ՃՈ

Ճանապարհային ոստիկանությունը ՀՀ Ոստիկանության մաս է։ ՃՈ ծառայության պետն է ոստիկանության գնդապետ Եգոր Կարապետյանը։
Հայաստանի ճանապարհային ոստիկանությունը պարտավոր է՝

  • իրականացնել պետական հսկողություն եւ վերահսկողություն ճանապարհայիներթեւեկության անվտանգության ապահովման, երթեւեկության կանոնների, չափանիշների, տեխնիկական նորմերի եւ այլ նորմատիվ փաստաթղթերի պահանջների պահպանման նկատմամբ.
  • կազմակերպել եւ անցկացնել ավտոտրանսպորտային միջոցների, դրանց կցորդներիպետական տեխնիկական զննում.
  • ճանապարհային երթեւեկության կազմակերպման, տեխնիկական միջոցների շահագործմանաշխատանքները վերահսկելու նպատակով իրականացնել ընդհանուր օգտագործման ավտոմոբիլայինճանապարհներով երթեւեկելու համար նախատեսված ավտոտրանսպորտային միջոցներիեւ դրանց կցորդների պետական գրանցում եւ հաշվառում.
  • կարգավորել ճանապարհային երթեւեկությունը.
  • սահմանված կարգով իրականացնել ճանապարհային երթեւեկության անվտանգության ցուցանիշների պետական հաշվառում։
ՃՈ տեսուչն օդանավակայանում կաշառք է վերցրել․ ներքին անվտանգության վարչության ծառայողները բացահայտել են ՃՈ ծառայողի ապօրինությունները

ՃՈ տեսուչն օդանավակայանում կաշառք է վերցրել․ ներքին անվտանգության վարչության ծառայողները բացահայտել են ՃՈ ծառայողի ապօրինությունները

ՀՀ ոստիկանության ներքին անվտանգության վարչության ծառայողների ձեռնարկած օպերատիվ-հետախուզական միջոցառումների շնորհիվ բացահայտվել են ճանապարհային ոստիկանության ծառայողի կողմից պաշտոնեական լիազորությունները չարաշահելու և պաշտոնեական դիրքն օգտագործելով՝ խարդախության դեպքեր։ Ձեռնարկված օպերատիվ-հետախուզական միջոցառումների արդյունքում պարզվել է, որ մայիսի 26-ին ճանապարհային ոստիկանության ծառայողը «Զվարթնոց» օդանավակայանի տարածքում, շահադիտական, անձնական, այլ շահագրգռվածությունից ելնելով, պաշտոնեական դիրքը ծառայության շահերին հակառակ օգտագործելով, հայտնաբերված վարչական իրավախախտումներն արձանագրելու փոխարեն թույլ տրված ճանապարհային երթևեկության կանոնների խախտման համար, իբր ընդառաջ գնալով վարորդների խնդրանքին, առավել նվազ տուգանք նախատեսող վարչական իրավախախտման վերաբերյալ արձանագրություն կազմելու կամ մի քանի խախտումներից միայն մեկն արձանագրելու, ինչպես և խախտումներն արձանագրելու կեղծ պատրանք ստեղծելու նպատակով թերի լրացված կամ առհասարակ չլրացված արձանագրության և որոշման ձևաթղթերը ներկայացրել է վարորդների ստորագրմանը։ Այնուհետև, վարչական տուգանքները տեղում գանձելու կեղծ պատրվակով, ճանապարհային երթևեկության կանոնները խախտած վարորդներից ստացել է տարբեր չափի գումարներ։ Ներքին անվտանգության վարչությունում նշանակված ծառայողական քննության նյութերն ուղարկվել են հատուկ քննչական ծառայություն, որտեղ փաստի առթիվ հարուցվել է քրեական գործ։ Հանգամանքները նախաքննությամբ պարզվում են։
17:26 - 02 հուլիսի, 2021
Վարորդական իրավունքի քննությունները բարդացել են. տապալվածները կարող են կրկին մասնակցել 7 օրից |armenpress.am|

