Մանե Թանդիլյան

Արցախի Հանրապետության աշխատանքի, սոցիալական և բնակարանային հարցերի նախարար, ՀՀ ԱԺ նախկին պատգամավոր՝ ընտրված «Լուսավոր Հայաստան» կուսակցության ցուցակով։

Ծնվել է 1978թ. ապրիլի 3-ին։ 1999 թվականին ավարտել է Հայկական պետական մանկավարժական համալսարանի պատմական ֆակուլտետը։ 2002 թվականին ավարտել է Հայաստանի ամերիկյան համալսարանի բիզնեսի կառավարման բաժինը՝ ստանալով բիզնեսի կառավարման մագիստրոսի աստիճան։ 2003 - 2004 թվականներին աշխատել է «Գառնի Ինվեստմենթ ընդ Դիվելոփմենթ» ՓԲԸ-ում, որպես ֆինանսական վերլուծաբան։ 2004 թվականին եղել է հաշվապահ «Արարատ Գոլդ Ռիքավորի Քոմփանի» ՍՊԸ-ում։

2004 - 2006 թվականներին աշխատել է «Հովնանյան Ինտերնեյշնլ» ՍՊԸ-ում որպես գլխավոր հաշվապահ, 2006 - 2008 թվականներին նույն պաշտոնը ստանձնել է տեղեկատվական տեխնոլոգիաների ոլորտի «Մենթոր Գրաֆիկս Դիվելոփմենթ Սերվիսիս» ՓԲԸ-ում։ 2009 - 2017թթ. աշխատել է «Սինոփսիս Արմենիա» ՓԲԸ-ում որպես ֆինանսական տնօրենի տեղակալ, գլխավոր հաշվապահ։ 2015 թվականի դեկտեմբերի 15-ից «Լուսավոր Հայաստան» կուսակցության անդամ է։ Նույն թվականի դեկտեմբերի 21-ին ընտրվել է կուսակցության խորհրդի քարտուղար։ 2017 թվականին «Ելք» դաշինքի ցուցակով ընտրվել է ՀՀ 6-րդ գումարման Ազգային ժողովի պատգամավոր։ Եղել է այդ ընտրություններում ռեյտինգային ընտրակարգով ընտրված միակ կին պատգամավորը։ Եղել է ԱԺ ֆինանսավարկային և բյուջետային հարցերի մշտական հանձնաժողովի փոխնախագահը: 2018 թվականի փետրվարի 19-ին ԼՀԿ կառավարման խորհրդի նիստում ընտրվել է ԼՀԿ փոխնախագահ։

2018 թվականի մայիսի 11-ին նշանակվել է Հայաստանի Հանրապետության աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար: 2018 թվականի հունիսի 12-ին, դեմ լինելով կառավարության կողմից կուտակային կենսաթոշակային համակարգի պարտադիր բաղադրիչի ներդրմանը, հրաժարական է ներկայացրել նախարարի պաշտոնից։ Հունիսի 21-ին կառավարության նիստում վարչապետ Նիկոլ Փաշինյանը հայտնել է, որ չի ընդունել Մանե Թանդիլյանի հրաժարականը և վերջինս շարունակել է պաշտոնավարել։ 2018 թվականի նոյեմբերի 14-ին հրաժարական է տվել ՀՀ Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարի պաշտոնից դեկտեմբերի 9-ին կայանալիք ԱԺ արտահերթ ընտրություններին մասնակցելու համար: ԼՀԿ համապետական ցուցակում զբաղեցրել է երկրորդ տեղը, ինչպես նաև ռեյտինգային ընտրակարգով առաջադրվել է Երևանի Կենտրոն, Նորք-Մարաշ, Էրեբունի և Նուբարաշեն վարչական շրջաններն ընդգրկող թիվ 4 ընտրատարածքում: 

2020թ. դեկտեմբերի 2-ին նշանակվել է Արցախի Հանրապետության աշխատանքի, սոցիալական և բնակարանային հարցերի նախարար:

