Հայկ Մամիջանյան

Հայկ Մամիջանյանը ՀՀ 8-րդ գումարման Ազգային ժողովի «Պատիվ ունեմ» խմբակցության պատգամավոր է։

Ծնվել է 1990թ. հոկտեմբերի 17-ին Երեւանում:

2012թ. ավարտել է Հայաստանի պետական ճարտարագիտական համալսարանի  (ՀՊՃՀ) էներգետիկայի ֆակուլտետի «Ձեռնարկությունների տնտեսագիտություն եւ կառավարում» բաժինը (բակալավրիատ): 2014թ.՝ ՀՀ պետական կառավարման ակադեմիայի (ՀՀ ՊԿԱ) «Քաղաքական կառավարում եւ վերլուծություն» ամբիոնի մագիստրատուրան,  2017թ.՝ նույն ակադեմիայի «Քաղաքական ինստիտուտներ եւ գործընթացներ» բաժնի ասպիրանտուրան: 2016թ.՝ ԱՄՆ Թաֆտս համալսարանի իրավունքի եւ միջազգային հարաբերությունների «Ֆլեթչեր» դպրոցը, «Թավիդյան» կրթաթոշակային ծրագիրը: Քաղաքական գիտությունների թեկնածու:

2009-2012թթ. աշխատել է «ԱՐԼԻԱՆ» ՍՊԸ համակարգող: 2012-2015թթ.՝ ՀՊՃՀ ռեկտորի օգնական: 2013-2014թթ.՝ «Գեգամետ» ՍՊԸ տնօրենի խորհրդական: 2013-2014թթ.՝ «Գավաթ» սուրճի կրպակի մենեջեր: 2014-2016թթ.՝ Հայաստանի երիտասարդական հիմնադրամի մարզային երիտասարդական կենտրոնների համակարգող: 2015-2016թթ.՝ «Կասկադ» հյուրանոցի գիշերային հերթափոխի ադմինիստրատոր: 2016-2018թթ.՝ Վ. Բրյուսովի անվան ԵՊԼՀ դասախոս: 2017-2018թթ.՝ «Ռադիո Վան» ՍՊԸ «Գրանի պրավդի» հաղորդաշարի քաղաքական մեկնաբան: 2017-2019թթ.՝ «Մանանա Սթոուն» բնական քարի վերամշակման գործարանի միջազգային կապերի պատասխանատու: 2016 թվականից ՀՀ ՊԿԱ դասախոս է, 2019 թվականից՝ «Լույս» հիմնադրամի գիտնական-հետազոտող:

2010-2012թթ. եղել է ՀՊՃՀ գիտական եւ կառավարման խորհուրդների անդամ:

2011-2017թթ.՝ ՀՀ ԱԺ Երիտասարդական խորհրդարանի առաջին եւ երկրորդ գումարումների պատգամավոր: 2012-2017թթ.՝ Երիտասարդ գիտնականների աջակցության ծրագրի ղեկավար մարմնի անդամ: 2012-2015թթ.՝ ՀՀ վարչապետին կից երիտասարդական քաղաքականության հանձնաժողովի անդամ: 2015-2017թթ.՝ «Երիտասարդ առաջնորդների դպրոց» ՀԿ նախագահ:

2012 թվականից ՀՀԿ անդամ է: 2016 թվականից՝ ՀՀԿ խորհրդի անդամ, «Անդրանիկ Մարգարյան» քաղաքական դպրոցի գործադիր ղեկավար, 2018 թվականից՝ ՀՀԿ երիտասարդական կազմակերպության ղեկավար:

2021թ. հունիսի 20-ին ԱԺ պատգամավոր է ընտրվել «Պատիվ ունեմ» կուսակցությունների դաշինքի համապետական ընտրական ցուցակով:

Հայաստանի կողմից ՀԱՊԿ օգնության մասին փաստաթղթի ստորագրումից հրաժարվելը կարող է տարբեր հետեւանքների հանգեցնել․ Հայկ Մամիջանյան |news.am|

Հայաստանի կողմից ՀԱՊԿ օգնության մասին փաստաթղթի ստորագրումից հրաժարվելը կարող է տարբեր հետեւանքների հանգեցնել․ Հայկ Մամիջանյան |news.am|

