Կարեն Անդրեասյան

ՀՀ արդարադատության նախարարն է․ այս պաշտոնին նշանակվել է 2021թ․ օգոստոսի 3-ին։

Կարեն Անդրեասյանը ծնվել է 1977 թվականին։ 1994-2002 թթ. սովորել և մասնագիտացել է մի շարք հաստատություններում, այդ թվում՝ Երևանի պետական համալսարանի իրավաբանական ‎ֆակուլտետում և նույն ֆակուլտետի ասպիրանտուրայում, ԱՄՆ Քալիֆորնիայի նահանգի Բերկլիի համալսարանում, Մեծ Բրիտանիայի Օքսֆորդի համալսարանում, Մարդու իրավունքների կանադական կենտրոնում, Նիդերլանդների եվրոպական լրագրության կենտրոնում։

1997-2000 թթ. աշխատել է ՀՀ պետական մի շարք մարմիններում՝ Երևանի քաղաքապետարանում, ՀՀ պաշտպանության նախարարությունում, առաջին ատյանի դատարանում, ինչպես նաև դասավանդել է մարդու իրավունքներ և վարչական իրավունք թիվ 120 միջնակարգ դպրոցում և ՀՀ Ոստիկանության ակադեմիայում։

2001-2007 թթ. դասավանդել է Երևանի պետական համալսարանի իրավաբանական ֆակուլտետում։

2001-2003 թթ. համատեղությամբ աշխատել է մի շարք հասարակական կազմակերպություններում, այդ թվում՝ ՀՀ իրավաբանների միության անվճար իրավական օգնության կենտրոնում /որպես տնօրեն/, «Քաղաքացիական կրթության ծրագիր» միջազգային կազմակերպությունում /որպես ծրագրի համակարգող/, «Ինտերնյուս» հասարակական կազմակերպությունում /որպես իրավաբան/։ Նշված ժամանակաշրջանում նաև դասավանդել է մարդու իրավունքներ Աբխազիայում, Հարավային Օսիայում և Ղարաբաղում անցկացված լրագրողների համար նախատեսված սեմինարներին։

2003 թվականին աշխատել է Մեծ Բրիտանիայի Օքսֆորդի համալսարանի Սոցիոլոգիական և իրավական հետազոտությունների կենտրոնում՝ որպես ավագ գիտաշխատող։

2003-2004 թթ. որպես միջազգային փորձագետ և խորհրդատու՝ աշխատել է Մեծ Բրիտանիայում գտնվող «Հոդված 19» միջազգային կազմակերպությունում, Հունգարիայում տեղակայված «Բաց Հասարակության իրավական նախաձեռնություն» միջազգային կազմակերպությունում, Բուլղարիայի «Տեղեկատվության մատչելիություն» կազմակերպությունում։

2005-2008 թթ. աշխատել է Ամերիկյան իրավաբանների ընկերակցությունում՝ որպես իրավաբան, հետո գլխավոր իրավաբան, այնուհետև փոխտնօրեն։

2006-2007 թթ. համատեղությամբ աշխատել է որպես ՀՀ Սահմանադրական դատարանի նախագահի խորհրդական։

2008 -2011 թվականներին «ԴԻՖԵՆՍ» իրավաբանական ընկերության տնօրենն էր։

2007-2010 թթ. իրականացրել է մի շարք հեռուստատեսային և հասարակական նախագծեր, այդ թվում՝ Եվրոպական լրագրության կենտրոնի հետ համատեղ կազմակերպել է տեղեկատվական իրավունքի և հետաքննական լրագրության բուհական մրցույթ լրագրող և իրավաբան ուսանողների համար, վարել է «Երկրի թեմա» հաղորդաշարը «Երկիր Մեդիա» հեռուստաընկերությունում, «Իրականում» հաղորդաշարը՝ «Արմենիա» հեռուստաընկերությունում։

2011 թ. մարտի 2-ին ՀՀ Ազգային ժողովի որոշմամբ ընտրվել է ՀՀ Մարդու իրավունքների պաշտպան[1]։

2016 թ. հունվարի 12-ին Կարեն Անդրեասյանը ներկայացրել է հրաժարականի դիմում։ 2016 թ. հունվարի 18-ին կրկնել է հրաժարականի դիմումը, և այն համարվել է ընդունված։

Ազգային ժողովում արտահերթ կարգով Կարեն Անդրեասյանին և Երանուհի Թումանյանցին ընտրում են ԲԴԽ անդամ |hetq.am|

Ազգային ժողովում արտահերթ կարգով Կարեն Անդրեասյանին և Երանուհի Թումանյանցին ընտրում են ԲԴԽ անդամ |hetq.am|

hetq.am: Ազգային ժողովում պատգամավորների նախաձեռնությամբ արտահերթ նիստ է հրավիրվել` Բարձրագույն դատական խորհրդի (ԲԴԽ) երկու անդամ ընտրելու նպատակով: Ազգային ժողովի «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցությունը ԲԴԽ անդամի պաշտոնում առաջացած երկու թափուր տեղերի համար թեկնածուներ է առաջադրել արդարադատության նախարար Կարեն Անդրեասյանին (երեկ աշխատանքից ազատվելու դիմում է ներկայացրել) և արդարադատության նախարարի տեղակալ Երանուհի Թումանյանցին (Թումանյանցը երեկ ազատվել է արդարադատության նախարարի տեղակալի պաշտոնից)։  Գրանցվել է 58 պատգամավոր: Ընդդիմադիր պատգամավորները չեն մասնակցում նիստին: Թեկնածուներին ԱԺ ամբիոնից ներկայացնում է ՔՊ խմբակցության պատգամավոր, պետական-իրավական հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Վլադիմիր Վարդանյանը: Հիշեցնենք, որ ԲԴԽ նախագահի պաշտոնակատար Գագիկ Ջհանգիրյանը 2022թ. հուլիսի 1-ին հրաժարականի դիմում էր ներկայացնել, ինչը պայմանավորել էր «առողջական խնդիրներով»: Սակայն, հանրությանը հայտնի է, որ նրա հրաժարականն իրականում պայմանավորված էր ԲԴԽ նախկին նախագահ Ռուբեն Վարդազարյանի հրապարակած ձայնագրությամբ:  Այս տարվա փետրվարի 20-ին Ջհանգիրյանի մասնակցությամբ զրույց էր տեղի ունեցել: Ջհանգիրյանը հորդորել էր Վարդազարյանին ինքնակամ հեռանալ խորհրդի նախագահի պաշտոնից` երաշխավորելով, որ նրա դեմ քրեական գործեր չեն հարուցվի։ Հենց այդ զրույցի ձայնագրությունն էլ հունիսի 20-ին հրապարակել էր Վարդազարյանը: Դրանից հետո իրավապապաշտպանները պահանջեցին, որպեսզի Գագիկ Ջհանգիրյանը հրաժարականի դիմում ներկայացնի: ԲԴԽ-ում հաջորդ թափուր տեղն առաջացել է Լիպարիտ Մելիքջանյանի` Վճռաբեկ դատարանի  հակակոռուպցիոն պալատի հակակոռուպցիոն քաղաքացիական գործերով քննության դատական կազմի դատավոր նշանակվելու հանգամանքով:  Վերջինս այդ պաշտոնում նշանակվել է հուլիսի 4-ին:
12:59 - 06 հոկտեմբերի, 2022
Արդար դատարանը միշտ եղել է իմ երազանքը. Կարեն Անդրեասյանը՝ ԲԴԽ անդամի թեկնածու |1lurer.am|

