ՄԻԵԴ-ում ՀՀ ներկայացուցիչ

Մարդու իրավունքների եվրոպական դատարանում Հայաստանի Հանրապետության ներկայացուցիչ։

Ծնվել է1982 թվականի մայիսի 16-ին, Երեւանում։

Սովորել է Երեւանի պետական համալսարանի իրավագիտության ֆակուլտետում, մագիստրոս։ 2007թ. սովորել է Ֆլետչերի իրավունքի եւ դիվանագիտության դպրոցում։ 2009-2010թթ.՝ Ջորջթաունի համալսարան, Իրավունքի կենտրոն, ունի մագիստրոսի աստիճան։ 2017-2018թթ. սովորել է Սթենֆորդի համալսարանում, իրավագիտության մագիստրոս է։ 

2003-2005 թթ. եղել է Մարդու իրավունքների եվրոպական դատարան դիմելու իրավախորհրդատվական կենտրոնի իրավախորհրդատու, 2005-2006 թթ.՝ ՀՀ ԱԳՆ, իրավաբանական վարչություն` պայմանագրային աշխատող, 2006 թ.-ից առ այսօր` ԵՊՀ եվրոպական եւ միջազգային իրավունքի ամբիոնի դասախոս։

2008 թ. մասնակցել է ԵԱՀԿ ԺՀՄԻԳ ընտրությունների դիտորդական առաքելությանը՝ որպես ավագ իրավաբան-վերլուծաբանի օգնական, 2008 թ., 2014-2015 թթ.՝ ՀՀ Սահմանադրական դատարանում՝ որպես խորհրդական։

2011 թ.-ից դասավանդում է Հայաստանի Ամերիկյան համալսարանում։ 2008-2012 թթ. եղել է ՀՀ վարչապետի օգնական։ 2012-2014 թթ.՝ ՀՀ արդարադատության նախարարի տեղակալ։

2015-2017 թթ. աշխատել է Հայաստանի զարգացման նախաձեռնություններ բարեգործական հիմնադրամում, 2017-2018 հոկետմբեր՝ Պողոսյան, Կիրակոսյան եւ գործընկերներ իրավաբանական գրասենյակում, 2018 թ. սեպտեմբեր-հոկտեմբեր՝ Հայաստանի գիտության եւ տեխնոլոգիաների հիմնադրամում։

2018 թ. հոկտեմբերի 25-ին նշանակվել է Վարչապետի խորհրդական։ 

2018 թ. նոյեմբերի 7-ին նշանակվել է Մարդու իրավունքների եվրոպական դատարանում Հայաստանի Հանրապետության կառավարության լիազոր ներկայացուցիչ։ 2019 թ. օգոստոսի 5-ին նշանակվել է Մարդու իրավունքների եվրոպական դատարանում Հայաստանի Հանրապետության ներկայացուցիչ

Զինապարտ է, շարքային։ Իրավաբանական գիտությունների թեկնածու է։ Անկուսակցական է։ Ամուսնացած է, ունի մեկ դուստր։

ՄԱԿ-ի դատարանում Եղիշե Կիրակոսյանը ներկայացրեց Հայաստանի միջանկյալ պահանջներն Ադրբեջանի նկատմամբ
 |armenpress.am|

ՄԱԿ-ի դատարանում Եղիշե Կիրակոսյանը ներկայացրեց Հայաստանի միջանկյալ պահանջներն Ադրբեջանի նկատմամբ |armenpress.am|

armenpress.am: ՄԱԿ-ի արդարադատության միջազգային դատարանում Հայաստանի ներկայացուցիչ Եղիշե Կիրակոսյանը ներկայացրեց Հայաստանի միջանկյալ պահանջները Ադրբեջանի նկատմամբ։ Ռասայական խտրականության վերացման կոմիտեի վարույթի շրջանակներում Ադրբեջանի դեմ Հայաստանի ներկայացրած հայցի լսումների ժամանակ Եղիշե Կիրակոսյանը նշեց, որ Հայաստանը խնդրում է դատարանին պարտադրել հետևյալ միջանկյալ միջոցները նախքան այս գործով վճիռ կայացնելը:  «Ադրբեջանը պետք է դադարեցնի իր կազմակերպումն ու  օժանդակությունը, այսպես կոչված, բողոքների ցույցերին, որոնք խաթարում են ազատ տեղաշարժը Լաչինի միջանցքով՝ երկու ուղղությամբ: Ադրբեջանը պետք է երաշխավորի Լաչինի միջանցքով բոլոր անձանց, բեռների և տրանսպորտային միջոցների անխափան տեղաշարժը՝ երկու ուղղությամբ: Ադրբեջանը անմիջապես պետք է լիովին վերականգնի և ձեռնպահ մնա խաթարելուց կամ խանգարելուց բնական գազի կամ այլ հանրային ծառայությունների մատակարարումը ԼՂ»,- ասաց Կիրակոսյանը։
16:21 - 30 հունվարի, 2023
ՄԱԿ-ի Արդարադատության միջազգային դատարանում մեկնարկում են Հայաստանի և Ադրբեջանի միջև դատավարական լսումները

