Հայոց ցեղասպանություն

21-րդ դարում մենք ականատես եղանք հերթական էթնիկ զտման քաղաքականության ու դրա հետևանքներին. ԱԳՆ

21-րդ դարում մենք ականատես եղանք հերթական էթնիկ զտման քաղաքականության ու դրա հետևանքներին. ԱԳՆ

ՀՀ ԱԳՆ-ը հայտարարություն է տարածել Հայոց ցեղասպանության 109-րդ տարելիցի կապակցությամբ, որը ներկայացնում ենք ստորև.   «Ապրիլի 24-ին մենք ոգեկոչում ենք և գլուխ ենք խոնարհում 20-րդ դարի սկզբին Օսմանյան կայսրությունում իրագործված Հայոց ցեղասպանության նահատակների հիշատակի առջև:   1915 թվականից սկսած՝ երիտթուրքական կառավարության իրականացրած մարդկության դեմ հանցագործության հետևանքով շուրջ 1,5 միլիոն հայ, այդ թվում՝ երեխաներ, կանայք և ծերեր, սպանվեցին միայն իրենց ազգային պատկանելության՝ հայ լինելու հիմքով: Միլիոնավոր հայեր զրկվեցին իրենց սեփականությունից և պատմամշակութային ու հոգևոր նյութական արժեքներից:   Հայության դեմ իրականացված այս ոճրագործությունը հետագայում հիմք դարձավ «Ցեղասպանության հանցագործությունը կանխարգելելու և պատժելու մասին» միջազգային կոնվենցիայի սահմանման համար։ Ցավալիորեն, չնայած գործադրվող ջանքերին, ցեղասպանության շարունակական վտանգն աշխարհում դեռ առկա է։   Արդեն 21-րդ դարում՝ 2020-2023 թթ., մենք ականատես եղանք հերթական էթնիկ զտման քաղաքականության ու դրա հետևանքներին. 150 հազարից ավելի հայ պատերազմի, այլատյացության, ինքնության հիման վրա հանցագործությունների, պաշարման և բնակչության նկատմամբ ահաբեկման հետևողական գործողությունների հետևանքով բռնի տեղահանվեց և ստիպված եղավ լքել իր պատմական հայրենիքը։   Հաշվի առնելով ժամանակակից աշխարհում ցեղասպանության ռիսկերն ու արձանագրվող դեպքերը, մարդու իրավունքների և միջազգային մարդասիրական իրավունքի կոպիտ խախտումների բազմաթիվ այլ օրինակները՝ Հայաստանը միջազգային հարթակներում շարունակում է ակտիվ ներգրավվածությունը ցեղասպանության հանցագործության դեմ պայքարում ջանքերի համադրման, նոր ցեղասպանությունների և մարդկության դեմ հանցագործությունների կանխարգելման և զոհերի իրավունքների պաշտպանության նպատակով»:
10:45 - 24 ապրիլի, 2024
Միայն իշխանափոխության դեպքում է հնարավոր, որ Թուրքիան վերանայի իր քաղաքականությունը Հայոց ցեղասպանության ճանաչման վերաբերյալ․ շվեյցարացի պատգամավոր |armenpress.am|

Միայն իշխանափոխության դեպքում է հնարավոր, որ Թուրքիան վերանայի իր քաղաքականությունը Հայոց ցեղասպանության ճանաչման վերաբերյալ․ շվեյցարացի պատգամավոր |armenpress.am|

