Մհեր Գրիգորյան

Մհեր Գրիգորյանը (փետրվարի 15, 1972, Աշտարակ) ՀՀ փոխվարչապետն է (2018 թ., մայիսի 12), ֆինանսաբանկային համակարգի մասնագետ, իրավաբան: 1989-1991 թթ. սովորել է Լոմոնոսովի անվան Մոսկվայի պետական համալսարանի իրավագիտության ֆակուլտետում: 1991-1994 թթ․ սովորել է ԵՊՀ իրավագիտության ֆակուլտետը։ 1997-1998 թթ. անցել է Մեծ Բրիտանիայի Լիդսի համալսարանի բիզնես դպրոցի 6-ամսյա որակավորման դասընթաց:

Մասնագիտական գործունեությունը սկսել է 1996 թ․ ՀՀ Կենտրոնական բանկում՝ որպես իրավաբան։ 1999-2005 թթ․ աշխատել է «Հայներարտբանկ» ՓԲԸ-ում (հետագայում՝ «Ամերիաբանկ» ՓԲԸ), 2002-2006 թթ. մատուցել է իրավաբանական-խորհրդատվական ծառայություններ Համաշխարհային բանկին: 2004-2005 թթ. համատեղության կարգով աշխատել է HSBC Բանկ Հայաստանի իրավաբանական ծառայության ղեկավարի պաշտոնում:

2005 թ․ նշանակվել է «Ինեկոբանկ» ՓԲԸ-ի գործադիր տնօրեն։ 2007-2011 թթ․ զբաղեցրել է «ՎՏԲ Բանկ-Հայաստան» ՓԲԸ-ի գլխավոր տնօրենի տեղակալի պաշտոնը: 2011 թ․ նշանակվել է «Արդշինբանկ» ՓԲԸ-ի վարչության նախագահ և աշխատել մինչև 2018 թ․ մայիսի 12-ը:

Կառավարությունում կայացել է Հայաստան-ՄԱԿ համատեղ ղեկավար կոմիտեի առաջին նիստը

Կառավարությունում կայացել է Հայաստան-ՄԱԿ համատեղ ղեկավար կոմիտեի առաջին նիստը

Հայաստանի Հանրապետության կառավարությունը և ՄԱԿ-ի հայաստանյան գրասենյակը պաշտոնապես մեկնարկել են Համատեղ ղեկավար կոմիտեի աշխատանքները, որը 2021-2025 թվականների Հայաստանի համար ՄԱԿ-ի Կայուն զարգացման համագործակցության շրջանակ փաստաթղթի իրագործման առանցքային հենակետն է: Նիստի շրջանակներում Համատեղ ղեկավար կոմիտեն քննարկել է ՄԱԿ-ի կայուն զարգացման նպատակների իրականացման գործընթացում Հայաստանի Հանրապետության առաջընթացը և առաջացած մարտահրավերները, այդ թվում՝ Լեռնային Ղարաբաղից բռնի տեղահանված փախստականների զանգվածային ներհոսքի հետևանքով: Կոմիտեն ընդգծել է փախստականների հումանիտար և զարգացման կարիքները համապարփակ լուծման և նրանց կայուն զարգացման ապահովման կարևորությունը: Կոմիտեն ընդգծել է նաև ՄԱԿ-ի ԿԶՀ-ի իրականացման ուղղությամբ հետագա միջոցառումների նախանշման անհրաժեշտությունը՝ հաշվի առնելով երկրում առկա սոցիալ-տնտեսական, հումանիտար և անվտանգային իրավիճակը: Բացման խոսքում ՀՀ փոխվարչապետ Մհեր Գրիգորյանն ընդգծել է. «Հայաստանը, հավատարիմ լինելով 2030 օրակարգի իրականացմանը, շարունակում է ջանքեր գործադրել Կայուն զարգացման նպատակների իրականացման ուղղությամբ: Այդ հանձնառության վառ ապացույցը Կառավարության կողմից իրականացվող բարեփոխումների՝ մարդակենտրոն, ներառական և մարդու իրավունքների պաշտպանության վրա հիմնված հավակնոտ օրակարգն է: Կայուն զարգացման և ժողովրդավարության ամրապնդման ճանապարհին Միավորված ազգերի կազմակերպությունը եղել և մնում է մեր կարևորագույն գործընկերներից մեկը, ով մշտապես աջակից է եղել Հայաստանում սոցիալ-տնտեսական առաջընթացի, լավ կառավարման համակարգի ներդրման և մի շարք այլ աշխատանքներում»: Անդրանիկ նիստի ընթացքում Հայաստանում ՄԱԿ-ի մշտական համակարգողի պաշտոնակատար Նաննա Սկաուն հայտարարել է.«Համատեղ ղեկավար կոմիտեի գործարկումը մեծ նշանակություն ունի Հայաստանի Հանրապետության և ՄԱԿ-ի միջև առկա գործընկերության համար: Բաց երկխոսության պայմաններում, ՀՀ կառավարությունն ու միավորված ազգերի կազմակերպությունն ունեն երկրների զարգացման ընդհանուր տեսլական: Հենց այս երկխոսության միջոցով մենք ջանքեր են գործադրում մարդկանց հզորացման, կարողությունների զարգացման և նպաստավոր միջավայրի ստեղծման ուղղությամբ»: Ընդգծվել է, որ համագործակցության, ներառականության և հաշվետվողականության հանձնառությամբ՝ Ղեկավար կոմիտեի նիստերը կգումարվեն առնվազն տարին մեկ անգամ՝ ամրապնդելով Հայաստանի կառավարության և Միավորված ազգերի կազմակերպության միջև կայուն և զարգացող գործընկերության հիմքը:
19:17 - 29 նոյեմբերի, 2023
Մհեր Գրիգորյանն ու ՀԲ տարածաշրջանային տնօրենը քննարկել են ԼՂ-ից բռնի տեղահանված փախստականների հիմնական կարիքները