news.am: Հայաստանի կողմից ՀԱՊԿ օգնության մասին փաստաթղթի ստորագրումից հրաժարվելը կարող է տարբեր հետեւանքների հանգեցնել։ Այս մասին ասաց ԱԺ ընդդիմադիր պատգամավոր, ՀՀԿ անդամ Հայկ Մամիջանյանը՝ պատասխանելով հարցին, թե ինչ հետևանքներ կարող է ունենալ Հայաստանի կողմից՝ ՀԱՊԿ Հավաքական անվտանգության խորհրդի հռչակագիրը չստորագրելու որոշումը։  «Հաշվի առնելով ՀԱՊԿ-ի ներկայացուցչի հայտարարությունը գագաթնաժողովի ավարտին՝ ենթադրում է դրանց որոշակի փոփոխություն, վերանայում, լրամշակում, և ապա դրանց ստորագրում կամ ընդունում․․․ Հայաստանի Հանրապետության իրադրությունը բարդ է և ավելի է բարդանալու»,-ասաց Մամիջանյանը։   «Եթե ամռանը մենք ռազմավարական գործընկերոջից բողոքի պաշտոնական նոտա ենք ստանում, եթե ՀԱՊԿ երկրների որոշ առաջնորդներ խոսում են Փաշինյանի հետ այնպես, ինչպես ես չէի խոսի սեփական արժանապատվության զգացում ունեցող ցանկացածի հետ,  եթե իշխանություններն ամեն ինչ իջեցրել են այս մակարդակի, ապա  ի՞նչ ակնկալիքներ կային ՀԱՊԿ Հավաքական անվտանգության խորհրդի երեկվա նիստից»,- հարց հնչեցրեց պատգամավորը։ Մամիջանյանը հիշեցրեց, որ 2016 թվականի հոկտեմբերին, երբ Հայաստանը կրկին նախագահում էր ՀԱՊԿ-ում, ռազմական գործողություններից մի քանի ամիս անց նույնպես կայացավ Կազմակերպության նիստը։ Տարբերությունն, ըստ նրա, այն էր, որ այդ պատերազմում (ապրիլյան - խմբ.) հայկական կողմը հաղթող էր, եւ նաեւ այն, որ երկրի ղեկին հայրենասերներն էին։ «Այդ ժամանակ ՀԱՊԿ համատեղ հայտարարություն ընդունվեց։ Ընդ որում, այդ ժամանակվանից Ռուսաստանի եւ Բելառուսի առաջնորդները չեն փոխվել, իսկ Ղազախստանի նախագահը Նազարբաեւն էր։ Հայտարարության մեջ հստակ խոսվում էր ժողովուրդների ինքնորոշման իրավունքի, Վիեննայի ու Սանկտ Պետերբուրգի պայմանագրերի կարեւորության մասին, կային մի շարք այլ հայամետ կետեր։ Ընդ որում, հարցը վերաբերում էր ոչ թե Հայաստանի, այլ Ղարաբաղի տարածքին։ Այսպիսով խնդիրը ՀԱՊԿ-ի՞, թե Հայաստանի պաշտոնյաների՞  մեջ է։ Միգուցե, չարժեր առանց ՀԱՊԿ գլխավոր քարտուղարին հետ կանչելու կամ փոխելու քաղաքական դրդապատճառներով քրեական հետապնդում նախաձեռնել։ Միգուցե, չարժեր 2021 թվականի նոյեմբերյան ագրեսիայի ժամանակ խորհրդարանում հրատապ հայտարարություններ պատրաստել, որի տեքստերը օպերատիվ կերպով SMS հաղորդագրությամբ ուղարկվել էին։ Այսինքն փորձ էր արվել սեւացնել ՀԱՊԿ-ին մինչեւ դրան դիմելը», – ասաց նա։ Նա նկատեց, որ ցանկացած միջազգային փաստաթղթի իրականացման համար երկիրը պետք է կշիռ ունենա կամ գոնե միջազգային հարաբերությունների սուբյեկտ, այլ ոչ թե օբյեկտ լինի, ինչը եւ դարձավ Հայաստանը ներկայիս իշխանությունների ժամանակ։ Արդյունքում Հայաստանին եւ Ղարաբաղին, նրա համոզմամբ, բաժանում են, ինչպես ոզում են։ «Ապրիլյան պատերազմի ժամանակ ԵԱՀԿ բոլոր պետությունները, այդ թվում Թուրքիան, հանդես եկան հայտարարություններով, իսկ 44-օրյա պատերազմի ժամանակ նույն Թուրքիան դարձավ պատերազմի մասնակից եւ ագրեսոր, իսկ Հայաստանը միջազգային հրապարակում որոշ ժամանակ մենակ մնաց։ Ինչպես էր ստացվում, որ Հայաստանի համար բարեկամական երկրների օդային տարածությունը որոշ ժամանակ փակ էր», – ասաց Մամիջանյանը՝ փորձելով զուգահեռներ անցկացնել 2016 եւ 2020 թվկանանների ռազմական գործողությունների միջեւ։ Նրա խոսքով՝ մինչ 2018 թվականը Լեռնային Ղարաբաղի հակամարտության խաղաղ կարգավորումն այն սակավաթիվ հարցերից մեկն էր, որի շուրջ հակասության մեջ գտնվող ուժային կենտրոնները միանման դիրքորոշումներ ունեին, բայց հիմա հարցը բախումների առիթ է դարձել։ «Եթե Հայաստանի իշխանությունը գերիների եւ ՀՀ տարածքից ադրբեջանական զորքերի դուրսբերման հարցը բանակցությունների առարկա չի դարձնում, ապա ինչո՞ւ այլ երկրներ պետք է ավելի հայամետ լինեն։ Հայաստանի իշխանությունը 2018 թվականից ի վեր չկարողացավ կազմակերպել SEPA արագ վավերացում։ Իշխող ռեժիմին չհաջողվեց նյութականացնել կետերը, որոնք ներառված էին դրանում, մասնավորապես, ԼՂ հակամարտությանը վերաբերող կետերը։ SEPA-ում ֆիքսված են հիմնարար սկզբունքները, մասնավորապես, ԼՂ ժողովրդի՝ ինքնորոշման իրավունքը, ինչը հնարավորություն կտար պաշտոնական փաստաթղթի մակարդակում զենք ունենալ բանակցային գործընթացում։ Այդ դեպքում ԵՄ միջնորդությամբ բանակցություններում հնարավոր կլիներ հղում կատարել իրենց ընդունած փաստաթղթին։ ՀՀ իշխանությունը հղում չի կատարում այդ կարեւորագույն կետին  եւ չի կիրառում այն»,-նշեց ընդդիմադիր պատգամավորը։ Հայկ Մամիջանյանը վստահություն հայտնեց, որ իշխանությունը չի ցանկանում Ադրբեջանի հետ ստորագրվող ցանկացած փաստաթղթում հիշատակել Ղարաբաղի մասին եւ չի կարող հասկանալ վերոնշյալի կարեւորությունը։      
16:41 - 24 նոյեմբերի, 2022
«Պատիվ ունեմ» խմբակցությունը վաղը չի մասնակցի կառավարության հետ հարցուպատասխանին. Մամիջանյան |news.am|

«Պատիվ ունեմ» խմբակցությունը վաղը չի մասնակցի կառավարության հետ հարցուպատասխանին. Մամիջանյան |news.am|

news.am: Այն գործընթացները, որոնք այս պահին ծավալվում ենք Արցախի և Հայաստանի շուրջ, ամենայն հավանականությամբ վաղ թե ուշ հանգրվանելու են Ազգային ժողովում և Սահմանադրական դատարանում: Այս մասին, այսօր՝ նոյեմբերի 15-ին, ԱԺ-ում լրագրողների հետ ճեպազրույցում ասաց «Պատիվ ունեմ» խմբակցության ղեկավար Հայկ Մամիջանյանը՝ պատասխանելով ընդդիմադիրների՝ ԱԺ լիագումար նիստերին կրկին մասնակցելու մասին հարցերին։ «Բազմիցս նշել ենք, որ փողոցային պայքարն ու խորհրդարանական աշխատանքն իրար բացառող գործընթացներ չեն։ Մենք թույլ չենք տա, որպեսզի հակահայկական այս կամ այն զարգացումը կանխելու համար այդ թվում նաև այս հնարավորությունն իրացնելու գործիքները չունենանք»,- ասաց Մամիջանյանը։ Նա նշեց, որ ընդդիմությունը,  մասնավորապես «Պատիվ ունեմ» խմբակցությունը երբեք  չի էլ դադարեցրել խորհրդարանական աշխատանքը, նույնիսկ ամենաթեժ ցույցերի պահերին այս կամ այն պատգամավորը միջազգային ֆորմատներում կամ, օգտագործելով  վերահսկողական այս կամ այն գործիքն, աշխատել են պառլամենտում. «Խոսքը ընդամենը լիագումար նիստերի դահլիճ  մուտք գործելու մասին է, որը չեմ կարծում, թե մեր գործելաոճի էական փոփոխություն է»,- ասաց ընդդիմադիր պատգամավորը: Մամիջանյանը վստահ է, որ ռադիկալ ընդդիմություն լինելն ասելով չէ. «Ինչքան էլ ասեմ, որ մենք շարունակում ենք մնալ ռադիկալ ընդդիմություն, վստահ եմ, որ  մեր քաղաքացիները  կգնահատեն մեր գործողությունները, որոնք սպասեցնել չեն տա»։ Ներկայացնելով իրենց օրակարգը՝ Մամիջանյանն ասաց. «Եթե խորհրդարանական ընդդիմությունը չիրականացնի խորհրդարանական այս կամ այն աշխատանքը, օրինակ, մեր որոշ միջազգային գործընկերների հետ  հանդիպումների ժամանակ մեր գործընկերները կլսեն  «Հայաստանն ու Ադրբեջանը իրար հետ որևէ խնդիր չունեն, բացի ԼՂ հարցից», կամ «Մենք համարում ենք, որ Լեռնային Ղարաբաղից բոլոր զորքերը պետք է դուրս գան» ու  նմանօրինակ հակահայկական, հակապետական հայտարարություններ, որոնք  կմնան անպատասխան: Այսինքն մեր միջազգային  գործընկերները չեն լսի, որ նշված երկու դրույթներն աղերս չունեն  իրականության հետ, կամ չեն լսի, որ խորհրդարանական ընդդիմությունը Հայաստանի և Արցախի համար համարում է ճակատագրական սխալ հայ-ադրբեջանական հարաբերությունների զատումը արցախյան հակամարտությունից»։ Հարցին, թե ի՞նչ սխալներ է թույլ տվել ընդդիմությունը, որ փողոցային պայքարի միջոցով  չհասավ իր նպատակներին, Հայկ Մամիջանյանը պատասխանեց. «Այո, մեր նպատակը եղել է և շարունակում է  մնալ Նիկոլ Փաշինյանի հեռացումը իշխանությունից,  հիմնական բանակցողի  փոփոխությունը, բայց ասել, որ փողոցային պայքարը որևէ արդյունքի չի  բերել, կարծում եմ, իրականությանը չի համապատասխանում։ Մեր վերջնական նպատակին չենք հասել, բայց որոշակի արդյունքների հասել ենք»։ Նա նշեց, որ կատարել են սխալների վրա աշխատանք, թե  տեխնիկական, նաև որոշ առումով խոսույթի մակարդակում։ Ըստ ընդդիմադիր գործչի, փողոցային այս կամ այն ակցիաների ավելի լայնամասշտաբ իրականացման վերաբերյալ այս պահին տարվում է տնային աշխատանք։ Մամիջանյանը տեղեկացրեց, որ «Պատիվ ունեմ» խմբակցությունը վաղը չի մասնակցի կառավարության հետ հարցուպատասխանին։
15:53 - 15 նոյեմբերի, 2022
Թուրք նախագահողի պահվածքի վերաբերյալ նամակ եմ գրելու ԵԽԽՎ նախագահությանը. Հայկ Մամիջանյան