armenpress.am: Շվեյցարիայի Ազգային խորհրդի պատգամավոր Շտեֆան Մյուլեր Ալտերմատը համոզմունք է հայտնել, որ  Թուրքիայում իշխանափոխություն տեղի ունենալու դեպքում է միայն հնարավոր, որ  վերջինս փոխի և վերանայի իր քաղաքականությունը Հայոց Ցեղասպանության ճանաչման վերաբերյալ, քանի որ ներկա իշխանություններն անընդունակ են այդ հարցում որևէ առաջընթաց գրանցել։ Այս մասին պատգամավորն ասաց «Արմենպրես»-ին տված հարցազրույցում։ -Այս տարի լրանում է Հայոց ցեղասպանության 109-րդ տարելիցը։ Ինչպե՞ս եք գնահատում միջազգային հանրության կողմից Հայոց ցեղասպանության ճանաչման և դատապարտման գործընթացը։ -Գործընթացը շատ դանդաղ է ընթանում, բավականաչափ լայն չէ և շատ հանդարտ: Քաղաքակիրթ աշխարհի համար խայտառակություն է, որ միահամուռ կերպով չի բարձրաձայնում ու դատապարտում ցեղասպանության անմարդկայնությունը, որովհետև միայն այս միասնական ձայնը կարող է հանգեցնել նրան, որ մեղքը ճանաչվի, և նման ցեղասպանությունը չկրկնվի: -Չնայած բազմաթիվ երկրներ և միջազգային կազմակերպություններ ճանաչել և դատապարտել են Հայոց ցեղասպանությունը, Թուրքիան 109 տարի անց շարունակում է իր ժխտողական քաղաքականությունը։ Ի՞նչ պետք է անի միջազգային հանրությունը: Բացի կոչերից ու հորդորներից, այլ գործողությունների անհրաժեշտություն տեսնո՞ւմ եք։ -Ես համարում եմ, որ թուրքական քաղաքականությունը ներկայիս ղեկավարության օրոք խիստ անընդունակ է ցեղասպանության ճանաչման հարցում որևէ բանի հասնելու։ Թուրքիայի տնտեսության՝ առանց այն էլ աղետալի իրավիճակում տնտեսական ճնշումը միայն հակաարդյունավետ կլինի: Էրդողանը միայն կավելացնի ազգայնականությունը՝ որպես իշխանության պահպանման գործիք։ Հետևաբար, աշխարհը պետք է տեղեկացնի ոչ թե թուրքական քաղաքականությանը, այլ թուրքական հասարակությանը: Մեր օրերում դրա համար բավականաչափ ալիքներ կան։ Այնպես, ինչպես դաշնակիցներն արեցին Գերմանիայում Երկրորդ համաշխարհային պատերազմից հետո, այնպես էլ մենք պետք է խոսենք Թուրքիայի ժողովրդի հետ։ Բոլոր գերմանացիները գիտեն, որ Նացիստական Գերմանիան ոճրագործություն է իրականացրել։ Դա ցավալի է, բայց դա մեզ Եվրոպայում և առաջին հերթին հենց գերմանացիներին բերեց մեծ խաղաղություն և բարգավաճում: -Ձեր կարծիքով, ի՞նչ հանգամանքներում կամ ի՞նչ պայմաններում Թուրքիան վերջնականապես կբախվի Հայոց ցեղասպանությունը ճանաչող պատմական ճշմարտությանը։ -Անկասկած, միայն իշխանափոխությունն Անկարայում կփոխի որոշ բաներ։ Եվ, ինչպես նշվեց, միայն լայն շարժումը Թուրքիայում, որն այլևս չի ցանկանում ապրել մերժված մեղքով, կհանգեցնի նրան, որ կառավարությունը համապատասխան քայլեր ձեռնարկի։ Շարունակությունը՝ սկզբնաղբյուր կայքում
09:55 - 24 ապրիլի, 2024
Հայաստանի կառավարիչներն այժմ էլ փորձում են մոռացության մատնել Հայոց ցեղասպանությունը. Սերժ Սարգսյան

Հայաստանի կառավարիչներն այժմ էլ փորձում են մոռացության մատնել Հայոց ցեղասպանությունը. Սերժ Սարգսյան

ՀՀ երրորդ նախագահ Սերժ Սարգսյանն ուղերձ է հղել Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակի օրվա կապակցությամբ․ «20-րդ դարասկզբին Օսմանյան կայսրության իրագործած Հայոց ցեղասպանությունը տեղի ունեցավ առաջադեմ մարդկության աչքի առջև, քաղաքակիրթ պետությունների անտարբերության, լռության և անգործության պայմաններում: Բռնի տեղահանվեց, հայրենազրկման, զանգվածային կոտորածների ենթարկվեց մեկուկես միլիոն հայ, ոչնչացվեց հազարամյակներով ստեղծված հայկական ժառանգության զգալի մասը: Թուրքիան, չնայած ակնհայտ բազմաթիվ փաստերին, ականատեսների վկայություններին, մինչ այժմ ժխտում է ավելի քան մեկ դար առաջ տեղի ունեցած այդ ծանրագույն հանցագործությունը: Անցյալ դարասկզբի առաջին և անպատիժ ցեղասպանությունն այդպիսով ծնեց մարդկության դեմ ուղղված հետագա նոր հանցագործություններ. աշխարհի այլ ժողովուրդների նկատմամբ էթնիկ զտումների, այլատյացության ու ցեղասպանության դեպքերը, ցավոք, այլևս իրողություն են: Ընդամենը ամիսներ առաջ՝ 2023 թվականի սեպտեմբերին, Ադրբեջանի և նրան անթաքույց, ամեն կերպ սատարող Թուրքիայի ջանքերով հազարամյակների իր բնօրրանից բռնի տեղահանվեց 140 հազարից ավելի հայ, նրանցից ոմանք ճանապարհին անմարդկային պայմաններում մահացան քաղցած, հիվանդ, ուժասպառ ու հուսահատ: Բռնագաղթից առաջ արցախահայությունը շուրջ մեկ տարի պատերազմի ամենօրյա սպառնալիքի պայմաններում դիմակայեց համատարած շրջափակման, հումանիտար ճգնաժամի դաժան պայմաններին: Օսմանյան կայսրության օրինակով Ադրբեջանն այսօր Արցախում անպատիժ ոչնչացնում է հայկական հետքը՝ հազարամյակների պատմամշակութային ժառանգությունը: Այլատյացությունը պետական քաղաքականություն դարձրած Ադրբեջանը և Թուրքիան, որ իրենց կոչում են մեկ ազգ՝ երկու պետություն, այժմ էլ խաղաղասիրական կեղծ թեզերով փորձում են բթացնել միջազգային հանրության զգոնությունը և ավարտին հասցնել անցյալ դարասկզբին սկսած հանցագործությունը՝ հանուն պանթյուրքիզմի իրենց վաղեմի ծրագրի: Խաղաղություն չի´ կարող լինել պարտադրված նվաստացուցիչ պայմաններով: Դա ավելի շուտ հպատակեցման, ոչ թե խաղաղության ճանապարհ է: Պատերազմի սպառնալիքով ու զանազան ճնշումներով Հայաստանի ներկայիս կառավարիչներին դարձնելով իրենց կամակատարը՝ Թուրքիան և Ադրբեջանը փորձում են օր առաջ ստանալ իրենց երազածը՝ ի հաշիվ հայ ժողովրդի և Հայաստանի: Արցախն ապօրինաբար ճանաչելով Ադրբեջանի մաս՝ Հայաստանի կառավարիչներն այժմ էլ փորձում են մոռացության մատնել Հայոց ցեղասպանությունը, հայ ժողովրդի պայքարը պատմական արդարության, սեփական իրավունքների վերականգնման համար որակում որպես սպառնալիք պետությանը: Դա կարող է սպառնալիք լինել միայն իրենց աթոռի կորստյան, բայց ոչ երբեք պետության համար: Մենք այսօր ոգեկոչում ենք Հայոց ցեղասպանության մեկուկես միլիոն սրբադասված նահատակների հիշատակը և պահանջում Հայաստանի Հանրապետության կառավարիչներից՝ պետության օրակարգում պահել հայ ժողովրդի միասնական կամքն արտահայտող՝ Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցի համահայկական հռչակագիրը: Հայոց ցեղասպանության հարցը սակարկման ենթակա չէ, ո՛չ միջազգային հարթակներում, ո՛չ էլ առավել ևս Հայաստանի ներսում: Միայն օր առաջ համազգային ընդվզումով կապիտուլյանտ իշխանազավթներին հեռացնելը կարող է կանխել պետականության կործանումը»:
09:41 - 24 ապրիլի, 2024
Մտահոգիչ ծանր իրավիճակ է Հայաստանի սահմանային տարածքներում. մեր ժողովուրդը հզոր է ու պիտի հեռացնի իր կյանքից ազգային շահերին հակառակ կործանարար դրսևորումները. Վեհափառ