ՄԱԿ-ի Արդարադատության միջազգային դատարանում մեկնարկում են Հայաստանի և Ադրբեջանի միջև դատավարական լսումները

ՄԱԿ-ի Արդարադատության միջազգային դատարանում այսօր մեկնարկում են Հայաստանի և Ադրբեջանի միջև դատավարական լսումները։   Միջազգային իրավական հարցերով ՀՀ ներկայացուցչի գրասենյակից հայտնում են, որ Հայաստանն ընդդեմ Ադրբեջանի գործով ուղիղ հեռարձակմանը կարելի է հետևել հունվարի 30-ին (Երևանի ժամանակով` 13:00-15:00, 19:00-21:00) հետևյալ հղումով։   ՀՀ-ն դիմել է ՄԱԿ-ի արդարադատության միջազգային դատարան՝ խնդրելով Ադրբեջանին փոխանցել ՀՀ- ի այն դիրքորոշումը, որ Բերձորի միջանցքը պետք է ապաշրջափակվի 48 ժամվա ընթացքում, որպեսզի հնարավորություն տրվի ապահովել մարդկանց ազատ տեղաշարժի իրավունքը, դա չիրականացնելու դեպքում կներկայացվի նախականխիչ միջոց ձեռնարկելու նոր դիմում։    Իսկ Ադրբեջանն ընդդեմ Հայաստանի գործով ուղիղ հեռարձակմանը կարելի է հետևել հունվարի 31-ին (Երևանի ժամանակով` 13:00-15:00, 19:00-21:00-ին) հետևյալ հղումով։  
10:03 - 30 հունվարի, 2023
Արբիտրաժային տրիբունալը մերժել է ընդդեմ Հայաստանի Հանրապետության ներկայացված շուրջ 331 միլիոն ԱՄՆ դոլար բռնագանձելու մասին պահանջը

Արբիտրաժային տրիբունալը մերժել է ընդդեմ Հայաստանի Հանրապետության ներկայացված շուրջ 331 միլիոն ԱՄՆ դոլար բռնագանձելու մասին պահանջը

Արբիտրաժային տրիբունալը մերժել է ընդդեմ Հայաստանի Հանրապետության ներկայացված շուրջ 331 միլիոն ԱՄՆ դոլար բռնագանձելու մասին պահանջը։ Այս մասին հայտնում է միջազգային իրավական հարցերով ՀՀ ներկայացուցչի գրասենյակը։  2018 թվականի օգոստոսի 3-ին Ներդրումային վեճերի կարգավորման միջազգային կենտրոն (ICSID) մուտքագրված «Ջ. Բորկովսկին և Ռասիա ՖԶէ-ն ընդդեմ Հայաստանի Հանրապետության» թիվ ARB/18/28 արբիտրաժային գործով արբիտրաժային տրիբունալը ս.թ. հունվարի 20-ին կայացրել է վճիռ՝ ամբողջությամբ մերժելով Հայցվորների պահանջները և պարտավորեցնելով վերջիններիս Հայաստանի Հանրապետությանը փոխհատուցել ընդհանուր շուրջ 2,8 միլիոն ԱՄՆ դոլար՝ որպես կրած իրավաբանական վճարների և այլ ծախսերի հատուցում։ Երկաթուղային ճանապարհի և արագընթաց մայրուղու կառուցման առնչությամբ ծագած սույն արբիտրաժային գործը հարուցվել էր «Հայաստանի Հանրապետության և Ամերիկայի Միացյալ Նահանգների միջև ներդրումների փոխադարձաբար խրախուսման և պաշտպանության մասին» պայմանագրի, ինչպես նաև նշված ընկերության և ՀՀ կառավարության միջև 2012թ․ կնքված կոնցեսիոն պայմանագրերի հիման վրա։   Արբիտրաժային գործի շրջանակներում հայցվորները պնդում էին, որ Հայաստանի Հանրապետությունը խախտել է կոնցեսիոն պայմանագրերի, ինչպես նաև «Հայաստանի Հանրապետության և Ամերիկայի Միացյալ Նահանգների միջև ներդրումների փոխադարձաբար խրախուսման և պաշտպանության մասին» պայմանագրի ներքո ստանձնած մի շարք պարտավորություններ: Հայցվորները պահանջում էին Հայաստանից բռնագանձել շուրջ 225 միլիոն ԱՄՆ դոլար, ինչպես նաև 2015թ․ մարտի 18-ից մինչև արբիտրաժային վճռի կայացումը հաշվեգրված տոկոսները՝ շուրջ 106 միլիոն ԱՄՆ դոլար։
17:28 - 26 հունվարի, 2023
Ադրբեջանի կողմից իրավական վեճի եղանակով բարձրացված հարցերը որևէ առնչություն չունեն Բեռնի Կոնվենցիայի նպատակի հետ․ Միջազգային իրավական հարցերով ՀՀ ներկայացուցիչ