Արդար դատարանը միշտ եղել է իմ երազանքը. Կարեն Անդրեասյանը՝ ԲԴԽ անդամի թեկնածու |1lurer.am|

1lurer.am: Ազգային ժողովը քննարկում է ԲԴԽ անդամների ընտրության հարցը: ԱԺ պետաիրավական հարցերի հանձնաժողովի նախագահ Վլադիմիր Վարդանյանը ներկայացրեց Կարեն Անդրեասյանի կենսագրությունը: 2011 թվականին նա ընտրվել է ՀՀ ՄԻՊ, պաշտոնավարել մինչև 2016 թվականը: 2016-21 թթ. կատարել է փորձագիտական և խորհրդատվական աշխատանքներ, զբաղվել նաև ձեռնարկատիրական գործունեությամբ: 2021 թվականի օգոստոսի 3-ին նշանակվել է ՀՀ արդարադատության նախարար: Պաշտոնավարումը դադարեցրել է վերջերս: Անդրեասյանը շուրջ 20 հրապարակված գիտական հոդվածների, ուսումնական ձեռնարկների ու այլ աշխատությունների հեղինակ է: Իր խոսքում Անդրեասյանը նշեց, որ եթե լինի վստահության քվե, ինքը կլինի ԲԴԽ այն անդամներից մեկը, որը կգործի արդար: «Դա արդեն բավական է ավելի շատ բան անելու դատական համակարգի համար, քան այն բոլոր պաշտոններում, որ ինձ շանս է տրվել ունենալ: Արդար դատարանը միշտ եղել է իմ երազանքը, և սա հնարավորություն է ի վերջո իմ երազանքին մոտենալու»,- ասաց նա:
12:55 - 06 հոկտեմբերի, 2022
Այսօր ավարտվեց իմ պաշտոնավարումը․ Կարեն Անդրեասյան