Մհեր Գրիգորյանն ու ՀԲ տարածաշրջանային տնօրենը քննարկել են ԼՂ-ից բռնի տեղահանված փախստականների հիմնական կարիքները

Փոխվարչապետ Մհեր Գրիգորյանն ընդունել է Համաշխարհային բանկի (ՀԲ) Կովկասի տարածաշրջանի տնօրեն Ռոլանդ Փրայսին: Ինչպես տեղեկացրին ՀՀ փոխվարչապետ Մհեր Գրիգորյանի գրասենյակից, հանդիպման սկզբում զրուցակիցները քննարկել են Լեռնային Ղարաբաղից բռնի տեղահանված փախստականների հիմնական կարիքները և դրանց հասցեագրման ուղղությամբ Կառավարության կողմից մշակված ծրագրերը: «ՀԲ տարածաշրջանային տնօրենը վերահաստատել է Հայաստանին աջակցելու ՀԲ պատրաստակամությունը և ներկայացրել համագործակցության հնարավոր ուղղություններն ու գործիքները»,- ասվում է հաղորդագրության մեջ: Ըստ աղբյուրի՝ զրուցակիցները մտքեր են փոխանակել մասնավորապես Հայաստանում ենթակառուցվածքների զարգացման և հանրային կառավարման բարեփոխումների շուրջ: Նշվում է, որ Մհեր Գրիգորյանը հանդիպման շրջանակներում ՀԲ տարածաշրջանային տնօրենին ներկայացրել է «Խաղաղության խաչմերուկ» նախագիծը, դրա հիմնական նպատակներն ու դրա իրագործման պարագայում տարածաշրջանի զարգացման միտումները:
19:31 - 28 նոյեմբերի, 2023
Մհեր Գրիգորյանը ԵՄ փաստահավաք առաքելության անդամներին ներկայացրել է ԼՂ-ից բռնի տեղահանված անձանց կարիքները

Մհեր Գրիգորյանը ԵՄ փաստահավաք առաքելության անդամներին ներկայացրել է ԼՂ-ից բռնի տեղահանված անձանց կարիքները