Թուրք նախագահողի պահվածքի վերաբերյալ նամակ եմ գրելու ԵԽԽՎ նախագահությանը. Հայկ Մամիջանյան

ՀՀ Ազգային ժողովի «Պատիվ ունեմ» խմբակցության ղեկավար Հայկ Մամիջանյանը իր ֆեյսբուքյան էջում գրել է, որ ԵԽԽՎ լիագումար նստաշրջանի նիստը նախագահում էր թուրքական ազգային պատվիրակության ներկայացուցիչը, որը, Լեռնային Ղարաբաղի վերաբերյալ հայ պատգամավորի ելույթի ընթացքում ընդհատել է նրան ու ձայնի իրավունք տվել ադրբեջանցի պատգամավորին, որը փորձեց ասել, թե Մամիջանյանն իրավունք չունի խոսել հակամարտության մասին:  Ադրբեջանցի պատգամավորի վարման կարգով ելույթից հետո խոսելու իրավունք տրվեց նաև ՔՊ խմբակցության պատգամավոր Վլադիմիր Վարդանյանին, որն ընդգծեց, որ յուրաքանչյուր անդամ կարող է խոսել ցանկացած թեմայով՝ անկախ նրանից՝ դրանք քննարկվում են, թե ոչ։ Վարդանյանը նաև ասաց, որ նիստը նախագահողը իրավունք չունի ընդհատելու ելույթը, ու վարման կարգով ելույթները պետք է լինեն ելույթների միջև ընկած ժամանակահատվածում։ Պատգամավորի խոսքին արձագանքեց նախագահողը՝ նշելով, որ ինքը չի ընդհատել ելույթը, և որ անհրաժեշտ է, որ մյուս պատվիրակություններն էլ կարծիք հայտնեն թեմայի վերաբերյալ։ Նա կոչ արեց Մամիջանյանին շարունակելու ելույթը, ինչին արձագանքեց ՀՀ ԱԺ փոխնախագահ Ռուբեն Ռուբինյանը՝ նշելով, որ, ըստ կանոնադրության, նախագահողն իրավունք չունի ընդհատելու ելույթը, և Մամիջանյանը ոչ թե պետք է շարունակի, այլ պետք է նոր ելույթ սկսի ու շարունակի այն այնքան, որքան կցանկանա․ «Ես հասկանում եմ, որ Դուք Թուրքիայից եք, բայց Դուք Թուրքիայից չեք այս կոնտեքստում։ Դուք նախագահում եք այս նստաշրջանը, նախագահեք այն՝ պահպանելով չեզոքություն»։ Մամիջանյանը հայտնում է, որ թուրք նախագահողի պահվածքի վերաբերյալ նամակ է գրելու ԵԽԽՎ նախագահությանը: «Այն նույն ժամանակ, երբ Երևանում Ալեն Սիմոնյանը ասում է, թե Արցախի հարցը ՀՀ-Ադրբեջան պայմանագրի շրջանակում պետք չէ ներառել՝ Ստրասբուրգում խոսել եմ այն մասին, որ եթե Լեռնային Ղարաբաղի կարգավիճակի հարցը դուրս մնա Հայաստան-Ադրբեջան հարաբերությունների շրջանակից, ապա ԵԽԽՎ ամբիոնից Լեռնային Ղարաբաղի ժողովրդի վերաբերյալ իմ հաջորդ ելույթները լինելու են անցյալ ժամանակով: Ստորև ներկայացնում եմ ելույթի հայերեն տարբերակը.«Տիկնայք և պարոնայք,Այս նստաշրջանի առաջին օրը մենք քննարկում ունեցանք Հայաստանի դեմ Ադրբեջանի սանձազերծած ագրեսիայի մասին: Մի ասացվածք կա. «Ճշմարտության համար շնորհակալություն չեն հայտնում», բայց ես այնուամենայնիվ ցանկանում եմ շնորհակալություն հայտնել ճշմարտությունը բարձրաձայնելու խիզախության համար: Ես, անշուշտ, նկատի ունեմ այն մարդկանց, ովքեր ունեցան ճշմարտությունը բարձրաձայնելու խիզախություն այս եւ այլ ամբիոններից։ Բոլոր նրանց, ովքեր խուլ չմնացին իմ ժողովրդի ձայնի նկատմամբ։ Խիզախության նմանատիպ դրսևորումները մեր օրերում հազվադեպ են դարձել:Այնուամենայնիվ, այդ քննարկման ժամանակ չխոսվեց Լեռնային Ղարաբաղի հակամարտությանն առնչվող խնդիրների մասին: Մենք չենք խոսել այն մարդկանց մասին, ովքեր հավատում էին, որ համաշխարհային առաջնորդների ԵԱՀԿ Մինսկի խմբի ձևաչափում արված հինգ հայտարարություններն արժեք ունեին Լեռնային Ղարաբաղի ինքնորոշման համատեքստում: Մարդիկ, ովքեր խաղաղ ապրում էին իրենց հայրենիքում ու հույս ունեին, որ «ուժի չկիրառում» բառերը ազդեցություն ունեն: Նրանք դաժանորեն խաբվեցին։ՀՀ ներկայիս կառավարության վարած անմիտ դիվանագիտության հետևանքով իրականություն է դառնում Հայաստան-Ադրբեջան հարաբերությունների և Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման տարանջատման գաղափարը: Աշխարհը պատրաստվում է թողնել փոքր Արցախին Ադրբեջանի դեմ մեն մենակ: Ցավոք, այդ պատմությունը չի կարող ավարտվել Դավթի և Գողիաթի պատմության նման։ Եվ պատճառը բնավ Արցախի ժողովրդի՝ իր հայրենիքի ապագային տեր կանգնելու կամքի պակասը չէ: Պատճառն այն է, որ միջազգային հարաբերությունների պատմության մեջ ազգերի ինքնորոշմանն առնչվող կոնֆլիկտները երբեք չեն կարգավորվել մետրոպոլիայի և փոքրամասնության միջև բանակցությունների արդյունքում: Այդ պատմությունը կավարտվի Արցախի համար նույն կերպ, ինչպես հայ զինվորական կնոջ պատմությունը, ով խոշտանգվել և սպանվել էր ադրբեջանցի զինվորականների կողմից: Ես բնավ չեմ անտեսում այս դահլիճում քննարկված որևէ հարցի կարևորությունը, սակայն խորապես համոզված եմ, որ կնոջ խոշտանգումը, որն ուղեկցվել էր կենդանի մաշկազերծումով, կրծքին և որովայնին գրություն թողնելով, ակնակապիճի մեջ քար, բերանում կտրված մատ թողնելով, առնվազն նույն կարևորությունն է ներկայացնում, ինչ սպորտի աշխարհում կանանց հանդեպ խտրականության դրսևորումները, որոնք երեկ քննարկում էինք: Արցախի պատմությունը կունենա նույն ավարտը, ինչ ադրբեջանական զորքերի կողմից գերեվարված և սպանված հայ ռազմագերիների պատմությունը, որոնք սպանվեցին «հաճույքի» համար՝ պարզապես որովհետև հայեր էին: Գիտեմ, որ ձեզանից ոմանք հոգնել են այս խնդրի մասին մեր ելույթները լսելուց, մյուսները՝ սարսափած են ելույթումս ներկայացված դեպքերից: Սակայն, եթե Լեռնային Ղարաբաղի կարգավիճակի հարցը դուրս մնա Հայաստան-Ադրբեջան հարաբերությունների շրջանակից, վստահ եղեք, որ ԵԽԽՎ ամբիոնից Լեռնային Ղարաբաղի ժողովրդի վերաբերյալ իմ հաջորդ ելույթները լինելու են առավել սարսափազդու, գուցե նաև գրված լինեն անցյալ ժամանակով:Տիկնայք և պարոնայք, եթե շարունակեք անտեսել այն, ինչ տեղի է ունենում Լեռնային Ղարաբաղում՝ ինձ համար շատ դժվար կլինի մաքրել նախագահողի երեսից այն ժպիտը, որով նա փորձում էր խանգարել ինձ ելույթ ունենալ:Շնորհակալություն»,- իր էջում գրել է Մամիջանյանը։
10:32 - 15 հոկտեմբերի, 2022
Ըստ Հայկ Մամիջանյանի՝ Էդգար Ղազարյանը ոստիկանություն տեղափոխվելիս որոշակի վնասվածքներ է ստացել