Սկսվում է բնակավայրերը կորցրած արցախցիներին բնակելի տների տրամադրման գործընթացի առաջին փուլը. Թանդիլյանը մանրամասներ է հայտնել

Սկսվում է բնակավայրերը կորցրած արցախցիներին բնակելի տների տրամադրման գործընթացի առաջին փուլը. Թանդիլյանը մանրամասներ է հայտնել

ԱՀ աշխատանքի, սոցիալական և բնակարանային հարցերի նախարար Մանե Թանդիլյանը հայտնել է, որ Արցախի կառավարությունը սկսում է պատերազմի հետևանքով բնակավայրերը կորցրած քաղաքացներին բնակելի տների տրամադրման գործընթացի առաջին փուլը։ «Այս փուլում բնակելի տներ են տրամադրվում Ասկերանի, Մարտունու, Մարտակերտի և Շուշիի շրջաններում գտնվող գյուղական համայնքներում։ Տները լինելու են վերանորոգված և կահավորված։ Նախատեսվում է ապահովել նաև գյուղատնտեսությամբ զբաղվելու հնարավորություն և միջոցներ՝ ըստ ընտանիքի նախապատվության։   Բնակելի տների տրամադրումը կիրականացվի առաջիկա ամիսների ընթացքում։   Արվում է առավելագույնը հնարավորինս կարճաժամկետ հատվածում կացարանի խնդիր ունեցող քաղաքացիների համար Արցախում ապահովելու ապրելու համար արդյունավետ պայմաններ»,- Ֆեյսբուքի էջում տեղեկացրել է Թանդիլյանը:
11:47 - 12 հունվարի, 2021
Արցախում 2021-ից ավելանում են երեխայի ծննդյան և մինչև երկու տարեկան խնամքի նպաստները․ Մանե Թանդիլյան

Արցախում 2021-ից ավելանում են երեխայի ծննդյան և մինչև երկու տարեկան խնամքի նպաստները․ Մանե Թանդիլյան

Արցախի աշխատանքի, սոցիալական և միգրացիայի հարցերի նախարար Մանե Թանդիլյանը հայտնել է, որ 2021-ի հունվարի 1-ից ավելանում են երեխայի ծննդյան և մինչև երկու տարեկան խնամքի նպաստները։ «1-ին երեխայի ծննդյան միանվագ նպաստը սահմանվում է 300 հազար դրամ՝ նախկին 100 հազար դրամի փոխարեն 2-րդ երեխայի ծննդյան միանվագ նպաստը սահմանվում է 300 հազար դրամ՝ նախկին 200 հազար դրամի փոխարեն երեխայի ծննդյան պահին ծնողներից մեկի կամ միակ ծնողի հաշմանդամության խումբ ունենալու դեպքում Երեխայի ծննդյան միանվագ նպաստը սահմանվում է 500 հազար դրամ Մինչև երկու տարեկան երեխայի խնամքի ամենամսյա նպաստը սահմանվում է 27 հազար դրամ՝ նախկին 15 հազար դրամի փոխարեն Քայլ առ քայլ, մենք շարունակում ենք ստեղծել ապրելու և արարելու անհրաժեշտ պայմաններ։ 2021 թվականը պետք է դառնա Արցախի նոր տեսլականի կերտման սկիզբը, որտեղ իրենց մեծ ներդրումն են ունենալու Արցախի երեխաները»,- գրել է նա։
19:44 - 29 դեկտեմբերի, 2020
Արցախում ապրելու և աշխատելու կարիք կա. Մանե Թանդիլյան