Փոխվարչապետ Մհեր Գրիգորյանն ընդունել է Արտաքին գործողությունների եվրոպական ծառայության և Եվրոպական հանձնաժողովի հարևանության և ընդլայնման բանակցությունների հարցերով, միգրացիայի և ներքին գործերի, հետազոտությունների և նորարարության, միջազգային գործընկերության գլխավոր տնօրինությունների համատեղ պատվիրակության անդամներին: Այս մասին հայտնում են ՀՀ կառավարությունից: Փոխվարչապետը հանդիպման սկզբում ԵՄ գործընկերներին ներկայացրել է ԼՂ-ից բռնի տեղահանված անձանց կարիքները և Կառավարության կողմից նախաձեռնված միջոցառումները, ինչպես նաև անդրադարձել տարածաշրջանային հնարավոր զարգացումների տարբեր սցենարների համատեքստում Հայաստանին սպասվող հավանական մարտահրավերներին: Զրուցակիցները քննարկել են ՀՀ-ԵՄ հարաբերությունների օրակարգային հարցերը, այդ թվում՝ Տնտեսական և ներդրումային պլանի շրջանակներում իրականացվող ծրագրերի ընթացքը: Երկուստեք կարևորվել է ՀՀ-ԵՄ Համապարփակ և ընդլայնված գործընկերության համաձայնագրի ամբողջական կիրարկումը ճանապարհային քարտեզով սահմանված ժամկետում: 
21:09 - 27 նոյեմբերի, 2023
ՀՀ փոխվարչապետները համատեղ հանդիպում են ունեցել ԵՄ դեսպանների հետ

ՀՀ փոխվարչապետները համատեղ հանդիպում են ունեցել ԵՄ դեսպանների հետ

Կայացել է փոխվարչապետներ Մհեր Գրիգորյանի և Տիգրան Խաչատրյանի համատեղ հանդիպումը Հայաստանում հավատարմագրված ԵՄ ռեզիդենտ և ոչ ռեզիդենտ դեսպանների, ինչպես նաև ԵՄ պատվիրակության ղեկավար, դեսպան Վասիլիս Մարագոսի հետ:Հանդիպման սկզբում փոխվարչապետ Տիգրան Խաչատրյանը ներկայացրել է ԼՂ-ից բռնի տեղահանված անձանց առաջնային կարիքների հասցեագրման նպատակով Կառավարության կողմից իրականացվող միջոցառումները: Տիգրան Խաչատրյանը անդրադարձել է բռնի տեղահանվածների համար աշխատանքի միջոցով սեփական եկամուտների գեներացման նախապայմանների ստեղծման, ինչպես նաև բնակարանային ապահովման խնդրի արդյունավետ լուծման կարևորությանը` ընդգծելով այդ ուղղություններով ԵՄ պետությունների կողմից աջակցության անհրաժեշտությունը: Փոխվարչապետ Մհեր Գրիգորյանը գործընկերներին ներկայացրել է տարածաշրջանային հնարավոր զարգացումների տարբեր սցենարների համատեքստում Հայաստանին սպասող հավանական մարտահրավերները, դրանց հաղթահարման ուղիները, ինչպես նաև անդրադարձել է ՀՀ-ԵՄ հարաբերությունների օրակարգային հարցերին: Փոխվարչապետը մասնավորապես կարևորել է ՀՀ-ԵՄ Համապարփակ և ընդլայնված գործընկերության համաձայնագրի կիրարկումն ու ԵՄ տնտեսական և ներդրումային պլանի ներքո մշակված համատեղ ծրագրերի արդյունավետ իրականացման անհրաժեշտությունը: Մհեր Գրիգորյանը վերահաստատել է նաև տարածաշրջանում կայուն և տևական խաղաղություն հաստատելու Հայաստանի ցանկությունը և պատրաստակամությունը:Հանդիպումը շարունակվել է հարց ու պատասխանի ձևաչափով:
15:20 - 22 նոյեմբերի, 2023
2023-ի 9 ամիսներին առևտրաշրջանառությունը ԵԱՏՄ անդամ պետությունների հետ աճել է 47,5 տոկոսով. Մհեր Գրիգորյան
 |1lurer.am|

2023-ի 9 ամիսներին առևտրաշրջանառությունը ԵԱՏՄ անդամ պետությունների հետ աճել է 47,5 տոկոսով. Մհեր Գրիգորյան |1lurer.am|