Մտահոգիչ ծանր իրավիճակ է Հայաստանի սահմանային տարածքներում. մեր ժողովուրդը հզոր է ու պիտի հեռացնի իր կյանքից ազգային շահերին հակառակ կործանարար դրսևորումները. Վեհափառ

Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ Ամենայն Հայոց Կաթողիկոսն ուղերձ է հղել Հայոց ցեղասպանության սուրբ նահատակների հիշատակի օրվա առիթով․ «Սիրելի ժողովուրդ հայոց ի հայրենիս և ի սփյուռս, Վերստին աղոթքով և խոնարհումով հիշատակում ենք Հայոց Ցեղասպանության մեր սուրբ նահատակներին, ովքեր ամուր պահելով իրենց հավատքը, սերն ու նվիրումը առ ազգն ու հայրենին՝ մարտիրոսության պսակն ընդունեցին։ Հայոց Ցեղասպանության սուրբ նահատակների հիշատակը նշում ենք մի շրջանում, երբ մեր ժողովուրդը գտնվում է գոյաբանական նոր սպառնալիքների և անվտանգային լրջագույն հիմնախնդիրների հանդիման: Հայրենի Արցախում իրականացված ցեղասպանական գործողություններից և Արցախի հայաթափումից հետո ներկայիս մտահոգիչ ծանր իրավիճակ է Հայաստանի սահմանային տարածքներում։ Սուրբ Նահատակների լույս հիշատակի առջև մեր նվիրական պարտքն է՝ պաշտպանել ամբողջականությունը մեր հայրենի երկրի, նախանձախնդիր լինել հայոց անկախ պետականության զորացմանը և որպես սրբազան մասունք պահպանել մեր նախնյաց ավանդներն ու ժառանգությունը։ Մեր ժողովուրդը հզոր է իր հերոսական անցյալով, չարի ու չարիքի դեմ պայքարի վճռականությամբ և նույն ոգով պիտի հեռացնի իր կյանքից ազգային շահերին հակառակ կործանարար դրսևորումները, առկա բարդ իրադրությունից ջանքերի մեկտեղումով ելքի ուղիներ գտնի և կերտի իր հաղթական ապագան։ Սիրելի բարեպաշտ ժողովուրդ, այս նվիրական օրը միասիրտ աղոթքով հայցենք մեր սուրբ նահատակների բարեխոսությունը, որ հարուցյալ Քրիստոսի շնորհների և օրհնության ներքո խաղաղ, անվտանգ ու բարօր լինեն մեր հայրենիքն ու ազգը, և մենք հավատով ու հույսով հաստատենք մեր ընթացքը ապահովության ու առաջընթացի շավիղներում: Թող Տիրոջ սերն ու խնամքը հովանի լինեն մեր hայրենիքին ու համայն մեր ժողովրդին այսօր և միշտ. ամեն»։
09:31 - 24 ապրիլի, 2024
Մեծ եղեռնի նահատակների ոգեկոչումը մեզ համար պետք է ոչ թե կորուսյալ, այլ գտնված և իրական հայրենիքը խորհրդանշի. Նիկոլ Փաշինյանի ուղերձը

Մեծ եղեռնի նահատակների ոգեկոչումը մեզ համար պետք է ոչ թե կորուսյալ, այլ գտնված և իրական հայրենիքը խորհրդանշի. Նիկոլ Փաշինյանի ուղերձը