Վարորդական իրավունքի քննությունները բարդացել են. տապալվածները կարող են կրկին մասնակցել 7 օրից |armenpress.am|

armenpress.am: Վարորդական իրավունքի տեսական և գործնական քննությունները բարդացել են, սակայն հանձնել չկարողացած անձը կարող է նորից մասնակցել 7 օր անց, իսկ երկրորդ փորձից դրական չստանալու դեպքում յուրաքանչյուր հաջորդ տեսական քննությանը կարող է մասնակցել բացասական գնահատականի արժանացած վերջին քննության օրվանից ոչ շուտ, քան 1 ամիս անց: ՀՀ ճանապարհային ոստիկանության իրավաբանական բաժնի պետ Հայկ Վարդանյանի հետ զրուցել է վարորդական իրավունքի վկայական ստանալու համար տեսական և գործնական քննություններում արված փոփոխությունների, միջազգային փորձի և հաշմանդամություն ունեցող անձանց մասնակցության մասին: Վարորդական իրավունքի քննությունները բարդացել են «Տեսական և գործնական քննություններն այս տարվա սկզբից փոփոխության են ենթարկվել: Այժմ վարորդական իրավունքի վկայական ստացողները տեսական քննությունները նախկին 15 րոպեի փոխարեն կհանձնեն 30 րոպեում, սակայն 10 հարցի փոխարեն կլինի 20-ը: «C»-ից բարձր կարգ ունեցող տրանսպորտային միջոց վարելու համար ապագա վարորդները քննությունը պետք է հանձնեն քննական հրապարակում, որպեսզի ոստիկանները համոզվեն՝ վարորդն ընդհանրապես տիրապետո՞ւմ է մեքենա վարելու հմտություններին, ապա թույլ տան, որպեսզի իրական պայմաններում ևս ստուգվի: «B» և ավելի ցածր կարգի տրանսպորտային միջոց վարելու համար վկայական ստանալու գործնական քննությունն էլ արդեն անց է կացվում միայն քաղաքային պայմաններում, քանի որ այդ կարգերի վտանգավորությունն ավելի ցածր է»,- նշեց Վարդանյանը: Նա հավելեց, որ ավտոհրապարակում հուզմունքն ավելի քիչ է, և իրական պայմաններում չի ստեղծվում այն իրավիճակը, որին սովոր են վարորդները: Այս որոշումն ուժի մեջ է մտնելու 2021 թվականի հունիսից: Քննությունները դրական հանձնող դիմումատուների թիվը տարեցտարի նվազում է 2018 թվականին 37 հազար դիմողից դրական է հանձնել 25 հազար քաղաքացի, 2019-ին՝ 62 հազարից 28 հազարն է ստացել վարորդական իրավունքի վկայական, իսկ 2020 թվականին՝ 53 հազարից՝ 26 հազարը: «Այս ցուցանիշներին նայելով տեսնում ենք, որ քննությունները դրական հանձնող դիմումատուների թիվը տարեցտարի նվազում է: Նախկինում օրենսդրությամբ սահմանված չէր արգելք վարորդական վկայականի տեսական կամ գործնական քննությունը չհանձնելուց հետո կրկին փորձելու համար: Տրամաբանական է, որ վարորդը եթե առաջին անգամ ձախողել է քննությունը, ուրեմն այնքան էլ լավ չի պատրաստվել, հետևաբար պետք է որոշակի ժամանակ, որպեսզի կրկին պատրաստվի և վերահանձնի քննությունը»,- ասաց Վարդանյանը: Շարունակությունը՝ armenpress.am-ում։
11:25 - 29 ապրիլի, 2021
Անցյալ տարի արձանագրված ՃՏՊ-ների դեպքերը նախորդ տարիների համեմատ նվազել են, մահվան դեպքերը՝ աճել |armenpress.am|

Անցյալ տարի արձանագրված ՃՏՊ-ների դեպքերը նախորդ տարիների համեմատ նվազել են, մահվան դեպքերը՝ աճել |armenpress.am|