Արցախում ապրելու և աշխատելու կարիք կա. Մանե Թանդիլյան

Արցախի Հանրապետության աշխատանքի, սոցիալական և բնակարանային հարցերի նախարար Մանե Թանդիլյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է. «Եվ կրկին՝ Արցախում աշխատելու հերթական հնարավորության մասին: Սիրելի ընկերներ, իմ տեղափոխվելուն պես ինձ հաճախ եք հարցնում՝ ի՞նչ կարող ենք անել Արցախի համար, ինչպե՞ս աջակցել, ինչի՞ կարիք կա։ Հիմա ասում եմ՝ Արցախում ապրելու և աշխատելու կարիք կա։ Միգուցե հենց ձեզ համար ամենահարմար աշխատանքը չէ, բայց կունենաք ընկերներ, բարեկամներ, այդ թվում՝ հիմա Արցախում ապրող, որոնք տեղեկատվություն ստանալու հասանելիություն չունեն, օգնեք մեզ գտնենք կադրեր, որովհետև միայն աշխատանքով կարելի է արժանապատիվ ապրուստ վաստակել, նույնիսկ եթե որոշ դեպքերում իր երազանքի աշխատանքը չէ, միևնույնն է՝ դա կարող է սկիզբ լինել, քանզի աշխատանքն է հաջողության հասնելու լավագույն ճանապարհը»:
12:22 - 26 դեկտեմբերի, 2020
Գործարկում ենք բողոք-դիմումների հավաքագրման համակարգ․ Մանե Թանդիլյան

Գործարկում ենք բողոք-դիմումների հավաքագրման համակարգ․ Մանե Թանդիլյան

Հետպատերազմյան աջակցության ծրագրերի շրջանակներում ձեզ հետ անհատական աշխատանքի մոտեցում ենք ցուցաբերել։ Այդ աշխատանքը թույլ է տվել մեզ մշակել համակարգ, որով առանձնացրել ենք հաճախ կրկնվող դեպքեր և մշակել դրանց լուծումները։ Խնդիրները թե տեխնիկական են, թե բովանդակային, հետևաբար մենք ինտենսիվ կերպով աշխատում ենք բոլոր ներգրավված գերատեսչությունների հետ։ Այս մասին գրել է Արցախի Հանրապետության աշխատանքի, սոցիալական և բնակարանային հարցերի նախարար Մանե Թանդիլյանը։ «Այսպիսով, որպեսզի կարողանանք ավելի օպերատիվ և համակարգված լուծում տալ ձեզ մոտ առաջացած բոլոր հարցերին, գործարկում ենք բողոք-դիմումների հավաքագրման համակարգ՝ յուրաքանչյուր ծրագրով։ Այս դիմումները առանձնացնելու ենք ըստ համապատասխան գերատեսչությունների, ճշգրտենք, և ձեզ տեղեկացնենք արդյունքի մասին՝ կարճ հաղորդագրության տեսքով։ Դիմում-բողոքները լրացնելու հետ կապված որևէ խնդիր ունենալու դեպքում, մեր նախարարության աշխատակիցները պատրաստ են աջակցել ձեզ նույն ընթացակարգով, ինչպես աջակցել ենք հիմնական դիմումները լրացնելիս։ Սիրելի արցախցիներ, խնդրում եմ համագործակցել մեզ հետ՝ զինվելով հանդուրժողականությամբ և համբերատարությամբ, որպեսզի մենք էլ մեր հերթին երբեմն անհնարին թվացող հարցերին լուծումներ գտնենք, իսկ դա պահանջում է հետևողական և ջանասեր աշխատանք, որն անձնվեր կերպով և ինտենսիվ ռեժիմով իրականացնում են մեր աշխատակիցները»,- գրել է նա։ Դիմում-բողոքներ ներկայացնելու համար անցեք հետևյալ հղումով։
16:49 - 25 դեկտեմբերի, 2020
Արցախ-Հայաստան կապը անխափան աշխատելու է, և մենք մշտական համագործակցության մեջ ենք լինելու իրենց գիտելիքն ու ներուժը հայրենիքի հզորացման գործում ներդնել ցանկացողների հետ․ Մանե Թանդիլյան

Արցախ-Հայաստան կապը անխափան աշխատելու է, և մենք մշտական համագործակցության մեջ ենք լինելու իրենց գիտելիքն ու ներուժը հայրենիքի հզորացման գործում ներդնել ցանկացողների հետ․ Մանե Թանդիլյան

