Հակոբ Կարապետյան

Երևանի քաղաքապետի մամուլի խոսնակ։ Ծնվել է 1983թ․ Երևանում։ 1999-2004, ապա՝ 2008-2009թթ. սովորել է ԵՊՀ Միջազգային հարաբերությունների ֆակուլտետի միջազգային հարաբերությունների բաժնում: 2004-2006թթ. ծառայել է ՀՀ զինված ուժերում: 2010 թվականից զբաղվել է լրագրությամբ։ 2016 թվականից համագործակցել է Հայաստանի Հանրային հեռուստաընկերության հետ՝ որպես լրագրող, խմբագիր և սցենարիստ։ 2018թ. նոյեմբերի 1-ին նշանակվել է Երևանի քաղաքապետի մամուլի քարտուղար:

Մանկական երկաթուղու տարածքում նպատակահարմար չէ իրականացնել կառուցապատման որեւէ աշխատանք՝ բացի ամրակայման, վերականգնման եւ կանաչապատման աշխատանքներից․ Հակոբ Կարապետյան

Մանկական երկաթուղու տարածքում նպատակահարմար չէ իրականացնել կառուցապատման որեւէ աշխատանք՝ բացի ամրակայման, վերականգնման եւ կանաչապատման աշխատանքներից․ Հակոբ Կարապետյան

Երևանի քաղաքապետարանի մամուլի խոսնակ Հակոբ Կարապետյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է․ «Համացանցում շրջանառվում է Երեւանի մանկական երկաթուղու կառուցապատման եւ բարեկարգման նախագծի մասին պատմող մի տեսանյութ՝ կից տեղեկատվությամբ։Հայտնում ենք, որ Մանկական երկաթուղու տարածքի արդիակայացման եւ ընդլայնման վերաբերյալ ներկայացված մի քանի ներդրումային առաջարկներ քննարկվել են Քաղաքաշինական ամբողջական լուծում պահանջող ծրագրերի քննարկման միջգերատեսչական հանձնաժողովում։Արդյունքում, որոշվել է, որ մանկական երկաթուղու տարածքում, ինչպես նաեւ Հրազդանի կիրճի այլ տարածքներում, նպատակահարմար չէ իրականացնել կառուցապատման որեւէ աշխատանք, բացի ամրակայման, վերականգնման, վերանորոգման եւ կանաչապատման աշխատանքներից»։
15:08 - 25 օգոստոսի, 2020
Ուսումնական տարվա սկզբին այգին ուսանողներին կդիմավորի նոր կերպարանքով. Հակոբ Կարապետյան

Ուսումնական տարվա սկզբին այգին ուսանողներին կդիմավորի նոր կերպարանքով. Հակոբ Կարապետյան

Ուսանողական այգու տարածքն արդեն ոռոգվում է: Այս մասին Ֆեյսբուքի իր էջում գրել է Երևանի քաղաքապետարանի մամուլի խոսնակ Հակոբ Կարապետյանը: «Կենտրոն վարչական շրջան. Ուսանողական այգու տարածքն արդեն ոռոգվում է: Տերյան 74 հասցեում 13 տարի ոռոգման ջուր չկար: Ջրագիծը գրեթե քայքայված էր: Մի քանի շաբաթ առաջ այստեղ անջրդի, անխնամ վիճակ էր: Այժմ «Կանաչապատում և շրջակա միջավայրի պահպանություն» ՀՈԱԿ-ի աշխատակիցները ջրագիծն են փորձարկում: Մասնագետները շարունակում են աշխատել և խոստանում են, որ սեպտեմբերից՝ ուսումնական տարվա սկզբին, այգու 4000 քմ տարածքն ամբողջությամբ կոռոգվի: Ուսումնական տարվա սկզբին այգին ուսանողներին կդիմավորի նոր կերպարանքով: Ի դեպ, «Կանաչապատման» հնաբնակները պատմում են, որ այգու ոռոգման սնուցող խողովակը կտրել էին Ազգային գրադարանին հարող՝ ոչ անհայտ «ախռանայի պետի» սրճարանի կառուցման ժամանակ, որովհետև խանգարում էր»,- գրել է Կարապետյանը:
11:08 - 22 օգոստոսի, 2020
«Բան չի փոխվել, Հայկ Մարությանը պայքարում է Մաշտոցի պուրակի պահպանման համար». քաղաքապետի խոսնակ
 |factor.am|