Ադրբեջանի կողմից իրավական վեճի եղանակով բարձրացված հարցերը որևէ առնչություն չունեն Բեռնի Կոնվենցիայի նպատակի հետ․ Միջազգային իրավական հարցերով ՀՀ ներկայացուցիչ

Միջազգային իրավական հարցերով ՀՀ ներկայացուցիչը հայտարարություն է տարածել Բեռնի Կոնվենցիայի շրջանակներում Ադրբեջանի կողմից արբիտրաժային վարույթ նախաձեռնելու մասին․  «2023թ․ հունվարի 18-ին Հայաստանի Հանրապետությունը ծանուցվել է Ադրբեջանի Հանրապետության կողմից Հայաստանի Հանրապետության դեմ «Եվրոպայի վայրի բնության և բնական միջավայրի պահպանության մասին» Բեռնի կոնվենցիայի (Բեռնի Կոնվենցիա) շրջանակներում արբիտրաժային վարույթ նախաձեռնելու վերաբերյալ։ Հայաստանի Հանրապետությունը ափսոսանք է հայտնում, որ Ադրբեջանը որոշել է իրավական գործընթաց սկսել այնպիսի փաստաթղթի հիման վրա, որի հիմնական նպատակն է «խթանել ․․․․ համագործակցությունը» պետությունների միջև միտված «պահպանելու վայրի ֆլորան և ֆաունան և դրանց բնական ապրելավայրերը»։ Հայաստանը բազմաթիվ առիթներով հաստատել է իր՝ տարածաշրջանի վայրի բնաշխարհի պահպանման և շրջակա միջավայրի պաշտպանության հանձնառությունը՝ ներառյալ Բեռնի Կոնվենցիայի մոնիտորինգային և այլ մարմինների հետ աշխատելու միջոցով։ Հայաստանի շրջակա միջավայրի պաշտպանության միջազգային վարկանիշը ինքնին վկայում է այդ մասին։ Հայաստանը մտահոգված է, որ Ադրբեջանի կողմից իրավական վեճի եղանակով բարձրացված հարցերը որևէ առնչություն չունեն Բեռնի Կոնվենցիայի նպատակի հետ և կարող են վնասակար անդրադառնալ տարածաշրջանի շրջակա միջավայրի վրա, որը նաև էական վնաս է կրել վերջին տարիների ընթացքում Ադրբեջանի վարած ագրեսիվ պատերազմների հետևանքով» ,- նշված է հաղորդագրության մեջ։  Հիշեցնենք, որ Ադրբեջանի ԱԳՆ-ն ավելի վաղ հայտնել էր, որ Ադրբեջանը Հայաստանի դեմ արբիտրաժային գործընթաց է սկսել՝ համաձայն Բեռնի կոնվենցիայի՝ Հայաստանին մեղադրելով իբր իր տարածքում շրջակա միջավայրին հասցված վնասի մեջ: Երկրի ԱԳՆ հաղորդագրության համաձայն՝ 2020թ. պատերազմից հետո Ադրբեջանի «ապացույցներ» է հավաքել առ այն, որ Երևանը «օկուպացիայի տարիներին» վնաս է հասցրել շրջակա միջավայրին։   
16:44 - 25 հունվարի, 2023
Հայաստանն Ադրբեջանի դեմ ներկայացված գործի շրջանակներում հուշագիր է ներկայացրել Արդարադատության միջազգային դատարան
 |armenpress.am|

Հայաստանն Ադրբեջանի դեմ ներկայացված գործի շրջանակներում հուշագիր է ներկայացրել Արդարադատության միջազգային դատարան |armenpress.am|

armenpress.am: Հայաստանը հուշագիր է ներկայացրել Արդարադատության միջազգային դատարան՝ Ադրբեջանի դեմ «Ռասայական խտրականության բոլոր ձևերի վերացման մասին միջազգային կոնվենցիայի» կիրառման գործով: Այս մասին հաղորդում է Միջազգային իրավական հարցերով ներկայացուցիչ Եղիշե Կիրակոսյանը: «2023 թ. հունվարի 23-ին Հայաստանը Ադրբեջանի դեմ «Ռասայական խտրականության բոլոր ձևերի վերացման մասին միջազգային կոնվենցիայի» մեկնաբանման և կիրառման գործով Արդարադատության միջազգային դատարան է ներկայացրել հուշագիր, որը մանրամասնորեն ներկայացնում է Ադրբեջանի կողմից «Ռասայական խտրականության բոլոր ձևերի վերացման մասին միջազգային կոնվենցիայի»՝ տասնամյակներ շարունակվող կոպիտ խախտումները» - գրել է Կիրակոսյանը թվիթերյան իր էջում: Հայաստանն Ադրբեջանի դեմ հայց է ներկայացրել ՄԱԿ-ի Արդարադատության միջազգային դատարան Ռասայական խտրականության վերացման կոմիտեի վարույթի շրջանակներում: Դատարանը Հայաստանի դիմումի վերաբերյալ լսումներ կանցկացնի հունվարի 30-ին: 
15:32 - 24 հունվարի, 2023
Այսօր ՄԻԵԴ-ը հրատապ ծանուցում է ուղարկել Եվրոպայի խորհրդի Նախարարների կոմիտեին Լաչինի միջանցքը ապաշրջափակելու մասին