Քննարկումներ ենք ունեցել Արցախում ստեղծված իրավիճակի լուծման բոլոր հնարավոր ուղիները մշակելու նպատակով, այդ թվում` կամավորների ներգրավման, բարեգործական ծրագրեր նախագծելու, վերականգնողական ծառայություններ մատուցելու և այլ կարևոր քայլեր իրականացնելու շուրջ։ ԱՀ աշխատանքի, սոցիալական և բնակարանային հարցերի նախարար Մանե Թանդիլյանը հայտարարություն է տարածել, որում ասվում է․ «ՀՀ կատարած եռօրյա աշխատանքային այցս գերհագեցած էր նաև  տարբեր ձևաչափերով հանդիպումներներով ամենատարբեր ոլորտներում աշխատող անձանց հետ։  Խորին շնորհակալությունս բոլոր նրանց, ովքեր պատրաստակամություն են հայտնել րոպե առաջ լծվել գործի և աջակցել Արցախ աշխարհի վերականգնմանը։ Ներողություն եմ խնդրում  նրանցից,  ովքեր ցանկություն էին հայտնել հանդիպել, սակայն ժամանակը թույլ չտվեց։Խոստանում եմ բացը լրացնել հաջորդ այցիս ընթացքում։  Արցախ-Հայաստան կապը անխափան աշխատելու է, և մենք մշտական համագործակցության մեջ ենք լինելու իրենց գիտելիքն ու ներուժը հայրենիքի հզորացման գործում ներդնել ցանկացողների հետ։  Արցախն ապրելու է հայերեն:»
19:14 - 16 դեկտեմբերի, 2020
Մեսրոպ Առաքելյանն ու Մանե Թանդիլյանը քննարկել են Արցախում առաջացած սոցիալական խնդիրների լուծմանն ուղղված ընթացիկ աշխատանքները

Մեսրոպ Առաքելյանն ու Մանե Թանդիլյանը քննարկել են Արցախում առաջացած սոցիալական խնդիրների լուծմանն ուղղված ընթացիկ աշխատանքները

ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Մեսրոպ Առաքելյանն Արցախ կատարած այցի շրջանակում դեկտեմբերի 12-ին հանդիպում է ունեցել ԱՀ աշխատանքի, սոցիալական և բնակարանային հարցերի նախարար Մանե Թանդիլյանի հետ: Այս մասին հայտնում է ՀՀ սոցապ նախարարությունը։ Հանդիպման ընթացքում քննարկվել են պատերազմի հետևանքով Արցախում առաջացած սոցիալական խնդիրների լուծմանն ուղղված ծրագրերն ու ընթացիկ աշխատանքները՝ ևս մեկ անգամ որպես առաջնահերթություն սահմանելով համագործակցության շնորհիվ դրանց իրականացման հասցեականությունն ու արդյունավետությունն ապահովելը: «Ակնհայտ է, որ հետպատերազմյան սոցիալական խնդիրներն ավելի ցցուն ու խորն են, բայց և այնպես, կողմերն այս հարցում միակարծիք են՝ ծանր կացության մեջ հայտնված մեր հայրենակիցներն զգալու են պետության սոցիալական հանձնառությունն ու հոգածությունը երկու նախարարությունների համատեղ ու միասնական ջանքերով»,- ասվում է նախարարության տարածած հաղորդագրությունում։ Ավելի վաղ հայտնել էինք, որ Մեսրոպ Առաքելյանն ու Մանե Թանդիլյանն այցելել են Աղավնո համայնք, հանդիպել բնակիչների և համայնքի ղեկավարի հետ
19:26 - 13 դեկտեմբերի, 2020
Մանե Թանդիլյանն ընդունել է Լիոնի նախկին քաղաքապետ, բժիշկ Գևորգ Կեպենեկյանին