«Բան չի փոխվել, Հայկ Մարությանը պայքարում է Մաշտոցի պուրակի պահպանման համար». քաղաքապետի խոսնակ |factor.am|

factor.am: Մաշտոցի պուրակի սկզբնամասում սրճարան կառուցելու նպատակով հանգստյան օրերին չորս հաստաբուն ծառ է հատվել: Սա դարձել է քննարկումների և քաղաքային իշխանություններին ուղղված սուր քննադատության թեմա։ Երևանի քաղաքապետի մամուլի խոսնակ Հակոբ Կարապետյանը խնդրի վերաբերյալ ասաց՝ «Կանաչապատում և շրջակա միջավայրի պահպանություն» ՀՈԱԿ-ի զարգացման գծով փոխտնօրեն Քրիստինա Վարդանյանը ծառերի հատման վերաբերյալ արդեն գնահատական տվել է: Նշենք, որ Քրիստինա Վարդանյանի ֆեյսբուքյան էջում որպես բացատրություն գրված է․ «Այս թեղիների պատմությունը սկսվել է անցյալ տարի։ Արմատները կտրվել էին կառուցապատողի կողմից, բազմակի անգամ կատարվել էր խորը էտ, ակնհայտ են անոթային խնդիրները, հոսող արտաքիրթ, վնասատուներ, կեղևի՝ անզեն աչքով նկատելի մեխանիկական վնասվածքներ, փչակներ։ Եվ այս ամենից հետո վնասված ճյուղերը հանել են կտուրից դուրս։ Կառուցապատողը կիրականացնի փոխհատուցող կանաչապատում՝ 9 սոսիներ, պուրակի ողջ տարածքում մշտադալար թփերով արդեն ստեղծվել է կանաչ ցանկապատ և կազմակերպության մասնագետների հսկողության տակ կխնամի հարակից կանաչ տարածքը»։ Քաղաքապետի խոսնակը, միաժամանակ, նշեց, որ ծառերը դարձել են անկենսունակ շինաշխատանքների հետևանքով: Հետաքրքրվեցինք, թե այդ դեպքում ինչու է այգու մուտքի հատվածում շինարարություն կատարելու իրավունք տրվել: «Այգու մուտքի հատվածում մի քաղաքացի կամ կազմակերպություն հիսուն տարվա վարձակալության և կառուցապատման իրավունք է ունեցել, ինքն իր շինությունը բարեկարգելու իրավունք է ստացել, բայց դա չի նշանակում, որ պետք է արվեր տարածքում գտնվող ծառերի հաշվին»,- ասաց խոսնակը: Մենք հիշեցրինք նախկինում քաղաքապետարանի կողմից ցուցադրաբար տարբեր ապօրինի կառուցապատումների կասեցումներն ու ապամոնտաժումները, օրինակ՝ 2018 թվականի նոյեմբերի 12-ին Նոր-Նորք վարչական շրջանում գտնվող շինության ապամոնտաժումը, և հետաքրքրվեցիք՝ արդյո՞ք այս դեպքում էլ քաղաքապետարանը չէր կարող կասեցնել շինարարությունը և փրկել ծառերը ոչնչացումից: «Դա համայնքի հողի վրա արվող ապօրինի շինարարություն էր, սա նմանատիպ իրավիճակ չէ, և կոռեկտ համեմատություն չէ»,- արձագանքեց խոսնակը։ Հանրապետական կուսակցության իշխանության օրոք ներկայիս քաղաքապետ Հայկ Մարությանն ակտիվորեն պայքարում էր Մաշտոցի պուրակի ծառերի հատման դեմ։ Հակոբ Կարապետյանին խնդրեցինք մեկնաբանել՝ ինչպե՞ս է ստացվում, որ երբ Մարությանը քաղաքապետ չէր, պայքարում էր ծառերի հատումների դեմ, իսկ այժմ, երբ քաղաքապետի պաշտոնն է զբաղեցնում, ծառերը հատվում են: «Իմ նախորդ մեկնաբանությունից պետք է այս հարցը չառաջանար, պետք է խնդրեմ զերծ մնալ գայթակղությունից և չմանիպուլացնել փաստերը: Այն, որ քաղաքապետ Մարությանը իր նախկին հասարակական գործունեության ընթացքում պայքարում էր պուրակի պահպանման համար, սկզբունքորեն բան չի փոխվել: Ես ասացի, թե ծառերն ինչ հանգամանքներում են հատվել, սրանից ավելի մեկնաբանության կարիք չկա»,- ասաց նա։ Քաղաքապետարանից առայժմ չհաջողվեց ճշտել, թե որ կազմակերպությունն է շինարարություն իրականացնում:  
13:41 - 03 օգոստոսի, 2020
Կենտրոնում ապամոնտաժվում են պատմամշակութային արժեք ներկայացնող շենքերի վրա տեղադրված ապօրինի գովազդային նյութերը