Ըստ Հայկ Մամիջանյանի՝ Էդգար Ղազարյանը ոստիկանություն տեղափոխվելիս որոշակի վնասվածքներ է ստացել

«Պատիվ ունեմ» խմբակցության պատգամավոր Հայկ Մամիջանյանը 168․am-ի հետ ճեպազրույցում հայտնել է, որ Ազգային ժողովի դիմացից Էդգար Ղազարյանը բերման է ենթարկվել անհամաչափ ուժի կիրառմամբ, ինչի արդյունքում որոշակի վնասվածքներ է ստացել․ «Ըստ իմ տեղեկությունների՝ կիրառվել են նաեւ ձեռնաշղթաներ, որի տրամաբանությունն ինձ համար անընկալելի է, այսինքն՝ ՀՀ-ի անվտանգությանը այդքան լուրջ սպառնալի՞ք էր, որ պարոն Ղազարյանին պետք էր ձեռնաշղթաներով տեղափոխել»,- ասաց նա՝ նշելով, որ Ղազարյանին շուտով փաստաբան կմոտենա։ Մամիջանյանը ափսոսանք հայտնեց, որ ռազմական նմանօրինակ զարգացման պարագայում իշխանությունը ուրիշ բան ու գործ չունի, քան ընդդիմախոսների նկատմամբ բեմադրությունների ցուցումներով զբաղված լինելն է։ Ոստիկանության լրատվական բաժնից մեր հարցին ի պատասխան՝ տեղեկացրին, որ ժամը 13։00-ի դրությամբ ոստիկանություն է բերվել 2 անձ․ մեկը՝ առավոտյան, մյուսը՝ Ղազարյանը՝ ավելի ուշ։ Ըստ ոստիկանության՝ հիմքը Վարչական իրավախախտումների օրենսգրքի 182-րդ հոդվածն է։ Խոսքը վերաբերում է ոստիկանի օրինական պահանջը չկատարելուն։ Հիշեցնենք՝ 44-օրյա պատերազմում զոհվածների հարազատներն ու նրանց աջակցող քաղաքացիներ այսօր դարձյալ բողոքի ակցիա են իրականացրել Ազգային ժողովի շենքի մոտ՝ ԱԺ պատգամավորներից պահանջելով  անվստահություն հայտնել ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանին։ Ոստիկանները վահաններով ու սաղավարտներով պատ էին կազմել՝ փակելով մուտքը դեպի Դեմիրճյան փողոց:
14:33 - 14 սեպտեմբերի, 2022
ՀՀ ԱԺ ընդդիմադիր խմբակցության ղեկավարը մտադիր է դիմել Ադրբեջանին՝ գերիներին տեսակցելու այց կազմակերպելու պահանջով

ՀՀ ԱԺ ընդդիմադիր խմբակցության ղեկավարը մտադիր է դիմել Ադրբեջանին՝ գերիներին տեսակցելու այց կազմակերպելու պահանջով

ՀՀ ԱԺ ընդդիմադիր «Պատիվ ունեմ» խմբակցության ղեկավար Հայկ Մամիջանյանը մտադիր է դիմել Ադրբեջանին՝ գերիներին տեսակցելու այց կազմակերպելու պահանջով: Այս մասին Հայկ Մամիջանյանը գրառում է կատարել «Ֆեյսբուք» սոցիալական ցանցի իր էջում: «Վաղը պաշտոնական նամակով դիմելու եմ Ադրբեջանի Միլլի Մեջլիսի խոսնակին՝ Ադրբեջանում անազատության մեջ պահվող մեր հայրենակիցներին տեսակցելու, իրենց առողջական վիճակին ու պահման պայմաններին ծանոթանալու նպատակով այցելություն կազմակերպելու պահանջով։     Նամակի վերաբերյալ տեղեկացնելու եմ նաեւ ԱՊՀ, ԵԽ եւ Եվրանեսթի խորհրդարանական վեհաժողովների նախագահներին, Եվրոպական խորհրդարանի նախագահին, ինչպես նաեւ ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահ երկրների ՀՀ դեսպաններին»,- ասված է գրառման մեջ։
20:24 - 18 հուլիսի, 2022
ՀՀԿ-ն «Պատիվ ունեմ» խմբակցության ղեկավարի պաշտոնում առաջարկել է Հայկ Մամիջանյանի, իսկ քարտուղարի պաշտոնում՝ Տիգրան Աբրահամյանի թեկնածությունները