Մանե Թանդիլյանն ընդունել է Լիոնի նախկին քաղաքապետ, բժիշկ Գևորգ Կեպենեկյանին

Այսօր ԱՀ աշխատանքի, սոցիալական և բնակարանային հարցերի նախարար Մանե Թանդիլյանն ընդունել է Ֆրանիսիայի Լիոն քաղաքի նախկին քաղաքապետ, մասնագիտությամբ բժիշկ Գևորգ Կեպենեկյանին, որին ուղեկցում էր նաև ֆրանսիացի բժիշկ Խելիլ Էտուն:  Ողջունելով նրանց՝ Մանե Թանդիլյանն իր խոսքում նշել է, որ պատերազմից հետո Արցախում ստեղծվել է մի իրավիճակ, երբ բոլոր ոլորտներում առկա է մասնագիտական փորձառության և ներուժի կարիք: Այդ առումով ողջունելի են նման օժանդակություններն ու աջակցությունները՝ հատկապես կարողությունների, հմտությունների և տրամադրվածության առումով:  Հյուրերը, շնորհակալություն հայտնելով նախարարին հանդիպման համար, նշել են, որ նպատակ ունեն հստակեցնելու արցախցիներին հուզող սոցիալական և առողջապահական խնդիրների ընդհանուր նկարագիրը՝ Ֆրանսիա վերադառնալուց հետո կազմակերպելով նման օգնությունների տրամադրումը՝ արցախցիների ֆիզիկական և հոգեբանական վիճակի բարելավման նպատակով:  Այնուհետև կողմերը քննարկել են հնարավոր համագործակցության ոլորտները՝ պայմանավորվածություն ձեռք բերելով առաջիկայում գործնականում կիրառել առարկայական ծրագրերի իրականացման եղանակները:
22:10 - 11 դեկտեմբերի, 2020
Արցախում տեղի են ունենում քաղաքական պրոցեսներ. Այնտեղ ավելի ճկուն են. Աբովյան
 |pastinfo.am|

Արցախում տեղի են ունենում քաղաքական պրոցեսներ. Այնտեղ ավելի ճկուն են. Աբովյան |pastinfo.am|

pastinfo.am: ԱՀ նախագահ Արայիկ Հարությունյանի դեկտեմբերի 2-ին ստորագրած հրամանագրի համաձայն՝ Վիտալի Բալասանյանը նշանակվել է ԱՀ անվտանգության խորհրդի քարտուղար, իսկ Մանե Թանդիլյանը՝ ԱՀ աշխատանքի, սոցիալական և բնակարանային հարցերի նախարար։ «Փաստինֆո»-ն ԱՀ-ում նոր նշանակումների վերաբերյալ զրուցել է ՀՀ ԱԺ «Բարգավաճ Հայաստան» խմբակցության քարտուղար Արման Աբովյանի հետ։ - Պարոն Աբովյան ինչպե՞ս եք գնահատում այդ երկու պաշտոններում նոր նշանակումները, մասնավորապես Վիտալի Բալասանյանի նշանակումը ԱԽ քարտուղարի պաշտոնում՝ հաշվի առնելով Վիտալի Բալասանյանի դիրքորոշումը ՀՀ իշխանությունների վերաբերյալ։ - Վիտալի Բալասանյանը շատ պարկեշտ, խիզախ հայ մարդ է։ Իրականում շատ ուրախ եմ, որ Արցախում տեղի են ունենում քաղաքական գործընթացներ, սակայն հաշվի առնելով բոլոր հանգամանքները, այս պարագայում թույլ տվեք առայժմ չմեկնաբանեմ։ - Նկատի ունեք, որ ԱՀ իշխանությունները կամ այնտեղի քաղաքականությունն առանձնանու՞մ է Հայաստանի իշխանությունների վարած քաղաքականությունից։ - Ես նման բան չասացի։ Պարզապես փաստն եմ արձանագրում, որ այնտեղ տեղի են ունենում քաղաքական պրոցեսներ. Այնտեղ ավելի ճկուն են փաստորեն։ Ինչ վերաբերում է Վիտալի Բալասանյանի անձին, ապա խորը հարգանք ունեմ դեպի մի մարդու, որն իր կյանքով ապացուցել է, որ ինքն իսկական հայ մարդ է։ Կարդալ ավելին՝ pastinfo.am-ում։
19:02 - 02 դեկտեմբերի, 2020
Թանդիլյանը վստահ է՝ նախարարի կարգավիճակը թույլ կտա լուծել արցախցիների սոցիալական խնդիրներն ու նպաստել նրանց՝ Արցախ վերադարձին

