները փայլում են Կոնսերվատորիայում ընթացող «Էրազմուսի» ուսումնական և համերգային ծրագրերում։ Ուսանողների այսպիսի արդյունքները միայն իրենց տաղանդին վերագրելը արդար չէր լինի։ 5.2.  Նշեմ, որ օտարերկրյա ուսանողների թվով Կոնսերվատորիան, տոկոսային հարաբերությամբ, հանրապետությունում առաջատարն է։ 5.3. Վերջին ուսումնասիրությունների համաձայն Կոնսերվատորիայի շրջանավարտների 80%-ն աշխատում է մասնագիտությամբ։ 6. ALMA MATER-100 6.1. ԵՊԿ-ն միակ համահայկական երաժշտական բարձրագույն ուսումնական հաստատությունն է՝ երաժշտական Alma Mater-ը, ԵՊՀ-ից հետո հիմնադրված երկրորդ պետական բուհը։ 2021 թվականին, չնայած հետպատերազմյան հոգեբանական բարդագույն շրջանի, բուհը պետական աջակցությամբ նշեց իր 100-ամյա հոբելյանը, ինչը երաժշտական բարձրագույն կրթության նկատմամբ պետական հոգածության օրինակ է։ 6.2. Կոնսերվատորիայի մասնագիտական կրթական ծրագրերը չեն կրկնում որևէ այլ բուհի կրթական ծրագրերը։ Իմ պաշտոնավարման առաջին տարում միավորվել են միևնույն գործառույթներով աշխատող մի շարք ամբիոններ։ Բուհն ունի նոր մասնագիտացումների պահանջ․ այս պահին մշակվում է մանկավարժական մասնագիտացման` երաժշտական մանկավարժության ուսումնական ծրագրերի փաթեթը, որի շահառուները բացառապես մեր բուհի ուսանողներն են լինելու։ Մասնագիտական որակի ապահովման տեսակետից ևս, ճիշտ չեմ համարում երաժշտակատարողական կրթության և արվեստի մյուս ճյուղերի կրթական գործընթացների միավորումը։ 7. ՂԱԶԱՐՈՍ ՍԱՐՅԱՆԻ ԱՆՎԱՆ ՕՊԵՐԱՅԻՆ ՍՏՈՒԴԻԱ 7.1. Կոնսերվատորիայի ամենակարևոր լաբորատորիաներից է Օպերային ստուդիան, որը հիմնական շենքի մաս է կազմում և որի ակտիվ գործունեության մասին են վկայում ստուդիայի նորանոր պրեմիերաները։ Ստուդիան հիմնադրվել է կոմպոզիտոր Ղազարոս Սարյանի (Մարտիրոս Սարյանի որդու) ջանքերով, ով շուրջ 26 տարի ղեկավարել է Կոնսերվատորիան։ Անհավանական է, բայց՝ փաստ, որ դժվարագույն պայմաններում իրականանում է օպերային ժանրի այլընտրանքային մի հարթակ՝ հաղթահարելով ժանրի ողջ արտադրական պրոցեսի խնդիրները՝ դեկորներ, հանդերձանք, պրոյեկցիաներ։ Օպերային ստուդիայի բոլոր նախաձեռնություններին  ներկա են եղել և աջակցել են նոր սերնդի հայ աշխարհահռչակ մշակութային գործիչներ` թավջութակահար Նարեկ Հախնազարյանը, ջութակահար Սերգեյ Խաչատրյանը, նկարիչ Տիգրան Ձիթողցյանը։ Ստուդիայի աշխատանքներին մշտապես աջակցել են ՀԱՖՆ գեղարվեստական ղեկավար և գլխավոր դիրիժոր Էդուարդ Թոփչյանն ու նվագախմբի առաջատար երաժիշտները։ Ստուդիայի գեղարվեստական ղեկավարն է ՀՀ ժողովրդական արտիստուհի Հասմիկ Պապյանը։ Ստուդիան իր շուրջն է համախմբել նաև արտերկրում բնակվող մի շարք գործիչների։ Այս թանկարժեք ծրագրերն իրականանում են արտակոնսերվատորիական ներդրումների հաշվին՝ գեղարվեստական ղեկավարի նվիրման և ջանքերի շնորհիվ։  Մասնակիցներն ու ղեկավարությունն