1lurer.am: Մեր՝ միջազգային գործընկերների հետ համատեղ իրականացվող ծրագրերը, իհարկե, կարևոր են իրենց ֆինանսական բաղադրիչով, բայց շատ ավելի առանցքային նշանակություն ունեն բովանդակային իմաստով, մեր երկրի ինստիտուցիոնալ բարեփոխումների իրականացման և միջազգային լավագույն ստանդարտների ներդրման տեսանկյունից: Սրանք ծրագրեր և միջոցառումներ են, որոնք ուղղակիորեն ազդում են և պետք է դրական ազդեցություն ունենան մեր քաղաքացիների կյանքի որակի վրա: Այս մասին խորհրդարանում արտահերթ ելույթի ժամանակ ասաց ՀՀ փոխվարչապետ Մհեր Գրիգորյանը՝ անդրադառնալով Հայաստանի զարգացման գործընկերների հետ համագործակցության շրջանակներում ընթացիկ և իրականացվելիք ծրագրերին, որոնք առնչվում են բյուջետային գործընթացներին և թիրախներին: Արժույթի միջազգային հիմնադրամի հետ համագործակցության շրջանակում 2023-ին ստորագրվել է եռամյա պահուստային նոր ծրագիր՝ շուրջ 171,1 միլիոն ԱՄՆ դոլարի չափով: Ծրագրի շրջանակներում 2024-ին իրականացվելու են մի շարք միջոցառումներ՝ ուղղված հանրային ֆինանսների կառավարման բարեփոխումներին, հարկային վարչարարության բարելավմանը և զբաղվածության խթանմանը:  2023 թ. ընթացքում շարունակվել է համապարփակ համագործակցությունը Համաշխարհային բանկի հետ, մեկնարկել են 2024-2028 թթ. Գործընկերության շրջանակի մշակման աշխատանքները: 2023-ին ՀԲ-ի հետ ստորագրվել է Կանաչ, դիմակայուն և ներառական  զարգացման քաղաքականության վարկ բյուջետային աջակցության վարկային համաձայնագիրը՝ 92,3 միլիոն եվրո արժողությամբ՝ միտված, այդ թվում՝ հանրային ներդրումների կառավարման բարեփոխումներին, պետության և ՏԻՄ-երի կողմից մատուցվող ծառայությունների թվայնացմանը և էլեկտրոնային կառավարման համակարգերի ներդրմանը: ՀՀ-ի և ՕՊԵԿ-ի միջազգային զարգացման հիմնադրամի միջև 2023-ի հոկտեմբերին ստորագրվել է Կանաչ, դիմակայուն և ներառական  զարգացման ծրագրի վարկային համաձայնագիրը՝ 50 մլն եվրո արժողությամբ, որի նպատակն է նպաստել կլիմայի փոփոխության մեղմմանն ու հարմարվողականությանը, խթանել մարդկային կապիտալի զարգացումը: 2023 թ. մեկնարկել են նաև Ասիական զարգացման բանկի 2024-2028 թթ. գործընկերության ռազմավարության մշակման աշխատանքները:  Մհեր Գրիգորյանը տեղեկացրեց՝ Ասիական զարգացման բանկի հետ առաջիկայում նախատեսվում է ստորագրել սեյսմիկ անվտանգության բարելավման ծրագիր-վարկային համաձայնագիրը՝ 66,1 միլիոն եվրո արժողությամբ: ԱԶԲ-ի հետ նախատեսվում է ստորագրել նաև Երևանի քաղաքային զարգացման ներդրումային ծրագիր-վարկային համաձայնագիրը՝ շուրջ 60 մլն եվրո արժողությամբ: Ծրագրի նպատակն է զարգացնել քաղաքային ենթակառուցվածքները՝ կառուցելով Իսակովի-Արշակունյաց նոր ճանապարհահատվածը: «Ծրագրի իրականացման արդյունքում կստեղծվեն քաղաքային նոր ենթակառուցվածքներ, մասնավորապես Հրազդան գետի վրա կկառուցվի ևս մեկ կամուրջ»,- հայտնեց ՀՀ փոխվարչապետը: Կարևորելով ԵՄ-ի հետ Հայաստանի հարաբերությունները՝ Գրիգորյանը հայտնեց՝ 2023-ին Եվրամիության հետ ստորագրվել են մի շարք համաձայնագրեր: ««Դիմակայուն Սյունիք թիմ Եվրոպա» նախաձեռնության շրջանակներում Սյունիքի մարզի կայուն սոցիալ-տնտեսական և ինստիտուցիոնալ զարգացման նպատակով 2023-ին մեկնարկել է ԵՄ անդամ պետությունների, դրանց զարգացման գործակալությունների և այլ գործընկերների կազմակերպությունների կողմից իրականացվող 51 միլիոն եվրո արժողությամբ ծրագրային փաթեթ»,- տեղեկացրեց փոխվարչապետը: Համապարփակ և ընդլայնված գործընկերության համաձայնագրի միջգերատեսչական հանձնաժողովի համակարգմամբ ընթացել և շարունակվում են աշխատանքները ՀՀ-Եմ համապարփակ և ընդլայնված գործընկերության համաձայնագրի կիրառման ուղղությամբ:  Եվրասիական տնտեսական միության  շրջանակներում համագործակցության ներքո աշխատանքներ են կատարվել ԵԱՏՄ անդամ պետությունների, ինչպես նաև երրորդ երկրների հետ առևտրատնտեսական հարաբերությունների զարգացման և խթանման ուղղությամբ: «Կարևոր եմ համարում ընդգծել՝ 2023-ի 9 ամիսներին առևտրաշրջանառությունը ԵԱՏՄ անդամ պետությունների հետ աճել է 47,5 տոկոսով՝ կազմելով ավելի քան 5 միլիարդ ԱՄՆ դոլարին համարժեք»,- հայտնեց Մհեր Գրիգորյանը: Փոխվարչապետը հույս հայտնեց, որ 2023-ի բյուջեի կատարման արդյունքները և 2024-ի հաստատվելիք բյուջեն կնպաստեն մեր երկրի միջազգային վարկանիշի աճին, և կշարունակի ամրապնդվել մեր երկրի կայուն և հուսալի գործընկերոջ հեղինակությունը:
15:39 - 15 նոյեմբերի, 2023
Երևան են ժամանել ԱՊՀ մասնակից պետությունների մրցակցային մարմինների ղեկավարներ