Այսօր ավարտվեց իմ պաշտոնավարումը․ Կարեն Անդրեասյան

Այսօր ավարտվեց իմ պաշտոնավարումը` որպես Հայաստանի Արդարադատության նախարար. ֆեյսբուքի իր էջում գրել է ՀՀ արդարադատության նախարար Կարեն Անդրեասյանը։ «Մեկ տարուց ավելի իմ աշխատանքի ընթացքում ձեռք են բերվել հետևյալ արդյունքները. 1. Ձևավորվեցին Հակակոռուպցիոն դատարաններ երեք ատյաններում (առաջին ատյան, վերաքննիչ և վճռաբեկ): Նոր դատարանների համար ստեղծվեցին նոր ենթակառուցվածքներ: 2. Պարեկային ոստիկանությունն ընդլայնվեց դեպի 6 նոր մարզեր: Գործող պարեկների կարողություններն ավելացան: Ներքին գործերի նախարարության ձևավորման հայեցակարգային աշխատանքները և իրավական փաթեթի մշակման աշխատանքները վերջնականացվեցին: 3. Ստեղծվեց և հաջողությամբ սկսեց գործել Հակակոռուպցիոն կոմիտեն՝ անձնակազմի համալրման և ընդհանուր կառավարման նոր չափանիշներով: 4. Մշակվեց Հայաստանի նոր Արբիտրաժային կենտրոնի կառուցվածքն ու մոդելը և ձևավորվեց արբիտրաժի ոլորտի հայտնի մասնագետների մեծ ցանց։ Մշակվեց Արբիտրաժային նոր կենտրոնի կանոնադրության նախագիծը և «Արբիտրաժի մասին» օրենքում փոփոխության նախագիծը։ 5. Լրամշակվեց և ընդունվեց Հանրային կառավարման բարեփոխումների ռազմավարությունը: Ձևավորվեց այն իրագործող ղեկավար թիմը: 6. Հանրային ծառայությունների միասնական գրասենյակներ բացվեցին Գյումրի և Վանաձոր քաղաքներում: Նախապատրաստվեց հաջորդ գրասենյակի նոր հայեցակարգը Աբովյան քաղաքում, որը կմատուցի 450 հանրային ծառայություններ՝ այսօրվա 110-ի փոխարեն։ 7. Նախարարության Փորձագիտական կենտրոնը համալրվեց փորձաքննության համար անհրաժեշտ ամենաժամանակակից սարքավորումներով և տեխնիկական հագեցվածությամբ: Փորձագետների աշխատավարձերը բարձրացվեցին 80 տոկոսով։ Մաքրվեց տարիներով ձգձգված փորձագիտական եզրակացությունների կուտակումը: 8. Վճռաբեկ և սահմանադրական դատարանների դատավորների աշխատավարձերը բարձրացվեցին 50 տոկոսով։ Տարբեր դատարաններում և դատական ատյաններում դատավորների թիվն ընդհանուր առմամբ ավելացավ 50-ով։ 9. Մեկնարկեց քաղաքացիական դատավարության թվային մոդուլի մշակումը։ 10. Ավարտական փուլում է քրեական գործերով մինչդատական ​​վարույթի էլեկտրոնային կառավարման համակարգի ձևավորումը։ 11. Մեկնարկեցին էլեկտրոնային արդարադատության միասնական հարթակի (e-justice.am) մշակման, ինչպես նաև վարչական, քրեական, սնանկության և հակակոռուպցիոն դատական գործընթացների թվայնացման աշխատանքները: 12. Գրեթե ավարտին հասցվեցին Պրոբացիայի էլեկտրոնային համակարգը (e-probation) և բժշկական էլեկտրոնային համակարգը (e-health), որոնք կգործեն մինչև տարեվերջ։ 13. Մեկնարկեցին Հարկադիր կատարումն ապահովող ծառայության էլեկտրոնային կառավարման նոր համակարգի (e-cesa), ինչպես նաև նոտարական էլեկտրոնային կառավարման համակարգի (e-notary) մշակման աշխատանքները։ 14. Հարկադիր կատարումն ապահովող ծառայության էլեկտրոնային կառավարման նոր համակարգի ծրագրի գործարկումն ապահովելու նպատակով ձեռք բերվեց սերվերային նոր և բավականաչափ տարողունակ հանգույց։ 15. Ավարտական փուլ հասցվեց Սնանկության էլեկտրոնային հարթակի (e-bankruptcy) մշակումը: 16. Ընդունվեց դատաիրավական բարեփոխումների լիովին նոր որակի ռազմավարությունը, որն անդառնալի և խիստ իրատեսական է դարձնում այս ոլորտի տասնյակ բարեփոխումները մինչև 2026 թվականը։ 17. Ընդունվեցին քրեական և քրեական դատավարության նոր օրենսգրքերը գործարկող և բարելավող շուրջ 100-ից ավելի օրենսդրական ակտեր: 18. Մշակվեց Ընտրական օրենսգրքի բացերի վերաբերյալ ծավալուն զեկույց, որի հիման վրա էլ ավելի կբարելավի գործող ընտրական օրենսգիրքը: 19. Ընդունվեց և ուժի մեջ մտավ Քրեակատարողական նոր օրենսգիրքը, որը փոխարինեց շուրջ քսան տարի առաջ ընդունված և խորհրդային տրամաբանությամբ գրված հին օրենսգրքին: 20. Մշակվեց և ընդունվեց «Հաշտարարության մասին» օրենքում փոփոխությունների համապարփակ նախագիծ (պարտադիր հաշտարարություն, առցանց հաշտարարություն, հաշտարարների որակավորման նոր համակարգ և այլն): 21. Մշակվեց և շրջանառության մեջ դրվեց «Պրոբացիոն ծառայության մասին» օրենքի նոր նախագիծ։ 22. Փաստաբանական համայնքի հետսերտ համագործակցությամբ և բացառիկ փոխհամաձայնությամբ մշակվեց ու ընդունվեց «Փաստաբանության մասին» օրենքում փոփոխությունների փաթեթը: 23. Ձեռք բերվեց էլեկտրոնային մոնիթորինգի համակարգը՝ կալանքին այլընտրանք հանդիսացող տնային կալանք և վարչական հսկողություն խափանման միջոցները կիրառելու նպատակով։ Ընդհանուր համակարգը պատրաստ կլինի շահագործման մինչև տարեվերջ։ 24. Մշակվեց Էրեբունի վարչական շրջանի տարածքում նոր քրեակատարողական հիմնարկի կառուցման հայեցակարգը: Նոր հիմնարկը կփոխարինի Երևանում գործող 4 հիմնարկներին: Կատարվեց եռաչափ մոդելավորում և մշակվեց ճարտարապետական ​​նախագծման տեխնիկական առաջադրանքը: 25. «Արմավիր» քրեակատարողական հիմնարկում գրեթե ավարտին է հասցվել օդափոխության նոր համակարգի ներդրման աշխատանքները, որը կտրուկ կբարելավի բանտարկյալների կենցաղային պայմանները, ինչպես նաև ներդրվեց տեսահսկման ժամանակակից համակարգ, որը կանխում է բազմաթիվ նոր հանցանքներ։ 26. 19 տարեկանից բարձր տարիքի դատապարտյալները պետական ​​աջակցությամբ սկսեցին միջնակարգ կրթություն ստանալ։ 27. Մեկնարկեց քրեակատարողական հիմնարկներում տեսազանգերի միջոցով փաստաբան-վստահորդ հաղորդակցումը կազմակերպելու ծրագիրը։ Այն պատրաստ կլինի օգտագործման մինչև տարեվերջ։ 28. Քրեակատարողական հիմնարկներում մահերը կանխելու նպատակով մշակվել և պիլոտավորման հենքով արդեն իսկ կիրառվում են ինքնավնասման և ինքնասպանության ռիսկի, ինչպես նաև հոգեկան առողջության սկրինինգի և ռիսկերի գնահատման գործիքները: 29. Ներդրվեցին քրեակատարողական հիմնարկներում խոշտանգումների կամ դաժան վերաբերմունքի այլ ձևերի արձանագրումների հետ կապված բժշկական զննումների պատշաճ գրանցման գործիքներ։ Ազատազրկված անձանց պատշաճ բժշկական օգնությունն ու սպասարկումն ապահովելու նպատակով ձեռք բերվեցին ժամանակակից բժշկական սարքավորումներ։ 30. Պրոբացիայի ծառայության մի շարք գրասենյակներ հիմնանորոգվեցին, շահառուների հետ անհատական հոգեբանական աշխատանքի համար ստեղծվեցին առանձին սենյակներ, ապահովվեց ծառայության տեխնիկական հագեցվածությունը։ Այս ցանկը, բնականաբար, սպառիչ չէ: Կատարվել են բազմաթիվ այլ աշխատանքներ, որոնք նախապատրաստել են մի շարք նոր նախագծեր ու միջոցառումներ, որոնք շուտով իրապես բարելավելու են արդարացիորեն այդքան քննադատված արդարադատության ոլորտը: Ի վերջո, ամենօրյա ռեժիմով, գրեթե անխափան գործել են նախարարության ենթակա մի քանի տասնյակ կառույցներ ու ստորաբաժանումներ: Այս ամենն իհարկե կատարվել է Արդարադատության նախարարության թիմի հազարավոր նվիրյալների և նրանց մի քանի տասնյակ փայլուն ղեկավարների ջանքերով: Ես պարզապես աշխատել եմ չխանգարել նրանց եռանդուն աշխատանքին: Բոլոր թվարկված արդյունքները չեն սկսվել ինձ հետ, և սպասվող նոր բարեփոխումները բնականաբար չեն ավարտվի իմ հեռանալուց հետո: Այս ամենն սկսվել է 2018 թվականի հեղափոխությամբ և Վարչապետ Նիկոլ Փաշինյանի թիմի ջանքերով: Առանձնահատուկ շնորհակալ եմ պարոն Փաշինյանին այս մեծ պատասխանատվությունն ինձ վստահելու և մեր բոլոր դրական նախաձեռնություններին իր ամենօրյա մեծ աջակցության համար: Շնորհակալ եմ Կառավարության բոլոր անդամներին, Ազգային ժողովում ակտիվ աշխատող բոլոր պատգամավորներին, բոլոր պետական կառույցների գործընկերներին, Վարչապետի գերպրոֆեսիոնալ աշխատակազմին: Առանձնահատուկ շնորհակալ եմ բոլոր հասարակական կազմակերպություններին և լրատվամիջոցներին. հատկապես իրենց օբյեկտիվ քննադատությունը մեզ շատ է օգնել: Շնորհակալ եմ բոլոր դեսպաններին և միջազգային կառույցներին՝ արդարադատության ոլորտում իրենց սրտացավ աջակցության համար: Ցանկացած կարգավիճակով կշարունակեմ իմ աշխատանքը, որպեսզի Հայաստանում ի վերջո լինի արդարություն բոլորի համար, իսկ դրան հասնելու միակ ճանապարհը արդար և արդյունավետ դատարանն է»:Ավելի վաղ հայտնել էինք՝ ԱԺ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցությունը ԲԴԽ անդամի պաշտոնում առաջացած թափուր տեղերի համար թեկնածուներ է առաջադրել Կարեն Անդրեասյանին և Երանուհի Թումանյանցին:
18:22 - 05 հոկտեմբերի, 2022
Կարեն Անդրեասյանն ԱՄՆ դեսպանի հետ քննարկել է համատեղ իրականացվող բարեփոխումների ընթացքը

Կարեն Անդրեասյանն ԱՄՆ դեսպանի հետ քննարկել է համատեղ իրականացվող բարեփոխումների ընթացքը

Արդարադատության նախարար Կարեն Անդրեասյանն ընդունել է Հայաստանում ԱՄՆ դեսպան Լին Թրեյսիին, ԱՄՆ ՄԶԳ հայաստանյան գրասենյակի ղեկավար Ջոն Ալլելոյին, Հայաստանում ԱՄՆ դեսպանության թմրամիջոցների դեմ պայքարի և իրավապահ համագործակցության ծրագրի տնօրեն Ալեքսիս Հաֆտվանիին: ԱՆ-ից   հայտնում են, որ նախարար Անդրեասյանը ներկայացրել է ներկայումս ոստիկանության ոլորտում իրականացվող բարեփոխումները և դրանց արդյունքները, մասնավորապես խոսել է Հայաստանում Ներքին գործերի նախարարության ձևավորմանն ուղղված աշխատանքների ընթացքից, բարեփոխումների իրականացման ընթացքում առաջ եկած հնարավոր խնդիրների շրջանակից, ինչպես նաև առաջարկել է դրանց լուծմանն ուղղված քայլեր: Կարեն Անդրեասյանն անդրադարձ է կատարել նաև Հանրային կառավարման բարեփոխումների ռազմավարության իրականացմանն ուղղված գործողություններին և ներկա ընթացքին, մանրամասնել Ռազմավարությամբ սահմանված կարևոր դրույթներ, ինչպես նաև հայտնել, որ շուտով տեղի է ունենալու Հանրային կառավարման բարեփոխումների ռազմավարության իրականացմանը նվիրված դոնորների համակարգող հանդիպում: Հանդիպման ընթացքում քննարկվել և երկուստեք առանձնակիորեն կարևորվել են մարդու իրավունքների պաշտպանության ոլորտում իրականացվող աշխատանքները, դրանց արդյունքները, ինչպես նաև հետագա քայլերը. վերահաստատվել է համագործակցության շարունակականության հրամայականը:  
18:50 - 20 սեպտեմբերի, 2022
Հայաստանում քաղբանտարկյալներ չկան․ Արդարադատության նախարար
 |hetq.am|