ՀՀԿ-ն «Պատիվ ունեմ» խմբակցության ղեկավարի պաշտոնում առաջարկել է Հայկ Մամիջանյանի, իսկ քարտուղարի պաշտոնում՝ Տիգրան Աբրահամյանի թեկնածությունները

Այսօր ՀՀԿ կենտրոնակայանում Սերժ Սարգսյանի նախագահությամբ տեղի է ունեցել կուսակցության Գործադիր Մարմնի հերթական նիստը։ Այս մասին տեղեկացնում են ՀՀԿ գործադիր մարմնից։  Նիստի ընթացքում քննարկվել են կուսակցության գործունեության հետ կապված մի շարք հարցեր։ Շեշտվել է կառուցվածքային ստորաբաժանումների հետ աշխատանքների ակտիվացման եւ ոլորտային կազմակերպությունների աշխատանքային ծրագրերը լիարժեք իրագործելու կարեւորությունը։ Նիստին ներկայացվել է նաեւ ՀՀԿ արտաքին կապերի շրջանակներում միջազգային գործընկերների հետ տարվող աշխատանքների մասին ընթացիկ տեղեկատվությունը։ Քննարկվել է Ազգային Ժողովում Հանրապետական պատգամավորների հետագա գործունեությունը։ Ի գիտություն է ընդունվել «Հայրենիք» կուսակցության ղեկավարի հայտարարությունը «Պատիվ ունեմ» դաշինքից դուրս գալու մասին եւ արձանագրվել է դաշինքի գոյության դադարումը։ Հաշվի առնելով, որ նույնանուն խմբակցությունը Ազգային Ժողովում դեռեւս գոյություն ունի եւ նրա ղեկավարի թափուր պաշտոնը իրավաքաղաքական գործընթացների ապահովման տեսանկյունից պետք է լրացնել, ՀՀԿ ԳՄ-ն առաջարկել է խմբակցության ղեկավարի պաշտոնում Հայկ Մամիջանյանի, իսկ քարտուղարի պաշտոնում՝ Տիգրան Աբրահամյանի թեկնածությունները։ Այս համատեքստում վերահաստատվել է, որ կուսակցության խորհրդարանական գործունեության առանցքն եղել եւ մնում է գործող վարչախմբի հեռացումը, ուստի թե խորհրդարանում, թե խորհրդարանից դուրս Հանրապետականը պատրաստ է համագործակցության այդ օրակարգը հետապնդող պատգամավորների, քաղաքական եւ հասարակական ուժերի ու գործիչների հետ։ Քննարկվել են նաեւ Հայաստանի եւ Արցախի շուրջ հետեւողականորեն վատթարացող անվտանգային միջավայրի մարտահրավերները, ինչպես նաեւ տարածաշրջանային զարգացումները։
22:11 - 11 հուլիսի, 2022
Հաշվի առնելով քաղաքական մեծամասնության կողմից ստեղծված բարոյական ճգնաժամը՝ որոշում եմ կայացրել հրաժարվել հանձնաժողովի նախագահի տեղակալի պաշտոնից․ Հայկ Մամիջանյան

Հաշվի առնելով քաղաքական մեծամասնության կողմից ստեղծված բարոյական ճգնաժամը՝ որոշում եմ կայացրել հրաժարվել հանձնաժողովի նախագահի տեղակալի պաշտոնից․ Հայկ Մամիջանյան

«Պատիվ ունեմ» խմբակցության քարտուղար Հայկ Մամիջանյանը հրաժարվում է հանձնաժողովի նախագահի տեղակալի պաշտոնից։ Նա ֆեյսբուքի իր էջում գրել է․«Շուրջ 1 տարի է հանդիսանում եմ ՀՀ ԱԺ Արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի նախագահի տեղակալ։Խորհրդարանական դիվանագիտությունը դիտարկելով որպես Հայաստանի և Արցախի շահերը հավուր պատշաճի միջազգային հարթակներում ներկայացնելու առանցքային գործիք՝ փորձել եմ հնարավորինս արդյունավետ օգտագործել այն։ Հաշվի առնելով քաղաքական մեծամասնության կողմից ստեղծված քաղաքական և բարոյական ճգնաժամը՝ որոշում եմ կայացրել հրաժարվել ՀՀ ԱԺ Արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի նախագահի տեղակալի պաշտոնից՝ շարունակելով գիտելիքներս ու կապերս ծառայեցնել ի նպաստ մեր հայրենիքի՝ այդ թվում նաև խորհրդարանական և կուսակցական դիվանագիտության գործիքների կիրառմամբ»:
16:39 - 01 հուլիսի, 2022
Մի՛ խաբվեք Փաշինյանի հավաքած քվեներին, դրանք ձեռք են բերվել կեղծիքով, ՌԴ-ին վստահելի դաշնակից է պետք, ոչ թե գլխացավանք․ Մամիջանյան |tert.am|

Մի՛ խաբվեք Փաշինյանի հավաքած քվեներին, դրանք ձեռք են բերվել կեղծիքով, ՌԴ-ին վստահելի դաշնակից է պետք, ոչ թե գլխացավանք․ Մամիջանյան |tert.am|

tert.am: ՀՀ-ի և ՌԴ-ի բարեկամությունը ֆիքսված է ոչ միայն միջազգային պայմանագրերով, այլ արժեքաբանական, ժողովուրդների բարեկամությամբ: Այս մասին ԱԳՆ շենքի մոտ բողոքի ակցիայի ժամանակ հայտարարեց «Պատիվ ունեմ» խմբակցության պատգամավոր Հայկ Մամիջանյանը։ «Տարակուսած ենք՝ ոնց կարող է ՌԴ ԱԳ նախարարը հանդիպել այն մարդկանց խմբի հետ, որոնք պարբերաբար վնասել են Հայաստանի և Ռուսաստանի եղբայրությանը, ոնց կարող է հանդիպել մարդկանց այն խմբի հետ, ովքեր ԱԺ-ում 2021-ի նոյեմբերի 16-ի իրադաձությունների ժամանակ անհիմն հակառուսական հիստերիա էին բարձրացրել։ Ակնկալում ենք ստանալ պատասխան, թե երբ է իրականացվելու այս տարվա մարտի վերջին տեղի ունեցած Փարուխի և Քարագլխի դեպքերից հետո ՌԴ Պն հայտարարությունը առ այն, որ ադրբեջանական կողմը քաշվելու է ելման դիրքերը։ Հույս ունենք, որ նոյեմբերի 9-ի պայմանագրի միակ փոքրիշատե հայամետ՝ գերիների մասին կետը վերջապես կիրականցվի Ադրբեջանի կողմից։ Նաև հույս ունենք, որ իշխանությունների ցուցակով տրված ընդդիմադիր պատգամավորների մուտքը Արցախ կանխելու ամոթալի դիպվածը երբեք չի կրկնվելու»,- ասաց Մամիջանյանը։ Նա նշեց, որ Կովկասում ՌԴ-ին անհրաժեշտ է վստահելի դաշնակից, այլ ոչ թե գլխացավանք։ «Մենք անելու ենք ամեն ինչ, որ իշխանափոխությունից հետո շարունակենք մնալ Ռուսաստանի ռամավարական դաշնակիցը։ Փաշինյանը չի կարող բանակցել Հայաստանի անունից, խնդրում եմ մի՛ խաբվեք նրա հավաքած քվեներին, դրանք ձեռք են բերվել կեղծիքով ու ստով, Փաշինյանը բացառապես բանակցում է իր արյունոտ իշխանությունը պահելու համար»,- ասաց Մամիջանյանը։
12:35 - 09 հունիսի, 2022
Ընդդիմադիրները բացել են ԱԳՆ շենքի մուտքերը և երթով հասել են Ֆրանսիայի հրապարակ |armenpress.am|