Թանդիլյանը վստահ է՝ նախարարի կարգավիճակը թույլ կտա լուծել արցախցիների սոցիալական խնդիրներն ու նպաստել նրանց՝ Արցախ վերադարձին

Արցախի աշխատանքի, սոցիալական և բնակարանային հարցերի նորանշանակ նախարար Մանե Թանդիլյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է․ «Արցախում գտնվելու ընթացքում ծանոթանալով ստեղծված իրավիճակին, ինչպես նաև ունենալով քննարկումներ Արցախի նախագահի և այլ պաշտոնյանների հետ, հասկացա մի պարզ ճշմարտություն, որ մեր ձախողումների գլխավոր պատճառներից մեկը կորսված ժամանակ է, ինչը տեղի է ունեցել տասնամյակներ, գուցե և ավելի։ Հետևաբար, այս պահին մենք պետք է ամեն օր աշխատենք, ստեղծենք, հզորացնենք մեր հայրենիքը, հակառակ պարագայում տարիներ անց էլի խոսելու ենք նախկինում բաց թողնված հերթական հնարավորությունների մասին։Տեղի ունեցած ողբերգությունը շատերի համար ստեղծել է նաև անձական, ընտանեկան ողբերգություն և մենք պարտավոր ենք օր առաջ առնվազն մեղմել այդ ընտանիքների ցավը՝ ցուցաբերելով նվիրական հոգածություն և անհրաժեշտ աջակցություն։Այս ամենի իրականացման համար իմ արդյունավետ ներգրավումը ուղղված Արցախը ապրեցնելուն առաջիկա ժամանակահատվածում համարում եմ Արցախի աշխատանքի, սոցիալական և բնակարանային հարցերի նախարարի կարգավիճակը, որը վստահ եմ թույլ կտա արագ լուծում տալ Արցախի քաղաքացիների սոցիալական խնդիրներին՝ նպատակ ունենալ կարճաժամկետ հատվածում ապահովել արցախցիների վերադարձը Արցախ՝ ստեղծելով կյանքի և աշխատանքի համար որակյալ պայմաններ»։
14:55 - 02 դեկտեմբերի, 2020
Մանե Թանդիլյանը նշանակվել է Արցախի աշխատանքի, սոցիալական և բնակարանային հարցերի նախարար

Մանե Թանդիլյանը նշանակվել է Արցախի աշխատանքի, սոցիալական և բնակարանային հարցերի նախարար

Արցախի Հանրապետության նախագահ Արայիկ Հարությունյանի՝ դեկտեմբերի 2-ին ստորագրած հրամանագրի համաձայն՝ Միքայել Սամվելի Վիրաբյանն ազատվել է Արցախի Հանրապետության աշխատանքի, սոցիալական և բնակարանային հարցերի նախարարի պաշտոնից՝  այլ աշխատանքի անցնելու կապակցությամբ։ Նույն օրը, նախագահի մեկ այլ հրամանագրով, Մանե Վանյայի Թանդիլյանը նշանակվել ԱՀ աշխատանքի, սոցիալական և բնակարանային հարցերի նախարար։ Այս մասին հայտնեցին Արցախի Հանրապետության նախագահի աշխատակազմի տեղեկատվության գլխավոր վարչությունից: Հանրապետության նախագահն այդ առթիվ ընդունել է Մանե Թանդիլյանին և նախանշել ստեղծված սոցիալ-տնտեսական բարդ իրավիճակում պետական սոցիալական քաղաքականության շրջանակում իրականացվելիք ծրագրերը: Արայիկ Հարությունյանը շնորհակալություն է հայտնել նաև նորանշանակ նախարարին ցուցաբերած պատրաստակամության և հետպատերազմական ծանր ժամակաշրջանում՝ աշխատանքի առաջարկն ընդունելու համար:
14:29 - 02 դեկտեմբերի, 2020