Հայաստանում քաղբանտարկյալներ չկան․ Արդարադատության նախարար |hetq.am|

hetq.am: Ինչպես գործադիր իշխանությունը որևէ կապ չուներ ընդդիմադիրների կալանավորման հետ, այնպես էլ կապ չունի կալանքից նրանց ազատման հետ։ Կառավարության նիստից հետո լրագրողների հետ զրույցում նշեց Արդարադատության նախարար Կարեն Անդրեասյանը: Պատասխանելով լրագրողի հարցին՝ ինչո՞վ է պայմանավորված, որ ըննդիմադիրներն ազատ են արձակվում, կալանքի որոշումները փոփոխվում են, Անդրեասյանն ասաց, որ այդ բոլոր հարցերը պետք է ուղղել դատական իշխանությանը, փաստաբաններին, դատավորներին, դատախազներին: «Մենք կարող ենք միայն ուրախությամբ արձանագրել, որ կալանքը որպես խափանման միջոց գրավով կամ այլ ձևով փոխարինելը, ամեն դեպքում, ողջունելի է, որպես քրակատարողական հիմնարկի պատասխանատու ուրախ ենք, լրացուցիչ բեռնաթափվում են ՔԿՀ-ները»,- ասաց նա։ Հարցին՝ Հայաստանում քաղբանտարկյալներ կա՞ն, Արդարադատության նախարարը պատասխանեց․ «Ո՛չ, չկան»։
13:58 - 28 հուլիսի, 2022
Արմեն Գրիգորյանի առողջական վիճակի հետ կապված լուրջ խնդիրներ ու բողոքներ չեն եղել, որ խափանման միջոցը վերանայվեր. Արդարադատության նախարար

 |armenpress.am|

Արմեն Գրիգորյանի առողջական վիճակի հետ կապված լուրջ խնդիրներ ու բողոքներ չեն եղել, որ խափանման միջոցը վերանայվեր. Արդարադատության նախարար |armenpress.am|

armenpress.am: ՀՀ արդարադատության նախարար Կարեն Անդրեասյանը պրոդյուսեր Արմեն Գրիգորյանի՝ դատարանի դահլիճում ինքնազգացողությունը վատանալուց հետո մահանալը համարում է ողբերգություն, որը պետք է ազդակ լինի այդ թվում նաև դատարաններին՝ էլ ավելի ուշադիր լինելու ազատազրկված անձանցից եկող բողոքներին, սակայն միևնույն ժամանակ վստահեցնում է, որ տվյալ դեպքում քրեակատարողական հիմնարկում չի եղել նրա հետ կապված բժշկական թեկուզ մեկ խնդիր, որը տեղում չի լուծվել: Նախարարն այս մասին ասաց Կառավարության նիստից հետո լրագրողների հետ ճեպազրույցում: «Իմ խորը ցավն եմ արտահայտում: Ցանկացած մարդու մահ ողբերգություն է: Տվյալ դեպքում՝ քրեակատարողական հիմնարկում չի եղել իր հետ կապված բժշկական թեկուզ մեկ խնդիր, որը տեղում չի լուծվել: Այսինքն, չեն եղել լուրջ խնդիրներ, բողոքներ, որ վերանայվեր նաև խափանման միջոցը»,-ասաց Անդրեասյանը: Ըստ նախարարի՝ կան հիմա կալանավորված հայտնի անձինք, որոնք տեղափոխվում են քաղաքացիական հիվանդանոց, կալանավայրի բժիշկներն են պարբերաբար ստուգում: Նա վստահեցնում է՝ կալանավայրում ունեցած առողջապահական ռեսուրսով ամեն ինչ անում են, որ ոչ մի ազատազրկված անձ չունենա առողջության հետ կապված խնդիր: «Եվ մենք իրենց մասին իսկապես հոգ ենք տանում: Այլ խնդիր է, որ ցանկացած ողբերգություն պետք է նաև ազդակ լինի բոլոր մարմիններին, այդ թվում՝ նաև դատարաններին՝ էլ ավելի ուշադիր լինելու ազատազրկված անձանցից եկող բողոքներին: Միևնույն ժամանակ ես հույս ունեմ, որ առանձին մարդիկ էլ չեն շահարկի կամ չարաշահի որևէ դեպք, որևէ ողբերգություն, որպեսզի կեղծ առողջական խնդիրների անվան տակ փորձեն խուսափել արդարադատությունից: Սա բալանսավորելու խնդիր է, մենք աշխատում ենք»,-ասաց Անդրեասյանը: Արմեն Գրիգորյանի ինքնազգացողությունը կտրուկ վատացել էր դատական նիստի ընթացքում, նա կորցրել էր գիտակցությունը: Դատարան ժամանած Շտապօգնության բրիգադին չէր հաջողվել փրկել պրոդյուսերի կյանքը:
13:12 - 28 հուլիսի, 2022
Կարեն Անդրեասյանը ներկայացրեց, թե ինչ փուլում են սահմանադրական բարեփոխումների համար մեկնարկած աշխատանքները

 |armenpress.am|

Կարեն Անդրեասյանը ներկայացրեց, թե ինչ փուլում են սահմանադրական բարեփոխումների համար մեկնարկած աշխատանքները |armenpress.am|

armenpress.am: Սահմանադրական բարեփոխումների մասնագիտական հանձնաժողովն այս փուլում տարբեր հանդիպումների շրջանակներում աշխատանքներ է տանում Երևանում և մարզերում՝ հավաքագրելու խնդիրներն ու նախանշելու լուծումները: Այս մասին Կառավարության հուլիսի 28-ի նիստից հետո լրագրողների հետ ճեպազրույցում ասաց ՀՀ արդարադատության նախարար Կարեն Անդրեասյանը: «Հիմա հանձնաժողովն ակտիվ աշխատում է մարզերում և Երևանում՝ տարբեր հանդիպումների շրջանակներում: Հանձնաժողովի 5 անդամները կհավաքեն ամբողջ խնդիրներն ու լուծումները  և սեպտեմբերից կսկսեն  ուղիղ եթերում ներկայացնել Սահմանադրական բարեփոխումների խորհրդին, բոլորիս»,-ասաց Անդրեասյանը: Նախարարը ժամկետների հետ կապված հստակ ոչինչ չխոստացավ: Ըստ նրա՝ ժամկետները կախված են աշխատանքների դինամիկայից:  
12:45 - 28 հուլիսի, 2022
Կստուգվի բոլոր դատավորների, դատախազների, քննիչների բարեվարքությունը. Կառավարությունը հաստատեց Հայաստանի դատական և իրավական բարեփոխումների 2022-2026 թթ. ռազմավարությունը |1lurer.am|

Կստուգվի բոլոր դատավորների, դատախազների, քննիչների բարեվարքությունը. Կառավարությունը հաստատեց Հայաստանի դատական և իրավական բարեփոխումների 2022-2026 թթ. ռազմավարությունը |1lurer.am|