armenpress.am: ՀՀ ողջ տարածքում 2020 թվականին տեղի է ունեցել 4 016 ճանապարհատրանսպորտային պատահար: Այս մասին ասաց ՀՀ Ճանապարհային ոստիկանության իրավաբանական բաժնի պետ Հայկ Վարդանյանը: «Այդ թիվը պակաս է 2018 և 2019 թվականների համեմատ: 2018 թվականին Հայաստանում գրանցվել է 4 111 ՃՏՊ, սակայն վերջին երեք տարում ամենաշատը եղել է 2019-ին՝ 4 799 դեպք: Պատահարների արդյունքում մավան դեպքերը, սակայն, աճել են. 2020 թվականին վթարների հետևանքով զոհվել է 348, իսկ 2018-ին՝ 343, 2019-ին՝ 341 անձ: ՃՏՊ-ների հետևանքով վիրավորների թիվը 2020-ին եղել է 5 846, իսկ 2018-ին՝ 5 950: 2019 թվականին աճ է արձանագրվել՝ պատահարների արդյունքում տուժել է 6 801 քաղաքացի»,- նշեց Վարդանյանը: Խոսելով գրանցված մահերի մասին՝ վերջինս ներկայացրեց Երևան քաղաքի պատկերը՝ 2018 թվականին գրանցվել է 1 832 դեպք, ինչի արդյունքում զոհվել է 83 անձ, 2019-ին 2 172 ՃՏՊ-ի հետևանքով մահացել է 86, իսկ 2020 թվականին տեղի ունեցած 1 554 վթարի պատճառով մահացել է 74-ը: «Վերլուծելով այս ամենը՝ կարող ենք ասել, որ Երևանում պատահարների թիվն էականորեն նվազել է, նվազել են նաև մահվան դեպքերը: Մարզերի պատկերի վերլուծության դեպքում, քանի որ ոստիկանության ճանապարհային երթևեկության անվտանգության բնագավառի գործառույթի գնահատականը հիմնականում կախված է ՃՏՊ-ների քանակի, վիրավորների և մահերի թվից, մենք կարող ենք ասել, որ բոլորովին հակառակ պատկեր ունենք. 2020 թվականի մարզերում արձանագրված մահերը եղել են 274-ը, ինչը միանշանակ բարձր է 2018 և 2019 թվականներից»,- նշեց Վարդանյանը: Նա ընդգծեց՝ սա փաստում է այն մասին, որ տուգանային միավորների համակարգի ներդրումը Երևանում այս պահի դրությամբ որոշակի արդյունք է տվել:   Լիլիթ Դեմուրյան
12:06 - 27 ապրիլի, 2021
Չարենցի փողոցում կկատարվի երթևեկության կազմակերպման փոփոխություն

Չարենցի փողոցում կկատարվի երթևեկության կազմակերպման փոփոխություն

2021 թվականի ապրիլի 23-ից Երևան քաղաքի Չարենցի փողոցի №75 հասցեի (Խրիմյան Հայրիկի անվան №10 դպրոց) դիմացի ճանապարհահատվածի չկարգավորվող հետիոտնային անցման տեղամասում կկատարվի երթևեկության կազմակերպման փոփոխություն: Փոփոխության արդյունքում Չարենցի փողոցի նշված հետիոտնային անցման հատվածում կտեղակայվի «Հետիոտնային կանչ»-ի ռեժիմով աշխատող լուսացույցային օբյեկտ: Այսուհետ տվյալ ճանապարհահատվածով տրանսպորտային միջոցների երթևեկության ու հետիոտնային անցումով հետիոտների տեղաշարժի հերթականությունը հետիոտների միջամտությամբ կկարգավորվի լուսացույցի ազդանշաններով: Այս մասին հայտարարություն է տարածել ՀՀ ճանապարհային ոստիկանությունն ու տեղեկացրել, որ փոփոխությունն իրականացվում է երթևեկության անվտանգության բարելավման և ճանապարհատրանսպորտային պատահարների նախականխման նպատակով:
20:01 - 22 ապրիլի, 2021
Իսահակյան և Թամանյան փողոցների խաչմերուկում կկատարվի երթևեկության կազմակերպման փոփոխություն․ ՃՈ

Իսահակյան և Թամանյան փողոցների խաչմերուկում կկատարվի երթևեկության կազմակերպման փոփոխություն․ ՃՈ