իրագործում են այս ամենը անշահախնդրորեն։ Իրականացվել են երեք բարդագույն օպերաների պրեմիերաներ և մի շարք թեմատիկ համերգներ։ 8. ԵՊԿ-Ի ՖՈՆԴԵՐՆ ԻԲՐԵՎ ՈՂՋ ԵՐԱԺՇՏԱԿԱՆ ՀԱՄԱԿԱՐԳԻ ՕԳՏԱԳՈՐԾՄԱՆ ԱՂԲՅՈՒՐ/ԿԵՆՏՐՈՆ8.1. ԵՊԿ-ի հարստության մաս են կազմում Կոնսերվատորիայի գրադարանը, ձայնադարանն ու ֆոլկլորագիտության ֆոնդերը, որոնք սպասարկում են ոչ միայն Կոնսերվատորիային, այլև երաժշտական ողջ համակարգը՝ ներառյալ երաժշտական ու արվեստի դպրոցները, քոլեջները, թանգարանները։ Խաթարման վտանգի կբերվեն նաև այս երկարամյա համակարգված կապերը, երաժշտական օղակների հետ առնչությունները: 9. ՄԱՆԿԱՎԱՐԺԱԿԱՆ ՊՐԱԿՏԻԿԱՅԻ ՉԵՂԱՐԿՄԱՆ ՎՏԱՆԳ 9.1. Մանկավարժական, կատարողական և գիտամանկավարժական (բակալավրիատ և մագիստրատուրա) պրակտիկան մեր ուսանողներն անցկացնում են արտագնա ձևաչափով՝ շենքի մոտակայքում գտնվող մասնագիտացված ստուդիաներում, դպրոցներում և քոլեջներում, որոնց հետ գործնական կապեր են հաստատված: Կոնսերվատորիայի տեղափոխման պահից այս ձևաչափը հարկադրաբար կկասեցվի՝ վտանգելով մեր բուհի միջազգային չափանիշներին համապատասխանեցման կարևոր գործընթացը: 10. ՁԱՅՆԱԳՐՄԱՆ ՍՏՈՒԴԻԱ-ԼԱԲՈՐԱՏՈՐԻԱ 10.1. Վերջին տարիներին Կոնսերվատորիայում ընթանում են նաև ձայնագրման ստուդիա-լաբորատորիայի ակտիվ աշխատանքներ: Բուհի բազմաթիվ միջոցառումները սպասարկելուց բացի, այն յուրաքանչյուր ուսումնական տարեսկզբին թողարկում է Կոնսերվատորիայի լավագույն շրջանավարտների կատարումներն ընդգրկող ձայնասկավառակներ։ Միայն այս տարի թողարկվել է ներբուհական մրցույթների հաղթողների երեք ձայնասկավառակ։ԱՌԱՋԱՐԿՈՒՄ ԵՆՔ ապագա կամպուսում ստեղծել երաժշտության առանձին ֆակուլտետ, որին պատրաստ ենք աջակցել։ Հուսանք, որ այն կդառնա մրցակցային-այլընտրանքային երաժշտական ևս մեկ կրթական հնարավորություն, կլինի գրավիչ, նախընտրելի և կապացուցի իր  առավելությունները։ ԵՊԿ ողջ անձնակազնը իր անհամաձայնությունն է հայտնել մարտի 12-ին կայացած կոնսերվատորիական ընդհանուր ժողովի ժամանակ՝ հարյուրամյա ԲՈւՀ-ը ֆակուլտետ դարձնելու, իր միջավայրից կտրելու և ակադեմիական քաղաքում ուսումնառությունը կազմակերպելու ծրագրին։ Միջավայրը ձևավորվում է երկարամյա աշխատանքի և սերունդների հերթափոխման, մի շարք արժեհամակարգային կուտակումների արդյունքում, ինչի հետ հարկավոր է հաշվի նստել։   Երբ բուհի առջև ծառացած մի շարք խնդիրներ հրատապ լուծումներ են պահանջում, ֆիզիկապես բուհի այլ տարածք տեղափոխությունն ու այլ բուհի հետ միավորումն ուղղակի շռայլություն կարելի է համարել։ Բուհն ունի.