Այսօր ՄԻԵԴ-ը հրատապ ծանուցում է ուղարկել Եվրոպայի խորհրդի Նախարարների կոմիտեին Լաչինի միջանցքը ապաշրջափակելու մասին

Այսօր Մարդու իրավունքների եվրոպական դատարանը հրատապ ծանուցում է ուղարկել Եվրոպայի խորհրդի Նախարարների կոմիտեին Լաչինի միջանցքը ապաշրջափակելու մասին իր՝ 2022 թվականի դեկտեմբերի 21-ի որոշման կատարումը Ադրբեջանի կողմից վերահսկելու նպատակով:  Նշենք, որ 2022 թվականի դեկտեմբերի 22-ին Ադրբեջանը դիմել էր Եվրոպական դատարան՝ պահանջելով վերացնել միջանկյալ միջոց կիրառելու որոշումը: Միաժամանակ Ադրբեջանը պահանջել էր միջանկյալ միջոցներ կիրառել Հայաստանի դեմ, այն է՝ «ձեռնարկել իր իրավասությունից բխող բոլոր միջոցները ուղղված Ռուս խաղապահների ժամանակավոր տեղակայման վայրում գտնվող Ադրբեջանի տարածքում բժշկական անհետաձգելի օգնության կարիք ունեցող մարդկանց համարժեք բուժմանը և խուսափել այս ուղղությամբ որևէ խոչընդոտ ստեղծելուց»: Ի պատասխան Միջազգային իրավական հարցերով ներկայացուցչի գրասենյակը 2022 թվականի դեկտեմբերին և 2023 թվականի հունվարին Եվրոպական դատարան է ուղարկել պարբերաբար թարմեցվող տեղեկություն Լաչինի միջանցքի շուրջ ստեղծված Լեռնային Ղարաբաղում տիրող հումանիտար ծանր վիճակի մասին: Միաժամանակ Միջազգային իրավական հարցերով ներկայացուցչի գրասենյակը Եվրոպական դատարանից պահանջել էր անհապաղ ծանուցում ուղարկել Եվրոպայի խորհրդի Նախարարների կոմիտեին Ադրբեջանի կողմից Եվրոպական դատարանի 2022 թվականի դեկտեմբերի 21-ի որոշումը չկատարելու վերաբերյալ:  Եվրոպական դատարանը, հաշվի առնելով կողմերի ներկայացրած փաստարկները, այսօր մերժել է Ադրբեջանի պահանջներն ամբողջությամբ՝ 2022 թվականի դեկտեմբերի 21-ի որոշումը թողելով ուժի մեջ: Եվրոպական դատարանը մերժել է նաև Հայաստանի դեմ միջանկյալ միջոց կիրառելու մասին Ադրբեջանի պահանջը:
20:24 - 16 հունվարի, 2023
ՄԻԵԴ-ը չէր կարող Ադրբեջանին պարտավորեցնել «ճանապարհը բացել». Եղիշե Կիրակոսյանը պարզաբանում է դատարանի որոշումը
 |hetq.am|

ՄԻԵԴ-ը չէր կարող Ադրբեջանին պարտավորեցնել «ճանապարհը բացել». Եղիշե Կիրակոսյանը պարզաբանում է դատարանի որոշումը |hetq.am|