Ճանապարհային ոստիկանությունը տեղեկացնում է, որ 2021 թվականի ապրիլի 20-ին Երևան քաղաքի Իսահակյան և Թամանյան փողոցների խաչմերուկում կկատարվի երթևեկության կազմակերպման փոփոխություն: Հայտնում են ՀՀ ճանապարհային ոստիկանությունից։Նշված խաչմերուկում տեղադրված 3.1՝ «Մուտքն արգելվում է», 3.18.1՝ «Աջ շրջադարձն արգելվում է», 3.18.2՝ «Ձախ շրջադարձն արգելվում է», 3.27՝ «Կանգառն արգելվում է» ճանապարհային նշանները և 8.5.4՝ «Գործողության ժամանակ (11.00−24.00)», 8.23՝ «Աշխատում է տարհանիչը» ցուցանակները, որոնք ձմռան ամիսներին ժամանակավորապես փակված էին ծածկոցներով, ապրիլի 20-ից կվերաբացվեն և կսկսեն գործել նախկինի պես:Հիշեցնում ենք, որ Իսահակյան և Թամանյան փողոցների խաչմերուկում տրանսպորտային միջոցների երթևեկությունը վերահսկվում է տեսանկարահանող սարքերի միջոցով:
20:35 - 19 ապրիլի, 2021
Դատախազը ՃՈ-ում պետգնումների գործընթացում խախտումները վերացնելու միջնորդագիր է ուղարկել ոստիկանապետին

Դատախազը ՃՈ-ում պետգնումների գործընթացում խախտումները վերացնելու միջնորդագիր է ուղարկել ոստիկանապետին