Վարչապետ Նիկոլ Փաշինյանն ուղերձ է հղել Հայոց ցեղասպանության 109-րդ տարելիցի կապակցությամբ: Դրանում ասված է. «Սիրելի՛ ժողովուրդ, Հայաստանի Հանրապետության սիրելի՛ քաղաքացիներ, Այսօր մենք ոգեկոչում ենք Հայոց ցեղասպանության, Մեծ եղեռնի 1.5 միլիոն զոհերի հիշատակը, ովքեր 1915 թվականից Օսմանյան կայսրությունում սրի քաշվեցին հայ լինելու համար: Այս մասշտաբային ողբերգությունը տեղի ունեցավ առաջին աշխարհամարտի տարիներին, և պետականություն չունեցող, պետականությունը հարյուրամյակներ առաջ կորցրած, պետականության ավանդույթն, ըստ էության, մոռացած հայ ժողովուրդն աշխարհաքաղաքական խարդավանքների ու սին խոստումների զոհ դարձավ՝ զուրկ լինելով առաջին հերթին աշխարհն ու նրանում գործող կանոններն իրեն հասկանալի դարձնելու ընդունակ քաղաքական մտքից: Մեծ եղեռնը համազգային ողբերգություն և հոգեցնցում դարձավ մեզ համար, և առանց չափազանցության մեր սոցիալ-հոգեբանությունը կանխորոշող գործոն է: Մենք այսօր էլ աշխարհը, մեր միջավայրը, ինքներս մեզ ընկալում ենք Մեծ եղեռնի հոգեցնցման տիրապետող ազդեցության ներքո և չենք հաղթահարել այդ հոգեցնցումը: Սա նշանակում է, որ լինելով միջազգայնորեն ճանաչված պետություն՝ մենք հաճախ այլ երկրների, միջազգային հանրության հետ հարաբերվում ու մրցակցում ենք հոգեցնցման վիճակում, և այս պատճառով երբեմն չենք կարողանում ճիշտ զատորոշել իրողություններն ու գործոնները, պատմական ընթացքներն ու կանխատեսվող հորիզոնները: Գուցե նաև սա է պատճառը, որ մենք ստանում ենք նորանոր ցնցումներ՝ Հայոց ցեղասպանության հոգեցնցումը վերապրելով արդեն որպես ժառանգություն և որպես ավանդույթ: Այս իմաստով, չափազանց կարևոր եմ համարում Մեծ եղեռնի ներքին հայեցումը: Հայոց ցեղասպանության, Մեծ եղեռնի մասին խոսելիս մենք մշտապես հղում ենք անում արտաքին աշխարհին, խոսում արտաքին աշխարհի հետ, բայց մեր ներքին խոսակցությունն այս թեմայով այդպես էլ չի կայանում: Ի՞նչ պիտի անենք և ի՞նչ պիտի չանենք, որպեսզի հաղթահարենք ցեղասպանության հոգեցնցումը և բացառենք այն որպես սպառնալիք: Սրանք հարցեր են, որ մեր քաղաքական, քաղաքագիտական, գեղագիտական ու փիլիսոփայական մտքի քննարկման առանցքային առարկան պիտի լինեն, բայց Մեծ եղեռնի փաստի հետ հարաբերվելու այսպիսի դիտանկյունը տարածված չէ մեզանում: Սա հրամայական է, անհետաձգելի հրամայական, ու մենք պիտի գնահատենք Մեծ եղեռնի և Հայաստանի Առաջին Հանրապետության հարաբերությունները, մենք պետք է Մեծ եղեռնի ընկալումը հարաբերենք Հայաստանի Հանրապետության՝ մեր ազգային պետականության կենսական շահերի հետ: Մեծ եղեռնը, հայրենազրկումը դատավճիռ չէ մեզ համար, որ պիտի կրենք որպես կորուսյալ հայրենիքի շարունակական փնտրտուք: Մենք պետք է դադարենք հայրենիքի փնտրտուքը, որովհետև գտել ենք այդ հայրենիքը, մեր Ավետյաց երկիրը, որտեղ կաթ և մեղր է հոսում: Մեծ եղեռնի նահատակների ոգեկոչումը մեզ համար պետք է ոչ թե կորուսյալ, այլ գտնված և իրական հայրենիքը խորհրդանշի՝ ի դեմս Հայաստանի Հանրապետության, որի մրցունակ, լեգիտիմ, մտածված և ստեղծագործ քաղաքականություններն են, որ կարող են բացառել կրկնություն: Այլևս երբեք: Մենք սա ուրիշներին չպետք է ասենք, այլ ինքներս մեզ: Եվ սա ամենևին էլ մեղադրանք չէ ինքներս մեր հասցեին, այլ դիտանկյուն, որտեղ մենք, միայն մենք ենք մեր ճակատագրի պատասխանատուն ու տնօրենը և պարտավոր ենք ունենալ բավարար միտք, կամք, խորք ու իմացություն՝ այդ պատասխանատվությունը մեր ինքնիշխան որոշումների ու ընկալումների տիրույթում կրելու: Թող Հայաստանի Հանրապետությամբ մխիթարված ննջեն Մեծ եղեռնի և մեր բոլոր մյուս նահատակները: Եվ կեցցե՛ Հայաստանի Հանրապետությունը»:
09:24 - 24 ապրիլի, 2024
Բելգիայի ԱԳ նախարարի մասնակցությամբ տեղի է ունեցել Հայոց ցեղասպանության 109-րդ տարելիցի ոգեկոչման միջոցառումը