Ընդդիմադիրները բացել են ԱԳՆ շենքի մուտքերը և երթով հասել են Ֆրանսիայի հրապարակ |armenpress.am|

armenpress.am: «Դիմադրության» շարժման անդամները բացել են Հայաստանի արտաքին գործերի նախարարության մուտքերը և երթով հասել են Ֆրանսիայի հրապարակ: Այս պահին որևէ ակցիա նախատեսված չէ: Այն ընթացքում, երբ շենքը ցուցարարների կողմից շրջափակված էր, Ազգային ժողովի մի խումբ պատգամավորներ, որոնց թվում «Պատիվ ունեմ» խմբակցության պատգամավոր Հայկ Մամիջանյանը, «Հայաստան» խմբակցության պատգամավորներ Արամ Վարդևանյանը և Իշխան Սաղաթելյանը, մտան նախարարության շենք: Պատգամավորները ոստիկանների հետ քննարկումների ժամանակ նշում էին, որ որպես ԱԺ պատգամավորներ իրավունք ունեն և ցանկանում են մտնել ԱԳՆ շենք, փոխանցել շենքի դիմաց հավաքված քաղաքացիների ուղերձը: Քննարկումներից հետո ոստիկանությունը պատգամավորներին թույլ տվեց շենք մտնել: ԱԳՆ-ի շենքից դուրս գալուց հետո հավաքվածներին դիմեց Իշխան Սաղաթելյանը՝ կոչ անելով բացել շենքի բոլոր մուտքերը, ինչից հետո իրենք կներկայացնեն, թե ինչ է տեղի ունեցել շենքի ներսում, որից հետո երթով կշարժվեն դեպի Ֆրանսիայի հրապարակ: Սաղաթելյանը նաև հավելեց, որ երեկոյան ևս կարևոր գործ ունեն անելու:   Դիմելով հավաքվածներին՝ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Արամ Վարևանյանը հայտարարեց, որ իրենք կարողացել են անել այն, ինչ քչերը կպատկերացնեին. Վարդևանյանի խոսքով՝ կարողացել են ապահովել ԱԳՆ աշխատակիցների գործադուլի իրավունքը: Նա նշեց, որ ԱԳՆ շենքի ներսում շատ քիչ մարդկանց են տեսել:   Գլխավոր նկարը՝ ՀՀԿ-ի ֆեյսբուքյան էջից։
12:40 - 24 մայիսի, 2022
Ընդդիմադիր պատգամավորներին թույլ չտվեցին մասնակցել «Հայկական ժողովրդավարությունը» թեմայով համաժողովին

Ընդդիմադիր պատգամավորներին թույլ չտվեցին մասնակցել «Հայկական ժողովրդավարությունը» թեմայով համաժողովին

Ընդդիմադիր պատգամավորները մտան Marriott Armenia Hotel հյուրանոց, որտեղ, ինչպես հայտնել ենք, «Իրազեկ քաղաքացիների միավորում» ՀԿ-ի և Freedom House միջազգային կազմակերպության նախաձեռնությամբ տեղի է ունենում «Հայկական ժողովրդավարությունը» թեմայով ֆորում: Նշենք, որ համաժողովին զուգահեռ՝ Հանրապետության հրապարակում՝ հյուրանոցի դիմաց, ակցիա են իրականացնում մի խումբ քաղաքացիներ: Նրանք վանկարկում են «առանց Նիկոլ Հայաստան», «ամոթ» և այլն: Այդ վանկարկումների ներքո էլ Նիկոլ Փաշինյանը մտավ հյուրանոց: Ընդդիմադիր պատգամավորներին թույլ չտվեցին մուտք գործել համաժողովի անցկացման դահլիճ: Տեղում էր նաև ՊՊԾ պետ Սարգիս Հովհաննիսյանը: Պատգամավորները՝ Հայկ Մամիջանյանը, Աննա Մկրտչյանը, Աննա Գրիգորյանը, Ագնեսա Խամոյանը, Արամ Վարդևանյանը և այլք, միջանցքում էին՝ այդ դահլիճի դռան մոտ: Նրանք անգլերենով վանկարկում էին «Նիկոլ, դավաճան», որ, իրենց խոսքով, համաժողովի ներկաների մի մասի համար էլ հասկանալի լինի իրենց բողոքը: Աննա Գրիգորյանը հայտնեց, որ «Հայաստանը շատ հեռու է ժողովրդավարությունից. ԱԺ պատգամավորներին թույլ չեն տալիս մտնել մի քննարկման, որտեղ Freedom house է»: Պատգամավոր Արամ Վարդևանյանը, որը զրուցել էր ՊՊԾ գնդի պետի հետ, ասաց, որ հրավիրվածների ցուցակում միայն իշխանությունը ներկայացնող պատգամավորներն են: Նրանք դուրս եկան հյուրանոցից և այնտեղ հավաքված քաղաքացիներին ներկայացրին, թե ինչ է կատարվել շենքի ներսում:
13:12 - 20 մայիսի, 2022
Ոստիկանի հետ տեղի ունեցած միջադեպի հետևանքով ձեռքը վնասած կնոջ մոտ ախտորոշվել է ձախ բազկոսկրի կոտրվածք

Ոստիկանի հետ տեղի ունեցած միջադեպի հետևանքով ձեռքը վնասած կնոջ մոտ ախտորոշվել է ձախ բազկոսկրի կոտրվածք