hetq.am: Միջազգային իրավական հարցերով Հայաստանի ներկայացուցիչ Եղիշե Կիրակոսյանն այսօր ներկայացրեց Մարդու իրավունքների եվրոպական դատարանի որոշման մանրամասները՝ Հայաստանի պահանջով Ադրբեջանի դեմ միջանկյալ միջոց կիրառելու վերաբերյալ: Եղիշե Կիրակոսյանը «ճիշտ և օբյեկտիվ իրականությունն արտացոլող» որակեց ՄԻԵԴ-ի որոշումը՝ նշելով, որ դրան պետք է հետևի նաև քաղաքական ուղղությամբ աշխատանքը: Թեև ՄԻԵԴ-ը երեկ Ադրբեջանին պարտավորեցրել է անհրաժեշտ և բավարար միջոցներ ձեռնարկել՝ ապահովելու «Լաչինի միջանցքով» Հայաստանում բժշկական օգնություն ստանալու կարիք ունեցող ծանր հիվանդների տեղաշարժը, ինչպես նաև ճանապարհին անապաստան մնացած կամ ապրուստի միջոցների կարիք ունեցող անձանց անվտանգ տեղաշարժը, սակայն ճանապարհը դեռ փակ է: ՄԻԵԴ-ի որոշումը գործում է կողմերի ծանուցման պահից, այսինքն՝ երեկվանից: Հետևաբար Ադրբեջանը պետք է քայլեր ձեռնարկի: Եղիշե Կիրակոսյանն ասաց, որ Ադրբեջանի կողմից «գերքայլեր» չեն ակնկալում, իսկ կիրառվող գործիքակազմն ունի սահմանափակումներ: Կիրակոսյանի խոսքերով՝ ֆորմալ առումով Եվրոպական դատարանը նախարարների կոմիտեին ծանուցելու հնարավորություն ունի: Վերջինս, որպես քաղաքական մարմին, հետևում է ՄԻԵԴ-ի որոշումների կատարման ընթացքին: Կոմիտեն անհրաժեշտության դեպքում պետք է միջամտի այդ հարցերին՝ հասկանալու համար, թե ինչ քայլեր է անհրաժեշտ ձեռնարկել, որպեսզի ավելացնի Ադրբեջանի նկատմամբ ճնշումը: Միջազգային դատարանների մոտեցումները տարբերվում է ներպետական դատարանների մոտեցումներից: Միջպետական հարաբերություններում իրականությունը բազմաշերտ է և այս կամ այն կերպ խոչընդոտում է գործընթացներին: Սակայն, սանկցիաները միակ ռեալ միջոցներն են, որ պետության մոտ կարող են վարքագիծ փոխվել: Եղիշե Կիրակոսյանն ասաց, որ այդ սանկցիաներին հասնելը փոքր–ինչ դժվար է, սակայն անհույս վիճակ չէ: Պետք է անընդհատ աշխատել և իրավական գործընթացների արդյունքում կայացված որոշումները կարող են ազդեցություն ունենալ տարբեր ուղղություններով: Ե. Կիրակոսյանն ասաց, որ ՄԻԵԴ-ում պահանջ էր դրվել ապաշրջափակել Լաչինի միջանցքը, սակայն ՄԻԵԴ-ն իր երեկվա որոշման մեջ նեղացրել է շրջանակը: Կիրակոսյանը նշեց, որ ՄԻԵԴ-ի կողմից նման ձևակերպումներով որոշումն ունի պատճառներ ու Կոնվենցիայով նախատեսված սահմանափակումներ: Այդ իսկ պատճառով ՄԻԵԴ-ը շեշտադրել է կյանքի իրավունքի և անմարդկային վերաբերմունքի դրսևորումների վերացումները, այլ ոչ ճանապարհն ընդհանրապես բացելը: «Դատարանը երբեք նման բան չէր ասի: Դատարանը ցանկացած իր գործողություն պետք է կապի կոնկրետ իրավունքի հետ, այս դեպքում Կոնվենցիայի 2-րդ, 3-րդ հոդվածներով պաշտպանվող իրավունքների հետ: Ուրիշ ձև հնարավոր չէր անել»,- ասաց Եղիշե Կիրակոսյանը՝ արժևորելով և կարևորելով կայացված որոշումը: Եղիշե Կիրակոսյանն ասաց, որ Արդարադատության միջազգային դատարանում հարցն ավելի խորացնելով՝ գուցե լրացուցիչ երաշխիքներ ստանան: Այդ ուղղությամբ արդեն աշխատում են: Նշենք, որ Արդարադատության միջազգային դատարանում այլ շեշտադրումով է գործը քննվում՝ հիմնվելով ռասսայական խտրականության բոլոր ձևերի վերացման դրույթների վրա: Ինչ վերաբերում է Արցախում պարենային անվտանգության հարցին, ապա Կիրակոսյանն ասաց, որ ՄԻԵԴ-ին ներկայացրել են տեղեկություններ, այդ թվում՝ դեղորայքի անհրաժեշտության մասին: Ընթացքում այդ տեղեկատվությունը ևս թարմացվելու է: Շարունակությունը՝ hetq.am-ում
15:34 - 22 դեկտեմբերի, 2022
Մանրամասներ Եվրոպական դատարանի՝ ՀՀ կառավարության ներկայացրած՝ Ադրբեջանի նկատմամբ միջանկյալ միջոցներ կիրառելու պահանջի վերաբերյալ

Մանրամասներ Եվրոպական դատարանի՝ ՀՀ կառավարության ներկայացրած՝ Ադրբեջանի նկատմամբ միջանկյալ միջոցներ կիրառելու պահանջի վերաբերյալ