✓ Երաժշտական գործիքների ձեռքբերման անհրաժեշտություն, ինչի ուղղությամբ արված է և արվում է  մեծ աշխատանք:✓ Աշխատավարձերի բարձրացման հետ կապված պահանջվում են  անհետաձգելի լուծումներ։Վերջին կետի հետ կապված, կարծում եմ, անհրաժեշտ են հավելյալ պարզաբանումներ:Բանն այն է, որ կրթական համակարգի մաս լինելով հանդերձ, Կոնսերվատորիան աշխատում է բոլոր բուհերից տարբերվող ձևով՝ յուրաքանչյուր ուսանողի հետ անհատապես։ Սա է պատճառը, որ մեկ ուսանող - մեկ դասախոս ֆինանսավորումը չնչին է` ի տարբերություն այլ բուհերի մեկ կուրս - մեկ դասախոս ֆինանսական հարաբերակցության։ Իրականում սա թանկ կրթություն է, որը որևէ եզր չունի միջազգային երաժշտական կրթության պետական և մասնավոր վարձատրության չափի հետ։ Եվրոպական կոնսերվատորիաների վարձավճարը կազմում է տարեկան 30 000- 40 000 եվրո, մասնավոր ժամի արժեքը սկսվում է ժամում 50 եվրոյից։ Մեր բուհի նկատմամբ պահաջները միջազգային են, աշխատավարձերը՝ անհամեմատելի. ժամի արժեքը՝ մոտ 2-3 դոլարին համարժեք դրամ է կազմում։ Խորհրդային շրջանում Կոնսերվատորիայի դասախոսը բուհական համակարգի ամենաբարձր վարձատրվողներից էր։ Արվեստի բուհերի միավորումը չի կարող որակապես դրական կերպով ազդել կոնսերվատորիական կրթության արդյունավետության վրա։ Այլ բուհերի համեմատ մի քանի անգամ ցածր աշխատավարձի պայմաններում աշխատող պրոֆեսորադասախոսական անձնակազմն ապահովում է հանրապետական երաժշտապրոֆեսիոնալ կադրերի պահանջարկն ու ամենաբարձր կարգի բեմահարթակներում և մրցույթներում մեր շրջանավարտների ներկայացվածությունը։ Տեխնոլոգիաները, թվայնացման նորագույն նվաճումներն ու արհեստական ինտելեկտը դեռևս  չեն ստեղծել հին վարպետներ՝ Ստրադիվարիուսի, Գվարներիի որակի և կատարելության գործիքներ։ Այսօր էլ հնագույն ջութակը մնում է անգերազանցելի, և այն ձեռքն առնելը լրջագույն վաստակ է պահանջում։ Սա մեր ոլորտի առեղծվածներից է։ Ամեն բանի նորը չէ, որ լավ է՝ որքան էլ պարադոքսալ հնչի։ Հարմոնիայի դասընթացի կարևորագույն օրենքն ասում է՝  հարմոնիայի խնդիրը ճիշտ է լուծված, բայց երաժշտականորեն՝ վատ։ Ինչպե՞ս բացատրել սա ոլորտից հեռու մարդկանց, չգիտեմ, քանի որ ակադեմիական երաժշտությունն իր օրենքներն ու բանաձևերն ունի։ Օրական 8-10 ժամ պարապող ուսանողի և առավոտից մինչև ուշ երեկո Կոնսերվատորիայում գտնվող դասախոսի ծանրաբեռնվածությունը պետականորեն վերակազմակերպելու կարիք ամենևին չկա։ Համավարակի ծանր շրջանն ուղղակի ողբերգություն էր Կոնսերվատորիայի համար։ Արվեստի միակ անբեկանելի չափանիշը մնում է անզուգականությունը, անհատականությունը՝ ԱՆՆՄԱՆԸ։  Տաղանդը խելացի է։ Այսպես են մտածում մեր ոլորտի բազմաթիվ տաղանդավորներ։ Ականջալուր լինենք նրանց և միայն կշահենք։ Չպետք է թույլ տալ, որ խառնակ ժամանակների հորձանուտը կլանի նուրբ աշխարհների հմայքը»։  
09:46 - 14 մարտի, 2024
Կոմպոզիտորների միությունը դեմ է, որ Կոնսերվատորիան այլ կառույցի մաս լինի․ Հայաստանի Կոմպոզիտորների Միություն

Կոմպոզիտորների միությունը դեմ է, որ Կոնսերվատորիան այլ կառույցի մաս լինի․ Հայաստանի Կոմպոզիտորների Միություն