Բելգիայի ԱԳ նախարարի մասնակցությամբ տեղի է ունեցել Հայոց ցեղասպանության 109-րդ տարելիցի ոգեկոչման միջոցառումը

Ապրիլի 23-ին Բրյուսելի Սբ․ Մարիամ Մագդաղենացի առաքելական եկեղեցում մատուցվեց պատարագ՝ նվիրված Հայոց ցեղասպանության նահատակների հիշատակի 109-րդ տարելիցին։ Պատարագին Բելգիայի հայերի կոմիտեի հրավերով մասնակցեցին Բելգիայի Թագավորության արտաքին գործերի նախարար Հաջա Լահբիբը, Ներկայացուցիչների պալատի պատգամավոր Միշել դե Մաղդը։ Պատարագից հետո ներկաները քայլերթ կատարեցին Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակին նվիրված հուշակոթող, որտեղ Բրյուսելի Ազատ համալսարանի «Նաիրյան» երիտասարդական միության կողմից կազմակերպվել էր մոմավառության արարողություն։ Արարողության ժամանակ խոսքով հանդես եկան Հայ Առաքելական եկեղեցու հոգևոր հովիվ Հայր Զատիկ Ավեդիքյանը, դեսպան Տիգրան Բալայանը և արտգործնախարար Հաջա Լահբիբը։ Իր խոսքում դեսպան Բալայանը բարձր գնահատեց արտգործնախարարի ներկայությունը Հայոց ցեղասպանության ոգեկոչման արարողությանը, որ վկայում է Բելգիայի Թագավորության՝ համամարդկային արժեքներին նվիրվածության մասին։ Տիգրան Բալայանն ասաց․ «Պատմության այդ ողբերգական էջը, ոչ միայն հայ ժողովրդի հիշողությունն է, այլև համայն մարդկության պատասխանատվությունը՝ ապագա սերունդներին փոխանցելու «այլևս երբեք» պատգամը։ Ցավոք, հարյուր տարի առաջ տեղի ունեցած հանցագործությունները շարունակվում են նաև մեր օրերում․ միայն ամիսներ առաջ միջազգային հանրության աչքի առաջ հազարամյակներ Լեռնային Ղարաբաղում ապրած հայ բնակչությունը ենթարկվեց էթնիկ զտման՝ ստիպողաբար հեռացվելով իր պատմական հայրենիքից»։ Նախարար Լահբիբը, շնորհակալություն հայտնելով հրավերի համար, նշեց, որ եկել է ներկայացնելու մի երկիր, որը պաշտոնապես ճանաչել է Հայոց ցեղասպանությունը, եկել է՝ իր հետ բերելով նաև խաղաղության կոչ, որպեսզի «‎այլևս երբեք» կարգախոսը գործուն քայլերով վերածվի իմաստալից խոստման, որպեսզի համայն մարդկությունն ապագայում խուսափի նման ձախողումներից։ Արարողությունից հետ տեղի ունեցավ ծաղկեպսակի խոնարհման արարողություն։
08:56 - 24 ապրիլի, 2024
ԱՄՆ Սենատի արտաքին հարաբերությունների հանձնաժողովի ավագ փորձագետն ու ՀՀ-ում ԱՄՆ դեսպանն այցելել են Հայոց ցեղասպանության հուշահամալիր

ԱՄՆ Սենատի արտաքին հարաբերությունների հանձնաժողովի ավագ փորձագետն ու ՀՀ-ում ԱՄՆ դեսպանն այցելել են Հայոց ցեղասպանության հուշահամալիր

ԱՄՆ Սենատի արտաքին հարաբերությունների հանձնաժողովի աշխատակազմի ավագ փորձագետ Հանա Թոբուրնն ապրիլի 23-ին այցելել է Հայոց ցեղասպանության հուշահամալիր՝ ՀՀ-ում ԱՄՆ արտակարգ և լիազոր դեսպան Քրիստինա Քվինի ուղեկցությամբ: Ինչպես  տեղեկանում ենք Ցեղասպանության թանգարանի տարածած հաղորդագրությունից, հյուրերին դիմավորել է Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտի տնօրեն Էդիտա Գզոյանը: Նա հյուրերին ուղեկցել է դեպի Հայոց ցեղասպանության հուշահամալիր՝ ներկայացնելով հուշահամալիրի ստեղծման պատմությունը: ՀՑԹԻ տնօրենն անդրադարձ է կատարել նաև անցյալ դարավերջին Ադրբեջանի Սումգայիթ, Կիրովաբադ (Գանձակ), Բաքու քաղաքներում ադրբեջանական կառավարության կազմակերպած կոտորածներին զոհ գնացած հայերի հիշատակին Ծիծեռնակաբերդի տարածքում տեղադրված երեք խաչքարերի և Արցախյան գոյամարտի տարիներին Հուշապատի դիմացի հատվածում հուղարկավորված հինգ ազատամարտիկների պատմություններին՝ շեշտելով կապը տեղի ունեցածի և Հայոց ցեղասպանության միջև: Էդիտա Գզոյանն անդրադարձել է նաև Արցախի հիմնահարցի պատմաիրավական ասպեկտներին, ներկայացրել Ադրբեջանի հակահայկական գործողություններն ու քարոզչությունը: Նրանք ծաղկեպսակ են դրել Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակը հավերժացնող հուշակոթողին: Հյուրերն այնուհետև ծաղիկներ են դրել նաև անմար կրակի մոտ և մեկ րոպե լռությամբ հարգել Հայոց ցեղասպանության անմեղ զոհերի հիշատակը:
13:51 - 23 ապրիլի, 2024
Աշխարհասփյուռ հայ ժողովուրդն ամենուր պետք է շարունակի համախմբվել՝ հանուն Ցեղասպանության դատապարտման․ Ամենայն Հայոց Կաթողիկոս