Այսօր՝ դեկտեմբերի 21-ին, Եվրոպական դատարանը ուսումնասիրել է ՀՀ կառավարության ներկայացրած` Ադրբեջանի նկատմամբ միջանկյալ միջոցներ կիրառելու պահանջը: Այս մասին ասված է Միջազգային իրավական հարցերով ներկայացուցչի Ֆեյսբուքի էջում:   «Նշելով, որ այս պահին վիճելի է «Լաչինի միջանցքի» նկատմամբ Ադրբեջանի կողմից վերահսկողության առկայության հարցը, ինչպես նաև հաշվի առնելով 2020 թվականի նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարության 6-րդ կետով Ադրբեջանի կողմից ստանձնած պարտավորությունները, մասնավորապես, «երաշխավորելու Լաչինի միջանցքով երկկողմ ուղղությամբ տեղաշարժվող անձանց, տրանսպորտային միջոցների և բեռների անվտանգությունը», և հիշեցնելով Եվրոպական կոնվենցիայով ստանձնած պարտավորությունները՝ Եվրոպական դատարանը որոշել է Դատարանի կանոնակարգի 39-րդ կանոնի հիման վրա պարտավորեցնել Ադրբեջանին ձեռնարկել բոլոր անհրաժեշտ և բավարար միջոցները՝ ապահովելու «Լաչինի միջանցքով» Հայաստանում բժշկական օգնություն ստանալու կարիք ունեցող ծանր հիվանդ անձանց տեղաշարժը, ինչպես նաև ճանապարհին անապաստան մնացած կամ ապրուստի միջոցների կարիք ունեցող անձանց անվտանգ տեղաշարժը:   Միաժամանակ, Եվրոպական դատարանը որոշել է առաջնահերթություն տալ Հայաստանի ներկայացրած թիվ 4 գանգատին՝ Դատարանի կանոնակարգի 41-րդ կանոնի համաձայն:   Հիշեցնենք, որ Հայաստանը ս.թ. դեկտեմբերի 15-ին, 16-ին, 20-ին և 21-ին միջանկյալ միջոց կիրառելու պահանջ և լրացուցիչ տեղեկատվություն էր ներկայացրել Եվրոպական դատարան՝ խնդրելով միջանկյալ միջոց կիրառել Ադրբեջանի նկատմամբ «Լաչինի միջանցքով» անցնող ճանապարհի արգելափակման հետևանքով քաղաքացիական բնակչության իրավունքների խախտումները վերացնելու համար»,- ասված է գրառման մեջ:
20:11 - 21 դեկտեմբերի, 2022
Միջանցքի ապաշրջափակման հարցով ՀՀ-ն դիմել է նաև ՄԱԿ-ի արդարադատության միջազգային դատարան․ Դրմեյան

Միջանցքի ապաշրջափակման հարցով ՀՀ-ն դիմել է նաև ՄԱԿ-ի արդարադատության միջազգային դատարան․ Դրմեյան

Դեկտեմբերի 14-ին Մարդու իրավունքների եվրոպական դատարան դիմելուց բացի ՀՀ-ն դիմել է նաեւ ՄԱԿ-ի արդարադատության միջազգային դատարան։ «Մեդիա կենտրոն»-ում ընթացող ասուլիսի ժամանակ ասաց Միջազգային իրավական հարցերով ՀՀ ներկայացուցչի գրասենյակի ղեկավար Լիպարիտ Դրմեյանը։ «Դիմել ենք նամակով՝ խնդրելով Ադրբեջանին փոխանցել մեր այն դիրքոոշումը, որ Բերձորի միջանցքը պետք է ապաշրջափակվի 48 ժամվա ընթացքում, որպեսզի հնարավորություն տրվի ապահովել մարդկանց ազատ տեղաշարժի իրավունքը, դա չիրականացնելու դեպքում կներկայացվի նախականխիչ միջոց ձեռնարկելու նոր դիմում»,- ասաց Դրմեյանը՝ հավելելով, որ րոպեների ընթացքում ծանուցում են ստացել դատարանից, որ նամակը փոխանցվել է Ադրբեջանին։ Անդրադառնալով ՄԻԵԴ ուղարկված՝ միջանկյալ միջոց կիրառելու մասին դիմումին՝ Դրմեյանն ասաց, որ այն ներառում է երկու բաղադրիչ․ առաջինը միջանցքի ապաշրջափակումն ու անձանց ազատ տեղաշարժի իրավունքի ապահովումն է, երկրորդը ներառում է այն անձանց տվյալները, որոնք ունեն անհապաղ ՀՀ տեղափոխվելու անհրաժեշտություն՝ իրենց առողջական վիճակով պայմանավորված։ Դրմեյանի խոսքով՝ երեկ երեկոյան ՄԻԵԴ է ուղարկվել դիմումի լրացում, քանի որ անհապաղ բուժօգնության կարիք ունեցող անձանց թիվը Արցախում ավելացել է։ ՄԻԵԴ-ը, ըստ Դրմեյանի, դիմումի վերաբերյալ որոշումը կայացրել է հենց այս լրացումն ուղարկելուց 1-2 ժամ հետո՝ պատասխանելու համար Ադրբեջանին ժամանակ տալով մինչ երկուշաբթի։ Միջազգային իրավական հարցերով ՀՀ ներկայացուցչի գրասենյակի ղեկավար Լիպարիտ Դրմեյանի գնահատմամբ՝ եթե 44-օրյա պատերազմի ակտիվ փուլում միջանկյալ միջոց կիրառելու դիմումներին Ադրբեջանը շատ պասիվ էր արձագանքում կամ երբեմն չէր արձագանքում, հետպպատերազմյան շրջանում, մասնավորապես, 2021 թվականի նոյեմբերի, ապա 2022 սեպտեմբերի ագրեսիայի հետ կապված ձեռնարկված իրավական գործընթացներին շատ արագ էր արձագանքում կամ որոշակի ինֆոմացիա էր տրամադրում որոշակի կոնկրետությամբ․ «Սա ենթադրում է, որ այս պրոցեսները որոշակի ազդեցություն ունենում են, եթե զուգորդված են իրավապաշտպան այլ կառույցների զեկույցների, միջազգային հանրության, պետությունների ղեկավարների կամ քաղաքական լիդերների արձագանքով»,- ասաց Դրմեյանը։
13:22 - 16 դեկտեմբերի, 2022
Հրապարակվել է Մնացականյանն ընդեմ Հայաստանի գործով վճիռը