1lurer.am: Կառավարությունը հաստատեց Հայաստանի Հանրապետության դատական և իրավական բարեփոխումների 2022-2026 թվականների ռազմավարությունը և դրանից բխող գործողությունների ծրագիրը: ՀՀ արդարադատության նախարար Կարեն Անդրեասյանը նշեց, որ ռազմավարությունը նոր չէ, այն շարունակությունն է 2019 թվականին ընդունված ռազմավարության, և շատ աշխատանքներ, որոնք ներկայացված են այս ռազմավարությունում, ժառանգված են նախորդ ռազմավարությունից: Նախարարն անդրադարձավ ռազմավարության մեջ ներկայացված խնդիրներին և նշեց, որ դրանցից առաջինը դատական համակարգի բարեփոխումն է, որտեղ  նախատեսվում է հակակոռուպցիոն դատարանների ամբողջ շղթայի գործարկումը: «Համակարգը գրեթե ամբողջությամբ պատրաստ է թե՛ օրենսդրական, թե՛ կադրային, թե՛ շենքային և աշխատանքային պայմաններով. մենք առաջիկա ամիսներին կունենանք հակակոռուպցիոն դատարաններ երեք ատյանում»,- ասաց նա: Մյուս կարևոր ուղղությունը դատարանների, դատական գործընթացների թվայնացումն է: «Այստեղ մենք ուզում ենք հատուկ շեշտադրել մի կարևոր ուղղություն, որը կոչվում է էլեկտրոնային արդարադատություն, որը չի վերաբերում է միայն դատարաններին, այլ վերաբերում է նաև քրեական արդարադատության ամբողջ համակարգին, նախաքննության մարմինների թվայնացմանը: Այս ուղղությամբ դատախազության հետ աշխատանքներում մոտ ենք որ քննիչների և դատախազների հետ կապված ամբողջ գործընթացները թվայնացվեն, և վարույթները փոխանցվեն թվային եղանակներով»,- նշեց Կարեն Անդրեասյանը: Արդարադատության նախարարը տեղեկացրեց, որ անցկացվել է մրցույթ, կա հաղթող, և չզեկուցվող հարցով շուրջ 348 մլն տրամադրվում է քաղաքացիական դատավարության թվայնացմանը: «Դա նշանակում է, որ փաստաբանները կկարողանան իրենց գրասենյակներից հայցադիմումներ, միջնորդություններ, ապացույցներ ներկայացնել, գործընթացն ամբողջությամբ կթվայնացվի: Օրենսդրական որոշակի լուծումներով կարող են դատական քննություններ անցկացվել օնլայն՝ առանց մարդու կամ փաստաբանների դատարան այցելելու»,- նշեց Անդրեասյանը: Նա հայտնեց, որ ռազմավարությունում կարևոր ուղղություն հանդիսացող թվայնացման գործընթացը լինելու է ոչ միայն քաղաքացիական դատավարության, այլև վարչական դատավարության և քրեական դատավարության գործընթացներում: Նախարարի խոսքով՝ մեկ այլ խնդիր է բարեվարքության ստուգումը: «Ռազմավարությամբ առաջիկա ամիսներին մենք նախաձեռնելու ենք, որ բոլոր գործող դատավորների բարեվարքությունը ստուգվի: Սա կոռուպցիայի դեմ լրջագույն պայքարի միջոց կդառնա: Բարեվարքության ստուգում է նախատեսվում նաև դատախազների, քննիչների, քրեակատարողական համակարգի աշխատակիցների և մի շարք այլ ոլորտների համար»,- ասաց նա: «Կարևոր ռազմավարական քայլ է ԲԴԽ-ում կարգապահական որոշումների բողոքարկման հնարավորության նախատեսումը, որը նույնպես օրենսդրական լուծումներով առաջիկա ամիսներին կներկայացնենք Կառավարությանը և այնուհետև՝ ԱԺ-ին»,- ասաց նախարարը՝ նշելով, որ ռազմավարությունն անդրադառնում է նաև փաստաբանական ոլորտի բարեփոխումներին: «Օրենսդրական նախագիծ է մշակված, և շատ լուրջ առաջընթաց է լինելու ոչ միայն փաստաբանության ներքին կառավարման համակարգում, այլև մեր շատ քաղաքացիներ, ովքեր սոցիալապես անապահով են, կունենան անվճար իրավաբանական օգնության հնարավորություն»,- ընդգծեց նա: Նախարարը նշեց, որ ռազմավարությամբ հատուկ աշխատանքներ են նախատեսվում հարկադիր կատարման համակարգում, սնանկության հետ կապված գործընթացում, վեճերի այլընտրանքային լուծման համակարգի հետ կապված ևս կան հստակ մոտեցումներ, հաշտարարության, նոտարիատի ոլորտներում ևս բարեփոխումներ կլինեն:
11:48 - 21 հուլիսի, 2022
Ոստիկանության մեծ ներուժը կհամակցվի եղած քաղաքական մարմիններից մեկի հետ․ Անդրեասյանը՝ Ներքին գործերի նախարարության ստեղծման մասին

Ոստիկանության մեծ ներուժը կհամակցվի եղած քաղաքական մարմիններից մեկի հետ․ Անդրեասյանը՝ Ներքին գործերի նախարարության ստեղծման մասին