ՀՀ պետական վերահսկողական ծառայության կողմից ՀՀ ոստիկանությունում իրականացած ուսումնասիրությամբ տվյալներ էին ձեռք բերվել 2018թ․հուլիս-օգոստոս ամիսների ընթացքում Երևան քաղաքում ճանապարհային գծանշման նախատեսված աշխատանքները N ընկերության կողմից տեխնիկական բնութագրերով սահմանված պահանջներին համապատասխան չկատարվելու, ընկերության կողմից կատարված աշխատանքների նկատմամբ պատվիրատուի՝ ՀՀ ոստիկանության կողմից պատշաճ հսկողություն չիրականացվելու, փաստացի այդ պահանջներին չհամապատասխանող ծառայություններն ընդունելու և վճարում կատարելու մասին։ Այս մասին հաղորդագրություն է տարածել ՀՀ գլխավոր դատախազության հանրային կապերի բաժինը: «Դեպքի առթիվ ՀՀ գլխավոր դատախազությունում 2019թ․փետրվարի 25-ին ՀՀ քրեական օրենսգրքի 315-րդ հոդվածի 2-րդ մասով հարուցվել էր քրեական գործ և ըստ քննչական ենթակայության ուղարկվել ՀՀ հատուկ քննչական ծառայություն։  Նախաքննությամբ պարզվել է, որ վերը նշված պայմանագրային ծառայություններն իրականացնելու համար հիմք են հանդիսացել ՀՀ ոստիկանության «Ճանապարհային ոստիկանություն» ծառայության ճանապարհային երթևեկության կազմակերպման հսկողության բաժնի պետ Կ․ Կ․-ի կողմից կազմված և նույն ծառայության պետի կողմից հաստատված առաջադրանքները: Մասնավորապես, պարզվել է, որ Կ․Կ․-ն 2018-2019թթ-իընթացքում իր ծառայության նկատմամբ անբարեխիղճ վերաբերմունքի հետևանքով ոչ պատշաճ կերպով է կատարել իր պարտականությունները։ Մասնավորապես, պատշաճ հսկողություն չի իրականացրել ընկերության կողմից գնման պայմանագրերով նախատեսված աշխատանքների կատարման նկատմամբ, ընդունել է տեխնիկական բնութագրերով նախատեսված որակին և պայմաններին չհամապատասխանող կամ ընդհանրապես չկատարված աշխատանքները, առանց համոզվելու դրանց փաստացի, ամբողջությամբ և տեխնիկական բնութագրերին համապատասխան կատարված լինելու մեջ։ Արդյունքում, անզգուշությամբ էական վնաս է պատճառվել պետության օրինական շահերին, ինչն անզգուշությամբ առաջացրել է առանձնապես խոշոր չափերով՝ 255.824.768,8 ՀՀ դրամի գույքային վնասի տեսքով ծանր հետևանքներ: Վերոգրյալ արարքը կատարելու համար Կ․Կ․-ին մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 315-րդ հոդվածի 2-րդ մասով, ինչպես նաև դատախազի համաձայնությամբ վարույթն իրականացնող քննիչի կողմից որոշում է կայացվել վերջինիս պաշտոնավարումը ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 152-րդ հոդվածով սահմանված կարգով դադարեցնելու մասին։  Այսինքն քրեական գործի նախաքննությամբ հաստատվել է, որ ՀՀ ոստիկանության «Ճանապարհային ոստիկանություն» ծառայության ճանապարհային երթևեկության կազմակերպման հսկողության բաժնի կողմից Երևան քաղաքում երթևեկության կազմակերպման նպատակով իրականացված աշխատանքների նկատմամբ պատշաճ հսկողության բացակայությունը նպաստել է հանցանքների կատարմանը, որի արդյունքում՝ խաբեության եղանակով, պետությունից հափշտակվել է առանձնապես խոշոր չափերի գումար։ Բացի այդ, նախաքննությամբ հիմնավորվել է, որ վերը հիշատակված գնման գործընթացը նույնպես տեղի է ունեցել ՀՀ օրենսդրության պահանջների խախտմամբ։ Թեև նախաքննության ընթացքում վարույթն իրականացնող քննիչի կողմից որոշում է կայացվել  հիշյալ գնումների գործընթացներում գնահատող հանձնաժողովի նախագահ, ՀՀ ոստիկանության տնտեսական վարչության պետի տեղակալի նկատմամբ քրեական հետապնդում չիրականացնելու մասին, սակայն նույն որոշմամբ հաստատված է համարել, որ հանձնաժողովն անտեսել է գնումների մասին ՀՀ օրենսդրությամբ սահմանված պահանջների խախտումները, այն է՝ առանձին բնութագրեր ունեցող ծառայությունները 1 չափաբաժնում խմբավորած լինելը, գնման հիշյալ գործընթացներին այլ մասնակիցների համար մրցակցության սահմանափակումներ առաջացնող, արհեստականորեն բարդեցված տեխնիկական բնութագրեր կազմելը, և միջոցներ չի ձեռնարկել դրանք օրենսդրության պահանջներին համապատասխանեցնելու ուղղությամբ։   Բացի այդ, հանձնաժողովը «Գնումների մասին» ՀՀ օրենքով նախատեսված և հրավերով պահանջված՝ «Մասնագիտական փորձառության» չափանիշն ապահովելու համար ընկերության կողմից գնման երեք ընթացակարգերում ներկայացված, որպես նախկինում նմանատիպ կատարված աշխատանքների վերաբերյալ 2014թ-ին․և 2016թ․-ին կնքված, փաստացի այդ պահանջը չբավարարող պայմանագրերը գնահատել է բավարար: Միաժամանակ, հանձնաժողովը խախտել է ՀՀ կառավարության «Գնումների գործընթացի կազմակերպման» կարգի 61-րդ կետի 4-րդ ենթակետը՝ սահմանված կարգով չի արձանագրել առկա անհամապատասխանությունները և չի ծանուցել մասնակցին՝ ընկերությանը, մեկ աշխատանքային օրվա ընթացքում շտկելու անհամապատասխանությունները: Ելնելով վերոգրյալից՝ ՀՀ գլխավոր դատախազի ուղեկցական գրությամբ ՀՀ գլխավոր դատախազության ՀՀ ՀՔԾ մինչդատական վարույթի օրինականության նկատմամբ հսկողության վարչությունից միջնոդրագիր է ուղարկվել ՀՀ ոստիկանության պետին՝ ձեռնարկելու գործուն միջոցներ ՀՀ ոստիկանության «Ճանապարհային ոստիկանություն» ծառայությունում տեղ գտած վերը հիշատակված թերությունները, դրանց պատճառներն և նպաստող հանգամանքները վերացնելու նպատակով։ Նախաքննության օրինականության նկատմամբ հսկողություն իրականացնող դատախազի կողմից հաստատվել է մեղադրական եզրակացությունը և քրեական գործը՝ ըստ մեղադրանքի նշված պաշտոնատար անձի և ընկերության տնօրենի, ուղարկվել է Երևան քաղաքի ընդհանուր իրավասության առաջին ատյանի դատարան՝ ըստ էության քննելու»,- ասդված է հաղորդագրության մեջ։ Ծանուցում. ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:
17:47 - 13 ապրիլի, 2021
ՃՈ ակտերը կարելի է վիճարկել, առանց ներկայանալու դատարան. նոր փոփոխություններ |armenpress.am|