Հրապարակվել է Մնացականյանն ընդեմ Հայաստանի գործով վճիռը

Սույն թվականի դեկտեմբերի 6-ին Մարդու իրավունքների եվրոպական դատարանը հրապարակել է Մնացականյանն ընդդեմ Հայաստանի գործով վճիռը՝ արձանագրելով Կոնվենցիայի 6-րդ հոդվածի խախտում։ Միևնույն ժամանակ Եվրոպական դատարանը անընդունելի է ճանաչել Կոնվենցիայի 10-րդ հոդվածի (զուգակցված 14-րդ հեդվածով) խախտման վերաբերյալ դիմումատուի պահանջը, ինչպես նաև մերժել է Կոնվենցիային կից 12-րդ արձանագրության խախտման մասին պահանջը՝ ակնհայտ անհիմն լինելու հիմքով։ Այս մասին հայտնում են Միջազգային իրավական հարցերով ՀՀ ներկայացուցչի գրասենյակից։    Սույն գործով Եվրոպական դատարանը գտել է, որ նախկինում գործող Արդարադատության խորհուրդի՝ դատավորի լիազորությունները դադարեցնելու մասին որոշման առհասարակ բողոքարկման ենթակա չլինելու հանգամանքը խախտել է Կոնվենցիայի 6-րդ հոդվածով պաշտպանվող դատարանի մատչելիության իրավունքը։   Դիմումատուն սույն գործով պնդել էր որ իր, որպես դատավորի, լիազորությունների դադարեցումն իր կողմից կայացված դատական ակտի պատճառաբանված չլինելու հիմքով՝ խախտել է իր խոսքի ազատության իրավունքը։ Այս մասով Եվրոպական դատարանը գտել է, որ դիմումատուի պահանջը Կոնվենցիայով պաշտպանվող իրավունք չի պարունակել։ Ըստ Եվրոպական դատարանի՝ դիմումատուն երբևէ հրապարակային կարծիք չի արտահայտել, այլ ընդամենը կայացրել է դատական ակտ, որի պատճառաբանվածության հարցը Եվրոպական դատարանի իրավասության տիրույթից դուրս է։ Ուստի, Եվրոպական դատարանը գտել է, որ տեղի չի ունեցել Կոնվենցիայի 10-րդ հոդվածի միջամտություն և գանգատն այս մասով ճանաչել է անընդունելի։   Ինչ վերաբերում է դիմումատուի՝ Կոնվենցիային կից 12-րդ արձանագրության խախտման մասին պահանջին՝ Եվրոպական դատարանը գտել է, որ դիմումատուի փաստարկները խտրական վերաբերմունքի ենթարկվելու մասով ակնհայտ անհիմն են։ Ուստի գանգատն այս մասով մերժվել է։
15:55 - 07 դեկտեմբերի, 2022
Ադրբեջանը հաստատել է, որ իր մոտ գտնվում է 17 հայ ռազմագերի. Քարազյան
 |pastinfo.am|