Այսօր Ազգային ժողովի պաշտպանության և անվտանգության հարցերի մշտական հանձնաժողովը Ներքին գործերի նախարարության ստեղծման վերաբերյալ խորհրդարանական լսումներ է հրավիրել։ Արդարադատության նախարար Կարեն Անդրեասյանը իր ելույթում նշեց, որ նախարարության ստեղծումը մեծ քայլ կլինի Հայաստանի իրավապահ համակարգի համար․ «Կատարված մեծ աշխատանքը մոտ է իր լրումին։ Ներքին գործերի նախարարության ստեղծումը, ընդ որում՝ ուզում եմ հատուկ շեշտել, ոչ թե վերաստեղծումը, այլ նոր նախարարության ստեղծումը շատ կարևոր, մեծ քայլ է մեր երկրի իրավապահ համակարգի համար։ Ամենևին չեմ նսեմացնում այն ամբողջ ճանապարհը, որ անցել է մեր հարգարժան Ոստիկանությունը, մեր նախկին ներքին գործերի նախարարությունները։ Ուղղակի ուզում եմ հատուկ ընդգծել, որ այն կոնցեպտը, որը ներկայացվելու է իմ գործընկերների կողմից, լիովին նոր նախարարության, լիովին նոր հայեցակարգի մի մոտեցում է, որտեղ Ոստիկանությունը չի անվանափոխվում և դառնում ՆԳՆ։ Ոստիկանությունը, իհարկե, պահպանելու է իր շատ կարևոր դերակատարումը, բայց Ոստիկանությունը լինելու է սիրտը, մի կարևոր մասը, քաղաքացիական կառույցի, քաղաքացիական կառավարման, քաղաքական կառավարման, որը լինելու է նոր ներքին գործերի նախարարությունը»։ Անդրեասյանը անդրադարձավ նաև քննադատություններին, որոնց համաձայն Ներքին գործերի նախարարության ստեղծումն ուշացել է․ «Այս ամիսները ձգձգվեցին, նաև իմ պաշտոնավարման ամիսների ընթացքում հսկայական աշխատանք կատարվեց, որպեսզի մենք գտնենք Ներքին գործերի նախարարության ստեղծման ամենաարագ և օպտիմալ լուծումը։ Եվ այս ուշացումը, հավատացեք, չի ուշացնի այն երազանքներն ու ցանկությունները, որ մենք դրել ենք այս հայեցակարգի հիմքում»։ Նրա խոսքով՝ ստեղծվելու է այնպիսի նախարարություն, որը լրացուցիչ բեռ չի դնի պետության վրա․ «Մենք մեր միջազգային գործընկերների հետ գտանք ամենաարագ լուծումը և զրոյից չենք ստեղծելու նախարարություն, մենք վերցնելու ենք Արտակարգ իրավիճակների նախարարության հենքը։ Այս ամիսների աշխատանքի ամբողջ գաղտնիքը նաև այն էր, որ այնպիսի մոդել առաջարկենք, որ լրացուցիչ ծախսեր, լրացուցիչ բեռ չդնի պետության վրա, զրոյից չհավաքի մի նոր կառույց, այլ եղած Ոստիկանության մեծ ներուժը համակցվի եղած քաղաքական մարմիններից մեկի հետ և կարողանանք միասին ստեղծել մի նոր, հետաքրքիր կառույց»։ Նա շնորհակալություն հայտնեց ԱՄՆ գործընկերներին փորձագիտական աջակացության համար․ «Փորձագիտական աջակցության շնորհիվ մենք կարողացանք համադրել  այս բոլոր կարևոր օղակները մեկ պոտենցիալ  նախարարության մեջ։ Սա շատ կարևոր հանգամանք է, ընդ որում՝ ուզում եմ նաև ընդգծել, որ սա ԱԻՆ-ը ՆԳՆ սարքելու նախագիծ չէ։ Այս դեպքում էլ Փրկարար ծառայության, ոստիկանության և մյուս բոլոր ծառայությունների շատ կարևոր մի համակցություն պիտի անենք։ Այդ իմաստով Ներքին գործերի նախարարության կառուցվածքը լինելու է շատ հարուստ, իրար հետ  շատ կարևոր կապերով միաթելված, բայց միևնույն ժամանակ տրամաբանորեն խնայելու է հսկայական ռեսուրսներ՝ առանձին մի քանի մարմիններ դրանց փոխարեն պահելու համար»։ Նախարարը նաև շնորհակալություն հայտնեց նաև ԵՄ գործընկերներին, քաղհասարակության ներկայացուցիչներին։ Անդրեասյանը ասաց, որ 10-օրյա ժամկետում նախատեսում են օրենսդրական փաթեթի լրամշակում և հույս հայտնեց, որ սեպտեմբերին խորհրդարանական գործընկերները հավանություն կտան օրենսդրական այդ  փաթեթին։
11:53 - 12 հուլիսի, 2022
«Ջհանգիրյան-Վարդազարյան ձայնագրությունն իմ բարձրաձայնած խնդիրների վկայությունն էր». Կարեն Անդրեասյան
 |azatutyun.am|

«Ջհանգիրյան-Վարդազարյան ձայնագրությունն իմ բարձրաձայնած խնդիրների վկայությունն էր». Կարեն Անդրեասյան |azatutyun.am|

azatutyun.am: «Ջհանգիրյան-Վարդազարյան ձայնագրությունն իմ բարձրաձայնած խնդիրների վկայությունն էր», - «Ազատության» հետ զրույցում հայտարարեց արդարադատության նախարար Կարեն Անդրեասյանը: Կարեն Անդրեասյան. - Ինձ համար շատ ցավալի էր և անկեղծ պիտի լինեմ, շատ բաներ այդտեղ իմ ճաշակով չէին, այդ թվում՝ այն երաժշտությունը, որ հնչում էր այդ ձայնագրության մեջ: Իսկ բովանդակության որոշ մասեր, իմիջիայլոց, վկայությունն էին այն բոլոր խնդիրների, որոնց մասին ես խոսել եմ թե՛ որպես արդարադատության նախարար, թե՛ խոսել եմ որպես փաստաբան, որպես շարքային քաղաքացի և խոսել եմ նաև որպես մարդու իրավունքների պաշտպան: Իմիջիայլոց, ոչ թե բուն այդ տեքստերը կամ որևէ բառ է այնտեղ, այլ ընդհանուր մթնոլորտի հետ կապված բոլոր մեր մտահոգությունները ինչ-որ իմաստով նաև արտացոլված էին որոշ զրույցների մեջ: «Ազատություն». - Մյուս կողմից չե՞ք կարծում, որ Դուք, վարչապետը առնվազն այսքանը, ինչ-որ հիմա ասում եք, հենց ձայնագրությունը հրապարակելուց հետո պիտի մարդկանց ասեիք, այդ մեսիջը տեղ հասցնեինք, և ոչ թե սպասել, որ օրինակ՝ ուղիղ եթերում ասի՝ «ինչ արել եմ լավ եմ արել, ճիշտ եմ արել, օրինական է», և միայն առողջական խնդիրները պատճառ բերելով հեռանալ: Կարեն Անդրեասյան. - Ձեր հարցի մեջ մի կտոր կա, որ արդար չի, վարչապետն իր հարցազրույցի ժամանակ անդրադարձել է և շատ հստակ գնահատական է տվել, ասելով, որ՝ այո, այդ ձայնագրությունը, ընդհանրապես նման խոսակցությունները, նման երևույթները նսեմացնում են դատական համակարգի նկատմամբ վերաբերմունքը, վստահությունը: Սա, կարծում եմ, շատ լուրջ գնահատական է, որից հետո նաև առողջական պատճառներով, նաև այլ հանգամանքներով մենք տեսանք որոշակի զարգացումներ, որոնք չեմ կարող ասել, որ լիովին բավարարում են և՛ մեզ, և՛ հասարակությունը, բայց մենք տեսնում ենք, որ կա որոշակի առողջացման գործընթաց: Ձայնագրությունից օրեր անց, այլ հիմքերով, բայց դադարեցվեց Բարձրագույն դատական խորհրդի նախագահի լիազորությունները, պարոն Վարդազարյանի, դրանից էլ օրեր անց հրաժարականի դիմում եղավ, և այսօր արդեն բարձրագույն այդ կարևորագույն մարմնի 10 աթոռներից 3-ը թափուր են, և ես հույսով եմ, որ նոր համալրումները կբերեն նոր որակ բարձրագույն դատական խորհրդում և ամբողջ դատական համակարգում: «Ազատություն». - Բայց այդպիսի հույսեր կային նաև Ջհանգիրյանին ընտրելիս, նա, այնուամենայնիվ, այս իշխանության կադրն է: Կարեն Անդրեասյան. - Ճիշտ եք ասում, և հույսը վերջում է մեռնում, կարելի է փորձել, կարելի է չարչարվել, նորից գտնել, նորից հրավիրել: Իմիջիայլոց, այն պահանջները, որոնք դրված են Բարդագույն դատական խորհրդի անդամների առջև, բավական լուրջ պահանջներ են: Այսինքն՝ 15 տարվա մեծ փորձ, գիտությունների աստիճան և այլն: Այսինքն՝ այդ մարդիկ չեն կարող լինել ուղղակի շատ հարգված քաղաքացիներ, որոնց մենք վստահենք ու կհրավիրենք, պետք է նաև մասնագիտական որակներ ունենան: Եվ, այո, ինչ-որ իմաստով բոլոր կադրային նշանակումները չեն, որ տալիս են այն արդյունքները, որը սպասում է մեր իշխանությունը:  
15:27 - 06 հուլիսի, 2022
ՀՀ կառավարությունն անում է հնարավորը GRECO-ի բոլոր խորհրդատվական պահանջները կատարելու համար. նախարար Անդրեասյան

ՀՀ կառավարությունն անում է հնարավորը GRECO-ի բոլոր խորհրդատվական պահանջները կատարելու համար. նախարար Անդրեասյան