ՀՀ ԱԺ «Պատիվ ունեմ» խմբակցության պատգամավոր Հայկ Մամիջանյանը իր ֆեյսբուքյան էջում գրել է. «Ոստիկանության կողմից բիրտ ու անհամաչափ ուժի արդյունքում 77-ամյա Ջուլետա Հովհաննիսյանն այժմ գտնվում է Նաիրի բժշկական կենտրոնում: Նրա մոտ բժիշկներն ախտորոշել են ձախ բազկոսկրի կոտրվածք:   Տիկին Ջուլետան այսօր կանգնած էր իմ կողքին՝ Կիևյան-Օրբելի խաչմերուկի հետիոտնային անցման վրա, առանց որևէ օրենք խախտելու: Ոստիկանները սկսեցին քաշքել նրան և մանացած քաղաքացիներին: Արդյունքում տապալեցին ասֆալտին ու կոտրեցին նրա ձեռքը: Այս և մի շարք այլ դեպքերի վերաբերյալ ներկայացվելու է հաղորդում»: Հիշեցնենք, որ այսօր «Դիմադրություն» շարժման անդամները ակցիա էին իրականացնում Կիևյան-Օրբելի խաչմերուկում, որի ընթացքում միջադեպ տեղի ունեցավ։ Ցուցարարների պնդմամբ՝ ոստիկանները վնասել էին տարեց կնոջ ձեռքը։ Հայկ Մամիջանյանը Infocom-ին հայտնեց, որ իրենք խաղաղ ակցիա էին իրականացնում և փորձում էին կանաչ լույսի տակ փողոցն անցնել, բայց ոստիկանները տարեց կնոջ ձեռքն են վնասել:  Քիչ հետո տարեց կնոջը օգնություն ցույց տալու նպատակով խաչմերուկ էր ժամանել Շտապօգնությունը:
13:08 - 17 մայիսի, 2022
Ցուցարարների պնդմամբ՝ ոստիկանները տարեց կնոջ ձեռքն են վնասել

Ցուցարարների պնդմամբ՝ ոստիկանները տարեց կնոջ ձեռքն են վնասել

«Դիմադրություն» շարժման անդամները ակցիա են իրականացնում Կիևյան-Օրբելի խաչմերուկում, որին մասնակցում է նաև Ազգային ժողովի «Պատիվ ունեմ» խմբակցության քարտուղար Հայկ Մամիջանյանը։ Ակցիայի ընթացքում միջադեպ տեղի ունեցավ։ Ցուցարարների պնդմամբ՝ ոստիկանները վնասել էին տարեց կնոջ ձեռքը։ Հայկ Մամիջանյանը Infocom-ին հայտնեց, որ իրենք խաղաղ ակցիա էին իրականացնում և փորձում էին կանաչ լույսի տակ փողոցն անցնել, բայց ոստիկանները տարեց կնոջ ձեռքն են վնասել: Վերջինս պատմեց նաև, որ ոստիկաններից մեկը հրել է իրեն, երբ փորձում էր չթողնել, որ նրանք մի երիտասարդի քաշքշեին: Ոստիկանները չմեկնաբանեցին տեղի ունեցածը։ Քիչ հետո տարեց կնոջը օգնություն ցույց տալու նպատակով խաչմերուկ ժամանեց Շտապօգնությունը, որի աշխատակիցը հայտնեց, որ կնոջ թևը հավանաբար դուրս է ընկել․ պետք է ռենտգեն հետազոտություն իրականացնեն։
09:49 - 17 մայիսի, 2022
Քոչարյանն ու Սարգսյանը մարտական ընկերներ են. ոչ ես, ոչ դուք չենք կարող վերլուծել իրենց հարաբերությունները. Մամիջանյան
 |news.am|

Քոչարյանն ու Սարգսյանը մարտական ընկերներ են. ոչ ես, ոչ դուք չենք կարող վերլուծել իրենց հարաբերությունները. Մամիջանյան |news.am|

news.am: Խնդրում եմ իրենց մասին խոսելիս մի օգտագործեք իշխանություն բառը, Հայաստանում իշխանությունը պականում է ժողովրդին. Հայ ժողովուրդը վաղուց իր ընդվզմամբ ցույց է տվել, որ այս խունտան իրավունք չունի իր անունից՝ բանակցելու կամ ներկայանալու որպես իշխանություն: Այս մասին անհնազանդության երթի ժամանակ լրագրողների հետ զրույցում նշեց «Պատիվ ունեմ» խմբակցության պատգամավոր Հայկ Մամիջանյանը: «Երեկ, երբ գնում էի ԱԺ եւ տեսա մի քանի շերտ ոստիկանական «կարդոնները», այլ կերպ բնազդային վախ, դա անվանել հնարավոր չէ»,-ասաց նա: Անդրադառնալով նախօրեին ԱԺ-ում վարչապետ Նիկոլ Փաշինյանի հայտարարությանը, թե բացահայտում էր անելու, բայց ընդդիմությունը փախավ նիստերի դահլիճից, Մամիջանյանն ասաց. «Էլ ի՞նչ ինքը կարող է բացահայտել: Արդեն բացահայտել է, որ Սյունիքի հանձնումը եղել է նոյեմբերի 9-ի հայտարարությունից դուրս եւ իր միանձնյա որոշմամբ: Արդեն բացահայտել է, որ մոբիլիզացիան եւ բանակի կազմակերպման աշխատանքում թերացել է ինքը, արդեն բացահայտել է, որ կարող էր կանխել պատերազմը, կանգնեցնել պատերազմը: Արդեն իր թիմակիցները բացահայտել են, որ մենք ճիշտ ենք, երբ ասում էինք, որ 2019-ին սեղանին փուլային տարբերակ էր: Ինքը քողարկված տեքստով բացահայտել են իրենց պլանները՝ այլեւս չպայքարել Արցախի համար, նվազեցնել նշաձողը եւ կասկածի տակ դնել այն միտքը, որ Արցախը երբեք չի կարող լինել Ադրբեջանի կազմում»: Խոսելով երեկ խորհրդարանում ՔՊ-ական պատգամավորների պահվածքի մասին, Հայկ Մամիջանյանն ասաց, որ սովորություն ունեն ծափահարել իրենց ղեկավար կոչեցյալի զեղումներից հետո՝ բացարձակ չհարգելով ու չգիտակցելով նահատակված զինծառայողների հարազատների վիշտը, Հայաստանի ներկա իրավիճակը։ «Երբ ասելիք չկա, ծափահարելը լավագույն ու ամենահեշտ միջոցն է»,- ասաց նա։ Անդրադառնալով Ադրբեջանի նախագահի հայտարարությանը, որ «Զանգեզուրի միջանցքն արդեն իրականություն է», Մամիջանյանը նշեց. «Վերջին շրջանում դեպքերի մեծ մասում գործընթացների մասին տեղեկանում ենք թուրք կամ ադրբեջանցի պաշտոնյաների խոսքերից։ Այս պարագայում ունեմ որոշակի խիստ հիմնավոր մտահոգություններ, բայց մինչև դրանց հաստատվելը չեմ մեկնաբանի Ալիևի հայտարարությունը, թեպետ մինչև այսօր Ադրբեջանի և Թուրքիայի նախագահների և այլ պաշտոնյաների ասածները հետագայում, ցավոք սրտի, իրականություն են դարձել»։ Լրագրողի հարցին՝ «տպավորություն կա, որ Ռոբերտ Քոչարյանն ու Սերժ Սարգսյանը խուսափում են ակցիաների ժամանակ միմյանց հանդիպելուց, ինչ որ հակասություն կա՞ նրանց միջև, Հայկ Մամիջանյանն ասաց. «Ռոբերտ Քոչարյանն ու Սերժ Սարգսյանը մարտական ընկերներ են։ Ոչ ես, ոչ դուք չենք կարող վերլուծել իրենց հարաբերությունները։ Իրենք ունեն մեծ անցած ուղի, որի մի մասն անցել է մարտական գործողություններով և, կարծում եմ, որ դա մեր քննարկման խնդիրը չէ։ Սերժ Սարգսյանը երբ այցելում է վրանային ավան, շփվում է ակտիվիստների, քաղաքացիների հետ, տալիս է կազմակերպչական հանձնարարություններ հենց տեղում ձևավորված շտաբից»։   Գլխավոր նկարը՝  panorama.am
12:43 - 05 մայիսի, 2022
Ժողովուրդն է ղեկավարելու երկիրը, ում որ ժողովուրդը հարմար գտնի, ում որ ժողովուրդը վստահի էս փոթորկոտ վիճակում մեր նավը. Հայկ Մամիջանյան