Կենտրոնում ապամոնտաժվում են պատմամշակութային արժեք ներկայացնող շենքերի վրա տեղադրված ապօրինի գովազդային նյութերը

Կենտրոնում հայտնաբերվում եւ ապամոնտաժվում են պատմամշակութային և ճարտարապետական արժեք ներկայացնող շենքերի վրա տեղադրված ապօրինի գովազդային նյութերը: Ֆեյսբուքյան գրառմամբ այս մասին տեղեկացրել է Երևանի քաղաքապետարանի խոսնակ Հակոբ Կարապետյանը։ «Կենտրոնում հայտնաբերվում եւ ապամոնտաժվում են պատմամշակութային և ճարտարապետական արժեք ներկայացնող շենքերի վրա տեղադրված ապօրինի գովազդային նյութերը։ Գործընթացը շարունակական է։ Հորդորում ենք տնտեսվարողներին զերծ մնալ սեփական նախաձեռնությամբ ինքնագործունեություն ծավալելուց և առանց արտաքին գովազդի թույլտվության գովազդային նյութեր տեղադրելուց` վարչական տուգանքներից խուսափելու և պատասխանավության չենթարկվելու համար»,- գրել է Կարապետյանը։
12:49 - 24 հուլիսի, 2020
Քաղաքային գործող իշխանության նպատակն է հնարավորինս մաքրել մայթերը. Հակոբ Կարապետյանը՝ Արմեն Ամիրյանի՝ ապամոնտաժված գրատնակների մասին հայտարարությանը

Քաղաքային գործող իշխանության նպատակն է հնարավորինս մաքրել մայթերը. Հակոբ Կարապետյանը՝ Արմեն Ամիրյանի՝ ապամոնտաժված գրատնակների մասին հայտարարությանը