ՀՀ արդարադատության նախարար Կարեն Անդրեասյանը բացման խոսքով է հանդես եկել Եվրոպայի խորհրդի Կոռուպցիայի դեմ պայքարի պետությունների խմբի (GRECO) և Հայաստանի Հանրապետության Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովի կողմից կազմակերպված բարձրաստիճան համաժողովին՝ Հայաստանում հանրային ծառայողների վարքագծի տիպային կանոնների ներկայացման վերաբերյալ: Ինչպես տեղեկացրին ՀՀ արդարադատության նախարարությունից, ԵԽ Կոռուպցիայի դեմ պայքարի պետությունների խմբի (GRECO) գործադիր քարտուղար, ԵԽ տնտեսական հանցագործությունների դեմ պայքարի և համագործակցության վարչության ղեկավար Հաննե Յունկերի, Հայաստանում ԵՄ պատվիրակության ղեկավար Անդրեա Վիկտորինի, Ալբանիայի արդարադատության փոխնախարար Ադեա Պիրդենիի, Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովի նախագահ Հայկուհի Հարությունյանի և այլ տեղացի ու միջազգային բարձրաստիճան անձանց մասնակցությամբ միջոցառմանը Կարեն Անդրեասյանը ներկայացրել է հակակառուպցիոն ոլորտում ԵՄ աջակցությամբ Հայաստանի կառավարության գրանցած ինստիտուցիոնալ հաջողությունները: «Նախարար Անդրեասյանը, որպես արդեն իսկ գրանցած շոշափելի արդյունք՝ կարևորել է Արդարադատության նախարարության աջակցության և նախաձեռնողականության արդյունքում ձևավորված Հակակոռուպցիոն դատարանները, Հակակոռուպցիոն կոմիտեն, Գլխավոր դատախազությունում ձևավորված՝ ՀՀ հակակոռուպցիոն կոմիտեում մինչդատական վարույթի օրինականության նկատմամբ հսկողության և Ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման գործերով վարչությունները»,- ասվում է հաղորդագրության մեջ:   Ըստ աղբյուրի՝ Անդրեասյանը, կարևորելով GRECO-ի մեծ դերը կոռուպցիայի դեմ պայքարում, նշել է, որ Կառավարությունը՝  ի դեմս Արդարադատության նախարարության և այլ պետական մարմինների անում է հնարավորը, որպեսզի կատարվեն GRECO-ի բոլոր խորհրդատվական պահանջները  և հույս է հայտնել, որ մոտ ապագայում չեն լինի այնպիսիք, որոնք դեռ կատարված չեն: Նշվում է, որ ԵՄ պատվիրակության ղեկավար Անդրեա Վիկտորինը շնորհակալություն է հայտնել Արդարադատության նախարարությանը՝ հակակոռուպցիոն քաղաքականության մշակման ու անխոչընդոտ իրականացման համար և այդ համատեքստում կարևորել է հանրային ծառայողների վարքագծի տիպային կանոնների մշակման ու ընդունման գործընթացը: Համաժողովի ընթացքում ընդգծվել է նաև պետական պաշտոնյաների ուղղորդման, վերապատրաստման և հանրային ծառայության բոլոր մակարդակներում բարեվարքության խթանման կարևորությունը:
18:29 - 04 հուլիսի, 2022
Կարեն Անդրեասյանը ԵԽ գլխավոր քարտուղարի հետ հանդիպմանը բարձրացրել է Ադրբեջանում պահվող հայ ռազմագերիների հարցը

Կարեն Անդրեասյանը ԵԽ գլխավոր քարտուղարի հետ հանդիպմանը բարձրացրել է Ադրբեջանում պահվող հայ ռազմագերիների հարցը

Արդարադատության նախարար Կարեն Անդրեասյանն ընդունել է աշխատանքային այցով Հայաստանում գտնվող Եվրոպայի խորհրդի (ԵԽ) Գլխավոր քարտուղար Մարիա Բուրիչին, Հայաստանում ԵԽ գրասենյակի ղեկավար Մարտինա Շմիդտին և պատվիրակության մյուս անդամներին: Ինչպես տեղեկացրին ՀՀ արդարադատության նախարարությունից, Կարեն Անդրեասյանը բարձր է գնահատել ԵԽ հայաստանյան գրասենյակի հետ առկա համագործակցությունը և կարևորել համատեղ իրականացվող ծրագրերի արդյունավետ ընթացքը: «ԵԽ Գլխավոր քարտուղար Մարիա Բուրիչը շնորհակալություն է հայտնել Կարեն Անդրեասյանին ընդունելության համար և ընդգծել, որ ԵԽ-ի հետ համագործակցելու հայկական փորձն արդյունավետ փոխգործակցության լավագույն օրինակներից է: Գլխավոր քարտուղարն անգնահատելի է համարել հատկապես Արդարադատության նախարարության դերակատարումը ՀՀ-ԵԽ համագործակցության շրջանակներում: Նախարար Անդրեասյանը ներկայացրել է հանրային կառավարման բարեփոխումների, հակակոռուպցիոն, ոստիկանական, դատաիրավական և մարդու իրավունքների պաշտպանության ոլորտներում կատարած բարեփոխումները և ունեցած ձեռբերումները: Այս համատեքստում նախարարը բարձրացրել է Ադրբեջանի կողմից Արցախի դեմ սանձազերծված պատերազմի հետևանքով ԵԽ անդամ հանդիսացող, ԵԽ մի շարք համաձայնագրեր և կոնվենցիաներ վավերացրած Ադրբեջանում դեռևս պահվող հայ ռազմագերիների հարցը»,- ասվում է հաղորդագրության մեջ: Ըստ աղբյուրի՝ ԵԽ Գլխավոր քարտուղարը խոստացել է աջակցել իրավական դաշտում խնդրի լուծմանը: ԵԽ պատվիրակության ղեկավարը նշել է նաև, որ Սահմանադրական, դատաիրավական բարեփոխումները, մարդու իրավունքների պաշտպանությունը, բռնության դրսևորումների և թրաֆիքինգի կանխարգելումն իրենց առաջնահերթությունների ցանկում են, և ԵԽ-ն պատրաստ է շարունակել աջակցությունն այդ ուղղությամբ տարվող աշխատանքներին: Այս համատեքստում կարևորվել է Վենետիկի հանձնաժողովի դերը հատկապես Սահմանադրական և դատաիրավական բարեփոխումների աջակցության հարցում: Նշվում է, որ անդրադարձ է կատարվել ծանր վիրավորանքի ապաքրեականացմանը, որը մարդու իրավունքների պաշտպանության տեսանկյունից դրական քայլ է գնահատվել ԵԽ գործընկերների կողմից: Հանդիպման ընթացքում մտքեր են փոխանակվել նաև տարբեր ոլորտներում համագործակցության խորացման և ընդլայնման հնարավորությունների շուրջ: Հանդիպման ավարտին նախարար Անդրեասյանը ևս մեկ անգամ կարևորել է ԵԽ աջակցությունը և ակնկալել սերտ համագործակցություն՝ որպես արդարադատության ոլորտի զարգացման առանցքային գործընկեր:
19:11 - 16 հունիսի, 2022
Կարեն Անդրեասյանն ընդունել է ԵՏՄ դատարանի դատավորներին