Ժողովուրդն է ղեկավարելու երկիրը, ում որ ժողովուրդը հարմար գտնի, ում որ ժողովուրդը վստահի էս փոթորկոտ վիճակում մեր նավը. Հայկ Մամիջանյան

«Ժողովուրդն է ղեկավարելու երկիրը, ում որ ժողովուրդը հարմար գտնի, ում որ ժողովուրդը վստահի էս փոթորկոտ վիճակում մեր նավը»,- այս մասին «Ազատության» ֆեյսբուքյան ասուլիսում հայտարարեց «Պատիվ ունեմ» խմբակցության քարտուղար Հայկ Մամիջանյանը՝ պատասխանելով հարցին, թե ով է ղեկավարելու երկիրը ընդդիմության կողմից իշխանափոխությունից հետո։  Դիտարկմանը, որ իսկ եթե ժողովուրդը էլի գործող իշխանությանն ընտրի, պատասխանեց․  «Եթե չեմ սխալվում, պետական դավաճանության համար դատապարտված անձինք իրավունք չունեն առաջադրվելու ԱԺ պատգամավոր»։ Իսկ ի պատասխան հարցին, թե ինչու արտահերթ ընտրություններին ժողովուրդն իրենց չընտրեց, ասաց․ «Եթե ընդդիմությանը, մասնավորապես՝ ՀՀԿ-ին, այս կամ այն ակնկալված ձայնից քիչ են տալիս, նշանակում է՝ մենք մեր թեզերը լավ չենք բացատրել, նշանակում է մենք, պայմանական՝ ես, երբ հունիսի 20-ի ընտրությունների ժամանակ 10 թեզից 8-ը խոսում էի Արցախի և մեր երկրի անվտանգության մասին, 2-ը՝ անօրինությունների և սրանց կոռուպցիայի մասին, գուցե պետք էր անել հակառակը»։ Խոսելով 2018-ի ակցիաների ու այսօրվա ակցիաների տեխնոլոգիաների հետ նմանություն մասին՝ Մամիջանյանը նշեց, որ 2018-ին չկար ազգային գաղափարախոսություն․ «Տարբերությունը 2018-ի և այս պահին համաժողովրդական շարժման հետևյալում է․ իրենք ունեին միայն տեխնոլոգիաներ, չունեին ազգային գաղափարախոսություն, չունեին ազգային նպատակ, մենք ունենք ազգային նպատակ և ազգային գաղափարախոսություն, ունենք արժանապատիվ խաղաղության նպատակ։ Այս պարագայում տեխնոլոգիաները մեզ համար գործիքից էլ ստորադաս կարևորություն ունեն»։ Հայկ Մամիջանյանը խոսեց նաև ընդդիմության հետագա անելիքների մասին․ «Պատերազմից անմիջապես հետո երեք համանախագահ երկրները տարբեր մակարդակներով, իսկ ՌԴ պարագայում՝ նախագահ Պուտինի մակարդակով արվել է հետևյալ հայտարարությունը, որ Արցախի կարգավիճակի հարցին մենք անդրադառնալու ենք ավելի ուշ։  Հիմա մենք ունենք երկու տարբերակ․ կա՛մ էս իշխանություններն էնքան ապիկար են,  որ անմիջապես պատերազմից հետո և մեկուկես տարի հետո Հայաստանը բանակցային դիրքերում ավելի է թուլացել, կա՛մ էդ, այսպես կոչված, միջազգային հանրությունը, որ պահանջում է նշաձողն իջեցնել, գոյություն չունի։ Այսինքն՝ Փաշինյանն ինքն է գնում նշաձողն իջեցնելու։ Հետևաբար, միջազգային հանրությունն ասել է, ր Արցախի կարգավիճակին պիտի լինի անդրադարձ, մինչ այդ համանախագահ երկրները 5 հայտարարություն ունեն, երբ ասում են, որ Արցախյան հակամարտությունը չունի ուժային լուծում և լուծվելու է երեք հիմնարար սկզբունքների վրա։ Գերտերությունների ղեկավարները Փաշինյանը չեն, որ օրվա մեջ 16 բան փոխեն, ու ոչ մեկը, մեծ հաշվով, բանի տեղ չդնի իր ասածները։ Դրանք հստակ   քաղաքական հայտարարություններ են, որոնք վրա կառուցվում է քաղաքականություն։ Այ էս զինանոցը օգտագործելով՝ շատ մեծ դժվարությամբ հնարավոր է վերադարձնել բանակցային գործընթացը էդ ռելսերի վրա, վերադառնալ կարգավիճակի մասին բանակցությունները անշեղորին գործընթացիցի չզատելու փուլին»,- ասաց Մամիջանյանը։ Մամիջանյանը անդրադարձավ նրան, թե ինչու խորհրադարանում չեն ու փողոցում են պայքարում․ «Երբ ու Թուրքիան ու Ադրբեջանը կնքում են Շուշիի հռչակագիր, դրա ստորագրումից հետո լինում է ԱԳՆ հայտարարություն, որից հետո «Հայաստան» դաշինքը մշակում է ԱԺ հայտարարության տեքստ, որը գրեթե երկրորդում է ԱԳՆ հայտարարությունը, երբ մենք ստեղծեցինք փաստաթուղթ, որին որին ԱԺ ՔՊ երեսփոխանների խումբը հրաժարվեց միանալ, ամեն կերպ խոչընդոտեց դրա ընդունումը․․ Հասկանո՞ւմ եք, ընդդիմությունը միջազգային հարաբերություններում պառլամենտական երկրում ունի շատ կարևոր գործառույթ։ Նմանօրինակ հայտարարությունները ընդդիմության կողմից ուժեղացնում են բանակցողին, եթե բանակցողը մի քիչ սեղանին մոտ նստած լիներ, այլ ոչ թե սեղանի տակ կզած լիներ։ Ինքը կասեր՝ գիտե՞ք ինչ ես չեմ կարողանում բանակցել, ես ունակ չեմ, բայց նայեք՝ երկրում պառլամենտական ընդդիմությունն ինչ է անում։ Եվ սա որոշակիորեն խաղալու, խաղարկելու, մի փոքր ավելի ուժի դիրքից բանակցելու հանարովորություն է տալիս հիմնականում բանակցողին»։  
20:21 - 02 մայիսի, 2022