Կոմպոզիտորների միությունը դեմ է, որ Կոնսերվատորիան այլ կառույցի մաս լինի։ Այս մասին տեղեկանում ենք Հայաստանի Կոմպոզիտորների Միության տարածած հայտարարությունից։ «Այն, որ ԲՈւՀ-երի միավորման հարցն առայժմ դեռ նախագծի տեսքով է, դեռ երաշխիք չէ, որ չի կարող իրականություն դառնալ: «Միավորվող» ԲՈՒՀ-երի ցանկի մեջ է նաև Երևանի Կոմիտասի անվան պետական կոնսերվատորիան, մեր պետության թիվ մեկ պրոֆեսիոնալ բարձրագույն երաժշտական հաստատությունը, կառույց, որն իր մեկդարյա գոյության ընթացքում բազմաթիվ անգամ հաստատել է թե՛ իր բարձր կարգը, թե՛ իր նշանակության կարևորությունը ինչպես հայ, այնպես էլ համաշխարհային երաժշտարվեստում: Մայրաքաղաքի սրտում կառուցված երաժշտական դարբնոցի շենքը, որպես կառույց, լրացնում է այն հսկա մշակութային համալիրը, որի մեջ ներառված են քաղաքի գլխավոր համերգասրահները, երաժշտական դպրոցները, պարարվեստի ուսումնարանը և այլն, ուստի կոնսերվատորիայի տեղափոխությունը այլ վայր ուղիղ իմաստով կանդրադառնա հաստատության օրգանիկ գործունեության վրա: Բացի այդ, միավորվելով այլ ԲՈՒՀ-երի հետ, փաստացի կդադարի գործել որպես ինքնուրույն կառույց, ինչը ևս ոչ մի կերպ օգուտ չէ հաստատությանը, առավել ևս, որ հայ ազգային կոմպոզիտորական դպրոցի հիմնադրի՝ մեծանուն Կոմիտասի անունն այս դեպքում կհայտնվի, մեղմ ասած, լուսանցքում: Ավելորդ չէ նշել, որ աշխարհի բազմաթիվ երկրներում կան ակադեմիական քաղաքներ, սակայն դա որևէ կերպ չի ազդել, որ փակվեն երկրի համար կենսական նշանակություն ունեցող կոնսերվատորիաները: Ընդհակառակը, պետությունները շարունակել են իրենց բարձր հոգածության ներքո պահել այդ հաստատությունները: Ի վերջո մշակույթի բարձր մակարդակը ցանկացած պետության դիմագիծն է:Պետք է ջանք ու եռանդ չխնայել, որպեսզի մեր ազգային արժեքներից մեկը՝ Երևանի Կոմիտասի անվան պետական կոնսերվատորիան 21-րդ դարում նորովի զարգանա՝ շարունակելով լինել թե՛ մեր մայրաքաղաքի, թե մեր ժողովրդի առանցքային կրթօջախներից մեկը: Ուստի այս առիթով, Հայաստանի կոմպոզիտորների միությունը, որի կազմում ընդգրկված գրեթե բոլոր անդամներն ավարտել են հենց այս հաստատությունը, իսկ մի մասն անգամ աշխատում է այդտեղ, իր աջակցությունն է հայտնում Երևանի պետական կոնսերվատորիան իր շենքում գործունեությունը շարունակելու և որևէ այլ կառույցի մաս չկազմելու գաղափարին»,- ասված է հայտարարության մեջ: Հիշեցնենք, որ մարտի 7-ին armlur.am կայքը հրապարակել էր մի ցանկ, որտեղ նշված էր, թե ակադեմիական քաղաքում և դրանից դուրս կառուցվելիք կլաստերներից յուրաքանչյուրում գիտական որ կազմակերպություններն ու բուհերն են միավորվելու։  Ավելի ուշ Կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարաությունը (ԿԳՄՍՆ) հայտարարություն տարածեց՝ նշելով, որ հրապարակված ցանկը «Ակադեմիական քաղաք» հիմնադրամի աշխատանքային նամակագրությունից արտահոսք է, իսկ կլաստերների կառուցվածքը դեռևս մշակման փուլում է։ 
21:59 - 13 մարտի, 2024