Աշխարհասփյուռ հայ ժողովուրդն ամենուր պետք է շարունակի համախմբվել՝ հանուն Ցեղասպանության դատապարտման․ Ամենայն Հայոց Կաթողիկոս

Ապրիլի 21-ին Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Երկրորդ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսը Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում ընդունեց Հայ Հեղափոխական Դաշնակցության Հայաստանի երիտասարդական միության անդամներին՝ ուղեկցությամբ ՀՅԴ Հայաստանի Գերագույն մարմնի ներկայացուցիչ Իշխան Սաղաթելյանի։   Իր հայրական օրհնությունը փոխանցելով միության ներկայացուցիչներին՝ Նորին Սրբությունն ընդգծեց, որ վերջիններիս այցը հայոց հոգևոր կենտրոն վկայությունն է Հայ Եկեղեցու հանդեպ որդիական սիրո և հավատարմության։   Վեհափառ Հայրապետն իր գնահատանքը բերեց երիտասարդներին ամեն տարի ապրիլի 23-ին դեպի Ծիծեռնակաբերդի բարձունք ջահերով երթի կազմակերպման համար, որով բազում հայորդիներ, առաջնորդությամբ նաև եկեղեցականների, իրենց հարգանքն ու խոնարհումն են բերում Հայոց ցեղասպանության սուրբ նահատակների հիշատակին։   Նորին Սրբությունը նշեց, որ Հայոց ցեղասպանության զոհերի սրբադասմամբ Ծիծեռնակաբերդի հուշահամալիրը նոր խորհուրդ է ստացել, դարձել հայ ժողովրդի հոգու, մտքի, գիտակցության պայծառակերպության սրբավայր, հոգևոր ուժի և զորության ակունք։ Եվ այս նվիրական վայրում այլևս հայցում ենք մեր նահատակների բարեխոսությունը, որպեսզի առ Աստված հավատքով և ապավինությամբ կարողանանք միասնաբար դիմակայել հայրենիքի և մեր ժողովրդի առջև ծառացած մարտահրավերներին, իրականություն դարձնել համազգային մեր նվիրական իղձերը։ Ամենայն Հայոց Կաթողիկոսը նաև կարևոր համարեց, որ աշխարհասփյուռ հայժողովուրդն ամենուր շարունակի համախումբ ջանքեր գործադրել հանուն Հայոց ցեղասպանության դատապարտման, աշխարհում ցեղասպան նոր ոճրագործությունների կանխարգելման և արդարության հաղթանակի։Հանդիպմանը Նորին Սրբությունն անդրադարձ կատարեց նաև Հայաստանի առջև ծառացած մարտահրավերներին, անվտանգային սպառնալիքներին։ Հայոց Հայրապետն ընդգծեց, որ տիրող ծանր իրավիճակից հնարավոր է դուրս գալ միմիայն հայրենիքի ապագայի տեսլականի շուրջ համազգային միաբանության հաստատման ճանապարհով՝ հեռացնելով մեր կյանքից ատելությունն ու թշնամանքը, հատվածական շահերի նկրտումները։ Առկա իրադրության մեջ Ամենայն Հայոց Կաթողիկոսը հրամայական նկատեց հոգևոր վերարթնությունը՝ հորդորելով երիտասարդներին ակտիվորեն ներգրավվել հոգևոր-եկեղեցական կյանքում՝ միշտ ամուր պահելով հավատքն առ Աստված, սերն ու նախանձախնդրությունը ազգային ու հոգևոր արժեքների, նախնյաց ավանդների ու ժառանգության նկատմամբ։ Հանդիպմանը Հայոց Հայրապետը պատասխանեց երիտասարդների հարցերին, որոնք վերաբերում էին Եկեղեցու հոգեխնամ և ազգապահպան առաքելությանը, հայրենիքի առջև ծառացած մարտահրավերների հաղթահարմանն ուղղված Մայր Աթոռի ջանքերին, Եկեղեցի-պետություն հարաբերություններին։ Վերջում Ամենայն Հայոց Կաթողիկոսը վերստին իր օրհնությունը բաշխեց հայորդիներին՝ աղոթելով, որ Հարուցյալ Տիրոջ ամենախնամ Սուրբ Աջը հովանի լինի մեր հայրենիքին և ողջ հայոց ազգին։
20:46 - 21 ապրիլի, 2024
Կիպրոսի Ներկայացուցիչների պալատը հարգանքի տուրք է մատուցել Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակին |armenpress.am|