Երևանի քաղաքապետարանի մամուլի խոսնակ Հակոբ Կարապետյանը Ֆեյսբուքի իր էջում գրել է. «Մշակույթի նախկին նախարար Արմեն Ամիրյանը ափսոսանքով գրել է օրերս ապամոնտաժված գրատնակների մասին: Հարցն այն է, որ այդ կրպակները, բացի նրանից, որ տեղադրված են եղել խարխուլ իրավական հիմքի վրա, բացի նրանից, որ չէին ծառայում իրենց բուն նպատակին ու դրանցում հաճախ հեռախոսներ, աքսեսուարներ ու այլ «սուվենիռչիկներ» էին վաճառվում, նաեւ խնդիր էին ներկայացնում երթեւեկության անվտանգության տեսակետից՝ խաչմերուկներում փակելով վարորդների տեսադաշտը: Ու առաջին հերթին, գեղարվեստական արժանիքների տեսանկյունից կասկածելի այդ կրպակները ավելի էին ծանրաբեռնում առանց այդ էլ ծանրաբեռնված մայթային հատվածները: Քաղաքային գործող իշխանության նպատակն է՝ հնարավորինս մաքրել մայթերը այդ բեռից ու ստեղծել ազատ (ոչ թե դատարկ) հանրային տարածքներ, եւ գրատնակներից ազատված տեղը, իհարկե, կբարեկարգվի: Ապամոնտաժումից առաջ կրպակների սեփականատերը ծանուցվել է, որ կարող է սեփական միջոցներով ապամոնտաժել ու տեղափոխել դրանք, ինչը չի արել։ Այժմ կրպակները պահեստավորված են, եւ սեփականատերը կարող է տնօրինել դրանք ցանկացած ժամանակ: Պարոն Ամիրյանը նաեւ ակնարկ է անում կենտրոնում ինչ-որ բազմաբնակարան շենքի կառուցման ու այդ համատեքստում՝ օրինականության մասին։ Սրա կապակցությամբ ստիպված ենք կրկին հայտարարելու, որ կենտրոնում բազմաբնակարան կառուցապատում ըստ էության չկա՝ եղած մեկ-երկու կառուցվող շենքերն էլ փաստացի «անցյալի ուրվականներն» են (դրանցից մեկում, օրինակ, 54 ընտանիք դեռ 2008-10 թվերից սեփականության իրավունք ունեն): Ամենայն հարգանքով պարոն Ամիրյանի անձի ու անցած ուղու նկատմամբ, ավելորդ չէր լինի թերեւս հիշեցնել, որ Երեւանի կենտրոնը բազմաբնակարաններով հեղեղվում էր այն ժամանակ, երբ նա հանրային ու պետական բարձր պաշտոններ էր զբաղեցնում ու պակաս հնարավորություն չուներ իր դժգոհությունն արտահայտելու: Ի վերջո, եթե պարոն Ամիրյանը կրպակների հարցով ՀՀ գործող վարչապետին զանգելու եւ միջամատություն խնդրելու հնարավորություն ունի, պետք է որ հնարավորություն ունենար մեկ այլ վարչապետի՝ իր նախկին ղեկավարին հարցադրումներ անելու, օրինակ, Մոնումենտի այգու հաշվին կառուցված դղյակների օրինականության կամ պատեհության մասին»:
19:30 - 23 հուլիսի, 2020
Երևանի փոխքաղաքապետ Հայկ Սարգսյանը հուլիսի 15-ից կավարտի պաշտոնավարումը եւ կտեղափոխվի այլ աշխատանքի` մասնավոր հատվածում. Հակոբ Կարապետյան

Երևանի փոխքաղաքապետ Հայկ Սարգսյանը հուլիսի 15-ից կավարտի պաշտոնավարումը եւ կտեղափոխվի այլ աշխատանքի` մասնավոր հատվածում. Հակոբ Կարապետյան

Նախորդ շաբաթ ներկայացված դիմումի համաձայն, Երեւանի քաղաքապետ Հայկ Մարությանի կարգադրությամբ, փոխքաղաքապետ Հայկ Սարգսյանը հուլիսի 15-ից կավարտի պաշտոնավարումը եւ կտեղափոխվի այլ աշխատանքի` մասնավոր հատվածում: Այս մասին ֆեյսբուքյան իր էջում տեղեկացնում է Երևանի քաղաքապետարանի մամուլի քարտուղար Հակոբ Կարապետյանը: «Շնորհակալ եմ քաղաքապետին`համատեղ աշխատանքի ընթացքում ցուցաբերած վստահության ու ներդաշնակ աշխատանքի համար, քաղաքական թիմիս`գլխավորությամբ վարչապետի՝ ցուցաբերած վստահության ու աջակցության համար, եւ գործընկերներիս`համատեղ, փոխլրացնող աշխատանքի ու ձեռքբերումների համար: Սիրով շարունակելու եմ գաղափարական ուղին քաղաքական թիմակիցներիս ու ընկերներիս հետ, որի արդարությանն ու հաջողությանն անվերապահ հավատում եմ»,- գրել է Հայկ Սարգսյանը։
09:18 - 14 հուլիսի, 2020
Պարգեւավճարների վերաբերյալ փաստաթղթեր չեն թաքցվել. Հակոբ Կարապետյանն արձագանքել է Դավիթ Խաժակյանի գրառմանը

Պարգեւավճարների վերաբերյալ փաստաթղթեր չեն թաքցվել. Հակոբ Կարապետյանն արձագանքել է Դավիթ Խաժակյանի գրառմանը