Երևան են ժամանել ԱՊՀ մասնակից պետությունների մրցակցային մարմինների ղեկավարներ

Երևանում այսօր տեղի ունեցավ ԱՊՀ հակամենաշնորհային քաղաքականության միջպետական խորհրդի 55-րդ նիստը, որին մասնակցում էին Ռուսաստանի, Հայաստանի, Բելառուսի, Ղազախստանի, Ղրղզստանի, Տաջիկստանի, Ուզբեկստանի մրցակցային մարմինների ղեկավարներ, Եվրասիական տնտեսական հանձնաժողովի, ԱՊՀ գործադիր կոմիտեի, Եվրասիական Ալյանսի ներկայացուցիչներ: Այս մասին տեղեկացնում են ՄՊՀ-ից:   Նիստի բացման պաշտոնական արարողությանը ողջույնի խոսքով հանդես են եկել ՀՀ փոխվարչապետ Մհեր Գրիգորյանը, ՌԴ դաշնային հակամենաշնորհային ծառայության ղեկավար Ալեքսեյ Շասկոլսկին, Հայաստանի մրցակցային մարմնի ղեկավար Գեղամ Գևորգյանը:   ՀՀ փոխվարչապետ Մհեր Գրիգորյանն իր խոսքում նշել է, որ հավասար և արդար մրցակցային միջավայրի ստեղծումն ու դրա հետևողական խթանումը տնտեսական զարգացման անհրաժեշտ պայման է, հետևաբար ողջունվում է այս նպատակին ուղղված ցանկացած միջոցառում, այդ թվում՝ Հայաստանում ԱՊՀ հակամենաշնորհային քաղաքականության միջպետական խորհրդի նիստի անցկացումը։   Գեղամ Գևորգյանը կարևորել է այս տնտեսական հարթակի դերը ԱՊՀ-ում մրցակցության արդար պայմանների ապահովման գործում՝ նշելով, որ մրցակցային մարմինների ղեկավարների հետ ձևավորվել են արդյունավետ գործնական և ջերմ մարդկային հարաբերություններ: Այնուհետև ՄՊՀ նախագահն ամփոփ ներկայացրել է հանձնաժողովի գործունեության հիմնական ուղղությունները:   ՌԴ դաշնային հակամենաշնորհային ծառայության ղեկավար Ալեքսեյ Շասկոլսկին նշել է, որ Հայաստանի մրցակցային մարմնի փորձը մշտապես մեծ հետաքրքրություն է առաջացնում: Նրա խոսքով՝ հանձնաժողովի կողմից մեծածավալ աշխատանքներ են իրականացվում մրցակցության պաշտպանության զարգացման ուղղությամբ, մասնավորապես վերջին տարիներին չափազանց կարևոր օրենսդրական փոփոխություններ են իրականացվել:   Նիստում քննարկվել են մի շարք օրակարգային հարցեր: Միջոցառումն ամփոփվել է պարգևատրման արարողությամբ:
19:01 - 03 նոյեմբերի, 2023
Փոխվարչապետ Մհեր Գրիգորյանն ու ԵՄ դեսպանը մտքեր են փոխանակել տարածաշրջանային զարգացումների շուրջ