Կիպրոսի Ներկայացուցիչների պալատը հարգանքի տուրք է մատուցել Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակին |armenpress.am|

armenpress.am: Կիպրոսի Ներկայացուցիչների պալատն ապրիլի 18-ին մեկ րոպե լռությամբ հարգել է Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակը՝ խոստանալով պայքարել հանուն մի աշխարհի, որտեղ տիրում են խաղաղությունն ու արդարությունը, և որտեղ անցյալի վայրագությունները երբեք չեն կրկնվի: Այս մասին հայտնում է «CyprusMail»-ը։ Ներկայացուցիչների պալատի նախագահի պաշտոնակատար Զաքարիա Կուլիասն իր ելույթում նշել է, որ ապրիլի 24-ին ոգեկոչվում է Հայոց ցեղասպանության «սև տարելիցը»։ Նա նաև հավելել է, որ մի քանի տարիների ընթացքում միլիոնավոր հայեր «բռնի տեղահանվել են, ենթարկվել զրկանքների և զանգվածային սպանությունների»: Զաքարիա Կուլիասը նաև հիշեցրել է, որ Կիպրոսի Հանրապետությունն աշխարհում երկրորդ երկիրն է, որը ճանաչել է Հայոց ցեղասպանությունը՝ 1975 թվականին:
10:05 - 19 ապրիլի, 2024
«Սա Փաշինյանի ծրագիրը չէ, սա իմ անձնական մոտեցումն է»․ Քոչարյանը՝ 1.5 միլիոնի ցուցակ կազմելու մասին
 |azatutyun.am|

«Սա Փաշինյանի ծրագիրը չէ, սա իմ անձնական մոտեցումն է»․ Քոչարյանը՝ 1.5 միլիոնի ցուցակ կազմելու մասին |azatutyun.am|

azatutyun.am: Ցեղասպանության ենթարկվածների ցուցակների ամբողջականացման մասին հայտարարությունն իմ անձնական մոտեցում է, քաղաքական որոշում չկա, այսօր «Ազատության» հետ զրույցում պարզաբանեց Ազգային ժողովի պաշտպանության հանձնաժողովի նախագահ Անդրանիկ Քոչարյանը՝ շեշտելով վարչապետ Նիկոլ Փաշինյանը դրա հետ կապ չունի: Քոչարյանն ասաց, որ ինքը կասկածի տակ չի դնում ոչ ցեղասպանության փաստը, ոչ էլ 1.5 միլիոնի թիվը, պարզապես իր մոտեցումն է, որ հավելյալ փաստերով պետք է հարստացնել եղած տեղեկատվությունը, ինչը կօգնի, որ ի հայտ գան ոչ միայն Ցեղասպանությանը զոհ գնացածների տվյալները, այլ նաև պահանջատեր լինել, քանի որ այդ մարդիկ նաև կարողություններ ու հարստություն են կորցրել: Կիրակի օրը «Ազատության» եթերում Քոչարյանը հայտարարել էր, որ Փաշինյանը նպատակ ունի Ցեղասպանության հետ կապված իրական հիմքեր կառուցել և ավելի առարկայական դարձնել ցեղասպանության ենթարկված հայրենակիցների ամբողջ ցանկը։ Երեկ Քոչարյանը նույնը հաստատեց խորհրդարանական ճեպազրույցներում։ Ցեղասպանագետ, Ցեղասպանության թանգարանի նախկին փոխտնօրեն Սուրեն Մանուկյանը իշխանության այս նախաձեռնությունը խիստ վտանգավոր էր համարել՝ հիշեցնելով՝ ցուցակներ կազմելու գաղափարը թուրքական ժխտողական թեզերից մեկն է, որը շրջանառում են դեռ 1960-ականներից։
15:48 - 16 ապրիլի, 2024
ՀՀ վարչապետը հրաժարվո՞ւմ է «ցեղասպանություն» բառից. ՔՊ–ական պատգամավորի մեկնաբանությունը
 |arm.sputniknews.ru|

ՀՀ վարչապետը հրաժարվո՞ւմ է «ցեղասպանություն» բառից. ՔՊ–ական պատգամավորի մեկնաբանությունը |arm.sputniknews.ru|