Ադրբեջանը հաստատել է, որ իր մոտ գտնվում է 17 հայ ռազմագերի. Քարազյան |pastinfo.am|

pastinfo.am: Ադրբեջանը հաստատել է, որ իր մոտ գտնվում է սեպտեմբերի 13-ի հարձակումից հետո 17 հայ ռազմագերի, որոնց մասին ներկայացվել են շատ ընդհանուր տեղեկություն, թեև ՄԻԵԴ-ը պահանջել էր, որ տեղեկությունն առավել մանրամասն ներկայացվի, բժշկական փաստաթղթեր, որոնք չեն ներկայացվել։ Այս մասին «Մեդիա Կենտրոն»-ում ասաց Միջազգային իրավական հարցերով ներկայացուցչի գրասենյակի ղեկավարի տեղակալ Դիանա Քարազյանը։ ԿՄԽԿ հայաստանյան գրասենյակի հաղորդակցման ծրագրերի ղեկավար Զառա Ամատունին նշեց, որ վիճակագրական տվյալներ չի կարող կիսել, սակայն արձանագրեց, որ կապի մեջ են համապատասխան անձանց ընտանիքների հետ, սեպտեմբերի 23-ին տեսակցել են գերեվարված անձանց, ինչպես այլ դեպքերում, այս դեպքերում ևս հնրավարություն է եղել շրջելու պահման վայրերով, կապ հաստատել ընտանիքի անդամների հետ։ Միջազգային իրավական հարցերով ներկայացուցչի գրասենյակի ղեկավարի տեղակալ Դիանա Քարազյանը, անդրադառնալով հայ զինծառայողների գնդակահարման մասին տեսանյութին, նշեց, որ գերիների գնդակահարության մասին տարածված տեսանյութի վերաբերյալ այս պահին աշխատանքներ են ընթանում «Այս պահի դրությամբ մեր գրասենյակն իր աշխատանքները կենտրնացրել է հրատապ միջոց կիրառելու մասին դատարանին պահանջներ ներկայացնելու ուղղությամբ, իսկ, ցավոք սրտի, տեսանյութում երևում է, որ այդ մարդիկ ուղղակի սպանվում են։ Իրավական գործիքները թույլ չեն տալիս որպես առանձին միջանկյալ միջոց ներկայացնելու համար, բայց դա կօգտագործվի, որ առհասարակ հայ ռազմագերիների իրավունքների պաշտպանության հարցը ՄԻԵԴ-ին ավելի քան համոզիչ ապացույցներ ներկայացվի, որպեսզի միջանկյալ միջոցները կիրառվեն, իսկ հետագայում, երբ միջպետական գանգատները կկոմունիկացվեն, այդ շրջանակներում այս փաստը ևս կարձանագրվի և համապատասխան պահանջներ կներկայացվեն՝ իրավունքների խախտման մասով»,- նշեց նա։
13:02 - 03 հոկտեմբերի, 2022
Ադրբեջանը ՄԻԵԴ-ից խնդրել է լրացուցիչ ժամանակ ռազմագերիների մասին ամբողջական տեղեկություն տրամադրելու համար

Ադրբեջանը ՄԻԵԴ-ից խնդրել է լրացուցիչ ժամանակ ռազմագերիների մասին ամբողջական տեղեկություն տրամադրելու համար

Ադրբեջանի կառավարությունը Եվրոպական դատարանից խնդրել է լրացուցիչ ժամանակ ռազմագերիների մասին ամբողջական տեղեկություն տրամադրելու համար։ Այս մասին հայտնում է Միջազգային իրավական հարցերով ՀՀ ներկայացուցչի գրասենյակը: «Ի պատասխան ՀՀ կառավարության կողմից Ադրբեջանի դեմ Եվրոպական դատարան ներկայացված միջանկյալ միջոց կիրառելու մասին մի շարք պահանջների, Ադրբեջանի կառավարությունը Եվրոպական դատարանից խնդրել է լրացուցիչ ժամանակ ռազմագերիների մասին ամբողջական տեղեկություն տրամադրելու համար։ Խնդրանքը բավարարվել է դատարանի կողմից։ Ադրբեջանի համար նշանակված նոր վերջնաժամկետը սեպտեմբերի 29-ն է»,- նշված է հաղորդագրության մեջ: Սեպտեմբերի 13-ին Հայաստանը դիմել է Եվրոպական դատարան՝ պահանջելով միջանկյալ միջոցներ կիրառել ընդդեմ Ադրբեջանի: Ներկայացված դիմումները վերաբերում են Հայաստանի քաղաքացիական բնակավայրերի թիրախավորմանը, քաղաքացիական բնակչության և ռազմագերիների հիմնարար իրավունքների պաշտպանությանը: Եվրոպական դատարանից պահանջել ենք նաև կիրառել իր կանոնադրության 39-րդ կանոնի 2-րդ կետը և անհապաղ ծանուցել որոշման մասին ԵԽ Նախարարների կոմիտեին: Գերիների տեսանյութերի մասով ՄԻԵԴ-ը հարցում է արել Ադրբեջանին, արդեն սեպտեմբերի 13-ի դրությամբ նույնականացված 1 գերու եւ տեսանյութերում երեւացող մնացած չնույնականացված գերիների մասով (գտնվելու վայրի, պահման պայմանների, առողջական վիճակի մասին)՝ ժամկետ տալով մինչեւ սեպտեմբերի 22-ը։
12:22 - 26 սեպտեմբերի, 2022