Պարգեւավճարների վերաբերյալ փաստաթղթեր չեն թաքցվել։ Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է Երեւանի քաղաքապետի մամուլի խոսնակ Հակոբ Կարապետյանը՝ անդրադառնալով Երեւանի ավագանու «Լույս» խմբակցության ղեկավար Դավիթ Խաժակյանի այն հայտարարությանը, թե պաշտոնական կայքում չի հրապարակվել քաղաքապետ Հայկ Մարությանի կարգադրությունը, որով հունիսին 6,7 մլն դրամի պարգեւատրում է տրվել։ Նա, մասնավորապես, նշել է. «Պարգեւավճարների վերաբերյալ փաստաթղթեր չեն թաքցվել Ավագանու անդամ Դավիթ Խաժակյանը իր կարճատեւ, բայց հագեցած քաղաքական կարիերայի ընթացքում առնվազն մի բան լավ է յուրացրել՝ պարզ փաստերը ներկայացնել այնպես, որ հանրության որոշակի հատվածի մոտ «սենսացիոն բացահայտման» տպավորություն ստեղծվի: Առնվազն վերջին մեկ-մեկուկես տարվա պրակտիկայից լիքը օրինակներ կարելի է բերել (հիշենք թեկուզ՝ «կամազգեյթ»-ի մեգապղպջակն ու «փո՛ղ են տվել, ժողովուրդ ջան, ոչ թե Կամազ»՝ այդպես էլ օդում կախված դատարկ պնդումը): Այսօր էլ պարոն Խաժակյանը նման մի գրառում է արել «Թաքցվել են պարգեւավճարների վերաբերյալ փաստաթղթերը» հնչեղ վերնագրի ներքո: Հիշեցնելով նախորդ տարվա փետրվարի իմ մի գրառումը, որով հայտնում էի 2017 թվականին տրված 287(!) միլիոն դրամի պարգեւավճարները թաքցնելու մասին, Խաժակյանը «բացահայտում է», որ հուլիսին Yerevan.am պաշտոնական կայքում չի հրապարակվել պարգեւավճարներին վերաբերող 1(մեկ) կարգադրություն։ Մինչդեռ, ընդամենը օրեր առաջ իմ գործընկեր Հովսեփ Կուբատյանը հունիս ամսի կարգադրությունների մի խմբի չհրապարակվելու պատճառների մասին արդեն պարզաբանում տվել է հենց Դավիթ Խաժակյանին, այն է՝ քանի որ արձանագրային բաժնի աշխատակիցների զգալի մասը կորոնավիրուսի վարակի պատճառով բացակայում է, փաստաթղթերի մի ամբողջ տրցակ որոշակի ուշացմամբ է տեղադրվում կայքում (ոչ թե միայն մեկը կամ երկուսը, ինչպես փորձում է ներկայացնել Խաժակյանը): Ուստի, հաշվի առնելով այս հանգամանքը եւ առավելեւս այն, որ պարգեւավճարներին վերաբերող քաղաքապետի ԲՈԼՈՐ կարգադրությունները վերջին մեկուկես տարվա ընթացքում անխտիր հրապարակվել են, «թաքցնելու» մասին պնդումը անհիմն է»։
17:22 - 07 հուլիսի, 2020
Politik.am-ը շարունակում է տարածել քաղաքային տրանսպորտի թանկացման մասին 4 օր առաջ հերքված լուրը

Politik.am-ը շարունակում է տարածել քաղաքային տրանսպորտի թանկացման մասին 4 օր առաջ հերքված լուրը