arm.sputniknews.ru: ՀՀ վարչապետը չի կարող հրաժարվել Հայոց ցեղասպանությունից։ Այսօր խորհրդարանական ճեպազրույցի ժամանակ այս մասին վստահեցրեց «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության քարտուղար Արթուր Հովհաննիսյանը` պատասխանելով լրագրողի հարցին, թե ինչու է իշխանությունն օգտագոծում «Մեծ եղեռն» ու «կոտորած» եզրույթները «ցեղասպանություն» բառի փոխարեն։ «Դուք կարծում եք` ՀՀ վարչապետը հրաժարվո՞ւմ է «ցեղասպանություն» բառից։ էս ի՞նչ եք ասում։ Նման բան չի կարող լինել։ ՀՀ ժողովուրդը ցեղասպանված ժողովուրդ է, իսկ այս իշխանությունների օրոք մի շարք կարևոր պրոցեսներ են տեղի ունեցել Ցեղասպանության ճանաչման հետ կապված»,– ասաց նա։ Հարցին, թե ապրիլի 24-ին Ծիծեռնակաբերդի հուշահամալիրի մոտ գնալիս իր ներկա՞, թե՞ պատմական Հայաստանում է զգալու` պատգամավորը պատասխանեց, որ ինքը պատմական կերպար չէ ու չի կարող իրեն որևէ կերպ զգալ պատմական Հայաստանում։ «Ես իրական մարդ եմ, ֆիզիկական գոյության ունեմ, ես ինձ կարողանում եմ դիպչել, դուք էլ` ինձ, մենք իրական մարդիկ ենք և ապրում ենք իրական Հայաստանում` 29 հազար 800 կմ/քտարծաքով, որը ճանաչում է ամբողջ աշխարհը։ Ես ինձ չեմ կարող զգալ մի մասի անդամ, որը իրական չէ։ Մեղք չե՞նք ես և իմ հայրենակիցները, որ զգանք մեզ մի տարածքի բնակիչ, որի բնակիչը չենք, որը մերը չի։ Հիմա որ դուք Երևանում քայլում եք, ձեզ որտե՞ղ եք զգում, Վանո՞ւմ»,– ասաց նա։ Նա հորդորեց բոլորին կենտրոնանալ ներկա պետության վրա, որովհետև, ըստ նրա, 30 տարի է` մարդկանց ստիպում են սիրել ուրիշինը, հեռուն, չերևացողը։
15:05 - 15 ապրիլի, 2024
Ֆրանսիայի ԱԺ Ֆրանսիա-Հայաստան բարեկամական խումբն այցելել է Հայոց ցեղասպանության հուշահամալիր

Ֆրանսիայի ԱԺ Ֆրանսիա-Հայաստան բարեկամական խումբն այցելել է Հայոց ցեղասպանության հուշահամալիր

Ֆրանսիայի Ազգային ժողովի Ֆրանսիա-Հայաստան բարեկամական խմբի ղեկավար Անն-Լորանս Պետելի գլխավորած պատվիրակությունը մարտի 27-ին այցելել է Հայոց ցեղասպանության հուշահամալիր՝ ՀՀ ԱԺ Հայաստան-Ֆրանսիա բարեկամական խմբի ղեկավար Վլադիմիր Վարդանյանի և ՀՀ-ում Ֆրանսիայի արտակարգ և լիազոր դեսպան Օլիվիե Դըկոտինյիի ուղեկցությամբ: Այս մասին տեղեկացնում են Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտից: «Հյուրերին դիմավորեց Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտի տնօրեն Էդիտա Գզոյանը: Նա հյուրերին ուղեկցեց դեպի Հայոց ցեղասպանության հուշահամալիր՝ ներկայացնելով հուշահամալիրի ստեղծման պատմությունը: ՀՑԹԻ տնօրենն անդրադարձ կատարեց նաև Ծիծեռնակաբերդի տարածքում անցյալ դարավերջին Ադրբեջանի Սումգայիթ, Կիրովաբադ (Գանձակ), Բաքու քաղաքներում ադրբեջանական կառավարության կազմակերպած կոտորածներին զոհ գնացած հայերի հիշատակին տեղադրված երեք խաչքարերի և Արցախյան գոյամարտի տարիներին Հուշապատի դիմացի հատվածում հուղարկավորված հինգ ազատամարտիկների պատմություններին՝ շեշտելով կապը տեղի ունեցածի և Հայոց ցեղասպանության միջև: Էդիտա Գզոյանն անդրադարձավ նաև Արցախի հիմնահարցի պատմաիրավական ասպեկտներին, ներկայացրեց Ադրբեջանի հակահայկական գործողություններն ու քարոզչությունը: Ֆրանսիայից ժամանած պատվիրակության անդամները ծաղիկներ դրեցին անմար կրակի մոտ և մեկ րոպե լռությամբ հարգեցին Հայոց ցեղասպանության անմեղ զոհերի հիշատակը:   Էդիտա Գզոյանը հյուրերին ուղեկցեց Հուշապատի մոտ, որի հետնամասում հատուկ խորշերի մեջ ամփոփված են 19-րդ դարավերջին և 20-րդ դարասկզբին թուրքական կառավարության իրագործած հայերի զանգվածային կոտորածների և ցեղասպանության դեմ իրենց բողոքի ձայնը բարձրացրած օտարազգի մի շարք հասարակական, քաղաքական գործիչների, մտավորականների և միսիոներների գերեզմաններից վերցված հողով լի փոքր սափորները:   Հյուրերը շրջեցին նաև Հայոց ցեղասպանության թանգարանում, ՀՑԹԻ ավագ էքսկուրսավար Հասմիկ Մարտիրոսյանի ուղեկցությամբ ծանոթացան մշտական, ինչպես նաև Ֆրանկոֆոնիայի երկամսյակին նվիրված «Pro Armenia. Քեզ համար, Հայաստան» և «Հայոց ցեղասպանությունը ֆրանսահայ արվեստագետների գործերում» խորագրերով ժամանակավոր ցուցադրություններին, որից հետո պատվիրակության ղեկավար տիկին Անն-Լորանս Պետելը գրառում կատարեց Պատվավոր հյուրերի հուշամատյանում:   Շնորհակալություն հայտնելով այցի համար՝ ՀՑԹԻ տնօրեն Էդիտա Գզոյանը պատվավոր հյուրին նվիրեց Հայոց ցեղասպանության մասին գրքեր»,- ասված է հաղորդագրության մեջ:
13:42 - 27 մարտի, 2024