Փոխվարչապետ Մհեր Գրիգորյանն ու ԵՄ դեսպանը մտքեր են փոխանակել տարածաշրջանային զարգացումների շուրջ

Փոխվարչապետ Մհեր Գրիգորյանն ընդունել է Հայաստանում Եվրոպական միության պատվիրակության ղեկավար, դեսպան Վասիլիս Մարագոսին: Կառավարության մամուլի ծառայությունից տեղեկացնում են, որ Մհեր Գրիգորյանը ԵՄ դեսպանին ներկայացրել է Կառավարության կողմից իրականացվող աշխատանքները՝ ուղղված ԼՂ-ից բռնի տեղահանված 100.000-ից ավելի փախստականների կարճաժամկետ և միջնաժամկետ կարիքների բավարարմանը: Հանդիպման ընթացքում քննարկվել են ՀՀ-ԵՄ Համապարփակ և ընդլայնված գործընկերության համաձայնագրի կիրարկման, ինչպես նաև ԵՄ տնտեսական և ներդրումային պլանի ներքո իրականացվող ծրագրերի ընթացքը: Երկուստեք ընդգծվել է այդ գործընթացների լիարժեք իրականացման անհրաժեշտությունը: Փոխվարչապետը և ԵՄ դեսպանը անդրադարձել են ՀՀ-ԵՄ առևտրատնտեսական հարաբերությունների զարգացման հնարավորություններին: Հանդիպմանը մտքեր են փոխանակվել նաև տարածաշրջանային զարգացումների շուրջ:
19:12 - 30 հոկտեմբերի, 2023
ԱՊՀ երկրների հետ Հայաստանի ապրանքաշրջանառությունը 2023թ. 8 ամսում 55%–ով աճել է. Գրիգորյան
 |armeniasputnik.am|

ԱՊՀ երկրների հետ Հայաստանի ապրանքաշրջանառությունը 2023թ. 8 ամսում 55%–ով աճել է. Գրիգորյան |armeniasputnik.am|

armeniasputnik.am: ԱՊՀ երկրների հետ Հայաստանի ապրանքաշրջանառությունը 2023 թվականի 8 ամսում նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ աճել է 55%–ով։ Այս մասին Բիշկեքում ընթացող ԱՊՀ կառավարությունների ղեկավարների խորհրդի համատեղ նիստին ասաց ՀՀ փոխվարչապետ Մհեր Գրիգորյանը։ «Ընթացիկ տարվա հունվար-օգոստոս ամիսների ընթացքում Անկախ պետությունների համագործակցության երկրների հետ Հայաստանի ապրանքաշրջանառությունն աճել է գրեթե 55%–ով։ Միևնույն ժամանակ Հայաստանի արտահանումն է աճել` ավելի քան 2 անգամ»,- ասաց Գրիգորյանը։ Նրա խոսքով` ՀՀ կառավարությունը հետագայում էլ պատրաստվում է օգտագործել ողջ գործիքակազմը, որպեսզի ԵԱՏՄ և Համագործակցության անդամ պետությունների հետ փոխադարձ առևտրում այդ դրական դինամիկան պահպանվի։
16:45 - 26 հոկտեմբերի, 2023