Կարեն Անդրեասյանն ընդունել է ԵՏՄ դատարանի դատավորներին

Արդարադատության նախարար Կարեն Անդրեասյանն ընդունել է Եվրասիական տնտեսական միության դատարանի դատավորներ Էռնա Հայրիյանին, Արմեն Թումանյանին, Կոլոս Դենիսին և Ալեքսանդր Ֆեդորցովին: ԱՆ հաղորդմամբ՝ հանդիպման մեկնարկին դատավորները ներկայացրել են ԵԱՏՄ դատարանի գործառույթները, ունեցած ձեռքբերումները և գործունեության ընթացքում կուտակած փորձը՝ հատկապես թվայնացման ոլորտում, ինչը կարող է լավ օրինակ ծառայել Հայաստանի դատական համակարգի էլեկտրոնայնացման գործընթացում, որի մեկնարկն արդեն տրված է: Կողմերը քննարկել են տարածաշրջանային տնտեսական կայունությանն առնչվող հարցեր, որի երաշխավորներից է նաև ԵԱՏՄ դատարանը: Ձեռք է բերվել պայմանավորվածություն՝ ամրապնդել համագործակցությունը ԵԱՏՄ ենթակառուցվածքների հետ, այդ թվում՝ ԵԱՏՄ դատարանի, որը կարող է խորհրդատավական եզրակացություններով պարզաբանել մի շարք հարցեր, ինչն էլ իր հերթին կնպաստի Հայաստանի և ԵԱՏՄ անդամ երկրների միջև իրավական դաշտի ինտեգրմանն ու տնտեսական փոխգործակցության բարենպաստ միջավայրի ձևավորմանը: Հանդիպման ընթացքում ԵԱՏՄ դատարանի դատավորները պատրաստակամություն են հայտնել անհրաժեշտության դեպքում Արդարադատության նախարարության միջնորդությամբ գումարել քննարկումներ հայ գործարարների մասնակցությամբ, որոնց շրջանակներում կտրվեն պատասխաններ գործարարներին հուզող հարցերի վերաբերյալ: Իսկ այն հարցերը, որոնք լուծում չեն գտնի նման ձևաչափով քննարկումների արդյունքում՝ Արդարադատության նախարարության կողմից կտարվեն քննարկման Եվրասիական տնտեսական հանձնաժողովում: Այստեղ ևս լուծում չստանալու դեպքում հարցերը կներկայացվեն ԵԱՏՄ դատարանի դատին: Տեղեկացնենք, որ ԵԱՏՄ դատարանը միության դատական մարմինն է, որն ապահովում է անդամ-երկրների և միության մարմինների կողմից ԵԱՏՄ պայմանագրի և այլ միջազգային պայմանագրերի կիրառումը միության շրջանակներում: Դատարանի կազմում ընդգրկված են երկուական դատավոր՝ յուրաքանչյուր անդամ պետությունից: Դատարանում կարող են քննվել նաև ԵԱՏՄ տարածքում գործունեություն ծավալող գործարարների, սպորտի, մշակույթի և այլ բնագավառի գործիչների պահանջներն ու իրավունքները, եթե կան կասկածներ, որ խախտվել են ԵԱՏՄ պայմանագրի և այլ միջազգային պայմանագրերի կետեր:
20:55 - 15 հունիսի, 2022
Հավատա՞լ պատերազմի հանգամանքները քննող հանձնաժողովի աշխատանքին, թե՞ ոչ. մեկնաբանում է Կարեն Անդրեասյանը |civilnet.am|

Հավատա՞լ պատերազմի հանգամանքները քննող հանձնաժողովի աշխատանքին, թե՞ ոչ. մեկնաբանում է Կարեն Անդրեասյանը |civilnet.am|

civilnet.am: Արդարադատության նախարար Կարեն Անդրեասյանը 44-օրյա պատերազմի հանգամանքներն ուսումնասիրող քննիչ հանձնաժողովի աշխատանքները բոյկոտելու ընդդիմության որոշման մեջ ճշմարտությունը չբացահայտելու միտում է տեսնում: «Քննիչ հանձնաժողովի ձևավորումն ընդունված բան է, ընդ որում, դա հայկական քաղաքական միտքը չի ծնել: Խորհրդարանում մեծամասնությունը փոքրամասնության հետ կազմում է միջկուսակցական մի մարմին, որն անում է կարևոր բնույթի քննություններ: Ի սկզբանե բոյկոտել այս ամենը բերում է նրան, որ մեր իշխանությունն ասում է` չեք ուզում բացահայտվի ճշմարտությունը: Գայիք, մասնակցեիք ու ապացուցեիք», – նշում է նախարարը: Հարցին՝ որքանո՞վ է ճիշտ քաղաքական լարված իրավիճակում պատերազմի հանգամանքների բացահայտման գործը դնել քաղաքական մարմնի վրա, որի աշխատանքներին չի մասնակցում խորհրդարանական ընդդիմությունը, նախարարը պատասխանեց. «Ես անկեղծ պետք է լինեմ: Ես իսկապես շատ դժվար եմ պատկերացնում՝ ինչպես եք դուք հավատալու այդ մարմնի (44-օրյա պատերազմի հանգամանքներն ուսումնասիրող քննիչ հանձնաժողովի) աշխատանքներին: Ես էլ սահմանադրական բարեփոխումների հանձնաժողովի մաս եմ կազում, և երբ խորհրդարանական ընդդիմությունը բոյկոտում է, ինչպես բացատրես, որ դու ամենաազնիվ մղումներով ես աշխատում: Ճիշտ է, հրավիրել ենք ՀԿ-ների, արտախորհրդարանական ուժերի, գնացել, խնդրել ենք խորհրդարանական ընդդիմությանը, որ գան մասնակցեն, բայց չեն մասնակցում»,- զուգահեռ անցկացրեց նախարարը: Նույնը, նրա խոսքով, կատարվել է պատերազմի հանգամանքներն ուսումնասաիրող քննիչ հանձնաժողովի հետ: «Այսինքն՝ կար շանս, որ նրանք այնտեղ լինեին, հարցեր ուղղեին, գործընթացը մասնակցային լիներ: Ես հասկանում եմ նաև այն տրամաբանությունը, որ ասում են՝ դե միևնույն է, մենք այնտեղ մեծամասնություն չենք: Այսինքն, եթե ամբողջը մերը չէ, չենք հավատում: Պատկերացնենք մի տասը տարի հետո իշխանափոխություն է լինում, ու նրանք են վերցնում իշխանությունը: Հետո էլ այդ քննիչ հանձնաժողովին մենք չհավատանք, չմասնակցենք, քանի որ նրանք են այնտեղ մեծամասնություն: Եթե ուզում ենք ճշմարտություն բացահայտել, ի՞նչ պետք է անենք: Հրավիրենք Սլովակիայից, Սինգապուրից մասնագետներ, որ գան, եվրասիական անկախ մարմին ստեղծենք, որ դրսինները մեզ դատեն: Մեր պետական գաղտնիքը ո՞ւմ հանձնենք, որ մեզ դատի»,- հարցադրում արեց Անդրեասյանը: Ազգային ժողովում փետրվարի 10-ին «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավորների նախաձեռնությամբ ստեղծվել է 44-օրյա պատերազմի հանգամանքներն ուսումնասիրող քննիչ հանձնաժողով։ Ավելի վաղ ՀՀ ԱԺ պաշտպանության և անվտանգության հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Անդրանիկ Քոչարյանը ՍիվիլՆեթի հետ զրույցում ասել էր, որ «քննիչ հանձնաժողովը պետք է հարցեր տա և ստանա պատասխաններ․ բանակին առնչվող բազմաթիվ հարցեր կան»։
18:10 - 13 հունիսի, 2022