Politik.am լրատվական կայքն այսօր՝ հուլիսի 6-ի առավոտյան, հրապարակել է «Ուղեվարձը կարող է դառնալ 150 դրամ» վերտառությամբ նյութ, որտեղ ասված է, թե Երեւան քաղաքում երթուղային տրանսպորտի ուղեվարձը կարող է թանկանալ, ինչի մասին քննարկումները, ըստ կայքի, ակտիվացան սոցիալական ցանցերում, երբ հայտնվեցին լուսանկարներ տարբեր ավտոբուսներից, որոնց պատուհաններին փակցված էր հայտարարություն, ըստ որի առաջիկայում ուղեվարձը կարող է թանկանալ։ Politik.am-ը գրել է, թե քաղաքային իշխանությունները դեռ չեն մեկնաբանել լուսանկարի բովանդակությունը․ «Քաղաքացիների մի մասը կարծում է, որ թանկացման որոշումն արդեն կայացվել է, իսկ մյուս մասը կարծում է, որ իշխանությունները հանրության տրամադրություններն են փորձում հասկանալ այս տեղեկատվության արտահոսքով»,- հավելել է կայքը։ Բացի այն, որ Google որոնողական համակարգով փնտրելու դեպքում պարզ է դառնում, որ նկարը 2013 թվականի է, նաեւ դեռեւս չորս օր առաջ քաղաքապետարանի մամուլի քարտուղար Հակոբ Կարապետյանն է իր ֆեյսբուքյան էջում հերքել այս լուրը։ Կարապետյանը, մասնավորապես, գրել է․ «Փնթի ապատեղեկատվության ուխտի ասպետները մի լուսանկար են շրջանառում ցանցում՝ իբր քաղաքային իշխանությունը հուլիսի 20-ից 150 դրամ է դարձնում տրանսպորտի սակագինը։ Ի տարբերություն հայտնի ասացվածքի՝ այս դեպքը բացահայտվեց նույնիսկ ոչ թե 40 րոպեի, այլ 40 վայրկյանի ընթացքում: Google.images-ից «հարցրինք» լուսանկարի ծագման պատմությունը եւ ահավասիկ՝ լուսանկարը 2013 թվականի հուլիսին է հայտնվել ցանցում: Այն ժամանակ, եթե հիշում եք, որոշվել էր սակագինը դարձնել 150 դրամ: Ի դեպ, ուշադիր աչքը լուսանկարի մեջ կնկատի նաեւ Orange-ի արտաքին գովազդի վահանակը, որը այս օրերին քաղաքում հնարավոր չէ տեսնել, որովհետեւ այդ ապրանքանիշը Հայաստանում վաղուց չի գործում: Չհաշված, որ 60 համարի միկրոավտոբուսային երթուղին ներկայումս չկա»։ Փաստորեն, չնայած քաղաքապետարանի մամուլի պատասխանատուն շուրջ 4 օր առաջ հերքել է այս ապատեղեկատվությունը, Politik.am-ը այն շարունակում է շրջանառել՝ հավելելով նաեւ, թե քաղաքային իշխանությունները դեռ չեն մեկնաբանել լուսանկարի բովանդակությունը։
12:57 - 06 հուլիսի, 2020
Փնթի ապատեղեկատվության ուխտի ասպետները մի լուսանկար են շրջանառում՝ իբր տրանսպորտը 150 դրամ է դառնում. Հ. Կարապետյան

Փնթի ապատեղեկատվության ուխտի ասպետները մի լուսանկար են շրջանառում՝ իբր տրանսպորտը 150 դրամ է դառնում. Հ. Կարապետյան

Փնթի ապատեղեկատվության ուխտի ասպետները մի լուսանկար են շրջանառում ցանցում՝ իբր քաղաքային իշխանությունը 150 դրամ է դարձնում տրանսպորտի սակագինը հուլիսի 20-ից: Այսպիսի ֆեյսբուքյան գրառում է արել Երեւանի քաղաքապետի մամուլի խոսնակ Հակոբ Կարապետյանը: «Ի տարբերություն հայտնի ասացվածքի՝ այս դեպքը բացահայտվեց նույնիսկ ոչ թե 40 րոպեի, այլ 40 վայրկյանի ընթացքում: Google.images-ից «հարցրեցինք» լուսանկարի ծագման պատմությունը եւ ահավասիկ՝ լուսանկարը 2013 թվականի հուլիսին է հայտնվել ցանցում: Այն ժամանակ, եթե հիշում եք, որոշվել էր սակագինը դարձնել 150 դրամ»,- գրառել է Կարապետյանը: Նա նաեւ շեշտել է, որ ուշադիր աչքը լուսանկարի մեջ կնկատի նաեւ Orange-ի արտաքին գովազդի վահանակը, որը այս օրերին քաղաքում հնարավոր չէ տեսնել, որովհետեւ այդ ապրանքանիշը Հայաստանում վաղուց չի գործում:
19:25 - 02 հուլիսի, 2020