ՃՈ ակտերը կարելի է վիճարկել, առանց ներկայանալու դատարան. նոր փոփոխություններ |armenpress.am|

armenpress.am: Կառավարությունը հավանության արժանացրեց Վարչական դատավարության օրենսգրքում առաջարկվող փոփոխությունները, որով նախատեսում ենք գրավոր ընթացակարգ ներդնել մի շարք գործերի քննության համար (դրանք հիմնականում վերաբերում են ճանապարհային երթևեկության անվտանգությանն առնչվող վարչական իրավախախտումների վիճարկմանը)։  Ռուստամ Բադասյանը նշեց, որ Վարչական արդարադատության շուրջ 13 տարիների ընթացքում Հայաստանի Հանրապետությունում ընդունվել և գործել է վարչական դատավարության երկու օրենսգիրք և երկուսում էլ գրավոր ընթացակարգ նախատեսված չի եղել, ինչը, մեր գնահատմամբ, էականորեն ազդում է դատարանի ծանրաբեռնվածության վրա։  «Բարձրագույն դատական խորհրդի հաղորդման համաձայն` վերջին տարիներին վիճարկման հայցերը շուրջ 566%-ով ավելացել են։ Եվ եթե նայենք 2018-2020 թվականների վիճակագրությունը, այն գործերը, որոնց համար ներդնում ենք գրավոր ընթացակարգ, կազմում են ընդհանուր գործերի 80 և ավելի տոկոսը։ Օրինակ՝ 2019 թվականին վիճարկման հայցերով 7 հազար 165 դատական ակտ է կայացվել, որից 5 հազար 755-ը վերաբերել են նշածս գործերին,- ասաց նախարարը՝ ավելացնելով,- հետևաբար, հիմք ընդունելով այս  գործերի բնույթը և այդ իրավախախտումներով գործերի քննության համեմատաբար պարզ լինելը` մենք նպատակահարմար ենք համարում նշված գործերի քննության համար սահմանել բացառապես գրավոր ընթացակարգ ինչպես առաջին ատյանում, այնպես էլ հնարավորություն ընձեռել այդ ակտերի վերանայումը վերաքննիչ դատարանում ևս իրականացնել գրավոր ընթացակարգով: Իսկ վերաքննիչ դատարան, օրինակ 2019 թվականին 5 հազար 755 ակտից բողոքարկվել է 2 հազար 84-ը, որից 35 տոկոսը՝ Ճանապարհային ոստիկանության կողմից»։   Նախագծով առաջարկվում է Վարչական դատավարության օրենսգրքում ներդնել գործի քննության գրավոր ընթացակարգ, վարչական իրավախախտումների վերաբերյալ Հայաստանի Հանրապետության օրենսգրքի մի շարք հոդվածներով նախատեսված վարչական իրավախախտումների վերաբերյալ գործերը քննել պարտադիր գրավոր ընթացակարգով, եթե առկա չեն գրավոր ընթացակարգը բացառող հիմքեր, այլ վարչական գործերի քննության դեպքում ևս նախատեսել հնարավորություն վարչական դատարանի համար կիրառել գրավոր ընթացակարգ։ Վերաքննիչ վարչական դատարանին տալ հնարավորություն Վարչական դատարանում գրավոր ընթացակարգով քննության արդյունքում կայացված ակտերի վերանայումն իրականացնել գրավոր ընթացակարգով, բացառիկ դեպքերում դատական նիստով կողմերի լսված լինելու իրավունքը ապահովելու համար անհրաժեշտ լուծումներ: Միևնույն ժամանակ, հաշվի առնելով, որ սա էականորեն կբերի դատական համակարգի բեռնաթափմանը, ինչպես նաև վարչական դատարանի դատավորների հետ ունեցած բազմաթիվ քննարկումների արդյունքները՝ նախագիծը կառավարության որոշմամբ ճանաչվեց անհետաձգելի:
16:44 - 04 մարտի, 2021